© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ՆԱԴԱՆ ԸՆԴԴԵՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ
(գանգատ թիվ 10593/08)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈւՐԳ
12 սեպտեմբերի 2012թ.
Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
Նադան ընդդեմ Շվեյցարիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը հետևյալ կազմով`
Նիկոլաս Բրատցա (Nicolas Bratza) ,Նախագահ
Ժան-Պոլ Կոստա (Jean-Paul Costa),
Ֆրանսուազա Տուլկենս (Françoise Tulkens),
Ժոզեֆ Կասադեվալլ (Josep Casadevall),
Նինա Վաջիչ (Nina Vajić),
Դին Շպիլման (Dean Spielmann),
Քրիստոս Ռոզակիս (Christos Rozakis),
Կորնելիու Բիրսան (Corneliu Bîrsan),
Կարել Յունգվիրտ (Karel Jungwiert),
Խանլար Հաջիև (Khanlar Hajiyev),
Յան Շիկուտա (Ján Šikuta),
Իզաբել Բերրո-Լեֆևվր (Isabelle Berro-Lefèvre),
Ջորջիո Մալինվերնի (Giorgio Malinverni),
Գեորգե Նիկոլաոու (Vincent A. de Gaetano),
Միհայ Պոալելաունժ (Mihai Poalelungi),
Քրիստինա Պարդալոս (Kristina Pardalos),
Ժաննա Յուդկիվսկա (Ganna Yudkivska), դատավորներ
և Մայքլ Օ’Բոյլ (Vincent Berger), քարտուղարի տեղակալ,
2011թ. մարտի 23-ին և 2011թ. սեպտեմբերի 7-ին և 2012թ. մայիսի 23-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց վերջինը նշված օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ Գործը սկիզբ է առել 2008թ. փետրվարի 19-ին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Իտալիայի և Եգիպտոսի քաղաքացի` պարոն Յուսսեֆ Մուսթաֆա Նադայի (դիմումատու) կողմից ընդդեմ Շվեյցարիայի Համադաշնության բերված թիվ 10593/08 գանգատի հիման վրա: Դիմումատուի ներկայացնում էր պարոն Ջ. ՄաքԲրայդը, ով փաստաբան է Լոնդոնում: Շվեյցարիայի կառավարությանը (Կառավարություն) ներկայացնում էր պարոն Ֆ. Շյուրմաննը` Արդարադատության դաշնային վարչությունը: Իր գանգատում պարոն Նադան պնդել է, որ Շվեյցարիա մուտք գործելու կամ Շվեյցարիայով անցնելու արգելքը, որը կիրառվել է նրա նկատմամբ իր անունը Թալիբանի մասին Դաշնային օրենքին հավելված ցուցակում ավելացնելու արդյունքում, խախտել է իր ազատության իրավունքը (Կոնվենցիայի 5-րդ հոդված) և իր անձնական և ընտանեկան կյանքի, պատվի և հեղինակության նկատմամբ հարգանքի իրավունքը (8-րդ հոդված): Նա նշել է, որ այդ արգելքը նաև հանգեցրել է դաժան վերաբերմունքի` 3-րդ հոդվածի իմաստով: Նա այնուհետև գանգատվել է իր կրոնը կամ հավատը դավանելու իրավունքի խախտումից (9-րդ հոդված)` պնդելով, որ Կամպիոնե դ’Իտալիա անկլավը լքել չկարողանալը թույլ չի տվել իրեն մզկիթ այցելել: Վերջապես, նա բողոքել է, որ զրկված է եղել այդ գանգատների հետ կապված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներից (13-րդ հոդված): Գանգատը քննության է հանձնվել Դատարանի Առաջին Բաժանմունքին (Դատարանի Կանոնակարգ, Կանոն 52, կետ 1), որը որոշել է դրան նախապատվություն տալ` Դատարանի կանոնակարգի 41-րդ հոդվածի համաձայն: 2009թ. մարտի 12-ին այդ բաժանմունքի պալատը որոշել է փոխանցել Կառավարությանը 5-րդ, 8-րդ և 13-րդ հոդվածների կապակցությամբ ներկայացված բողոքները: Կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է հակառակ կողմից նկատառումների վերաբերյալ իր դիտողությունները: Նկատառումներ են ստացվել նաև Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության Կառավարություններից, որոնց Դատարանի Նախագահը թույլատրել է մասնակցել գրավոր ընթացակարգին(Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ կետ և այդ ժամանակ գործող 44-րդ կանոնի 2-րդ կետ): Իտալիայի կառավարությունը չի օգտվել դատաքննությանը ներգրավվելու իր իրավունքից (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 1-ին կետ): 2010թ. հունվարի 20-ին կողմերը տեղեկացվել են, որ Պալատը մտադիր է միաժամանակ քննել գանգատի ընդունելիությունը և էությունը (Կոնվենցիայի նախկին 29-րդ հոդվածի 3-րդ կետ, նախկին 54Ա կանոնի հետ միասին): 2010թ. սեպտեմբերի 30-ին Պալատը դատավորների հետևյալ կազմով` Քրիստոս Ռոզակիս, Նինա Վաջիչ, Խանլար Հաջիև, Դին Շպիլման, Սվերր Էրիկ Յեբենս, Ջիորջիո Մալինվերնի և Գեորգե Նիկոլաոու և Սյորեն Նիլսեն` Բաժանմունքի քարտուղար, որոշել են զիջել ընդդատությունը Մեծ Պալատին և կողմերից ոչ մեկը, դրա վերաբերյալ խորհրդատվություն ստանալուց հետո, չի առարկել (Կոնվենցիայի 30-րդ հոդված և Կանոն 72): Մեծ պալատի կազմը որոշվել է Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի և 24-րդ կանոնի դրույթների համաձայն: Ժան-Պոլ Կոստան, Քրիստոս Ռոզակիսը, Ջիորջիո Մալինվերնին և Միհայ Պոլելաունժը շարունակել են մասնակցել գործի քննությանը իրենց պաշտոնավարության ժամկետի ավարտից հետո, մինչև ավարտական խորհրդակցությունը` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 3-րդ կետի և 24-րդ կանոնի 4-րդ կետի համաձայն: Դիմումատուն և Կառավարությունն իրենց գրավոր նկատառումներն են ներկայացրել գործի էության վերաբերյալ: Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության կառավարությունները ներկայացրել են Պալատին ներկայացված նույն նկատառումները: Բացի այդ Մեծ Պալատի նախագահը լիազորել է Լոնդոնում հիմնված «Ջասթիս» ոչ կառավարական կազմակերպությանը գրավոր դիտողություններ ներկայացնել (Կոնվենցիայի 36-րդ հոդված 2-րդ կետը 44-րդ կանոնի 2-րդ կետի հետ համակցությամբ): Վերջապես Մեծ Պալատի նախագահը թույլ է տվել Միացյալ Թագավորության կառավարությանը մասնակցել նիստերին:2011թ. մարտի 23-ին Ստրասբուրգում` Մարդու իրավունքների պալատում, տեղի ունեցավ դռնբաց նիստ (կանոն 59 կետ 3):
Դատարանում ներկայացան
- Կառավարության անունից
Պարոն Ֆ. ՇՅՈՒՐՄԱՆՆԸ` Ոստիկանության և արդարադատության դաշնային դեպարտամենտի Արդարադատության դաշնային վարչության Եվրոպական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի բաժնի պետ, ներկայացուցիչ
Պարոն Ջ. ԼԻՆԴԵՐՄԱՆՆԸ` Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Միջազգային մասնավոր իրավունքի դիրեկտորիայի պետի տեղակալ, դեսպան,
Պարոն Ռ. Ե. ՎՈԿԸ` Տնտեսական գործերի դաշնային դեպարտամենտի, Տնտեսական գործերի պետական քարտուղարության Պատժամիջոցների բաժանմունքի պետ,
պարոն Ռ. ԲՈՒՐԺՈՒԻՆ` Ոստիկանության և արդարադատության դաշնային դեպարտամենտի, Միգրացիայի դաշնային վարչության, Իրավական հարցերի բաժանմունքի քաղաքականության հարցերով պատասխանատու մասնագիտացված իրավախորհրդատու,
Պարոն Կ. ԷՐԻԿԸ` Ոստիկանության և արդարադատության դաշնային դեպարտամենտի Արդարադատության դաշնային վարչության Եվրոպական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի բաժնի տեխնիկական խորհրդատու,
խորհրդատուներ
- դիմումատուի անունից
Պարոն Ջ. ՄԱՔԲՐԱՅԴԸ` փաստաբան իրավախորհրդատու
- Միացյալ Թագավորության կառավարության անունից (երրորդ անձ)
Պարոն Դ. ՈՒՈԼԹՈՆԸ` ներկայացուցիչ
Պարոն Ս. ՈՒՈՐԴՍՈՒՈՐԹԸ` իրավախորհրդատու
Տիկին Ք. ՀՈԼՄՍԸ` խորհրդատու
Ներկա էին նաև դիմումատուն և իր կինը:
Դատարանը լսեց պարոն Շյուրմաննի, պարոն ՄաքԲրայդի և պարոն Ուորդսուորթի ելույթները: Դատարանը լսեց նաև կողմերի ներկայացուցիչների պատասխանները դատավորների տված հարցերին:
ՓԱՍՏԵՐ
ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Ա. Գործի նախապատմությունը
Դիմումատուն ծնվել է 1931թ. և 1970թ.–ից ի վեր բնակվում է Կամպիոնե դ’Իտալիայում, որը մոտ 1,6 քառակուսի կիլոմետր տարածքով իտալական անկլավ է Կոմոյի շրջանում (Լոմբարդիա), շրջապատված Շվեյցարիայի Տիչնչո կանտոնով և Իտալիայի մնացած մասից բաժանված է Լուգանո լճով:Նա բնութագրում է իրեն, որպես մահմեդականություն դավանող և հայտնի գործարար ֆինանսական և քաղաքական աշխարհում, ուր նա հավակնում է մեծ հարգանքի: Կրթությամբ ինժեներ լինելով նա աշխատել է տարբեր ոլորտներում, մասնավորապես` բանկային, արտասահմանյան առևտրի, արդյունաբերության և անշարժ գույքի բնագավառներում: Իր գործարարական գործունեության ընթացքում նա հիմնել է բազմաթիվ ընկերություններ, որոնցում հանդիսացել է միակ կամ հիմնական բաժնետերը:Իր պնդմամբ նա դեմ է ահաբեկչության կիրառման բոլոր դեպքերին և երբևէ որևէ առնչություն չի ունեցել Ալ Քաիդայի հետ: Ընդհակառակը, նա հետևողականորեն դատապարտել է ոչ միայն այդ կազմակերպության օգտագործած միջոցները, այլև դրա գաղափարախոսությունը:Դիմումատուն այնուհետև ընդգծել է, որ նա ունի միայն մեկ երիկամ (մյուսը քայքայվել է վերջին տարիներին): Նա նաև տառապում է ձախ աչքի արյունահոսությունից, ինչպես նշված է 2001թ. դեկտեմբերի 20-ի բժշկական տեղեկանքում և պարանոցի հոդի բորբոքումից: Ավելին, համաձայն 2006թ. մայիսի 5-ին Ցյուրիխի բժիշկներից մեկի կողմից տրված բժշկական եզրակացության, նա ունի աջ ձեռքի կոտրվածք, որը պետք է վիրահատվեր 2004թ.-ին: Դիմումատուն պնդել է, որ իր նկատմամբ կիրառված և սույն գանգատի համար հիմք հանդիսացած սահմանափակումների պատճառով ինքն այդ վիրահատությանը ենթարկվելու հնարավորություն չի ունեցել և շարունակել է տառապել կոտրվածքի հետևանքներից:1999թ. հոկտեմբերի 15-ին, ի պատասխան 1998թ. օգոստոսի 7-ին Օսամա բին Լադենի և նրա ցանցի անդամների կողմից Նայրոբիում (Քենիա) և Դար-էս-Սալամում (Տանզանիա) Միացյալ Նահանգների դեսպանությունների դեմ իրականացված ռմբահարությունների Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհուրդը, ՄԱԿ-ի Կանոնադրության VII գլխի համապատասխան, ընդունել է թիվ 1267 Բանաձևը, պատժամիջոցներ սահմանելով Թալիբանի նկատմամբ (տե՛ս ստորև` կետ 70), և ստեղծել Անվտանգության խորհրդի բոլոր անդամներից բաղկացած կոմիտե` այդ բանաձևի կենսագործմանը հետևելու նպատակով (Պատժամիջոցների կոմիտե):2000թ. հոկտեմբերի 2-ին, այդ բանաձևի կիրարկման նպատակով, Շվեյցարիայի դաշնային խորհուրդը (դաշնային գործադիր մարմին) ընդունել է «Թալիբանի դեմ միջոցներ սահմանող» որոշում («Թալիբանի մասին որոշում» տե՛ս ստորև` կետ 66), որը հետագայում մի շարք փոփոխությունների է ենթարկվել, ներառյալ դրա վերնագիրը:2000թ. դեկտեմբերի 19-ին թիվ 1333 (2000) բանաձևով (տե՛ս ստորև` կետ 71) Անվտանգության խորհուրդն ընդլայնել է պատժամիջոցների ռեժիմը: Այն արդեն ուղղված էր ոչ միայն Թալիբանի ղեկավար անձանց և խորհրդականների, այլև Օսամա բին Լադենի և ալ Քաիդա կազմակերպության դեմ: Եվ՛ 1267 (1999), և՛ 1333 (2000) բանաձևերում Անվտանգության Խորհուրդը հանձնարարել էր Պատժամիջոցների կոմիտեին նախապատրաստել Օսամա բին Լադենի և ալ Քաիդայի հետ փոխկապված անձանց և կազմակերպությունների ցուցակ` երկրների և տարածաշրջանային կազմակերպությունների տրամադրած տեղեկատվության հիման վրա:2001թ. ապրիլի 11-ին Շվեյցարիայի կառավարությունը փոփոխություններ է կատարել Թալիբանի մասին որոշման մեջ` թիվ 1333 (2000) բանաձևի կիրարկման նպատակով: Ավելացվեց նոր` 4ա հոդվածի 1-ին կետը, որով արգելվում էր Շվեյցարիա մուտք գործել և Շվեյցարիայի տարածքով անցնել այն անձանց և կազմակերպություններին, ում վերաբերում էր բանաձևը (առանց նշելու դրանց):2001թ. հոկտեմբերի 24-ին Դաշնային դատախազը հետաքննություն է սկսել դիմումատուի վերաբերյալ:2001թ. նոյեմբերի 7-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը սառեցրել է Ալ Թաքվա բանկի ակտիվները, որի տնօրենը և հիմնական բաժնետերը դիմումատուն էր:2001թ. նոյեմբերի 9-ին դիմումատուն և նրա հետ փոխկապված մի շարք կազմակերպություններ ներառվել էմ Պատժամիջոցների կոմիտեի ցուցակում: 2001թ. նոյեմբերի 30-ին (կամ դիմումատուի նկատառումների համաձայն` նոյեմբերի 9-ին) նրանց անուններն ավելացվել են Թալիբանի մասին որոշմանը հավելված ցուցակին:2002թ. հունվարի 16-ին Անվտանգության խորհուրդն ընդունել է թիվ 1390 (2002) բանաձևը, որով մուտքի և տարանցման արգելք էր սահմանվում այն անձանց, խմբերի, հիմնարկների կամ կազմակերպությունների նկատմամբ, որոնք նշված էին թիվ 1267 (1999) և թիվ 1333 (2000) բանաձևերին համապատասխան կազմված ցուցակում (տե՛ս ստորև` կետեր 70-71 և 74): 2002թ. մայիսի 1-ին Թալիբանի մասին դաշնային որոշման 4ա հոդվածում կատարվեցին համապատասխան փոփոխությունները. այդ պահից ի վեր մուտքի և տարանցման արգելքը կիրառվեց որոշման 2-րդ հավելվածում նշված անձանց,`ներառյալ դիմումատուի, նկատմամբ:2002թ. սեպտեմբերի 10-ին Շվեյցարիան անդամակցել է Միացյալ ազգերի կազմակերպությանը:2002թ. նոյեմբերին Լոնդոն կատարած այցելության ժամանակ դիմումատուն ձերբակալվել է և նրա գումարը` առգրավվել:2003թ. հոկտեմբերի 10-ին, հետևելով պատժամիջոցների կիրառման մշտադիտարկման խմբի քննադատությանը (տե՛ս ստորև` կետ 71,) Տիչինոյի կանտոնը վերացրել է դիմումատուի` սահմանը հատելու հատուկ անցագիրը: Մշտադիտարկման խումբը նկատել էր, դիմումատուի գործունեության հետաքննության ընթացքում, որ նա հարաբերականորեն ազատ կարող էր տեղաշարժվել Շվեյցարիայի և Իտալիայի միջև: Կառավարության ներկայացմամբ, միայն այդ պահից ի վեր է դիմումատուի նկատմամբ իրականում կիրառվել մուտքի և տարանցման արգելքը:2003թ. նոյեմբերի 27-ին Շվեյցարիայի ներգաղթի, ինտեգրացման և արտագաղթի հարցերով դաշնային վարչությունը («IMES») դիմումատուին տեղեկացրել է, որ նա այլևս սահմանը հատելու իրավունք չունի:2004թ. մարտի 23-ին դիմումատուն դիմել է IMES-ին Շվեյցարիա մուտք գործելու կամ տարանցման թույլտվության համար` այդ երկրում բուժման և Շվեյցարիայում և Իտալիայում դատավարությունների նպատակով: 2004թ. մարտի 24-ին IMES-ը, անհիմն համարելով, մերժել է այդ դիմումները: Ավելին, այն ընդգծել է, որ դիմումի հիմնավորումները, մասնավորապես, իրավաբանների հետ խորհրդակցելու և բուժման կարիքը և երկրորդ` Կամպիոնե դ’Իտալիայում բնակության հետ կապված առանձնահատուկ վիճակը, իշխանություններին թույլ չեն տալիս բացառություն անել իր նկատմամբ կիրառված միջոցներից:2005թ. ապրիլի 27-ի որոշմամբ Դաշնային քրեական դատարանը Դաշնային դատախազին կարգադրել է կամ կարճել հետաքննությունը կամ մինչև 2005թ. մայիսի 31-ը գործն ուղարկել իրավասու դաշնային հետաքննող դատավորին: Նշված ժամկետում Դաշնային դատախազը, չհիմնավորված համարելով դիմումատուի դեմ ուղղված մեղադրանքները, կարճել է դիմումատուի նկատմամբ քննությունը:2005թ. սեպտեմբերի 22-ին դիմումատուն խնդրել է Դաշնային խորհրդին հանել իր և իր հետ փոխկապակցված կազմակերպությունների անունները Որոշման հավելվածից: Որպես իր պահանջի հիմնավորում, նա պնդել է, որ ոստիկանական հետաքննությունն իր նկատմամբ կարճվել է Դաշնային դատախազի որոշմամբ և հետևաբար պատժամիջոցների կիրառումն իր նկատմամբ այլևս արդարացված չէ:2006թ. հունվարի 18-ի որոշման մեջ Տնտեսական գործերի պետական քարտուղարությունը (SECO) մերժել է նրա խնդրանքն այն հիմքով, որ Շվեյցարիան չի կարող անուններ ջնջել Թալիբանի մասին որոշման հավելվածից, քանի դեռ դրանք առկա են ՄԱԿ-ի Պատժամիջոցների կոմիտեի ցուցակում:2006թ. փետրվարի 31-ին դիմումատուն վարչական բողոք է ներկայացրել Տնտեսական գործերի դաշնային դեպարտամենտին (Դեպարտամենտ):2006թ. հունիսի 15-ի որոշմամբ Դեպարտամենտը մերժել է բողոքը: Այն հաստատել է, որ Որոշման հավելվածից որևէ անուն կարող է ջնջվել միայն եթե այդ անունը ջնջվել է Պատժամիջոցների կոմիտեի ցուցակից և պարզաբանել է, որ ցուցակից հանելու համար անհրաժեշտ է, որպեսզի այն երկիրը, ում քաղաքացին կամ բնակիչն է հանդիսանում շահագրգիռ անձը, այդ նպատակով դիմի ՄԱԿ-ի կառույցներին: Քանի որ դիմումատուն չի հանդիսանում ոչ Շվեյցարիայի քաղաքացի և ոչ էլ բնակիչ, Դեպարտամենտը համարում է, որ շվեյցարական իշխանություններն իրավասու չեն այդպիսի ընթացակարգ նախաձեռնել:2006թ. հուլիսի 6-ին դիմումատուն Դեպարտամենտի որոշումը բողոքարկել է Դաշնային խորհուրդ: Նա խնդրել է, որպեսզի իր և իր հետ փոխկապակցված որոշակի թվով կազմակերպությունների անունները հանվեն Թալիբանի մասին որոշման 2-րդ հավելվածից:2006թ. սեպտեմբերի 20-ին Միգրացիայի դաշնային վարչությունը (ODM), որը ստեղծվել էր 2005թ. և ներառում էր IMES-ը, դիմումատուի համար բացառություն է կատարել մեկ օրով` 2006թ. սեպտեմբերի 25-ին, որպեսզի նա կարողանա մեկնել Միլան` դատավարության նպատակով: Դիմումատուն չի օգտվել այդ թույլտվությունից:2007թ. ապրիլի 6-ին դիմումատուն Պատժամիջոցների կոմիտեի կոնտակտային կենտրոնին, որը հիմնվել էր թիվ 1730 (2006) բանաձևով Պատժամիջոցների կոմիտեի ցուցակում ընդգրկված անձանց և կազմակերպությունների` իրենց ցուցակից հանելու վերաբերյալ դիմումների ընդունման նպատակով (տե՛ս ստորև` կետ 76), իր անունը համապատասխան ցուցակից ջնջելու դիմում է ներկայացրել:2007թ. ապրիլի 18-ի որոշմամբ Դաշնային խորհուրդը, որոշում ընդունելով 2006թ. հուլիսի 6-ին ներկայացված բողոքի կապակցությամբ, փոխանցել է գործը դաշնային դատարանին, գտնելով, որ ուղղակիորեն սահմանափակվել է դիմումատուի` իր գույքից օգտվելու իրավունքը. ինչպես նաև, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը հետևաբար կիրառելի է նրա` իր անունը Որոշման հավելվածից ջնջելու պահանջի նկատմամբ, և որ հետևաբար, գործը պետք է քննվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից:Իր նկատառումներով Դեպարտամենտն նկատել է, որ բողոքը ենթակա է կարճման, նշելով, որ Անվտանգության խորհրդի 2006թ. դեկտեմբերի 19-ի թիվ 1730 (2006) բանաձևը թույլ է տալիս այն անձանց և կազմակերպություններին, ում անուններն ընդգրկված են Պատժամիջոցների կոմիտեի ցուցակում, անհատապես դիմել իրենց անունները ցուցակից հանելու համար, իրենց քաղաքացիության կամ բնակության երկրի միջոցով դիմելու փոխարեն:Դիմումատուն պնդել է իր փաստարկները: Ավելին նա պնդել է, որ ODM-ի կողմից Թալիբանի մասին որոշման 4ա հոդվածի 2-րդ կետի համաձայն ակնհայտորեն բացառություն անել չցանկանալու հետևանքով, ինքը չի կարողացել դուրս լքել Կամպիոնե դ’Իտալիայի իր տունը, չնայած այնտեղ համապատասխան բժշկական հաստատությունների բացակայությանը, կամ նույնիսկ մեկնել Իտալիա վարչական կամ դատական պատճառներով և որ նա այդ պատճառով իրականում նախորդ տարիներին եղել է տնային կալանքի ներքո: Իր անունը Պատժամիջոցների կոմիտեի ցուցակին ավելացնելը հանգեցրել է նաև Օսամա բին Լադենի, ալ Քաիդայի և Թալիբանի հետ փոխկապակցված լինելու հրապարակային մեղադրանքին, երբ իրականում այդպես չէ: Ավելին նա պնդել է, որ առանց որևէ հիմնավորման կամ նախապես լսված լինելու հնարավորություն իրեն ցուցակում ընդգրկելը խախտել է խտրականության արգելման, անձնական ազատության, գույքի տիրապետման և տնտեսական ազատության սկզբունքները, ինչպես նաև լսված լինելու և արդար դատաքննության իրավունքները: Վերջապես, մնալով այն կարծիքին, որ Անվտանգության խորհրդի պատժամիջոցները հակասում էին Միացյալ ազգերի կազմակերպության Կանոնադրությանը և միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին (jus cogens), նա պնդել է, որ Շվեյցարիան չի պարտավորեցվել կենսագործել դրանք:2007թ. մայիսի 11-ի որոշմամբ, որում նշվել էին իրավական պաշտպանության հասանելի միջոցները, ODM մերժել է դիմումատուի` ցուցակից հանելու վերաբերյալ նոր դիմումը: 2007թ. հուլիսի 12-ին մեկ անգամ ևս նշելով իրավական պաշտպանության հասանելի միջոցները, այն մերժել է քննության առնել դիմումատուի նամակը, որը համարել էր վերանայման դիմում: 2007թ. հուլիսի 20-ի նամակում դիմումատուն բացատրել էր, որ տեղի է ունեցել թյուրիմացություն և որ իր նախկին նամակն ըստ էության ցուցակից հանելու վերաբերյալ նոր դիմում էր: 2007թ. օգոստոսի 2–ին ODM-ը ևս մեկ անգամ մերժել է նրա դիմումը` հիշեցնելով, որ նա կարող է բողոքարկել որոշումը Դաշնային վարչական դատարանում: Դիմումատուն չի բողոքարկել որոշումը:2007թ. հոկտեմբերի 29-ին ցուցակից հանելու դիմումների կոնտակտային կենտրոնը, որը հիմնվել էր Անվտանգության խորհրդի թիվ 1730 (2006) բանաձևով, մերժել է դիմումատուի 2007թ. ապրիլի 6-ի դիմումը` իր անունը Պատժամիջոցների կոմիտեի ցուցակից հանելու վերաբերյալ (տե՛ս վերը` կետ 35): 2007թ. նոյեմբերի 2-ին կոնտակային կենտրոնը մերժել է նաև տեղեկություն տրամադրել, նրանց ցուցակում ընդգրկելու համար առաջադրած երկրի և առաջադրման պատճառների վերաբերյալ` հղում կատարելով գործընթացի գաղտնիությանը: Վերջապես, 2007թ. նոյեմբերի 19-ի և 27-ի նամակներում կոնտակտային կենտրոնը վերահաստատել է գործընթացի գաղտնիությունը, սակայն այնուամենայնիվ տեղեկացրել է դիմումատուին, որ բացահայտման ոչ ենթական երկիրը դեմ է նրան ցուցակից հանելուն:
Բ. Դաշնային դատարանի 2007թ. նոյեմբերի 14-ի վճիռը
2007թ. նոյեմբերի 14-ի վճռում Դաշնային դատարանը, որին Դանային խորհուրդը փոխանցել էր դիմումատուի բողոքը (տե՛ս վերը` կետ 36) ընդունելի է համարել բողոքը, սակայն մերժել է այն ըստ էության: Այն նախևառաջ նշել է, որ Միացյալ ազգերի կազմակերպության Կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավորվել են ընդունել և կատարել Անվտանգության խորհրդի որոշումները` Կանոնադրությանը համապատասխան: Այն այնուհետև նկատել է, որ Կանոնադրության 103-րդ հոդվածի համաձայն այդ պայմանագրից ծագող պարտավորությունները գերակայում են ոչ միայն Անդամ երկրների ներպետական օրենսդրությունների այլև այլ միջազգային պայմանագրերի նկատմամբ, անկախ դրանց բնույթից, երկկողմ կամ բազմակողմ լինելուց: Այնուհետև այն նշել է, որ այս գերակայությունը ի վերաբերում միայն Կանոնադրությանը, այլև տարածվում է Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևերից բխող բոլոր պարտավորությունների նկատմամբ: Դաշնային դատարանը նկատել է, այնուամենայնիվ, որ Անվտանգության խորհուրդն ինքն էլ կաշկանդված է Կանոնադրությամբ և պետք է գործի դրա նպատակներին և սկզբունքներին համապատասխան (Կանոնադրության 24-րդ հոդվածի 2րդ կետ), որոնք ներառում են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը (Կանոնադրության հոդված 1 կետ 3): Միևնույն ժամանակ Դաշնային դատարանը տեսակետ է հայտնել, որ Անդամ երկրներին չի թույլատրվում խուսափել որևէ պարտավորությունից այն հիմքով, որ Անվտանգության խորհրդի որևէ որոշում (կամ բանաձև) իր էությամբ չի համապատասխանում Կանոնադրությանը, մասնավորապես դրա 7-րդ գլխի հիման վրա ընդունված որոշումները (բանաձևերը) (խաղաղության վտանգման, խաղաղության խախտման և ագրեսիայի առնչությամբ գործողությունները): Դաշնային դատարանն այնուհետև նկատել է, որ Դաշնային Սահմանադրության 190-րդ հոդվածի համաձայն (տե՛ս ստորև` կետ 65), այն կաշկանդված է դաշնային օրենքներով և միջազգային իրավունքով: Դատարանն այն կարծիքին է, որ կիրառելի միջազգային իրավունքը, ի հավելումն Շվեյցարիայի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի, ներառում է նաև միջազգային սովորութային իրավունքը, իրավունքի ընդհանուր սկզբունքները և միջազգային կազմակերպությունների որոշումները, որոնք պարտադիր են Շվեյցարիայի համար, ներառյալ Անվտանգության խորհրդ որոշումները պատժամիջոցների ռեժիմի վերաբերյալ: Այնուամենայնիվ, դատարանը նկատել է, որ Սահմանադրության 190-րդ հոդվածը նորմեր չի պարունակում այն մասին, թե ինչպես պետք է կարգավորել Շվեյցարիայի համար պարտադիր իրավական ուժ ունեցող միջազգային իրավունքի տարբեր նորմերի միջև հնարավոր հակասությունները և որ սույն գործով առկա է այդպիսի բախում մի կողմից Անվտանգության խորհրդի որոշումների և մյուս կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի երաշխիքների միջև: Դատարանը կարծիք է հայտնել, որ քանի որ բախումը չի կարող լուծվել պայմանագրերի մեկնաբանության կանոններով, անհրաժեշտ կլինի հարցը կարգավորելու համար, ուշադրություն դարձնել միջազգային իրավական նորմերի աստիճանակարգությանը, որի համաձայն Միացյալ ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները գերակայում են ցանկացած այլ միջազգային պայմանագրի նկատմամբ (Կանոնադրության հոդված 103, Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի հոդված 30-ի հետ մեկտեղ, տե՛ս ստորև` կետեր 69 և 80): Դաշնային դատարանն այն կարծիքն է հայտնել, որ ՄԱԿ-ի պատժամիջոցների միատեսակ կիրառումը կվտանգվի, եթե Եվրոպական կոնվենցիայի կամ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միասին միջազգային դաշնագրի Անդամ երկրների դատարանները կարողանան անտեսել այդ պատժամիջոցները` որոշակի անձանց կամ կազմակերպությունների հիմնարար իրավունքները պաշտպանելու նպատակով: Դատարանն, այնուամենայնիվ, ընդունում է, որ Անվտանգության խորհրդի որոշումները կենսագործելու պարտավորությունը սահմանափակված է jus cogens նորմերով: Հետևաբար, այն իրեն կաշկանդված է համարել պարզել, արդյոք Անվտանգության խորհրդի կողմից սահմանված պատժամիջոցների ռեժիմը ունակ է խախտել միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերը, ինչպես պնդում է դիմումատուն: Դաշնային դատարանն այնուհետև որպես jus cogens նորմերի օրինակներ մեջբերել է. կյանքի իրավունքը, խոշտանգումներից և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից պաշտպանությունը, ստրկության արգելքը, կոլեկտիվ պատժի արգելքը, անձնական քրեական պատասխանատվության սկզբունքը և հարկադիր հայրենադարձության արգելքի սկզբունքը: Դատարանը տեսակետ է հայտնել, որ այնուամենայնիվ, գույքից օգտվելը, տնտեսական ազատությունը, արդար դատաքննության երաշխիքները կամ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը չեն դասվում jus cogens նորմերի թվին: Դիմումատուի նկատմամբ կիրառված միջոցների վերաբերյալ, մասնավորապես Շվեյցարիա մուտք գործելու և տարանցման արգելքի, Դաշնային դատարանը գտել է.
«7.4 ... Այդ պատժամիջոցները ներառում են լուրջ հետևանքներ ունեցող առևտրային սահմանափակումներ նրանց համար, ում վերաբերում են. այնուամենայնիվ, նրանց գոյատևման համար անհրաժեշտ դրամական միջոցները սառեցված չեն (տե՛ս թիվ 1452 (2002) բանաձևի կետ 1(ա)), այդ պատճառով ո՛չ նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող որևէ վտանգ և ո՛չ էլ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք առկա չէ
Ուղևորությունների արգելքը սահմանափակում է շահագրգիռ անձանց տեղաշարժվելու ազատությունը, սակայն սկզբունքորեն ազատությունից զրկում չի հանդիսանում. նրանք ազատ են տեղաշարժվել իրենց բնակության երկրում (տե՛ս, այնուամենայնիվ, ստորև կետ 10.2 դիմումատուի հատուկ վիճակի վերաբերյալ). ուղևորությունները դեպի իրենց հայրենիք նույնպես հստակորեն թույլատրված են (տե՛ս թիվ 1735 (2006) բանաձև, կետ 1 (բ)):
... »
Դաշնային դատարանն այնուհետև ընդգծել է, որ ընդհանուր առմամբ պատժամիջոցները որոշվել են Անվտանգության խորհրդի կողմից` առանց անհատներին կամ կազմակերպություններին հնարավորություն տալու ոչ նախապես և ոչ էլ հետագայում դիտողություններ ներկայացնել կամ բողոքարկել դրանք միջազգային կամ ներպետական դատարաններում: Դատարանը նշել է, այդ կապակցությամբ, որ մասնավորապես թիվ 1730 (2006) բանաձևի դրույթների համաձայն, ցուցակից հանելու ընթացակարգը, որը հնարավորություն է տալիս անհատներին ուղղակիորեն դիմել Պատժամիջոցների կոմիտեին, արդեն իսկ էական առաջընթաց է նույնիսկ չնայած, որ համակարգը դեռ ունի նշանակալի թերություններ մարդու իրավունքների տեսակետից:Դաշնային դատարանն այնուհետև քննության է առել այն հարցը թե որքանով է Շվեյցարիան կաշկանդված համապատասխան բանաձևերով, այլ կերպ ասած` արդյոք այն օժտված է դրանք կիրարկելու որոշակի հայեցողությամբ (Ermessensspielraum).
«8.1 Անվտանգության խորհուրդն ընդունել է թիվ 1267 (1999) բանաձևը և ալ Քաիդայի և Թալիբանի վերաբերյալ հետագա բանաձևերը ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի հիման վրա, անհետաձգելի պարտավորություն սահմանելով բոլոր Անդամ երկրների համար` մշակել դրանցում նշված պատժամիջոցների կիրակման համապարփակ և հստակ մոտեցումներ` անկախ միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով սահմանված գոյություն ունեցող իրավունքներից և պարտականություններից (տե՛ս թիվ 1267 (1999) բանաձև կետ 7):
Ինչ վերաբերում է ցուցակից հանված լինելու հնարավորությանը, Պատժամիջոցների կոմիտեն հատուկ ընթացակարգ էր սահմանել (տե՛ս թիվ 1735 (2006) բանաձևի 13-րդ և դրան հաջորդող կետերը և Պատժամիջոցների կոմիտեի 2007թ. փետրվարի 12-ի դիրեկտիվները): Անդամ երկրներն, այդպիսով, չեն կարող են սեփական նախաձեռնությամբ որոշել, թե արդյոք պետք է շարունակվի պատժամիջոցների կիրառումը Պատժամիջոցների կոմիտեի ցուցակում հայտնված անձի կամ կազմակերպության նկատմամբ:
Շվեյցարիան այդ պատճառով կխախտեր ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ստանձնած իր պարտավորությունները, եթե ջնջեր դիմումատուի և իր կազմակերպությունների անունների Թալիբանի մասին որոշման հավելվածից:
.....
8.3 Հաշվի առնելով վերոգրյալը` Շվեյցարիային չի թույլատրվում սեփական նախաձեռնությամբ ջնջել դիմումատուի անունը Որոշման 2-րդ հավելվածից:
Անհրաժեշտ է ընդունել, որ այս իրավիճակում որևէ իրավական պաշտպանության արդյունավետ միջոց մատչելի չէ դիմումատուի համար: Դաշնային դատարանն իհարկե կարող է քննել, արդյոք և որքանով է Շվեյցարիան կաշկանդված Անվտանգության խորհրդի բանաձևերով, սակայն այն չի կարող վերացնել դիմումատուի նկատմամբ կիրառված պատժամիջոցներն այն հիմքով, որ դրանք խախտում են նրա հիմնարար իրավունքները:
Միայն Պատժամիջոցների կոմիտեն է պատասխանատվություն կրում անձանց կամ կազմակերպություններին ցուցակից հանելու համար: Չնայած վերը հիշատակված բարեփոխություններին, ցուցակից հանելու ընթացակարգը չի համապատասխանում և Դաշնային Սահմանադրության 29ա, ՄԻԵԴ 6-րդ հոդվածի 1-ին կետով և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին Միացյալ Ազգերի դաշնագրի 14-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դատարանի մատչելիության պահանջին և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցին` ՄԻԵԴ 13-րդ հոդվածի և Միացյալ ազգերի կազմակերպության Դաշնագրի 2(3) հոդվածի իմաստով:
...»
Դաշնային դատարանն այնուհետև քննել է, թե արդյոք Շվեյցարիան, նույնիսկ եթե իրավունք չունի սեփական նախաձեռնությամբ ջնջել դիմումատուի անունը ցուցակից, պարտավոր է, այնուամենայնիվ, աջակցել նրան իր անունը ցուցակից հանելու գործընթացում: Դատարանի ներկայացրել է հետևյալ պատճառաբանությունները
«9.1 Ստորին ատյանի դատարանները քննել են, թե արդյոք Շվեյցարիան պարտավոր էր դիմումատուի անունից նախաձեռնել նրա անունը ցուցակից հանելու ընթացակարգը: Միևնույն ժամանակ այդ հարցը դարձել է ոչ էական քանի որ ցուցակից հանելու ընթացակարգում կատարված փոփոխություններից ի վեր դիմումատուն կարող է ինքնուրույն դիում ներկայացնել և օգտվել այդ հնարավորությունից:
9.2 Իր դիմումի հաջողության նպատակով նա, այնուամենայնիվ, հույս է դնում Շվեյցարիայի աջակցության վրա, քանի որ այն միակ երկիրն է, որն իրականացրել է համակողմանի նախնական քննություն` բազմաթիվ դատական հանձնարարություններով, բնակարանների խուզարկություններով և վկաների հարցաքննություններով:
Միացյալ ազգերի կազմակերպության Անդամ երկրները պարտավոր են հետապնդում իրականացնել ահաբեկչության ֆինանսավորման կամ աջակցության մեջ կասկածվող անձանց (տե՛ս Անվտանգության խորհրդի թիվ 1373 (2001) բանաձևի 2(ե) կետը):
Մյուս կողմից, քրեական դատավարության` արդարացմամբ կամ կարճմամբ ավարտվելու դեպքերը պետք է հանգեցնեն կանխարգելիչ պատժամիջոցների դադարեցմանը: Հիրավի, քրեական դատավարությունը կամ նախնական քննությունն իրականացրած երկիրը չի կարող ինքնուրույն ցուցակից ջնջում կատարել, սակայն այն կարող է գոնե փոխանցել իր հետաքննության արդյունքները Պատժամիջոցների կոմիտեին և խնդրել կամ աջակցել անձին ցուցակից հանելուն: »
Վերջապես, Դաշնային դատարանը քննության է առել, թե արդյոք Թալիբանի մասին որոշման 4ա կետով նախատեսված` ուղևորությունների արգելքը անցնում է Անվտանգության խորհրդի բանաձևերով սահմանված պատժամիջոցները և արդյոք Շվեյցարիայի իշխանություններն այդպիսով ունեն որևէ հայեցողություն այդ կապակցությամբ: Դատարանը գտել էր, որ
«10.1 Թալիբանի մասին որոշման հոդված 4ա-ի 1-ին կետն արգելում է հավելված 2-ում թվարկված անձանց մուտքը կամ տարանցումը Շվեյցարիայով: Հոդված 4ա-ի կետ 2-ը սահմանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների համաձայն կամ Շվեյցարիայի շահերի պաշտպանության նպատակով, Միգրացիայի Դաշնային վարչությունն իրավունք ունի բացառություններ անել:
Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան ուղևորությունների արգելքը չի կիրառվում, եթե մուտքը կամ տարանցումը պահանջվում է դատավարական գործողությունների իրականացման նպատակով: Ավելին, բացառությունները կարող են արվել անհատական դեպքերում Պատժամիջոցների կոմիտեի համաձայնությամբ (տե՛ս թիվ 1735 (2006) բանաձևի 1(բ) կետը): Սա ներառում է, մասնավորապես, բժշկական, մարդասիրական կամ կրոնական հիմքերով ուղևորությունները (վերը նշված Բրաուն ինստիտուտ` կետ 32):
10.2 Թալիբանի մասին որոշման հոդված 4ա-ի 2-րդ կետը ձևակերպված է որպես «իրավազորող» դրույթ և տպավորություն է ստեղծում, որ Միգրացիայի դաշնային վարչությունն օժտված է հայեցողության որոշակի սահմաններով: Սահմանադրորեն, սակայն, այդ դրույթը պետք է մեկնաբանվի որպես, որ բացառությունը պետք է տրվի բոլոր այն դեպքերում երբ ՄԱԿ-ի պատժամիջոցների ռեժիմը թույլ է տալիս դա: Դիմումատուի` տեղաշարժվելու ազատության ավելի խիստ սահմանափակումը չի կարող համարվել հիմնված Անվտանգության խորհրդի բանաձևերի վար հիմնված, չի բխի հասարակության շահերից և անհամաչափ կլինի դիմումատուի կոնկրետ իրավիճակի տեսանկյունից:
Դիմումատուն բնակվում է Կամպիոնեում, որը մոտ 1,6 քառակուսի կմ տարածքով իտալական անկլավ է Տիչինոյում: Շվեյցարիա մուտքի և տարանցման արգելքի հետևանքով նա հնարավորություն չունի լքել Կամպիոնեն: Գործնականում, ինչպես որ իրավացիորեն պնդում է դիմումատուն, դա համարժեք է տնային կալանքին և այդպիսով հանդիսանում է նրա անձնական ազատության լուրջ սահմանափակում: Այս հանգամանքներում Շվեյցարիայի իշխանությունները պարտավոր են կիրառել պատժամիջոցների ռեժիմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով թույլատրված բոլոր մեղմացումները:
Միգրացիայի Դաշնային վարչությունն այդպիսով օժտված չէ հայեցողության որևէ սահմաններով: Ավելին, այն պետք է քննության առնի, թե արդյոք բավարարվել են բացառության կիրառման համար անհրաժեշտ պայմանները: Եթե դիմումը չի համապատասխանում Անվտանգության խորհրդի կողմից սահմանված ընդհանուր բացառություններից որևէ մեկին, այն պետք է ներկայացվի Անվտանգության խորհրդի հավանությանը:
10.3 Հարցը, թե արդյոք Միգրացիայի դաշնային վարչությունը չի պահպանել սահմանադրական պահանջները դիմումատուի` արտասահման ուղևորության թույլտվության դիմումները դիտարկելիս, կարիք չկա ուսումնասիրել այստեղ: Դաշնային վարչության համապատասխան որոշումները չեն բողոքարկվել դիմումատուի կողմից և սույն դատավարության վեճի առարկա չեն հանդիսանում:
Նույնը վերաբերում է և այն հարցին, թե արդյոք դիմումատուն պետք է տեղափոխեր իր բնակության վայրը Կամպիոնե իտալական անկլավից Իտալիա: Մինչ օրս դիմումատուն այդպիսի դիմում չի ներկայացրել:
Գ. Դաշնային դատարանի վճռին հաջորդած զարգացումները
Դաշնային դատարանի վճռից հետո դիմումատուն գրավոր դիմել է ODM-ին խնդրելով վերանայել իր կոնկրետ իրավիճակի նկատմամբ ընդհանուր բացառությունների կիրառման հնարավորությունը: 2008թ. հունվարի 28-ին նա նոր դիմում է ներկայացրել` հայցելով երեք ամսով կասեցնել մուտքի և տարանցման արգելքը: 2008թ. փետրվարի 12-ի նամակով ODM-ը մերժել է այդ դիմումը շարադրելով, որ ինքը չի կարող այդպիսի երկարաժամկետ կասեցում տրամադրել առանց խնդիրը Պատժամիջոցների կոմիտեին ներկայացնելու, սակայն կարող է տրամադրել մեկանգամյա թույլտվություններ` անձեռնամխելիության երաշխիքով: Դիմումատուն չի բողոքարկել այդ որոշումը: 2008թ. փետրվարի 22-ին Շվեյցարական իշխանությունների և դիմումատուի ներկայացուցչի հանդիպման ժամանակ, այն հարցի վերաբերյալ, թե արդյոք Շվեյցարիան կարող է աջակցել դիմումատուի` ցուցակից հանված լինելուն ուղղված ջանքերին, Արտաքին գործերի դաշնային վարչության ներկայացուցիչներից մեկը նկատել է, որ իրավիճակը եզակի է, քանի որ դիմումատուն մի կողմից հարցնում է, թե ինչ աջակցություն կարող են Շվեյցարական իշխանությունները ցուցաբերել իրեն ցուցակից հանելու ՄԱԿ-ի ընթացակարգերի հետ կապված, և մյուս կողմից Դատարանում հայց է ներկայացրել Շվեյցարիայի դեմ:
Հանդիպման ընթացքում դիմումատուի ներկայացուցիչը բացատրել է, որ նա բանավոր հավաստիացում է ստացել ODM-ից, որ իր վստահորդին անձեռնամխելիության մեկանգամյա երաշխիքներ են տրամադրվելու Միլանում գտնվող իր իրավաբանի հետ խորհրդակցելու նպատակով Իտալիա մեկնելու համար: Արտաքին գործերի դաշնային վարչության ներկայացուցիչը նաև մատնանշել է, որ դիմումատուն կարող է դիմել Պատժամիջոցների կոմիտեին ավելի ընդարձակ բացառության համար` հաշվի առնելով իր առանձնահատուկ դրությունը: Այնուամենայնիվ, նա կրկնել է նաև, որ Շվեյցարիան չի կարող ինքնուրույն դիմել Պատժամիջոցների կոմիտեին դիմումատուին ցուցակից հանելու նպատակով: Նա ավելացրել է նար, որ իրենց կառավարությունն այնուամենայնիվ պատրաստ է աջակցել նրան, մասնավորապես տրամադրելով նրան տեղեկանք, որը կհաստատի, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը կարճված է: Դիմումատուի իրավաբանը պատասխանել է, որ նա արդեն ստացել է նամակ, որը հաստատում է գործի կարճումը ի օգուտ իր վստահորդի և որ այդ նամակը բավարար է:
Ցուցակներից հանելու ընթացակարգին աջակցելու խնդրանքով իտալական իշխանություններին ուղղված դիմումի կապակցությամբ, Դաշնային դեպարտամենտի ներկայացուցիչն առաջարկել է, որ իրավաբանը կապ հաստատի ՄԱԿ-ում Իտալիայի մշտական ներկայացուցչության հետ, ավելացնելով, որ Իտալիան, այդ ժամանակ տեղ էր զբաղեցնում Անվտանգության խորհրդում: Կառավարությունը տեղեկացրել է, որ 2008թ. ապրիլին Եգիպտոսի զինվորական տրիբունալը դիմումատուին in absentia դատապարտել է տաս տարվա ազատազրկման` Մահմեդական եղբայրություն կազմակերպությանը ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար (տե՛ս դրա վերաբերյալ 2008թ. ապրիլի 16-ի հոդվածը Corriere del Ticino թերթում): Դիմումատուն չի վիճարկել այն փաստը, որ նա դատապարտվել է, սակայն պնդել է, որ երբևէ չի տեղեկացվել իր դեմ ընթացող դատավարության մասին և այդ իսկ պատճառով երբևէ հնարվորություն չի ունեցել ինքնուրույն կամ իրավաբանի միջոցով պաշտպանել իրեն: Այդ պատճառների ուժով և հաշվի առնելով նաև այն փաստը, որ դատաքննությունն իրականացվել է զինվորական տրիբունալի կողմից, չնայած նրա` քաղաքացիական անձ լինելուն, նա պնդել է, որ քննության առարկա դատավարություններ հստակորեն խախտել են 6-րդ հոդվածը: 2008թ. հուլիսի 5-ին Իտալիայի կառավարությունը դիմումատուին ցուցակից հանելու դիմում է ներկայացրել Պատժամիջոցների կոմիտե` նրա դեմ հարուցված գործն Իտալիայում կարճվելու հիմքով: 2008թ. հուլիսի 15-ի որոշմամբ Կոմիտեն մերժել է այդ դիմումը: Դիմումատուի պնդմամբ, Կոմիտեն թույլ չի տվել իրեն նախօրոք ներկայացնել իր նկատառումները: 2008թ. սեպտեմբերի 11-ին ODM-ը Շվեյցարիա մուտք գործելու և երկրում երկու օր մնալու իրավունք է ընձեռել դիմումատուին, սակայն դիմումատուն չի օգտվել այդ թույլտվությունից: 2008թ. դեկտեմբերի 23-ի նամակում ODM-ն տեղեկացրել է դիմումատուին, որ Շվեյցարիայի` 2008թ. դեկտեմբերի 12-ին շենգենյան գոտի մուտք գործելը չի անդրադառնա նրա իրավիճակի վրա: Պալատին ներկայացված իր նկատառումներում Շվեյցարիայի կառավարությունը, հայտնել է, որ իրենց տեղեկություններով, դիմումատուին ցուցակում ընդգրկելը նախաձեռնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից և 2009թ. հուլիսի 7-ին ԱՄՆ-ն դիմել է Պատժամիջոցների կոմիտեին մի շարք անձանց, ներառյալ դիմումատուին, ցուցակից հանելու խնդրանքով: 2009թ. օգոստոսի 24-ին, Անվտանգության խորհրդի թիվ 1730 (2006) բանաձևով սահմանված ընթացակարգին համապատասխան, դիմումատուն կոնտակտային կենտրոն է ներկայացրել իրեն Պատժամիջոցների կոմիտեի ցուցակից հանելու մասին դիմում: 2009թ. սեպտեմբերի 2-ին Շվեյցարիան Պատժամիջոցների կոմիտեին է ուղարկել Դաշնային դատախազության 2009թ. օգոստոսի 13-ին դիմումատուի իրավաբանին ուղղված նամակի պատճենը, որում հաստատվում էր, որ քրեական ոստիկանության հետաքննությունը նրա վստահորդի նկատմամբ որևէ նշան կամ ապացույց չի հայտնաբերել, որը ցուց կտար նա կապ է ունեցել Օսամա բին Լադենի, ալ Քաիդայի կամ Թալիբանի հետ փոխկապակցված անձանց կամ կազմակերպությունների հետ: 2009թ. սեպտեմբերի 23-ին դիմումատուի անունը ջնջվել է Անվտանգության խորհրդի` խնդրո առարկա պատժամիջոցները սահմանող բանաձևերին հավելված ցուցակից: Դիմումատուի կարծիքով, թիվ 1730 (2006) բանաձևով սահմանված ընթացակարգը չի պահպանվել և նա որևէ բացատրություն չի ստացել այդ կապակցությամբ: 2009թ. սեպտեմբերի 29-ին համապատասխանաբար փոփոխության է ենթարկվել Թալիբանի մասին որոշման հավելվածը և փոփոխությունն ուժի մեջ է մտել 2009թ. հոկտեմբերի 2-ին: 2010թ. մարտի 1-ին հավանության արժանացած նախաձեռնությամբ Ազգային խորհրդի (դաշնային խորհրդարանի ստորին պալատ) Արտաքին քաղաքականության հանձնաժողովը խնդրել է Դաշնային խորհրդին տեղեկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ 2010թ. վերջից այն այլևս որոշակի գործերով չի կիրառելու հակաահաբեկաչական բանաձևերով անձանց դեմ ուղղված պատժամիջոցները: Ավելին, այն կոչ է արել կառավարությանը վերահաստատել իր անդրդվելի հավատարմությունը ահաբեկչության դեմ պայքարին կանտոնների իրավակարգին համապատասխան համագործակցությանը: Նախաձեռնությունը ներկայացվել է 2009թ. հունիսի 12-ին Կանտոնների խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) անդամ Դիկ Մարթիի կողմից, և այն որպես օրինակ հղում էր կատարում դիմումատուի գործին:
Դ. Պատժամիջոցների ռեժիմը բարելավելու ջանքերը
Կառավարությունը պնդել է, որ նույնիսկ թեև Շվեյցարիան չի հանդիսանում Անվտանգության խորհրդի անդամ, այն ակտիվորեն գործում է այլ երկրների հետ միասին` 2002թ. սեպտեմբերի 10-ին ՄԱԿ-ին անդամակցելուց ի վեր` ցուցակներում ընդգրկելու և ցուցակներից հանելու ընթացակարգերի անկողմնակալությունը և շահագրգիռ անձանց իրավական կարգավիճակը բարելավելու նպատակով: Այդպիսով, 2005թ. ամռանը Շվեյցարիան Շվեդիայի և Գերմանիայի հետ միասին հանդես է եկել նոր նախաձեռնությամբ` պատժամիջոցների ընթացակարգում հիմնարար իրավունքների ավելի մեծ նշանակությունը երաշխավորելու համար: Իրագործելով իր նախաձեռնությունը Շվեյցարիան 2008թ. Դանիայի, Գերմանիայի, Լիխտենշտեյնի, Նիդեռլանդների և Շվեդիայի հետ միասին Անվտանգության խորհրդին է ներկայացրել կոնկրետ առաջարկներ` Պատժամիջոցների կոմիտեին ցուցակներից հանելու առաջարկներ ներկայացնելու լիազորություններով օժտված անկախ փորձագետներից կազմված խորհրդատվական հանձնաժողովի ստեղծման մասին: Ավելին, 2009թ. աշնանը Շվեյցարիան ակտիվորեն աշխատել է իր գործընկերների հետ ապահովելու համար, որ ալ-Քաիդայի և Թալիբանի դեմ ուղղված պատժամիջոցների ռեժիմի նորացման վերաբերյալ բանաձևը, որը նախատեսված էր ընդունել դեկտեմբերին, համապատասխանի այդ կարիքներին: Միևնույն ժամանակ Շվեյցարիան աջակցել է 2009թ. հոկտեմբերին որպես խորհրդատվական վերանայման մեխանիզմ` օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման վերաբերյալ զեկույցի հրապարակմանը: 2009թ. դեկտեմբերի 17-ին Անվտանգության խորհուրդն ընդունել է թիվ 1904 (2009) բանաձևը, որով նախատեսվել է օմբուդսմենի ինստիտուտը` այն անձանց բողոքների ուսումնասիրության համար, ում նկատմամբ տարածվում էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ ուղղված պատժամիջոցները (տե՛ս ստորև` կետ 78): Վերջապես Շվեյցարիան բազմաթիվ անգամներ կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի առաջ, բարելավել այն անձանց ընթացակարգային իրավունքները, ովքեր գտնվում են պատժամիջոցների ներգործության ներքո:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Ներպետական իրավունք
Դաշնային Սահմանադրություն
Դաշնային Սահմանադրության հոդված 190-ը («կիրառելի իրավունք») սահմանում է.
«Դաշնային օրենքները և միջազգային իրավունքը կիրառվում են Դաշնային դատարանի և այլ մարմինների կողմից:»
Օսամա բին Լադենի, «ալ Քաիդա» խմբավորման և Թալիբանի հետ փոխկապված անձանց և կազմակերպությունների դեմ միջոցներ նախատեսող 2000թ. հոկտեմբերի 2-ի որոշումը (Թալիբանի մասին որոշում)
Օսամա բին Լադենի, «ալ Քաիդա» խմբավորման և Թալիբանի հետ փոխկապված անձանց և կազմակերպությունների դեմ միջոցներ նախատեսող 2000թ. հոկտեմբերի 2-ի որոշումը մի քանի անգամ ենթարկվել է փոփոխությունների:, Սույն գործի քննության ժամանակ գործող տարբերակում և, մասնավորապես, Դաշնային դատարանի կողմից վճիռը կայացնելիս (2007թ. նոյեմբերի 17) գործող դրույթները սահմանում են հետևյալը:
Հոդված 1 Ռազմական սպառազինություն և համանման ապրանքներ մատակարարելու արգելքը
«1. Արգելվում է բոլոր տեսակի զինատեսակների, ներառյալ զենքերի և զինամթերքի, ռազմական մեքենաների և սպառազինության, կիսառազմական սպառազինության և վերոգրյալի պահեստամասերի կամ բաղկացուցիչների մատակարարումը, վաճառքը կամ միջնորդությունը սույն որոշման հավելված 2-ում նշված անձանց, ձեռնարկություններին, խմբերին կամ կազմակերպություններին:
...
3. Արգելվում է ռազմական գործունեությանն առնչվող տեխնիկական խորհրդատվության, աջակցության և ուսուցման մատակարարումը, վաճառքը կամ միջնորդությունը սույն որոշման հավելված 2-ում նշված անձանց, ձեռնարկություններին, խմբերին կամ կազմակերպություններին:
4. Վերոգրյալ 1-ին և 3-րդ կետերը կիրառվում են միայն այն դեպքերում, երբ 1996թ. դեկտեմբերի 13-ի Գույքային կարգավորման մասին օրենքը, 1996թ. դեկտեմբերի 13-ի Ռազմական գույքի մասին օրենքը և ի կիրառություն դրանց ընդունված որոշումները կիրառելի չեն:
...»
Հոդված 3 ակտիվների և տնտեսական ռեսուրսների սառեցումը
«1. Սույն որոշման հավելված 2-ում նշված անձանց, ձեռնարկություններին, խմբերին կամ կազմակերպություններին պատկանող կամ նրանց հսկողության ներքո գտնվող ակտիվները և տնտեսական ռեսուրսները սառեցվում են:
2. Արգելվում է դրամական միջոցների մատակարարումը սույն որոշման հավելված 2-ում նշված անձանց, ձեռնարկություններին, խմբերին կամ կազմակերպություններին կամ նրանց համար տնտեսական ռեսուրսները մատչելի դարձնելը` ուղղակիորեն կամ անուղղակիորեն:
3. Տնտեսական գործերի պետական քարտուղարությունը (SECO) կարող է ազատել ժողովրդավարացման կամ մարդասիրական ծրագրերի հետ կապված վճարումները վերը նշված 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արգելքներից:
4. SECO-ն կարող է, Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի և Ֆինանսների դաշնային դեպարտամենտի իրավասու ծառայությունների հետ խորհրդակցելուց հետո, թույլ տալ վճարումների կատարումը արգելափակված հաշիվներից, սառեցված հիմնական միջոցների փոխանցումը և սառեցված տնտեսական միջոցների ազատումը, Շվեյցարիայի շահերի պաշտպանության կամ խնդրահարույց դեպքերը կանխարգելելու նպատակով:
Հոդված 4 Պարտադիր հայտարարագրումը
«1. Սույն որոշման հոդված 3-ի կետ 1-ով նախատեսված սառեցման ենթակա ակտիվներ տիրապետող կամ կառավարող յուրաքանչյուր ոք պետք է անհապաղ հայտնի դրանց մասին SECO-ին:
2. Սույն որոշման հոդված 3-ի կետ 1-ով նախատեսված սառեցման ենթակա տնտեսական ռեսուրսների վերաբերյալ տեղեկություն ունեցող բոլոր անձինք կամ կազմակերպությունները պետք է անհապաղ հայտնեն դրանց մասին SECO-ին:
3. Հայտարարագրում պետք է նշվի շահառուի անունը, սառեցված ակտիվների կամ տնտեսական ռեսուրսների նպատակը և չափը:»
Հոդված 4ա Շվեյցարիա մուտք գործելը և տարանցումը
«1. Արգելվում է սույն որոշման հավելված 2-ում նշված անձանց մուտքը կամ տարանցումը Շվեյցարիայով:
2. Միգրացիայի դաշնային վարչությունը կարող է բացառություններ կատարել, Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի որոշումներին համաձայն կամ Շվեյցարիայի շահերի պաշտպանության նպատակով:»
Բ. Միջազգային իրավունքը
Միացյալ ազգերի կազմակերպության կանոնադրությունը
ՄԱԿ-ի կանոնադրությունը ստորագրվել է Սան Ֆրանցիսկոյում 1945թ. հունիսի 26-ին: Սույն գործի համար նշանակություն ունեցող դրույթները սահմանում են:
Նախաբան
«Մենք՝ Միավորված ազգերի ժողովուրդներս,լի վճռականությամբ
փրկել գալիք սերունդներին պատերազմի արհավիրքից, որը մեր կյանքի ընթացքում երկու
անգամ անասելի վիշտ է պատճառել մարդկությանը, և
վերահաստատել հավատը մարդու հիմնական իրավունքների, անհատի արժանապատվության և արժեքի, տղամարդու և կնոջ,ինչպես նաև մեծ ու փոքր ազգերի հավասար իրավունքների նկատմամբ, և
ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք ապահովեն արդարությունն ու դաշինքներից և միջազգային իրավունքի այլ աղբյուրներից բխող պարտավորությունների հանդեպ հարգանքը, և
ավելի մեծ ազատության պայմաններում խթանել սոցիալական առաջընթացն ու
կենսամակարդակի բարելավումը,
և հանուն այդ նպատակների
ցուցաբերել հանդուրժողություն ու միմյանց հետ ապրել խաղաղությամբ, որպես բարի
դրացիներ, և
միավորել մեր ուժերը միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը
պահպանելու համար, և
համապատասխան սկզբունքների ընդունման և մեթոդների սահմանման միջոցով երաշխավորել զինուժի գործադրումը բացառապես ընդհանուր շահերին համապատասխան, և
միջազգային լծակները գործադրել բոլոր ժողովուրդների տնտեսական ու սոցիալական առաջընթացը խթանելու համար,
որոշել ենք միավորել մեր ջանքերն այդ նպատակներին հասնելու համար
Ըստ այդմ, մեր համապատասխան կառավարությունները, ժողովված Սան Ֆրանցիսկոյում,
բավարար ու պատշաճ կերպով իրենց լիազորությունները փաստած ներկայացուցիչների միջոցով համաձայնել են ընդունել Միավոևված ազգերի կազմակերպության սույն կանոնադրությունը և հիմնում են Միավորված ազգեր անվանումով միջազգային կազմակերպությունը:
Հոդված 1
«Միավորված ազգերի կազմակերպության նպատակներն են.
1. Պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և այդ նպատակով արդյունավետ համախմբված միջոցներ ձեռնարկել՝ կանխելու և վերացնելու խաղաղության սպառնալիքները, ինչպես նաև ճնշելու ագրեսիայի կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները, և խաղաղ միջոցներով, արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հասնելու միջազգային վեճերի կամ խաղաղության համար վտանգավոր իրավիճակների շտկմանը կամ կարգավորմանը:
...
3. Իրականացնել միջազգային համագործակցություն տնտեսական, սոցիալական, մշակութային կամ մարդասիրական բնույթի միջազգային խնդիրների լուծման, ինչպես նաև բոլորի համար մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի տարածման և քաջալերման գործում՝ անկախ ցեղից, սեռից, լեզվից կամ դավանանքից, և
...»
Հոդված 24
«1. Միացյալ ազգերի կազմակերպության արագ և արդյունավետ գործողություններն ապահովելու համար նրա անդամները միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հիմնական պատասխանատվությունը վերապահում են Անվտանգության խորհրդին և համաձայնության են գալիս, որ այդ պատասխանատվությունից բխող իր պարտավորությունները կատարելիս Անվտանգության խորհուրդը գործում է իրենց անունից:
2. Այդ պարտավորությունները կատարելիս Անվտանգության խորհուրդը գործում է Միավորված ազգերի նպատակների ու սկզբունքների համաձայն: Այդ պարտավորությունները կատարելու համար Անվտանգության խորհրդին տրված հատուկ լիազորությունները շարադրված են 6, 7, 8 և 12 գլուխներում:
...»
Հոդված 25
«Սույն կանոնադրության համաձայն, Միավորված ազգերի կազմակերպության անդամները համաձայնության են գալիս ենթարկվել Անվտանգության խորհրդի որոշումներին և կատարել դրանք:»
Կանոնադրության 7-րդ գլուխը վերնագրված է «Գործողություններ խաղաղության վտանգման, խաղաղության խախտման և ագրեսիայի առնչությամբ»: Հոդված 39-ը սահմանում է.
«Անվտանգության խորհուրդը որոշում է խաղաղության նկատմամբ ցանկացած սպառնալիքի, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայությունը և հանձնարարականներ է ներկայացնում կամ վճռում է, թե համաձայն 41-րդ և 42-րդ հոդվածների, ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման կամ վերականգման համար։»
15-րդ գլուխը վերնագրված է «Տարբեր դրույթներ»: Հոդված 103-ը սահմանում է
«Այն դեպքում, երբ Միավորված ազգերի կազմակերպության անդամի՝ սույն կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները հակասում են ցանկացած այլ միջազգային համաձայնագրերով նրա ստանձնած պարտավորություններին, ապա գերակայում են սույն կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները»:
Անվտանգության խորհրդի կողմից ընդունված սույն գործի համար նշանակություն ունեցող բանաձևերը Ալ-Քաիդայի և Թալիբանի դեմ ուղղված իր միջոցառումների հետ կապված
Թիվ 1267 (1999) բանաձևն ընդունվել է 1999թ. հոկտեմբերի 15-ին: Դրա հիման վրա է ստեղծվել Անվտանգության խորհրդի բոլոր անդամներից բաղկացած Պատժամիջոցների կոմիտեն: Այս կոմիտեին է հանձնարարվել, մասնավորապես, պահանջել բոլոր երկրներից իրեն տեղյակ պահել բանաձևով սահմանված միջոցների արդյունավետ կիրառման նպատակով ձեռք առնված միջոցների մասին, այն է` Թալիբանի հետ փոխկապակցված օդանավերին իրենց տարածքը վայրէջքի կամ թռիչքի նպատակով օգտագործել թույլ չտալը, եթե Պատժամիջոցների կոմիտեն նախապես հավանություն չի տվել թռիչքին մարդասիրական պատճառներով և երկրորդ` Թալիբանի դրամական միջոցների և այլ ֆինանսական ռեսուրսների սառեցումը: Այս բանաձևի` գործի համար նշանակություն ունեցող պարբերությունները սահմանում են.
Բանաձև թիվ 1267 (1999)
Ընդունվել է Անվտանգության խորհրդի կողմից իր 4051-րդ նիստում 1999թ. հոկտեմբերի 15-ին
«Անվտանգության խորհուրդը,
Վերահաստատելով իր նախկին բանաձևերը, մասնավորապես 1998թ. օգոստոսի 13-ի թիվ 1189 (1998), 1998թ. օգոստոսի 28-ի թիվ 1193 (1998) և 1998թ. դեկտեմբերի 8-ի թիվ 1214 (1998), իր նախագահողի հայտարարությունները Աֆղանստանում առկա դրության վերաբերյալ:
Վերահաստատելով իր անհողդողդ նվիրվածությունը Աֆղանստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ազգային միասնությանը և իր հարգանքը դրա մշակութային և պատմական ժառանգությանը,
Կրկին արտահայտելով իր խորը մտահոգությունը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների շարունակվող խախտումների կապակցությամբ, հատկապես կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության, և օփիումի անօրինական արտադրության նշանակալի ավելացման կապակցությամբ և ընդգծելով, որ Թալիբանի կողմից Իրանի իսլամական հանրապետության գլխավոր հյուպատոսության գրավումը և Մազարի շարիֆում իրանական դիվանագետների և լրագրողի սպանությունը հանդիսանում են միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի կոպիտ խախտումներ,
Հղում կատարելով ահաբեկչության դեմ պայքարի մասին համապատասխան միջազգային կոնվենցիաներին և մասնավորապես այդ կոնվենցիաների կողմերի պարտավորություններին` ահաբեկիչների արտահանձնման կամ հետապնդման վերաբերյալ,
Խստորեն դատապարտելով աֆղանական տարածքների շարունակական օգտագործումը, հատկապես Թալիբանի հսկողության ներքո գտնվող շրջանների, ահաբեկիչներին ապաստան տալու և նրանց ուսուցման և ահաբեկչական գործողությունների ծրագրման նպատակով, և վերահաստատելով իր համոզմունքը, որ միջազգային ահաբեկչության կանխարգելումը ծայրահեղ անհրաժեշտ է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար,
Ափսոսանք հայտնելով այն փաստի առթիվ, որ Թալիբանը շարունակում է անվտանգ ապաստան տրամադրել Ուսամա բին Լադենին և թույլ տալ նրան և նրա այլ համակիրներին կառավարել ահաբեկիչների պատրաստման ճամբարների ցանցը Թալիբանի հսկողության ներքո գտնվող տարածքից և օգտագործել Աֆղանստանը որպես միջազգային ահաբեկչական գործողությունների կազմակերպման հենակետ,
Ի գիտություն ընդունելով, Ուսամա բին Լադենի նրա հանցակիցների նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից կայացված մեղադրական ակտերը մասնավորապես, 1998թ. օգոստոսի 7-ին Նայրոբիում` Քենիա, և Դար էս Սալամում` Տանզանիա, Միացյալ նահանգների դեսպանությունների ռմբահարման և Միացյալ Նահանգների սահմաններից դուրս ամերիկյան քաղաքացիների սպանության նպատակով դավադրության համար և ի գիտություն ընդունելով նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների խնդրանքը Թալիբանին հանձնել նրանց դատաքննության համար (S/1999/1021),
Սահմանելով, որ Թալիբանի ղեկավարության կողմից թիվ 1214 (1998) բանաձևի 13-րդ կետում նշված պահանջները չկատարելը սպառնալիք է ստեղծում միջազգային խաղաղության և անվտանգության համար,
Ընդգծելով իր բանաձևերի նկատմամբ հարգանք ապահովելու իր վճռականությունը,
Գործելով ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն
....
3. Որոշում է, որ 1999թ. նոյեմբերի 14-ին բոլոր երկրները կձեռնարկեն ստորև` 4-րդ կետում նշված միջոցները, եթե Խորհուրդը մինչ այդ, Գլխավոր քարտուղարի զեկույցի հիման վրա, չի որոշի, որ Թալիբանը լիովին կատարել է վերը` 2-րդ կետում նշված իր պարտավորությունները,
4. Այնուհետև որոշում է, որ վերը հիշատակված 2-րդ կետի կենսագործման համար բոլոր երկրները պարտավոր են
(ա) Թույլտվություն չտալ ցանկացած օդանավի իրենց տարածքից թռիչք գործել կամ վայրէջք կատարել եթե այն պատկանում է, վարձակալված է կամ շահագործվում է Թալիբանի կողմից կամ նրա անունից, ինչպես սահմանված է ստորև` 6-րդ կետի համաձայն ստեղծված Կոմիտեի կողմից, բացառությամբ եթե կոնկրետ թռիչքը նախապես թույլատրվել է Կոմիտեի կողմից մարդասիրական կարիքի հիման վրա, ներառյալ կրոնական պարտավորությունները` ինչպես օրինակ Հաջ կատարելը:
(բ) Սառեցնել միջոցները և այլ ֆինանսական ռեսուրսները, ներառյալ Թալիբանին պատկանող կամ դրա կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետվող գույքից կամ Թալիբանի սեփականություն հանդիսացող կամ դրա կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվող ձեռնարկություններից ստացվող միջոցները, ինչպես սահմանված է ստորև` 6-րդ կետի համաձայն ստեղծված Կոմիտեի կողմից, և ապահովել , որպեսզի այդպիսիք սահմանված ոչ այդ և ոչ էլ ուրիշ միջոցներ կամ ֆինանսական ռեսուրսներ չտրամադրվեն նրանց քաղաքացիներին կամ իրենց տարածքում գտնվող ցանկացած անձանց, Թալիբանի, դրան պատկանող կամ դրա կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվող ձեռնարկությունների, բացառությամբ Կոմիտեի կողմից թույլատրված դեպքերի` անհատական կարգով մարդասիրական կարիքի հիման վրա:
5. Կոչ է անում բոլոր երկրներին աջակցել վերը նշված 2-րդ կետում սահմանված պահանջների կենսագործման ջանքերին և դիտարկել Ուսամա բին Լադենի և նրա հանցակիցների դեմ լրացուցիչ միջոցների ընդունման հարցը,
6. Որոշում է ստեղծել իր ժամանակավոր կանոնների 28-րդ կանոնի համաձայն Անվտանգության խորհրդի կոմիտե` բաղկացած Խորհրդի բոլոր անդամներից, հետևյալ խնդիրներն իրականացնելու և Խորհրդին իր նկատառումների և հանձնարարականների վերաբերյալ զեկուցելու նպատակով
.....
7. Կոչ է անում բոլոր երկրներին գործել սույն բանաձևի դրույթներին խիստ համապատասխան, անկախ վերը նշված 4-րդ կետում սահմանված միջոցների ուժի մեջ մտնելու ամսաթվից առաջ ստորագրված այլ միջազգային պայմանագրով կամ համաձայնագրով, կամ ցանկացած լիցենզիայով կամ թույլտվությամբ նախատեսված կամ ստանձնած իրավունքների և պարտականությունների,
8. Կոչ է անում երկրներին հետապնդում իրակնացնել համապատասխան պատիժներ կիրառել իրենց իրավազորության ներքո գտնվող այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք խախտում են վերը նշված 4-րդ կետում նախատեսված միջոցները:
9. Կոչ է անում երկրներին լիովին համագործակցել վերը նշված 6-րդ կետով ստեղծված Կոմիտեի հետ խնդիրներն իրականացնելիս, ներառյալ տրամադրելով այնպիսի տեղեկատվությունը, որը կարող է պահանջվել Կոմիտեի կողմից իր կատարումն սույն բանաձևի,
10. Խնդրում է բոլոր երկրներին վերը նշված 4-րդ կետով սահմանված միջոցների ուժի մեջ մտնելուց երեսուն օրվա ընթացքում, տեղեկացնել վերը նշված 6-րդ կետով ստեղծված Կոմիտեին վերը նշված 4-րդ կետով սահմանված միջոցների արդյունավետ իրականացման նպատակով ձեռնարկված քայլերի մասին:
...»
2000թ. դեկտեմբերի 19-ին ընդունված թիվ 1333 (2000) բանաձևով Անվտանգության խորհուրդն ընդլայնել է թիվ 1267 (1999) բանաձևով սահմանված պատժամիջոցների կիրառումն այն անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ, որոնք Պատժամիջոցների կոմիտեի կողմից ճանաչվել են ալ-Քադայի կամ Օսամա բին Լադենի հետ փոխկապակցված: Բանաձևն այնուհետև պահան՛ում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների կիրառման նպատակով ցուցակի նախապատրաստում: Սույն գործի համար նշանակություն ունեցող պարբերությունները սահմանում են հետևյալը.
Բանաձև թիվ 1333 (2000)
«... Անվտանգության խորհուրդը ...
Վերահաստատելով իր նախկին բանաձևերը, մասնավորապես 1999թ. հոկտեմբերի 15-ին թիվ 1267 (1999) բանաձևը և իր նախագահի հայտարարությունները Աֆղանստանում առկա վիճակի վերաբերյալ,
Վերահաստատելով իր խիստ հավատարմությունը Աֆղանստանի ինքնիշխանության, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ազգային միասնությանը և իր հարգանքը Աֆղանստանի մշակութային և պատմական ժառանգությանը,
Ճանաչելով աֆղան ժողովրդի ծայրահեղ մարդասիրական կարիքները,
...
Որոշում է, որ բոլոր երկրները պետք է ձեռք առնեն հետագա միջոցները.
(ա) Անհապաղ և լիովին փակել Թալիբանի բոլոր գրասենյակներն իրենց տարածքներում
(բ) Անհապաղ և լիովին փակել «Արիանա» աֆղանական ավիաընկերության բոլոր գրասենյակներն իրենց տարածքներում
(գ) Անհապաղ սառեցնել Ուսամա բին Լադենի և նրա հետ կապված անձանց և կազմակերպությունների միջոցները և այլ ֆինանսական ակտիվները, որոնք սահմանվել են կոմիտեի կողմից, ներառյալ ալ-Քաիդա կազմակերպության, ինչպես նաև Ուսամա բին Լադենի և նրա հետ փոխկապակցված անձանց և կազմակերպությունների տիրապետման կամ ուղղակի կամ անուղղակի հսկողության ներքո գտնվող գույքից ստացվող միջոցները, և ապահովել, որպեսզի ոչ այդ և ոչ էլ ցանկացած այլ միջոցներ կամ ֆինանսական ռեսուրսներ ուղղակի կամ անուղղակի կերպով չօգտագործվեն իրենց քաղաքացիների կամ իրենց տարածքում գտնվող ցանկացած այլ անձանց կողմից Ուսամա բին Լադենի նրա հանցակիցների կամ Ուսամա բին Լադենին կամ նրա հետ փոխկապակցված անձանց կամ կազմակերպություններին, ներառյալ Թալիբանին, պատկանող կամ ուղղակի կամ անուղղակի հսկողության ներքո գտնվող ցանկացած կազմակերպությունների շահերից ելնելով և խնդրում է Կոմիտեին, երկրների և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա, կազմել այն անձանց և կազմակերպությունների ցուցակը, որոնք, փոխկապակցված են ճանաչվել Ուսամա բին Լադենի հետ, ներառյալ ալ-Քաիդա կազմակերպության միջ ներգրավվածների:
...
12. Որոշում է այնուհետև, որ Կոմիտեն պետք է կազմի հաստատված կազմակերպությունների և կառավարական հիմնարկների ցուցակը, որոնք մարդասիրական օգնություն են ցուցաբերում Աֆղանստանին, ներառյալ հարկ եղած դեպքում Միացյալ ազգերի կազմակերպությունները, մարդասիրական օգնություն ցուցաբերող կառավարական կազմակերպությունները, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը և ոչ կառավարական կազմակերպությունները, որ վերը նշված 11-րդ կետով սահմանված արգելքը չի կիրառվի Կոմիտեի կողմից հաստատված ցուցակում ներառված օգնություն ցուցաբերող կազմակերպությունների և պետական հիմնարկների, կամ նրանց անունից իրականացվող մարդասիրական թռիչքների նկատմամբ, և որ Կոմիտեն կանոնավոր կերպով վերանայելու է այդ ցուցակը, անհրաժեշտության դեպքում դրանում ներառելով օգնություն ցուցաբերող նոր կազմակերպություններ և պետական հիմնարկներ և որ Կոմիտեն ցուցակներից հանելու է կազմակերպություններին և պետական հիմնարկներին այդ ցուցակից, եթե որոշի, որ դրանք իրականացնում են կամ կարող են իրականացնել թռիչքներ ոչ թե մարդասիրական այլ ուրիշ նպատակներով և անհապաղ ծանուցել այդպիսի կազմակերպություններին և կառավարական հիմնարկներին, այն մասին, որ դրանց կողմից կամ դրանց անունից իրականացվող ցանկացած թռիչքի վրա տարածվում է վերը հիշատակված 11-րդ կետի գործողությունը:
...
16. Խնդրում է Կոմիտեին, ի լրումն թիվ 1267 (1999) բանաձևում շարադրված խնդիրների, իրականացնել իր մանդատը հետևյալ խնդիրների լուծման միջոցով
(ա) երկրների, տարածաշրջանային կամ միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա, կազմել և թարմացված պահել Աֆղանստանի տարածքում Թալիբանի հսկողության ներքո գտնվող օդանավերի համար մուտքի և վայրէջքի բոլոր շրջանների ցուցակները և տեղեկացնել Անդամ պետություններին այդ ցուցակների բովանդակության մասին:
(բ) երկրների, տարածաշրջանային կամ միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա, կազմել և թարմացված պահել Ուսամա բին Լանդենի հետ փոխկապակցված ճանաչված անձանց և կազմակերպությունների ցուցակները` վերոգրյալ 8 (գ) կետի համաձայն,
(գ) Քննության առնել և համապատասխան որոշումներ կայացնել վերոգրյալ 6-րդ և 11-րդ կետերում նշված բացառությունների վերաբերյալ դիմումների կապակցությամբ,
(դ) Սույն բանաձևի ընդունումից հետո մեկ ամսվա ընթացքում կազմել և թարմացված պահել վերոգրյալ 12-րդ կետի համաձայն Աֆղանստանին հումանիտար օգնություն ցուցաբերող կազմակերպությունների և պետական հիմնարկների ցուցակը,
...
17. Կոչ է անում բոլոր երկրներին և միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին, ներառյալ Միացյալ ազգերի կազմակերպությանը և իր մասնագիտացված մարմիններին, գործել սույն բանաձևի դրույթներին խիստ համապատասխան անկախ մինչև վերոգրյալ 5-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերով սահմանված միջոցների ուժի մեջ մտնելը որևէ ստորագրված միջազգային համաձայնագրով կամ պայմանագրով, կամ լիցենզիայով կամ թույլտվությամբ սահմանված կամ նախատեսված իրավունքների և պարտականությունների առկայությունից
2001թ. հուլիսի 30-ին ընդունված թիվ 1363 (2001) բանաձևում, Անվտանգության խորհուրդը որոշել է ստեղծել մեխանիզմ թիվ 1267 (1999) և թիվ 1333 (2000) բանաձևերով սահմանված միջոցների մոնիտորինգի նպատակով (Մոնիտորինգի խումբ) բաղկացած արդարացի աշխարհագրական բաշխվածության հիման վրա ընտրված մինչև հինգ փորձագետներից: 2001թ. սեպտեմբերի 28-ին ընդունված թիվ 1373 (2001) բանաձևում, 2001թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո, Անվտանգության խորհուրդը որոշել է որ երկրները պետք է մի շարք միջոցներ ձեռք առնեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու և այդ կապակցությամբ արդյունավետ սահմանային հսկողություն ապահովելու նպատակով: Սույն գործի համար նշանակություն ունեցող պարբերությունները սահմանում են.
Բանաձև 1373 (2001)
«Անվտանգության խորհուրդը ...Որոշում է, որ բոլոր պետությունները պարտավոր են
(ա) Կանխարգելել և արմատախիլ անել ահաբեկչական գործողությունների ֆինանսավորումը
(բ) Քրեականացնել իրենց քաղաքացիների կամ իրենց տարածքում գտնվող անձանց կողմից ցանկացած մեթոդներով, ուղղակի կամ անուղղակիորեն միջոցների տրամադրումը կամ հավաքումը, մտադիր լինելով որպեսզի այդ միջոցներն օգտագործվեն, կամ գիտակցելով, որ այդ միջոցներն օգտագործվելու են ահաբեկչական գործողությունների կատարման համար:
(գ) Անհապաղ սառեցնել այն անձանց միջոցները և այլ ֆինանսական ակտիվները, ովքեր կատարում են կամ փորձում են կատարել ահաբեկչական գործողություններ կամ մասնակցում են ահաբեկչական գործողությունների կատարմանը կամ նպաստում դրանց կատարմանը, այդպիսի անձանց պատկանող կամ ուղղակի կամ անուղղակիորեն նրանց կողմից վերահսկվող կազմակերպությունների, ինչպես նաև այդպիսի անձանց կամ կազմակերպությունների անունից կամ դրանց ցուցումով գործող անձանց կամ կազմակերպությունների, ներառյալ այդպիսի անձանց կամ դրանց հետ փոխկապակցված անձանց և կազմակերպությունների ուղղակի կամ անուղղակի տիրապետության կամ հսկողության ներքո գտնվող սեփականության օգնությամբ ստացված կամ ձեռք բերված միջոցները,
(դ) Արգելել իրենց քաղաքացիներին կամ իրենց տարածքում գտնվող ցանկացած անձանց և կազմակերպություններին ցանկացած միջոցների, ֆինանսական ակտիվների կամ տնտեսական ռեսուրսների կամ ֆինանսական կամ այլ համապատասխան ծառայությունների տրամադրումը` ուղղակիորեն կամ անուղղակիորեն, ի շահ այն անձանց օգտագործվելու համար, ովքեր կատարում են կամ փորձում են կատարել ահաբեկչական գործողություններ կամ մասնակցում են ահաբեկչական գործողությունների կատարմանը կամ նպաստում դրանց կատարմանը, այդպիսի անձանց պատկանող կամ ուղղակի կամ անուղղակիորեն նրանց կողմից վերահսկվող կազմակերպությունների, ինչպես նաև այդպիսի անձանց կամ կազմակերպությունների անունից կամ դրանց ցուցումով գործող անձանց կամ կազմակերպությունների,
2. Որոշում է նաև, որ երկրները պարտավոր են
(ա) Ձեռնպահ մնալ աջակցության ցանկացած ձևից` ակտիվ կամ պասիվ, այն կազմակերպություններին կամ անձանց, ովքեր ներգրավված են ահաբեկչական գործողություններում, ներառյալ` կանխարգելելով ահաբեկչական խմբավորումների անդամների հավաքագրումը և վերացնելով ահաբեկիչներին զենքի մատակարարումը,
(բ) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ահաբեկչական գործողությունների կատարումը կանխելու համար, ներառյալ վաղօրոք զգուշացնելով այլ երկրներին տեղեկատվության փոխանակման միջոցով,
(գ) Մերժել անվտանգ ապաստան տրամադրել նրանց, ովքեր ֆինանսավորում, ծրագրում, աջակցում կամ իրականացում են ահաբեկչական գործողություններ կամ տրամադրում են ապաստան
(դ) Կանխել ահաբեկչական գործողություններ ֆինանսավորող, ծրագրող, աջակցող կամ իրականացնող անձանց կողմից իրենց համապատասխան տարածքներն օգտագործեն այդ նպատակներով այլ երկրների կամ նրանց քաղաքացիների դեմ,
(ե) Ապահովել, որ ահաբեկչական գործողությունների ֆինանսավորմանը, ծրագրմանը, նախապատրաստությանը կամ կատարմանը մասնակցող կամ աջակցող ցանկացած անձ դատարանի առաջ կանգնի և ապահովել, որպեսզի ի հավելումն նրանց դեմ ուղղված այլ միջոցների, այդպիսի ահաբեկչական գործողությունները ներպետական օրենքներով և որոշումներով որակվեն որպես ծանր քրեական հանցագործություններ և որ պատիժը պատշաճ կերպով արտացոլի այդպիսի ահաբեկչական գործողությունների լրջությունը,
3. Կոչ է անում բոլոր պետություններին
...
(զ) Մինչև փախստականի կարգավիճակ տրամադրելը համապատասխան միջոցներ ձեռք առնել ներպետական օրենսդրության և միջազգային իրավունքի, ներառյալ մարդու իրավունքների բնագավառում միջազգային չափանիշներին համաձայն, հավաստիանալու համար, որ ապաստան հայցող անձինք չեն ծրագրել, չեն աջակցել և չեն մասնակցել ահաբեկչական գործողություններ իրականացմանը,
2002թ. հունվարի 16-ին ընդունված թիվ 1390 (2002) բանաձևում Անվտանգության խորհուրդը որոշել է, մուտքի և տարանցման արգելք սահմանել, այն անձանց և կազմակերպությունների համար, ում նկատմամբ տարածվում են միջազգային պատժամիջոցները: Այս բանաձև նաև ավելի հստակ և թափանցիկ է դարձնում պատժամիջոցների ռեժիմը, քանի որ դրանով Պատժամիջոցների կոմիտեից պահանջվում է պարբերաբար թարմացնել պատժամիջոցների գործողության ներքո գտնվող անձանց ցուցակը, անհապաղ հրապարակելով այն ուղենիշները և չափանիշները, որոնք կարող են անհրաժեշտ լինել պատժամիջոցների կիրառմանը նպաստելու և նշանակություն ունեցող ցանկացած տեղեկության ստացման համար` ներառյալ շահագրգիռ անձանց ցուցակը հրապարակային դարձնելը: Սույն գործի համար նշանակություն ունեցող պարբերությունները սահմանում են.
Բանաձև 1390 (2002)
«... Անվտանգության խորհուրդը ...
2. Որոշում է, որ բոլոր պետությունները պարտավոր են ձեռք առնել հետևյալ միջոցները Ուսամա բին Լադենի, ալ-Քաիդա և Թալիբան կազմակերպությունների անդամների, և այլ անձանց, խմբերի, հիմնարկների և դրանց հետ փոխկապակցված կազմակերպությունների դեմ, ինչպես նշվում է թիվ 1267 (1999) և 1333 (2000) բանաձևերին համապատասխան կազմված ցուցակում, որը պետք է պարբերաբար թարմացվի թիվ 1267 (1999) բանաձևի համաձայն կազմված Կոմիտեի կողմից, այսուհետ` «Կոմիտե»,
(ա) Անհապաղ սառեցնել այդ անձանց, խմբերի, հիմնարկների և կազմակերպությունների միջոցները և այլ ֆինանսական ակտիվները կամ տնտեսական ռեսուրսները, ներառյալ միջոցները որոնք ստացվել են նրանց կամ նրանց անունից կամ նրանց ցուցումներով գործող անձանց պատկանող կամ նրանց կողմից վերահսկվող գույքից և ապահովել, որ ոչ այդ ոչ էլ այլ միջոցները, ֆինանսական ակտիվներ կամ տնտեսական ռեսուրսներ ուղղակի կամ անուղղակիորեն մատչելի չեն դարձել ի շահ այդպիսի անձանց իրենց քաղաքացիների կամ իրենց տարածքում գտնվող այլ անձանց կողմից,
(բ) Կանխել այդպիսի անձանց մուտքն իրենց տարածք կամ տարանցումը դրա միջով, պայմանով, որ ոչինչ այս կետում չի պարտավորեցնում որևէ Պետության մերժել սեփական քաղաքացիների մուտքը կամ ելքը իր տարածքից և սույն կետը չի կիրառվում, երբ մուտքը կամ տարանցումը անհրաժեշտ են դատական գործընթացի իրականացման համար կամ երբ Կոմիտեն սահմանում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որ մուտքը կամ տարանցումը արդարացված են,
(գ) Կանխել այդպիսի անձանց, խմբերին, հիմնարկների կամ կազմակերպություններին իրենց տարածքից կամ իրենց քաղաքացիների կողմից իրենց տարածքից դուրս կամ իրենց դրոշի ներքո գտնվող նավերը կամ օդանավերն օգտագործելով սպառազինոթւյան և դրա հետ կապված բոլոր տեսակի նյութերի, ներառյալ զենքերը և զինամթերքը, ռազմական մեքենաները և սարքավորումները, կիսառազմական հանդերձանքի և վերոգրյալի պահեստային մասերի և ռազմական գործողություններին վերաբերող տեխնիկական խորհրդատվության, աջակցության կամ ուսուցման ուղղակի կամ անուղղակի մատակարարումը, վաճառքը և փոխանցումը
...
Կոչ է անում բոլոր պետությունների անհապաղ քայլեր ձեռնարկել օրենսդրական ակտերի և անհրաժեշտության դեպքում վարչական միջոցառումների միջոցով կենսագործելու և ամրապնդելու ներպետական օրենքներով կամ որոշումներով սահմանված միջոցներն իրենց քաղաքացիների կամ իրենց տարածքում գործունեություն իրականացնող այլ անձանց, կազմակերպությունների դեմ` կանխելու և պատժելու սույն բանաձևի 2-րդ կետում ամրագրված միջոցների խախտումները և տեղեկացնել Կոմիտեին այդպիսի միջոցների ընդունման վերաբերյալ և առաջարկում է պետություններին Կոմիտեին հայտնել բոլոր համապատասխան հետաքննությունների կամ հարկադիր բնույթի գործողությունների վերաբերյալ, եթե դա չի վտանգի հետաքննությունը կամ հարկադիր բնույթի գործողությունները, ... »
2004թ. հունվարի 30-ին ընդունված թիվ 1526 (2004) բանաձևում Անվտանգության խորհուրդը խնդրել է պետություններին ներկայացնել Կոմիտեի ցուցակին ավելացման ենթակա նոր անուններ, հաղորդել տեղեկություններ, որոնք կնպաստեն շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների նույնականացմանը: Այն նաև հատկապես խրախուսել է պետություններին հնարավորինս տեղեկացնել Կոմիտեի ցուցակում ներառված անձանց և կազմակերպություններին նրանց դեմ ձեռնարկված միջոցների, Կոմիտեի ցուցումների և որոշակի պատժամիջոցների չկիրառման հնարավորությանը վերաբերող թիվ 1452 (2002) բանաձևի մասին: Ի պատասխան պատժամիջոցների ռեժիմի քննադատության մեծ ալիքին, Անվտանգության խորհուրդն ընդունել է ավելի մանրամասն բանաձևեր` ընթացակարգային երաշխիքների ամրապնդման նպատակով: Այդ կապակցությամբ թիվ 1730 (2006) բանաձևը սահմանում էր ներկայիս ընթացակարգը` ստեղծելով «կոնտակտային կենտրոն» Պատժամիջոցների կոմիտեի կողմից ցուցակում նշված անձանց կամ կազմակերպությունների վերաբերյալ` ցուցակներից հանելու դիմումներ ընդունելու համար: Այս բանաձևով կոնտակտային կենտրոնը պատասխանատու էր այդպիսի դիմումները ի գիտություն և հնարավոր դիտողությունների համար փոխանցել նրանց առաջադրած կառավարություններին և քաղաքացիության և բնակության երկրների կառավարություններին: Դրան պետք է հաջորդեր շահագրգիրռ կառավարությունների միջև խորհրդակցությունը` կոնտակտային կենտրոնի, որպես, միջնորդ մասնակցությամբ, կամ առանց դրա: Այս կառավարություններից մեկի ներկայացմամբ, ցուցակից հանելու վերաբերյալ դիմումը ներառվում է Պատժամիջոցների կոմիտեի օրակարգում, որը որոշումներ է ընդունում իր տասնհինգ անդամների համաձայնությամբ: Թիվ 1735 (2006) բանաձևով սահմանվում է ցուցակում ներառված անձանց կամ կազմակերպությունների ծանուցման ընթացակարգը: Այն ցուցակից հանվելու չափանիշները հետևյալ կերպ է պարզաբանում.
«14. ... Կոմիտեն, Ամփոփիչ ցուցակից անունները հանելու վերաբերյալ որոշում կայացնելիս, կարող է ի թիվս այլ բաների դիտարկել (i) արդյոք անձը կամ կազմակերպությունը ներառվել է Ամփոփ ցուցակում նույնականացման սխալի հետևանքով, կամ (ii) անձը կամ կազմակերպությունը դադարել է համապատասխանել համապատասխան բանաձևերում սահմանված չափանիշներին, մասնավորապես թիվ 1617 (2005) բանաձևում. վերոգրյալ (ii) կետը գնահատելիս, Կոմիտեն կարող է դիտարկել, ի թիվս այլ բաների, արդյոք անձը մահացել է, կամ արդյոք վստահորեն հաստատվել է, որ անձը կամ կազմակերպությունը խզել է իր կապերը, ինչպես նշված է թիվ 1617 (2005) բանաձևում, ալ-Քաիդայի, Ուսամա բին Լադենի, Թալիբանի և նրանց աջակիցների հետ, ներառյալ Ամփոփիչ ցուցակում ընդգրկված բոլոր անձանց և կազմակերպությունների...»
Այս ընթացակարգը հետագայում ամրապնդվել է թիվ 1822 (2008) և 1904 (2009) բանաձևերի ընդունմամբ, որոնք ընդունվել են սույն գործից ավելի ուշ: 2009թ. դեկտեմբերի 17-ին ընդունված վերջին բանաձևում Անվտանգության խորհուրդը որոշել է ստեղծել Օմբուդսմենի պաշտոնը, որի խնդիրն է դիմումներ ընդունել այն անձանցից ում նկատմամբ տարածվում են Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչության դեմ պայքարի համար որոշված պատժամիջոցները: Այդ բանաձևի համաձայն, պատժամիջոցների ցուցակում ներառված անձինք իրավունք ունեն տեղեկատվություն ստանալ իրենց դեմ կիրառված միջոցների պատճառների մասին և իրենց անունը ցուցակից հանելու վերաբերյալ դիմումներ ներկայացնել Օմբուդսմենին, ով յուրաքանչյուր գործի անկողմնակալ և անկախ քննությունից հետո զեկույց է ներկայացնում Պատժամիջոցների կոմիտեին` ներկայացնելով ցուցակից հանելու կողմ կամ դեմ պատճառները:
3. Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննային կոնվենցիա (1969)
Պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայի 27-րդ հոդվածը («Ներքին իրավունքը և պայմանագրերի պահպանումը») սահմանում է, հետևյալը.
«Մասնակիցը որպես պայմանագիրը չկատարելու արդարացման պատճառաբանություն չի կարող վկայակոչել իր ներքին իրավունքի դրույթները: ...»
Հոդված 30-ը («Միևնույն հարցի վերաբերյալ հաջորդող պայմանագրերի կիրառումը») սահմանում է հետևյալը.
«1. Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 103-րդ հոդվածի պահպանմամբ, միևնույն հարցին վերաբերող հաջորդող պայմանագրերի մասնակից պետությունների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են հետևյալ կետերին համապատասխան։
Եթե պայմանագրի մեջ նշված է, որ այդ պայմանավորված է նախորդ կամ հաջորդ պայմանագրով կամ անհամատեղելի չպետք է համարվի նման պայմանագրի հետ, ապա առավելության ուժ ունեն այդ ուրիշ պայմանագրի դրույթները։
Եթե նախորդ պայմանագրի բոլոր մասնակիցները հաջորդ պայմանագրի մասնակիցներն են, բայց նախորդ պայմանագրի գործողությունը 59-րդ հոդվածի համաձայն չի դադարեցվել կամ չի կասեցվել, ապա նախորդ պայմանագիրը կիրառվում է այնքանով, որքանով դրա դրույթները համատեղելի են վերջին պայմանագրի դրույթների հետ։
Եթե վերջին պայմանագրի մասնակիցները չեն ներառում նախորդ պայմանագրի բոլոր մասնակիցներին
ա) երկու պայմանագրերի մասնակից պետությունների հարաբերություններում կիրառվում է նույն այն կանոնը, ինչը 3-րդ կետում է,
բ) երկու պայմանագրերի մասնակից պետության և միայն մեկ պայմանագրի մասնակից պետության հարաբերություններում նրանց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները կարգավորում է այն պայմանագիրը, որին երկու պետություններն էլ մասնակից են։
5. 4-րդ կետը կիրառվում է առանց վնաս պատճառելու 41-րդ կամ 60-րդ հոդվածին համապատասխան պայմանագրի դադարեցման կամ կասեցման ցանկացած հարցին, կամ պետության պատասխանատվության մասին ցանկացած հարցին, որը կարող է ծագել այնպիսի պայմանագիր կնքելու կամ օգտագործելու ժամանակ, որի դրույթներն անհամատեղելի են ուրիշ պետության նկատմամբ այլ պայմանագրով նախատեսված տվյալ պետության պարտավորությունների հետ։»
4. Միացյալ ազգերի կազմակերպության Միջազգային իրավունքի հանձնաժողովի աշխատանքը
Միջազգային իրավունքի հանձնաժողովի հետազոտական խմբի (ILC) 2006թ. հրապարակված` «Միջազգային իրավունքի բազմաբերկորությունը (ֆրագմենտացիան). միջազգային իրավունքի տարբերակումից և ընդլայնումից բխող բարդությունները» վերնագրով զեկույցը պարունակում է ՄԱԿ-ի Կանոնադրության Հոդված 103-ի վերաբերյալ հետևյալ դիտարկումները.
4. Հարմոնիզացիա` համակարգային ինտեգրացիա
«37. Միջազգային իրավունքում գոյություն ունի ամուր կանխավարկած` նորմատիվ բախման դեմ: Պայմանագրի մեկնաբանությունը դիվանագիտություն է և դիվանագիտության գործն է խուսափել կամ մեղմել բախումը: Սա տարածվում է նաև դատական քննության նկատմամբ: Ինչպես Ռուսսոն է դիտարկել դատավորի պարտականությունները ամենավաղ, սակայն պայմանագրերի բախման վերաբերյալ դեռևս առավել օգտակար հետազոտություններից մեկում.
... lorsqu’il est en présence de deux accords de volontés divergentes, il doit être tout naturellement porté a rechercher leur coordination plutôt qu’à consacrer à leur antagonisme [Charles Rousseau, “De la compatibilité des normes juridiques contradictoires dans l’ordre international”, RGDIP vol. 39 (1932), p. 153].
38. Դա վերածվել է մեկնաբանման լայնորեն ընդունված սկզբունքի և կարող է ձևակերպվել տարբեր կերպ: Այն կարող է էմպիրիկ կանոն թվալ, որ նոր պարտավորություններ ստեղծելիս, պետությունները ենթադրում են չհրաժարվել իրենց պարտավորություններից: Ջեննինգսը և Ուոթսն, օրինակ, նկատում են, որ առկա է
կանխավարկած, որ կողմերն ի նկատի չունեն միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների կամ երրորդ պետությունների նկատմամբ` նախկին պայմանագրով ստանձնած պարտավորությունների հետ անհամատեղելի որևէ բան [Սր Ռոբերտ Ջեննինգս և սր Արթուր Ուոթս, Օպպենհեյմի միջազգային իրավունքը (London: Longman, 1992) (9-րդ հրատարակություն), էջ 1275. Բախումների դեմ կանխավարկածի լայնորեն ընդունման համար` այն է հարմոնիայի առաջարկը, տե՛ս նաև Փավլին, Նորմերի բախումը ... վերոգրյալ հղում 21, էջեր 240-244].
39. Ինչպես ՄԱԿ-ի միջազգային դատարանն է նշել Տարանցման իրավունքի վերաբերյալ գործով.
մեկնաբանման կանոն է հանդիսանում, որ Կառավարությունից ելնող տեքստը պետք է, սկզբունքորեն, մեկնաբանվի որպես գործող օրենքին համապատասխան և ոչ թե այն խախտող հետևանքներ առաջացնող կամ հետևանքներ առաջացնելու նպատակ ունեցող [Հնդկական տարածքով տարանցման իրավունքի վերաբերյալ գործը (նախնական առարկություններ) (Պորտուգալիան ընդդեմ Հնդկաստանի) Զեկույցներ 1957 էջ 142].
....
331. Հոդված 103-ը չի սահմանում, որ ՄԱԿ-ի Կանոնադրությունը գերակայություն ունի, սակայն հղում է կատարում Կանոնադրությամբ սահմանված պարտավորություններին: Բացի Կանոնադրությամբ սահմանված իրավունքներից և պարտավորություններից, այն նաև վերաբերում է ՄԱԿ-ի մարմինների պարտադիր որոշումների վերա հիմնված պարտականություններին: Ամենակարևոր գործը Հոդված 25-ին է վերաբերում, որը պարտավորեցնում է Անդամ պետություններին ընդունել և կատարել Անվտանգության խորհրդի` Կանոնադրության 7-րդ գլխի համաձայն ընդունված բանաձևերը: Նույնիսկ եթե Անվտանգության խորհրդի` 109-րդ հոդվածով նախատեսված որոշումների գերակայությունը ուղղակիորեն չի բխում Կանոնադրությունից, այն լայնորեն ընդունված է ինչպես պրակտիկայում, այնպես էլ տեսության մեջ ... »
5. Համապատասխան միջազգային իրավունքը
Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն ձեռք առնված միջոցները, որոնք սահմանում էին ցուցակագրման համակարգը և այդպիսի միջոցների իրավականության վերանայման հնարավորություն,ը քննության են առնվել միջազգային մակարդակով` Եվրոպական միության դատարանի (“CJEC”) և ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի կողմից:
(ա) Յասսին Աբդուլլահ Քադին և Ալ Բարաքաթ Ինթրնեյշնլ Ֆաունդեյշնն ընդդեմ Խորհրդի և Հանձնաժողովի (Եվրոպական միության դատարան)
Յասսին Աբդուլլահ Քադին և Ալ Բարաքաթ Ինթերնեյշնլ Ֆաունդեյշնն ընդդեմ Եվրոպական Միության Խորհրդի և Եվրոպական միության Հանձնաժողովի (միացյալ գործեր C-402/05 P և C-415/05 P, այսուհետ` “Քադիի վճիռ”) գործը վերաբերում է Անվտանգության խորհրդի թիվ 1267 (1999), 1333 (2000) և 1390 (2002) բանաձևերի կիրառման նպատակով ընդունված Եվրոպական Միության կանոնակարգերին համապատասխան դիմումատուի ակտիվների սառեցմանը: Բանաձևերն, ի թիվս այլոց, պահանջում էին բոլոր ԵՄ երկրներից միջոցներ ձեռք առնել Անվտանգության խորհրդի Պատժամիջոցների կոմիտեի կողմից Օսամա բին Լադենի, ալ-Քաիդայի կամ Թալիբանի հետ փոխկապակցված ճանաչված անձանց և կազմակերպությունների միջոցները և այլ ֆինանսական ռեսուրսները սառեցնելու ուղղությամբ: Այդ գործով դիմումատուները ներառվել էին այդ կատեգորիայում և նրանց ակտիվներն այդպիսով սառեցվել էին` միջոց, որը նրանց համար հանգեցրել էր սեփականության նկատմամբ հարգանքի` Եվրոպական Միության հիմնադիր պայմանագրով (ԵՄ Պայմանագիր) պաշտպանվող հիմնարար իրավունքի խախտմանը: Նրանք պնդել են, որ ԵՄ կանոնակարգերն ultra vires են ընդունված եղել: 2005թ. սեպտեմբերի 21-ին Առաջին ատյանի դատարանը (որը 2009թ. դեկտեմբերի մեկից հայտնի է որպես «Ընդհանուր դատարան») մերժել է այդ գանգատները և հաստատել կանոնակարգերի իրավաչափությունը, համարելով, որ ՄԱԿ-ի Կանոնադրության Հոդված 103-ը վեր է դասում Անվտանգության խորհրդի որոշումները բոլոր այլ միջազգային պարտավորություններից (բացի նրանցից, որոնց նկատմամբ տարածվում է jus cogens սկզբունքը), ներառյալ ԵՄ պայմանագրից բխող պարտավորություններից: Դատարանը եզրակացրել էր, որ այն իրավունք չունի քննության առնել Անվտանգության խորհրդի բանաձևերը, նույնիսկ մասնավոր դեպքերով, պարզելու համար թե արդյոք դրանք հարգում են հիմնարար իրավունքները: Պարոն Քադին բողոքարկել էր CJEC, որը 2009թ. դեկտեմբերի 1-ից հայտնի է որպես «Եվրոպական միության դատարան»: Գանգատը Մեծ պալատի կողմի քննվել է մեկ այլ գործի հետ միասին: 2008թ. սեպտեմբերի 3-ի վճռում CJEC-ն գտել է, որ Միության իրավական համակարգերի ներքին և ինքնավար բնույթը հաշվի առնելով, այն օժտված է այդ կարգի շրջանակներում ընդունված Միության կանոնակարգերի իրավաչափությունը քննարկելու իրավազորությամբ, նույնիսկ եթե դրանց նպատակը Անվտանգության խորհրդի բանաձևի կիրառումն է: Դատարանն այդպիսով վճռել է, որ նույնիսկ չնայած որ «Միության դատական մարմինները» չէ, որ պետք է քննության առնեն Անվտանգության խորհրդի բանաձևերը, այն իրավունք ունի քննության առնել Միության կամ Մասնակից պետությունների ակտերը, որոնք նպատակաուղղված են այդ բանաձևերի կենսագործմանը, և որ դա «չի հանգեցնում միջազգային իրավունքում այդ բանաձևի գերակայության վիճարկմանը»: CJEC եզրակացրել է, որ Միության դատական մարմինները պետք է երաշխավորեն Միության բոլոր ակտերի իրավաչափության քննությունը, սկզբունքորեն ամբողջական քննությունը, Միության իրավունքի ընդհանուր սկզբունքների անբաժան մաս կազմող հիմնարար իրավունքների տեսանկյունից, ներառյալ Միության ձեռք առած միջոցները, որոնք, ինչպես վիճարկվող բանաձևի դեպքում է, նպատակաուղղված են Անվտանգության խորհրդի բանաձևերի կենսագործմանը: Վճիռը ներառում էր սույն գործի համար նշանակություն ունեցող հետևյալ պարբերությունները.
...
«281. Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշել, որ Միությունը հիմնած է օրինականության սկզբունքի վրա, քանի որ ո՛չ Անդամ պետությունները և ո՛չ դրա մարմինները չեն կարող խուսափել իրենց ակտերի` հիմնական սահմանադրական փաստաթղթին` ԵՄ պայմանագրին համապատասխանության ստուգումից, որը սահմանում է իրավական պաշտպանության միջոցների և ընթացակարգերի լիակատար համակարգ` նախատեսված Եվրոպական դատարանին այդ մարմինների ակտերի իրավականությունը քննության առնելու իրավունք ընձեռելու համար (Գործ թիվ 294/83 Les Verts v Parliament [1986] ECR 1339, կետ 23):
...
290. Այդ իսկ պատճառով պետք է դիտարկվի, արդյոք, ինչպես վճռել է Առաջին ատյանի դատարանը, սկզբունքորեն բացառվում է ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող միջազգային իրավակարգի և Միության իրավակարգի միջև հարաբերությունները կարգավորող սկզբունքների արդյունքում հիմնարար ազատությունների տեսակետից վիճարկվող կանոնակարգի ներքին իրավաչափության ցանկացած դատական քննություն, անկախ այն հանգամանքից, ինչպես պարզ է դառնում վերը հիշատակված 281 և 284 կետերում հղված որոշումներից, որ այդպիսի քննությունը` Միության հիմունքների մաս կազմող սահմանադրական երաշխիք է:
...
293. Պարտավորությունների պահպանումը ՄԱԿ-ի ենթատեքստի հաշվի առմամբ նույն չափով պահանջվում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանության ոլորտում, երբ Միությունը, ԵՄ հոդված 60-ի և 301-ի համաձայն ձեռք առնված միջոցների ընդունման ճանապարհով, կենսագործում է Անվտանգության խորհրդի կողմից ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն ընդունված բանաձևերը:
294. Վերջին իրավունքն իրականացնելիս անհրաժեշտ է, որպեսզի Միությունը հատկապես կարևորի այն փաստը, որ ՄԱԿ-ի Կանոնադրության 24-րդ հոդվածի համաձայն Անվտանգության խորհրդի կողմից Կանոնադրության 7-րդ գլխին համապատասխան բանաձևերի ընդունումը հանդիսանում է խաղաղության և անվտանգության պահպանում գլոբալ մակարդակով, մի պարտավորությունը, որը 7-րդ գլխի համաձայն ներառում է իրավունք որոշել թե ինչ և ով է սպառնալիք հանդիսանում միջազգային խաղաղությանը և անվտանգությանը և դրանք պահպանելու և վերականգնելու միջոցներ ձեռնարկել:
....
296. Չնայած, այդպիսի ակտի ընդունման պատճառով, Միությունը ԵՄ պայմանագրի համաձայն պարտավոր է ձեռնարկել այդ ակտում անհրաժեշտ համարող միջոցառումները, այդ պարտավորությունը նշանակում է, որ երբ նպատակը Անվտանգության խորհրդի` ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխին համապատասխան ընդունված բանաձևի կիրառումն է, որը այդ միջոցները նախատեսելիս Միությունը պետք է հաշվի առնի համապատասխան բանաձևի ժամկետները և նպատակները և դրա կենսագործման հետ կապված ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները:
297. Ավելին, Դատարանը նախկինում վճռել է, որ վիճարկվող կանոնակարգի մեկնաբանման նպատակով, պետք է հաշվի առնվեն թիվ 1390 (2002) բանաձևի ձևակերպումները և նպատակը, որը այդ կանոնակարգը, համաձայն դրա նախաբանի չորորդ թվարկման, կոչված է կիրարկել (Մոլլենդորֆ և Մոլլենդորֆ-Նիեհուս, կետ 54 և հղված նախադեպային իրավունքը):
298. Այնուամենայնիվ անհրաժեշտ է նկատել, որ ՄԱԿ-ի Կանոնադրությունը չի պարտավորեցնում Անվտանգության խորհրդի կողմից ԱՄԿ-ի կանոնադրության 7-րդ գլխին համապատասխան ընդունված բանաձևերի կիրարկման որոշակի մոդելի ընտրությունը, քանի որ դրանք պետք է կենսագործվեն ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետության ներպետական իրավակարգի` այդ կապակցությամբ կիրառելի ընթացակարգին համապատասխան: ՄԱԿ-ի Կանոնադրությունը Անդամ պետություններին հնարավորություն է ընձեռում ազատորեն ընտրել իրենց ներպետական իրավակարգերում այդ բանաձևերի ներմուծման հնարավոր տարբեր մոդելների միջև:
299. Այս բոլոր նկատառումներից բխում է, որ միջազգային իրավակարգը կարգավորող ՄԱԿ-ի սկզբունքներից չի հետևում, որ հիմնարար ազատությունների տեսակետից վիճարկվող կանոնակարգի` ներպետական իրավականության ցանկացած դատական քննություն պետք է բացառվի այն փաստի ուժով, որ այդ միջոցը Անվտանգության խորհրդի` ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի համաձայն ընդունված բանաձևի կենսագործման նպատակ է հետապնդում:
300. Ավելին, Միության ` վիճարկվող կանոնակարգի պես միջոցների համար դատաքննությունից իմունիտետը որպես ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված պարտավորությունների միջազգային իրավունքի մակադակում գերակայության սկզբունքի հետևանք, հատկապես նրանց, որոնք վերաբերում են Անվտանգության խորհրդի` ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխի համաձայն ընդունված բանաձևերի կիրարկմանը, չեն կարող իրենց հիմքում ԵՄ Պայմանագիրն ունենալ:»
CJEC-ն եզրակացրել է, որ վիճարկված բանաձևերը, որոնք ակտիվների սառեցման հետ կապված որևէ իրավական պաշտպանության միջոց չէին նախատեսում, խախտում են հիմնարար իրավունքները և վերացվել են:
(բ) Սայադին և Վինկը ընդդեմ Բելգիայի (ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե)
Նաբիլ Սայադիի և Պատրիցիա Վինկի կողմից Բելիգիայի դեմ հարուցված գործում (Մարդու իրավունքների կոմիտեի 2008թ. հոկտեմբերի 22-ի կարծիքը թիվ 1472/2006 հաղորդման վերաբերյալ) Մարդու իրավունքների կոմիտեն առիթ է ունեցել քննության առնել Անվտանգության խորհրդի 1267/(1999) բանաձևով սահմանված պատժամիջոցների կիրարկումը ներպետական մակարդակում: Բելգիայի քաղաքացի երկու դիմումատուները ներառվել են այդ բանաձևին հավելված` 2003թ. հունվարին թարմացված ցուցակում` Անվտանգության խորհրդին Բելգիայի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա` 2002թ. սեպտեմբերին ներպետական քրեական հետաքննություն սկսելուց կարճ ժամանակ անց: Նրանք մի քանի դիմումներ են ներկայացրել ցուցակից հանելու վերաբերյալ ներպետական, տարածաշրջանային և ՄԱԿ-ի մակարդակով, սակայն ապարդյուն: 2005թ. Բրյուդելի առաջին ատյանի դատարանը կարգադրել է Բելգիային, inter alia, անհապաղ ցուցակից հանելու ընթացակարգ ձեռնարկել ՄԱԿ-ի Պատժամիջոցների կոմիտեի հետ միասին և Պետությունը հետագայում այդպես էլ վարվել է: Մարդու իրավունքների կոմիտեն նկատել է, որ դիմումատուների նկատմամբ կիրառված տեղաշարժվելու ազատության սահմանափակումը տեղի է ունեցել մինչև նրանց լսելը Բելգիայի կողմից Պատժամիջոցների հանձնաժողովին նրանց անունների փոխանցման հետևանքով: Այն տեսակետ է հայտնել, որ նույնիսկ չնայած Բելգիան իրավասու չէր հանել նրանց անունները ոչ ՄԱԿ-ի և ոչ էլ Եվրոպայի միության ցուցակներից, այն պատասխանատու էր նրանց անունների` ցուցակում ներառվելու և արդյունքում` ուղևորությունների արգելքի համար: Կոմիտեն գտել էր, որ տեղի է ունեցել դիմումատուների` Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածով սահմանված տեղաշարժի ազատության իրավունքի խախտում, քանի որ և քրեական հետաքննության կարճումը և Պետության դիմումները ցուցակից հանելու վերաբերյալ ցույց են տալիս, որ սահմանափակումներն անհրաժեշտ չէին ազգային անվտանգության կամ հանրային կարգի պաշտպանության համար: Կոմիտեն նաև գտել էր, որ տեղի է ունեցել դիմումատուների պատվի և արժանապատվության նկատմամբ հակաիրավական ոտնձգություն` Դաշնագրի 17-րդ հոդվածի խախտմամբ, հիմնված համացանցում ցուցակի մատչելիության, մամուլի մի շարք հոդվածների, միչնև քննության ավարտը նրանց մասին տեղեկատվության տրամադրման և այն փաստի, որ հակառակ ցուցակներից հանելու վերաբերյալ Պետության դիմումներին, նրանց կոնտակտային տեղեկությունները դեռ մատչելի են հանրությանը: Կոմիտեի կարծիքով, չնայած պետությունն ինքնին իրավասու չէր հանել ցուցակից անունները, այն պարտավոր էր առավելագույնն անել այդ որոշումը հնարավորինս շուտ ստանալու համար, դիմումատուներին փոխհատուցում տրամադրել, հանրությանը տեղեկացնել ցուցակներից հանելու մասին դիմումների վերաբերյալ և ապահովել, որ համանման խախտումներ ապագայում տեղի չունենան: 2009թ. հուլիսի 20-ին դիմումատուների անունները հանվել են ցուցակից` Պատժամիջոցների կոմիտեի որոշման համաձայն:
6. Այլ պետությունների` գործի համար նշանակություն ունեցող նախադեպային իրավունքը
Քննության առարկա միջոցները ներպետական մակարդակում քննության են առնվել նաև Միացյալ Թագավորության գերագույն դատարանի և Կանադայի Դաշնային դատարանի կողմից:
(ա) Ահմեդը և այլոք ընդդեմ ՆՄ Գանձապետարանի (Միացյալ Թագավորության Գերագույն դատարան)
2010թ. հունվարի 27-ին Միացյալ Թագավորության Գերագույն դատարանի կողմից քննված Ահմեդը և այլոք ընդդեմ ՆՄ Գանձարանի գործը վերաբերում էր դիմումատուների ակտիվների սառեցմանը թիվ 1267 (1999) և 1373 (2001) բանաձևերով սահմանված պատժամիջոցների ռեժիմի համաձայն: Գերագույն դատարանը կարծիք է հայտնել, որ Կառավարությունը ultra vires է իրականացրել իրեն` ՄԱԿ-ի 1946թ. ակտի 1-ին բաժնով վերապահված իրավունքները Անվտանգության խորհրդի` պատժամիջոցներին վերաբերող բանաձևերը կիրարկելու որոշակի որոշումներ կայացնելով: Մասնավորապես, Լորդ Հոփը` Գորագույն դատարանի նախագահի տեղակալը, հետևյալ նկատառումներն է կատարել.
«6. ... Սույն գործով կայացված որոշումների հետևանքները այնքան կտրուկ և խիստ են, որ մենք պետք է չափազանց աչալուրջ լինենք տեսնելու համար, որ Գանձապետարանի ձեռք առած հարկադիր միջոցները 1946թ. օրենքով վերապահված իրավունքների սահմաններում են: Նույնիսկ միջազգային ահաբեկչության սպառնալիքի դեմ հանդիման ժողովրդի անվտանգությունը գերագույն օրենք չէ: Մենք պետք է չափազանց զգույշ լինենք անձնական ազատությունը անզուսպ ոտնձգություններից պահպանելիս:
Նա հաստատել է, որ դիմումատուները զրկված են եղել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից և այդ կապակցությամբ գտել է, որ.
«81. Ես համարում եմ, որ G-ն հնարավորություն ունի հաջողության հասնել, այն կետի հետ կապված, որ նրա նկատմամբ կիրառված ռեժիմը զրկել է նրան իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի մատչելիությունից: Ինչպես նշել է պարոն Սվիվթը. Գանձապետրանի որոշման դատական վերանայմանը հասնելն` իրեն նշանակված անձ ճանաչելու նպատակով որևէ արդյունքի չի հանգեցնի: G-ն համապատասխանում է այդ նկարագրությանը քանի որ նա նշանակվել է թիվ 1267 կոմիտեի կողմից: Նա կարիք ունի, եթե իրեն պետք է տրամադրվի իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, մի միջոցի, որը նրան հնարավորություն կտա դատական կարգով վիճարկել իրեն` ցուցակներում ընդգրկելը: Դա այն է, ինչ մերժվել է նրան թիվ 1267 կոմիտեի կողմից ներկայումս գործադրվող համակարգով: Ես համարում եմ, որ ալ-Քաիդայի որոշման 3(1)(բ) հոդվածը, այս իմաստով ultra vires է 1946թ. օրենքի 1-ին բաժնի նկատմամբ: Սույ գործի նպատակով անհրաժեշտ չէ դիտարկել արդյոք ալ-Քաիդայի մասին որոշումն ամբողջապես է ultra vires, ընդամենը պետք է ասել, որ ես չէ, որ պետք է ընդգծեմ, որ այդ որոշման 4-րդ հոդվածը, եթե կիրառելի լիներ G-ի գործով, ուսումնասիրության կարիք կունենար:
82. Ես նույն վերաբերմունքն ունեմ Հեյ-ի գործի նկատմամբ: Նա նույնպես նշանակված անձ է, այն փաստի ուժով, որ նար անունը թիվ 1267 կոմիտեի ցուցակում է: Ինչպես արդեն դիտարկվել է Միացյալ Թագավորությունը ներկայումս փորձում է նրա անունը հանել ցուցակից: 2009թ. հոկտեմբերի 1-ով թվագրված նամակով Գանձապետարանի պատժամիջոցների բաժինը տեղեկացրել է նրա փաստաբաններին, որ ցուցակից հանելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է 2009թ. հունիսի 26-ին, սակայն կոմիտեի կողմից առաջին քննարկմանը մի շարք պետություններ դիմումը բավարարելու համոզմունք չեն ունեցել: Ցուցակներից հանելու հետագա ջանքերը շարունակվում են, սակայն դեռևս հաջողություն չի գրանցվել: Այդպիսով նրա նկատմամբ կիրառվում է ալ-Քաիդայի մասին որոշումը: Այս իրավիճակում նա նույնպես զրկված է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից:»
Գերագույն դատարանն ապօրինի է համարել և ընդհանուր հակաահաբեկչական պայքարի համատեքստում ընդունված` թիվ 1373 բանաձևը կիրարկող որոշումը («Ահաբեկչության մասին» որոշում) և ալ-Քաիդայի և Թալիբանի բանաձևերը կիրարկող որոշումը («ալ-Քաիդայի մասին որոշում»): Այնուամենայնիվ, այն վերացրել է ալ-Քաիդայի մասին որոշումը այնքան ժամանակ, քանի որ այլ իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չի նախատեսում (տե՛ս այս կետի վերաբերյալ Լորդ Բրաունի տարբերվող կարծիքը):
(բ) Աբդելռազիկն ընդդեմ Կանադայի (Արտաքին գործերի նախարար) (Կանադային Դաշնային դատարան)
Աբդելռազիկն ընդդեմ Կանադայի (Արտաքին գործերի նախարար) գործով 2009թ. հունիսի 4-ի վճռում Կանադային Դաշնային դատարանը դիրքորոշում է հայտնել, որ ալ-Քաիդայի և Թալիբանի Պատժամիջոցների կոմիտեի` ցուցակներում ընդգրկելու ընթացակարգը անհամատեղելի է արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքի հետ: Գործը վերաբերում է Անվտանգության խորհրդի` պատժամիջոցների ռեժիմ սահմանող բանաձևերի կիրարկման արդյունքում Կանադայի և Սուդանի քաղաքացիություն ունեցող դիմումատուի` Կանադա վերադառնալու արգելքին: Դիմումատուն այդպիսով հարկադրված է եղել ապրել Սուդանում` Խարթումում Կանադային դեսպանատանը` վախենալով ապաստարանը լքելու դեպքում հնարավոր ձերբակալությունից և խոշտանգումներից: Զինն Ջ.-ն, ով հրապարակել է գործը լուծող վճիռը , նշել է, մասնավորապես
«[51] Ես միանում եմ նրանց, ովքեր դիտում են թիվ 1267 Կոմիտեի ռեժիմը, որպես հիմնական իրավական պաշտպանության միջոցների մերժում և միջազգային մարդու իրավունքերի սկզբունքներին անհամապատասխան: Ցուցակներում ընդգրկման կամ ցուցակներից հանելու ընթացակարգերը ընդհանրապես չեն ճանաչում բնական իրավունքի սկզբունքները կամ ապահովում հիմնական ընթացակարգային արդարությունը»:
Նա այնուհետև նկատել է.
«[54] ... սարսափելի է իմանալ, որ այս կամ այն երկրի քաղաքացին կարող է հայտնվել 1267 կոմիտեի ցուցակում, միայն կասկածի հիման վրա»:
Քննության առնելով ալ-Քաիդայի և Թալիբանի մասին բանաձևերի հիման վրա ուղևորությունների արգելքը կիրարկող միջոցները` դատավորը եզրակացրել է, որ Կանադայի իրավունքների և ազատությունների խարտիային հակառակ խախտվել է դիմումատուի` Կանադա մուտք գործելու իրավունքը (տե՛ս վճռի 62-րդ և այլ կետեր):
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա. Բողոքների համապատասխանությունը դրանցում նշված Կոնվենցիային և Արձանագրություններին
Կողմերի դիրքորոշումները
(ա) Պատասխանող կառավարությունը
Կառավարությունը խնդրել է դատարանին անընդունելի համարել գանգատը` Կոնվենցիային ratione personae չհամապատասխանելու հիմքով: Կառավարությունը պնդել է, որ վիճարկվող միջոցները հիմնված են եղել Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա (թիվ 1267 (1999) և այլ), որոնք ՄԱԿ-ի Կանոնադրության 25-րդ և 103-րդ հոդվածների համաձայն պարտադիր են և գերակայում են ցանկացած այլ միջազգային պայմանագրի նկատմամբ: Այդ կապակցությամբ նրանք հղում են կատարել, մասնավորապես, ՄԱԿ-ի միջազգային դատարանի ժամանակավոր միջոցների մասին որոշմանը` Լոքերբերի մոտ օդային միջադեպից բխող` Մոնրեալի 1971թ. կոնվենցիայի մեկնաբանման և կիրառման հարցեր ((Լիբիայի արաբական ջամահիրիյան ընդդեմ Միացյալ Թագավորության) Ժամանակվոր միջոցներ, 1992թ. ապրիլի 14-ի որոշում վերաբերյալ գործով ՄՄԴ Զեկույցներ 1992, էջ. 15, կետ 39 ):
«Հաշվի առնելով, որ թե՛ Լիբիան և թե՛ Միացյալ Թագավորությունը, որպես Միացյալ ազգերի կազմակերպության անդամներ պարտավոր են ընդունել և կատարել Անվտանգության խորհրդի որոշումները` Կանոնադրության 25-րդ հոդվածին համապատասխան. հաշվի առնելով որ Դատարանը, որը ժամանակավոր միջոցառումների վերաբերյալ քննության փուլում է, համարում է, որ այս պարտավորությունը վերաբերում է նաև թիվ 748 (1992) բանաձևում պարունակվող որոշմանը. և հաշվի առնելով, Կանոնադրության 103-րդ հոդվածին համապատասխան, կողմերի պարտավորություններն այդ կապակցությամբ գերակայում են ցանկացած այլ միջազգային պայմանագրով` ներառյալ Մոնրեալի կոնվենցիայով, սահմանված իրենց պարտավորությունների նկատմամբ:»
Կառավարությունը պնդել է, որ այդպիսի հանգամանքներում, Շվեյցարիան չէր կարող միջազգայնորեն պատասխանատու համարվել խնդրո առարկա միջոցների կիրառման համար: Կառավարությունն ավելացրել է, որ այդ միջոցները, որոնք բխում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից, դուրս են Դատարանի քննության սահմաններից: Այդ իսկ պատճառով սույն գործով ներկայացված գանգատը անընդունելի է նաև ratione materiae:
(բ) Դիմումատուն
Դիմումատուն պնդել է, որ իր դիմումը համապատասխանում է ratione personae Կոնվենցիային: Նա դիրքորոշում է հայտնել, որ Անվտանգության խորհրդի բանաձևերի ուղղակի գործողությունը էական չէ այն խնդրում, թե արդյոք նրա նկատմամբ կիրառված սահմանափակումները վերագրելի են պատասխանող պետությանը թե ոչ, քանի որ այդ սահմանափակումները թույլատրվել են Կառավարության կողմից ներպետական մակարդակում` Դաշնային Սահմանադրության 190-րդ հոդվածին համապատասխան: Հենվելով Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 27-րդ հոդվածի վրա, նա ավելացրել է, որ Շվեյցարիան չի կարող թաքնվել իր ներպետական իրավական միջոցառումների հետևում, երբ խոսքը վերաբերում է իր միջազգային պարտավորությունների կատարմանը (տե՛ս վերը` կետ 79):Դիմումատուն նաև այն տեսակետն է հայտնել, որ Շվեյցարական իշխանությունները կիրառել են Անվտանգության խորհրդի բանաձևերով նախատեսված սահմանափակման հնարավորությունները ավելի սահմանափակող ձևով քան պահանջում էր պատժամիջոցների ռեժիմը: Դաշնային դատարանն ինքն է նկատել դա իր 2007թ. նոյեմբերի 14-ի վճռում: Անվտանգության խորհրդի բանաձևերը մեխանիկորեն կիրառելու փոխարեն, ներպետական իշխանություններին այդ իսկ պատճառով ընձեռված են հայեցողության որոշակի սահմաններ` խնդրո առարկա միջոցներ կիրառելիս: Դիմումատուն ավելացրել է այդ կապակցությամբ, որ իր անունը ցուցակից հանելու վերաբերյալ Պատժամիջոցների կոմիտեի 2009թ. սեպտեմբերի 23-ի որոշումը ազդեցություն չի ունեցել Շվեյցարիայում, մինչև նախորդ շաբաթ: Նա դա ևս մեկ ապացույց է համարում, որ Անվտանգության խորհրդի բանաձևերն ավտոմատ կերպով չեն կիրառվել:Վերջապես, դիմումատուն պնդել է, որ սույն գործով քննության առարկան ՄԱԿ-ի կանոնադրության` դրա 103-րդ հոդվածում նշված, գերակայությունը հարցականի տակ դնելը չէ. Կոնվենցիայի խախտման վերհանումն իր կարծիքով չի անդրադառնում պետությունների միջազգային պարտավորությունների իրավականությանը, այլ պարզապես երաշխավորելը, որ Կանոնադրությունը չի օգտագործվել որպես առիթ Կովենցիայի դրույթներին համապատասխանելուց խուսափելու համար:
Երրորդ կողմի դիրքորոշումները
(ա) Ֆրանսիայի կառավարություն
Ֆրանսիայի կառավարությունն այն կարծիքն է հայտնել, որ Կոնվենցիայի պահպանման վերապահումը, «համարժեք պաշտպանության» երաշխավորման տեսակետից, չի կարող պատշաճ կերպով կիրառվել սույն գործով քանի որ Շվեյցարիայի կողմից սահմանված միջոցները ուղղակիորեն բխում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից, որոնք պարտավոր են կիրառել բոլոր պետությունները և որոնց նախապատվություն պետք է տրվի ցանկացած այլ միջազգային նորմի նկատմամբ: Այդպիսի հանգամանքներում Ֆրանսիան պաշտպանում է այն տեսակետը, որ խնդրո առարկա միջոցները չեն կարող համարվել Շվեյցարիայի «իրավազորության» ներքո գտնվող` Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով. այլապես այդ հասկացությունը անիմաստ կդառնար: Ֆրանսիայի կառավարությունն ընդգծել է, որ չնայած Բոսֆորուս Հավա Յոլլաը Թուրիզմ վե Թիջարեթ Անոնիմ Շիրքեթին ընդդեմ Իռլանդիայի ([GC], թիվ 45036/98, ՄԻԵԴ 2005‑VI) գործով 2005թ. հունիսի 30-ի վճռին Դատարանը Կոնվենցիայի 1-ին հոդվածին համապատասխան է համարել Անվտանգության խորհրդի բանաձևից բխող ԵՄ բանաձևերից մեկը կիրառող ներպետական միջոցի իրավականությունը վիճարկող գանգատը, Դատարանը նկատել է այդ վճռում, որ ԵՄ կանոնակարգը և ոչ թե Անվտանգության խորհրդի բանաձևն է հանդիսանում խնդրո առարկա ներպետական միջոցի իրավական հիմքը (նույն տեղում` կետ 145): Ֆրանսիայի կառավարությունը համոզված էր նաև, որ թեև խնդրո առարկա միջոցները չեն վերաբերում անդամ պետությունների տարածքից դուրս իրականացվող առաքելություններին, ինչպես Սարամատին ընդդեմ Ֆրանսիայի, Գերմանիայի և Նորվեգիայի գործով ((dec.) [GC], թիվ 71412/01 և 78166/01, 2 մայիսի 2007թ.), այլ ավելի շուտ ներպետական օրենքներում կիրարկված միջոցներին, Անվտանգության խորհրդի առաքելությունների բնույթից և պետությունների` դրանցից ծագող պարտավորություններից բխող նախադեպային իրավունքից դուրս բերվող փաստարկները պետք է ուղղորդեն դատարանին ՄԱԿ-ին վերագրելի հայտարարել վիճարկվող միջոցները և այդպիսով համարեն դիմումատուի գանգատներն Կոնվենցիայի հետ ratione personae անհամատեղելի: Այդպիսով Կառավարությունը պնդում էր, որ սույն գործը Դատարանին հնարավորություն է ընձեռում Անդամ պետությունների փաստացի տարածք տեղափոխել Բահրամին և Բահրամին գործով սահմանված սկզբունքները, հաշվի առնելով միջազգային իրավունքի նորմերի աստիճանակարգությունը և դրանցից բխող տարբեր իրավական ոլորտները: Ֆրանսիայի կառավարությունը նաև ընդգծել է, որ Քադիի գործով իր վճռում (տե՛ս վերը` կետ 83) ԵՄ Դատարանը Անվտանգության խորհրդի բանաձևերը կիրարկող կանոնակարգերի քննության համար հենվել է ԵՄ պայմանագրի սահմանադրական բնույթի վրա: Այդպիսի նկատառումների` սույն գործում բացակայելու դեպքում, Ֆրանսիայի կառավարությունը դժվարանում է ըմբռնել, թե ինչը կարող է արդարացնել դատարանի եզրակացությունը, որ, անտեսելով ՄԱԿ-ի կանոնադրության 103-րդ հոդվածը, Շվեյցարիան պատասխանատու է այն բանաձևերի կիրարկման համար, որոնք պարտավոր էր կիրառել և որոնք գերակայում են նրա ցանկացած այլ պարտավորության նկատմամբ:
(բ) Միացյալ Թագավորության կառավարությունը
Միացյալ Թագավորության կառավարությունը նկատել էր, որ մուտքի և տարանցման արգելքը կիրառվել է դիմումատուի նկատմամբ Թալիբանի մասին որոշման ենթատեքստում, որը համարվում է Անվտանգության խորհրդի` ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի (դրա 25-րդ հոդվածի) համաձայն ընդունված, բոլոր պետությունների համար պարտադիր բանաձևերի կիրարկում: Այդ բանաձևերից ծագող պարտավորություններն այդպիսով գերակայում են կանոնադրության 103-րդ հոդվածի համաձայն բոլոր այլ միջազգային պայմանագրերի նկատմամբ: Այդ կապակցությամբ Միացյալ Թագավորության կառավարությունն այն կարծիքին է, որ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար սահմանված պատժամիջոցների ռեժիմի արդյունավետությունը լրջորեն կվարկաբեկվի, եթե նախապատվություն տրվի Կոնվենցիայի 5-րդ կամ 8-րդ հոդվածներից բխող իրավունքներին: Կառավարությունը դիրքորոշում էր հայտնել, որ մասնավորապես թիվ 1390 (2002) բանաձևի 2(բ) կետում, Անվտանգության խորհուրդն օգտագործել է «պարզ և հստակ լեզու» պետությունների նկատմամբ առանձնահատուկ միջոցների պարտականություններ դնելով, որոնք կարող են բախվել նրանց այլ միջազգային պարտավորություններին, մասնավորապես նրանց, որոնք բխում են մարդու իրավունքների փաստաթղթերից: Հղում կատարելով վերջերս ընդունված Ալ Ջեդդան ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ([GC], թիվ 27021/08, կետ 102, ՄԻԵԴ 2011) վճռին, նրանք այդպիսով պնդել են, որ պատասխանող պետությունը պարտավոր է եղել կիրառել խնդրո առարկա միջոցները:
(գ) ՋԱՍԹԻՍ
«ՋԱՍԹԻՍ» կազմակերպությունը համարել է, որ Անվտանգության խորհրդի թիվ 1267 (1999) բանաձևով սահմանված պատժամիջոցների ռեժիմը ցուցակում ընդգրկված անձանց և նրանց ընտանիքների կոնվենցիոնալ իրավունքների դրակոնյան սահմանափակումների աղբյուր է, մասնավորապես անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, սեփականությունից անարգել օգտվելու և ազատ տեղաշարժի իրավունքները: Կոնվենցիոնալ իրավունքների միջամտության ծանրությունը ավելի էր սրվում ցուցակում ընդգրկված անձանց` իրենց` ցուցակներում ընդգրկելու որոշումը, ներառյալ դրա ապացուցողական հիմքը արդյունավետ վիճարկելու անընդունակությունը: Հետևաբար, պատժամիջոցների ռեժիմը նաև չի ապահովել այդ անձանց և նրանց ընտանիքներին դատարանի մատչելիության իրավունքը և արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքը: «Ջասթիսը» տեսակետ է հայտնել, որ պատժամիջոցների կոմիտեի ընթացակարգերը այդ իսկ պատճառով այդ կոնվենցիոն իրավունքների համարժեք պաշտպանություն չեն ապահովում: Այդ եզրահանգումներն արտացոլվել են Ահաբեկչության, հակաահաբեկչության և մարդու իրավունքների հարցերով ականավոր իրավաբանների կոմիտեի, Ահաբեկչության և մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի եզրակացություններում և Կանադայի դաշնային դատարանի (Աբդելռազիկ), Միացյալ Թագավորության Գերագույն դատարանի (Ահմեդ) և Եվրոպական դատարանի (Քադի) որոշումներում (տե՛ս վերը` «գործի համար նշանակություն ունեցող միջազգային նախադեպային իրավունք» և «Գործի համար նշանակություն ունեցող` այլ պետությունների նախադեպային իրավունքը» կետեր 82-92 և 93-101): «Ջազթիսը» համոզված էր, որ Դատարանը պարտավոր չէ մեկնաբանել ՄԱԿ-ի կանոնադրության 103-րդ հոդվածն այնպես, որ այն հանգեցնի Կոնվենցիոն իրավունքների ժխտմանը: Մասնավորապես, «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը» չնայած Անվտանգության խորհրդի առաջնահերթ գործառույթն է, ոչ միջազգային իրավունքի և ոչ էլ ՄԱԿ-ի կանոնադրության գերակա սկզբունք չի հանդիսանում: Առնվազն հավասար նշանակություն պետք է տրվի հիմնարար իրավունքների հարգման սկզբունքին, ինչպես իրականում արտացոլված է Կանոնադրության նախաբանում:
Դատարանի գնահատականը
Կողմերի և երրորդ անձանց փաստարկների լույսի ներքո Դատարանը պետք է որոշի արդյոք այն իրավազորություն ունի քննության առնել դիմումատուի ներկայացրած գանգատները: Այդ նպատակով Դատարանը պետք է հետազոտի, թե արդյոք գանգատը ներառվում է Կոնվենցիայի 1-ին հոդվածի շրջանակներում և այդպիսով առաջացնում պատասխանող պետության պատասխանատվությունը:
(ա) ratione personae համապատասխանությունը
Կոնվենցիայի 1-ին հոդվածը սահմանում է.
«Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում»
Ինչպես սահմանված է այս հոդվածում, Պայմանավորվող պետության ստանձնած պարտավորությունը հանգում է իր «իրավազորության» ներքո գտնվող անձանց թվարկված իրավունքների և ազատությունների «պահպանմանը» (ֆրանսերեն տեքստում` “reconnaître”) (տե՛ս Ալ Սկեյնին և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 55721/07, կետ 130, ՄԻԵԴ 2011; վերոգրյալ Ալ Ջեդդայի գործը, կետ 74; Բանկովիչը և այլոք ընդդեմ Բելգիայի և 6 այլ Պայմանավորվող պետությունների (dec.) [GC], թիվ 52207/99, կետ 66, ՄԻԵԴ 2001‑XII; և Սոերինգն ընդդեմ Միացյալ Թագավորության, 7 հուլիսի 1989թ., կետ 86, A Սերիա թիվ 161)): -ին հոդվածով սահմանված «իրավազորությունը» սահմանային չափանիշ է, որպեսզի Պայմանավորվող պետությունը կարողանա պատասխանատու լինել իրեն վերագրվող այն գործողությունների կամ անգործության համար, որոնք հանգեցրել են Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատութոյւնների խախտման պնդումների (տե՛ս վերը հիշատակված Ալ-Սկեյնին և ուրշները գործը` կետ 130, վերը հիշատակված Ալ-Ջեդդայի գործը` կետ 74, և Իլաշկուն և այլոք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի [GC], թիվ. 48787/99, կետ 311, ՄԻԵԴ 2004‑VII)): Իրավազորություն հասկացությունն արտացոլում է միջազգային հանրային իրավունքում այդ եզրույթին տրված իմաստը (տե՛ս Ասսանիձեն ընդդեմ Վրաստանի, թիվ 71503/01, կետ 137, ՄԻԵԴ 2004-II; Ջենտիլհոմը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 48205/99, 48207/99 և 48209/99, կետ 20, 14 մայիսի 2002թ.; և վերը նշված Բանկովիչը և այլոք գործը, կետեր 59-61) այն է, որ պետության իրավազորությունը առաջին հերթին տարածքային է (տե՛ս վերը նշված Ալ-Սկեյնին և այլոք գործը, կետ 131 և Բանկովիչը և ուրշները գործը, կետ 59) և ենթադրվում է, որ իրականավում է բնականոն պետության ամբողջ տարածքում (տե՛ս վերը նշված Իլաշկուն և այլոք, կետ 312): Հենվելով Բեհրամին և Բեհրամին (վերը նշված) գործով Դատարանի որոշման վրա, որպես երրորդ կողմ հանդես եկող Ֆրանսիական կառավարությունը, մասնավորապես, պնդել է, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից Անվտանգության խորհրդի` Կանոնադրության 7-րդ գլխի համաձայն ընդունված բանաձևերը կիրարկելու նպատակով ձեռք առած միջոցները վերագրելի են ՄԱԿ-ին և այդպիսով անհամատեղելի ratione personae Կոնվենցիայի հետ: Դատարանը չի կարող ընդունել այդ փաստարկը:: Պետք է ընդգծել, որ Բեհրամին և Բեհրամին գործով Դատարանը գտել է, որ KFOR-ի վիճարկվող գործողությունները և անգործությունը, որին իրավունքներն օրինականորեն փոխանցվել էին Անվտանգության խորհրդի կողմից Կանոնադրության 7-րդ գլխի համաձայն, նմանապես և UNMIK-ի, որը ՄԱԿ-ի օգնական մարմիններից է հիմնադրված Կանոնադրության նույն գլխի համաձայն, ուղղակիորեն վերագրելի են ՄԱԿ-ին` համընդհանուր իրավազորություն ունեցող մի մարմնի, որն իրականացնում է իմպերատիվ հավաքական անվտանգության նպատակ (նույն տեղում` կետ 151): Սույն գործով, ընդհակառակը, Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը, հատկապես` թիվ 1267 (1999), 1333 (2001) և 1390 (2002), պահանջում էին պետություններից գործել իրենց անունից և կիրարկել դրանք ներպետական մակարդակում: Սույն գործով Անվտանության խորհրդի բանաձևերով սահմանված միջոցները կիրառվել են ազգային մակարդակում Դաշնային խորհրդի որոշմամբ և դիմումատուի դիմումները` Շվեյցարիա մուտք գործելու արգելքն իր վրայից հանելու մասին մերժվել են Շվեյցարիայի իշխանությունների կողմից (նախ IMES-ի, ապա ODM-ի): Խնդրո առարկա գործողությունները, հետևաբար, վերաբերում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ներպետական կիրակումներին (տե՛ս mutatis mutandis, վերը նշված Բոսֆորուս Հավա Յոլլաը Թուրիզմ վե Թիջարեթ Անոնիմ Շիրքեթին ընդդեմ Իռլանդիայի ([GC], կետ 137, և ընդհակառակը վերը նշված Բեհրամին և Բեհրամին, կետ 151): Այդպիսով Կոնվենցիայի վիճարկվող խախտումները վերագրելի են Շվեյցարիային: Խնդրո առարկա միջոցներն այդ պատճառով ձեռք են առնվել Շվեյցարիայի կողմից իր «իրավազորության» ներքո Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով: Վիճարկվող գործողությունները և անգործությունն այդպիսով կարող են հանգեցնել պատասխանող պետության պատասխանատվությանը` Կենվենիցայի համաձայն: Դրանից բխում է նաև, որ Դատարանն օժտված է սույն գանգատը քննության առնելու ratione personae իրավազորությամբ: Համապատասխանաբար, Դատարանը մերժում է այն առարկությունը, որ գանգատն անհամապատասխան է ratione personae Կոնվենցիայի հետ:
(բ) ratione materiae համապատասխանություն
Պատասխանող կառավարությունը պնդել է, որ սույն գանգատը անհամապատասխան է Կոնվենցիային նաև ratione materiae: Այս կապակցությամբ կառավարությունն ընդգծել է, Անվտանգության խորհրդի` ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխին համապատասխան ընդունված բանաձևերի պարտադիր բնույթը և դրա գերակայությունը ցանկացած այլ միջազգային պայմանագրի նկատմամբ` դրա 103-րդ հոդվածի համաձայն:Դատարանը գտնում է, որ այս փաստարկներն ավելի շատ վերաբերում են գանգատների էությանը քան դրանց` Կոնվենցիային համապատասխանությանը: Հետևաբար, պատասխանող կառավարության առարկությունը գանգատի` Կոնվենցիային ratione materiae անհամապատասխանության վերաբերյալ պետք է միացվի էությանը:
Բ. Հանդիսանում է արդյոք դիմումատուն «զոհ»
Կողմերի փաստարկները
Պատասխանող կառավարությունն ընդգծել է, որ 2009թ. սեպտեմբերի 23-ին դիմումատուի անունը հանվել է Անվտանգության խորհրդի վիճարկվող պատժամիջոցներ սահմանող բանաձևերին հավելված ցուցակից և 2009թ. սեպտեմբերի 29-ին Թալիբանի մասին որոշումը փոփոխությունների է ենթարկվել համապատասխանաբար, ինչն ուժի մեջ է մտել 2009թ. հոկտեմբերի 2-ին: Այդպիսով, կառավարությունը պնդել է, որ դիմումատուի դեմ ուղղված վիճարկվող միջոցները ամբողջապես դադարեցվել են: Կառավարության կարծիքով վեճը հետևաբար լուծվել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1 (բ) կետի իմաստով և, արդյունքում, խնդրել Դատարանին այդ դրույթին համապատասխան անընդունելի հայտարարել գանգատը: Դիմումատուն իր անհամաձայնությունն է հայտնել այդ փաստարկին: Դիմումատուն կարծիք է հայտնել, որ միայն այն փաստը, որ իրադարձությունները զարգացել են այդ ուղղությամբ, որ իր անունը հանվել է Պատժամիջոցների կոմիտեի ցուցակից, որ Թալիբանի մասին որոշումը համապատասխանաբար փոփոխությունների է ենթարկվել և որ իր նկատմամբ կիրառված պատժամիջոցները հանվել են 2009թ. հոկտեմբերի սկզբից ի վեր, չի զրկում իրեն զոհի կարգավիճակից` այդ ժամկետից առաջ իր իրավունքների խախտումների հետ կապված:
Դատարանի գնահատականը
Դատարանի նախադեպային իրավունքում տեղ գտած «զոհ» բառը Կոնվենցիայի 34-րդ հոդվածի ենթատեքստում նշանակում է անձ, ում նկատմամբ ուղղակիորեն իրականացվել է խնդրո առարկա գործողությունը կամ անգործությունը, Կոնվենցիայի խախտման առկայությունը որն ընկալելի է նույնիսկ վնասի բացակայության պարագայում, միայն 41-րդ հոդվածի ենթատեքստում նշանակություն ունեցող վնաս: Հետևաբար, դիմումատուի համար բարենպաստ որոշումը կամ միջոցը սկզբունքորեն բավարար չէ նրան «զոհի» կարգավիճակից զրկելու համար, եթե ազգային իշխանություններն ուղղակիորեն կամ ըստ էության չեն ճանաչել և այնուհետև տրամադրել փոխհատուցում` Կոնվենցիայի խախտման համար (տե՛ս ի թիվս այլ աղբյուրների, Գաֆգենն ընդդեմ Գերմանիայի [GC], թիվ 22978/05, կետ 115, ՄԻԵԴ 2010; Էկին ասոսիաթիոնն ընդդեմ Ֆրանսիայի (dec.), թիվ 39288/98, 18 հունվարի 2000թ.; Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի [GC], թիվ 28342/95, կետ 50, ՄԻԵԴ 1999‑VII; Ամուուրն ընդդեմ Ֆրանսիայի, 25 հունիսի 1996թ., կետ 36, Վճիռների և որոշումների զեկույցներ 1996‑III; և Էքլն ընդդեմ Գերմանիայի, 15 հուլիսի 1982թ., կետ 66, Սերիա A թիվ 51): Սույն գործով Դատարանը նկատում է, որ դիմումատուի նկատմամբ կիրառված պատժամիջոցները հանվել են և որ նա այժմ իրավունք ունի հատել Կամպիոնե դ’Իտալիայի սահմանը Շվեյցարիա ազատորեն մուտք գործելու և Շվեյցարիայով անցնելու համար: Այնուամենայնիվ, պատժամիջոցների վերացումը, որի վերաբերյալ որոշում չէր ընդունվել մինչև 2009թ. սեպտեմբեր հոկտեմբեր ամիսները, չի զրկում դիմումատուին` այն պատժամիջոցների զոհի կարգավիճակից, որոնցից նա տառապել է 2001թ. նոյեմբերից ի վեր երբ նրա անունն ավելացվել է Պատժամիջոցների կոմիտեի ցուցակին և Թալիբանի մասին որոշմանը հավելված ցուցակին, կամ առնվազն 2003թ. նոյեմբերի 27-ից, երբ նա տեղեկացվել է, որ այլևս իրավունք չունի հատել սահմանը (տե՛ս վերը` կետ 26): Պատժամիջոցները դադարեցնելը չի կարող դիտարկվել որպես կառավարության կողմից, նույնիսկ անուղղակիորեն, Կոնվենցիայի խախտման ընդունում` վերը հիշատակված նախադեպային իրավունքի տեսանկյունից: Ավելին, դրան չի հաջորդել որևէ փոխհատուցում` այդ նախադեպային իրավունքի իմաստով: Համապատասխանաբար, դիմումատուն կարող է հավակնել վեց տարիների ընթացքում Կոնվենցիայի վիճարկված խախտումների զոհ լինելուն: Արդյունքում Կառավարության առարկությունը զոհի վիճարկվող կարգավիճակի բացակայության մասին պետք է մերժվի:
Գ. Արդյոք սպառված են եղել ներպետական իրավական պաշտպանության միջոցները
Կողմերի դիրքորոշումները
(ա) Պատասախանող կառավարություն
Պատասխանող Կառավարությունը նկատել է, որ Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ռեժիմի համաձայն, մուտքի և տարանցման արգելքից բացառություններ կարող են արվել, երբ դրանք անհրաժեշտ են դատական գործընթացի մասնակցելու, կամ այլ պատճառներով` մասնավորապես բժշկական, մարդասիրական կամ կրոնական բնույթի, Պատժամիջոցների կոմիտեի հավանության դեպքում (տե՛ս թիվ 1390 (2002) բանաձև` կետ 2(բ)): Հաշվի առնելով այդպիսի իրավիճակները Թալիբանի մասին որոշման 4ա հոդվածի 2-րդ կետը սահմանում էր, որ Միգրացիայի դաշնային վարչությունը (ODM) կարող էր, Անվտանգության խորհրդի որոշումներին համապատասխան կամ Շվեյցարիայի շահերի պաշտպանության նպատակով բացառություններ անել:Կառավարությունը պնդել է, որ Վարչության կողմից կայացված տարբեր որոշումները չեն բողոքարկվել և դրանից առաջ ձեռնարկված գործողությունները վերաբերում են միայն դիմումատուին և նրա հետ փոխկապակցված կազմակերպություններին Թալիբանի մասին որոշման 2-րդ հավելվածի ցուցակից հանելու հարցին:Կառավարությունը մատնանշել է, որ թե՛ Դաշնային դատարանի վճռից առաջ և թե՛ դրանից հետո դիմումատուն չի բողոքարկել նախկին` Ներգաղթի, ինտեգրացիայի և արտագաղթի դաշնային վարչության կամ ODM-ի որևէ որոշում (IMES-ը ներառվել է ODM-ի կազմում դրա կազմավորումից հետո` 2005թ), որը վերաբերում էր պատժամիջոցների ռեժիմից բացառություններին: Ավելին, իշխանությունները բացառություններ են կատարել (2006թ. սեպտեմբերի 20-ի և 2008թ. սեպտեմբերի 11-ի որոշումներով) որոնցից դիմումատուն չի օգտվել: Դիմումատուն այդ կապակցությամբ պարզաբանել է, որ բացառությունների տևողությունները բավարար չեն եղել, հաշվի առնելով իր տարիքը և ուղևորության տարածությունը, որպեսզի նա կարողանար կատարել մտադրված ուղևորությունները: Այդ կապակցությամբ Կառավարությունը մատնանշել է, որ առաջին բացառությունը` մեկ օրով, տրվել է դատական գործընթացների հետ կապված Միլան ուղևորության համար և որ մեքենայով Կամպիոնե դ’Իտալիայից Միլանի կենտրոն հասնելը ընդամենը մեկ ժամ է տևում: Երկրորդ բացառությունը` երկու օրով, տրամադրվել է դիմումատուին Բեռն և Սիոն այցելելու համար և այդ երկու քաղաքներն էլ Կամպիոնեից մեքենայով մեկնելիս երեք և կես ժամից էլ նվազ հեռավորության վրա են:Վերջապես Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն կարող էր ցանկացած ժամանակ պահանջել փոխել իր բնակության վայրը, նույնիսկ ժամանակավորապես, Իտալիայի մեկ այլ շրջան, որի քաղաքացին էր նա հանդիսանում: Այդպիսի դիմումը Պատժամիջոցների կոմիտեին կներկայացվեր Շվեյցարիայի իրավասու մարմնի կողմից (IMES-ի, ապա ODM-ի): Քանի որ պատժամիջոցները ձևակերպումներն ընդհանուր բնույթի են Կառավարությունն այն կարծիքին է, որ Կոմիտեն ամենայն հավանականությամբ թույլ կտար դիմումատուին տեղափոխվել:Այդ պատճառներով Կառավարությունը կարծում է որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները:
(բ) Դիմումատուն
ODM-ի առաջին երեք մերժումների հետ կապված (2004թ. մարտի 26-ին, 2007թ. մայիսի 11-ին և 2007թ. օգոստոսի 2-ին) դիմումատուն պնդել է, որ ներպետական նախադեպային պրակտիկա գոյություն չի ունեցել այն հարցի վերաբերյալ, թե արդյոք Շվեյցարիայի իշխանությունները իր նկատմամբ կիրառված պատժամիջոցներից բացառություններ կատարելու հայեցողության որևէ սահման ունեն և որ Դաշնային դատարանի կողմից որևէ պարզաբանում չի տրվել այդ կապակցությամբ: Ավելին, ODM-ի կամ որևէ այլ կողմից որևէ գործողություն չի ձեռնարկվել բացառությունների տրամադրման դիրքորոշման հստակեցման համար: Նրա պնդմամբ այդ իսկ պատճառով չի կարելի ասել, որ Դատարանի նախադեպային իրավունքի իմաստով ներպետական իրավական պաշտպանության որևէ միջոց է մատչելի եղել:Ինչ վերաբերում է Կառավարության այն փաստարկին, որ նա չի օգտվել ODM-ի կողմից իրեն տրամադրված բացառություններից (2006թ. սեպտեմբերի 20-ին և 2008թ. սեպտեմբերի 11-ին), նա պնդել է, որ դրանք վերաբերում էին իր նկատմամբ կիրառված միջոցների միայն մասնակի դադարեցմանը` չափազանց առանձնահատուկ իրավիճակներում: Հաշվի առնելով իր տարիքը և ուղևորությունների տևողությունը` նա պնդել է, որ մեկ կամ երկու օրով բացառությունները չէին կարող բավարար լինել:Պատժամիջոցների ընդհանուր ռեժիմի կապակցությամբ, դիմումատուն նկատել է, որ ինքը սպառել է ներպետական իրավական պաշտպանության միջոցները, քանի որ Դաշնային դատարանում բողոքարկել է Թալիբանի մասին որոշմամբ կիրառված սահմանափակումները:Դիմումատուն այնուհետև նկատել է, որ Կառավարության այն փաստարկը, թե Իտալիայի այլ հատված տեղափոխվելու մասին դիմումը կարող էր հաջողության ավելի մեծ հեռանկար ունենալ քան ցուցակներից հանելու վերաբերյալ դիմումը պարզապես ենթադրություն է: Նա նաև ընդգծել է, որ այդպիսի տարբերակը, որը նա հնարավոր չի համարում իր դեպքում, մասնավորապես պատժամիջոցների ռեժիմով իր ակտիվները սառեցնելու պատճառով և այլ փաստով որ դա չի նախատեսվել Դաշնային դատարանի կողմից, ցանկացած դեպքում փոխհատուցում կապահովեր միայն կիրառված սահմանափակումների մի մասի դիմաց:
Դատարանի գնահատականը
Դատարանը կրկնում է, որ իրավական պաշտպանության միջոցները, որոնք միայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածով պահանջվում է սպառել նրանք են, որոնք մատչելի են և բավարար և վերաբերում են վիճարկվող խախտումներին (տե՛ս Ցոմցոսը և ուրշներն ընդդեմ Հունաստանի, 15 նոյեմբերի 1996թ. կետ 32, Զեկույցներ 1996- V):Ապացուցման բեռը կրում է իրավական պաշտպանության միջոցները սպառված չլինելու մասին պնդող Կառավարությունը, որը պետք է համոզի դատարանին, որ տեսականորեն և գործնականում մատչելի է եղել իրավական պաշտպանության միջոց, որը հնարավորություն կտար փոխհատուցում տրամադրել դիմումատուի գանգատների հետ կապված և կառաջարկեր հաջողության ողջամիտ հեռանկար (տե՛ս Վ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 24888/94, կետ 57, ՄԻԵԴ 1999‑IX):Ավելին, դիմումատուից, ով օգտվել է իրավական պաշտպանության միջոցից, որն ակնհայտ արդյունավետ և բավարար է չի կարող պահանջվել նաև փորձել այլ միջոցներ, որոնք հնարավոր է մատչելի են, սակայն ավելի քիչ հավանական է, որ հաջողության հանգեցնեն (տե՛ս օրինակ Աքվիլինան ընդդեմ Մալթայի [GC], թիվ 25642/94, կետ 39, ՄԻԵԴ 1999‑III, և Մանուսսակիսը և այլոք ընդդեմ Հունաստանի, 26 սեպտեմբերի 1996թ., կետ 33, Զեկույցներ 1996‑IV):Սույն գործով Դատարանը նկատում է, որ դիմումատուն չի վիճարկել IMES-ի և ODM-ի` իրեն պատժամիջոցների ռեժիմից բացառություններ տրամադրելու դիմումների մերժումները և երկու դեպքերում նրա համար բացառություններ են կատարվել, որոնցից նա չի օգտվել (տե՛ս վերը` կետեր 34 և 57):Այնուամենայնիվ, նույնիսկ ենթադրելով, որ այդ բացառությունները մեղմացրել են պատժամիջոցների ռեժիմի որոշակի ազդեցություններ, հնարավորություն ընձեռելով նրան լքել Կամպիոնե դ’Իտալիա անկլավը բժշկական և իրավական պատճառներով, Դատարանը կարծում է, որ բացառությունների խնդիրը ավելի լայն իրավիճակի մի մասն է, որի հիմքերն ընկած են Շվեյցարիայի իշխանությունների կողմից դիմումատուի անունը Թալիբանի մասին որոշմանը հավելված ցուցակում ընդգրկելում` հիմնված էր Պատժամիջոցների կոմիտեի ցուցակի վրա: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նկատել, որ դիմումատուն բազմաթիվ դիմումներ է ներկայացրել ներպետական իշխանությունների իր անունը Թալիբանի մասին որոշման հավելված ցուցակից հանելու վերաբերյալ` դիմումներ, որոնք մերժվել են SECO-ի և Տնտեսական գործերի դաշնային դեպարտամենտի կողմից (տե՛ս վերը` կետեր 30-32): Դաշնային խորհուրդը, որին նա բողոքարկել էր Դեպարտամենտի որոշումը, փոխանցել է գործը Դաշնային դատարանին: 2007թ. նոյեմբերի 14-ի վճռով դատարանը մերժել էր իր բողոքը առանց գանգատներն ըստ էության ուսումնասիրելու` Կոնվենցիայի համաձայն: Հետևաբար, Դատարանը կարծում է, որ դիմումատուն սպառել է ներպետական իրավական պաշտպանության միջոցները կապված պատժամիջոցների ռեժիմի ընդհանուր առմամբ, որի կիրառումը իր գործով ելնում է նրա անունը Թալիբանի մասին որոշմանը հավելված ցուցակում ընդգրկելուց:Այդպիսի հանգամանքներում Դատարանն անհրաժեշտ չի համարում սույն փուլում քննության առնել Կառավարության առաջ քաշած փաստարկն այն մասին, որ դիմումատուն կարող էր ողջամտորեն ակնկալել Կամպիոնե դ’Իտալիայից, ուր նա բնակվում էր 1970թ.-ից ի վեր, Իտալիայի մեկ այլ շրջան տեղափոխվելը: Այդ հարցն, ընդհակառակը, որոշակի դեր է խաղալու, երբ հերթը հասնի վիճարկվող միջոցների համաչափությանը (տե՛ս ստորև` կետ 190):8-րդ հոդվածի համաձայն ներկայացված գանգատի կապակցությամբ, որ դիմումատուի անունը` Թալիբանի մասին որոշմանը հավելված ցուցակում ավելացնելը ոտնահարել է նրա պատիվը և հեղինակությունը, Դատարանն ընդունում է, որ այն, առնվազն ըստ էության, ներկայացվել է ներպետական իշխանությունների առջև: Դիմումատուն իսկապես պնդել է, որ իր անունը Պատժամիջոցների կոմիտեի ցուցակին ավելացնելը հանգեցրել է իրեն Օսամա բին Լադենի, ալ-Քաիդայի և Թալիբանի հետ փոխկապված լինելու հանրային մեղադրանքների, այն դեպքում, երբ այդպիսի բան չի եղել (տե՛ս վերը` կետեր 33 և 38):Հետևաբար, Դատարանը մերժում է Կառավարության առարկությունը` դիմումատուի` 5-րդ և 8-րդ հոդվածներով գանգատների կապակցությամբ ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառած չլինելու պատճառով անընդունելիության վերաբերյալ:13-րդ հոդվածի համաձայն ներկայացված գանգատի կապակցությամբ Դատարանը գտնում է, որ ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառած չլինելու վերաբերյալ առարկությունը սերտորեն կապված է գանգատի էությանը: Հետևաբար, Դատարանն այն միացնում է էությանը:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
Դիմումատուն գանգատվել է որ, Շվեյցարիա մուտք գործել կամ դրա տարածքով անցնել արգելող միջոցը խախտել է իր` անձնական կյանքի, ներառյալ պրոֆեսիոնալ և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը: Նա պնդել է, որ այդ արգելքը թույլ չի տվել իրեն հանդիպել իր բժիշկներին Իտալիայում կամ Շվեյցարիայում և այցելել իր ընկերներին և ընտանիքին: Նա այնուհետև պահանջել է, որ Թալիբանի մասին որոշմանը հավելված ցուցակում իր անունն ավելացնելը ոտնահարել է իր պատիվը և հեղինակությունը: Ի աջակցություն այդ գանգատների նա հղում է կատարել Կոնվենցիայի 8-րդ հոդվածին, որը սահմանում է, որ.
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետության անվտանգության, հասարակական կյանքի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:»
Ա. Ընդունելիություն
Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է նախևառաջ ուսումնասիրել սույն գործով 8-րդ հոդվածի կիրառելիությունը:Դատարանը կրկնում է, որ «անձնական կյանքը» լայն հասկացություն է, որը ենթակա չէ սպառիչ սահմանման (տե՛ս օրինակ Գլորն ընդդեմ Շվեյցարիայի թիվ 13444/04, կետ 52, ՄԻԵԴ 2009; Տիսենցն ընդդեմ Լեհաստանի թիվ 5410/03, կետ 107, ՄԻԵԴ 2007‑I; Հադրի-Վիոնետն ընդդեմ Շվեյցարիայի թիվ 55525/00, կետ 51, 14 փետրվարի 2008թ.; Փրիթթին ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 2346/02, կետ 61, ՄԻԵԴ 2002‑III; և Ս.-ն և Մարփերն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ. 30562/04 և 30566/04, կետ 66, ՄԻԵԴ 2008): Դատարանը գտել է, որ առողջությունը` ֆիզիկական և բարոյական անձեռնամխելիությունը, ներառվում են մասնավոր կյանքի շրջանակներում (տես վերը հիշատակված Գլորի գործը, կետ 54 և Իքսը և Իգրեկն ընդդեմ Նիդեռլանդների, 26 մարտի 1985թ. , կետ 22, Սերիա A թիվ 91; տե՛ս նաև Կոստելլո-Ռոբերտսն ընդդեմ Միացյալ Թագավորության, 25 մարտի 1993թ., կետ 36, Սերիա A թիվ 247‑C): Անձնական կյանքի իրավունքը ներառում է նաև անձնական զարգացման և այլ մարդկային արարածների և արտաքին աշխարհի հետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու իրավունքը (տե՛ս օրինակ վերը` Ս.-ն և Մարփերի գործը, կետ 66):Ավելին պետք է նկատել, որ 8-րդ հոդվածը պաշտպանում է նաև «ընտանեկան կյանքի» նկատմամբ հարգանքի իրավունքը: Այդ դրույթների համաձայն պետությունը պետք է, մասնավորապես, գործի այնպիսի հաշվարկով, որպեսզի շահագրգիռ անձանց թույլ տա բնականոն ընտանեկան կյանք վարել (տե՛ս Մարկսն ընդդեմ Բելգիայի, 13 հունիսի 1979թ., կետ 31, Սերիա Ա, թիվ 31): Դատարանը պարզում է ընտանեկան կյանքի առկայությունը յուրաքանչյուր դեպքով` ուսումնասիրելով յուրաքանչյուր գործի հանգամանքները: Այդպիսի հարցերով նշանակություն ունեցող հանգամանք է շահագրգիռ անձանց միջև արդյունավետ կապերի առկայությունը (նույն տեղում, տե՛ս նաև Կ.-ն և Թ.-ն ընդդեմ Ֆինլանդիայի, թիվ 25702/94, կետ 150, ՄԻԵԴ 2001‑VII, և Շեիֆե և Յաղիթն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 3976/05, կետ 93, 2 նոյեմբերի 2010թ.):Դատարանն հետագայում կրկնելու էր, որ 8-րդ հոդվածը պաշտպանում է բնակարանի անձեռնմխելիության իրավունքը (տե՛ս օրինակ, Գիլլոուն ընդդեմ Միացյալ Թագավորության, 24 նոյեմբերի 1986թ., կետ 46, Սերիա A թիվ 109):Դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո, Դատարանը գտնում է, որ դիմումատուի կողմից` 8-րդ հոդվածի համաձայն ներկայացված գանգատները պետք է իսկապես քննության առնվեն այդ հոդվածին համապատասխան: Չի կարելի ժխտել, որ նրան Շվեյցարիա մուտք գործել արգելող միջոցը խոչընդոտել կամ առնվազն բարդացրել է նրա` Իտալիայի կամ Շվեյցարիայի իր բժիշկների հետ խորհրդակցելը կամ ընկերներին կամ ընտանիքին այցելելը: Այդ իսկ պատճառով 8-րդ հոդվածը կիրառելի է սույն գործով և՛ «անձնական կյանքի» և՛ «ընտանեկան կյանքի» տեսանկյունից:Ավելին, սույն գանգատը ակնհայտորեն անընդունելի չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով և անընդունելի համարելու որևէ այլ հիմք նույնպես չի հաստատվել: Այդ իսկ պատճառով այն պետք է համարվի ընդունելի:
Բ. Էություն
Կողմերի փաստարկները
(ա) Դիմումատուն
Դիմումատուն պնդել է, որ իր տեղաշարժի ազատության սահմանափակումները թույլ չեն տվել իրեն մասնակցել ընտանեկան միջոցառումների (օրինակ հուղարկավորությունների կամ հարսանիքների) որոնք տեղի են ունեցել այն ժամանակահատվածի ընթացքում, երբ նա ունակ չի եղել ազատորեն ճամփորդել պատժամիջոցների ռեժիմի պատճառով: Նա այդպիսով պնդել է որ հանդիսանում է անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման զոհ: Այդ կապակցությամբ, նա պնդել է, որ իր` Իտալիայի քաղաքացու և պատասխանող պետության ռեզիդենտ չհանդիսանալու կարգավիճակը չի խոչընդոտում իրեն գանգատվել Շվեյցարիայի կողմից իր իրավունքները խախտելու դեմ` հատկապես հաշվի առնելով Շվեյցարիայի տարածքով շրջապատված Կամպիոնե դ’Իտալիա անկլավի յուրահատուկ վիճակը: Նա նույնիսկ կարծիք է հայտնել, որ հաշվի առնելով Կամպիոնե դ’Իտալիաի` Տիչինոյի կանտոնում ինտեգրացված լինելը, մասնավորապես դրա տնտեսական ինտեգրացիան, պատշաճ կլիներ, որ Շվեյցարիայի իշխանությունները պատժամիջոցների իմաստով վերաբերվեին իրեն որպես Շվեյցարիայի քաղաքացու: Ավելին, նա պնդել է, որ ի հակադրություն կառավարության պնդմանը, նա չուներ Իտալիայի որևէ այլ վայրում բնակվելու տարբերակ: Դիմումատուն այնուհետև նկատել է, որ Թալիբանի մասին որոշմանը հավելված ցուցակում իր անունն ավելացնելը վնաս է հասցրել իր պատվին և հեղինակությանը, քանի որ այդ ցուցակում թվարկվում էին ահաբեկչության ֆինանսավորման աջակցելու մեջ կասկածվող անձինք: Ի աջակցություն այդ տեսակետի նա հղում է կատարել Սայադին և Վինկկն ընդդեմ Բելգիայի գործին (տե՛ս վերը` կետեր 88-92) որով Մարդու իրավունքների կոմիտեն գտել էր, որ դիմումատուների անունների` Պատժամիջոցների կոմիտեի ցուցակում ավելացնելը հանգեցրել էր նրանց պատվի դեմ հակաօրինական ոտնձգության:Դիմումատուի պնդմամբ, այդ հանգամանքներն ավելի է ծանրացնում այն փաստը, որ իրեն երբևէ հնարավորություն չի տրվել ըստ էության վիճարկել իր նկատմամբ առաջ քաշած մեղադրանքները:Այդպիսով տեղի է ունեցել 8-րդ հոդվածի խախտում տարբեր տեսակետերից:
(բ) Պատասխանող պետությունը
Կառավարությունը նկատել է, որ դիմումատուն ազատ է եղել ընդունել Կամպիոնե դ’Իտալիայում կատարված բոլոր այցելությունները, որոնք կամեցել է, մասնավորապես` իր թոռների: Դիմումատուն չի վիճարկել, որ իր ընտանիքի կամ ընկերների համար անհնար կամ մասնավորապես դժվար կլիներ Կամպիոնե դ’Իտալիա մեկնելը, ուր նա կարող էր շարունակել իր ընտանեկան կամ հասարակական կյանքը ինչպես հարմար կգտներ, առանց որևէ սահմանափակման: Ինչ վերաբերում է բացառիկ դեպքերին, ինչպես օրինակ ընկերոջ կամ հարազատի ամուսնությունը, նա կարող էր դիմել կիրառվող նորմերից բացառություն ստանալու համար: Ի հավելումն, ինչպես մատնանշվել է ներպետական իրավական պաշտպանության միջոցներ չսպառելու հետ կապված, դիմումատուն կարող էր դիմել Իտալիայի այլ հատված տեղափոխվելու համար: Վերջապես, Կոնվենցիան չի պաշտպանում օտարերկրյա քաղաքացու իրավունքն այցելել մի պետություն, որն արգելել է նրան մուտք գործել իր տարածք, պարզապես որպեսզի նա կարողանա շարունակվել բնակվել անկլավում, որը չի կարող լքել առանց այդ պետության տարածքը հատելու: Այդ բոլոր պատճառներով Կառավարությունը կարծում է, որ վիճարկվող միջոցները չեն հանգեցրել 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտմանը:Ի պատասխան դիմումատուի պնդումների այն մասին, որ նա երբեք չի կարողացել բացահայտել այն գործոնները, որոնք հանգեցրել են վիճարկվող միջոցներին կամ բողոքարկել դրանք դատարանում, Կառավարությունը պնդում է, որ, ինչպես նկարագրվել է իր ավելի վաղ նկատառումներում, վիճարկվող միջոցները չեն խախտել դիմումատուի` 8-րդ հոդվածով սահմանված իրավունքները: Հետևաբար, այդ դրույթն ընթացակարգային տեսանկյունից կիրառելի չէ:Այդ պատճառներով Կառավարությունը այն կարծիքին էր, որ կիրառված սահմանափակումները չեն հանգեցրել միջամտության դիմումատուի` 8-րդ հոդվածով սահմանված իրավունքներին: Եթե Դատարանն այլ կերպ գտնի Կառավարությունը պնդում է, որ միջոցը ամեն դեպքում անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում` 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն:
Դատարանի գնահատականը
(ա) Արդյոք տեղի է ունեցել միջամտություն
Դատարանը պատշաճ է համարում քննությունը սկսել դիմումատուի այն պնդումից, որ իրեն Շվեյցարիա մուտք գործել կամ Շվեյցարիայի տարածքով անցնել արգելելու հետևանքով տեղի է ունեցել միջամտություն իր անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին:Դատարանը կրկնում է, որ պետությունն իրավունք ունի, ամուր հաստատված միջազգային իրավունքի և իր պայմանագրային պարտավորությունների համաձայն հսկել իր քաղաքացին չհանդիսացող անձանց մուտքն իր տարածք: Այլ կերպ ասած Կոնվենցիան որպես այդպիսին չի երաշխավորում որոշակի երկիր մուտք գործելու օտարերկրացու իրավունքը (տե՛ս իր թիվս այլ աղբյուրների Մասլովն ընդդեմ Ավստրիայի [GC], թիվ 1638/03, կետ 68, ՄԻԵԴ 2008; ՈՒներն ընդդեմ Նիդեռլանդների [GC], թիվ 46410/99, կետ 54, ՄԻԵԴ 2006‑XII; Բուժլիֆան ընդդեմ Ֆրանսիայի, 21 հոկտեմբերի 1997թ., կետ 42, Զեկույցներ 1997‑VI; և Աբդուլազիզն, Կաբալեսը և Բալկանդալին ընդդեմ Միացյալ Թագավորության, 28 մայիսի 1985թ., կետ 67, Սերիա A թիվ 94):Սույն գործով Դատարան նկատում է, որ Դաշնային դատարանը գտել է, որ վիճարկվող միջոցները հանգեցրել են դիմումատուի ազատության նշանակալի սահմանափակման (տե՛ս վերը` կետ 52), քանի որ նա գտնվել է չափազանց յուրահատուկ իրավիճակում` հաշվի առնելով Շվեյցարիայի Տիչինո կանտոնով շրջապատված Կամպիոնե դ’Իտալիա անկլավի տեղադրությունը: Դատարանը հիմնավոր է համարում այդ կարծիքը: Դատարանն այն կարծիքին է, որ դիմումատուին Կամպիոնե դ’Իտալիայի չափազանց սահմանափակ շրջանը առնվազն 6 տարի լքել արգելող միջոցն ավելի էր բարդացնում անկլավից դուրս բնակվող այլ անձանց, մասնավորապես ընկերների և ընտանիքի հետ, կապ պաշտպանելու իր իրավունքը (տե՛ս mutatis mutandis, Ագրավն ընդդեմ Շվեյցարիայի, թիվ 3295/06, կետ 51, և Մենգեշա Կիմֆեն ընդդեմ Շվեյցարիայի, թիվ 24404/05, կետեր 69-72, 29 հուլիսի 2010թ երկու վճիռներն էլ):Հաշվի առնելով վերոգրյալը, Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել միջամտություն դիմումատուի անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին 8-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով:
(բ) Արդյոք արդարացված է եղել միջամտությունը
Դիմումատուի` իր անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքին իրավունքին միջամտությունը, ինչպես եզրակացվել է վերը, կհանդիսանա 8-րդ հոդվածի խախտում, եթե չի բավարարում այդ դրույթի 2-րդ կետի պահանջներին: Այդպիսով անհրաժեշտ է պարզել, թե արդյոք դա տեղի է ունեցել «օրենքի համաձայն», հետապնդել է այդ կետում թվարկված օրինական նպատակներից մեկը կամ մի քանիսը և «անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում»` այդպիսի նպատակներին հասնելու համար: Դատարանը պատշաճ է համարում նախ կրկնել այն որոշակի սկզբունքները, որոնք ուղղորդելու են իրեն հետագա քննության ընթացքում:
(i) Ընդհանուր սկզբունքներ
Ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն, Պայմանավորվող կողմը պատասխանատու է Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն իր մարմինների բոլոր գործողությունների և անգործությունների համար, անկախ նրանից, թե խնդրո առարկա գործողությունը կամ անգործությունը ներպետական իրավունքի կամ միջազգային իրավական պարտավորություններին համապատասխանելու անհրաժեշտության հետևանք է: 1-ին հոդվածը տարբերություն չի դնում կիրառված նորմի կամ միջոցի տեսակների միջև և չի բացառում Պայմանավորվող կողմից «իրավազորության» որևէ մաս Կոնվենցիային համապատասխան քննությունից (տե՛ս վերը նշված Բոսֆորուս Հավա Յոլլարը Թուրիզմ վե Թիջարեթ Անոնիմ Շիրքեթի գործը` կետ 153. և Թուրքիայի Միացյալ կոմունիստական կուսակցությունը և այլոք ընդդեմ Թուրքիայի, 30 հունվարի 1998թ., կետ 29, Զեկույցներ 1998-I). Պետության համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո ստանձնած պայմանագրային պարտավորություններ կարող են այդպիսով առաջացնել դրա պատասխանատվությունը` Կոնվենցիայի նպատակներով (տե՛ս Ալ-Սաադունը և Մուֆդհին ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 61498/08, կետ 128, ՄԻԵԴ 2010թ., և վերը նշված Բոսֆորուս Հավա Յոլլարը Թուրիզմ վե Թիջարեթ Անոնիմ Շիրքեթին, կետ 154, և դրանում հղված գործերը): Ավելին, Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիան չի կարող մեկնաբանվել վակուումում, այլ պետք է մեկնաբանվի միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներին ներդաշնակ: Հաշվի պետք է առնել, ինչպես նշվել է Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննային 1969թ. կոնվենցիայի 31-րդ հոդվածի 3-րդ(գ) կետում, «Կողմերի միջև հարաբերությունների նկատմամբ կիրառելի միջազգային իրավունքի ցանկացած համապատասխան նորմեր» և մասնավորապես մարդու իրավունքների միջազգային պաշտպանությանը վերաբերող նորմերը (տե՛ս օրինակ Նուլինգերը և Շուրուկն ընդդեմ Շվեյցարիայի [GC], թիվ 41615/07, կետ 131, ՄԻԵԴ 2010թ.; Ալ‑Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 35763/97, կետ 55, ՄԻԵԴ 2001-XI; և Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորոթւյան, 21 փետրվերի 1975թ., կետ 29, Սերիա A թիվ 18): Նոր միջազգային պարտավորություններ ստանձնելիս, պետությունները ենթադրվում է, որ չեն հրաժարվելու իրենց նախկին պարտավորություններից: Երբ միաժամանակ կիրառելի են մի շարք իրար ակնհայտ հակասող փաստաթղթեր միջազգային նախադեպային իրավունքը և դոկտրինալ կարծիքները փորձում են մեկնաբանել դրանք այնպես, որպեսզի համակարգեն դրանց ազդեցությունը և խուսափեն հակադրումից: Երկու տարաբնույթ պարտավորություններն այդ իսկ պատճառով պետք է ներդաշնակվեն այնպես, որպեսզի ունենան գործող օրենքներին լիովին համապատասխան ազդեցություն (տե՛ս այդ կապակցությամբ վերը նշված Ալ-Սաադուն և Մուֆդիհին, կետ 126; վերը նշված Ալ-Ադսանին, կետ 55; և վերը նշված Բանկովիչի որոշումը` կետեր 55-57; տե՛ս նաև ILC հետազոտող խմբի «Միջազգային իրավունքի ֆրագմենտացիան: միջազգային իրավունքի տարբերակումից և ընդլայնումից ծագող բարդություններ» վերտառությամբ զեկույցի հղումները վերը` կետ 81): Ինչ վերաբերում է, ավելի կոնկրետ, Կոնվենցիայի և Անվտանգության խորհրդի բանաձևերի հարաբերությունների հարցին, Դատարանը գտնում է, որ, ինչպես նշված է Ալ-Ջեդդայի վճռում (վերը նշված)
«101. Միացյալ ազգերի կազմակերպության Կանոնադրության 103-րդ հոդվածը սահմանում է, որ ՄԱԿ-ի անդամների` Կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները գերակայում են այլ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ հակասության դեպքում: Մինչև դիտարկելը թե արդյոք 103-րդ հոդվածը կիրառելի է սույն գործով, Դատարանը պետք է պարզի արդյոք առկա է հակասություն Անվտանգության խորհրդի թիվ 1546 բանաձևով սահմանված Միացյալ Թագավորության պարտավորությունների և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պարտավորությունների միջև: Այլ կերպ ասած հիմնական հարցը կայանում է նրանում, թե արդյոք թիվ 1546 բանաձևը դիմումատուին ներկալելու պարտավորություն է սահմանել Միացյալ Թագավորության համար:
102. Թիվ 1546 բանաձևի սեփական մեկնաբանման համաձայն, Դատարանը հղում է կատարել վերը` 76-րդ կետում նշված նկատառումներին: Ավելին, Դատարանը պետք է հաշվի առնի այն նպատակները, որոնց համար ստեղծվել է Միացյալ ազգերի կազմակերպությունը: Ի լրումն միջազգային խաղաղության և անվտանգության պահպանության նպատակի, որը սահմանված է ՄԱԿ-ի Կանոնադրության 1-ին հոդվածի 1-ին ենթակետում, երրորդ ենթակետը սահմանում է, որ ՄԱԿ-ի ստեղծման նպատակներից է «իրականացնել միջազգային համագործակցություն ... մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի տարածման և քաջալերման գործում»:
Կանոնադրության 24(2)–րդ հոդվածը պահանջում է Անվտանգության խորհրդից միջազգային անվտանգության և խաղաղության պահպանության իր հիմնական պարտավորությունը կատարելիս «գործել Միավորված ազգերի նպատակներին ու սկզբունքներին համապատասխան»: Այս համատեքստում Դատարանը համարում է, որ մեկնաբանելով իր բանաձևերը, պետք է ելնել այն կանխավարկածից, որ Անվտանգության խորհուրդը մտադրություն չունի որևէ պարտավորություն սահմանել մասնակից պետության համար` մարդու իրավունքների հիմնարար ազատությունները խախտելու նպատակով: Անվտանգության խորհրդի բանաձևի ձևակերպումների անորոշության դեպքում Դատարանը պետք է ընտրի այն մեկնաբանությունը, որն ավելի ներդաշնակ է Կոնվենցիայի պահանջներին և որը թույլ է տալիս խուսափել պարտավորությունների բախումից: Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի տարածման և քաջալերման գործում Միացյալ ազգերի կարևոր դերը հաշվի առնելով` ակնկալվում է, որ Անվտանգության խորհուրդը պարզ և հստակ լեզու է կիրառելու, երբ մտադրություն ունի, որպեսզի պետությունը կոնկրետ միջոցներ ձեռք առնի, որոնք կհակասեն նրանց` մարդու իրավունքների միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին: »
Մեծ պալատը հաստատում է այդ սկզբունքները: Այնուամենայնիվ, սույն գործով այն նկատում է, որ ի հակադրություն Ալ-Ջեդդայի գործով իրադրության, երբ բանաձևի ձևակերպումները հատուկ չէին նշում առանց դատաքննության ներկալումը, թիվ 1390 (2002) բանաձևը ուղղակիորեն պահանջում էր պետություններից արգելել Միացյալ ազգերի ցուցակում ներառված անձանց մուտք գործել կամ տարանցել իրենց տարածքով: Արդյունքում, վերոգրյալ կանխավարկածը մերժվում է սույն գործով, հաշվի առնելով այն բանաձևում օգտագործված այն պարզ և հստակ լեզուն, որով սահմանվում էր մարդու իրավունքները խախտելու ունակ միջոցների կիրառման պարտավորությունը (տե՛ս նաև թիվ 1267 (1999) բանաձևի 7-րդ կետը, վերը` կետ 70, որում Անվտանգության խորհուրդն նույնիսկ ավելի հստակորեն է մերժում բանաձևին հակասող ցանկացած այլ միջազգային պարտավորություն):
(ii) Իրավական հիմքը
Դատարանը նկատում է, որ իրավական հիմքի գոյության հարցը վեճի առարկա չի հանդիսանում կողմերի միջև: Դատարանը նկատում է, որ վիճարկվող միջոցները ձեռք են առնվել Թալիբանի մասին որոշման համաձայն, որն ընդունվել է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի կիրարկման նպատակով: Հստակ լինելու համար` Շվեյցարիայի մուտք գործելու և տարանցման արգելքը հիմնված է եղել այդ որոշման 4ա հոդվածի հիման վրա (տե՛ս վերը` կետ 66): Միջոցներն այդ իսկ պատճառով բավարար իրավական հիմք են ունեցել:
(iii) Օրինական նպատակ
Դիմումատուն չի թվում, որ ժխտում է, որ վիճարկվող միջոցները կիրառումը հետապնդել է օրինական նպատակներ: Դատարանը հաստատված է համարում, որ այդ բոլոր սահմանափակումները հետապնդել են 8-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված մեկ կամ մի քանի օրինական նպատակներ: առաջին. դրանք հանցագործությունը կանխելու նպատակ ունեն և երկրորդ քանի որ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերեն ընդունվել են միջազգային ահաբեկչության դեմ ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխի համաձայն պայքարելու համար («գործողություն խաղաղության սպառնալիքների, խաղաղության խախտումների և ագրեսիայի գործողությունների») դրանք նաև կարող էին նպաստել Շվեյցարիայի ազգային անվտանգությանը և հանրային ապահովությանը:
(iv) «Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ»
(α) Անվտանգության խորհրդի բանաձևերի կիրարկումը
Պատասխանող կառավարությունը, որպես երրորդ անձ ներգրավված Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության կառավարությունների հետ միասին, պնդել է, որ Շվեյցարիայի իշխանությունները որևէ հայեցողությամբ օժտված չեն եղել սույն գործով Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը կիրառելիս: Դատարանն այդ իսկ պատճառով նախևառաջ պետք է քննության առնի այդ բանաձևերը` պարզելու համար, թե արդյոք դրանք պետություններին որոշակի ազատություն են վերապահում դրանք կիրարկելիս և, մասնավորապես, արդյոք դրանք թույլ են տալիս իշխանություններին հաշվի առնել դիմումատուի առանձնահատուկ իրավիճակը և այդ պատճառով բավարարել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պահանջները: Այդ անելու նպատակով Դատարանը պետք է մասնավորապես հաշվի առնի այդ բանաձևերի ձևակերպումները և դրանց ընդունման ենթատեքստը (տե՛ս վերը` Ալ-Ջեդդայի գործը` կետ 76, ՄԱԿ-ի դատարանի նախադեպային իրավունքին այնտեղ կատարված հղումներով): Այն վերաբերելու է նաև այդ բանաձևերով հետապնդվող նպատակներին (տե՛ս այդ կապակցությամբ Կադիի գործով վճիռը` կետ 296, վերը` կետ 86), ինչպես որ նշված է դրանց նախաբաններում, հաշվի առնելով Միացյալ ազգերի նպատակները և սկզբունքները:Դատարանը նկատում է, որ Շվեյցարիան մինչև 2002թ. սեպտեմբերի 10-ը չի հանդիսացել Միացյալ ազգերի կազմակերպության անդամ: Այն այդպիսով 2000թ. հոկտեմբերին ընդունել է Թալիբանի մասին որոշումը նույնիսկ այդ կազմակերպությանն անդամակցելուց առաջ, երբ արդեն կաշկանդված էր Կոնվենցիայով: Նմանապես, այն կիրարկել է ներպետական մակարդակով դիմումատուի նկատմամբ մուտքի և տարանցման արգելքը, ինչպես որ պահանջվում էր 2002թ. հունվարի 16-ի թիվ 1390 (2002) (տե՛ս վերը` կետ 74)`այդ տարվա մայիսի 1-ին փոփոխելով Թալիբանի մասին որոշման 4ա հոդվածը: Դատարանն ընդունում է, որ այս բանաձևը, մասնավորապես 2-րդ կետի լույսի ներքո, վերաբերում է «բոլոր պետություններին» և ոչ միայն ՄԱԿ-ի անդամներին: Այնուամենայնիվ, Դատարանը նկատում է, որ ՄԱԿ-ի Կանոնադրությունը պետությանը չի պարտադրում Անվտանգության խորհրդի` ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխի համաձայն ընդունված բանաձևերի կիրարկման կոնկրետ մոդել: Առանց այդ բանաձևերի պարտադիր բնույթը սահմանափակելու, Կանոնադրությունը սկզբունքորեն ՄԱԿ-ի անդամ պետություններին ազատ ընտրության հնարավորություն է ընձեռում այդ բանաձևերն իրենց ներպետական իրավական համակարգում փոխանցելու տարբեր հնարավոր մոդելների միջև: Կանոնադրությունն այդպիսով պետություններին համար արդյունքի համար պարտավորություն է սահմանում, նրանց թողնելով այն միջոցների ընտրությունը, որոնցով դրանք կենսագործելու են այդ բանաձևերը (տե՛ս այդ նպատակով mutatis mutandis, Կադիի վճիռը` կետ 298, վերը` կետ 86):Սույն գործով դիմումատուն հիմնականում վիճարկել է Շվեյցարիա մուտքի և տարանցման արգելքը, որն իր նկատմամբ կիրառվել է թիվ 1390 (2002) բանաձևի կիրարկման միջոցով: Մինչ այդ բանաձևի 2(բ) կետը պետություններից պահանջում է ձեռք առնել այդպիսի միջոցներ, այն սահմանում է, որ արգելքը «չի կիրառվում, եթե մուտքը կամ տարանցումը անհրաժեշտ էր դատական գործընթացների մասնակցելու համար» (տե՛ս վերը` կետ 74): Դատարանի կարծիքով «անհրաժեշտ» եզրույթը պետք է վեր հանվի յուրաքանչյուր առանձին գործով:Ի հավելումն, թիվ 1390 (2002) բանաձևի 8-րդ կետում Անվտանգության խորհուրդը «[կոչ է անում] բոլոր պետություններին օրինաստեղծության կամ անհրաժեշտության դեպքում վարչական միջոցներով անմիջապես քայլեր ձեռնարկել ներպետական օրենսդրությամբ կամ բանաձևերով սահմանված միջոցները իրենց քաղաքացիների և իրենց տարածքում գործող այլ անձանց կամ կազմակերպությունների դեմ կենսագործելու և ամրապնդելու ուղղությամբ ...» (տե՛ս վերը` կետ 74): «Անհրաժեշտության դեպքում» ձևակերպումը նույնպես բանաձևի կիրարկման որոշակի ճկունություն է ընձեռում ազգային իշխանություններին:Վերջապես Դատարանը հղում է կատարելու այն միջնորդությանը, որով Շվեյցարիայի ազգային խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը խնդրել է Դաշնային խորհրդից տեղեկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ այն այլևս անպայմանորեն չի կիրառելու հակաահաբեկչական բանաձևերով անձանց դեմ սահմանված պատժամիջոցները (տե՛ս վերը` կետ 63): Նույնիսկ չնայած այդ միջնորդությունը շարադրված էր բավականին ընդհանուր արտահայտություններով, կարելի է այնուամենայնիվ ասել, որ դիմումատուի գործը դրա ընդունման հիմնական պատճառներից մեկն էր: Ամեն դեպքում Դատարանի կարծիքով Շվեյցարիայի խորհրդարանը, այդ միջնորդություն ընդունելիս, արտահայտում էր իր մտադրությունը որոշակի հայեցողություն թույլ տալ Անվտանգության խորհրդի հակաահաբեկչական բանաձևերի կիրարկման գործում:Վերոգրյալի հաշվի առմամբ, Դատարանը գտնում է, որ Շվեյցարիան, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը կիրարկելիս, օժտված է եղել որոշակի հայեցողությամբ, որը հիրավի սահմանափակ, սակայն այնուամենայնիվ իրական է եղել:
(β) Արդյոք միջամտությունը համաչափ է եղել սույն գործով
Միջամտությունը կհամարվի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» օրինական նպատակով, եթե այն համապատասխանում է «հրատապ սոցիալական կարիքին» և, մասնավորապես, եթե այն համաչափ է հետապնդվող օրինական նպատակին և եթե ներպետական իշխանությունների կողմից` այն արդարացնելու համար բերված պատճառները «համապատասխան և բավարար են» (տե՛ս օրինակ վերը նշված Ս. և Մարփերը` կետ 101, և Կոստերն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 24876/94, կետ 104, 18 հունվարի 2001թ., և դրանցում հղված գործերը): Կոնվենցիայի առարկան և նպատակը, օբյեկտիվ հիմքով անձանց պաշտպանող մարդու իրավունքների մասին պայմանագիր լինել է (տե՛ս վերը նշված Նուլինգերը և Շուրուկը` կետ 145) պահանջել, որ իր դրույթները մեկնաբանվեն և կիրառվեն այնպես, որը գործնական և արդյունավետ է դարձնում դրանում ամրագրված երաշխիքները (տե՛ս ի թիվս այլ աղբյուրների` Արտիկոն ընդդեմ Իտալիայի, 13 մայիսի 1980թ., կետ 33, Սերիա A թիվ 37): Այդպիսով, 8-րդ հոդվածի իմաստով անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ «հարգանք» ապահովելու համար պետք է հաշվի առնվեն յուրաքանչյուր գործի հանգամանքները` կոնկրետ իրավիճակների նկատմամբ ներպետական օրենսդրության մեխանիկական կիրառումից խուսափելու համար (տե՛ս mutatis mutandis, Էմոնտետը և այլոք ընդդեմ Շվեյցարիայի, թիվ 39051/03, կետ 86, 13 դեկտեմբերի 2007թ.): Դատարանը նախկինում գտել է, որ որպեսզի միջոցը համարվի և համաչափ և անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում, պետք է բացառվի նույն նպատակին հասնելու համար խնդրո առարկա հիմնարար իրավունքին ավելի նվազ վնաս պատճառող այլընտրանքային միջոցի առկայությունը (տե՛ս վերը` Գլորը` կետ 94):Ցանկացած դեպքում, վերջնական գնահատականը, թե արդյոք միջամտությունն անհրաժեշտ է եղել, Դատարանը քննության առարկա պետք է դարձնի Կոնվենցիայի պահանջներին համապատասխանության տեսանկյունից (տե՛ս օրինակ վերը նշված Ս-ն և Մարփերը, կետ 101 և Կեստերը` կետ 104): Այդ կապակցությամբ իրավասու ներպետական մարմինները պետք է օժտված լինեն հայեցողության որոշակի սահմաններով: Այդ սահմանները ընդարձակությունը տարբեր է և կախված է մի շարք գործոններից, ներառյալ խնդրո առարկա Կոնվենցիոն իրավունքի բնույթից, անձի համար դրա կարևորությունից, միջամտության բնույթից և հետապնդած նպատակից (Ս-ն և Մարփերը, կետ 102): Անդրադառնալու համար այն հարցին, թե արդյոք դիմումատուի դեմ ձեռք առնված միջոցները համաչափ են այն օրինական նպատակին, որը ենթադրվում է որ պետք է հետապնդեն, և արդյոք ներպետական իշխանությունների կողմից ներկայացված պատճառները «համապատասխան և բավարար» էին, Դատարանը պետք է քննության առնի, թե արդյոք Շվեյցարիայի իշխանությունները բավարար չափով հաշվի են առել նրա գործի առանձնահատուկ բնույթը և արդյոք նրանք, իրենց հայեցողության շրջանակներում, ընդունել են այն միջոցները, որոնք անհրաժեշտ են դիմումատուի անձնական վիճակին պատժամիջոցների ռեժիմի համապատասխանեցնելու նպատակով: Դա անելիս Դատարանը պատրաստ է հաշվի առնել այն փաստը, որ ահաբեկչության սպառնալիքը հատկապես լուրջ էր այդպիսի պատժամիջոցների սահմանող բանաձևերի ընդունման ժամանակ` 1999 -2002 թթ. միջև: Դա աներկբայորեն ցույց է տալիս թե՛ բանաձևերի ձևակերպումները և այն ենթատեքստը, որում դրանք ընդունվել են: Այնուամենայնիվ այդ միջոցների` տարիների ընթացքում պահպանումը կամ ամրապնդումը պետք է համոզիչ կերպով բացատրվի և արդարացվի: Դատարանը նկատում է, այդ կապակցությամբ, որ Շվեյցարիայի և Իտալիայի իշխանությունների կողմից իրականացված հետաքննությունները ցույց են տվել, որ դիմումատուի` միջազգային ահաբեկչության հետ կապված գործունեությանը մասնակցելու վերաբերյալ կասկածներն ակնհայտորեն անհիմն են: 2005թ. մայիսի 31-ին Շվեյցարիայի Դաշնային դատախազը կարճել է դիմումատուի նկատմամբ 2001թ. հոկտեմբերին սկսված հետաքննությունը և 2008թ. հուլիսի 5-ին Իտալիայի կառավարությունը Պատժամիջոցների կոմիտեին դիմում է ներկայացրել դիմումատուին` ցուցակներից` նրա նկատմամբ հետաքննությունը Իտալիայում կարճված լինելու հիմքով (տե՛ս վերը` կետ 56): Դաշնային դատարանն, իր հերթին նկատել է, որ հետաքննությունը և քրեական դատավարություն իրականացրած պետությունը չի կարող ինքնուրույն առաջ շարժվել ցուցակներից հանելու գործում, սակայն կարող էր առնվազն իր հետաքննության արդյունքները փոխանցել Պատժամիջոցների կոմիտեին և խնդրել կամ աջակցել անձին հանել ցուցակներից (տե՛ս վերը` կետ 51): Այդ կապակցությամբ Դատարանի համար անակնկալ էր այն պնդումը, որ Շվեյցարիայի իշխանությունները մինչև 2009թ. սեպտեմբերի 2-ը չեն տեղեկացրել Պատժամիջոցների կոմիտեին 2005թ. մայիսի 31-ին կարճված հետաքննությունների վերաբերյալ (տե՛ս վերը` կետ 61): Այնուամենայնիվ, նկատելով, որ այդ պնդման ճշմարտացիությունը չի վիճարկվել Կառավարության կողմից, և որևէ բացատրություն չի տրվել վերջինիս կողմից այդպիսի ուշացման վերաբերյալ, Դատարանը գտնում է, որ հետաքննության մարմինների եզրակացությունների ավելի արագ փոխանցումը կարող էր հանգեցնել դիմումատուի անվան` Միացյալ ազգերի ցուցակից ավելի վաղ փուլում հանելուն և այդպիսով նշանակալիորեն նվազեցնելով այն ժամանակահատվածը, որի ընթացքում նրա նկատմամբ կիրառվել են 8-րդ հոդվածով սահմանված իր իրավունքների սահմանափակումները (տե՛ս այս կապակցությամբ, Սայադին և Վինկը (Մարդու իրավունքների կոմիտե), կետ 12, վերը` կետեր 88-92): Ինչ վերաբերում է խնդրո առարկա արգելքների սահմաններին, Դատարանն ընդգծում է, որ դրանք թույլ չեն տվել դիմումատուին ոչ միայն մուտք գործել Շվեյցարիա, այլև ընդհանրապես հեռանալ Կամպիոնե դ’ Իտալիայից, հաշվի առնելով դրա անկլավ հանդիսանալու հանգամանքը, և նույնիսկ ուղևորվել Իտալիայի` իր քաղաքացիության երկրի մեկ այլ հատված, առանց խախտելու պատժամիջոցների ռեժիմը: Ավելին, Դատարանը համարում է, որ դիմումատուից չէր կարելի ողջամտորեն պահանջել տեղափոխվել Կամպիոնե դ’Իտալիայից, ուր նա բնակվում էր 1970թ. ի վեր, բնակվել Իտալիայի մեկ այլ շրջանում, հատկապես չի կարելի բացառել, որ թիվ 1373 (2001) բանաձևի 1(գ) կետով սահմանված սառեցման արդյունքում (տե՛ս վերը` կետ 73), նա չէր կարող այլևս ազատորեն տնօրինել իր գույքը և ակտիվները: Անկախ այն հանգամանքից, թե բնակարանը փոխելու թույլատվության դիմումը հաջողության որևէ հանրավորություն ուներ, անհրաժեշտ է ընդգծել, որ բնակարանի նկատմամաբ հարգանքի իրավունքը պաշտպանված է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով (տե՛ս օրինակ Պրոկոպովիչն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 58255/00, կետ 37, ՄԻԵԴ 2004‑XI, և վերը նշված Գիլլոուն` կետ 46): Դատարանն այնուհետև նկատում է, որ սույն գործը ունի նաև բժշկական տեսանկյուն, որը չպետք է անտեսվի: Դիմումատուն ծնվել է 1931թ. և ունի առողջական խնդիրներ (տե՛ս վերը` կետ 14): Դաշնային դատարանն ինքն էլ է համարել, որ չնայած Թալիբանի մասին որոշման 4ա հոդվածի 2-րդ կետը ավելի շուտ ձևակերպված էր որպես իրավազորող դրույթ, այն չէր պարտավորեցնում իշխանություններին բացառություն կատարել բոլոր այն դեպքերում, երբ ՄԱԿ-ի պատժամիջոցների ռեժիմը թույլ էր տալիս դա, և որպես տեղաշարժի ազատության ավելի հեռուն գնացող սահմանափակում չէր կարող արդարացվել Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ հանրային շահով և անհամաչափ էր դիմումատուի կոնկրետ իրավիճակի տեսանկյունից (տե՛ս վերը` կետ 52): Իրականում IMES և ODM մերժել են մուտքի և տարանցման արգելքից բացառություններ կատարելու վերաբերյալ մի շարք դիմումներ, որոնք ներկայացվել էին դիմումատուի կողմից բժշկական պատճառներով կամ դատական գործընթացների կապակցությամբ: Նա չի բողոքարկել այդ մերժումները: Ավելին, այն երկու դեպքերում, երբ նրա դիմումները բավարարվել են նա հրաժարվել է օգտվել այդ բացառություններից (համապատասխանաբար մեկ և երկու օրով)` համարելով, որ դրանց տևողությունը բավարար չէ մտադրված ուղևորությունները կատարելու համար հաշվի առնելով իր տարիքը և նշանակալի հեռավորությունը, որը պետք է անցներ: Դատարանը կարող է ընդունել, որ նա կարող էր այդ բացառությունների տևողությունը անբավարար համարել` վերոգրյալ գործոնների տեսակետից (տե՛ս մասնավորապես վերը` կետ 191): Անհրաժեշտ է մատնանշել, այս կապակցությամբ, որ թիվ 1390 (2002) բանաձևի համաձայն, Պատժամիջոցների կոմիտեն իրավունք ուներ բացառություններ կատարել առանձնահատուկ դեպքերում` հատկապես բժշկական, մարդասիրական կամ կրոնական պատճառներով: 2008թ. փետրվարի 22-ի հանդիպման ընթացքում (տե՛ս վերը` կետ 54) Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ դիմումատուն կարող էր դիմել Պատժամիջոցների կոմիտեին ավելի ընդարձակ բացառություններ կատարել` հաշվի առնելով իր առանձնահատուկ իրավիճակը: Դիմումատուն որևէ այդպիսի դիմում չի ներկայացրել, սակայն դա չի երևում, մասնավորապես, այդ հանդիպման արձանագրությունից, որ Շվեյցարիայի իշխանություններն որևէ աջակցություն են առաջարկել այդ նպատակով: Հաստատվել է, որ դիմումատուի անունն ավելացվել է Միացյալ ազգերի ցուցակում, ոչ թե Շվեյցարիայի նախաձեռնությամբ, այլ` Ամերիկայի Միացյալ նահանգների: Չի վիճարկվել նաև, որ առնվազն մինչև թիվ 1730 (2006) բանաձևի ընդունումը շահագրգիռ անձի քաղաքացիության կամ բնակության երկիրն էր, որ կարող էր դիմել Պատժամիջոցների կոմիտեին` ցուցակից հանելու ընթացակարգի համար: Իհարկե դիմումատուի գործով Շվեյցարիան ոչ քաղաքացիության և ոչ էլ բնակության երկիրն էր և Շվեյցարիայի իշխանություններն, այդ իսկ պատճառով, իրավասու չէին այդպիսի գործողություն ձեռնարկել: Այնուամենայնիվ, չի երևում նաև, որ Շվեյցարիան երբևէ փորձել է դրդել Իտալիային այդպիսի գործողություն ձեռնարկել, կամ ր աջակցությունն է առաջարկել այդ նպատակով (տե՛ս mutatis mutandis, Սայադին և Վանիկը (Մարդու իրավունքների կոմիտե) կետ 12, վերը` կետեր 88-92): 2008թ. փետրվարի 22-ի ժողովի արձանագրությունից երևում է (տե՛ս վերը` կետ 54), որ իշխանությունները պարզապես առաջարկել են դիմումատուին կապվել ՄԱԿ-ում Իտալիայի մշտական առաքելության հետ` ավելացնելով, որ Իտալիան այդ ժամանակ տեղ էր զբաղեցնում Անվտանգության խորհրդում: Դատարանն ընդունում է, որ Շվեյցարիան, այլ պետությունների հետ մեկտեղ, նշանակալի ջանքեր է գործադրել, որոնք մի քանի տարի անց հանգեցրել են պատժամիջոցների ռեժիմի բարելավմանը (տե՛ս վերը` կետեր 64 և 78): Դատարանն այն կարծիքին է, այնուամենայնիվ, հաշվի առնելով այն սկզբունքը, որ Կոնվենցիան պաշտպանում է այն իրավունքները, որոնք ոչ թե տեսական կամ պատրանքային են այլ գործնական և արդյունավետ (տե՛ս վերը` Արտիկոն` կետ 33), որ սույն գործով կարևոր է այն միջոցները, որոնք իրականում ձեռք են առել կամ փորձել են ձեռք առնել ներպետական իշխանությունները ի պատասխան դիմումատուի չափազանց առանձնահատուկ իրավիճակին: Այդ կապակցությամբ Դատարանը մասնավորապես համարում է, որ Շվեյցարիայի իշխանությունները բավարար չափով հաշվի չեն առել գործի իրական հանգամանքները, հատկապես Կամպիոնե դ’Իտալիայի ուրույն աշխարհագրական դիրքը, կիրառված միջոցների նշանակալի տևողությունը կամ դիմումատուի քաղաքացիությունը, տարիքը և առողջությունը: Դատարանն այնուհետև գտնում է, որ, Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի` ներպետական իրավակարգում կիրարկվելու եղանակը որոշելու հնարավորությունը պետք է որոշակի մեղմացումների հնարավորություն ընձեռեր դիմումատուի նկատմամբ կիրառելի պատժամիջոցների ռեժիմից, հաշվի առնելով այդ հանգամանքները` նրա անձնական և ընտանեկան կյանքին միջամտությունից խուսափելու համար, առանց այնուամենայնիվ շրջանցելու համապատասխան բանաձևերի պարտադիր բնույթը կամ դրանցում սահմանված պատժամիջոցներին համապատասխանությունը: Հաշվի առնելով Կոնվենցիայի` որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոլեկտիվ կենսագործման պայմանագրի հատուկ բնույթը (տե՛ս օրինակ, վերը նշված Սոերինգ, կետ 87, և Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, 18 հունվարի 1978թ., կետ 239, Սերիա A թիվ 25), Դատարանը գտնում է, որ պատասխանող պետությունը չի կարող իրավաչափորեն սահմանափակվել հղում կատարելով Անվտանգության խորհրդի բանաձևերի պարտադիր բնույթին, այլ պետք է համոզի դատարանին, որ ձեռնարկել է, կամ առնվազն փորձել է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները պատժամիջոցների ռեժիմը` դիմումատուի անհատական վիճակին համապատասխանեցնելու համար: Այդ եզրահանգումն ազատում է Դատարանին պատասխանող և ներգրավված կառավարությունների կողմից առաջ քաշված` Կոնվենցիայի Մասնակից պետությունների` այդ փաստաթղթով սահմանված, և ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող պարտավորությունների աստիճանակարգության հարցը պարզելու պարտականությունից: Դատարանի կարծիքով կարևոր կետ է, որ պատասխանող պետությունը ցուց չի տվել, որ իրենք փորձել են հնարավորինս ներդաշնակել այն պարտավորությունները, որոնք հակադիր են համարել (տե՛ս այդ կապակցությամբ վերը` կետեր 81 և 170): Հաշվի առնելով սույն գործի բոլոր հանգամանքները` Դատարանը գտնում է, որ դիմումատուի` տեղաշարժի ազատության նշանակալի ժամկետով սահմանափակումները չեն ապահովել համաչափությունը մի կողմից նրա անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունքի և մյուս կողմից հանցագործության կանխարգելման և Շվեյցարիայի ազգային անվտանգության և հանրային անվտանգության միջև: Հետևաբար միջամտությունը նրա` անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին համաչափ չի եղել և հետևաբար անհրաժեշտ չէր եղել ժողովրդավարական հասարակությունում:
(γ) Եզրակացություն
Հաշվի առնելով վերոգրյալը Դատարանը մերժում է Կառավարության նախնական առարկությունները գանգատի` Կոնվենցիային ratione materiae անհամապատասխանության վերաբերյալ և, վճռելով ըստ էության, գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում: Հաշվի առնելով այդ եզրակացությունը և չնայած դիմումատուի փաստարկներին, որ իր անվան ավելացումը Թալիբանի մասին որոշմանը հավելված ցուցակում ոտնահարել է նաև նրա պատիվը և հեղինակությունը և հանդիսանում է առանձին գանգատ, Դատարանը գտնում է, որ կարիք չկա առանձին քննության առնել այդ գանգատը:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈւՄԸ
Դիմումատուն գանգատվել է, որ նա զրկված է եղել իր Կոնվենցիոն գանգատների քննության իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից: Նա այդպիսով պնդել է, որ տեղի է ունեցել 13-րդ հոդվածի խախտում, որը սահմանում է
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»
Ա. Ընդունելիություն
Դատարանը նկատում է, որ այդ գանգատը ակնհայտ անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Ավելին, Դատարանը գտնում է, որ չի պարզվել այն անընդունելի համարելու որևէ հիմք: Գանգատն այդպիսով պետք է համարվի ընդունելի:
Բ. Էություն
Կողմերի փաստարկները
(ա) Դիմումատուն
Դիմումատուն, հղում կատարելով Ալ-Նաշիֆն ընդդեմ Բուլղարիայի գործին (թիվ 50963/99, 20 հունիսի 2002), պնդել է, որ մի կողմից ազգային անվտանգության համար նշանակություն ունեցող տեղեկատվության և դրա աղբյուրների պաշտպանության և մյուս կողմից իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի մրցակցող շահերը կարող են համաձայնեցվել հատուկ ընդունված ընթացակարգի միջոցով: Սույն գործով, այնուամենայնիվ, և՛ ՄԱԿ-ի մարմինների, և՛ ներպետական իշխանություններին դիմելու որևէ այդպիսի ընթացակարգ մատչելի չի եղել:Նա այնուհետև մատնանշել է, որ վերը հիշատակված Սայադին և Վինկը գործը (տե՛ս վերը կետեր 88-92), երբ Մարդու իրավունքների կոմիտեն եզրակացրել է, որ իրավական պաշտպանության արդյունավետ միջոց սահմանվել է դատարանի որոշմամբ, որով դիմումատուների անունները Պատժամիջոցների կոմիտեին փոխանցած Բելգիայի կառավարությունից պահանջվում էր առաջին հերթին այդ կոմիտեին դիմում ներկայացնել ցուցակներից հանելու մասին, վերաբերելի չէ սույն գործով երկու պատճառներով: Առաջին, քանի որ նա չի գանգատվում, որ Շվեյցարիան չի հանել իր անունը ՄԱԿ-ի ցուցակից Մարդու իրավունքների կոմիտեն հստակ հաստատել է, որ համապատասխան իրավասությունը պատկանում է Պատժամիջոցների կոմիտեին և ոչ թե պետությանը: Երկրորդ, իր գործով, Դաշնային դատարանը, ի տարբերություն Սայադին և Վինկը գործով Բրյուսելի առաջին ատյանի դատարանի, չնայած նկատելով որ պատասխանող Կառավարությունը պարտավոր էր հնարավորինս աջակցել դիմումատուին ցուցակներից հանելու գործում, գործնականում չի հրահանգել Կառավարությանն այդպես վարվել:Դիմումատուն այդպիսով պնդել է, որ կիրառված միջոցների համապատասխանությունը Կոնվենցիայի 3-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածներին չի հանդիսացել ներպետական դատարանի քննության առարկա և որ, հետևաբար, տեղի է ունեցել 13-րդ հոդվածի խախտում:
(բ) Պատասխանող Կառավարությունը
Կառավարությունը հայտնել է, որ 13-րդ հոդվածը պահանջում է, որ Կոնվենցիայի խախտման վերաբերյալ վիճելի գանգատ ունեցող անձը, պետք է իրավական պաշտպանության միջոց ունենա «ներպետական իշխանությունների» առջև: Կառավարությունը նկատել է, որ հաշվի առնելով իր նախկին փաստարկները, դիմումատուի գանգատները չեն հիմնավորվում: Կառավարությունը պնդել է, որ, եթե Դատարանը կորոշի չհետևել այդ գնահատականին, որ սույն գործով որևէ դեպքում տեղի չի ունեցել 13-րդ հոդվածի` 8-րդ հոդվածի հետ համակցությամբ խախտում:Կառավարությունն ընդգծել է, որ դիմումատուն պահանջել է ջնջել իր և իր հետ փոխկապակցված կազմակերպությունների անունները Թալիբանի մասին որոշմանը հավելված ցուցակից: Այդ պահանջը հստակորեն քննվել է Դաշնային դատարանի կողմից, որ գտել է, որ դիմումատուն զրկված է եղել այդ հարցի կապակցության իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից, քանի որ կաշկանդված լինելով Անվտանգության խորհրդի բանաձևերով, այն հնարավորություն չի ունեցել վերացնել դիմումատուի նկատմամբ կիրառված պատժամիջոցները: Դաշնային դատարանն, այնուամենայնիվ, ընդգծել է, որ այդ իրավիճակում Շվեյցարիան էր, որ պետք է պահանջեր դիմումատուին հանել ցուցակներից կամ աջակցել նրա կողմից այդպիսի գործընթաց նախաձեռնելը: Այդ կապակցությամբ Կառավարությունը նկատել էր, որ Շվեյցարիան ինքնին իրավասու չէր ցուցակից հանելու մասին դիմում մուտք անել, քանի որ դիմումատուն չուներ Շվեյցարիայի քաղաքացիություն և չէր բնակվում Շվեյցարիայում, ինչպես որ հաստատել է նաև Պատժամիջոցների կոմիտեն: Շվեյցարիան պարզապես ունեցել է դիմումատուի կողմից անձամբ ներկայացված դիմումին աջակցելու հնարավորությունը, և ակնհայտորեն այդպես է վարվել` ուղարկելով իր իրավաբանին նրա դեմ հարուցված քրեական հետապնդման կարճման պաշտոնական հաստատմանը:
Դատարանի գնահատականը
(ա) Կիրառելի սկզբունքները
Դատարանը նկատում է, որ 13-րդ հոդվածը երաշխավորում է Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների խախտումների դեմ գանգատ ներկայացնելու իրավական միջոցի մատչելիությունը ներպետական մակարդակում: Այդ իսկ պատճառով, չնայած Պայմանավորվող պետություններն օժտված են սույն դրույթով սահմանված իրենց պարտավորությունների կատարման ձևի ընտրության որոշակի հայեցողությամբ, պետք է ներպետական իրավական պաշտպանության միջոց լինի, որը հնարավորություն կտա ներպետական իրավասու մարմնին և՛ քննության առնել Կոնվենցիոն գանգատի էությունը, և՛ համապատասխան փոխհատուցում սահմանել: 13-րդ հոդվածով սահմանված պարտավորության շրջանակը տարբերվում է կախված դիմումատուի` Կոնվենցիային համաձայն ներկայացված գանգատից, սակայն իրավական պաշտպանության միջոցը ցանկացած դեպքում պետք է «արդյունավետ» լինի ինչպես օրենքով, այնպես էլ գործնականում, մասնավորապես այն իմաստով, որ դրա կիրառումը չպետք է չարդարացված ձևով խոչընդոտվի պետության մարմինների գործողություններով կամ անգործությամբ (տե՛ս Բույուքդաղն ընդդեմ Թուրքիայի, թիվ 28340/95, կետ 64, 21 դեկտեմբերի 2000թ., դրանում նշված գործերով, հատկապես Աքսոյն ընդդեմ Թուրքիայի, 18 դեկտեմբերի 1996թ., կետ 95, Զեկույցներ 1996‑VI): Որոշակի պայմաններում ներպետական օրենսդրությամբ սահմանված իրավական պաշտպանության միջոցների հանրագումարը բավարարում է 13-րդ հոդվածների պահանջները (տե՛ս, մասնավորապես, Լինդերն ընդդեմ Շվեյցարիայի գործը, 26 մարտի 1987թ., կետ 77, Սերիա A թիվ 116):Այնուամենայնիվ, 13-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի իրավական պաշտպանության միջոցը մատչելի լինի ներպետական օրենսդրության միայն այնպիսի գանգատների կապակցությամբ, որոնք կարող են համարվել «վիճարկելի» Կոնվենցիայի իմաստով (տե՛ս, օրինակ, Բոյլը և Ռայսն ընդդեմ Միացյալ Թագավորության, 27 ապրիլի 1988թ., կետ 54, Սերիա A թիվ 131): Այն չի երաշխավորում իրավական պաշտպանության միջոց, որը թույլ է տալիս ներպետական իշխանությունների առջև վիճարկել Պայմանավորվող պետության օրենքները` Կոնվենցիային հակասելու հիմքով (տե՛ս վերը նշված Կոստելլո-Ռոբերտսի գործը` կետ 40), սակայն փորձում է միայն ապահովել, որ ցանկացած անձ, ով վիճարկելի գանգատ է ներկայացնում Կոնվենցիոն իրավունքի խախտման վերաբերյալ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի ունենա ազգային իրավական համակարգում (նույն տեղում` կետ 39):
(բ) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործով
Դատարանը, հաշվի առնելով վերը` 8-րդ հոդվածի խախտման վերաբերյալ եզրակացությունը, համարում է, որ գանգատը վիճարկելի է: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է պարզել, թե արդյոք դիմումատուն, Շվեյցարիայի օրենքով ունեցել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոց` իր Կոնվենցիոն իրավունքների խախտումների բողոքարկման համար: Դատարանը նկատում է, որ դիմումատուն հնարավորություն է ունեցել դիմել ներպետական իշխանություններին իր անունը Թալիբանի մասին որոշմանը հավելված ցուցակից հանելու համար և որ դա կարող է փոխհատուցում հանդիսանալ Կոնվենցիայի համապատասխան ներկայացված նրա գանգատների համար: Այնուամենայնիվ իշխանությունները ըստ էության քննության չեն առել Կենվենցիայի ենթադրյալ խախտումների վերաբերյալ նրա գանգատները: Մասնավորապես, Դաշնային դատարանը տեսակետ է հայտնել, որ չնայած այն կարող էր պարզել, թե արդյոք Շվեյցարիան կաշկանդված է եղել Անվտանգության խորհրդի բանաձևերով, այն չի կարող վերացնել դիմումատուի նկատմամբ կիրառված պատժամիջոցներն այն հիմքով, որ դրանք չեն պահպանում մարդու իրավունքները (տե՛ս վերը` կետ 50): Դաշնային դատարանն, ավելին, ուղղակիորեն ընդունել է, որ Միացյալ ազգերի մակարդակով ցուցակներից հանելու ընթացակարգը, նույնիսկ դրա վերջին բանաձևերով բարելավումից հետո, չի կարող համարվել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց` Կոնվենցիայի 13-րդ հոդվածի իմաստով (նույն տեղում): Դատարանն այնուհետև հղում է կատարում CJEC եզրակացությանը, որ «Միացյալ ազգերին համապատասխան միջազգային իրավակարգը կարգավորող սկզբունքների հետևանքը չէ, որ վիճարկվող բանաձևի ներպետական իրավականության ցանկացած դատական քննություն հիմնարար ազատությունների լույսի ներքո բացառվում է այն փաստի ուժով, որ միջոցը նախատեսված է Միացյալ ազգերի Կանոնադրության 7-րդ գլխին համապատասխան ընդունված Անվտանգության խորհրդի բանաձևերի կենսագործման համար» (տե՛ս Քադիի վճիռը կետ 299, տե՛ս վերը` կետ 86): Դատարանը կարծում է, որ նույն հիմնավորումը պետք է կիրառվի mutatis mutandis սույն գործով, հատկապես Թալիբանի մասին որոշման` Կոնվենցիային համապատասխանության Շվեյցարիայի իշխանությունների քննությանը: Դատարանն այնուհետև գտնում է, որ Անվտանգության խորհրդի բանաձևերում ոչինչ չէր արգելում Շվեյցարիայի իշխանություններին ներպետական մակարդակում այդ բանաձևերին համապատասխան ձեռք առնված միջոցների ստուգման մեխանիզմներ կիրառել: Հաշվի առնելով վերոգրյալը, Դատարանը գտնում է, որ դիմումատուն չի ունեցել որևէ արդյունավետ միջոց Թալիբանի մասին որոշման հավելված ցուցակից իր անունը հանելու որոշմանը հասնելու համար և այդ իսկ պատճառով չի ունեցել Կոնվենցիայի խախտումների հետ կապված որևէ իրավական պաշտպանության միջոց, ինչպես պնդել է (տե՛ս, mutatis mutandis, Լորդ Հոփը Ահմեդը և այլոք գործով վճռի հիմնական մասում` կետեր 81-82, վերը` կետ 96): Համապատասխանաբար, Դատարանը մերժում է Կառավարության հայտնած նախնական առարկությունը ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառած լինելու վերաբերյալ և վճռելով ըստ էության գտնում է, որ տեղի է ունեցել 13-րդ հոդվածի 8-րդ հոդվածի հետ համակցությամբ խախտում:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հիմք ընդունելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը դիմումատուն պնդել է, որ արգելելով իր մուտքը կամ տարանցումը Շվեյցարիայով, իր անունը Պատժամիջոցների կոմիտեի ցուցակում լինելու պատճառով, Շվեյցարիայի իշխանությունները զրկել են իրեն ազատությունից: 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, նա գանգատվել է, որ իշխանությունները չեն իրականացրել իր տեղաշարժի ազատության սահմանափակումների իրավականության որևէ վերանայում: Այդ դրույթները սահմանում են.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(ա) անձին օրինական կերով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո
(բ) անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,
(գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստ կանխելու համար,
(դ) անչափահասին կալանքի վերցնելը օրինական կարգադրության հիման վրա` դաստիարակչական հսկողության համար, կամ նրա օրինական կալանավորումը` նրան իրավասու մարմնին ներկայացնելու նպատակով
(ե) անձանց օրինական կալանքի վերցնելը` վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը,
(զ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով:
...
4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:
...»
Կողմերի և երրորդ անձանց դիրքորոշումները
(ա) Կառավարությունը
Կառավարությունը, հղում կատարելով Գուզզարդին ընդդեմ Իտալիայի (6 նոյեմբերի 1980թ., Ա Սերիան, թիվ 39) և Ս.Ֆ.-ն ընդդեմ Շվեյցարիայի (թիվ 16360/90, Հանձնաժողովի 1994թ. մարտի 2-ի որոշմանը, Որոշումներ և Զեկույցներ 76- B, էջեր 13 և այլն), պնդել է որ սույն գործով տեղի չի ունեցել «ազատությունից զրկում»: Կառավարությունը փաստել է, որ խնդրո առարկա միջոցի նպատակը երբեք չի եղել դիմումատուին Կամպիոնե դ’Իտալիայի տարածքում պահելը: Նրա նկատմամբ կիրառվել է միայն Շվեյցարիա մուտքի և տարանցման արգելք: Այն փաստը, որ դիմումատուն համարել է, որ իր տեղաշարժը սահմանափակված է եղել կիրառված միջոցով վերագրելի է միայն նրան, քանի որ հենց նա է ընտրել բնակվել Շվեյցարիայի տարածքով շրջապատված իտալական անկլավում: Ոչ Միացյալ ազգերի կողմից որոշված պատժամիջոցները և ոչ դրանց կիրառումը Շվեյցարական իշխանությունների կողմից չեն պարտավորեցրել նրան շարունակել բնակվել Կամպիոնե դ’ Իտալիայում: Ցանկացած ժամանակ նա կարող էր այդպիսով դիմել իր բնակության Իտալիայի մեկ այլ հատված տեղափոխելու թույլտվություն ստանալու համար: Ինչ վերաբերում է միջոցի ազդեցությանը և պայմաններին, Կառավարությունը նկատել է, որ դիմումատուի ենթակա չի եղել որևէ սահմանափակման, բացի այդ Շվեյցարիա մուտքի և տարանցման, կառավարության կարծիքով տեսական, արգելքից: Մասնավորապես, նա Շվեյցարիայի իշխանությունների հսկողության ներքո չի եղել, որևէ առանձնահատուկ պարտավորություններ չի ունեցել և կարող էր ցանկացած քանակությամբ այցելություններ ընդունել: Նա մշտապես կարողացել է ազատորեն հանդիպել իր իրավաբաններին: Կառավարությունն այնուհետև ընդգծել է, որ Կամպիոնե դ’Իտալիայի և Շվեյցարիայի միջև սահմանը չի հսկվում և Շվեյցարիա մուտքի արգելքը չէր կարող ֆիզիկական խոչընդոտ հանդիսանալ նրա համար: Այդ պատճառներով Կառավարությունը պնդել է, որ կիրառված միջոցը չի կարող դիտարկվել որպես ազատությունից զրկում` 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով:
(բ) Դիմումատուն
Դիմումատուն պնդել է, որ սույն գործը չի կարելի համեմատել (վերը նշված)Ս.Ֆ.-ն ընդդեմ Շվեյցարիայի գործի հետ, որում Հանձնաժողովն անընդունելի է համարել դիմումատուի գանգատը 5-րդ հոդվածի համաձայն, քանի որ նա իրավունք չի ունեցել լքել Կամպիոնե դ’Իտալիան մի քանի տարի: Նախևառաջ, դիմումատուի գործով շրջանը լքելու հնարավորության բացակայությունը քրեական դատապարտման արդյունքում չի եղել և երկրորդ, նա հնարավորություն չի ունեցել վիճարկել կիրառված սահմանափակումները` արդար դատաքննության տեսակետից, իր տարբերություն Ս.Ֆ.-ի գործով դիմումատուի: Դիմումատուն չի վիճարկել այն փաստը, որ ոչ մի ֆիզիկական խոչընդոտ չի զրկել նրան Կամպիոնե դ’Իտալիայից հեռանալու հնարավորությունից, սակայն նա ընդգծել է, որ Շվեյցարիայի հետ սահմանը, այնուամենայնիվ ենթարկվում էր պատահական կամընտրական ստուգումների և եթե այդպիսի ստուգման արդյունքում պարզվեր, որ նա փորձում է մուտք գործել արգելված տարածք նա կենթարկվեր ծանր պատիժների հանգեցնող դատավարությունների: Դիմումատուն հայտնել է, որ Կամպիոնե դ’Իտալիայի մակերեսը մոտ 1,6 քառակուսի կմ է և որ, այդ պատճառով, տարածքը, որում նա կարող էր ազատ տեղաշարժվել նույնիսկ ավելի փոքր էր քան (վերը նշված) Գուզզարդիի գործով դիմումատուինը, ով 2,5 քառակուսի կմ տարածքով կղզու վրա էր: Ավելին, դիմումատուն ընդգծել է, որ նույնիսկ Դաշնային դատարանը ինքն է ճանաչել, որ սահմանափակումներն ընդհանուր առմամբ համարժեք են եղել տնային կալանքին: Այդ պատճառներով, նա պնդել է, որ իր գործով 5-րդ հոդվածի 1-ին կետը պետք է կիրառելի համարվի:
(գ) Ֆրանսիայի կառավարությունը
Որպես երրորդ անձ ներգրավված Ֆրանսիայի կառավարությունը, այն կարծիքն է հայտնել, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը կիրառելի չէ մի անձի նկատմամբ, ում մերժվել է որոշակի տարածքի մուտքը և տարանցումը և որ Տիչինոյի Կանտոնում գտնվող Իտալական անկլավում դիմումատուի բնակության փաստով պայմանավորված գործի կոնկրետ հանգամանքները չեն կարող փոխել այդ գնահատականը, առանց այդ դրույթի էությունը խեղաթյուրելու:
Դատարանի գնահատականը
Դատարանը կրկնում է, որ 5-րդ հոդվածն ամրագրում է մի հիմնարար իրավունք, այն է` անհատի ազատության իրավունքի պաշտպանությունը պետության կամայական միջամտությունից: 5-րդ հոդվածի տեքստից հստակ է դառնում, որ դրանում պարունակվող երաշխիքները տարածվում են «յուրաքանչյուրի» նկատմամբ: 5-րդ հոդվածի 1-ին կետի (ա)-(զ) ենթակետերը պարունակում են անձին ազատությունից զրկելու թույլատրելի հիմքերի սպառիչ ցանկը: Ազատությունից զրկելու դեպքը կհակասի 5-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չի համապատասխանում այդ հիմքերից որևէ մեկին կամ նախատեսված է Կոնվենցիայի 15-րդ հոդվածով սահմանված իրավական շեղումներով, որը թույլ է տալիս Պայմանավորվող պետությանը «պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ» միջոցներ ձեռնարկել ի շեղումն 5-րդ հոդվածով սահմանված իր պարտավորություններից «բացառապես այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը» (տե՛ս ի թիվս այլ աղբյուրների` Ալ-Ջեդդա, վերը հիշատակված` կետ 99, Ա.-ն և ուրշներն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 3455/05, կետեր 162-163, ՄԻԵԴ 2009; և Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, վերը նշված` կետ 194): 5-րդ հոդվածի 1-ին կետը չի վերաբերում պարզապես տեղաշարժի ազատության սահմանափակումներին, որոնք կարգավորվում են Շվեյցարիայի կողմից չստորագրված 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածով: Պարզելու համար, թե արդյոք անձը «զրկվել է ազատությունից» 5-րդ հոդված իմաստով, ելակետ պետք է հանդիսանա նրա կոնկրետ իրադրությունը և հաշվի պետք է առնվեն մի շարք այնպիսի չափանիշներ, ինչպես խնդրո առարկա միջոցի տեսակը, տևողությունը, կիրառման եղանակը և հետևանքները: Ազատության սահմանափակման և ազատությունից զրկելու տարբերությունը աստիճանի կամ ուժգնության մեջ է և ոչ թե բնույթի կամ էության (տե՛ս Օստինը և ուրշներն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ. 39692/09, 40713/09 և 41008/09, կետ 57, 15 մարտօ 2012թ.; Ստանևն ընդդեմ Բուլղարիայի [GC], թիվ. 36760/06, կետ 115, 17 հունվարի 2012թ.; Մեդվեդևը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ. 3394/03, կետ 73, ՄԻԵԴ 2010թ.; վերը նշված Գուզզարդին` կետեր 92-93; Ստորկն ընդդեմ Գերմանիայի, թիվ 61603/00, կետ 71, ՄԻԵԴ 2005‑V; և Էնգելն և այլոք ընդդեմ Նիդեռլանդների, 8 հունիսի 1976թ., կետ 59, Սերիա A թիվ 22): Դատարանն այնուհետև կարծիք է հայտնում, որ խնդրո առարկա միջոցի «տեսակը», «կիրառման եղանակը» հաշվի առնելու պահանջը (տե՛ս վերը նշված Էնգելն և ուրշները, կետ 59 և Գուզզարդին` կետ 92) իրեն հնարավորություն է ընձեռում ուշադրություն դարձնել բացի բանտախցում պահվելու պարադիգմից նաև սահմանափակման այլ տեսակների յուրահատուկ ենթատեքստին և հանգամանքներին (տե՛ս վերը նշված Էնգելը և այլոք` կետ 59 և Ամուուրը` կետ 43): Իսկապես, ենթատեքստը, որում ձեռք է առնվել միջոցը կարևոր գործոն է, քանի որ ժամանակակից հասարակության մեջ հաճախ են իրավիճակները, երբ հասարակությանը կարող է կոչ արվել համընդհանուր շահից բխող տեղաշարժի կամ ազատության սահմանափակումներ կրել (տե՛ս mutatis mutandis վերը նշված Օստին և այլոք` կետ 59): Դատարանը նկատում է, որ ի աջակցություն 5-րդ հոդվածի` սույն գործով կիրառելիության վերաբերյալ իր փաստարկի, դիմումատուն հղում է կատարել վերը նված Գուզզարդիի գործին: Այդ գործում, գանգատը ներկայացվել էր մի անձի կողմից, ով կասկածվում էր «մաֆիոզիների հանցախմբին» պատկանելու մեջ և հարկադրված է եղել ապրել 2,5 քառակուսի կմ (չցանկապատված) մակերեսով կղզում` նույնանման իրավիճակում գտնվող այլ բնակիչների և հսկող անձնակազմի հետ: Դատարանը գտել է, որ դիմումատուն «զրկված է եղել ազատությունից» 5-րդ հոդվածի իմաստով և որ նա այդպիսով կարող էր ապավինել կատարել այդ դրույթով սահմանված երաշխիքներին (տե՛ս նաև Ջուլիա Մանցոնին ընդդեմ Իտալիայի, 1 հուլիսի 1997թ., կետեր 18-25, Զեկույցներ 1997- IV): Հակառակը, (վերը նշված) Ս.Ֆ.-ն ընդդեմ Շվեյցարիայի գործում, երբ դիմումատուն գանգատվել էր մի քանի տարի Կամպիոնե դ’Իտալիայից դուրս գալու իրավունք չունենալուց, Հանձնաժողովը անընդունելի էր համարել գանգատը, գտնելով, որ 5-րդ հոդվածը կիրառելի չէ այդ գործով: Մեծ պալատը պատշաճ է համարում սույն գործով պաշտպանել վերջին մոտեցումը, հետևյալ պատճառներով: Դիմումատուի կոնկրետ դեպքում Դատարանը նկատում է, որ սահմանափակումները նշանակալի ժամանակահատված են տևել: Այնուամենայնիվ, Դատարանը նկատում է, որ շրջանը, որում դիմումատուին թույլ չէր տրվել ուղևորվել հանդիսանում էր երրորդ երկրի` Շվեյցարիայի տարածքը և որ միջազգային իրավունքի համաձայն, երկիրն իրավունք ունի արգելել օտարերկրացու մուտքը (տե՛ս վերը` կետ 164): Խնդրո առարկա սահմանափակումները չեն արգելում դիմումատուին ազատորեն բնակվել և տեղաշարժվել իր մշտական բնակության վայրի տարածքում, որը նա ընտրել է իր ազատ կամքով, ապրել և իրականացնել իր գործունեությունը: Դատարանը համարում է, որ այդ հանգամանքներում, նրա գործը կտրուկ կերպով տարբերվում է (վերը նշված) Գուզզարդիի գործի փաստական հանգամանքներից և որ դիմումատուի նկատմամբ կիրաված արգելքը չի հանգեցնում Կոնվենցիայի 5–րդ հոդվածով սահմանված հարցերին: Դատարանն այնուհետև ընդունում է, որ Կամպիոնե դ’Իտալիան փոքր տարածք է: Այնուամենայնիվ, Դատարանը նկատում է, որ դիմումատուն բառի բուն իմաստով զրկված չի եղել ազատությունից և ոչ էլ փաստացիորեն գտնվել է տնային կալանքի տակ. նրան պարզապես արգելվել է նշված տարածք մուտքը և տարանցումը և այդ միջոցի արդյունքում նա հնարավորություն չի ունեցել լքել անկլավը: Ի հավելումն, Դատարանը նկատում է, որ դիմումատուն Դատարանում չի վիճարկել Շվեյցարիայի կառավարության պնդումը, որ նա չի եղել Շվեյցարիայի իշխանությունների հսկողության ներքո և պարտավոր չի եղել պարբերաբար հաշվառվել ոստիկանությունում (ի տարբերություն վերը նշված Գուզզարդիի գործի` կետ 95): Ավելին չի թվում նաև, որ սահմանափակված է եղել նրա` այցելուներ` ընտանիքի անդամներ, բժիշկներ, իրավաբաններ, ընդունելու ազատությունը (նույն տեղում): Վերջապես Դատարանը ընդգծում է, որ պատժամիջոցների ռեժիմը թույլ էր տալիս դիմումատուին դիմել մուտքի և տարանցման արտոնությունների համար և որ այդ արտոնություններն իսկապես տրվել են նրան երկու անգամ, սակայն նա չի օգտվել դրանցից: Հաշվի առնելով սույն գործի բոլոր հանգամանքները և նախադեպային իրավունքին համապատասխան Դատարանը, Դաշնային դատարանի նման (տե՛ս վերը` կետ 48) գտնում է, որ Շվեյցարիա մուտքը և տարանցումն արգելող միջոցը չի դիմումատուին «չի զրկել ազատությունից» 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով: Դրանից հետևում է, որ համաձայն գանգատները 5-րդ հոդվածի ակնհայտ անհիմն են և ենթակա են մերժման Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հիմք ընդունելով նույն փաստարկներ, որոնք քննության են առնվել Դատարանի կողմից 5-րդ և 8-րդ հոդվածների համաձայն, դիմումատուն գանգատվել է 3-րդ հոդվածի խախտմամբ ցուցաբերված վերաբերմունքից: Նա այնուհետև պնդել է, որ մզկիթ գնալու համար Կամպիոնե դ’Իտալիա անկլավից հեռանալ չկարողանալը խախտել է 9-րդ հոդվածով երաշխավորված կրոնը կամ հավատքը դավանելու իր ազատությունը:Հաշվի առնելով իր տիրապետության տակ եղած նյութերը և նույնիսկ ենթադրելով, որ այդ գանգատները պատշաճ կերպով ներկայացվել են ներպետական դատարաններում, Դատարանը չի գտնում Կոնվենցիայի 3-րդ և 9-րդ հոդվածների խախտում:Դրանից հետևում է, որ գանգատի այս մասը պետք է մերժվի, ակնհայտ անհիմն լինելու պատճառով` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան:
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցում, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»
Ա. Վնասը
Դիմումատուն նյութական կամ ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջ չի ներկայացրել:Համապատասխանաբար, նրան այդ կապակցությամբ որևէ գումար վճարելու պահանջ առկա չէ:
Բ. Ծախսեր և Ծախքեր
Ծախսերի և ծախքերի կապակցությամբ դիմումատուն խնդրել է 75,000 ֆունտ ստերլինգի փոխհատուցում` գումարած ավելացված արժեքի հարկը, Դատարանում գործի քննության հետ կապված իր իրավաբանների ծառայությունների համար, ինչպես նաև 688,22 եվրո` իր իրավաբանի` Կամպիոնե դ’Իտալիա ուղևորության, հեռախոսային զանգերի և գրասենյակային ծախսերի համար:Կառավարությունը մատնանշել է, որ դիմումատուն է ընտրել, որ իրեն ներկայացնի Լոնդոնում գործող իրավաբանը, որի ժամավճարը բավականին բարձր է Շվեյցարիայի միջին սակագներից և որ այդ ընտրությունը հանգեցրել է նշանակալի ուղևորածախսերի: Կառավարության պնդմամբ, նույնիսկ եթե ընդունել, որ սույն գործը իրոք այնքան բարդ է եղել, որքան պնդում է դիմումատուն, ժամաքանակը, որի համար հաշիվ է ներկայացվել չափազանցված է: Հետևաբար, Կառավարությունը նկատել է, որ գանգատի բավարարման դեպքում, 10,000 Շվեյցարական ֆրանկից ոչ ավել գումարը կհանդիսանա արդարացի փոխհատուցում:Դատարանը կրկնում է, որ այն դեպքում երբ Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի խախտում, այն կարող է դիմումատուին փոխհատուցել ներպետական դատարաններում` տեղի ունեցած խախտումների կանխման կամ փոխհատուցման նպատակով կատարված ծախսերը (տե՛ս վերը նշված Նուլինգերը և Շուրուկը` կետ 159): Ավելին, այդպիսի ծախսերը և ծախքերը պետք է կատարված լինեն իրականում և անհրաժեշտաբար և պետք է ողջամիտ լինեն իրենց հանրագումարում (նույն տեղում):Դատարանը չի բաժանում Կառավարության կարծիքը, որ դիմումատուն պետք է նախատեսեր բրիտանական իրավաբանի կողմից ներկայացված լինելու իր ընտրության հետևանքները: Դատարանն այդ կապակցությամբ ընդգծում է, որ Դատարանի կանոնների 36-րդ կանոնի 4 (ա) կետի համաձայն դիմումատուի ներկայացուցիչը պետք է «Պայմանավորվող պետություններից մեկում գործելու և դրանցից մեկում բնակվելու իրավունք ունեցող փաստաբան ...» հանդիսանա: Այնուամենայնիվ, Դատարանը նկատում է, որ սույն գործով Կոնվեցիայի խախտումներ են վեր հանվել և բավարարվել են միայն 8-րդ և 13-րդ հոդվածների համաձայն ներկայացված գանգատները: Գանգատի մնացած մասն անընդունելի է համարվել: Այդ իսկ պատճառով դիմումատուի կողմից հայցվող գումարը չափազանց է:Հետևաբար, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած նյութերը և վերոգրյալ չափանիշները, Դատարանը ողջամիտ է համարում դիմումատուին տրամադրել 30 000 եվրո փոխհատուցում Դատարանում գործի քննության կապակցությամբ կատարված ծախսերի համար:
Գ. Տուգանային տոկոսը
Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի չափով`գումարած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
Մերժում է Կառավարության նախնական առարկությունները գանգատի` Կոնվենցիայի ratione personae անհամապատասխանության և դիմումատուի` զոհի կարգավիճակ չունենալու մասին, Միավորում է էությանը Կառավարության նախնական առարկությունները գանգատի` Կոնվենցիայի ratione materiae անհամապատասխանության մասին, Մերժում է միաձայն, Կառավարության նախնական առարկությունը 5-րդ և 8-րդ հոդվածների կապակցությամբ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին և միավորում է այս առարկությունը գործի էությանը 13-րդ հոդվածի կապակցությամբ,
Համարում է ընդունելի 8-րդ և 13-րդ հոդվածներին վերաբերող գանգատները, իսկ գանգատի մնացյալ մասը` անընդունելի Մերժում է Կառավարության նախնական առարկությունը գանգատի` Կոնվենցիայի ratione materiae անհամապատասխանության մասին և վճռում որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում Մերժում է Կառավարության նախնական առարկությունը 13-րդ հոդվածի կապակցությամբ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին և վճռում որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում` 8-րդ հոդվածի հետ համակցությամբ Վճռում է
(ա) որ պատասխանող պետությունը, ծախսերի և ծախքերի հետ կապված, պետք է դիմումատուին երեք ամսվա ընթացքում վճարի 30 000 եվրո (երեսուն հազար) գումար, գումարած այդ գումարից գանձման ենթակա հարկերը, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով վճարման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքով,
(բ) վերոհիշյալ եռամսյա ժամկետի լրանալուց հետո` մինչև գումարի վճարումը, պետք է վճարվի վերոհիշյալ գումարների նկատմամբ հաշվարկված պարզ տոկոս` հավասար պարտականությունը չկատարելու ընթացքում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքին գումարած երեք տոկոս:
Մերժում է դիմումատուի արդարացի փոխհատուցման պահանջի մնացյալ մասը:
Կատարվել է անգլերենով և ֆրանսերենով և հրապարակվել դռնբաց նիստում` 2012թ. սեպտեմբերի 12-ին Ստրասբուրգում` Մարդու իրավունքների պալատում:
Մայքլ Օ’Բոյլ Նիկոլաս Բրատցա
Քարտուղարի տեղակալ Նախագահող
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի կանոնների 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն, հետևյալ չհամընկնող կարծիքները ներկայացված են սույն վճռի հավելվածում:
(ա) Դատավորների Բարտցայի, Նիկոլաոուի և Յուդկվիսկայի միացյալ մասնակի չհամընկնող կործիքները
(բ) Դատավոր Ռոզակիսի մասնակի չհամընկնող կարծիքը, որին միացել են դատավորներ Շպիլմաննը և Բերրո-Լեֆեվրը
(գ) Դատավոր Մալինվերնիի չհամընկնող կարծիքը
Ն.Բ.
Մ.Օ’Բ.
*«Հատուկ կարծիքները» չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակում կամ տարբերակներում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայում` HUDOC-ում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy