© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2016: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2016. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2016. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
PARRILLO-Ն ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ
(Գանգատ թիվ 46470/11)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
27 օգոստոսի 2015թ.
Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Parrillo-ն ընդդեմ Իտալիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը, հետևյալ կազմով՝
Dean Spielmann-ը, Նախագահ,
Josep Casadevall-ը,
Guido Raimondi-ն,
Mark Villiger-ը,
Isabelle Berro-ն,
Ineta Ziemele-ն,
George Nicolaou-ն,
András Sajó-ն,
Ann Power-Forde-ն,
Nebojša Vučinić-ը,
Ganna Yudkivska-ն,
Vincent A. De Gaetano-ն,
Julia Laffranque-ն,
Paulo Pinto de Albuquerque-ն,
Helen Keller-ը,
Faris Vehabović-ը,
Dmitry Dedov-ը, դատավորներ,
և Johan Callewaert-ը, Մեծ Պալատի քարտուղարի տեղեկալ,
2014թ. հունիսի 18-ին և 2015թ. ապրիլի 22-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց 2015թ. ապրիլի 22-ին:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Վարույթը հարուցվել է 2011թ. հուլիսի 26-ին «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Իտալիայի քաղաքացի՝ տկն. Adelina Parrillo-ի («դիմումատու») կողմից ընդդեմ Իտալիայի Հանրապետության բերված գանգատի (թիվ 46470/11) հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել են Հռոմում գործող փաստաբաններ պրն. Nicolò Paoletti-ն, տկն. Claudia Sartori-ն և տկն. Natalia Paoletti-ն: Իտալիայի կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել է պետության լիազոր ներկայացուցչի տեղեկալներ տկն. Paola Accardo-ն և տկն. Gianluca Mauro Pellegrini-ն:
3. Դիմումատուն, մասնավորապես, պնդել է, որ 2004թ. փետրվարի 19-ի թիվ 40 Օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված արհեստական բեղմնավորման եղանակով առաջացած սաղմերը գիտական հետազատությունների համար նվիրաբերելու վերաբերյալ արգելքը համատեղելի չէր Կոնվենցիայի 8-րդ հոդվածով և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի և համապատասխանաբար՝ գույքից անարգել օգտվելու իրավունքի հետ: Նա նաև պնդել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված արտահայտվելու ազատության խախտում և որ, իր կարծիքով, գիտական հետազոտությունը այդ ազատության հիմնարար ասպեկտներից մեկն է:
4. Գանգատը հանձնվել է Դատարանի Երկրորդ Բաժանմունքին (Դատարանի Կանոնակարգի 52-րդ կանոնի 1-ին կետ):
5. 2013թ. մայիսի 28-ին բողոքները՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի մասով ուղարկվել է Կառավարությանը, իսկ գանգատի մնացած մասը՝ հայտարարվել անընդունելի:
6. 2014թ. հունվարի 28-ին Երկրորդ Բաժանմունքի Պալատը, հետևյալ կազմով՝ Işıl Karakaş-ը, որպես Նախագահ, Guido Raimondi-ն, Peer Lorenzen-ը, Dragoljub Popović-ը, András Sajó-ն, Nebojša Vučinić-ը և Paulo Pinto de Albuquerque-ն, որպես դատավորներ, և Stanley Naismith-ը, որպես Բաժանմունքի քարտուղար, ընդդատությունը զիջեց Մեծ Պալատին, ինչին կողմերից ոչ մեկը չառարկեց (Կոնվենցիայի 30-րդ հոդված և Դատարանի Կանոնակարգի 72-րդ կանոն):
7. Մեծ Պալատի կազմն որոշվեց Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի և Դատարանի Կանոնակարգի 24-րդ կանոնի համաձայն:
8. Դիմումատուն և Կառավարությունը գործի ընդունելիության և ըստ էության վերաբերյալ ներկայացրել են գրավոր առարկություններ:
9. Ի լրումն, ներկայացվել են նաև Դատարանի նախագահի կողմից որպես երրորդ կողմ հրավիրված Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնի («the ECLJ»), Շարժում հանուն կյանքի, Գիտության և կյանքի միությունների (the associations Movimento per la vita, Scienza e vita), Ընտանեկան միությունների ֆորումի (Forum delle associazioni familiari), Luca Coscioni-ի, Amica Cicogna Onlus-ի, L’altra cicogna Onlus-ի, Cerco bimbo-ի, VOX – Osservatorio italiano sui Diritti-ի, Պտղաբերության հասարակության («SIFES»), Անպղության և վերարտադրողական բժշկության (Sterility and Reproductive Medicine) և Cittadinanzattiva-ի միությունների, ինչպես նաև իտալական խորհրադարանի քառասունվեց անդամների գրավոր դիտողությունները (Կոնվենցիայի հոդված 36 § 2 և Կանոն 44 § 3):
10. 2014թ. հունիսի 18-ին Ստրասբուրգում, Մարդու Իրավունքների Դատարանի շենքում տեղի է ունեցել հրապարակային նիստը (Կանոն 59 § 3):
Դատարանում ներկայացել են`
(ա) Կառավարության անունից՝
տկն. P. Accardo-ը,
պրն. G. Mauro Pellegrini,Կառավարության լիազոր համաներկայացուցիչներ,
տկն. A. Morresi-ն, Ազգային բիոէթիակի հանձնաժողովի անդամ և Պերուջայի համալսարանի քիմիայի, կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ֆիզիկական քիմիայի պրոֆեսոր,
տկն. D. Fehily-ն, Հռոմի Ազգային ներպատվաստման կենտրոնի տեսուչ և տեխնիկական խորհրդատու, խորհրդականներ,
(բ) դիմումատուի անունից
պրն. N. Paoletti-ն,
տկն. C. Sartori-ն,
տկն. N. Paoletti-ն, փաստաբաններ,իրավախորհրդատու,
պրն. M. De Luca-ն,կենսաքիմիայի պրոֆեսոր և Մոդենայի և Ռեջիո Էմիլիայի համալսարանի «Ստեֆանո Ֆերարի» վերականգնողական բժշկության կենտրոնի տնօրեն, խորհրդական:
Դատարանը լսել է տկն. P. Accardo-ի, տկն. A. Morresi-ի, պրն. N. Paoletti-ի, պրն. M. De Luca-ի և տկն. C. Sartori-ի հարցերը, ինչպես նաև տկն. P. Accardo-ի, պրն. G. Mauro Pellegrini-ի, պրն. M. De Luca-ի, տկն. N. Paoletti-ի և պրն. N. Paoletti-ի պատասխանները դատավորների կողմից արված հարցադրումներին:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
11. Դիմումատուն ծնվել է 1954թ. և ապրում է Հռոմում:
12. 2002թ. նա դիմել է արհեստական բեղմնավորման մեթոդին և իր զուգընկերոջ հետ միասին անցել է in vitro բեղմնավորման («IVF») բուժման կուրս Հռոմի Եվրոպական հիվանդանոցի Վերարտադրողական բժշկության կենտրոնում («կենտրոն»): IVF բուժման միջոցով ստացված հինգ սաղմերը վերցվել են սառնապահպանման:
13. Նախքան սաղմերի ներպատվաստումը, դիմումատուի զուգընկերը՝ պատերազմական գործողությունների վերաբերյալ ռեպորտաժ անելիս 2003թ. նոյեմբերի 12-ին մահացել է Nasiriya-ի (Իրաք) ռմբակոծման ժամանակ:
14. Սաղմերը չներպատվաստելու մասին որոշում կայացնելուց հետո դիմումատուն փորձել է նվիրաբերել դրանք գիտական հետազոտություններին և դրանով իսկ նպաստել դժվար բուժելի հիվանդությունների դեմ պայքարի հարցում առաջընթացը խթանելու նպատակի իրականացմանը:
15. Նախքան նիստը, Մեծ Պալատին ներկայացված տեղեկատվության համաձայն՝ դիմումատուն սաղմերը ստանալու վերաբերյալ մի շարք անհաջող բանավոր հարցումներ է արել այն կենտրոնին, որտեղ դրանք պահվում էին:
16. 2011թ. դեկտեմբերի 14-ի նամակով դիմումատուն խնդրել է կենտրոնի տնօրենին իրեն հանձնել սառնապահպանման վերցված հինգ սաղմերը, որպեսզի դրանք հնարավոր լինի օգտագործել ցողունային բջիջների հետազոտությունում: Կենտրոնի տնօրենը մերժել է կատարել այդ պահանջն այն հիմքով, որ նման տեսակի հետազոտությունը Իտալիայում արգելված է և 2004թ. փետրվարի 19-ի թիվ 40 Օրենքի («թիվ 40/2004 Օրենք») 13-րդ հոդվածի համաձայն՝ քրեորեն պատժելի արարք է համարվում:
17. Խնդրո առարկա սաղմերը ներկայումս պահվում են կենտրոնի կրիոգենային պահպանման պահեստարանում, որտեղ և անց է կացվում IVF բուժում:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. 2004թ. փետվարի 19-ի թիվ 40 Օրենք, ուժի մեջ է 2004թ. մարտի 10-ից («Բժշկական միջամտությամբ իրականացվող բեղմնավորման մասին կանոններ»)
Հոդված 1. Նպատակը
«1. Մարդու չբերության կամ անպտղության հետևանքով առաջացող վերարտադրողական խնդիրները լուծելու նպատակով հնարավոր է դիմել արհեստական բեղմնավորման բժշկական մեթոդին՝ սույն օրենքով նախատեսված պայմաններով և կարգով, որը երաշխավորում է բոլոր շահագրգիռ անձանց իրավունքները, ներառյալ՝ այն անձանց, որոնց համար այն նախատեսված է»:
Հոդված 5. Օգտվելու պայմանները
«... չափահասության տարիքին հասած, հակառակ սեռի, ամուսնության մեջ գտնվող կամ համատեղ բնակվող, վերարտադրողական տարիքի զույգերից [միայն] [կազմված անձինք] կարող են օգտվել արհեստական բեղմնավորման մեթոդից»:
Հոդված 13. Մարդկային սաղմերի վրա իրականացվող փորձարկումները
«1. Մարդկային սաղմի վրա իրականացվող ցանկացած փորձակում արգելված է:
2. Մարդկային սաղմի վրա կլինիկական և փորձարարական հետազոտությունները թույլատրվում են միայն այն պայմանով, որ դրանք իրականցվեն բացառապես թերապևտիկ կամ ախտորոշիչ պայմաններով՝ նպատակ ունենալով պահպանելու սաղմի առողջությունն ու աճը և որ առկա չեն ալընտրանքային այլ մեթոդներ:
...
4. Յուրաքանչյուր ոք, ով խախտում է սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված արգելքը, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով և տուգանքով՝ 50,000-ից մինչև 150,000 եվրո գումարի չափով: ...
5. Սույն հոդվածով նախատեսված արարքը կատարելու համար դատապարտված առողջապահական ոլորտի ցանկացած մասնագետ պատժվում է բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով»:
Հոդված 14. Սաղմերի նկատմամբ տեխնոլոգիաների կիրառման սահմանափակումները
«1. Սաղմերի սառնապահպանումն ու ոչնչացումը արգելվում է, եթե այն չի հակասում 1978թ. մայիսի 22-ի թիվ 194 Օրենքի դրույթներին [մայրության սոցիալական պաշտպանության և հղիության ինքնակամ դադարեցման մասին կանոններ]:
2. Սաղմի արտադրության մեթոդները չպետք է հանգեցնեն ավելի մեծ թվով սաղմերի ստեղծմանը, քան որ բացարձակապես անհրաժեշտ է միանվագ և միաժամանակյա ներպատվաստման համար, և որևէ պարագայում չպետք է ստեղծվեն երեքից ավել սաղմեր:
3. Այն դեպքերում, երբ սաղմերը չեն կարող պատվաստվել արգանդի մեջ՝ առանց շահագրգիռ կնոջ առողջության համար լուրջ և հիմնավոր force majeure հետևանքներ առաջացնելու, որոնք հնարավոր չէր կանխատեսել բեղմնավորման ժամանակ, սաղմերի սառնապահպանումը չի թույլատրվում փոխանցման ամսաթվից առաջ, ինչը պետք է իրականացվի հնարավորինս արագ կերպով»:
18. 2009թ. ապրիլի 1-ի թիվ 151 վճռով (տե՛ս ստորև՝ 29-31-րդ պարբերությունները) Սահմանադրական դատարանը թիվ 40/2004 Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետը ճանաչել է Սահմանադրությանը հակասող, համաձայն որի սաղմի արտադրության մեթոդները չպետք է հանգեցնեն ավելի մեծ քանակով սաղմերի ստեղծմանը, քան որ խստորեն անհրաժեշտ է «միանվագ և միաժամանակյա ներպատվաստման համար, և որևէ պարագայում չպետք է ստեղծվեն երեքից ավել սաղմեր»: Սահմանադրական դատարանը նաև Սահմանադրությանը հակասող է ճանաչել նույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետը այն հիմքով, որ այդ դրույթը չի ապահովում, որ սաղմերի փոխանցումը պետք է իրականացվի առանց վտանգելու կանանց առողջությունը:
Բ. Ազգային բիոէթիկայի հանձնաժողովի եզրակացությունը ծննդաբերության համար որդեգրելու մասին («ADP») (2005թ. նոյեմբերի 15)
19. Թիվ 40/2004 Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Ազգային բիոէթիկայի հանձնաժողովը քննել է լքված սառնապահպանման մեջ գտնվող սաղմերի ճակատագրի հարցը: Վերը նշված Օրենքը կոնկրետ որևէ դրույթ չի նախատեսել այս դեպքերի համար, սակայն անուղղակիորեն արգելել է օգտագործել հավելյալ սաղմերը գիտական հետազոտությունների համար:
20. Այս կապակցությամբ, Հանձնաժողովը եզրակացություն է կայացրել հօգուտ «ծննդաբերության համար որդեգրելու» դեպքերի, որի պարագայում զույգերին կամ կանանց հնարավորություն է տրվում որդեգրել հավելյալ մնացած սաղմերը ներպատվաստման համար և ուստի թույլատրվում է խնդրո առարկա սաղմերը օգտագործել երեխաներ ունենալու և ընտանիք կազմելու նպատակների համար:
Գ. Առողջապահության նախարարության 2008թ. ապրիլի 11-ի որոշումը («Արհեստական բեղմնավորման մասին բացատրական նշումներ»)
«... Սաղմերի սառնապահպանումը. ... Գոյություն ունեն սաղմերի երկու տեսակներ, որոնք ենթարկվում են սառնապահպանման. առաջինը, դրանք այն սաղմերն են, որոնք սպասում են իրենց ներպատվաստման, ներառյալ՝ այն սաղմերը, որոնք սառնապահպանման են վերցվել 2004 թվականին ուժի մեջ մտած թիվ 40 Օրենքից առաջ, երկրորդը, դրանք այն սաղմերն են, որոնք հավաստված են որպես լքված ...»
Դ. «Սաղմերի հարցերով Աշխատանքային հանձնաժողովի» 2010թ. հունվարի 8-ի եզրափակիչ զեկույցը
21. 2009թ. հունիսի 25-ի որոշմամբ Առողջապահության նախարարությունը Աշխատանքային հանձնաժողով է ստեղծել զբաղվելու այն սաղմերի հարցերով, որոնք սառնապահպանման մեջ են գտնվում արհեստական բեղմնավորման կենտրոններում: Ստորև ներկայացվում է վերոհիշյալ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցից մի հատված, որը մեծամասնության կողմից ընդունվել է 2010թ. հունվարի 8-ին.
«Սաղմերի ոչնչացման վրա դրված իրավական արգելքի տակ պետք է հասկանալ ոչ այն, ինչ սառնապահպանման ընդհատումն արգելքող երկու դեպքեր. առաջին, երբ ետ եկած սաղմը հնարավոր է ներպատվաստել մոր կամ մեկ այլ կնոջ արգանդում, ով ցանկություն է հայտնել, որ սաղմն իրեն ներպատվաստվի, երկրորդ, երբ հնարավոր է բժշկական տեսակետից հաստատել բնական մահվան կամ օրգանիզմի կենսունակության մշտական կորուստի փաստը: Ներկայիս [գիտական] ձեռքբերումների համաձայն՝ սաղմի կենսունակությունը հնարավոր չէ հաստատել մինչև դրա ետ գալը, ուստի պարադոքսային այնպիսի մի իրավիճակ է ստեղծվում, երբ ետ եկած սաղմը չի կարող երկրորդ անգամ սառեցվել, և եթե այն անմիջապես չի ներպատվաստվում կնոջ արգանդում, ապա դրան անխուսափելիորեն հաջորդում է սաղմի մահը: Հետևաբար, սառեցված սաղմերն ունեն անորոշ ժամկետով պահվելու հեռանկար: Սակայն, հնարավոր է ենթադրել, որ գիտական հետազոտություններում գրանցված առաջընթացը հնարավոր կդարձնի որոշելու այն չափորոշիչները և մեթոդները սառնապահպանման վերցված սաղմերի մահը կամ դրանց կենսունակության կորուստը ախտորոշելու համար: Հետևաբար, հնարավոր կլինի հաղթահարել ներկայիս՝ իրավական առումով անխուսափելի դարձած, անորոշ ժամկետով սառնապահպանման հավանական պարադոքսը: Մինչ այդ արդյունքների գրանցումը [պետք է վերահաստատել, որ] չի կարելի անտեսել այն փաստը, որ 2004թ. թիվ 40 Օրենքի 14-րդ հոդվածը ուղղակիորեն արգելում է ոչնչացնել սաղմերը, այդ թվում՝ սառեցված սաղմերը: Դեռ դա ամենը չէ, ինչ վերաբերում է հավելյալ սաղմերի ճակատագրին, ապա թիվ 40 Օրենքի հեղինակները նախընտրել են դրանք պահպանել, քան ոչնչացնել, հետևաբար՝ դրանով որպես սկզբունք հաստատելով, որ այդ սաղմերը պետք է կենդանի պահվեն նույնիսկ այն դեպքերում, երբ դրանց ճակատագիրը անորոշ է»:
Ե. Իտալիայի Հանրապետության Սահմանադրությունը
22. Սահմանադրության համապատասխան հոդվածները շարադրված են հետևյալ կերպ.
Հոդված 9
«Հանրապետությունը նպաստում է մշակույթի, գիտական և տեխնիկական հետազոտությունների զարգացմանը: ...»
Հոդված 32
«Հանրապետությունը երաշխավորում է առողջության՝ որպես անհատի հիմնարար իրավունքի և հավաքական շահի ապահովումը: ...»
Հոդված 117
«Օրենսդիր իշխանությունը իրականցվում է պետական և մարզային մակարդակներում՝ Սահմանադրության, համայնքային իրավական կարգից բխող առանձնահատկությունների և միջազգային պարտավորությունների համապատասխան: ...»
Զ. Սահմանադրական դատարանի 2007թ. հոկտեմբերի թիվ 348 և թիվ 349 վճիռները
23. Այս վճիռները անդրադառնում են Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների կողմից բարձրացված այն հարցերին, թե որքանով են համատեղելի 1992թ. հուլիսի 11-ի թիվ 333 իրավական ակտով սահմանված սեփականազրկման դիմաց փոխհատուցման հաշվարման չափանիշները Սահմանադրության և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի հետ: Այդ վճիռներում հաշվի են առնվել Դատարանի Մեծ Պալատի կողմից Scordino-ն ընդդեմ Իտալիայի (թիվ 1) գործով ([ՄՊ], թիվ 36813/97, ՄԻԵԴ 2006‑V) արտահայտված դիրքորոշումները:
24. Սահմանադրական դատարանը՝ վերահաստատելով վերը նշված վճիռներում միջազգային պարտավորությունները հարգելու օրենսդրական պարտականությունը (Սահմանադրության 117-րդ հոդված), սահմանել է այն դերը, որը վերագրվում է Մարդու իրավունքների մասին կոնվենցիային իտալական իրավական համակարգում՝ միաժամանակ նշելով այն միջանկյալ կարգավիճակի մասին, որը Կոնվենցիան ունի սովորական ուժ ունեցող օրենքի և Սահմանադրության համեմատությամբ: Սահմանադրական դատարանը նաև նշել է, որ ստորադաս դատարանները ներպետական օրենքների կանոնները պետք է մեկնաբանեն այնպիսի եղանակով, որպեսզի դրանք համապատասխանեն Մարդու իրավունքների մասին կոնվենցիային և Դատարանի նախադեպային իրավունքին (տե՛ս ստորև՝ թիվ 349 վճիռը, 26-րդ պարբերությունը, 6.2-րդ կետը), իսկ այն դեպքերում, երբ նման մեկնաբանությունը հնարավոր չէ անել կամ ստորադաս դատարանները կասկածում են ներպետական օրենսդրության համապատասխանությանը Կոնվենցիային, ապա այդ դատարանները Սահմանադրական դատարանի առաջ պետք է սահմանադրականության հարց բարձրացնեն:
25. 2007թ. հոկտեմբերի 24-ի թիվ 348 վճռի համապատասխան հատվածները շարադրված են հետևյալ կերպ.
«4.2. ... Անհրաժեշտ է սահմանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների կարգավիճակը և դերը՝ նպատակ ունենալով որոշել՝ [Սահմանադրության 117-րդ հոդվածի] լույսի ներքո դրանց ազդեցությունը իտալական իրավական համակարգի վրա: ...
4.3. Մինչդեռ, մի կողմից, [այդ դրույթները] ամբողջական են դարձնում հիմնարար իրավունքների պաշտպանությունը և ուստի փոխլարցնում են Իտալիայի Սահմանադրությամբ պաշտպանվող արժեքները և հիմնարար սկզբունքները, մյուս կողմից, դրանք պահպանում են իրենց պաշտոնական կարգավիճակը որպես ընդհանուր օրենսդրության պարզ մի աղբյուր: ...
Սույն գործով, Սահմանադրական դատարանը կոչված է հստակեցնել [վերը նշված] նորմատիվային և ինստիտուցիոնալ հարցը, որը կարևոր գործառնական հետևանքներ ունի իրավակիրառողների ամենօրյա աշխատանքի համար: ...
Ընդհանուր իրավասության դատարանները լիազորություններ չունեն կիրառելու ընդհանուր օրենսդրությունը, որը հակասության մեջ է գտնվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ, քանի որ դրանց երկուսի միջև ենթադրյալ անհամապատասխանությունը սահմանադրականության հարց է առաջացնում Սահմանադրության 117-րդ հոդվածի 1-ին կետի հնարավոր խախտման վերաբերյալ և, [հետևաբար], ընկնում է Սահմանադրական դատարանի բացառիկ իրավազորության ներքո: ...
4.5. Սահմանադրության 117-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված սկզբունքը պրակտիկայում միայն կգործի այն դեպքում, երբ «միջազգային իրավունքով ստանձնած այն պարտավորությունները», որոնք պարտադիր են պետական և մարզերի օրենսդրական իշխանությունների համար, պատշաճ կերպով հստակեցվեն: ...
4.6. Միջազգային այլ պայմանագրերի հետ համեմատությամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան առանձնահատուկ է նրանով, որ դրանով հիմնվում է դատարանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունը, որին և վերապահված է Կոնվենցիայի դրույթների մեկնաբանության դերը: [Կոնվենցիայի] 32-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է. «Դատարանի իրավազորությունը տարածվում է այն բոլոր հարցերի վրա, որոնք վերաբերում են Կոնվենցիայի և նրան կից Արձանագրությունների դրույթների մեկնաբանմանն ու կիրառմանը, և որոնք իրեն հանձնվում են 33-րդ, 34-րդ, 46-րդ և 47-րդ հոդվածների դրույթներով նախատեսված դեպքերում»:
Հաշվի առնելով, որ իրավական դրույթները ձեռք են բերում իրենց իմաստը (vivono) մեկնաբանության արդյունքում, ինչն էլ վերջիններիս տրվում է իրավակիրառողների և առաջին հերթին՝ դատարանների կողմից, ուստի Կոնվենցիայի 32-րդ հոդվածի 1-ին կետի բնականոն հետևանքը կայանում է նրանում, որ Իտալիայի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրելու և վավերացնելու արդյունքում միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների ներքո է ընկնում նաև իր իսկ օրենսդրությունը Կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու պարտականությունը՝ [Մարդու իրավունքների] [եվրոպական] դատարանի կողմից դրանց տրված մեկնաբանության սահմաններում, որը հատուկ հիմնվել է այդ դրույթները մեկնաբանելու և կիրառելու համար: Հետևաբար, ճիշտ չէ խոսել Դատարանի իրավազորության մասին, որոնք գործում են ի լրումն իտալական դատարանների իրավասությունների, այլ պետք է խոսել մեկնաբանելու այն նշանավոր դերի մասին, որով Կոնվենցիան ստորագրած պետությունները ճանաչել են Եվրոպական դատարանը, ուստի դրանով նպաստելով տվյալ ոլորտում միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունների հստակեցմանը:
4.7. Վերը նշվածից չպետք է եզրակացնել, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները՝ Ստրասբուրգի դատարանի կողմից դրանց տրված մեկնաբանության սահմաններում, ունեն սահմանադրական իրավունքի ուժ և, հետևաբար, կարող են խուսափել այս դատարանի կողմից դրանց սահմանադրական օրինականության վերաբերյալ քննությունից: Դա պայմանավորված է նախ նրանով, որ խնդրո առարկա դրույթները լրացնում են սահմանադրական սկզբունքները՝ միաժամանակ մնալով ավելի ցածր կարգավիճակ ունեցող դրույթներ, և ուստի անհրաժեշտ է, որ դրանք համապատասխանեն Սահմանադրությանը ... :
Հաշվի առնելով, և ինչպես նշված է վերևում, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներն իրենց իմաստը ձեռք են բերում Եվրոպական դատարանի կողմից դրանց իսկ տրված մեկնաբանության արդյունքում, դրանց սահմանադրականության հարցի քննության ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն նորմերին, որոնք բխում են այդ մեկնաբանությունից, այլ ոչ թե՝ հենց դրույթներին: Բացի այդ, Ստրասբուրգի դատարանի վճիռները անվերապահորեն պարտադիր չեն կարող լինել ներպետական օրենքների՝ դրանց սահմանադրականության վերանայման նպատակների համար: Նման վերանայման արդյունքում պետք է մշտապես հավասարակշռվեն այն սահմանափակումները, որոնք ծագում են միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների, ինչպես որ նախատեսված է Սահմանադրության 117-րդ հոդվածի 1-ին կետով, և Սահմանադրության այլ հոդվածներում ամրագրված սահմանադրորեն պաշտպանվող շահերի միջև: ...
5. Հաշվի առնելով վերևում սահմանված մեթոդական այդ սկզբունքները, համապատասխան դատարանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա սահմանադրական վերանայում է իրականցվում այնպիսի եղանակով, որով հնարավոր լինի պարզել. ա) արդյո՞ք իրականում առկա է այնպիսի մի հակասություն, որը չի կարող լուծվել խնդրո առարկա ներպետական դրույթի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների մեկնաբանման միջոցով, կոնվենցիոն այդ դրույթները մեկնաբանվում են Եվրոպական դատարանի կողմից և համարվում են 117-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված սահմանադրական սկզբունքները լրացնող աղբյուր, և բ) արդյո՞ք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, որոնք ընդգրկում են այդ սկզբունքը և ընկալվում [Եվրոպական] դատարանի կողմից դրանց տրված մեկնաբանության համապատասխան, համատեղելի են Իտալիայի սահմանադրական կարգի հետ: ...»
26. 2007թ. հոկտեմբերի 24-ի թիվ 349 վճռի համապատասխան հատվածները շարադրված են հետևյալ կերպ.
«6.2 ... Սահմանադրության 117-րդ հոդվածի 1-ին կետով [սահմանված այդ սկզբունքը] [չի ենթադրում], որ միջազգային համաձայնագրերով նախատեսված և ընդհանուր օրենսդրության միջոցով կիրառվող այդ դրույթները, ինչպիսին են օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, պետք է ընդունվեն որպես սահմանադրական կարգավիճակ ունեցող դրույթներ: Հաշվի առնելով, որ խնդրո առարկա սահմանադրական սկզբունքը օրենսդրի համար պարտավորություն է առաջացնում համապատասխանեցնել ներպետական օրենսդրությունը այդ դրույթների հետ, ուստի ներպետական ցանկացած դրույթ, որը համատեղելի չէ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և, հետևաբար, 117-րդ հոդվածի 1-ին կետում վկայակոչված «միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների» հետ, ipso facto խախտում է այս սահմանադրական սկզբունքը: Վերջին հաշվով, 117-րդ հոդվածի 1-ին կետը հղում է կատարում Կոնվենցիայի դրույթների վրա, որոնք կարող են առնչվել կոնկրետ դեպքին՝ կյանքի կոչելով (dà vita) և բովանդակություն տալով միջազգային իրավունքի պարտավորություններին, որոնք ընդհանուր կերպով են հիշատակվել, ինչպես նաև դրա [հիմքում ընկած սահմանադրական] սկզբունքին, որոնք պետք է ընդհանուր առմամբ դասակարգվեն որպես «միջամտող դրույթներ» և որոնք, իրենց հերթին, կարող են վերանայվել Սահմանադրության հետ համատեղելիության տեսանկյունից, որի մասին կխոսենք ստորև:
Դրանից հետևում է, որ ընդհանուր իրավասության դատարանների լիազորությունների մեջ է մտնում մեկնաբանել այն հարցը, թե արդյոք ներպետական օրենսդրությունը համատեղելի է խնդրո առարկա միջազգային իրավական դրույթի հետ ... Այն դեպքերում, երբ դա հանարավոր չէ անել կամ դատարանը կասկածներ ունի ներպետական դրույթների՝ Կոնվենցիայի «միջամտող» դրույթի հետ համատեղելիության հարցի շուրջ, դատարանը պետք է Սահմանադրության 117-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանի առաջ սահմանադրականության հարց բարձրացնի ... :
Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, ապա պետք է հաշվի առնել դրա՝ միջազգային այլ համաձայնագրերի համեմատությամբ ունեցած առանձնահատուկ բնույթը, քանի որ այն ավելին է նախատեսում, քան պայմանադիր պետությունների համար երկուստեք կատարման ենթակա իրավունքների ու պարտականությունների սոսկ թվարկումը: Այն հիմնարար իրավունքների միասնական պաշտպանության համակարգ է հիմնում: Այդ համակարգի կիրառման և մեկնաբանության հարցերը, բնականաբար, առաջին հերթին անդամ պետությունների, իսկ կոնվենցիոն իրավունքի տեսանկյունից՝ դրանց ընդհանուր իրավասության դատարանների խնդիրն է: Միատեսակ կիրառությունը, մյուս կողմից, երաշխավորվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կենտրոնացված կարգով մեկնաբանության միջոցով, այդ առաջադրանքը հանձնարարված է Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որը վերջին խոսքն ունի ասելու և որի իրավազորությունը «տարածվում է այն բոլոր հարցերի վրա, որոնք վերաբերում են Կոնվենցիայի և նրան կից Արձանագրությունների դրույթների մեկնաբանմանն ու կիրառմանը, և որոնք իրեն հանձնվում են [դրանում] նախատեսված դեպքերում» (Կոնվենցիայի 32-րդ հոդվածի 1-ին կետ): ...
Սահմանադրական դատարանը և Ստարսբուրգի դատարանը վերջին հաշվով տարբեր դերակատարություններ ունեն, թեև երկու դատարաններն էլ հետապնդում են հիմնարար իրավունքները հնարավորինս արդյունավետ պաշտպանելու նույն նպատակը: Հռոմի Կոնվենցիայի և նրան կից Արձանագրությունների մեկնաբանությունը վերապահված է Ստրասբուրգի դատարանին, որն ապահովում է միատեսակ աստիճանի պաշտպանության կիրառումը բոլոր անդամ պետություններում:
Սակայն, այն դեպքերում, երբ հարցը բարձրացվում է Սահմանադրական դատարանի մակարդակով և վերաբերում է Սահմանադրության 117-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեկ կամ մի քանի դրույթների հետ անհամատեղելի լինելու վերաբերյալ (հնարավոր չէ հաղթահարել մեկնաբանության միջոցով) ներպետական դրույթի սահմանադրականությանը, սույն դատարանին է վերապահված որոշել այն հարցը, թե արդյոք այդ դրույթները իրականում անհամատեղելի են և [հայտնաբերվելու դեպքում] պարզելու, թե արդյոք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փաստացի դրույթները, ինչպես որ դրանք մեկնաբանվում են Ստրասբուրգի դատարանի կողմից, երաշխավորում են հիմնարար իրավունքների պաշտպանությունը, որն առնվազն համարժեք է Իտալիայի Սահմանադրությամբ երաշխավորված մակարդակին:
Այն չի պահանջում, որպեսզի Ստրասբուրգի դատարանը գնահատի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի որևէ դրույթի մեկնաբանությունը ... սակայն անհրաժեշտ է պարզել, թե արդյոք այդ դրույթը, ինչպես որ այն մեկնաբանվել է անդամ պետության իրավասու դատարանի կողմից, համատեղելի է համապատասխան սահմանադրական դրույթների հետ: Հետևաբար, անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել Սահմանադրությամբ նախատեսված այն պարտականության, ըստ որի երաշխավորվում է միջազգային պարտավորությունների նկատմամբ հարգանքը, և Սահմանադրության խախտման հանգեցնող իրավիճակի կանխարգելման անհրաժեշտության միջև»:
Ը. Սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքը
1. Սահմանադրական դատարանի 2006թ. հոկտեմբերի 24-ի թիվ 396 որոշումը
27. Այս որոշմամբ Սահմանադրական դատարանը անընդունելի է հայտարարել Կալյարիի դատարանի կողմից թիվ 40/2004 Օրենքի 13-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ ներկայացված դիմումը, որը արգելում է օգտվել մինչպատվաստային ախտորոշումից:
28. Որոշման մեջ Սահմանադրական դատարանը գտել է, որ դատարանը՝ նախնական որոշման կայացման համար քննության առարկա դարձնելով այս հարցը, սահմանափակել է իրեն միայն թիվ 40/2004 Օրենքի 13-րդ հոդվածի սահմանադրականության հարցի բարձրացմամբ, մինչդեռ նախնական որոշման կիրառման ընթացակարգի համաձայն՝ նույն Օրենքի այլ դրույթները նույնպես մինչպատվաստային ախտորոշման արգելքի են հանգեցնում, մասնավորապես՝ 14-րդ հոդվածի 3-րդ կետը:
2. Սահմանադրական դատարանի 2009թ. ապրիլի 1-ի թիվ 151 վճիռը
29. Այս վճիռը վերաբերում է թիվ 40/2004 Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի սահմանադրականությանը, որոնք թույլ են տալիս սահմանափակ քանակով սաղմեր (առավելագույնը՝ երեք) ստեղծել, սահմանում դրանց միաժամանակյա ներպատվաստելու պարտականություն, ինչպես նաև արգելում հավելյալ սաղմերի սառնապահպանումը:
30. Սահմանադրական դատարանը վճռել է, որ խնդրո առարկա հոդվածի կետերը հակասում են Սահմանադրությանը, քանի որ վտանգում են կանանց առողջությունը՝ դրդելով նրանց անցնելու ձվարանների խթանման մի քանի կուրսեր և նաև ընտրողական աբորտի արգելքի պատճառով բազմապտուղ հղիություն ունենալու վտանգի ենթարկելով:
31. Վճռում որևէ հղում չի կատարվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Կոնվենցիան նաև չեն վկայակոչել վիճարկվող հարցը քննարկման հանձնող դատարանները (Լացիոյի տարածաշրջանային վարչական դատարանը և Ֆլորենցիայի դատարանը):
3. Սահմանադրական դատարանի 2010թ. մարտի 8-ի թիվ 97 որոշումը
32. Այս որոշմամբ Սահմանադրական դատարանը անընդունելի է հայտարարել Միլանի դատարանի կողմից քննարկման առարկա դարձված սահմանադրականության մի շարք հարցեր, քանի որ Սահմանադրական դատարանը դրանց արդեն անդրադարձել է իր թիվ 151/2009 վճռում:
4. Սահմանադրական դատարանի 2012թ. մայիսի 22-ի թիվ 150 որոշումը
33. Այս որոշմամբ, որում հղում է կատարվում S.H.-ն և այլոք ընդդեմ Ավստրիայի գործին ([ՄՊ], թիվ 57813/00, ՄԻԵԴ 2011), Սահմանադրական դատարանը հետ է վերադարձրել ստորադաս դատարանի կողմից ներկայացված գործը, որը վերաբերում էր թիվ 40/2004 Օրենքով նախատեսված հետերոլոգիական բեղմնավորման արգելքին:
5. Սահմանադրական դատարանի 2014թ. հունիսի 10-ի թիվ 162 վճիռը
34. Այս վճիռը վերաբերում է հետերոլոգիական բեղմնավորման դիմելու համընդհանուր արգելքի սահմանադրականությանը այն դեպքերի համար, երբ բժշկական տեսանկյունից հաստատված է չբերությունը կամ անպտղությունը, ինչպես որ սահմանված է թիվ 40/2004 Օրենքով:
35. Ընդհանուր իրավասության երեք դատարաններ դիմել են Սահմանադրական դատարան՝ խնդրելով նախնական որոշում կայացնել այն հարցի վերաբերյալ, թե արդյոք վիճահարույց Օրենքը համատեղելի է Սահմանադրության 2-րդ (անձեռնմխելի իրավունքներ), 3-րդ (հավասարության իրավունք), 29-րդ (ընտանիքի իրավունքներ), 31-րդ (ընտանիքի իրավունքները պաշտպանելու պետության պարտավորությունները) և 32-րդ (առողջության իրավունք) հոդվածների հետ: Այդ դատարաններից մեկը՝ Միլանի դատարանը նաև Սահմանադրական դատարանին խնդրել է վճիռ կայացնել վիճահարույց Օրենքի՝ Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածների հետ համատեղելիության հարցի վերաբերյալ:
36. Սահմանադրական դատարանը վճռել է, որ համապատասխան իրավադրույթները հակասում են Սահմանադրությանը:
37. Սահմանադրական դատարանը մասնավորապես գտել է, որ գործով հայցվորների՝ ծնողներ դառնալու և երեխաներով ընտանիք կազմելու ընտրությունը վերջիններիս անձնական և ընտանեկան կյանքի ոլորտին վերաբերող իրենց ինքնորոշման ազատության մեկ ասպեկտն էր, որն օգտվում է Սահմանադրության 2-րդ, 3-րդ և 31-րդ հոդվածների պաշտպանությունից: Դատարանը նաև գտել է, որ այն անձինք, ովքեր ամբողջությամբ չբեր են կամ անպտղության խնդիր ունեն, օգտվում են առողջության պաշտպանության իրավունքից (Սահմանադրության 32-րդ հոդված):
38. Սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած խնդրո առարկա իրավունքները կարող են էթիկական նկատառումների հիման վրա ենթարկվել սահմանափակումների, դրանք կարող են հանգեցնել համընդհանուր արգելքի, քանի դեռ հնարավոր չէ այլ կերպ պաշտպանել սահմանադրարորեն երաշխավորվող մյուս ազատությունները:
39. Ինչ վերաբերում է խնդրո առարկա իրավադրույթների՝ Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածների հետ համատեղելիության հարցին, ապա Սահմանադրական դատարանը սահմանափակվել է նշելով այն մասին, որ այդ հարցերին անդրադարձել է վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ կայացված իր եզրակացություններում (տե՛ս վերևում):
Թ. Մինչպատվաստային ախտորոշում անցնելու իրավունքի վերաբերյալ ներպետական դատարանների կողմից կայացված որոշումները
1. Կալյարիի դատարանի 2007թ. սեպտեմբերի 22-ի որոշումը
40. Այս որոշման մեջ Կալյարիի դատարանը գտել է, որ հայցվորները, նախևառաջ, արագացված ընթացակարգ են ընտրել, որի շրջանակում նաև սահմանադրականության հարց էր առաջ եկել: Դատարանը նաև հավելել է, որ սահմանադրականության այդ հարցը այնուհետ անընդունելի է հայտարարվել Սահմանադրական դատարանի 2006թ. հոկտեմբերի 24-ի թիվ 396 որոշմամբ (տե՛ս վերևում՝ 27-28-րդ պարբերությունները), որը, հետևաբար, որևէ կերպ չի հստակեցրել այն հարցը, թե ինչպես Սահմանադրության համաձայն պետք է մեկնաբանվեն ներպետական օրենքները:
41. Ինչ վերաբերում է ներկայացված քաղաքացիական հայցին, ապա դատարանը նշել է, որ ներպետական օրենքն ուղղակիորեն չի արգելում դիմել մինչպատվաստային ախտորոշման և որ Օրենքը նման կերպ մեկնաբանելը, որից հետևում է, որ արգելքը գործում է, հակասում է հայցվորների՝ բուժում ստանալու մասին պատշաճ տեղեկացված լինելու իրավունքին:
42. Բացի այդ, դատարանը նկատել է, որ մինչպատվաստային ախտորոշում անցնելու արքելը ներկայացվել է միայն հետագայում՝ ենթաօրենսդրական ակտերի շրջանակում, այն է՝ Առողջապահության նախարարության 2004թ. հուլիսի 21-ին թիվ 15165 որոշմամբ (մասնավորապես՝ այն մասում, որը սահմանում է, որ «[2004թ. թիվ 40 Օրենքի] 14-րդ հոդվածի 5-րդ կետի իմաստով in vitro ստեղծված սաղմերի վիճակն որոշելու անալիզները չեն կարող իրականացվել բացի այլ նպատակների համար, քան այդ սաղմերի նկատմամբ dovrà essere di tipo osservazionale հսկողությունը»): Կալյարիի դատարանը գտել է, որ դա հակասում է օրինականության սկզբունքին և Եվրոպայի խորհրդի «Օվիեդոյի կոնվենցիային»:
43. Վերջապես, դատարանը գտել է, որ թիվ 40/2004 Օրենքի այն մեկնաբանությունը, որով թույլատրվում է դիմել մինչպատվաստային ախտորոշման, համահունչ էր մոր օգտին ճանաչված առողջության իրավունքի հետ: Հետևաբար, դատարանը բավարարել է հայցվորների՝ մինչպատվաստային ախտորոշում անցնելու պահանջը:
2. Ֆլորենցիայի դատարանի 2007թ. դեկտեմբերի 17-ի որոշումը
44. Այս որոշման մեջ Ֆլորենցիայի դատարանը վկայակոչել է Կալյարիի դատարանի վերը նշված որոշումը և նշել, որ համաձայն է վերջինիս ներպետական օրենսդրության մեկնաբանության հետ: Հետևաբար, Ֆլորենցիայի դատարանը բավարարել է հայցվորների՝ մինչպատվաստային ախտորոշում անցնելու պահանջը:
3. Բոլոնիայի դատարանի 2009թ. հունիսի 29-ի որոշումը
45. Այս որոշմամբ Բոլոնիայի դատարանը բավարարել է հայցվորների՝ նախնական ներպատվաստման ախտորոշում անցնելու պահանջը՝ նշելով, որ այն համահունչ է Սահմանադրական դատարանի 2009թ. ապրիլի 1-ի թիվ 151 վճռով ներպետական օրենսդրության մեկնաբանության արդյունքում ճանաչված կանանց առողջության պաշտպանության հետ (տե՛ս վերևում՝ 29-31-րդ պարբերությունները):
4. Սալերնոյի դատարանի 2010թ. հունվարի 9-ի որոշումը
46. Այս որոշումում, որն ընդունվել է արագացված ընթացակարգով, Սալերնոյի դատարանը հղում է կատարել Առողջապահության նախարարության 2008թ. ապրիլի 11-ի թիվ 31639 որոշմամբ ներկայացված նոր զարգացումներին, այդ թվում՝ այն փաստին, որ in vitro ստեղծված սաղմերի վիճակն որոշելու անալիզներն այլևս չեն սահմանափակվում այդ սաղմերի հսկողությամբ և որ արհեստական բեղմնավորման մեթոդից այժմ կարող են օգտվել այն զույգերը, որոնց սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսային հիվանդությունների կրողը տղամարդն է:
47. Դատարանը եզրակացրել է, որ մինչպատվաստային ախտորոշմանը պետք է վերաբերել ընդամենը որպես նախածննդյան բուժօգնության մեթոդներից մեկը, որը նախատեսված է որոշելու սաղմի վիճակը:
48. Հետևաբար, դատարանը թույլատրել է հայցվորներին անցնել սաղմի in vitro մինչպատվաստային ախտորոշում:
5. Կալյարիի դատարանի 2012թ. նոյեմբերի 9-ի որոշումը
49. Այս որոշման մեջ Կալյարիի դատարանը հղում է կատարել վերևում նշված որոշումների հիմնավորումներին: Այնուհետև, դատարանը նշել է, որ Սահմանադրական դատարանի կողմից 2007թ. հոկտեմբերի 24-ին կայացված թիվ թիվ 348 և 349 վճիռները վկայում են այն մասին, որ Օրենքի այն մեկնաբանությունը, որով երաշխավորվում է մինչպատվաստային ախտորոշում անցնելու իրավունքը, համատեղելի է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ, հատկապես՝ հաշվի առնելով Ստրասբուրգի դատարանի կողմից Costa-ն և Pavan-ն ընդդեմ Իտալիայի գործով կայացված վճիռը (թիվ 54270/10, 28 օգոստոսի 2012թ.):
6. Հռոմի դատարանի 2014թ. հունվարի 15-ի որոշումը
50. Այս որոշման մեջ դատարանը անդրադարձել է թիվ 40/2004 Օրենքի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ կետերի և 4-րդ հոդվածի 1-ին կետի սահմանադրականության հարցին: Հիշատակված նորմերը արգելում են զույգերին, ովքեր չբեր չեն և ոչ էլ անպտուղ, օգտվել արհեստական բեղմնավորման մեթոդներից՝ նպատակ ունենալով ստանալ մինչպատվաստային ախտորոշում: Դատարանը նաև քննել է գործը Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածների տեսանկյունից:
51. Այնինչ, հաշվի առնելով Costa-ն և Pavan-ն ընդդեմ Իտալիայի գործով վճիռը (տե՛ս վերևում), դատարանը գտել է, որ Օրենքը չպետք է լայնորեն մեկնաբանել, քանի որ այն ուղղակիորեն նախատեսում է, որ արհեստական բեղմնավորման մեթոդներից օգտվելու իրավունքը վերապահված չէ չբեր և անպտուղ զույգերին:
Ժ. Ֆլորենցիայի դատարանի կողմից թիվ 40/2004 Օրենքի 13-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ բարձրացված հարցը
52. 2012թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ Ֆլորենցիայի դատարանը բարձրացրել է թիվ 40/2004 Օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված հավելյալ քանակով սաղմերը գիտական հետազոտություններին նվիրաբերելու արգելքի՝ Սահմանադրության 9-րդ և 32-րդ հոդվածներին համապատասխանության հարցը, որոնք երաշխավորում են գիտական հետազոտության ազատությունը և համապատասխանաբար՝ առողջության իրավունքը:
53. 2014թ. մարտի 19-ին Սահմանադրական դատարանի նախագահը հետաձգել է գործի քննությունը մինչև Մեծ Պալատի կողմից սույն գործով՝ Parrillo-ն ընդդեմ Իտալիայի (գանգատ թիվ թիվ 46470/11) գանգատի վերաբերյալ որոշում կայացնելը:
III. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Ա. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 1046 (1986) հանձնարականը «Ախտորոշիչ, թերապևտիկ, գիտական, արդյունաբերական և առևտրային նպատակներով մարդկային սաղմերի և պտուղների օգտագործման մասին»
«... 6. [Խորհրդարանական վեհաժողովը], իրազեկված լինելով, որ այս առաջընթացը առանձնապես վտանգավոր է դարձրել սաղմի և պտղի իրավական վիճակը, և որ դրանց իրավական կարգավիճակը ներկայումս սահմանված չէ օրենքով,
7. Իրազեկված լինելով, որ ներկայումս գոյություն չունեն կենդանի կամ մահացած սաղմերի և պտուղների օգտագործումը կարգավորող համարժեք դրույթներ,
8. Համոզված լինելով, որ գիտական առաջընթացի տեսանկյունից, որը հնարավորություն է տալիս բեղմնավորման պահից միջամտել մարդկային կյանքին, անհրաժեշտ է սահմանել իրավական պաշտպանության դրանց շրջանակը,
9. Հաշվի առնելով սաղմի կամ պտղի կամ դրանց հյուսվածքների օգտագործման վերաբերյալ առկա բազմաթիվ էթիկական տեսակետները և արժեքների միջև առաջացող տարաձայնությունները,
10. Հաշվի առնելով, որ մարդկային սաղմերի և պտուղների նկատմամբ պետք է բոլոր դեպքերում վերաբերվել մարդու արժանապատվությանը բնորոշ կերպով, և որ դրանցից առաջացող նյութերի ու հյուսվածքների օգտագործումը պետք է խիստ սահմանափակ և կարգավորված լինի ... նպատակների համար, որոնք հստակ թերապևտիկ են և որոնց համար առկա չեն որևէ այլ միջոցներ, ...
13. Ընդգծելով եվրոպական համագործակցության անհրաժեշտությունը,
14. Հանձնարարում է Նախարարների կոմիտեին.
Ա. դիմել անդամ պետությունների կառավարություններին.
...
ii. սահմանափակել մարդկային սաղմերի և պտուղների և դրանցից առաջացող նյութերի և հյուսվածքների օգտագործումը արդյունաբերական համատեքստում այն նպատակների համար, որոնք խիստ թերապևտիկ են և որոնց համար առկա չեն որևէ այլ միջոցներ՝ համաձայն սույն հավելվածում սահմանված սկզբունքների, ինչպես նաև համապատասխանեցնել անդամ պետությունների օրենսդրությունը այդ սկզբունքներին կամ ընդունել դրանց համապատասխան կանոնները, որոնք, մասնավորապես, կսահմանեն այն պայմանները, որոնց դեպքում կարող է ձեռնարկվել դրանց հեռացումն ու օգտագործումը՝ ախտորոշման կամ թերապևտիկ նպատակների համար,
iii. արգելել մարդկային սաղմերի ստեղծումը՝ դրանց կյանքի ընթացքում կամ մահից հետո հետազոտական նպատակների համար in vitro բեղմնավորման միջոցով,
iv. արգելել այն ամենը, ինչը կարող է համարվել որպես այս միջոցների անցանկալի օգտագործում կամ դրանցից շեղում, ներառյալ՝
...
- կենսունակ մարդկային սաղմերի հետազոտությունները,
- կենդանի մարդկային սաղմերի վրա փորձերը՝ լինեն դրանք կենսունակ կամ ոչ ...»
Բ. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 1100 (1989) հանձնարականը «Գիտական հետազոտություններում մարդկային սաղմերի և պտուղների օգտագործման մասին»
«... 7. Հաշվի առնելով, որ մարդկային սաղմը, թեև հաջորդական փուլերով զարգանալու առանձնահատկություն ունի ... որպես օրգանիզմ հանդես է բերում նաև առաջադիմական տարբերակում և ուստի պահպանում է շարունակական կենսաբանական և գենետիկական նույնականություն,
8. Հիշեցնելով եվրոպական համագործակցության անհրաժեշտության և հնարավորինս լայն կարգավորում ունենալու մասին՝ հակասությունները, վտանգները և բացառապես այս ոլորտի ներպետական չափորոշիչների կանխատեսելի թերությունները հաղթահարելու նպատակների համար,
...
21. Արգելվում է գիտական հետազոտությունների նպատակով սաղմերի կամ պտուղների կանխամտածված ստեղծումը և/կամ կենդանի պահելը՝ անկախ այն հանգամանքից թե այն in vitro կամ in utero միջոցով է կատարվել, օրինակ՝ դրանցից գենետիկ նյութի, բջիջների, հյուսվածքների կամ օրգանների ստանալը:
...»
54. Այդ հանձնարարականի հավելվածի համապատասխան հատվածները շարադրված են հետևյալ կերպ.
«Բ. Մինչպատվաստային կենդանի սաղմերի վերաբերյալ. ...
4. Համաձայն 934 (1982) և 1046 (1986) հանձնարարականների՝ կենսունակ in vitro սաղմերի ստուգումը թույլատրվում է միայն.
- ախտորոշման բնույթ ունեցող կիրառական կամ կանխարգելիչ կամ թերապևտիկ նպատաների համար,
- եթե այն չի ընդհարվում ոչ պաթոլոգիական գենետիկ ժառանգության հետ:
5. ... կենդանի սաղմերի վրա հետազոտությունները պետք է արգելվեն, մասնավորապես.
- եթե սաղմը կենսունակ է,
- եթե հնարավոր է օգտագործել կենդանիների մոդելը,
- եթե այն չի նախատեսվել այնպիսի ծրագրերի շրջանակներում, որոնք պատշաճ կերպով ներկայացվել են և հաստատվել են համապատասխան հանրային առողջության կամ գիտական մարմնի կամ համապատասխան ազգային միջգերատեսչական հանձնաժողովի կամ դրա պատվիրակության կողմից,
- եթե դրանք չեն անց կացվում այն ժամկետներում, որոնք սահմանված են վերը նշված մարմինների կողմից:
...
Թ. Մարդու էմբրիոլոգիական նյութի նվիրաբերությունը ...
20. Մարդու էմբրիոլոգիական նյութի նվիրաբերությունը թույլատրվում է միայն ախտորոշիչ, կանխարգելման կամ թերապևտիկ նպատակներով իրականացվող գիտական հետազոտությունների համար: Դրանց վաճառքը արգելվում է:
21. Արգելվում է գիտական հետազոտությունների նպատակով սաղմերի կամ պտուղների կանխամտածված ստեղծումը և/կամ կենդանի պահելը՝ անկախ այն հանգամանքից թե այն in vitro կամ in utero միջոցով է կատարվել, օրինակ՝ դրանցից գենետիկ նյութի, բջիջների, հյուսվածքների կամ օրգանների ստանալը:
22. Մարդու էմբրիոլոգիական նյութի նվիրաբերությունը և օգտագործումը պայմանավորված է դոնոր ծնողների ազատ կամահայտնությամբ տրված գրավոր համաձայնությամբ:
23. Օրգանների նվիրաբերությունը պետք է զուրկ լինի որևէ առևտրային նկատառումներից: Արգելվում է դոնոր ծնողների կամ այլ կողմերի կողմից սաղմերի կամ պտուղների կամ դրանց մի մասի առքն ու վաճառքը, ինչպես նաև դրանց ներմուծումն ու արտահանումը:
24. Արգելվում է մարդու էմբրիոլոգիական նյութի նվիրաբերությունը և օգտագործումը վտանգավոր և կործանիչ կենսաբանական զենքի արտադրության համար:
25. Սույն հանձնարարականի իմաստով «կենսունակ» սաղմերի ներքո պետք է հասկանալ այն սաղմերը, որոնք զուրկ են կենսաբանական այնպիսի հատկանիշներից, որոնք կարող են կանխել դրանց հետագա զարգացումը, այդուամենայնիվ մարդկային սաղմերի և պտուղների ոչ կենսունակությունը որոշվում է միայն սաղմին ներհատուկ թերությունների օբյեկտիվ բիոլոգիական չափանիշների հիման վրա»:
Գ. Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիա («Օվիեդոյի կոնվենցիա»), ընդունված 1997թ. ապրիլի 4-ին
Հոդված 2. Մարդու առաջնությունը
«Մարդու շահերը և բարեկեցությունը գերակայում է հասարակության կամ գիտության շահից»:
Հոդված 18. In vitro սաղմերի վերաբերյալ հետազոտությունները
«1. Այն դեպքում, երբ օրենքը թույլ է տալիս in vitro սաղմերի վերաբերյալ հետազոտությունների իրականացումը, այն պետք է ապահովի սաղմի համապատասխան պաշտպանությունը:
2. Հետազոտությունների նպատակով մարդկային սաղմերի ստեղծումը արգելվում է»:
Հոդված 27. Ընդլայնված պաշտպանությունը
«Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել որպես սահմանափակող կամ այլ կերպ ազդող անդամ պետությունների վրա՝ կենսաբանության և բժշկության ձեռքբերումների կիրառման առնչությամբ տրամադրելու ավելի մեծ պաշտպանություն, քան նախատեսված է կոնվենցիայով»:
Դ. Կենսաբժշկական հետազոտությունների իրականացման մասին Օվիեդոյի կոնվենցիայի Լրացուցիչ արձանագրություն, ընդունվել է 2005թ. հունվարի 25-ին
Հոդված 2. Կիրառման ոլորտը
«1. Սույն Արձանագրությունը տարածվում է առողջապահության ոլորտի հետազոտական գործունեության ամբողջ ծավալի, ներառյալ՝ մարդու նկատմամբ միջամտությունների վրա:
2. Սույն Արձանագրությունը չի կիրառվում in vitro սաղմերի վերաբերյալ իրականացվող հետազոտությունների վրա: Այն կիրառվում է in vivo պտուղների և սաղմերի վերաբերյալ իրականացվող հետազոտությունների վրա:
...»
Ե. Բիոէթիկայի հարցերով համակարգող հանձնաժողովի Մարդկային սաղմի և պտղի պաշտպանության վերաբերյալ աշխատանքային խմբի զեկույցը, հրապարակվել է 2003թ. հունիսի 19-ին, եզրակացություն
«Այս զեկույցի նպատակն է ամփոփել in vitro մարդկային սաղմի պաշտպանության վերաբերյալ Եվրոպայում առկա տեսակետները և դրանք հիմնավորող փաստարկները:
Այն վկայում է, որ լայն համաձայնություն գոյություն ունի in vitro սաղմի պաշտպանության անհրաժեշտության վերաբերյալ: Այդուհանդերձ, սաղմի կարգավիճակի սահմանումը դեռևս մնում է այն ոլոտներից մեկը, որտեղ հանդիպում են արմատական տարբերություններ, որոնք հիմնվում են հիմնավոր փաստարկների վրա: Այս տարբերությունները հիմք են հանդիսանում այլ հիմնահարցերի վերաբերյալ առաջացած տարակարծությունների մեծ մասի համար, որոնք վերաբերում են in vitro սաղմի պաշտպանությանը:
Այդուհանդերձ, եթե նույնիսկ հնարավոր չէ համաձայնության գալ սաղմի կարգավիճակի շուրջ, անհրաժեշտ է ուսումնասիրել կենսաբժշկության ոլորտի և դրան առնչվող հավանական թերապևտիկ առաջընթացների շրջանակում որոշակի հարցերի վերաիմաստավորելու հնարավորությունը: Այս համատեքստում, ընդունելով և հարգելով տարբեր պետությունների կողմից այս հիմնահարցերի շուրջ ընդունված որոշումները, հնարավոր և ցանկալի է թվում, որպեսզի in vitro սաղմի պաշտպանության անհրաժեշտության վերաբերյալ, որի շուրջ բոլոր պետությունները համաձայնել են, գտնվեն ընդհանուր մոտեցումներ՝ ապահովելու ընթացակարգի կիրառման, ներառյալ՝ in vitro սաղմերի ստեղծման և օգտագործման համար պատշաճ պայմաններ: Այս զեկույցի նպատակն է օգնել մտորել դրա շուրջ»:
Զ. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 1352 (2003) բանաձևը «Մարդու ցողունային բջիջների հետազոտությունների մասին»
... 3. Մարդու ցողունային բջիջները հնարավոր է ստանալ ցանկացած տարիք ունեցող մարդկանց աճող հյուսվածքներից և հեղուկներից և չեն սահմանափակվում սաղմնային աղբյուրներով:
...
5. Սաղմնային ցողունային բջիջների վերցնելը առայժմ պահանջում է մարդկային սաղմերի ոչնչացում:
...
7. Վեհաժողովն ընդգծում է, որ գիտական հետազոտությունների անցկացման համար հարմար մարդու մի շարք սաղմնային ցողունային բջիջների գծերն արդեն հասանելի են ամբողջ աշխարհում:
...
10. Հետազոտական նպատակների համար մարդկանց ոչնչացումը դեմ է մարդու կյանքի իրավունքին և մարդկանց որպես միջոց օգտագործելու բարոյական արգելքին:
11. Հետևաբար, Վեհաժողովը դիմում է անդամ պետություններին.
i. խթանելու ցողունային բջիջների վերաբերյալ հետազոտությունները, քանի դեռ դա հարգում է մարդու կյանքը՝ դրա զարգացման բոլոր փուլերում,
ii. խրախուսելու այն գիտական մեթոդները, որոնք չեն առաջացնում սոցիալական և էթիկական տարաձայնություններ, նկատակ հետապնդելով զարգացնել բազմակարող բջիջների օգտագործումը և վերականգնողական բժշկության նոր մեթոդների նախատեսումը,
iii. ստորագրելու և վավերացնելու Օվիեդոյի կոնվենցիան՝ արդյունավետ դարձնելու հետազոտությունների համար արտադրվող մարդկային սաղմերի արգելքը,
iv. խթանելու չափահասների ցողունային բջիջների ոլորտում ընդհանուր եվրոպական տարրական հետազոտական ծրագրերը,
v. ապահովելու, որ այն պետություններում, որտեղ դա թույլատրվում է, մարդկային սաղմերի ոչնչացման հետ կապված ցողունային բջիջների վրա իրականացվող ամեն մի հետազոտություն պատշաճ կերպով հաստատվում և վերահսկվում է ներպետական պատկան մարմնի կողմից,
vi. հարգելու պետությունների որոշումը՝ չմասնակցելու միջազգային այնպիսի հետազոտական ծրագրերին, որոնք հակասում են ներպետական օրենսդրությամբ սահմանված էթիկական արժեքներին, և անկնալիքներ չունենալու, որ այդ պետությունները ուղղակիորեն կամ անուղղակիորեն կնպաստեն նման հետազոտություններին,
vii. առաջնահերթություն տալու հետազոտության էթիկական, քան զուտ պրագմատիկ և ֆինանսական բնույթ ունեցող ասպեկտներին,
viii. խթանելու այնպիսի մարմինների ստեղծումը, որտեղ գիտնականներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն կունենան քննարկել մարդու ցողունային բջիջների վրա իրականացվող հետազոտությունների վերաբերյալ տարբեր տեսակների ծրագրեր՝ նպատակ ունենալով ամրապնդելու թափանցիկությունը և ժողովրդավարական հաշվետվողականությունը»:
Ը. Նախարարների կոմիտեի Rec(2006)4 հանձնարարականն անդամ պետություններին «Մարդկային ծագում ունեցող կենսաբանական նյութերի վրա իրականացվող հետազոտությունների մասին», ընդունվել է Նախարարների կոմիտեի կողմից 2006թ. մարտի 15-ին
55. Այս հանձնարարականը, որը կիրառելի չէ սաղմնային և պտղի հյուսվածքների նկատմամբ (տե՛ս 2-րդ հոդվածի 3-րդ կետը), նպատակ է հետապնդում պաշտպանել այն մարդկանց հիմնարար իրավունքները, ում կենսաբանական նյութը՝ հեռացվելուց և պահպանության վերցվելուց հետո կարող է օգտագործվել հետևյալ դեպքերում որևէ հետազոտանական ծրագրի համար. (i) նախքան հանձնարարականի ընդունումը կոնկրետ հետազոտական ծրագրի համար, (ii) դեռևս անորոշ ապագա ծրագրի համար, կամ (iii) որպես կլինիկական կամ փորձագիտական նպատակների համար սկզբնապես հեռացված մնացորդային նյութ: Այս հանձնարարականը, inter alia, նպատակ ունի խթանել անդամ պետությունների կողմից գործնական ուղենիշների մշակումը, ինչպես նաև նշավազգույնի հասցնել այն վտանգները, որոնք վերաբերում են շահագրգիռ անձանց՝ անձնական կյանքի համար իրականացվող հետազոտական գործողութուններին: Այն նաև կենսաբանական նյութերը ստանալու և հավաքելու կանոններ է սահմանում:
Թ. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 1934 (2013) բանաձև «Էթիկան գիտությունում և տեխնոլոգիաներում»
«2. ... [Վ]եհաժողովը գտնում է, որ ներպետական, վերտարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում էթիկայի իմաստով պետք է փորձել ավելի մեծ ուշադրություն դարձնել գիտության և տեխնոլոգիաների կողմից հետապնդվող նպատակներին, դրանց կողմից կիրառվող գործիքներին և մեթոդներին, հնարավոր հետևանքներին և կողմնակի բարդություններին, ինչպես նաև կանոնների և վարքագծի այն ընդհանուր համակարգին, որի սահմաններում դրանք գործում են:
3. Վեհաժողովը գտնում է, որ համաշխարհային մակարդակում էթիկայի հարցերով մշտական կառույց ունենալը հնարավորություն կընձեռի լուծել էթիկական հարցերը՝ դրան վերաբերվելով որպես «շարժվող թիրախ», այլ ոչ թե՝ ընդունել «էթիկայի կանոններ»՝ հնարավորություն տալով պարբերաբար հարցականի տակ դնել նույնիսկ հիմնական ենթադրությունները, ինչպիսիք են «մարդու ինքնության» կամ «մարդու արժանապատվության» սահմանումը:
4. Վեհաժողովը ողջունում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի (ՄԱԿ-ի Գիտության և Մշակույթի Կազմակերպություն) նախաձեռնությունը հիմնելու Գիտական գիտելիքների և տեխնոլոգիաների էթիկայի համաշխարհային հանձնաժողով (COMEST), որի նպատակն է մասնակցել էթիկական հարցերի վերաբերյալ ընթացող քննարկումներին և ուսումնասիրել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վրա հիմնված էթիկական մի շարք հիմնարար սկզբունքների մշակման և պարբերաբար վերանայման հնարավորությունները: Այն գտնում է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է նպաստի այս գործընթացին:
5. Այս առնչությամբ, Վեհաժողովն առաջարկում է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին քննարկել էթիկական հարցերի վերաբերյալ քննարկումներ ծավալելու ճկուն և ոչ պաշտոնական համակարգի հիմնման հարցը, որը հնարավոր է ապահովել Վեհաժողովի համապատասպան հանձնաժողովների և փորձագիտական հանձնաժողովների անդամների համագորակցության միջոցով, ներառյալ՝ Բիոէթիկայի հարցերով հանձնաժողովի (DH-BIO)՝ նպատակ ունենալով հայտնաբերել առաջացող այն էթիկական հարցերը և հիմնական էթիկական սկզբունքները, որոնք կարող են ներազդել Եվրոպայում քաղաքական և իրավական զարգացումների վրա:
6. Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում էթիկայի ընդհանուր եվրոպական շրջանակը ուժեղացնելու նպատակով Վեհաժողովը առաջարկում է այն անդամ պետություններին, որոնք դեռ դա չեն արել, ստորագրել և վավերացնել Մարդու իրավունքների և մարդկային էակի արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիան, կապված կենսաբանության և բժշկության ձեռքբերումների կիրառման հետ. Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիան (ETS թիվ 164, «Օվիեդոյի կոնվենցիա») և նրան կից Արձանագրությունները և լիովին ներգրավվել Բիոէթիկայի հարցերով հանձնաժողովի աշխատանքներին:
...
10. Վեհաժողովը հրավիրում է Եվրոպական միությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին համագործակցել Եվրոպայի խորհրդի հետ՝ ամրապնդելու գիտության և տեխնոլոգիաների ոլորտում էթիկայի ընդհանուր եվրոպական շրջանակը և այդ նպատակով.
10.1 ստեղծել եվրոպական և տարածաշրջանային հարթակներ՝ պարբերաբար փոխանակելու համար փորձն ու լավագույն պրակտիկան, որն ընդգրկում է գիտության և տեխնոլոգիաների բոլոր ոլորտները, այդ նպատակով օգտագործելով Եվրոպայի խորհրդի կողմից նախաձեռնած Էթիկայի հարցերով ազգային հանձնաժողովների եվրոպական համաժողովի (COMETH), վերջերս Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էթիկայի հարցերով ազգային խորհուրդների ֆորումի (NEC Forum) և Եվրոպայի խորհրդի Բիոէթիկայի հարցերով հանձնաժողովի հանդիպումների շրջանակներում ձեռք բերված փորձը,
10.2 մշակել և պարբերաբար վերանայել մի շարք էթիկական հիմնարար սկզբունքներ, որոնք կիրառվում են գիտության և տեխնոլոգիաների բոլոր ոլորտներում,
10.3 լրացուցիչ խորհրդատվություն տրամադրել՝ օժանդակելով դրանով անդամ պետություններին ներդաշնակեցնելու իրենց էթիկական կանոնները և վերահսկման ընթացակարգերը, հիմնվելով Հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման մասին Եվրոպական հանձնաժողովի յոթերորդ շրջանակային ծրագրի (2007-2013թթ.) (FP7) համաձայն էթիկական պահանջների ադյունքում գրանցված դրական ազդեցության վրա»:
IV. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԸ
Ա. Եվրոպական հանձնաժողովի Գիտական էթիկայի և նոր տեխնոլոգիաների հարցերով եվրոպական խումբ (EGE)
56. Հիմնված լինելով Եվրոպական հանձնաժողովի կողմից 1991 թվականին, EGE-ն փորձագետներից կազմված անկախ մի մարմին է, որի գործառույթների մեջ է մտնում Եվրոպական հանձնաժողովին գիտության և նոր տեխնոլոգիաների ոլորտում էթիկական հարցերի շուրջ խորհրդատվություն տրամադրելը: Հետազոտական նպատակներով սաղմերի՝ in vitro օգտագործման վերաբերյալ EGE-ն երկու եզրակացություն է հրապարակել:
1. Թիվ 12 եզրակացություն. 5-րդ շրջանակային ծրագրի համատեքստում Մարդկային սաղմերի օգտագործման վերաբերյալ հետազոտության էթիկական ասպեկտները, 1998թ. նոյեմբերի 14
57. Այս եզրակացությունը հրապարակվել է Եվրոպական հանձնաժողովի պահանջով, որին նախորդել էր Եվրոպական խորհրդարանի առաջարկությունը՝ 5-րդ շրջանակային ծրագրի համատեքստում համայնքային ֆինանսավորումից դուրս թողնել հետազոտական այն ծրագրերը, որոնք հանգեցնում են մարդկային սաղմերի ոչնչացմանը: Այս եզրակացության համապատասխան հատվածները շարադրված են հետևյալ կերպ.
«... 2.6 ... [Ե]վրոպական հետազոտական ծրագրերի շրջանակում պետք է անդրադառնալ մարդկային սաղմի վրա անցկացվող հետազոտությունների հարցին ոչ միայն բոլոր անդամ պետությունների համար ընդհանուր հիմնարար էթիկական սկզբունքների հարգման իմաստով, այլ հավասար չափով նաև հաշվի առնել տարաբնույթ փիլիսոփայական և էթիկական հասկացությունները, որոնք արտացոլվել են պրակտիկայի և այս ոլորտում գործող ներպետական կանոնակարգերի միջոցով: ...
2.8 Վերը նշված սկզբունքների և բնութագրերի համաձայն՝ Խումբը գտնում է, որ ըստ Համայնքային հինգերորդ շրջանակային ծրագրի էթիկական կողմի՝ Համայնքի ֆինանսավորումը չպետք է ապրիորի բացառի մարդկային սաղմի վրա անցկացված հետազոտությունները, ինչը տարբեր պետություններում տարբեր էթիկական ընտրության առարկա է ...»
2. Թիվ 15 եզրակացություն. Մարդու ցողունային բջիջների վրա իրականացվող հետազոտությունների և դրանց օգտագործման էթիկական ասպեկտները, 2000թ. նոյեմբերի 14
58. Այս եզրակացության համապատասխան հատվածները շարադրված են հետևյալ կերպ.
«2.3. Բազմակարծությունն ու եվրոպական էթիկան
... Եվրոպական բազմակարծության համատեքստում յուրաքանչյուր անդամ պետություն ինքնուրույն որոշում է արգելել կամ թույլատրել սաղմերի վրա իրականացվող հետազոտությունները: Վերջինի դեպքում, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը պահանջում է կանոնակարգել սաղմերի վրա իրականացվող հետազոտությունները և երաշխիքներ տրամադրել մարդկային սաղմերի վրա կամայական փորձերի և օգտագործման վտանգների չեզոքացման հաշվով:
2.5. Ընտրված հետազոտության ոլորտի թույլատրելիության էթիկական կողմը
Խումբը նշում է, որ որոշ պետություններում սաղմերի վրա իրականացվող հետազոտությունները արգելված են: Սակայն, այդ հետազոտությունների թույլատրման պարագայում, որոնք հետանդում են անպտղության բուժումը բարելավելու նպատակ, դժվար է առանձնացնել կոնկրետ մի փաստարկ, որը կարող է արգելել նման հետազոտությունների շրջանակի ընդլայնումը՝ ծանր հիվանդությունների կամ վնասվածքների բուժման նոր մեթոդները զարգացնելու նպատակով: Ինչպես և անպտղության հետազոտությունների դեպքում, ցողունային բջիջների վրա իրականացվող հետազոտությունների նպատակն է թեթևացնել մարդկային տառապանքները: Բոլոր դեպքերում, պահանջվում է ոչնչացնել հետազոտությունների համար օգտագործվող սաղմերը: Համապատասխանաբար, որևէ փաստարկ չկա հիմնավորելու համար, որ այս տեսակի հետազոտությունները պետք է դուրս թողնվեն Եվրոպական միության հետազոտությունների վերաբերյալ շրջանակային ծրագրի ֆինանսավորումից, եթե դրանք համապատասխանում են սույն ծրագրով սահմանված էթիկական և իրավական պահանջներին»:
Բ. Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2007թ. նոյեմբերի 13-ի թիվ 1394/2007 կանոնակարգը Առաջադեմ թերապիայի բժշկական միջոցների և 2001/83/EC հրահանգում և Եվրոպական հանձնաժողովի թիվ 726/2004 կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին
«(7) Համայնքի մակարդակում առաջադեմ թերապիայի բժշկական միջոցների վերաբերյալ կանոնակարգը չպետք է միջամտի անդամ պետությունների կողմից կայացված որոշումներին այն մասին, թե արդյոք անհրաժեշտ է թույլատրել որևէ կոնկրետ տեսակի մարդկային բջիջների օգտագործումը, ինչպիսին են, օրինակ՝ սաղմնային ցողունային բջիջները կամ կենդանիների բջիջները: Այն չպետք է նաև ազդեցություն ունենա ներպետական այն օրենսդրության կիրառման վրա, որը արգելում կամ սահմանափակում է բժշկական միջոցների վաճառքը, մատարակարումը կամ օգտագործումը, որոնք պարունակում, բաղկացած են կամ ստացված են այդ բջիջներից»:
Գ. Եվրոպական միության Արդարադատության դատարանի 2011թ. հոկտեմբերի 18-ի վճիռը (C-34/10 Oliver Brüstle-ն ընդդեմ Greenpeace eV-ի)
59. Այս վճռում, որը կայացվել է Գերմանիայի դաշնային Արդարադատության դատարանի (Bundesgerichtshof) կողմից գործը նախնական որոշման համար հանձնելուց հետո, Եվրոպական միության Արդարադատության դատարանը վճիռ է կայացրել այն հարցի վերաբերյալ, թե ինչպես պետք է մեկնաբանել Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 1998թ. հուլիսի 6-ի 98/44/EC հրահանգը` «Կենսատեխնոլոգիական գյուտերի իրավական պաշտպանության մասին»:
60. Վեճի առարկա էր հանդիսանում հրահանգի այն մասը, որը, թեև կանոնավորում էր այն սկզբունքը, որ մարդկային սաղմերի օգտագործումը չէր կարող արտոնագրվել արդյունաբերական կամ առևտրային նպատակների համար, մատնանշում էր, որ օբյեկտին արտոնագրաունակությունից նման կերպով զրկելը ազդեցություն չի ունենա «բժշկական կամ ախտորոշիչ նպատակների համար կատարվող այն գյուտերի վրա, որոնք կիրառվում են մարդակային սաղմերի վրա և օգտակար են դրանց համար»:
61. Արդարադատության դատարանը նշել է, որ խնդրո առարկա հրահանգի նպատակը չէր կանոնակարգել մարդկային սաղմերի օգտագործումը գիտական հետազոտությունների համատեքստում: Այն սահմանափակված էր սոսկ կենսատեխնոլոգիական գյուտերի արտոնագրաունակության հարցով: Այնուհետ, Դատարանը գտել է, որ մարդկային սաղմերի օգտագործման հետ կապված գյուտերը շարունակում են զրկվել արտոնագրաունակությունից նույնիսկ, երբ ենթադրվում է, որ դրանք պետք է ծառայեն գիտական հետազոտությունների համար (այդ նպատակները, արտոնագրերի իմաստով, անբաժանելի են արդյունաբերական և առևտրային այլ նպատակներից): Արդարադատության դատարանը միաժամանակ նշել է, որ այդ բացառումը չի ազդել բժշկական կամ ախտորոշիչ նպատակների համար կատարվող այն գյուտերի վրա, որոնք կիրառվել են մարդակային սաղմերի վրա և օգտակար են եղել դրանց համար:
Դ. Հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացմանը հատկացվող Եվրոպական միության ֆինանսավորումը
62. 1984 թվականից Եվրոպական միությունը ֆինանսավորում է գիտական հետազոտությունները մի քանի տարի տևողություն ունեցող ծրագրերի միջոցով:
63. Հետազոտությունների, տեխնոլոգիական զարգացման և ցուցադրական գործողությունների (2007-2013թթ.) մասին Եվրոպական միության Յոթերորդ շրջանակային ծրագրին վերաբերող թիվ 1982/2006/EC որոշման համապատասխան հատվածները շարադրված են հետևյալ կերպ.
Հոդված 6. Էթիկական սկզբունքները
«1. Յոթերորդ շրջանակային ծրագրի շրջանակում իրականացվող հետազոտական բոլոր գործողությունները պետք է կատարվեն հիմնարար էթիկական սկզբունքներին համապատասխան:
2. Հետազոտությունների հետևյալ ոլորտները չեն կարող ֆինանսավորվել շրջանակային սույն ծրագրով.
– վերարտադրողական նպատակների համար մարդու կլոնավորման հետ կապված հետազոտական գործուներությունը,
– հետազոտական գործունեությունը, որը նպատակ ունի փոփոխել այն մարդկային էակների գենետիկ ժառագնությունը, ովքեր կարող են նման փոփոխությունները դարձնել ժառանգելի,
– հետազոտական գործունեությունը, որը միտված է մարդկային սաղմեր ստեղծել միայն հետազոտական կամ ցողունային բջիջների ձեռք բերման նպատակների համար, այդ թվում՝ սոմատիկ բջջի միջուկային փոխանցման միջոցով:
3. Մարդու ցողունային բջիջների՝ չափահաս և սաղմնային, վերաբերյալ հետազոտությունները կարող են ֆինանսավորվել՝ հիմնվելով ինչպես գիտական առաջարկի բովանդակության, այնպես էլ մասնակից անդամ պետության (պետությունների) իրավական շրջանակի վրա: ...»
64. Եվրոպական խորհրադրանի և Խորհրդի 2013թ. դեկտեմբերի 11-ի թիվ 1291/2013 կանոնակարգով հաստատված Հորիզոն 2020թ.՝ Հետազոտությունների և նորարարության համար շրջանակային ծրագրի (2014-2020թ.) համապատասխան հատվածները շարադրված են հետյալ կերպ.
Հոդված 19. Էթիկական սկզբունքները
«1. Հորիզոն 2020թ. ծրագրի շրջանակում իրականացվող հետազոտական և նորարարական բոլոր գործողությունները պետք է կատարվեն էթիկական սկզբունքների և համապատասխան ազգային, Միության և միջազգային օրենսդրության, ներառյալ՝ Հիմնարար իրավունքների մասին Եվրոպական միության խարտիայի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և նրան կից Արձանագրությունների համապատասխան ...
...
3. Հետազոտությունների հետևյալ ոլորտները չեն կարող ֆինանսավորվել.
(ա) վերարտադրողական նպատակների համար մարդու կլոնավորման հետ կապված հետազոտական գործունեությունը,
(բ) հետազոտական գործունեությունը, որը նպատակ ունի փոփոխել այն մարդկային էակների գենետիկ ժառագնությունը, ովքեր կարող են նման փոփոխությունները դարձնել ժառանգելի,
(գ) հետազոտական գործունեությունը, որը միտված է մարդկային սաղմեր ստեղծել միայն հետազոտական կամ ցողունային բջիջների ձեռք բերման նպատակների համար, այդ թվում՝ սոմատիկ բջջի միջուկային փոխանցման միջոցով:
4. Մարդու ցողունային բջիջների՝ չափահաս և սաղմնային, վերաբերյալ հետազոտությունները կարող են ֆինանսավորվել՝ հիմնվելով ինչպես գիտական առաջարկի բովանդակության, այնպես էլ մասնակից անդամ պետությունների իրավական շրջանակի վրա: Ֆինանսավորվում չի տրամադրվում այն հետազոտական գործունեությանը, որը արգելված է բոլոր անդամ պետություններում: Գործունեությունը չի կարող ֆինանսավորվել անդամ այն պետությունում, որտեղ այն արգելված է:
...»
Ե. Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրությունը «Մեզանից մեկը» եվրոպական քաղաքացիական նախաձեռնության մասին COM(2014) 355 վերջնական (Բրյուսել, 2014թ. մայիսի 28)
65. 2014թ. ապրիլի 10-ին «Մեզանից մեկը» քաղաքացիական նախաձեռնությունը օրենսդրական փոփոխություններով է հանդես եկել, որով առաջարկել է մարդկային սաղմերի ոչնչացման հետ կապված գիտական ծրագրերը դուրս թողնել եվրոպական ֆինանսավորումից:
66. 2014թ. մայիսի 28-ի հաղորդագրությունում Եվրոպական հանձնաժողովը նշել է, որ չի կարող բավարարել նման պահանջը այն հիմքով, որ խնդրո առարկա ծրագրերը ֆինանսավորելու առաջարկում հաշվի է առնվել էթիկական նկատառումները, հնարավոր առողջապահական նպաստները և Եվրոպական միության մակարդակում ցողունային բջիջների հետազոտություններին հատկացվող աջակցությունը:
V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՅՈՒԹԵՐԸ
Ա. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիոէթիկայի միջազգային հանձնաժողովի (IBC) զեկույցը Մարդու սաղմնային ցողունային բջիջների վրա անցկացվող հետազոտությունների էթիկական ասպեկտների վերաբերյալ (2001թ. ապրիլի 6)
67. Այս զեկույցի եզրակացությունների համապատասխան հատվածները շարադրված են հետյալ կերպ.
«Ա. IBC-ն ընդունում է, որ մարդու սաղմնային ցողունային բջիջների վրա իրականացվող հետազոտությունները այնպիսի մի առարկա է, որի շուրջ քննարկումները նախընտրելի է անցկացնել ներպետական մակարդակում՝ պարզելու համար, թե այս հարցի շուրջ ինչ որոշում է պետք կայացնել, այդ թվում՝ նման հետազոտություներից զերծ մնալու մասին որոշումը: IBC-ն կոչ է անում, որ քննարկումները անցկացվեն համապատասխան ներպետական ընթացակարգերի սահմաններում, ինչը հնարավորություն կտա տարբեր կարծիքներ արտահայտել և, հնարավորության դեպքում, թույլ կտա հասնել փոխհամաձայնության՝ կարևոր նոր բժշկական այս հետազոտությունների ոլորտում թույլատրելի սահմանների հարցի վերաբերյալ:
Անհրաժեշտ է, որպեսզի կրթական և տեղեկատվական գործընթացը այս ոլորտում շարունակական բնույթ ունենա: Պետությունները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն՝ հասարակության շրջանում շարունակական երկխոսություն սկսելով նման հետազոտությունների իրականացման պատճառով առաջացած էթիկական հարցերի վերաբերյալ՝ ներգրավվելով դրան բոլոր շահագրգիռ դերակատարներին:
Բ. Անկախ այն հետազոտության ձևից, որը թույլատրվում է անցկացնել սաղմերի վերաբերյալ, միջոցներ են անհրաժեշտ ձեռնարկել ապահովելու, որ նման հետազոտությունը իրականացվի պետական հովանավորությամբ կարգավորվող մի համակարգի շրջանակում, որը պատշաճ ուշադրություն կդարձնի էթիկական նկատառումներին և համապատասխան ուցեցույցներ կմշակի: Անդրադառնալով IVF բուժման միջոցով ստացված մինչպատվաստային ավելորդ սաղմերի՝ սաղմնային ցողունային բջիջների վերաբերյալ բժշկական հետազոտությունների համար նվիրաբերության թույլատրման հարցին, հատուկ ուշադրություն է անհրաժեշտ դարձնել սաղմերի դոնոր հանդիսացող երկու ծնողների արժանապատվությանն ու իրավունքներին: Հետևաբար, չափազանց կարևոր է, որ նվիրաբերությունը կատարվի միայն այն բանից հետո, երբ դոնորներին տրամադրվում է ամբողջական տեղեկատվության այն մասին, թե ինչ հետևանքներ է ունենալու հետազոտությունը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան տալ իրենց նախնական, ազատ և իրազեկված համաձայնությունը: Թե ինչ նպատակների համար է իրականացվում այդ հետազոտությունը և ինչ եղանակով են այն կատարվում՝ դրանք այնպիսի հարցեր են, որոնք պետք է ենթակա լինեն համապատասխան էթիկական հանձնաժողովների, որոնք պետք է անկախ լինեն ներգրավված հետազոտողներից, գնահատմանը: Այն ընդգրկում է նման հետազոտության ex post facto էթիկական գնահատում: ...»
Բ. Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի Murillo-ն և այլոք ընդդեմ Կոստա Ռիկայի վճիռը (2012թ. նոյմեբերի 28)
68. Այս գործով Միջամերիկյան դատարանը վճիռ է կայացրել in vitro բեղմնավորումը Կոստա Ռիկայում իրականացնելու արգելքի վերաբերյալ: Դատարանը, inter alia, գտել է, որ սաղմը՝ Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայի 4.1-րդ հոդվածի (կյանքի իրավունքի պաշտպանությունը) իմաստով չի կարող համարվել «մարդ», և որ «հղիացումը» տեղի է ունենում միայն այն բանից հետո, երբ սաղմը ներպատվաստվում է արգանդի ներսում:
VI. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՅՈՒԹԵՐԸ
69. Գիտական հետազոտությունների իրականացման համար մարդկային սաղմերի օգտագործման մասին Դատարանի տրամադրության տակ առկա քառասուն անդամ պետությունների[1] օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության համաձայն՝ երեք պետություններ (Բելգիա, Շվեդիա և Միացյալ Թագավորություն) թույլատրում են մարդկային սաղմերի վրա գիտական հետազոտություններ իրականացնել և այդ նպատակների համար՝ սաղմեր ստեղծել:
70. Գիտական հետազոտությունների նպատակով սաղմերի ստեղծումն արգելված է տասնչորս պետություններում:[2] Սակայն, հավելյալ սաղմերը օգտագործող հետազոտությունները՝ որոշակի պահանջների պայմանով, ընդհանուր առմամբ թույլատրվում են այդ պետություններում:
71. Ինչպես Իտալիան, երեք անդամ պետություններ (Սլովակիա, Գերմանիա և Ավստրիա) սկզբունքորեն արգելում են գիտական հետազոտությունների անցկացումը սաղմերի վրա և թույլատրում են այն չափազանց սահմանափակ դեպքերում, ինչպես օրինակ՝ սաղմի վիճակը պահպանելու համար կամ երբ հետազոտությունը իրականացվում է արտերկրից ներմուծված բջիջների գծերի վրա:
72. Սլովակիայում արգելվում է սաղմերի վրա ցանկացած տեսակի հետազոտություն իրականացնել, բացառությամբ՝ այն դեպքերի, երբ հետազոտությունն անց է կացվում զուտ բժշկական նպատակների համար՝ այն անձանց առողջությունը բարելավելու համար, ովքեր անմիջականորեն մասնակցում են խնդրո առարկա հետազոտությանը:
73. Գերմանիայում սաղմնային բջիջների ներմուծումը և դրանց հետազոտական նպատակներով օգտագործումը սկզբունքորեն արգելված է օրենքով և թույլատրվում է միայն բացառիկ և խիստ որոշակի պայմանների պարագայում:
74. Ավստրիայում օրենքը սահմանում է, որ «կենսունակ բջիջները» չեն կարող օգտագործվել այլ նպատակների, քան in vitro բեղմնավորման համար: Այնուամենայնիվ, «կենսունակ բջիջների» հասկացությունն օրենքով չի սահմանված: Դատական պրակտիկայի և իրավական մեկնաբանության համաձայն՝ օրենքով սահմանված այդ արգելքը վերաբերում է միայն «տոտիպոտենտ» սաղմնային բջիջներին:[3]
75. Չորս անդամ պետություններում (Անդորրա, Լատվիա, Խորվաթիա և Մալթա) օրենքն ուղղակիորեն արգելում է որևէ հետազոտություն անցկացնել սաղմնային ցողունային բջիջների վրա:
76. Տասնչորս պետությունում այս հարցը կարգավորված չէ: Դրանք են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա-Հերցեգովինան, Վրաստանը, Իռլանդիան, Լիխտենշտեյնը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մոլդովան, Մոնակոն, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Թուրքիան և Ուկրաինան: Այդ պետություններից մի քանիսը պրակտիկայում բավականին խիստ մոտեցում են ստանձնել (օրինակ՝ Թուրքիան և Ուկրաինան), մինչդեռ մյուս պետություները ոչ այդքան սահմանափակող պրակտիկա ունեն (օրինակ՝ Ռուսաստանը):
ԻՐԱՎՈՒՆՔԸ
77. Դատարանը առաջին հերթին նշում է, որ Կառավարությունը մի շարք առարկություններ է ներկայացրել սույն գանգատի ընդունելիության վերաբերյալ: Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրեն համար հասանելի ներպետական օրենսդրության իրավական պաշտպանության միջոցները, որ դիմումատուն գանգատը չի ներկայացրել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վեց ամսվա ընթացքում և որ նա չունի տուժողի կարգավիճակ: Դատարանը քննության կառնի այս առարկությունները՝ մինչև սույն գանգատի մյուս հարցերին անդրադառնալը:
I. ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉՍՊԱՌՈՒՄԸ
Ա. Կառավարության փաստարկները
78. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն կարող էր գիտական հետազոտությունների համար իր սաղմերը նվիրաբերելու արգելքի վերաբերյալ բողոք ներկայացներ ընդհանուր իրավասության դատարան՝ այն հիմքերով, որ այդ արգելքը հակասում է Իտալիայի Սահմանադրությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Որպես այդ պնդման հիմնավորում, Կառավարությունը վկայակոչել է մի շարք ներպետական որոշումներ, որտեղ ներպետական դատարանները մեկնաբանել են թիվ 40/2004 Օրենքը` Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իմաստով, մասնավորապես՝ մինչպատվաստային ախտորոշում անցնելու իրավունքի վերաբերյալ (Կալյարիի դատարանի 2007թ. սեպտեմբերի 22-ի և 2012թ. նոյեմբերի 9-ի որոշումները, ինչպես նաև Ֆլորենցիայի, Բոլոնիայի և Սալերնոյի դատարանների կողմից 2007թ. դեկտեմբերի 17-ին, 2009թ. հունիսի 29-ին և 2010թ. հունվարի 9-ին համապատասխանաբար կայացված որոշումները, տե՛ս վերևում՝ 40-49-րդ պարբերությունները):
79. Կառավարության համաձայն՝ խնդրո առարկա դատարանը, հետևաբար, պետք է մեկնաբաներ սաղմերի նվիրաբերությունը արգելող Օրենքը Կոնվենցիայի իմաստով, ինչպես որ պահանջվում է Սահմանադրական դատարանի 2007թ. հոկտեմբերի 24-ի թիվ թիվ 348 և 349 վճիռներով:
80. Եթե դատարանը գտնում էր, որ անհաղթահարելի հակասություն գոյություն ունի Օրենքի իր մեկնաբանության և հայցվորի կողմից վկայակոչված իրավունքների միջը, ապա դատարանը Սահմանադրական դատարանի առաջ պետք է սահմանադրականության հարց բարձրացներ: Սահմանադրական դատարանը այնուհետ ըստ էության կքններ մարդու իրավունքների հետ այդ հարցի համապատասխանությունը և հնարավորություն կունենար՝ հետադարձ ուժ և erga omnes տալով անվավեր ճանաչել ներպետական իրավադրույթները:
81. Բացի այդ, Սահմանադրական դատարանը արդեն իսկ քննել է թիվ 40/2004 Օրենքի սահմանադրականության վերաբերյալ մի շարք գործեր: Այդ առնչությամբ, կայացվել են մի շարք որոշումներ, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի թիվ թիվ 369, 97 և 150 որոշումները (համապատասխանաբար կայացվել են 2006թ. հոկտեմբերի 24-ին, 2010թ. մարտի 8-ին և 2012թ, մայիսի 22-ին), 2009թ, ապրիլի 1-ին կայացված թիվ 151 վճիռը, Ֆլորենցիայի և Հռոմի դատարանների 2012թ. դեկտեմբերի 7-ին և 2014թ. հունվարի 15-ին համապատասխանաբար կայացված որոշումները (տե՛ս վերևում՝ 27-33-րդ և 50-53-րդ պարբերությունները):
82. Կառավարության համաձայն՝ դիմումատուն նաև խախտել է 2013թ. հունիսի 24-ի թիվ 15 Արձանագրությամբ սահմանված սուբսիդիարության սկզբունքը, քանի որ վերջինս՝ նախքան Դատարանին իր բողոքները ներկայացնելը, չի օգտվել իրավական պաշտպանության ներպետական միջոցներից:
83. Վերջապես, Ֆլորենցիայի դատարանը Սահմանադրական դատարանի առջև բարձրացրել է սահմանադրականության հարց այնպիսի մի գործով, որը նույնական է սույն գործին (տե՛ս վերևում՝ 52-53-րդ պարբերությունները): Նույնիսկ եթե Սահմանադրական դատարանի որոշումը հայցվորի օգտին չլիներ, ապա վերջինս դեռ հնարավորություն կունենար գանգատ ներկայացնել Դատարան:
Բ. Դիմումատուի փաստարկները
84. Դիմումատուն պնդել է, որ ընդհանուր իրավասության դատարաններում քննվող ցանկացած հայց դատապարտված կլիներ անհաջողության, քանի որ ներպետական դատարանները համընդհանուր արգելք էին սահմանել գիտական հետազոտությունների համար սաղմեր նվիրաբերելու նկատմամբ:
85. Նա նաև պնդել է, որ իրավական պաշտպանության այս սահմանադրական միջոցը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի նպատակների իմաստով չէր կարող համարվել որպես իրավական պաշտպանության միջոց, քանի որ Իտալիայում գործող իրավական համակարգը չի նախատեսում Սահմանադրական դատարան անհատական դիմումներ ներկայացնելու ընթացակարգ:
86. Վերջապես, դիմումատուն նշել է, որ 2014թ. մարտի 19-ին Սահմանադրական դատարանի նախագահը հետաձգել է Ֆլորենցիայի դատարանի կողմից բարձրացված այն հարցի քննությունը, որի մասին Կառավարությունը նշել է, որ ընթացքի մեջ է մինչև Մեծ Պալատի կողմից սույն գործով որոշում կայացնելը:
Գ. Դատարանը գնահատականը
87. Դատարանը առաջին հերթին կրկնում է, որ 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Դատարանը կարող է գործը քննության ընդունել միայն այն բանից հետո, երբ սպառվել են իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները: Դիմումատուները պետք է հնարավորություն տան ներպետական դատարաններին, այսինքն՝ պայմանավորվող պետություններին կանխելու կամ ուղղելու վերջիններիս նկատմամբ կատարված ենթադրյալ խախտումները: Այդ կանոնի հիմքում ընկած է այն տեսակետը, որ ենթադրյալ խախտման առնչությամբ ներպետական համակարգում գոյություն ունի իրավական պաշտպանության արդյունավետ միջոց: Իրավական պաշտպանության միակ միջոցները, որոնք 35-րդ հոդվածի 1-ին կետով պահանջվում է սպառել, դա այն միջոցներն են, որոնք առնչվում են ենթադրյալ խախտմանը, առկա են և բավարար: Իրավական պաշտպանության նման միջոցների գոյությունը պետք է բավարար չափով որոշակի լինի ոչ միայն տեսության մեջ, այլև՝ նաև պրակտիկայում, որի բացակայության պարագայում դրանք չեն բավարարի անհրաժեշտ մատչելիության և արդյունավետության պայմանին: Պատասխանող պետության պարտականության մեջ է ընկնում հիմնավորել, որ այդ պայմանները բավարարված են (տե՛ս, մասնավորապես, McFarlane-ն ընդդեմ Իռլանդիայի [ՄՊ], թիվ 31333/06, § 107, 10 սեպտեմբերի 2010թ., Mifsud-ն ընդդեմ Ֆրանսիայի (որոշ.) [ՄՊ], թիվ 57220/00, § 15, ՄԻԵԴ 2002‑VIII, Leandro Da Silva-ն ընդդեմ Լյուքսեմբուրգի, թիվ 30273/07, §§ 40 և 42, 11 փետրվարի 2010թ., և Vučković-ը և այլոք ընդդեմ Սերբիայի [ՄՊ], թիվ 17153/11, §§ 69-77, 25 մարտի 2014թ.):
88. Սույն գործով, հիմնվելով Սահմանադրական դատարանի 2007թ. հոկտեմբերի 24-ի թիվ թիվ 348 և 349 վճիռներով սահմանված սահմանադրական վերանայման համակարգի վրա, Կառավարությունը պնդել է, որ ներպետական օրենսդրությամբ դիմումատուի համար հասանելի իրավական պաշտպանության միջոցները, չեն սպառվել: Կառավարությունը, որպես օրինակ, մեջ է բերել մի շարք ըստ էության կայացված որոշումներ և թիվ 40/2004 Օրենքին առնչվող Սահմանադրական դատարանի որոշումներ:
89. Դատարանը առաջին հերթին գտնում է, որ վերևում նշված թիվ թիվ 348 և 349 վճիռներով Սահմանադրական դատարանը սահմանել է այն տեղը, որը հատկացվում է Մարդու իրավունքների կոնվենցիային Իտալիայի իրավական համակարգում՝ համարելով, որ այն միջանկյալ դիրք է զբաղեցնում ընդհանուր իրավունքի և Սահմանադրության միջև: Դատարանը նաև գտել է, որ ընդհանուր իրավասության դատարանների դատավորների պարտականության մեջ էր մտնում ներպետական օրենսդրությունը մեկնաբանել այնպես, որպեսզի այն համահունչ լինի Մարդու իրավունքների կոնվենցիային և Դատարանի նախադեպային իրավունքին: Դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ նման մեկնաբանությունը անհնարին էր կամ ընդհանուր իրավասության դատարանի մոտ կասկածներ կային ներպետական օրենսդրության՝ Կոնվենցիայի հետ համապատասխանության հարցի վերաբերյալ, ներպետական դատարանները պարտավոր էին սահմանադրականության հարց բարձրացնել:
90. Դատարանը նաև վերահաստատում է, որ հատուկ նախատեսված իրավական պաշտպանության միջոցի բացակայության դեպքում, իրավական պաշտպանության միջոցի մշակումը և առկայությունը, ինչպես նաև դրա շրջանակը և կիրառումը, պետք է հիմնավորվի Կառավարության կողմից՝ հղում կատարելով ներպետական դատարանների նախադեպային իրավունքին (տե՛ս, mutatis mutandis, Melnītis-ն ընդդեմ Լատվիայի, թիվ 30779/05, § 50, 28 փետրվարի 2012թ., McFarlane-ի գործը, մեջբերված է վերևում, §§ 115-27, Costa-ն և Pavan-ն ընդդեմ Իտալիայի, թիվ 54270/10, § 37, 28 օգոստոսի 2012թ., և Vallianatos-ը և այլոք ընդդեմ Հունաստանի [ՄՊ], թիվ թիվ 29381/09 և 32684/09, §§ 52-58, ՄԻԵԴ 2013 (հատվածներ)):
91. Սույն գործով, Դատարանը նշում է, որ Կառավարությունը վկայակոչել է թիվ 40/2004 Օրենքին առնչվող մի շարք գործեր, սակայն չի ներկայացրել ներպետական որոշումների որևէ մի օրինակ, որով հավելյալ սաղմերի նվիրաբերության հարցը լուծված կլիներ: Բացի այդ, Դատարանը չի կարող լիովին քննադատել դիմումատուին նրա համար, որ վերջինս չի վիճարկել օրենքով արգելված միջոցը:
92. Ինչ վերաբերում է Կառավարության պնդմանն առ այն, որ թիվ թիվ 348 և 349 վճիռների կայացումից սկսած ընդհանուր իրավասության դատարանները պարտավորված են արգելքը սահմանող Օրենքը մեկնաբանել Կոնվենցիայի և Ստրասբուրգի դատարանի նախադեպային իրավունքի համաձայն, մինչդեռ դատարանները նախկինում սահմանափակված չէին նման պարտականությամբ, ապա մի շարք նկատառումներ Դատարանին թույլ են տալիս եզրակացնելու, որ այս պնդմանը, ըստ էության, կայուն դատական պրակտիկա, ի թիվս այլոց՝ բժշկության արհեստական բեղմնավորման ոլորտում չի հաջորդել:
93. Դատարանը, նախևառաջ, նշում է, որ սույն գործի հետ նույնանման մեկ այլ գործով, որը վերաբերում էր գիտական հետազոտությունների համար հավելյալ սաղմերը նվիրաբերելու արգելքին, Ֆլորենցիայի դատարանը 2012թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ Սահմանադրական դատարանի առաջ բարձրացրել է թիվ 40/2004 Օրենքի 13-րդ հոդվածի՝ Սահմանադրության 9-րդ և 32-րդ հոդվածներին համապատասխանության հարցը, որոնք երաշխավորում են գիտական հետազոտության ազատությունը և համապատասխանաբար՝ առողջության իրավունքը (տե՛ս վերևում՝ 22-րդ պարբերությունը): Այնուհանդերձ, Դատարանը նշում է, որ ստորադաս դատարանը խնդրո առարկա արգելքի՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների հետ համատեղելիության հետ կապված որևէ հարց չի բարձրացրել:
94. Երկրորդ, Դատարանը նշում է, որ որոշ բացառություններով հանդերձ, Կառավարության կողմից վկայակոչված թիվ 40/2004 Օրենքի վերաբերյալ կայացված ստորադարս դատարանների և Սահմանադրական դատարանի որոշումներում (տե՛ս վերևում՝ 78-րդ և 81-րդ պարբերությունները) հղում չի կատարվել Մարդու իրավունքների կոնվենցիային: Դա վերաբերում է Սահմանադրական դատարանի թիվ թիվ 396/2006 և 97/2010 որոշումներին և թիվ 151/2009 վռին, Կալյարիի, Ֆլորենցիայի, Բոլոնիայի և Սալերնոյի դատարանների կողմից 2007թ. սեպտեմբերի 22-ին, 2007թ. դեկտեմբերի 17-ին, 2009թ. հունիսի 29-ին և 2010թ. հունվարի 9-ին համապատասխանաբար կայացված որոշումներին և Ֆլորենցիայի դատարանի 2012թ. դեկտեմբերի 7-ի որոշմանը:
95. Ինչպես հայտնի է, 2012թ. մայիսի 22-ի թիվ 150 որոշման մեջ, որով դատարանը հետերոլոգիական բեղմնավորման արգելքին վերաբերող գործը հետ է վերադարձրել ստորադաս դատարան, Սահմանադրական դատարանը, inter alia, մեջբերել է Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածները: Այնուամենայնիվ, Դատարանը չի կարող հաշվի չառնել, որ 2014թ. հունիսի 10-ին կայացված թիվ 160 վճռով Սահմանադրական դատարանը նույն գործով քննել է խնդրո առարկա արգելքը միայն Սահմանադրության հոդվածների լույսի ներքո (մասնավորապես՝ 2-րդ, 31-րդ և 32-րդ հոդվածների): Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածներին, որոնք վկայակոչվել են ստորադաս երեք դատարաններից միայն մեկի կողմից (տե՛ս վերևում՝ 35-րդ պարբերությունը), ապա Սահմանադրական դատարանը պարզապես նշել է, որ այդ դրույթների ներքո բարձրացված հարցերին անդրադարձել է սահմանադրականության վերաբերյալ կայացված իր եզրակացություններում (տե՛ս վերևում՝ 39-րդ պարբերությունը):
96. Ըստ այդմ, Կալյարիի դատարանի (2012թ. նոյեմբերի 9-ի) և Հռոմի դատարանի (2014թ. հունվարի 15-ի) որոշումները միայն երկու բացառություններն էին, քանի որ դրանք հաշվի էին առնում Կոնվենցիան և Դատարանի նախադեպային իրավունքը: Հաշվի առնելով Դատարանի եզրակացությունները Costa-ն և Pavan-ի գործով (մեջբերված է վերևում), Կալյարիի դատարանը բավարարել է հայցվորների՝ մինչպատվաստային ախտորոշում անցնելու պահանջը, իսկ Հռոմի դատարանը այդ առնչությամբ սահմանադրականության հարց է բարձրացրել Սահմանադրական դատարան: Փաստը մնում է փաստ, որ Կառավարության կողմից վկայակոչված տասնմեկ գործերի մեջ դրանք այն բացառիկ երկու գործերն են, որոնք վերաբերում են մեկ այլ առարկային, որը տարբերվում է սույն գործով քննության ենթակա հարցից և որի վերաբերյալ Դատարան, արդեն վճիռ է կայացրել:
97. Բացի այդ, հաշվի առնելով որ թիվ 40/2004 Օրենքի 13-րդ հոդվածի՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների հետ համապատասխանությունը նոր առարկա է հանդիսանում, ուստի Դատարանը համոզված չէ, որ դիմումատուի համար հասանելի այն հնարավորությունը, որի համաձայն վերջինս կարող է հայցեր ներկայացնել ընդհանուր իրավասության դատարան, հանդիսանում է իրավական պաշտպանության արդյունավետ միջոց:
98. Թիվ թիվ 348 և 349 վճիռներն ինքնին հստակեցնում են այն տարբերությունը, որն ընկած է Ստրասբուրգի և Սահմանադրական դատարանների դերակատարության միջև՝ գտնելով, որ առաջինը Կոնվենցիան մեկնաբանելու առաքելություն ունի, իսկ մյուսը՝ որոշում է, թե արդյոք հակասություն գոյություն ունի ներպետական որոշակի դրույթի և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների միջև, inter alia՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից տրված մեկնաբանությունների լույսի ներքո (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը):
99. Բացի այդ, Սահմանադրական դատարանի նախագահի 2014թ. մարտի 19-ին կայացված որոշումը, որով վերջինս հետաձգել է Ֆլորենցիայի դատարանի 2012թ. դեկտեմբերի 7-ին բարձրացված հարցի քննությունը՝ մինչև Դատարանի կողմից սույն գործով (տե՛ս վերևում՝ 53-րդ պարբերությունը) որոշում կայացնելը, համահունչ է այս մոտեցման հետ:
100. Այս համատեքստում, Դատարանը գտնում է, որ իր վերջին վճռում (թիվ 49, հանձնվել է 2015թ. մարտի 26-ին), որով, inter alia, վերլուծվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Դատարանի նախադեպային իրավունքի տեղը ներպետական իրավական համակարգում, Սահմանադրական դատարանը նշել է, որ ընդհանուր իրավասության դատարանները սահմանափակված են հարգելու Դատարանի նախադեպային իրավունքը միայն այն դեպքերում, երբ այն «կայուն» է կամ ներկայացվում է «պիլոտային վճռի» տեսքով:
101. Ամեն դեպքում, Դատարանը բազմաթիվ առիթներով նշել է, որ Իտալիայի իրավական համակարգում հայցվորները իրավունք չունեն անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան: Միայն գործը ըստ էության քննող դատարաններն են, որ կարող են դիմել Սահմանադրական դատարան՝ կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ: Ըստ այդմ, նման հայցը չի կարող համարվել իրավական պաշտպանության միջոց, որը Կոնվենցիայի իմաստով պահանջվում է սպառել (տե՛ս, մասնավորապես, Brozicek-ն ընդդեմ Իտալլիայի, թիվ 10964/84, 19 դեկտեմբերի 1989թ., § 34, Շարք Ա թիվ 167, Immobiliare Saffi-ն ընդդեմ Իտալիայի [ՄՊ], թիվ 22774/93, § 42, ՄԻԵԴ 1999‑V, C.G.I.L.-ն և Cofferati-ն ընդդեմ Իտալիայի, թիվ 46967/07, § 48, 24 փետրվարի 2009թ., Scoppola-ն ընդդեմ Իտալիայի (թիվ 2) [ՄՊ], թիվ 10249/03, § 75, 17 սեպտեմբերի 2009թ., և M.C.-ն և այլոք ընդդեմ Իտալիայի, թիվ 5376/11, § 47, 3 սեպտեմբերի 2013թ.): Սակայն, Հանձնաժողովը և Դատարանը՝ այլ անդամ պետությունների վերաբերյալ գործերով գտել են, որ Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելը հանդիսանում է իրավական պաշտպանության ներպետական միջոց, որը պետք է օգտագործել (տե՛ս, օրինակ՝ W.-ն ընդդեմ Գերմանիայի, թիվ 10785/84, 18 հուլիսի 1986թ., Որոշումներ և Զեկույցներ (ՈԶ) 48, էջ 104, Union Alimentaria Sanders SA-ն ընդդեմ Իսպանիայի, թիվ 11681/85, 11 դեկտեմբերի 1987 ՈԶ 54, էջեր 101 և 104, S.B.-ն և այլոք ընդդեմ Բելգիայի (որոշ.), թիվ 63403/00, 6 ապրիլի 2004թ., և Grišankova-ն և Grišankovs-ն ընդդեմ Լատվիայի (որոշ.), թիվ 36117/02, ՄԻԵԴ 2003‑II (հատվածներ)):
102. Վերը նշվածի համաձայն՝ Դատարանը չի կարող հաշվի չառնել, որ Սահմանադրական դատարանի թիվ թիվ 348 և 349 վճիռներով սահմանված համակարգը, որով պահանջվում է ներպետական դրույթները մեկնաբանել Կոնվենցիայի լույսի ներքո, այն բեկումնային կետն է հանդիսանում, որը կարող է հերքել այդ եզրակացությունը (տե՛ս, հակառակ ենթադրությամբ, Դատարանի վերջին որոշումները, որով նշել է Թուրքիայի Սահմանադրական դատարան անհատական դիմումներ ներկայացնելու համակարգի ներդրումից հետո այդ ընթացակարգի արդյունավետության մասին. Hasan Uzun-ն ընդդեմ Թուրքիայի (որոշ.), թիվ 10755/13, §§ 25-27, 30 ապրիլի 2013թ. և Ali Koçintar-ն ընդդեմ Թուրքիայի (որոշ.), թիվ 77429/12, 1 հուլիսի 2014թ.):
103. Անհրաժեշտ է ողջունել 2007թ. հոկտեմբերի 24-ի թիվ թիվ 348 և 349 վճիռներով սահմանված սկզբունքները, մասնավորապես՝ Իտալիայի իրավական համակարգում Կոնվենցիային հատկացվող նշանակության մասին և ներպետական դատական իշխանությանը հասցեագրված քաջալերանքը՝ ներպետական չափորոշիչներն ու Սահմանադրությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո մեկնաբանելու մասին: Դատարանը նաև նշում է այն մասին, որ արհեստական բեղմնավորման վերաբերյալ որոշումներից բացի, գոյություն ունեն բազմաթիվ այլ որոշումներ, որոնցով Սահմանադրական դատարանը ճանաչել է ներպետական դրույթը Սահմանադրությանը հակասող, inter alia, Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և Դատարանի նախադեպային իրավունքի հետ դրա անհամատեղելիության հիմքով (տե՛ս, օրինակ՝ սնանկության հետևանքով իրավունակության կորստի վերաբերյալ 2008թ. մարտի 5-ի թիվ 39 վճիռը, ժամանակավոր միջոցի կատարման մասին հայցի դռնբաց քննվելու վերաբերյալ 2010թ. մարտի 17-ի թիվ 93 վճիռը և քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու վերաբերյալ 2013թ. հուլիսի 3-ի թիվ 210 վճիռը):
104. Սակայն, անհրաժեշտ է առաջին հերթին նշել, որ Իտալիայի իրավական համակարգը ֆիզիկական անձանց թույլ է տալիս միայն անուղղակի կարգով դիմել Սահմանադրական դատարան: Բացի այդ, Կառավարությունը չի ներկայացրել կայուն նախադեպային իրավունքից և պրակտիկայից բխող հիմնավորումներ առ այն, որ երբ հարցն առնչվում է հետազոտությունների համար սաղմերի նվիրաբերությանը, հայցվորի կողմից ընդհանուր իրավասության դատարաններ ներկայացվող հայցը, որը համակցված է նշված դատարանների՝ Կոնվենցիայի համաձայն Սահմանադրական դատարանի առաջ սահմանադրականության հարց բարձրացնելու պարտականության հետ, սույն գործով հանդիսանում է իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, որը դիմումատուն պետք է օգտագործեր:
105. Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև այն փաստը, որ Սահմանադրական դատարանը որոշել է կասեցնել նույնանման գործի քննությունը՝ մինչև Դատարանի կողմից սույն գործով որոշում կայացնելը, Դատարանը մերժում է Կառավարության պնդումը:
II. ՎԵՑԱՄՍՅԱ ԺԱՄԿԵՏԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Ա. Կառավարության փաստարկները
106. Լսումների ընթացքում Կառավարությունը պնդել է, որ գանգատը նախատեսված ժամկետից ուշ է ներկայացվել՝ նշելով այն մասին, որ գիտական հետազոտությունների համար սաղմերի նվիրաբերությունն արգելող Օրենքն ուժի մեջ է մտել 2004թ. մարտի 10-ին և որ դիմումատուն չէր փորձել ստանալ իր սաղմերը՝ նման նվիրաբերություն կատարելու նպատակների համար մինչև 2011թ. դեկտեմբերի 14-ը, քանի որ նույն այդ օրը նամակ էր հասցեագրել վերարտադրողական բժշկության կենտրոնին, որտեղ սաղմերը սառնապահպանման են ենթարկվում:
Բ. Դիմումատուի փաստարկները
107. Լսումների ընթացքում դիմումատուն առարկել է այդ փաստարկին՝ նշելով, որ 2011թ. դեկտեմբերի 14-ին նա իսկապես գրավոր դիմում է ներկայացրել վերարտադրողական բժշկության կենտրոնին՝ խնդելով տրամադրել իր սաղմերը, սակայն դրանից ավելի վաղ նույնանման բանավոր հարցումներ է արել:
108. Ամեն դեպքում, դիմումատուն պնդել է, որ վերարտադրողական բժշկության կենտրոնին հասցեագրված ցանկացած դիմում ենթակա էր մերժման, քանի որ կիրառելի Օրենքը կտրականապես արգելում էր սաղմերի նվիրաբերությունը՝ գիտական հետազոտությունների նպատակների համար:
Գ. Դատարանի գնահատականը
109. Դատարանը նախկինում արդեն նշել է, որ այն դեպքերում, երբ դիմումատուի կողմից վկայակոչված իրավունքի նկատմամբ միջամտությունն անմիջապես բխում է օրենսդրությունից, ապա վիճարկվող օրեսնդրության ուժի մեջ մնալու հանգամանքն ինքնին կարող է շարունակվող միջամտություն համարվել խնդրո առարկա իրավունքի նկատմամբ (տե՛ս, օրինակ՝ Dudgeon-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 22 հոկտեմբերի 1981թ., § 41, Շարք Ա թիվ 45, և Norris-ն ընդդեմ Իռլանդիայի, 26 հոկտեմբերի 1988թ., § 38, Շարք Ա թիվ 142, որոնցով դիմումատուները՝ լինելով միասեռականներ, բողոքում էին այն մասին, որ միասեռական հարաբերությունները քրեականացնող օրենքները խախտում են վերջիններիս անձնական կյանքը հարգելու իրավունքը):
110. Դատարանը նույն կերպ է առաջնորդվել վերջերս քննված Vallianatos-ը և այլոք ընդդեմ Հունաստանի գործով ([ՄՊ], թիվ թիվ 29381/09 և 32684/09, § 54, ՄԻԵԴ 2013 (հատվածներ)), որով դիմումատուները բողոքում էին Կոնվենցիայի 14-րդ և 8-րդ հոդվածների շարունակվող խախտման վերաբերյալ՝ այն հիմքով, որ նրանք՝ լինելով միասեռ զույգեր, չէին կարող «քաղաքացիական ամուսնության» մեջ մտնել, մինչդեռ օրենքով հակառակ սեռ ունեցող զույգերին դա թույլատրվում էր անել: Բացի այդ, S.A.S.-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով ([ՄՊ], թիվ 43835/11, § 110, ՄԻԵԴ 2014 (հատվածներ)), որը վերաբերում էր հասարակական վայրերում երեսը փակող հագուստ կրելու օրինական արգելքին, Դատարանը գտել է, որ դիմումատուի իրավիճակը նման է Dudgeon-ի և Norris-ի գործով դիմումատուների իրավիճակին, որով Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել շարունակվող միջամտություն՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտանվող իրավունքի իրացման նկատմամբ:
111. Դատարանը ընդունում է, որ վերը նշված գործերով դիմումատուների առօրյա կյանքի վրա վիճարկվող օրենսդրական միջոցների հետևանքներն ավելի զգալի էին և անմիջականորեն վերաբերելի, քան սույն գործով: Այնուհանդերձ, սույն գործով խնդրո առարկա հանդիսացող գիտական հետազոտությունների համար սաղմերի նվիրաբերության հարցին վերաբերող օրինական արգելքն, անկասկած, ազդում է դիմումատուի անձնական կյանքի վրա: Այդ ազդեցությունը, որը դիմումատուի և նրա սաղմերի միջև կենսաբանական կապի, ինչպես նաև դրանք ստեղծելու հիմքում ընկած ընտանիք կազմելու ծրագրերի հետևանքն է, ուղղակիորեն կապված է թիվ 40/2004 Օրենքն ուժի մեջ մտնելու հետ և դիտվում է որպես շարունակվող մի իրավիճակ, քանի որ ուժի մեջ մտնելուց սկսած շարունակում է դիմումատուի վրա ազդեցություն ունենալ (տե՛ս «Սաղմերի հարցերով Աշխատանքային հանձնաժողովի» 2010թ. հունվարի 8-ի եզրափակիչ զեկույցը, որը վերաբերում է սառեցված սաղմերի անորոշ ժամկետով սառնապահպանման մեջ գտնվելուն, վերևում՝ 21-րդ պարբերությունը):
112. Նման դեպքերում, Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ վեցամսյա ժամկետը չի սկսում հոսել մինչև վիճարկվող իրավիճակի ավարտը (տե՛ս, մասնավորապես, Çınar-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ 17864/91, 1994թ. սեպտեմբերի 5-ի Հանձնաժողովի որոշումը): Համապատասխանաբար, Դատարանը չի ընդունում Կառավարության փաստարկն այն մասին, որ ժամկետը սկսում է հաշվարկվել խնդրո առարկա Օրենքն ուժի մտնելու օրվանից:
113. Բացի այդ, Կառավարության պնդումը հավասարազոր է այնպիսի դատողության, որ դիմումատուն ցանկացել է նվիրաբերել իր սաղմերը խնդրո առարկա Օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած, ինչպիսի հանգամանքը չի կարող շահարկվել Դատարանի կողմից:
114. Հետևաբար, Դատարանը չի բավարարում Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Կառավարության` գանգատը ուշացումով ներկայացնելու մասին պնդումը:
III. ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ ՏՈՒԺՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Ա. Կառավարության փաստարկները
115. Կառավարությունը նաև առարկել է այն հիմքով, որ դիմումատուն տուժողի կարգավիճակ չի ունեցել՝ նշելով, որ 2003թ. նոյեմբերի 12-ից (նրա զուգընկերոջ մահվան ամսաթիվը) մինչև 2004թ. մարտի 10-ն (Օրենքն ուժի մեջ մտնելու ամսաթիվը) ընկած ժամանակահատվածում դիմումատուն կարող էր իր սաղմերը նվիրաբերել հետազոտությունների անցկացման համար, քանի որ տվյալ ժամանակաշրջանում այդ հարցը դեռևս կարգավորված չէր և, հետևաբար, նման նվիրաբերությունն էլ՝ արգելված չէր:
Բ. Դիմումատուի փաստարկները
116. Լսումների ընթացքում դիմումատուն պնդել է, որ կարճ ժամանակահատված էր անցել իր զուգընկերոջ մահվանից մինչև Օրենքի ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ մոտավորապես չորս ամիս, և որ նա չէր կարող հստակ որոշում կայացնել այդ ժամանակ այն հարցի շուրջ, թե ինչ է ցանկանում անել IVF բուժման արդյունքում առաջացած սաղմերի հետ:
Գ. Դատարանի գնահատականը
117. Դատարանը կրկնում է, որ երբ դիմումատուի անձնական կյանքի իրավունքի նկատմամբ միջամտությունն անմիջապես բխում է օրենսդրությունից, ապա վիճարկվող օրեսնդրության ուժի մեջ մնալը հանդիսանում է շարունակվող միջամտություն՝ խնդրո առարկա իրավունքի իրականացման նկատմամբ: Դիմումատուի անձնական հանգամանքների պարագայում, այդ օրենսդրության հենց գոյությունը շարունակաբար և ուղղակիորեն անդրադառնում է նրա անձնական կյանքի վրա (տե՛ս Dudgeon-ի գործը, § 41, և Norris-ի գործը, § 34, երկուսն էլ՝ մեջբերված են վերևում):
118. Սույն գործով, դիմումատուն ի վիճակի չի եղել նվիրաբերել իր սաղմերը հետազոտությունների համար, քանի որ ուժի մեջ էր մտել թիվ 40/2004 Օրենքը (տե՛ս վերևում՝ 113-րդ պարբերությունը): Հաշվի առնելով, որ դրանից հետո իրավիճակը չի փոխվել, և այն փաստը, որ դիմումատուն՝ գանգատը ներկայացնելու ժամանակ ցանկացություն է ունեցել նվիրաբերել իր սաղմերը իրականացվող հետազոտությունների համար, բավարար են Դատարանի համար գտնելու, որ դիմումատուն ունի տուժողի կարգավիճակ: Բացի այդ, ինչ վերաբերում է Կառավարության այն փաստարկին, ըստ որի դիմումատուն կարող էր գիտական հետազոտությունների համար նվիրաբերել իր սաղմերը զուգընկերոջ մահվանից մինչև Օրենքի ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի ընթացքում, ապա Դատարանը նկատի է առնում դիմումատուի կողմից ներկայացված տեղեկավությունն այն մասին, որ վերևում հիշատակված կարճ ժամանակահատվածի ընթացքում նա չէր կարող հստակ որոշում կայացնել սաղմերի ճակատագրի վերաբերյալ:
119. Հետևաբար, Դատարանը մերժում է Կառավարության՝ դիմումատուի տուժողի կարգավիճակ չունենալու մասին պնդումը:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
120. Հիմնվելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վրա՝ դիմումատուն բողոքել է, որ թիվ 40/2004 Օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված գիտական հետազոտությունների համար սաղմերի նվիրաբերության արգելքի հետևանքով խախտվել է նրա՝ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը: 8-րդ հոդվածի համապատասխան հատվածների համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կյանքի ... նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
Ա. Կողմերի փաստարկները
1. Կառավարությունը
121. Կառավարությունը, ի սկզբանե, պնդել է, որ գիտական հետազոտությունների համար մարդկային սաղմերի նվիրաբերելու հարցը չի ընկնում «անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք» հասկացության ներքո:
122. Լսումների ընթացքում Կառավարությունը պնդել է, որ սույն գործի իմաստով Կոնվենցիայի 8-րդ հոդվածը կարող է միայն «անուղղակիորեն» կիրառելի լինել, այն է՝ միայն, եթե դիմումատուն ցանկանար ընտանիք կազմեր՝ իր սաղմերը ներպատվաստելու միջոցով և չէր կարող դա անել թիվ 40/2004 Օրենքի կիրառման պատճառով:
123. Ցանկացած պարագայում, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի՝ անձնական կյանքի նկատմամբ ենթադրյալ միջամտությունը նախատեսված էր օրենքով և հետապնդում էր սաղմի գոյատևման ներուժը պաշտպանելու իրավաչափ նպատակ:
124. Ինչ վերաբերում է վիճարկվող միջոցի համաչափությանը, ապա Կառավարությունը գրավոր առարկություններում սահմանափակվել է այն փաստարկների վկայակոչմամբ, որոնք ներկայացրել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն: Այնուամենայնիվ, լսումների ընթացքում Կառավարությունը պնդել է, որ իտալական օրենսդրությունը հակասական չէ՝ նշելով, որ դիմումատուն սխալմամբ հաստատել է, որ սառնապահպանման վերցված սաղմերից կյանք չի կարող առաջանալ: Այդ կապակացությամբ, Կառավարությունը պնդել է, որ պատշաճ կերպով իրականացվելու դեպքում, սառնապահպանումը չի սահմանափակվում տևողության առումով և որ ներկայումս գիտական որևէ միջոց չկա, որով հնարավոր է ստուգել սառեցված սաղմի կենսունակությունը՝ առանց այն ետ հալեցնելու:
125. Կառավարությունը նաև պնդել է, որ իտալական այն օրենքը, որով թույլատրվում է կատարել հղիության արհեստական ընդհատում, անհամատեղելի չէր հետազոտությունների համար սաղմերի նվիրաբերության արգելքի հետ, քանի որ հղիության ընդհատման պարագայում պտղի կյանքի պաշտպանությունը հստակ պետք է հավասարակշռվի մոր առողջական վիճակի և շահերի հետ:
126. Լսումների ընթացքում Կառավարությունը նաև նշել է, որ սաղմերը միանշանակ պաշտպանվում են եվրոպական օրենքների համաձայն: Կառավարության պնդման համաձայն՝ 1997թ. ապրիլի 4-ին ընդունված Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիան («Օվիեդոյի կոնվենցիա») պետություններից, անշուշտ, չի պահանջում ապակառուցողական գիտական հետազոտություններ թույլատրել անցկացնել սաղմերի վրա, քանի որ, ըստ Կառավարության, նման հետազոտությունների իրականացման ընտրությունն ընկնում է պետությունների՝ այս ոլորտում ունեցած թույլատրելի հայեցողության լայն շրջանակի ներքո:
127. Կառավարությունը այնուհետ նշել է, որ թիվ 40/2004 Օրենքի նախապատրաստական աշխատանքները վկայում են այն մասին, որ այն վերջնական տեսք է ստացել կատարված զգալի ծավալի աշխատանքների արդյունքում, որի ընթացքում հաշվի են առնվել գիտական և էթիկական մի շարք եզրակացություններ և տվյալ առարկայի շուրջ հարցեր: Բացի այդ, խնդրո առարկա Օրենքը, inter alia, 13-րդ հոդվածը դրանում պահպանելու հարցը մի քանի հանրաքվեների է դրվել, որոնք անվավեր էին ճանաչվել՝ պահանջվող ձայների շեմը չհաղթահարելու պատճառով:
128. Բացի այդ, ընդունելով թեպետ, որ Իտալիայի գիտական հետազոտությունների իրականացման համար օգտագործվում են արտերկրից ներմուծված և սկզբնական սաղմերի ոչնչացման արդյունքում ստացված սաղմնային բջիջների գծերը, Կառավարությունը նշել է, որ այդ բջիջների գծերի արտադրությունը չի իրականացվել իտալական լաբորատորիաների պահանջով և որ աշխարհում գոյություն ունեն շուրջ երեք հարյուր սաղմնային բջիջների գծեր, որոնք հասանելի են գիտնականների ողջ համայնքին: Այդ կապակցությամբ, Կառավարությունը նշել է, որ մարդկային սաղմի կանխամտածված ոչնչացումը չի կարող համեմատվել արդեն ոչնչացված մարդկային սաղմերից ստացված բջիջների գծերի օգտագործման հետ:
129. Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող գիտական հետազոտությունների վերաբերյալ Կառավարությունը պնդել է, որ Հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման մասին յոթերորդ շրջանակային ծրագիրը, ինչպես նաև «Հորիզոն 2020թ.» Հետազոտությունների և նորարարության համար շրջանակային ծրագիրը (տե՛ս վերևում՝ 64-րդ պարբերությունը) ֆինանսավորում չեն նախատեսում այն ծրագրերի համար, որոնք կապված են սաղմերի ոչնչացման հետ՝ անկախ նրանից, թե դրանք Եվրոպայում են ստեղծվել կամ թե ներմուծվել երրորդ պետություններից:
130. Կառավարությունը, վերջապես, նշել է, որ 2005թ. նոյեմբերի 18-ի «ծննդաբերության համար որդեգրելու մասին, ADP» վերաբերյալ իր եզրակացությունում (տե՛ս վերևում՝ 19-20-րդ պարբերությունները) Ազգային բիոէթիկայի հանձնաժողովը անդրադարձել է հավելյալ սաղմերի ճակատագրի խնդրին՝ նպատակ ունենալով այնպիսի լուծումներ գտնել, որով կապահովվի հարգանքը սաղմերի կյանքի նկատմամբ:
131. Կառավարության կարծիքով, այս լուծումը այժմ կարող է իրականություն դառնալ՝ հաշվի առնելով 2014թ. հունիսի 10-ի թիվ 162 վճիռը, որով Սահմանադրական դատարանը հետերոլոգիական բեղմնավորման արգելքը ճանաչել է Սահմանադրությանը հակասող, հետևաբար՝ թույլատրելով in vitro բեղմնավորման արդյունքում ստացված հավելյալ սաղմերը օգտագործել ոչ կործանարար նպատակների համար՝ համաձայն իտալական օրենսդրության այս ոլորտում ունեցած նպատակների:
2. Դիմումատուն
132. Դիմումատուն առաջին հերթին պնդել է, որ Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ «անձնական կյանքը» հանդիսանում է լայն հասկացություն (նա վկայակոչել է հետևյալ գործերը՝ Pretty-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 2346/02, § 61, ՄԻԵԴ 2002‑III և Evans-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ 6339/05, § 71, ՄԻԵԴ 2007‑I):
133. Դիմումատույն այնուհետ պնդել է, որ իր զուգընկերոջը կորցրել է ողբերգական հանգամանքներում, որի պատճառով նա հնարավորություն չի ունեցել այնպիսի ընտանիք կազմի, ինչպիսին նա ցանկացել է: Լսումների ընթացքում դիմումատուն բացատրեց, որ չորս ամիս էր միայն անցել իր զուգընկերոջ մահվանից մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը, ուստի նա անհրաժեշտ ժամանակ չի ունեցել մտածելու ընտանիք կազմելու նոր ծրագրերի վերաբերյալ, և որ սաղմերի post mortem ներպատվաստումը, ամեն դեպքում, անօրինական էր:
134. Հետևաբար, դիմումատուն գտել է, որ պետությունը նրանից նաև պահանջում էր ականատես լինել իր սաղմերի ոչնչացմանը՝ չթույլատրելով նրան նվիրաբերել դրանք հետազոտությունների համար, ինչը ազնիվ նպատակ կհետապնդեր և սփոփանքի աղբյուր կլիներ նրա համար՝ իր անձնական կյանքում տեղի ունեցած այդ ցավալի իրադարձություններից հետո: Նման հանգամանքներում, դիմումատուն պնդել է, որ հարցականի տակ էր դրվել վերջինիս՝ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը:
135. Դիմումատուն նաև պնդել է, որ սաղմերի նվիրաբերության արգելքը բոլորովին անտրամաբանական էր, քանի որ համակարգի կողմից առաջարկվող միակ այլընտրանքը՝ սաղմերի մահն էր: Լսումների ընթացքում դիմումատուն նշել է Իտալիայի իրավական համակարգում գոյություն ունեցող հակասությունները՝ պնդելով, որ Կառավարության վկայակոչած սաղմի՝ կյանքի իրավունքը անհամատեղելի էր կանանց համար հասանելի հնարավորության՝ արհեստականորեն ընդհատելու մինչև երեք ամիս տևողություն ունեցող հղիությունը, ինչպես նաև իտալական լաբորատորիաների կողմից արտերկրում ստեղծված սաղմերի ոչնչացման արդյունքում ստացված սաղմնային բջիջների գծերի օգտագործման հետ:
136. Բացի այդ, դիմումատուն նշել է, որ ներպատվաստման համար չնախատեսված սաղմերի նվիրաբերության հնարավորությունը նաև համապատասխանում է հանրային շահին, քանի որ արհեստականորեն առաջացած բազմակարող ցողունային բջիջների վրա իրականացվող հետազոտությունները դեռևս չեն փոխարինել ցողունային բջիջների վրա անցկացվող հետազոտությունները, որի պատճառով վերջինները շարունակում են մնալ առավել հեռանկարային հետազոտական մեթոդների շարքում, մասնավորապես՝ որոշ անբուժելի հիվանդությունների բուժման հարցում:
137. Նա նաև պնդել է, որ պետությունը սույն գործով չունի թույլատրելի հայեցողության լայն շրջանակ, մասնավորապես՝ հաշվի առնելով ներպատվաստման համար չնախատեսված սաղմերի՝ գիտական հետազոտությունների համար նվիրաբերելու հնարավորության շուրջ եվրոպական համաձայնության ներկայիս վիճակը:
138. Լսումների ընթացքում դիմումատուն վկայակոչել է Oliver Brüstle-ն ընդդեմ Greenpeace eV-ի գործով Եվրոպական միության Արդարադատության դատարանի 2011թ. հոկտեմբերի 18-ի վճիռը (տե՛ս վերևում՝ 59-րդ և 61-րդ պարբերությունները): Նշելով, որ այս վճիռը սահմանափակվում էր մարդկային սաղմերի ոչնչացման հետ կապված գյուտերի արտոնագրաունակության արգելման հարցով, դիմումատուն եզրակացրել է, որ ինքնին գյուտերը և, հետևաբար, դրան նախորդող հետազոտությունները արգելված չեն եվրոպական մակարդակով:
139. Վերջապես, դիմումատուն պնդել է, որ «Մեզանից մեկը» եվրոպական քաղաքացիական նախաձեռնության մասին 2014թ. մայիսի 28-ի Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրությունը (տե՛ս վերևում՝ 65-66-րդ պարբերությունները) հաստատել է, որ թույլատրվում է ֆինանսավորել մարդու սաղմնային ցողունային բջիջների վրա իրականացվող հետազոտությունները:
3. Երրորդ կողմը
(ա) Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոն («the ECLJ»)
140. ECLJ-ն պնդել է, որ սույն գործով գիտության շահերը, որոնց դիմումատուն կարևորություն է տվել, գերակայություն չունեն սաղմին ներկայացվող հարգանքի նկատմամբ, ինչը համահունչ է Օվիեդոյի կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված «մարդու առաջնությունը» սկզբունքի հետ:
141. ECLJ-ն նաև նշել է, որ Դատարանի կողմից արհեստական բեղմնավորման հարցերին վերաբերող բոլոր գործերով դիմումատուների անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ միջամտությունը բխում է այն Օրենքից, որն արգելում է զույգին կամ մորը երեխա ունենալ: Սույն գործով իրավիճակն այլ էր, քանի որ դիմումատուն որոշել է չներպատվաստել սաղմերը, թեև նրա կողմից IVF բուժում անցնելու ժամանակ post mortem հղիությունն արգելող որևէ օրենք գոյություն չուներ:
142. Վերջապես, հղում կատարելով S.H.-ն և այլոք ընդդեմ Ավստրիայի և Evans-ի գործերին՝ երկուսն էլ մեջբերված են վերևում, ECLJ-ն նշել է, որ այս ոլորտում անդամ պետություններին տրվել է թույլատրելի հայեցողության լայն շրջանակ:
(բ) Շարժում հանուն կյանքի, Գիտության և կյանքի միություններ (the associations Movimento per la vita, Scienza e vita) և Ընտանեկան միությունների ֆորում (Forum delle associazioni familiari), ներկայացնում է պրն. Carlo Casini-ն
143. Այս կազմակերպությունները պնդել են, որ մարդկային սաղմերի վրա անցակցվող ապակառուցողական փորձարկումները, որտեղ դրանք հանդիսանում էին «սուբյեկտներ», օրենքով արգելված էին և որ Օվիեդոյի կոնվենցիան նման փորձարկումները թույլատրող որևէ պարտականություն չի սահմանում:
144. Այս կազմակերպությունները նաև պնդել են, որ այս ոլորտում անդամ պետություններն օգտվում են թույլատրելի հայեցողության լայն շրջանակից:
(գ) Luca Coscioni, Amica Cicogna Onlus, L’altra cicogna Onlus, Cerco bimbo միություններ և իտալական խորհրադարանի քառասունվեց անդամներ, ներկայացնում է տկն. Filomena Gallo-ն
145. Այս կազմակերպությունները պնդել է, որ «անձնական կյանք» հասկացությունը զարգացող հասկացություն է, որ այն ենթակա չէ սպառիչ սահմանման, և որ դիմումատուի պահանջը, inter alia, վերաբերում էր հետազոտությունների համար իր կենսաբանական նյութը, այն է՝ սաղմերը, որոնք այլևս նախատեսված չեն ծնողական ծրագրի համար և, ցանկացած դեպքում, ենթակա են ոչնչացման, նվիրաբերելու ընտրության նկատմամբ հարգանքի իրավունքին:
146. Երրորդ այս կողմը նաև հավելել է, որ խնդրո առարկա միջամտության հետապնդող նպատակը արդարացված չէր, քանի որ իտալական օրենքի համաձայն՝ սաղմի կյանքին բացարձակ պաշտպանություն չէր տրամադրվում:
(դ) VOX – Osservatorio italiano sui Diritti, Պտղաբերության հասարակություն («SIFES»), Անպղության և վերարտադրողական բժշկություն (Sterility and Reproductive Medicine) և Cittadinanzattiva միություններ, ներկայացնում են տկն. Maria Elisa D’Amico-ն, տկն. Maria Paola Costantini-ն, պրն. Massimo Clara-ն, տկն. Chiara Ragni-ն և տկն. Benedetta Liberali-ն
147. Այս կազմակերպությունները նշել են, որ թիվ 40/2004 Օրենքի 13-րդ հոդվածը սահմանափակում է անհատների ազատությունը՝ որոշելու իրենց սաղմերի ճակատագիրը, որոնք անորոշ ժամկետով պետք է գտնվեն սառնապահպանման տակ, ուստի և մեծ ծախսեր առաջացնեն անհատների համար:
148. Երրորդ կողմի համաձայն՝ սառնապահպանումը բոլոր դեպքերում չէ, որ օգտակար է այն սաղմերի համար, որոնք առանց այդ էլ պետք է մահանան, ինչպես նաև զույգերի համար, ովքեր, ընդհանուր առմամբ, մտադրված չեն ներպատվաստման համար օգտագործել այն սաղմերը, որոնք երկար ժամանակ գտնվում են սառնապահպանման մեջ, քանի որ այդ սաղմերի «որակը» նվազում է ժամանանի ընթացքում: Սառնապահպանումը նույնքան անիմաստ է բժշկական այն կենտրոնների համար, որտեղ սաղմեր են պահվում:
Բ. Դատարանի գնահատականը
1. Սույն գործով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի կիրառելիությունը և դիմումատուի կողմից ներկայացված բողոքի ընդունելիությունը
149. Սույն գործով, Դատարանը հրավիրված է առաջին անգամ վճիռ կայացնել այն հարցի վերաբերյալ, թե արդյոք Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված «աձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը» կարող է ընդգրկել դիմումատուի կողմից վկայակոչված իրավունքը՝ օգտագործելու in vitro բեղմնավորման արդյունքում ստացված սաղմերը գիտական հետազոտությունների համար նվիրաբերելու նպատակներին:
150. Կառավարությունը պնդել է, որ խնդրո առարկա դրույթը սույն գործով կարող է կիրառվել միայն անուղղակի կերպով և բացառապես «ընտանեկան կյանքի» ասպեկտով, այսինքն՝ միայն այն դեպքում, եթե դիմումատուն ցանկություն ունենար ընտանիք ստեղծեր իր սաղմերի սառնապահպանման և դրան հաջորդող ներպատվաստման եղանակով, իսկ թիվ 40/2004 Օրենքի կիրառությունն էլ նրան կարգելել դա անել:
151. Սակայն, դիմումատուն գանգատի ձևաթղթում նշել է (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը) և լսումների ընթացքում էլ կրկնել է (տե՛ս վերևում՝ 116-րդ պարբերությունը), որ իր զուգընկերոջ մահվանից հետո նա մտադրված չէր ստեղծել ընտանիք: Բացի այդ, նա որևէ առիթով չի պնդել, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտում:
152. Իրականում, սույն գործով Դատարանի համար քննության առարկա հանդիսացող հարցը վերաբերում է դիմումատուի՝ իր սաղմերի ճակատագիրը որոշելու իրավունքի սահմանափակմանը. իրավունք, որն առավելապես վերաբերում է «անձնական կյանքին»:
153. Ինչպես և դիմումատուն, Դատարանը առաջին հերթին նշում է, որ իր նախադեպային իրավունքի համաձայն՝ «անձնական կյանքի» հասկանությունը՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով, լայն հասկացություն է, որը չի ենթարկվում սպառիչ սահմանման և ընդգրկում է, ի թիվս այլի, ինքնորոշման իրավունքը (տե՛ս Pretty-ի գործը, մեջբերված է վերևում, § 61): Այս հասկացությունը նաև ներառում է ծնող դառնալու և չդառնալու որոշումների նկատմամբ հարգանքի իրավունքը (տե՛ս Evans-ի գործը, մեջբերված է վերևում, § 71, և A-ն, B-ն և C-ն ընդդեմ Իռլանդիայի [ՄՊ], թիվ 25579/05, § 212, ՄԻԵԴ 2010):
154. Դատարանի կողմից քննված գործերով, որոնք բացառապես վերաբերում են արհեստական բեղմնավորման միջոցով ստացված սաղմերի ճակատագրի հարցին, Դատարանը հաշվի է առել կողմերի ընտրության ազատությունը:
155. Evans-ի գործով (մեջբերված է վերևում)՝ վերլուծելով, թե ինչպես պետք է հավասարակշռվեն հակասող այն իրավունքները, որոնք in vitro բեղմնավորման կողմերը կարող են վկայակոչել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն, Մեծ Պալատը «[չէր] գտել, որ դիմումատուի՝ գենետիկական առումով ծնող դառնալու որոշում կայացնելու նկատմամբ հարգանքի իրավունքին պետք է ավելի մեծ կշիռ տալ, քան [իր նախկին զուգընկերոջ]՝ նրա հետ գենետիկորեն կապ չունեցող երեխա ունենալու որոշում կայացնելու նկատմամբ հարգանքի իրավունքին» (տե՛ս Evans-ի գործը, մեջբերված է վերևում, § 90):
156. Բացի այդ, Knecht-ն ընդդեմ Ռումինիայի գործով (թիվ 10048/10, 2 հոկտեմբերի 2012թ.), որով դիմումատուն, inter alia, բոցոքել է ներպետական մարմինների այն որոշման դեմ, որով նրան մերժել էին թույլատրել իր սաղմերը տեղափոխել բժշկական կենտրոնից, որտեղ դրանք պահվում էին, իր ընտրությամբ մեկ այլ մասնագիտացված կլինիկա, Դատարանը գտել է, որ 8-րդ հոդվածը կիրառելի է միայն դիմումատուի՝ անձնական կյանքը հարգելու իմաստով (տե՛ս Knecht գործը, մեջբերված է վերևում, § 55), թեև դիմումատուն նաև պնդել էր, որ խախտվել է նրա ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը (տե՛ս վճռի 51-րդ պարբերությունը):
157. Ինչ վերաբերում է ներպետական օրենքին, ապա Դատարանը նշել է, որ ինչպես Կառավարությունը ներկայացրել է լսումների ընթացքում, 2014թ. հունիսի 10-ի թիվ 162 վճիռը, որով Սահմանադրական դատարանը հետերոլոգիական բեղմնավորման արգելքը ճանաչել է Սահմանադրությանը հակասող (տե՛ս վերևում՝ 34-39-րդ պարբերությունները), թույլատրում է «ծննդբերության համար որդեգրելու» պրակտիկան, որի համաձայն զույգերին կամ կանանց հնարավորություն է տրվում որդեգրել հավելյալ սաղմերը՝ դրանք հետագայում ներպատվաստելու նպատակով, ինչը նախատեսված էր Ազգային բիոէթիկայի հանձնաժողովի 2005թ. եզրակացության մեջ: Բացի այդ, Դատարանը նշում է, որ խնդրո առարկա վճռում Սահմանադրական դատարանը գտել է, որ ծնողներ դառնալու և երեխաներով ընտանիք կազմելու ընտրությունը դիմումատուների «անձնական և ընտանեկան կյանքի ոլորտին վերաբերող իրենց ինքնորոշման ազատության» ասպեկտն էր (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը): Դա նշանակում է, որ Իտալիայի իրավական համակարգը նույնպես կարևորում է ներպատվաստման համար չնախատեսված սաղմերի ճակատագրի հեկ կապված in vitro բեղմնավորման դիմելու կողմերի ընտրության ազատությունը:
158. Սույն գործով Դատարանը պետք է նաև հաշվի առնի in vitro բեղմնավորում անցած անձի և հղիացման համար հիմք ծառայած սաղմերի միջև գոյություն ունեցող կապը, ինչը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ սաղմերը պարունակում են խնդրո առարկա անձի գենետիկական նյութը և, հետևաբար, հանդիսանում են այդ անձի գենետիկական նյութի և կենսաբանական ինքնության բաղկացուցիչ մասը:
159. Դատարանը եզրակացնում է, որ իր սաղմերի ճակատագրի հետ կապված գիտակից և հաշվենկատ ընտրություն կատարելու դիմումատուի ունակությունը վերաբերում է նրա նեղ անձնական կյանքին և, ըստ այդմ, առնչվում է նրա ինքնորոշման իրավունքին: Հետևաբար, Կոնվենցիայի 8-րդ հոդվածը՝ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի տեսանկյունից կիրառելի է սույն գործով:
160. Վերջապես, Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ և չի կարող համարվել անընդունելի որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է համարվի ընդունելի:
2. Դիմումատուի բողոքի ըստ էության քննություն
(ա) Արդոք «միջամտությունը» «նախատեսված է օրենքով»
161. Ինչպես կողմերը, Դատարանը գտնում է, որ թիվ 40/2004 Օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված արգելքը, որը վերաբերում է in vitro բեղմնավորման միջոցով ստացված և ներպատվաստման համար չնախատեսված սաղմերի գիտական հետազոտությունների համար նվիրաբերելու հարցին, հանդիսանում է դիմումատուի՝ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի նկատմամբ միջամտություն: Այս կապակցությամբ, Դատարանը նշում է, որ այն ժամանակահատվածում, երբ դիմումատուն կարող էր դիմել in vitro բեղմնավորման, որևէ իրավական դրույթ չկար, որը կարգավորեր այդ մեթոդի օգնությամբ ստացված չներպատվաստված սաղմերի նվիրաբերության հարցը: Հետևաբար, մինչև վիճարկվող Օրենքի ուժի մեջ մտնելը, ոչինչ չէր խոչընդոտում դիմումատուին իր սաղմերը նվիրաբերել գիտական հետազոտություններին:
(բ) Հետապնդվող նպատակի իրավաչափությունը
162. Լսումների ընթացքում Կառավարությունը պնդել է, որ վիճարկվող միջոցը հետապնդում էր «սաղմի գոյատևման ներուժը» պաշտպանելու իրավաչափ նպատակը:
163. Դատարանը վերահաստատում է, որ 8-րդ հոդվածի 2-րդ կետում նշված յուրաքանչյուրի՝ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի նկատմամբ բացառությունների թվարկումը սպառիչ են և որ դրանց սահմանումն էլ՝ սահմանափակ բնույթ է կրում: Կոնվենցիայի հետ համատեղելի լինելու համար այդ ազատության սահմանափակումը պետք է, մասնավորապես, հետապնդի այնպիսի մի նպատակ, որը կապված լինի այդ դրույթում նշված որևէ բացառության հետ (տե՛ս S.A.S.-ն ընդդեմ Ֆրանսիայի, մեջբերված է վերևում, § 113):
164. Դատարանը նշում է, որ Կառավարությունը՝ ո՛չ իր գրավոր առարկություններում և ո՛չ էլ լսումների ընթացքում նրան տրված հարցերի պատասխաններում չի վկայակոչել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները:
165. Սակայն, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վերաբերյալ գրավոր իր առարկություններում Կառավարությունը հղում է կատարել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի վերաբերյալ ներկայացված իր նկատառումներին (տե՛ս վերևում՝ 124-րդ պարբերությունը), ըստ որի Իտալիայի իրավական համակարգում մարդկային սաղմը համարվում է իրավունքի սուբյեկտ, որը մարդու արժանապատվության համար պատշաճ հարգանքի իրավունք ունի (տե՛ս ստորև՝ 205-րդ պարբերությունը):
166. Դատարանը նաև նշում է, որ երրորդ կողմ հանդիսացող երկուսը (ECLJ-ն և Movimento per la vita, Scienza e vita և Forum delle associazioni familiari միությունները) նույնպես պնդել են այն մասին, որ մարդկային սաղմը ունի «սուբյեկտի» կարգավիճակ (տե՛ս վերևում՝ 140-րդ և 143-րդ պարբերությունները):
167. Դատարանն ընդունում է, որ «սաղմի գոյատևման ներուժի պաշտպանությունը» կարող է առնչվել բարոյականության և այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակին՝ այդ հասկացության վերաբերյալ Կառավարության պատկերացումների սահմաններում (տե՛ս նաև Costa-ն և Pavan-ի գործը, մեջբերված է վերևում, §§ 45 և 59): Սակայն, դա չի ենթադրում, որ Դատարանը որևէ գնահատական պետք է տա այն հարցի շուրջ, թե արդյոք «այլ» բառը նաև տարածվում է մարդկային սաղմերի նկատմամբ (տե՛ս A-ն, B-ն և C-ն ընդդեմ Իռլանդիայի, մեջբերված է վերևում, § 228):
(գ) Միջոցի անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում
(i) Արհեստական բեղմնավորման վերաբերյալ Դատարանի նախադապեյին իրավունքով սահմանված սկզբունքները
168. Դատարանը վերահաստատում է, որ որոշելու համար, թե արդյոք վիճարկվող միջոցը «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում», Դատարանը հաշվի է պետք է առնի, թե արդյոք, որպես մեկ ամբողջություն վերցված սույն գործի տեսանկյունից, միջոցը արդարացնելու համար ներկայացված պատճառները՝ 8-րդ հոդվածի 2-րդ կետի նպատակների համար հիմնավոր էին և բավարար (տե՛ս, մասնավորապես, S.H.-ն և այլոք գործը, մեջբերված է վերևում, § 91, Olsson-ն ընդդեմ Շվեդիայի (թիվ 1), 24 մարտի 1988թ., § 68, Շարք Ա թիվ 130, K.-ն և T.-ն ընդդեմ Ֆինլանդիայի [ՄՊ], թիվ 25702/94, § 154, ՄԻԵԴ 2001‑VII, Kutzner-ն ընդդեմ Գերմանիայի, թիվ 46544/99, § 65, ՄԻԵԴ 2002‑I, և P.-ն, C.-ն և S.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 56547/00, § 114, ՄԻԵԴ 2002‑VI):
169. Բացի այդ, մի շարք գործոններ է անհրաժեշտ հաշվի առնել 8-րդ հոդվածի համաձայն քննվող ցանկացած գործով պետության ունեցած թույլատրելի հայեցողության սահմանները որոշելու համար: Այն դեպքերում, երբ վտանգված է անհատի գոյության կամ ինքնության առանձնապես կարևոր մի հատկանիշ, պետության թույլատրելի շրջանակը սովորաբար սահմափակվում է (տե՛ս Evans-ի գործը, մեջբերված է վերևում, § 77, և դրանում մեջբերված այլ աղբյուրները, և Dickson-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ 44362/04, § 78, ՄԻԵԴ 2007‑V): Սակայն, երբ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև փոխհամաձայնություն չկա՝ վտանգված շահի հարաբերական կարևորության կամ այն պաշտպանելու լավագույն միջոցների շուրջ, մասնավորապես՝ երբ գործը բարոյական կամ էթիկական նուրբ հարցեր է շոշափում, թույլատրելի շրջանակը ավելի լայն է (տե՛ս S.H.-ն և այլոք գործը, մեջբերված է վերևում, § 94, Evans-ի գործը, մեջբերված է վերևում, § 77, X-ն, Y-ն և Z-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 22 ապրիլի 1997թ., § 44, Վճիռների և որոշումների զեկույցներ 1997‑II, Fretté-ն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 36515/97, § 41, ՄԻԵԴ 2002‑I, Christine Goodwin-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ 28957/95, § 85, ՄԻԵԴ 2002‑VI, և A-ն, B-ն և C-ն ընդդեմ Իռլանդիայի, մեջբերված է վերևում, § 232):
170. Դատարանը նաև նշել է, որ ցանկացած դեպքում «օրենսդրի կողմից գտած լուծումները [Դատարանի] քննության շրջանակից դուրս չեն գալիս: Դատարանին է վերապահված՝ մանրակրկիտ կերպով քննելու այն փաստարկները, որոնք հաշվի են առնվել օրենսդրական գործընթացի ժամանակ և հանգեցրել օրենսդրի ընտրած լուծումներին, ինչպես նաև որոշելու, թե արդյոք գտնվել է արդարացի հավասարակշռություն՝ պետության և օրենսդրական այդ լուծումների արդյունքում անմիջականորեն տուժած անձանց մրցակցող շահերի միջև» (տե՛ս S.H.-ն և այլոք գործը, մեջբերված է վերևում, § 97):
171. Վերը հիշատակված գործով Դատարանը նաև նշել է, որ Ավստրիայի խորհրդարանը դեռևս «մանրակրկիտ կերպով չի գնահատել արհեստական ծնելիությունը կարգավորող կանոնները՝ հաշվի առնելով գիտության և հասարակության շրջանում տեղի ունեցող դինամիկ զարգացումները» և գտել է, որ «այս ոլորտը, որտեղ իրավունքը՝ թվում է[ր], թե շարունակաբար զարգանում է և որը պայմանավորված է[ր] գիտության և իրավունքի առանձնապես դինամիկ զարգացմամբ, անհրաժեշտ է[ր] պահել պայմանավորվող պետությունների ուշադրության կենտրոնում» (տե՛ս S.H.-ն և այլոք գործը, մեջբերված է վերևում, §§ 117 և 118):
172. Costa-ն և Pavan-ի գործով (մեջբերված է վերևում, § 64) Դատարանը գտել է, որ իտալական օրենսդրությունը հետևողական չէր մինչպատվաստային ախտորոշման վերաբերյալ հարցերում, քանի որ չէր թույլատրում ներպատվաստումը սահմանափակվեր հիվանդությունից չտուժած սաղմերով, որոնց համար շահագրգիռ անհատները առողջ կրողներ էին հանդիսանում, այլ թույլ էր տալիս դիմումատուին արհեստականորեն հեռացնել պտուղը, եթե այն կծնվեր խնդրո առարկա հիվանդությամբ:
173. Դատարանը նաև նշել է, որ Դատարանի խնդիրը չէ իր վճռով փոխարինել ներպետական մարմինների համապատասխան որոշումները՝ արհեստական բեղմնավորման ոլորտը կարգավորող առավել նպատակահարմար կանոնակարգեր ընտրելու վերաբերյալ՝ նշելով, մասնավորապես, որ in vitro բեղմնավորման մեթոդների կիրառումը բարոյական և էթիկական նուրբ հարց էր բարձրացնում այնպիսի մի ոլորտում, որը մշտապես զարգանում է (տե՛ս Knecht-ի գործը, մեջբերված է վերևում, § 59):
(ii) Սույն գործում վերոնշյալ սկզբունքների կիրառումը
174. Դատարանը, նախևառաջ, նշում է, որ ի տարբերություն վերը նշված գործերի, սույն գործը չի վերաբերում հեռանկարային ծնող լինելուն: Հետևաբար, միաժամանակ չափազանց կարևոր լինելով, դիմումատուի կողմից վկայակոչված իրավունքը՝ գիտական հետազոտությունների համար սաղմեր նվիրաբերելու վերաբերյալ, առանցքային այն իրավունքներից չէ, որը օգտվում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պաշտպանությունից, քանի որ այն չի վերաբերում դիմումատուի գոյության և ինքնության առանձնապես կարևոր ասպեկտին:
175. Հետևաբար, և հաշվի առնելով Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված սկզբունքները, Դատարանը գտնում է, որ պատասխանող պետությունը թույլատրելի հայեցողության լայն շրջանակ ունի սույն գործով:
176. Բացի այդ, Դատարանը նշում է, որ ներպատվաստման համար չնախատեսված սաղմերի նվիրաբերության հիմնախնդիրը ակնհայտորեն «բարոյական և էթիկական նուրբ հարցեր» է առաջ բերում (տե՛ս Evans-ի, S.H.-ն և այլոք, և Knecht-ի գործերը, բոլորը՝ մեջբերված են վերևում) և որ Դատարանի տրամադրության տակ գտնվող համեմատական իրավունքի նյութերը (տե՛ս վերևում՝ 69-76-րդ պարբերությունները) վկայում են այն մասին, որ, հակառակ դիմումատուի պնդումների՝ եվրոպական փոխհամաձայնություն չկա այս հարցի շուրջ (տե՛ս վերևում՝ 137-րդ պարբերությունը):
177. Ինչպես հայտնի է, որոշ անդամ պետություններ ոչ արգելող մոտեցում են որդեգրել այս ոլորտում. քառասուն անդամ պետություններից տասնյոթը, որոնց վերաբերյալ Դատարանն ունի տեղեկատվություն, թույլատրում են մարդու սաղմնային բջիջների գծերի վրա հետազոտություններ անցկացնել: Մի շարք այլ պետություններում այս հարցը կանոնակարգված չէ, սակայն գոյություն ունեցող համապատասխան պրակտիկան ոչ արգելող բնույթ ունի:
178. Սակայն, որոշ պետություններ (Անդորրա, Լատվիա, Խորվաթիա և Մալթա) այնպիսի օրենսդրություն են ընդունել, որն ուղղակիորեն արգելում է ցանկացած հետազոտություն անցկացնել սաղմնային բջիջների վրա: Մի շարք պետություններ թույլատրում են նման տեսակի հետազոտություններ անցկացնել՝ միայն խիստ պայմանների պահպանմամբ, որոնք պահանջում են, օրինակ, որ հետազոտությունը հետապնդի սաղմի վիճակը պաշտպանելու նպատակ կամ որ հետազոտությունն օգտագործի արտերկրից ներմուծված բջիջներ (վերաբերում է Սլովակիային, Գերմանիային, Ավստրիային և Իտալիային):
179. Իտալիան, հետևաբար, Եվրոպայի խորհրդի միակ անդամ պետությունը չէ, որն արգելում է գիտական հետազոտությունների համար մարդկային սաղմեր նվիրաբերել:
180. Բացի այդ, վերևում վկայակոչված Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համապատասխան նյութերը հաստատում են, որ ներպետական մարմինները թույլատրելի հայեցողության լայն շրջանակ ունեն սահմանափակող բնույթի օրենսդրություն ընդունելու հարցում, երբ խնդիրը առնչվում է մարդկային սաղմերի ոչնչացմանը՝ հաշվի առնելով, inter alia, մարդկային կյանքի սկիզբ առնելու հասկացության համար բնորոշ էթիկական և բարոյական հարցերը և տարբեր անդամ պետությունների միջև այս հարցի շուրջ գոյություն ունեցող տեսակետների բազմազանությունը:
181. Դրա օրինակն է Օվիեդոյի կոնվենցիան, որի 27-րդ հոդվածը սահմանում է, որ ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել որպես սահմանափակող կամ այլ կերպ ազդող անդամ պետությունների վրա՝ կենսաբանության և բժշկության ձեռքբերումների կիրառման առնչությամբ տրամադրելու ավելի մեծ պաշտպանություն: Եվրոպական հանձնաժողովի Գիտական էթիկայի և նոր տեխնոլոգիաների հարցերով եվրոպական խմբի 2000թ. նոյեմբերի 14-ի թիվ 15 եզրակացությունը, «Մարդու ցողունային բջիջների հետազոտությունների մասին» Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 1352 (2003) բանաձևը և Առաջադեմ թերապիայի բժշկական միջոցների մասին Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2007թ. նոյեմբերի 13-ի թիվ 1394/2007 կանոնակարգը նույնանման դրույթներ են պարունակում (տե՛ս վերևում՝ 58-րդ պարբերությունը, կետ III՝ տառ Զ և կետ IV՝ տառ Բ):
182. Եվրոպական մակարդակում նախատեսված սահմանափակումները միտված են ավելի շուտ այս ոլորտում ծայրահեղությունների մեղմանը: Դրան է համապատասխանում, օրինակ՝ Օվիեդոյի կոնվենցիայի 18-րդ հոդվածով սահմանված՝ գիտական հետազոտությունների համար մարդկային սաղմերի ստեղծման արգելքը կամ գյուտերի արտոնագրման վերաբերյալ արգելքը, որտեղ գործընթացը վերաբերում է մարդկային սաղմերի ոչնչացմանը (տե՛ս Եվրոպական միության Արդարադատության դատարանի Oliver Brüstle-ն ընդդեմ Greenpeace eV-ի գործով 2011թ. հոկտեմբերի 18-ի վճիռը):
183. Այսպիսով, պետության թույլատրելի հայեցողության շրջանակը անսահմանափակ չէ և ուստի Դատարանի խնդիրն է ուսումնասիրելու այն փաստարկները, որոնք օրենսդիրը հաշվի է առել համապատասխան լուծումներ գտնելիս, և որոշելու, թե արդյոք գտնվել է արդարացի հավասարակշռություն՝ պետության և խնդրո առարկա լուծումների արդյունքում անմիջականորեն տուժած անձանց մրցակցող շահերի միջև (տե՛ս Evans-ի գործը, մեջբերված է վերևում, § 86, և S.H.-ն և այլոք գործը, մեջբերված է վերևում, § 97).
184. Այս համատեքստում, Դատարանը նշում է, որ թիվ 40/2004 Օրենքի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող փաստաթղթերի վրա հիմնվելով, Կառավարությունը լսումների ընթացքում պնդել է, որ Օրենքի մշակումը քննարկումների համար հիմք է հանդիսացել, որոնց ընթացքում հաշվի են առնվել գիտական և էթիկական տարբեր կարծիքներ և այս առարկայի շուրջ հարցեր (տե՛ս վերևում՝ 127-րդ պարբերությունը):
185. XII-րդ Մշտական հանձնաժողովի կողմից 2002թ. մարտի 26-ին Խորհրդարանին ներկայացված զեկույցից երևում է, որ արհեստական բեղմնավորման ոլորտում աշխատող բժիշկները, մասնագետները և միությունները նպաստել են այդ հարցի շուրջ քննարկումների ծավալմանը, որի ամենաթեժ մասը գլխավորապես վերաբերում էր անհատական ազատությունների ոլորտին` աշխարհիկ պետության հայեցակարգի կողմնակիցներին հանելով դավանաբանական մոտեցմանը հարող անձանց դեմ:
186. Բացի այդ, 2004թ. հունվարի 19-ի թիվ 40/2004 Օրենքը նաև քննարդատվել է այդ քննարկումների ընթացքում՝ ի թիվս այլոց, այն հիմքով, որ Օրենքի 1-ին հոդվածի համաձայն սաղմի՝ որպես իրավունքի սուբյեկտ ճանաչումը որոշ անձանց կարծիքով մի շարք սահմանափակումների համար առիթ էր հանդիսանում, օրինակ՝ հետերոլոգիական բեղմնավորման և ներպատվաստման համար չնախատեսված սառնապահպանման ներքո գտնվող սաղմերի՝ գիտական հետազոտություններում օգտագործելու համար:
187. Ինչպես և Կառավարությունը, Դատարանը կրկնում է, որ թիվ 40/2004 Օրենքը մի քանի հանրաքվեների է դրվել, որոնք անվավեր են ճանաչվել՝ պահանջվող ձայների շեմը չհաղթահարելու պատճառով: Դժվար բուժելի հիվանդությունների ոլորտում գիտական հետազոտությունների զարգացումը Իտալիայում խթանելու նպատակով նշված հանրաքվեներից մեկով նախատեսվում էր ուժը կորցրած ճանաչել 13-րդ հոդվածի այն մասը, որով թույլատրվում էր գիտական հետազոտություններ անցկացնել սաղմերի վրա՝ պայմանով, որ դրանք ուղղված են վերջիններիս առողջության և զարգացման պաշտպանությանը:
188. Հետևաբար, Դատարանը նշում է, որ խնդրո առարկա Օրենքի մշակման փուլում օրենսդիրը արդեն իսկ հաշվի է առել տարբեր կողմերի շահերը, մասնավորապես՝ պետության՝ սաղմը պաշտպանելու հետաքրքրվածությունը, ինչպես նաև շահագրգիռ անձանց կողմից հետազոտությունների համար իրենց սաղմերը նվիրաբերելու միջոցով ինքնորոշման իրավունքը իրացնելու շահը:
189. Դատարանը հիշատակում է դիմումատուի այն պնդումը, համաձայն որի բժշկության արհեստական բեղմնավորման ոլորտի վերաբերյալ իտալական օրենսդրությունը հակասական է, որը վերջինս արել էր ի պաշտպանություն այն փաստարկին, որ վիճարկվող միջամտությունը անհամաչափ էր:
190. Գրավոր իր առարկություններում և լսումների ընթացքում դիմումատուն նշել է, որ դժվար է համադրել Կառավարության կողմից սատարվող սաղմի պաշտպանությունը կանանց՝ մինչև երեք ամսեկան հղիությունը բժշկական հիմքերով ընդհատելու իրավունակության, ինչպես նաև իտալական հետազոտողների կողմից արտերկրում ոչնչացված սաղմերից ստացված սաղմնային բջիջների գծերի օգտագործման հետ:
191. Դատարանի առջև դրված չէ իտալական օրենսդրության ներդաշնակությունը վերացականորեն ուսումնասիրելու խնդիրը: Դատարանի վերլուծության նպատակների տեսանկյունից հիմնավորված լինելու համար, դիմումատուի կողմից վիճարկվող հակասությունները պետք է վերաբերեն վերջինիս կողմից Դատարանին ներկայացված բողոքի առարկային, այն է՝ սաղմերի ճակատագրի հարցում ինքնորոշման իրավունքի նկատմամբ սահմանափակմանը (տե՛ս, mutatis mutandis, Olsson-ի (թիվ 1) գործը, մեջբերված է վերևում, § 54, և Knecht-ի գործը, մեջբերված է վերևում, § 59):
192. Ինչ վերաբերում է արտերկրում ոչնչացված սաղմերից ստացված և հետագայում Իտալիա ներմուծված սաղմնային բջիջների գծերի վրա իրականացվող հետազոտություններին, ապա Դատարանը նշում է, որ թեև դիմումատուի կողմից վկայակոչված սաղմերի ճակատագիրը որոշելու իրավունքը վերաբերում է գիտական հետազոտություններին նպաստելու վերջինիս ցանկությանը, այն չի կարող սակայն դիտվել որպես մի հանգամանք, որը անմիջականորեն ազդում է դիմումատուի վրա:
193. Բացի այդ, Դատարանը հաշվի է առնում լսումների ընթացքում Կառավարության ներկայացրած տեղեկատվությունը, ըստ որի հետազոտությունների նպատակների համար իտալական լաբորատորիաներում օգտագործվող սաղմնային բջիջների գծերը երբևիցե չեն արտադրվել իտալական մարմինների պահանջով:
194. Դատարանը համակարծիք է Կառավարության հետ, որ մարդկային սաղմի կանխամտածված և ակտիվ ոչնչացումը չի կարող համեմատվել վաղ շրջանում ոչնչացված մարդկային սաղմերից ստացված բջիջների գծերի օգտագործման հետ:
195. Վերոնշյալից Դատարանը եզրակացնում է, որ նույնիսկ եթե ենթադրենք, ինչպես դիմումատուն էր պնդում, որ օրենսդրության մեջ հակասություններ գոյություն ունեն, սույն գործով դրանք չեն կարող ուղղակիորեն ազդել նրա կողմից վկայակոչված իրավունքի վրա:
196. Վերջապես, Դատարանը նշում է, որ սույն գործով խնդրո առարկա սաղմերը գիտական հետազոտությունների համար նվիրաբերելու որոշումը դիմումատուն մենակ է կայացրել, քանի որ նրա զուգընկերը մահացել է: Դատարանը որևէ ապացույց չունի, որով կհիմնավորվեր, որ նրա զուգընկերը, ով բեղմնավորման ժամանակահատվածում դիմումատուի չափ հետաքրքված էր խնդրո առարկա սաղմերով, նույն որոշումը կկայացներ: Բացի այդ, նման իրավիճակը որևէ կերպ կանոնակարգված չէ ներպետական մակարդակում:
197. Վերը նշված հիմնավորումների համաձայն՝ Դատարանը գտնում է, որ Կառավարությունը չի անցել է սույն գործով իրեն վերապահված թույլատրելի հայեցողության լայն շրջանակը և որ խնդրո առարկա արգելքը «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով:
198. Հետևաբար, Դատարանը գտնում է, որ դիմումատուի՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտում տեղի չի ունեցել:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
199. Հիմնվելով Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի վրա՝ դիմումատուն բողոքել է, որ նա զրկված էր իր սաղմերը նվիրաբերելու հնարավորությունից և ստիպված էր դրանք սառնապահպանման վիճակում պահել՝ մինչև վերջիններիս մահը: Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝
«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նպատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»:
Ա. Կողմերի փաստարկները
1. Կառավարությունը
200. Կառավարությունը, նախևառաջ, պնդել է, որ մարդկային սաղմը չի կարող դիտվել որպես «իր» և ցանկացած պարագայում անընդունելի էր դրան տնտեսական արժեք վերագրել: Կառավարությունը նկատել է, որ Իտալիայի իրավական համակարգում սաղմը դիտվում է որպես իրավունքի սուբյեկտ, որը մարդու արժանապատվության համար պատշաճ հարգանքի իրավունք ունի:
201. Կառավարությունը նաև պնդել է, որ Դատարանը անդամ պետություններին շնորհել է թույլատրելի հայեցողության լայն շրջանակ՝ մարդկային կյանքի սկիզբն որոշելու հարցում (նրանք վկայակոչել են Evans-ի գործը, մեջբերված է վերևում, § 56), մասնավորապես՝ սույն ոլորտին նման ոլորտների դեպքում, երբ խնդրո առարկա են հանդիսանում բարոյական և էթիկական բարդ հարցեր, որոնց շուրջ գոյություն չունի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև համաձայնություն:
202. Կառավարությունը եզրակացրել է, որ սույն գործով թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
2. Դիմումատուն
203. Դիմումատուն պնդել է, որ in vitro բեղմնավորման միջոցով ստացված սաղմերը չեն կարող դիտվել որպես «անհատներ», քանի որ ներպատվաստված չլինելու պատճառով դրանք չեն կարող պտղի վերածվել և ծնունդ առնել: Դիմումատուն եզրակացրել է, որ իրավական տեսանկյունից դրանք հանդիսանում էին «գույք»:
204. Տվյալ հանգամանքներում, դիմումատուն գտել է, որ այդ սաղմերը իրեն են պատկանում սեփականության իրավունքով և որ պետությունը սահմանափակել է այդ իրավունքը, ինչը արդարացված չէր հանրության շահի հիմքով: Դիմումատուի կարծիքով, սաղմի գոյատևման ներուժի պաշտպանությունը չէր կարող ողջամտորեն վկայակոչվել այս կապակցությամբ, քանի որ դրանք ենթակա էին վերացման:
3. Երրորդ կողմը
(ա) Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոն («the ECLJ»)
205. ECLJ-ն պնդել է, որ սաղմերը չեն կարող դիտվել որպես «իրեր» և, հետևաբար, կանխամտածված կարգով ոչնչացվել: Այն նաև պնդրել է, որ «գույք» հասկացության հիմքում կա տնտեսական երանգ, որը պետք է բացառել մարդկային սաղմերի դեպքում:
206. Անդրադառնալով Vo-ն ընդդեմ Ֆրանսիայի գործին ([ՄՊ], թիվ 53924/00, § 82, ՄԻԵԴ 2004‑VIII), կենտրոնը վերջում նշել է, որ Դատարանը թույլատրել է պետություններին իրենց ներպետական իրավական համակարգում որոշել, թե «երբ է կյանքի իրավունքը սկսվում» և որ Դատարանը թույլատրելի լայն շրջանակ է շնորհել այս ոլորտում (A-ն, B- և C-ն ընդդեմ Իռլանդիայի, մեջբերված է վերևում, § 237):
(բ) Շարժում հանուն կյանքի, Գիտության և կյանքի միություններ (the associations Movimento per la vita, Scienza e vita) և Ընտանեկան միությունների ֆորում (Forum delle associazioni familiari), ներկայացնում է պրն. Carlo Casini-ն
207. Երրորդ կողմ հանդիսացող այս կազմակերպությունները պնդել են, որ մարդկային սաղմը երբեք չի կարող դիտվել որպես «իր»:
208. Այս կազմակերպությունները այնուհետ պնդել են, որ իտալական օրենսդրությունը այս առարկայի շուրջ միասնական էր: Թեև նրանք ընդունում էին, որ բժշկական հիմքերով հղիության արհեստական ընդհատումը օրինական էր, վերջիններս նշել են, որ դա այն պատճառով չէր, որ սաղմը կարող է դիտվել որպես «իր», այլ այն՝ որ հաշվի էին առնվել ներգրավված տարբեր շահեր, մասնավորապես՝ մոր շահը:
(գ) Luca Coscioni, Amica Cicogna Onlus, L’altra cicogna Onlus, Cerco bimbo միություններ և իտալական խորհրադարանի քառասունվեց անդամներ, ներկայացնում է տկն. Filomena Gallo-ն
209. Տկն. Gallo-ն վերահաստատեց դիմումատուի կողմից սաղմի կարգավիճակի վերաբերյալ ներկայացված փաստարկները:
(դ) VOX – Osservatorio italiano sui Diritti, Պտղաբերության հասարակություն («SIFES»), Անպղության և վերարտադրողական բժշկություն (Sterility and Reproductive Medicine) և Cittadinanzattiva միություններ, ներկայացնում են տկն. Maria Elisa D’Amico-ն, տկն. Maria Paola Costantini-ն, պրն. Massimo Clara-ն, տկն. Chiara Ragni-ն և տկն. Benedetta Liberali-ն
210. Երրորդ կողմ այս կազմակերպությունները Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի մասով առարկություններ չեն ներկայացրել:
Բ. Դատարանի գնահատականը
1. Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված սկզբունքները
211. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «գույք» հասկացությունն ունի ինքնավար իմաստ, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով և անկախ է ներպետական օրենսդրությունում ունեցած պաշտոնական դասակարգումից. միջոցներ հանդիսացող որոշ այլ իրավունքներ և շահեր կարող են նույնպես դիտվել որպես «գույքային իրավունքներ» և ուստի որպես «գույք»՝ սույն դրույթի նպատակների համար: Յուրաքանչյուր գործով քննության ենթակա հարցն է, թե արդյոք այդ գործի հանգամանքները, ամբողջության մեջ, սեփականության իրավունք են վերապահում դիմումատուին՝ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող հիմնական շահի նկատմամբ (տե՛ս Iatridis-ն ընդդեմ Հունաստանի [ՄՊ], թիվ 31107/96, § 54, ՄԻԵԴ 1999‑II, Beyeler-ն ընդդեմ Իտալիայի [ՄՊ], թիվ 33202/96, § 100, ՄԻԵԴ 2000‑I, և Broniowski-ն ընդդեմ Լեհաստանի [ՄՊ], թիվ 31443/96, § 129, ՄԻԵԴ 2004‑V):
212. Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը կիրառվում է միայն անձի գոյություն ունեցող գույքի նկատմամբ: Ապագայում ակնկալվող եկամուտը չի կարող համարվել «գույք», բացառությամբ այն դեպքերի, երբ այն արդեն վաստակած է կամ ենթակա վճարման: Բացի այդ, երկար ժամանակ առաջ դադարեցված գույքային իրավունքը վերականգնելու ակնկալիքը չի կարող համարվել «գույք». ոչ էլ՝ պայմանը չկատարելու արդյունքում ուժը կորցրած պայմանական պահանջը (տե՛ս Gratzinger-ը և Gratzingerova-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության (որոշ.), թիվ 39794/98, § 69, ՄԻԵԴ 2002‑VII):
213. Սակայն, որոշ հանգամանքներում միջոցներ ձեռք բերելու «իրավաչափ ակնկալիքը» նույնպես կարող է օգտվել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի պաշտպանությունից: Ըստ այդմ, եթե պահանջի հիմքում ընկած է գույքային շահ, անձը, որին այն պատկանում է, կարող է դիտվել որպես իրավաչափ ակնկալիք ունեցող անձ, եթե բավարար հիմքեր կան ներպետական օրենքում դրա համար, օրինակ՝ երբ ներպետական դատարանների կայուն նախադեպային իրավունքով հաստատվում է դրա գոյությունը (տե՛ս Kopecký-ն ընդդեմ Սլովակիայի [ՄՊ], թիվ 44912/98, § 52, ՄԻԵԴ 2004‑IX):
2. Սույն գործում վերոնշյալ սկզբունքների կիրառումը
214. Դատարանը նշում է, որ սույն գործով նախնական հարց է բարձրացվում գործի փաստերի նկատմամբ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի կիրառելիության վերաբերյալ: Դատարանը նշում է, որ կողմերն ունեն տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ այս հարցի շուրջ, հատկապես՝ in vitro մարդկային սաղմի կարգավիճակի հարցում:
215. Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտություն չկա քննելու զգայուն և հակասական այն հարցը, թե արդյոք երբ է մարդկային կյանքը սկիզբ առնում, քանի որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը սույն գործով քննության առարկա չի հանդիսանում: Հաշվի առնելով սույն հոդվածի տնտեսական և նյութական շրջանակը՝ մարդկային սաղմերը այս դրույթի իմաստով չեն կարող փոխարկվել «գույքի»:
216. Հաշվի առնելով, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը սույն գործով կիրառելի չէ, ուստի Դատարանը մերժում է գանգատի այս մասը՝ Կոնվենցիայի դրույթների հետ ratione materiae անհամատեղելի լինելու հիմքով՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ`
1. Մերժում է, միաձայն, Կառավարության՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու հիմքով առարկությունը.
2. Մերժում է, ձայների մեծամասնությամբ, Կառավարության՝ գանգատը ուշացումով ներկայացնելու հիմքով առարկությունը.
3. Մերժում է, ձայների մեծամասնությամբ, Կառավարության՝ դիմումատուի տուժողի կարգավիճակ չունենալու հիմքով առարկությունը.
4. Հայտարարում է, ձայների մեծամասնությամբ, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վերաբերյալ բողոքը ընդունելի է.
5. Հայտարարում է, միաձայն, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի վերաբերյալ բողոքը անընդունելի է.
6. Վճռում է, ձայների տասնվեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն, կայացվել է 2015թ. օգոստոսի 27-ին հրապարակային նիստում, որը տեղի է ունեցել Մարդու Իրավունքների Դատարանի շենքում, Ստրասբուրգում:
Johan CallewaertDean Spielmann
Քարտուղարի տեղակալՆախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն` սույն վճռին կից ներկայացվում են հետևյալ առանձին կարծիքները.
(ա) դատավոր Pinto de Albuquerque-ի մեծամասնության դիրքորոշմանը համընկնող կարծիքը,
(բ) դատավոր Dedov-ի մեծամասնության դիրքորոշմանը համընկնող կարծիքը,
(գ) դատավորներ Casadevall-ի, Raimondi-ի, Berro-ի, Nicolaou-ի և Dedov-ի մեծամասնության դիրքորոշմանը մասամբ համընկնող ընդհանուր կարծիքը,
(դ) դատավորներ Casadevall-ի, Ziemele-ի, Power-Forde-ի, De Gaetano- և Yudkivska-ի մեծամասնության դիրքորոշմանը մասամբ չհամընկնող կարծիքը,
(ե) դատավոր Nicolaou-ի մեծամասնության դիրքորոշմանը մասամբ չհամընկնող կարծիքը,
(զ) դատավոր Sajó-ի մեծամասնության դիրքորոշմանը չհամընկնող կարծիքը:
«Հատուկ կարծիքները չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակ(ներ)ում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի HUDOC տվյալների բազայում»։
D.S.
J.C.
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2016
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2016
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2016
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
[1]. Անդորրա, Հայաստան, Ավստրիա, Ադրբեջան, Բելգիա, Բոսնիա-Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիայի Հանրապետություն, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Լատվիա, Լիխտենշտեյն, Լիտվա, Լյուքսեմբուրգ, «Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն», Մոնակո, Նիդեռլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Սան-Մարինո, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա, Միացյալ Թագավորություն և Ուկրաինա:
[2]. Բուլղարիա, Չեխիայի Հանրապետություն, Էստոնիա, Ֆինլանդիա, «Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն», Ֆրանսիա, Հունաստան, Հունգարիա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա և Շվեյցարիա:
[3]. Սաղմնային բջիջներ, որոնք դեռ չեն դիֆերենցվել և որոնցից յուրաքանչյուրն ինքնուրույն կարող է մի ամբողջ օրգանիզմի առաջացման հիմք հանդիսանալ (Larousse-ի բժշկական բառարան):
Full & Egal Universal Law Academy