© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does թիվt bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՆԱԽԿԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԳՈՐԾ
ՆՈՒՐՍԵՏ ԿԱՅԱՆ [NUSRET KAYA] ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ
(Գանգատներ թիվ 43750/06, 43752/06, 32054/08, 37753/08 և 60915/08)
ՎՃԻՌ
[Հատված]
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Ապրիլի 22, 2014թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
08/09/2014
Սույն վճիռը վերջնական է համարվում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանների համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Նուրսետ Կայան [Nusret Kaya] և մյուսներն ընդդեմ Թուրքիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (նախկին երկրորդ բաժանմունք), Պալատի հետևյալ կազմով`
Գվիդո Ռայմոնդի (Guido Raimondi), նախագահ
Դատավորներ`
Իշիլ Կարակաշ (Işıl Karakaş),
Դրագոլյուբ Պոպովիչ (Dragoljub Popović),
Անդրաս Սայո (András Sajó),
Նեբոյշա Վուժինիչ (Nebojša Vučinić),
Պաոլո Պինտո դե Ալբուրքերքե (Paulo Pinto de Albuquerque)
Հելեն Կելլեր (Helen Keller),
և Սթենլի Նեյսմիթ (Stanley Naismith), բաժանմունքի քարտուղար,
2014թ. մարտի 25-ին տեղի ունեցած դռնփակ խորհրդակցության արդունքում կայացրել է հետևյալ վճիռը, որն ընդունվել է նշված ամսաթվով:
ՎԱՐՈՒՅԹԸ
1. Գործի հիմքում ընկած են Թուրքիայի հանրապետության հինգ քաղաքացիների պարոնայք Նուրսետ Կայայի (Nusret Kaya), Ահմետ Գերեզի (Ahmet Gerez), Մեհմետ Շիրին Բոզչալիի (Mehmet Şirin Bozçalı,) Մեսուտ Յուրտսեվերի (Mesut Yurtsever) և Մեհմետ Նուրի Օյզենի (Mehmet Nuri Özen) (այսուհետ`«դիմումատուներ») Թուրքիայի հանրաապետության դեմ հինգ գանգատները (թիվ 43750/06, 43752/06, 32054/08, 37753/08 և 60915/08), որոնք Դատարան են ներկայացվել 2006թ. հոկտեմբերի 4-ին (գանգատներ թիվ 43750/06 և 43752/06), 2008թ. հունիսի 24-ին (գանգատ թիվ 32054/08), հուլիսի 24-ին (գանգատ թիվ 37753/08) և նոյեմբերի 25-ին (գանգատ թիվ 60915/08) Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ` կետԿոնվենցիա¦) 34-րդ հոդվածի համաձայն:
2. Պրն Կայային (Kaya) թույլատրվել էր Դատարանում իր շահերը ներկայացնել անձամբ: Պրն Բոզչալիին (Bozçalı) ներկայացրել է պրն Էրբիլը (Erbil)` փաստաբան Ստամբուլից: Պարոնայք Յուրտսեվերին (Yurtsever) և Օյզենին (Özen) ներկյացրել է պրն Վարգյունը (Vargün)` փաստաբան Անկարայից: Պրն Գերեզին (Gerez) ներկայացրել է պրն Օ. Գյունդողդուն (O. Gündoğdu)` փաստաբան Կարսից:
Թուրքական կառավարությանը (այսուհետ` «Կառավարություն») ներկայացնում է վերջինիս պաշտոնական ներկայացուցիչը:
3. Դիմումատուները մասնավորապես պնդում էին, որ խախտվել էին իրենց հեռախոսային հաղորդակցությունը հարգելու (Կոնվենցիայի 8-րդ հոդված) և արդար դատաքննության իրավունքները (Կոնվենցիայի 6-րդ հոդված): Բացի այդ, ըստ նրանց գանգատի, խախտվել էին նաև Կոնվենցիայի 3-րդ, 13-րդ, 14-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածները:
4. 2010թ. հունվարի 18-ին Կառավարությունը ծանուցվել է գանգատների մասին:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմումատուները համապատասխանաբար ծնվել են 1972, 1965, 1966, 1974 և 1976 թվականներին:
Ա. Նուրսետ Կայա (Nusret Kaya) և Ահմետ Գերեզ (Ahmet Gerez) (Գանգատներ թիվ 43750/06 և 43752/06)
6. Իրենց գանգատների ներկայացման ժամանակ, դիմումատուները բանտարկված են եղել Մուշի Ե կարգի բանտում:
7. Մեկ այլ կալանավայրում` Էրզրումի Հ կարգի բանտում, իրենց նախորդ կալանքի ժամանակ, նրանք դիմել էին Էրզրումի դատական որոշումների կատարման գծով դատավորին` նպատակ ունենալով վերացնել քրեակատարողական հիմնարկի սահմանափակումները, որոնք, ըստ իրենց, կիրառվում էին իրենց հեռախոսազրույցների նկատմամբ` նրանց արգելելով հեռախոսազրույցները վարել քրդերենով:
8. 2006թ. մայիսի 29-ին, հիմնվելով ներկայացված փաստաթղթերի վրա, Էրզրումի դատական որոշումների կատարման հարցերով դատավորը մերժեց բողոքը: Իր հիմնավորման մեջ, նա նախևառաջ նշում էր, որ, եթե նույնիսկ Սահմանադրության 22-րդ հոդվածը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը սահմանում էին նամակագրության ազատությունը, այս երկու դրույթները նախատեսում էին նաև այս ազատության սահմանափակումներ այնպիսի հիմքերով, ինչպիսիք ազգային անվտանգությունն է և հասարակական կարգը: Նա այնուհետև նշում է, որ Պատիժների և կանխարգելիչ միջոցառումների կատարման մասին թիվ 5275 օրենքը (այսուհետ` « թիվ 5275 օրենք») նախատեսում էր, որ հեռախոսային զրույցները պետք է իրականացվեն պատիժների և կանխարգելիչ միջոցառումների մասին կարգով (այսուհետ` «կարգ») սահմանված պայմանների և սկզբունքների համաձայն: Նա նաև նշում է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դեռևս չէր ստացել իր դիմումի պատասխանը, որով այն, համաձայն այդ կարգի 88/2 հոդվածի պ) կետի, ցանկություն էր հայտնել ստուգել, թե արդյոք անձինք, որոնց հետ ցանկանում էր հաղորդակցվել շահագրգիռ կողմը, հասկանում էին, թե ոչ թուրքերեն լեզուն: Այս առումով նա ընդգծում էր, որ այս հարցը հստակեցման կարիք ուներ, և որ կողմերի ներկայացրած հայցը վերաբերում էր վարչակազմի համընդհանուր գործելակերպին, որը, ըստ դատավորի, չէր հակասում օրենքին: Նա եզրակացրել էր, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը գործել էր թիվ 5275 օրենքի և կարգի 88/2 հոդվածի պ) կետի համաձայն: .
9. 2006թ. մայիսի 11-ին դիմումատուները բողոքարկեցին այս որոշումը:
10. 2006թ. հուլիսի 12-ին, ուսումնասիրելով առկա փաստաթղթերը, Էրզրումի քրեական դատարանը մերժեց դիմումատուների բողոքը` համարելով, որ դատական որոշումների կատարման հարցերով դատավորի որոշումը չէր հակասում ո´չ ընթացակարգերին, ո´չ էլ օրենքին:
Բ) Մեհմետ Շիրին Բոզչալի (Mehmet Şirin Bozçalı) և Մեսուտ Յուրտսեվեր (Mesut Yurtsever) (գանգատներ թիվ 32054/08 և 37753/08)
11. Գանգատների ներկայացման ժամանակ դիմումատուները գտնվում էին Բոլուի Ֆ կարգի բանտում:
12. Այս բանտում գտնվելու ժամանակ, 2008թ. մայիսի 5-ին, նրանց դիմեցին Բոլուի դատական որոշումների կատարման գծով դատավորին` նպատակ ունենալով վերացնել քրեակատարողական հիմնարկի սահմանափակումները, որոնք, ըստ իրենց, կիրառվում էին իրենց հեռախոսազրույցների նկատմամբ` նրանց արգելելով հեռախոսազրույցները վարել քրդերենով:
13. 2008թ. մայիսի 13-ին, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, Բոլուի դատական որոշումների կատարման հարցերով դատավորը մերժեց հայցը` համարելով, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործելակերպը համապատասխանում էր ընթացակարգերին և օրենքին: Իր որոշման մեջ նա նշում է, որ քրեակատարողական կենտրոններում և կալանավայրերում դատապարտյալների և կալանավորների և դրսում գտվող վերջիններիս հարազատների հեռախոսային զրույցների վերաբերյալ կարգը ուժը կորցրած էր ճանաչվել 2007թ. փետրվարի 17-ին: Նա նշում է, որ այդ կարգը չուներ որևէ դրույթ թուրքերենից բացի մեկ այլ լեզվով հեռախոսազրույցներ վարելու թույլտվության համար դիմումների ուսումնասիրության համար: Նա պարզաբանում էր, որ ուժի մեջ էր մտել թիվ 5275 օրենքը և կարգի 88-րդ հոդվածը սահմանում էր նոր սկզբունքներ, որոնք անհրաժեշտ էր հաշվի առնել: Նա նշում էր, որ բանտերում հեռախոսային խոսակցությունների հսկողության առումով այս վերջին դրույթի բոլոր պայմանները, մասնավորապես այն կանոնը, որի համաձայն հեռախոսային խոսակցությունները պետք է լինեին թուրքերենով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտյալը կամ իր զրուցակիցը կամ երկուսը միասին չէին հասկանում թուրքերեն լեզուն: Նա հստակեցնում էր, որ նման դեպքերում, կարգը պահանջում էր, որ բանտարկյալը հեռախոսային հաղորդակցման հայտաձևում նշեր, որ իր հարազատը չէր հասկանում թուրքերեն: Նա ավելացնում էր, որ երբ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունն անհրաժեշտ էր համարում, ապա դատապարտյալի հաշվին կարող էին իրականացվել հայտաձևում նշված տեղեկությունների ստույգության ուսումնասիրություն, որի արդյունքում բանտարկյալին կարող էր թույլատրվել խոսել քրդերեն: Բացի այդ, նա հստակեցնում էր, որ բանտարկյալը պարտավոր է իր խոսակցությունը սկսել` նշելով իր անունը և ազգանունը, այնուհետև խնդրեր իր զրուցակցին նշել իր անուն, ազգանունը, ինչպես նաև հեռախոսահամարը: Դատավորի համար, այս պարտավորությունը, բացառությամբ որոշ իրադրությունների, ենթադրում էր, որ հեռախոսային խոսակցությունները պետք է լինեն թուրքերենով:
14. 2008թ. մայիսի 26-ին պրն Յուրտսեվերը բողոքարկեց այս որոշումը: Նա պնդում էր, որ իր մայրենի լեզուն քրդերենն էր և, հետևաբար, նորմալ էր, որ նա իր մոր հետ խոսեր այդ լեզվով: Նա նաև պնդում էր, որ անցած հինգ տարիների ընթացքում այդպես է եղել: Վերջապես, նա վիճարկում էր դիմողի կողմից տեղեկությունների ստուգման ընթացակարգի ծախսերը վճարելու պարտավորությունը:
15. 2008թ. մայիսի 27-ին պրն Բոզչալին (Bozçalı) նույնպես բողոքարկեց դատական որոշումների կատարման հարցերով դատավորի որոշումը` պնդելով, որ սեփական մշակութային ինքնության համաձայն հաղորդակցվելը, նամակագրվելը և ապրելը հիմնարար իրավունք է:
16. 2008թ. հունիսի 12-ին, Բոլուի քրեական դատարանը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղերը, մերժեց դիմումատուների հայցը: Այն համարեց, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործելակերպը և դատական որոշումների կատարման հարցերով դատավորի որոշումը չէին հակասում ո´չ ընթացակարգերին, ո´չ էլ օրենքին:
Գ) Մեհմետ Նուրի Օյզեն (Mehmet Nuri Özen) (գանգատ թիվ 60915/08)
17. Գանգատի ներկայացման ժամանակ դիմումատուն գտնվել է Բոլուի Ֆ կարգի բանտում:
18. Այստեղ բանտարկության ժամանակ 2008թ. մայիսի 30-ին նա դիմում է Բոլուի դատական որոշումների կատարման հարցերով դատավորին` գանգատվելով այն փաստից, որ նրանց պարտադրել են հեռախոսային զրույցների ժամանակ իր հարազատների հետ հաղորդակցվել թուրքերենով և որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը մերժել է տրամադրել քրդերենով հեռախոսազրույցներ ունենալու թույլտվություն:
19. 2008 հունիսի 10-ին դատական որոշումների կատարման հարցերով դատավորը մերժեց այս բողոքը: Նա համարում էր, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործելակերպը համապատասխանում էր գործող ընթացակարգին և օրենքին: Իր որոշման մեջ նա նշում է, որ քրեակատարողական կենտրոններում և կալանավայրերում դատապարտյալների և կալանավորների և դրսում գտվող վերջիններիս հարազատների հեռախոսային զրույցների վերաբերյալ կարգը ուժը կորցրած էր ճանաչվել 2007թ. փետրվարի 17-ին: Նա նշում է, որ այդ կարգը չուներ որևէ դրույթ թուրքերենից բացի մեկ այլ լեզվով հեռախոսազրույցներ վարելու թույլտվության համար դիմումների ուսումնասիրության համար: Նա պարզաբանում էր, որ ուժի մեջ էր մտել թիվ 5275 օրենքը, և կարգի 88-րդ հոդվածը սահմանում էր նոր սկզբունքներ, որոնք անհրաժեշտ էր հաշվի առնել: Նա նշում էր, որ բանտերում հեռախոսային խոսակցությունների հսկողության առումով այս վերջին դրույթի բոլոր պայմանները, մասնավորապես այն կանոնը, որի համաձայն հեռախոսային խոսակցությունները պետք է լինեին թուրքերենով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտյալը կամ իր զրուցակիցը կամ երկուսը միասին չէին հասկանում թուրքերեն լեզուն: Նա հստակեցնում էր, որ նման դեպքերում, կարգը պահանջում էր, որ բանտարկյալը հեռախոսային հաղորդակցման հայտաձևում նշեր, որ իր հարազատը չէր հասկանում թուրքերեն: Նա ավելացնում էր, որ երբ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունն անհրաժեշտ էր համարում, ապա դատապարտյալի հաշվին կարող էին իրականացվել հայտաձևում նշված տեղեկությունների ստույգության ուսումնասիրություն, որի արդյունքում բանտարկյալին կարող էր թույլատրվել խոսել քրդերեն: Բացի այդ, նա հստակեցնում էր, որ բանտարկյալը պարտավոր է իր խոսակցությունը սկսել` նշելով իր անունը և ազգանունը, այնուհետև խնդրի իր զրուցակցին նշել իր անուն, ազգանունը, ինչպես նաև հեռախոսահամարը: Դատավորի համար, այս պարտավորությունը, բացառությամբ որոշ իրադրությունների, ենթադրում էր, որ հեռախոսային խոսակցությունները պետք է լինեն թուրքերենով:
20. 2008թ. հունիսի 20-ին դիմումատուն բողոքարկում է այդ որոշումը:
21. 2008թ. հուլիսի 4-ին Բոլուի քրեական դատարանը մերժում է դիմումատուի բողոքը` համարելով, որ որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործելակերպը և դատական որոշումների կատարման հարցերով դատավորի որոշումը չէին հակասում ո´չ ընթացակարգերին, ո´չ էլ օրենքին:
(...)
ԻՐԱՎՈՒՆՔԸ
29. Հաշվի առնելով գանգատների նմանությունը փաստերի և բողոքների առումով` Դատարանը որոշեց միավորել այս գանգատները և դրանք համատեղ քննել մեկ վճռի շրջանակներում:
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ
30. Դիմումատուները պնդում են, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործելակերպի արդյունքում, որը սահմանափակում էր քրդերենով նրանց հեռախոսազրույցներ ունենալու հնարավորությունը, խախտվել է նրանց նամակագրության և/կամ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը:
Այս կապակցությամբ նրանք վկայակոչում են Կոնվենցիայի 8-րդ հոդվածը, որը սահմանում է.
« 1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, (...) և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրա-վունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատես-ված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի (...) պաշտպանության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման նպատակով (...):»
31. Կառավարությունը վիճարկում է այս փաստարկը:
(...)
Բ) Գործի էության մասին
1. Միջամտության գոյության մասին
35. Նախևառաջ Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի տեսանկյունից ցանկացած օրինական կալանք իր բնույթով հանգեցնում է բանտարկված անձի անձնական և ընտանեկան կյանքի սահմանափակման: Այն վերահաստատում է, որ, այնուամենայնիվ, «ընտանեկան կյանքը հարգելու համար կարևոր է », որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմն աջակցի բանտարկյալին իր ընտանիքի հետ կապը պահպանելու հարցում (Մեսսինան ընդդեմ Իտալիայի [Messina c. Italie] (թիվ 2), թիվ 25498/94, կետ 61, ՄԻԵԴ 2000‑X, և Ալիևն ընդդեմ Ուկրաինայի [Aliev c. Ukraine], թիվ 41220/98, կետ 187, ապրիլի 29, 2003թ.): Այն միաժամանակ ընդունում է, որ կարող է առաջանալ արտաքին աշխարհի հետ բանտարկյալների շփումների որոշակի հսկողության անհրաժեշտություն, որը, որպես այդպիսին, անհամատեղելի չէ Կոնվենցիայի հետ (վերը նշված Ալիև [Aliev], նույնը):
36. Այն այնուհետև հիշեցնում է, որ ինչ վերաբերում է հեռախոսի հասանելիությանը, ապա Կոնվենցիայի 8-րդ հոդվածը չի կարելի մեկնաբանել որպես հեռախոսազանգեր կատարելու բանտարկյալների իրավունք, մասնավորաապես այն դեպքում, երբ նամակագրությամբ հաղորդակցվելու ընձեռնված հնարավորություններն առկա են և բավարար: ( Ա.Բ.-ն ընդդեմ Նիդերլանդների [A.B. c. Pays-Bas], թիվ 37328/97, կետ 92, հունվարի 29, 2002թ., և Չիսժևսկին ընդդեմ Լեհաստանի [Ciszewski c. Pologne] (որոշում), թիվ 38668/97, հունվարի 6, 2004թ.): Այնուամենայնիվ, սույն գործում, այնքանով, որքանով ներպետական իրավունքը բանտարկյալներին ընձեռնում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հսկողության ներքո գտնվող հեռախոսներից իրենց հարազատների հետ հեռախոսազրույցներ ունենալու հնարավորություն, Դատարանը համարում է, որ սահմանափակումները, որոնք կիրառվել են դիմումատուների և իրենց հարազատների հեռախոսային հաղորդակցությունների նկատմամբ այն պատճառաբանությամբ, որ նրանք ցանկացել են խոսակցությունները վարել քրդերենով, կարող է համարվել որպես միջամտություն նրանց նամակագրության և ընտանեկան կյյանքը հարգելու իրավունքի իրականացման նկատմամբ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի տեսանկյունից ( տե´ս նմանատիպ մոտեցումը Բայբաշնն ընդդեմ Նիդրելանդների [Baybaşın c. Pays-Bas] (որոշում), թիվ 13600/02, հոկտեմբերի 6, 2005թ.):
2. Այդ միջամտության հիմնավորման մասին
37. Նման միջամտությունը հակասում է 8-րդ հոդվածին, բացառությամբ այն դեպքերի, երբ «նախատեսված լինելով օրենքով», այն հետապնդում է 2-րդ մասի առումով մեկ կամ մի քանի օրինական նպատակ և, ավելին, « անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակներն ապահովելու համար:
ա) Նախատեսված է օրենքով
38. Դատարանը հիշեցնում է իր նախադեպային իրավունքը, ըստ որի «նախատեսված է օրենքով» եզրույթներն ոչ միայն պահանջում են, որ վիճարկվող միջացառումը ներպետական իրավունքում որոշակի հիմք ունենա, այլ նաև ուղղված են տվյալ օրենքի որակին: Հետևաբար, այն պետք է հասանելի լինի անհատներին, իսկ դրա հետևանքնեը` կանխատեսելի (տե´ս, ի թիվս այլոց, Ռոտարուն ընդդեմ Ռումինիայի [Rotaru c. Roumanie] [ՄՊ], թիվ 28341/95, կետ 52, ՄԻԵԴ 2000‑V): Բացի այդ, այն հիշեցնում է, որ հատկապես ներպետական իշխանությունները, մասնավորապես դատարանները, պետք է մեկնաբանեն և կիրառեն ներպետական իրավունքը: (Կոպպն ընդդեմ Շվեցարիայիա [Kopp c. Suisse], մարտի 25, 1998թ., կետ 59, Որոշումների և վճիռների ժողովածու (Recueil des arrêts et décisions) 1998-II, և Կրուսլինն ընդդեմ Ֆրանսիայի [Kruslin c. France], ապրիլի 24, 1990թ., կետ 29, շարք A, թիվ 176-A).
39. Սույն գործի կապակցությամբ Դատարանը նշում է, որ վիճարկվող միջամտությունը ներպետական իրավունքում հենվում է տվյալ ժամանակաշրջանում գործող «Պատիժների և կախարգելիչ միջոցառումների կիրառման մասին» կարգի 88-րդ հոդվածի վրա (...): Այդ ժամանակ, համաձայն 88-րդ հոդվածի, նախատեսվում էր, որ հեռախոսային խոսակցությունները հիմնականում պետք է կատարվեն թուրքերերով, բացառությամբ մեկ այլ լեզվով խոսելու թույլտվության դեպքերի, որոնք կարող էին տրվել այդ դրույթով սահմանված դեպքերում և պայմաններում:
40. Ավելին, Դատարանը պատճառներ չունի կասկածի տակ դնելու Պաշտոնական տեղեկագրում հրապարակված սույն կարգի հասանելիությունը: Բացի այդ, նա անհրաժեշտ չի համարում որոշում կայացնել սույն կարգի դրույթների վերաբերյալ` հաշվի առնելով վիճարկվող միջամտության անհրաժեշտության վերաբերյալ իր եզրակացությունները (ստորև նշված 49-62 կետեր):
բ) Օրինական նպատակ
41. Հաշվի առնելով Կեպենեկլիողլուն ընդդեմ Թուրքիայի [Kepeneklioğlu c. Turquie] (թիվ 73520/01, հունվարի 23, 2007թ.) և Սիլվերն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [Silver et autres c. Royaume-Un]i (մարտի 25, 1983թ., շարք A, թիվ 61) վճիռներում Կառավարության վերլուծությունը, Դատարանն ընդունում է որոշակի հանգամանքներում կալանավայրերում կարգի պահպանման նպատակով բանտարկյալների նամակագրության նկատմամբ հսկողության օրինականությունը: Կառավարությունը գտնում է, որ սույն գործում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից հեռախոսային խոսակցությունների նկատմամբ հսկողության նպատակն անվտանգության պահպանումը և անկարգությունների և հանցագործությունների կանխումն է եղել:
42. Դատարանը հիշեցնում է, որ երբ, ինչպես սույն գործում, բանտային ղեկավարությունը տալիս է հեռախոսի օգտագործման հնարավորություն, այդ հնարավորությունը կարող է, հաշվի առնելով բանտային կյանքի սովորական և ողջամիտ պայմանները, ենթարկվել օրինական սահմանափակումների`հաշվի առնելով նաև այլ բանտարկյալների կողմից հեռախոսի օգտագործման անհրաժեշտությունը և բանտում կարգի պահպանման և հանցագործությունների կանխման պահանջները (վերը նշված Ա.Բ.-ն ընդդեմ Նիդերլանդների [A.B. c. Pays-Bas], կետ 93, և Կոշկոդարն ընդդեմ Ռումինիայի [Coşcodar c. Roumanie] (որոշում), թիվ 36020/06, կետ 30, մարտի 9, 2010): Սույն գործի կապակցությամբ Դատարանը համարում է, որ վիճարկվող միջամտությունը հետապնդում էր օրինական նպատակ, այն է` կարգի պահպանումը և հանցագործությունների կանխումը:
գ) Միջամտության անհրաժեշտությունը
i. Կառավարության փաստարկները
43. Կառավարությունը վիճարկում է դիմումատուների փաստարկները: Այն համարում է, որ վիճարկվող միջամտությունն եղել է անհրաժեշտ և համաչափ: Այս առումով, այն նշում է, որ դիմումատուները ՔԲԿ (PKK) ահաբեկչական կազմակերպության անդամներ են և որ մինչև հեռախոսային խոսակցությունները քրդերենով վարելու թույլտվություն ստանալու դիմումը նրանք արդեն օգտագործել էին թուրքերեն լեզուն իրենց ընտանիքին զանգելու համար: Այս առումով այն նաև հստակեցնում է, որ քրդերենն ունի տարբեր բարբառներ և որ այդ դիմումների ներկայացման ժամանակաշրջանում քրեկատարողական հիմնարկի անձնակազմի և ոչ մի անդամ չէր հասկանում քրդերեն: Ըստ Կառավարության` քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, հիմնվելով այդ ժամանակ գործող կարգի 88/2 հոդվածի պ) կետի դրույթների վրա, պահանջել էր այն անձանց անունները և հասցեները, որոնց հետ ցանկացել էին խոսել դիմումատուները, որպեսզի կարողանային տեղեկություններ ձեռքբերել այդ անձանց մասին: Ըստ Կառավարության` այն բանտարկյալները, որոնք վատ մտադրություններ չեն ունեցել, տրամադրել են այդ տեղեկությունները և, ուսումնասիրությունից հետո, թույլատրվել է խոսել քրդերեն այն անձանց, ովքեր թուրքերեն չէին հասկանում: Մինչդեռ, ըստ Կառավարության, վատ մտադրություններ ունեցող որոշ ակտիվ դիմումատուներ դիմել են քրդերենով խոսելու թույլտվություն ստանալու համար առանց պահանջվող տեղեկությունները տրամադրելու: Կառավարությունը գտնում է, որ այս կերպ տվյալ անձինք անհնարին են դարձրել իրենց հետ հաղորդակցվող անձանց վերաբերյալ ցանկացած հետաքննում: Ավելին, ըստ Կառավարության, որոշ դիմողների հարազատներին չի հաջողվել գտնել նշված հասցեներում: Ըստ այդմ, շահագրգիռ կողմերը չեն կատարել այն պարտավորությունները, որոնք նրանց թույլ կտային իրենց հեռախոսային խոսակցությունները վարել թուրքերենից բացի մեկ այլ լեզվով: Բացի այդ, դիմումատուների նկատմամբ կիրառվել է այ օրենսդրությունը, որը կիրառվում է նաև այլ բանտարկյալների նկատմամաբ և, հետևաբար, նրանք չեն ենթարկվել որևէ խտրականության:
44. Վերջապես, Կառավարությունը տեղեկացնում է դատարանին, որ կարգի 88/2 հոդվածի պ) կետն ենթարկվել է փոփոխության, որը թույլ կտա այսուհետ խուսափել իրենց հարազատների հետ հեռախոսով քրդերենով խոսելու համար բանտարկյալների դիմումների ուսումնասիրության ձգձգումներից:
ii. Դիմումատուների փաստարկները
45. Պրն Կայան (Kaya) քննադատում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործելակերպը, որն իր կարծիքով թե´ իր, թե´ իր հարազատների նկատմամբ կամայական է, վիրավորական և անմարդկային:
46. Պրն Գերեզը (Gerez) չի ընդունում Կառավարության փաստարկները: Նա պնդում է, որ կարգի ուժի մեջ մտնելու պահից` 2006թ. մայիսից մինչև 2009թ.-ը նրան չի թույլատրվել իր ծնողների հետ հեռախոսային խոսակցությունները վարել քրդերենով, ինչի հնարավորություն նա ունեցել է անցյալում: Այս առումով նա նաև պնդում է, որ իր հեռախոսային խոսակցություններն ընդհատվել են կամ խաթարվել, ըստ նրա, առանց որևէ հիմնավոր պատճառի: Նա նաև պնդում է, որ բացի այն, որ նա դիմել էր իր ծնողների հետ հեռախոսով քրդերեն խոսելու թույլտվություն ստանալու համար, նրան նաև պատասխանել էին, որ իր ծնողներին հնարավոր չի եղել հայտնաբերել այն հասցեում, որը նա տրամադրել էր քրեակատարողական հիմնարկին, ինչի արդյունքում հնարավոր չի եղել ստուգել, թե արդյոք նրանք խոսում են թուրքերեն կամ ոչ, որի պատճառով էլ, ըստ նրա, նրան չի թույլատրվել իր ծնողների հետ խոսել քրդերեն: Ի վերջո, նա քննադատում է կառավարության քաղաքականությունը, որը, իր կարծիքով, ձգտում է արգելել թուրքերենից բացի այլ լեզուների օգտագործումը:
47. Պրն Բոզչալին (Bozçalı) պնդում է, որ ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտություն չկա արգելելու արտահայտվել մայրենի լեզվով: Նա ավելացնում է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմն ունի բավականին միջոցներ խոսակցությունները վերահսկելու և թարգմանելու համար, սակայն դա չի անում, որպեսզի, ըստ նրա, արգելի նրանց քրդերեն խոսել իր ընտանիքի և այլցելուների հետ` այսպիսով արգելելով նաև նրանց հետ հաղորդակցվել:
48. Ինչ վերաբերում է պարոնայք Յուրտսեվերին (Yurtsever) և Օյզենին (Özen), ապա վերջիններս պնդում են, որ իրենց դատապարտումը չի կարող իրենց զրկել իրավունքներից և որ իրենք ունեն նամակագրության ազատության իրավունք: Հետևաբար, նրանք համարում են, որ նման իրավունքի ցանկացած խախտում պետք է հիմնավորված լինի և որ իրենց նամակագրության ազատության իրավունքի նկատմամբ ցանկացած միջամտություն կամայական է, եթե այն չի հիմնվում հրապարակված և հասանելի օրինական դրույթների վրա: Նրանք ընդունում են, որ արտաքին աշխարհի հետ բանտարկյալների կապերի վերահսկողությանն ուղղված միջոցառումներն անհրաժեշտ են կալանավայրերում անվտանգության պահպահման և հանցագործությունների կանխման համար: Այնուամենայնիվ, նրանք գնտում են, որ այս նպատակները, որոնք նրանք օրինական են համարում, կարող էին ապահովվել համաչափության պահպանմամբ և ոչ թե հիմնավորելու այն սահմանափակումները, որոնք կիրառվում էին իրենց ընտանիքների և արտաքին աշխարհի հետ իրենց համար ցանկալի հարաբերությունների նկատմամբ, որոնք կլինեին թուրքերենից բացի մեկ այլ լեզվով: Նրանց համարում են, որ բացի այն, որ արտաքին աշխարհի հետ քրդերենով հաղորդակցվելու արգելանքը չի կարող հիմնավորվել միայն աշխատակազմի անբավարարության պատճառաբանությամբ: Նրանք նշում են, որ ներպետական իշխանությունները չեն փորձել պարզել, թե նրանց հեռախոսային խոսակցություններն իրենց բովանդակությամբ պարունակել են անօրինական տարրեր կամ կարող էին իրենց բնույթով վտանգել բանտային անվտանգությունը: Նրանք պետական իշխանություններին մեղադրում են այն բանում, որ այն պահից, երբ հեռախոսային խոսակցությունները վարվում էին քրդերենով, անմիջապես ենթադրվում էր, որ դրանց բովանդակությունն անօրինական է: Այս առումով նրանք քննադատում էին վիճարկվող արգելքի ավտոմատ և անարդարացի կիրառումը: Նրանք պնդում են, որ տվյալ միջացառումը չի եղել ո´չ համաչափ, ո´չ էլ անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում: Դիմումատուների կարծիքով ազգային փոքրամասնության լեզվով արտահայտվելու արգելքն անհամատեղելի է իրական ժողովրդավարության հետ, քանի որ, ըստ նրանց, մշակութային, էթնիկ և կրոնական բազմազանությունը հարգելը ժողովրդավարական հասարակությունների հիմնարար արժեքն է: Դիմումատուները հայտարարում են, որ պատկանում են էթնիկ փոքրամասնության, որը չի ճանաչվել կառավարության կողմից, բայց որի գոյությունը, միջազգային իրավունքի համաձայն, կախված չէ այդ ճանաչումից: Նրանք կարծում են, որ կառավարությունն առնվազն չպետք է խանգարի նրանց վայելելու իրենց ինքնությունը, լեզուն և մշակույթը: Նրանք վկայակոչում են Եվրոպայի խորհրդի կողմից սահմանված Եվրոպական բանտային կանոնները և նշում են մասնավորապես 38-րդ կանոնը: Վերջինս սահմանում է, որ ազգային և լեզվական փոքրամասնություններին պատկանող բանտարկյալների պահանջների ապահովման համար պետք է իրականացվեն հատուկ միջոցառումներ և որ, հնարավորության սահմաններում, տարբեր խմբերի մշակութային ավանդույթները պետք է պահպանվեն նաև կալանավայրում, և որ լեզվական պահանջները պետք է բավարարվեն գիտակ թարգմանիչների շնորհիվ և յուրաքանչյուր կալանավայրում առկա տարբեր լեզուներով մշակված տեղեկատվական թերթիկների տրամադրմամբ: Վերջապես, դիմումատուների կարծիքով, Ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների մասին Օսլոյի հանձնարարականների և Միավորված ազգերի հովանու ներքո ընդունված Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների 51-րդ հոդվածի համաձայն, Պետությունը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ նրանց հատուկ պահանջները բավարարելու համար: Իրենց դեպքում չէին կարող լինել սոցիալական հրատապ պահանջներ, որոնք կկարողանային հիմնավորել տվյալ սահմանափակումը:
iii. Դատարանի գնահատականը
49. Ի սկզբանե Դատարանը նպատակահարմար է համարում ընդգծել, որ հեռախոսի միջոցով իր մայրենի լեզվով բանավոր շփվելու հնարավորությունը բանտարկյալի համար, իհարկե, իր նամակագրությունը հարգելու իրավունքի և հատկապես Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի ասպեկտներից մեկն է:
50. Այնուհետև Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված իրավունքների իրականացման նկատմամբ միջամտություն հանդիսացող միջոցառումը կարող է համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում», եթե այն կատարվել է ի պատասխան սոցիալական հրատապ պահանջների և եթե օգտագործված միջոցները հետապնդվող նպատականերին համաչափ են եղել (տե´սr, ի թիվս այլոց, Քեմփբելլն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [Campbell c. Royaume-Uni], մարտի 25, 1992թ., կետ 44, շարք A թիվ 233): Որոշելու համար, թե արդյոք այդ միջամտությունն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում, պետք է հաշվի առնել պետության հայեցողության սահմանները (նույն տեղում):
51. Այս առումով, ներպետական իշխանությունները պետք է առաջին տան միջամտության անհրաժեշտության գնահատականը, իսկ Դատարանը պետք է որոշի, թե արդյոք միջամտության պատճառները տեղին են եղել և բավարար Կոնվենցիայի պահանջների բավարարման տեսանկյունից (Սզուլուկն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [Szuluk c. Royaume-Uni], թիվ 36936/05, կետ 45, ՄԻԵԴ 2009).
52 Դատարանը նաև ընդգծում է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված նպատակների իրականացման համար դատապարտյալ բանտարկյալի նամակագրությունը հարգելու իրավունքի իրագործման նկատմամբ միջամտության «անհրաժեշտության» հարցն ուսումնասիրելիս, պետք է հաշվի առնել ազատազրկման նորմալ և ողջամիտ պահանջները, այն է` խորհուրդ է տրվում իրականացնել բանտարկյալների նամակագրության նկատմամբ որոշակի հսկողություն, որն իր բնույթով չի հակասում Կոնվենցիային (տե´ս, ի թիվս այլոց, վերը նշված Սիլվերը և մյուսները [Silver et autres], կետ 98, Կվիկն ընդդեմ Լեհաստանի [Kwiek c. Pologne], թիվ 51895/99, կետ 39, մայիսի 30, 2006թ., և Օստրովարն ընդդեմ Մոլդովայի [Ostrovar c. Moldova], թիվ 35207/03, կետ 105, սեպտեմբերի 13, 2005թ.):
53. Վերջապես Դատարանը հիշեցնում է, որ բազմիցս նշել է, որ, բացառությամբ այն հատուկ իրավունքների, որոնք սահմանված են 5-րդ հոդվածի 2-րդ մասում (անձի իր ձերբակալման պատճառների վերաբերյալ ամենակարճ ժամկետներում և իրեն հասկանալի լեզվով տեղեկացված լինելու իրավունքը) և 6-րդ 3-րդ մասի ա) և ե) կետերում (անձի նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքի պատճառների և բնույթի մասին ամենակարճ ժամկետներում տեղեկացված լինելու իրավունքը և դատավարության լեզուն չխոսելու և չհասկանալու դեպքում թարգմանչի ծառայություններից օգտվելու իրավունքը), լեզվական ազատությունը, որպես այդպիսին, ներառված չէ Կոնվենցիայով կարգավորվող հարցերում ( Կոզլովսն ընդդեմ Լատվիայի [Kozlovs c. Lettonie] (որոշում), թիվ 50835/99, հունվարի 10, 2002թ., և Քեմալ Տաշկինը և մյուսներն ընդդեմ Թուրքիայի [Kemal Taşkın et autres c. Turquie], թիվ 30206/04, 37038/04, 43681/04, 45376/04, 12881/05, 28697/05, 32797/05 et 45609/05, կետ 56, փետրվարի 2, 2010թ.):
54. Սույն գործի կապակցությամբ Դատարանն անհրաժեշտ է համարում կրկին ընդգծել, որ վիճահարույց հարցը վերաբերում է ոչ այնքան դիմումատուների լեզվական ազատությանը, այլ իրենց ընտանիքների հետ իրական կապի պահպանման իրավունքին: Ուստի, անհրաժեշտ է ուսումնասիրել այն պայմանները, որոնց ենթարկվում էին դիմումատուների հեռախոսային խոսակցությունները համապատասխան ժամանակաշրջանում գործող կարգի համաձայն, որպեսզի Դատարանը կարողանա գնահատել դրանց համատեղելիությունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի երկրորդ մասի պահանջների հետ:
55. Այս կապակցությամբ Դատարանը հիշեցնում է, որ արդեն ազգային իշխանությունների ուշադրությունը հրավիրել է 2006թ. Եվրոպական բանտային կանոնների շրջանակներում սահմանված հանձնարարականների (Հանձնարարական REC(2006)2) կարևորության վրա, թեև դրանք պարտադիր են անդամ պետությունների համար (տե´ս, ի թիվս այլոց, Սլավոմիր Մուսիալն ընդդեմ Լեհաստանի [Sławomir Musiał c. Pologne], թիվ 28300/06, կետ 96, հունվարի 20, 2009թ.): Այս առումով Դատարանը կրկին հաստատում է, որ կարևոր է, որ բանտային վարչակազմը աջակցի բանտարկյալներին իրենց ընտանիքի անդամների հետ կապը պահպանելու հարցում:
56. Այս դեպքում, Դատարանը նախևառաջ նշում է, որ ներպետական իրավունքը բանտարկյալներին հնարավորություն է ընձեռնում արտաքին աշխարհի հետ կապը պահպանել հեռախոսազրույցների միջոցով: Այնուամենայնիվ, հեռախոսային այս խոսակցությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կարող են վերահսկվել և, պատշաճ վերահսկողության նպատակով, բանտարկյալներից հիմնականում պահանջվում էր հեռախոսազրույցները վարել միայն թուրքերենով:
57. Իհարկե, ներպետական իրավունքը նախատեսում էր լրամշակել այդ սկզբունքը և չուներ որևէ դրույթ, որը կարգելեր իրենց հարազատների հետ հեռախոսազրույցներում բանտարկյալների կողմից թուրքերենից բացի մեկ այլ լեզվի օգտագործումը: Այս կարգի 88/2 հոդվածի պ) կետն այս հնարավորությունը ստորակարգում էր որոշ ձևական պահանջների: Այն, մասնավորապես, քրեակատարողական հիմնարկին հնարավորությունն էր տալիս ստուգել, թե արդյոք այն անձը, որի հետ մեկ այլ լեզվով են ցանկանում զրուցել բանտարկյալները, իրապես չի հասկանում թուրքերեն:
58. Բացի այդ, այդ ժամանակ կիրառվող կանոնակարգային դրույթների (...) և ազգային ատյանների որոշումների համաձայն (վերը նշված 13-րդ և 19-րդ կետեր), երբ քրեակատարողական հիմնարկի վարչակազմն որոշում էր ստուգել հեռախոսազրույցների համար դիմումի հայտաձևում նշված տեղեկությունները, այդ ստուգման ծախսերը կրում էին շահագրգիռ բանտարկյալները:
59. Ճիշտ է, Դատարանն արդեն ընդունել է, որ անվտանգության նկատառումները, ինչպիսին փախուստի ռիսկերի կանխումն է, կարող են հիմնավորել կալանքի հատուկ ռեժիմի կիրառումը և բանտարկյալի և հարազատների իրենց ընտրությամբ լեզվով հաղորդակցման արգելումը, ավելին, նույնիսկ այն դեպքում, երբ չի հաստատվել, որ նա չի տիրապետում հաղորդակցման համար թույլատրված լեզուներից որևէ մեկը (վերը նշված Բայբաշն [Baybaşın] գործով որոշումը): Այսպիսով, տվյալ գործի հանգամանքներում, վիճարկվող կարգը կիրառվում էր բոլոր բանտարկյալների նկատմամբ համընդհանուր կերպով և առանց խտրականության, առանց անվտանգության տեսանկյունից անհատական պահանջների գնահատման, որը կարող էր պահանջվել յուրաքանչյուր բանտարկյալի անհատականությունից կամ նրա կողմից կատարված հանցագործություններից ելնելով: Բացի այդ, քրդերեն լեզվով հեռախոսազրույցներ ունենալու խնդրանքով դիմումատուների դիմումի ուսումնասիրության ժամանակ, ներպետական ատյանները տեղյակ են եղել, որ քրդերենն այն լեզուներից է, որը լայնորեն խոսվում էր Թուրքիայում, ի տարբերություն Բայբաշն [Baybaşın] գործում առկա իրադրության, և օգտագործվում էր որոշ բանտարկյալների կողմից իրենց ընտանեկան շրջանակներում: Այնումենայնիվ, կարծես թե, ներպետական ատյանները չեն նախատեսել այս դեպքերում դիմել թարգմանության: Մինչդեռ, Դատարանը հիշեցնում է, որ արդեն հաստատել է, որ կենսապես կարևոր է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմն աջակցի բանտարկյալին իր ընտանիքի հետ իրական կապ պահպանելու հարցում (տե´ս, ի թիվս այլոց, վերը նշված Բայբաշն [Baybaşın] գործում կայացրած որոշումը և Վան դեր Վենն ընդդեմ Նիդերլանդների [Van der Ven c. Pays-Bas], թիվ 50901/99, կետ 68, ՄԻԵԴ 2003‑II): Այս առումով, ոչինչ չի կարող բացարկել դիմումատուների պնդումներն այն մասին, որ քրդերենն եղել է իրենց ընտանեկան շրջանակում օգտագործվող լեզուն, իրենց մերձավորների կողմից հասկացվող միակ լեզուն: Մի հանգամանք, որ Դատարանը կարևորում է սույն գործում:
60. Հետևաբար, Դատարանը համարում է, որ, հաշվի առնելով գործում ներկայացված փաստաթղթերը և իր կողմից ձեռքբերված տեղեկությունները, գործելակերպը, որի շրջանակներում իրենց ընտանիքի անդամների հետ քրդերենով հեռախոսազրույց ունենալու ցանկություն ներկայացրած դիմումատուներին պարտադրվել է ենթարկվել նախնական ընթացակարգի, որը նպատակ է ունեցել ստուգել, թե արդյոք վերջիններս իրապես անկարող են արտահայտվել թուրքերենով, իրենց հարազատների հետ հաղորդակցվելու դիմումատուների նկատմամբ կիրառված սահմանափակումների տեսանկյունից հիմնված չի եղել համապատասխան և բավարար պատճառների վրա:
61. Դատարանը գտնում է, որ իրենց հարազատների հետ քրդերենով հեռախոսազրույցներ ունենալու դիմումատուների իրավունքի նկատմամբ միջամտությունը չի կարող անհրաժեշտ համարվել: Կարգի 88/2 հոդվածի պ) կետի լրամշակումը (...), որին հղում է կատարում Կառավարությունը (վերը նշված 44-րդ կետ) և որը փոփոխում է թուրքերենից բացի մեկ այլ լեզվով հեռախոսազրույցների վարման թույլտվության դիմումների պայմանները, վստահորեն հաստատում է այս եզրակացությունը: Իրապես, լրամշակված հոդվածի համաձայն, պարզ հայտատարությունը, համաձայն որի դիմումատուն կամ իր հարազատները չեն հասկանում թուրքերեն, այսուհետ համարվում է բավարար:
62. Հաշվի առնելով վերը նշվածը` Դատարանն եզրակացնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:
(...)
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Որոշում է միաձայն համատեղ քննել գանգատները,
(...)
3. Վճռում է, հինգը երկուսի դեմ ձայների հարաբերակցությամբ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:
(...)
Կատարված է ֆրանսերեն լեզվով և գրավոր ծանուցվել է 2014 թվականի ապրիլի 22-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի:
Սթենլի Նեյսմիթ Գվիդո Ռայմոնդի
(Stanley Naismith) (Guido Raimondi)
Քարտուղար Նախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ մասի համաձայն` սույն վճռին կցված են դատավորներ Ռայմոնդիի (Raimondi) և Կարակաշի (Karakaş) հատուկ կարծիքները:
Գ.Ռ.Ա
Ս.Հ.Ն
Հատուկ կարծիքները» չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակում կամ տարբերակներում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայում` HUDOC-ում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy