© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՆԱԶԱՐԵՆԿՈՆ ընդդեմ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸ
(Գանգատ թիվ 39438/13)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2015 թվականի հուլիսի 16
ՎԵՐՋՆԱԿԱՆ
16/10/2015
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հանգամանքներում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Նազարենկոն ընդդեմ Ռուսաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Առաջին բաժանմունք) Պալատը հետևյալ կազմով՝
Իզաբել Բերրո, Նախագահ,
Էլիզաբեթ Շթայներ,
Խանլար Հաջիև,
Միրյանա Լազարովա Տրայկովսկա,
Յուլիա Լաֆրանկ,
Քսենիա Տուրկովիչ,
Դմիտրի Դեդով՝ դատավորներ,
և Սորեն Նիլսեն՝ Բաժանմունքի քարտուղար,
2015 թվականի հունիսի 23-ին դռնփակ նիստում կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն ամսաթվին։
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. Վարույթը հարուցվել է 2013 թվականի մայիսի 15-ին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, Ռուսաստանի քաղաքացի պարոն Անատոլի Սերգեևիչ Նազարենկոյի («դիմումատու») կողմից ընդդեմ Ռուսաստանի Դաշնության բերված գանգատի (թիվ 39438/13) հիման վրա։
2. Ռուսաստանի Կառավարությանը («Կառավարություն») ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ պարոն Գ. Մատյուշկինը։
3. Դիմումատուն պնդել է, մասնավորապես, որ իր հայրության դադարեցումը զրկել է իրեն իր դստեր հետ շփվելու կամ ի պաշտպանություն դստեր իրավունքների՝ քաղաքացիական վարույթներ բերելու իրավունքից և որ նրան չեն տեղեկացրել վերաքննիչ լսումների ամսաթվի մասին։
4. 2013 թվականի հոկտեմբերի 15-ին վերոնշյալ գանգատները ներկայացվել են Կառավարությանը, իսկ դիմումի մնացած մասը հայտարարվել է անընդունելի։ Նաև որոշվել է կիրառել Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնը և առաջնահերթություն տալ դիմումին։
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմումատուն ծնվել է 1965 թվականին և բնակվում է Ուլան- Ուդեում։
6. 2007 թվականին դիմումատուի կինը՝ Ն.-ն, ծննդաբերել է մի աղջիկ՝ Ա.-ին։
7. 2010 թվականին դիմումատուն և Ն.-ն բաժանվել են։
8. 2011 թվականի հունվարի 18-ին Օկտյաբրսկի շրջանի երեխաների խնամակալության և հոգաբարձության մարմինը (այսուհետև՝ «երեխաների խնամակալության մարմին») որոշել է Ա.-ի բնակության վայրը հետևյալ ձևով՝ զույգ շաբաթներին դիմումատուի, իսկ կենտ շաբաթներին՝ իր մոր՝ Ն.-ի հետ։ Հունվար, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին Ա.-ն պետք է ապրեր դիմումատուի հետ ամսվա մեջ մեկ շաբաթ՝ վերջինի ընտրությամբ։
Ա. Հայրության դադարեցմանը նախորդող իրադարձությունները
9. 2011 թվականի մարտի 22-ին դիմումատուն մի քանի կապտուկ է հայտնաբերել Ա.-ի մարմնի վրա։ Կասկածելով, որ նրան ծեծել և սեռական բռնության է ենթարկել Ն.-ի նոր զուգընկերը, նա հրաժարվել է Ա.-ին վերադարձնել Ն.-ին։
10. Հաջորդ տարվա ընթացքում Ա.-ն ապրել է դիմումատուի և իր հորական տատի հետ։ Մի քանի անգամ դիմումատուն Ն.-ին թույլ է տվել այցելել Ա.-ին՝ իր ներկայությամբ։
11. 2011 թվականի մարտի 25-ին դիմումատուն բողոքել է ոստիկանությանը և Օկտյաբրսկի շրջանի քննչական կոմիտեին, որ իր դուստրը ծեծի և սեռական բռնության է ենթարկվել Ն.-ի զուգընկերոջ կողմից։ Քննչական կոմիտեն նախաքննություն է սկսել։
12. Դիմումատուն և Ն.-ն երկուսն էլ դիմել են Ուլան-Ուդեի Օկտյաբրսկի շրջանային դատարան՝ Ա.-ի բնակության վայրի վերաբերյալ որոշում ստանալու հայցով։
13. 2011 թվականի ապրիլի 25-ին նախաքննության շրջանակներում Ա.-ին հարցաքննել է քննիչը՝ հոգեբանի օգնությամբ։ Ա.-ն նշել է, որ ցանկանում է ապրել դիմումատուի հետ, քանի որ վերջինը բարի է, մինչդեռ իր մայրը և նրա նոր զուգընկերն իրեն վատ են վերաբերվել։ 2011 թվականի հունիսի 27-ին և օգոստոսի 3-ին նրան կրկին հարցաքննել է քննիչը՝ հոգեբանի օգնությամբ, և նա հաստատել է իր նախկին պնդումները։
14. 2011 թվականի մայիսի 19-ին Օկտյաբրսկի շրջանային դատարանը բավարարել է բնակության վայրի վերաբերյալ Ն.-ի դիմումը և մերժել դիմումատուի համանման դիմումը։ Դատարանը գտել է, որ երկու ծնողները մինչ այդ օրը հավասար ներդրում են ունեցել Ա.-ի դաստիարակության մեջ։ Նրանք երկուսն էլ ունեն բավարար ֆինանսական միջոցներ և նրանց կենսապայմանները հավասարապես բավարար են։ Սակայն, հաշվի առնելով Ա.-ի սեռը և տարիքը, նրա համար նախընտրելի էր դաստիարակություն ստանալ իր մոր կողմից։ Տասներկու տարին չլրացած երեխային կարելի էր բաժանել իր մորից միայն բացառիկ հանգամանքներում։ Սույն գործով նման հանգամանքներ չէին պարզվել։ Ն.-ն աշխատում էր և ուներ բավարար եկամուտ։ Նրա կողմից անուշադրության կամ վատ վերաբերմունքի որևէ ապացույց չկար։ Ա.-ի կապտուկները կարող էին առաջացած լինել ընկնելու հետևանքով կամ խաղի ընթացքում և բավարար չէին վատ վերաբերմունքն ապացուցելու համար։ Վատ վերաբերմունքի վերաբերյալ մեղադրանքների վրա հիմնված քրեական հետաքննությունը դեռ ընթացքում էր։ Դատարանի նշանակած հոգեբան փորձագետի եզրակացությունն առ այն, որ Ա.-ն հուզականորեն ավելի մոտ է իր հորը և հորական տատին, քան իր մորը, չէր կարող հաշվի առնվել մոր կողմից վատ վերաբերմունքի հաստատված փաստերի բացակայության պարագայում։ Հետևաբար իր մոր հետ բնակվելը բխում էր Ա.-ի լավագույն շահերից։
15. 2011 թվականի մայիսի 20-ին երեխաների խնամակալության մարմինը նշել է, որ Ա.-ն ցանկանում է ապրել իր հոր հետ։ Դիմումատուի բնակարանի ստուգման արդյունքում պարզվել է, որ դիմումատուն ստեղծել է Ա.-ի բնականոն զարգացման համար բոլոր պայմանները։ Հետևաբար երեխաների խնամակալության մարմինը գտել է, որ Ա.-ն պետք է բնակվի դիմումատուի հետ։
16. 2011 թվականի հունիսի 22-ին Բուրյաթիայի Հանրապետության Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել 2011 թվականի մայիսի 19-ի բողոքարկված որոշումը։ Այն գտել է, որ խախտելով օրենքով սահմանված ընթացակարգը, Շրջանային դատարանը հաշվի չի առել երեխաների խնամակալության մարմնի եզրակացությունը և կարծիքը։ Ուստիև Շրջանային դատարանը կատարել է ընթացակարգի լուրջ խախտում։ Սակայն, հաշվի առնելով, որ երեխաների խնամակալության մարմնի կարծիքը դատարանի համար եղել է ավելի շուտ խորհրդատվական, քան պարտադիր բնույթի, կարծիքը հաշվի չառնելը չէր երաշխավորել վճռի վերանայում, որն, ըստ էության, ճիշտ էր։
17. 2011 թվականի հունիսի 30-ին Օկտյաբրսկի շրջանի քննչական կոմիտեն քրեական վարույթ է սկսել Ա.-ի նկատմամբ վատ վերաբերմունքի և սեռական բռնությունների մեղադրանքների հիման վրա։
18. Քանի որ դիմումատուն շարունակում էր իր մոտ պահել Ա.-ին, Ն.-ն դիմել է Օկտյաբրսկի շրջանային դատարան՝ դիմումատուին՝ Ա.-ին իրեն վերադարձնել հարկադրելու վերաբերյալ դատական որոշում ստանալու հայցով։
19. 2011 թվականի նոյեմբերի 29-ին Օկտյաբրսկի շրջանային դատարանը բավարարել է Ն.-ի խնդրանքը։ Այն վճռել է, որ դիմումատուն չի կատարել 2011 թվականի մայիսի 19-ի վճիռը, որն անփոփոխ է թողնվել բողոքարկումից հետո։ Այն կարգադրել է, որ համաձայն այդ վճռի՝ դիմումատուն պետք է Ա.-ին վերադարձնի Ն.-ին։ 2012 թվականի հունվարի 30-ին Բուրյաթիայի Հանրապետության Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել այդ բողոքարկված վճիռը։
20. Մի չնշված օր դիմումատուն երկրորդ անգամ է դիմել Օկտյաբրսկի շրջանային դատարան՝ Ա.-ի բնակության վայրի վերաբերյալ որոշում ստանալու հայցով՝ միևնույն ժամանակ խնդրելով սահմանափակել Ա.-ի նկատմամբ Ն.-ի ծնողական իրավունքները։
21. 2012 թվականի հունվարի 23-ին Օկտյաբրսկի շրջանային դատարանը մերժել է դիմումը և հաստատել իր նախորդ հրամանն առ այն, որ Ա.-ն պետք է բնակվի իր մոր հետ՝ մեջբերելով այն նույն հիմքերը, որոնք նշված են 2011 թվականի մայիսի 19-ի վճռում։ Դատարանը որևէ հիմք չի գտել Ա.-ի նկատմամբ Ն.-ի ծնողական իրավունքների սահմանափակման համար։ 2012 թվականի ապրիլի 2-ին Բուրյաթիայի Հանրապետության Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել այդ բողոքարկված վճիռը։
22. 2012 թվականի մարտի 13-ին Ն.-ն առևանգել է Ա.-ին դիմումատուից։ Այդ ժամանակից ի վեր նա թույլ չի տվել դիմումատուին տեսնել իր դստերը։
23. 2012 թվականի մարտի 20-ին Ա.-ին կրկին հարցաքննել է քննիչը՝ հոգեբանի օգնությամբ։ Նա ասել է, որ իրեն դուր է գալիս ապրել իր մոր հետ և որ իր մայրն իրեն լավ է վերաբերվում։
24. 2012 թվականի ապրիլի 23-ին Ա.-ին քննել է քննիչի կողմից նշանակված հոգեբանների մասնագիտական խումբ՝ քրեական վարույթի շրջանակներում։ Նրանք պարզել են, որ Ա.-ն չի տառապում որևէ մտավոր հետամնացությամբ կամ խանգարումով։ Սակայն իր տարիքի, զարգացման մակարդակի և արտաքին ազդեցության նկատմամբ զգայունության պատճառով ի վիճակի չէ տալու արժանահավատ վկայություն իր մոր, իր հոր կամ մոր նոր զուգընկերոջ հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ։
25. 2013 թվականի ապրիլի 30-ին Օկտյաբրսկի շրջանի քննչական կոմիտեն դադարեցրել է քրեական վարույթը՝ վճռելով, որ առկա չէ վատ վերաբերմունքի կամ սեռական բռնության որևէ ապացույց։ Կապտուկների պատճառը կարող էր լինել ընկնելը։ Ըստ փորձագետների՝ Ա.-ի պնդումները, թե իր մոր զուգընկերն իրեն վատ է վերաբերվել, հավաստի չէին։ Վկաները չէին կարողացել երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ դիմումատուի պնդումները հաստատող որևէ տեղեկություն տրամադրել։
Բ. Հայրության դադարեցումը և դրան հաջորդած իրադարձությունները
26. Դիմումատուն երրորդ անգամ է դիմել Օկտյաբրսկի շրջանային դատարան՝ Ա.-ի բնակության վայրի վերաբերյալ որոշում ստանալու հայցով։ Նա նաև խնդրել է, որ Ն.-ին զրկեն Ա.-ի նկատմամբ ծնողական իրավունքներից։
27. Մինչ վերոնշյալ վարույթներն ընթացքի մեջ էին, Ն.-ն դիմում է ներկայացրել Օկտյաբրսկի շրջանային դատարան՝ վիճարկելով Ա.-ի նկատմամբ դիմումատուի հայրությունը և խնդրելով ջնջել նրա անունը Ա.-ի ծննդյան վկայականից և փոխել Ա.-ի ազգանունն ու հայրանունը։
28. 2012 թվականի հուլիսի 23-ին հայրության ԴՆԹ թեստի արդյունքներից պարզվել է, որ դիմումատուն Ա.-ի կենսաբանական հայրը չէ։
29. 2012 թվականի սեպտեմբերի 18-ին Օկտյաբրսկի շրջանային դատարանը ճանաչել է Ն.-ի պնդումները։ Այն որոշել է, որ դիմումատուն Ա.-ի կենսաբանական հայրը չէ և դադարեցրել է նրա ծնողական իրավունքները դստեր նկատմամբ։ Այն կարգադրել է դիմումատուի անունը ջնջել Ա.-ի ծննդյան վկայականից և Ա.-ի ազգանունն ու հայրանունը փոխել դիմումատուի հետ կապ չունեցող ազգանվան ու հայրանվան։ 2012 թվականի նոյեմբերի 19-ին Բուրյաթիայի Հանրապետության Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել բողոքարկված վճիռը։
30. 2013 թվականի հունվարի 16-ին Օկտյաբրսկի շրջանային դատարանը դադարեցրել է բնակության վայրի և Ն.-ին Ա.-ի նկատմամբ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ դիմումատուի հայցի հիման վրա ընթացող վարույթը։ Դատարանը գտել է, որ դիմումատուն Ա.-ի կենսաբանական հայրը չէ, ուստի ներպետական օրենսդրության համաձայն՝ որևէ հիմք չունի քաղաքացիական վարույթներ բերելու Ա.-ի նկատմամբ ծնողական իրավունքների կամ Ա.-ի բնակության վայրի վերաբերյալ։ Դիմումատուն բացակայել է լսումներից հիվանդության պատճառով։
31. 2013 թվականի փետրվարի 27-ին Բուրյաթիայի Հանրապետության Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել բողոքարկված որոշումը։ Ըստ դիմումատուի՝ նրան չեն տեղեկացրել լսումների օրվա վերաբերյալ։ Նրան նաև չեն տեղեկացրել բողոքի վերաբերյալ կայացված որոշման մասին մինչև 2013 թվականի մարտի 12-ը։
32. 2013 թվականի մայիսի 31-ին Բուրյաթիայի Հանրապետության Գերագույն դատարանի դատավորներից մեկը հրաժարվել է այդ դատարանի նախագահության քննությանը ներկայացնել դիմումատուի վճռաբեկ բողոքը՝ որոշելով, որ նյութական կամ ընթացակարգային իրավունքի ոտնահարումներ չեն եղել, որոնք ազդել են վարույթների արդյունքի վրա։ Այն մասնավորապես նշել է, որ գործի փաթեթում առկա էր ապացույց այն մասին, որ 2013 թվականի փետրվարի 7-ին դիմումատուին նամակ է ուղարկվել՝ տեղեկացնելով նրան վճռաբեկ բողոքի լսումների օրվա մասին։ Լսումների օրվա մասին տեղեկություններ են հրապարակվել նաև դատարանի պաշտոնական վեբ կայքում։ Ուստի դիմումատուն պատշաճորեն տեղեկացված է եղել վճռաբեկ բողոքի լսումների օրվա վերաբերյալ։
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
33. Ընտանեկան օրենսգրքով նախատեսվում է, որ ծնողները հանդես են գալիս երեխայի անունից և պաշտպանում են երեխայի իրավունքներն ու շահերը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ ցանկացած հարաբերություններում։ Նրանք ex officio հանդես են գալիս՝ որպես երեխայի օրինական ներկայացուցիչներ դատական վարույթներում (64-րդ հոդվածի 1-ին կետ)։ 34. Ծնողների բաժանման դեպքում երեխայի բնակության վայրի վերաբերյալ պայմանավորվածությունն ամրագրվում է նրանց միջև փոխադարձ համաձայնությամբ։ Եթե անհնար է հասնել նման համաձայնության, ապա երեխայի բնակության վայրի պայմանավորվածությունն ամրագրվում է դատարանի որոշմամբ՝ ելնելով երեխայի լավագույն շահերից և հաշվի առնելով այդ խնդրի շուրջ նրա կարծիքը։ Մասնավորապես, դատարանը պետք է հաշվի առնի երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի և եղբայրների ու քույրերի հետ, երեխայի և ծնողներից յուրաքանչյուրի միջև հարաբերությունները, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ և երեխայի դաստիարակության և զարգացման համար պայմաններ ստեղծելու նրանցից յուրաքանչյուրի հնարավորությունները (ինչպես օրինակ՝ ծնողի մասնագիտությունը, աշխատանքային ժամանակացույցը, ֆինանսական և ընտանեկան դրությունը և այլն) (65-րդ հոդվածի 3-րդ կետ)։
35. Երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի երեխայի հետ շփվելու և մասնակցելու նրա դաստիարակությանն ու կրթությանը։ Ծնողը, ում հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը չի վնասում երեխայի ֆիզիկական կամ հոգեկան առողջությանը կամ բարոյական զարգացմանը (66-րդ հոդվածի 1-ին կետ)։
36. Երեխան ունի իր ծնողների, պապերի և տատերի, եղբայրների, քույրերի, ինչպես նաև այլ ազգականների հետ շփվելու իրավունք։ Ծնողների ամուսնալուծությունը, բաժանումը կամ նրանց ամուսնության անվավեր ճանաչումը չեն ազդում երեխայի իրավունքների վրա։ Մասնավորապես, ծնողների առանձին ապրելու դեպքում երեխան նրանցից յուրաքանչյուրի հետ շփվելու իրավունք ունի (55-րդ հոդվածի 1-ին կետ)։
37. Պապերը, տատերը, եղբայրները, քույրերը և այլ ազգականներն իրավունք ունեն շփվելու երեխայի հետ։ Եթե ծնողները կամ նրանցից մեկը խոչընդոտում են մերձավոր ազգականներին տեսնելու երեխային, ապա երեխաների խնամակալության մարմինը կարող է որոշել, որ կապ պահպանվի երեխայի և տվյալ ազգականի միջև։ Եթե ծնողները չեն կատարում երեխաների խնամակալության մարմնի որոշումը, տվյալ ազգականը կամ երեխաների խնամակալության մարմինը կարող է դիմել դատարան՝ շփվելու վերաբերյալ որոշում ստանալու հայցով։ Դատարանը պետք է որոշում կայացնի՝ ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը։ Եթե ծնողները չեն կատարում շփվելու վերաբերյալ դատարանի որոշումը, նրանք կարող են պատասխանատվության կանչվել օրենքով նախատեսված կարգով (67-րդ հոդված)։
38. Դատարանը կարող է ծնողին զրկել ծնողական իրավունքներից մյուս ծնողի, խնամակալի, մեղադրողի կամ սոցիալական ծառայությունների խնդրանքով, եթե, ի թիվս այլոց, ծնողը վատ է վերաբերվում երեխային՝ ենթարկելով ֆիզիկական կամ հոգեկան բռնության կամ սեռական չարաշահման (69-70-րդ հոդվածների 1-ին կետ)։
39. Դատարանը կարող է սահմանափակել ծնողի ծնողական իրավունքները և երեխային դուրս բերել ծնողի խնամքից՝ ելնելով երեխայի շահերից՝ մերձավոր ազգականի, սոցիալական ծառայությունների, կրթական հաստատությունների կամ մեղադրողի պահանջով։ Ծնողական իրավունքները կարող են սահմանափակվել այն դեպքերում, երբ ծնողը վտանգ է ներկայացնում երեխայի համար (73-րդ հոդված)։
40. Երեխայի նկատմամբ մայրությունը կամ հայրությունը կարող է վիճարկվել դատարանում երեխայի ծննդյան վկայականում որպես նրա մայր կամ հայր գրանցված անձի կողմից, երեխայի կենսաբանական մոր կամ հոր, չափահաս դարձած երեխայի, երեխայի խնամակալի կամ իրավաբանորեն անգործունակ ճանաչված ծնողի խնամակալի կողմից (52-րդ հոդվածի 1-ին կետ)։
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ
Ա. Միավորված ազգերի կազմակերպության փաստաթղթեր
41. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1989 թվականին ընդունված և Ռուսաստանի կողմից 1990 թվականին վավերացված՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսվում է հետևյալը՝
«1. Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին:
2. Մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ, հաշվի առնելով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները...»։
42. Դրա 9-րդ հոդվածով, որքանով որ համապատասխան է, նախատեսվում է՝
«1. Մասնակից պետություններն ապահովում են, որ երեխան, հակառակ ծնողների ցանկության, չբաժանվի նրանցից, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու մարմինները գործող օրենքի և ընթացակարգի համաձայն կայացնեն որոշում, ինչը ենթակա է դատական վերահսկողության, որ այդպիսի բաժանումն անհրաժեշտ է երեխայի շահերը լավագույնս պաշտպանելու տեսակետից: Նման որոշում կարող է անհրաժեշտ լինել այս կամ այն կոնկրետ դեպքում, օրինակ, երբ ծնողները դաժանորեն են վարվում երեխայի հետ կամ հոգ չեն տանում նրա մասին, կամ երբ ծնողներն առանձին են ապրում և հարկ է որոշում կայացնել երեխայի բնակության վայրի վերաբերյալ...
3. Մասնակից պետությունները հարգում են ծնողներից մեկից կամ երկուսից բաժանված երեխայի իրավունքը` կանոնավոր անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու ծնողների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին...»։
43. Երեխայի լավագույն շահերին առաջնահերթ ուշադրություն դարձնելու՝ երեխայի իրավունքի վերաբերյալ իր թիվ 14 (2013) ընդհանուր մեկնաբանության մեջ (3-րդ հոդվ., 1-ին կետ), որն ընդունվել է 2013 թվականի մայիսի 29-ին (CRC/C/GC/14), Երեխայի իրավունքների ՄԱԿ-ի կոմիտեն մասնավորապես նշում է հետևյալը՝
«13. Մասնակից պետություններից յուրաքանչյուրը պետք է հարգի և իրականացնի երեխայի իրավունքը՝ նրա լավագույն շահերը գնահատելու և առաջնահերթ համարելու առումով, և պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ, նախապես կշռադատված և կոնկրետ միջոցները այս իրավունքի լիարժեք իրականացման համար։
14. 3-րդ հոդվածի 1-ին կետը մասնակից պետությունների համար սահմանում է երեք տարբեր տեսակի պարտավորություններով շրջանակ՝
(ա) Պարտավորություն՝ երաշխավորելու, որ երեխայի լավագույն շահերը պատշաճորեն ինտեգրված են և հետևողականորեն կիրառվում են յուրաքանչյուր գործողությունում, որն իրականացվում է պետական հաստատության կողմից, մասնավորապես՝ իրականացման բոլոր միջոցներում, վարչական և դատական վարույթներում, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում են երեխաների վրա։
(բ) Պարտավորություն՝ երաշխավորելու, որ երեխաներին վերաբերող բոլոր դատական և վարչական որոշումներում, ինչպես նաև քաղաքականություններում և օրենսդրական ակտերում ի ցույց է դրվում, որ երեխայի լավագույն շահերին առաջնահերթ ուշադրություն է դարձվել։ Սա ենթադրում է նկարագրել, թե ինչպես են ուսումնասիրվել և գնահատվել լավագույն շահերը և թե ինչ նշանակություն է դրանց վերապահվել որոշման մեջ...
15. Համապատասխանություն ապահովելու համար մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն իրականացման մի շարք միջոցներ՝ համաձայն Կոնվենցիայի 4-րդ, 42-րդ և 44-րդ հոդվածների, և երաշխավորեն, որ երեխայի լավագույն շահերին առաջնահերթ ուշադրություն է դարձվում բոլոր գործողություններում, ներառյալ՝
(ա) Վերանայելու և անհրաժեշտության դեպքում փոփոխելու ներպետական օրենսդրությունը և օրենքի այլ աղբյուրները՝ 3-րդ հոդվածի 1-ին կետը դրանցում ընդգրկելու նպատակով, և երաշխավորելու, որ երեխայի լավագույն շահերին առաջնահերթ ուշադրություն դարձնելու պահանջն արտացոլվի և իրականացվի բոլոր ներպետական օրենքներում և կանոնակարգերում, մարզային և տարածքային օրենսդրություններում, երեխաներին ծառայություններ մատուցող կամ երեխաների վրա ազդեցություն ունեցող մասնավոր կամ պետական հաստատությունների գործառնությունը ղեկավարող կանոններում և ցանկացած մակարդակի դատական ու վարչական վարույթներում՝ թե՛ որպես նյութական իրավունք և թե՛ որպես ընթացակարգի կանոն...
(գ) Ստեղծելու գանգատների, պաշտպանության միջոցների կամ փոխհատուցման մեխանիզմներ և ընթացակարգեր՝ երեխաներին առնչվող և նրանց վրա ազդեցություն ունեցող իրականացման բոլոր միջոցներում, վարչական և դատական վարույթներում իր լավագույն շահերը պատշաճորեն ինտեգրելու և հետևողականորեն կիրառելու երեխայի իրավունքի լիարժեք իրականացման համար...
29. Քաղաքացիական գործերի համատեքստում երեխան կարող է պաշտպանել իր շահերն ուղղակիորեն կամ ներկայացուցչի միջոցով՝ կապված հայրության, երեխայի չարաշահման կամ անտեսման, ընտանիքի վերամիավորման, կեցության հարցերի հետ և այլն։ Երեխան կարող է ներգրավվել դատական գործընթացում, օրինակ՝ որդեգրման կամ ապահարզանի վարույթներում խնամակալության, բնակության, շփման կամ այլ հարցերի վերաբերյալ որոշումների հետ կապված, որոնք կարևոր ազդեցություն ունեն երեխայի կյանքի և զարգացման վրա, ինչպես նաև երեխայի չարաշահման կամ անտեսման վերաբերյալ վարույթներում։ Դատարանները պետք է ապահովեն, որպեսզի երեխայի լավագույն շահերը հաշվի առնվեն նման բոլոր իրավիճակներում և որոշումներում, լինեն դրանք ընթացակարգային թե նյութական բնույթի, և պետք է ակնառու ցույց տան, որ իրենք արդյունավետորեն դա արել են...
36. Իրականացման բոլոր միջոցների ընդունման ժամանակ երեխայի լավագույն շահերը պետք է լինեն առաջնահերթ ուշադրության կենտրոնում։ «Պետք է լինեն» բառերն ուժեղ իրավական պարտավորություն են դնում պետությունների վրա և նշանակում են, որ պետությունները չեն կարող կիրառել հայեցողականություն՝ կապված նրա հետ, թե արդյո՞ք երեխաների լավագույն շահերը պետք է գնահատվեն և դրանց առաջնահերթ ուշադրությամբ պատշաճ նշանակություն պետք է տրվի ցանկացած գործողություն նախաձեռնելիս...
60. Ընտանիքի բաժանման կանխարգելումը և ընտանիքի միասնության պահպանումը երեխայի պաշտպանության համակարգի կարևոր բաղադրիչներ են և հիմնված են 9-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավունքին, ըստ որի՝ «երեխան, հակառակ ծնողների ցանկության, չբաժանվի նրանցից, բացառությամբ այն դեպքերի, երբ [...] այդպիսի բաժանումն անհրաժեշտ է երեխայի շահերը լավագույնս պաշտպանելու տեսակետից»։ Բացի այդ, ծնողներից մեկից կամ երկուսից բաժանված երեխան իրավունք ունի «կանոնավոր անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու ծնողների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին» (9-րդ հոդվ., 3-րդ կետ)։ Սա նույնպես վերաբերում է ցանկացած անձի, ով ունի խնամակալության իրավունքներ, օրենքով կամ սովորութային ուժով սահմանված հիմնական խնամակալներին, խնամատար ծնողներին և այն անձանց, ում և երեխայի միջև առկա են ամուր անձնական հարաբերություններ...»
Բ. Համեմատական իրավունքի նյութեր
44. Ֆրանսիայի Քաղաքացիական օրենսգրքի 371-4-րդ հոդվածը նախատեսում է, որ եթե երեխայի շահերն այդ են պահանջում, ընտանեկան հարցերով դատավորն ամրագրում է երեխայի և որևէ այլ անձի, ազգականի կամ ոչ ազգականի հետ հարաբերությունների ձևաչափերը, ով կայուն ձևով բնակվել է երեխայի և նրա ծնողներից մեկի հետ, մասնակցել է երեխայի կրթությանը, ամենօրյա խնամքին կամ կեցությանը և կայուն հուզական կապեր է հաստատել նրա հետ։
45. Գերմանիայի Քաղաքացիական օրենսգրքի 1685-րդ հոդվածը նախատեսում է, որ անձինք, որոնց հետ երեխան ունի սերտ կապեր, կարող են պնդել շփվելու իրենց իրավունքները, եթե նրանք ունեն կամ ունեցել են փաստացի պատասխանատվություն երեխայի նկատմամբ (սոցիալական և ընտանեկան հարաբերություններ) և եթե դա ծառայում է երեխայի լավագույն շահերին։ Ընդհանուր առմամբ, պետք է ենթադրել, որ փաստացի պատասխանատվություն է ստանձնված եղել, եթե անձը երկար ժամանակ ապրել է երեխայի հետ ընտանեկան համայնքում։
46. Միացյալ Թագավորության՝ 1989 թվականի Երեխաների ակտի 10-րդ բաժնով նախատեսվում է, որ շփվելու իրավունքները կարող է պնդել, մասնավորապես, ամուսնության (փաստացի կամ՝ ոչ) որևէ կողմ, ում հետ կապված երեխան այդ ընտանիքի երեխան է, խնամատար ծնողը կամ ցանկացած ազգականը, ում հետ երեխան ապրել է դիմումին անմիջապես նախորդած վերջին մեկ տարվա ընթացքում, կամ ցանկացած անձ, ում հետ երեխան ապրել է առնվազն երեք տարվա ժամանակահատվածում։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
47. Դիմումատուն բողոքել է, որ հայրության դադարեցումն իրեն զրկել է իր դստեր հետ շփվելու և դատարանում նրա շահերը պաշտպանելու իր իրավունքից։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածին, որում ամրագրված է հետևյալը՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։»
Ա. Ընդունելիություն
48. Դատարանը նշում է, որ սույն գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար, այն պետք է ճանաչվի ընդունելի։
Բ. Գործի ըստ էության քննությունը
1. Կողմերի դիրքորոշումները
49. Կառավարությունը պնդել է, որ ԴՆԹ թեստը հաստատել է, որ դիմումատուն Ա.-ի կենսաբանական հայրը չէ։ Թեստն իրականացվել է օրենքով նախատեսված կարգով, և Ռուսաստանի դատարաններն ընդունել են այն՝ որպես ընդունելի և արժանահավատ ապացույց, որը բավարար հիմքեր է տրամադրում Ա.-ի նկատմամբ դիմումատուի հայրության դադարեցման վերաբերյալ որոշման համար։ ԴՆԹ թեստի ճշգրտությունը կասկածի տակ դնելու որևէ հիմք չի եղել։
50. Կառավարությունը պնդել է, որ հայրության դադարեցումը համահունչ է եղել Կոնվենցիայի դրույթներին, երբ ապացուցվել է, որ երեխայի «օրինական» հայրը նրա կենսաբանական հայրը չէ։ Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքը պահանջում էր, որ կենսաբանական և սոցիալական իրականությունը գերակշռի հայրության իրավական ընկալման նկատմամբ (տես՝ Կրոոնը և այլոք ընդդեմ Նիդեռլանդների, 1994 թվականի հոկտեմբերի 27, § 40, Շարք Ա թիվ 297‑C և Շոֆմանն ընդդեմ Ռուսաստանի, գանգատ թիվ 74826/01, § 44, 2005 թվականի նոյեմբերի 24)։ Բացի այդ, Ա.-ի նկատմամբ դիմումատուի հայրությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը հիմնված է եղել ներպետական իրավունքին, մասնավորապես՝ Ընտանեկան օրենսգրքի 52-րդ հոդվածին (տես՝ վերը նշված 40-րդ պարբերությունը), որը երեխայի հայրությունը վիճարկող հայց ներկայացնելու որևէ ժամկետ չէր սահմանում։
51. Կառավարությունն այնուհետև պնդել է, որ Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ միայն մերձավոր ազգականները՝ ծնողները, պապերն ու տատերը, եղբայրներն ու քույրերը, հորեղբայրներն ու մորեղբայրները, մորաքույրներն ու հորաքույրները և զարմիկներն իրավունք ունեն շփում պահպանել երեխայի հետ (տես՝ վերը նշված 37-րդ պարբերությունը)։ Հաշվի առնելով, որ դիմումատուի հայրությունը Ա.-ի նկատմամբ դադարեցվել էր, նա որևէ իրավունք չուներ շփվել դստեր հետ՝ համաձայն ներպետական օրենսդրության։ Կառավարությունն այս առումով նշել է, որ դիմումատուն երբևէ չի դիմել դատարան շփվելու վերաբերյալ որոշում ստանալու հայցով։ Ամեն դեպքում, նկատի ունենալով, որ դիմումատուի և Ա.-ի մոր միջև առկա է եղել հակասություն, երեխայի լավագույն շահերից չէր բխի դիմումատուին շփվելու իրավունքներ շնորհելը (Կառավարությունը վկայակոչել է Նեկվեդավիչիուսն ընդդեմ Գերմանիայի (որոշ.), գանգատ թիվ 46165/99, 2003 թվականի հունիսի 19)։
52. Կառավարությունը նաև պնդել է, որ դիմումատուն, ըստ ներպետական օրենսդրության, հիմք չուներ դիմելու դատարան՝ Ա.-ի մորը ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ որոշում ստանալու հայցով։ Ռուսաստանի օրենսդրությամբ նախատեսված էր, որ միայն ծնողը, խնամակալը, մեղադրողը կամ սոցիալական ծառայությունները կարող են դիմել նման դատական որոշում ստանալու հայցով (տես՝ վերը նշված 38-րդ պարբերությունը)։ Հետևաբար, վարույթը դադարեցնելու վերաբերյալ ներպետական դատարանների որոշումն օրինական է եղել։
53. Եվ վերջապես, Կառավարությունը պնդել է, որ իրենց բոլոր որոշումներում ներպետական դատարանները միշտ ուղղորդվել են Ա.-ի լավագույն շահերով։ Մասնավորապես, նրանք գտել են, որ մոր կողմից դաստիարակվելը բխում էր Ա.-ի լավագույն շահերից։
54. Դիմումատուն պնդել է իր պահանջները։
2. Դատարանի գնահատականը
55. Դատարանը նախևառաջ պետք է քննի, թե արդյոք դիմումատուի և Ա.-ի միջև առկա են եղել մասնավոր կամ ընտանեկան կյանքին համազոր հարաբերություններ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի նշանակության շրջանակներում։
56. Դատարանը վերահաստատում է, որ «ընտանեկան կյանք» հասկացությունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի նշանակության իմաստով չի սահմանափակվում միայն ամուսնության վրա հիմնված հարաբերություններով և կարող է ներառել այլ de facto «ընտանեկան» կապեր (տես՝ Անայոն ընդդեմ Գերմանիայի, գանգատ թիվ 20578/07, § 55, 2010 թվականի դեկտեմբերի 21, հետագա հղումներով)։ «Ընտանեկան կյանքի» առկայությունը կամ չառկայությունը 8-րդ հոդվածի նպատակների համար, ըստ էության, փաստական խնդիր է՝ կախված գործնականում սերտ անձնական կապերի իրական գոյությունից (տես՝ Կ.-ն և Տ.-ն ընդդեմ Ֆինլանդիայի [GC], գանգատ թիվ 25702/94, § 150, ՄԻԵԴ 2001‑VII)։ Թեև, որպես կանոն, համատեղ բնակությունը կարող է լինել նման հարաբերությունների պահանջ, բացառիկ այլ գործոններ նույնպես կարող են ծառայել ի ցույց դնելու, որ հարաբերությունները բավականաչափ կայուն են de facto «ընտանեկան կապեր» ստեղծելու համար (տես՝ վերը վկայակոչված Կրոոնը և այլոք ընդդեմ Նիդեռլանդների, § 30)։
57. Ավելի վաղ Դատարանը գտել է, որ ամիսներ շարունակ միասին ապրած խնամատար ընտանիքի և խնամատարության տեղավորված երեխայի միջև հարաբերությունները համազոր էին ընտանեկան կյանքի՝ 8-րդ հոդվածի 1-ին կետի նշանակության շրջանակներում՝ չնայած նրանց միջև կենսաբանական կապի բացակայությանը։ Դատարանը հաշվի է առել այն փաստը, որ խնամատար ընտանիքի և երեխայի միջև ստեղծվել է սերտ հուզական կապ, ինչպես ծնողների և երեխաների միջև, և որ խնամատար ընտանիքն իրեն ամեն առումով պահել է այնպես, ինչպես երեխայի ծնողները (տես` Մորետին և Բենեդետին ընդդեմ Իտալիայի, գանգատ թիվ 16318/07, §§ 49-50, 2010 թվականի ապրիլի 27, և Քոփֆը և Լիբերդան ընդդեմ Ավստրիայի, գանգատ թիվ 1598/06, § 37, 2012 թվականի հունվարի 17)։
58. Անդրադառնալով սույն գործին՝ Դատարանը նշում է, որ Ա.-ն ծնվել է Ն.-ի հետ դիմումատուի ամուսնության ընթացքում և գրանցվել է որպես նրա դուստր։ Ա.-ի հայրության հետ կապված որևէ կասկած չունենալով՝ դիմումատուն մեծացրել և խնամել է նրան ավելի քան հինգ տարի։ Ինչպես հաստատել են երեխաների խնամակալության մարմինը և հոգեբան փորձագետները, դիմումատուի և Ա.-ի միջև առկա է եղել սերտ հուզական կապ (տես՝ վերը նշված 14-րդ և 15-րդ պարբերությունները)։ Հաշվի առնելով, որ դիմումատուն և Ա.-ն տարիներ շարունակ կարծել են, որ իրենք հայր և դուստր են, մինչև որ ի վերջո բացահայտվել է, որ դիմումատուն Ա.-ի կենսաբանական հայրը չէ, և հաշվի առնելով նրանց միջև սերտ անձնական կապերը՝ Դատարանը գտնում է, որ նրանց հարաբերությունները համազոր են ընտանեկան կյանքի՝ 8-րդ հոդվածի 1-ին կետի նշանակության շրջանակներում։
59. Դատարանն այնուհետև կքննի, թե արդյոք հարգանք չի դրսևորվել դիմումատուի ընտանեկան կյանքի նկատմամբ։
60. Դատարանը նշում է, որ եթե ընտանեկան կապի գոյությունը հաստատվել է, պետությունը պետք է սկզբունքորեն գործի այնպիսի ձևով, որը հաշվարկված է հնարավորություն տալու պահպանել այդ կապը։ Ծնողի և երեխայի կողմից փոխադարձաբար միմյանց ընկերակցությունը վայելելն ընտանեկան կյանքի հիմնարար տարր է, և դրան խոչընդոտող ներպետական միջոցները համազոր են Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքի ոտնահարման (ի թիվս այլոց տես՝ Մոնորին ընդդեմ Ռումինիայի և Հունգարիայի, գանգատ թիվ 71099/01, § 70, 2005 թվականի ապրիլի 5, և վերը վկայակոչված Կ.ն և Տ.-ն ընդդեմ Ֆինլանդիայի, § 150)։
61. Ավելին, թեև 8-րդ հոդվածի հիմնական խնդիրն անհատին պետական իշխանությունների կամայական գործողությունից պաշտպանելն է, այն նաև ներառում է ընտանեկան կյանքի նկատմամբ արդյունավետ «հարգանքին» ներհատուկ դրական պարտավորություններ։ Այդ պարտավորությունները կարող են ներառել միջոցների ընդունում՝ երաշխավորելու ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքը նույնիսկ անհատների միջև հարաբերությունների ոլորտում, ներառյալ՝ թե՛ դատավարական կարգավորող շրջանակի և հարկադիր կատարման մեխանիզմների ապահովման, որոնք պաշտպանում են անհատների իրավունքները և դրանց կիրառումը, և թե՛, անհրաժեշտության դեպքում, որոշակի քայլերի ձեռնարկման միջոցով (տես՝ Գլասերն ընդդեմ Միացյալ Թագավորության, գանգատ թիվ 32346/96, § 63, 2000 թվականի սեպտեմբերի 19)։
62. Դրական միջոցներ ձեռնարկելու պետության պարտավորության հետ կապված՝ Դատարանը բազմիցս նշել է, որ 8-րդ հոդվածում ներառված է իր երեխայի հետ վերամիավորվելու նպատակով միջոցներ ձեռնարկելու ծնողի իրավունքը և նման գործողություն ձեռնարկելու՝ ներպետական իշխանությունների պարտավորությունը։ Դա նաև կիրառելի է այն դեպքերում, երբ ծնողների կամ երեխայի ընտանիքի այլ անդամների միջև ի հայտ են գալիս երեխաների հետ շփումների և նրանց բնակության վայրի վերաբերյալ վեճեր (տես՝ Մանիքն ընդդեմ Լիտվայի, գանգատ թիվ 46600/11, § 101, 2015 թվականի հունվարի 13, հետագա հղումներով)։
63. Բացասական և դրական պարտավորությունների համատեքստերում անհրաժեշտ է հաշվի առնել արդար հավասարակշռության ապահովումն անհատի և ընդհանուր համայնքի մրցակցող շահերի միջև։ Երկու համատեքստում էլ պետությանը վերապահված է որոշակի թույլատրելի հայեցողության շրջանակ (տես՝ վերը վկայակոչված Գլասերի գործը, § 63)։ 8-րդ հոդվածով պահանջվում է, որ ներպետական իշխանություններն արդարացի հավասարակշռություն ապահովեն երեխայի և ծնողների շահերի միջև, և որ հավասարակշռման գործընթացում առաջնահերթ կարևորություն վերապահվի երեխայի լավագույն շահերին, որոնք, կախված իրենց բնույթից և լրջությունից, կարող են գերակշռել ծնողների շահերի նկատմամբ (տես՝ Սահինն ընդդեմ Գերմանիայի [GC], գանգատ թիվ 30943/96, § 66, ՄԻԵԴ 2003‑VIII, և Պլազան ընդդեմ Լեհաստանի, գանգատ թիվ 18830/07, § 71, 2011 թվականի հունվարի 25)։
64. Սույն գործում Ա.-ի նկատմամբ դիմումատուի հայրությունը դադարեցվել է, և նրա անունը ջնջվել է Ա.-ի ծննդյան վկայականից, երբ հաստատվել է, որ դիմումատուն նրա կենսաբանական հայրը չէ։ Արդյունքում դիմումատուն կորցրել է Ա.-ի նկատմամբ բոլոր ծնողական իրավունքները, ներառյալ՝ շփվելու իրավունքը։ Իսկապես, Ընտանեկան օրենսգրքով նախատեսված է, որ միայն ծնողները, պապերը, տատերը, եղբայրները, քույրերը և այլ ազգականներն իրավունք ունեն շփվելու երեխայի հետ (տես՝ վերը նշված 35-37 պարբերությունները)։ Ինչպես հաստատվել է Կառավարության կողմից, դիմումատուն ներպետական օրենսդրության համաձայն՝ իրավունք չունի շարունակել շփումներն Ա.-ի հետ, քանի որ նա այլևս չի համարվում նրա ծնողը կամ ազգականը։ Նման հանգամանքներում Դատարանը համարում է, որ շփվելու վերաբերյալ որոշում ստանալու հայցով դատարան դիմելը դատապարտված էր ձախողման՝ ներպետական առկա օրենսդրության հիման վրա։
65. Դատարանը մտահոգված է շփվելու իրավունքները կարգավորող՝ Ռուսաստանի իրավական դրույթների ոչ ճկուն բնույթով։ Դրանք սահմանում են անձանց սպառիչ ցուցակ, ովքեր ունեն երեխայի հետ շփվելու իրավունք, և որևէ բացառություն չկատարելով՝ հաշվի առնելու ընտանեկան բազմապիսի իրավիճակները և երեխայի լավագույն շահը։ Արդյունքում անձը, ով դիմումատուի նման ազգակցական կապ չունի երեխայի հետ, բայց ով երկար ժամանակ հոգ է տարել երեխայի մասին և ստեղծել սերտ անձնական կապեր նրա հետ, չի կարող շփվելու իրավունքներ ստանալ ցանկացած հանգամանքներում և անկախ երեխայի լավագույն շահից։ Կառավարությունը չի տրամադրել որևէ հիմնավորում, թե ինչու պետք է «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ լիներ» սահմանել անձանց սպառիչ ցուցակ, ովքեր ունեին երեխայի հետ շփվելու իրավունք, և այդ դրույթի կիրառման որևէ բացառություն չկատարել՝ հաշվի առնելու երեխայի լավագույն շահը յուրաքանչյուր գործի կոնկրետ հանգամանքներում։
66. Դատարանը համոզված չէ, որ շփվելու իրավունքների տեսակետից երեխաների լավագույն շահն իրապես կարող է որոշվել ընդհանուր իրավական ենթադրության հիման վրա։ Հաշվի առնելով ընտանեկան իրավիճակների հավանական մեծ բազմազանությունը՝ Դատարանը համարում է, որ ներգրավված բոլոր անձանց իրավունքների արդար հավասարակշռության համար անհրաժեշտ է քննել գործի կոնկրետ հանգամանքները (տես՝ mutatis mutandis, Շնայդերն ընդդեմ Գերմանիայի, գանգատ թիվ 17080/07, § 100, 2011 թվականի սեպտեմբերի 15)։ Համապատասխանաբար, Կոնվենցիայի 8-րդ հոդվածը կարելի է մեկնաբանել այնպես, որ այն անդամ պետությունների վրա պարտավորություն է դնում դեպքերն առանձին-առանձին քննել՝ պարզելու, թե արդյոք երեխայի լավագույն շահերից է բխում տվյալ անձի հետ շփվելը՝ կենսաբանորեն նրա հետ կապ ունեցող կամ չունեցող, ով հոգ է տարել նրա մասին բավականաչափ երկար ժամանակ։ Մերժելով դիմումատուի՝ Ա.-ի հետ շփվելու իրավունքը՝ առանց քննելու այն հարցը, թե արդյոք նման շփումը բխում էր Ա.-ի լավագույն շահից, Ռուսաստանը չի կատարել այս պարտավորությունը։
67. Դատարանը նշում է, որ ներպետական օրենսդրության գործողությունների արդյունքում դիմումատուն լիովին և ինքնաբերաբար բացառվել է Ա.-ի կյանքից՝ իր հայրության դադարեցումից հետո։ Այնուհանդերձ, այն համարում է, որ անձը, ով դաստիարակել է երեխային որոշ ժամանակ որպես իր սեփականը, չպետք է լիովին բացառվի երեխայի կյանքից այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա կենսաբանական հայրը չէ, եթե երեխայի լավագույն շահերին առնչվող համապատասխան պատճառներ չկան այդպես վարվելու համար։ Սույն գործով նման պատճառներ չեն բերվել։ Երբևէ չի ենթադրվել, որ դիմումատուի հետ շփումը վնասակար կլիներ Ա.-ի զարգացման համար։ Հակառակը, թե՛ երեխաների խնամակալության մարմնի և թե՛ հոգեբան փորձագետների կողմից հաստատվել է, որ դիմումատուի և Ա.-ի միջև գոյություն է ունեցել փոխադարձ ամուր կապվածություն, և որ դիմումատուն լավ է հոգ տարել երեխայի մասին (տես՝ վերը նշված 14-րդ և 15-րդ պարբերությունները)։
68. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը եզրակացնում է, որ իշխանությունները չեն կատարել դիմումատուի և Ա.-ի միջև ընտանեկան կապերի պահպանման համար հնարավորություն տրամադրելու իրենց պարտավորությունը։ Դիմումատուի լիովին և ինքնաբերաբար բացառումն Ա.-ի կյանքից դիմումատուի հայրության դադարեցումից հետո՝ ներպետական իրավական դրույթների ոչ ճկուն բնույթի պատճառով, մասնավորապես՝ շփվելու իրավունքների մերժումն առանց Ա.-ի լավագույն շահերը պատշաճորեն հաշվի առնելու, հետևաբար, համազոր է դիմումատուի ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանք չդրսևորելուն։
Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՏԻ ԵՎ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
69. Դիմումատուն բողոքել է բնակության վայրի և Ա.-ի մորը ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ դատական որոշում ստանալու հայցով իր դիմումի հիման վրա հարուցված դատական վարույթների դադարեցման մասին։ Նա նաև բողոքել է, որ իրեն չեն տեղեկացրել 2013 թվականի փետրվարի 27-ի վճռաբեկ բողոքի լսումների վերաբերյալ։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին և 13-րդ հոդվածին, որոնք ամրագրում են հետևյալը՝
Հոդված 6 § 1
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ..., ունի ... դատարանի կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք»։
Հոդված 13
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։
70. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն վճռաբեկ բողոք չի բերել Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարան 2013 թվականի հունվարի 16-ին Օկտյաբրսկի շրջանային դատարանի կայացրած որոշման, և 2013 թվականի փետրվարի 27-ին և մայիսի 31-ին դրան հաջորդած վերաքննիչ և վճռաբեկ որոշումների դեմ։ Նա նաև վերստուգիչ վերանայման գանգատ չի ներկայացրել Գերագույն դատարանի նախագահությանը։ Հետևաբար, նա չի սպառել ներպետական պաշտպանության միջոցները։
71. Կառավարությունն այնուհետև պնդել է, որ դիմումատուն, ըստ ներպետական օրենսդրության հիմք չուներ դիմելու դատարան՝ Ա.-ի մորը ծնողական իրավունքներից զրկելու (տես՝ վերը նշված 38-րդ պարբերությունը) կամ բնակության վայրի վերաբերյալ որոշում ստանալու հայցով։ Հետևաբար վարույթը դադարեցնելու վերաբերյալ ներպետական դատարանների որոշումն օրինական է եղել։ Բացի այդ, բնակության վայրի հետ կապված դիմումատուի նախորդ դիմումները ներպետական դատարաններում քննվել էին ըստ էության։ Ավելին, դիմումատուն պատշաճ կերպով ծանուցվել էր 2013 թվականի փետրվարի 27-ի լսումների վերաբերյալ։
72. Դիմումատուն պնդել է իր պահանջները։
73. Դատարանը համարում է, որ Կառավարության առարկությունը ներպետական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ սերտորեն կապված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետի և 13-րդ հոդվածի համաձայն դիմումատուի գանգատների էությանը, ուստիև պետք է միացվի գործի էությանը։ Դատարանը համարում է, որ գանգատները պետք է ճանաչվեն ընդունելի և գտնում, որ 8-րդ հոդվածի շրջանակներում վերոնշյալ եզրակացության լույսի ներքո անհրաժեշտ չէ առանձին քննել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 13-րդ հոդվածի համաձայն դիմումատուի բերած գանգատները։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
74. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
75. Դիմումատուն արդարացի փոխհատուցման պահանջ չի ներկայացրել։ Հետևաբար, Դատարանը համարում է, որ այդ կապակցությամբ նրան որևէ գումար տրամադրելու հարկ չկա։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Միանում է ներպետական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ Կառավարության առարկությանը, ըստ էության։
2. Դիմումը հայտարարում է ընդունելի։
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։
4. Վճռում է, որ կարիք չկա քննելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 13-րդ հոդվածով բերված գանգատները, հետևաբար և Կառավարության վերը նշված նախնական առարկությունը։
Կատարվել է անգլերեն լեզվով և գրավոր ծանուցվել 2015 թվականի հուլիսի 16-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Սորեն ՆիլսենԻզաբել Բերրո
ՔարտուղարՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
Full & Egal Universal Law Academy