ՆԵՉԻՊՈՐՈՒԿԸ և ՅՈՆԿԱԼՈՆ ընդդեմ Ուկրաինայի
/գանգատ թիվ 42310/04/
21.04.2011թ.
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Հինգերորդ Բաժանմունքի Պալատը հետևյալ կազմով
2011թ. մարտի 15-ին կայացած դռնփակ նիստում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվել է նույն օրը:
Ընթացակարգը
1. Գործը սկիզբ է առել 2004թ. նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի /այսուհետ` “Կոնվենցիա”/ 34-րդ հոդվածի համաձայն Ուկրաինայի քաղաքացիներ Իվան Նիկոլայի Նեչիպորուկի և Նատալիա Նիկոլայի Յոնկալոյի /այսուհետ` “Դիմումատուներ”/ կողմից ընդդեմ Ուկրաինայի բերված թիվ 42310/04 գանգատի հիման վրա:
2. Դիմումատուներին, որոնց տրամադրվել էր իրավաբանական օգնության վճար, ներկայացրել է Խարկովում գործող փաստաբան պրն Ա.Բուշչենկոն: Ուկրաինայի կառավարությունը /այսուհետ` “Կառավարություն”/ ներկայացրել է Ուկրաինայի կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Յու.Զայցեվը:
3. Առաջին դիմողը պնդել է, մասնավորապես, որ ինքը դարձել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերի, ինչպես նաև 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ /c/ կետերի խախտման զոհ:
4. 2009թ. օգոստոսի 27-ին Դատարանը որոշել է գանգատի մասին ծանուցել Կառավարությանը: Կոնվենցիայի29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Դատարանը որոշել է իրականացնել գանգատի ընդունելիության և գործի ըստ էության միաժամանակյա քննություն:
Փաստերը
I. Գործի փաստական հանգամանքները.
5. Դիմողները ծնվել են համապատասխանմաբար 1982 և 1981 թվականներին: Առաջին դիմողը գտնվում է ազատազրկման մեջ Կոլոմիա քաղաքի թիվ 41 բանտում: Երկրորդ դիմողը բնակվում է Խմելնիցկիում:
Ա.Նախապատմությունը.
6. 2004թ. մարտի 13-ին դիմակավորված երկու անձ, որոնցից մեկը զինված է եղել ատրճանակով, հարձակվել են ոմն տ-ն Ի-ի և նրա որդու վրա` Խմելնիցկիում գտնվող նրանց բնակարանի մուտքի մոտ: Զինված իրավախախտը կրակել է տ-ն Ի-ի վրա, որից հետո երկու հարձակվողները դիմել են փախուստի և նրանց դեմքը չի հաջողվել տեսնել: Մի քանի րոպե անց տ-ն Ի-ն մահացել է:
Բ. Առաջին դիմողին վերաբերող փաստերը.
1. Դիմողին ազատությունից զրկելը 2004թ. մայիսի 20-ից մինչև 23-ը և նրա դեմ վարչական վարույթը.
7. 2004թ. մայիսի 20-ին, ժամը 13-ի սահմաններում միլիցիայի աշխատակիցները փողոցում ձերբակալել են դիմողին և տարել միլիցիայի Հարավ-արևմտյան բաժանմունք: Ձերբակալումն իրականացրած աշխատակիցներից մեկի գրավոր բացատրության համաձայն, որը ներկայացված է եղել միլիցիայի Հարավ-արևմտյան բաժանմունքի պետին, ձերբակալման պատճառը հանդիսացել է դիմողի կասկածելի վարքը, որը “արագ քայլել է` շուրջ բոլորը նայելով”, մտել է շենք /գործի նյութերի համաձայն, դիմողը բնակվել է այդ շենքում/ այնուհետև դուրս է եկել և ի քիչ անց փորձել է նորից մտնել: Դիմողը պնդել է, որ երկու միլիցիոներներն իրեն խնդրել են իրենց հետ գնալ միլիցիայի բաժանմունք` “որոշ հարցեր ճշտելու համար” և ինքը համաձայնվել է:
8. Միլիցիայի բաժանմունքում դիմողին խուզարկել են: Խուզարկության ընթացքում նրա գրպանում հայտնաբերվել է փաթեթ, որը պարունակել է “բուսական ծագման կանաչ գույնի նյութ”: Ըստ դիմողի, այդ փաթեթը դրվել է միլիցիայի աշխատակիցների կողմից:
9. Նույն օրը, ժամը 21.45-ին միլիցիայի բաժանմունքի շենքում դիմողը ձերբակալվել է “վարչական” կարգով` ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով: Համապատասխան արձանագրությունում նշված է, որ դիմողը ձերբակալվել է “Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 44-րդ հոդվածը խախտելու” կասկածանքով:
10. Դիմողի հարազատները, որոնք նրա ձերբակալման մասին տեղեկացել են ականատեսներից, չեն տեղեկացվել դիմողի գտնվելու վայրի մասին և նրանք անարդյունք տեղեկություններ են փորձել պարզել դիմողի գտնվելու վայրի մասին` դիմելով միլիցիայի տարբեր բաժանմունքներ և ժամանակավոր պահման մեկուսարաններ, այդ թվում` միլիցիայի Հարավ-արևմտյան բաժանմունք:
11. 2004թ. մայիսի 22-ին անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ դիմողի գրպանում հայտնաբերված նյութը թմրամիջոց չի հանդիսանում:
12. 2004թ. մայիսի 23-ին դիմողը վարչական վարույթի շրջանակներում ազատ է արձակվել այն հիմքով, որ “տվյալ իրավախախտման հանգամանքները պարզված են, ազատության մեջ նրա գտնվելը չի խոչընդոտի գործի բոլոր հանգամանքները պարզելուն”: Սակայն դիմողն անմիջապես ձերբակալվել է քրեական գործի շրջանակներում /տե’ս ստորև/:
13. 2004թ. մայիսի 29-ին միլիցիայի կողմից վարչական վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
2. Դիմողի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին բողոքը և դրա հետաքննությունը.
14. Դիմողը 2004թ. մայիսի 21-ի դեպքերը նկարագրում է հետևյալ կերպ. 2004թ. մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը իրեն խցից տեղափոխել են միլիցիայի Հարավ-արևմտյան բաժանմունք, որտեղ միլիցիայի աշխատակիցներ Ռ.Օ.-ն և Մ.Դ.-ն բռնություն կիրառելու սպառնալիքով փորձել են նրան ստիպել, որպեսզի խոստովանի տ-ն Ի-ի սպանությունն իր կողմից կատարելը: Քանի որ դիմողը հրաժարվել է խոստովանել սպանությունը, առավոտյան ժամը 4-ի սահմաններում այդ աշխատակիցները բերել են ձեռքի էլեկտրական գեներատոր: Դիմողին կապել են ձեռնաշղթաներով և կախել են երկու սեղանի միջև մետաղական հեծանից` բաց հաղորդալարերը միացնելով նրա կոճերին և թաթին: Միլիցիոներներից մեկը` Ռ.Օ.-ն, դիմողին հարվածել է էլեկտրական հոսանքով, իսկ մյուս միլիցիոները` Մ.Դ.-ն այդ ժամանակ նրա բերանը փակել է բազմոցի թիկնակով: Առավոտյան ժամը 6.30-ի սահմաններում դիմողն ուշագնաց է եղել: Գիտակցության գալուց հետո միլիցիայի մի քանի աշխատակիցներ հերթականությամբ ծեծել են նրան մինչև երեկոյան 8-ը` նախապես նրան հագցրած լինելով զրահաբաճկոն և գլուխը ծածկելով թիկնակով: Այդ ընթացքում` ժամը 16-ի սահմաններում, դիմողը լսել է, որ հարևան աշծատասենյակում հարցաքննում են իր կնոջը /երկրորդ դիմողին/: Միլիցիոներներից մեկը մտնելով այն սենյակ, որտեղ գտնվել է դիմողը, իր կոլլեգային հարցրել է. “Ինչ ես կարծում, նա արդյոք կդիմանա”: Այդ ժամանակ դիմողը գրել է առաջին խոստովանությունը` հավանաբար միլիցիայի աշխատակցի թելադրանքով: Նա խոստովանել է, որ տ-ն Ի-ի սպանությունը կատարել է ոմն Մ-ի հետ: Ժամը 22.05-ին դիմողին տեղափոխել են Խմելնիցկիյ քաղաքի ժամանակավոր պահման մեկուսարան /այսուհետ` “Խմելնիցկիյի ԺՊՄ”/:
15. Կառավարությունը չի ներկայացրել 2004թ. մայիսի 21-ի դեպքերի նկարագրության իր վարկածը, այլ միայն հիշատակել է առաջին դիմողին Խմելնիցկիյի ԺՊՄ տեղափոխելու մասին:
16. 2004թ. մայիսի 21-ին, անհայտ ժամի, դիմողը ներկայացվել է Խմելնիցկիյի քաղաքային դատախազության քննիչի աշխատասենյակ, որին նա հայտնել է էլեկտրական հոսանքով իրեն խոշտանգելու մասին:
17. 2004թ. մայիսի 24-ի հարցաքննության ժամանակ դիմողը քննիչին պնդել է իր բողոքը: Նույն օրը նրան զննել է դատաբժշկական փորձաքննությունների Խմելնիցկիյի շրջանային բյուրոյի բժիշկը, որը նրա կոճերի վրա հայտնաբերել է 2,5 X 1,5 սմ և 2,3 X 0,9 սմ չափերի վերքեր: Բժիշկը եզրակացրել է, որ այդ վնասվածքներն աննշան են և դիմողին կարող են հասցված լինել բութ առարկաներով մոտ երեք օր առաջ: Հաշվի առնելով վնասվածքների բնույթը, որոնք բժիշկն անվանել է “ոչ յուրահատուկ”, նա կասկած է հայտնել դիմողի պնդումների արժանահավատության վերաբերյալ, որ իրեն էլեկտրահարել են:
18. 2004թ. մայիսի 26-ին դիմողի փաստաբանը և հարազատները բողոք են ներկայացրել Խմելնիցկիյի քաղաքային դատախազություն այն մասին, որ 2004թ. մայիսի 21-ին դիմողը խոշտանգումների է ենթարկվել միլիցիայի երկու աշխատակիցների` Ռ.Օ.-ի և Մ.Դ.-ի կողմից: Նրանք նշել են, որ դիմողին 2004թ. մայիսի 23-ին զննած բժիշկն անտեսել է նրա կոճերի վրա բազմաթիվ կետային վնասվածքները և բժշկական եզրակացությունը ճշգրիտ չի եղել: Բողոքը ներկայացնողները պահանջել են քննություն կատարել այդ կապակցությամբ և անցկացնել առաջին դիմողի կրկնակի բժշկական հետազոտություն:
19. Նույն օրը դիմողն իրեն կալանավորելու մասին դատախազության միջնորդությունը քննարկելու ժամանակ իր նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հայտնել է Խմելնիցկիյի քաղաքային դատարանում /տե’ս ստորև 41 կետը/: Դատարանն անտեսել է նրա գանգատը:
20. Նույն օրը` ավելի ուշ, միլիցիայի աշխատակիցները կրկին ծեծել են դիմողին` նախապես հագցնելով զրահաբաճկոն: Նա կրկին խոստովանել է հանցագործությունը իր կողմից կատարելը:
21. 2004թ. հունիսի 7-ին միլիցիայի Հարավ-արևմտյան բաժանմունքի աշխատակիցները զննել են այն աշխատասենյակը, որտեղ 2004թ. մայիսի 21-ին անցկացվել է դիմողի հարցաքննությունը և արձանագրությունում նշել են, որ “աշխատասենյակում չեն հայտնաբերվել որևէ կողմնակի առարկաներ, որոնք կարող էին օգտագործվել մարմնական վնասվածքներ հասցնելու համար:
22. 2004թ. հունիսի 10-ին առաջին դիմողը քննիչի կարգադրությամբ կրկին ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Փորձաքննության արդյունքների համաձայն, դիմողի ոտքերին և կոճերին հայտնաբերվել են քսան կետային վերքեր, յուրաքանչյուրը մոտ 0,3 սմ լայնությամբ և 0,2 սմ երկարությամբ: Նրա աջ ազդրի հետին կողմում հայտնաբերվել է 3 X 2 սմ չափսերի մանուշակագույ վերք: Բժիշկը եզրակացրել է, որ վնասվածքները եղել են աննշան և կարող էին պատճառված լինել բութ առարկաներով, հնարավոր է 2004թ. մայիսի 21-ին: Եզրակացությունում նշված է. “Դատաբժշկական տվյալներ, որոնք կարող են վկայել, որ վնասվածքները պատճառվել են էլեկտրական հոսանքով, չկան”:
23. 2004թ. հունիսի 15-ին Խմելնիցկիյի շրջանային ՆԳ բաժինը կազմել է կատարված ծառայողական քննության եզրակացություն, որով միլիցիայում իր նկատմամբ կիրառված դաժան վերաբերմունքի մասին դիմողի բողոքները համարվել են անհիմն: Եզրակացությունը հիմնվել է միլիցիայի աշխատակիցների հարցաքննությունների վրա, որոնք հերքել են որևէ բռնություն կիրառելը, ինչպես նաև 2004թ. մայիսի 24-ի բժշկական եզրակացության և 2004թ. հունիսի 7-ին կատարված աշխատասենյակի զննության արձանագրության վրա:
24. 2004թ. հունիսի 18-ին Խմելնիցկիյի քաղաքային դատախազությունը որոշում է կայացրել միլիցիայի աշծատակիցների դեմ քրեական գործի հարուցումը մերժելու մասին` նրանց գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Որոշումը գլխավորապես հիմնվել է միլիցիայի աշխատակիցների հարցաքննությունների և 2004թ. մայիսի 24-ի ու հունիսի 10-ի բժշկական եզրակացությունների հետևությունների վրա:
25. Առաջին դիմողը փորձել է վիճարկել այդ որոշումը ինչպես առանձին, այնպես էլ իր գործի դատական քննության ընթացքում: 2005թ. սեպտեմբերին Խմելնիցկիյի քաղաքային դատախազությունը նրան տեղեկացրել է, որ միլիցիայի աշխատակիցների կիրառած դաժան վերաբերմունքի մասին իր բողոքները միացվել են իր գործի նյութերին և քննարկվելու են դատական քննության ընթացքում:
26. Ընդհանուր առմամբ, դատախազության 2004թ. հունիսի 18-ի որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին վերացվել է, իսկ հետո հաստատվել է երեք անգամ: Վերջին անգամ` 2007թ. մարտի 28-ին Խմելնիցկիյի շրջանի վերաքննիչ դատարանի կողմից քննարկվելու ընթացքում դատարանը կրկին նշել է, որ դաժան վերաբերմունքի մասին դիմողի գանգատը կցվել են նրա վերաբերյալ քրեական գործի նյութերին և պետք է քննարկվի դատական քննության ընթացքում /տե’ս ստորև 95-րդ կետը/:
27. 2004թ. հունիսի 22-ին առաջին դիմողը ԺՊՄ-ից տեղափոխվել է Խմելնիցկիյի քննչական մեկուսարան /այսուհետ` “Քննչական մեկուսարան”/: Կառավարությունը նշել է, որ դիմողը դաժան վերաբերմունքի մասին որևէ բողոք չի ներկայացրել ԺՊՄ-ի կամ Քննչական մեկուսարանի բժշկական անձնակազմին կամ վարչակազմին:
28. 2004թ. հուլիսի 20-ին առաջին դիմողը ենթադրաբար կրկին ծեծի է ենթարկվել միլիցիայի աշխատակիցների կողմից, ովքեր նրան ուղեկցել են դատարան` նրան կալանքի տակ պահելու հարցը լուծելու համար: Նույնը օրը դիմողի հայրը այդ կապակցությամբ բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն:
29. Դիմողի հայրը դաժան վերաբերմունքի մասին բողոքել է նաև Խմելնիցկիյի շրջանային միլիցիայի բաժնի Կազմակերպված հանցավորության դեմ պայքաքրի բաժնի “Թեժ գիծ” զանգահարելու միջոցով:
30. 2004թ. օգոստոսի 19-ին վերոհիշյալ մարմինը որոշել է բողոքն ուղարկել Խմելնիցկիյի շրջանային դատախազություն` ծառայողական քննության շրջանակներում իրականությունը պարզելը հնարավոր չլինելու պատճառաբանությամբ:
31. 2005թ, հունիսին առաջին դիմողի փաստաբանը դիմել է դատաբժշկական փորձաքննությունների մասնավոր կենտրոն` խնդրելով փորձագիտական եզրակացություն կազմել հետևյալ հարցերի շուրջ. (ա) հնարավոր է արդյոք 2004թ. մայիսի 24-ի և հունիսի 10-ի բժշկական եզրակացությունների արդյունքների հիման վրա հաստատված համարել, որ դիմողի կոճերի վնասվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկաներով, (բ) սովորաբար ինչ վնասվածքներ են առաջանում մաշկի վրա` էլեկտրական հոսանքի հետ անմիջական շփման արդյունքում և դիմողի մարմնի վրա եղած վնասվածքներն արդյոք ունեցել են նման բնույթ, (գ) ինչ վնասվածքներ են առաջանում մարմնի վրա, եթե մինչև ծեծելը մարդուն հագցնում են զրահաբաճկոն:
32. 2005թ. հունիսի 29-ին վերոհիշյալ կենտրոնի երկու փորձագետներ` համապատասխանաբար քսանչորս և երեք տարվա աշխատանքային փորձով, հանգել են հետևյալ եզրակացությունների`առաջին դիմողի վնասվածքները չէին կարող պատճառված լինել բութ կոշտ առարկաներով, դրանց քանակը և բնույթը վկայում են, որ դրանք հնարավոր է, որ հասցված լինեն 2004թ. մայիսի 21-ին բաց էլեկտրական հաղորդալարերի հետ հնարավոր բազմաթիվ շփումների հետևանքով: Ինչ վերաբերում է զրահաբաճկոն հագած վիճակում ծեծելու հետևանքով վնասվածքների առաջացման հարցին, բժիշկները կրկնել են գործի դատական քննության ընթացքում դատաբժշկական փորձաքննությունների Խմելնիցկիյի շրջանային բյուրոյի փորձագետների ներկայացրած հետևությունները, որոնց համաձայն, նման դեպքերում կարող էին առաջանալ ներքին վնասվածքներ: Այդպիսի վնասվածքները հնարավոր է հայտնաբերել ռենտգենային հետազոտության միջոցով, որոնց առաջին դիմողը չի ենթարկվել:
33. Համաձայն Շեպետովյան դատարանի 2006թ. հուլիսի 10-ի որոշման /տե’ս ստորև 82-րդ կետը/, վերոհիշյալ բժշկական հետազոտությունները կցվել են առաջին դիմողի գործի նյութերին:
34. Դիմողի գործի դատական քննության ընթացքում դաժան վերաբերմունքի մասին պնդումների հետաքննությանը վերաբերող փաստերը նշված են դատական քննությանը վերաբերող ստորև գտնվող կետերում:
3. Առաջին դիմողի վերաբերյալ քրեական վարույթը.
(ա) Գործի պաշտոնական հարուցմանը նախորդող փաստերը.
35. 2004թ. մայիսի 21-ին առաջին դիմողը խոստովանել է տ-ն Ի-ի նկատմամբ զինված հարձակումը և նրա սպանությունը /տե’ս վերը 14-րդ կետը/:
36. Նույն օրը քննիչը դիմել է Խմելնիցկիյի քաղաքային դատարան` դիմողի երկու բնակարաններում` հաշվառման վայրում և փաստացի բնակության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար: Քննիչը նշել էր, որ քննության տվյալներով դիմողը հնարավոր է, որ առնչություն ունենա սպանությանը և նրա բնակության և/կամ հաշվառման վայրում կարող են գտնվել նրա մեղքը հաստատող լուրջ ապացույցներ:
37. Նույն օրը Խմելնիցկիյի դատարանը թույլատրել է խուզարկությունները:
38. Ժամը 21-ի սահմաններում միլիցիան խուզարկել է բնակարանը, որտեղ դիմողը բնակվել է իր կնոջ /երկրորդ դիմողի/ հետ միասին: Նույն օրը երեկոյան խուզարկություն է կատարվել դիմողի ծնողների բնակարանում, որտեղ դիմողը պաշտոնապես հաշվառված է եղել: Խուզարկությունների ընթացքում քննությանը վերաբերող ոչինչ չի հայտնաբերվել:
(բ) Մինչդատական վարույթը և առաջին դիմողին ձերբակալելը.
39. 2004թ. մայիսի 23-ին առաջին դիմողի դեմ հարուցվել է քրեական գործ ավազակային հարձակում և շահադիտական դրդումներով սպանություն կատարելու կասկածանքով և նա քրեական գործի շրջանակներում քննիչի կողմից ձերբակալվել է: Քննիչը ձերբակալումն արձանագրել է ցերեկը ժամը 12-ին, լրացնելով “Կասկածյալի ձերբակալման արձանագրություն” անվանմամբ փաստաթղթի ձևաթուղթ: Ձերբակալման պատճառները արդեն նախօրոք տպված են եղել ձևաթղթում և ունեցել են հետևյալ ձևակերպումը.
“Տեղի ունեցածի հանգամանքները չեն բացառում, որ կասկածյալը /անուն, ազգանուն, հայրանուն/ կարող է թաքնվել քննությունից և խոչընդոտել ճշմարտությունը բացահայտելուն, որը կատարվածի ծանրության հետ համակցությամբ հանդիսանում է նրան ձերբակալելու պատճառ”:
40. 2004թ. մայիսի 26-ին Խմելնիցկիյի քաղաքային դատախազությունը Խմելնիցկիյի քաղաքային դատարան է ներկայացրել դիմողին կալանավորելում մասին միջնորդություն, հիմնվելով նրա դեմ լուրջ ապացույցների և այն հանգամանքի վրա, որ նա կասկածվել է ծանր հանցագործությունների կատարման մեջ: Միջնորդության համաձայն, 2004թ. մայիսի 21-ին առաջին դիմողը մեղայականով ներկայացել է միլիցիայի Հարավ-արևմտյան բաժանմունք և խոստովանել ավազակային հարձակումն ու սպանությունը: Այնուհետև, միջնորդությունում նաև նշվել է, որ դիմողը վերոհիշյալ հանցագործությունների կատարման կասկածանքով ձերբակալվել է 2004թ. մայիսի 23-ին:
41. Նույն օրը` 2004թ. մայիսի 26-ին, Խմելնիցկիյի քաղաքային դատարանը առաջին դիմողի և նրա ծնողների կողմից հրավիրված փաստաբան պրն Մա-ի մասնակցությամբ միջնորդությունը քննարկելուց հետո բավարարել է այն և որոշել դիմողին կալանավորել: Դատարանը վկայակոչել է դիմողին առաջադրված մեղադրանքների ծանրությունը և նրա փաախուստի դիմելու կամ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու ակնհայտ վտանգը: Որոշման մեջ նշվել է, որ այն կարող է բողոքարկվել երեք օրվա ընթացքում:
42. Գործի նյութերում առկա է առաջին դիմողի կողմից 2004թ. մայիսի 28-ին արված գրավոր հայտարարությունը, որով վերջինս վկայակոչելով Սահմանադրության 63 հոդվածը, հրաժարվել է մինչդատական վարույթի ընթացքում որևէ ցուցմունք տալուց: Միևնույն ժամանակ, այլ փաստաթղթերից երևում է, որ նույ օրը դիմողը ևս մեկ անգամ խոստովանել է: Ըստ առաջին դիմողի, ինքն այդ խոստովանությունը կատարել է Խմելնիցկիյի քաղաքային դատախազությունում միլիցիայի աշխատակիցների կողմից նորից ծեծի ենթարկվելու արդյունքում և խոստովանությունը թելադրվել է քննիչի կողմից:
43. 2004թ. հունիսի 1-ին առաջին դիմողը իր փաստաբան պրն Մա-ի ներկայությամբ նորից խոստովանել է այդ հանցագործությունների կատարումը: Ըստ դիմողի, այդ խոստովանությունը կատարվել է միլիցիայի աշխատակիցների ներկայությամբ, որոնք դաժան են վերաբերվել իր հետ: 2004թ. հունիսի 1-ին հարցաքննության արձանագրությունում առկա է և’ նրա խոստովանությունը, և’ հետևյալ գրառումը. “Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում”:
44. 2004թ. հունիսի 2-ին ոմն քաղ.-ցի Մ-ն ձերբակալվել է նույն այն մեղադրանքով, ինչ դիմողը և միլիցիայի աշխատակիցների կողմից ծեծվելուց հետո խոստովանել հանցագործությունները /այդ մասին նա հետագայում հայտնել է դատական քննության ընթացքում/:
45. 2004թ. հունիսի 5-ին դիմողի և քաղ.-ցի Մ-ի միջև կատարվել է առերես հարցաքննություն, որի ժամանակ առաջին դիմողը կրկնել է իր խոստովանությունը նշանակված փաստաբանմ պրն Կո-ի ներկայությամբ /տե’ս ստորև 52-րդ կետը/:
46. 2004թ. հուլիսի 15-ին առաջին դիմողը փաստաբան պրն Մա-ի ներկայությամբ հրաժարվել է նախկին խոստովանություններից, հայտարարելով, որ դրանք ձեռք են բերվել հարկադրաբար և հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել:
47. 2004թ. հուլիսի 20-ին Խմելնիցկիյի դատարանը դատախազության միջնորդության հիման վրա երկարացրել է առաջին դիմողին կալանքի տակ պահելու ժամկետը մինչև 2004թ. սեպտեմբերի 23-ը` վկայակոչելով դիմողին առաջադրված մեղադրանքների ծանրությունը և նրա կողմից փախուստի դիմելու կամ դեռևս չավարտված քննությանը խոչընդոտելու անխուսափելի վտանգը:
48. 2004թ. օգոստոսի 31-ին առաջին դիմողին առաջադրված դիտավորյալ սպանություն կատարելու մեղադրանքը փոփոխվել է մահվան ելքով ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով: Երկու մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել նաև ավազակային հարձակում կատարելու և ապօրինի հրազեն պահելու համար:
49. 2004թ. սեպտեմբերի 3-ին հայտարարվել է քննությունն ավարտվելու մասին և առաջին դիմողն ու պրն Մ-ն հնարավորություն են ստացել ծանոթանալու գործի նյութերին:
50. 2004թ. սեպտեմբերի 22-ին գործն ուղարկվել է Խմելնիցկիյի քաղաքային դատարան:
(գ) Մինչդատական վարույթի ընթացքում առաջին դիմողի իրավաբանական ներկայացվածությունը.
51. Ըստ առաջին դիմողի, 2004թ. մայիսի 20-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում ինքը փաստաբան չի ունեցել:
52. Կառավարությունը պնդել է, որ 2004թ. մայիսի 23-ին դիմողի համար նշանակվել է փաստաբան /պրն Կո-ն/:
53. 2004թ. մայիսի 24-ին առաջին դիմողի ծնողները պայմանագիր են կնքել մասնավոր փաստաբան պրն Մա-ի հետ, որպեսզի նա ներկայացնի դիմողի շահերը քրեական գործի քննության ընթացքում:
54. 2004թ. մայիսի 25-ին պրն Մա-ն վարույթն իրականացնող քննիչից ստացել է Խմելնիցկիյի ԺՊՄ-ում պահվող առաջին դիմողին տեսակցելու գրավոր թույլտվություն:
55. 2004թ. մայիսի 27-ին առաջին դիմողը հրաժարվել է նշանակված փաստաբան պրն Կո-ի ծառայություններից և ցանկություն է հայտնել ներկայացվել պրն Մա-ի կողմից: Այդուհանդերձ, դրանից հետո կատարված որոշ քննչական գործողություններին դիմողը համաձայնվել է ներկայացված լինել պրն Կո-ի կողմից;
56. 2004թ. հունիսի 2-ին պրն Մա-ին չի թույլատրվել հանդիպել դիմողի հետ` թույլտվությունը ճիշտ ձևակերպված չլինելու պատճառով: Հաջորդ օրը նա այդ կապակցությամբ բողոք է ներկայացրել միլիցիայի Խմելնիցկիյի վարչության պետին:
57. 2004թ. հունիսի 18-ին պրն Մա-ն բողոքով դիմել է նաև Խմելնիցկիյի քաղաքային դատախազություն, հայտնելով, որ քննիչը խոչընդոտում է քննչական գործողություններին իր մասնակցությանը: Նա պնդել է, մասնավորապես, որ պատշաճ կերպով ծանուցված չի եղել այն քննչական գործողությունների մասին, որոնք կատարվել են իր բացակայությամբ: Բացի այդ, նա գանգատվել է իր նշանակված փաստաբանի անձեռնհասությունից:
58. 2004թ. հունիսի 24-ին միլիցիայի Խմելնիցկիյի բաժնի պետը պրն Մա-ին գրավոր հայտնել է, որ իրոք ԺՊՄ-ի աշխատակիցն ապօրինի խոչընդոտել է դիմողի հետ հանդիպելուն` չնայած եղել է համապատասխան թույլտվություն:
(դ) Առաջին դիմողի արդարացումը և Խմելնիցկիյի քաղաքային դատարանի կողմից նրան ազատ արձակելը.
59. 2004թ. հոկտեմբերի 14-ին Խմելնիցկիյի քաղաքային դատարանն անցկացրել է նախնական նիստ, որի ընթացքում անփոփոխ է թողել առաջին դիմողի կալանքը: Կողմերի ներկայացրած նյութերում այդ որոշման պատճենը բացակայում է:
60. 2005թ. մայիսի 5-ին Խմելնիցկիյի քաղաքային դատարանը դատավոր Պ-ի նախագահությամբ արդարացրել է դիմողին` առաջադրված բոլոր մեղադրանքներում, մինչդեռ երկրորդ մեղադրյալը` պրն Մ-ն մեղավոր է ճանաչվել ապօրինի հրազեն պահելու մեջ, որը սակայն կապ չի ունեցել առաջադրված մեղադրանքների հետ /նրա ավտոտնակում հայտնաբերվել էր որսորդական հրացան և մեկ տուփ փամփուշտ, որոնք առնչություն չեն ունեցել տ-ն Ի-ի սպանության հետ/: Դատարանը գտել է, որ ամբաստանյալների մեղքը հաստատող որևէ ապացույց չկա և նրանց խոստովանությունները ձեռք են բերվել բռնության կիրառմամբ:
61. Որոշման մեջ նշվել է.
“Ինչպես մեղադրյալները պնդել են դեռևս մինչդատական վարույթի ընթացքում, որը նաև հաստատել են գործի դատական քննության ընթաղքում, ... միլիցիայի աշխատակիցներն իրենց նկատմամբ կիրառել են ֆիզիկական և հոգեբանական բռնություն` ստիպելով խոստովանել հանցագործությունը, որոնք իրենք չեն կատարել և որի հանգամանքների մասին իմացել են միլիցիայի աշխատակիցներից:
Որևէ կասկած այդ կապակցությամբ չկա, քանի որ գործի նյութերի համաձայն, այն ժամանակահատվածում, երբ գրվել են մեղայական արձանագրությունները, ամբաստանյալները գտնվել են կալանքի տակ: Նրանք նշում են միլիցիայի Հարավ-արևմտյան բաժանմունքի կոնկրետ օպերատիվ աշխատակիցների, որոնք բռնություն են կիրառել իրենց նկատմամբ և մանրամասն նկարագրել են նրանց գործողությունները: Ամբաստանյալների միջնորդություններով անցկացվել են դատաբժշկական փորձաքննություններ [...], որոնց հետևությունների համաձայն, ամբաստանյալների մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: Մինչդատական վարույթի ընթացքում [և’դիմողը, և’ պրն Մ-ն] հրաժարվել են Ի-ի ընտանիքի դեմ հանցանքը կատարելու խոստովանություններից, իրավապահ մարմինների աշխատակիցների գործողությունների դեմ բողոքներ են ներկայացրել տարբեր գերատեսչություններ”:
62. Դատարանը նշել է, որ և’ հանցագործության հանգամանքները, և’ դրդապատճառները ամբաստանյալների խոստովանություններում ներկայացվել են հակասություններով: Դատարանը նշել է, որ նրանք միլիցիայի կասկածն են հարուցել միայն այն պատճառով, որ տ-ն Ի-ի որդին փողոցում պատահաբար տեսնելով նրանց միասին, հայտնել է, որ նրանք մարմնակազմությամբ և հասակով նման են հարձակվողներին: Դատարանը նշել է, որ նախաքննական մարմինը այդ բացարձակապես անհիմն փաստարկները սխալմամբ ընդունել է որպես ապացույց: Բացի այդ, դատարանը նախաքննության բոլոր հետևությունները համարել է որևէ ապացույցով չհաստատված ուղղակի ենթադրություններ:
63. Բացի այդ, դատարանը նշել է, որ մինչդատական քննությունը որպես “հանցագործության կատարմանը ամբաստանյալի մասնակցությունը հաստատող ամենակարևոր ապացույցներից մեկը” համարել է տաքսու վարորդ պրն Կ-ի ցուցմունքը, որը հայտնել է, որ ինքը երկու ուղևոր է տեղափոխել այն շենքի մոտ, որտեղ կատարվել է սպանությունը: Դատարանը, սակայն, նշել է, որ 2004թ. մարտի 22-ին վարորդի կողմից տրված այդ ուղևորների նկարագրությունը տարբերվել է մինչ այդ` 2004թ. մարտի 13-ին տրված նկարագրությունից: Թեպետ պրն կ-ն չի կարողացել նշել որևէ կոնկրետ արտաքին հատկանիշ, նա հետագայում առաջին դիմողին /երկու անձանց շարքում/ ճանաչել է նրա “հասակից”:
64. Ինչ վերաբերում է մյուս ցուցմունքներին, ապա երեք վկաներ տեսել են, որ երկու հոգի վազելով իջել են սպանության վայրի կողքը գտնվող աստիճաններով, բայց նրանք չեն կարողացել ճանաչել ամբաստանյալներին: Քննության ընթացքում պրն Մ-ի տանը հայտնաբերվել է նաև մեկ տուփ փամփուշտ, սակայն դրանք տարբերվել են այն գնդակից, որից մահացել էր տուժողը:
65. Դատարանը փոխել է դիմողի խափանման միջոցը:
66. Նույն օրը` 2005թ. մայիսի 5-ին, Խմելնիցկիյի քաղաքային դատարանը կայացրել է մասնավոր որոշում, որով Խմելնիցկիյի շրջանային դատախազության, միլիցիայի Խմելնիցկիյի շրջանային վարչության և դատաբժշկական փորձաքննությունների Խմելնիցկիյի բյուրոյի ուշադրությունն է հրավիրել հետևյալ խախտումների վրա. “մեղադրյալներին ձերբակալել են մտացածին շարժառիթներով, ընթերակաների ներկայությամբ նրանց զննություն չի կատարվել, ձերբակալման շարժառիթների մասին չեն հայտնել, պաշտպանության վերաբերյալ պարզաբանումներ չեն արվել, հարազատներին ձերբակալման մասին չեն հայտնել”:
67. Մասնավոր որոշման մեջ նաև նշվել է, որ մեղադրյալները բազմաթիվ անգամ գանգատվել են միլիցիայի կողմից դրսևորած դաժան վերաբերմունքի մասին, նշել են դաժան վերաբերմունք գործադրած միլիցիայի աշխատակիցներին, և նրանց մարմինների վրա հայտնաբերվել են վնասվածքներ: 2004թ. մայիսի 24-ին դիմողին զննած բժշկի հետևությունները այն մասին, որ դիմողի մարմնի վրա էլեկտրական հոսանքից առաջացած վնասվածքներ չեն հայտնաբերվել, դատարանի կողմից գնահատվել են որպես մակերեսային և չհիմնավորված:
68. 2005թ. մայիսի 5-ին Խմելնիցկիյի քաղաքային դատարանն ընդունել է ևս մեկ որոշում, որով վերացվել է դատախազության 2004թ. հունիսի 18-ի որոշումը` միլիցիայում դաժան վերաբերմունքի մասին դիմողի բողոքի հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
(ե) Գործի փոխանցումը Տերնոպոլի վերաքննիչ դատարան և առաջին դիմողի վերաբերյալ արդարացման դատավճռի բեկանումը.
69. Տ-ն Ի-ի որդին և ամուսինը, որոնք սույն գործով հանդես են եկել որպես տուժող, բողոքարկել են 2005թ. մայիսի 5-ի դատավճիռը: 2005թ. հունիսին Գերագույն դատարանում նրանք վիճարկել են Խմելնիցկիյի շրջանի վերաքննիչ դատարանի կազմը, որը պետք է քններ իրենց բողոքը` այն հիմքով, որ դատավորներից ոմանք իբր գտնվել են ընկերական հարաբերությունների մեջ առաջին ատյանի դատարանի վիճարկվող դատավճիռը կայացրած դատավոր Պ-ի հետ: Բացի այդ, նրանք պնդել են, որ որոշ դատավորներ հանդիսացել են փաստաբանների որակավորման կարգապահական հանձնաժողովի անդամներ և նույն հանձնաժողովի անդամ են հանդիսացել նաև ամբաստանյալների փաստաբանները: Այդ հիմնավորումներով տուժողները պահանջել են գործը հանձնել ցանկացած այլ շրջանի վերաքննիչ դատարան:
70. 2005թ. հուլիսի 25-ին Գերագույն դատարանի նախագահի տեղակալը Խմելնիցկիյի շրջանային դատարանին հանձնարարել է գործն ուղարկել Տերնոպոլի վերաքննիչ դատարան /այսուհետ` “Տերնոպոլի դատարան”/` “գործի առավել լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար”:
71. 2005թ. օգոստոսի 11-ին Տերնոպոլի դատարանը որոշել է, որ առաջին ատյանի դատարանը հիմնովին և համոզիչ կերպով չի գնահատել գործի բոլոր ապացույցները և ընդունել է ամբաստանյալների պնդումները, որ իրենք միլիցիայում ենթարկվել են դաժան վերաբերմունքի` առանց հաշվի առնելու դատախազության մարմինների համապատասխան հետևությունները: Դատարանը նաև նշել է, որ գնահատական չի տրվել իրենց փաստաբանների ներկայությամբ մեղադրյալների կատարած խոստովանություններին: Տերնոպոլի դատարանը նշել է, որ որոշ նիստեր անցկացվել են առանց դատախազի և Խմելնիցկիյի քաղաքային դատարանը չի արձագանքել գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու մասին տուժողների միջնորդություններին, որոնք ցանկանում էին հասնել Քրեական օրենսգրքի առավել խիստ դրույթներ կիրառելուն: Այդ հիմքով Տերնոպոլի դատարանը բեկանել է Խմելնիցկիյի քաղաքային դատարանի 2005թ. մայիսի 5-ի արդարացման դատավճիռը և երկու որոշումներն ու գործը ուղարկել է նույն դատարան` այլ կազմով կրկին քննություն կատարելու համար:
72. Տերնոպոլի դատարանը մերժել է տուժողների միջնորդությունը գործը Տերնոպոլի շրջանի ցանկացած այլ դատարան ուղարկելու մասին, քանի որ դա կհակասեր Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին:
(զ) Գործի փոխանցումը Շեպետովի քաղաքային դատարան և առաջին դիմողի գործի դատական նոր քննությունը.
73. 2005թ. օգոստոսին և սեպտեմբերին տուժողների շահերը ներկայացնող փաստաբանը Գերագույն դատարանին խնդրել է գործը Խմելնիցկիյի քաղաքային դատարանից տեղափոխել այլ շրջանի դատարան: Փաստաբանը նշել է, որ նախկին քննությունը նախագահած դատավոր Պ-ն հանդիսացել է Խմելնիցկիյի քաղաքային դատարանի նախագահի տեղակալ և այդպիսով կարող էր ազդել դատաքննության վրա` անկախ դատավորների կազմից:
74. 2005թ. սեպտեմբերի 20-ին Գերագույն դատարանի նախագահի առաջին տեղակալը չգտնելով գործը այլ շրջանի դատարան ուղարկելու հիմքեր, Խմելնիցկիյի շրջանային դատարանին հանձնարարել է քննարկել գործը Խմելնիցկիյի շրջանի այլ դատարան ուղարկելու հարցը:
75. 2005թ. սեպտեմբերի 29-ին Խմելնիցկիյի շրջանային դատարանը գործը հանձնարարել է Խմելնիցկիյի շրջանի Շեպետովի քաղաքային դատարան /այսուհետ` “Շեպետովի դատարան”/:
76. 2005թ. նոյեմբերի 21-ին Շեպետովի դատարանն անց է կացրել նախնական նիստ, որի ընթացքում տուժողներն անարդյունք պահանջել են չհեռանալու մասին ստորագրության փոխարեն ամբաստանյալների նկատմամբ կիրառել կալանավորում:
77. 2006թ. հունվարի 4-ին Շեպետովի դատարանը կրկին մերժել է տուժողների խնդրանքը ամբաստանյալներին կալանավորելու մասին: Դատարանը նշել է, որ ամբաստանյալները չեն խուսափել քննությունից և չոն խոչընդոտել քննությանը:
78. 2006թ. հուլիսի 10-ին Շեպետովի դատարանը գործն ուղարկել է Խմելնիցկիյի քաղաքային դատախազություն` լրացուցիչ նախաքննություն կատարելու համար, նշելով նախկինում անցկացված քննության երեսունյոթ թերություններ, որոնք չէին կարող վերացվել դատական քննության ընթացքում:
79. Դատարանը նշել է, մասնավորապես, որ ամբաստանյալների խոստովանությունները, ինչպես նաև վկաների և տուժողի /տ-ն Ի-ի որդի պրն Ի-ի/ ցուցմունքները չեն եղել բավականաչափ համոզիչ: Դատարանը նշել է, մասնավորապես, որ պրն Ի-ն սկզբում մի քանի անգամ հայտնել է, որ իր և մոր վրա հարձակվել են բիզնեսում իրենց մրցակիցները: Հետագայում` դատարանում, նա փոխել է և’ հանցագործների արտաքին նկարագիրը /որը հակասել է որոշ այլ վկաների տված նկարագրությանը/, և’ իր վարկածը, թե ովքեր կարող էին լինել հանցագործները: Բացի այդ, գործի նյութերում կար միլիցիայի արձանագրություն, որի համաձայն տաքսիստներից մեկը տ-ն Ի-ի հարևանից լսել է, որ վերջինս ստանում է սպառնալից հեռախոսազանգեր, որովհետև ինքն իջացրել էր իր արտադրանքի գները: Այդ հարցի հետագա քննություն չի անցկացվել:
80. Դատարանը նաև նշել է, որ քննիչը որևէ կերպ չի հիմնավորել դիմողին առաջադրված մեղադրանքը սպանությունից մահվան ելքով ծանր մարմնական վնասվածքների հասցնում վերաորակելը, ինչպես նաև ապօրինի զենք պահելու համար նոր մեղադրանք առաջադրելը:
81. Շեպետովի դատարանը նաև իր մտահոգությունն է հայտնել տաքսիստ պրն Կ-ից ցուցմունքները վերցնելու եղանակի կապակցությամբ /դատարանի որոշման համաձայն, վերջինս հանդիսանում էր գործի առանցքային վկա/, որը դիմողին ճանաչել է որպես այն երկու ուղևորներից մեկը, որոնց ինքը մոտավորապես սպանության ժամանակահատվածում իջեցրել է այն շենքի մոտ, որտեղ տեղի է ունեցել հանցագործությունը, այնտեղ սպասել է մոտ կես ժամ և հետո տեղափոխել սրճարան: Դատարանը նշել է, որ 2004թ. մարտի 22-ին քննիչը պրն կ-ին հարցաքննել է տ-ն ի-ի սպանության գործով որպես վկա և պրն Կ-ն այդ ժամանակ գտնվելիս է եղել Խմելնիցկիյի ԺՊՄ-ում` ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով: Թեև և’ պրն Կ-ն, և’ քննիչը դիմոի գործի դատական քննության ընթացքում փորձել են հերքել այդ փաստը, այդուհանդերձ Խմելնիցկիյի ԺՊՄ-ի վարչակազմը հաստատել է, որ այդ օրը, երբ կազմվել է պրն Կ-ին որպես վկա հարցաքննելու արձանագրությունը, նա պահվել է արգելանքի տակ ԺՊՄ-ում: Բացի այդ, ձերբակալված անձանց տեղաշարժի գրանցման մատյանի համաձայն, նշված օրը պրն Կ-ն գտնվել է ԺՊՄ-ում:
82. Բացի այդ, դատարանը նշել է, որ ամբաստանյալների բողոքներն այն մասին, որ միլիցիայի բաժանմունքում իրենք ենթարկվել են դաժան վերաբերմունքի, պատշաճ կերպով չեն ենթարկվել քննության: Դատարանի քննադատական բնորոշումները ներառում էին հետևյալը.
“Խմելնիցկիյի քաղաքային դատախազությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել` հիմնվելով միլիցիայի աշխատակիցների բացարձակապես նույնաբովանդակ բացատրությունների վրա, որոնք եղել են շահագրգռված անձինք և որոնց ամբաստանյալները մեղադրել են խոշտանգումներ կատարելու մեջ, ինչպես նաև միլիցիայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից իրենց ստորադասների կապակցությամբ անցկացված ծառայողական քննություն արդյունքների վրա, որը դատարանն անթույլատրելի է համարում:
Միևնույն ժամանակ, Խմելնիցկիյի քաղաքային դատախազությունը չի կարողացել պարցել, թե ինչու, ինչ պայմաններում, ինչպիսի հանգամանքներում և ինչպես է դիմողը գտնվելով ԺՊՄ-ում ստացել մարմնական վնասվածքներ:
... Գործի նյութերում առկա են դատաբժշկական փորձաքննության արդյունքներ, որոնց համաձայն, դիմողի մարմնական վնասվածքները հնարավոր է, որ առաջացած լինեին էլեկտրահարման արդյունքում:
... Հաշվի առնելով բժշկական եզրակացությունների միջև հակասությունները ... անհրաժեշտ է անկացնել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն:
83. Նույն օրը` 2006թ. հուլիսի 10-ին Շեպետովի դատարանը կայացրել է մասնավոր որոշում` նշելով մինչդատական վարույթի ընթացքում քրեադատավարական օրենսդրության մի շարք կոպիտ խախտումներ` նույնանման Խմելնիցկիյի քաղաքային դատարանի 2005թ. մայիսի 5-ի մասնավոր որոշման մեջ նշվածներին: Դատարանը կրկին քննադատաբար է անդրադարձել միլիցիայի կողմից իրենց նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին երկու մեղադրյալների բողոքների վերաբերյալ կատարված քննությանը: Դատարանը, մասնավորապես, նշել է.
“Դատախազը մեղադրյալների նկատմամբ բռնություն կիրառելու փաստի կապակցությամբ պաշտոնական քննության կատարումը հանձնարարել է այն աշխատակիցների անմիջական ղեկավարներին, որոնց ամբաստանյալները մեղադրել են խոշտանգումներ կիրառելու մեջ և այդ քննությունը պաշտոնատար անձանց գործողություններում հանցավոր ոչինչ չի հայտնաբերել: Դատարանը դա անթույլատրելի է համարում:”
84. Բացի այդ, դատարանը նշել է, որ քննիչը դիմողի համար պաշտպան է նշանակել, թեպետ դիմողն արդեն ունեցել է իր ընտրած փաստաբանը, որին պատշաճ կերպով չեն տեղեկացրել քննչական գործողությունների մասին:
(է) Կրկին անգամ գործը Տերնոպոլի դատարանին փոխանցելը.
85. Տուժողները բողոքարկել են Շեպետովյան դատարանի վերոհիշյալ որոշումը: Միաժամանակ, նրանք դեմ են արտահայտվել գործը Խմելնիցկիյի շրջանային դատարանում քննելուն:
86. 2006թ. հուլիսի 28-ին Գերագույն դատարանի նախագահի տեղակալը կրկին հանձնարարել է Խմելնիցկիյի շրջանային դատարանին գործն ուղարկել Տերնոպոլի դատարան` վկայակոչելով գործի քննությունը տեղափոխելու վերաբերյալ 2005թ. հունիսի 23-ի իր նամակում նշված պատճառաբանությունը:
87. 2006թ. օգոստոսի 4-ին Խմելնիցկիյի շրջանային դատարանը գործն ուղարկել է Տերնոպոլի դատարան:
88. 2006թ. հոկտեմբերի 4-ին Տերնոպոլի դատարանը ֆորմալ հիմքերով վերացրել է Շեպետովյան դատարանի 2006թ. հուլիսի 10-ի որոշումը և ուժի մեջ է թողել Խմելնիցկիյի քաղաքային դատախազության 2004թ. հունիսի 18-ի որոշումը դաժան վերաբերմունքի մասին առաջին դիմողի բողոքի հիման վրա միլիցիայի աշխատողների դեմ քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Տերնոպոլի դատարանը հետևության է եկել, որ Քրեական դատավարության օրենսգրքի 236-1 հոդվածի պահանջները չեն պահպանվել. 2004թ. հունիսի 18-ի որոշումը վերանայելու գրավոր դիմում չի եղել և, ամեն դեպքում, այդպիսի դիմումը պետք է ներկայացված լիներ Խմելնիցկիյի քաղաքային դատարան:
89. Տերնոպոլի դատարանը նույնպես Շեպետովյան դատարանի 2006թ. հուլիսի 10-ի` գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու մասին որոշումից հանել է բոլոր կետերը, բացառությամբ այն կետերի, որոնք վերաբերել են ամբաստանյալների գործողությունները Քրեական օրենսգրքին համապատասխան որակելուն և տ-ն Ի-ի որդու ցուցմունքները գնահատելուն: Տերնոպոլի դատարանն իր որոշման մեջ նշել է.
“Ելնելով գործի նյութերից, մասնավորապես, հաշվի առնելով բոլոր հավաքված ապացույցների համակցությունը, հանցավոր գործողությունների բնույթը, հանցագործության գործիքը` հրազենը, դատաբժշկական փորձաքննության հետևությունները վնասվածքների տեղակայման և բնույթի մասին, դատավորների կոլեգիան գտնում է, որ տուժող Ի-ն դիտավորությամբ է զրկվել կյանքից և բոլոր հիմքերը կան մեղավոր անձանց արարքներն ավելի ծանր հանցանքի համար պատասխանատվություն նախատեսող Ուկրաինայի Քրեական օրենսգրքի հոդվածով որակելու համար:”
(ը) Առաջին դիմողին 2006թ.վնոյեմբերի 22-ից 23-ը կալանքի տակ պահելը.
90. 2006թ. նոյեմբերի 22-ին, առավոտյան 10.50-ին առաջին դիմողը քննիչի կողմից ձերբակալվել է դիտավորյալ սպանություն կատարելու կասկածանքով: Քննիչն իր որոշումը հիմնավորել է ձերբակալման արձանագրությունում առկա ստանդարտ ձևակերպմամբ` “Ականատեսները, այդ թվում` տուժողները մատնացույց են անում տվյալ անձին որպես հանցագործություն կատարողի”:
91. 2006թ. նոյեմբերի 23-ին Խմելնիցկիյի քաղաքային դատախազությունը ցուցում է տվել ազատ արձակել դիմողին` խափանման միջոցի մի տեսակը մյուսով փոփոխելու գործընթացը կարգավորող քրեական դատավարության դրույթների հիման վրա:
92. Նույն օրը առաջին դիմողը Խմելնիցկիյի շրջանային դատախազություն բողոք է ներկայացրել վերոհիշյալ ժամանակաընթացքում իրեն ապօրինի կալանքի տակ պահելու վերաբերյալ:
(թ) Դաժան վերաբերմունքի վերաբերյալ առաջին դիմողի բողոքի միացումը իր վերաբերյալ քննվող քրեական գործին
93. Տերնոպոլի դատարանի 2006թ. հոկտեմբերի 4-ի վերոհիշյալ որոշման /տե’ս վերը 88-րդ կետը/ համապատասխան, առաջին դիմողը Խմելնիցկիյի քաղաքային դատախազության 2004թ. հունիսի 18-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել Խմելնիցկիյի քաղաքային դատարան:
94. 2007թ. փետրվարի 26-ին Խմելնիցկիյի քաղաքային դատարանը վերացրել է 2004թ. հունիսի 18-ի որոշումը և գործը վերադարձրել Խմելնիցկիյի քաղաքային դատախազություն:
95. 2007թ. մարտի 28-ին Խմելնիցկիյի շրջանային դատարանը բեկանել է 2007թ. փետրվարի 26-ի որոշումը` սահմանելով, որ դաժան վերաբերմունքի դեպքերի քննությունը պետք է իրականացվի առաջին դիմողի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում, որն այդ ժամանակ գտնվել է Տերնոպոլի դատարանի վարույթում:
(ժ) Առաջին դիմողի կալանքի տակ պահելը 2006թ. դեկտեմբերի 18-ին մինչև 2007թ. օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում
96. 2006թ. նոյեմբերի 30-ին քննիչն առաջին դիմողին պաշտոնական մեղադրանք է առաջադրել շահադիտական դրդումներով երկու դիտավորյալ սպանություն /հաշվի առնելով, որ նա նաև փորձել է սպանել տ-ն Ի-ի որդուն, սակայն իր կամքից անկախ պատճառներով չի կարողացել կատարել դա/, ավազակային հարձակում կատարելու և ապօրինի հրազեն պահելու համար:
97. Նույն օրը քննիչը Խմելնիցկյի քաղաքային դատարան միջնորդություն է ներկայացրել առաջին դիմողի խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը կալանավորումով փոխելու մասին: Վկայակոչելով առաջադրված մեղադրանքի ծանրությունը և փախուստի դիմելու առկա վտանգը, քննիչը հայտնել է, որ կալանավորումը համապատասխան միջոց կարող է լինել:
98. 2006թ. դեկտեմբերի 18-ին Խմելնիցկիյի քաղաքային դատարանը առաջին դիմողի և նրա փաստաբանի մասնակցությամբ քննարկել է քննիչի միջնորդությունը, ինչպես նաև առաջին դիմողի բողոքը 2006թ. նոյեմբերի 22-ից 23-ը կալանքի տակ պահելու ոչ օրինաչափության վերաբերյալ: Դատարանը վերացրել է դիմողի չհեռանալու մասին ստորագրությունը և որոշում է կայացրել նրան կալանավորելու մասին: Դատարանը մերժել է 2006թ. նոյեմբերի 22-ին կալանավորելու վերաբերյալ դիմողի բողոքը` համարելով այն անհիմն: Դատարանը նոր խափանման միջոցի կիրառումը պատճառաբանել է նրանով, որ դիմողը մեղադրվում է ծանր հանցագործությունների կատարման մեջ և կարող է փախուստի դիմել կամ խոչընդոտել ճշմարտության բացահայտմանը: Դատարանն առանց մատնացույց անելու, վկայակոչել է տուժողների ինչ-որ հայտարարություններ; Ինչ վերաբերում է 2006թ. նոյեմբերի 22-ից 23-ը կալանքի տակ պահելու վերաբերյալ դիմողի բողոքին, դատարանը նշել է, որ որևէ հիմքեր չկան կալանավորումն ապօրինի համարելու համար:
99. Առաջին դիմողի հայրը և փաստաբանը բողոք են ներկայացրել դատարանի որոշման դեմ` պնդելով, որ չհեռանալու մասին ստորագրության պայմաններում դիմողը միշտ ներկայացել է քննիչի կանչով և տուժողի ընտանիքի հայտարարությունները` իրենց վրա ազդելու դիմողի փորձերի վերաբերյալ, սահմանափակվել են միայն կասկածանքով, որ “իրենց ինչ-որ մեկը հետևում է”: Բացի այդ, նրանք նշել են, որ առաջին դիմողն ունեցել է առողջական խնդիրներ և կալանավորման պահին գտնվել է ստացիոնար բուժման մեջ նյարդաբանական հիվանդանոցում, որը հաստատվել է համապատասխան փաստաթղթերով: Նրանք նաև պնդել են, որ դիմողն ունի բնակության մշտական վայր, նախկինում դատված չի եղել, խնամքին ունի փոքր երեխա և սովորում է համալսարանում: Հետևաբար, նրանք պնդել են, որ որևէ հիմքեր չկան ենթադրելու, որ դիմողը փախուստի կդիմի: Առաջին դիմողի ներկայացուցիչները նաև բողոքարկել են Խմելնիցկիյի դատարանի հետևությունները` 2006թ. նոյեմբերի 22-ից 23-ը նրան կալանքի տակ պահելու վերաբերյալ: Նրանք որևէ դիտողություն կամ բողոք չեն ներկայացրել գործի նյութերի մատչելիության վերաբերյալ մինչև 2006թ. դեկտեմբերի 18-ի դատական նիստը:
100. 2006թ. դեկտեմբերի 21-ին Խմելնիցկիյի շրջանային վերաքննիչ դատարանը դիմողի դիմողի փաստաբանի և հոր մասնակցությամբ դատական նիստի ընթացքում մերժել է վերաքննիչ բողոքը և դիմողին թողել կալանքի տակ` վկայակոչելով նրան առաջադրված մեղադրանքների ծանրությունը և “անվտանգության վերաբերյալ իրենց անհանգստությունը”: Դատարանը մերժել է նաև 2006թ. նոյեմբերի 22-ից 23-ը դիմողին կալանքի տակ պահելու վերաբերյալ բողոքը` “ապօրինի ճանաչելու համար էական հիմքերի բացակայության” պատճառով:
101. Նույն օրը Խմելնիցկիյի շրջանային դատարանը քննիչի միջնորդության հիման վրա երկարացրել է առաջին դիմողին կալանքի տակ պահելու ժամկետը մինչև հինգ ամիս ժամկետով /մինչև 2007թ. հունվարի 23-ը` ներառելով 2004թ. մայիսի 23-ից մինչև սեպտեմբերի 25-ը կալանքի տակ պահելը/: Դատարանը հիմնվել է դիմողին առաջադրված մեղադրանքի ծանրության, ճշմարտությունը բացահայտելուն խանգարելու նրա անորոշ փորձերի, ինչպես նաև գործի մեծ ծավալի վրա:
102. 2007թ. հունվարի 23-ին քննիչը կրկին դիմել է Խմելնիցկիյի շրջանային դատարան` առաջին դիմողին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությամբ, պատճառաբանելով դեռևս կատարման ենթակա քննչական գործողությունների ծավալը:
103. 2007թ. հունվարին /ամսաթիվն անընթեռնելի է/ Խմելնիցկիյի շրջանային դատարանը դիմողին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել է մինչև վեց ամիս /մինչև 2007թ. փետրվարի 23-ը/: Դատարանը որոշումը պատճառաբանել է գործի նյութերին ծանոթանալու համար դիմողին անհրաժաշտ ժամանակ տրամադրելու անհրաժեշտությամբ, մեղադրանքների ծանրությամբ և “ազատության մեջ գտնվելու ընթացքում նրա բացասական վարքագծով”:
104. 2007թ. փետրվարի 19-ին առաջին դիմողը դատապարտվել է և գործն ուղարկվել է Խմելնիցկիյի շրջանային վերաքննիչ դատարան:
(ի) Առաջին դիմողի վերաբերյալ գործի կրկնակի քննությունը և նրա դատապարտումը Տերնոպոլի դատարանի կողմից իբրև առաջին ատյանի դատարան.
105. 2007 թվականին` չպարզված օրը, որոշում է կայացվել այն մասին, որ Տերնոպոլի դատարանը գործը պետք է քննի իբրև առաջին ատյանի դատարան:
106. 2007թ. մարտի 21-ին Տերնոպոլի դատարանն անցկացրել է դատական նիստ: Դատարանն անփոփոխ է թողել դիմողին կալանքի տակ պահելը` նշելով, որ “խափանման միջոցը փոխելու հիմքեր չկան”: Դատարանը չի նշել կալանքի տակ պահելու որևէ ժամկետ:
107. 2007թ. օգոստոսի 31-ին Տերնոպոլի դատարանը առաջին դիմողին մեղավոր է ճանաչել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով սպանություն կատարելու, ավազակային հարձակման և ապօրինի հրազեն պահելու մեջ և նրան դատապարտել է տասնհինգ տարի ժամկետով ազատազրկման:
108. Դատարանը հիմնվել է, մասնավորապես, տաքսիստ Կ-ի ցուցմունքների վրա, որոնց համաձայն նա երկու ուղևոր է տեղափոխել հանցագործության դեպքի վայր հանդիսացող շենքի մոտ, այնտեղ սպասել է մոտ կես ժամ, իսկ հետո այդտեղից տեղափոխել: Նա դիմողին ճանաչել է որպես այդ ուղևորներից մեկը նրա “դիմագծերով, քթի ձևով և սանրվածքով”: Պրն Կ-ն հերքել է, որ իր վրա ճնշումներ են գործադրվել միլիցիայի կողմից: Նա նշել է, որ իրեն հարցաքննել են դատախազությունում, սակայն այդ հարցաքննության որևէ մանրամասն չի հիշել: Պրն Կ-ին հարցաքննած քննիչը նշել է, որ հարցաքննությունը կատարվել է դատախազությունում, սակայն ոչ այն օրը, ինչ նշվել է հարցաքննության արձանագրությունում, և որ ամսաթվերի տարբերությունն ուղղակի տպագրական սխալի հետևանքով է առաջացել: Դիմողի պնդումը, որ ինքը զրպարտել է իրեն միլիցիայի ճնշումների հետևանքով, պրն Կ-ն որակել է որպես սուտ: Դատարանը նշել է.
“Որևէ տվյալ, որոնք կվկայեին վկա [պրն Կ-ի] նկատմամբ մինչդատական վարույթի ընթացքում քննությանը խորթ մեթոդներ կիրառված լինելու մասին, որն ըստ ամբաստանյալների, հանգեցրել է իրենց զրպարտելուն, գործով չի հաստատվել:
[Առաջին դիմողի] հայտարարությունները, որ [պրն Կ-ն] 2004թ. մարտի 19-ին ձերբակալվել է միլիցիայի աշխատակիցների կողմից և պահվել է միլիցիայում մինչև 2004թ. մարտի 24-ը, որի արդյունքում էլ իրեն ճանաչել է որպես հանցագործներից մեկը, հանդիսանում են մերկապարանոց, չեն հաստատվել գործի նյութերով և չեն կարող վկայել ամբաստանյալների վերաբերյալ սուտ ցուցմունքներ ստանալու նպատակով [պրն Կ-ի] նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին: Վկա [պրն Կ-ն] դատական նիստի ընթացքում այդ փաստը հիմնովին հերքել է, ինչպես նաև այն, որ ... ինքը [առաջին դիմողին] հայտնել է, որ նրան զրպարտել է միլիցիայի աշխատակիցների ճնշումների հետևանքով, ինչպես բազմաթիվ անգամ պնդել է [առաջին դիմողը]:
Դատավորների կոլեգիան [պրն Կ-ի] մինչդատական վարույթում և դատարանում տված ցուցմունքները համարում է արժանահավատ, քանի որ դրանք մինչդատական վարույթում և դատարանում եղել են նույնական, մանրամասների մեջ` հաջորդական, էական հակասություններ չեն եղել, ինչպես պնդել են ամբաստանյալները և պաշտպանական կողմը, այդ իսկ պատճառով այդ ցուցմունքները դրվել են դատավճռի հիմքում` որպես ամբաստանյալների մեղքը հաստատող ապացույց [...], քանի որ դրանք նաև օբյեկտիվորեն համապատասխանում են մյուս ապացույցներին:”
109. Դատարանը նաև հաշվի է առել տ-ն Ի-ի որդու ցուցմունքները, ով հայտնել է, որ առաջին դիմողին և երկրորդ մեղադրյալին ճանաչել է նրանց մարմնակազմությունից և ժեստերից, երբ նրանց միասին տեսել է փողոցում: Դատարանը նաև հաշվի է առել մի քանի վկաների ցուցմունքները, որոնք դեպքի վայրի մոտակայքում նկատել են դիմակներով երկու անձանց: Տերնոպոլի դատարանը հիմնվել է նաև մինչդատական վարույթի սկզբնական փուլում արված ամբաստանյալների խոստովանությունների վրա: Դատարանը ամբաստանյալների հայտնած տեղեկությունների միջև հակասությունները բացատրել է այդ խոստովանությունների կամավոր բնույթով: Ամբաստանյալների նկատմամբ դրսևորված դաժան վերաբերմունքին ենթադրաբար առնչություն ունեցող միլիցիայի աշխատակիցները դատարանում հարցաքննվել են և ժխտել են այդ մեղադրանքները: Դատարանը նաև նշել է, որ առաջին դիմողը ԺՊՄ-ի կամ քննչական մեկուսարանի վարչակազմերին չի բողոքել դաժան վերաբերմունքի մասին: Դատարանը հարցաքննել է բժիշկներին, որոնք առաջին դիմողին զննել են 2004թ. մայիսին և հունիսին և նրանք կրկին անգամ հայտնել են, որ դիմողի վնասվածքները բնորոշ չեն եղել էլեկտրական հոսանքով հարվելուն: Բացի այդ, դատարանը վկայակոչել է Խմելնիցկիյի քաղաքային դատախազության 2004թ. հունիսի 18-ի որոշումը առաջին դիմողի բողոքի հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Այդ ամենը հաշվի առնելով, դատարանը դաժան վերաբերմունքի մասին առաջին դիմողի բողոքը որակել է որպես չհիմնավորված:
110. Առաջին դիմողի ազատազրկման ժամկետը պետք է հաշվարկվեր 2006թ. դեկտեմբերի 18-ից և ներառեր նրան կալանքի տակ պահելը 2004թ. մայիսի 23-ից մինչև 2005թ, մայիսի 5-ը և 2006թ. նոյեմբերի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածներում կրած կալանքը:
111. Առաջին դիմողը դատավճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, պնդելով, մասնավորապես, որ իր մեղքը չի ապացուցվել և որ իրեն դատապարտելը հիմնվել է առաջին հերթին իրավական օգնության բացակայությամբ և խոշտանգումների հետևանքով արված իր խոստովանությունների վրա: Նա նշել է, որ էլեկտրահարումների միջոցով իրեն խոշտանգելու հանգամանքը հաստատող դատաբժշկական փորձաքննության հետևություններն անտեսվել են դատարանի կողմից:
112. Բացի այդ, առաջին դիմողն ընդգծել է, որ պրն Կ-ի ցուցմունքները, որոնց վրա դատարանը հիմնվել է իրեն դատապարտելիս, ժամանակի ընթացքում կասկածելի հանգամանքներում կտրուկ փոփոխվել են ոչ իր օգտին: Նա պնդել է մասնավորապես, որ պրն Կ-ն սկզբնապես հայտնել է, որ չի հիշում 2004թ. մարտի 13-ին իր կողմից տեղափոխված ուղևորների որևէ արտաքին հատկանիշ: Առաջին դիմողը նշել է նաև, որ 2004թ. մարտի 19-ին միլիցիայի աշխատակիցները պրն Կ-ին ձերբակալել են ոչ սթափ վիճակում գտնվելու համար: Այնուհետև, կատարված անձնական խուզարկության ժամանակ պրն Կ-ի մոտ հայտնաբերվել է “բուսական ծագման” նյութով փաթեթ, և նա ձերբակալվել է: Հենց վարչական կալանքի ընթացքում է նա “հիշել” իր ուղևորներից մեկի որոշ ընդհանուր արտաքին հատկանիշներ: Առաջին դիմողը վկայակոչել է գործի նյութերի որոշակի թերթեր, որտեղ նշված են պրոն Կ-ի ցուցմունքները, որը դատարանում հայտնել է, որ “2004թ. մարտի 13-ին իր տեղափոխած ուղևորների և ամբաստանյալների միջև տարբերություններն էական են”, և որ քննիչը մինչդատական վարույթում իր հարցաքննության արձանագրությունում մտցրել է կեղծ տեղեկություններ: Դիմողը նաև պնդել է, որ գործի նյութերում առկա է եղել իր և պրն Կ-ի միջև խոսակցության ձայնագրություն /տեխնիկական մասնագետի կողմից կատարված/, որև տեղի է ունեցել 2006 թվականի ընթացքում /հավանաբար այն ընթացքում, երբ առաջին դիմողը գտնվել է ազատության մեջ/: Այդ ձայնագրությունում պրն Կ-ն իրեն հայտնել է, որ միլիցիան ստիպել է իրեն ցուցմունքներ տալ մեղադրյալների դեմ, սպառնալով հակառակ դեպքում իրեն մեղադրել տ-ն Ի-ի սպանության մեջ, որ թմրամիջոցը դրված է եղել միլիցիայի աշխատակիցների կողմից և որ ինքը մեղադրական ցուցմունքներ է տվել ԺՊՄ-ում արգելանքի տակ գտնվելու ժամանակ: Առաջին դիմողն ընդգծել է, որ պրն Կ-ն դատարանում հաստատել է, որ իրոք ինքը հանդիպել է իր հետ 2006 թվականին և որ իրենց խոսակցությունը կարող էր ձայնագրված լինել: Դիմողը գանգատվել է նաև, որ թեև պաշտպանական կողմը միջնորդել է դատական նիստի ընթացքում վերարտադրել այդ ձայնագրությունը և այդ կապակցությամբ հարցաքննել պրն Կ-ին, այդուհանդերձ, առաջին ատյանի դատարանը առանց որևէ պատճառաբանության մերժել է իրենց այդ միջնորդությունը; Վերաքննիչ բողոքում նաև նշվել է, որ գործի նյութերում առկա է պրն Կ-ի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի 2004թ. օգոստոսի 31-ի որոշման պատճեն, որպիսի փաստը, ըստ առաջին դիմողի, այդպես էլ որևէ գնահատականի չի արժանացել:
113. 2008թ. մարտի 20-ին Գերագույն դատարանն անփոփոխ է թողել առաջին դիմողի վերաբերյալ դատավճիռը: Դատարանը հիմնականում մատնանշել է մինչդատական վարույթի ընթացքում տված դիմողի խոստովանությունները, այդ թվում` փաստաբանի ներկայությամբ տրված, որոնք դատարանի կարծիքով հաստատվել են գործում առկա մյուս ապացույցներով: Ինչ վերաբերում է առաջին դիմողի պնդումներին, որ ինքը միլիցիայում ենթարկվել է դաժան վերաբերմունքի, դատարանը նշել է, որ հետազոտվել են քննչական գործողությունների տեսագրությունները և պարզվել է, որ դիմողը խոստովանական ցուցմունքները տվել է ազատ և անկաշկանդ և որ նրա մարմնի վրա որևէ վնասվածքներ չեն երևացել: Բացի այդ, Գերագույն դատարանի որոշման համաձայն, առաջին դիմողը “ոչ մի անգամ չի մատնանշել կոնկրետ անձանց, ովքեր իր նկատմամբ կիրառել են ֆիզիկական ճնշում” և որ “բոլոր հարցերին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանել է լավ”: Դատարանը համարել է, որ դաժան վերաբերմունքի մասին դիմողի բողոքներին առնչություն ունեցող բոլոր անձինք հարցաքննվել են դատական քննության ընթացքում և բոլոր համապատասխան բժշկական տեղեկանքները հետազոտվել են: Վերոգրյալների հիման վրա դաժան վերաբերմունքի մասին բողոքը դատարանը գնահատել է որպես ամբողջությամբ անհիմն:
114. Ինչ վերաբերում է վկա պրն Կ-ի ցուցմունքներին, Գերագույն դատարանը նշել է, որ “նա բազմաթիվ անգամ հարցաքննվել է և’ մինչդատական վարույթի ընթացքում, և’ դատական քննության ընթացքում”, և որ նա դիմողին ճանաչել է “առանց տարակուսելու”: Բացի այդ, դատարանը նշել է.
“Որևէ տվյալ, որոնք կվկայեին տվյալ վկայի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից քննությանը խորթ միջոցներ կիրառելու մասին, դատարանի կողմից չեն հաստատվել, այդ իսկ պատճառով նրա ցուցմունքները հիմնավոր կերպով դրվել են մեղադրական դատավճռի հիմքում:”
Գ. Երկրորդ դիմողին վերաբերող փաստերը.
115. Երկրորդ դիմողն աշխատել է տուժողի ընտանիքին պատկանող ֆաբրիկայում: 2004թ. մայիսի վերջերին նա գտնվել է հղիության ութերորդ ամսում:
116. 2004թ. մայիսի 21-ին, մոտավորապես ժամը 16-ի սահմաններում, երկրորդ դիմողը գտնվել է աշխատանքի վայրում: Կառավարիչը նրան խնդրել է մտնել իր մոտ` աշխատանքի հետ կապված հարցեր քննարկելու համար և քաղաքացիական հագուստով միլիցիայի երկու աշխատակիցները, ըստ երկրորդ դիմողի, առանց բացատրությունների և աշխատանքային համազգետսը փոխելու հնարավորություն տալու, նրան տարել են միլիցիայի Հարավ-արևմտյան բաժանմունք: Այնտեղ, ըստ իր խոսքերի, երկրորդ դիմողին տեղավորել են մի աշխատասենյակում, որտեղ շատ ցուրտ է եղել: Միլիցիայի աշխատակիցները, ինչպես նաև միլիցիայի բաժանմունքում գտնվող տ-ն Ի-ի այրին իբրև գոռացել են իր վրա, սպառնացել են կալանավորել և հրել են թիկունքի կողմից` ստիպելով ցուցմունք տալ ամուսնու դեմ:
117. Երկրորդ դիմողը ցուցմունքում գրել է, որ սպանության պահին ամուսինը /առաջին դիմողը/ իր հետ գտնվել է տանը:
118. Մոտ չորս ժամ տևած հարցաքննությունից հետո երկրորդ դիմողին վերադարձրել են ֆաբրիկա: Նա սպասել է որոշ ժամանակ` մինչև դուռը բացել են և ինքը կարողացել է փոխել իր հագուստը:
119. 2004թ. մայիսի 22-ին երկրորդ դիմողը դատախազություն բողոք է ներկայացրել 2004թ. մայիսի 21-ին իրեն ազատությունից ապօրինի զրկելու վերաբերյալ:
120. 2004թ. հունիսի 11-ին դատախազությունը նրան գրավոր տեղեկացրել է, որ միլիցիայի կողմից քրեա-դատավարական օրենսդրությունը չի խախտվել:
II. Համապատասխան ներպետական օրենսդրությունը և գործող պրակտիկան.
Ա. Ուկրաինայի 1996թ. Սահմանադրությունը.
121. Սույն գործով կիրառելի Սահմանադրության 28-րդ և 29-րդ հոդվածները նախատեսել են.
Հոդված 28.
Յուրաքանչյուր ոք ունի իր արժանապատվությունը հարգելու իրավունք:
Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի կամ պատժի...:
Հոդված 29.
Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք:
Ոչ ոք չի կարող կալանավորվել կամ կալանքի տակ պահվել այլ կերպ, քան դատարանի պատճառաբանված որոշմամբ և միայն օրենքով սահմանված հիմքերով և կարգով:
Հանցագործությունը կանխելու կամ այն կասեցնելու անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում օրենքով իրավասու մարմինները կարող են կալանավորումը կիրառել որպես ժամանակավոր խափանման միջոց, որի հիմնավորվածությունը յոթանասուներկու ժամվա ընթացքում պետք է ստուգվի դատարանի կողմից: Ձերբակալված անձն անհապաղ ազատ է արձակվում, եթե նրան կալանավորելու պահից յոթանասուներկու ժամվա ընթացքում իրեն չի հանձնվել կալանավորելու մասին դատարանի պատճառաբանված որոշումը:
Յուրաքանչյուր ձերբակալված կամ կալանավորված անձ պետք է անհապաղ տեղեկացվի ձերբակալման կամ կալանավորման պատճառների մասին, նրան պետք է պարզաբանվեն իր իրավունքները և հնարավորություն ընձեռնվի ձերբակալման պահից պաշտպանելու իրեն անձամբ և օգտվելու պաշտպանի իրավաբանական օգնությունից:
Ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատարան բողոքարկել իրեն կալանավորելու որոշումը:
Անձի ձերբակալման կամ կալանավորման մասին անհապաղ պետք է տեղեկացվեն նրա հարազատները:
122. Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքին և իր դեմ չվկայելու իրավունքին վերաբերող 59-րդ և 63-րդ հոդվածներին կարելի է ծանոթանալ Shobelnik v. Ukraine գործով 2009թ. փետրվարի 19-ի որոշման մեջ /գանգատ թիվ 16404/03, կետ 25/:
Բ. 2001թ. Քրեական օրենսգիրքը.
123. 115-րդ հոդվածը նախատեսում է յոթից մինչև տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում դիտավորյալ սպանության և տասից տասնհինգ տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում շահադիտական դրդումներով և/կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանության համար:
124. 121-րդ հոդվածը մահվան ելքով ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար նախատեսում է յոթից տասը տարի ժամկետով ազատազրկում:
125. 187-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ առողջությանը ծանր վնաս հասցնելու հետ զուգորդված ավազակային հարձակումը պատժվում է ութից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկմամբ` գույքի բռնագրավմամբ:
126. 263-րդ հոդվածի 1-ին կետը ապօրինի հրազեն պահելու համար նախատեսում է երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկում:
127. 371-րդ հոդվածի համաձայն, ապօրինի ձերբակալումը կամ կալանավորումը հանդիսանում է հանցագործություն և պատժվում է մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ:
Գ. Վարչական իրավախախտումների մասին 1984թ. օրենսգիրքը.
128. 44-րդ հոդվածն արգելում է առանց իրացնելու նպատակի ոչ զգալի քանակությամբ թմրամիջոցների կամ հոգեմետ միջոցների ապօրինի արտադրությունը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը:
129. 263-րդ հոդվածը վարչական իրավախախտման համար վարչական կալանք է նախատեսում մինչև երեք ժամ տևողությամբ: Օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում վարչական կալանքի տևողությունը կարող է լինել ավելի երկար: Թմրամիջոցների հետ կապված իրավախախտումների մեջ կասկածվող անձինք կարող են իրավախախտման մասին արձանագրություն կազմելու համար արգելանքի տակ պահվել մինչև երեք ժամ տևողությամբ: Եթե կասկածյալի անձը պարզված չէ կամ անհրաժեշտություն կա անցկացնելու բժշկական հետազոտություն, կամ ճշտել թմրամիջոցների ձեռք բերման հանգամանքները, կամ էլ պահանջվում է անցկացնել թմրամիջոցների հետազոտություն, վարչական կալանքի տևողությունը կարող է երկարացվել մինչև երեք օր` դատախազին տեղեկացնելու պայմանով, կամ մինչև տաս օր` դատախազի թույլտվությամբ և եթե իրավախախտի անձը պարզված չէ:
Դ. Քրեական դատավարության 1960թ. օրենսգիրքը /ՔԴՕ/
130. Խափանման միջոցների կիրառմանը և դրանց ձևերին, նախնական կալանքի տևողությանը, ինչպես նաև հետաքննության մարմնի կողմից ձերբակալելու հիմքերին և ընթացակարգին վերաբերող դրույթներին կարելի է ծանոթանալ Molodorych v. Ukraine գործով որոշման մեջ /գանգատ թիվ 2161/02, կետեր 56-58, 2010թ. հոկտեմբերի 28/:
131. Քրեական գործ հարուցելու և հանցագործությունների քննության վերաբերյալ դրույթներին կարելի է ծանոթանալ Spinov v. Ukraine գործով որոշման մեջ /գանգատ թիվ 34331/03, կետ 33, 2008թ. նոյեմբերի 28/:
132. 23-2 հոդվածի համաձայն, եթե դատարանը հայտնաբերում է օրենքի և/կամ անձի իրավունքների խախտում հետաքննության կամ մինչդատական վարույթի ընթացքում, կամ ստորադաս դատարանում գործի քննության ընթացքում, ապա պետք է կայացնի մասնավոր որոշում` համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրելով հաստատված փաստերի վրա և հանձնարարելով նրանց որոշակի միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու համար: Անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելը հանդիսանում է վարչական իրավախախտում:
133. 45-րդ հոդվածը նախատեսում է, որ մինչդատական վարույթում և առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում իրավաբանական ներկայացուցիչ ունենալը համարվում է պարտադիր, եթե, մասնավորապես, հնարավոր է ցմահ ազատազրկման ձևով պատժի կիրառում: Բացի այդ, հոդվածը սահմանում է, որ նման դեպքում իրավաբանական ներկայացվածությունը պետք է ապահովվի անձին ձերբակալելու կամ նրան մեղադրանք առաջադրելու պահից:
134. 97-րդ հոդվածը դատախազներին, քննիչներին, հետաքննության մարմիններին և դատավորներին պարտադրում է ընդունել կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին հայտարարություններ կամ դիմումներ, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք չեն վերաբերում իրենց իրավասության շրջանակներին և եռօրյա ժամկետում ընդունել հետևյալ որոշումներից մեկը` (1) քրեական գործ հարուցելու մասին, (2) քրեական գործի հարուցումը մերժելու մասին կամ (3) հետագա քննարկման համար դիմումը կամ հայտարարությունը ըստ իրավասության ուղարկելու մասին:
135. 155-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն, կալանավորված անձինք պահվում են քննչական մեկուսարաններում (կազմում են քրեակատարողական հիմնարկի մաս): Բացառիկ դեպքերում նրանք կարող են պահվել նաև Ժամանակավոր պահման մեկուսարաններում (գտնվում են միլիցիայի կառուցվածքում), սակայն երեք օրից ոչ ավել ժամանակով: Եթե քննչական մեկուսարան տեղափոխումն անհնար է ապահովել վերոհիշյալ ժամկետում` հեռավորության կամ հաղորդակցության բացակայության պատճառով, կալանավորված անձը ԺՊՄ-ում կարող է պահվել մինչև տաս օր ժամկետով:
136. 236-1 հոդվածի համաձայն, քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի կամ դատախազի որոշման դեմ բողոք կարող են ներկայացվել համապատասխան տվյալ մարմնի գտնվելու վայրի դատարան այն անձի կողմից, ում շահերին առնչվում է տվյալ որոշումը:
137. Մինչև 2001թ. հունիսի 21-ի փոփոխություններ մտցնելը, 244-րդ հոդվածը նախատեսել է, որ գործի քննության նախապատրաստման ընթացքում դատարանի որոշման մեջ պետք է նշվեն խափանման միջոցի փոփոխման պատճառները: Վերոհիշյալ փոփոխությունները վերացրել են այդ դրույթը: Այդ ժամանակ գործող խմբագրության 237-րդ հոդվածը առաջին ատյանի դատարանի դատավորին պարտադրել է գործի նախապատրաստման ընթացքում քննարկել, մասնավորապես, խափանման միջոցների փոփոխման, վերացման կամ կիրառման հիմքերի առկայությունը:
138. 370-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, քրեական դատավարության օրենսդրության էական խախտումներ են հանդիսանում այնպիսի գործոնները, որոնք դատարանին խոչընդոտում են կամ կարող են խոչընդոտել լրիվ և մանրակրկիտ քննելու գործը և ընդունելու օրինական, հիմնավորված և արդար որոշում: Նույն հոդվածի 2-րդ մասը հիշատակում է մեղադրյալի պաշտպանության իրավունքի խախտումը, ինչպես նաև տարածքային ընդդատության կանոնի խախտումը` որպես էական խախտում, որոնք հիմք են հանդիսանում ցանկացած դեպքում դատական որոշումը բեկանելու համար (այսինքն` անկախ նրանից, թե առաջին կետի պահանջները արդյոք պահպանվել են, թե ոչ):
Ե. Քաղաքացիական դատավարության 1963թ. օրենսգիրքը.
139. Օրենգրքի 31-A գլուխը վերաբերում է պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների կամ անգործության բողոքարկմանը: Մասնավորապես, 248-1 հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր անձ, ով գտնում է, որ իր իրավունքներն ու ազատությունները խախտվել են պետական մարմնի կամ պաշտոնատար անձանց որոշումներով, գործողություններով կամ անգործությամբ, կարող է բողոք ներկայացնել դատարան:
Զ. “Հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության և դատարանի ապօրինի գործողություններով քաղաքացուն պատճառած վնասը փոխհատուցելու կարգի մասին” Ուկրաինայի օրենքը (“Փոխհատուցման մասին օրենք”)
140. 1-ին և 2-րդ հոդվածներին (մինչև 2005թ. դեկտեմբերի 1-ի փոփոխությունները) կարելի է ծանոթանալ հետևյալ որոշումներում` Kobstev v. Ukraine (գանգատ թիվ 7324/02, կետ 35, 2006թ. ապրիլի 4) և Afanasyev v. Ukraine (գանգատ թիվ 38722/02, կետ 52, 2005թ. ապրիլի 5):
141. 2005թ. դեկտեմբերի 1-ին Փոխհատուցման մասին օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, փոխհատուցման իրավունք առաջացնող դեպքերի ցանկի մեջ ներառվել է հետևյալ կետը.
“(1-1) եթե կալանավորելու և կալանքի տակ պահելու ապօրինությունը հաստատվել է դատարանի որոշմամբ (բացառությամբ գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու մասին որոշումների):”
Է. Ուկրաինայի Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսմենի) 2004-2005թ.թ. զեկույցից քաղվածքներ.
142. 4.4 գլխից համապատասխան քաղվածքները սահմանել են.
“Միլիցիայի բաժանմունքներում գտնվելու ընթացքում ձերբակալված անձինք ենթարկվում են ծեծի կամ նվաստացումների զոհ դառնալու ընդգծված վտանգի...:
Պաշտպանը յուրաքանչյուր տարեկան զեկույցում ընդգծում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալվածներին պարբերաբար ենթարկում են խոշտանգումների...:
Պաշտպանը բազմաթիվ անգամ նշել է, որ միլիցիայի աշխատակիցների կողմից բռնություն կիրառելու հիմնական պատճառներից մեկն է հանդիսանում այն, որ հանցագործությունների բացահայտման ցուցանիշը մնում է գործունեության արդյունքների մասին հաշվետվողականության հիմնական առարկան: Միլիցիան բացահայտման անհրաժեշտ մակարդակի է հասնում անմեղ մարդկանց խոշտանգելով: Դա հաստատող տվյալները լուրջ անհանգստություն են առաջացնում:
Հաջորդ երևույթը գրանցվել է նախկինում և մինչ օրս արդիական է: Որպեսզի ստուգվի, թե արդյոք անձը առնչություն ունի հանցագործության հետ, նա մտացածին հիմքերով ենթարկվում է վարչական կալանքի և ենթարկվում է խոշտանգումների` իր կամքը կոտրելու և հանցագործությունը կատարելու մասին խոստովանություն կորզելու նպատակով: Հատկապես այդ ընթացքում է արգելանքի վերցված անձը ենթարկվում կյանքը կորցնելու կամ հաշմանդամ դառնալու վտանգի, ինչպես նաև ենթարկվում անտանելի ստորացումների և սեփական արժանապատվության կորստի:”
III. Համապատասխան միջազգային փաստաթղթերը.
143. 2005թ. հոկտեմբերի 9-ից 21-ը Ուկրաինա կատարած այցի արդյունքներով ուկրաինական կառավարությանը ներկայացված Խոշտանգումների Կանխարգելման Եվրոպական Կոմիտեի զեկույցից համապատասխան քաղվածքները սահմանում են.
“...
15. Ուկրաինա կատարած ԽԿԵԿ-ի առաջին այցելությունից ի վեր ազատությունից զրկված անձանց հետ ներքին գործերի մարմինների աշխատակիցների վերաբերմունքը հարուցել է շատ լուրջ անհանգստություն: 2005թ. այցելությունն արձանագրել է դաժան վերաբերմունքի ծավալների աննշան փոքրացում` աննշան, որպեսզի փարատեր այդ կապակցությամբ Կոմիտեի անհանգստությունները: Իրականում, 2005թ. այցելության ընթացքում Կոմիտեի պատվիրակությունը ստացել է ձերբակալված անձանց նկատմամբ օպերատիվ աշխատակիցների կողմից կանխամտածված դաժան ֆիզիկական վերաբերմունքի մասին լուրջ քանակության պնդումներ, մասնավորապես, միլիցիայի շրջանային բաժանմունքներում առաջին հարցաքննությունների ընթացքում քրեական հանցագործությունների կատարման խոստովանություններ ստանալու կամ չբացահայտված հանցագործությունների վերաբերյալ հետագայում խոստովանություններ ստանալու նպատակով: [...] Որոշ դեպքերում ենթադրյալ դաժան վերաբերմունքի ծանրությունը կամ դաժան վերաբերմունքի մի քանի տեսակների զուգակցումը եղել են այնպիսին, որ կարելի էր դրանք բնութագրել որպես խոշտանգում:
...
18. Պատվիրակության հետևությունների լույսի ներքո Կոմիտեն այլ ընտրություն չունի, քան կրկնելու 2002թ. այցելության մասին հաշվետվության 20-րդ կետում շարադրված հետևությունները: Այժմ, երեք տարի անց, Կոմիտեն ստիպված է հայտարարել, որ ներքին գործերի աշխատակիցների կողմից ազատությունից զրկված անձինք, ինչպես նախկինում, մասնավորապես հարցաքննությունների ընթացքում ենթարկվում են դաժան վերաբերմունքի (առանձին դեպքերում դաժան վերաբերմունքի լուրջ ձևերի/խոշտանգումների):
Իրավունքի հարցեր
I. Առաջին դիմողի նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ենթադրյալ խախտումը.
144. Առաջին դիմողը գանգատվել է, որ ինքը միլիցիայի բաժանմունքներում ենթարկվել է խոշտանգումների և ազգային մարմինները չեն քննել իր գանգատները: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որը սահմանում է.
“Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:”
Ա. Գանգատի ընդունելիությունը.
145. Դատարանը նշում է, որ այդ գանգատները չեն հանդիսանում ակնհայտ անհիմն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 (a) կետի իմաստով: Բացի այդ, Դատարանը նշում է, որ դրանք չեն հանդիսանում անընդունելի նաև այլ հիմքերով: Հետևաբար, այդ գանգատները հայտարարվում են ընդունելի:
Բ. Գործի էությունը.
1. Հայտարարված դաժան վերաբերմունքը.
(ա) Կողմերի փաստարկները.
146. Առաջին դիմողը նշել է, որ միլիցիայի բաժանմունքում իրեն խոշտանգել են էլեկտրական հոսանքով: Վկայակոչելով 2004թ. մայիսի 24-ի և հունիսի 10-ի բժշկական եզրակացությունները և Շեպետովյան դատարանի 2006թ. հուլիսի 10-ի որոշման հետևությունները, նա ընդգծել է, որ միլիցիայի բաժանմունքում գտնվելու ընթացքում մարմնական վնասվածքներ ստանալը հանդիսանում է հաստատված փաստ: Առաջին դիմողը պնդել է նաև, որ թեև իշխանությունները հերքում են, որ իր նկատմամբ կիրառվել է էլեկտրական հոսանք, նրանք չեն կարողացել տալ որևէ ճշմարտանման բացատրություն այդ վնասվածքների առաջացման մասին: Բացի այդ, 2005թ. հունիսի 29-ի բժշկական եզրակացությունը, որը հաստատել է իր գանգատները, իշխանությունների կողմից չի վիճարկվել կամ առնվազն մեկնաբանվել;
147. Կառավարությունը պնդել է, որ առաջին դիմողը ողջամիտ կասկածից բարձր չի ապացուցել դաժան վերաբերմունքի մասին իր պնդումների ճշմարտացիությունը: Կառավարությունը նշել է, որ դիմողը երբեք որևէ գանգատ չի ներկայացրել Խմելնիցկիյի ԺՊՄ-ի կամ քննչական մեկուսարանի բժշկական անձնակազմին կամ վարչակազմին: Թեպետ 2004թ. մայիսի 24-ի և հունիսի 10-ի բժշկական եզրակացությունները հաստատել են, որ առաջին դիմողի մոտ եղել են որոշ մարմնական վնասվածքներ, դրանք հերքել են այդ վնասվածքների առաջացման վերաբերյալ նրա պնդումները: Բացի այդ, տվյալ վնասվածքները դասակարգվել են որպես թեթև (աննշան): Ընդհանուր առմամբ, Կառավարությունը գտել է, որ առաջին դիմողի գանգատները նրա գործի դատական քննության ընթացքում պատըշաճ կերպխով ստուգվել են ազգային դատարանների կողմից և արդարացիորեն մերժվել են չհիմնավորված լինելու պատճառով:
(բ) Դատարանի գնահատականը.
148. Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածն ամրագրում է Եվրոպայի Խորհրդի կազմի մեջ մտնող պետությունների ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքները և համարվում է Կոնվենցիայի հիմնարար դրույթներից մեկը, որը թույլ չի տալիս որևէ բացառություն (այլ աղբյուրների շարքում տե’ս Selmouni v. France [GC], գանգատ թիվ 25803/94, կետ 95, ECHR 1999-V): Եթե գանգատը վերաբերում է այդ դրույթին, Դատարանն այն պետք է առավել մանրամասն քննարկի` հիմնվելով կողմերի ներկայացրած նյոթերի վրա (տե’ս Matyar v. Turkey, գանգատ թիվ 23423/94, կետ 109, 2002թ. փետրվարի 21 և Ulku v. Turkey, գանգատ թիվ 27602/95, կետ 136, 2002թ. հուլիսի 16):
149. Դաժան վերաբերմունքի կոնկրետ ձևը որպես խոշտանգում դասակարգելու համար անհրաժեշտ է հաշվի առնել 3-րդ հոդվածում ամրագրված տարբերությունը այդ հասկացության և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հասկացության միջև: Ինչպես արդեն նշվել է նախկին որոշումներում, այդ տարբերությունները նպատակ են հետապնդում առավելապես դատապարտել լուրջ տառապանքներ առաջացնող անմարդկային վերաբերմունքի առանձնահատուկ դաժան ձևերը (տե’ս Ireland v. the United Kingdom, 1978թ. հունվարի 18, կետ 167, Սերիա A, թիվ 25): Ի լրումն դաժան վերաբերմունքի ծանրությանը, խոշտանգման դեպքում գոյություն ունի կանխամտածվածության տարր ինչպես նշված է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաաստացնող վերաբերմունքի ձևերի և պատժի դեմ ՄԱԿ-ի Կոնվենցիայում, որի 1-ին հոդվածը սահմանում է, որ խոշտանգումը, մասնավորապես, տեղեկություններ ստանալու, պատժելու կամ վախեցնելու նպատակով դիտավորյալ ուժեղ ցավ կամ տառապանք պատճառելն է (տե’ս վերը հիշատակված Selmouni -ի գործով որոշումը, կետ 97 և Akkoc v Turkey, գանգատներ թիվ 22947/93 և 22948/93, կետ 115, ECHR 2000-X): Վերոհիշյալ Selmouni-ի գործով որոշման մեջ Դատարանը եկել է հետևության, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում անհրաժեշտ են առավել խիստ չափանիշներ և անխուսափելիորեն անհրաժեշտ է ցուցաբերել առավել տոկունություն ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքների խախտումները գնահատելու ժամանակ (կետ 101):
150. Ինչպես բազմաթիվ անգամ Դատարանը նշել է իր որոշումներում, դաժան վերաբերմունքի մասին հայտարարությունները պետք է հաստատվեն համապատասխան ապացույցներով: Ապացույցները գնահատելիս Դատարանը սովորաբար կիրառում է “ողջամիտ կասկածից վեր” ապացուցման չափանիշը: Նման ապացույցները կարող են հետևել բավական ուժեղ, հստակ և փոխհամաձայնեցված հետևությունների կամ նմանատիպ անհերքելի փաստերի կանխավարկածի համակցությունից (որպես դասական օրինակ տե’ս վերը հիշատակված Ireland v. the United Kingdom գործով որոշումը, կետ 161): Երբ քննարկվող դեպքերն ամբողջությամբ կամ առավելապես գտնվում են իշխանությունների բացառիկ իրավասության ներքո, օրինակ` ազատությունից զրկված անձանց դեպքում, նման ազատազրկման ժամանակ ստացված վնասվածքների կապակցությամբ առաջանում է ուժեղ փաստական կանխավարկած: Նման դեպքերում ապացուցման բեռը կարող է դրվել իշխանությունների վրա, որոնք պետք է ներկայացնեն ճշմարտանման և համոզիչ բացատրություններ (տե’ս Salman v. Turkey, [GC], գանգատ թիվ 21986/93, կետ 100, ECHR 2000-VII):
151. Վերադառնալով սույն գործի փաստերին, Դատարանը նշում է, որ 2004թ. մայիսի 24-ի և հունիսի 10-ի երկու դատաբժշկական փորձաքննությունները, որոնք կատարվել են քննիչի հանձնարարությամբ, դիմողի մոտ հայտնաբերել են մարմնական վնասվածքներ, որոնք իրենցից ներկայացրել են մոտ քսան կետային վնասվածքներ երկու կոճերի վրա և մանուշակագույն վերք ազդրի վրա: Ընդ որում, հետևություն է արվել, որ այդ վնասվածքները ստացվել են այն ժամանակ, երբ դիմողը գտնվել է միլիցիայում արգելանքի տակ (տե’ս վերը 17-րդ և 22-րդ կետերը): Դա կողմերը չեն վիճարկել:
152. Միաժամանակ, Դատարանը նշում է, որ կողմերը տարբեր բացատրություն են տվել այդ վնասվածքների առաջացման մասին: Մի կողմից, առաջին դիմողը տվել է մանրամասն և հետևողական բացատրություն, որոնք հաստատվել են մասնավոր դատաբժշկական եզրակացության 2005թ. հունիսի 29-ի հետևություններով (տե’ս վերը 32-րդ կետը), որոնց համաձայն, միլիցիայի բաժանմունքում իր նկատմամբ կիրառվել է էլեկտրական հոսանք: Մյուս կողմից, իշխանությունների վարկածը հաստատվում է 2004թ. մայիսի 24-ի և հունիսի 10-ի պաշտոնական բժշկական եզրակացություններով այն մասին, որ քննարկվող վնասվածքները “կարող էին առաջանալ բութ կոշտ առարկաներից”, առանց 2005թ. հունիսի 29-ի եզրակացության հետևությունների կապակցությամբ որևէ լրացուցիչ մանրամասն կամ մեկնաբանություն ներկայացնելու, թեև այդ եզրակացությունը կցված է եղել առաջին դիմողի քրեական գործի նյութերին (տե’ս վերը 17-րդ, 22-րդ և 82-րդ կետերը):
153. Դատարանը համոզիչ չի համարում դիմողի վնասվածքներն առաջանալու վերաբերյալ Կառավարության բացատրությունները: Դատարանը համաձայն չէ նաև իշխանությունների այն տեսակետի հետ, որ այն փաստը, որ առաջին դիմողը ԺՊՄ-ի կամ քննչական մեկուսարանի վարչակազմ որևէ բողոք չի ներկայացրել դաժան վերաբերմունքի մասին, կասկածի տակ է դնում նրա պնդումների արժանահավատությունը: Նա կարող էր ձեռնպահ մնալ ԺՊՄ-ի վարչակազմին բողոքներ ներկայացնելուց, հաշվի առնելով նրա կառուցվածքային կապը միլիցիայի հետ, որին նա մեղադրել է խոշտանգումների մեջ (տե’ս վերը 135-րդ կետը): Միաժամանակ, Դատարանն ուշադրությունից բաց չի թողնում առաջին դիմողի փորձերը այդ հարցը ներկայացնելու դատախազությանը, որը հաստատվում է նրանով, որ Խմելնիցկիյի քաղաքային դատախազությունը հանձնարարել է անցկացնել 2004թ. մայիսի 24-ի բժշկական փորձաքննությունը: Ինչ վերաբերում է քննչական մեկուսարանի վարչակազմին երբևէ բողոք չներկայացնելուն, ապա Դատարանը գտնում է, որ դա անիմաստ էր, քանի որ քննչական մեկուսարան տեղափոխելու օրվա դրությամբ (2004թ. հուլիսի 22), դատախազությունն արդեն կազմակերպել էր երկու բժշկական հետազոտություն և որոշում էր կայացրել միլիցիայի աշխատակիցների դեմ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
154. Հաշշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ իշխանությունները չեն վիճարկել և նույնիսկ չեն մեկնաբանել էլեկտրական հոսանքի կիրառման միջոցով դաժան վերաբերմունքի մասին դիմողի պնդումները հաստատող բժշկական եզրակացությունը, Դատարանը` ապացուցման չափանիշներին համապատասխան, հաստատված է համարում, որ բժշկական եզրակացություններում նշված մարմնական վնասվածքները եղել են դիմողի կողմից նկարագրված վերաբերմունքի արդյունք, որոնց համար պատասխանատվություն է կրում Կառավարությունը (տե’ս Polonskiy v. Russia, գանգատ թիվ 30033/05, կետ 123, 2009թ. մարտի 19 և վերը հիշատակված Mehmet Emin Yuksel v. turkey, գանգատ թիվ 40154/98, կետ 30, 2004թ. հուլիսի 20):
155. Հաշվի առնելով, որ դիմողն առաջին անգամ տ-ն ի-ի սպանությունը խոստովանել է 2004թ. մայիսի 21-ին` ըստ էության ձերբակալված լինելով գործի հետ չկապված վարչական իրավախախտման համար և հաշվի առնելով մինչև 2004թ. մայիսի 26-ի և 28-ի իր կրկնակի խոստովանությունները միլիցիայի կողմից ծեծվելու մասին նրա պնդումները, Դատարանը հավանական է համարում, որ միլիցիայի աշխատակիցները խոստովանություն կորզելու նպատակով են նրա նկատմամբ կանխամտածված կիրառել դաժան վերաբերմունք (տե’ս Durmus Kurt v. Turkey, գանգատ թիվ 12101/03, կետ 31, 2007թ. մայիսի 31):
156. Բացի այդ, հաշվի առնելով այն, որ առաջին դիմողը և նրա կինը (երկրորդ դիմողը), որը գտնվել է հղիության ութերորդ ամսում, 2004թ. մայիսի 21-ի ընթացքում հարցաքննվել են գրեթե միևնույն ժամանակ և միլիցիայի միևնույն բաժանմունքում, Դատարանն արժանահավատ է համարում առաջին դիմողի պնդումն այն մասին, որ իրեն անուղղակիորեն վախեցրել են կնոջը խոշտանգումների ենթարկելով (տե’ս վերը 14-րդ և 116-րդ կետերը, ինչպես նաև ստորև 189-րդ կետը): Դատարանը կրնում է, որ 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունք կիրառելու սպառնալիքները, պայմանով, որ դրանք բավականաչափ իրական և անմիջական են, կարող են հանդիսանալ այդ դրույթի խախտում (տե’ս Gafgen v. germany [GC], գանգատ թիվ 22978/05, կետ 91, ECHR 2010): Դատարանը հիշեցնում է, որ վերը վկայակոչված Akkoc v. Turkey գործով քննարկվող գործողությունները որպես խոշտանգում որակելու ժամանակ հաշվի է առել զոհի երեխաների վերաբերյալ սպառնալիքների հոգեբանական ազդեցությունը (116 և 117 կետեր): Բացի այդ, Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առաջին դիմողի կնոջ նկատմամբ (որը հատկապես խոցելի էր հղիության ժամկետի պատճառով և առաջին դիմողը տեղյակ էր, որ նա գտնվում է միլիցիայում) խոշտանգումներ կիրառելու սպառնալիքները պետք է, որ զգալիորեն ծանրացնեին նրա հոգեբանական տառապանքները:
157. Դատարանը նախկինում հաստատել է, որ մարդու նկատմամբ էլեկտրական հոսանքի կիրառումը հանդիսանում է դաժան վերաբերմունքի հատուկ լուրջ ձև, ի վիճակի է պատճառել ուժեղ ցավ և դաժան տառապանքներ և, այդ իսկ պատճառով, կարող է որակվել որպես խոշտանգում, եթե նույնիսկ այն չի առաջացրել առողջության համար երկարատև հետևանքներ (տե’ս վերը հիշատակված Polonskiy v. Russia գործով որոշումը, կետ 124 և Buzilov v. Moldova, գանգատ թիվ 28653/05, կետ 32, 2009թ. հունիսի 23): Դատարանը որևէ պատճառ չի տեսնում սույն գործով այլ մոտեցում կիրառելու համար: Բացի այդ, Դատարանը համարում է, որ ինչպես վկայում են սույն գործի բոլոր հանգամանքները, առաջին դիմողի նկատմամբ դաժան վերաբերմունքը ուղղված է եղել նրան վախեցնելուն և վիրավորելուն, նրա կամքը կոտրելուն և քրեական հանցագործություն կատարելու խոստովանություն կորզելուն:
158. Վերջապես, պակաս կարևոր չէ այն, որ սույն գործով առաջին դիմողի պնդումների մասին Դատարանի տագնապալից հետևությունները համընկնում են նույն ժամանակաընթացքում Ուկրաինայի Օմբուդսմենի և Խոշտանգումների ու անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման Եվրոպական Կոմիտեի հետևությունների հետ, այն մասին որ գոյություն ունի միլիցիայում արգելանքի տակ գտնվող անձանց նկատմամբ խոշտանգումներ կիրառելու լուրջ վտանգ` հատկապես հանցագործությունների բացահայտման նպատակով հարցաքննությունների ընթացքում (տե’ս վերը 142-143 կետերը):
159. Հաշվի առնելով առաջին դիմողի նկատմամբ դաժան վերաբերմունքի ծանրությունը և ուղեկցող հանգամանքները, Դատարանը նշում է, որ նա եղել է շատ լուրջ և դաժան տառապանքների զոհ, որոնք կարող են որակվել որպես խոշտանգում: Համապատասխանաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` նյութական առումով:
2. Քննության արդյունավետությունը.
160. Առաջին դիմողը պնդել է, որ չի անցկացվել միլիցիայի կողմից խոշտանգումների մասին իր բողոքների արդյունավետ քննություն:
161. Կառավարությունը չի համաձայնվել այդ տեսակետի հետ, նշելով, որ քննության արդյունավետությունը ստուգվել և հաստատվել է առաջին դիմողի գործի երկու ատյանում դատական քննության ընթացքում:
162. Դատարանը նշում է, որ երբ անձը ներկայացնում է վստահելի բողոք 3-րդ հոդվածի խախտմամբ դաժան վերաբերմունքի ենթարկվելու մասին, ապա այդ դրույթը, Կոնվենցիայի 1-ին հոդվածով ամրագրված “իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների ապահովման” պետությունների ընդհանուր պարտականության հետ մեկտեղ ենթադրում է արդյունավետ պաշտոնական քննության անցկացում (ի թիվս այլոց տե’ս Labita v. Italy [GC], գանգատ թիվ 26772/95, կետ 131, ECHR 2000-IV): Այսպիսով, իշխանությունները միշտ պետք է ձեռնարկեն առավելագույն ջանքեր, որպեսզի պարզեն, թե ինչ է տեղի ունեցել և քննությունը դադարեցնելիս կամ որոշում ընդունելիս չպետք է հիմնվեն հապճեպ և չհիմնավորված հետևությունների վրա (տե’ս Assenov and Others v. Bulgaria, 1998թ. հոկտեմբերի 28, կետ 103, Report of Judgments and Decisions 1998-VIII):
163. Դատարանը գտնում է, որ սույն գործով իշխանությունները չեն իրականացրել անհրաժեշտ ջանքեր պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել միլիցիայի Հարավ-արևմտյան բաժանմունքում: Իշխանությունները, սակայն, հետևողականորեն ձգտել են դիմողի բողոքների անհիմն լինելը պատճառաբանել նրանով, թե իբր դիմողի նկատմամբ էլեկտրական հոսանք չի կիրառվել: Միևնույն ժամանակ, նրանք չեն էլ փորձել նույնիսկ պարզաբանել այն հանգամանքները, որոնցում դիմողը ստացել է իր վնասվածքները:
164. Թեև վերոհիշյալ բացթողումը մի քանի անգամ ճանաչվել և քննադատվել է ազգային մարմինների կողմից (տե’ս վերը 61-րդ, 67-րդ, 82-րդ և 83-րդ կետերը), այն այդպես էլ չի վերացվել: Այսպիսով, Դատարանը նշում է, որ միլիցիայի աշխատակիցների դեմ քրեականմ գործի հարուցումը մերժելու մասին Խմելնիցկիյի քաղաքային դատախազության 2004թ. հունիսի 18-ի որոշումը բողոքարկելու առաջին դիմողի փորձերը մերժվել են այն պատրվակով, որ այդ հարցը քննարկվելու է իր վերաբերյալ քրեական գործի քննության շրջանակներում (տե’ս վերը 95-րդ կետ): Դատարանը սկզբունքորեն կասկածում է նման մոտեցման համաչափ լինելուն, հաշվի առնելով, որ դիմողի վերաբերյալ քրեական վարույթի նպատակը եղել է նրան առաջադրված մեղադրանքում մեղավոր կամ անմեղ ճանաչելը, այլ ոչ թե բռնությունների համար պատասխանատու անձանց պարզելը կամ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման համար փոխհատուցում նշանակելը (տե’ս Toteva v. Bulgaria, գանգատ թիվ 42027/98, 2003թ. ապրիլի 3): Դատարանը նշում է, որ Տերնոպոլի դատարանի կողմից միլիցիայի աշխատակիցների կիրառած բռնությունների մասին դիմողի պնդումների ստուգումը սահմանափակվել է միլիցիայի աշխատակիցների և բժշկական փորձագետների բազմաթիվ հարցաքննություններով, որոնք հերքել են, որ դիմողի նկատմամբ կիրառվել է էլեկտրական հոսանք, որ վնասվածքները կարող էին պատճառվել “բութ կոշտ առարկաներով”` առանց որևէ լրացուցիչ բացատրությունների: Դատարանն ապշեցուցիչ է համարում, որ առաջին ատյանի դատարանը, ինչպես բխում է 2007թ. օգոստոսի 31-ի որոշումից, ընդհանրապես անտեսել է այլընտրանքային բժշկական եզրակացությունը, որը կցված է եղել քրեական գործի նյութերին և հաստատել է առաջին դիմողի պնդումները (տե’ս վերը 32-րդ և 109-րդ կետերը): Ինչ վերաբերում է Գերագույն դատարանում գործի հետագա քննությանը, Դատարանը հանգում է հետևության, որ այն եղել է մակերեսային և ակնհայտորեն անտեսել է կարևոր փաստերն ու փաստաթղթերը: Մասնավորապես, Գերագույն դատարանը սահմանափակվել է քննչական գործողությունների տեսագրությունները վերլուծելով, որոնցում դիմողի մարմնի վրա վնասվածքներ չեն երևացել, և դա բավարար է համարվել նրա բողոքներն անհիմն ճանաչելու համար: Բացի այդ, Գերագույն դատարանը նշել է, որ առաջին դիմողը “ոչ մի անգամ չի մատնանշել կոնկրետ անձանց, ովքեր իր նկատմամբ կիրառել են ֆիզիկական ճնշում” և որ “այն հարցերին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանել է` լավ”, թեպետ այդ ժամանակ հայտնի է եղել, որ նա ներկայացրել էր բավականին կոնկրետ բողոքներ` նշելով կոնկրետ պաշտոնատար անձանց ազգանուններ (տե’ս վերը 61-րդ, 82-րդ և 113-րդ կետերը) և միլիցիայում արգելանքի տակ գտնվելու/ ընթացքում նրա ստացած վնասվածքները պաշտոնապես գրանցված են եղել:
165. Դատարանը հանգում է հետևության, որ միլիցիայի կողմից իր նկատմամբ կիրառված դաժան վերաբերմունքի մասին առաջին դիմողի բողոքների արդյունավետ քննություն չի իրականացվել: Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում նաև դատավարական առումով:
II. Առաջին դիմողի նկատմամբ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերի ենթադրյալ խախտումները.
166. Առաջին դիմողը գանգատվել է, որ իրեն 2004թ. մայիսի 20-ից մինչև 26-ը կալանքի տակ պահելը եղել է ոչ օրինական և կամայական: Բացի այդ, նա գանգատվել է, որ ինքն անհապաղ չի տեղեկացվել 2004թ. մայիսի 20-ին իրեն կալանավորելու պատճառների մասին և դատարան է ներկայացվել ազատությունից զրկվելուց միայն վեց օր անց: Նա նաև գանգատվել է, որ 2006թ. նոյեմբերի 22-ից 23-ը և դեկտեմբերի 18-ից 21-ը իրեն կրկին անգամ կալանավորելը եղել է ոչ օրինական, ինչպես և իրեն կալանքի տակ պահելու հետագա ժամանակահատվածները` 2007թ. փետրվարի 23-ից, մինչև մարտի 21-ը, քանի որ չի եղել կալանքը թույլատրող որևէ որոշում, 2004թ. հոկտեմբերի 14-ից մինչև 2005թ. մայիսի 5-ը և 2007թ. մարտի 21-ից մինչև օգոստոսի 31-ը, քանի որ հիմնված է եղել չպատճառաբանված դատական որոշումների վրա, որոնք չեն նախատեսել որևէ ժամկետային սահմանափակումներ: Բացի այդ, առաջին դիմողը գտնում է, որ իրեն կալանքի տակ պահելու ընդհանուր տևողությունը չի կարող համարվել ողջամիտ: Վերջապես, նա գանգատվել է, որ Ուկրաինայի օրենսդրությունը չի ապահովել իրեն ապօրինի կալանավորելու համար փոխհատուցում պահանջելու հնարավորություն: Առաջին դիմողը վկայակոչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերը, որոնք սահմանում են.
“1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
...
(գ)անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը ` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար, ...
2. Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղակացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին:
3. Սույն հոդվածի առաջին կետի (գ) ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով: ...
5. Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման:”
Ա. Գանգատի ընդունելիությունը.
167. Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետով առաջին դիմողի գանգատը պետք է մերժվի որպես ratione personae պահանջի հետ անհամատեղ` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված նրա իրավունքների ենթադրյալ խախտման համար փոխհատուցում ստանալու կապակցությամբ: Կառավարությունն այդ առումով նշել է, որ առաջին դիմողը պնդել է, ըստ էության, որ ինքը 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման զոհ է դարձել միայն 1-ին կետի (գ) ենթակետի, այլ ոչ մնացած դրույթների հետ կապված:
168. Դիմողը չի համաձայնվել Կառավարության առարկություններին, նշելով, որ իր դիմումում ինքը վկայակոչել է 5-րդ հոդվածի 5-րդ կետը` 1-4-րդ կետերի զուգորդմամբ:
169. Դատարանը կրկնում է, որ ներկայացված գանգատները քննարկում է դրանցում շարադրված փաստերի հիման վրա` ոչ միայն իրավական հիմնավորումների կամ ներկայացված փաստարկների վրա հիմնվելով: Ունենալով գործի հանգամանքների իրավաբանական որակում տալու իրավասություն և նկատի ունենալով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետով առաջին դիմողի գանգատի էությունը, Դատարանը որոշում է գանգատը քննարկել միայն 5-րդ հոդվածի 1-ին կետի (գ) ենթակետի կապակցությամբ (տե’ս Guerra and Others v. Italy, 1998թ. փետրվարի 19, կետ 44, Reports 1998-I):
170. Հետևաբար, անհրաժեշտություն չկա պաշտպանել կամ մերժել Կառավարության առարկությունները:
171. Դատարանը նշում է, որ ներկայացված գանգատները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3(ա) կետի իմաստով չեն հանդիսանում ակնհայտ անհիմն կամ անընդունելի որևէ այլ հիմքով: Հետևաբար, դրանք պետք է հայտարարվեն ընդունելի:
Բ. Գանգատի էությունը.
1. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը.
172. Դատարանը նշում է, որ այս հոդվածով առաջին դիմողի գանգատները վերաբերում են մի քանի առանձին դրվագների և իրեն ազատությունից զրկելու ժամանակահատվածների և Դատարանը դրանք կքննարկի առանձին;
(ա) Դիմողին կալանքի տակ պահելը 2004թ. մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում.
173. Առաջին դիմողը նշել է, որ 2004թ. մայիսի 20-ին իրեն կալանավորելը չի հիմնավորվել հանցանք կատարելու հիմնավոր կասկածանքով: Այնուհետև, նա նշել է, որ 2004թ. մայիսի 20-ին ժամը 13.00-ից մինչև 21.45-ը իրեն ազատությունից զրկելը չի արձանագրվել, իսկ իր հետագա վարչական կալանքն ընդամենը պատրվակ է եղել քննվող սպանության կապակցությամբ հարցաքննելու նպատակով իրեն կալանավորելու համար; Առաջին դիմողն ընդգծել է, որ նույնիսկ այդ մտացածին պատրվակը վերացել է 2004թ. մայիսի 22-ին, երբ փորձագետը տվել է եզրակացություն այն մասին, որ իր մոտ հայտնաբերված նյութը թմրամիջոց չի հանդիսանում: Նա նաև պնդել է, որ իր վարչական կալանքը փոխվել է քրեականով և որ ինքը որպես հանցագործության մեջ կասկածվող 2004թ. մայիսի 23-ից 26-ը գտնվել է կալանքի տակ առանց դատարանի որոշման, որն իր կարծիքով, հակասել է Սահմանադրության 29-րդ հոդվածի երաշխիքին, որը կալանքը թույլատրում է հատուկ դեպքերում, որոնք կիրառելի չեն եղել իր դեպքում:
174. Կառավարությունը պնդել է, որ առաջին դիմողը 2004թ. մայիսի 20-ին ձերբակալվել է թմրամիջոցի հետ կապված իրավախախտման կասկածանքով և նրա ձերբակալումը համապատասխանել է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 263-րդ հոդվածին: Կառավարությունը նշել է, որ դիմողն առանց դատախազի կամ դատարանի թույլտվության վարչական կարգով կալանավորվել է երեք օր ժամկետով, որը թույլատրվում է վերոհիշյալ իրավական դրույթի համաձայն, որից հետո (2004թ. մայիսի 23-ին) նա ազատ է արձակվել: Ինչ վերաբերում է դրանից հետո (2004թ. մայիսի 23-ից 26-ը) դիմողին կալանքի տակ պահելուն, Կառավարությունը պնդել է, որ այն հիմնվել է սպանությանը մասնակցություն ունենալու հիմնավոր կասկածի վրա և համապատասխանել է քրեական դատավարության օրենսդրությանը:
175. Դատարանը կրկնում է, որ “հիմնավոր կասկածը” ենթադրում է փաստերի կամ տեղեկության առկայություն, որոնք անաչառ դիտորդին կարող են համոզել, որ անձը կարող էր հանցանք կատարած լինել (տե’ս Fox, Campbell and Hartley v. the United Kingdom, 1990թ. օգոստոսի 30, կետ 32, Series A no. 182): Հարցաքննության համար ձերբակալության նպատակը հետագա քրեական հետաքննությունն է ձերբակալման համար հիմք հանդիսացած կասկածները հաստատելու կամ հերքելու համար (տե’ս Murray v. the United Kingdom, 1994թ. հոկտեմբեր 28, կետ 55, Series A, no. 300-A): Սակայն պահանջը, որպեսզի կասկածն ունենա ողջամիտ հիմքեր, հանդիսանում է կամայական ձերբակալումից կամ կալանավորումից պաշտպանվելու էական տարր: Ավելին, հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում անձի ձերբակալումը կամ կալանավորումը չի կարող իրականացվել նրանից խոստովանություն, այլ անձանց դեմ ցուցմունք կամ փաստեր կամ տեղեկություններ ստանալու նպատակով, որը կարող է ծառայել կասկածը հիմնավորելու համար (տե’ս Cebotari v. Moldova, գանգատ թիվ 35615/06, կետ 48, 2007թ. նոյեմբերի 13):
176. Դատարանը նաև նշում է, որ անձի չարձանագրված ազատազրկումը հանդիսանում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածում պարունակվող սկզբունքորեն կարևոր երաշխիքների լիովին անտեսում և իրենից ներկայացնում է այդ դրույթի կոպիտ խախտում: Այնպիսի տվյալների արձանագրման բացակայությունը, ինչպիսիք են ձերբակալման օրը, ժամը և վայրը, ձերբակալվածի տվյալները, նրան ձերբակալելու հիմքերը և ձերբակալումն իրականացրած անձի տվյալները, պետք է դիտարկվեն որպես Կոնվենցիայի 5-րդ հոդվածի նպատակի և օրինականության պահանջների հետ անհամատեղելի (տե’ս Kurt v. Turkey, 1998թ. մայիսի 25, կետ 125, Reports 1998-III):
177. Անդրադառնալով սույն գործին, Դատարանը նշում է, որ առաջին դիմողին 2004թ. մայիսի 20-ին մինչև նրան վարչական կալանքի ենթարկելը ձերբակալելու հիմքերի վերաբերյալ բացատրություն և նրան միլիցիայի կողմից ձերբակալելու համար հիմք հանդիսացող կասկածի ձևակերպում պարունակող միակ փաստաթուղթ է հանդիսանում նրան ձերբակալած աշխատակիցների ներքին զեկուցագիրն իրենց պետին, որի համաձայն, ձերբակալումը պայմանավորված է եղել նրանով, որ դիմողը “արագ քայլել է` շուրջբոլորը նայելով’ և որ նա տարակուսել է գնալ տուն, թե այլ տեղ (տե’ս վերը 7-րդ կետը): Դատարանը գտնում է, որ, առաջին հերթին, այդ զեկուցագիրը չի հանդիսանում ձերբակալումն արձանագրող իրական փաստաթուղթ, և, երկրորդ, այդ փուլում չի եղել առաջին դիմողի կողմից ինչ-որ հանցանք կատարելու որևէ հիմնավոր կասկած:
178. Առաջին դիմողին հետագա ազատությունից զրկելու վերաբերյալ (2004թ. մայիսի 20-ից 23-ը), որը միլիցիայի կողմից արձանագրվել է որպես վարչական իրավախախտում կատարելու կասկածանքի վրա հիմնված ձերբակալում, Դատարանը նշում է, որ այդ ընթացքում առաջին դիմողին վերաբերվել են իբրև հանցագործության` տ-ն Ի-ի սպանության, մեջ կասկածվողի: Նա քննիչի կողմից հարցաքննվել է այդ սպանության վերաբերյալ և խոստովանել է այն իր կողմից կատարելը, որից հետո միլիցիան խուզարկություններ է կատարել իր հաշվառման և փաստացի բնակության վայրերում (տե’ս վերը 35-38 կետերը): Ուշադրություն դարձնելով ոչ թե ձևականությունների, այլ իրական իրավիճակի վրա, Դատարանը գտնում է, որ դիմողի վարչական կալանքն իրականում հանդիսանում է նրան որպես սպանության մեջ կասկածյալ 5-րդ հոդվածի 1-ին կետի (գ) ենթակետի համապատասխան ազատությունից զրկելու մաս, սակայն առանց կասկածյալի դատավարական իրավունքները, մասնավորապես, պաշտպանության իրավունքը, ապահովելու (տե’ս Kafkaris v. Ciprus [GC], գանգատ թիվ 21906/04, կետ 116, ECHR 2008 և Doromin v. Ukraine, գանգատ թիվ 16505/02, կետեր 55-56, 2009թ. փետրվարի 19): Հիշատակված Doronin-ի գործով (կետ 56) Դատարանն իշխանությունների նման գործելաոճը ճանաչել է որպես իրավական որոշակիության սկզբունքի հետ անհամատեղելի և կամայական` իրավունքի գերակայության սկզբունքին հակասող: Այդ հետևությունն առավել արդարացված է սույն գործով, որով, ի տարբերություն Doronin-ի գործի, չի եղել դիմողին վարչական կարգով կալանավորելու մասին դատարանի որևէ որոշում և թմրամիջոցների հետ կապված իրավախախտում կատարելու մասին կասկածը նույնիսկ վերացել է ձևականորեն գոյություն ունենալ 2004թ. մայիսի 22-ին, թեև դիմողը վարչական կալանքի տակ անցկացրել է ևս մեկ օր (տե’ս վերը 11-12-րդ և 129-րդ կետերը):
179. Դատարանը նաև նշում է, որ 2004թ. մայիսի 23-ից 26-ը առաջին դիմողը ազատությունից զրկված է եղել քննիչի որոշմամբ` սպանություն և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով (տե’ս վերը 39-40-րդ կետերը): Այս հարցով կողմերի միջև հիմնական տարակարծությունը վերաբերում է անազատության մեջ պահելու ժամկետի համապատասխանությանը ազգային օրենսդրությանը:
180. Դատարանը կրկնում է, որ 5-րդ հոդվածի 1-ին կետի “օրինական” և “օրենքով սահմանված կարգով” հասկացությունները ըստ էության վերաբերում են ներպետական օրենսդրությանը և նախատեսում են այդ օրենսդրության նյութական և դատավարական դրույթները պահպանելու պարտականություն: Թեպետ ներպետական օրենսդրության մեկնաբանումն ու կիրառումը առաջին հերթին հանդիսանում են ազգային իշխանությունների, մասնավորապես, դատարանների խնդիրը, ներպետական օրենսդրության պահանջները չպահպանելը, 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, հանգեցնում է Կոնվենցիայի խախտման և Դատարանը կարող է ու պետք է որոշի, թե արդյոք այդ օրենսդրությունը կիրառվել է (ի թիվս այլ աղբյուրների տե’ս Behman v. the united Kingdom, 1996թ. հունիսի 10, կետ 41, Reports 1996-III, և Assanidze v. Georgia [GC], գանգատ թիվ 71503/01, կետ 171, ECHR 2004-II):
181. Դատարանը նշել է, որ Ուկրաինայի օրենսդրության համաձայն, ազատությունից զրկելն առանց դատարանի պատճառաբանված որոշման հնարավոր է միայն սպառիչ թվարկված մանրամասն նկարագրված դեպքերում: Այսպես, Սահմանադրության 29-րդ հոդվածը թույլատրում է նման միջոցի կիրառումը մինչև երեք օր ժամկետով և միայն հանցագործությունը կանխելու կամ կասեցնելու անհետաձգելի անհրաժեշտության դեպքում (տե’ս վերը 121-րդ կետը): Քրեական դատավարության օրենսգրքի 106-րդ և 115-րդ հոդվածների համաձայն (տե’ս վերը 130-րդ կետի հղումները), քննիչն անձին կարող է ձերբակալել, եթե նա բռնվել է հանցանքի վայրում, ականատեսները/տուժողը նրան մատնանշել են որպես հանցանքը կատարող կամ իր մարմնի կամ հագուստի վրա կան հանցագործության ակնհայտ հետքեր: Նկատի ունենալով առաջին դիմողի ձերբակալման նախօրոք պատրաստված և ստանդարտ ձևակերպված պատճառը, որտեղ նույնիսկ նշված չի եղել ձերբակալման համար իրավաբանորեն նախատեսված այդ պատճառներից որևէ մեկը (տե’ս վերը 39-րդ կետը), ինչպես նաև ընգծելով, որ այդ պահի դրությամբ դիմողն արդեն պաշտոնապես ձերբակալված էր որպես քրեական հանցագործության մեջ կասկածվող և առանց դատարանի որոշման արդեն իսկ երեք օր գտնվում էր անազատության մեջ, Դատարանը գտնում է, որ 2004թ. մայիսի 23-ից 26-ը քննիչի կողմից նրան ազատությունից զրկելը հանդիսացել է ներպետական իրավական երաշխիքների խախտում և, հետևաբար, Կոնվենցիայի իմաստով ոչ օրինական:
182. Այսպիսով, Դատարանը հանգում է հետևության, որ առաջին դիմողին 2004թ. մայիսի 20-ից 26-ը անազատության մեջ պահելու կապակցությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
(բ) Դիմողին կալանքի տակ պահելը 2004թ. հոկտեմբերի 14-ից մինչև 2005թ. մայիսի 5-ը և 2007թ. մարտի 21-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածներում.
183. Առաջին դիմողը պնդում է, որ այդ ժամանակահատվածներում ինքը կալանքի տակ է պահվել Խմելնիցկիյի քաղաքային դատարանի և Տերնոպոլի դատարանի համապատասխանաբար 2004թ. հոկտեմբերի 14-ի և 2007թ. մայիսի 21-ի որոշումների հիման վրա, որոնք կայացվել են գործի դատական քննության նախապատրաստական փուլում և երկու դեպքում էլ որոշումներում նշված չի եղել որևէ պատճառաբանություն կամ կալանքի ժամկետ:
184. Կառավարությունը նշել է, որ գործի դատական քննության նախապատրաստության ընթացքում առաջին ատյանի դատարանները ներպետական օրենսդրության համաձայն պարտավոր էին քննարկել խափանման միջոցի նպատակահարմարության հարցը և որ տվյալ դեպքում որևէ հիմք չկա պնդելու, որ դատարանները չեն կատարել իրենց այդ պարտականությունը:
185. Դատարանը նշում է, որ այդ ժամանակ գործող Ուկրաինայի օրենսդրությունը դատարաններից չի պահանջել նշել խափանման միջոցը փոփոխելու կամ մեղադրյալի կալանավորումն անփոփոխ թողնելու պատճառաբանություն կամ սահմանել անփոփոխ մնացող կալանքի ժամկետ (տե’ս վերը 137-րդ կետը):
186. Դատարանը նշում է, որ առաջին դիմողն այդ ժամանակահատվածներում կալանքի տակ է պահվել Խմելնիցկիյի քաղաքային դատարանում և Տերնոպոլի դատարանում գործի դատական քննության նախապատրաստության ընթացքում համապատասխանաբար 2004թ. հոկտեմբերի 14-ին և 2007թ. մարտի 21-ին ընդունված որոշումների հիման վրա: Դատարան ներկայացվել է այդ հիշատակված երկու որոշումներից միայն երկրորդը (տե’ս վերը 59-րդ և 106-րդ կետերը): Դատարանը նշում է, որ այդ որոշման մեջ նշված չէ առաջին դիմողին կալանքի տակ պահելու որևէ հիմնավորում և սահմանված չէ կալանքի որևէ ժամկետ: Հաշվի առնելով կիրառվող ներպետական օրենսդրությունը (տե’ս վերը 130-րդ և 137-րդ կետերը) և հակառակը հաստատող որևէ ապացույցի բացակայության պարագայում Դատարանը հանգում է այն հետևության, որ այդ որկու որոշումներից մյուսում նույնպես դիմողի կալանքի հարցը լուծվել է նույն կերպ:
187. Դատարանը նշում է, որ հստակ դրույթների բացակայությունը, թե մինչդատական վարույթի ընթացքում սահամանափակ ժամկետով ընտրված կալանավորումը կարող է արդյոք, և եթե այո, ապա ինչ պայմաններում է կարող երկարացվել դատական քննության փուլում, չի համապատասխանում 5-րդ հոդվածի 1-ին կետի նպատակներին հասնելու համար “օրենքի կանխատեսելիության” չափանիշին (տե’ս Baranowski v. Poland, գանգատ թիվ 28358/95, կետ 55, ECHR 2000-III):
188. Դատարանն արդեն բազմաթիվ դեպքերում ճանաչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, երբ Ուկրաինայի դատարանները կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել են անորոշ ժամկետով և առանց պատճառները բացատրելու (տե’ս, օրինակ, Yeloyev v. Ukraine, գանգատ թիվ 17283/02, կետեր 52-55, 2008թ. նոյեմբերի 6, Solovey and Zozulya v. Ukraine, գանգատներ թիվ 40774/02 և 4048/03, կետ 59, 2008թ. նոյեմբերի 27 և վերը հիշատակված Doronin-ի գործով որոշումը, կետ 59, 2009թ. փետրվարի 19): Բացի այդ, Դատարանը եկել է հետևության, որ այդ խնդիրը Ուկրաինայի դեմ գործերով մշտապես առաջանում է օրենսդրական բացի հետևանքով (տե’ս Kharchenko v. Ukraine, գանգատ թիվ 40107/02, կետ 98, 2011թ. փետրվարի 10):
189. Այսպիսով, Դատարանը հանգում է հետևության, որ այդ երկու ժամանակահատվածներում առաջին դիմողին կալանքի տակ պահելը հանգեցրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտման:
(գ) Դիմողին կալանքի տակ պահելը 2006թ. նոյեմբերի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում.
190. Դիմողն իրեն 2004թ. մայիսի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում առանց դատարանի պատճառաբանված որոշման կալանքի տակ պահելու վերաբերյալ փաստարկները պնդել է նաև 2006թ. նոյեմբերի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում իրեն կալանքի տակ պահելուն հավասարապես կիրառելի (տե’ս վերը 173-րդ կետը):
191. Կառավարությունն առարկել է, նշելով, որ դատախազը վերանայել է քննիչի կողմից դիմողին ազատությունից զրկելը, որոշում է կայացրել դիմողի օգտին և ազատ է արձակել նրան;
192. Դատարանը, հիմնվելով վերը բերված 181-րդ կետում իր հետևությունների վրա, գտնում է, որ դիմողին 2006թ. նոյեմբերի 22-ից 23-ը կալանքի տակ պահելը հակասել է ներպետական օրենսդրությանը և, հետևաբար, խախտվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված օրինականության սկզբունքը:
193. Համապատասխանաբար, Դատարանը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում է ճանաչում նաև կալանավորման այդ ժամանակահատվածի կապակցությամբ:
(դ) Դիմողին կալանքի տակ պահելը 2006թ. դեկտեմբերի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում.
194. Դիմողը պնդել է, որ իրեն 2006թ. դեկտեմբերի 18-ից մինչև 21-ը կալանքի տակ պահելը եղել է կամայական (տե’ս վերը 98-րդ կետը):
195. Կառավարությունը նշել է, որ առաջին դիմողը կալանավորվել է դատարանի որոշմամբ` քրեական վարույթի շրջանակներում խափանման միջոցների մասին դրույթներին համապատասխան;
196. Դատարանը նշում է, որ որպեսզի կալանավորումը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով լինի օրինական, դեռ բավարար չէ դրա համապատասխանությունը ներպետական օրենսդրությանը, և այն նաև պետք է անհրաժեշտ լինի կոնկրետ հանգամանքներում (տե’ս Nestak v. Slovakia, գանգատ թիվ 65559/01, կետ 74, 2007թ. փետրվարի 27 և Khayredinov v. Ukraine, գանգատ թիվ 38717/04, կետեր 27-28, 2010թ. հոկտեմբերի 14):
197. Ինչ վերաբերում է սույն գործին, Դատարանը նշում է, որ 2006թ. դեկտեմբերի 18-ին Խմելնիցկիյի քաղաքային դատարանը որոշում է կայացրել չհեռանալու մասին ստորագրությունը կալանավորումով փոխարինելու մասին հետևյալ երեք պատճառներով` մեղադրանքների ծանրությունը, փախուստի վտանգը և վկաների վրա ազդելու վտանգը (տե’ս վերը 98-րդ կետը): Այդ պատճառներից որևէ մեկը համոցիչ չի հանդիսանում; Մեղադրանքների ծանրությունը էականորեն չի փոխվել, քանի որ դիմողին մեղսագրվող հանցագործությունները 2006թ. նոյեմբերի 30-ին ընդամենը վերաորակվել են առանց որևէ նոր փաստ կամ հանգամանք պարզած լինելու: Ինչ վերաբերում է փախուստի վտանգին, ապա ո’չ դատախազը, ո’չ դատարանը չեն նշել այդ վտանգը հաստատող դիմողի վարքի որևէ օրինակ, երբ նա գտնվելիս է եղել ազատության մեջ` չհեռանալու մասին ստորագրության պայմաններում: Վերջապես, վկաների մտավախությունն իրենց անվտանգության կապակցությամբ, ըստ երևույթին, սահմանափակվել է այն տպավորությամբ, որ ինչ-որ մեկն իրենց իբրև թե հետևում է և չեն հիմնավորվել դրան առաջին դիմողի առնչություն ունենալը հաստատող որևէ ապացույցով (տե’ս վերը 99-րդ կետը): Մյուս կողմից, դատարանները չեն քննարկել մինչև դատն իրեն ազատ արձակելու օգտին դիմողի ներկայացրած փաստարկները (օրինակ` առողջական վատ վիճակը, ինչպես նաև ընտանեկան և անձնական դրությունը), որոնք հաստատվել են փաստաթղթային ապացույցներով:
198. Վերոհիշյալ պայմաններում Դատարանը գտնում է, որ սույն գործի հանգամանքներով ներպետական իշխանությունները չեն կարողացել համոզիչ կերպով պատճառաբանել առաջին դիմողին 2006թ. դեկտեմբերի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում կալանքի տակ պահելը, այդ իսկ պատճառով, նշված ժամանակահատվածի կալանքը եղել է կամայական:
199. Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ այս դեպքում նույնպես տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
(ե) Դիմողին կալանքի տակ պահելը 2007թ. փետրվարի 23-ից մինչև մարտի 21-ն ընկած ժամանակահատվածում.
200. Առաջին դիմողը պնդել է, որ այդ ժամանակահատվածում իրեն կալանքի տակ պահելու համար չի եղել որևէ որոշում, հետևաբար, այն եղել է ոչ օրինական:
201. Կառավարությունն առարկել է, նշելով, որ վիճարկվող կալանքը համապատասխանել է ներպետական օրենսդրությանը:
202. Դատարանը նշում է, որ հիշատակված ժամանակահատվածում, որի վերաբերյալ պարզվում է չի եղել որևէ որոշում, դիմողի գործով մինչդատական վարույթը հայտարարվել է ավարտված և դատախազությունը գործն ուղարկել է դատարան, որը հետո ուղարկվել է մեկ այլ դատարան (տե’ս վերը 103-106-րդ կետերը):
203. Դատարանը նշում է, որ ներպետական օրենսդրության համապատասխան դրույթները կարգավորելով գործը դատարան ուղարկելու դատավարական կարգը, չեն սահմանում հատուկ կանոններ, թե որ մարմինը, ինչի հիման վրա և ինչ ժամկետով կարող է երկարացնել մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը (տե’ս վերը հիշատակված Solovey and Zozulya v. Ukraine, կետ 72):
204. Դատարանն արդեն քննել և 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում է ճանաչել շատ գործերով, որոնք վերաբերել են մեղադրյալին կալանքի տակ պահելու պրակտիկային միայն այն հիմքով, որ մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան: Դատարանը սահմանել է, որ առանց իրավական հիմքի կամ մեղադրյալների վիճակը կարգավորող հստակ կանոնների, նրանց կալանքի տակ պահելու պրակտիկան, որի արդյունքում առանց դատարանի որոշման նրանք կարող են անորոշ ժամկետով զրկվել ազատությունից, անհամատեղելի են իրավական որոշակիության և կամայականություններից պաշտպանվելու սկզբունքների հետ, որոնք հանդիսանում են ողջ Կոնվենցիայի ընդհանուր գաղափարը, ինչպես նաև հակասում է իրավունքի գերակայության սկզբունքին (տե’ս, օրինակ, վերը հիշատակված Yeloyev-ի գործով որոշումը, կետեր 50-51` հետագա հղումներով): Այդ խնդիրը, ինչպես պարզվել է, Ուկրաինայում ունի կառուցվածքային բնույթ (տե’ս վերը հիշատակված Kharchenko-ի գործով որոշումը, կետեր 98 և 101), որն արտահայտվել է նաև սույն դեպքում:
205. Այսպիսով, Դատարանը հանգում է հետևության, որ դիմողին վերը նշված ժամանակահատվածում կալանքի տակ պահելը չի համապատասխանել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին և ճանաչում է այդ դրույթի խախտում;
2. Կենվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետի ենթադրյալ խախտումը.
206. Դիմողը պնդել է, որ մի քանի ժամ շարունակ չի տեղեկացվել 2004թ. մայիսի 20-ին իրեն ձերբակալելու հիմքերի մասին, իսկ հետագայում վարչական ձերբակալման մասին կազմված արձանագրությունը սահմանափակվել է միայն իրավական դրույթների վկայակոչմամբ, որոնք իրեն ոչինչ չեն ասել: Վերջապես, դիմողը պնդել է, որ իր վարչական ձերբակալումը հիմնվել է մտացածին հիմքերի վրա և իրականում եղել է որպես սպանության մեջ կասկածվող իրեն հարցաքննելու պատրվակ:
207. Կառավարությունն առարկել է, նշելով, որ դիմողը ձերբակալվել է ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով և այդ կապակցությամբ միլիցիայի կազմած արձանագրությունը եղել է բավականին հստակ:
208. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետը պարունակում է տարրական երաշխիքներ, որպեսզի յուրաքանչյուր ձերբակալված անձ իմանա իրեն ազատությունից զրկելու պատճառը: Այդ դրույթի համաձայն, յուրաքանչյուր ձերբակալվածի իրեն հասկանալի և պարզ լեզվով պետք է բացատրվեն ձերբակալելու իրավական և փաստական հիմքերը, որպեսզի ձերբակալվածը կարողանա անհրաժեշտ համարելու դեպքում դիմել դատարան և վիճարկել ձերբակալման օրինականությունը (տե’ս վերը հիշատակված Fox, Campbell and Harley-ի գործով որոշումը, կետ 40):
209. Սույն գործի կապակցությամբ Դատարանը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով առաջին դիմողի գանգատը քննարկելու ժամանակ արդեն պարզել է, որ դիմողին 2004թ. մայիսի 20-ին ձերբակալելու ժամանակ իր դեմ կասկածները հստակ չեն ձևակերպվել և նա վարչական իրավախախտման կասկածանքով պաշտոնապես ձերբակալված լինելով դիտվել է որպես սպանության գործով կասկածյալ (տե’ս վերը 177-178-րդ կետերը) : Բացի այդ, Դատարանը նշում է, որ առաջին դիմողի վարչական ձերբակալման մասին միլիցիայի արձանագրությունում միայն հիշատակվել են ձերբակալման հիմք հանդիսացած իրավական դրույթները և որևէ նշում չկա, որ դիմողին բանավոր կարգով տրամադրվել է առավել լրիվ տեղեկատվություն (տե’ս վերը 9-րդ կետը և վերը հիշատակված Fox, Campbell and Hartley գործով որոշումը, կետ 41):
210. Նման հանգամանքներում չի երևում, որ առաջին դիմողը տեղեկացվել է իրեն ձերբակալելու փաստական և իրավական հիմքերի մասին: Հակառակը, նա գտնվել է անորոշության վիճակում` 2004թ. մայիսի 20-ին իրեն ազատությունից զրկելու պատճառների կապակցությամբ:
211. Հետևաբար, տվյալ դեպքում տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում:
3. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի ենթադրյալ խախտումը.
(ա) Անհապաղ դատավորին ներկայացվելու իրավունքը.
212. Առաջին դիմողը պնդել է, որ 2004թ. մայիսի 20-ին իրեն ձերբակալելուց հետո դատավորի մոտ միայն վեց օր անց տարվելը անհամատեղելի է հիշատակված իրավունքի հետ:
213. Կառավարությունը նշել է, որ 2004թ. մայիսի 20-ին դիմողը ձերբակալվել է վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով և ձերբակալման այդ տեսակի իրավական ընթացակարգը չի պահանջում ձերբակալվածին ներկայացնել դատավորի առջև:
214. Դատավորը կրկնում է, որ անհապաղ դատական վերահսկողությունը հանդիսանում է 5-րդ հոդվածի 3-րդ կետում ամրագրված երաշխիքների հիմնական տարրերից մեկը, որի նպատակը կայանում է նրանում, որ նվազագույնի հասցվի կամայականության վտանգը և ապահովվի իրավունքի գերակայությունը` որպես ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկը (տե’ս Brogan and Others v. the United Kingdom, 1988թ. նոյեմբերի 29, կետ 58, Series A, no 145-B): Թեպետ անհապաղությունը յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է գնահատվի հաշվի առնելով գործի առանձնահատկությունները (այլ աղբյուրների շարքում տե’ս Aquilla v. Malta [GC], գանգատ թիվ 25642/94, կետ 48, ECHR 1999-III), 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվող խիստ ժամկետային սահմանափակումները թույլ չեն տալիս չափազանց ճկուն կերպ մեկնաբանել այդ պահանջը: Հակառակ դեպքում դա կհանգեցներ դատավարական երաշխիքների թուլացմանը և կառաջացներ այդ դրույթով պաշտպանվող իրավունքի բուն էության վնաս հասցնելու վտանգ (տե’ս McKay v. the United Kingdom [GC], գանգատ թիվ 543/03, կետ 33, ECHR 2006-X):
215. Տվյալ դեպքում Դատարանը, նկատի ունենալով վերը բերված 177-179-րդ և 182-րդ կետերում նշված իր հետևությունները, գտնում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (գ) ենթակետի իմաստով առաջին դիմողին կալանքի տակ պահելը սկսվել է 2004թ. մայիսի 20-ից և չի ենթարկվել դատական վերահսկողության մինչև 2004թ. մայիսի 26-ը: Նման հապաղումը չի ունեցել որևէ օբյեկտիվ հիմք: Բացի այդ, Դատարանը պարզել է, որ նշված ժամանակահատվածում առաջին դիմողն ապօրինի է պահվել կալանքի տակ և միլիցիայի կողմից ենթարկվել է դաժան վերաբերմունքի (տե’ս վերը 154-րդ, 159-րդ և 182-րդ կետերը): Անհապաղ դատական վերահսկողությունը կարող էր կանխել տեղի ունեցածը, սակայն այն անցկացվել է միայն վեց օր անց, որպիսի ժամկետը Դատարանը համարում է անթույլատրելի երկար:
216. Այսպիսով, Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում` անհապաղ դատավորի մոտ տարվելու առաջին դիմողի իրավունքի կապակցությամբ:
(բ) Ողջամիտ ժամկետում դատաքննության կամ մինչև դատաքննությունը ազատ արձակվելու իրավունքը.
217. Առաջին դիմողը պնդել է, որ իր նախնական կալանքի ընդհանուր տևողությունը` 2004թ. մայիսի 20-ից մինչև 2005թ. մայիսի 5-ը և 2006թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2007թ. օգոստոսի 31-ը, հիմնավորված չի եղել:
218. Կառավարությունը նշել է, որ առաջին դիմողի 2004թ. մայիսի 20-ից 23-ը տևած ձերբակալությունը չպետք է ներառվի 5-րդ հոդվածի 3-րդ կետի շրջանակներում քննարկման ենթակա ժամանակահատվածում (2004թ. մայիսի 23-ից մինչև 2005թ. մայիսի 5-ը): Կառավարության կարծիքով, այդ ժամկետի տևողությունը եղել է հիմնավորված` հաշվի առնելով առաջին դիմողին առաջադրված մեղադրանքների ծանրությունը, գործի բարդությունը, քննչական աշխատանքի ծավալն ու քննչական մարմինների և առաջին ատյանի դատարանի ցուցաբերած մանրակրկիտությունը: Կառավարությունը նաև նշել է, որ նշված ժամանակահատվածում առաջին դիմողը երբևէ միջնորդություն չի ներկայացրել իր խափանման միջոցը փոխելու մասին: Ինչ վերաբերում է դիմողին 2006թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2007թ. օգոստոսի 31-ը կալանքի տակ պահելուն, Կառավարությունը նշել է, որ մի կողմից, այն հիմնվել է անհրաժեշտ և բավարար հիմքերի վրա և, մյուս կողմից, իրավասու մարմինները գործել են անհրաժաշտ ջանասիրությամբ:
219. Դատարանը կրկնում է, որ կալանքի տակ պահելու ժամկետի ողջամտության հարցը չի կարող գնահատվել վերացականորեն: Մեղադրյալին կալանքի տակ պահելու ողջամտության հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատվի դրա առանձնահատկություններին համապատասխան: Կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումը կարող է արդարացվել միայն այն դեպքում, եթե կան իրական հասարակական շահի հստակ նշաններ, որը, չնայած անմեղության կանխավարկածին, գերակայում է անձի ազատության իրավունքի նկատմամբ (տե’ս Jecius v. Lithuania, գանգատ թիվ 34578/97, կետ 93, ECHR 2000-IX): Հանցանք կատարելու մասին հիմնավոր կասկածի առկայությունը հանդիսանում է կալանավորման անհրաժեշտ պայման: Սակայն որոշակի ժամանակ անց հիմնավոր կասկածն ինքնին չի կարող արդարացնել կալանքի տակ պահելը և դատարանները հետագա կալանքի տակ պահելու համար պետք է ներկայացնեն այլ հիմքեր (տե’ս Jablonski v. Poland, գանգատ թիվ 33492/96, կետ 80, 2000թ. դեկտեմբերի 21): Բացի այդ, այդ հիմքերը պետք է նշված լինեն ներպետական դատարանների որոշումներում և ազատ արձակելուն կողմ կամ դեմ փաստարկները չպետք է լինեն “ընդհանուր և վերացական” (տե’ս Ilowiecki v. Poland, գանգատ թիվ 27504/95, կետ 61, 2001թ. հոկտեմբերի 4 և Smirnova v. Russia, գանգատ թիվ 46133/99, կետ 93, ECHR 2003-IX):
220. Հաշվի առնելով վերը բերված 172-205-րդ կետերում արված իր հետևությունները, Դատարանը գտնում է, որ նկատի պետք է ունենա 2004թ. մայիսի 20-ից մինչև 2005թ. մայիսի 5-ը և 2006թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2007թ. օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածները, որոնք ընդհանուր առմամբ կազմել են մեկ տարի և ութ ամիս (հաշվարկի պատկերացման համար տե’ս Isayev v. Russia, գանգատ թիվ 20756/04, կետ 44, 2009թ. հոկտեմբերի 22):
221. Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը 5-րդ հոդվածի 1-ին կետի (գ) ենթակետի հետ կազմում է մեկ ամբողջություն և այդ երկու դրույթները պետք է քննարկվեն համակցությամբ (տե’ս վերը հիշատակված Smirnova-ի գործով որոշումը, կետ 56 և Ciulla v. Italy, կետ 38, 1989թ. փետրվարի 22, Series A no.148): Տվյալ դեպքում Դատարանն արդեն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (գ) ենթակետի տեսանկյունից քննարկել է առաջին դիմողին կալանքի տակ պահելու առանձին ժամանակահատվածները` 2004թ. հոկտեմբերի 14-ից մինչև 2005թ. մայիսի 5-ը և 2007թ. մարտի 21-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածները, որոնք հիմնված են եղել չպատճառաբանված և կալանքի տակ պահելու ժամկետ չսահմանած դատական որոշումների վրա, որն իր հերթին չի հակասել ներպետական օրենսդրությանը, ինչպես նաև 2006թ. դեկտեմբերի 18-ին առանց պատշաճ հիմնավորման դիմողին կրկին անգամ կալանավորելը և որևէ որոշմամբ չթույլատրված կալանքի տակ պահելը 2007թ. փետրվարի 23-ից մինչև մարտի 21-ն ընկած ժամանակահատվածում (տե’ս վերը 189-րդ, 199-րդ և 205-րդ կետերը):
222. Ի լրումն 5-րդ հոդվածի 1-ին կետի (գ) ենթակետի վերաբերյալ իր հետևություններին, Դատարանը գնահատելու է, թե արդյոք առաջին դիմողին կալանքի տակ պահելու ժամկետը եղել է ողջամիտ;
223. Դատարանը նշում է, որ առաջին ժամկետի (2004թ. մայիսի 20-ից մինչև 2005թ. մայիսի 5-ը) վերաբերյալ Խմելնիցկիյի քաղաքային դատարանը իր 2004թ. մայիսի 26-ի և հուլիսի 20-ի որոշումներում առաջին դիմողին կալանքի տակ հետագա պահելը թույլատրել է հիմնվելով ընդհանուր առմամբ վերացականորեն` առաջադրված մեղադրանքների ծանրության և ազատ արձակվելու դեպքում փախուստի դիմելու կամ քննությանը խոչընդոտելու անխուսափելի վտանգի վրա: Խմելնիցկիյի քաղաքային դատարանը չի քննարկել դեիմողի անձը կամ որևէ այլ կոնկրետ փաստեր, որոնք վերաբերել են նրա իրավիճակին և կարող էին հաստատել կամ չեզոքացնել այդ վտանգները:
224. Ինչ վերաբերում է երկրորդ ժամանակահատվածին (2006թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2007թ. օգոստոսի 31-ը), Դատարանի տրամադրության տակ գտնվող ներպետական վարույթի նյութերից պարզվում է, որ այդ ժամանակահատվածում Ուկրաինայի դատարանները դիմողին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել են երկու անգամ` 2006թ. դեկտեմբերին և 2007թ. հունվարին (ճշգրիտ ամսաթվերը պատճեններում անընթեռնելի են): Դատարանը 2006թ. դեկտեմբերի 18-ին առաջին դիմողին երկրորդ անգամ ձերբակալելու համար ներպետական դատարանների ներկայացրած հիմքերը համարում է անբավարար (տե’ս վերը 198-199-րդ կետերը): Բացի այդ, Դատարանը նշում է, որ այդ ամսաթվից հետո դիմողին կալանքի տակ հետագա պահելու համար դատարանների փաստարկները չեն համապատասխանել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին:
225. Այսպիսով, Դատարանը հանգում է հետևության, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում` վերոհիշյալ ժամանակահտավծներում առաջին դիմողին կալանքի տակ պահելու համար հիմքերի անբավարարության կապակցությամբ:
4. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի ենթադրյալ խախտումը.
226. Առաջին դիմողը պնդել է, որ չի ունեցել փոխհատուցման իրավունք Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտումների դիմաց:
227. Կառավարությունը նշել է, որ դիմողին կալանքի տակ պահելու ապօրինությունը հաստատող ազգային դատարանների որոշման բացակայության դեպքում իր վնասները փոխհատուցելու վերաբերյալ դիմողի պահանջն անհիմն է:
228. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետը երաշխավորում է 5-րդ հոդվածի դրույթների խախտմամբ ձերբակալման կամ կալանավորման զոհ դարձած անձանց փոխհատուցում ստանալու իրավունքը (տե’ս Steel and others v. the united Kingdom, կետ 81, 1998թ. սեպտեմբերի 23, Reports 1998-VII):
229. Սույն գործով Դատարանը ճանաչել է 5-րդ հոդվածի 1-ին կետի մի քանի խախտում (տե’ս վերը 182-րդ, 189-րդ, 193-րդ, 199-րդ և 205-րդ կետերը, ինչպես նաև 169-րդ կետը), որը պետք է հաշվի առնվի սույն գանգատը քննարկելու ժամանակ: Հետևաբար, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետը կիրառելի է սույն գործով: Դատարանը պետք է պարզի, թե դիմողն ունեցել է կամ ունի արդյոք ներկայումս Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտման համար փոխհատուցման իրավունք:
230. Դատարանը նշում է, որ ճանաչել է 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում դիմողին 2004թ. մայիսի 20-ից 26-ը, 2004թ, հոկտեմբերի 14-ից 2005թ. մայիսի 5-ը, 2006թ. նոյեմբերի 22-ից 23-ը, 2006թ. դեկտեմբերի 18-ից 21-ը, 2007թ. փետրվարի 23-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում կալանքի տակ պահելու կապակցությամբ (տե’ս վերը 229-րդ կետը):
231. Դատարանը նշում է, որ ապօրինի կալանավորման համար փոխհատուցման հարցը կարգավորվում է “Հետաքննության, նախնական քննության մարմինների, դատախազության և դատարանի ապօրինի գործողություններով քաղաքացուն պատճառած վնասը հատուցելու կարգի մասին” Ուկրաինայի օրենքով (այսուհետ` “Փոխհատուցման մասին օրենք”, տե’ս վերը 140-141-րդ կետերը): Մինչև 2005թ. դեկտեմբերի 1-ի փոփոխությունները, այդ օրենքն ապօրինի կալանքի տակ պահելու համար փոխհատուցում էր նախատեսում միայն անձի վերջնական արդարացման կամ արդարացնող հիմքերով նրա վերաբերյալ քրեական գործը կարճելու դեպքում: Փոփոխություններից հետո նման փոխհատուցումը հնարավոր է դարձել դատարանի կողմից կալանավորման ապօրինությունը հաստատվելու դեպքում:
232. Դատարանը նշում է, որ դիմողին կալանքի տակ պահելու ապօրինի ճանաչված առաջին ժամանակահատվածի (2004թ. մայիսի 20-ից 26-ը) ընթացքում Փոխհատուցման մասին օրենքը կիրառելի կլիներ, եթե միայն դիմողի մեղադրանքները հանվեին: Ինչ վերաբերում է դիմողին 2004թ. հոկտեմբերի 14-ից մինչև 2005թ. մայիսի 5-ը, 2007թ. փետրվարի 23-ից մինչև օգոստոսի 31-ը և նրան երկրորդ անգամ 2006թ. դեկտեմբերի 18-ին ձերբակալելուց հետո կալանքի տակ պահելու ժամանակահատվածներին, դրանք չեն հակասել ազգային օրենսդրությանը, հետևաբար դիմողը որևէ շանս չուներ, որ Ուկրաինայի դատարանները դրանք ճանաչեին ապօրինի: Եվ վերջապես, ինչ վերաբերում է դիմողին 2006թ. նոյեմբերի 22-ից 23-ը կալանքի տակ պահելուն, դատարաններն այն ճանաչել են օրինական, այդպիսով դիմողին զրկելով այդ կապակցությամբ փոխհատուցում պահանջելու հիմքերից:
233. Այսպիսով, առաջին դիմողի դեպքում Փոխհատուցման մասին օրենքը չի նախատեսել փոխհատուցման իրավունք: Այդպիսի իրավունք նախատեսված չէ նաև Ուկրաինայի օրենսդրության որևէ այլ դրույթով` Դատարանի կողմից ապօրինի ճանաչված ազատությունից զրկվելու համար փոխհատուցում պահանջելու որևէ իրավական ընթացակարգի բացակայության պատճառով:
234. Դատարանը հանգում է հետևության, որ առաջին դիմողը չի ունեցել ապօրինի կալանքի տակ պահվելու համար փոխհատուցման իրավունք, ինչպես պահանջում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետը: Հետևաբար, տեղի է ունեցել այդ դրույթի խախտում:
III. Առաջին դիմողի նկատմամբ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի ենթադրյալ խախտումները.
235. Առաջին դիմողը նաև մի քանի գանգատ է ներկայացրել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտման վերաբերյալ, որը սահմանում է.
“Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:”
Ա. Կողմերի փաստարկները.
236. Առաջին դիմողը ժխտել է, որ ինքն ունեցել է իրեն կալանավորելու օրինականության դատական վերանայման որևէ արդյունավետ ընթացակարգ: նա պնդել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը խախտվել է հետևյալ հիմքերով` (ա) 2006թ. դեկտեմբերի 18-ի դատավարության դատավարական անարդարացիությունը, երբ նրա չհեռտանալու մասին ստորագրությունը փոխարինվել է կալանավորմամբ (հատկապես դատախազի միջնորդությունը և իր պաշտպանության համար անհրաժեշտ այլ նյութերի ոչ ժամանակին մատչելիությունը), (բ) միևնույն հիմքերը նաև 2006թ. դեկտեմբերի 21-ի դատավարության կապակցությամբ, ընդ որում, իրավիճակը վատթարացել է այն հանգամանքով, որ այդ դատավարությունն անցկացվել է առաջին դիմողի բացակայությամբ, (գ) նախնական քննության ընթացքում կալանքի տակ պահելու օրինականության դատական վերանայման որևէ հնարավորության բացակայությունը և (դ) դատական քննության ընթացքում նախնական կալանքի օրինականության օպերատիվ կարգով դատական վերանայման իրավաբանորեն ամրագրված որևէ երաշխիքների բացակայությունը:
237. Կառավարությունն առարկել է, նշելով, որ դիմողը հնարավորություն է ունեցել մինչև դատաքննությունը բողոքարկելու իրեն կալանքի տակ պահելու դատական որոշումները, սակայն ո’չ ինքը, ո’չ էլ նրա փաստաբանը չեն օգտվել այդ հնարավորությունից: Բացի այդ, որևէ մեկը չի սահմանափակել առաջին դիմողի իրավունքը դատաքննության ընթացքում ներկայացնելու իրեն ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություններ, սակայն նա անհայտ պատճառներով որևէ միջնորդություն չի ներկայացրել: Կառավարությունը նաև նշել է, որ դատարաններն ապահովել են առաջին դիմողին կալանքի տակ պահելու օրինականության նկատմամբ համաչափ դատական վերահսկողություն երբ քրեական դատավարության օրենսդրության համաձայն պարտավոր են եղել դա կատարել (մասնավորապես, գործի դատաքննությունը նախապատրաստելու ընթացքում և կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատախազի միջնորդությունը քննարկելիս):
238. Կառավարության առարկություններին ի պատասխան դիտողություններ ներկայացնելիս, առաջին դիմողը նաև պնդել է, որ այն դեպքերում, երբ ներպետական դատարանները դատախազի ներկայացնելուց հետո քննարկել են իրեն կալանքի տակ պահելու օրինականության հարցը, չեն գնահատել իրեն ազատ արձակելու օգտին եղած փաստարկները:
Բ. Դատարանի գնահատականը.
1. Ընդհանուր սկզբունքները.
239. Դատարանը կրկնում է, որ 5-րդ հոդվածի 4-րդ կետի նպատակն է հանդիսանում փերբակալված և կալանավորված անձանց նկատմամբ կիրառվող միջոցների օրինականության նկատմամբ դատական վերահսկողության իրավունքի ապահովումը (այլ աղբյուրների շարքում տե’ս De Wilde, Ooms and Versyp v. Belgium, 1971թ. հունիսի 18, կետ 76, Series A no.12 և Ismailov and Others v. Russia, գանգատ թիվ 2947/06, կետ 145, 2008թ. ապրիլի 24): Ձերբակալման ժամանակ անձի համար պետք է մատչելի լինեն իրավական պաշտպանության միջոցներ, որոնք կապահովեն ազատությունից զրկելու օրինականության շուտափույթ դատական վերանայում, որը, անհրաժեշտության դեպքում, կարող է հանգեցնել ազատ արձակման: Իրավական պաշտպանության միջոցների մատչելիությունը ենթադրում է, մասնավորապես, որ պետական մարմինների կողմից դիմողներին պետք է իրական հնարավորություն ընձեռնվի օգտագործելու իրավական պաշտպանության այդ միջոցները:
240. 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, դատավարության արդարացիության պահանջը չի նախատեսում միասնական և անփոփոխ չափանիշ, որը ենթակա է կիրառման անկախ գործի բնույթից, նրա փաստերից ու հանգամանքներից: Թեև միշտ չէ անհրաժեշտ լինում, որպեսզի 5-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված ընթացակարգում պահպանվեն այն նույն երաշխիքները, որոնք պահանջվում են 6-րդ հոդվածին համապատասխան քրեական կամ քաղաքացիական դատավարությունների ժամանակ, այնուամենայնիվ, այդ ընթացակարգը պետք է ունենա դատավարական բնույթ և ընձեռնի ազատությունից զրկելու կոնկրետ տեսակին համապատասխանող երաշխիքներ (տե’ս A. and others v. the United Kingdom [GC] գանգատ թիվ 3455/05, կետ 203, ECHR 2009): Անձամբ կամ ներկայացուցիչների միջոցով ներկայացված լինելու ձերբակալվածի իրավունքը հանդիսանում է ազատությունից զրկելու դեպքերում կիրառվող ընթացակարգի հիմնական երաշխիքներից մեկը (տե’ս Kampanis v. Greece, կետ 47, 1995թ. հուլիսի 13, Series a no.318-B): Բացի այդ, թեպետ Կոնվենցիան Պայմանավորվող երկրներին չի պարտադրում կալանավորման իրավաչափության քննարկման համար սահմանել երկրորդ ատյան, այդուհանդերձ, այն պետություններում, որտեղ գոյություն ունի այդպիսի համակարգ, կալանավորված անձինք սկզբունքորեն պետք է ապահովվեն նույնպիսի երաշխիքներով, ինչ առաջին ատյանում (տե’ս օրինակ Navarra v. France, կետ 28, 1993թ. նոյեմբերի 23, Series A no.273-B):
241. Վերջապես, Դատարանն ընդգծում է, որ 5-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավունքի ապահովված լինելու հարցը պետք է լուծվի հաշվի առնելով յուրաքանչյուր գործի հանգամանքները (տե’ս Rehbock v. Slovenia, գանգատ թիվ 29462/95, կետ 84, ECHR 2000-XII):
2. Այդ սկզբունքների կիրառումը սույն գործով.
242. Դատարանն առաջին դիմողի գանգատները քննարկելու է նրա դիմումում նշված հաջորդականությամբ:
(ա) 2006թ. դեկտեմբերի 18-ի դատավարության ենթադրյալ ոչ արդարացիությունը.
243. Դատարանը նշում է, որ սույն գանգատը վերաբերում է հետևյալ երկու հարցերին` նախ, առաջին դիմողին 2006թ. նոյեմբերի 22-ից 23-ը կալանքի տակ պահելու օրինականության վերանայմանը, որը տեղի է ունեցել դատական քննության ընթացքում և, երկրորդ, նրան երկրորդ` անգամ կալանավորելու օրինականության վերանայմանը: Առաջին հարցի կապակցությամբ Դատարանը նշում է, որ քանի որ 5-րդ հոդվածի 4-րդ կետով պահանջվող իրավական պաշտպանության միջոցի նպատակը հանդիսանում է ձերբակալված անձին ազատ արձակելուն օժանդակելը (տե’ս վերը 239-րդ կետը), հետևաբար, այն դիմողի վերաբերյալ կիրառելի չի եղել մինչև դատական վերանայումը` 2006թ. նոյեմբերի 23-ին նրան ազատ արձակելու հետևանքով (տե’ս վերը հիշատակված Fox, Campbell and Hartley-ի որոշումը, կետ 45): Վերոհիշյալ երկրորդ հարցի կապակցությամբ Դատարանը նշում է, որ դատական վերանայումը, որին վերաբերում է գանգատը, միացվել է 2006թ. դեկտեմբերի 18-ին դիմողին նախնական կալանքի ենթարկելու սկզբնական հարցին, որը դատարանն արդեն քննարկել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի տեսանկյունից (տե’ս վերը 194-199-րդ կետերը): Ամեն դեպքում, Դատարանը նշում է, որ դիմողը վերաքննիչ դատարան բողոք չի ներկայացրել իրեն գործի նյութերին ժամանակին մատչելիություն չապահովելու վերաբերյալ, որը հանդիսանում է դատավարական անարդարացիության մասին նրա պնդման հիմնական փաստարկը (տե’ս ստորև 244-րդ կետը): Հետևաբար, չի կարելի է համարել, եր դիմողը սպառել է իրավական պաշտպանության ներպետական միջոցները և գանգատի այս մասն անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի համաձայն:
(բ) 2006թ. դեկտեմբերի 21-ի դատավարության ենթադրյալ ոչ արդարացիությունը.
244. Ինչ վերաբերում է Խմելնիցկիյի շրջանային դատարանում 2006թ. դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած դատավարության դատավարական անարդարացիության մասին առաջին դիմողի գանգատին, դատարանը նշում է, որ այդ դատավարությունը եղել է Խմելնիցկիյի քաղաքային դատարանի 2006թ. դեկտեմբերի 18-ի որոշման վերաքննությունը: ինչ վերաբերում է գործի նյութերը հետազոտելու պաշտպանական կողմի հնարավորությունները սահմանափակելու մասին դիմողի փաստարկներին, ապա Դատարանը նշում է, որ թեպետ դիմողը Դատարան է ներկայացրել առաջին ատյանում դատավարության վերաբերյալ մևնույն գանգատները, ո’չ նա, ո’չ նրա ներկայացուցիչները 2006թ. դեկտեմբերի 18-ի որոշման դեմ իրենց վերաքննիչ բողոքներում չեն ներկայացրել այդ խնդիրը (տե’ս վերը 99-րդ և 243-րդ կետերը): Այսպիսով, դատարանն անհիմն է համարում այդ գանգատները: Ինչ վերաբերում է Խմելնիցկիյի շրջանային դատարանում տեղի ունեցած դատավարությանը առաջին դիմողի չմասնակցելուն, Դատարանը նշում է, որ սկզբունքորեն վերաքննիչ դատարանում կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման վերանայումը միայն կալանավորված անձի պաշտպանի մասնակցությամբ թույլատրելի է` պայմանով, որ առաջին ատյանի դատարանում դատավարության ժամանակ պահպանվել են բավարար դատավարական երաշխիքներ (տե’ս Lebedev v. Russia, գանգատ թիվ 4493/04, կետ 114, 2007թ. հոկտեմբերի 25): Հաշվի առնելով այն, որ առաջին դիմողը 2006թ, դեկտեմբերի 18-ին անձամբ մասնակցել է առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած դատավարությանը (տե’ս վերը 98-րդ կետը), և այն, որ նա չի ներկայացրել վերաքննիչ ատյանում իր մասնակցության անհրաժեշտությունը բացատրող որևէ փաստարկ, Դատարանը գտնում է, որ դատական նիստին նրա չմասնակցելը չի եղել 5-րդ հոդվածի 4-րդ կետի հետ անհամատեղելի:
245. Այսպիսով, Դատարանը մերժում է այդ գանգատը որպես անհիմն` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի (ա) ենթակետի և 4-րդ կետերի համաձայն:
(գ) Առաջին դիմողի համար կալանքի տակ պահելու օրինականության դատական վերանայման հասնելու ենթադրյալ անհնարինությունը.
246. Դատարանը նշում է, որ առաջին դիմողը չի ներկայացրել որևէ տեղեկություն կամ փաստաթուղթ, որը կհաստատեր, որ նա բողոքարկել է 2004թ. մայիսի 26-ի և հուլիսի 20-ի որոշումները համապատասխանաբար իրեն կալանավորելու և կալանքի ժամկետը երկարացնելու մասին, թեև նման հնարավորություն նախատեսված է եղել ներպետական օրենսդրությամբ (տե’ս վերը 130-րդ կետում հիշատակված գործը): Դատարանը չի կարող in abstraction քննարկել դատական վերանայման որակի և անհապաղության հարցը, որի մասին դիմողը ժամանակին չի խնդրել և որը հետևաբար տեղի չի ունեցել (տե’ս Shamilov v. Ukraine, գանգատ թիվ 20808/02, կետ 57, 2010թ. մարտի 4):
247. Հետևաբար, տվյալ գանգատը հանդիսանում է ակնհայտ անհիմն և պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի (ա) ենթակետի և 4-րդ կետի համաձայն:
(դ) Դատական քննության ընթացքում իր կալանքի օրինականության օպերատիվ դատական վերանայման հասնելու հնարավորության ենթադրաբար չունենալը.
248. Դատարանը նշում է, որ իրոք դատական քննության ընթացքում առաջին դիմողին կալանքի տակ պահելու օրինականության դատական վերանայումը (որը մինչև դատարանի կողմից վերջնական որոշում կայացնելը համարվում է նախնական կալանք) կախված է եղել դատական նիստերի ժամանակացույցից, քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքը որևէ տարբերություն չի նախատեսել ազատ արձակելու մասին միջնորդությունների և դատական քննության ընթացքում այլ միջնորդությունների միջև: Դատարանն արդեն քննարկել է այդ հարցը Ուկրաինայի դեմ մի շարք այլ գործերով և գտել է, որ այդ խնդիրը պարբերաբար առաջանում է դատական քննության փուլում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներին բավարարող ընթացակարգը կարգավորող հստակ և կանխատեսելի դրույթների բացակայության պատճառով (տե’ս վերը հիշատակված Molodorych v. Ukraine, կետ 108 և Kharchenko v. Ukraine, կետ 86):
249. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում:
IV. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի (գ) ենթակետի ենթադրյալ խախտումները` իր դեմ չվկայելու և պաշտպանության իրավունքները խախտելու կապակցությամբ.
250. Առաջին դիմողը գանգատվել է, որ դատապարտվել է խոշտանգումների արդյունքում տված իր խոստովանության հիման վրա և միլիցիայում արգելանքի տակ գտնվելու ժամանակ զրկվել է փաստաբանի մատչելիությունից: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և 3-րդ կետի (գ) ենթակետը, որոնք, մասնավորապես, նախատեսում են`
“1. Յուրաքանյչուր ոք ... ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի ... դատարանի կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք:
3. Քրեական հանցագործությունը կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները...
(գ) պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով...:”
Ա. Ընդունելիությունը.
251. Կառավարությունը նշել է, որ տվյալ գանգատները վերաբերում են մինչև առաջին դիմողի նկատմամբ քրեական գործ հարուցելը նրա տված խոստովանական ցուցմունքներին, հետևաբար, դրանք ratione material անհամատեղելի են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ:
252. Առաջին դիմողը պնդել է, որ խոստովանական ցուցմունքներ տալու ժամանակ ինքը փաստացի հանդիսացել է քրեական հանցագործության մեջ կասկածվող և այդ իսկ պատճառով ունեցել է 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված պաշտպանության իրավունք:
253. Դատարանը նշում է, որ այն ժամկետը, որից սկսած 6-րդ հոդվածը կիրառվում է քրեական գործերով, կախված է գործի հանգամանքներից: Քանի որ արդար դատաքննության իրավունքը ժողովրդավարական հասարակությունում զբաղեցնում է կարևոր նշանակություն, Դատարանը նախընտրում է օգտագործել 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված “մեղադրանք” հասկացության “բովանդակային”, այլ ոչ թե “ձևական’ բնորոշումը (տե’ս Subinski v. Slovenia, գանգատ թիվ 19611/04, կետ 62, 2007թ. հունվարի 18):
254. Ինչ վերաբերում է սույն գործին, Դատարանը 5-րդ հոդվածի 1-ին կետով դիմողի գանգատը քննարկելիս արդեն համաձայնվել է նրա պնդումների հետ (տե’ս վերը 178-րդ կետը): Այդ իսկ պատճառով Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը դիմողի նկատմամբ կիրառելի է 2004թ. մայիսի 20-ին միլիցիայում ձերբակալելու պահից:
255. Այսպիսով, Դատարանը մերժում է Կառավարության առարկությունները: Բացի այդ, Դատարանը նշում է, որ այդ գանգատները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի (3) ենթակետի իմաստով չեն հանդիսանում ակնհայտ անհիմն կամ որև այլ հիմքով անընդունելի: Այդ իսկ պատճառները այդ գանգատները ճանաչվում են ընդունելի:
Բ. Գործի էությունը.
1. Կողմերի փաստարկները.
256. Առաջին դիմողը նշել է, որ իրեն որևէ իրավական օգնության բացակայության պայմաններում ստիպել են խոստովանել տ-ն Ի-ի սպանությունը և նրան կողոպտելու փորձը: Նա ընդգծել է կիրառված հարկադրման միջոցների ծանրությունը և լրջությունը, գտնելով, որ դրանք կարող են որակվել որպես խոշտանգում և նշել է, որ տված խոստովանական ցուցմունքներն իրեն դատապարտելու հարցում ունեցել են որոշիչ ապացուցողական նշանակություն: Առաջին դիմողն ընդգծել է, որ ներպետական օրենսդրության համաձայն, իրեն ձերբակալելու պահից պաշտպանի մասնակցությունը եղել է պարտադիր` հաշվի առնելով ցմահ ազատազրկման դատապարտվելու հավանականությունը: Բացի այդ, նա ընդգծել է, որ իր հրավիրած փաստաբանը չի ունեցել իրեն տեսակցելու մշտական հնարավորություն և ինքը շարունակել է վախենալ միլիցիայի կողմից դաժան վերաբերմունքի ենթարկվելուց նույնիսկ այն պահից հետո, երբ իրեն թույլատրվել է ունենալ պաշտպան:
257. Կառավարությունն առարկել է, նշելով, որ առաջին դիմողը 2004թ. մայիսի 23-ին հարցաքննվել է փաստաբանի ներկայությամբ, այսինքն` քրեական գործով որպես կասկածյալ առաջին իսկ հարցաքննությունից, ինչպես նաև հետագայում նույնպես, և նրա նախորդ խոստովանությունները քրեական գործի դատական քննության ժամանակ չեն եղել որոշիչ: Կառավարությունը նշել է, որ ապացույցների թույլատրելիության հարցը, առաջին հերթին, պետքէ լուծվի ներպետական օրենսդրությամբ և դիմողը հնարավորություն ուներ փաստաբանի օգնությունից օգտվելով մրցակցային դատավարության ընթացքում վիճարկելու իր դեմ տված ցուցմունքները: Կառավարությունը նշել է, որ այդ կապակցությամբ դիմողի բողոքները պատշաճ կերպով ստուգվել են ներպետական դատարանների կողմից նրա գործի դատաքննության ընթացքում և մերժվել են անհիմն լինելու պատճառաբանությամբ:
2. Դատարանի գնահատականը.
(ա) Իր դեմ չվկայելու իրավունքը.
258. Լռելու և իր դեմ չվկայելու իրավունքների խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման կապակցությամբ Դատարանը նշում է, որ այդ իրավունքները հանդիսանում են համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային չափանիշներ, որոնք ընկած են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով արդար դատաքննության հասկացության հիմքում: Դրանց էությունը մասնավորապես կայանում է մեղադրյալին իշխանությունների կողմից անօրինական ճնշումներից պաշտպանելու մեջ, որն օգնում է խուսափել դատական սխալներից և ապահովել 6-րդ հոդվածի պահպանումը: Իր դեմ չվկայելու իրավունքը, մասնավորապես, ենթադրում է, որ քրեական գործով մեղադրանքի կողմը մեղադրյալի դեմ իր մեղադրանքները պետք է ապացուցի առանց հարկադրանքի կամ ճնշման միջոցների օգտագործմամբ ստացված ապացույցներն օգտագործելու (տե’ս Saunders v. the United Kingdom, կետ 68, 1996թ. դեկտեմբերի 17, Reports 1996-VI):
259. Թեև ապացույցների թույլատրելիության գնահատման հարցը, սկզբունքորեն, հանդիսանում է ներպետական դատարանների իրավասությունը, իսկ սույն Դատարանի դերը սահմանափակվում է դատաքննության ընդհանուր արդարացիությունը գնահատելով, այդուհանդերձ, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն ունեն ուրույն վերաբերմունքի կարիք: Այսպես, Դատարանի պրակտիկայի համաձայն, խոշտանգումների արդյունքում ստացված տեղեկությունների օգտագործումը քրեական վարույթում համապատասխան փաստերը ապացուցելու համար, հանգեցնում է ընդհանրապես վարույթի անարդարացիության, անկախ դրանց արժանահավատությունից և մեղադրական դատավճիռ կայացնելու համար ունեցած նշանակությունից (տե’ս վերը հիշատակված Gafgen v. Germany, կետ 166):
260. Դատարանը սույն գործով պարզել է, որ առաջին դիմողի սկզբնական խոստովանությունները ձեռք են բերվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով խոշտանգումներին հավասար ֆաժան վերաբերմունք կիրառելու միջոցով (տե’ս վերը 154-159-րդ կետեր): Դատարանը նաև նշում է, որ ազգային դատարաններն այդ խոստովանություններն օգտագործել են որպես ապացույց (տե’ս վերը 109-րդ կետը): Դատարանը, վերը հիշատակված իր պրակտիկային համապատասխան, գտնում է, որ դա ոտնահարում է իր դեմ չվկայելու մասին դիմողի իրավունքի էությունը` անկախ նրան դատապարտելու համար ապացուցողական հիմքում վիճարկվող խոստովանությունների ունեցած նշանակությունից և այն փաստից, որ նա հետագա քննության ընթացքում ևս մի քանի անգամ խոստովանել է:
261. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
(բ) Պաշտպանության իրավունքը.
262. Դատարանը նշում է, որ քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի արդյունավետ պաշտպանության թեպետ ոչ բացարձակ իրավունքը հանդիսանում է արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը (տե’ս Krombach v. France, կետ 89, գանգատ թիվ 29731/96, ECHR 2001-II): Որպես կանոն, փաստաբանի մատչելիության հնարավորությունը պետք է ընձեռնվի կասկածյալի առաջին հարցաքննության պահից, եթե գործի առանձնահատուկ հանգամանքներով չի հաստատվում, որ գոյություն ունեն այդ իրավունքի սահմանափակման ծանրակշիռ պատճառներ (տե’ս Salduz v. Turkey [GC], կետ 55, գանգատ թիվ 36391/02, 2008թ. նոյեմբերի 27): Պաշտպանության իրավունքը սկզբունքորեն անվերականգնելիորեն խախտվում է, եթե փաստաբանի մատչելիությունից զրկված պարագայում տրված խոստովանական ցուցմունքներն օգտագործվում են դատապարտելու համար (տե’ս նույն տեղը):
263. Դատարանը հետևողականորեն սահմանել է, որ փաստաբանի սկզբնական պահից մատչելիությունը հանդիսանում է իր դեմ չվկայելու իրավունքի դատավարական երաշխիք և դաժան վերաբերմունքի դեմ հիմնարար երաշխիք, ընդգծելով վարույթի սկզբնական փուլում մեղադրյալի հատուկ խոցելիությունը, երբ նա վերապրում է ստրես և բախվում է բարդ քրեական ընթացակարգերի: Այդ իրավունքն ապահովելու ցանկացած բացառություն պետք է հստակ նախատեսված լինի և նման բացառությունների կիրառումը պետք է խիստ սահմանափակված լինի ժամկետային առումով: Այդ սկզբունքները հատկապես կարևոր են ծանր մեղադրանքների դեպքում, քանի որ ծանրագույն պատիժների հնարավորության դեպքում արդար դատաքննության իրավունքը ժողովրդավարական հասարակությունում պետք է ապահովվի հնարավորինս առավելագույն կերպով (տե’ս վերը հիշատակված Salduz v. Turkey, կետ 54):
264. Թեպետ սույն գործով հայտնի չէ, թե կոնկրետ երբ է դիմողը հնարավորություն ստացել օգտվելու փաստաբանի ծառայություններից, գործի հանգամանքներից ակնհայտ է, որ դա տեղի է ունեցել 2004թ. մայիսի 23-ից ոչ շուտ և դա կողմերը չեն վիճարկել: Դատարանը նշում է, որ դիմողին պաշտոնապես վարչական կարգով ձերբակալելով, սակայն իրականում նրա հետ վարվելով որպես քրեական հանցագործության մեջ կասկածվողի, միլիցիան նրան զրկել է փաստաբանի մատչելիության իրավունքից, որը պարտադիր է եղել Ուկրաինայի օրենսդրությամբ, եթե դիմողը մեղադրվեր մի խումբ անձանց կողմից և/կամ շահադիտական նպատակներով կատարված սպանության մեջ, որի վերաբերյալ էլ նրան փաստացի հարցաքննել են:
265. Դատարանը նշում է, որ առաջին դիմողը առաջին հարցաքննությունների ընթացքում մի քանի անգամ խոստովանել է ավազակային հարձակում և սպանություն կատարելը այն ժամանակ, երբ չի օգտվել փաստաբանի ծառայություններից և փաստաբանի մատչելիության այդ սահմանափակումներն անհերքելիորենունեցել են հետևանքներ, քանի որ այդ խոստովանություններն օգտագործվել են նրան դատապարտելու համար (տե’ս վերը հիշատակված Salduz v. Turkey, կետ 58): Թեպետ առաջին դիմողը փաստաբանի ներկայությամբ կրկնել է իր խոստովանությունը, Դատարանը նշում է, որ պաշտպան ունենալու իրավունքի սկզբնական սահմանափակումը չի վերացվել դատական քննության ընթացքում և դատարանները համաչափ վերաբերմունք չեն ցուցաբերել դաժան վերաբերմունքի մասին առաջին դիմողի գանգատներին:
266. Բացի այդ, ինչպես ընդունել են ներպետական մարմինները, նույնիսկ փաստաբանի օգնությունից օգտվելու հնարավորություն ստանալուց հետո առաջին դիմողը չի ունեցել իր հրավիրած փաստաբանի հետ առանց խոչընդոտների տեսակցելու հնարավորություն (տե’ս վերը 58-րդ և 84-րդ կետերը):
267. Այսպիսով, Դատարանը հանգում է հետևության, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի (գ) ենթակետի խախտում:
V. Առաջին դիմողի նկատմամբ 6-րդ հոդվածի 1-ին կետի ենթադրյալ խախտումը` իրեն դատապարտող ներպետական դատարանների որոշումների հիմնավորվածության կապակցությամբ.
268. Առաջին դիմողը գանգատվել է, որ Տերնոպոլի դատարանի մեղադրական դատավճիռը և Գերագույն դատարանի որոշումը այն անփոփոխ թողնելու մասին, եղել են ակնհայտ չհիմնավորված:
Ա.Ընդունելիությունը.
269. Դատարանը նշում է, որ սույն գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի (ա) ենթակետի իմաստով չի հանդիսանում ակնհայտ անհիմն կամ որևէ այլ հիմքով անընդունելի: Հետևաբար, այն պետք է ճանաչվի ընդունելի:
Բ. Գանգատի էությունը.
270. Առաջին դիմողը նշել է, որ ազգային դատարանները չեն գնահատել մեղադրանքի կողմի առանցքային վկա հանդիսացող պ-ն Կ-ի ցուցմունքները վերցնելու հանգամանքները, թեպետ պաշտպանական կողմը բազմաթիվ անգամ ներկայացրել է կոնկրետ փաստեր և փաստաթղթեր, պնդելով, որ այդ վկայի նկատմամբ քննության ընթացքում կիրառվել են ճնշումներ:
271. Կառավարությունը նշել է, որ առաջին դիմողի վերաբերյալ դատական որոշումները եղել են լավ պատճառաբանված: Մասնավորապես, վկա պ-ն Կ-ի ցուցմունքները պատշաճ կերպով գնահատվել են և ընդունվել որպես ապացույցներ: Կառավարությունն ընդգծել է, որ առաջին Դիմումատուն, որը ներկայացվել է փաստաբանի կողմից և անձամբ մասնակցել է երկու ատյաններում դատական քննություններին, ունեցել է այդ ապացույցները վիճարկելու իրական հնարավորություն:
272. Դատարանը նշում է, որ իր պրակտիկայի համաձայն, որն արտացոլում է արդարադատության պատշաճ իրականացման հետ կապված սկզբունքը, դատարանների որոշումներում պատշաճ կերպով պետք է նշվեն դրանց հիմքում ընկած պատճառաբանությունները: Հիմնավորելու նման պարտականության կիրառման աստիճանը կարող է տատանվել կախված որոշման բնույթից և պետք է որոշվի կոնկրետ գործի հանգամանքներևի լույսի ներքո (տե’ս Garcia Ruiz v. Spain [GC], գանգատ թիվ 30544/96, կետ 26, ECHR 1999-I):
273. Դատարանը նաև հիշեցնում է, որ Կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն, իր պարտականությունների մեջ է մտնում Կոնվենցիայի անդամ-պետությունների կողմից իրենց պարտականությունները կատարելու ապահովումը: Մասնավորապես, Դատարանի գործառույթների մեջ չի մտնում ներպետական դատարանների կողմից ենթադրաբար թույլ տրված փաստական կամ իրավաբանական սխալների ուղղումը, եթե դրանք չեն խախտում Կոնվենցիայով պահպանվող իրավունքներն ու ազատությունները: Թեև 6-րդ հոդվածը երաշխավորում է արդար դատաքննության իրավունքը, այն չի սահմանում ապացույցների թույլատրելիության կանոններ, որն առաջին հերթին կարգավորվում է ներպետական օրենսդրությամբ (տե’ս Schenk v. Switzerland, 1988թ. հուլիսի 12, կետեր 45-46, Series a no. 140 և Teixeira de Castro v. Portugal, 1998թ. հունիսի 9, կետ 34, Reports 1998-IV): Սկզբունքորեն, Դատարանը պարտավոր չէ որոշել, թե կարող են կոնկրետ, օրինակ, ապօրինի ձեռք բերված ապացույցները համարվեն թույլատրելի կամ իրոք մեղավոր է դիմողը: Դատարանը պետք է պատասխանի հարցին, թե արդյոք դատական քննությունն ընդհանուր առմամբ եղել է արդար, ներառյալ այն եղանակները, որոնց օգնությամբ ձեռք են բերվել ապացույցները (տե’ս Allan v. the united Kingdom, գանգատ թիվ 485399/99, կետ 42, ECHR 2002-IX):
274. Այս իմաստով անհրաժեշտ է նաև քննարկել այն հարցը, թե Դիմումատուն ունեցել է արդյոք հնարավորություն վիճարկելու ապացույցների թույլատրելիությունը և առարկելու դրանք օգտագործելու դեմ: Ապացույցների որակը նույնպես հաշվի է առնվում, այդ թվում` արդյոք այդ ապացույցների ձեռք բերման հանգամանքները կասկած չեն հարուցում դրանց արժանահավատության և ճշտության կապակցությամբ (տե’ս Jalloh v. Germany, [GC], գանգատ թիվ 54810/00, կետ 96, ECHR 2006-IX):
275. Դատարանը նշում է, որ սույն գործով առաջին Դիմումատուին մեղավոր ճանաչելիս ներպետական դատարանները հիմնվել են պ-ն Կ-ի ցուցմունքների վրա, որը համարվել է գործով առանցքային վկա (տե’ս վերը 63-րդ և 81-րդ կետերը): Առաջին Դիմումատուն դատական քննության ընթացքում պնդել է, որ պ-ն Կ-ն իր դեմ ցուցմունք է տվել միլիցիայի կողմից ճնշումների հետևանքով, որն ինքը` պ-ն Կ-ն, դատարանում ժխտել է: Առաջին հայացքից թվում է, թե դատավարական երաշխիքները պահպանվել են: Սակայն սույն գործի կոնկրետ հանգամանքները հաշվի առնելով, Դատարանը գտնում է, որ առաջին Դիմումատուն իրական հնարավորություն չի ունեցել վիճարկելու այդ ցուցմունքների ապացուցողական նշանակությունը:
276. Այսպես, Դատարանը նշում է, որ առաջին Դիմումատուն ներկայացրել է կոնկրետ փաստեր և փաստաթղթեր, որոնք վկայել են, որ քննիչի կողմից հարցաքննության ընթացքում պ-ն Կ-ն (գործի նյութերի համաձայն դատվածություն կամ հանցավոր անցյալ չունեցող տաքսու վարորդ) վարչական կարգով ձերբակալված է եղել թմրամիջոցների հետ կապված իրավախախտման կապակցությամբ: Ինչպես պնդում է առաջին Դիմումատուն (հաստատվել է նաև Խմելնիցկիյի քաղաքային դատարանի 2005թ. մայիսի 5-ի որոշմամբ), պ-ն Կ-ի ցուցմունքներն այդ կոնկրետ ժամանակահատվածում փոխվել են ոչ առաջին Դիմումատուի օգտին: Դիմողը դատարան է ներկայացրել նաև պ-ն Կ-ի հետ ունեցած խոսակցության արձանագրությունը, որում վերջինս իբրև թե խոստովանել է, որ առաջին Դիմումատուին զրպարտել է միլիցիայի ճնշումների արդյունքում (տե’ս վերը 112-րդ կետը):
277. Դատարանն այդ փաստարկներին տված ինչպես առաջին ատյանի դատարանի, այնպես էլ Գերագույն դատարանի պատասխանները գնահատում է աղքատիկ և անբավարար: Իբրև չհիմնավորված մերժելով Դիմումատուին ճնշելու մասին նրա փաստարկները և նշելով, որ “հակառակը հաստատող տվյալներ չկան” (տե’ս վերը 108-րդ և 114-րդ կետերը), դատարանները չեն մեկնաբանել պ-ն Կ-ի վարչական ձերբակալության անհերքելի փաստը, որը մատնանշվել է դիմողի կողմից և նույնիսկ կցված է նշել քրեական գործի նյութերին (տե’ս վերը 112-րդ կետը):
278. Համեմատության համար Դատարանը վկայակոչում է Camilleri v. Malta (գանգատ թիվ 51760/99) գործով 2000թ. մարտի 16-ի իր որոշումը, որով, որպես չհիմնավորված, մերժվել են դիմողի գանգատներն այն մասին, որ իր մեղադրանքը հիմնավորվել է իր խցակցի մեղադրող ցուցմունքների հիման վրա, քանի որ (1) ներպետական դատարանները մանրամասն շարադրել են այդ առանցքային վկայի մերկացնող ցուցմունքների թույլատրելիության մասին իրենց որոշման պատճառաբանություններն ու հիմքերը, (2) հաստատվել է այն, որ վկան այդ ցուցմունքները տվել է իր կամքով և (3) այդ ցուցմունքները չեն փոփոխվել ողջ վարույթի ընթացքում:
279. Վերադառնալով սույն գործին, Դատարանը նշում է, որ (1) դատարանը որոշել է ընդունել պ-ն Կ-ի մերկացնող ցուցմունքները` անտեսելով կոնկրետ և գործին վերաբերող փաստերը, որոնք կարող էին կասկածի տակ դնել դրանց արժանահավատությունը և ճշտությունը, (2) բավականին համոզիչ կերպով չի հաստատվել, որ պ-ն Կ-ն այդ ցուցմունքները տվել է իր կամքով և այն, որ ինքն այդ մասին պնդել է դատարանում, կարող է վկայել շարունակվող ճնշումների մասին, (3) պ-ն Կ-ի ցուցմունքները առաջին Դիմումատուի համար դարձել են հետևողականորեն անբարենպաստ նրան ձերբակալելու ժամկետին համընկած հարցաքննության պահից:
280. Քաղաքացիական դատավարության արդարացիությունը քննարկելիս Դատարանն արդեն եկել է հետևության, որ անտեսելով դիմումատուի կոնկրետ, ակտուալ և կարևոր փաստարկները, ներպետական դատարանները չեն կատարել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իրենց պարտականությունները (տե’ս Pronina v. Ukraine, գանգատ թիվ 63566/00, կետ 25, 2006թ. հուլիսի 28): Դատարանը նշում է, որ տվյալ դեպքում այդ պահանջը նույնպես չի պահպանվել, թեև քրեական գործերի շրջանակներում այն առավել խիստ պետք է պահպանվի:
281. Վերոգրյալը հաշվի առնելով, Դատարանը գալիս է եզրակացության, որ այդ կապակցությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
VI. Առաջին Դիմումատուի կողմից ներկայացված Կոնվենցիայի այլ դրույթների ենթադրյալ խախտումները.
282. Առաջին Դիմումատուն գանգատվել է Խմելնիցկիյի ԺՊՄ-ում 2004թ. մայիսի 21-ից հունիսի 22-ը կալանքի տակ պահվելու ընդհանուր վատ պայմաններից: Վկայակոչելով քրեական գործի դատական քննության իբր ապօրինի և չհիմնավորված տեղափոխումը Տերնոպոլի դատարան, նա նաև գանգատվել է, որ իր գործը չի քննվել “օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից”` ինչպես պահանջում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը: Առաջին Դիմումատուն վկայակոչելով նույն դրույթը, նաև գանգատվել է, որ իր դեմ քրեական վարույթի տևողությունը ողջամիտ չի եղել: Բացի այդ, նա 6-րդ հոդվածի 2-րդ կետի շրջանակներում գանգատվել է, որ Շեպետովի դատարանը և Տերնոպոլի դատարանը 2006թ. հուլիսի 10-ի և հոկտեմբերի 4-ի իրենց որոշումներով խախտել են անմեղության կանխավարկածի սկզբունքը, de facto իրեն մեղավոր ճանաչելով այն դեպքում, երբ գործն ուղարկվել է լրացուցիչ նախաքննության: Առաջին Դիմումատուն նաև գանգատվել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածը խախտելու մասին` 2006թ. նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 18-ին իրեն ձերբակալելու կապակցությամբ, պնդելով, որ իրական նպատակը եղել է իշխանությունների կողմից վրեժը` ի պատասխան միլիցիայի աշխատակիցների դեմ քրեական գործ հարուցելու իր ջանքերին: Վերջապես, նա վկայակոչել է Կոնվենցիայի 8-րդ և 13-րդ հոդվածների խախտման մասին` առանց որևէ հետագա պարզաբանման:
283. Սակայն իր տրամադրության տակ եղած բոլոր փաստաթղթերի և իր իրավասության սահմանների մեջ մտնող հարցերի լույսի ներքո Դատարանը չի հայտնաբերել Դիմումատուի կողմից վկայակոչված դրույթների խախտումներ:
284. Հետևաբար, գանգատի այս մասը հանդիսանում է ակնհայտ անհիմն և պետք է մերժվի կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի (ա) ենթակետի և 4-րդ կետի համաձապատասխան:
VII. Երկրորդ Դիմումատուի վերաբերյալ Կոնվենցիայի ենթադրյալ խախտումները.
Ա. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ.
285. Երկրորդ Դիմումատուն գանգատվել է, որ 2004թ. մայիսի 21-ին ինքը դարձել է միլիցիայի կողմից սպառնալիքների և նվաստացումների զոհ, որը հանդիսանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք` հաշվի առնելով տվյալ ժամանակ իր վիճակը (նա գտնվել է հղիության ութերորդ ամսում):
286. Դատարանը կրկնում է, որ 3-րդ հոդվածի գործողության տակ ընկնելու համար վերաբերմունքը պետք է հասնի դաժանության նվազագույն մակարդակի (տե’ս վերը հիշատակված Ireland v. the United Kingdom, կետ 162): Այդ նվազագույն սահմանի որոշումը հարաբերական է և կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են` վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական և հոգեբանական հետևանքները, որոշ դեպքերում` զոհի սեռը, տարիքը և առողջական վիճակը:
287. Հաշվի առնելով սույն գործով բոլոր այդ գործոնները, Դատարանը նշում է, որ թեև միլիցիայի բաժանմունքում երկրորդ դիմումատուի հարցաքննությունը նրա մոտ առաջացրել է տագնապ և անհանգստություն, չի կարելի համարել, որ այն հասել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված շեմին:
288. Հետևաբար, գանգատի այս մասը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի (ա) ենթակետով և 4-րդ կետով պետք է մերժվի` որպես ակնհայտ չհիմնավորված:
Բ. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ.
289. Երկրորդ Դիմումատուն նաև գանգատվել է, որ 2004թ. մայիսի 21-ին միլիցիան իրեն մոտ չորս ժամով զրկել է ազատությունից` առանց Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված որևէ հիմքերի կամ երաշխիքների:
290. Դատարանը նշում է, որ երկրորդ Դիմումատուն չի վիճարկել այդ կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին դատախազության որոշումը, թեև գործի նյութերից պարզ չէ, թե արդյոք պաշտոնապես նման որոշում կայացվել է, կամ չի բողոքարկել դատախազության անգործությունը` եթե իր բողոքների առթիվ չի կայացվել որևէ որոշում (տե’ս վերը 131-րդ և 134-րդ կետերում նշված կիրառելի օրենսդրությունը):
291. Հետևաբար, Դատարանը գտնում է, որ երկրորդ Դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, ինչպես որ պահանջվում է 35-րդ հոդվածի 1-ին կետով և մերժում է այդ գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան:
VIII. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառումը.
292. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
“Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:”
293. Երկրորդ Դիմումատուի վերաբերյալ չհայտնաբերելով Կոնվենցիայի կամ Արձանագրությունների խախտումներ, Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նրա նկատմամբ կիրառելի չէ: Այդ իսկ պատճառով, Դատարանը չի քննարկում արդարացի փոխհատուցման մասին նրա պահանջները:
Ա. Առաջին Դիմումատուի վնասի փոխհատուցումը.
294. Առաջին Դիմումատուն պահանջել է իրեն վճարել 80.000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
295. Կառավարությունն առարկել է պահանջի դեմ:
296. Դատարանը նշում է, որ սույն գործով հաստատել է խախտումների համակցություն և ընդունում է, որ առաջին Դիմումատուին հասցվել է ոչ նյութական վնաս, որը չի կարող փոխհատուցվել միայն խախտման փաստն արձանագրելով: Այսպիսով, Դատարանը նպատակահարմար է գտնում նրան տրամադրել 35.000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:
297. Բացի այդ, ներպետական վարույթի անարդարացիության վերաբերյալ Դատարանի հետևությունները և սույն գործի ծայրաստիճան լուրջ հանգամանքները, այդ թվում` այն փաստը, որ խոշտանգումների բացարձակ արգելքի խախտմամբ ձեռք բերված խոստովանություններն օգտագործվել են որպես ապացույցներ, Դատարանը գտնում է, որ մարդու իրավունքների պատշաճ պաշտպանության համար պետք է կրկին անցկացվի դատական քննություն (որպիսի հնարավորություն Ուկրաինայի օրենսդրությունը նախատեսում է), եթե առաջին Դիմումատուն ներկայացնի նման խնդրանք: Այդպիսի դատական քննության ընթացքում պետք է խստորեն պահպանվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված նյութական և դատավարական երաշխիքները:
Բ. Առաջին Դիմումատուի ծախսերի և ծախքերի փոխհատուցումը.
1. Դատարանում իրավաբանական ներկայացուցչությունը.
298. Առաջին Դիմումատուն պահանջել է 14.444 եվրո` որպես Դատարանում փաստաբան պ-ն Բուշչենկոյի կողմից ներկայացուցչության համար կատարված ծախսեր, այդ թվում` 12.950 եվրո փաստաբանի ծառայությունների համար` 1 ժամը 100 եվրո հաշվարկից ելնելով, 1.036 եվրո վարչական ծախսերի համար (ներառյալ թարգմանությունը, պատճենահանումը և այլն) և 458 եվրո` փոստային ծախսերի համար: Այդ պահանջները հիմնավորելու համար առաջին Դիմումատուն ներկայացրել է իրավաբանական օգնություն տրամադրելու մասին 2004թ. օգոստոսի 8-ի պայմանագիրը, որը նախատեսում է, որ այն ուժի մեջ է մինչև Ստրասբուրգում դատական քննության ավարտը և որ վճարումը կատարվելու է դրանից հետո և Դատարանի կողմից որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում տրամադրվող գումարի սահմաններում: Առաջին Դիմումատուն նաև ներկայացրել է պ-ն Բուշչենկոյի կողմից 2004-2010թ.թ. իրականացված աշխատանքների մասին կազմված թվով յոթ ակտ` ծախսված ժամանակի և ծախսերի հաշվարկների վերաբերյալ:
299. Կառավարությունը նշել է, որ առաջին Դիմումատուին Եվրոպայի Խորհրդի կողմից տրամադրվել է իրավական օգնություն` առանց վիճարկելու ներկայացված հաշվետվությունների մանրամասները:
300. Դատարանը պետք է պարզի, առաջին հերթին, թե արդյոք առաջին Դիմումատուի կողմից ներկայացված ծախսերը փաստացի կրվել են և, այնուհետև, արդյոք դրանք եղել են անհրաժեշտ (տե’ս McCann and Others v. the United Kingdom, 1995թ. սեպտեմբերի 27, կետ 220, Series A no. 324):
301. Ինչպես երևում է գործի նյութերից, պ-ն Բուշչենկոն առաջին Դիմումատուին Դատարանում ներկայացրել է գործի քննության ողջ ընթացքում և այդ իսկ պատճառով իրավունք ունի պահանջելու վճարել պայմանագրով իր հոնորարը: Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ այդ ծախսերը եղել են “փաստացի կատարված” (տե’ս Tebieti Muhafize Cemiyyeti and Israfilov v. Azerbaijan, գանգատ թիվ 37083/03, կետ 106, ECHR 2009):
302. Հաշվի առնելով սույն գործի բարդությունը, ինչպես նաև կատարված իրավաբանական աշխատանքի որակն ու ծավալը, Դատարանը չի գտնում, որ պահանջը հանդիսանում է չափազանցված և որոշում է ամբողջությամբ բավարարել առաջին Դիմումատուի պահանջը, այն է` վճարել նրան 13.594 եվրո (որը համարժեք է պահանջված 14.444 եվրո գումարին` հանած որպես իրավական օգնություն տրամադրված 850 եվրոն)` գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը:
2. Ներպետական դատարաններում իրավաբանական ներկայացուցչությունը.
303. Առաջին Դիմումատուն նաև պահանջել է 15.000 եվրո` որպես ներպետական դատարաններում իրավաբանական ներկայացուցչության համար կրած ծախսերի փոխհատուցում` առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու:
304. Կառավարությունը վիճարկել է այդ պահանջը` որպես չափազանցված և փաստաթղթերով չհիմնավորված:
305. Որևէ ապացույցի բացակայության պայմաններում, որոնք կհաստատեին, որ այդ ծախսերը փաստացի կատարվել են և եղել են անհրաժեշտ, Դատարանը մերժում է փոխհատուցման այդ պահանջը:
3. Այլ ծախսերը.
306. Առաջին Դիմումատուն պահանջել է վճարել 374 ԱՄՆ դոլար` որպես իր հոր տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, որը եղել է ներպետական վարույթում իր ներկայացուցիչը և 227 ԱՄՆ դոլար` որպես իր ընտանիքի մյուս անդամների տրանսպորտային ծախսեր:
307. Կառավարությունն առարկել է այդ պահանջի դեմ:
308. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած տցյալներն ու փաստաթղթերը, ինչպես նաև դատական ծախսերի և ծախքերի փոխհատուցման վերաբերյալ իր դատական պրակտիկայում ձևավորված չափանիշները, Դատարանը մերժում է այդ պահանջները:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը.
309. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:
Այդ հիմնավորումներով Դատարանը միաձայն`Հայտատարում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով, 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով, 5-րդ հոդվածի 4-րդ կետով (դատական քննության ընթացքում իր նախնական կալանքի օրինականության դատական վերանայման համարժեք ընթացակարգի բացակայության կապակցությամբ) և 6-րդ հոդվածի 3-րդ կետի (գ) ենթակետով առաջին Դիմումատուի գանգատներն ընդունելի, իսկ մնացած գանգատներն` անընդունելի.Վճռում է, որ առաջին Դիմումատուն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմամբ ենթարկվել է դաժան վերաբերմունքի.Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` կապված միլիցիայի կողմից խոշտանգումների վերաբերյալ առաջին Դիմումատուի գանգատների արդյունավետ քննության բացակայության հետ.Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` կապված առաջին Դիմումատուին 2004թ. մայիսի 20-ից 26-ը կալանքի տակ պահելու հետ.Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` կապված առաջին Դիմումատուին 2004թ. հոկտեմբերի 14-ից մինչև 2005թ.մայիսի 5-ը և 2007թ. մարտի 21-ից մինչև օգոստոսի 31-ը կալանքի տակ պահելու հետ.Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` կապված առաջին Դիմումատուին 2006թ. դեկտեմբերի 18-ից 21-ը կալանքի տակ պահելու հետ.Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` կապված առաջին Դիմումատուին 2007թ. փետրվարի 23-ից մարտի 21-ը կալանքի տակ պահելու հետ.Վճռում է, որ առաջին Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում.Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում` կապված “անհապաղ դատավորի մոտ տարվելու” առաջին Դիմումատուի իրավունքի հետ.Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում` կապված “ողջամիտ ժամկետով դատաքննության կամ մինչև դատը ազատ արձակվելու” առաջին Դիմումատուի իրավունքի հետ.Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում` կապված դատական քննության ընթացքում առաջին Դիմումատուի նախնական կալանքի օրինականության դատական վերանայման համարժեք ընթացակարգի բացակայության հետ.Վճռում է, որ առաջին Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում.Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` կապված իր դեմ չվկայելու առաջին Դիմումատուի իրավունքի հետ.Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` կապված առաջին Դիմումատուին դատապարտած ներպետական դատարանների որոշումների հիմնավորվածության հետ.Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի (գ) ենթակետի խախտում.Վճռում է
(ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում առաջին Դիմումատուին պետք է վճարի հետևյալ գումարները` ուկրաինական գրիվնայով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
(i) 35.000 (երեսունհինգ հազար) եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում, գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը.
(ii) 13.594 (տեսներեք հազար հինգ հարյուր իննսունչորս) եվրո` որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում, գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը.
(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի տուժանք` Եվրոպական Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով գումարած երեք տոկոսային կետ.
17. Մերժում է առաջին Դիմումատուի արդարացի փոխհատուցման պահանջի մնացյալ մասը:
Կազմված է անգլերեն, գրավոր կերպով հրապարակվել է 2011թ. ապրիլի 21-ին` համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Կլաուդիա ՎեստերդիյկԷլիզաբեթ Ֆուռա
Քարտուղար Նախագահ
Full & Egal Universal Law Academy