© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՕԶԳՅՈՒՐԼՅՈՒՔ ՎԵ ԴԱՅԱՆԻՇՄԱ ՓԱՐԹԻՍԻ (ՕԴՓ) ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ
(գանգատ թիվ 7819/03)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
10 մայիսի 2012
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Երկրորդ Բաժանմունք) հետևյալ կազմով`
Ֆրանսուազա Տուլկենս (Françoise Tulkens),Նախագահ
Դանուտե Յոչիենե (Danutė Jočienė),
Դրագոլյուբ Պոպովիչ (Dragoljub Popović),
Անդրեաս Սայո (András Sajó),
Ըշլ Կարակաշ (Işıl Karakaş),
Գվիդո Ռայմոնդի (Guido Raimondi),
Պաոլո Պինտո դե Ալբուքերք (Paulo Pinto de Albuquerque), դատավորներ,
և Սթենլի Նեյսմիթ (Stanley Naismith), բաժանմունքի քարտուղար
2011թ հոկտեմբերի 4-ին և 2012թ ապրիլի 10-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց վերջինը նշված օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ Գործը սկիզբ է առել 2002թ. հոկտեմբերի 1-ին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Օզգյուրլյուք վե դայանիշմա փարթիսի («ՕԴՓ», Ազատություն և Համերաշխություն կուսակցություն) թուրքական քաղաքական կուսակցության (դիմումատու) կողմից ընդդեմ Թուրքիայի Հանրապետության բերված թիվ 7819/03 գանգատի հիման վրա: Դիմումատուին Դատարանում ներկայացնում էին Անկարայում գործունեություն ծավալող պրն. Մ. Բեքթաշը: Թուրքիայի Կառավարությունը («Կառավարություն») ներկայացնում էր իրենց ներկայացուցիչը: Դիմումատուն, որին իրավունք է տրվել մասնակցելու խորհրդարանական հաջորդ ընտրություններին, պնդել է, որ իր նկատմամբ խտրականություն է դրսևորվել` Սահմանադրությամբ նախատեսված քաղաքական կուսակցություններին տրվող ֆինանսական աջակցության իր դիմումի մերժման հետ կապված:2007թ հուլիսի 30-ին գանգատը փոխանցվել է Կառավարությանը: Որոշվել է նաև միևնույն ժամանակ որոշում կայացնել գանգատի ընդունելիության և էության վերաբերյալ:
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Դիմումատուն` ՕԴՓ-ն թուրքական քաղաքական կուսակցություն է, որը հիմնվել է Անկարայում:1998թ նոյեմբերի 28-ի Դեկրետով Գերագույն ընտրական հանձնաժողովը հրապարակել է տասնութ քաղաքական կուսակցությունների ցուցակ, որոնք իրավասու են մասնակցելու 1999թ-ի ապրիլի 18-ին կայանալիք խորհրդարանական և տեղական կառավարման ընտրություններին: Ցուցակում ընդգրկված էր նաև ՕԴՓ-ն: Խնդրո առարկա ընտրություններին մասնակցել կարողանալու համար քաղաքական կուսակցություններից պահանջվում էր, ընտրություններից առնվազն վեց ամիս առաջ, ունենալ գրասենյակներ ոչ պակաս քան երկրի շրջանների կեսում և արդեն կազմակերպած լինել իրենց կուսակցական համագումարը:1998թ սեպտեմբերի 23-ին ՕԴՓ-ն Սահմանադրության 68-րդ հոդվածով նախատեսված` քաղաքական կուսակցություններին տրամադրվող ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով դիմել է Ֆինանսների նախարարությանը:1998թ նոյեմբերի 23-ի որոշմամբ Ֆինանսների Նախարարությունը մերժել է դիմումը այն հիմքով, որ միայն քաղաքական կուսակցությունների մասին թիվ 2820 օրենքով սահմանված չափանիշներին համապատասխանող քաղաքական կուսակցություններն իրավունք ունեն ստանալ պետական ֆինանսավորում:1998թ դեկտեմբերի 29-ին ՕԴՓ-ն վարույթ է հարուցել Անկարայի Վարչական դատարանում` պահանջելով դադարեցնել 1998թ նոյեմբերի 23- ի որոշումը: Նախ և առաջ ՕԴՓ-ն մատնանշել է, որ Սահմանադրությունը սահմանում է, որ «պետությունը քաղաքական կուսակցություններին տրամադրում է բավարար և արդարացի ֆինանսավորում» և որ «կուսակցության ֆինանսավորման, անդամավճարների և նվիրատվությունների նկատմամբ կիրառելի սկզբունքները սահմանվում են օրենքով»: Դիմումատուն մասնավորապես նշել է, որ քաղաքական կուսակցությունների մասին օրենքով սահմանված չափանիշները պետական աջակցության իրավունքից զրկում են այն կուսակցություններին, որոնք ներկայացված չեն Խորհրդարանում: Մատնանշելով առանց անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների քաղաքական գործունեություն ծավալելու և ընտրարշավ իրականացնելու դժվարությունը, այն պնդել է, որ օրենքով սահմանված բացառությունը հակասահմանադրական է և հակասում է ժողովրդավարական պետության սկզբունքներին, ժողովրդավարական իրավունքներն ու ազատությունները խթանելու պետության պարտավորությանը և խտրականության անթույլատրելիության սկզբունքին: Բացի այդ, խնդրո առարկա դրույթները խախտում էին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային փաստաթղթերը: 1999թ սեպտեմբերի 29-ի վճռում Անկարայի վարչական դատարանը մերժել է ՕԴՓ-ի դիմումը այն հիմքով, որ վերջինս չի բավարարում քաղաքական կուսակցությունների մասին թիվ 2820 օրենքով սահմանված չափանիշներին: Դատարանը որոշում չի կայացրել ՕԴՓ-ի կողմից ներկայացված հակասահմանադրականության գանգատի վերաբերյալ: ՕԴՓ-ն բողոքարկել է 1999թ սեպտեմբերի 29-ի վճիռը իրավունքի խախտման հիմքով, կրկնելով այն փաստարկները, որ ներկայացրել էր առաջին ատյանում: 2002թ ապրիլի 25-ին կայացրած և 2002թ հուլիսի 10-ին հրապարակած վճռում Վճռաբեկ վարչական դատարանը ուժի մեջ է թողել վիճարկվող վճիռը, և գտել է այն ընթացակարգային և իրավական նորմերին համապատասխանող:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՊՐԱԿՏՐԻԿԱՆ
Ա. Ներպետական համատեքստըՍահմանադրությունը
Սահմանադրության 68-րդ հոդվածի վերջին կետը սահմանում է, որ «պետությունը քաղաքական կուսակցություններին կտրամադրի բավարար և արդարացի ֆինանսավորում» և որ «կուսակցության ֆինանսավորման, անդամավճարների և նվիրատվությունների նկատմամբ կիրառելի սկզբունքները սահմանվում են օրենքով»:
Քաղաքական կուսակցությունների մասին օրենք Քաղաքական կուսակցությունների մասին թիվ 2820 օրենքի հավելված 1 բաժնում պետությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում (որի ընդհանուր գումարը կազմում է իր բյուջեյի 2/5000-րդը) Խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցություններին` զբաղեցրած տեղերի քանակին համամասնորեն: Խորհրդարանում չներկայացված քաղաքական կուսակցությունները նույնպես իրավունք ունեն ստանալու այդ աջակցությունը, պայմանով, որ նրանք նախորդ ընտրություններում ձեռք են բերել քվեարկած ձայների առնվազն 7%-ը: Խորհրդարանում առնվազն երեք անդամ ունեցող կուսակցությունները նույնպես իրավունք ունեն, նույնիսկ եթե նրանք չեն մասնակցել վերջին ընտրություններին: Քաղաքական կուսակցություններին տրամադրվող ֆինանսավորումը եռապատկվում է խորհրդարանական ընտրությունների տարում և կրկնապատկվում տեղական ինքնակառավարման ընտրությունների տարում:
Սահմանադրական նախադեպային իրավունքը 2008թ նոյեմբերի 20–ի վճռում Թուրքիայի Սահմանադրական դատարանը ձայների մեծամասնությամբ մերժել է Անկարայի վարչական դատարանի կողմից ներկայացված հակասահմանադրականության պահանջը, որը պնդում էր, որ պետական ֆինանսավորում ստանալու համար քաղաքական կուսակցությունների համար օրենքով սահմանված 7%-ի շեմը խտրական է, և այդ իսկ պատճառով` հակասահմանադրական: Իր վճիռում Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ քաղաքական կուսակցությունների նպատակներից մեկը ընտրողների աջակցությունը ստանալն է` կառավարությունում հանդես գալու և դրանով մարդկանց կարծիքի արտահայտմանը նպաստելու նպատակով: Այստեղից այն հանգել է այն եզրակացության, որ կուսակցությունները, որոնք ձեռք չեն բերել ընտրական աջակցության բավարար մակարդակ չեն նպաստել ժողովրդի կամքի արտահայտմանը այն աստիճանի, ինչպես որ ավելի լայն ժողովրդական աջակցություն ստացած քաղաքական կուսակցությունները: Այն մերժել է այն փաստարկը, որ կուսակցության` ժողովրդավարական քաղաքական կյանքում ունեցած ներդրումը որպես պետական ֆինանսավորման բաշխման չափանիշ օգտագործելը օբյեկտիվ, անաչառ կամ համարժեք չէ: Սահմանադրական դատարանի դատավորների փոքրամասնությունը այն կարծիքին էին, որ 7%-ի շեմը շատ բարձր էր (2007թ հանրաքվեի ժամանակ համապատասխանում էր մոտ երեք միլիոն ձայների), որ դա անարդար առավելություն էր տալիս այն քաղաքական կուսակցություններին, որոնք անցնում էին դա և որ «ժողովրդի կամքի արտահայտմանը նպաստելու» վրա հիմնված չափանիշը սուբյեկտիվ էր և խախտում էր իրավունքի գերակայության սկզբունքը:
Քաղաքական կուսակցությունների ուղղակի ֆինանսավորումը և սույն գործով խնդրո առարկա ընտրությունների համառոտ ակնարկ
1999թ ապրիլի 18-ին Խորհրդարանական ընտրություններում ՕԴՓ-ն ստացել է քվեարկության մասնակիցների վավեր ձայների 0.8%, 2002թ նոյեմբերի 3-ի ընտրություններում ձայների 0.34% և 2007թ ընտրություններում ձայների 0.15%-ը: Այն կուսակցությունները, որոնք խնդրո առարկա ընտրություններից առաջ ստացել են ֆինանսավորում կա՛մ տեղեր են զբաղեցրել Խորհրդարանում նախորդ խորհրդարանական ընտրություններում, կա՛մ ստացել են այդ ընտրություններում քվեարկության մասնակիցների վավեր ձայների ավելի քան 7%-ը:
1999թ համընդհանուր ընտրություններին ընդառաջ քսանմեկ քաղաքական կուսակցություններից վեցի (ներառյալ Խորհրդարանում չներկայացված մեկ կուսակցություն) թեկնածուները ստացել են պետական ֆինանսական աջակցություն: Նախքան 2002թ համընդհանուր ընտրությունները` ընտրություններին մասնակցող տասնհինգ կուսակցություններից վեցը (ներառյալ Խորհրդարանում չներկայացված մեկ կուսակցություն) ստացել են պետական ֆինանսավորում: Նախքան 2007թ ընտրությունները, ֆինանսավորում են ստացել ընտրություններին մասնակցող տասնհինգ կուսակցություններից հինգը: Այդ հինգ կուսակցություններից երեքը ներկայացված չէին Խորհրդարանում: ՕԴՓ-ն երբեք չի ստացել պետական ֆինանսավորում:
Բ. Միջազգային փաստաթղթեր
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Վենետիկի Հանձնաժողովի մշակած և Վենետիկի հանձնաժողովի 84-րդ լիակազմ նիստում(Վենետիկ, 2010թ հոկտեմբերի 15-16-ը, CDL-AD (2010)024) ընդունված Քաղաքական կուսակցության կանոնակարգման ուղենիշների համապատասխան դրույթները ունեն հետևյալ շարադրանքը.
«3. Պետական ֆինանսավորում
(ա) Պետական ֆինանսավորման կարևորությունը
176. Պետական ֆինանսավորումը և դրա անհրաժեշտ կարգավորումները (ներառյալ ծախսելու սահմանները, տեղեկատվության տրամադրումը և անկողմնակալ կենսագործումը) որպես կոռուպցիայի կանխման, քաղաքական կուսակցություններին իրենց խաղացած կարևոր դերում աջակցելու, և մասնավոր նվիրատուներին անպատեհ ապավինելը վերացնելու պոտենցիալ միջոց` նախագծվել և ընդունվել են շատ երկրներում: Ֆինանսավորման այսպիսի համակարգերը նպատակ ունեն ապահովելու, որպեսզի բոլոր կուսակցությունները կարողանան մրցակցել ընտրություններում` հավասար հնարավորության սկզբունքի համաձայն` այդպիսով ուժեղացնելով քաղաքական բազմակարծությունը և օգնելով ապահովել ժողովրդավարական ինստիտուտների պատշաճ գործունեությունը: Ընդհանուր առմամբ օրենսդրությունը` որպես քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրներ, պետք է փորձի հավասարակշռություն ստեղծել պետական և մասնավոր ներդրումների միջև: Պետական ֆինանսավորման բաշխումը ոչ մի դեպքում չպետք է սահմանափակի կամ միջամտի քաղաքական կուսակցության անկախությանը:
177. Կուսակցություններին հատկացվող պետական ֆինանսավորման գումարը պետք է ստույգ ծրագրվի` ապահովելու համար դրա օգտակարությունը` միևնույն ժամանակ չվերացնելով մասնավոր ներդրումների անհրաժեշտությունը կամ չզրոյացնելով անհատական նվիրատվությունների ազդեցությունը: Չնայած այն բանի, որ տարբեր երկրներում ընտրությունների և ընտրարշավի բնույթը անհնար է դարձնում ֆինանսավորման համընդհանուր կիրառելի մակարդակ սահմանելը, օրենսդրությունը պետք է ներդնի վերանայման մեխանիզմներ, որոնց նպատակն է պարբերաբար որոշել ընթացիկ պետական ֆինանսավորման ազդեցությունը, և, անհրաժեշտության դեպքում, փոփոխել բաշխված ֆինանսավորման գումարը: Ընդհանուր առմամբ, դրամական օժանդակությունը պետք է սահմանվի ողջամիտ չափով, որպեսզի բավարարի աջակցություն ցուցաբերելու նպատակին, սակայն չպետք է լինի եկամտի միակ աղբյուրը կամ ստեղծի պետական աջակցությունից գերկախվածության պայմաններ:
(բ) Ֆինանսական աջակցություն
178. Օրենսդրությունը պետք է ուղղակի կերպով թույլ տա պետության կողմից քաղաքական կուսակցություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Պետական գումարների բաշխումը քաղաքական կուսակցություններին հաճախ համարվում է բոլոր թեկնածուների համար հավասար հնարավորությունների սկզբունքի բաղկացուցիչ մաս, մասնավորապես այն դեպքերում, երբ ֆինանսավորման մեխանիզմը ներառում է հատուկ դրույթներ կանանց և փոքրամասնությունների համար: Այն դեպքում, երբ ֆինանսական աջակցությունը տրամադրվում է կուսակցություններին, համապատասխան օրենսդրությունը պետք է մշակի ստույգ ուղենիշներ` որոշելու համար այդպիսի ֆինանսավորման չափը, որը պետք է բաշխվի ստացողներին` օբյեկտիվ և անկողմնապահ կերպով:
(գ) Պետական աջակցության այլ ձևեր
183. Քաղաքական կուսակցություններին ցուցաբերվող պետական աջակցության բաշխման համակարգը պետք է որոշվի համապատասխան օրենսդրությամբ: Որոշ համակարգեր բաշխում են գումարը մինչև ընտրությունները` հիմնվելով նախորդ ընտրության արդյունքների կամ աջակցության նվազագույն մակարդակի ապացույցների վրա: Մյուսները վճարումը տրամադրում են ընտրություններից հետո, վերջնական արդյունքի հիման վրա: Սովորաբար ֆինանսների նախընտրական վճարումը կամ գոնե տրամադրվելիք գումարի որոշ տոկոս, լավագույնս է երաշխավորում հավասար հնարավորությունների հիման վրա կուսակցությունների մրցելու հնարավորությունը:
...
185. Ֆինանսավորման բաշխումը կարող է լինել կամ ամբողջովին հավասար («բացարձակ հավասարություն») կամ համամասնորեն` հիմնված ընտրություններում կուսակցության արդյունքների կամ աջակցության ապացուցված մակարդակի վրա («արդար»): Գոյություն չունի պետական ֆինանսավորման բաշխումը որոշելու համընդհանուր սահմանված համակարգ: Պետական ֆինանսավորումը կարգավորող օրենսդրությունը, որը պարտավորեցնում է բաշխումը կատարել բացարձակ հավասարության և անաչառության մոտեցումների համակցության հիման վրա կարող է լինել ամենաարդյունավետը քաղաքական բազմակարծության և հավասար հնարավորությունների հասնելու համար: Այն դեպքում, երբ ֆինանսավորման համար անհրաժեշտ է աջակցության նվազագույն շեմ, ոչ ողջամիտ բարձր շեմը կարող է վնասաբեր լինել քաղաքական բազմակարծության և փոքր քաղաքական կուսակցությունների հնարավորությունների համար: Քաղաքական բազմակարծության շահերից է ելնում պետական ֆինանսավորման ապահովումը պայմանավորել ավելի ցածր շեմով` քան Խորհրդարանում մանդատի բաշխման ընտրական շեմն է:
...
187. Օրենսդրությունը պետք է ապահովի, որպեսզի պետական ֆինանսավորման բաշխման բանաձևը որևէ քաղաքական կուսակցության չտրամադրի ֆինանսավորման մենաշնորհ կամ անհամաչափ ֆինանսավորում: Բաշխման բանաձևը պետք է նաև կանխի երկու ամենամեծ քաղաքական կուսակցությունների կողմից պետական ֆինանսավորման ստացմումը մենաշնորհային դարձնելը:
5. Պետական ֆինանսավորում ստանալու համար ներկայացվող պահանջները
188. Առնվազն որոշ պետական ֆինանսավորում պետք է հասանելի լինի Խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցություններին: Այնուամենայնիվ, քաղաքական բազմակարծությանը նպաստելու համար ֆինանսավորման սահմանները պետք է ընդլայնվեն Խորհրդարանում ներկայացված կուսակցություններից բացի ներառելու համար բոլոր այն կուսակցությունները, որոնք ընտրություններին առաջադրում են թեկնածուներ և վայելում են քաղաքացիների օժանդակության նվազագույն մակարդակ: Սա մասնավորապես կարևոր է նոր կուսակցությունների պարագայում, որոնց պետք է տրվի արդար հնարավորություն գոյություն ունեցող կուսակցությունների հետ մրցակցելու համար:
...
190. Պետական ֆինանսավորումը կարող է ավելացնել քաղաքական բազմակարծությունը` քաղաքական կուսակցություններին ավելի մեծ ռեսուրսներ տրամադրելով: Որպես այդպիսին, ողջամիտ է, որպեսզի օրենսդրությամբ կուսակցությունից պահանջվի նախքան ֆինանսավորում ստանալը հանդիսանալ ընտրազանգվածի նվազագույն մակարդակի ներկայացուցիչ: Այնուամենայնիվ, քանի որ պետական ֆինանսավորումից հրաժարվելը կարող է տանել բազմակարծության և քաղաքական երկընտրանքի նվազեցման, ավելի լավ է հստակ ուղենիշներ սահմանել, թե ինչպես նոր կուսակցությունները կարող են ֆինանսավորման իրավունք ստանալ և տարածել պետական ֆինանսավորումը` խորհրդարանում ներկայացված կուսակցությունների շրջանակից դուրս: Իրավասության հարցը որոշող հագեցած համակարգը պետք է ապահովի, որպեսզի քվեարկողներին տրվի իրական ընտրություն կատարելու համար անհրաժեշտ քաղաքական երկընտրանք:»
ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Դատարանը նկատում է, որ սույն գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ ա) կետի իմաստով, և որ այն անընդունելի համարելու որևէ այլ հիմք չկա: Այդ իսկ պատճառով այն պետք է համարվի ընդունելի:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ ՀԱՄԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Կոնվենցիայի 9, 10, 11 և 14-րդ հոդվածների հիման վրա դիմումատուն վիճարկեց, որ, նախորդող խորհրդարանական ընտրություններում 7%-ց պակաս ձայներ ստանալու հիմքով իրեն` այլ կուսակցություններին տրամադրած ֆինանսական աջակցություն տրամադրել մերժելով պետությունը խտրականություն է ցուցաբերել իր նկատմամբ, դրանով իրեն դնելով անբարենպաստ դրության մեջ` 1999, 2002 և 2007թ ընտրարշավների ընթացքում: Այն վիճարկեց, որ այդպիսով պետությունը միջամտել է օրենսդիր մարմին ընտրելիս ժողովրդի կամքի ազատ արտահայտմանը: Դատարանը կսկսի քննել սույն գանգատը Առաջին Արձանագրության երրորդ հոդվածի հետ համակցությամբ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի տեսանկյունից:
Կոնվենցիայի 14-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.
«Սույն կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից:»
Կոնվենցիայի Առաջին արձանագրության 3-րդ հոդվածը սահմանում է.
«Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են անցկացնել ազատ ընտրություններ` ողջամիտ պարբերականությամբ, գաղտնի քվեարկությամբ, այնպիսի պայմաններում, որոնք կապահովեն ժողովրդի կամքի ազատ արտահայտումն օրենսդիր իշխանություն ընտրելիս:»
Ա. Կողմերի փաստարկները
Դիմումատուն պնդել է, որ իրեն պետական ֆինանսավորում տրամադրելու վիճարկվող մերժումը խորհրդարանական ընտրություններում մրցող տարբեր քաղաքական կուսակցությունների միջև անհավասարության պատճառ է հանդիսացել` բարձրացնելով Խորհրդարանում արդեն ներկայացված կամ նախորդող ընտրություններում ավելի քան 7% ձայներ ստացած կուսակցությունների հաջողության հնարավորությունը: Դիմումատուի կարծիքով այդ կուսակցություններին հասանելի են ֆինանսավորման էական աղբյուրներ, ինչը նրանց անարդար առավելություն է տալիս (մասնավորապես, խտրականությունն արգելող սահմանադրական և պայմանագրային դրույթներին հակառակ) ընտրություններին մասնակցող նոր կուսակցությունների հետ համեմատած, հատկապես երբ դա վերաբերում է իրենց կարծիքները տարածելուն, քանի որ ֆինանսավորումը բարձրացնում է զանգվածային լրատվական միջոցներին դիմելու իրենց հնարավորությունը, և տարբեր հանդիպումներ և ազգային մակարդակով սոցիալ մշակութային միջոցառումներ կազմակերպելուն: Կառավարությունը վիճարկել է դիմումատուի փաստարկը: Նրանք նկատել են, որ պետական ֆինանսավորման հետ կապված քաղաքական կուսակցությունների միջև կատարած տարբերակումը հիմնված էր նախորդ ընտրությունների արդյունքների վրա (ելնելով այդ ընտրություններում ստացած քվեների քանակից կամ խորհրդարանում զբաղեցրած տեղերից): Պետական ֆինանսավորում տրամադրելու մերժումը կարող է համարվել խտրական, եթե այն հիմնված է կուսակցության քաղաքական հայացքների վրա, սակայն սույն գործում իրավիճակը այդպիսին չէ: Ավելին, պետությունը հայեցողության լայն շրջանակ է ունեցել այն նվազագույն չափանիշները սահմանելիս, որոնց պետք է բավարարեն քաղաքական կուսակցությունները պետական ֆինանսավորման պահանջներին բավարարելու համար, պայմանով, որ քաղաքական կյանքին մասնակցելու կուսակցությունների իրավունքը չխախտվի:
Բ. Դատարանի կողմից կիրառված չափանիշները Կոնվենցիայի 14-րդ հոդվածը թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի հետ համակցությամբ կիրառելիս Դատարանը կրկնում է, որ խտրականություն ցուցաբերել նշանակում է առանց օբյեկտիվ և ողջամիտ արդարացման միևնույն իրավիճակում հայտնված մարդկանց տարբեր վերաբերմունք ցուցաբերել: «Չկա օբյեկտիվ և ողջամիտ արդարացում» նշանակում է, որ խնդրո առարկա տարբերակումը չի հետապնդում «օրինաչափ նպատակ» կամ, որ չկա «համաչափության կիրառած միջոցների և ցանկալի նպատակն իրականացնելու միջև ողջամիտ փոխհարաբերակցություն» (տե՛ս ի թիվս այլ աղբյուրների` Սեժդիկը և Ֆինչին ընդդեմ Բոսնիա և Հերցեգովինայի (Sejdić and Finci v. Bosnia and Herzegovina) [GC], թիվ 27996/06 և 34836/06, կետ 42, ՄԻԵԴ 2009թ: Այս ոլորտում Պայմանավորվող կողմի հայեցողության շրջանակը կտարբերվի` կախված հանգամանքներից, առարկայից և պայմաններից (տե՛ս Անդրեյեվան ընդդեմ Լատվիայի [GC],թիվ 55707/00, կետ 82,ՄԻԵԴ 2009թ (Andrejeva v. Latvia )): Այնուհետև դատարանը կրկնում է, որ թիվ մեկ արձանագրության հոդված 3-ը ամրապնդում է արդյունավետ քաղաքական ժողովրդավարության բնորոշ մի սկզբունք և համապատասխանաբար Կոնվենցիայի համակարգում առաջնահերթ կարևորություն ունի (տե՛ս Մեթյու-Մոհին և Քլերֆայթն ընդդեմ Բելգիայի, (Mathieu Mohin and Clerfayt v. Belgium) 2 մարտի 1987թ, կետ 47, Սերիա A թիվ 113): Պետության` որպես բազմակարծության հիմնական երաշխավորի դերը, ներառում է դրական միջոցների ձեռք առնումը` «կազմակերպելու համար» ժողովրդավարական ընտրություններ «այն պայմաններով, որոնք կապահովեն ժողովրդի կարծիքի ազատ արտահայտում` օրենսդիր մարմին ընտրելիս» (տե՛ս վերը` Մեթյու-Մոհին և Քլերֆայթ, կետ 54): Ազատ ընտրությունները և խոսքի ազատությունը, և մասնավորապես քաղաքական բանավեճերի ազատությունը կազմում են ցանկացած ժողովրդավարության հիմքը (տե՛ս վերը` Մեթյու-Մոհին և Քլերֆայթ, կետ 47, և Լինգենսն ընդդեմ Ավստրիայի (Lingens v. Austria), 8 հուլիսի 1986թ, կետեր 41 և 42, Սերիա Ա թիվ 103): «Օրենսդիր մարմնի ընտրություններում ժողովրդի կամքի ազատ արտահայտումը» այն հարցն է, որին Կոնվենցիայի 11-րդ հոդվածը նույնպես առնչվում է, երաշխավորելով միավորվելու ազատության իրավունքը, այդպիսով անուղղակիորեն քաղաքական կուսակցությունների ազատությունը, որոնք հանդիսանում են ժողովրդավարության պատշաճ գործողության համար պարտադիր միավորման ձև: Ժողովրդի կամահայտնությունն անհնարին է առանց բնակչության մեջ շրջանառվող կարծիքները ներկայացնող բազմաթիվ քաղաքական կուսակցությունների աջակցության: Արտացոլելով այդ կարծիքները ոչ միայն քաղաքական հաստատությունների ներսում, այլ նաև, զանգվածային լրատվության շնորհիվ, հասարակության կյանքի բոլոր մակարդակներում, քաղաքական կուսակցությունները անփոխարինելի ներդրում են կատարում քաղաքական բանավեճի մեջ, որը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության հասկացության ամբողջ էությունը (տե՛ս վերը` Լինգենս, կետ 42, Քաստելսն ընդդեմ Իսպանիայի (Castells v. Spain), 23 ապրիլի 1992թ, կետ 43, Սերիա Ա թիվ 236, Թուրքիայի միացյալ կոմունիստական կուսակցությունն ընդդեմ Թուրքիայի, 30 հունվարի 1998թ, կետ 44, Վճիռների և որոշումների հաշվետվություն 1998 I, և Յումակ և Սադակն ընդդեմ Թուրքիայի (Yumak and Sadak v. Turkey) [GC], թիվ 10226/03, կետ 107,ՄԻԵԴ 2008թ): Մի շարք առիթներով Մարդու իրավունքների Եվրոպական հանձնաժողովը նկատել է, որ «ժողովրդի կարծիքի ազատ արտահայտման իրավունք» արտահայտությունը նշանակում է, որ մեկ կամ մի քանի թեկնածու ընտրելիս ընտրությունները չեն կարող անցկացվել ոչ մի տեսակ ճնշման ներքո, և որ այս ընտրության մեջ ընտրողը չպետք է անպատեհ կերպով հարկադրվի ընտրել մեկ կամ մյուս կողմին (տե՛ս Իքսն ընդդեմ Միացյալ Թագավորության, (X. v. the United Kingdom)թիվ 7140/75, 1976թ հոկտեմբերի 6-ի Հանձնաժողովի որոշում, Որոշումներ և Զեկույցներ (ՈԶ) 7, էջ 96): «Ընտրանք» բառը նշանակում է, որ տարբեր քաղաքական կուսակցություններ պետք է ապահովված լինեն իրենց թեկնածուներին ընտրություններում ներկայացնելու ողջամիտ հնարավորությամբ (նույն տեղում տե՛ս նաև Իքսն ընդդեմ Իսլանդիայի, թիվ 8941/80, 1981թ դեկտեմբերի 8-ի Հանձնաժողովի որոշում, DR 27, էջ 156, (X. v. Iceland) և Յումակ և Սադակ): Ինչպես նշվել է, 1-ին արձանագրության 3-րդ հոդվածում ամրագրված իրավունքները բացարձակ չեն: Հնարավորություն է տրված «ենթադրյալ սահմանափակումների» համար, և Պայմանավորվող պետություններին պետք է այս բնագավառում տրվի հայեցողության լայն շրջանակ (տե՛ս ի թիվս այլ աղբյուրների` Մեթյուն ընդդեմ Միացյալ Թագավորության (Matthews v. the United Kingdom) [GC], թիվ 24833/94, կետ 63, ՄԻԵԴ 1999-I, և Լաբիտան ընդդեմ Իտալիայի (Labita v. Italy) [GC], թիվ 26772/95, կետ 201, ՄԻԵԴ 2000-IV ): Ինչ վերաբերում է ընտրություններում որպես թեկնածու առաջադրվելու իրավունքին, այսինքն թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների այսպես կոչված «պասիվ» տեսանկյունին, Դատարանը նույնիսկ ավելի շրջահայաց է եղել այս ենթատեքստում սահմանափակումների մասին իր գնահատականում, քան երբ նրան քննության համար ներկայացվել են ընտրելու իրավունքի` թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածով սահմանված իրավունքների այսպես կոչված «ակտիվ» բաղադրիչի սահմանափակումները: Այնուամենայնիվ, Դատարանն է, վերջնական որոշում կայացնում, թե արդյոք թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի պահանջները պահպանվել են. այն պետք է համոզվի, որ ընտրելու իրավունքի և ընտրություններում առաջադրվելու իրավունքի վրա դրված պայմանները չեն սահմանափակում խնդրո առարկա իրավունքները այն աստիճանի, որը կվնասի դրանց բուն էությունը և կզրկի դրանց իրենց արդյունավետությունից (տե՛ս վերը Մեթյու-Մոհին և Քլերֆայթ, կետ 52):
Գ. Վերոնշյալ սկզբունքների կիրառությունը սույն գործում
1. Արդյոք ցուցաբերվել է տարբերակված վերաբերմունք Սույն գործում Դատարանը նշում է, որ դիմող քաղաքական կուսակցությունը պնդել է, որ իր նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերվել 1999թ, 2002թ և 2007թ խորհրդարանական ընտրություններում` այն կուսակցությունների համեմատ, որոնք պետությունից ստացել են ֆինանսական աջակցություն, քանի որ իրենց մերժել են ֆինանսավորում տրամադրել այն հիմքով, որ կուսակցությունը ներկայացված չէ Խորհրդարանում (համաժողովրդական քվեարկությունում ձայների 10% ներկայացուցչության շեմի պատճառով ) և որ այն ստացել է 7%-ից պակաս ձայներ նախորդող խորհրդարանական ընտրություններում: Դատարանը նշում է, որ ՕԴՓ-ն, որը հիմնադրվել է 1996թ-ին, չէր կարող դիմել պետության կողմից ֆինանսական աջակցություն ստանալու համար 1999թ ընտրություններից առաջ: Հաջորդած ընտրություններում ստացած արդյունքները` 1999թ ապրիլի 18-ին խորհրդարանական ընտրություններում ստացած 0.8% վավեր քվե, 2002թ նոյեմբերի 3-ի ընտրություններում 0.34%, և 0.15% 2007թ ընտրություններում (տե՛ս վերը` կետեր 18-19), ցածր է ազգային օրենսդրությամբ սահմանված 7% շեմից և կուսակցությունը հավակնորդ չի դարձնում խնդրո առարկա ֆինանսավորման համար: Այնուամենայնիվ, Դատարանը նկատում է, որ 1999թ համընդհանուր ընտրությունների նախաշեմին ընտրություններում մրցող քսանմեկ կուսակցություններից վեցը (որոնցից մեկը ներկայացված չէր Խորհրդարանում) ստացել են պետական ֆինանսավորում: 2002թ համընդհանուր ընտրություններից առաջ թեկնածուներ առաջադրած տասնհինգ կուսակցություններից վեցը (որոնցից մեկը ներկայացված չէր Խորհրդարանում), ստացան ֆինանսավորում, և 2007թ-ի ընտրություններին նախորդող շրջանում , պետական ֆինանսավորում է տրամադրվել ընտրություններին մասնակցող տասնհինգ կուսակցություններից հինգին(ներառյալ Խորհրդարանում ներկայացված երեք կուսակցությունները): Ակնհայտ է, որ սույն գործում կիրառված` քաղաքական կուսակցությունների պետական ֆինանսավորման համակարգը ֆինանսական աջակցություն չստացած ՕԴՓ-ին անբարենպաստ դրության մեջ է դրել իր մրցակիցների համեմատ, որոնք ստացել են նման աջակցություն և այդպիսով ի վիճակի էին ֆինանսավորել իրենց տեսակետների համազգային տարածումը շատ ավելի հեշտորեն: Համապատասխանաբար, դիմող կողմը տարբերակված վերաբերմունքի է արժանացել թիվ մեկ արձանագրության 3-րդ հոդվածով սահմանվածիր ընտրական իրավունքները իրականացնելիս, որը արդյունք է խնդրո առարկա համակարգի կիրառման: Դատարանը պետք է վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո հավաստիանա` արդյոք խնդրո առարկա համակարգը հետապնդել է օրինաչափ նպատակ և արդյոք կիրառված միջոցների և հետապնդվող նպատակների միջև եղել է ողջամիտ համամասնություն: Այս երկու չափանիշների կիրառումը հնարավորություն կտա հաստատել արդյոք վիճարկվող միջոցները հանգեցնում են խտրականության` հակառակ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի և արդյոք դրանք խարխլում են թիվ մեկ արձանագրության 3-րդ հոդվածի իմաստով մարդկանց ազատ արտահայտման իրավունքի բուն էությունը:
2. Արդյոք տարբերակված վերաբերմունքը հետապնդել է օրինաչափ նպատակ
Քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման կապակցությամբ, Դատարանն ընդունում է, որ կուսակցության անդամների անդամավճարները` ֆինանսավորման ավանդական աղբյուրը, այլևս բավարար չեն ծածկելու համար ծախսերը, որոնք մշտապես աճում են քաղաքական մրցակցության և բարդ ու ծախսատար կապի ժամանակակից միջոցների ֆոնի վրա: Այն նկատում է, որ Եվրոպայում, ինչպես ամբողջ աշխարհում, քաղաքական կուսակցությունների համար պետական ֆինանսավորումը նպատակ ունի կանխելու կոռուպցիան և խուսափելու կուսակցությունների կողմից մասնավոր նվիրատուների աջակցության վրա չափազանց հենվելուց: Դատարանը շարունակում է` նշելով, որ այս ֆինանսավորումը նպատակ ունի ամրապնդելու քաղաքական բազմակարծությունը և նպաստում է ժողովրդավարական ինստիտուտների պատշաճ գործողությանը: Եվրոպական պետությունների մեծամասնությունում գործող համակարգերի հետազոտությունը վկայում է, որ այս բնագավառում չկան միասնական կանոններ: Այդ կապակցությամբ Դատարանը նկատում է, որ ընտրությունների ժամանակ քաղաքական կուսակցությունների միջև բաշխվող գումարները բաժանվում են կուսակցությունների միջև կամ խիստ հավասար կերպով կամ արդար բաշխման հիման վրա, այսինքն նախորդող ընտրություններում իրենց համապատասխան ցուցանիշների հիման վրա: Կարելի է նկատել, որ ազգային օրենսդրությունը այն Պայմանավորվող պետություններում, որոնք նախընտրել են պետական ֆինանսավորման արդար բաշխման համակարգը գրեթե մշտապես պահանջում են ընտրական աջակցության նվազագույն մակարդակ: Եթե այսպիսի նվազագույն մակարդակ սահմանված չէ, հավանական է, որ խնդրո առարկա համակարգը թեկնածուների թվի աճի խրախուսման հարցում կունենա հակառակ ազդեցություն, ղեկավարվելով ավելացող ֆինանսավորման ապահովման ձգտումով, այսպիսով հանգեցնելով թեկնածուների քանակական աճին, քանի որ ստացած յուրաքանչյուր ձայն պետական ֆինանսավորման ճանապարհով կփոխակերպվի տարեկան մի գումարի: Ի տարբերություն Թուրքիայի` անդամ պետություններում ձայների նվազագույն չափաբաժինը, որ քաղաքական կուսակցությունը պետք է ձեռք բերի պետական ֆինանսավորման հավակնելու համար տատանվում է նախորդ ընտրություններում ստացած ձայների0.5%-ից 5%-ի միջև, և հաճախ ավելի ցածր է, քան այն ընտրական շեմը, որը անհրաժեշտ է Խորհրդարանում տեղեր ապահովելու համար: Այսպիսով, ի հավելումն Խորհրդարանում ներկայացված կուսակցությունների, նոր քաղաքական կուսակցությունները, որոնք քաղաքացիների շրջանում ունեն աջակցության նվազագույն մակարդակ նույնպես ստանում են պետական ֆինանսավորում` իրենց ստացած ձայների չափաբաժնին համամասնորեն: Դատարանն այնուհետև նկատում է, որ Եվրոպայի Խորհրդի կառույցների կողմից բազմակարծ ժողովրդավարական ռեժիմում քաղաքական կուսակցությունների վերաբերյալ ընդունված փաստաթղթերից ոչ մեկն անհիմն չի համարում ազգային օրենսդրության այն պահանջը, որ կուսակցությունները, որոնք պահանջում են պետական ֆինանսավորում պետք է ունենան որոշակի նվազագույն մակարդակի ընտրական աջակցություն, և ոչ էլ այդ փաստաթղթերը սահմանում են կոնկրետ տոկոսներ այդ կապակցությամբ: Այս կապակցությամբ Դատարանը հղում է կատարում կոնկրետ մասնագիտական կառույցների դիտարկումների` մատնանշելով չափազանց բարձր շեմ սահմանելուց խուսափելու անհրաժեշտությունը, որը կարող է կործանարար լինել քաղաքական բազմակարծության և փոքր քաղաքական կուսակցությունների համար (տե՛ս վերը` Քաղաքական կուսակցությունների կանոնակարգման Ուղեցույցի կետ 185, կազմված OSCE/ODIHR և Վենետիկի հանձնաժողովի կողմից և ընդունված 2010թ հոկտեբերի 15-ին և 16-ին (CDL‑AD(2010)024) կետ 20), և ընդգծելով, որ պետական ֆինանսավորման բաշխման բանաձևը պետք է կանխարգելի պետական ֆինանսավորման ստացումը երկու խոշորագույն քաղաքական կուսակցությունների կողմից մենաշնորհային դարձնելը (նույն տեղում` կետ 187): Հաշվի առնելով վերոգրյալը` Դատարանը կարծում է, որ քաղաքական կուսակցությունների միջև` արդար բաշխման համակարգի վրա հիմնված պետական ֆինանսավորումը, որը պահանջում է ընտրական աջակցության նվազագույն մակարդակ, հետապնդում է օրինաչափ նպատակ` ամրապնդել ժողովրդավարական բազմակարծությունը, միաժամանակ կանխելով թեկնածությունների չափազանց և դիսֆունկցիոնալ ֆրագմենտացիան, այդպիսով ամրապնդելով ժողովրդի կամքի արտահայտումը օրենսդիր մարմին ընտրելիս (տե՛ս այդ կապակցությամբ Ֆուրնիեն ընդդեմ Ֆրանսիայի (Fournier v. France), թիվ 11406/85, 1988թ մարտի 10-ի Հանձնաժողովի որոշում, DR 55, էջ 130, և, mutatis mutandis, Շեմինադն ընդդեմ Ֆրանսիայի (Cheminade v. France) (dec.), թիվ 31559/96,ՄԻԵԴ 1999-II,պետական ֆինանսավորման համակարգի վերաբերյալ, որը սահմանափակում էր ընտրարշավի ծախսերի փոխհատուցումը և թեկնածուների ընտրագրավը և ընտրացուցակները, որոնք ստացել էին ձայների որոշակի տոկոս):
3. Արդյոք տարբերակված վերաբերմունքը համարժեք է եղել Դատարանը նշում է, որ ընտրական աջակցության նվազագույն մակարդակը, որ պետական ֆինանսավորում պահանջող կուսակցությունները պետք է ձեռք բերեն Թուրքիայում, այսինքն նախորդող Խորհրդարանական ընտրություններում ձայների 7%-ը, ամենաբարձրն է Եվրոպայում (տե՛ս վերը` կետ 40): Որպեսզի հավաստիանա, որ այս շեմը անհամարժեք չէ, Դատարանը առաջին հերթին կգնահատի այն հետևանքները, որ այն առաջացնում է, մինչև դրանց ուղեկցող ուղղիչ մեխանիզմները ուսումնասիրելը: Սկզբում Դատարանը նկատում է, որ 7%-ի շեմը ավելի ցածր է, քան թուրքական Խորհրդարանում տեղեր զբաղեցնելու համար անհրաժեշտ ընտրական աջակցության նվազագույն մակարդակը, որը կազմում է ազգային քվեարկության 10%-ը: Սույն գործում խնդրո առարկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում, Խորհրդարանում չներկայացված քաղաքական կուսակցությունները, որոնք հասել էին քվեների 7%-ի շեմին իրավասու էին ստանալու պետական ֆինանսավորում մինչև հաջորդ ընտրություններ: 1999թ ընտրություններում պետական ֆինանսավորում ստացած վեց կուսակցություններից մեկը ներկայացված չէր Խորհրդարանում: 2002թ ընտրություններում համամասնությունը նույնն էր, և 2007թ Խորհրդարանում չներկայացված երեք և ներկայացված երկու կուսակցություններ ստացել են պետական ֆինանսավորում: Այլ կերպ ասած, սույն գործում խնդրո առարկա ժամանակահատվածների ընթացքում Խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները, ինչպես նաև իշխանության գլուխ կանգնած և հիմնական ընդդիմադիր կուսակցությունը մենաշնորհային չեն դարձրել պետական ֆինանսավորումը: Դատարանը պետք է նաև հաշվի առնի նաև ՕԴՓ-ի ցուցանիշները խնդրո առարկա պետական ֆինանսավորման տրամադրման ժամանակահատվածների ընթացքին նախորդող խորհրդարանական ընտրություններում: Դիմումատուի կողմից ստացած ձայների քանակն արտահայտվում է այդ ընտրությունների ընթացքում ստացած վավեր ձայների 0.8% և 0.15%-ի միջև: Այս ցուցանիշները էականորեն ցածր էին պետական ֆինանսավորման իրավունք ստանալու համար Թուրքիայի օրենսդրությամբ պահանջող ընտրական աջակցության նվազագույն մակարդակից, և անբավարար կհամարվեին նաև այսպիսի ֆինանսավորում ստանալու համար մի քանի այլ Եվրոպական երկրներում: Չնայած նրան, որ դիմումատուի գանգատը չի հանգեցնում actio popularis-ի, քանի որ խնդրո առարկա նվազագույն մակարդակը ուղղակիորեն և անհապաղ ազդել է կուսակցության վրա, այնուամենայնիվ ՕԴՓ-ին չի հաջողվել Դատարանին ցույց տալ, որ աջակցության այն մակարդակը, որ ինքը ստացել է իրեն դարձնում է Թուրքիայի ընտրազանգվածի էական մասի ներկայացուցչ: Պետք է նաև հիշել, որ պետությունը բացի ուղղակի ֆինանսավորումից քաղաքական կուսակցություններին տրամադրում է նաև պետական աջակցության այլ ձևեր: Թուրքիայում գործող պետական ֆինանսավորման համակարգին ուղեկցող ուղղիչ մեխանիզմները, որոնց համաձայն ոչ բոլոր կուսակցությունները իրավունք ունեն ստանալ ուղղակի դոտացիաներ, ներառում են հարկերից եկամուտի որոշ բաղադրիչներ ազատելը և հեռարձակման ժամանակի բաշխումը ընտրարշավների ընթացքում: Կողմերի միջև չի վիճարկվել այն, որ ՕԴՓ-ն օգուտ է քաղել պետական աջակցության այս այլընտրանքային ձևերից: Նկատի ունենալով քաղաքացիների շրջանում աջակցության նվազագույն մակարդակն ապահովելու ՕԴՓ-ի ձախողումը և դիմումատուին հասու պետական աջակցության այլ ձևերի փոխհատուցող ազդեցությանը վերաբերող իր ստացված տվյալները, Դատարանը կարծում է, որ վիճարկվող տարբերակված վերաբերմունքը ողջամտորեն համարժեք է հետապնդվող նպատակին: Դատարանը եզրակացնում է, որ սույն գործի հանգամանքներում օրենքով պահանջված նվազագույն 7% ձայների քանակը չստանալու հիմքով ՕԴՓ-ին ուղղակի պետական ֆինանսավորում տրամադրելու պետության մերժումը ունի անկողմնակալ և ողջամիտ հիմքեր, չի խարխլում ժողովրդի կամքի ազատ արտահայտման իրավունքի բուն էությունը, և այդ իսկ պատճառով չի հակասում 14-րդ հոդվածին` թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի հետ համակցությամբ: Համապատասխանաբար, այդ դրույթների խախտում տեղի չի ունեցել:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 9, 10 և 11-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
Դիմումատուն նաև գանգատ է ներկայացրել Կոնվենցիայի 9, 10 և 11 հոդվածների խախտման վերաբերյալ: Քանի որ այս գանգատները վերաբերում են թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի հետ համակցությամբ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի տեսակետից ուսումնասիրված նույն փաստական տվյալներին, Դատարանը կարծում է, որ անհրաժեշտություն չկա ուսումնասիրել դրանք առանձին:
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՎԵՐՈԳՐՅԱԼԸ ԴԱՏԱՐԱՆԸ`Հայտարարում է միաձայն գանգատն ընդունելի
Վճռում է ձայների հինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 14-րդհոդվածի խախտում առաջին արձանագրության 3-րդ հոդվածի հետ համակցությամբ:
Վճռում է միաձայն, որ անհրաժեշտություն չկա առանձին ուսումնասիրելու Կոնվենցիայի 9, 10 և 11 հոդվածների խախտման վերաբերյալ գանգատը:
Կատարվել է ֆրանսերենով և գրավոր ծանուցվել 2012թ մայիսի 10-ին ` Դատարանի Կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:
Սթենլի Նայսմիթ Ֆրանսուազ Տուլկենս
Քարտուղար Նախագահող`
Ֆ.Տ.
Մ.Օ.Բ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի կանոնների 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն, Դատավորներ Տուլկենսի և Սաժոյի համատեղ, չհամընկնող կարծիքները չեն թարգմանվել սակայն մատչելի են վճռրի անգլերեն և/կամ ֆրանսերեն պաշտոնական տարբերակներով որոնց կաելի է ծանոթանալ Դատարանի նախադեպային իրավունքի շտեմարանում` HUDOC-ում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy