© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015թ: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես հեղինակային իրավունքի մասին ցուցումն այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe(/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՊԵՏՐՈՊԱՎԼՈՎՍԿԻՍՆ ԸՆԴԴԵՄ ԼԱՏՎԻԱՅԻ ԳՈՐԾԸ
(Դիմում թիվ 44230/06)
ԴԱՏԱՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
13-ը հունվարի, 2015թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
01/06/2015
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմաններում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Պետրոպավլովսկիսն ընդդեմ Լատվիայի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (չորրորդ բաժանմունք) պալատը հետևյալ կազմով՝
Պաիվի Հիրվելա, նախագահ,
Ինետա Զիմելե,
Ջորջ Նիկոլաու,
Լեդի Բիանկու,
Զդրավկա Կալայջիևա,
Քժիշտով Վոյտիչեկ,
Ֆարիս Վեհաբովիչ, դատավորներ,
և Ֆրանսուա Էլենս-Փասոս, Բաժանմունքի քարտուղար,
2014թ. նոյեմբերի 18-ին և դեկտեմբերի 9-ին դռնփակ նիստում կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց վերջին ամսաթվին՝
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Վարույթը հարուցվել է 2006թ. հոկտեմբերի 10-ին՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, Լատվիայի հանրապետության «մշտական բնակիչ ոչ-քաղաքացի» պրն. Յուրիյս Պետրոպավլովսկիսի (այսուհետ՝ «դիմումատու») կողմից ընդդեմ Լատվիայի հանրապետության դեմ բերված գանգատի (թիվ 44230/06) հիման վրա։
2. Դիմումատուին ներկայացրել է Բրյուսելում գործող փաստաբան պրն. Ա. Դիմիտրովսը։ Լատվիայի Կառավարությունը (այսուհետ՝ «Կառավարություն») ներկայացրել են նրա ներկայացուցիչներ տկն. Ի. Ռայնը, այնուհետև՝ տկն. Կ. Լիսը։
3. Դիմումատուն բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 10-րդ, 11-րդ և 13-րդ հոդվածների շրջանակներում, առ այն, որ Լատվիայի քաղաքացիության ենթադրելիորեն կամայական մերժումը հպատակագրման միջոցով եղել է իր նկատմամբ կիրառված պատժիչ միջոց, քանի որ նա տարածել է գաղափարներ և իրականացրել է խաղաղ հավաքներին մասնակցելու իր իրավունքը՝ Կառավարության դիրքորոշումը քննադատելու նպատակով։
4. 2008թ. հունիսի 3-ի որոշմամբ Դատարանը գանգատը հայտարարել է ընդունելի և ըստ էության միացել է Դատարանի ratione materiae իրավասության վերաբերյալ Կառավարության առարկությանը։
5. Թե՛ դիմումատուն և թե՛ Կառավարությունը հետագա գրավոր դիտարկումներ են ներկայացրել (կանոն 59 § 1) ըստ էության։
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Դիմումատուն ծնվել է 1955թ. և բնակվում է Ռիգայում։
7. Նախքան 1998թ. հոկտեմբեր 29-ը, երբ Լատվիայի խորհրդարանը (Saeima) ընդունեց Կրթության մասին օրենքը, կրթությունը պետության մեջ և մունիցիպալ դպրոցներում շարունակում էր իրականացվել լատվերեն և ռուսերեն լեզուներով, մի գործելակերպ, որը ժառանգվել էր խորհրդային ժամանակներից։ Կրթության մասին օրենքը, որն ուժի մեջ մտավ 1999թ. հունիսի 1-ին, նախատեսում էր, որ Լատվիայի հանրապետության բոլոր պետական և մունիցիպալ դպրոցներում դասավանդման միակ լեզուն պետք է լինի պետական լեզուն, այսինքն՝ լատվերենը։ Այն նաև նախատեսում էր, որ դասավանդման լեզուն կարող է տարբերվել մասնավոր դպրոցներում, պետական և մունիցիպալ դպրոցներում, որոնք իրականացնում են ազգային փոքրամասնությունների ուսումնական ծրագիր, ինչպես նաև կրթական այլ հաստատություններում՝ օրենքով նախատեսված կարգով։ Ինչ վերաբերում է պետական և մունիցիպալ դպրոցներին, որոնք իրականացնում են ազգային փոքրամասնությունների ուսումնական ծրագիրը, ապա Կրթության նախարարությանն էր վերապահված սահմանել որոշակի առարկաներ, որոնք պետք է դասավանդվեին պետական լեզվով (հոդված 9(1) և (2)) և Կրթության նախարարությունը պարտավոր էր երաշխավորել, որ համապատասխան կանոնակարգերը ներկայացվեին Կառավարություն մինչև 1999թ. սեպտեմբերի 1-ը (անցումնային դրույթներ, 3-րդ պարբերություն)։ Նաև որոշվել էր, որ յուրաքանչյուրը պետք է սովորի պետական լեզուն և հանձնի պետական լեզվի իմացության (որակավորման) քննություն՝ հիմնական և միջնակարգ կրթություն ստանալու համար (հոդված 9(3))։
8. 2003- 2004թթ. Դիմումատուն ակտիվորեն ներգրավված է եղել կրթական բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներում։ Նա մեկն էր «Ռուսական դպրոցների պաշտպանության շտաբի» առաջնորդներից (լատվերեն՝ «Krievu skolu aizstāvības štābs»), որը ներգրավված էր կրթական բարեփոխումների դեմ բողոքների խթանման և քարոզչության մեջ։ Նա մասնակցել էր կրթական բարեփոխումների դեմ կազմակերպված ցույցերին և հավաքներին և հրապարակային հայտարարություններ արել՝ պաշտպանելով ռուսերեն լեզվով կրթություն ստանալու՝ ռուսախոս համայնքի իրավունքը և պետական ֆինանսավորմամբ միայն ռուսերեն լեզվով դասավանդմամբ ռուսական դպրոցները պահպանելու վերաբերյալ գաղափարները։ Կառավարությունը Դատարանին որպես ապացույց ներկայացրել է այս բողոքի ակցիաների լուսաբանումը մամուլի կողմից 2005թ. հունիսի 28-ից մինչև սեպտեմբերի 23-ը ընկած ժամանակահատվածի համար, ներառելով լատվիական լրատվական LETA գործակալության լրատվական հաղորդումները և Diena և Lauku Avīze օրաթերթերի և (ռուսալեզու) Novaja Gazeta ռեգիոնալ թերթի հոդվածները։ Ընդհանուր առմամբ կային տասերեք լրատվական հաղորդումներ և հոդվածներ։
9. Մի քանի մեծածավալ հավաքներից և ցույցերից հետո Խորհրդարանը Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենք ընդունեց 2004թ. փետրվարի 5-ին։ Նոր տեքստում նախատեսվում էր, որ 2004թ. սեպտեմբերի 1-ից բոլոր պետական և մունիցիպալ միջնակարգ դպրոցները, որոնք իրականացնում են ազգային փոքրամասնությունների ուսումնական ծրագիր, պարտավոր են երաշխավորել ուսուցումը պետական լեզվով ուսումնական ծրագրի ոչ պակաս քան 60% -ի համար, ներառյալ օտար լեզուների ուսուցումն այն երեխաների համար, ովքեր մեկնարկում են իրենց ուսումը տասներորդ դասարանում։ Այս դպրոցները նաև պարտավոր էին երաշխավորել, որ փոքրամասնությունների լեզվի, ինքնության և մշակույթի վերաբերյալ ուսումնական ծրագիրը դասավանդվեր տվյալ փոքրամասնության լեզվով (անցումնային դրույթներ, 3-րդ պարբերություն)։
10. 2003թ. նոյեմբերին դիմումատուն դիմել է Հպատակագրման խորհրդին (Naturalizācijas Pārvalde)՝ փորձելով հպատակագրմամբ ձեռք բերել Լատվիայի քաղաքացիություն։ 2003թ. դեկտեմբերի 1-ին նա հանձնել է հպատակագրման քննությունները (տես ստորև՝ 29-րդ պարբերությունը)։
11. Հպատակագրման խորհուրդը ուսումնասիրել է դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը և գտնելով, որ նա համապատասխանում է Քաղաքացիության մասին օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածների պահանջներին, ներառել է նրա անունը քաղաքացիության համար դիմող թեկնածուների ցուցակում։ Ցուցակը կցվել է քաղաքացիության տրամադրման մասին որոշման նախագծին և փոխանցվել Կառավարություն (Ministru kabinets) վերջնական որոշում կայացնելու համար։
12. 2004թ. նոյեմբերի 16-ին Կառավարությունը որոշել է ջնջել դիմումատուի անունը ցանկից՝ այդպիսով մերժելով հպատակագրման մասին նրա դիմումը։
13. 2004թ. նոյեմբերի 30-ին Հպատակագրման խորհուրդը տեղեկացրել է դիմումատուին Կառավարության որոշման մասին։
14. 2004թ. դեկտեմբերի 7-ին դիմումատուն վարչական վարույթ է հարուցել Կառավարության դեմ։ Նա դիմել է Վարչական շրջանային դատարան՝ (Administratīvā rajona tiesa) «պարտավորեցնելու Կառավարությանը որոշում կայացնել իրեն Լատվիայի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ»։ Դիմումատուն պնդել է, որ Լատվիայի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ որոշումը եղել է վարչական ակտ և չի կարող համարվել քաղաքական որոշում։ Նա համարում էր inter alia որ անձը կատարում է հավատարմության իր պարտականությունը, եթե համապատասխանում է Քաղաքացիության մասին օրենքի պահանջներին, և եթե չկան սահմանափակումներ օրենքում, որոնք կարելի է կիրառել տվյալ անձի նկատմամբ։ Նա համարում էր, որ իրեն քաղաքացիություն չշնորհելու մասին որոշումը հակաօրինական է։ Հավասար վերաբերմունքի սկզբունքի համաձայն, նրա տեսակետները չէին կարող մերժման հիմք լինել։ Նա նշել էր, որ իր անունը ջնջել են ցանկից «Հանուն միավորված Լատվիայում մարդու իրավունքների» քաղաքական կուսակցությունում (“Par cilvēka tiesībām vienotā Latvijā”, հապավումը՝ PCTVL) մասնակցության և իր հրապարակային հայտարարությունների պատճառով։ PCTVL-ն նրա թեկնածությունն էր առաջադրել Ռիգայի քաղաքապետի պաշտոնում, բայց քաղաքացիության մերժումը նրան զրկել էր տեղական մունիցիպալ ընտրություններին մասնակցելու իրավունքից և ունեցել էր քաղաքական շարժառիթներ։
15. 2004թ. դեկտեմբերի 10-ին դիմումատուն հարցազրույց էր տվել Lauku Avīze օրաթերթի մի լրագրողի։ Նրա պատասխանն այն հարցին, թե արդյոք ինքը հույս ուներ շահել գործը ներպետական և միջազգային դատարաններում, հաղորդվել է այսպես՝
«Եթե ես ցանկանայի քաղաքական իշխանություն ձեռք բերել, վաղուց հպատակագրված կլինեի և ընտրված կլինեի [Խորհրդարանում]։ Գործը շահելու հավանակությունը կարող է լինել հիսուն տոկոս։ Սակայն դա ինձ անհրաժեշտ չէ։ Անկեղծ ասած, մեզ անհրաժեշտ է մեծ միջազգային աղմուկ (սկանդալ)։ Քաղաքացիության մասին իմ գործով մենք հասել ենք դրան և բացի այդ [մենք ստացել ենք] հանրային հարաբերությունների ընդլայնված անվճար քարոզարշավ PCTVL-ի համար»։
16. 2005թ. հունվարի 5-ին Վարչական շրջանային դատարանում ներկայացրած իր պնդումներում Կառավարությունը շեշտել է, որ Արդարադատության նախարարությունը ուշադրույթյուն է դարձրել Քաղաքացիության մասին օրենքի դրույթների իրականացմանը, կապված նրա հետ, որ Լատվիայի քաղաքացիության ձգտող թեկնածուն պետք է ցույց տա իր հավատարմությունը Լատվիայի հանրապետությանը, ոչ միայն խոստման, այլև իր գործողությունների միջոցով, և որ դիմումատուի գործողությունները համահունչ չեն եղել Լիտվայի հանրապետությանը հավատարմության երդմանը։ Ուսումնասիրելով իր տնօրինած տեղեկությունները՝ Կառավարությունը որոշել է, որ դիմումատուի գործողությունները խնդրո առարկա ժամանակահատվածում ցույց չեն տվել հավատարմություն Լիտվայի հանրապետությանը։
17. 2005թ. նոյեմբերին Վարչական շրջանային դատարան ներկայացրած լրացուցիչ փաստաթղթերում Կառավարությունը inter alia պնդել է, որ իր քաղաքական որոշումը հիմնված է եղել դիմումատուի գործողություններին։ Ակնհայտ էր, որ նա չէր կարող ճշմարտապես հավատարմության երդում տալ։ Դրա մասին էին վկայում նրա սեփական հրապարակային հայտարարությունները, որոնք մատնանշում էին, որ նա չուներ անկեղծ կապ Լատվիայի հանրապետության հետ, որ նա չէր ցանկանում նման կապ հաստատել, և որ նա դիմել էր քաղաքացիության համար Լատվիայի հանրապետությանը վնասելու նպատակ հետապնդող քաղաքական քարոզարշավի շրջանակներում։ Կառավարությունը մեջբերել էր այն հայտարարությունները, որ նա արել էր 2004թ. դեկտեմբերի 10-ի հարցազրույցի ընթացում (տես վերոնշյալ 15-րդ պարբերությունը)։ Հիմնվելով «իրեն պաշտպանելու ունակ ժողովրդավարության» սկզբունքին՝ Կառավարությունը պնդում էր, որ ազգային անվտանգությունը, ալոց և նաև Պետական լեզվի պաշտպանությունը ժողովրդավարական արժեքներ էին, որոնք Պետությունը հավակնում էր պաշտպանել։ Դիմումատուի հրապարակային հայտարարությունները ցույց տվեցին, որ նրա գործողություններն ուղղված էին երկրում իրավիճակի ապակայունացմանը և որ քաղաքացի դառնալու նրա ցանկությունը այդ նպատակն ուներ։ Նրա հայտարարություններն ու գործողությունները ցույց էին տվել, որ նա իրական սպառնալիք է ազգային անվտանգության համար (i) դիմումատուն մի կազմակերպության առաջնորդ էր, որի գործողություններն ուղղված էին հանրային կարգն ու անվտանգությունը խանգարելուն[1], (ii) կազմակերպության գործողությունները վկայում էին բռնություն կիրառելու հնարավորության մասին[2], (iii) դիմումատուի հայտարարությունները ցույց էին տալիս, որ նա պատրաստ է բռնություն կիրառել[3], (iv) դիմումատուի գործողությունները ցույց էին տալիս նրա դժկամությունը՝ թույլ տալու պետական իշխանություններին օրինական վերահսկողություն իրականացնել կազմակերպության գործունեության օրինականության նկատմամբ[4], և (v) դիմումատուի իրական նպատակը Լատվիայի քաղաքացիություն ձեռք բերելը չէր, այլ քաղաքական սկանդալի խթանմանն ուղղված կազմակերպված արշավ իրականացնելը[5]։
18. 2005թ. դեկտեմբերի 16-ին Վարչական շրջանային դատարանը որոշում է կայացրել վարույթը դադարեցնելու մասին՝ առանց գործը քննելու ըստ էության։ Դատարանը վճռել է, որ Լատվիայի քաղաքացիություն շնորհվելու վերաբերյալ Կառավարության որոշումը (lēmums par personas uzņemšanu Latvijas pilsonībā) «քաղաքական որոշում» է եղել (տես ստորև նշված 33-րդ պարբերությունը) և որպես այդպիսին ենթակա չէ դատարանի կողմից քննության։ Դիմումատուն բողոքարկել է որոշումը, նշելով, inter alia, որ Քաղաքացիության մասին օրենքը չէր կարող օգտագործվել որպես քաղաքական զենք, և որ դատարանը պետք է լիակատար իրավասություն ունենար նմանօրինակ որոշումների նկատմամբ։
19. 2006թ. փետրվարի 13-ին Վարչական ռեգիոնալ դատարանը (Administratīvā apgabaltiesa) ուժի մեջ է թողել Վարչական շրջանային դատարանի վճիռը և նույնպես համարել, որ Կառավարության որոշումը եղել է քաղաքական որոշում։ Դիմումատուն բողոքել է, նշելով, inter alia, որ քաղաքացիության շնորհումը չի կարող օգտագործվել որպես քաղաքական զենք և որ դատարանը պետք է լիակատար իրավասություն ունենա նման որոշումների նկատմամբ։
20. 2006թ. ապրիլի 11-ին Գերագույն դատարանի Սենատի վարչական բաժանմունքը (Augstākās tiesas Senāta Administratīvo lietu departaments) ուժի մեջ է թողել Վարչական ռեգիոնալ դատարանի վճիռը։ Դատարանը վճռել է, որ ըստ Քաղաքացիության մասին օրենքի, Հպատակագրման խորհուրդը պետք է նախապատրաստի որոշման նախագիծ կապված իրավական փաստերի հաստատման հետ։ Վերջնական որոշումը կայացվել էր Կառավարության կողմից։ Կառավարությունն իր որոշումը կայացրել էր հիմնվելով Հպատակագրման խորհրդի նախապատրաստած որոշման նախագծին՝ քվեարկությամբ։ Կառավարության անդամներից չէր պահանջվում պատճառաբանել իրենց քվեարկությունը, և օրենքը այդ առումով չէր նախատեսում որոշումների կայացման գործընթացի մանրամասներ։ Դատարանը նշել է, inter alia, որ
«[8.3] ... Կառավարությունը [ունի] անսահմանափակ իրավասություն քաղաքացիություն տրամադրելու կամ մերժելու այն անձանց, ովքեր, ինչպես հաստատել է Հպատակագրման խորհուրդը, բավարարել են հպատակագրման չափանիշները։ Գործողության նման անսահմանափակ ազատությունը, ինչը նաև խիստ հակասության (krasi kontrastē) մեջ է Հպատակագրման խորհրդի որոշման վերաբերյալ մանրամասն կանոնակարգի հետ, հաստատում է, որ Կառավարությունը նման դեպքում իրականացնում է ոչ թե վարչական այլ ավելի շուտ սահմանադրական գործառույթ։ Այսպիսով, Կառավարությունը չի կարող համարվել պետական մարմին` վարչական վարույթի նպատակների շրջանակներում։ Հետևաբար, այն պնդումը, որը ներկայացվել է օժանդակ բողոքում առ այն, որ վերոնշյալ վճիռը համապատասխանում է վարչական ակտի բոլոր չափանիշներին, անհիմն է։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ [Վարչական ռեգիոնալ դատարանի] վճիռը այն մասին, որ բողոքարկված վճիռը ոչ թե վարչական ակտ, այլ քաղաքական որոշում է, ճիշտ է։ ...
[10] Վարչական դեպարտամենտի կարծիքով, եթե անձը բավարարում է հպատակագրման բոլոր պահանջները և եթե կիրառելի չեն հպատակագրման սահմանափակումներ, [կա] միայն Կառավարության կողմից քաղաքացիության ձեռք բերման մասին որոշման նախագծի քննության սուբյեկտիվ իրավունք։
[11] Այն փաստը, որ օրենսդրությունը չի սահմանում Կառավարության որոշումը բողոքարկելու ընթացակարգ, չի նշանակում, որ նման որոշումը ենթակա է բողոքարկման որպես վարչական ակտ, համաձայն Վարչական դատավարության օրենքի։ Լատվիայում չկա հաստատված գործելակերպ ցույց տալու, expressis verbis իրավական ակտով, որ համապատասխան որոշումը բողոքարկման ենթակա չէ ...
[12] ... Վարչական դեպարտամենտի կարծիքով Լատվիայի օրենքները հնարավորություն են ստեղծում վերահսկելու (kontrolēt) հպատակագրման հարցերով կայացված որոշումները։ Այսինքն, Հպատակագրման խորհրդի կայացրած որոշումները (վարչական ակտերը) ենթակա են բողոքարկման դատարանում՝ համաձայն Վարչական դատավարության օրենքի, մինչդեռ եթե Կառավարության որոշումը կամ դրա ինչ-որ մասը հակասում է օրենքին, պետական դատախազը կարող է բողոք ներկայացնել վերահսկողական վերանայման նպատակով (protests) համաձայն Դատախազության մասին օրենքի 19-րդ հոդվածի։ Հետևաբար, [դիմումատուի] հղումը Քաղաքացիության մասին Եվրոպական կոնվենցիայի [12-րդ հոդվածին] անհիմն է»։
21. Դիմումատուն մինչ օրս նորից չի դիմել Լատվիայի քաղաքացիություն ստանալու համար։
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊ
A. Սահմանադրությունը (Satversme)
22. Ըստ Սահմանադրության 4-րդ հոդվածի, Լատվերենը Լատվիայի հանրապետության պետական լեզուն է։
23. Ըստ Սահմանադրության 100-րդ հոդվածի, յուրաքանչյուրն ունի ազատ արտահայտվելու իրավունք, ինչը ներառում է ազատորեն տեղեկություններ ստանալու պահելու և բաժանելու և սեփական կարծիքն արտահայտելու իրավունք։ Գրաքննությունն արգելվում է։
24. Ըստ Սահմանադրության 102-րդ հոդվածի, յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստեղծել ընկերակցություններ, քաղաքական կուսակցություններ և այլ հանրային կազմակերպություններ և միանալ դրանց։
25. Ըստ Սահմանադրության 103-րդ հոդվածի, Պետությունը պաշտպանում է նախօրոք հայտարարված խաղաղ հավաքների, երթերի և ցույցերի ազատությունը։
26. Ըստ 116-րդ հոդվածի, 100-րդ, 102-րդ և 103-րդ հոդվածներում ամրագրված՝ անձանց իրավունքները կարող են անթարկվել սահմանափակումների օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ անձանց իրավունքները, Պետության ժողովրդավարական կառուցվածքը, պետական անվտանգությունը, բարեկեցությունն ու բարոյական արժեքները պաշտպանելու նպատակով։ Սույն հոդվածով նախատեսված պայմանների հիմքով սահմանափակումներ կարող են կիրառվել նաև կրոնական համոզմունքների արտահայտման նկատմամբ։
B. Քաղաքացիության մասին օրենքը (Pilsonības likums), ինչպես այն ուժի մեջ էր խնդրո առարկա ժամանակահատվածում
27. Քաղաքացիության մասին օրենքի Հոդված 1(1)-ով սահմանվում էր, որ Լատվիայի քաղաքացիությունը կայուն իրավական կապն էր (noturīga tiesiska saikne) անձի և Լատվիայի պետության (Latvijas valsts) միջև։ Ընդհանուր առմամբ, քաղաքացիության և ներգաղթի վերաբերյալ Լատվիայի օրենսդրության մեջ տարբերակվում էին անձանց տարբեր կատեգորիաներ, յուրաքանչյուրը որոշակի կարգավիճակով։ Դրանք ամփոփ ներկայացվել են Սլիվենկոն ընդդեմ Լատվիայի ([GC], թիվ. 48321/99, §§ 50-53, ՄԻԵԴ 2003 X) և Սիսոևան և այլոք ընդդեմ Լատվիայի ((ցուցակից հանելով) [GC], թիվ. 60654/00, §§ 46-47, ՄԻԵԴ 2007 I) գործերում։
28. 11-րդ հոդվածում թվարկված էին հպատակագրման նկատմամբ սահմանափակումները։ Այն սահմանում էր, inter alia, որ անձինք, ովքեր ոչ սահմանադրական մեթոդներով գործել են Լատվիայի հանրապետության անկախության, պետության ժողովրդավարական խորհրդարանական կարգի դեմ, կամ Լատվիայում գործող պետական իշխանության դեմ, ինչը հաստատված է դատական վճռով, չեն կարող քաղաքացիություն ստանալ։
29. 12-րդ հոդվածը սահմանում էր հետևյալը՝
«(1) Միայն այն անձինք, ովքեր գրանցված են Բնակչության գրանցամատյանում, կարող են ստանալ Լատվիայի քաղաքացիություն հպատակագրման միջոցով, եթե
1) նրանց մշտական բնակության վայրը, հպատակագրման մասին դիմում ներկայացնելու պահին եղել է Լատվիան ոչ պակաս քան հինգ տարի շարունակ՝ 1990թ. մայիսի 4-ից ի վեր (այն անձանց համար, ովքեր Լատվիա են ժամանել 1992թ. հուլիսի 1-ից հետո, հինգամյա ժամանակահատվածը պետք է հաշվարկվի այն պահից սկսած, երբ ձեռք է բերվել մշտական բնակության իրավունքը).
2) նրանք գիտեն [prast] լատվերեն.
3) նրանք գիտեն [zināt] Լատվիայի հանրապետության Սահմանադրության և [1991թ. դեկտեմբերի 10] Սահմանադրական իրավունքի հիմնական սկզբունքները անձանց և քաղաքացիների իրավունքների և պարտականությունների մասին.
4) նրանք գիտեն Լատվիայի ազգային հիմնը և պատմությունը.
5) նրանք ունեն եկամտի օրինական աղբյուր.
6) նրանք հավատարմության երդում են տվել Լատվիայի հանրապետությանը.
7) նրանք ծանուցում են ներկայացրել իրենց նախկին քաղաքացիությունից (ազգությունից) հրաժարվելու վերաբերյալ և ստացել են իրենց նախկին քաղաքացիության (ազգության) պետությունից հայրենադարձման թույլտվություն, եթե նման թույլտվություն տրամադրվում է համաձայն այդ պետության օրենսդրության, կամ որևէ փաստաթուղթ, որը հավաստում է քաղաքացիության (ազգության) կորուստը, կամ եթե նրանք նախկին ԽՍՀՄ քաղաքացիներ են, ում բնակության մշտական վայրը 1990թ. մայիսի 4-ին եղել է Լատվիան, ապա մի հավաստագիր, որ իրենք ձեռք չեն բերել այլ երկրի քաղաքացիություն (ազգություն) և
8) նրանք ենթակա չեն հպատակագրման սահմանափակումներին, որոնք նախատեսված են սույն Օրենքի 11-րդ հոդվածով։
(2) Միայն այն անձինք, ովքեր համապատասխանում են սույն հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված պայմաններին, կարող են ստանալ Լատվիայի քաղաքացիություն հպատակագրման միջոցով։ ...
(6) Անձինք, ում դիմումները քաղաքացիություն ստանալու վերաբերյալ մերժվել են, կարող են կրկին դիմել նախորդ որոշման կայացումից մեկ տարի հետո»։
30. Հոդված 17(1)-ով նախատեսվում էր, որ Հպատակագրման խորհուրդը ստանում և քննում է հպատակագրման դիմումները։ Հպատակագրման խորհրդի որոշումը հպատակագրումը մերժելու մասին կարող է բողոքարկվել դատարանում (հոդված 17(3))։ Քաղաքացիության շնորհման մասին որոշումները կայացվում են Կառավարության կողմից (հոդված17(2))։
31. Խնդրո առարկա ժամանակահատվածում (նախքան 2013թ. հոկտեմբերի 1-ից օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը) ըստ 18-րդ հոդվածի, բոլոր անձինք, ովքեր ստանում էին Լատվիայի քաղաքացիություն, պարտավոր էին ստորագրել հետևյալ երդումը՝ Լատվիայի հանրապետությանը հավատարմության մասին՝
«Ես, (անուն, ազգանուն) ծնված (ծննդյան վայրը, ամսաթիվը), խոստանում եմ, որ ես կլինեմ հավատարիմ միայն Լատվիայի հանրապետությանը։
Ես հանձն եմ առնում բարեխղճորեն հետևել Սահմանադրությանը և Լատվիայի հանրապետության օրենքներին և գործադրել իմ լավագույն ջանքերը դրանք պաշտպանելու համար։
Ես հանձն եմ առնում, առանց հաշվի առնելու իմ կյանքը, պաշտպանել Լատվիայի պետության (Latvijas valsts) անկախությունը և ապրել ու աշխատել բարեխղճորեն՝ Լատվիայի պետության և ժողովրդի բարեկեցությանը նպաստելու համար»։
32. 2013թ. հոկտեմբերի 1-ին Քաղաքացիության մասին օրենքի մի շարք փոփոխություններ մտան ուժի մեջ։ Դրանք ներառում էին փոփոխություններ նաև վերոնշյալ բոլոր դրույթներում։
C. Վարչական դատավարության օրենք (Administratīvā procesa likums)
33. Վարչական դատավարության օրենքի հոդված 1(3)-ի համաձայն (որն ուժի մեջ է եղել 2004թ. փետրվարի 1-ից մինչև 2006թ. նոյեմբերի 30-ը) վարչական ակտը իրավական փաստաթուղթ է, որը հրապարակում է պետական իշխանությունը (iestāde) հանրային իրավունքի ոլորտում՝ անհատապես անվանված անձի (կամ անձանց) վերաբերյալ` հաստատելով, փոփոխելով, որոշելով կամ դադարեցնելով որոշակի իրավական հարաբերություններ (tiesiskās attiecības) կամ սահմանելով առկա իրավիճակը։ Որոշումը որևէ պաշտոնյայի (amatpersona) կամ պետական իշխանությանը հատուկ ենթակա անձի (īpaši pakļauta persona) իրավական կարգավիճակի հաստատման, փոփոխման կամ դադարեցման կամ կարգապահական պատժի վերաբերյալ, ինչպես նաև այլ որոշումները, եթե դրանք էապես խախտում են պաշտոնյայի կամ պետական իշխանությանը հատուկ ենթակա անձի մարդու իրավունքները, նույնպես վարչական ակտեր են։ Պետական իշխանության որոշումը կամ այլ տեսակի գործողությունը մասնավոր իրավունքի ոլորտում, և որևէ ներքին որոշում, որն ազդում է միայն հենց այդ պետական իշխանության, դրան ենթակա մարմնի (padota institūcija) կամ նրան հատուկ ենթակա անձի վրա, վարչական ակտեր չեն։ Քաղաքական որոշումները (քաղաքական հայտարարությունները, հռչակագրերը, հրավերները, պաշտոնյաների ընտրության վերաբերյալ ծանուցումները և այլն) կայացված Saeima-ի, Նախագահի, Կառավարության կամ տեղական ինքնակառավարման քաղաքային խորհուրդների կողմից (շրջանային և ծխական խորհուրդներ), ինչպես նաև քրեական վարույթների վերաբերյալ որոշումներն ու դատական վճիռները նույնպես վարչական ակտեր չեն։
D. Կառավարության կանոնակարգ թիվ 34 (1999), «Հպատակագրման դիմումների ընդունումն ու դրանց ընթացք տալը»
34. 1999թ. փետրվարի 5-ից մինչև 2011թ. հուլիսի 9-ն ուժի մեջ եղած՝ Կառավարության «Հպատակագրման դիմումների ընդունումը և դրանց ընթացք տալը» (Naturalizācijas iesniegumu pieņemšanas un izskatīšanas kārtība), վերնագրով թիվ 34 (1999) կանոնակարգի 32-րդ պարբերության մեջ սահմանված են որոշակի հիմքեր, որոնց դեպքում Հպատակագրման խորհուրդը կարող է հպատակագրումը մերժելու մասին որոշում կայացնել։ Նման որոշում պետք է կայացվի, օրինակ, երբ օրինական ուժի մեջ մտած դատավճռով վճռվել է, որ անձը նպատակադրված տրամադրել է կեղծ տեղեկություններ (32.1-րդ պարբերություն), կամ եթե դիմումի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ չկա հպատակագրման օրինական հիմք կամ նման հիմք այլևս գոյություն չունի (32.2-րդ պարբերություն)։
35. Եթե անձը պետք է հպատակագրվի, Հպատակագրման խորհրդի որևէ պաշտոնյա, հաշվի առնելով անձի հպատակագրման գործում ներառված փաստաթղթերը, նախապատրաստում է Կառավարության որոշման նախագիծը հպատակագրմամբ Լատվիայի քաղաքացիություն շնորհելու մասին (33-րդ պարբերություն)։ Հպատակագրման խորհուրդը տեղեկացնում է անձին Կառավարության ընդունած որոշման վերաբերյալ (34-րդ պարբերություն)։
E. Սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքը
36. 2010թ. մայիսի 13-ին Սահմանադրական դատարանը (Satversmes tiesa) վճիռ կայացրեց թիվ. 2009-94-01 գործով՝ Քաղաքացիության մասին օրենքի անցումնային դրույթների 1-ին պարբերության առաջին նախադասության մեջ ինչպես նաև «Լատվիայի հանրապետության անկախության վերականգնման մասին» 1990թ. մայիսի 4-ին ընդունված Հռչակագրի նախաբանում տեղ գտած որոշ բառերի՝ Սահմանադրության 1-ին և 2-րդ հոդվածներին համապատասխանելիության վերաբերյալ։ Այս գործը Սահմանադրական դատարան էր ներկայացրել Գերագույն դատարանի Վարչական գործերի բաժանմունքը (Augstākās tiesas Senāta Administratīvo lietu departaments)՝ կասկածի տակ դնելով այն, թե արդյոք օրենքում ամրագրված կրկնակի քաղաքացիության պայմանները համապատասխան էին Լատվիայի պետական շարունակականության հայեցակարգին։ Սահմանադրական դատարանը գտավ, որ իրավական կարգը համապատասխանում է Սահմանադրությանը և Հռչակագրին։ Դատավճռի համապատասխան հատվածներում նշված է հետևյալը (մեջբերումները բաց են թողնված)՝
«16. Դիմումատուն պնդել է, որ քաղաքացիությունը պետք է դիտարկվի որպես մարդու իրավունք, և որ վիճարկվող դրույթներն անհամատեղելի են համաչափության և իրավական որոշակիության սկզբունքներին, որոնք բխում են Սահմանադրության 1-ին հոդվածից։
16.1. Սահմանադրական դատարանը իր նախադեպային իրավունքում ճանաչել է, որ Սահմանադրության Հոդված 1-ում ամրագրված ժողովրդավարական հանրապետության հայեցակարգից հետևում է, որ պետությունն պարտավոր է հավատարիմ մնալ օրինապաշտ պետության (tiesiska valsts) մի շարք հիմնարար սկզբունքների, ներառյալ համաչափության և իրավական որոշակիության սկզբունքները ....
Քաղաքացիության կարգավորման ոլորտում պետությունն ունի հայեցողության լայն շրջանակ .... Սակայն, հայեցողության այս շրջանակը չի կարող անսահման համարվել։ [Պետության] շարունակականության հայեցակարգի շրջանակներում օրենսդիրը պարտավոր է երաշխավորել, որ զավթման ժամանակ Լատվիայի քաղաքացիությունը պահպանած ոչ մի անձ չզրկվի քաղաքացիությունից և նաև որ քաղաքացիության վերականգնման համար սահմանված պահանջները լինեն համաչափ։
Այսպիսով, Սահմանադրական դատարանը պետք է գնահատի, թե արդյոք այն որոշակիությունը, որ անձինք մշակել են կապված կրկնակի քաղաքացիությունը պահպանելու հնարավորության հետ 1991թ. նոյեմբերի 27-ի որոշման պատճառով գերազանցել է քաղաքացիությունը կանոնակարգելու օրենսդրի հայեցողությանը։ Սա նշանակում է, որ Սահմանադրական դատարանը պետք է ստուգի, թե արդյոք վիճարկվող դրույթները չեն խախտում անձի՝ որոշակի պետության քաղաքացիության իրավունքը։
16.2. Դիմումի մեջ [նշվել է], որ քաղաքացիությունը կամ անձի կապը պետության հետ մարդու իրավունքներից մեկն է, քանի որ այն ներառված է Մարդու իրավունքների [համընդհանուր] հռչակագրի 15-րդ հոդվածում, ինչպեսև Սահմանադրության 89-րդ հոդվածում։ Նման ժամկետի ամրագրումը, որն անցելուց հետո անձը, գրանցվելով որպես Լատվիայի քաղաքացի, ստիպված է հրաժարվել մեկ այլ պետության քաղաքացիությունից, համազոր է քաղաքացիությունից զրկման en masse կամ անձանց խմբի համար, որը կարող է բնորոշվել որևէ հատուկ հատկանիշով։
Սահմանադրական դատարանը նշում է, որ Մարդու իրավունքների հռչակագիրը մարդու իրավունքների պաշտպանության հեղինակավոր աղբյուր է, և որ նրա դրույթների բովանդակությունը բարելավվել է ժամանակի ընթացքում և հիմք ծառայել միջազգային իրավունքի սկզբունքների և սովորույթների զարգացման համար։ Սակայն, Մարդու իրավունքների հռչակագրի հստակ շրջանակը որոշելու համար, որը պարտադիր է պետության համար համաձայն Սահմանադրության 89-րդ հոդվածի, լրացուցիչ գնահատական է անհրաժշետ։
Մարդու իրավունքների հռչակագրի 15-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուրն ունի քաղաքացիության իրավունք։ Սակայն այն անձին որոշակի պետության քաղաքացիության իրավունք չի շնորհում։ Չնայած որ Հոդվածի բովանդակությունը փոփոխվել է ժամանակի ընթացքում և միջազգային իրավունքի զարգացումն ազդել է քաղաքացիության հարցերի հետ կապված՝ պետությունների հայեցողության վրա, նրա բովանդակությունը դեռ սահմանափակ է։
Իրավական կարծիքում [նշվել է], որ քաղաքացիությունը բնական կամ անօտարելի իրավունք չէ, քանի որ այն էապես բխում է ինքնիշխան պետության գոյությունից....
Ներկայում Մարդու իրավունքների հռչակագրի 15-րդ հոդվածում ներառված են երեք հիմնական տարրեր՝ քաղաքացիության իրավունքը կամ քաղաքացիություն չունենալուց խուսափելու իրավունքը, անձին կամայականորեն քաղաքացիությունից զրկելու արգելումը (ներառյալ en masse զրկումը) և իր քաղաքացիությունը փոխելու անձի իրավունքը։ Քաղաքացիությունից զրկումը քաղաքական կամ խտրական այլ նկատառումներով համարվում է քաղաքացիությունից կամայական զրկում ... Նաև, համարվում է, որ քաղաքացիությունից ցանկացած զրկում, որը հանգեցնում է քաղաքացիություն չունենալուն, կամայական է ... Խտրականության արգելումը չպետք է լայնորեն մեկնաբանվի։ Օրինակ լեզվին տիրապետելու պահանջը չի համարվում խտրական։ Բացի այդ, կարելի է սահմանել համաձայնությունը հետևյալ երկու ոլորտներում՝ գենդերային հավասարություն, որը նշանակում է քաղաքացիություն չունեցողների նվազում ամուսնության դեպքում. և ավելի ակնհայտորեն՝ պետության պարտականությունը քաղաքացիություն շնորհելու յուրաքանչյուր երեխայի, ով ծնվել է իր տարածքում և ով հակառակ դեպքում կդառնա քաղաքացիություն չունեցող անձ»։
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊ
A. Արդարադատության միջազգային դատարանի (Միջազգային արդարադատության մշտական պալատ)ի նախադեպային իրավունքը
37. Թունիսում և Մարոկկոյում հրապարակված՝ քաղաքացիության մասին հրամանագրերի (7-ը փետրվարի,1923թ.) վերաբերյալ իր խորհրդատվական կարծիքում Միջազգային արդարադատության մշտական պալատը եզրակացրել է հետևյալը՝
« «միայն ներպետական իրավասության շրջանակներում» բառերը կարծես ավելի վերաբերում են որոշակի խնդիրների, որոնք, թեկուզև կարող են սերտորեն առնչվել պետություններից մեկի կամ մի քանիսի շահերին, սկզբունքորեն չեն կարգավորվում միջազգային իրավունքով։ Ինչ վերաբերում է նման հարցերին, ապա յուրաքանչյուր պետություն միակ (միանձնյա) դատավոր է։
Հարցը, թե արդյոք որևէ որոշակի խնդիր զուտ որևէ մեկ պետության իրավասության շրջանակներում է թե ոչ, ըստ էության հարաբերական է։ Այն կախված է միջազգային հարաբերությունների զարգացումից։ Այսպիսով, միջազգային հարաբերությունների ներկա վիճակում քաղաքացիության հարցերը, Դատարանի կարծիքով, սկզբունքորեն վերապահված են այս տիրույթին։
Սույն կարծիքի նպատակներից ելնելով բավական է դիտարկել, որ շատ հնարավոր է, որ մի հարցի շուրջ, ինչպիսին քաղաքացիության հարցն է, որը չի կարգավորվում միջազգային իրավունքով, իր հայեցողությունը կիրառելու պետության իրավունքը այնուամենայնիվ սահմանափակված է պարտականություններով, որ այդ պետությունը կարող է ստանձնած լինել այլ պետությունների նկատմամբ»։
B. Արդարադատության միջազգային դատարանի նախադեպային իրավունքը
38. Նոթեբոհմի գործով (Nottebohm Case) (Լիխտենշտեյնն ընդդեմ Գվատեմալայի, 1955թ. ապրիլի 6-ի դատավճիռ), Արդարադատության միջազգային դատարանը («ԱՄԴ») վճռել է հետևյալը՝
«Լիխտենշտեյնի, ինչպեսև ցանկացած ինքնիշխան պետության գործն է կարգավորել իր սեփական օրենսդրությամբ այն կաննոնները, որոնք վերաբերում են իր քաղաքացիության ձեռք բերմանը, և տրամադրել այդ քաղաքացիությունը հպատակագրմամբ, որը շնորհվում է նրա սեփական մարմինների կողմից՝ այդ օրենսդրությանը համապատասխան։ Անհրաժեշտ չէ պարզել, թե արդյոք միջազգային իրավունքը դնո՞ւմ է այս տիրույթում որոշման կայացման ազատության որևէ սահմանափակում, թե ոչ։ Բացի այդ, քաղաքացիությունն ունի իր անմիջական, հեռահար և մարդկանց մեծ մասի համար նաև զուտ ազդեցությունները այն տրամադրող պետության իրավական համակարգի ներսում։ Քաղաքացիությունն առաջին հերթին ծառայում է որոշելու, որ անձը, ում այն շնորհվել է, ունի այն իրավունքները և այն պարտականությունները, որ խնդրո առարկա Պետության օրենսդրությունը շնորհում կամ հարկադրում է իր քաղաքացիներին։ Ավելի լայն հասկացությամբ ենթադրվում է, որ քաղաքացիությունը Պետության ներպետական իրավասության ներսում է։...
Համաձայն պետությունների գործելակերպի, արբիտրաժային և դատական վճիռների և գիտական տեսակետների՝ քաղաքացիությունն իրավական կապ է, որը հիմնված է կապվածության սոցիալական փաստին, գոյության, շահերի և տրամադրությունների հետ իրական կապին և փոխադարձ իրավունքների և պարտականությունների գոյությանը։ Կարելի է ասել, որ այն հանդիսանում է այն փաստի իրական արտահայտությունը, որ անհատը, ում այն շնորհվում է, ուղղակիորեն կամ օրենքով կամ իշխանությունների գործողության արդյունքում, ըստ էության շատ ավելի սերտորեն կապված է այն պետության բնակչության հետ, ով շնորհում է քաղաքացիությունը, քան այլ պետությունների բնակչությունների հետ։ Որևէ պետության կողմից շնորհված լինելով այն միայն իրավունք է տալիս, որ պետությունն իրականացնի պաշտպանություն ի դեմս մեկ այլ պետության, երբ այն հանդիսանում է այն պետության հետ անհատի կապի իրավական արտահայտությունը, որը տվյալ անձին դարձրել է իր քաղաքացին։ ...
Հպատակագրման խնդրին չպետք է թեթև վերաբերվել։ Հպատակագրմանը հետամուտ լինելը և այն ստանալը մարդկային էակի կյանքում հաճախակի պատահող իրադարձություն չէ։ Այն ներառում է հավատարմության կապի ընդհատում և նոր հավատարմության կապի ստեղծում։ Այն կարող է ունենալ հեռահար հետևանքներ և ներառել խորը փոփոխություններ անհատի ճակատագրում, ով ձեռք է բերում այն։ Այն վերաբերում է նրան անձնապես, և դրան զուտ նրա գույքի նկատմամբ ունեցած հետևանքների տեսանկյունից մոտենալը կնշանակի թյուրըմբռնել նրա խորը նշանակությունը։ Նրա միջազգային ազդեցությունը գնահատելու համար անհնար է անտեսել այն հանգամանքները, որոնցում այն շնորհվել է, այն լուրջ բնույթը, որ այն ունի, այն իրական և արդյունավետ և ոչ սոսկ բանավոր նախընտրությունը անհատի կողմից, ով հետամուտ է նրան այն երկրում, որը շնորհում է այն իրեն»։
C. Քաղաքացիության մասին եվրոպական կոնվենցիա (Եվրոպայի խորհրդի պայմանագրերի շարք, թիվ 166)
39. Եվրոպայի խորհրդի հիմնական փաստաթուղթը քաղաքացիության վերաբերյալ Քաղաքացիության մասին եվրոպական կոնվենցիան է, որն ընդունվել է 1997թ. նոյեմբերի 6-ին և ուժի մեջ է մտել 2000թ. մարտի 1-ին։ Այն վավերացրել են Եվրոպայի խորհրդի 20 անդամ պետություններ։ Լատվիան ստորագրել է այս Կոնվենցիան 2001թ. մայիսի 30-ին, սակայն չի վավերացրել այն։
40. Կոնվենցիայի համապատասխան հոդվածներում գրված է՝
Հոդված 2՝ Սահմանումներ
«Սույն Կոնվենցիայի նպատակների համար՝
«քաղաքացիություն» նշանակում է որևէ անձի և որևէ պետության միջև իրավական կապը և չի նշանակում անձի էթնիկական ծագումը ... »
Հոդված 3՝ Պետության իրավազորությունը
«1. Յուրաքանչյուր պետություն սահմանում է իր սեփական օրենսդրության համաձայն, թե ովքեր են իր քաղաքացիները։
2. Այս օրենքը պետք է ընդունվի այլ պետությունների կողմից այնքանով, որքանով այն համապատասխանում է կիրառելի միջազգային կոնվենցիաներին, սովորութային միջազգային իրավունքին և իրավունքի սկզբունքներին, որոնք ընդհանրապես ճանաչված են կապված քաղաքականության հետ»։
Հոդված 4՝ Սկզբունքները
«Յուրաքանչյուր կողմ պետության քաղաքացիության կանոնները պետք է հիմնված լինեն հետևյալ սկզբունքներին՝
ա. Յուրաքանչյուր ոք ունի քաղաքացիություն ունենալու իրավունք
բ. Քաղաքացիություն չունենալուց պետք է խուսափել
գ. Ոչ ոք չպետք է կամայականորեն զրկվի իր քաղաքացիությունից
դ. Ոչ ամուսնությունը և ոչ էլ ամուսնալուծությունը որևէ կողմ պետության քաղաքացու և օտարերկրացու միջև, ոչ էլ ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի կողմից քաղաքացիությունը փոխելը, ինքնաբերաբեր չպետք է ազդի ամուսիններից մյուսի քաղաքացիության վրա»։
41. Սույն կոնվենցիայի բացատրական զակույցում կապված 2-րդ հոդվածի հետ, inter alia, նշված է՝
Հոդված 2՝ սահմանումներ
«22. Քաղաքացիություն հասկացությունը հետազոտվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Նոթեբոհմի գործով։ Այս դատարանը քաղաքացիությունը սահմանում է որպես «իրավական կապ, որը հիմնված է կապվածության սոցիալական փաստին, գոյության, շահերի և տրամադրությունների հետ իրական կապին և փոխադարձ իրավունքների և պարտականությունների գոյությանը» (Նոթեբոհմի գործը, ԱՄԴ զեկույցներ, 1955թ., էջ 23)։
23. «Քաղաքացիությունը» սահմանված է սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում որպես «որևէ անձի և որևէ պետության միջև իրավական կապը և չի նշանակում անձի էթնիկական ծագում»։ Ուստիև այն վերաբերում է որոշակի իրավական փոխհարաբերության որևէ անհատի և որևէ պետության միջև, որը ճանաչված է տվյալ պետության կողմից։ Ինչպես արդեն մատնանշվել է սույն բացատրական զեկույցի 1-ին պարբերությունում կապված սույն Կոնվենցիայի ազդեցության հետ, «ազգություն» և «քաղաքացիություն տերմինները» հոմանիշներ են»։
D. Եվրոպական միության Արդարադատության դատարանի նախադեպային իրավունքը
42. Յանկո Ռոթմանն ընդդեմ Ֆրայշթաթ Բայերնի (Janko Rottmann v Freistaat Bayern) C-135/08 գործով (2010թ. մարտի 2-ի դատավճիռ) Արդարադատության դատարանը վճռել է հետևյալը (հղումները բաց են թողնված)՝
«45. Այսպիսով, անդամ պետությունները պարտավոր են, քաղաքացիության ոլորտում իրենց լիազորություններն իրականացնելիս, պատշաճ ուշադրություն դարձնել Եվրոպական միության օրենսդրությանը ...
48. Դրույթը, որ պատշաճ ուշադրություն պետք է դարձվի Եվրոպական միության օրենսդրությանը, չի զիջում նախկինում Դատարանի ճանաչած և վերոնշյալ 39-րդ պարբերության մեջ մատնանշված միջազգային իրավունքի սկզբունքին, որ անդամ պետություններն ունեն լիազորություն՝ սահմանելու քաղաքացիություն ստանալու և կորցնելու պայմանները, այլ ավելի շուտ ամրագրում է այն սկզբունքը, որ Միության քաղաքացիների նկատմամբ այդ լիազորության իրականացումը, այնքանով որքանով այն ազդում է Միության իրավակարգի շնորհած և դրանով պաշտպանվող իրավունքների վրա, մասնավորապես այն որոշումներով, որոնք հանում են հպատակագրումը, ինչը քննվում է հիմնական վարույթներում, ենթակա է դատական քննության, որը կիրականացվի Եվրոպական միության իրավունքի լույսի ներքո։ ...
55. Նման դեպքում, այնուամենայնիվ ներպետական դատարանն է, որ պետք է պարզի, թե արդյոք հրաժարման մասին որոշումը, որը քննվում է հիմնական վարույթներում, հետևում է համաչափության սկզբունքին այնքանով, որքանով այն վերաբերում է այն հետևանքներին, որ ի հայտ է բերել խնդրո առարկա անձի իրավիճակի համար՝ Եվրոպական միության օրենսդրության լույսի ներքո, ի լրումն, անհրաժեշտության դեպքում քննելով որոշման համաչափությունը ներպետական իրավունքի լույսի ներքո»։
E. Մարդու իրավունքների Միջամերիկյան դատարանի նախադեպային իրավունքը
43. Կոստա Ռիկայի Սահմանադրության մեջ հպատակագրման վերաբերյալ դրույթում փոփոխություններ կատարելու իր առաջարկում (1984թ. հունվարի 19-ի խորհրդատվական կարծիքը), Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը վճռել է հետևյալը՝
«31. Կառավարության առաջադրած հարցերը ներառում են ընդհանուր իրավական խնդիրների երկու խումբ, որոնք Դատարանքը կքննի առանձին։ Առաջինը առկա է խնդիր կապված քաղաքացիության իրավունքի հետ, որը սահմանված է Կոնվենցիայի 20-րդ հոդվածով։ Հարցերի երկրորդ խումբը ներառում է հնարավոր խտրականության հարցեր, ինչը արգելված է Կոնվենցիայով։
32. Այսօր ընդհանուր առմամբ ընդունված է, որ քաղաքացիությունը բոլոր մարդկային էակների անքակտելի իրավունքն է։ Քաղաքացիությունը ոչ միայն քաղաքական իրավունքների իրականացման հիմնական պահանջն է, այլև կարևոր կշիռ ունի անհատի իրավական կարողությունների համար։
Այսպիսով, չնայած այն փաստին, որ ավանդականորեն ընդունված է, որ քաղաքացիության շնորհումն ու կարգավորումը յուրաքանչյուր պետության առանձին որոշելիքն են, ժամանակակից զարգացումները ցույց են տալիս, որ միջազգային իրավունքը որոշակի սահմանափակումներ դնում է այս ոլորտում պետությունների ունեցած լայն լիազորությունների վրա, և որ այն ձևերը, որով պետությունները կանոնակարգում են քաղաքացիությանն առնչվող հարցերը, չեն կարող այսօր մնալ նրանց բացառիկ լիազորությունների շրջանակում։ Պետության այդ լիազորություններից նաև բխում է մարդու իրավունքների լիիրավ պաշտպանությունը երաշխավորելու նրանց պարտականությունը։
33. Դասական դոկտրինալ (հայեցակարգային) դիրքորոշումը, որը քաղաքացիությունը դիտարկում է որպես մի հատկանիշ, որն իր սուբյեկտներին է շնորհում պետությունը, աստիճանաբար զարգացել է՝ հասնելով նրան, որ այսօրվա ընկալմամբ քաղաքացիությունը ներառում է ոչ միայն պետության իրավազորության, այլև մարդու իրավունքներին առնչվող հարցեր։ Սա ճանաչվել է մի ռեգիոնալ փաստաթղթով՝ Մարդու իրավունքների և պարտականությունների ամերիկյան հռչակագրով, որն ընդունվել է 1948թ. մայիսի 2-ին [19-րդ հոդվածի տեքստը]։ Մեկ այլ փաստաթուղթ՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ... ամրագրում է հետևյալը՝ [Հոդված 15]։
34. Յուրաքանչյուր մարդու քաղաքացիության իրավունքը ճանաչվել է որպես այդպիսին միջազգային իրավունքով։ Այս իրավունքի երկու տեսանկյուն են արտացոլված Կոնվենցիայի 20-րդ հոդվածում՝ առաջինը, նրանով ամրագրված քաղաքացիության իրավունքը անհատին տրամադրում է միջազգային հարաբերություններում իրավական պաշտպանության նվազագույն միջոց այն կապի միջոցով, որ նրա քաղաքացիությունը ստեղծում է նրա և խնդրո առարկա պետության միջև, և երկրորդը, նրանով անհատին տրամադրվող պաշտպանությունը՝ քաղաքացիությունից կամայականորեն չզրկվելու առումով, առանց որի նա գործնական իմաստով կզրկվի իր բոլոր քաղաքական և քաղաքացիական իրավունքներից, որոնք կապված են անհատի քաղաքացիության հետ։
35. Քաղաքացիությունը կարող է համարվել քաղաքական և իրավական կապ, որն անձին կապում է տվյալ պետությանը և կապում է նրան հավատարմության և նվիրվածության կապով՝ նրան շնորհելով այդ պետության դիվանագիտական պաշտպանությունը։ Տարբեր ձևերով շատ պետություններ հնարավորություն են ընձեռել անհատներին, ովքեր ի սկզբանե չեն ունեցել իրենց քաղաքացիությունը, ստանալ այն ավելի ուշ՝ սովորաբար մտադրությունների մասին հայտարարելու միջոցով՝ որոշակի պայմանների համապատասխանություն ապահովելուց հետո։ Այս դեպքերում քաղաքացիությունն այլևս կապ չունի ծննդյան պատահականությունից տվյալ տարածքում կամ ծնողների՝ տվյալ քաղաքացիությունն ունենալուց։ Այն ավելի շուտ հիմնված է կամավոր գործողության վրա, որի նպատակն է կապ հաստատել քաղաքական տվյալ հասարակության, նրա մշակույթի, կենսակերպի և արժեքների հետ։
36. Քանի որ պետությունն է, որ հնարավորություն է տալիս քաղաքացիություն ձեռք բերել անձանց, ովքեր ի սկզբանե եղել են օտարականներ, ապա բնական է, որ քաղաքացիության ձեռքբերման պայմաններն ու ընթացակարգերը պետք է ղեկավարվեն հիմնականում տվյալ պետության ներպետական օրենքներով։ Քանի դեռ նման կանոնները չեն հակասում բարձրագույն նորմերին, քաղաքացիություն շնորհող պետությունն է, որը լավագույնս ունակ է դատելու, թե ինչ պայմաններ է անհրաժեշտ սահմանել, որպեսզի արդյունավետ կապ գոյություն ունենա հպատակագրման համար դիմած անձի և այն հասարակության արժեքների և շահերի համակարգերի միջև, որին դիմողը ձգտում է լիարժեքորեն կապվել։ Այդ պետությունը նաև կարող է լավագույնս որոշել, թե արդյոք այդ պայմանները կատարվել են։ Այս նույն սահմաններում հավասարապես տրամաբանական է, որ յուրաքանչյուր պետության ընկալելի կարիքները պետք է որոշիչ լինեն այն որոշման կայացման համար, թե արդյոք նպաստել հպատակագրման ավելի մեծ կամ ավելի փոքր չափով։ Եվ քանի որ պետության ընկալելի կարիքները ստատիկ վիճակում չեն, միանգամայն բնական է, որ հպատակագրման պայմանները կարող են ազատականացվել կամ սահմանափակվել՝ հանգամանքների փոփոխությանը համապատասխան։ Այնպես որ զարմանալի չէ, որ տվյալ պահին նոր պայմաններ կարող են սահմանվել՝ երաշխավորելու, որ քաղաքացիության փոփոխությունը չի կիրառվի որոշ ժամանակավոր խնդիրներ լուծելու համար, որ ունի քաղաքացիության համար դիմած անձը, եթե նրանք չեն ստեղծել իրական և կայուն կապեր այդ պետության հետ, ինչը կարող է հիմնավորել այնպիսի լուրջ և հեռահար գործողությունը, ինչպիսին քաղաքացիությունը փոխելն է»։
44 Աղջիկներ Յինն ու Բոսիկոն ընդդեմ Դոմենիկյան հանրապետության (Girls Yean and Bosico v. Dominican Republic) (2005թ. սեպտեմբերի 8-ի դատավճիռը) գործով Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը վճռել է հետևյալը՝ (հղումները բաց են թողնված)
«139. Ամերիկյան կոնվենցիան ճանաչում է քաղաքացիության իրավունքի երկու տեսանկյուններն էլ՝ անհատին քաղաքացիություն ունենալու իրավունքի շնորհումը «որպես միջազգային հարաբերություններում իրավական նվազագույն պաշտպանության՝ այն կապի միջոցով, որ նրա քաղաքացիությունը ստեղծում է նրա և խնդրո առարկա պետության միջև, և երկրորդը՝ անհատին իր քաղաքացիությունից կամայականորեն չզրկվելու համար պաշտպանության տրամադրումը, անկախ անհատի քաղաքացիությունից»։
140. Որոշումը, թե ով իրավունք ունի լինել քաղաքացի, շարունակվում է մնալ պետության ներքին իրավասության շրջանակներում։ Այնուամենայնիվ նրա հայեցողական իրավասությունը այս առումով աստիճանաբար սահմանափակվում է միջազգային իրավունքի զարգացման հետ՝ երաշխավորելու անհատների առավել լավ պաշտպանությունը պետությունների կամայական գործողություններից։ Այպիսով, մարդու իրավունքների միջազգային օրենսդրությն զարգացման ներկա փուլում պետությունների այս լիազորությունը սահմանափակված է մի կողմից պետությունների՝ անհատներին օրենքով նախատեսված հավասար և արդյունավետ պաշտպանություն տրամադրելու և մյուս կողմից քաղաքացիությունից զրկված լինելը կանխարգելելու, դրանից խուսափելու և այն նվազեցնելու պարտավորությամբ։
141. Դատարանը համարում է, որ օրենքի հավասար և արդյունավետ պաշտպանության և խտրականության բացառման անառարկելի իրավական սկզբունքը սահմանում է, որ քաղաքացիության շնորհման մեխանիզմները կանոնակարգելիս պետությունները պետք է զերծ մնան այնպիսի կանոնակարգեր սահմանելուց, որոնք խտրական են կամ ունեն խտրական ազդեցություն բնակչության որոշակի խմբերի վրա, երբ վերջիններն իրականացնում են իրենց իրավունքները։ Բացի այդ պետությունները պարտավոր են պայքարել խտրական գործելակերպերի դեմ բոլոր մակարդակներում, մասնավորապես պետական մարմիններում և վերջապես պետք է ընդունեն դրական պաշտպանության միջոցներ, որոնք անհրաժեշտ են երաշխավորելու հավասար պաշտպանության արդյունավետ իրավունքը բոլոր անհատների համար։
142. Պետությունները պարտավոր են չընդունել քաղաքացիության շնորհման այնպիսի գործելակերպեր կամ օրենքներ, որոնց կիրառումը կնպաստի քաղաքացիություն չունեցող անձանց թվի մեծացմանը։ Այս վիճակը քաղաքացիության բացակայության պատճառով է, երբ անհատն իրավասու չէ ստանալ այն տվյալ պետության օրենքների համաձայն՝ քաղաքացիության կամայական շնորհման կամ քաղաքացիությունից կամայականորեն զրկելու պատճառով, որը ըստ էության արդյունավետ չէ։ Քաղաքացիություն չունենալը անհատին զրկում է քաղաքացիական և քաղաքական իրավունքներ ունենալու հնարավորությունից և նրան դնում ծայրահեղ խոցելի իրավիճակում»։
45. Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի նախադեպային իրավունքից բխող սկզբունքները քաղաքացիության իրավունքի վերաբերյալ վերջերս վերահաստատվել են Վտարանդի դոմինիկցիներն ու հայիթցիները ընդդեմ Դոմինիկյան հանրապետության գործով (Expelled Dominicans and Haitians v. Dominican Republic) (2014թ. օգոստոսի 28-ի դատավճիռը, 253-264-րդ պարբերություններ)։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ
46. Դիմումատուն բողոք է բերել Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով այն մասին, որ հպատակագրման միջոցով Լատվիայի քաղաքացիություն շնորհելու ենթադրելիորեն կամայական մերժումը եղել է իր նկատմամբ կիրառված պատժիչ միջոց, քանի որ ինքը տարածել է գաղափարներ և իրականացրել հավաքներին մասնակցելու իր իրավունքը՝ Կառավարության դիրքորոշումը քննադատելու նպատակով։ Նա նաև գանգատվել է, որ իր վերոնշյալ իրավունքների խախտումները, հակառակ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-րդ պարբերության և 11-րդ հոդվածի 2-րդ պարբերության պահանջներին, սահմանված չեն եղել օրենքով, հետամուտ չեն եղել օրինական նպատակների և եղել են անհամաչափ ու ոչ անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում։ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներն ամրագրում են հետևյալը՝
Հոդված 10 (արտահայտվելու ազատություն)
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին՝ սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում։
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպեսև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքների պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչաառությունը պահպանելու նպատակով»։
Հոդված 11 (հավաքների և միավորման ազատություն)
«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք՝ ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը։
2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականություն կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով։ Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսել զինված ուժերի, ոստիկանության և պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ»։
47. Կառավարությունը ժխտում էր, որ տեղի է ունեցել վերոնշյալ հոդվածների խախտում։
A. Կողմերի դիրքորոշումները
1. Դիմումատուն
48. Դիմումատուն նշել է, որ քաղաքացիությանը վերաբերող հարցերը պետությունների բացառիկ իրավասության շրջանակում չեն, եթե դրանք ազդում են մարդու իրավունքների վրա։ Նա նշել է, որ Թունիսում և Մարոկկոյում քաղաքացիության մասին հրապարակված հրամանագրերի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը և Նոթեբոհմի գործը արտացոլում են իրավիճակը միջազգային իրավունքում՝ համապատասխանաբար 1923թ. և 1955թ., և ոչ ներկա ժամանակներում։ Նա պնդել է, որ ի հայտ է գալիս միջազգային համաձայնություն առ այն, որ քաղաքացիության մասին օրենքներն ու գործելակերպը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի ընդհանուր և մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին։ Քաղաքացիություն շնորհելու պետության հայեցողությունը լիովին անսասան չէ։ Վկայակոչելով Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր հռչակագրի 15-րդ հոդվածի 1-ին պարբերությունը՝ դիմումատուն պնդում էր, որ քաղաքացիության վերաբերյալ որոշումները պետք է քննարկվեն մարդու իրավունքների պաշտպանության լույսի ներքո։ Նա մեջ էր բերում Մարդու իրավունքների միջամերիկյան դատարան բերված երկու համապատասխան գործերի համապատասխանաբար 32-րդ և 140-րդ պարբերությունները (տես վերոնշյալ 43-րդ և 44-րդ պարբերությունները)։ Դիմումատումն պնդում էր, որ միջամերիկյան մոտեցումը նաև հաստատված էր Եվրոպայում՝ հիմնվելով Քաղաքացիության մասին եվրոպական կոնվենցիայի 4-րդ հոդվածին և նրա բացատրական զեկույցին։ Դիմումատուն նկարագրում էր իր կարգավիճակը որպես «ոչ-քաղաքացի» և համարում էր իրեն քաղաքացիություն չունեցող «արտոնյալ» անձ միջազգային իրավունքի տեսնակյունից։ Նա նաև վկայակոչել Նոթեբոհմի գործը և բացատրել, որ ինքը ծնվել է Լատվիայում, իր մշտական բնակությունը և հետաքրքրությունների կենտրոնը Լատվիայում էր, և իր կինն ու երկու դուստրերն ապրում էին Լատվիայում։ Նա պնդել էր, որ չունի որևէ իրական կամ արդյունավետ կապ որևէ այլ պետության հետ։
49. Գիտակցելով, որ որոշակի քաղաքացիության իրավունքը որպես այդպիսին չէր երաշխավորվում Կոնվենցիայով կամ նրա արձանագրություններով՝ դիմումատուն հիմնվում էր Կարասևն ընդդեմ Ֆինլանդիայի (Karassev v. Finland) գործով Դատարանի վճռին ((որոշ.), թիվ. 31414/96, ՄԻԵԴ 1999‑II) և պնդում, որ քաղաքացիության կամայական մերժումը կարող էր որոշակի հանգամանքներում հարց ի հայտ բերել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ անհատի իրավունքների վրա իր ունեցած ազդեցության պատճառով։ Նա այնուհետև վկայակոչել էր Գենովեզն ընդդեմ Մալթայի (Genovese v. Malta) (թիվ. 53124/09, § 45, 11-ը հոկտեմբերի, 2011թ.) գործը, որով Դատարանը վճռել էր, որ տեղի է ունեցել 14-րդ հոդվածի խախտում Հոդված 8-ի հետ միասին, կապված քաղաքացիության մատչելիության հետ։ Դիմումատուն պնդել էր, որ միջազգային հարթակներում գտել են, որ քաղաքացիության կանոնների սահմանման նեպետական իրավասությունը բացառիկ չէ։ Նա վկայակոչել էր Եվրոպական միության Արդարադատության դատարան բերված վերոնշյալ Ռոթմանի գործը որպես օրինակ։ Այն նաև պնդել էր, որ սույն գործի նպատակներից ելնելով, որ պետության՝ քաղաքացիություն չունենալը նվազեցնելու պարտականությունը սահմանափակում էր պետության հայեցողությունը, և հիմնվելով Անդրեևան ընդդեմ Լատվիայի (Andrejeva v. Latvia) ([GC], թիվ 55707/00, § 88, ՄԻԵԴ 2009) գործին՝ պնդել, որ Լատվիան այն միակ պետությունն էր, որի հետ ինքն ուներ կայուն իրավական կապեր։
50. Դիմումատուն համաձայնել էր, որ ինքը չուներ Լատվիայի քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք ըստ Կոնվենցիայի։ Նրա պնդումն այն էր, որ 10-րդ և 11-րդ հոդվածներով ամրագրված իր իրավունքները ոտնահարվել էին հպատակագրման գործընթացում։ Դատարանի նախադեպային իրավունքում ոչինչ չէր ենթադրում, որ կարող են ի հայտ գալ միայն հարցեր կապված 8-րդ և 14-րդ հոդվածների հետ։ Դիմումատուն պնդում էր, որ առկա էր որոշակի պատճառական կապ Լատվիայի՝ ռուսերեն լեզվով ուսուցմամբ դպրոցներում պետական լեզվի ներդրման դեմ միջոցառումներում իր մասնակցության և իրեն հպատակագրումը մերժելու մասին Կառավարության որոշման միջև։ Նա համարում էր, որ «քաղաքացիության մերժումը» պատժիչ միջոց էր, որը կիրառվել էր իր նկատմամբ՝ ի պատասխան իր գործունեության և հայտարարությունների։
51. Դիմումատուն համաձայն չէր Կառավարության հետ, որ Էզելինի (Ezelin) գործն անհրաժեշտ էր առանձնացնել սույն գործից։ Դիմումատուն պնդել էր, որ կիրառված պատժամիջոցի բնույթն ու ծանրությունը այն գործոններն էին, որոնք անհրաժեշտ էր հաշվի առնել միջամտության համաչափությունը գնահատելիս (նա վկայակոչել էր Սյուրեքն ընդդեմ Թուրքիայի (Sürek v. Turkey) (թիվ 1) [GC], թիվ 26682/95, § 64, ՄԻԵԴ 1999‑IV) գործը։ Իրեն Լատվիայի քաղաքացիություն շնորհելու մերժումն ունեցել էր մի շարք անմիջական հետևանքներ։ Նա նշել էր նման մեկ օրինակ՝ փաստը, որ ինքը չէր կարողացել մասնակցել քաղաքային ընտրություններին, որոնք անց էին կացվել 2005թ., քանի որ կրկին կկարողանար դիմել հպատակագրման համար միայն մեկ տարի անց (Քաղաքացիության մասին օրենքի 12(6) բաժինը)։ Նման հանգամանքը կանխատեսելի չէր եղել Անվտանգության ոստիկանության դրական կարծիքի պայմաննրեում։ Դիմումատուն շարունակում էր լինել «ոչ քաղաքացի» և դուրս էր մնացել քաղաքական գոծընթացներում լիարժեք մասնակցությունից։ Նա մատնանշել էր, որ ինքն իրավունք չուներ ընտրելու կամ որևէ ընտրությունների մասնակցելու՝ քաղաքային կամ խորհրդարանական, կամ Երվոպական խորհրդարանի ընտրություններին։
52. Համաձայնելով, որ պատժամիջոցներն իրեն չէին խանգարում արտահայտել իր կարծիքը, նրա կարծիքով դրանք համարժեք էին գրաքննության ինչ-որ տեսակի, որը հավանականություն ուներ նրան հետ պահելու նման քննադատություններ անելուց ապագայում (նա վկայակոչել էր Լինգենսն ընդդեմ Ավստրիայի (Lingens v. Austria) գործը, 8-ը հուլիսի, 1986թ., § 44, Շարք Ա թիվ 103)։ Ընդհանուր առմամբ դիմումատուն պնդել էր, որ ներպետական իշխանությունների ձեռնարկած միջոցառումները ունակ էին հետ պահելու «քաղաքացիություն չունեցողներին» հանրային օրինական մտահոգության առարկա հանդիսացող խնդիրների շուրջ քննարկումներին մասնակցելուց (նա վկայակոչել էր Բլադեթ Թրոմսոեն և Սթենսասն ընդդեմ Նորվեգիայի (Bladet Tromsø and Stensaas v. Norway) գործը [GC], թիվ 21980/93, § 64, ՄԻԵԴ1999‑III)։
53. Ի պատասխան Կառավարության պնդման, թե ինքը չի կատարել հավատարմության նախապայմանը, դիմումատուն տարբերակում է դրել պետությանը և Կառավարության հավատարմության միջև։ Նա ընդունել է, որ պետությանը հավատարմության պահանջը կարող է օրինական լինել, սակայն այն չպետք է օգտագործվի կարծիքների բազմազանության դեմ պայքարելու համար, երբ նման կարծիքներն արտահայտվել են օրենքին համապատասխան (նա վկայակոչել էր Թանաշն ընդդեմ Մոլդովայի (Tănase v. Moldova) [GC], թիվ. 7/08, §§ 166-167, ՄԻԵԴ 2010)։ Դիմումատուն այնուհետև պնդել է, որ Կառավարությունը Կառավարությանը տապալելու, բռնություն կիրառելու և միջազգային սկանդալ հրահրելու իր ենթադրելի կոչերի ապացույցներ չէր ներկայացրել։ Դիմումատուն զարմացած էր, որ Կառավարությունը վկայակոչել էր լրատվամիջոցների հաղորդումները՝ իր մեղադրանքները հիմնավորելու նպատակով, երբ կարելի էր գտնել ավելի օբյեկտիվ ապացույցներ։ Նա անդրադարձել էր Անվտանգության ոստիկանության դրական կարծիքին և նշել, որ իրեն մեկ անգամ պատժել են գրավոր նախազգուշացմամբ՝ ցույցին մասնակցելու համար և որ ոչ մի քրեական պատիժ երբևէ չի կիրառվել իր նկատմամբ։ Լրատվամիջոցների հաղորդումները միայն արտացոլում էին իրենց հեղինակների կարծիքը։ Նա հիմնվել էր լրատվամիջոցների նույն հայտարարություններին (տես վերոնշյալ 17-րդ պարբերությունը)՝ պնդելու, որ իր բողոքները կազմակերպվել են միայն Վարչապետի ղեկավարարած կոնկրետ Կառավարության և կառավարող դաշինքի դեմ, այլ ոչ բնավ որևէ օրինական Կառավարության դեմ։ Որ նա չի ցանկացել կիրառել որևէ բռնություն, նրա հրավերը «ոստիկանական սպորտային ակումբում բոքսի մրցումներին» մասնակցելու վերաբերյալ կատարվել է փողոցներում ցանկացած բռնությունից խուսափելու նկատառումով։ Վերջապես 2004թ. դեկտեմբերի 10-ի իր հարցազրույցում նրա պնդումները չէին կարող հիմք հանդիսանալ մերժման համար, քանի որ այդ հարցազրույցը նա տվել էր Կառավարության կողմից իրեն Լատվիայի քաղաքացիություն շնորհելու մերժումից հետո։
54. Ամեն դեպքում, արտահայտվելու ազատությունը նաև ներառւոմ էր գաղափարներ և արտահայտություններ, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստացնում էին (նա վկայակոչել էր Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության ( Handyside v. the United Kingdom), 7-ը դեկտեմբերի, 1976թ., § 49, Շարք Ա թիվ. 24) գործը, իսկ հավաքների ազատությունը նաև պաշտպանում էր այն ցույցերը, որոնք կարող են զայրացնել կամ վիրավորել անձանց, ովքեր դեմ են այն գաղափարներին ու պահանջներին, որ փորձում են խթանել այդ ցույցերը ( նա վկայակոչել է Plattform “Ärzte für das Leben”-ն ընդդեմ Ավստրիայի գործը, 21-ը հունիսի, 1988թ., § 32, Շարք Ա թիվ 139)։ Բացի այդ քննադատության սահմաններն ավելի լայն էին կապված Կառավարության, քան մասնավոր քաղաքացու հետ (նա վկայակոչել էր Կաստելսն ընդդեմ Իսպանիայի (Castells v. Spain), 23-ը ապրիլի, 1992թ., § 46, Շարք Ա թիվ. 236)։
2. Կառավարությունը
55. Կառավարությունը պնդել էր, որ դիմումատուի գանագատը քողարկված փորձ էր բողոքելու այն փաստի դեմ, որ հպատակագրմամբ իրեն քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումը մերժվել է։ Կառավարությունը պնդել էր, որ դիմումատուն ցույց չէր տվել, թե ինչպես էր մերժումը միջամտել կամ այլ կերպ ասած բացասաբար ազդել Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով ամրագրված իր իրավունքների վրա։
56. Ըստ Կառավարության, հպատակագրման մերժումը ոչ մի ձևով չէր ազդել դիմումատու իրավունքների և ազատությունների վրա։ Կառավարությունը վկայակոչել էր լրատվամիջոցների լայն լուսաբանումը, որն արտացոլում էր դիմումատուի հրապարակային հայտարարությունները, որոնցում նա բաց արտահայտել էր իր կարծիքներն ու դիրքորոշումը կրթական բարեփոխման վերաբերյալ, ինչպես նաև այս կապակցությամբ իր ծրագրերն ու գործողությունները։ Լրատվական հաղորդումները նաև արտացոլում էին դիմումատուի մասնակցությունը 2005թ. հետագա հանրահավաքներին և ցույցերին։ Նա դարձել էր Եվրոպական խորհրդարանի անդամ տկն. Ժդանոկայի օգնականը և շարունակել էր դեմ արտահայտվել Կառավարության քաղաքականությանը կրթության բարեփոխումների ոլորտում։ Կառավարությունը նշել էր որոշակի օրինակներ հանրահավաքներից, որոնցում դիմումատուն մասնակցել էր 2004թ. նոյեմբերի 16-ի որոշումից ի վեր (օրինակ 2004թ. դեկտեմբերի 6-ի հանրահավաքը նվիրված կրթական բարեփոխումներին)։ Բացի այդ Կառավարությունը նշել էր, որ 2012թ. դիմումատուն հանդիսացել էր «քաղաքացիություն չունեցողների» համար քաղաքացիության վերաբերյալ հանրահավաք անցկացնելու նպատակով ստորագրահավաքի կազմակերպիչներից մեկը։ Նույն տարում դիմումատուն մասնակցել էր մի մարմնի հիմնմանը, որը կոչվում էր «Քաղաքացիություն չունեցողների կոնգրես», և դրա շրջանակներում, 2013թ. հունիսի 1-ին ընտրվել էր ինքնահռչակ «Չներկայացվածների խորհրդարանի» անդամ։ Նա մասնակցել էր մի շարք համաժողովների, բողոքի ակցիաների և ցույցերի, որոնցում ազատ արտահայտել էր իր կարծիքը, որ «քաղաքացիություն չունեցողներին» պետք է ավտոմատ կերպով քաղաքացիություն շնորհվի։
57. Ոչ էլ դիմումատուն ենթարկվել էր որևէ պատժի, տույժի, հետապնդման կամ դատապարտման պետական որևէ հաստատության կողմից իր կարծիքների կամ հրապարակային հայտարարությունների համար։ Կառավարությունը վկայակոչել էր Յոկշաշն ընդդեմ Լիտվայի (Jokšas v. Lithuania) (թիդ. 25330/07, 12-ը նոյեմբերի, 2013թ.) գործը և սույն գործի նպատակների համար կարևոր համարել այնքանով, որքանով այդ գործում ոչ մի միջամտություն և հետևաբար ոչ մի խախտում չէր գտնվել՝ հրապարակային հայտարարությունների համար կարգապահական որևէ պատժի, հետապնդման կամ դատապարտման բացակայության արդյունքում։
58. Կառավարությունը չէր համաձայնել դիմումատուի հետ, թե իրեն քաղաքացիություն տրամադրելու Լատվիայի իշխանությունների մերժումը հանդիսացել է պատժիչ միջոց և առանձնացրել էր սույն գործը Էզելինն ընդդեմ Ֆրանսիայի (Ezelin v. France) (26-ն ապրիլի, 1991թ., Շարք Ա թիվ. 202) գործից։ Այդ գործում դիմումատուն ենթարկվել էր կարգապահական պատժի ցույցի մասնակցելու համար։ Նման պատիժը բացասական իրավական հետևանքներ էր ունեցել դիմումատուի աշխատանքային պատմության վրա։ Ներկա գործում սակայն, քաղաքացիություն տրամադրելու դիմումի մերժումը միայն ուղղակի հետևանք էր ունացել՝ այն է տվյալ պահին Լատվիայի քաղաքացիություն ձեռք բերելու անկարողություն։ Կառավարությունը վերահաստատել է, որ դիմումատուի՝ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների վրա բացասական ազդեցություն չէ եղել և որ մերժումը չի խանգարել դիմումատուին նոր դիմում ներկայացնել ապագայում։
59. Կառավարությունը նաև նկատի էր առել, որ սույն գործն անհրաժեշտ է առանձնացնել Ռեդֆիըրի (Redfearn) ու Ֆոգթի (Vogt) գործերից, որոնցում դիմումատուները աշխատանքից ազատվելուց հետո աշխատանք գտնելու դժվարությունների էին հանդիպել (Ռեդֆիըրն ընդդեմ Միացյալ թագավորության (Redfearn v. the United Kingdom), թիվ 47335/06, 6-ը նոյեմբերի, 2012թ., և Ֆոգթն ընդդեմ Գերմանիայի (Vogt v. Germany), 26-ը սեպտեմբերի, 1995թ., Շարք Ա թիվ 323)։ Ի տարբերություն վերոնշյալ գործերի, հպատակագրմամբ քաղաքացիության շնորհման դիմումի մերժումը սույն գործով ի անհակադարձելիորեն հայտ չէր բերել որևէ դժվարություններ դիմումատուի համար, քանի որ նա կարող էր կրկին դիմել Լատվիայի քաղաքացություն ստանալու համար։ Ոչ էլ այն ստեղծել էր որևէ բացասական հետևանք նրա քաղաքական կարիերայի համար։ Այն փաստը, որ դիմումատուն կրկին չէր դիմել հպատակագրման համար, ցույց էր տալիս, որ նա երբևէ Լատվիայի քաղաքացիություն ստանալու իրական նպատակ չէր ունեցել։
60. Կառավարությունը վկայակոչել էր Թունիսում և Մարոկկոյում հրապարակված՝ քաղաքացիության մասին հրամանագրերի մասին վերոնշյալ խորհրդատվական կարծիքը և Նոթեբոհմի գործը՝ պնդելով, որ ըստ միջազգային իրավունքի քաղաքացիության վերաբերյալ հարցերը դասվում էին պետությունների բացառիկ իրավասության շրջանակներում և զուտ ներպետական դատական համակարգի խնդիրն էին։ Քաղաքացիության թեմայի վերաբերյալ միջազգային իրավունքում կարգավորումը շարունակում էր լինել հատվածավորված՝ ընդգրկելով այնպիսի ոլորտներ, ինչպես քաղաքացիության և պետության իրավահաջորդության վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությունների հակասությունն է, որոնք չեն առնչվում սույն գործի նպատակներին։ Կառավարությունը նշել էր, որ ընդհանուր առմամբ քաղաքացիության վերաբերյալ առավել միասնական չափանիշների մշակման փորձերը դեռ ընթացքում են՝ մատնանշելով այն փաստը, որ Քաղաքացիության մասին եվրոպական կոնվենցիան վավերացված է եղել ընդամենը 16 պետությունների կողմից այն պահին, երբ Կառավարությունը ներկայացրել է իր առաջին դիտարկումները (այժմ 20 պետության կողմից, տես վերոնշյալ 39-րդ պարբերությունը)։
61. Վկայակոչելով Ստրասբուրգի նախադեպային իրավունքը (Կ ընտանիքը և Վ-ն ընդդեմ Նիդեռլանդների (Family K. and W. v. the Netherlands), թիվ 11278/84, 1985թ. հուլիսի 1-ին Հանձնաժողովի որոշումը, Որոշումներ և զեկույցներ (DR) 43, էջ 216, Սլեպչիկն ընդդեմ Նիդեռլանդների և Չեխիայի հանրապետության (Slepcik v. the Netherlands and the Czech Republic), թիվ 30913/96, 1996թ. սեպտեմբերի 2-ին Հանձնաժողովի որոշումը, DR 86-B, էջ 176 և Յազվինսկին ընդդեմ Սլովակիայի հանրապետության (Jazvinsky v. the Slovak Republic) (վճռ.), թիվ 33088/96, 52236/99, 52451/99, 52452/99, 52453/99, 52455/99, 52457/99, 52458/99, 52459/99, 7-ը դեկտեմբերի, 2000թ.)՝ Կառավարությունը վերահաստատել է, որ որոշակի պետության քաղաքացիության իրավունքը Կոնվենցիայով և նրա արձանագրություններով երաշխավորված իրավունքների թվին չէր պատկանում։
62. Անդրադառնալով թիվ 2009-94-01 գործով Սահմանադրական դատարանի վճռին՝ Կառավարությունը պնդել էր, որ պետությունն ուներ թույլատրելի հայեցողության լայն շրջանակ քաղաքացիության մասին կանոններ սահմանելիս (տես վերոնշյալ 36-րդ պարբերությունը)։ Կառավարությունը վերահաստատել էր, որ հպատակագրումը պետության քաղաքական որոշում էր, և որ ցանկացած պետություն ուներ մեխանիզմ, որն ուղղված էր հայտնաբերելու այն քաղաքացիներին, ովքեր հավատարիմ էին այդ որոշակի պետությանը։ Պետությանը չէր կարելի ստիպել քաղաքացիություն շնորհել անձանց, ովքեր նրա կարծիքով ինտեգրված չէին, անհավատարիմ էին և անվստահելի։
63. Լատվիայի օրենսդրությունը չէր երաշխավորում հպատակագրմամբ Լատվիայի քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքը։ Այն պարզապես նախատեսում էր քաղաքացիության համար դիմելու իրավունք, եթե առկա էր որոշակի չափանիշներին համապատասխանություն։ Կառավարությունն այնուհետև բացատրել էր հպատակագրման երկքայլանի գործընթացը։ Առաջինը, Հպատակագրման խորհուրդն իրականացնում էր առանձին դիմումները ստանալու և վերանայելու վարչական առաջադրանքը՝ պարզելու, թե արդյոք դրանք համապատասխանում են օրենքով սահմանված որոշակի չափանիշներին, և նրա որոշումը ենթակա էր դատական քննության համաձայն Քաղաքացիության մասին օրենքի 17(3)-րդ հոդվածի։ Երկրորդը, Կառավարության առաջադրանքը հայեցողական բնույթ ուներ, ի թիվս այլ հարցերի նաև հաշվի առնել քաղաքական նկատառումները, ներառյալ Լատվիայի հանրապետությանը տվյալ անձի հավատարմությունը։ Կառավարությունը եզրակացրել էր, որ դիմումատուի հայտարարություններն ու գործոությունները նպատակ ունեին ապակայունացնել վիճակը պետության ներսում, և որ նա չարաշահել էր հպատակագրման ընթացակարգը՝ այդ նպատակին հասնելու նկատառումով (տես վերոնշյալ 17-րդ պարբերությունը)։
64. Ավելին, դիմումատուի հայտարարություններն ու գործողությունները անհամատեղելի են եղել Լատվիայի հանրապետության՝ որպես ժողովրդավարական պետության հիմնարար արժեքներին, և նա չի կատարել հավատարմության նախապայմանը, որը նախատեսված է Քաղաքացիության մասին օրենքի 18-րդ հոդվածով։ Անդրադառնալով վերոնշյալ Նոթեբոհմի գործին՝ Կառավարությունը բնականոն է համարել խնդրելու, որ հպատակագրման համար դիմողները ցույց տան իրական կապ երկրի հետ, ներառյալ Լատվիայի հանրապետությանը հավատարմության որոշակի մակարդակ՝ նրա քաղաքացիությունը ձեռք բերելիս։ Գիտակցելով, որ Կոնվենցիայի հոդված 10-ը սկզբունքորեն պաշտպանում էր արտահայտվելու իրավունքը մի ձևով, որը վիրավորում, ցնցում կամ անհանգստացնում էր, Կառավարությունը նաև նշել էր, որ անձը, ով իրականացնում էր իր ազատ արտահայտվելու իրավունքը, ստանձնում էր պարտականություններ և պարտավորություններ, որոնց շրջանակը կախված էր առանձին իրավիճակից (նրանք վկայակոչել էին վերոնշյալ Հենդիսայդի (Handyside) գործը, § 49)։ Կառավարության կարծիքով դիմումատուն ունեցել էր պարտականություն՝ ընտրելու այն միջոցները, որոնցով ցանկանում էր հասնել իր նպատակներին, և զերծ մնալ սադրիչ հայտարարություններից՝ կապված ուժի կիրառման հնարավորության հետ, ինչը վտանգում էր ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքները։ Նմանապես Կառավարությունը նշել էր, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածը չէր պաշտպանում նրանց, ովքեր ունեին հանրային անկարգությունների հանգեցնելու բռնի մտադրություններ (Կառավարությունը վկայակոչել էր Գ-ն ընդդեմ Գերմանիայի դաշնային հանրապետության (G. v. the Federal Republic of Germany) գործը, թիվ 10833/84, 1987թ. հոկտեմբերի 13-ի Հանձնաժողովի որոշումը)։
65. Սույն գործում չի կարելի համարել, որ դիմումատուն չի իրականացրել իր ազատ արտահայտվելու կամ հավաքներին ազատորեն մասնակցելու իրավունքը, երբ քարոզել է գաղափարներ ռուսախոս համայնքի և կրթության բարեփոխումների վերաբերյալ։ Նրա հպատակագրմամբ քաղաքացիություն շնորհելու դիմումը մերժելիս՝ Կառավարության նպատակը ոչ թե եղել է դիմումատուին որևէ զանցանքի համար պատժելը, այլ Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարությունը պաշտպանելը։
66. Եվ վերջապես, ընդունելիությանը հաջորդած իրեց դիտարկումներում Կառավարությունը նշել է, որ ներպետական վարույթներում դիմումատուն երբևէ չի բողոքել իր արտահայտվելու կամ հավաքներին մասնակցելու ազատությունների նկատմամբ միջամտությունից կամ սահմանափակումներից։ Փոխարենը նա բացահայտորեն բողոքել է հպատակագրման մերժման վերաբերյալ, ուստի Կառավարության կարծիքով այս գործը անհրաժեշտ է հակադրել Հայնկշն ընդդեմ Գերմանիայի (Heinisch v. Germany) գործին (թիվ 28274/08, ՄԻԵԴ 2011 (հատվածներ))։
B. Դատարանի գնահատականը
1. Ընդհանուր սկզբունքներ
67. Դատարանի Մեծ պալատի վճիռը Mouvement raëlien Suisse-ն ընդդեմ Շվեյցարիայի (Mouvement raëlien Suisse v. Switzerland) (թիվ 16354/06, § 48, ՄԻԵԴ 2012թ. (հատվածներ)) գործով վերահաստատել է հիմնարար սկզբունքները ազատ արտահայտման առնչությամբ (վկայակոչելով Սթոլն ընդդեմ Շվեյցարիայի (Stoll v. Switzerland) [GC], թիվ 69698/01, § 101, ՄԻԵԴ 2007 V, և Սթիլն ու Մորիսն ընդդեմ Միացյալ Թագավորության (Steel and Morris v. the United Kingdom), թիվ. 68416/01, § 87, ՄԻԵԴ 2005-II) գործերը`
«(i) Ազատ արտահայտվելու իրավունքը ժողովրդավարական հասարակության կարևոր հիմքերից և նրա առաջընթացի ու յուրաքանչյուր անհատի կայացման հիմնական նախապայմաններից մեկն է։ Համաձայն Հոդված 10-ի 2-րդ պարբերության այն կիրառելի է ոչ միայն «տեղեկությունների» և «գաղափարների» նկատմամբ, որոնք ստացվում են բարեհաճորեն կամ համարվում են ոչ վիրավորական կամ անտարբերության խնդիր են, այլև նրանց, ովքեր վիրավորում, ցնցում կամ անհանգստացնում են։ Այդպիսին են բազմակարծության, հանդուրժողության և լայնախոհուրյան պահանջները, առանց որոնց «ժողովրդավարական հասարակություն» գոյութոյւն չունի։ Ինչպես սահմանված է 10-րդ հոդվածում, այս ազատությունը ենթակա է բացառությունների, որոնք... պետք է, սակայն հստակ մեկնաբանվեն, և ցանկացած սահմանափակման անհրաժեշտությունը պետք է սահմանվի համոզիչ կերպով ...
(ii) «Անհրաժեշտ» ածականը 10-րդ հոդվածի 2-րդ պարբերության իմաստով, ենթադրում է «հրատապ սոցիալական անհրաժեշտություն»։ Պայմանավորվող պետություններն ունեն հայեցողության որոշակի շրջանակ՝ գնատելու, թե արդյոք նման կարիք գոյություն ունի, սակայն դա արվում է եվրոպական վերահսկողության հետ միաժամանակ՝ ներառելով թե՛ օրենսդրությունը և թե՛ այն կիրառելու վերաբերյալ որոշումները, նույնիսկ եթե դրանք կայացնում է անկախ դատարանը։ Դատարանն ուստի լիազորված է կայացնել վերջնական վճիռը, թե արդյո՞ք «սահմանափակումը» համատեղելի է 10-րդ հոդվածով պաշտպանվող խոսքի ազատությանը։
(iii) Իր վերահսկիչ իրավասությունն իրականացնելու դատարանի խնդիրը ոչ թե իրավասու ներպետական իշխանություններին փոխարինելն է, այլ ավելի շուտ իրենց հայեցողության շրջանակներում նրանց կայացրած որոշումները 10-րդ հոդվածի շրջանակներում վերանայելը։ Սա չի նշանակում, որ վերահսկողությունը սահմանափակվում է համոզվելով, թե արդյոք պատասխանող պետությունը ողջամտորեն, զգուշորեն և բարեխղճորե՞ն է կիրառել հայեցողությունը։ Դատարանը պետք է ուսումնասիրի այն միջամտությունը, որի մասին բերվել է բողոքը, ընդհանուր առմամբ գործի լույսի ներքո և որոշի, թե արդյոք այն եղել է «հետապնդվող օրինական նպատակին համաչափ» և թե արդյոք հիմնավորման նպատակով ներպետական իշխանությունների ներկայացրած պատճառները «տեղին և բավարար են»։.... Այդ անելով՝ Դատարանը պետք է բավարարվի, որ ներպետական իշխանությունները կիրառել են չափանիշներ, որոնք համապատասխանում են 10-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին և ավելին, որ իրենք հիմնվել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա ....»
68. Դատարանը նաև շեշտադրում է «զսպող ազդեցությունը», որ պատժամիջոցներից վախն ունի ազատ արտահայտվելու իրավունքի իրականացման վրա։ Այս ազդեցությունը, որն ընդհանուր առմամբ գործում է ի վնաս հասարակության, նույնպես մի գործոն է, որը վերաբերում է անհատների նկատմամբ կիրառված պատժամիջոցների համաչափությանը, ուստիև հիմնավորմանը (տես Կուդեշկինան ընդդեմ Ռուսաստանի (Kudeshkina v. Russia) գործը, թիվ 29492/05, § 99, 26-ը փետրվարի, 2009թ.՝ հետագա հղումներով)։
69. 11-րդ հոդվածում սահմանված՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակումները նման են հոդված 10-ով նախատեսվածներին, և պետք է մեկնաբանվեն հստակ, և միայն համոզիչ ու պարտադրող պատճառները կարող են արդարացնել այդ ազատության նկատմամբ սահմանափակումները։ Ցանկացած միջամտություն պետք է համապատասխանի «հրատապ սոցիալական կարիքին»։ Այսպես՝ «անհրաժեշտ» հասկացությունը չունի նույն ճկունությունը, ինչպես «օգտակար» և «ցանկալի» հասկացությունները (տես Գորզելիկն ու այլոք ընդդեմ Լեհաստանի ( Gorzelik and Others v. Poland) գործը [GC], թիվ 44158/98, § 95, ՄԻԵԴ 2004‑I) ։
70. Դատարանը վերջերս վերահաստատել է, որ բազմակարծությունը, հանդուրժողությունն ու լայնախոհությունը «ժողովրդավարական հասարակության» փորձադրոշմներն են։ Չնայած որ անհատական շահերը պետք է որոշ դեպքերում ենթակայեցվեն խմբի շահերին, ժողովրդավարությունը պարզապես չի նշանակում, որ մեծամասնության կարծիքները միշտ պետք է գերակշռեն։ Հավասարակշռություն պետք է ձեռք բերվի, որը կերաշխավորի արդար վերաբերմունքը փոքրամասնություն ներկայացնող մարդկանց նկատմամբ և կխուսափի գերակշիռ դիրքի չարաշահումից։ Բազմակարծությունն ու ժողովրդավարությունը նաև պետք է հիմնված լինեն երխոսության և փոխզիջման ոգու վրա՝ անպայմանորեն հանգեցնելով անհատների կամ անհատների խմբերի կողմից տարբեր զիջումների, որոնք արդարացված են՝ ժողովրդավարական հասարակության իդեալներն ու արժեքները պահպանելու և խթանելու առումով (տես Ս.Ա.Ս.-ն ընդդեմ Ֆրանսիայի (S.A.S. v. France) գործը [GC], թիվ. 43835/11, § 128, ՄԻԵԴ 2014 (հատվածներ) հետագա հղումներով)։ Պետության կողմից փոքրամասնության կարծիքը հարգելը՝ հանդուրժող վարքով, որը per se անհամատեղելի չէ ժողովրդավարական հասարակության արժեքներին կամ ամբողջովին դուրս չի մնում նման հասարակության վարքի նորմերի շրջանակից, անարդար անհավասարություններ և խտրականություն չստեղծելուց բացի երաշխավորում է համերաշխ և կայուն բազմակարծություն և խթանում է ներդաշնակությունն ու հանդուրժողությունը հասարակությունում (տես, mutatis mutandis, Բայաթյանն ընդդեմ Հայաստանի (Bayatyan v. Armenia) գործը [GC], թիվ 23459/03, § 126, ՄԻԵԴ 2011թ.)։
71. Դատարանը նաև նշել է, որ «Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքների դեմ ուղղված դիտողությունը» դուրս է բերվում 10-րդ հոդվածի պաշտպանությունից 17-րդ հոդվածով (տես Լեհիդոն և Իսորնին ընդդեմ Ֆրանսիայի (Lehideux and Isorni v. France) գործը, 23-ը սեպտեմբերի 1998թ., § 53, Զեկույցներ 1998-VII , և Գարոդին ընդդեմ Ֆրանսիայի (Garaudy v. France) գործը (վճռ.), թիվ 65831/01, ՄԻԵԴ 2003-IX)։ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով երաշխավորված ազատությունները չեն կարող զրկել որևէ պետության իշխանություններին, որի ներսում մի ընկերակցություն իր գործունեությամբ վտանգում է պետության հաստատությունները, այդ հաստատությունները պաշտպանելու իրավունքից։ Այս կապակցությամբ Դատարանը մատնանշում է, որ նախկինում ինքը վճռել է, որ ժողովրդավարական հասարակության պաշտպանության պահանջների և անհատական իրավունքների միջև որոշ փոխզիջումը ներհատուկ է Կոնվենցիայի համակարգին։ Այս տեսակի փոխզիջման համար իշխանությունների կողմից ցանկացած միջամտություն պետք է լինի 11-րդ հոդվածի 2-րդ պարբերությանը համահունչ։ Դա վերանայելուց հետո միայն Դատարանը ի վիճակի կլինի որոշել, տվյալ գործի հանգամանքների լույսի ներքո, թե արդյոք պետք է կիրառվի Կոնվենցիայի 17-րդ հոդվածը (տես Ռեֆահ Փարթիսին և այլոք ընդդեմ Թուրքիայի (Refah Partisi (the Welfare Party) and Others v. Turkey) գործը [GC], թիվ 41340/98, 41342/98, 41343/98 և 41344/98, § 96, ՄԻԵԴ 2003‑II)։
72. Դատարանը համարում է, որ ոչ ոք չպետք է լիազորություն ունենա հիմնվելու Կոնվենցիայի դրույթներին՝ ժողովրդավարական հասարակության իդեալներն ու արժեքները թուլացնելու կամ ոչնչացնելու նպատակով։ Հետևաբար, ժողովրդավարական համակարգի կայունությունն ու արդյունավետությունը երաշխավորելու նպատակով պետությունից պետք է պահանջվի ձեռնարկել որոշակի միջոցառումներ՝ իրեն պաշտպանելու նպատակով։ Ամեն անգամ, երբ պետությունը նպատակ ունի հիմնվելու «իրեն պաշտպանելու ունակ ժողովրդավարության» սկզբունքին՝ անհատական իրավունքներին միջամտությունը արդարացնելու նպատակով, այն պետք է ուշադիր գնահատի խնդրո առարկա միջոցի շրջանակներն ու հետևանքները՝ երաշխավորելու, որ վերոնշյալ հավասարակշռությունը ձեռք է բերվել (տես Ժդանոկան ընդդեմ Լատվիայի ( Ždanoka v. Latvia) գործը [GC], թիվ 58278/00, §§ 99 և 100, ՄԻԵԴ 2006‑IV)։
73. Վերջապես Դատարանը վերահաստատում է, որ «քաղաքացիության իրավունքը», ինչպես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 15-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքը, կամ որոշակի քաղաքացիություն ձեռք բերելու կամ պահպանելու իրավունքը, չի երաշխավորվում Կոնվենցիայով և նրա Արձանագրություններով։ Այդուհանդերձ, Դատարանը չի բացառել այն հնարավորությունը, որ քաղաքացիության իրավունքի կամայական մերժումը կարող է որոշակի հանգամանքներում հարց ի հայտ բերել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով՝ անհատի անձնական կյանքի վրա նման մերժման ազդեցության պատճառով (տես վերը նշված Կրաասևի (Karassev) գործը և Սլիվենկոն ու այլոք ընդդեմ Լատվիայի (Slivenko and Others v. Latvia) գործը (վճռ.) [GC], թիվ 48321/99, § 77, ՄԻԵԴ 2002-II)։ Նմանապես, Դատարանը վճռել է, որ քաղաքացիությունից հրաժարման ոչ մի իրավունք չի երաշխավորվում Կոնվենցիայով կամ նրա Արձանագրություններով։ Սակայն այն չի կարող բացառել, որ քաղաքացիությունից հրաժարման դիմումի կամայական մերժումը կարող է որոշակի խիստ բացառիկ հանգամանքներում հարց ի հայտ բերել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով, եթե նման մերժումն ազդեցություն ունի անհատի անձնական կյանքի վրա (տես Ռիներն ընդդեմ Բուլղարիայի (Riener v. Bulgaria) գործը, թիվ 46343/99, §§ 153-154, 23-ը մայիսի, 2006թ.)։
74. Այսպիսով Դատարանը համարել է, որ այնպիսի հանգամանքներւմ, երբ անդամ պետությունը գերազանցել է 8-րդ հոդվածով նախատեսված իր պարտականությունների շրջանակը՝ ստեղծելով քաղաքացիություն ըստ ծագման, և ընթացակարգ է սահմանել այդ նպատակով, ապա այդ պետությունը հետևաբար պարտավոր է ապահովել այդ իրավունքի երաշխավորումն խտրականության՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի իմաստի շրջանակներում (տես վերոնշյալ Գենովեզի (Genovese), գործը, § 34)։
2. Նշված սկզբունքների կիրառումը սույն գործով
75. Դատարանը նշում է, որ դիմումատուն համարել է, որ իր ազատ արտահայտման և հավաքներին մասնակցելու իրավունքները խախտվել են այն փաստով, որ Կառավարությունն ընդունել է բացասական որոշում կապված հպատակագրմամբ Լատվիայի քաղաքացիություն ստանալու իր դիմումի հետ ուստիև պատժել էր իրեն իր կարծիքների համար ու զսպող ազդեցություն ունեցել իր ազատությունների իրականացման վրա։ Կառավարությունը տարբերակում էր կատարել հպատակագրմամբ քաղաքացիություն չշնորհելու մասին որոշման և ազատ արտահայտվելու իրավունքի միջև, երբ երկրորդը կարող էր ազատ իրականացվել դիմումատուի կողմից Լատվիայի քաղաքացիությամբ կամ առանց դրա։
76. Նկատի առնելով Դատարանի որոշումը՝ ըստ էության միանալու Դատարանի ratione materiae իրավասության մասին Կառավարության առարկությանը (տես վերոնշյալ 4-րդ պարբերություն)՝ առաջին հարցը, որի վերաբերյալ Դատարանը պետք է որոշում կայացնի հիմա, այն է, թե արդյոք 10-րդ և 11-րդ հոդվածները կիրառելի են սույն գործի հանգամանքներում։
77. Դիմումատուն պնդել է, որ հպատակագրմամբ իրեն Լատվիայի քաղաքացիություն շնորհելու մերժումը եղել է պատժիչ միջոց ի պատասխան այն տեսակետներին, որ ինքն արտահայտել է կրթական բարեփոխումների դեմ կազմակերպված տարբեր բողոքի ցույցերում։ Դատարանը նկատում է, սակայն, որ դիմումատուն ազատորեն կարողացել է արտահայտել իր տեսակետները, ինչը լյնորեն լուսաբանվել է զանգվածային լրատվամիջոցներում խնդրո ժամանակահատվածում (տես վերոնշյալ 8-րդ, 15-րդ, 17-րդ և 56-րդ պարբերությունները)։ Բացի այդ նա շարունակել է արտահայտել իր տեսակետները կրթական բարեփոխումների վերաբերյալ առանց որևէ խոչընդոտի այն բանից հետո, երբ մերժվել էր հպատակագրմամբ քաղաքացիություն ստանալու մասին նրա դիմումը (տես վերոնշյալ 8-րդ և 15-րդ պարբերությունները)։ Ավելին, դիմումատուն շարունակել է լինել քաղաքականորեն ակտիվ և շարունակել է արտահայտել իր տեսակետները նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ (տես վերը նշված 56-րդ պարբերությունը)։ Դատարանը նշում է, որ քաղաքացիական կարգավիճակի առկայությունը կամ բացակայությունը կարծես թե չի միջամտել դիմումատուի քաղաքացիական գործունեությանը։ Չնայած որ դիմումատուն պնդում էր, որ իր հպատակագրման դիմումի վերաբերյալ որոշումը ազդել է իր արտահայտվելու քաջության վրա, ուստիև խոչընդոտել է իր մասնակցությանը հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ քննարկումներին, Կառավարությունը ներկայացրել է բազմաթիվ ապացույցներ հակառակի վերաբերյալ (տես վերոնշյալ 8-րդ, 15-րդ, 17-րդ և 56-րդ պարբերությունները), իսկ դիմումատուն այնուհետև չի հիմնավորել իր պնդումները կամ չի ներկայացրել որևէ ապացույց այդ կապակցությամբ։ Ոչ էլ Դատարանի տնօրինության տակ կա որևէ այլ տեղեկություն, որը ենթադրի, քաղաքացիության վերաբերյալ Կառավարության քաղաքականությունը կարող է զսպող ազդեցություն ի հայտ բերած լինել դիմումատուի կամ նմանօրինակ կարծիքներ արտահայտող այլ անձանց վրա։
78. Դիմումատուն նշել է պատակագրման մերժման մեկ շոշափելի հետևանք։ Նա չի կարողացել ընտրել կամ մասնակցել քաղաքային կամ խորհրդարանական ընտրություններին կամ Եվրոպական խորհրդարանի ընտրություններին։ Այնուհանդերձ, Դատարանը նկատում է, որ սույն գործով դիմումատուի բողոքը չի վերաբերում Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքներին (ի հակադրություն վերը նշված Ժդանոկայի (Ždanoka) գործի, § 73)։ Ոչ էլ դիմումատուն պնդում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում կապված իր քաղաքացիական ընթացիկ կարգավիճակը պահպանելու անկարողոթյան հետ (ի հակադրություն Կուրիցն ու այլոք ընդդեմ Սլովենիայի (Kurić and Others v. Slovenia) [GC] գործը, թիվ 26828/06, § 314, ՄԻԵԴ 2012թ. (հատվածներ))։ Առաջին հերթին, սույն գործի ընդունելիության վերաբերյալ Դատարանի վճռի համար որոշիչ է այս պահին նրա առջև բերված գործի շրջանակը, և այն չի ներառում որևէ բողոք բացի Կոնվենցիայի 10-րդ, 11-րդ և 13-րդ հոդվածներով բերված բողոքներից (տես վերը նշված 3-րդ և 4-րդ պարբերությունները)։
79. Բացի այդ, դիմումատուն ինքն է խոստովանել, որ իրեն երբեք չեն ենթարկել քրեական պատժի՝ իր կարծիքն արտահայտելու կամ ցույցերին մասնակցելու համար։ Պարզվում է, որ նա մեկ նախազգուշացում է ստացել բողոքի ցույցին մասնակցելու համար։ Սակայն նա լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել այս կապակցությամբ՝ տեղ, ամսաթիվ կամ համատեքստ։
80. Դատարանն այժմ կգնահատի, թե արդյոք հպատակագրման մասին որոշումը ունեցել է որևէ պատժիչ բնույթ դիմումատուի՝ ազատ արտահայտվելու և հավաքներին մասնակցելու իրավունքների իրականացման նպատակների համար։ Ըստ միջազգային իրավունքի, հպատակագրման կամ քաղաքացիության շնորհման ցանկացած այլ ձևի մասին որոշումները խնդիրներ են, որոնք հիմնականում գտնվում են պետության ներպետական իրավասության շրջանակներում։ Դրանք սովորաբար հիմնված են տարբեր չափանիշների վրա, որոնց նպատակն է կապ հաստատել պետույթան և քաղաքացիություն հայցող անձի միջև (վերոնշյալ 37-րդ և 38-րդ պարբերություններ)։ Մինչ Քաղաքացիության մասին եվրոպական կոնվենցիան լայնորեն չի վավերացվել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից (տես վերը նշված 39-րդ պարբերություն), ինչպես նշված է նրա բացատրական զեկույցում, նրա սահմանումը հենվում է քաղաքացիության կապի վանդական ընկալման վրա, որն արտահայտել է ԱՄԴ-ն Նոթեբոհմի գործով (տես վերոնշյալ 40-րդ և 41-րդ պարբերությունները)։ Հպատակագրման ընթացակարգի նպատակով չափանիշների ընտրությունը սկզբունքորեն ենթակա չէ միջազգային իրավունքի որևէ առանձնահատուկ կանոնի, և պետություններն ազատ են որոշում կայացնել անհատի հպատակագրման մասին (տես վերը նշդած 38-րդ պարբերությունը)։ Որոշակի իրավիճակներում սակայն պետության հայեցողությունը կարող է սահմանափակվել չիմիջամտության սկզբունքով, որի համաձայն պետությանն արգելվում է միջամտել մեկ այլ պետության ներքին կամ արտաքին հարաբերություններին (տես Ռազմական և խորհրդարանական գործունեությունը Նիկարագուայում և Նիկարագուայի դեմ (Նիկարագուան ընդդեմ Ամերիկայի միացյալ նահանգների (Nicaragua v. United States of America), Էությունը, ԱՄԴ վճիռ, 27-ը հունիսի, 1986թ., պարբերություններ 202-205)։ Այնուհանդերձ, նման սահմանափակումը որևէ կարևորություն չունի սույն գործի նպատակներով։
81. Այս կապակցությամբ դիմումատուն առաջ է քաշել երկու փաստարկ՝ պնդելու, որ պետության հայեցողությունը լիովին կառավարելի չի եղել կապված քաղաքացիության շնորհման հետ։ Առաջինը նա վկայակոչել է Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր կռչակագիրն ու Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի նախադեպային իրավունքը։ Սակայն Դատարանն արդեն իսկ նշել է վերևում, որ Կոնվենցիայով չի նախատեսվում «քաղաքացիության իրավունք», ինչպես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (տես վերը նշված 73-րդ պարբերությունը)։ Դիմումատուի հղումը Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի նախադեպային իրավունքին նույնպես մոլորեցնող է, քանի որ Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիան, որը ռեգիոնալ փաստաթուղթ է, բացահայտորեն նախատեսում է քաղաքացիության իրավունքը իր 20-րդ հոդվածում (տես վերոնշյալ 43-45 պարբերությունները)։
82. Դիմումատուի երկրորդ փաստարկն այն էր, թե պետության հայեցողության շրջանակը սահմանափակվում է քաղաքացություն չունենալը նվազեցնելու պարտականությամբ։ Դատարանը նկատում է, որ դիմումատուն պատկանում է Լատվիայի բնակիչների այն դասին, ովքեր ստացել էին առանձնահատուկ քաղաքացիական կարգավիճակ համաձայն ներպետական օրենսվրության «մշտապես բնակվող ոչ քաղաքացիներ» (nepilsoņi) – այսինքն՝ նախկին ԽՍՀՄ քաղաքացիներ, ովքեր կորցրել էին իրենց խորհրդային քաղաքացիությունը ԽՍՀՄ փլուզումից հետո, սակայն, ունենալով նման իրավասություն, այնուհետև ձեռք չէին բերել այլ քաղաքացիություն (լրացուցիչ մանրամասների համար տես Լատվիայի բնակիչների կատեգորիաները, վերը վկայակոչված Սլիվենկոն (Slivenko) գործը, §§ 50-53 և Սիսոևան ու այլոք §§ 46-47)։ Դիմումատուն ցույց չի տվել, թե ինչպես տվյալ կարգավիճակի հասանելիությունը կամ անհասանելիությունը ներպետական օրենսդրության համաձայն կարող էր ազվել նրա արտահայտվելու ազատության և հավաքներին մասնակցելու ազատության իրավունքների իրականացման վրա։
83. Այժմ անդրադառնալով Կոնվենցիայի համակարգին՝ Դատարանը վերահաստատում է, որոշ հանգամանքներում ինքը վճռել է, որ քաղաքացիության ոլորտում կամայական կամ խտրական որոշումները կարող են հարցեր ի հայտ բերել մարդու իրավունքների օրենսդրությունում ընդհանրապես և Կոնվենցիայով, մասնավորապես (տես վերը նշված Կարասևի (Karassev)գործը, Ռիների (Riener)գործը, § 153 և Գենովեզի (Genovese) գործը, § 34)։ Սակայն, ինչպես նշվեց վերևում, ոչ Կոնվենցիան և ոչ էլ միջազգային իրավունքը ընդհանուր առմամբ չեն նախատեսում որոշակի քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք։ Դիմումատուն ընդունել է դա։ Դատարանը նկատում է, որ Լատվիայի քաղաքացիության մասին օրենքում ոչինչ մատնացույց չի անում, թե դիմումատուն կարող էր անվերապահորեն պնդել Լատվիայի քաղաքացիություն ստանալու իրավունքը (տես վերոնշյալ 20-րդ, 29-րդ և 63-րդ պարբերությունները) և ոչ էլ Կառավարության բացասական որոշումը կարող էր ընկալվել որպես նման քաղաքացիության կամայական մերժում (ի հակադրություն՝ վերոնշյալ Գենովեզի (Genovese), գործը, § 34)։
84. Հարցը, թե արդյոք դիմումատուն ունի կամ չունի պետության քաղաքացիությունը ձեռք բերելու վիճելի իրավունք, պետք է սկզբունքորեն լուծվի տվյալ պետության ներպետական օրենսդրությանը հղում կատարելով (տես Կոլոսովսկին ընդդեմ Լատվիայի (Kolosovskiy v. Latvia) գործը (վճռ.), թիվ 50183/99, 29-ը հունվարի, 2004թ.)։ Նմանապես, այն հարցը, թե արդյոք անձին կամայականորեն մերժել են որևէ երկրի քաղաքացիությունը մի ձևով, որը կարող է հարց ի հայտ բերել ըստ Կոնվենցիայի, պետք է որոշվի՝ հղում կատարելով ներպետական օրենսդրության պայմաններին (տես Ֆեհերը և Դոլնիկն ընդդեմ Սլովակիայի (Fehér and Dolník v. Slovakia) գործը (վճիռ), թիվ 14927/12 և 30415/12, § 41, 21-ը մայիսի, 2013թ.)։ Հպատակագրման միջոցով քաղաքացիություն շնորհելու նպատակով չափանիշների ընտրությունը համաձայն ներպետական օրենսդրության՝ կապված է պետության և խնդրո առարկա անհատի միջև կապի բնույթին, որը ցանկացած հասարակություն անհրաժեշտ է համարում երաշխավորել։ Շատ իրավական համակարգերում քաղաքացիության ձեռքբերումը զուգորդվում է հավատարմության երդումով, որով անհատը երդվում է հավատարիմ լինել պետությանը։ Դատարանն անդրադարձել է հավատարմության հարցին, չնայած որ ընտրական իրավունքների փոքր-ինչ այլ համատեքստում, և տարբերակում է կատարել պետության նկատմամբ հավատարմության և Կառավարության նկատմամբ հավատարմության միջև (տես վերոնշյալ Թանաշի (Tănase) գործը, § 166)։
85. Դատարանը նշում է, որ հավատարմության գնահատումը հպատակագրման որոշման նպատակով սույն գործում իսկապես չի վերաբերում իշխող Կառավարության նկատմամբ հավատարմությանը, այլ ավելի շուտ հավատարմությանը պետությանը և նրա Սահմանադրությանը։ Դատարանը համարում է, որ ժողովրդավարական պետությունն իրավունք ունի պահանջել անձանցից, ովքեր ցանկանում են ձեռք բերել իր քաղաքացիությունը, հավատարիմ լինել պետությանը և հատկապես այն սահմանադրական սկզբունքներին, որոնց վրա այն կառուցվել է։ Դիմումատուն չի վիճարկել սա։ Դատարանը համաձայնում է դիմումատուի հետ, որ իրականացնելով ազատ արտահայտվելու և հավաքներին մասնակցելու իր իրավունքները, նա ազատ է չհամաձայնել Կառավարության քաղաքականությունների հետ այնքանով, որքանով այդ քննադատությունը տեղի է ունենում օրենքի շրջանակներում։ Ճշմարիտ է նաև, որ թույլատրելի քննադատության սահմաններն ավելի լայն են, երբ այն վերաբերում է Կառավարությանը՝ ի տարբերություն մասնավոր քաղաքացու կամ նույնիսկ քաղաքական գործչի վերաբերող քննադատության սահմանների։ Սակայն սա լիովին այլ հարց է և տարբերում է հպատակագրման և նրա ընթացակարգի համար չափանիշների սահմանումից, որոնք երկուսն էլ կարգավորվում են ներպետական օրենսդրությամբ։ Պետությանը և նրա Սահմանադրությանը հավատարմության պահանջը չի կարող համարվել պատժիչ միջոց, որը կարող է խախտել արտահայտվելու ազատության և հավաքներին մասնակցելու ազատության իրավունքները։ Ավելի շուտ այն մի չափանիշ է, որը պետք է ապահովի ցանկացած անձ, ով ցանկանում է ձեռք բերել Լատվիայի քաղաքացիություն հպատակագրման միջոցով։
86. Դատարանը չի տեսնում, թե ինչ ձևով են դիմումատուին խոչընդոտել արտահայտելու իր անհամաձայնությունը Կառավարության քաղաքականության հետ՝ իրեն հետաքրքրող հարցի շուրջ։ Ոչ էլ Դատարանը կարող է տարբերակել որևէ փաստ, որը ցույց է տալիս, թե նրան խանգարել են մասնակցել որևէ ցույցի կամ շարժման։
87. Հետևաբար, Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածները կիրառելի չեն սույն գործի հանգամանքներում, և Դատարանը հաստատում է Կառավարության առարկությունը։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
88. Դիմումատուն նաև բողոք էր բերել Կոնվենցիայի 13-րդ հոդվածով, թե ինքը չի ունեցել որևէ արդյունավետ ներպետական պաշտպանության միջոց կապված իր ենթադրելի ոտնահարված իրավունքների հետ, քանի որ Սենատն ու Գերագույն դատարանը վճռել են, թե Կառավարության որոշումը քաղաքական որոշում է։ Նա համարել էր, որ հանրային մեղադրողի վերահսկիչ վերանայման նպատակով ներկայացված դիմումը պաշտպանության արդյունավետ միջոց է, քանի որ տվյալ գործով վերջինի որոշումը ենթակա չէր կարող լինել բողոքարկման։
89. Կոնվենցիայի 13-րդ հոդվածը նախատեսում է՝
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։
90. Կառավարությունը չի համաձայնել։
91. Ինչպես Դատարանը վճռել է բազմաթիվ դեպքերում, Կոնվենցիայի 13-րդ հոդվածը երաշխավորում է ներպետական մակարդակում Կոնվենցիայով նախատեսված իրավունքների և ազատությունների պաշտպանության միջոց, ինչպիսի ձևով որ դրանք կարող են ապահովվել ներպետական իրավական կարգով։ Հոդված 13-ի գործողությունն է ուստի պահանջել, որ ներպետական պաշտպանության միջոցի տրամադվի՝ Կոնվենցիայով նախատեսված «վիճարկելի» բողոքի էությունը քննելու և պատշաճ օգնություն ցուցաբերելու նպատակով, չնայած որ պայմանավորվող պետություններին տրամադրվում է որոշակի թույլատրելի հայեցողության շրջանակ կապված այն ձևի հետ, որով նրանք կատարում են Կոնվենցիայի սույն դրույթով նախատեսված իրենց պարտականությունները (տես օրինակ Բազյակսն ընդդեմ Լատվիայի (Bazjaks v. Latvia) գործը, թիվ 71572/01, § 127, 19-ը հոկտեմբերի, 2010թ., հետագա հղումներով)։
92. Արդեն իսկ պարզած լինելով, որ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածները կիրառելի չեն սույն գործով՝ Դատարանը հանգում է նույն եզրակացությանը կապված 13-րդ հոդվածի հետ, քանի որ առկա չէ որևէ «վիճարկվող բողոք» ըստ Կոնվենցիայի (տես Բոյլը և Ռայսը ընդդեմ Միացյալ Թագավորության (Boyle and Rice v. the United Kingdom) գործը, 27-ը ապրիլի, 1988թ., § 52, Շարք Ա թիվ 131)։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԵՎ ՄԻԱՁԱՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Վճռում է, որ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածները կիրառելի չեն։
2. Վճռում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածը կիրառելի չէ։
Կատարվել է անգլերենով և գրավոր ծանուցվել 2015թ. Հունվարի 13-ին, համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ պարբերությունների։
Ֆրանսուա Էլենս-Փասոս
քարտուղար
Պաիվի Հիրվելա
Նախագահ
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015թ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար, և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից () և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ ցուցման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի վկայակոչման հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք դիմել՝publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante :publishing@
[1]. Հղում է կատարվել 2004թ. ապրիլի 27-ի, հուլիսի 28-ի, օգոստոսի 14-ի և 17-ի լրատվական հաղորդումներին։
[2]. Հղում է կատարվել 2004թ. փետրվարի 21-ի և մարտի 13-ի լրատվական հաղորդումներին։
[3]. Հղում է կատարվել 2004թ. փետրվարի 21-ի, մարտի 8-ի և ապրիլի 1-ի լրատվական հաղորդումներին։
[4]. Հղում է կատարվել 2004թ. փետրվարի 21-ի լրատվական հաղորդմանը։
[5]. Հղում է կատարվել 2004թ. դեկտեմբերի 10-ի լրատվական հաղորդմանը։
Full & Egal Universal Law Academy