© Սույն տեքստը և այն վերահրապարակելու թույլտվությունը տրամադրվել է «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ Դատարանի տվյալների բազա HUDOC-ում ընդգրկելու համար: [Թարգմանությունն արդեն իսկ հրապարակվել է www.echr.am կայքում]
© The present text and the authorisation to republish it were granted by the “Translation Center of the Ministry of Justice of the Republic of Armenia” SNCO for the purpose of its inclusion in the Court’s database HUDOC. [Translation already published in www.echr.am]
© La traduction et l’autorisation de republier ont été accordées par la “Centre de Traduction du Ministère de la Justice d’Armènie” SNCO à son inclusion dans la base de données HUDOC de la Cour. [La traduction déjà publiée sur www.echr.am]
ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 49020/08)
ՎՃԻՌ
5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետ • Հիմնավոր կասկած • Նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերից հետո ձերբակալումը եւ մինչդատական կալանքը • Դիմումատուի դեմ ներկայացված մեղադրանքներն անորոշ են եւ հիմնավորված չեն ապացույցներով • Անձի ձերբակալման եւ շարունակական կալանքի համար անհրաժեշտ կասկածի հիմնավորվածության նվազագույն չափանիշը չի պահպանվել
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
15 հոկտեմբերի 2020թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Մյասնիկ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետեւյալ կազմով՝
Քրշիշթոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek]՝ Նախագահ,
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos],
Ալեշ Պեյխալ [Aleš Pejchal],
Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova],
Թիմ Այքե [Tim Eicke],
Յովան Իլեւսկի [Jovan Ilievski]՝ դատավորներ,
Աննա Մարգարյան՝ ad hoc (ժամանակավոր) դատավոր,
եւ Ռենատա Դեգեներ [Renata Degener]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
hաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Մյասնիկ Մալխասյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2008 թվականի սեպտեմբերի 20-ին Դատարան ներկայացված գանգատը,
Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) դիմումատուի ձերբակալման եւ մինչդատական կալանքի տակ պահելու առնչությամբ բողոքների մասին ծանուցելու որոշումը, մասնավորապես այն, որ նրա ձերբակալումն ու կալանավորումը հիմնված չեն եղել հիմնավոր կասկածի վրա, դատարանները չեն ներկայացրել համապատասխան եւ բավարար պատճառներ նրան մինչդատական կալանքի տակ պահելու համար, նրան օրենքով արգելվել է գրավի դիմաց ազատ արձակվել, եւ Վերաքննիչ քրեական դատարանում դատավարությունը մրցակցային չի եղել,
կողմերի դիտարկումները,
Պալատի նախագահի` տկն Աննա Մարգարյանին ad hoc (ժամանակավոր) դատավոր նշանակելու մասին որոշումը (Դատարանի կանոնակարգի 29-րդ կանոն)` Հայաստանի կողմից ընտրված դատավոր պրն Արմեն Հարությունյանի` գործի քննությանը մասնակցել չկարողանալու պատճառով (կանոն 28),
2020 թվականի սեպտեմբերի 15-ին անցկացնելով դռնփակ խորհրդատվություն,
կայացրեց հետեւյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1.Գործը վերաբերում է դիմումատուի ձերբակալմանը եւ մինչդատական կալանքի տակ պահելուն, այդ թվում այն հարցին, թե արդյոք նրան ազատությունից զրկելը հիմնված է եղել նրա կողմից հանցանք կատարած լինելու մասին հիմնավոր կասկածի վրա, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով, եւ արդյոք նրա շարունակական կալանքը եւ նրա կալանավորումը թույլատրող վարույթը համապատասխանել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերին:
ՓԱՍՏԵՐԸ
2.Դիմումատուն ծնվել է 1961 թվականին եւ ապրում է Երեւանում։ Դիմումատուին ներկայացրել է Երեւանում գործող իրավաբան տկն Առուստամյանը:
3.Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետեւ՝ պրն Ե. Կիրակոսյանը։
4.Գործի փաստերը, ինչպես ներկայացրել են կողմերը, կարելի է ամփոփել հետեւյալ կերպ:
I.2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները եւ հետընտրական ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆերը
Ա.Նախագահական ընտրությունները եւ 2008 թվականի փետրվարի 20-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող ցույցերը
5.2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Հիմնական թեկնածուներն էին գործող վարչապետ պրն Սարգսյանը, որը ներկայացնում էր իշխող կուսակցությունը, եւ հիմնական ընդդիմադիր թեկնածու պրն Տեր-Պետրոսյանը:
6.Ընտրությունների նախնական արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո պրն Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Երեւանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում՝ ընտրական գործընթացում ենթադրաբար տեղի ունեցած խախտումների դեմ բողոքելու նպատակով՝ հայտարարելով, որ ընտրությունները չեն եղել ազատ եւ արդար։ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած՝ պրն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն ամեն օր անցկացնում էին համազգային բողոքի ցույցեր՝ իրենց հանդիպումների հիմնական վայրը դարձնելով Ազատության հրապարակը եւ շրջակա այգին։ Պարզվում է, որ Ազատության հրապարակում անցկացվող ցույցերին պարբերաբար ներգրավվել են տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ մի քանի հարյուր ցուցարարներ, տեղադրելով վրաններ, քսանչորս ժամ շարունակ մնացել են այդ վայրում։
7.Դիմումատուն, որը տվյալ ժամանակահատվածում Խորհրդարանի ընդդիմադիր անդամ էր եւ պրն Տեր-Պետրոսյանի աջակիցը, երեք անգամ մասնակցել է տեղի ունեցող ցույցերին եւ ելույթներ է ունեցել:
Բ.2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերը եւ քրեական գործերի հարուցումը
8.2008 թվականի մարտի 1-ին՝ մոտավորապես առավոտյան ժամը 6-7-ի հատվածում, Ազատության հրապարակում, որտեղ մի քանի հարյուր ցուցարարներ գտնվում էին վրաններում, իրականացվել են ոստիկանական գործողություններ:
9.Դիմումատուն, որն այդ ժամանակ ներկա չի եղել Ազատության հրապարակում, պնդել է, որ ոստիկանական գործողությունների նպատակն էր մաքրել հրապարակը ցուցարարներից եւ կանխել հետագա հավաքի անցկացումը: Մոտավորապես 3000 ոստիկաններ նախ շրջափակել, հետո հարձակվել են ցուցարարների վրա մահակներով եւ էլեկտրաշոկի սարքերով՝ առանց նախնական զգուշացման` գործադրելով անհամաչափ ուժ եւ հեռացնելով հրապարակում գտնվողներին: Մի քանի րոպե անց հրապարակում ոչ մի ցուցարար չի մնացել, որն այնուհետեւ շրջափակվել է ոստիկանների կողմից: Ոստիկանները փողոցներում հետապնդել են բողոքի ակցիայի մի շարք մասնակիցների, ծեծել եւ ձերբակալել են նրանցից ոմանց:
10.Կառավարությունը վիճարկել է դիմումատուի հայտարարությունները եւ պնդել, որ Ազատության հրապարակում անցկացվող հավաքը սկսվելու պահից ընդդիմության առաջնորդների, այդ թվում՝ դիմումատուի կողմից, կրքեր բորբոքելու եւ մարդկանց բազմությանն անհնազանդության եւ զանգվածային բռնության դրդելու կանխամտածված փորձ է եղել, ինչի համար նրանք նույնիսկ մարդիկ են հավաքագրել, ձեւավորել են հանցախմբեր եւ նրանց բաժանել են տարբեր տեսակի զենքեր եւ զենքի նման առարկաներ` զանգվածային անկարգություն հրահրելու նպատակով: 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան իրականացված ոստիկանական գործողությունների նպատակն էր ճշտել նախորդ օրը Հայաստանի ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված տեղեկությունը, ըստ որի Երեւանում 2008 թվականի մարտի 1-ին սադրիչ գործողություններ եւ զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով Ազատության հրապարակում գտնվող ցուցարարներին պետք է բաժանվեր մեծ քանակությամբ զենքեր, այդ թվում՝ մետաղյա ձողեր, փայտե մահակներ, հրազեններ, նռնակներ եւ պայթուցիկներ: Ցուցարարները, որոնց հրահրել եւ ուղղորդել են դիմումատուն եւ ընդդիմության այլ առաջնորդներ, ագրեսիվ կերպով են արձագանքել ստուգում անցկացնելու ոստիկանության փորձերին եւ հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից դեպքի վայրում իրականացված ստուգման ժամանակ տարբեր տեսակի զենքեր են հայտնաբերվել:
11.Նույն օրը Ազատության հրապարակի դեպքերի առթիվ Քրեական օրենսգրքի (ՔՕ) մի քանի հոդվածներով քրեական գործ է հարուցվել` անօրինական հավաք կազմակերպելու եւ անցկացնելու, անօրինական հավաքը դադարեցնելու ոստիկանության կարգադրությունների նկատմամբ անհնազանդություն հրահրելու, անօրինական զենք-զինամթերք պահելու եւ ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքին վտանգ սպառնացող հարձակումներ կատարելու մասով: Որոշման մեջ նշվել է.
«2008 թվականի փետրվարի 19-ին՝ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները հայտարարելուց հետո, նախագահի թեկնածու պրն Լեւոն Տեր-Պետրոսյանը, խորհրդարանի անդամները, [Կ.Ս.-ն եւ Ս.Մ.-ն], «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, [Ն.Փ.-ն] եւ այլոք Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպել եւ իրականացրել են զանգվածային հրապարակային միջոցառում՝ խախտելով օրենքով սահմանված կարգը, եւ կոչեր են արել՝ հրահրելով անհնազանդություն օրենքով սահմանված կարգի խախտմամբ միջոցառումներին վերջ դնելու հրահանգի մասին որոշմանը, մինչդեռ զանգվածային միջոցառումների մի շարք մասնակիցներ ապօրինաբար պահել եւ կրել են ապօրինի ճանապարհով ձեռք բերված զենք-զինամթերք:
2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ժամը մոտ 6:00-ին, երբ ոստիկանությունը ձեռնարկում էր օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառումները հարկադրաբար դադարեցնելու միջոցներ՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան, միջոցառումների կազմակերպիչները եւ մասնակիցները, չհնազանդվելով իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող [ոստիկանության ծառայողների] օրինական կարգադրություններին, գործադրել են կյանքին եւ առողջությանը վնաս հասցնող բռնություն նրանց նկատմամբ՝ իրենց մահակներով, մետաղյա ձողերով եւ այլ հարմարեցված առարկաներով, որոնք պահվում էին իրենց մոտ այդ նպատակով՝ ոստիկանության ծառայողներին պատճառելով տարբեր ծանրության վնասվածքներ»:
12.Դիմումատուն պնդել է, որ, քանի որ ոստիկաններն օղակել էին Ազատության հրապարակը, բողոքի ակցիայի մասնակիցները տեղափոխվել էին Ազատության հրապարակից գրեթե 1.7-2կմ հեռու` Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող Ֆրանսիայի դեսպանատան, Երեւանի քաղաքապետարանի եւ Մյասնիկյանի հուշարձանի տարածք, որտեղ կար մեծ բաց տարածություն, եւ որտեղ ավելի ուշ նրանց են միացել հազարավոր այլ մարդիկ, որոնք հեղեղել էին Երեւանի փողոցները` վաղ ատավոտյան տեղի ունեցած դեպքերի պատճառով: Դիմումատուն հայտարարել է, որ ինքը ժամանել է այդ տարածք կեսօրին` մոտավորապես ժամը 12-ին, երբ արդեն հավաքված էր մարդկանց մեծ բազմություն, այդ թվում՝ նաեւ ոստիկանական ուժեր: Նա, ինչպես Խորհրդարանի շատ այլ անդամներ, գնացել էր իր ընտրողների կողքին կագնելու համար եւ բարձրախոսով դիմել է մարդկանց` հանգստության եւ զսպվածության, ինչպես նաեւ զգոնության կոչ անելով` խուսափելու ոստիկանական զորքերին սադրելուց, որոնք արդեն շրջապատել էին ցուցարարներին: Լարվածությունը շարունակել է աճել, եւ մի շարք միջադեպեր բորբոքել են արդեն լարված իրադրությունը, ինչը նույն օրը` ավելի ուշ, հանգեցրել է Երեւանի մի քանի կենտրոնական փողոցներում, այդ թվում՝ Լեո եւ Պարոնյան փողոցներում եւ Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցների եւ իրավապահ մարմինների միջեւ բախումների, որոնց ժամանակ ոստիկանական ուժերը կանոնավոր կերպով հարձակվել են բողոքի ակցիայի մասնակիցների ուղղությամբ, որոնք արգելապատնեշներ էին պատրաստել եւ պաշտպանվելու համար օգտագործում էին քարեր, կրակային պայթուցիկներ եւ այլ ինքնաշեն առարկաներ: Սակայն Մյասնիկյանի հուշարձանի մոտ անցկացվող գլխավոր ցույցը մոտ մեկ կիլոմետր հեռու էր այդ տարածքից եւ այնտեղ, որտեղ ներկա էր մոտ հինգ հազար մարդ, գիշերվա ընթացքում խաղաղ էր եղել: Բախումները շարունակվել են մինչեւ 2008 թվականի մարտի 2-ը, որի արդյունքում մահացել է տասը մարդ, այդ թվում՝ ութ քաղաքացիական անձ, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են, եւ գործող նախագահ Քոչարյանը արտակարգ դրություն է հայտարարել:
13.Կառավարությունը վիճարկել է վերոնշյալ պնդումները եւ հայտարարել է, որ ցուցարարների` Մյասնիկյանի հուշարձանի տարածք տեղափոխվելն ինքնաբուխ չի եղել, այլ ուղղորդվել է ընդդիմության ղեկավարների, այդ թվում՝ դիմումատուի կողմից, որոնք իրենց դավադրությունն ավարտին հասցնելու նպատակով դրդել են մարդկանց մնալ տեղերում, զինվել եւ բռնություն գործադրել ոստիկանների վրա: Արդյունքում մարդիկ զինվել են ինքնաշեն զենքերով, ինչպես նաեւ պայթուցիկներով, հրազեններով եւ կրակային պայթուցիկներով, որոնք նախապես բերվել էին այդ տարածք: Հավաքագրվել էին բողոքի ակցիայի նոր մասնակիցներ, եւ ամենաագրեսիվ մասնակիցներին զենքեր էին բաժանվել: Այսպիսով, 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Մյասնիկյանի հուշարձանի եւ Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքում, ինչպես նաեւ Գրիգոր Լուսավորիչ, Մաշտոց, Լեո եւ Պարոնյան փողոցներում, որոնց ժամանակ կիրառվել են հրազեններ եւ պայթուցիկներ, ինչպես նաեւ զինված դիմադրություն է ցուցաբերվել ոստիկանության ծառայողների նկատմամբ. արդյունքում ոստիկանության գրեթե 200 ծառայող եւ 30 քաղաքացիական անձ վնասվածքներ են ստացել, վնասվել են մասնավոր բիզնեսներ, հանրային գույք եւ բազմաթիվ մեքենաներ, տասը մարդ սպանվել է: Զանգվածային անկարգությունները ճնշելու միակ հնարավոր միջոցն արտակարգ դրություն հայտարարելը եւ իրավապահ մարմինների կողմից կանխարգելիչ գործողություններ իրականացնելն էր:
14.2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի առթիվ, inter alia (ի թիվս այլնի), ՔՕ-ի 225-րդ հոդվածի 3-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որը զուգորդվել է սպանությամբ) 2008 թվականի մարտի 2-ին հարուցվել է մեկ այլ քրեական գործ: Որոշման մեջ նշվել է.
«[Պրն Տեր-Պետրոսյանը], 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին առաջադրված նախագահի թեկնածուն եւ նրա հետեւորդներն ու կողմնակիցները, խորհրդարանի անդամներ [Կ.Ս.-ն եւ Ս.Մ.-ն], «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, [Ն.Փ.-ն] եւ այլոք, չցանկանալով ընդունել իրենց պարտությունն ընտրություններին, ընտրությունների հետ կապված կասկածներ հարուցելու, բնակչության լայն շրջանակում վերջինիս արդյունքների նկատմամբ անվստահություն ներշնչելու, հանրության անհամաձայնության պատրանք ստեղծելու եւ ընտրությունների եւ իշխանությունների դեմ ապստամբելու եւ նրանց վարկաբեկելու նպատակով 2008 թվականի մարտի 1-ին Երեւանի քաղաքապետարանի տարածքում եւ կենտրոնական փողոցներում կազմակերպել են զանգվածային անկարգություններ, այդ թվում՝ սպանություններ, բռնություն, ջարդարարություններ, հրկիզումներ, գույքի ոչնչացում եւ պետական պաշտոնյաների դեմ զինված դիմադրության ցուցաբերում՝ հրազենի, պայթուցիկների եւ այլ հարմարեցված առարկաների օգտագործմամբ»:
15.Այնուհետեւ նույն օրը երկու քրեական գործերը միացվել եւ քննվել են 62202608 համարի տակ:
II.Դիմումատուի դեմ քրեական վարույթը
Ա.Դիմումատուի ձերբակալումը
16.2008 թվականի մարտի 2-ին` մոտավորապես առավոտյան ժամը 6-ին, Մյասնիկյանի հուշարձանից մոտ 400 մետր հեռավորության վրա գտնվող Շահումյան հրապարակում ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են տաքսին, որում գտնվում էին դիմումատուն եւ մի քանի այլ անձինք, եւ նրան վերցրել են արգելանքի:
17.«Անձին բերման ենթարկելու մասին արձանագրության» համաձայն` դիմումատուն 2008 թվականի մարտի 2-ին` մոտավորապես առավոտյան ժամը 6-ին, երեք ոստիկանների` Ա.Հ.-ի, Մ.Ա.-ի եւ Կ.Կ.-ի կողմից Խորենացի փողոցում գտնվող Շահումյան հրապարակից բերման է ենթարկվել Կենտրոնի ոստիկանության բաժին` «ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ զանգվածային անկարգություն կազմակերպելու» կասկածանքով: Արձանագրության մեջ նշվել է, որ դիմումատուի մոտ ««բերման ենթարկելու» ժամանակ մետաղյա ձող է եղել»:
18.Երեկոյան ժամը 5 անց 10 քննիչը կազմել է դիմումատուի ձերբակալման արձանագրությունը` նշելով, որ դիմումատուն կասկածվում է ՔՕ-ի 300-րդ հոդվածով սահմանված հանցանք կատարելու, մասնավորապես «օրենքով սահմանված կարգի խախտմամբ Երեւանի քաղաքապետարանի մոտ 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած հանրային միջոցառման ընթացքում պետական իշխանության յուրացմանն ու բռնի կերպով սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություններ կազմակերպելու եւ իրականացնելու» մեջ: Դիմումատուն հերքել է տվյալ հանցանքի կատարումը:
Բ.Դիմումատուին ներկայացված մեղադրանքը եւ նրա մինչդատական կալանքը
19.2008 թվականի մարտի 4-ին Գլխավոր դատախազը դիմել է Հայաստանի խորհրդարան` դիմումատուին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա դեմ մեղադրանք ներկայացնելու թույլտվության, ինչպես նաեւ նրան եւ Խորհրդարանի երեք այլ անդամների կալանավորելու պահանջով: Պահանջում նկարագրվում էր 2008 թվականի փետրվարի 20-ից մարտի 2-ի վաղ առավոտյան Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները սկզբից եւ նշվում էր, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս կարծելու, որ դիմումատուն եւ Խորհրդարանի երեք մյուս անդամներն ակտիվ մասնակցություն են ունեցել բռնություն հրահրող գործողություններին` իրենց կողմից արված հանրային կոչերով, ինչպես նաեւ անմիջական մասնակցությամբ զանգվածային անկարգություններ կազմակերպելուն, սադրանքներին եւ տարբեր տեսակի աջակցող գործողություններին, այդ թվում` հարձակվող անձանց հավաքագրելուն եւ զինելուն: Սա բավարար էր ՔՕ-ի 225-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 300-րդ հոդվածի 1-ին մասով նրանց դեմ մեղադրանք ներկայացնելու համար՝ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնի կերպով յուրացնելու նպատակով 2008 թվականի փետրվարի 20-ից մարտի 2-ը Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգություն կազմակերպելու առթիվ: Պահանջում այնուհետեւ նշվում էր, որ առկա էին նրանց կալանավորումը, ներառյալ՝ քննությունից թաքնվելու եւ արդարադատության իրականացումը խոչընդոտելու ռիսկը հիմնավորող բավարար ապացույցներ:
20.Նույն օրը Հայաստանի Խորհրդարանն ընդունել է որոշում` բավարարելով Գլխավոր դատախազի պահանջը:
21.2008 թվականի մարտի 5-ին դիմումատուին թիվ 62202608 քրեական գործի շրջանակներում պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 225-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 300-րդ հոդվածի 1-ին մասով, որը շարադրված է հետեւյալ կերպ.
«Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում պարտվելուց հետո [դիմումատուն] միացել է նրա աջակիցների խմբին եւ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով, նրանց հետ դավադրություն կազմակերպելով, ակտիվորեն մասնակցել է նրանց հետ միասին այդ հանցավոր ծրագրի իրագործմանն ուղղված գործողությունների իրականացմանը, այդ թվում` վարկաբեկելով նախընտրական գործընթացը եւ ընտրությունների անցկացումը՝ կասկածի տակ առնելով ընտրությունների օրինականությունը միջազգային հանրության աչքերում, բնակչության լայն շերտերի շրջանում անվստահություն սերմանելով արդյունքների նկատմամբ, ստեղծելով հանրային դժգոհության եւ խռովության պատրանքներ` դրանով օրենքով սահմանված ընթացակարգի խախտմամբ կազմակերպելով եւ անցկացնելով զանգվածային հանրային միջոցառումներ` ուղղված ներքին քաղաքական իրավիճակի ապակայունացմանը, որոնց ընթացքում [դիմումատուն] Խորհրդարանի երեք այլ անդամների եւ վերոնշյալ ծրագրում Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող մի շարք այլ անձանց հետ միասին հրահրել եւ կազմակերպել է զանգվածային անկարգություններ, որոնք տեղի են ունեցել Երեւանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ը` ներառելով զանգվածային բռնություն, ջարդեր, հրկիզում, հանրային եւ մասնավոր գույքի ոչնչացում եւ ավերածություններ, զինված դիմադրություն պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնք իրականացվել են հրազենի, պայթուցիկների եւ այլ հարմարեցված առարկաների կիրառմամբ, ինչպես նաեւ սպանություններով»:
22.Դիմումատուին հարցաքննել են, եւ նա պնդել է, որ ինքը որեւէ զանգվածային անկարգություն չի կազմակերպել կամ հրահրել: Նա ներկա է եղել ցույցերին որպես մասնակից եւ իր ելույթներում միշտ հանգստության եւ զսպվածության կոչ է արել: 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան նա Ազատության հրապարակում չի եղել, իսկ մարդկանց բազմությունն արդեն անկառավարելի էր, երբ նա ժամանել է Մյասնիկյանի հուշարձանի հարակից տարածք: Նա հեռացել է այդ տարածքին մոտավորապես երեկոյան ժամը 11-ին: Ըստ երեւույթին, դիմումատուն պահանջել է նաեւ զննության ենթարկել ենթադրաբար իր մոտ հայտնաբերված մահակի վրայի մատնահետքերը, ինչը մերժվել է քննիչի կողմից այն հիմքով, որ խնդրո առարկա մահակը ձեռքից ձեռք է անցել:
23.Նույն օրը քննիչը դիմել է դատարան` բառացիորեն շարադրելով դիմումատուին առաջադրված մեղադրանքը (տե՛ս վերեւում` 21-րդ պարբերությունը)` ձգտելով երկու ամսով կալանավորել նրան այն հիմքով, որ նա կարող էր թաքնվել քննությունից կամ խոչընդոտել դրա իրականացումը:
24.Դիմումատուն առարկել է դիմումը` պնդելով, որ ինքը հայտնի է որպես լավ համբավ ունեցող, ունի մշտական բնակության վայր, իր խնամքին են երկու անչափահաս երեխա եւ նախկինում ունեցել է մարտական ձեռքբերումներ: Նա հայտարարել է, որ չի կարող խոչընդոտել քննության իրականացումը եւ չի թաքնվի: Բացի այդ, նա Խորհրդարանի անդամ էր, եւ Խորհրդարանի մի շարք անդամներ պահանջել էին իրենց անձնական երաշխավորությամբ նրան ազատ արձակել:
25.Նույն օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (Վարչական շրջանի դատարան) բավարարել է քննիչի դիմումը` հաշվի առնելով ՀՀ խորհրդարանի կողմից Գլխավոր դատախազի պահանջը բավարարելու փաստը, Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 135-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի պահանջները եւ այն փաստը, որ դիմումատուին վերագրվող արարքները ՔՕ-ի 19-րդ հոդվածի իմաստով ներառված են առանձնապես ծանր հանցագործությունների կատեգորիայում:
26.Դեռեւս չպարզված օրը դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել` պնդելով, inter alia, որ իրեն առաջադրված մեղադրանքը հիմնված չէր հիմնավոր կասկածի վրա, այլ ենթադրությունների` խախտելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը: Վարչական շրջանի դատարանի որոշումն անհիմն էր, իսկ նրա թաքնվելու կամ քննության իրականացումը խոչընդոտելու ռիսկերը՝ չհիմնավորված: Նա երեք անգամ ընտրվել է որպես Խորհրդարանի անդամ, իր խնամքին ունի երկու անչափահաս երեխա, նախկինում դատված չի եղել եւ ունի մշտական բնակության վայր: Միայն մեղադրանքի ծանրությունը չէր հիմնավորում նրա կալանավորումը:
27.2008 թվականի մարտի 21-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը` նշելով, որ «վերաքննիչ վարույթի ժամանակ քննիչը վկայակոչել է [դիմումատուի] մեղքը հիմնավորող կոնկրետ ապացույցներ, որոնք հաստատում են նրա ներգրավվածությունը վերագրվող արարքին», եւ որ «ներկայացված նյութերը պարունակում են հիմնավոր կասկած, որ [դիմումատուն] կատարել է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 300-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցանքները»:
28.2008 թվականի ապրիլի 19-ին Հայաստանի խորհրդարանի ութ անդամներ Գլխավոր դատախազությանը ներկայացրել են դիմումատուի կալանքը նրանց անձնական երաշխավորությամբ փոխարինելու պահանջ: Ի սկզբանե նրանք պնդել են, որ նախագահական ընտրություններից հետո մի քանի հարյուր անձանց, այդ թվում՝ դիմումատուի կալանքն անհամաչափ միջոց է եւ հիմնված չէ հիմնավոր կասկածների վրա: Հետո նրանք նշել են, որ իրենք անձամբ ճանաչում են դիմումատուին եւ երաշխավորում են, որ եթե նա գտնվի ազատության մեջ, նա չի թաքնվի քննությունից, չի խոչընդոտի դատավարության իրականացումը, չի կատարի մեկ այլ հանցանք կամ չի խուսափի քրեական պատասխանատվությունից: Պարզվում է, որ այս պահանջը մերժվել է։
29.2008 թվականի ապրիլի 28-ին, հունիսի 27-ին եւ օգոստոսի 28-ին Վարչական շրջանի դատարանը յուրաքանչյուր անգամ երկու ամսով երկարաձգել է դիմումատուի կալանքը` հաշվի առնելով վերագրվող հանցանքների բնույթն ու վտանգավորության աստիճանը եւ այն փաստը, որ նա մեղադրվում էր ազատազրկմամբ պատժվող առանձնապես ծանր հանցանքներ կատարելու մեջ, որը մեծացնում էր նրա թաքնվելու հավանականությունը: Վարչական շրջանի դատարանը նշել է նաեւ, որ անընդունելի էր գրավի դիմաց ազատ արձակել դիմումատուին, որովհետեւ նա մեղադրվում էր առանձնապես ծանր հանցանքներ կատարելու մեջ:
30.Տարբեր ամսաթվերի դիմումատուն վերաքննիչ բողոքներ է ներկայացրել՝ բերելով իր նախորդ բողոքի մեջ բերված փաստարկներին համանման փաստարկներ: Նա վերահաստատել է, որ առկա չէր հիմնավոր կասկած, որ ինքը որեւէ հանցանք է կատարել, քանի որ իրեն առաջադրված մեղադրանքում չէր նշվում, թե ՔՕ-ի 225-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 300-րդ հոդվածի 1-ին մասով արգելված կոնկրետ ինչ արարքներ է ինքը կատարել: Բացի այդ, Վարչական շրջանի դատարանը խախտել է Կոնվենցիան` մերժելով գրավի դիմաց ազատ արձակել:
31.Վերաքննիչ քրեական դատարանը 2008 թվականի մայիսի 12-ին, հուլիսի 14-ին եւ սեպտեմբերի 11-ին, համապատասխանաբար, անփոփոխ է թողել այս որոշումները` յուրաքանչյուր անգամ նշելով, որ «ներկայացված նյութերը [հաստատում են դիմումատուի] ներգրավվածությունը դեպքին, եւ [դիմումատուի] կողմից հանցանքը կատարելու վերաբերյալ կասկածը հիմնավորված է»:
32.2008 թվականի օգոստոսի 29-ին ՔՕ-ի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն) սահմանված հանցանքի կատարմանը հանցակցելու մասով դիմումատուի դեմ լրացուցիչ մեղադրանք է ներկայացվել: Նշվել է, որ դիմումատուն եւ ընդդիմության մի քանի այլ առաջնորդներ, հասկանալով, որ իրենք օրինական ճանապարհով չեն կարող գալ իշխանության, համաձայնության են եկել յուրացնելու պետական իշխանությունը եւ, համաձայն իրենց միջեւ բաշխված դերերի, նրանցից յուրաքանչյուրը կազմակերպել եւ ձեռնարկել է երկրում ներքին քաղաքական իրավիճակի ապակայունացմանը եւ բռնի ուժով սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կանխամտածված գործողություններ: Դիմումատուն եւ մյուսները ճնշում գործադրելու, խոստումների եւ որոշ դեպքերում՝ վճարման դիմաց հավաքագրել են մարդկանց բազմություն եւ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած՝ Երեւանում կազմակերպել են անօրինական ցույցեր, որոնց ընթացքում հանդես են եկել սադրիչ ելույթներով եւ բորբոքելով կրքերը՝ մղել են մարդկանց բազմությանը բռնի ուժով պետական իշխանությունը բռնազավթելուն: Երեւանում զանգվածային անկարգություն իրականացնելու նպատակով նրանք կազմել են մարդկանց խմբեր` պատրաստ զանգվածային բռնություն իրականացնելու, եւ նրանց բաժանել են հրազեն, զինամթերք, պայթուցիկ նյութեր եւ սարքեր եւ այլ վտանգավոր առարկաներ: Դիմումատուն, համաձայն իրեն հանձնարարված դերի, հավաքագրել եւ անձամբ առաջնորդել է մարդկանց խմբերի Ապարան քաղաքից եւ հարակից գյուղերից` կազմակերպելով նրանց փոխադրումը Երեւան եւ նրանց մասնակցությունը անօրինական ցույցերին: Լինելով Լեռնային Ղարաբաղի պատերազմի վետերան եւ օգտագործելով իր դիրքն այլ վետերանների շրջանում՝ դրդել է նրանց բռնի ուժով բռնազավթել իշխանությունը եւ պայքարել իշխանությունների դեմ, այդ թվում անհրաժեշտության դեպքում՝ նրանց դեմ կռվելու միջոցով: Զանգվածային անկարգություն հրահրելու նպատակով 2008 թվականի փետրվարի 26-ին կամ 27-ին դիմումատուն իր վարորդ Ա.Ս.-ի հետ միասին իր մեքենայով Ազատության հրապարակ է տեղափոխել մետաղյա ձողեր եւ փայտե մահակներ. վարորդը դիմումատուի հրահանգով թաքցրել է դրանք «Ապարան» կոչվող վրանում: 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան, երբ ոստիկանությունը փորձել է Ազատության հրապարակում զենքերի ստուգում իրականացնել, դիմումատուն եւ զանգվածային անկարգության մյուս կազմակերպիչները հրահանգել են հրապարակում գտնվող մարդկանց մի մեծ խմբի դիմադրել ոստիկանության ծառայողներին եւ բռնություն գործադրել նրանց նկատմամբ: Ավելին, դիմումատուն անձամբ է ուղղորդել բազմության գործողությունները` հրահրելով նրանց չնահանջել եւ կանխել ոստիկանների մուտքը հրապարակ: Դրանից հետո դիմումատուն եւ իր մեղսակիցներն ուղղորդել են ցուցարարներին դեպի Մյասնիկյանի հուշարձանի հարակից տարածք, որտեղ նրանք հրահրել, կազմակերպել եւ առաջնորդել են զանգվածային անկարգություններ` կոչ անելով ցուցարարներին զինվել եւ չենթարկվել ոստիկանությանն ու բռնություն գործադրել նրանց նկատմամբ, հավաքագրել են նոր մարդկանց, մարդկանց հատկապես ագրեսիվ խմբին բաժանել զենքեր, մետաղյա ձողեր, փայտե մահակներ, սրածայր, ոզնիանման առարկաներ եւ կրակային պայթուցիկներ: Դիմումատուն պարբերաբար դիմել է մարդկանց բազմությանը` հրահրելով նրանց տապալել կառավարությունը, զինվել եւ պայքարել հնարավոր ցանկացած միջոցով` այդ թվում նաեւ հանրային շինություններ հրկիզելով: Արդյունքում Մյասնիկյանի հուշարձանի, Երեւանի քաղաքապետարանի տարածքում եւ մի շարք հարակից փողոցներում տեղի է ունեցել զանգվածային անկարգություն, որի ընթացքում ոստիկանության բազմաթիվ ծառայողներ մարմնական վնասվածքներ են ստացել, տասը մարդ սպանվել է, եւ ոստիկանությանը, Երեւան քաղաքին եւ մասնավոր բիզնեսներին տարբեր մասշտաբի նյութական վնաս է հասցվել, եւ որը դադարեցվել է միայն արտակարգ դրություն հայտարարելուց եւ ոստիկանական գործողություններով դրանք կանխելուց հետո:
33.2008 թվականի հոկտեմբերի 29-ին Վարչական շրջանի դատարանը եւս երկու ամսով երկարաձգել է դիմումատուի կալանքը նույն հիմնավորմամբ, ինչ նախորդ անգամ, որը 2008 թվականի նոյեմբերի 14-ին անփոփոխ է թողնվել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից:
Գ.Դիմումատուի գործով դատավարությունը եւ նրա դատապարտումն առաջին ատյանում
34.2008 թվականի դեկտեմբերի 1-ին դատախազը հաստատել է դիմումատուի եւ ընդդիմության վեց այլ առաջնորդների (լայնորեն հայտնի որպես «Յոթի գործ») դեմ ներկայացված մեղադրական եզրակացությունը, եւ քրեական գործը փոխանցվել է դատարան: Մեղադրական եզրակացության մեջ բառացիորեն վերաշարադրված էր 2008 թվականի օգոստոսի 29-ին ներկայացված մեղադրանքում պարունակվող փաստական պնդումները (տե՛ս վերեւում` 32-րդ պարբերությունը):
35.2008 թվականի դեկտեմբերի 9-ին դիմումատուի եւ երկու այլ մեղադրյալների փաստաբանը դիմել է Երեւանի քրեական դատարան` քրեական հետապնդումը դադարեցնելու եւ դիմումատուին ու մյուսներին կալանքից ազատելու պահանջով: Նա պնդել է, որ մեղադրանքները հիմնված են եղել ենթադրությունների վրա, եւ փաստեր կամ ապացույցներ չկային, որոնք կվկայեին, որ դիմումատուն եւ մյուսները համաձայնության են եկել բռնի ուժով յուրացնելու պետական իշխանությունը` այդ թվում կազմակերպելով այն բախումները, որոնք տեղի են ունեցել Երեւանում 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին եւ իրար մեջ բաժանելով դերեր՝ այդ նպատակին հասնելու համար: Առկա չէր որեւէ ապացույց, որ նրանք հրահանգել են ցուցարարներին անհնազանդություն ցուցաբերել կամ բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ կամ զենք են բաժանել ցուցարարներին, եւ գործով առկա նյութերից ակնհայտ էր, որ ցուցարարները տեղափոխվել եւ հավաքվել են Մյասնիկյանի հուշարձանի հարեւանությամբ ինքնաբուխ կերպով` Ազատության հրապարակից արտաքսվելու հետեւանքով: Նրանցից ոչ մեկը չի դրդել մարդկանց բազմությանն ապօրինի գործողություններ կատարել, ընդհակառակը, նրանք հանգստության կոչ են արել:
36.2008 թվականի դեկտեմբերի 10-ին Երեւանի քրեական դատարանը որոշում է կայացրել գործը դատաքննության նշանակելու եւ դիմումատուին կալանքի տակ պահելու մասին` հաշվի առնելով այն փաստը, որ նա մեղադրվում էր ծանր եւ առանձնապես ծանր հանցանքների մեջ, որոնք պատժվում էին ազատազրկման զգալի ժամկետով, ինչը հիմք էր տալիս կարծելու, որ ազատ արձակվելու դեպքում նա կթաքնվեր քննությունից եւ կխոչընդոտեր դրա իրականացումը` դատական ծանուցագրերով կանչվելու պարագայում չներկայանալով դատարան:
37.2009 թվականի մարտի 31-ին դատախազը հանել է 300-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը` կապված այն փաստի հետ, որ 2009 թվականի մարտի 24-ին այդ դրույթը փոփոխվել էր, եւ արդյունքում այն չէր կարող կիրառվել հետադարձ ուժով: Այնուհետեւ դատախազը 225-րդ հոդվածի՝ 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոխարինել է նոր մեղադրանքով` 225-րդ հոդվածի 1-ին մասով, քանի որ նույն օրը 225-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած է ճանաչվել, եւ զանգվածային անկարգություն կազմակերպելու հետ կապված հանցանքը 225-րդ հոդվածի համաձայն այլեւս սպանության ծանրացնող հանգամանք չէր ներառում:
38.2009 թվականի ապրիլի 1-ին Վարչական շրջանի դատարանը, որին գործը փոխանցվել էր քննության համար, որոշում է կայացրել կարճել 300-րդ հոդվածի 1-ին մասով վարույթը` corpus delicti (հանցակազմի) բացակայության հիմքով, շարունակել ՔO-ի 225-րդ հոդվածի 1-ին մասով եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքների քննությունը եւ դիմումատուին կալանքի տակ պահել նույն հիմքերով, ինչ նախկինում: Վարչական շրջանի դատարանը որոշում է կայացրել նաեւ դիմումատուի անձնական գործն առանձին վարույթում առանձնացնելու մասին:
39.2009 թվականի հունիսի 5-ին դատախազը հանել է ՔՕ-ի 316-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը՝ ապացույցների բացակայության պատճառով:
40.2009 թվականի հունիսի 22-ին Վարչական շրջանի դատարանը մեղավոր է ճանաչել դիմումատուին ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին մասով` դատապարտելով նրան հինգ տարի ժամկետով ազատազրկման, միեւնույն ժամանակ համաներում է կիրառել եւ դիմումատուին կալանքից ազատել: Վարչական շրջանի դատարանը հաստատված է համարել հետեւյալը.
«[Դիմումատուն] իր մի խումբ համախոհների հետ միասին Երեւան քաղաքի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի եւ Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքում, Գրիգոր Լուսավորչի, Լեոյի եւ Պարոնյանի փողոցներում, Մաշտոցի պողոտայում կազմակերպել են զանգվածային անկարգություններ, որի ընթացքում մի շարք անձինք 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել են հրկիզումներով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, պայթուցիկ սարքեր գործադրելով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված գործողություններ, որոնցով վտանգվել է հասարակության անվտանգությունը:
Այսպես՝ 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններում [Սերժ Սարգսյանի] հաղթելուց հետո` հաջորդ օրվանից սկսած, [դիմումատուն] մի խումբ անձանց հետ հասարակության մեջ ընտրությունների ընթացքի եւ արդյունքների նկատմամբ դժգոհություն առաջացնելու եւ Երեւանի Ազատության հրապարակում անցկացվող զանգվածային միջոցառումների ժամանակ հավաքված բազմությանը բռնություններ գործադրելու եւ անհնազանդության նախապատրաստելու նպատակով իրականացրել են կազմակերպչական գործողություններ` սուտ տեղեկություններ են տարածել Ազատության հրապարակում իրականացվող հրապարակային միջոցառումները թույլատրված լինելու, դրանց մոտ 500.000 մարդու մասնակցության եւ իրենց կողմից սատարված ՀՀ նախագահի թեկնածու [Լեւոն Տեր-Պետրոսյանի] կողմից ընտրողների ձայների շուրջ 60 տոկոս քվե ստանալու մասին: Միջոցառումները բազմամարդ անցկացնելու, մարդկանց ներկայությունն ապահովելու նպատակով տրամադրել են միջոցներ /գումար եւ այլ պարագաներ/: [Դիմումատուի] եւ իր վարորդի կողմից միջոցառման անցկացման վայր բերվել ու վրանում են պահվել մետաղյա ձողեր եւ փայտե մահակներ: 2008թ. փետրվարի 29-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում եւ ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք նախապատրաստվում են սադրիչ գործողությունների իրականացմամբ մարտի 1-ին Երեւանում հրահրել զանգվածային անկարգություններ եւ անձանց միջոցով կազմավորել են զանգվածային բռնարարքների կատարմանը պատրաստ անձանց խմբեր եւ կազմակերպել նրանց շրջանում ապօրինի կերպով ձեռք բերված հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, ինչպես նաեւ մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների բաշխում: Իրավապահների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Ազատության հրապարակում եւ դրա հարակից տարածքներում հայտնաբերվել են մետաղյա ձողեր, փայտյա մահակներ, հրազեն, ռազմամթերք եւ այլ իրեր ու առարկաներ, իսկ հրապարակն ազատվել է զանգվածային միջոցառման մասնակիցներից:
Այնուհետեւ միջոցառման մասնակիցների մի մասը տեղափոխվել եւ այլ անձանց հետ միասին զանգվածային միջոցառումները շարունակել են ՀՀ-ում Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ռուսաստանի Դաշնության դեսպանատներին, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին եւ Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքներում ու կարեւոր տրանսպորտային հանգույց հանդիսացող փողոցներում, որտեղ [դիմումատուի] եւ իր մի խումբ համախոհների կազմակերպմամբ ժամը 11-ի սահմաններում սկսվել են զանգվածային անկարգությունները, որի ընթացքում շրջվել, կոտրվել, վնասվել եւ այրվել են փողոցներում կայանված բազմաթիվ ավտոմեքենաներ, ջարդվել եւ թալանվել են խանութներ, զենքի եւ որպես զենք օգտագործվող տարբեր առարկաների օգտագործմամբ ոստիկանության աշխատակիցների եւ ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողների նկատմամբ բռնություն է գործադրվել, ու զինված դիմադրություն ցույց տրվել: Պարբերաբար քարեր, երկաթե ձողեր, փայտյա մահակներ, դյուրավառ հեղուկով լի այրվող շշեր, պայթուցիկ սարքեր են նետվել ոստիկանության աշխատակիցների եւ ոստիկանության զորքերի ծառայողների վրա, ինչպես նաեւ վերջիններիս ուղղությամբ հրազենից է կրակ արձակվել: Զանգվածային անկարգության մասնակիցները հատկապես ուղղորդվել եւ ղեկավարվել են Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարթակից հնչեցված հրահանգներով: Զանգվածային անկարգությունների ժամանակ կազմակերպչական հետագա գործողությունները ծրագրելու եւ դրանց ընթացքը որոշելու նպատակով հենց հարթակում հրավիրվել է խորհրդակցություն նաեւ [դիմումատուի] մասնակցությամբ: Մյասնիկյանի արձանի հարթակից բարձրախոսի միջոցով հնչեցրած իր ելույթներում [դիմումատուն] հավաքվածներին կոչ է արել փայտերով, ձողերով եւ հնարավոր այլ միջոցներով զինվելու եւ ոստիկանների վրա հարձակվելու մասին, ինչպես նաեւ հորդորել է ենթարկվել միայն հարթակից հնչեցված հրահանգներին, որտեղից հնչեցվել են նաեւ տրանսպորտային միջոցների օգտագործմամբ փողոցներ փակելու, բարիկադներ կառուցելու, հնարավոր բոլոր միջոցներով զինվելու, գույք հրկիզելու եւ վնասելու, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալու եւ այլ բնույթի կոչեր:»:
41.Վարչական շրջանի դատարանը թվարկել է վնասվածքներ ստացած ոստիկանության բոլոր ծառայողների անունները եւ նշել վնասված մեքենաների ու սպանված մարդկանց թիվը, ինչպես նաեւ ոստիկանությանը, Երեւան քաղաքին ու մասնավոր բիզնեսներին հասցված նյութական վնասը: Վարչական շրջանի դատարանը եզրակացրել է, որ զանգվածային անկարգությունը դադարել է միայն արտակարգ դրություն հայտարարելուց եւ ոստիկանական գործողություններով այն կանխելուց հետո:
42.Վերոնշյալ եզրահանգումները կատարելիս Վարչական շրջանի դատարանը հիմնվել է հետեւյալ ապացույցների վրա. ցուցարարներից մեկի` Գ.Ե.-ի ցուցմունքը, որը վկայություն է տվել, որ ինքն Ազատության հրապարակի մոտ կայանված դիմումատուի մեքենայում տեսել է 80-90 սմ երկարությամբ մետաղյա ձողեր եւ փայտե մահակներ, որոնք Գ.Ե.-ն դիմումատուի վարորդի հետ տարել եւ պահել է Ազատության հրապարակում տեղակայված վրաններից մեկում. բողոքի ակցիայի երեք այլ մասնակիցների ցուցմունքները, որոնք ներկա են եղել Մյասնիկյանի հուշարձանի հարակից տարածքում եւ վկայություն են տվել, որ դիմումատուն հրահրել է մարդկանց բազմությանը զինվել տարբեր զենքերով եւ հարձակվել ոստիկանության վրա, ինչի արդյունքում մարդկանց բազմությունը բորբոքվել է եւ սկսել է քանդել մոտակայքում գտնվող ցանկապատները եւ շինարարական հրապարակը` ձողերով զինվելու համար. տարբեր ապացույցներ, որոնք վկայակոչում են, որ Երեւանում 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ: Վարչական շրջանի դատարանը նաեւ ապացույցների շարքից հանել է երեք այլ ցուցարարների ցուցմունքները, քանի որ վկաները պնդել են, որ իրենց ստիպել են եւ իրենց նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվել այդ ցուցմունքները տալու համար, եւ անհրաժեշտություն կար այդ պնդումների առնչությամբ քննություն իրականացնելու:
43.Ըստ երեւույթին, դիմումատուն վերաքննիչ բողոքներ է ներկայացրել իր դատապարտման դեմ:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
I.Համապատասխան ներպետական ԻՐԱՎՈՒՆՔԸ եւ այլ նյութեր
Ա.Քրեական օրենսգիրք (2003 թվական)
44.225-րդ հոդվածի 1-ին մասով, մինչեւ 2009 թվականի մարտի 24-ի փոփոխությունները, նախատեսվում էր, որ զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով: 225-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում էր, որ նույն արարքը, որը զուգորդվել է սպանությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
45.225-րդ հոդվածի 1-րդ մասով վերոնշյալ փոփոխություններից հետո նախատեսվում է, որ զանգվածային անկարգություններ կազմակերպելը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով: 225-րդ հոդվածի 5-րդ մասով «զանգվածային անկարգություններ»-ը սահմանվում են որպես բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված մեկից ավելի անձանց գործողությունները, որոնց հետեւանքով վտանգվում է հասարակական անվտանգությունը:
46.300-րդ հոդվածի 1-ին մասով, մինչեւ վերոնշյալ փոփոխությունները, նախատեսվում էր, որ պետական իշխանությունը յուրացնելը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողությունները, պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:
47.316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը, կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Բ.Քրեական դատավարության օրենսգիրք (1999 թվական)
48.Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթների համար տե՛ս Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v. Armenia] (թիվ 629/11, § 31, 2016 թվականի հոկտեմբերի 20) եւ Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի [Piruzyan v. Armenia] (թիվ 33376/07, §§ 42 եւ 51, 2016 թվականի հունիսի 26) գործերը:
Գ.Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) ad hoc (արտահերթ) հրապարակային զեկույցը 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ
49.Հայաստանի օմբուդսմենն իրականացրել է Հայաստանում տեղի ունեցած հետընտրական իրադարձությունների համակողմանի եւ խորքային վերլուծություն, որի որոշ վերաբերելի մասեր շարադրվել են Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի [Mushegh Saghatelyan v. Armenia] (թիվ 23086/08, § 124, 2018 թվականի սեպտեմբերի 20) գործում: Զեկույցից մի շարք վերաբերելի հատվածներ, որոնք շարադրված չեն այդ վճռում, բովանդակում են հետեւյալը.
«3.2.2. Ֆրանսիական դեսպանատուն (մարտի 1, 11:30-ից)
Մարտի 1-ին՝ ժամը 11-ի մոտակայքում, ժողովուրդը սկսեց հավաքվել Ֆրանսիական դեսպանատանը հարակից հրապարակում: Մարդիկ հավաքվել էին իրենց անհամաձայնությունը եւ վրդովմունքը արտահայտելու առավոտյան կատարված իրադարձությունների առնչությամբ:
Մարտի 1-ի առավոտվա եւ օրվա երկրորդ կեսի իրադարձությունների փոխկապվածությունը ակնհայտ է: Անհնարին է մարտի 1-ի երկրորդ կեսին տեղի ունեցած դեպքերի քննությունը՝ առանց առավոտյան հանրահավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնության հետ պատճառական կապը հաշվի առնելու, եւ այս երկու իրադարձությունները հավասարապես պետք է քննվեն մեկ հարթության շրջանակներում:
Մարտի 1-ին՝ ժամը 11:15-ին, Օպերայի մոտ գտնվող ոստիկանության եւ ոստիկանության զորքերի ջոկատներն ուղղորդվեցին դեպի Ֆրանսիական դեսպանատուն: Մի քանի ուղղությամբ եւ մի քանի շարքերով կանգնած էին ոստիկանության զորքերի եւ այլ հատուկ ջոկատների ծառայողները: Որոշ «ոստիկանների» դեմքերը փակ էին, դիմակավորված: Ցուցարարների հանրահավաքը ցրելու փորձին մասնակցում էին նաեւ ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները:
Ցուցարարների մեջ բազմաթիվ սադրիչներ ամեն կերպ ջանում էին հրահրել ոստիկանության հետ բախումներ: Մանրակրկիտ պետք է հետազոտվեն նմանատիպ բոլոր հայտարարութունները, ականատեսների վկայությունները:
Ի տարբերություն նույն օրվա առավոտյան Ազատության հրապարակի միջոցառման, որի նկատմամբ կիրառելի էր քրեադատավարական օրենսդրությունը («զենքի կուտակման» վարկած), Ֆրանսիական դեսպանատան մոտակայքում այդ ժամանակ տեղի ունեցած ուժային միջամտության նկատմամբ անհրաժեշտ է կիրառել բացառապես «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը, մասնավորապես` հանրահավաքը դադարեցնելու կարգին, ինչպես նաեւ հատուկ միջոցների կիրառմանը վերաբերող դրույթները: Ոստիկանությունն իրավունք ունի հարկադիր դադարեցնելու հավաքը, եթե այդ հավաքը իրական վտանգ է պարունակում անձանց կյանքի, առողջության, պետական եւ հասարակական անվտանգության, հասարակական կարգի համար, ինչպես նաեւ կարող է էական գույքային վնաս հասցվել պետությանը, համայնքին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց: Հետեւաբար` մարտի 1-ի ժամը 12-ի մոտակայքում ոստիկանների կողմից կիրառված ֆիզիկական ուժը պետք է դիտարկել անօրինական, քանի որ պաշտոնապես չներկայացվեց եւ չհիմնավորվեց, որ քաղաքացիների հավաքը Ֆրանսիական դեսպանատան մոտակայքում իրական վտանգ էր սպառնում վերոնշյալ արժեքներին: Ավելին, մինչեւ ժամը 14:00-ն հանրահավաքը ընթանում էր խաղաղ...
Անօրինական պետք է համարել նաեւ ՀՀ ոստիկանության զորքերի ներգրավումը մարտի 1-ի կեսօրին Ֆրանսիական դեսպանատան մոտակայքում հավաքված քաղաքացիներին ցրելու փորձին, քանի որ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը ուղղակիորեն սահմանում է, որ խաղաղ, առանց զենքի ժողովները, հանրահավաքները, երթերն ու ցույցերը կանխելու համար ոuտիկանության զորքերի ներգրավումն արգելվում է: ...
Այլ է իրավիճակն օրվա երկրորդ կեսին, երբ հանրահավաք սկսած ցուցարարները դարձան որոշակի առումով անկառավարելի, ինչը զուգորդվեց անկարգություններով: Մարտի 1-ի երկրորդ կեսին Ֆրանսիական դեսպանատան մոտ տեղի ունեցած իրադարձություններն ընթանում էին երկու հատվածում` Մյասնիկյանի արձանի մոտակայքում, որտեղ հավաքված ցուցարարները սպասում էին իրենց առաջնորդին, եւ Մաշտոց-Պարոնյան-Լեո փողոցներում, որտեղ առանձին բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ անձանց խմբերի միջեւ: Ավելին, մարտի 1-ի գիշերը կասկածելի եւ հակասական հանգամանքներում են իրականացվել Մաշտոցի պողոտայում գտնվող խանութների թալանը, մեքենաների հրկիզումը: Հատկանշական է, որ Ֆրանսիական դեսպանատան մոտակայքում ընթացող հանրահավաքի մասնակիցները որեւէ հարձակում մոտակա խանութների վրա չգործեցին... Նախաքննության ընթացքում անհրաժեշտ է պարզել` Ֆրանսիական դեսպանատան մոտակայքում հավաքված խաղաղ ցուցարարների եւ հարակից փողոցներում անկարգություններ կատարող անձանց միջեւ առկա է արդյոք իրական կապ: Այս հարցն ունի իրավական կարեւոր նշանակություն ցույցի փաստացի ղեկավարների կողմից հարակից փողոցներում կատարված անկարգությունները կազմակերպելու հարցում մեղադրանք առաջադրելիս:
II.Համապատասխան միջազգային նյութերը
Ա.Եվրոպայի խորհրդի մարմինները
1.Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)
ա)Թիվ 1609 (2008) բանաձեւ. Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, 2008 թվականի ապրիլի 17. Թիվ 1620 (2008) բանաձեւ. Վեհաժողովի թիվ 1609 (2008) բանաձեւի կատարումը Հայաստանի կողմից, 2008 թվականի հունիսի 25. Թիվ 1643 (2009) բանաձեւ. Վեհաժողովի 1609 (2008) եւ 1620 (2008) բանաձեւերի կատարումը Հայաստանի կողմից, 2009 թվականի հունվարի 27
50.ԵԽԽՎ-ն 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին եւ դրան հաջորդող իրադարձություններին առնչվող իր բանաձեւերում դատապարտել է մի շարք անձանց, այդ թվում՝ ընդդիմության ավելի քան հարյուր աջակիցների եւ Խորհրդարանի երեք անդամների ձերբակալումն ու շարունակական կալանքը` նրանցից որոշները, ըստ երեւույթին, արհեստական եւ քաղաքական դրդապատճառներ ունեցող, հատկապես ՔՕ 225-րդ եւ 300-րդ հոդվածներով ներկայացված մեղադրանքներով (համապատասխան քաղվածքների համար տե՛ս վերեւում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 125-127):
բ)Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույց (Փաստաթուղթ թիվ 11579, 2008 թվականի ապրիլի 15)
51.Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման հարցերով ԵԽԽՎ կոմիտեի (Մոնիթորինգի կոմիտե) համազեկուցողների կողմից ներկայացված այս զեկույցի Բացատրական հուշագրի համապատասխան մասերում ներկայացվում է հետեւյալը.
«58.Արտակարգ դրություն հայտարարելուց հետո բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել 2008 թվականի մարտի 1-ին եւ դրանից առաջ տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցելու համար: ... Գլխավոր դատախազը հայտարարել է, որ մարտի վերջի դրությամբ 106 անձ է ձերբակալվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ, այդ թվում՝ Խորհրդարանի չորս անդամներից երեքը, որոնց Խորհրդարանը զրկել է անձեռնմխելիությունից՝ պետական իշխանությունը յուրացնելու կամ պետական հեղաշրջման դրդելու կամ դրա փորձի առնչությամբ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի շրջանակներում նրանց դեմ առաջադրված մեղադրանքներից հետո...
...
60.Ձերբակալված անձանց մեծ մասին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություն հրահրելու (Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մաս), իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու (Քրեական օրենսգրքի 316-րդ հոդված) եւ պետական իշխանությունը յուրացնելու (Քրեական օրենսգրքի 300-րդ հոդված) մասով: Ինչպես նշվում է նաեւ [Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների] հանձնակատարի զեկույցում, այդ դրույթների ձեւակերպումը մեծ հայեցողություն է թողնում դատախազի համար, եւ հատկապես իշխանության յուրացման սահմանումը «շատ լայն մեկնաբանության հնարավորություն է ստեղծում եւ հստակ ուղղորդում չի տալիս կարծիքների իրավաչափ արտահայտման եւ բռնության դրդելու բաժանարար գծի վերաբերյալ»:
61.Դատարանները սովորաբար բավարարում են երկամսյա ժամկետով կալանքի տակ պահելու մասին դատախազների պահանջները՝ առանց պատշաճ կերպով գնահատելու, թե արդյոք այդ կալանավորումը հիմնավորված է... Այս փաստը կասկածի տակ է առնում դատական իշխանության անկախությունը եւ դատարանի` դատախազների լիազորությունների նկատմամբ «զսպող եւ հակակշող» դերի արդյունավետությունը:
62.Մարդկանց ձերբակալումը բացառապես նախագահական ընտրությունից հետո տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցելու համար` առանց ապացույցի, որ նրանք անձամբ կատարել են բռնարարքներ, կամ, ըստ երեւույթին, արհեստական մեղադրանքներով այն բանից հետո, երբ նրանք արտահայտել են իրենց կարծիքն այն մասին, որ նախագահական ընտրությունը կեղծ է եղել, կարող է մեկնաբանվել միայն որպես իշխանության կողմից ընդդիմության ճնշում: Այս ճնշումը վիժեցնում է Հայաստանում բոլոր քաղաքական ուժերի միջեւ կառուցողական երկխոսության հնարավորությունները: Բացի այդ, համազեկուցողները լրջորեն մտահոգված են քաղաքական դրդապատճառներով կալանավորումների շարունակական կիրառության արդյունքում Հայաստանում ենթադրյալ քաղաքական բանտարկյալների առկայությամբ:
գ)Հայաստանի կողմից Վեհաժողովի թիվ 1609 (2008) բանաձեւի կատարման վերաբերյալ զեկույց (Փաստաթուղթ 11656, 2008 թվականի հունիսի 24)
52.Մոնիթորինգի կոմիտեի համազեկուցողների կողմից ներկայացված այս զեկույցի Բացատրական հուշագրի համապատասխան մասերում ներկայացվում է հետեւյալը.
«35.Մեզ հաղորդել են, որ զգալի թվով մարդկանց դեմ, որոնք ձերբակալվել էին [Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածների] համաձայն, լրացուցիչ մեղադրանքներ են առաջադրվել ավելի ուշ փուլում: Սա կարող է մատնանշել Վեհաժողովի այն պահանջի շրջանցման փորձ, որ այն անհատները, որոնց առաջադրվել է, ըստ երեւույթին, արհեստական եւ քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներ, պետք է ազատ արձակվեն` մեղադրելով նրանց «բռնարարքներ կամ լուրջ հանցանքներ անձամբ կատարելու» մեջ:
36.Մենք հատկապես մտահոգված ենք Խորհրդարանի երեք կալանավորված անդամների առնչությամբ, որոնց մենք այցելեցինք բանտում: Բոլոր երեքին ձերբակալել եւ զրկել էին անձեռնմխելիությունից 300-րդ եւ 225-րդ հոդվածների ենթադրյալ խախտումների համար: Այնուամենայնիվ, նրանց գործերը մինչեւ այժմ չեն փոխանցվել դատարան: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդարանի անդամները կարող են ձերբակալվել միայն flagrant delict (հանցանք կատարելու պահին): Սակայն նրանք երեքն էլ ձերբակալվել են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո, ինչը նշանակում է, որ նրանց ձերբակալման ընթացքում խախտվել են նրանց սահմանադրական իրավունքները»:
դ)Հայաստանի կողմից Վեհաժողովի թիվ 1609 (2008) եւ 1620 (2008) բանաձեւերի կատարման վերաբերյալ զեկույց (Փաստաթուղթ 11786, 2009 թվականի հունվարի 26)
53.Մոնիթորինգի կոմիտեի համազեկուցողների կողմից ներկայացված այս զեկույցի Բացատրական հուշագրի համապատասխան մասերում ներկայացվում է հետեւյալը.
«4.Իշխանությունների եւ հատկապես գլխավոր դատախազի հետ ունեցած մեր հանդիպումների ընթացքում ընդգծեցինք Մոնիթորինգի կոմիտեի մտահոգությունները` կապված [Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածների] համաձայն առաջադրված մեղադրանքների հետ: 300-րդ հոդվածի կապակցությամբ շեշտեցինք, որ մենք չենք ստացել համոզիչ տեղեկություններ, այդ թվում՝ դատախազության կողմից տրամադրված տեղեկատվական նյութերից, որոնք ցույց կտային, որ 2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունները նպատակաուղղված էին պետական իշխանության յուրացմանը կամ Հայաստանում սահմանադրական կարգի բռնի տապալմանը: Մենք չենք ստացել ապացույցներ, որ ընդդիմության յոթ առաջնորդները կանխամտածված կերպով կազմակերպել էին բռնարարքներ` նպատակ ունենալով յուրացնել պետական իշխանությունը, որի համար նրանց մեղադրանք էր առաջադրվել 300-րդ հոդվածով: ...
...
6.Իշխանությունների հետ բոլոր հանդիպումներում մենք շեշտել ենք, որ 300-րդ հոդվածով եւ 225-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանքներ առաջադրելու պնդումը եւ ծանրացնող հանգամանքների պարբերաբար կիրառումն ավելի մեղմ հանգամանքների փոխարեն` չնայած նրան, որ այդ անելու համար ապացույցները թույլ էին թվում, ինչպես նաեւ միայն ոստիկանության ցուցմունքի հիման վրա մեղադրանքներն ու դատապարտումները, մեր կարծիքով, հստակորեն մատնանշում էին այն, որ այդ անձանց դեմ առաջադրված մեղադրանքները եւ նրանց դատապարտումները կարող էին ունենալ քաղաքական դրդապատճառ, եւ որ այս պայմաններում Հայաստանում կարող էին գոյություն ունենալ քաղաքական բանտարկյալներ:
...
30.Մենք կցանկանայինք ընդգծել, որ այն յոթ գործերի թվում ... որոնք այժմ ներկայացվել են դատարան, գտնվում են այն երեք խորհրդարանականների գործերը, որոնց Ազգային ժողովը, գլխավոր դատախազի կողմից տրամադրված ապացույցների հիման վրա (որոնք մատնանշում են, որ այս անհատները լուրջ հանցանքներ են կատարել), զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից: Սակայն դատախազությունից պահանջվեց յոթ ամիս՝ ապացույցներ հավաքելու եւ մեղադրական եզրակացությունը վերջնականորեն ձեւակերպելու համար: Այսպիսով, թվում է, որ Ազգային ժողովը որոշում է կայացրել զրկել իր երեք անդամներին պատգամավորական անձեռնմխելիությունից լավագույն դեպքում շատ ամփոփ ապացույցների հիման վրա, ինչը կարող է ցույց տալ, որ այդ որոշման մեջ դեր են ունեցել քաղաքական դրդապատճառները:
...
33. ... [Այդ] յոթ գործերով ... բոլոր անձինք մեղադրվել են 300-րդ հոդվածի եւ [225-րդ հոդվածի 3-րդ մասի] համաձայն:
...
38.[225-րդ հոդվածի 3-րդ մասի] եւ 300-րդ հոդվածի վերաբերյալ մեր դիտարկումների հիման վրա կարող ենք միայն եզրակացնել, որ այդ հոդվածներով առաջադրված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ են ունեցել, եւ եթե Հայաստանի իշխանությունները չկարողանան մեզ տրամադրել յուրաքանչյուր գործի առնչությամբ մանրամասն եւ համոզիչ ապացույցներ հակառակի մասին, ապա այդ մեղադրանքներով դատապարտված անձինք պետք է համարվեն քաղաքական բանտարկյալներ»:
2.Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար
ա)Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2008 թվականի մարտի 12-15-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան կատարած իր հատուկ առաքելության վերաբերյալ զեկույց, CommDH(2008)11REV, 2008 թվականի մարտի 20
54.Զեկույցի համապատասխան հատվածների համաձայն՝
«12.Մեղադրյալի դատավարական երաշխիքները
Դատախազները շարունակաբար նույն մեղադրանքներն են առաջադրել՝ անկախ անձի իրական գործողությունից եւ ներգրավվածությունից: Պարբերաբար հիշատակվում են Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներ. [225-րդ հոդվածի 3-րդ մաս, 316-րդ եւ 300-րդ հոդվածներ]: ...
[Այդ] ձերբակալվածների դեմ մեղադրանքների մասով դատախազներն օգտագործել են ստանդարտ ձեւակերպումներ: Դատավորները, թվում է, լուրջ ստուգում չեն իրականացրել մեղադրանքների, կալանքի օրինականության եւ հանցանքի ծանրության նկատմամբ ազատությունից զրկելու համաչափության մասով: Դատարանները կարծես թե շատ սովորական կերպով կայացրել են երկու ամսով մինչդատական կալանքի որոշում, որպեսզի թույլ տան դատախազին շարունակել քննությունը, նախապատրաստել առաջադրվելիք քրեական մեղադրանքը եւ քրեական գործը:
բ)Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2008 թվականի հուլիսի 13-15-ը Հայաստան կատարած իր հատուկ առաքելության եզրահանգումների ամփոփ նկարագիր, CommDH(2008)29, 2008 թվականի սեպտեմբերի 29
55.Ամփոփ նկարագրի համապատասխան հատվածների համաձայն՝
«2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ ազատությունից զրկված անձինք
...
3.Հանձնակատարը գտնում է, որ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ ձերբակալված անձանց դեմ ներկայացված քրեական մեղադրանքների բնույթը շարունակում է մնալ լուրջ հարցերից: Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայության պետի՝ 2008 թվականի մարտի սկզբին որոշ տարածքային դատախազների ուղղված գրությունը, որով նրանցից պահանջվում էր հավաքել տեղեկություններ՝ ընդդիմության ցույցերի մասնակիցների վերաբերյալ, կոնկրետ գործողությունների մասին տեղեկությունների փոխարեն, հարցեր է առաջացնում քննության բնույթի եւ նպատակի մասին: Հանձնակատարը հատկապես մտահոգված է նախնական կալանքի տակ գտնվող մնացած յոթ անձանց, այդ թվում` Խորհրդարանի երեք անդամների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահական քարոզարշավի առաջնորդի համար, որոնց շատ լայն մեղադրանքներ են առաջադրվել պետական հեղաշրջում նախապատրաստելու փորձի առթիվ (իշխանության յուրացում, Քրեական օրենսգրքի 300-րդ [հոդված]): Հանձնակատարի մտահոգությունն ավելի է սաստկանում այն փաստով, որ այդ գործերից մի քանիսում համապատասխան դատարանը լրացուցիչ երկամսյա երկարաձգումներ է նշանակել՝ 2008 թվականի սեպտեմբերի սկզբին»:
գ)Հանձնակատարի 2011 թվականի հունվարի 18-21-ն ընկած ժամանակահատվածում կատարած այցից հետո ներկայացված զեկույց. CommDH(2011)12, 2011 թվականի մայիսի 9
56.Զեկույցի համապատասխան հատվածների համաձայն՝
«1. Ազատազրկված անձինք
...
18.Դատավորները հիմնվել են վկաների այն ցուցմունքների վրա, որոնք, ենթադրաբար, ձեռք են բերվել հարկադրաբար։ Առկա էին մի շարք պնդումներ այն մասին, որ իրավապահ մարմինները ցուցաբերել են վատ վերաբերմունք` ստիպելու համար անհատներին սուտ ցուցմունք տալ այն ընդդիմադիր գործիչների դեմ, որոնց նկատմամբ, մարտի իրադարձությունների հետ կապված, քրեական գործ էր հարուցվել: [Հ.Հ.-ի, Ս.Մ.-ի, դիմումատուի (որոնք երեքն էլ Ազգային ժողովի նախկին պատգամավորներ են), Գ.Ո.-ի, Ա.Ա.-ի եւ Ս.Ս.-ի] դեմ հարուցված [«Յոթի գործով»] վկաները հայտարարել են, որ իրենց ցուցմունքները կորզվել են բռնության եւ ճնշումների գործադրմամբ։ ...
...
20.Ընդդիմության առավել ակնառու յոթ գործիչներից վեցը, [այդ թվում դիմումատուն], որոնք, ըստ իշխանությունների, համարվում էին մարտի իրադարձություններում առաջատար դեր խաղացողներ, ազատ էին արձակվել մինչեւ 2009 թվականի կեսը, մեծամասամբ այն պատճառով, որ ունեին համաներմամբ ազատ արձակվելու իրավունք...»:
Բ.«Հյումն Րայթս ՈՒոթչ»-ի [Human Rights Watch] զեկույցը. Ժողովրդավարությունը քարքարոտ [ճանապարհին], Հայաստանի 2008 թվականի վիճարկված նախագահական ընտրությունները, հետընտրական բռնությունները եւ միակողմանի պատասխանատվության կանչելու քաղաքականությունը, 2009 թվականի փետրվար
57.Զեկույցի համապատասխան հատվածներով նախատեսվում է.
«Ցուցարարները հավաքվում են Ֆրանսիայի դեսպանատան մոտ
Քանի որ լուրեր տարածվեցին առավոտյան տեղի ունեցած բռնությունների եւ [Լեւոն Տեր-Պետրոսյանի] de facto (փաստացի) տնային կալանքի մասին, այլ անձինք սկսեցին ուղղվել դեպի Ազատության հրապարակ, սակայն միայն պարզեցին, որ այն շրջափակված է ոստիկանական շղթայով: Ոստիկանությունը կարգադրում էր մարդկանց հեռանալ...
Չկարողանալով հավաքվել Ազատության հրապարակում` շատ մարդիկ սկսեցին հավաքվել Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող՝ Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանի հարակից տարածքում, որը Ազատության հրապարակից քաղաքի կենտրոնով 15 րոպեի ճանապարհի վրա էր: Հուշարձանի առջեւ մեծ բաց տարածք է, որը գտնվում է Երեւանի նոր [քաղաքապետարանի] դիմաց եւ որին կից` անկյունում, Ֆրանսիայի դեսպանատունն է: Իտալիայի եւ Ռուսաստանի դեսպանատները եւս գտնվում են դրա հարեւանությամբ:
Այս տարածքում հավաքվող մարդկանց թիվը մեծ արագությամբ աճում էր...
...
Բողոքի ակցիայի մասնակիցները սկսեցին արգելապատնեշներ կառուցել ավտոմեքենաներից: Ինչպես մասնակիցներից մեկը` [Գ.Գ.-ն] ... բացատրեց «Հյումն Րայթս ՈՒոթչ»-ին, «Մենք սպասում էինք, որ ոստիկանությունը կհարձակվի, եւ ի տարբերություն առավոտյան տեղի ունեցածի` ցանկանում էինք ավելի պատրաստված լինել դրան: Մենք արգելապատնեշներ ստեղծեցինք Գրիգոր Լուսավորիչ փողոցում` կանգնեցնելով ավտոբուսները, տրոլեյբուսներն ու երթուղային տաքսիները... եւ այնուհետեւ օգտագործեցինք դրանք արգելապատնեշներ կառուցելու համար»:
Ազատության հրապարակում ոստիկանության կողմից ավելի վաղ իրականացված գործողության վերաբերյալ ճշգրիտ տեղեկությունների բացակայությունը նպաստեց հնարավոր զոհերի եւ ցուցարարների շրջանում տրամադրությունների սրացումների վերաբերյալ բազմաթիվ լուրերի առաջացմանը: Ինչպես [Գ.Գ.-ն] ... բացատրեց «Հյումն Րայթս ՈՒոթչ»-ին, «Լուրեր էին պտտվում, որ մի տասներկուամյա աղջիկ է սպանվել առավոտյան ոստիկանության հարձակման ընթացքում: Մարդիկ պարզապես կատաղել էին դրանից եւ ցանկանում էին ավելի պատրաստված լինել, եթե ոստիկանությունը նորից հարձակվեր» (Այս լուրն իրականությանը չէր համապատասխանում. Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում զոհեր չեն եղել):
Բանակցությունները եւ ոստիկանության հեռանալը
Մոտավորապես 11:30-ին ընդդիմության այլ առաջնորդներ ժամանեցին Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Մինչեւ այդ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցների թվի վերաբերյալ գնահատականները շատ տարբեր են, սակայն նրանք առնվազն մի քանի հազար էին: [Դ.Ս.-ն եւ Լ.Զ.-ն], որոնք Տեր-Պետրոսյանի մտերիմ գործընկերներն էին, բանակցություններ էին վարում ոստիկանության պաշտոնատար անձանց հետ... ինքնաբուխ հավաքի անցկացման վայրի փոփոխության վերաբերյալ, որն արդեն ընթացքի մեջ էր: Ոստիկանությունն առաջարկեց թույլ տալ, որ ցույցը շարունակվի Դինամո ֆուտբոլային ստադիոնում, սակայն բողոքի ակցիայի առաջնորդները մերժեցին այդ առաջարկը, [քանի որ նրանք] «վախենում էին, որ չափազանց հեշտ կլիներ այնտեղ մարդկանց ծուղակը գցել եւ ծեծել»:
Ըստ [Լ.Զ.-ի]` թվում էր՝ ոստիկանությունն անկեղծորեն մասնակցում էր հավաքի անցկացման նոր վայրի վերաբերյալ բանակցություններին եւ իրավիճակի թուլացման աշխատանքներին եւ անգամ մեքենա էր տրամադրել իրեն, որպեսզի գնա Լեւոն Տեր-Պետրոսյանի բնակավայր եւ խոսի նրա հետ հավաքի հնարավոր նոր վայրի մասին: Ոստիկանությունն առաջարկել էր ցույցը տեղափոխել Երեւանի կենտրոնում գտնվող՝ հին ձեռագրերի թանգարանի` Մատենադարանի դիմացը գտնվող տարածք. տարածք, որը հաճախ էր օգտագործվում քաղաքական հանդիպումների համար: Նրանք թույլ էին տվել [Դ.Ս.-ին] ոստիկանության բարձրախոսով ժամը 1-ին դիմել մարդկանց բազմությանը` հայտարարելու, որ ոստիկանությունը շուտով կհեռանա` թույլ տալով բազմությանը շարժվել դեպի Մատենադարան: Հավատալով, որ համաձայնության են եկել, որ ոստիկանությունը կհեռանա եւ մարդիկ կսկսեն շարժվել, մոտավորապես ժամը 2-ին ոստիկանությունը սկսեց հեռանալ...
Ոստիկանության պետի տեղակալ [Մ.-ն] հայտնել է «Հյումն Րայթս ՈՒոթչ»-ին, որ ընդդիմության առաջնորդ եւ Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի անդամ [Ն.Փ.-ն] խախտել էր պայմանավորվածությունը` կոչ անելով մարդկանց մնալ տեղերում: Սակայն ականատեսները, որոնցից «Հյումն Րայթս ՈՒոթչ»-ը հարցազրույց էր վերցրել, պնդել էին, որ մարդիկ չէին ցանկանում հեռանալ, քանի որ իրենց ավելի ապահով էին զգում այդ վայրում, ճանապարհներն արգելափակված էին, եւ այդ վայրը մոտ էր մի քանի օտարերկրյա դեսպանատներին, ինչպես նաեւ որ նրանք նախ ցանկանում էին տեսնել Տեր-Պետրոսյանին:
Երբ ոստիկանությունը հեռացավ, տեղի ունեցավ մի միջադեպ, որը հանգեցրեց կեսօրին տեղի ունեցող ցույցի ժամանակ առաջին բռնությանը: Մի ոստիկանական մեքենա, որում երեք ոստիկաններ էին, մեծ արագությամբ մխրճվեց մարդկանց մեջ` վնասվածքներ հասցնելով բողոքի ակցիայի առնվազն երկու մասնակիցների. երկու ականատեսներ, որոնք պատմել են մեզ միջադեպի մասին, կարծում են, որ վարորդը, գտնվելով խուճապի մեջ, կորցրել էր մեքենայի վերահսկողությունը` լինելով դեպքի վայրը լքող վերջին ոստիկանների թվում: Այնուհետեւ այդ միջադեպը կատաղեցրեց բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնք հարձակվեցին ոստիկանական մեքենայի վրա եւ հրդեհեցին այն, իսկ ոստիկանները փախան:
Բողոքի ակցիայի մասնակիցներից առավել երիտասարդների մի խումբ սկսեց քարեր նետել մոտ 50 ոստիկաններից բաղկացած մի խմբի վրա, որը գտնվում էր [Երեւանի քաղաքապետարանի] մոտ: Մեզ այդ տեսարանի մասին պատմելիս [Ս.Ս.-ն] ... նշեց, որ «Բազմությունը նման չէր մարդկանց այն բազմությանը, որը 10 օր խաղաղ ցույցեր էր անում: Մարդիկ կատաղած էին»: Բողոքի ակցիայի մասնակիցներից բաղկացած մեկ այլ խումբ փորձեց պաշտպանել ոստիկաններին` կողմերի միջեւ շարք կազմելով: ...
...
Ցուցարարները պատրաստվում էին ոստիկանության հարձակմանը
[Քաղաքապետարանի] մոտ երկու շինարարական հրապարակ կար: [Գ.Գ.-ն] ասաց «Հյումն Րայթս ՈՒոթչ»-ին.
Մենք մտանք շինարարական հրապարակներ եւ երկաթյա ու փայտե ձողեր հավաքեցին: Մենք ոչինչ չենք ոչնչացրել, այնտեղից հավաքել ենք միայն գետնին թափված ձողերը: Ոմանք որոշ իրեր հավաքեցին նաեւ մոտակայքում գտնվող զբոսայգիներից... Մենք սպասում էինք, որ մեզ վրա կհարձակվեն եւ ցանկանում էինք ավելի լավ պատրաստված լինել դրան:
...
[Վ.Վ.-ն] ասաց «Հյումն Րայթս ՈՒոթչ»-ին.
Մարդիկ ինքնաշեն զենքեր էին ստացել շինարարական հրապարակից վերցված իրերից: Գրեթե բոլորն այն տպավորությունն ունեին, որ բողոքի ակցիայի մասնակիցներին առավոտյան բռնի ուժով էին ցրել եւ լուրեր էին պտտվում մի քանի մահվան դեպքերի մասին: Մարդիկ շատ բարկացած էին: Նրանք ցանկանում էին տեսնել առաջնորդին, սակայն մենք ռադիոյով լսեցինք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնվում էր տնային կալանքի տակ:
Այս ընթացքում ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցներին ցրվելու կոչեր չէր անում: Մոտավորապես կեսօրվա ժամը 5-ին հավաքի անցկացման վայր բարձրախոս սարք բերվեց (մինչ այդ ընդդիմության առաջնորդները փորձում էին դիմել մարդկանց բազմությանը խոսափողով, սակայն նրանց փորձերը հիմնականում չէին լսվում): Առաջնորդները հավաքված ցուցարարներին կոչ էին անում հանգիստ մնալ եւ չսադրել ոստիկանությանը: Սակայն միեւնույն ժամանակ կոչեր էին արվում նաեւ շարունակել արգելապատնեշներ կառուցել` ոստիկանության հարձակումները կանխելու համար: Մարդիկ բղավում էին «Լեւո՛ն, Լեւո՛ն» եւ պահանջում էին նրա ներկայությունը:
...
Մյասնիկյանի հուշարձանի մոտ հավաքը շարունակվեց մինչեւ մարտի 2-ը` մոտավորապես առավոտյան ժամը 3-ը: Բազմությունը ցրելու ոստիկանության ագրեսիվ գործողությունը սկսվել է [մարտի 1-ին]` մոտավորապես երեկոյան ժամը 9:30, եւ ցուցարարներն սկսել են քարեր եւ անգամ կրակային պայթուցիկներ նետել: Դրանից հետո ոստիկանությունը նահանջեց եւ մարդկանց մեծ բազմությանը թողեց մենակ: Սակայն ցուցարարների մի փոքր խումբ բռնի առճակատման մեջ մտավ ոստիկանության եւ անվտանգության ուժերի հետ: Հենց այս համատեքստում էր, որ մահվան դեպքերի մեծ մասը տեղի ունեցավ:
...»
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I.ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
58.Հիմնվելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի եւ 3-րդ կետի վրա` դիմումատուն բողոքել է, որ իր ձերբակալումն ու իրեն կալանքի տակ պահելը հիմնված չեն եղել հիմնավոր կասկածի վրա, որ դատարանները չեն ապահովել համապատասխան եւ բավարար պատճառներ իր կալանավորման համար, եւ որ նա չէր կարող օրենքով ազատ արձակվել գրավի դիմաց, քանի որ մեղադրվում էր «առանձնապես ծանր հանցանք» կատարելու մեջ: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը եւ 3-րդ կետն ունեն հետեւյալ բովանդակությունը.
«1.Յուրաքանչյուր ոք ունի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետեւյալ դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով.
...
գ)անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
...
3.Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն, եւ ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ դատաքննության ընթացքում ազատ արձակվելու իրավունք։ Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»։
Ա.Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը
1.Կողմերի փաստարկները
59.2008 թվականի սեպտեմբերի 20-ին ներկայացված եւ 2009 թվականի մարտի 2-ին լրացված իր գանգատում դիմումատուն բողոքել է, որ իր ձերբակալումն ու մինչդատական կալանքը հիմնված չեն եղել իր կողմից հանցանք կատարելու հիմնավոր կասկածի վրա` խախտելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը: Նա վկայակոչել է 2008 թվականի մարտի 5-ից հոկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հինգ դատական վարույթները, որոնցով թույլատրվել եւ երկարաձգվել էր իր մինչդատական կալանքը, եւ պնդել է, որ 2008 թվականի հոկտեմբերի 29-ի դրությամբ իշխանությունների կողմից ոչ մի կոնկրետ փաստ կամ ապացույց չի ներկայացվել ո՛չ ներպետական մակարդակում, ո՛չ Դատարանում, որով կհիմնավորվեին իր դեմ ներկայացված կասկածները: Նրան առաջադրված մեղադրանքները պարզապես ձեւական բնույթ էին կրում, որոնք հիմնված էին բացառապես ենթադրությունների վրա եւ ներկայացվել էին նրա դեմ միայն այն պատճառով, որ նա ընդդիմության ակտիվ անդամ էր: Այսպիսով, նրան ազատությունից զրկելը քողարկված փորձ էր՝ սահմանափակելու իր արտահայտվելու ազատությունը, եւ իրականացվել էր անբարեխղճորեն: Թեեւ նա մեղադրվում էր Մյասնիկյանի հուշարձանի մոտ տեղի ունեցած հավաքի ընթացքում բռնություն պարունակող ելույթներ ունենալու մեջ, քրեական գործի նյութերից ոչ մեկում չեն մեջբերվել իր ելույթները: Դատարանները բազմիցս օգտագործել են այնպիսի անորոշ արտահայտություններ, ինչպիսիք են «ներկայացված նյութերը» կամ «կոնկրետ ապացույցներ»` որպես հիմնավոր կասկածի առկայությունը հիմնավորող հիմքեր` երբեւէ չկոնկրետացնելով այդ նյութերը կամ ապացույցները: Դիմումատուն ընդունել է, որ ինքը ելույթ է ունեցել հավաքի ժամանակ, սակայն հերքել է հասարակական անկարգություններ կամ իշխանություններին անհնազանդություն ցուցաբերելու որեւէ հրահրում: Նա նշել է, որ եթե ինքն իսկապես նման ելույթներ ունենար, ապա ձայնագրություններն ու տեսագրությունները, անկասկած, կներառվեին գործի նյութերում, քանի որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները, հատկապես Մյասնիկյանի հուշարձանի հարակից տարածքում տեղի ունեցածներն անընդհատ ձայնագրվում էին իշխանությունների կողմից: Այն փաստը, որ նրան ազատությունից զրկելը հիմնված չի եղել հիմնավոր կասկածի վրա, հաստատվել է նաեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կողմից 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններից հետո իրականացված դատավարության մոնիթորինգի ծրագրի արդյունքում ստացված եզրահանգումների հիման վրա, որոնք հիմնվել են նաեւ իր դատավարության մոնիթորինգի վրա: Դատարանների կողմից հիմնավոր կասկածի մասով որեւէ հիմք չտրամադրելն անհամատեղելի է եղել նաեւ Վճռաբեկ դատարանի համապատասխան նախադեպային իրավունքի հետ:
60.2011 թվականի օգոստոսի 30-ին ներկայացված իր դիտարկումներում դիմումատուն հիմնավոր կասկածի ենթադրյալ բացակայության վերաբերյալ իր բողոքում ներառել է նաեւ մինչեւ 2009 թվականի հունիսի 22-ը՝ Վարչական շրջանի դատարանի կողմից իրեն դատապարտելու օրը, դատավարության ընթացքում իրեն կալանքի տակ պահելու փաստը:
61.Կառավարությունը պնդել է, որ դիմումատուին ազատությունից զրկելը հիմնված է եղել նրա կողմից հանցանք կատարելու հիմնավոր կասկածի վրա, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով: Դիմումատուին տարել են ոստիկանության բաժանմունք այն ժամանակ, երբ Երեւանում տեղի էին ունենում բախումներ, եւ ինչպես երեւում է 2008 թվականի մարտի 2-ի՝ «դիմումատուին բերման ենթարկելու մասին» արձանագրությունից, նա կասկածվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ դրանց մասնակցելու մեջ: Բացի այդ, նա բերման ենթարկվելու պահին զինված է եղել ապօրինի զենքով, այն է` մետաղյա ձողով: Ավելին, դիմումատուն հայտնի է եղել որպես Ազատության հրապարակում անցկացվող անօրինական ցույցերի կազմակերպիչներից մեկը եւ անձ, որը հրահրել էր անհնազանդություն ոստիկանության՝ տվյալ ցույցերը դադարեցնելու կարգադրություններին: Այսպիսով, նրան տարել են ոստիկանական բաժանմունք՝ հանցանք կատարելու, այն է՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու իրական կասկածանքով: Քանի որ համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի՝ անհրաժեշտ չէ, որ կասկած առաջացնող փաստերը լինեն նույն մակարդակի, ինչպես այն փաստերը, որոնք անհրաժեշտ են մեղադրանք առաջադրելու կամ դատապարտումը հիմնավորելու համար, այս դեպքում բավարարվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը:
2.Դատարանի գնահատականը
ա)Ընդունելիությունը
62.Դատարանն անհրաժեշտ է համարում նախ որոշել սույն գործով քննվող կալանքի ժամկետը: Այն նշում է, որ Դատարանին ուղղված իր նախնական գանգատում, որը ներկայացվել է 2008 թվականի սեպտեմբերի 20-ին եւ լրացվել 2009 թվականի մարտի 2-ին, դիմումատուն բողոքել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն միայն իր ձերբակալման եւ նախաքննության ընթացքում կալանավորման մասով հիմնավոր կասկածի ենթադրյալ բացակայության (տե՛ս, mutatis mutandis, Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի [Ilgar Mammadov v. Azerbaijan ] գործը, թիվ 15172/13, § 100, 2014 թվականի մայիսի 22), ներառյալ՝ 2008 թվականի հոկտեմբերի 29-ին Վարչական շրջանի դատարանի կողմից այդ հարցի առնչությամբ կայացված վերջին որոշման վերաբերյալ (տե՛ս վերեւում` 33-րդ պարբերությունը): Այս բողոքն ուղարկվել է Կառավարություն: 2011 թվականի օգոստոսի 30-ին Դատարան ներկայացված իր դիտարկումներում դիմումատուն լրացուցիչ բողոք է ներկայացրել` պնդելով նաեւ դատավարության ընթացքում իր կալանավորման առնչությամբ հիմնավոր կասկածի բացակայության մասին: Հետեւաբար դիմումատուի՝ 2008 թվականի դեկտեմբերի 10-ից հետո իր կալանավորման մասով հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ բողոքը պետք է մերժվի, քանի որ ներկայացվել է վեցամսյա ժամկետից հետո, ինչպես նաեւ պետք է մերժի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ կետերի համաձայն (տե՛ս, mutatis mutandis, «R & L, s.r.o»-ն եւ այլք ընդդեմ Չեխիայի Հանրապետության [R & L, s.r.o., and Others v. the Czech Republic] գործը, թիվ 37926/05 եւ եւս 4-ը, §§ 80-83, 2014 թվականի հուլիսի 3):
63.Ինչ վերաբերում է մինչդատական վարույթի ընթացքում դիմումատուի կալանավորման համար հիմնավոր կասկածի ենթադրյալ բացակայությանը, ապա Դատարանը նշում է, որ սույն բողոքն ակնհայտ անհիմն չէ եւ ոչ էլ անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածում թվարկված որեւէ այլ հիմքով: Հետեւաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
բ)Ըստ էության քննությունը
64.Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը պարունակում է ազատությունից զրկելու թույլատրելի հիմքերի սպառիչ ցանկ, որոնք պետք է հստակորեն մեկնաբանվեն: 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն անձը կարող է կալանավորվել միայն քրեական վարույթի համատեքստում` «հանցանք կատարած լինելու» «հիմնավոր կասկածի» հիման վրա նրան իրավասու օրինական մարմին ներկայացնելու նպատակով (տե՛ս Ջեշըսն ընդդեմ Լիտվայի [Jėčius v. Lituia] գործը, թիվ 34578/97, § 50, ՄԻԵԴ 2000‑IX, եւ Ռասուլ Ջաֆարովն ընդդեմ Ադրբեջանի [Rasul Jafarov v. Azerbaijan] գործը, թիվ 69981/14, § 114, 2016 թվականի մարտի 17):
65.Հիմնավոր կասկածի վրա հիմնված ձերբակալումը 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն հիմնավորելու համար անհրաժեշտ չէ, որ ոստիկանությունը ձեռք բերի բավարար ապացույցներ՝ ձերբակալման կամ դիմումատուի` կալանքի տակ գտնվելու ժամանակ մեղադրանք առաջադրելու համար, ոչ էլ անհրաժեշտ է, որ կալանավորված անձին ի վերջո մեղադրանք առաջադրվի, կամ նա կանգնեցվի դատարանի առաջ: Հարցաքննության համար կալանավորման նպատակը քրեական գործի հետագա քննությունն է՝ կալանավորման հիմքեր ապահովող կասկածները հաստատելու կամ դադարեցնելու միջոցով: Այսպիսով, անհրաժեշտ չէ, որ կասկածներ առաջացնող փաստերը լինեն նույն մակարդակի, ինչ այն փաստեը, որոնք անհրաժեշտ են դատապարտումը հիմնավորելու կամ նույնիսկ մեղադրանք առաջադրելու համար, որը տեղի է ունենում քրեական հետաքննության գործընթացի հաջորդ փուլում (տե՛ս վերեւում հիշատակված՝ Իլգար Մամեդովի գործը, § 87, եւ վերեւում հիշատակված՝ Ռասուլ Ջաֆարովի գործը, § 115):
66.Այնուամենայնիվ, պահանջը, որ կասկածը պետք է հիմնված լինի ողջամիտ հիմքերի վրա, կազմում է կամայական ձերբակալումից եւ կալանավորումից պաշտպանվելու երաշխիքի հիմնական մասը: Այն փաստը, որ կասկածը հիմնված է բարեխղճության վրա, բավարար չէ: «Հիմնավոր կասկած» բառերը նշանակում են որոշ փաստերի կամ տեղեկության առկայություն, որոնք կարող են բավարարել օբյեկտիվ դիտորդին, որ տվյալ անձը կարող է կատարած լինել հանցանք, չնայած այն, ինչ կարող է համարվել հիմնավոր, կախված կլինի գործի բոլոր հանգամանքներից (տե՛ս Ֆոքսը, Քեմփբելը եւ Հարթլին ընդդեմ Միացյալ Թագավորության [Fox, Campbell and Hartley v. the United Kingdom] գործը, 1990 թվականի օգոստոսի 30, § 32, շարք Ա թիվ 182, վերեւում հիշատակված՝ Իլգար Մամեդովի գործը, § 88, եւ վերեւում հիշատակված՝ Ռասուլ Ջաֆարովի գործը, § 116):
67.Կասկածի «հիմնավորվածությունը» գնահատելիս Դատարանը պետք է ի վիճակի լինի պարզելու, թե արդյոք 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված երաշխիքի էությունն ապահովված է: Հետեւաբար պատասխանող Կառավարությունը պետք է ներկայացնի առնվազն որոշ փաստեր կամ տեղեկություններ, որոնք կարող են բավարարել Դատարանին, որ ձերբակալված անձը հիմնավոր կերպով է կասկածվել ենթադրյալ հանցանքը կատարելու մեջ (տե՛ս վերեւում հիշատակված՝ Ֆոքսը, Քեմփբելը եւ Հարթլին ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, § 34, վերեւում հիշատակված՝ Իլգար Մամեդովի գործը, § 89, եւ վերեւում հիշատակված՝ Ռասուլ Ջաֆարովի գործը, § 117):
68.Բացի իր փաստական կողմից, որն առավել հաճախ վիճելի հարց է, նման կասկածի առկայությունը լրացուցիչ պահանջում է, որ այն փաստերը, որոնց վրա հիմնվում են, հնարավոր լինի ողջամտորեն դիտարկել որպես ներպետական իրավունքով քրեականացված վարք: Այսպիսով, ակնհայտորեն չէր կարող լինել «հիմնավոր կասկած», եթե կալանավորված անձի դեմ ներկայացված արարքները հանցանք չեն համարվել դրանք կատարելու պահին (տե՛ս Կանձովն ընդդեմ Բուլղարիայի [Kandzhov v. Bulgaria] գործը, թիվ 68294/01, § 57, 2008 թվականի նոյեմբերի 6, եւ վերեւում հիշատակված՝ Ռասուլ Ջաֆարովի գործը, § 118):
69.Դատարանը նշում է, որ սույն գործով դիմումատուն բողոքել է իր դեմ ներկայացված «հիմնավոր» կասկածի բացակայության վերաբերյալ` մինչդատական կալանքի ողջ ժամանակահատվածում, ներառյալ՝ իր ձերբակալմանը հաջորդող սկզբնական ժամանակահատվածում եւ հետագա ժամանակահատվածներում, երբ կալանքը որպես խափանման միջոց թույլատրվել եւ չորս անգամ երկարաձգվել է դատարանի որոշումներով: Այս կապակցությամբ Դատարանը վերահաստատում է, որ ձերբակալված անձի կողմից հանցանք կատարելու հիմնավոր կասկածի պահպանվող առկայությունը նախապայման է նրան շարունակական կալանքի տակ պահելու օրինականության համար (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մքքեյն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [McKay v. the United Kingdom [GC]] գործը, թիվ 543/03, § 44, ՄԻԵԴ 2006‑X): Համապատասխանաբար, թեեւ ձերբակալման եւ նախնական կալանքի պահին պետք է առկա լինի հիմնավոր կասկած, երկարաձգված կալանքի դեպքում պետք է ցույց տրվի նաեւ, որ այդ կասկածը պահպանվել է եւ «հիմնավոր» է եղել կալանքի ամբողջ ընթացքում (տե՛ս վերեւում հիշատակված՝ Իլգար Մամեդովի գործը, § 90, եւ վերեւում հիշատակված՝ Ռասուլ Ջաֆարովի գործը, § 119):
70.Դատարանը պետք է հաշվի առնի բոլոր համապատասխան հանգամանքները` համոզվելու համար, որ գոյություն ունի օբյեկտիվ տեղեկություն, որը ցույց է տալիս, որ դիմումատուի վերաբերյալ կասկածները «հիմնավոր» են եղել: Այս կապակցությամբ Դատարանն ի սկզբանե անհրաժեշտ է համարում հաշվի առնել տվյալ կոնկրետ գործի փաստերի ընդհանուր համատեքստը: Դատարանը նշում է, որ դիմումատուն եղել է ընդդիմադիր քաղաքական գործիչ եւ խորհրդարանի անդամ, որը մասնակցել է Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած հավաքներին, որոնք հաջորդել են 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ենթադրյալ անարդար նախագահական ընտրություններին եւ ավարտվել 2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի իրադարձություններով: Իշխանությունների՝ դրան հաջորդած պատասխան գործողությունները, ներառյալ՝ ընդդիմության մի շարք առաջնորդների եւ կողմնակիցների ձերբակալումն ու կալանավորումը ԵԽԽՎ-ի կողմից դատապարտվել են` որակվելով որպես «ընդդիմության de facto (փաստացի) ճնշում», իսկ նրանցից շատերին հատկապես ՔՕ-ի 225-րդ եւ 300-րդ հոդվածների համաձայն առաջադրված մեղադրանքների առնչությամբ առկա էին կասկածներ, որ դրանք «արհեստական էին եւ ունեին քաղաքական դրդապատճառներ»: ԵԽԽՎ-ն եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը բազմիցս մտահոգություններ են հայտնել այդ հոդվածներով, ինչպես նաեւ ՔՕ-ի 316-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքների բնույթի վերաբերյալ` մի քանի առիթներով նշելով դիմումատուի առանձնահատուկ գործը (տե՛ս վերեւում`
50-55-րդ պարբերությունները): Չնայած Դատարանը կոչված չէ դատական գնահատական տալ ընդհանուր համատեքստին, այնուամենայնիվ, այն գտնում է, որ այս ներածական տեղեկությունները ծայրաստիճան կարեւոր են սույն գործի համար, եւ անհրաժեշտ է համարում հատկապես մանրազնին ուսումնասիրել այն փաստերը, որոնք հիմք են հանդիսացել դիմումատուին առաջադրված մեղադրանքների համար:
71.Անդրադառնալով դիմումատուի կոնկրետ գործին՝ Դատարանը նշում է, որ ոստիկանության կողմից դիմումատուին կալանքի տակ պահելու վերաբերյալ կազմված առաջին իսկ փաստաթուղթը ցույց է տալիս, որ նա արգելանքի է վերցվել, inter alia, «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» կասկածանքով՝ այնուամենայնիվ, առանց որեւէ փաստական մանրամասներ, ինչպես նաեւ հիմքեր կամ ապացույցներ տրամադրելու, որոնք առաջացրել են այդ կասկածը (տե՛ս վերեւում` 17-րդ պարբերությունը): Դիմումատուի ձերբակալման մասին արձանագրությունը կազմվել է նույն ձեւով: Այսպիսով, նշելով, որ դիմումատուն ձերբակալվել է ՔՕ-ի 300-րդ հոդվածի համաձայն՝ «իշխանության յուրացում» կատարելու կասկածանքով, այն է՝ գործողություններ՝ ուղղված բռնի ուժով պետական իշխանության զավթմանը կամ սահմանադրական կարգի բռնի տապալմանը, այնուամենայնիվ, չի նշվել որեւէ կոնկրետ արարք, որը դիմումատուն ենթադրաբար կատարել է այդ դրույթի իմաստով, կամ որեւէ ապացույց, որի վրա հիմնված է եղել այդ կասկածը (տե՛ս վերեւում՝ 18-րդ պարբերությունը):
72.Ավելի ուշ Գլխավոր դատախազը դիմումատուին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով դիմել է Հայաստանի խորհրդարան՝ այդ հոդվածով, ինչպես նաեւ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 3-րդ մասով նրան մեղադրանք առաջադրելու համար, որը պատիժ էր սահմանում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար` ներառելով սպանության ծանրացնող հանգամանք: Նմանապես, այդ փաստաթղթում չի ներկայացվել դիմումատուի կողմից ենթադրաբար կատարված արարքների որեւէ փաստական մանրամասն տեղեկություն կամ որեւէ ապացույց, որի վրա հիմնված են եղել այդ կասկածները: Գլխավոր դատախազի պահանջում, որում նշվում էր, որ դիմումատուն հրապարակային կոչեր է արել՝ բռնություն հրահրելով, չի ներկայացվել այդպիսի կոչերի որեւէ օրինակ կամ հղում: Զանգվածային անկարգությունների կազմակերպման վերաբերյալ պնդմամբ, որը դիմումատուն ենթադրաբար կատարել էր «ուղղորդման, մասնակցության, դրդման եւ տարբեր տեսակի օժանդակության միջոցներով, ներառյալ՝ հարձակվողների հավաքագրումը եւ զինումը», կրկին չի ապահովվել որեւէ մանրամասն տեղեկություն, ներառյալ՝ ենթադրյալ մասնակցության, դրդման եւ աջակցության բնույթը, ենթադրյալ հավաքագրման եղանակը եւ այդ կերպ հավաքագրված անձանց թիվը կամ ինքնությունը (տե՛ս վերեւում՝ 19-րդ պարբերությունը): Ավելին, այդ պահանջում 2008 թվականի փետրվարի 20-ից մարտի 2-ն ընկած ամբողջ ժամանակահատվածում Երեւանում տեղի ունեցած բոլոր ցույցերը պիտակավորվում էին որպես «զանգվածային անկարգություններ»: Այս կապակցությամբ Դատարանը հաշվի է առնում, որ այն արդեն իսկ հանգամանորեն ուսումնասիրել է Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի հանգամանքները, որը տեղի է ունեցել 2008 թվականի փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ի առավոտյան, եւ գտել է, որ այն խաղաղ է անցել՝ առանց բռնության հրահրման կամ բռնություն պարունակող արարքների, եւ, ըստ էության, հարթակ է տրամադրել քաղաքական մեծ կարեւորություն ունեցող հարցի վերաբերյալ արտահայտվելու համար, որն անմիջականորեն կապված էր ժողովրդավարության գործունեության հետ եւ լուրջ մտահոգություն էր առաջացնում հայ հասարակության լայն շերտերի համար (տե՛ս վերեւում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 230-233 եւ 246):
73.Պարզվում է, որ նույն մոտեցումն է կիրառվել 2008 թվականի մարտի 5-ին դիմումատուին առաջադրված մեղադրանքում: Ազատության հրապարակում կայացած հավաքը ներկայացվել է որպես իշխանության յուրացման ծրագրի մաս, որը դիմումատուի կողմից դավադրությամբ կազմակերպվել եւ իրականացվել է ընդդիմության այլ առաջնորդների հետ: Այնուամենայնիվ, դիմումատուին վերագրված հատուկ արարքները, որոնք նա ենթադրաբար կատարել է այդ ծրագրի իրականացման ընթացքում, ինչպիսիք են «նախընտրական գործընթացի եւ ընտրությունների անցկացման վարկաբեկումը», «ընտրությունների օրինականությունը կասկածի տակ դնելը», «բնակչության լայն շերտերի շրջանում արդյունքների նկատմամբ անվստահություն սերմանելը» եւ նմանատիպ այլ արարքներ, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, Դատարանի կարծիքով, կարծես թե այլ բան չեն, քան նախագահական ընտրությունների իրականացման շուրջ հանրային բանավեճի համատեքստում կարծիքի արտահայտման իրավաչափ օրինակներ, ներառյալ՝ այդ կապակցությամբ հնչած քննադատությունը: Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ այդ ընթացքում դիմումատուն «հրահրել եւ կազմակերպել է զանգվածային անկարգություններ, որոնք տեղի են ունեցել Երեւանում 2008 թվականի մարտի 1-2-ը», ապա սա կրկին չի հիմնավորվել որեւէ փաստական մանրամասն տեղեկությամբ կամ ապացույցով (տե՛ս վերեւում` 21-րդ պարբերությունը):
74.Դատարանն այնուհետեւ նշում է, որ դիմումատուի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը պահանջելիս քննիչը հիմնվել է բացառապես 2008 թվականի մարտի 5-ի մեղադրանքի վրա: Ի հակադրություն Կառավարության պնդման՝ ոչինչ չի կարող ենթադրել, որ քննիչի դիմումին կցված է եղել եւ դատարան է ներկայացվել որեւէ ապացույց (տե՛ս վերեւում՝ 23-րդ պարբերությունը): Ավելին, քննիչի դիմումը քննող առաջին ատյանի դատարանը չի կատարել որեւէ քննություն՝ հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ, դիմումատուի մինչդատական կալանքը թույլատրելիս կամ երկարաձգելիս (տե՛ս վերեւում՝ 25-րդ եւ 29-րդ պարբերությունները): Վերաքննիչ դատարանն իր հերթին հաստատել է հիմնավոր կասկածի առկայությունը` անորոշ կերպով հղում կատարելով «կոնկրետ ապացույցների» եւ որոշ չճշտված «ներկայացված նյութերի»:
75.Ամփոփելով, դիմումատուին առաջադրված մեղադրանքները կազմվել են շատ ընդհանուր եւ վերացական ձեւակերպումներով` առանց նրա կողմից ենթադրաբար կատարված արարքների վերաբերյալ որեւէ կոնկրետ փաստական մանրամասների, որոնք կարող էին համարվել որպես ՔՕ-ի 225-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 300-րդ հոդվածի սահմաններում իրականացված, եւ չեն հիմնավորվել որեւէ ապացույցով, լինեն դրանք վկաների ցուցմունքներ կամ այլ նյութեր: Նման փաստեր կամ ապացույցներ երբեւէ չեն ներկայացվել նաեւ ներպետական դատարաններ եւ չեն քննվել դրանց կողմից, որոնք որոշում են կայացրել դիմումատուի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին: Դիմումատուն հետեւողականորեն պահանջ է ներկայացրել ներպետական դատարաններ, իսկ հետագայում նաեւ Դատարան՝ պնդելով, որ գոյություն չունի որեւէ տեղեկություն կամ ապացույց, որն առաջ է քաշում հիմնավոր կասկած առ այն, որ ինքը կատարել է այն քրեական հանցանքներից որեւէ մեկը, որոնց համար իրեն մեղադրանք է առաջադրվել: Կառավարությունը չի ներկայացրել որեւէ հատուկ փաստարկ՝ դիմումատուի պնդումը հերքելու համար. նրանց հիմնական պնդումը վերաբերում էր այն հայտարարությանը, որ դիմումատուն «հայտնի էր որպես Ազատության հրապարակում անցկացվող անօրինական ցույցերի կազմակերպիչներից մեկը եւ անձ, որը հրահրել էր անհնազանդություն ոստիկանության՝ տվյալ ցույցերը դադարեցնելու կարգադրություններին»: Այսպիսով, Դատարանի կարծիքով տվյալ տեղեկությունը չէր կարող բավարար համարվել` համոզելու օբյեկտիվ դիտորդին, որ դիմումատուն կարող էր կատարած լինել այն հանցանքները, որոնց համար իրեն մեղադրանք էր առաջադրվել:
76.Դատարանը նշում է, որ դիմումատուն քրեական հետապնդման է ենթարկվել եւ կալանավորվել է այդպիսի անորոշ հիմքերով ավելի քան վեց ամիս, մինչեւ նրան նոր եւ որոշակիորեն ավելի մանրամասն մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի օգոստոսի 29-ին (տե՛ս վերեւում՝ 32-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, չի կարելի ասել, որ նույնիսկ այդ փաստաթուղթը պարունակում էր բավարար տեղեկություններ 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի պահանջները բավարարելու համար՝ հատկապես հաշվի առնելով, որ այն ներկայացվել էր քննություններից ավելի քան վեց ամիս հետո:
77.Նախ, դիմումատուին ներկայացված մեղադրանքներից շատերը դեռեւս ներկայացված էին անորոշ ձեւով՝ առանց բավարար փաստական մանրամասների: Դիմումատուի կողմից ենթադրաբար կատարված «սադրիչ ելույթների», «պետական իշխանության բռնի զավթման» դրդման, «ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցույց տալու եւ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու» հրամանների եւ նմանատիպ այլ արարքների օրինակներ կամ մեջբերումներ չեն ներկայացվել:
78.Երկրորդ, եւ որ ավելի կարեւոր է, դիմումատուի դեմ ներկայացված պնդումները, ներառյալ՝ որոշ ավելի լուրջ պնդումներ, ինչպիսիք են նրա՝ Մյասնիկյանի հուշարձանի հարակից տարածքում ենթադրաբար բռնություն հրահրելը, չեն հիմնավորվել անգամ մեկ ապացույցով: Դիմումատուի նկատմամբ կասկածները հաստատող որեւէ ապացույց չի բերվել կամ կցվել, եւ պարզ չէ, թե ինչ հիմքերով է ենթադրվում, որ դիմումատուն կատարել է նշված արարքները:
79.Երրորդ, 2008 թվականի օգոստոսի 29-ին առաջադրված մեղադրանքը ներկայացնելուց հետո դիմումատուի մինչդատական կալանքը երկարաձգվել է միայն մեկ անգամ, այն է` 2008 թվականի հոկտեմբերի 29-ին, բայց նույնիսկ այդ ժամանակ ներպետական դատարանը չի քննել հիմնավոր կասկածի առկայության հարցը: Հետեւաբար մինչդատական կալանքի այդ փուլում նույնպես համապատասխան փաստական մանրամասներ կամ ապացույցներ չեն ներկայացվել կամ քննվել:
80.Վերջապես, Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեի կողմից լուրջ կասկածներ են հնչել այն վարկածի վերաբերյալ, համաձայն որի 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած իրադարձությունները եղել են ընդդիմության առաջնորդների կողմից ծրագրված եւ կազմակերպված՝ պետական իշխանությունը բռնի ուժով զավթելու կամ այլ կերպ ասած՝ հեղաշրջում իրականացնելու փորձի մի մաս, եւ ըստ էության, այդպիսի քրեական հետապնդումները հավանաբար ունեցել են քաղաքական դրդապատճառներ (տե՛ս վերեւում` 53-րդ պարբերությունը): Դատարանն ինքն ավելի վաղ եզրակացրել էր, որ առկա չեն համոզիչ ապացույցներ այն մասին, որ Ազատության հրապարակում տեղի է ունեցել զենքի կուտակում՝ զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով (տե՛ս վերեւում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 230 եւ 245): Այն մերժել է այն պնդումները, որ ոստիկանությունը տեղակայվել է Ազատության հրապարակում՝ զենքի ստուգում իրականացնելու համար, եւ որ զինված ցուցարարներն առաջինն են հարձակվել, եւ գտել է, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ոստիկանության գործողության հիմնական, եթե ոչ միակ նպատակը Ազատության հրապարակում հավաքը ցրելն էր, եւ որ այնտեղ տեղի ունեցած ցանկացած բախում, հավանաբար, պայմանավորված է եղել հավաքը դադարեցնելու նպատակով ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումներով, ներառյալ՝ ենթադրաբար ոչ համաչափ ուժի գործադրումը` ի հակադրություն կանխամտածված գործողությունների (նույն տեղում, §§ 232, 245 եւ 247): Գոյություն ունեն մի շարք արժանահավատ զեկույցներ, ըստ որոնց Մյասնիկյանի հուշարձանի տարածքում մարդկանց հավաքը, այդ թվում՝ ավելի ուշ նրանց զինումն ինքնաբուխ եւ չկազմակերպված զարգացումներ էին, եւ որ այդ օրն ավելի ուշ բռնության սրացումը կարող էր նույն կերպ պատասխան հանդիսանալ ցուցարարների՝ Ազատության հրապարակից ցրելու գործողություններին, ներառյալ դրա ծանր բնույթը, ինչպես նաեւ մի շարք այլ նմանատիպ կամ անվերահսկելի իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել ավելի ուշ այդ օրը (տե՛ս վերեւում` 49-57-րդ պարբերությունները): Դատարանը նշում է, որ Կառավարությանը չի հաջողվել սույն գործով որեւէ ապացույց ներկայացնել, ինչը կդրդի նրան կասկածել վերոհիշյալ զեկույցների կամ Մուշեղ Սաղաթելյանի գործով ձեռք բերված եզրահանգումների իսկությանը:
81.Դատարանը հաշվի է առնում այն փաստը, որ դիմումատուի գործը հանձնվել է դատաքննության: Այնուամենայնիվ, դա չի ազդում սույն բողոքի առնչությամբ Դատարանի եզրահանգումների վրա, երբ կոչ է արվում դիտարկել, թե արդյոք նախաքննության ընթացքում դիմումատուին ազատությունից զրկելն արդարացված է եղել այդ ժամանակ հասանելի տեղեկությունների կամ փաստերի հիման վրա (տե՛ս, mutatis mutandis, վերեւում հիշատակված՝ Իլգար Մամեդովի գործը, §100, եւ վերեւում հիշատակված՝ Ռասուլ Ջաֆարովի գործը, § 133): Այս առումով, հաշվի առնելով վերոնշյալ վերլուծությունը, Դատարանը գտնում է, որ իրեն ներկայացված նյութերը չեն համապատասխանում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված՝ անհատի ձերբակալման եւ շարունակական կալանքի տակ պահելու համար անհրաժեշտ կասկածի հիմնավորվածության մասով նվազագույն չափանիշին: Համապատասխանաբար, այն ժամանակահատվածում, որը Դատարանը դիտարկում է սույն գործում, դիմումատուն զրկված է եղել ազատությունից՝ հանցանք կատարելու մեջ «հիմնավոր կասկածի» բացակայության պայմաններում:
82.Համապատասխանաբար տեղ է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի խախտում։
Բ.Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետ
83.Վերոնշյալ եզրահանգումն անհարկի է դարձնում գնահատել, թե արդյոք ներպետական դատարանները համապատասխան եւ բավարար պատճառներ են ներկայացրել դիմումատուի շարունակական կալանքի համար, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով, կամ արդյոք դիմումատուին գրավով ազատ արձակելը մերժելու հետեւանքով խախտվել է այդ դրույթը: Հետեւաբար Դատարանն անհրաժեշտ չի համարում առանձին քննության առնել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի շրջանակներում որեւէ հարց (տե՛ս վերեւում հիշատակված՝ Իլգար Մամեդովի գործը, §102, եւ վերեւում հիշատակված՝ Ռասուլ Ջաֆարովի գործը, § 135):
II.ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
84.Դիմումատուն բողոքել է, որ կալանավորման կապակցությամբ դատական վարույթը մրցակցային չի եղել եւ չի ապահովել կողմերի հավասարությունը: Մասնավորապես Վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի մարտի 21-ի որոշման մեջ նշված «կոնկրետ ապացույցները» երբեք չեն ներկայացվել իրեն: Դիմումատուն հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի վրա, որն ունի հետեւյալ բովանդակությունը.
«4.Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում եւ կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»։
85.Կառավարությունը վիճարկել է այդ բողոքը։
86.Դատարանը վերահաստատում է, որ կալանավորման դեմ բողոքը քննելիս դատարանը պետք է տրամադրի դատական գործընթացի երաշխիքներ։ Վարույթը պետք է լինի մրցակցային եւ միշտ պետք է ապահովի «կողմերի հավասարություն» կողմերի, մեղադրողի եւ կալանավորի միջեւ։ Կողմերի հավասարությունն ապահովված չէ, եթե իրավախորհրդատուին մերժում են տրամադրել այդ նախաքննական գործում առկա փաստաթղթերը, որոնք կարեւոր են նրա վստահորդին կալանքի տակ պահելու օրինականությունն արդյունավետորեն վիճարկելու համար (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Նիկոլովան ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Nikolova v. Bulgaria [GC]], թիվ 31195/96, § 58, ՄԻԵԴ 1999‑II, եւ Գարսիա Ալվան ընդդեմ Գերմանիայի [Garcia Alva v. Germany], թիվ 23541/94, § 39, 2001 թվականի փետրվարի 13)։
87.Դատարանը նշում է, որ այս առնչությամբ դիմումատուի պնդումները որոշ չափով հակասական են՝ պնդելով, որ մի կողմից՝ անորոշ կերպով վկայակոչելով «կոնկրետ ապացույցները», որոնք հիմնավորում էին հիմնավոր կասկածի առկայությունը Վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի մարտի 21-ի որոշման մեջ, ենթադրվում է, որ այդպիսի ապացույց գոյություն չունի (տե՛ս վերեւում` 59-րդ պարբերությունը), իսկ մյուս կողմից, որ վարույթը մրցակցային չի եղել, քանի որ նման ապացույց իրեն չի ներկայացվել: Դատարանը, այնուամենայնիվ, հաշվի է առնում վերեւում արված իր եզրահանգումը, որ դիմումատուին առաջադրված մեղադրանքները եւ նրա մինչդատական կալանքը հիմնված չեն եղել որեւէ կոնկրետ ապացույցի վրա, եւ որ այդպիսի ապացույց երբեւէ չի ներկայացվել դատարաններ (տե՛ս վերեւում` 72-75-րդ պարբերությունները): Այս հանգամանքներում դիմումատուի` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետով երաշխավորված իրավունքների խախտում չի նկատվում:
88.Հետեւաբար գանգատի այս մասն ակնհայտ անհիմն է եւ պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետին եւ 4-րդ կետին համապատասխան։
III.ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
89.Վերջապես, դիմումատուն ներկայացրել է մի շարք այլ բողոքներ՝ Կոնվենցիայի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ եւ 11-րդ հոդվածներով։
90.Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը եւ այնքանով, որքանով այդ բողոքները գտնվում են իր իրավասության շրջանակներում, Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով սահմանված իրավունքների եւ ազատությունների խախտման որեւէ դեպք։ Այսպիսով հետեւում է, որ գանգատի այս մասը պետք է մերժվի ակնհայտ անհիմն լինելու պատճառով՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի։
IV.ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
91.Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա.Վնասը
92.Դիմումատուն պահանջել է ընդհանուր 18 610 400 ՀՀ դրամ` որպես նյութական վնասի հատուցում, այդ թվում՝ 2 740 400 դրամ` սննդի ծանրոցների եւ տրանսպորտային ծախսերի համար, որոնք կրել է իր ընտանիքը, ինչպես նաեւ 15 870 000 դրամ` աշխատավարձի կորստի եւ աշխատանքային ծախսերի համար, որոնք նա կստանար որպես Խորհրդարանի անդամ իր ձերբակալման ամսաթվի` 2008 թվականի մարտի 2-ի եւ իր լիազորությունների ավարտի՝ 2012 թվականի մայիսի 12-ի միջեւ ընկած ժամանակահատվածում, քանի որ նրա ամսական աշխատավարձը կազմում էր 300 000 դրամ: Նա նաեւ պահանջել է 70 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
93.Կառավարությունը նշել է, որ սննդի ծանրոցների եւ տրանսպորտի ծախսերը որեւէ ապացույցով հիմնավորված չեն: Բացի այդ, այս ենթադրյալ ծախսերը կրել է ոչ թե դիմումատուն, այլ նրա ընտանիքը: Ինչպես նաեւ չի ներկայացվել որեւէ պատճառահետեւանքային կապ այս ծախսերի եւ դիմումատուի կալանավորման միջեւ: Ինչ վերաբերում է կորցրած աշխատավարձի մասով պահանջին, ապա դիմումատուի կողմից ժամանակահատվածի հաշվարկը հիմնավոր չէ, քանի որ նա կալանավորված է եղել միայն 15 ամիս` մասնավորապես 2008 թվականի մարտից մինչեւ 2009 թվականի հունիսը: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի մասով պահանջին, ապա առկա չէ որեւէ ապացույց, որ դիմումատուն կրել է այդպիսի վնաս կամ որեւէ պատճառահետեւանքային կապ ենթադրյալ խախտման եւ այն վնասի միջեւ, որի մասով պահանջ է ներկայացվել:
94.Դատարանը նշում է, որ սննդի ծանրոցների եւ տրանսպորտի հետ կապված ենթադրյալ ծախսերը չեն հիմնավորվում որեւէ ապացույցով, եւ ցանկացած դեպքում տվյալ ծախսերը ենթադրաբար կրել է դիմումատուի ընտանիքը, որոնք սույն գործով դիմումատուներ չեն եւ հետեւաբար չեն կարող համարվել հայտնաբերված խախտման հետեւանքով ուղղակի ազդեցություն կրած անձինք (տե՛ս Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Harutyunyan v. Armenia] գործը, թիվ 36549/03, § 71, ՄԻԵԴ 2007‑III): Հետեւաբար Դատարանը մերժում է այս պահանջը։ Ինչ վերաբերում է կորցրած աշխատավարձի մասով պահանջին, ապա Դատարանը նշում է, որ սույն գործով քննվող ժամանակահատվածը վերաբերում է դիմումատուի մինչդատական կալանքին, որը տեւել է ինն ամիս: Այսպիսով, այն մասամբ է բավարարում այս պահանջը` շնորհելով 5 085 եվրո փոխհատուցում՝ կորցրած աշխատավարձի համար: Բացի այդ, Դատարանը դիմումատուին շնորհում է 7 500 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ:
Բ.Ծախսերը եւ ծախքերը
95.Դիմումատուն պահանջել է նաեւ 3 000 000 դրամ` ներպետական դատարաններում եւ Դատարանում կրած ծախսերի ու ծախքերի համար՝ որպես հիմնավորում ներկայացնելով իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի պատճենը, որից 500 000 դրամն արդեն վճարվել է փաստաբանին, իսկ մնացածը ենթակա էր վճարման՝ Դատարանում վարույթի նպաստավոր ելքի դեպքում:
96.Կառավարությունը նշել է, որ այդ գումարից միայն 500 000 դրամը կարող է համարվել փաստացի կրած, եւ ցանկացած դեպքում անգամ այդ գումարը չափազանցված եւ անհիմն էր:
97.Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, եւ որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործի շրջանակներում, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը եւ իր նախադեպային իրավունքը, Դատարանը ողջամիտ է համարում շնորհել 2 000 եվրո՝ բոլոր կետերով կրած ծախսերի համար։
Գ.Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
98.Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ՝
1.Միաձայն հայտարարում է ընդունելի դիմումատուի ձերբակալումն ու մինչդատական կալանքը հիմնավորող հիմնավոր կասկածի ենթադրյալ բացակայությանը, նրա կալանավորման համար համապատասխան եւ բավարար պատճառներ ենթադրաբար չներկայացնելուն, ինչպես նաեւ դիմումատուին գրավի դիմաց ազատ արձակելու պահանջի մերժմանն առնչվող բողոքները, իսկ գանգատի մնացած մասը` անընդունելի.
2.Միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի խախտում այն առումով, որ դիմումատուի ձերբակալումն ու մինչդատական կալանքը հիմնված չեն եղել հիմնավոր կասկածի վրա.
3.Ձայների՝ վեց կողմ եւ մեկ դեմ հարաբերակցությամբ վճռում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված բողոքները քննելու անհրաժեշտություն չկա.
4.Ձայների՝ վեց կողմ եւ մեկ դեմ հարաբերակցությամբ վճռում է, որ՝
ա)պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետեւյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i)նյութական վնասի դիմաց՝ 5 085 եվրո (հինգ հազար ութսունհինգ եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii)ոչ նյութական վնասի դիմաց՝ 7 500 եվրո (յոթ հազար հինգ հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
iii)ծախսերի եւ ծախքերի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ)վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
5.Ձայների՝ վեց կողմ եւ մեկ դեմ հարաբերակցությամբ մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ եւ 3-րդ կետերի։
Ռենատա Դեգեներ
Քրշիշթոֆ Վոյտիչեկ
Քարտուղարի տեղակալ
Նախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետին եւ Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետին համապատասխան՝ այս վճռին կից ներկայացվում են հետեւյալ առանձին կարծիքները.
ա)դատավոր Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսի մասամբ չհամընկնող կարծիքը,
բ)դատավոր Թիմ Այքեի մասամբ չհամընկնող կարծիքը:
Կ.Վ.Օ.
Ռ.Դ.
ԴԱՏԱՎՈՐ ՍԻՑԻԼԻԱՆՈՍԻ ՄԱՍԱՄԲ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
1.Ես համաձայն եմ մեծամասնության հետ՝ եզրափակիչ մասի բոլոր կետերի վերաբերյալ՝ բացառությամբ 3-րդ կետի, որի համաձայն` «Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված բողոքները քննելու անհրաժեշտություն չկա»: Վճռի 83-րդ կետում այնուհետեւ նշվում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի խախտման հայտնաբերումն անհարկի է դարձնում գնահատել, թե արդյոք ներպետական դատարանները համապատասխան եւ բավարար պատճառներ են ներկայացրել դիմումատուի շարունակական կալանքի համար, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով, կամ արդյոք դիմումատուին գրավով ազատ արձակելը մերժելու հետեւանքով խախտվել է այդ դրույթը: Հետեւաբար Դատարանն անհրաժեշտ չի համարում առանձին քննության առնել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի շրջանակներում որեւէ հարց [հղումները բաց են թողնված]»:
2.Ճիշտ է, որ Վալենտին Կամպեանուի անունից հանդես եկող Իրավաբանական ռեսուրսներ կենտրոնն ընդդեմ Ռումինիայի [Centre for Legal Resources on behalf of Valentin Câmpeanu v. Romania] ([ՄՊ], թիվ 47848/08, ՄԻԵԴ 2014) գործով Մեծ պալատի վճռից հետո Դատարանը հաճախ է կիրառել այսպես կոչված «Կամպեանուի բանաձեւ» արտահայտությունը, որպեսզի in extenso (ամբողջ ծավալով) չքննի արտաքին կամ երկրորդական բողոքները կամ այն բողոքները, որոնք այս կամ այն կերպ ներառված են հիմնական բողոքի մեջ: Այս մոտեցումը հասկանալի է վճռի շահավետության տեսանկյունից եւ կարող է նպաստել գլխավոր հարցերին ավելի մեծ ուշադրություն դարձնելուն եւ այդպիսով վճռի հստակությանը: Սակայն, իմ կարծիքով, այս բանաձեւը պետք է կիրառվի միայն վերոնշյալ հանգամանքների պարագայում, այն է` արտաքին կամ երկրորդական բողոքներ կամ այնպիսի բողոքներ, որոնք այս կամ այն կերպ ներառված են հիմնական բողոքի մեջ, քանի որ հակառակ դեպքում այն կարող է դիմումատուի կողմից որոշակի առումով ընկալվել որպես մասնակիորեն «արդարադատության մերժում»: Պետք է հաշվի առնել նաեւ, որ դրա կիրառումը ազդում է նաեւ արդարացի փոխհատուցման չափի վրա: Բացի այդ, «Կամպեանուի բանաձեւ» արտահայտությունը պետք է օգտագործվի հետեւողականորեն, այսինքն` եթե Դատարանը որոշում է կիրառել այն տվյալ գործով, ապա այն պետք է կիրառի նաեւ համանման գործերով եւ հակառակը:
3.Ես վստահ չեմ, որ սույն գործի շրջանակներում վերոնշյալ պայմանները բավարարված են: 5-րդ հոդվածի 3-րդ կետին առնչվող հարցը ոչ արտաքին է, ոչ երկրորդական: Բացի այդ, չնայած 5-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի խախտում հայտնաբերելուն` 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման մասով համանման բողոք է քննվել Հայաստանի դեմ երկու այլ գործերով (տե՛ս Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի [Jhangiryan v. Armenia] գործը, թիվ 44841/08 եւ 63701/09, §§ 89‑92, 2020 թվականի հոկտեմբերի 8, եւ Սմբատ Այվազյանն ընդդեմ Հայաստանի [Smbat Ayvazyan v. Armenia] գործը, թիվ 49021/08, §§ 86-91, 2020 թվականի հոկտեմբերի 8), եւ հայտնաբերվել է այս դրույթի խախտում (որը նույնպես, Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն, ազդել է արդարացի փոխհատուցման վրա): Դիտարկվող գործերը վերաբերում են փաստերի նույն ամբողջությանը եւ մեծապես նման են սույն գործին: Այս հանգամանքներում ես դժվարանում եմ համաձայնվել մեծամասնության հետ եւ համարել, որ 5-րդ հոդվածի 3-րդ կետով ներկայացված բողոքի քննությունն այս գործով «անհրաժեշտ չէր»:
ԴԱՏԱՎՈՐ ԱՅՔԵԻ ՄԱՍԱՄԲ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
1.Պալատը լիովին համաձայն էր, որ այս դեպքում տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի հստակ խախտում այն հիմնավորմամբ, որ դիմումատուի ձերբակալումն ու մինչդատական կալանքը հիմնված չեն եղել հիմնավոր կասկածի վրա:
99.Այնուամենայնիվ, ես չեմ կարող համաձայնել, որ նպատակահարմար էր այս գործի հանգամանքներում եւ մեզ ներկայացված նյութերի հիման վրա, Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն, նյութական վնասի փոխհատուցում շնորհել՝ կապված իր աշխատավարձի ենթադրյալ կորստի հետ` որպես Խորհրդարանի անդամ: Իրականում, ինձ թվում է, որ այս վճիռը լրացուցիչ օրինակ է այն խնդրի, որը հայտնաբերվել է Մասամբ չհամընկնող համատեղ կարծիքի մեջ, որը ես գրել եմ դատավորներ Լեմմենսի եւ Կոսկելոյի հետ՝ Մոլլա Սալին ընդդեմ Հունաստանի (արդարացի փոխհատուցում) [ՄՊ] [Molla Sali v. Greece (just satisfaction) [GC]] գործով, թիվ 20452/14, 2020 թվականի հունիսի 18: Այդ Մասամբ չհամընկնող համատեղ կարծիքի 4-րդ պարբերության մեջ մենք նշել ենք, որ «մեծամասնությունը խուսափել է բախվել որոշ ավելի բարդ հարցերի, որոնք ծագում են Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն նյութական վնասի գնահատման համատեքստում: ..., Դատարանի վճիռների համատեքստում, որոնցում ընդունելիությունը, գործի էությունը եւ արդարացի փոխհատուցումը գրեթե անփոփոխ կերպով դիտարկվում են միասին, բողոքի արդարացի փոխհատուցման հայեցակետին հաճախ միայն առավել մակերեսային ուշադրություն է դարձվում, գրեթե որպես լրացուցիչ միտք՝ առանց կիրառելի իրավական սկզբունքների մանրամասն մեկնաբանման կամ վկայակոչման»:
100.Թեեւ այստեղ հարցը բազմաթիվ առումներով շատ ավելի պարզ էր, քան Մոլլա Սալիի գործում, ցավոք, նույնը ճիշտ է նաեւ սույն գործում:
101.Դիմումատուի՝ նյութական վնասի փոխհատուցման հայցը վերլուծելու համար հարմար (եւ այս պարագայում բավարար) հիմք է 2007 թվականի մարտի 28-ի Գործնական ցուցումները՝ «Արդարացի փոխհատուցման պահանջներ» վերտառությամբ[1]: Դատարանի կանոնակարգի 32-րդ կանոնի համաձայն Դատարանի նախագահի կողմից հաստատված այդ Գործնական ցուցումների մեջ հստակ ասվում է, որ «Պահանջ ներկայացնողներին զգուշացվում է, որ Կոնվենցիայից եւ Դատարանի կանոնակարգից բխող պաշտոնական եւ նյութաիրավական պահանջների համապատասխանությունն արդարացի փոխհատուցման շնորհման պայման է» (4-րդ պարբերություն), եւ այնուհետեւ հաստատում է հետեւյալ հիմնական պահանջները, որոնք վերաբերում են արդարացի փոխհատուցման (այդ թվում՝ նյութական վնասի փոխհատուցման) ցանկացած պահանջի (եւ դրան հաջորդող շնորհման).
«5. ... Դատարանը պահանջում է, որ հատուկ պահանջները հիմնավորված լինեն համապատասխան փաստաթղթային ապացույցով, ինչը չանելու դեպքում այն կարող է արդարացի փոխհատուցում չշնորհել: ....
...
1.Վնասն ընդհանուր առմամբ
7.Պետք է հստակ պատճառահետեւանքային կապ հաստատվի ենթադրյալ խախտման եւ այն վնասի միջեւ, որի առնչությամբ պահանջ է ներկայացվում: Դատարանին չի բավարարի ենթադրյալ խախտման եւ վնասի միջեւ առկա զուտ աննշան կապը, ոչ էլ միայն այն ենթադրությունը, թե ինչ կարող էր պատահել:
8.Վնասի փոխհատուցում կարող է շնորհվել այնքանով, որքանով վնասը հայտնաբերված խախտման հետեւանք է: Փոխհատուցում չի կարող շնորհվել այն վնասի համար, որը պատճառվել է այնպիսի իրադարձությունների կամ իրավիճակների արդյունքում, որոնք Կոնվենցիայի խախտում չեն համարվել, կամ այն վնասի համար, որը կապված է վարույթի ավելի վաղ փուլում անընդունելի հայտարարված բողոքների հետ:
...
2.Նյութական վնասը
...
11.Դիմումատուն ինքը պետք է ապացուցի, որ նյութական վնասն առաջացել է ենթադրյալ խախտման կամ խախտումների արդյունքում: Դիմումատուն պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթեր` ապացուցելու, որքանով հնարավոր է, ոչ միայն վնասի առկայությունը, այլ նաեւ չափը կամ արժեքը»:
102.Ցավոք, դիմումատուի՝ նյութական վնասի փոխհատուցման պահանջը չի բավարարում այս պահանջներից որեւէ մեկին: Դատարանում ներկայացրած իր դիտարկումներում դիմումատուն չի արել ավելին, քան պնդելը, որ՝
«որպես Խորհրդարանի անդամ [նա] ստանում էր 300 000 դրամի չափով ամսական աշխատավարձ: Այս դրույքաչափը սահմանվում է «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն: Այն փաստի պատճառով, որ դիմումատուն ձերբակալվել, կալանավորվել եւ դատապարտվել է անօրինականորեն, հաշվարկման ժամկետը սկսվում է 2008 թվականի մարտի 2-ին նրան ձերբակալելու պահից... Դիմումատուն չի ստացել իր աշխատավարձը ձերբակալման օրվանից մինչեւ հիմա եւ նա չի ստանա իր աշխատավարձը մինչեւ ... »:
103.Այս պնդումը, այնուամենայնիվ, չի հիմնավորվել ո՛չ փաստերի կամ հայտարարված կորստի վերաբերյալ որեւէ ապացույցով, ոչ էլ որեւէ ապացույցով (կամ փաստարկով), որ այն, իսկապես, ակնհայտորեն առաջացել էր նրա ձերբակալման եւ մինչդատական կալանքի մասով հայտնաբերված` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի խախտմամբ:
104.Դիմումատուն ենթադրաբար կրած կորստի առնչությամբ ընդհանրապես որեւէ ապացույց չի ներկայացրել` լինի դա օրենքի կամ Հայաստանի Ազգային ժողովի կանոնակարգի դրույթի տեսքով, որը մատնանշում է Խորհրդարանի անդամի ձերբակալման պահից աշխատավարձի իրավունքի ավտոմատ դադարեցումը, նրա ձերբակալման արդյունքում նրա աշխատավարձի վճարումների դադարեցման մասին խորհրդարանական իշխանությունների որեւէ հրաման կամ նույնիսկ քաղվածքներ բանկային հաշիվներից, որոնք ցույց են տալիս, որ նրա աշխատավարձի կանոնավոր վճարումները դադարեցվել են: Մասնավորապես Խորհրդարանի անդամի, այսինքն՝ ժողովրդավարական կարգով ընտրված պաշտոնատար անձի համատեքստում Դատարանը խիստ աննպատակահարմար է համարում (եւ անմեղության կանխավարկածին ոչ համապատասխան) ապացույցի բացակայության պարագայում ենթադրելու, որ ակնհայտորեն օրինական ձերբակալումը եւ (կամ) կալանքը ինքնաբերաբար հանգեցնում է տվյալ ընտրված պաշտոնի իրականացման հետ կապված վճարման ենթակա աշխատավարձի կորստի:
105.Հստակ եւ ուղղակի պատճառահետեւանքային կապի հարցի կապակցությամբ կարեւոր է նշել նաեւ այս գործով Դատարանի կողմից հայտնաբերված խախտման սահմանափակ բնույթը: Ի վերջո, դիմումատուն չի բողոքել եւ Դատարանը չի քննել (առավել եւս հաստատված համարել) նրա իրավունքների խախտումը որպես Խորհրդարանի անդամ` Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 3-րդ հոդված համաձայն (ազատ ընտրությունների իրավունք) եւ առավել եւս` Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտումը (իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները): Ինչպես պարզաբանվում է Գործնական ցուցումներում, արդարացի փոխհատուցում չի կարող շնորհվել այն վնասի համար, որը պատճառվել է այնպիսի իրադարձությունների կամ իրավիճակների հետեւանքով, որոնք Կոնվենցիայի խախտում չեն համարվել:
106.Սրա կարեւորության պատճառն այնքանով, որքանով ես կարող եմ պարզել ինձ հասանելի դիտարկումներից եւ ապացույցներից, հետեւյալն է.
ա)Դիմումատուի ձերբակալումն ու կալանավորումը, ըստ էության, հնարավոր էր միայն այն պատճառով, որ 2008 թվականի մարտի 4-ին Ազգային ժողովը որոշեց բավարարել դատախազի` դիմումատուին որպես Խորհրդարանի անդամ անձեռնմխելիությունից զրկելու մասին նույն օրը ներկայացված պահանջը (տե՛ս վճռի 19-րդ եւ 20-րդ պարբերությունները), եւ
բ)(Հայաստանի Ազգային ժողովի` այդ ժամանակ կիրառելի կանոնակարգի վերաբերյալ որեւէ ապացույցի բացակայության պարագայում) Ազգային ժողովի՝ սույն գանգատի հիմքում ընկած, Դատարանին հասանելի իրադարձությունների ժամանակ գործող կանոնակարգի տարբերակից պարզ է դառնում, որ, ըստ էության, առավել հավանական սցենարն այն է, որ աշխատավարձի կորուստն ամենեւին էլ Խորհրդարանի անդամի ձերբակալման կամ կալանքի ավտոմատ հետեւանք չէ: Կանոնակարգի «Պատգամավորի պարտականությունները» վերտառությամբ 6-րդ հոդվածը (վերջին անգամ լրացվել է 2012 թվականի սեպտեմբերի 13-ին) 6-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսում է, որ՝
«Ազգային ժողովի [...] նիստերից, ինչպես նաեւ [...] խորհրդարանական լսումներից անհարգելի բացակայած օրերի համար պատգամավորին աշխատավարձ չի վճարվում:
Պատգամավորների բացակայությունները հաշվառում է Ազգային ժողովի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ), իսկ հաշվառված բացակայությունները համապատասխան հիմքերի առկայությամբ հարգելի է համարում Ազգային ժողովի նախագահը»:
107.Ավելին, Կանոնակարգի 90-րդ հոդվածի 3-րդ մասը (վերջին անգամ լրացվել է 2010 թվականի ապրիլի 8-ին) նախատեսում է, որ՝
«3.Քվեարկությունից պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի է, եթե՝
ա)նրա գործունեությունը վերականգնվելուց հետո՝ չորսօրյա ժամկետում, մշտական հանձնաժողովի նախագահին կամ Աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է անաշխատունակության թերթիկ.
...
ա.2)նա ձերբակալվել է կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, եւ նա չի դատապարտվել ազատազրկման կամ նրա նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում.
...»:
108.Հետեւաբար, նրա աշխատավարձի կորուստը կապված էր ոչ միայն նրան անձեռնմխելիությունից զրկելու հետ, այլ դրա համար անհրաժեշտ էր նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի եւ նախագահի որոշում այն մասին, որ կալանքի տակ գտնվելու ժամկետը համարվում էր «առանց հարգելի պատճառի» բացակայություն, որոշում, որը չէր համապատասխանի Ազգային ժողովի կանոնակարգին (Դատարանի համար հասանելի տարբերակով), սակայն որն ամեն դեպքում ակնհայտորեն պետք էր ձեռք բերել` հաշվի առնելով (ըստ երեւույթին) ցանկացած փաստարկ/հիմնավորում, որը Խորհրդարանի տվյալ անդամը ցանկանում է առաջ քաշել: Կրկին, իմ կարծիքով, խիստ աննպատակահարմար է, որ Դատարանն ապացույցի բացակայության պարագայում ենթադրի, որ ակնհայտորեն օրինական ձերբակալումը եւ (կամ) կալանքն ավտոմատ կերպով կհամարվի բացակայության ոչ հարգելի պատճառ (եզրակացություն, որից եւս ծագում են հնարավոր հարցեր` անմեղության կանխավարկածին համապատասխանելու վերաբերյալ), հատկապես եթե, ինչպես այս դեպքում, Ազգային ժողովն ինքն էր զրկել դիմումատուին անձեռնմխելիությունից եւ դրանով գիտակցաբար հնարավոր էր դարձրել ձերբակալումը/կալանավորումը եւ դրան հաջորդող «բացակայությունը»:
109.Միայն այն փաստը, որ Կառավարությունը չի վիճարկել դիմումատուի պնդումները, չի կարող, ըստ իս, ինքնին բավարար լինել հաղթահարելու այդ դժվարությունները կամ ազատելու Դատարանին՝ դիտարկել այն հանգամանքը, թե արդյոք դիմումատուն, փաստացի, ապացույցների հիման վրա հաստատել է ենթադրաբար կրած կորուստը կամ կորստի եւ Կոնվենցիայի հայտնաբերված խախտման միջեւ հստակ եւ ուղղակի պատճառահետեւանքային կապը, որոնք երկուսն էլ անհրաժեշտ նախապայման են Դատարանի կողմից նյութական վնասների առնչությամբ արդարացի փոխհատուցում շնորհելու որոշում կայացնելու համար:
110.Արդյունքում 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանափակված՝ Կոնվենցիայի խախտում հայտնաբերելու համատեքստում սույն դիմումատուն, իմ կարծիքով, ամբողջությամբ չի կարողացել հաստատել այն կորստի առկայությունը, որի մասին պահանջ է ներկայացրել, կամ քննիչների եւ (կամ) դատախազի նախաձեռնությամբ իր ձերբակալման եւ դրան հաջորդած մինչդատական կալանքի առնչությամբ անհրաժեշտ հստակ եւ ուղղակի պատճառահետեւանքային կապը, եւ նյութական վնասի մասով արդարացի փոխհատուցում չպետք է շնորհվի:
[1] Սույն Գործնական ցուցումները կարելի է գտնել Դատարանի կայքէջում հետեւյալ հղումով` https://www.echr.coe.int/Documents/PD_satisfaction_claims_ENG.pdf
Full & Egal Universal Law Academy