© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ROHLENA-Ն ԸՆԴԴԵՄ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
(Գանգատ թիվ 59552/08)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
27 հունվարի 2015թ.
Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Rohlena-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը, հետևյալ կազմով՝
Dean Spielmann-ը, Նախագահ,
Josep Casadevall-ը,
Guido Raimondi-ն,
Ineta Ziemele-ն,
Isabelle Berro-ն,
Elisabeth Steiner-ը,
Päivi Hirvelä-ն,
Mirjana Lazarova Trajkovska-ն,
Işıl Karakaş-ը,
Kristina Pardalos-ը,
Paulo Pinto de Albuquerque-ն,
Aleš Pejchal-ը,
Valeriu Griţco-ն,
Faris Vehabović-ը,
Dmitry Dedov-ը,
Egidijus Kūris-ը,
Robert Spano-ն, դատավորներ,
և Michael O’Boyle-ն, Պալատի քարտուղարի տեղակալ,
2014թ. ապրիլի 9-ին և 2014թ. նոյեմբերի 19-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց 2014թ. նոյեմբերի 19-ին:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Վարույթը հարուցվել է 2008թ. դեկտեմբերի 4-ին «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Չեխիայի քաղաքացի՝ պրն. Petr Rohlena-ի («դիմումատու») կողմից ընդդեմ Չեխիայի Հանրապետության բերված գանգատի (թիվ 59552/08) հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել է Բռնոյում գործող փաստաբան պրն. J. Kružík-ը: Չեխիայի կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել է պետության նշանակված լիազոր ներկայացուցիչ պրն. V.A. Schorm-ը՝ Արդարադատության նախարարությունից:
3. Ղեկավարվելով Կոնվենցիայի 7-րդ հոդվածով՝ դիմումատուն, մասնավորապես, պնդել է, որ շարունակվող հանցագործության համար իրեն դատապարտելիս ներպետական դատարանները՝ ի վնաս իր համար, օրենքը հետադարձ կարգով են կիրառել:
4. Գանգատը հանձնվել է Դատարանի Հինգերորդ Բաժանմունքին (Դատարանի Կանոնակարգի 52-րդ կանոնի 1-ին կետ): 2011թ. նոյեմբերի 14-ին Հինգերորդ Բաժանմունքի Նախագահն որոշել է գանգատը ուղարկել Կառավարությանը: 2013թ. ապրիլի 18-ին Հինգերորդ Բաժանմունքի Պալատը, հետևյալ կազմով՝ Mark Villiger-ը, որպես Նախագահ, Angelika Nußberger-ը, Ganna Yudkivska-ն, André Potocki-ն, Paul Lemmens-ը, Helena Jäderblom-ը, Aleš Pejchal-ը, որպես դատավորներ, ինչպես նաև Claudia Westerdiek-ը, որպես Բաժանմունքի քարտուղար, կայացրել է վճիռ: Հինգերորդ Բաժանմունքի Պալատը միաձայն հայտարարել է ընդունելի Կոնվենցիայի 7-րդ հոդվածի վերաբերյալ բողոքը, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի, և վճռել, որ տեղի է ունեցել 7-րդ հոդվածի խախտում: Դատավոր Lemmens-ն արտահայտել է մեծամասնության դիրքորոշմանը համընկնող կարծիք, որը կցվել է վճռին:
5. 2013թ. սեպտեմբերի 9-ին, հիմք ընդունելով դիմումատուի կողմից 2013թ. հուլիսի 11-ին ներկայացված պահանջը, Մեծ Պալատի հանձնախումբը՝ Կոնվենցիայի 43-րդ հոդվածի համաձայն, գործը հանձնել Մեծ Պալատին:
6. Մեծ Պալատի կազմն որոշվեց Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի և Դատարանի Կանոնակարգի 24-րդ կանոնի համաձայն:
7. 2014թ. հունվարի 16-ին Դատարանի Նախագահը որոշեց չեղյալ հայտարարել սույն գործով նշանակված դատական լսումը և գործը քննել գրավոր ընթացակարգով:
8. Դիմումատուն և Կառավարությունը գործի ըստ էության վերաբերյալ ներկայացրեցին գրավոր առարկություններ (Կանոն 59 § 1) և պատասխանեցին Մեծ Պալատի կողմից իրենց առաջադրված որոշակի հարցերին:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
9. Դիմումատուն ծնվել է 1966թ. և ապրում է Բռնոյում:
10. 2006թ. մայիսի 29-ին Բռնոյի քաղաքային դատախազը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել դիմումատուին, այն բանի համար, որ վերջինս առնվազն 2000 թվականից մինչև 2006թ. փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում ոչ սթափ վիճակում բազմիցս անգամ ֆիզիկական և հոգեկան բռնություն է գործադրել իր կնոջ նկատմամբ: Նա մեդադրվել է իր կնոջ հասցեին անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելու համար, ինչպես նաև այն բանի համար, որ ձեռքով և բռունցքով խփել է նրա դեմքին, ապտակել նրան, բռնել նրա կոկորդից, փորձել խեղդել նրան, նետել նրան կահույքի կամ գետնի վրա, հրել նրան աստիճաններից և միաժամանակ ոտքերով հարվածել: Բացի այդ, նա մեղադրվել է երեխաներին խփելու, տնտեսած գումարները խաղային մեքենաների վրա փոշիացնելու և սպասքը ջարդուփշուր անելու համար: Արդյունքում, նրա կնոջ վրա հայտնվում էին արյան զեղման տեղեր, ինչպես նաև կապտուկներ, նրա քիթ կոտրվել էր, որի պատճառով նա ստիպված էր բժշկական օգնության դիմել 2000թ. հունիսի 26-ին, 2003թ. հուլիսի 18-ին և 2006թ. փետրվարի 8-ին` համապատասխաբանար 2004թ. հունիսի 24-ի, 2003թ. հուլիսի 17-ի և 2006թ. փետրվարի 8-ի հարձակումներից հետո: Դիմումատուն ենթադրաբար փորձել է նաև նսեմացնել իր կնոջը` նրա նկատմամբ հոգեբանական առավելություն ստանալու համար: Դատախազի պնդմամբ` դիմումատուն այդպիսով կատարել է «շարունակվող» քրեական հանցագործություն (trvající trestný čin)` Քրեական օրենսգրքի 215ա-րդ հոդվածի 1-ին կետի և 2-րդ կետի «բ» ենթակետի իմաստով նույն հարկի տակ ապրող մեկ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով, հաշվի առնելով որ վերջինիս գործած այդ արարքը` նախքան 2004թ. հունիսի 1-ին այն որպես առանձին հանցատեսակ ընդունելը, Քրեական օրենսգրքի 197ա-րդ հոդվածի համաձայն հավասարազոր է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հետ, իսկ նույն Օրենսգրքի 221-րդ հոդվածի իմաստով էլ` որպես մարմնական վնասվածքներ պատճառելով հարձակման:
11. 2007թ. ապրիլի 18-ին Բռնոյի քաղաքային դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել նույն հարկի տակ ապրող մեկ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, և որ, ինչպես ներկայացված է մեղադրական եզրակացությունում, դիմումատուն այն կատարել է 2000 թվականից մինչև 2006թ. փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ բռնարարքը շարունակաբար է կատարվել: Դատարանը դիմումատուին դատապարտել է երկու և կես տարի ժամկետով ազատազրկման, սակայն վճռել է պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել հինգ տարի ժամկետով փորձաշրջան: Դիմումատուին նաև վերցրել են հսկողության տակ և կարգադրել, որպեսզի նա բուժման կուրս անցի ալկոհոլային կախվածութունից: Դատարանը իր որոշման հիմքում դրել է դիմումատուի, տուժողի (նրա կնոջ) և մի շարք վկաների կողմից տված ցուցմունքները, այդ թվում` ամուսնական զույգի երկու երեխաների վկայությունները, որոնք հայտնել էին, ի թիվս այլ միջադեպերի, որ դիմումատուն տան անգամ անպարկեշտ արտահայտություններով վիրավորել էր իր կնոջը, չորս անգամ բռնել կնոջ ձեռքերը և խեղդել նրան, նաև ամսեկան պարբերականությամբ բանավոր և/կամ ֆիզիկական հարձակումներ գործել իր կնոջ նկատմամբ: Դատավճռի հիմքում էր նաև դրել գործով ներկայացված գրավոր ապացույցները և փորձագետների եզրակացությունները: Դատարանը նաև հաշվի էր առել այն փաստը, որ դիմումատուն խոստովանել էր, որ հաճախ վեճի էր բռնվում և ֆիզիկական բռնություն գործադրում իր կնոջ հետ հարաբերություններում. նա, մասնավորապես, ընդունել էր, որ երբեմն ապտակել է կամ բռունցքով հարվածել իր կնոջը:
Դատարանը այդ հանցանքը դասակարգել է որպես նույն հարկի տակ ապրող մեկ այլ անձի նկատմամբ բռնություն` 2004թ. հունիսի 1-ից գործող Քրեական օրենսգրքի 215ա-րդ հոդվածի 1-ին կետի և 2-րդ կետի «բ» ենթակետի իմաստով, հաշվի առնելով որ այդ դասակարգումը նաև տարածվում է դիմումատուի կողմից մինչ այդ օրը կատարված այդ արարքների վրա, քանի որ խնդրո առարկա ժամանակահատվածում դրանց համար անձը կարող էր պատժի ենթարկվել, իսկ Քրեական օրենսգրքի 197ա-րդ հոդվածի համաձայն` դրանք հավասարազոր էին առնվազն անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելուն: Վերջապես, դատարանը գտել է, որ հաշվի առնելով վիճարկվող արարքի տևողությունը, սույն գործով կատարված հանցագործությունը համեմատաբար բարձր աստիճանի վտանգ է ներկայացրել, ինչը արդարացրել է Քրեական օրենսգրքի 215ա-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն երկուսից ութ տարի ժամկետով ազատազրկման պատժի նշանակումը: Հաշվի առնելով մեղմացնող հանգամանքները (մասնավորապես` դիմումատուի խոստովանությունը և որ նախկինում վերջինս դատապարտված չի եղել), դատարանը նշանակված նվազագույն պատիժը պայմանականորեն չի կիրառել:
12. 2007թ. սեպտեմբերի 6-ին Բռնոյի շրջանային դատարանը մերժել է դիմումատուի բողոքը, որով վերջինս վիճարկում էր Քաղաքային դատարանի կողմից հաստատված փաստերը և ապացույցների միակողմանիորեն գնահատումը: Շրջանային դատարանը սխալներ չի հայտնաբերել նախորդ դատավարության ընթացքում և գտել է, որ դիմումատուի արարքի դասակարգումը համապատասխանում էր Քրեական օրենսգրքի դրույթներին:
13. 2008թ. փետրվարի 21-ին Գերագույն դատարանը՝ որպես ակնհայտորեն անհիմն մերժել է դիմումատուի` իրավունքի հիմքով ներկայացված բողոքը, որով նա բողոքել է այն մասին, որ առաջին ատյանի դատարանը վերջինիս արարքի նկատմամբ կիրառել է Քրեական օրենսգրքի 215ա-րդ հոդվածը` նույնիսկ մինչև 2004թ. հունիսի 1-ը, երբ բռնության հանցագործությա տեսակը դեռևս գոյություն չուներ ներպետական իրավունքում: Այս հաշվով Գերագույն դատարանը` վկայակոչելով 1993թ. դեկտեմբերի 8-ի Tzn 12/93 իր որոշումը, նշել է, որ եթե խոսք գնար, ինչպես որ նշված գործով, «շարունակվող քրեական հանցագործության» (pokračování v trestném činu) մասին, որը համարվել է մեկ արարք, ապա դրա դասակարգումը քրեական իրավունքում պետք է գնահատվի ավարտին հասցված վերջին հանցագործության ժամանակ գործող օրենքի համաձայն: Ուստի, այդ օրենքը նաև կիրառելի է ավելի վաղ կատարված արարքների նկատմամբ` պայմանով, որ նախորդ օրենքի համաձայն դրանք հավասարազոր էին քրեական վարքագծի: Սույն գործով Գերագույն դատարանը գտել է, որ դիմումատուի վարքագիծը` մինչև 2004թ. հունիսի 1-ի Քրեական օրենսգրքի փոփոխությունները, հավասար էր նվազագույնը Քրեական օրենսգրքի 197ա-րդ հոդվածով կամ 221-րդ հոդվածի 1-ին կետով պատժվող հանցագործության: Գործի նյութերը ուսումնասիրելուց հետո դատարանը եզրակացրել է, որ մեղադրյալի արարքներում, ինչպես որ դրանք շարադրված են առաջին ատյանի դատարանի դատավճռի եզրափակիչ մասում, առկա են Քրեական օրենսգրքի 215ա-րդ հոդվածի 1-ին կետի և 2-րդ կետի «բ» ենթակետի իմաստով նույն հարկի տակ ապրող մեկ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելու հանցագործության իրավական բոլոր տարրերը: Շարունակվող հանցագործության վերաբերյալ Գերագույն դատարանը նշել է, որ բռնությունն ինքնին հավասարազոր է որոշակի տևողությամբ բնութագրվող վատ վերաբերմունքի: Շարունակվող հանցագործություն համարվելու համար դրա տևողությունը պետք է մի քանի ամիս լինի: Քանի որ դիմումատուն վիճարկվող հանցագործությունը կատարել էր առնվազն 2000 թվականից մինչև 2006թ. փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում, այն է՝ մի քանի տարիների ընթացքում, ուստի նրա արարքը, անկասկած, երևան էր հանել բռնության հանցանքի շարունակման նյութական տարրը՝ համաձայն Քրեական օրենսգրքի 215ա-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի:
14. 2008թ. հունիսի 10-ին Սահմանադրական դատարանը՝ որպես ակնհայտորեն անհիմն մերժել է դիմումատուի կողմից ներկայացված սահմանադրական բողոքը, որով վերջինս բողոքում էր անարդար դատավարության և Քրեական օրենսգիրքը՝ ի վնաս իրեն, հետադարձ կարգով կիրառելու վերաբերյալ: Վկայակոչելով Գերագույն դատարանի որոշումը և համախապատասխան նախադեպային իր իրավունքը՝ Սահմանդրական դատարանը գտել է, որ սույն գործով դատարանների կողմից կայացված որոշումները տրամաբանական էին, հետևողական և Սահմանադրությամբ արգելված հետադարձ որևէ հետևանքներ չունեին:
15. Հաշվի առնելով, որ փորձաշրջանի ընթացքում դիմումատուն կատարել է մեկ այլ հանցանք և ալկոհոլային կախվածության դեմ որևէ բուժում էլ չէր ստացել, ուստի նա ստիպված էր կրել 2007թ. ապրիլի 18-ի դատավճռով նշանակված ազատազրկման պատիժը: Նա սկսել է կրել պատիժը 2011թ. հունվարի 3-ից: Կառավարության պնդմամբ՝ դիմումատուն պայմանական ազատվել է 2012թ. մայիսի 17-ին:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Քրեական օրենսգիրքը (մինչև 2009թ. դեկտեմբերի 31-ը գործող թիվ 140/1961 օրենք)
16. Ղեկավարվելով 16-րդ հոդվածի 1-ին կետով` արարքի քրեական բնույթը գնահատվել է արարքի կատարման ժամանակ գործող օրենքի համաձայն: Հետագայում ընդունված օրենքը պետք է կիրառվեր, եթե այն բարելավում էր իրավախախտի վիճակը:
17. 34ի-րդ հոդվածի համաձայն՝ դատավճիռ կայացնելիս դատարանը պետք է որպես ծանրացուցիչ հանգամանք հաշվի առնի, մասնավորապես՝ այն փաստը, որ իրավախախտը կատարել է մի շարք հանցագործություններ:
18. 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ այն դեպքերում, երբ դատարանը հանցագործին դատապարտում է երկու կամ ավելի քրեական հանցագործությունների համար, ապա համակցված պատիժը (úhrnný trest) նշանակվում է այն դրույթի հիման վրա, որը վերաբերում է ավելի ծանր հանցագործությանը: Ազատազրկման նվազագույն ժամկետների չհամընկման դեպքում համակացված դատավճռի նվազագույն ժամկետի համար ընտրվում է դրանցից ամենաերկարը:
19. 67-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն՝ երեք տարի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձը՝ օրենքի ուժով ազատվում է այն հանցագործության համար քրեական պատասխանատվությունից, որով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարին: 67-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ այդ ժամկետի ընթացքն ընդհատվում է և նոր ժամկետ է սկսում հոսել այն դեպքերում, (ա) երբ իրավախախտը մեղադրվել է խնդրո առարկա հանցագործությունը կատարելու մեջ և երբ լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ (ինչպես օրինակ՝ դատախազի մեղադրական եզրակացությունը, դատական ծանուցագրերը և այլն) կամ (բ) երբ այդ ժամկետի ընթացքում իրավախախտը կատարել է նոր հանցագործություն, որի համար նախատեսվում է նույն կամ ավելի ծանր պատիժ:
20. 89-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, որը Քրեական օրենսգիրք է ներկայացվել 1994թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած թիվ 290/1993 օրենքով, շարունակվող քրեական հանցագործությունը (pokračování v trestném činu) բաղկացած է առանձին գործողություններից (jednotlivé dílčí útoky), որոնց հիմքում ընկած է նույն նպատակը, ընդգրկում է նույն հանցանքի տարրերը, որոնք նաև փոխկապակացված են, քանի որ իրականացվել են ճիշտ նույն կամ նման եղանակով, տեղի են ունենում իրար մոտ ժամանակ և նույն օբյեկտն են հետապնդում:
21. 197ա-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ով սպառնում է սպանել մեկ այլ անձի կամ մարմնական կամ այլ լուրջ վնաս պատճառել, այնպիսի մի եղանակով, որն ողջամիտ հիմքեր է տալիս վախի առաջացման համար, ենթակա է ազատազրկման` մինչև մեկ տարի ժամկետով կամ պատժվում է տուգանքով:
22. 2004թ. հունիսի 1-ին ներկայացված 215ա-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր անձ, ով բռնություն է գործադրել ազգականի կամ ցանկացած այլ անձի նկատմամբ, ով ապրում է նույն հարկի տակ, ենթակա է ազատազրկման` մինչև երեք տարի ժամկետով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նման հանցանք կատարողը կանգնած է երկուսից մինչև ութ տարի ժամկետով ազատազրկման վտանգի առջև, եթե՝ (ա) գործել է առանձին դաժանությամբ կամ հանցանքը կատարել է մի քանի անձանց նկատմամբ կամ (բ) երկար ժամանակահատվածում շարունակել է վիճարկվող վարքագիծը:
Համապատասխան բացատրական զեկույցում նշվում է, որ վերը նշված դրույթի ներկայացման նպատակն ոլորտը կարգավորող օրենսդրության բացը լրացնել է, քանի որ կիրառման ենթակա ընդհանուր քրեաիրավական դրույթները թույլ են տալիս քրեական հետապնդում իրականացնել ընտանեկան ֆիզիկական բռնության միայն առավել լուրջ արարքների նկատմամբ (օրինակ` 197ա-րդ կամ 221-րդ հոդվածներով սահմանված հանցագործությունները, որոնք դատական պրակտիկայի համաձայն` պետք է հանգեցնեն առնվազն յոթ օրյա անաշխատունակության, ինչը հազվադեպ է հանդիպում ընտանեկան բռնության գործերով): Նոր դրույթով չի պահանջվում ֆիզիկական բռնության կամ տուժողի առողջության համար որևէ հետևանքների առկայություն: Դրա նպատակն է նաև հաղթահարել ընտանեկան բռնության առանձնահատկություններից բխող այն դժվարությունները, որոնք առաջանում են դատախազության համար:
Ընդգծվել է, որ «բռնություն/վատ վերաբերմունք» եզրույթը նոր չէ, քանի որ արդեն իսկ կիրառման մեջ է եղել խնամքի տակ գտնվող անձի հանդեպ բռնության/վատ վերաբերմունքի հանցագործության տեսակը: Հնարավոր է խոսել այդ հանցագործության մասին, եթե առկա է հետևողական վատ վերաբերմունքի ինչ-որ մի դեպք, որը կատարվել է առանձնապես դաժանությամբ և սառնասրտորեն և որը տուժողի կողմից ընկալվում է որպես լուրջ իրավախախտում: Պարտադիր չէ, որ այն սիստեմատիկ բնույթի վարքագիծ լինի կամ մի վարքագիծ, որը շարունակվում է տևական ժամանակ:
23. 221-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մարմնական վնասվածք հասցնելու մտադրություն ունեցող հարձակման հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամկետով: Նույն հոդվածի 2-րդ կետը նախատեսում է մեկից մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկման պատիժ, երբ, այլ գործոնների զուգորդմամբ, հանցանքը կատարած անձը լուրջ մարմնական վնասվածք է պատճառել տուժողին, իսկ 3-րդ կետը նախատեսում է, որ այն դեպքերում, երբ հանցանքը կատարած անձի վարգագիծն առաջացրել է մահ, վերջինս պատժվում է երեքից մինչև ութ տարի ժամկետով ազատազրկման:
Բ. Իրավաբանական գրականությունը և Գերագույն դատարանի նախադեպային իրավունքը
24. Չեխական իրավաբանական գրականությունում քրեական հանցագործության շարունակությունը, այն է` «շարունակվող» քրեական հանցագործությունը (pokračující trestný čin), մեկ արարք է համարվում. այն դեպքերում, երբ Քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված տարրերից մեկը բացակայում է, վիճարկվող հանցագործությունը բնութագրվում է որպես կրկնվող:
25. Ինչպես սահմանված է Գերագույն դատարանի հաստատուն և երկարատև նախադեպային իրավունքով (Գերագույն դատարանի թիվ թիվ 3 Tz 155/2000, 3 Tdo 1115/2003, 6 Tdo 1314/2003, 11 Tdo 272/2007, 6 Tdo 181/2012, 11 Tdo 258/2012 և 6 Tdo 1553/2012 որոշումները), շարունակվող հանցագործությունը համարվում է ավարտված դրա վերջին իրադարձության ավարտով: Բացի այդ, Կառավարությունը վկայակոչել է Դատական որոշումների և եզրակացությունների զեկույցներում հրապարակված թիվ թիվ 103/1953, 44/1970 և 7/1994 որոշումները, ինչպես նաև Գերագույն դատարանի թիվ 5 Tdo 593/2005 որոշումը: Հետևաբար, այն դեպքերում, երբ շարունակվող հանցագործությունը տևում է այնքան ժամանակ, որի ընթացքում փոփոխության է ենթարկվում կիրառելի օրենսդրությունը, ապա համարվում է, որ այն ընդգրկվում է նոր օրենսդրությամբ` պայմանով, որ պատժվող արարքների առնվազն մի մասը կատարվել են նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո և որ նախկինում կատարված արարքները քրեական հանցագործություն են հանդիսացել դրանց կատարման ժամանակ (տե՛ս Գերագույն դատարանի թիվ Tzn 12/93 որոշումը), նույնիսկ եթե այդ հանցագործության համար ավելի մեղմ պատժատեսակ էր նախատեսված:
26. Փաստական նույնանման գործով 2007թ. օգոստոսի 27-ին կայացված թիվ 11 Tdo 272/2007 վճռով Գերագույն դատարանը բեկանել է ստորադաս դատարանների որոշումները, որով անձը մեղավոր էր ճանաչվել երկու քրեական հանցագործությունների կատարման մեջ (Քրեական օրենսգրքի 197ա-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա անձի նկատմամբ կատարված բռնություն, որը կատարվել է մինչև 2004թ. հունիսի 1-ը, և նույն հարկի տակ ապրող անձի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է այդ ամսաթվից հետո) և կայացրել երկու տարի և վեց ամիս ժամկետով համակացված դատավճիռ: Գերագույն դատարանը վճռել է, որ դատարանների այն մեկնաբանությունը, որով տարբերակում է դրվում Քրեական օրենսգրքի 215ա-րդ հոդվածի ուժի մեջ մտնելուց առաջ և հետո կատարված գործողությունների միջև, սխալ էր, քանի որ իրավիճակը հանգեցրել էր շարունակվող հանցագործության: Այնուհանդերձ, դատարանը դատավճիռը թողել է անփոփոխ: Այն, մասնավորապես, նշել է.
«Սույն գործով լուծման ենթակա հարցն է` արդյոք շարունակվող քրեական հանցագործությունն ենթադրում է այնպիսի մի վարքագիծ, որի առանձին դեպքերը կատարվել են մասամբ մինչև և մասամբ` կիրառելի քրեական կանոնների ուժի մեջ մտնելուց հետո` չխախտելով Քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները: ... Շարունակվող հանցագործության դեպքում, որի տակ` նյութական իրավունքի համաձայն, հասկանում ենք մեկ արարք (skutek), դրա կատարման ժամանակահատված է համարվում հանցանքի վերջին անգամ տեղի ունենալու ավարտի ամսաթիվը (որը մի միասնություն է կազմում նախորդների հետ): Դրանից հետևում է, որ շարունակվող հանցագործությունը պետք է քննել նոր օրենքի համաձայն, որը կարող է ավելի խիստ լինել, հաշվի առնելով, որ այն ուժի մեջ է գտնվել հանցագործության ավարտման ժամանակահատվածում, նույնիսկ եթե հանցագործության մի մասն (անկախ դրա տևողությունից) ընկել է նախկինում գործող քրեաիրավական դրույթների ժամանակային շրջանակի ներքո, որոնք ավելի բարենպաստ են իրավախախտի համար:
Այս եզրակացությունը համընկնում է ներկայիս դատական պրակտիկայի հետ, որի համաձայն շարունակվող հանցագործությունները համարվում են կատարված նոր օրենքով (ավելի ուշ)` պայմանով, որ հանցագործության առնվազն մի մասը (այսինքն` առանձին արարքները) կատարվել են նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: Նման հանցագործությունները համարվում են ամբողջությամբ կատարված նոր, ավելի ուշ ընդունված օրենքի համաձայն ...` պայմանով, որ վիճարկվող վարքագիծը նաև պատժվում էր նախորդ օրենքով»:
27. Ինչ վերաբերում է Քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ կետի կիրառությանը, մասնավորապես` Քրեական օրենսգրքի 197ա-րդ, 215ա-րդ և 221-րդ հոդվածներով սահմանված վարգագծին կամ համադրելի վարքագծին, ապա Չեխիայի Կառավարությունը նույնպես վկայակոչել է Գերագույն դատարանի 2007թ. հունվարի 10-ի թիվ 3 Tdo 1431/2006, 2008թ. մայիսի 28-ի թիվ 6 Tdo 548/2008 և 2013թ. մայիսի 21-ի թիվ 7 Tdo 415/2013 որոշումները: Կառավարությունը, մասնավորապես, նշել է, որ այդ որոշումներով Գերագույն դատարանը հաստատել է այն գաղափարը, որ ժամանակային սերտ կապը հստակ կերպով սահմանված չէր և, հետևաբար, ամեն մի կոնկրետ գործով պետք է համապարփակ քննություն կատարել բոլոր հանգամանքների, ինչպես նաև 89-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված համապատասխան ֆորմալ չափանիշների շուրջ: Բացի այդ, հանցագործության բաղկացուցիչ տարրերը հնարավոր է իրարից տարբերել զանազան եղանակների օգնությամբ, ուստի, հանցագործության կատարման եղանակը միշտ չէ, որ պետք է նույնական լինի, քանի դեռ այդ գործողությունը ուղղված չի եղել պաշտպանված նույն շահի դեմ:
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Ա. Եզրույթաբանություն
28. Պայմանավորվող պետությունների իրավական համակարգերի ուսունմասիրությունից հասնակալի է դառնում, որ անհրաժեշտ է տարբերել երկու իրավիճակներ, որից երկրորդը հանդիսանում է սույն գործով վեճի առարկա.
(ա) «շարունակական» քրեական հանցագործության հասկացությանը (trvající trestný čin, Dauerdelikt, infraction continue, reato permanente) սահմանված է որպես մի գործողություն (կամ անգործություն), որը պետք է շարունակվի որոշակի ժամանակահատվածում, ինչպիսին է օրինակ՝ ապօրինի կազմակերպության անդամներին աջակցելու կամ պատսպարելու գործողությունը, որին Դատարանն անդրադարձել է Ecer-ը և Zeyrek-ն ընդդեմ Թուրքիայի գործով (թիվ թիվ 29295/95 և 29363/95, ՄԻԵԴ 2001‑II), և
(բ) «շարունակվող» քրեական հանցագործությունը (pokračující trestný čin, fortgesetzte Handlung, infraction continuée, reato continuato) սահմանված է որպես մի արարք, որը բաղկացած առանձին գործողություններից, որոնցից բոլորն ունեն որոշակի ժամանակահատվածում կատարված նույն (կամ նույնանման) արարքի տարրերը, ինչպիսին է օրինակ՝ հարկվող գումարների դիտավորյալ, շարունակվող և լայնածավալ թաքցնելը, ինչը խնդրո առարկա է հանդիսացել Veeber-ն ընդդեմ Էստոնիայի (թիվ 2) գործով (թիվ 45771/99, ՄԻԵԴ 2003‑I):
29. Բացի այդ, պայմանավորվող պետություններում մեկից ավելի կատարված հանցագործությունների դեպքում կիրառվում են մի քանի տեսակի պատիժներ.
(ա) հաջորդական պատիժ կամ պատժի հանրագումար (peine cumulée ou peines consécutives), երբ առանձին պատիժ է նշանակվում կատարված ամեն մի իրավախախտման համար և այդ բոլոր պատիժները գումարվում եմ իրար կամ անձը դրանք կրում է մեկը մյուսից հետո,
(բ) համակցված պատիժ (úhrnný trest, peine confondue ou peines simultanées), երբ իրավախախտը կրում է ամենախիստ պատիժը՝ համաձայն այն իրավադրույթի, որը վերաբերում է հանցագործություններից ամենածանրին կամ երբ անձը դատապարտվում է մի քանի պատիժների համար, որոնք ենթակա են միաժամանակյա կրման,
(գ) համախառն, համախմբված կամ ընդհանուր պատիժ (souhrnný trest, peine globale ou peine d’ensemble), որը հաշվարկվում է տարբեր մեթոդների միջոցով, որոնք կապված են նրանից, թե արդյոք պատիժը նշանակվում է միաժամանակ կամ հաջորդաբար կատարված հանցագործությունների համար կամ արդյոք այն ներառում է նախկինում նշանակված այլ պատիժներ. այն տատանվում է բոլոր առանձին պատիժների հանրագումարի և դրանցից ծանրագույնի միջև:
Բ. Համեմատական իրավունքը
30. Շարունակվող քրեական հանցագործության հասկացությունը, ինչպես որ այն հասկացվում է սույն գործում, եվրոպական իրավունք է ներմուծվել միջնադարում՝ նպատակ ունենալով մեղմացնել հռոմեական իրավունքի պատիժ նշանակելու կոշտ կանոնը՝ quod criminae tot poenae (այլ կերպ ասած՝ բոլոր պատիժների նյութական կուտակումը): Գիտնականներն ու օրենսդիրները երկու տարբեր մոտեցումներ են մշակել, որոնք հիմնված են շարունակվող քրեական հանցագործության հասկացության վերաբերյալ սուբյեկտիվ և օբկեյտիվ տեսակետների վրա: Սուբյեկտիվ տեսակետի համաձայն, որը տարածում է ունեցել, օրինակ՝ Իտալիայում (տե՛ս, օրինակ՝ 1930թ. Իտալիայի Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը), շարունակվող քրեական հանցագործությունը դա մի շարք արարքներն են՝ միավորված մեկ մտադրության, մեկ հանցավոր ծրագրի շուրջ: Օբյեկտիվ տեսակետի համաձայն, որը զարգացվել է գլխավորապես Գերմանիայում (տե՛ս, օրինակ՝ 1813թ. Բավարիայի Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածը), շարունակվող քրեական հանցագործությունը հիմնված է իրավախախտի՝ նույն կամ նույնանման օբյեկտի կամ իրավաբանորեն պաշտպանվող շահի (Rechtsgut) նկատմամբ հարձակվելու կրկնող մտադրության վրա: Բացի այդ, այն փաստը, որ նյութական հանգամանքները, այդ թվում՝ իրավախախտը, ժամանակավոր բնույթ ունեցող մտերիմ հարաբարերությունները և օրենքով պաշտպանվող վնասված շահի իսկությունը, նպաստում են հանցավոր գործողությունների կամ հանցավոր մտադրության կրկնողությանը, արդարացնում է իրավախախտի նկատմամբ նշանակվող ավելի մեղմ պատիժը: Այս օբյեկտիվ տեսակետը աջակցություն է ստացել ողջ Եվրոպայում, և մի շարք երկրներ այն ներառել են իրենց օրենսդրությունում: Այնուամենայնիվ, կրկնահանցագործների նկատմամբ ավելորդ ներողամտությունից խուսափելու համար որոշ օրենսդիրներ սահմանափակել են այս հասկացության կիրառությունը միայն հանցագործությունների առանձին տեսակների համար:
31. Շարունակվող քրեական հանցագործության նկատմամբ եվրոպական ավանդույթի առկայությունը` իր օբյեկտիվ իմաստով, հիմնավորվում է Եվրոպայի խորհրդի բոլոր քառասուն յոթ անդամ պետությունների վերաբերյալ Դատարանի կողմից իրականացված հետազոտությամբ: Անշուշտ, այդ պետությունների գերակշռող մեծամասնությունը շարունակվող քրեական հանցագործության գաղափարը ներմուծել են իրենց իրավական համակարգերում` դա անելով որոշակի իրավական դրույթների կամ իրավաբանական գրականության և/կամ դատական պրակտիկայի միջոցով:
32. Այդ համեմատական հետազոտության արդյունքների հիման վրա պայմանավորվող պետությունները կարող են բաժանվել երեք տարբեր խմբերի.
(ա) երեսուն անդամ պետություններում շարունակվող քրեական հանցագործության հասկացությունը սահմանված է օրենքով: Այդ պետություններն են` Անդորրան (Քրեական օրենսգրքի 59-րդ հոդված), Հայաստանը (Քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ կետ), Բելգիան (Քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին կետ), Բոսնիա և Հերցեգովինան (Քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ կետ), Բուլղարիան (Քրեական օրենսգրքի 26-րդ հոդված), Խորվաթիան (Քրեական օրենսգրքի 52-րդ հոդված), Չեխիայի Հանրապետությունը (Քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ կետ), Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետությունը (Քրեական օրենսգրքի 45-րդ հոդված), Վրաստանը (Քրեական օրենսգրքի 14-րդ հոդված), Հունաստանը (Քրեական օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին կետ), Հունգարիան (Քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ կետ), Իտալիան (Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ կետ, որը հղում է կատարում շարունակվող հանցագործության` stricto sensu), Լատվիան (Քրեական օրենսգրքի 23-րդ հոդված), Մալթան (Քրեական օրենսգրքի 18-րդ հոդված), Մոլդովան (Քրեական օրենսգրքի 29-րդ հոդված), Մոնտենեգրոն (Քրեական օրենսգրքի 49-րդ հոդված), Նիդերլանդները (Քրեական օրենսգրքի 56-րդ հոդված), Նորվեգիան (Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածը, որը մասնավորապես վերաբերում է ընտանեկան բռնությանը), Լեհաստանը (Քրեական օրենսգրքի 12-րդ հոդված), Պորտուգալիան (Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ կետ), Ռումինիան (նոր Քրեական օրենսգրքի 35-րդ հոդված), Սան Մարինոն (Քրեական օրենսգրքի 50-րդ հոդված), Սերբիան (Քրեական օրենսգրքի 61-րդ հոդված), Սլովակիան (Քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի 10-րդ կետ), Սլովենիան (Քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետ), Իսպանիան (Քրեական օրենսգրքի 74-րդ հոդված), Շվեդիան (Քրեական օրենսգրքի 4-րդ գլխի 4ա-րդ հոդված), Թուրքիան (Քրեական օրենսգրքի 43-րդ հոդված), Ուկրաինան (Քրեական օրենսգրքի 32-րդ հոդված) և Միացյալ Թագավորությունը (2013թ. Քրեական դատավարության կանոնների 14.2-րդ կանոնի 2-րդ կետ),
(բ) տասնչորս անդամ պետություններում շարունակվող քրեական հանցագործության հասկացությունը զարգացել է իրավական տեսության և պրակտիկայի օգնությամբ: Այդ պետություններն են` Ալբանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մոնակոն, Ռուսաստանը և Շվեյցարիան,
(գ) երեք անդամ պետությունները, որոնք տեղեկացրել են իրենց իրավունքում կամ իրավական տեսությունում շարունակվող քրեական հանցագործության հասկացության բացակայության մասին, ինչպես որ հասկացվում է սույն գործով, դա` Կիպրոսն է, Ֆինլանդիան և Իռլանդիան:
33. Շարունակվող քրեական հանցագործության հասկացության գոյության վերաբերյալ Դատարանին հասանելի համեմատական իրավունքի նյութերը (տե՛ս վերևում` 31-32-րդ պարբերությունները) վկայում են, որ Եվրոպայի խորհդրի անդամ պետությունների ներպետական իրավական համակարգերն այս ոլորտում մեծամասամբ համընկնում են: Եվ իրոք, թվում է, որ այս հարցի շուրջ լայն կոնսենսուս գոյություն ունի, որը սկիզբ է առնում եվրոպական մի հին ավանդույթից (տե՛ս վերևում` 30-րդ պարբերությունը) և վերաբերում է շարունակվող քրեական հանցագործության հետևյալ հատկանիշներին, որոնք ներառում են և՛ օբյեկտիվ (actus reus), և՛ սուբյեկտիվ (mens rea) տարրերը և վկայում են վիճարկվող գործողությունների իրավական միասնության մասին.
(ա) իրավախախտը կատարել է մի շարք նույնական, նման կամ տարբեր քրեական արարքներ` իրավաբանորեն պաշտպանվող նույն շահի դեմ (Rechtsgut, bien juridique, bene giuridico). հաճախ պահանջվում է, որ իրավախախտի և տուժողի ինքնությունն ամեն մի դեպքում նույնը լինի,
(բ) առնվազն որոշակի նմանություն պետք է լինի առանձին արարքների (modus operandi) կատարման եղանակի հարցում կամ դրանք միավորող էական այլ հանգամանքներ գոյություն ունենան, որոնք մեկ միասնություն կազմեն (actus reus),
(գ) գոյություն ունի ժամանակավոր կապ առանձին արարքների միջև, որը պետք է գնահատվի` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները,
(դ) բոլոր առանձին արարքների համար գոյություն ունի նույն, կրկնվող հանցավոր մտադությունը կամ նպակատը (mens rea). թեև դրանք բոլորը չպետք է ծրագրվեն ab initio,
(ե) առանձին արարքներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներառում են քրեական հանցագործության (հանցագործությունների) բաղկացուցիչ տարրերը:
34. Համաձայնություն գոյություն ունի նաև այն սկզբունքի շուրջ, որ շարունակվող քրեական հանցագործության ավարտման ժամանակ ուժի մեջ գտնվող օրենքը կիրառելի է այն փաստերի նկատմամբ, որոնք տեղի են ունեցել այդ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ` պայմանով, որ այդ փաստերը բավարարում են նոր օրենքի, իսկ շատ երկրներում` նաև նախորդ օրենքի պահանջները: Այդ սկզբունքը նաև կիրառելի է անդամ պետություններից մեծ մասում այն դեպքերի վերաբերյալ, երբ նոր օրենքը ավելի խիստ է, քանի որ ենթադրվում է, որ իրավախախտը` օրենքի փոփոխությունից հետո շարունակելով կատարել իր անօրինական վարքագիծը, լռելյայն համաձայնել է ավելի ծանր պատժի հետ:
35. Բացի այդ, բոլոր անդամ պետություններում շարունակվող քրեական հանցագործության կատարողի նկատմամբ նշանակվում է միայն մեկ պատիժ: Այն դեպքերում, երբ շարունակվող քրեական հանցագործության մեջ մտնող առանձին արարքներն ընկնում են տարբեր դրույթների ներքո, կիրառվում է ամենախիստ պատիժը սահմանող դրույթը:
36. Վերջապես, շարունակվող քրեական հանցագործության համար նախատեսված պատիժը միշտ ավելի մեղմ է, քան մի քանի քրեական հանցագոծությունների համար նշանակված հաջորդական, համակցված պատիժները կամ պատժի հանրագումարը:
37. Ելնելով վերը նշված նկատառումներից` Դատարանը նշում է, որ շարունակվող քրեական հանցագործության հասկացությունն ոչ միայն սովորաբար կիրառվող օրենսդրական կամ դատական մի մոտեցում է` որոշակի տեսակի վարքագծի պատժելուն ուղղված, այլև միտված է ավելի մեղմ պատժիչ կանոններ կիրառելուն (տե՛ս, համեմատության կարգով, Maktouf-ը և Damjanović-ն ընդդեմ Բոսնիայի և Հերցեգովինայի [ՄՊ], թիվ թիվ 2312/08 և 34179/08, § 70, ՄԻԵԴ 2013 (հատվածներ)): Կարելի է ասել, որ շարունակվող քրեական հանցագործության հասկացությունը երկու առավելություն է տալիս իրավախախտին.
(ա) նրա նկատմամբ նշանակվում է միայն մեկ պատիժ` մի քանի հաջորդական, համակցված պատիժների կամ պատժի հանրագումարի փոխարեն, և
(բ) գոյություն ունի պահանջ, ըստ որի նոր օրենքով սահմանված հանցանքի բաղադրիչ տարրերը, եթե այդպիսիք կան, նշմարվեն հանցավոր վարքագծի սկզբից, այն է` այն փաստերի նկատմամբ, որոնք տեղի են ունեցել նոր օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ:
Գ. Միջազգային իրավունք
1. Եվրոպայի խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին (ընդունված է Նախարարների կոմիտեի կողմից 2011թ. ապրիլի 7-ին և ուժի մեջ է մտել 2014թ. օգոստոսի 1-ին)
38. Սույն Կոնվենցիայի համաձայն, որը Չեխիայի Հանրապետությունը չի վավերացրել, պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները պայքարելու կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի դեմ, ինչպես նաև բռնությունը կանխելու, տուժողներին պաշտպանելու և իրավախախտներին դատական կարգով հետապնդելու ուղղությամբ: Կոնվենցիան, inter alia, սահմանում է.
Հոդված 46 – Ծանրացուցիչ հանգամանքներ
«Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար, որպեսզի հետևյալ հանգամանքները, այնքանով, որքանով դրանք արդեն իսկ չեն ազդել արարքի որակման վրա, ներպետական օրենսդրության համապատասխան դրույթների համաձայն հնարավոր լինի դիտել որպես ծանրացուցիչ հանգամանքներ` սույն Կոնվենցիայի համաձայն նախատեսված հանցագործությունների համար պատիժ սահմանելիս`
...
բ. եթե հանցագործությունը կամ համասեռ հանցագործությունները կատարվել են կրկին անգամ,
...»
39. Վերը նշված Կոնվենցիայի բացատրական զեկույցի 237-րդ կետի համաձայն` 46-րդ հոդվածի «բ» կետում նշված ծանրացուցիչ հանգամանքները վերաբերում են այն հանցագործություններին, որոնք կրկին անգամ են կատարվել: Դա վերաբերում է սույն Կոնվենցիայով սահմանված բոլոր հանցագործություններին, ինչպես նաև նույն իրավախախտի կողմից որոշակի ժամանակի ընթացքում ավելի քան մեկ անգամ կատարված ցանկացած նման հանցագործություններին: Ուստի, հեղինակները որոշել են ընդգծել տուժողի նկատմամբ ունեցած այն կործանարար ազդեցությունը, ով շարունակաբար ենթարկվում է քրեական նույն տեսակի արարքին: Դա հաճախ պատահում է ընտանեկան բռնության դեպքերում, որն ոգեշնչել է հեղինակներին հնարավորություն տալ ավելացնել դատարանների կողմից նշանակվող դատավճիռների քանակը: Կարևոր է նշել, որ նմանատիպ բնույթի հանցագործության փաստերը, որոնք հիմք են հանդիսացել նույն իրավախախտի դատապարտման համար, «բ» ենթակետի համաձայն` չեն կարող համարվել որպես կրկին անգամ կատարված հանցագործություն, սակայն «թ» ենթակետի համաձայն` իրենց իրավունքում հանդիսանում են ծանրացուցիչ հանգամանքներ:
2. Եվրոպական միության Գլխավոր դատարանի նախադեպային իրավունքը
40. Trelleborg Industrie SAS-ը և Trelleborg AB-ն ընդդեմ Եվրոպական հանձնաժողովի (T-147/09 և T-148/09 միացված գործեր) գործով 2013թ. մայիսի 17-ին կայացված իր վճռով Գլխավոր դատարանն անդրադարձել է «շարունակվող» և «կրկնվող» խախտումների տարբերության հարցին:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
41. Դիմումատուն բողոքել է, որ Քրեական օրենսգիրքը հետադարձ կարգով էր կիրառվել իր գործով, նշելով, որ նա դատապարտվել է շարունակվող հանցագործության, այն է` նույն հարկի տակ ապրող մեկ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելու համար, որն ըստ դատարանների` ընդգրկում էր նրա վարքագիծը նույնիսկ մինչև այդ հանցագործությունը ներկայացվեր օրենքում: Դիմումատուն նաև վիճարկել է, որ դատարանները պատշաճ կարգով չեն ուսումնասիրել այն հարցը, թե արդյոք մինչև այդ օրը կատարված նրա արարքները` հին օրենքի համաձայն, հանդիսացել են հանցագործություն, թե՝ ոչ: Այդ կապակցությամբ, նա վկայակոչել է Կոնվենցիայի 7-րդ հոդվածը, որը սահմանում է հետևյալը.
«1. Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին:
2. Սույն հոդվածը չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ և պատժել որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան, համարվել է քրեական հանցագործություն»:
42. Կառավարությունն առարկել է այս փաստարկի դեմ:
Ա. Պալատի վճիռը
43. 2013թ. ապրիլի 18-ի վճռով Պալատը գտել է, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել: Պալատն ընդունել է, որ չեխական օրենսդրության տեսանկյունից` 2004թ. հունիսի 1-ից հետո Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների կիրառելիության ընդլայնումն այն գործողությունների նկատմամբ, որոնք դիմումատուի կողմից կատարվել են մինչև այդ օրը, չի հանդիսանում քրեական օրենքի՝ հետադարձ կարգով կիրառում: Պալատը նաև նշել է, որ քրեական հանցագործության շարունակության ընդհանուր հասկացության մեկնաբանությունը, ինչպես որ այն սահմանված է Քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմնված է Գերագույն դատարանի հստակ և կայուն նախադեպային իրավունքի վրա, որը զարգացել է մինչ այն օրը, երբ դիմումատուն առաջին անգամ հարձակվել էր իր կնոջ վրա: Այնքանով, որքանով դիմումատուն վիճարկում է այդ մեկնաբանության հետևանքները, որը, նրա կարծիքով, փաստացի վեր է ածվել օրենքի` հետադարձ կարգով կիրառմանը, Պալատը վճռել է, որ սույն գործով դատարանների կողմից ընդունված մեկնաբանությունն ինքնին անհիմն չէր, հաշվի առնելով, որ շարունակվող հանցագործությունը, ըստ էության, ձգվում է որոշակի ժամանակի ընթացքում և որ կամայական չի լինի համարել, որ այն ավարտվել է հանցագործության վերջին անգամ տեղի ունենալու ժամանակ: Բացի այդ, չեխական իշխանությունները նշել են, որ դիմումատուի գործողությունները բոլոր ժամանակներում հանդիսացել են պատժելի քրեական հանցագործություններ: Նման հանգամանքներում, համապատասխան իրավադրույթները` դրանք մեկնաբանող նախադեպային իրավունքի հետ միասին, այնպիսին էին, որ դիմումատուն կարող էր կանխատեսել իր գործողությունների հետևանքները և համապատասխանաբար փոփոխել իր վարքագիծը:
Բ. Մեծ Պալատին ներկայացված կողմերի դիրքորոշումները
1. Դիմումատուն
44. Ընդունելով, որ ներպետական դատարանների` Քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ կետի մեկնաբանությունը կանխատեսելի էր և, ընդհանուր առմամբ՝ ընդունելի, դիմումատուն պնդել է, որ այն չպետք է կիրառվեր սույն գործով, քանի որ վեճի առարկա դրույթի կիրառման պայմանները չէին պահպանվել: Դիմումատուի կարծիքով, ներպետական մարմինները չպետք է իր արարքները դասակարգեին շարունակվող հանցագործության ներքո, քանի որ նրա հարձակումները պայմանավորված չէին նույն մտադրությամբ, ժամանակային առումով էլ դրանք իրար մոտ չէին, քանի որ հարձակումների միջև ընկած ընդմիջումները տարիներով էին հաշվարկվում: Նա նաև նշել է, որ առաջին ատյանի դատարանում գործը քննելու ժամանակ առանձին երկու հարձակումների մասով քրեական հետապնդումը` վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով արդեն իսկ պետք է դադարեցվեր, հետևաբար՝ դրանք չպետք է քրեական վարույթի առարկա հանդիսանային:
45. Բացի այդ, ներպետական դատարաններն երբևիցե չեն վճռել, որ 2004թ. հունիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքով սահմանվող քրեական հանցագործությունների բոլոր բաղկացուցիչ տարրերը (197ա-րդ հոդվածի իմաստով անձի կամ անձանց խմբի դեմ ուղղված բռնություն կամ 221-րդ հոդվածի համաձայն` մարմնական վնասվածքներ հասցնելով հարձակում) առկա են եղել: Ըստ դիմումատուի՝ նրա արարքները չեն հանդիսացել քրեորեն պատժելի արարքներ, այլ դրանք պետք է ուղղակի դիտարկվեն որպես կարգավորող մարմինների ենթակայության տակ գտնվող իրավախախտումներ: Հետևաբար, նա դատապարտվել է այնպիսի արարքների համար, որոնք կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, Կոնվենցիայի 7-րդ հոդվածը խախտող քրեական հանցագործություն չի համարվել:
46. Վերջապես, դիմումատուն պնդել է, որ ավելի ծանր, քան հանցագործության կատարման պահին կիրառվող պատժի չենթակվելու համար բավարար երաշխիքներ չեն եղել: Հակառակը, այն դեպքերում, երբ անհատական հարձակման դեպքերը քննվեին առանձին կարգով, հնարավոր չէր լինի նրա նկատմամբ նշանակել նման խիստ պատիժ:
2. Կառավարությունը
47. Կառավարությունը նշել է, որ Քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ կետը և 215ա-րդ հոդվածը ներառվել են Չեխիայի իրավական համակարգում նախքան այն պահը, երբ դիմումատուն 2006թ. փետրվարին ավարտել է իր հանցավոր վարքագիծը: Խնդրո առարկա ժամանակահատվածում շարունակվող հանցագործություններին և Քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ կետին առնչվող դատական հարուստ պրակտիկա է ձևավորվել, որը հետևում է նույն այն տրամաբանության, որը կիրառվել է սույն գործով: Հետևաբար, հստակորեն սահմանվել է, որ վարքագիծը պետք է գնահատվի որպես եզակի հանցագործություն` համաձայն այն օրենքի, որն ուժի մեջ է եղել դրա ավարտման պահին: Բացի այդ, Կառավարության կարծիքով, 2004թ. հունիսի 1-ին Քրեական օրենսգրքի 215ա-րդ հոդվածի ներկայացումը նույնիսկ ավելի հստակ և կանխատեսելի է դարձրել դիմումատուի` քրեական պատասխանատվության ենթարկվելու հավանականությունը: Եվ իսկապես, Քրեական օրենսգրքի նոր 215ա-րդ հոդվածը ավելի համապարփակ կարգով է պայքարում անօրինական վարքագծի հետ, քան 197ա-րդ և 221-րդ հոդվածները: Հաշվի առնելով, որ դիմումատուն շարունակել է անօրինական իր գործողությունները 2004թ. հունիսի 1-ից հետո, ուստի նա պետք է սպասեր, որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել՝ Քրեական օրենսգրքի 215ա-րդ հոդվածի համաձայն բոլոր արարքների համար, այդ թվում` այն արարքների, որոնք նախորդել են օրենսդրության փոփոխությանը:
48. Դիմումատուի դիրքորոշմանը հակառակ, Կառավարությունը պնդել է, որ շարունակվող հանցագործության մաս կազմող հարձակումների միջև ընկած ժամանակային մոտ կապը նույնպես ապացուցվել է սույն գործով: Կառավարությունն ընդունել է, որ ժամանակային մոտ կապը, ինչպես որ սահմանված է ներպետական դատական պրակտիկայով, ընդհանուր առմամբ, վերաբերում է օրերին, շաբաթներին կամ ամիսներին: Սակայն, երբևիցե չի սահմանվել դրա առավելագույն սահմանաչափը, ինչը ենթադրում է, որ այդ գաղափարը, անհրաժեշտության դեպքում, որոշակի ճկունություն է թույլ տալիս, որը կապված է խնդրո առարկա հանցագործության բնույթից: Սույն գործով ձեռքբերված ապացույցներից, ինչպես նաև ներպետական դատարանների պատճառաբանություններից հետևում է, որ 2000թ. հունիսի 24-ի, 2003թ. հուլիսի 17-ի և 2006թ. փետրվարի 8-ի երեք միջադեպերն առանձնանում են իրենց առավել դաժանությամբ: Դատարանները հետևողականորեն վճռել են, որ դիմումատուի անօրինական վարքագիծը ձգվել է մի քանի տարիների ընթացքում և որ նրա կողմից կատարված հարձակումներն եղել են տարբեր ուժգնության և պարբերական բնույթ ունեցել՝ տեղի ունենալով իրար հաջորդող շաբաթների ընթացքում: Բացի այդ, մեղադրական եզրակացությունը, ինչպես նաև ներպետական դատարանների որոշումները հստակորեն նշել են, որ դիմումատուն հետապնդվել է այն արարքների համար, որոնք կատարվել են մինչև 215ա-րդ հոդվածի ուժի մտնելը և դրանից հետո, և որոնք հնարավոր չէր միմյանցից առանձնացնել: Հետևաբար, իրավական որոշակիության պահանջը բավարարվել է դատախազության և դատարանների կողմից սույն գործը հետևողականորեն քննելու արդյունքում (Կառավարությունը` հակառակ ազդեցության իմաստով վկայակոչել է Ecer-ը և Zeyrek-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ թիվ 29295/95 և 29363/95, §§ 33-35, ՄԻԵԴ 2001‑II): Դատապարտումից ինքնին արդեն պարզ էր, որ դատարանները այն դիրքորոշումը նաև ունեին, որ դիմումատուի գործողություններում, ընդհանուր առմամբ, առկա էին Քրեական օրենսգրքի 215ա-րդ հոդվածով սահմանված հանցագործության տարրերը:
49. Հետևաբար, Կառավարությունը եզրակացրել է, որ բավարար չափով հստակ և կանխատեսելի իրավական հիմքի պահանջը բավարարվել է, որ նոր քրեական օրենքը հետադարձ կարգով չի կիրառվել և որ դիմումատուի նկատմամբ չի նշանակվել ավելի ծանր պատիժ, քան դա կլիներ հին օրենքի համաձայն: Այս կապակցությամբ, Կառավարությունն ընդունել է, որ շարունակվող հանցագործության հասցակությունը, ինչպես որ այն ընկալվել է չեխական դատարանների կողմից, հաշվի չի առնվել և առանձին կարգով են նաև գնահատվել 2004թ. հունիսի 1-ից առաջ և հետո կատարված դիմումատուի գործողությունները, իսկ դիմումատուի հնարավոր պատիժը կարող էր նույնը լիներ կամ իրականում նշանակվածից էլ ավելի ծանր: Եվ իսկապես, այդ պարագայում դիմումատուն կհետապնդվեր մի շարք հանցագործությունների համար, որոնց համար նշանակվում է համակցված պատիժ, որը պետք է սահմանվեր առանձնապես ծանր հանցագործության համար նախատեսված դրույթի, այն է` Քրեական օրենսգրքի 215ա-րդ հոդվածի հիման վրա: Միաժամանակ, մի շարք քրեական հանցագործությունների և վեճի առարկա վարքագծի տևողության առկայությունը կհանդիսանար ծանրացուցիչ հանգամանքներ:
Գ. Դատարանի գնահատականը
1. Ընդհանուր սկզբունքներ
50. Դատարանը հիշեցնում է, որ Del Rio Prada-ն ընդդեմ Իսպանիայի գործով ([ՄՊ], թիվ 42750/09, ՄԻԵԴ 2013), որը Կոնվենցիայի 7-րդ հոդվածին առնչվող` Մեծ Պալատի ամենավերջին վճիռն է, առանձնացրել է հետևյալ ընդհանուր սկզբունքները, որոնք կարևոր են սույն գործի լուծման համար.
«(ա) Nullum crimen, nulla poena sine lege[1]
77. 7-րդ հոդվածով ամրագրված երաշխիքը, որն իրավունքի գերակայության անբաժանելի տարր է, կարևոր տեղ է զբաղեցնում մարդու իրավունքների պաշտպանության` Կոնվենցիայով հաստատված համակարգում, ինչը կարևորվում է այն փաստով, որ, համաձայն 15-րդ հոդվածի, դրանից ոչ մի շեղում թույլատրելի չէ նույնիսկ պատերազմի կամ ժողովրդի անվտանգությանը սպառնացող հասարակական մասշտաբի ցանկացած այլ արտակարգ իրավիճակի ժամանակ: Ինչպես հետևում է դրա առարկայից և նպատակից, դրա մեկնաբանությունն ու կիրառությունը պետք է ուղղված լինեն կամայական հետապնդման, դատապարտման և պատժի դեմ արդյունավետ երաշխիքներ տրամադրելուն (տե՛ս S.W.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության և C.R.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, համապատասխանաբար` 22 նոյեմբերի 1995թ., § 34, Շարք Ա թիվ 335-B և § 32, Շարք Ա թիվ 335-C, և Kafkaris-ի գործը, մեջբերված է վերևում, § 137):
78. Կոնվենցիայի 7-րդ հոդվածը չի սահմանափակվում միայն ի վնաս մեղադրյալի հետադարձ կարգով քրեական օրենքի կիրառումն արգելելով (պատժի հետադարձ կիրառության հետ կապված` տե՛ս Welch-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 9 փետրվարի 1995թ., § 27, Շարք Ա թիվ 307‑A, Jamil-ն ընդդեմ Ֆրանսիայի, 8 հունիսի 1995թ., § 30, Շարք Ա թիվ 317‑B, Ecer-ը և Zeyrek-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ թիվ 29295/09 և 29363/95, § 36, ՄԻԵԴ 2001-II, և Mihai Toma-ն ընդդեմ Ռումինիայի, թիվ 1051/06, §§ 26-31, 24 հունվարի 2012թ.): Ընդհանուր առմամբ, 7-րդ հոդվածը նաև ներառում է այն սկզբունքը, ըստ որի միայն օրենքը կարող է սահմանել հանցագործությունը և նշանակել պատիժը (nullum crimen, nulla poena sine lege) (տե՛ս Kokkinakis-ն ընդդեմ Հունաստանի, 25 մայիսի 1993թ., § 52, Շարք Ա թիվ 260-A): Չնայած այն մասնավորապես արգելում է ընդլայնել առկա հանցագործությունների շրջանակը այնպիսի գործողությունների նկատմամբ, որոնք նախկինում քրեական հանցագործություններ չէին համարվում, այն նաև սահմանում է այն սկզբունքը, որ քրեական օրենքը չպետք է ընդարձակորեն մեկնաբանել ի վնաս մեղադրյալի, օրինակ` անալոգիայով (տե՛ս Coëme-ն և այլոք ընդդեմ Բելգիայի, թիվ թիվ 32492/96, 32547/96, 32548/96, 33209/96 և 33210/96, § 145, ՄԻԵԴ 2000-VII, օրինակ` պատիժն անալոգիայով կիրառելը, տե՛ս Başkaya-ն և Okçuoğlu-ն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], թիվ թիվ 23536/94 և 24408/94, §§ 42‑43, ՄԻԵԴ 1999‑IV):
79. Դրանից հետևում է, որ հանցագործությունները և համապատասխան պատիժները պետք է հստակորեն սահմանվեն օրենքով: Այս պահանջը բավարարված է համարվում, երբ անձը կարող է համապատասխան դրույթի ձևակերպումից հասկանալ, անհրաժեշտության դեպքում դատարանի` դրա շուրջ արված մեկնաբանության օգնությամբ և պատշաճ իրավաբանական խորհրդատվություն ստանալուց հետո, թե որ գործողության և անգործության համար նա կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել և այդ առումով` ինչ պատժի առաջ կանգնել (տե՛ս Cantoniն ընդդեմ Ֆրանսիայի, 15 նոյեմբերի 1996թ., § 29, Վճիռների և որոշումների զեկույցներ 1996‑V, և Kafkaris-ի գործը, մեջբերված է վերևում, § 140):
80. Հետևաբար, Դատարանը պետք է ստուգի, թե արդյոք մեղադրյալի կողմից որոշակի գործողություն կատարելու ժամանակահատվածում, որը հանգեցրել է նրա հետապնդմանը և դատապարտմանը, ուժի մեջ առկա է եղել իրավական մի դրույթ, որն այդ գործողությունը պատժելի էր դարձնում, և որ նշանակված պատիժն էլ չէր գերազանցում այդ դրույթով սահմանված սահմանաչափերը (տե՛ս Coëme-ն և այլոք գործը, մեջբերված է վերևում, § 145, և Achour-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], թիվ 67335/01, § 43, ՄԻԵԴ 2006‑IV):
(բ) «պատժի» հասկացությունը և դրա շրջանակը
...
(գ) Քրեական օրենքի կանխատեսելիությունը
91. «Օրենք» հասկացության մասին խոսելիս անհրաժեշտ է նշել, որ 7-րդ հոդվածը վկայակոչում է այն նույն հասկացությունը, ինչ օգտագործված է Կոնվենցիայի ցանկացած այլ հատվածում, այն ներառում է թե՛ օրենքով սահմանված իրավունք և թե՛ նախադեպային իրավունք և ենթադրում է որակական մի շարք պահանջներ, մասնավորապես՝ մատչելիության և կանխատեսելիության պահանջներ (տե՛ս Kokkinakis-ի գործը, մեջբերված է վերևում, §§ 40-41, Cantoni-ի գործը, մեջբերված է վերևում, § 29, Coëme-ը և այլոք գործը, մեջբերված է վերևում, § 145, և E.K.-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ 28496/95, § 51, 7 փետրվարի 2002թ.): Այս որակական պահանջները պետք է բավարարվեն թե՛ հանցագործության և թե՛ դրա նկատմամբ սահմանվող պատժի առումով:
92. Այս սկզբունքի տրամաբանական հետևանքը, ըստ որի օրենքները պետք է լինեն ընդհանուր կիրառության, այն է, որ օրենսդրական ակտերի սահմանումները միշտ չէ, որ հստակ են: Կանոնների միջոցով կարգավորման ստանդարտ մեթոդներից մեկը՝ ընդհանուր դասակարգումներ սահմանելն է՝ ի տարբերություն սպառիչ ցանկի ներկայացման: Համապատասխանաբար, շատ օրենքներ անխուսափելիորեն անորոշ շարադրանք ունեն և դրանց մեկնաբանությունն ու կիրառությունը պրակտիկայի խնդիրներ են (տե՛ս Kokkinakis-ի գործը, մեջբերված է վերևում, § 40, և Cantoni-ի գործը, մեջբերված է վերևում, § 31): Այնուամենայնիվ, ցանկացած իրավական համակարգում, այդ թվում նաև՝ քրեական իրավունքում, որքան էլ հստակ նախագծված լինի իրավական դրույթը, միշտ էլ անխուսափելի է դատարանի կողմից այն մեկնաբանելու տարրը: Միշտ էլ լինելու է կասկածելի կետերը բացատրելու և դրանք փոփոխվող հանգամանքներին հարմարեցնելու կարիք: Եվ դարձյալ, թեև որոշակիությունը հույժ ցանկալի է, այն կարող է կառուցվածքում չափից ավելի կարծրություն մտցնել, մինչդեռ օրենքը պետք է ունակ լինի քայլելու փոփոխվող հանգամանքներին համընթաց (տե՛ս Kokkinakis-ի գործը, մեջբերված է վերևում, § 141):
93. Դատարաններին շնորհված վճիռներ կայացնելու դերն ուղղված է հենց մեկնաբանությունների առչնությամբ եղած այդպիսի կասկածները ցրելուն (տե՛ս նույն տեղում): Դատական օրինաստեղծ պրակտիկայի միջոցով քրեական իրավունքի սրընթաց զարգացումը Կոնվենցիայի անդամ երկրների տարածքում իրավական ավանդույթների լավ արմատավորված և անհրաժեշտ մաս է հանդիսանում (տե՛ս Kruslin-ն ընդդեմ Ֆրանսիայի, 24 ապրիլի 1990թ., § 29, Շարք Ա, թիվ 176‑Ա): Կոնվենցիայի 7-րդ հոդվածը չի կարող ընթերցվել որպես քրեական պատասխանատվության կանոնների՝ գործից գործ աստիճանաբար հստակեցումը արգելող՝ պայմանով, որ դրա զարգացման արդյունքում այն մնա սահմանված իրավախախտման էությանը համահունչ և լինի ողջամտորեն կանխատեսելի (տե՛ս S.W.-ը և C.R.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, մեջբերված է վերևում, § 36 և § 34 համապատասխանաբար, Streletz-ը, Kessler-ը և Krenz-ի գործը, մեջբերված է վերևում, § 50, K.-H.W.-ն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ], թիվ 37201/97, § 85, ՄԻԵԴ 2001-II (հատվածներ), Korbely-ն ընդդեմ Հունգարիայի [ՄՊ], թիվ 9174/02, § 71, ՄԻԵԴ 2008, և Kononov-ն ընդդեմ Լատվիայի [ՄՊ], թիվ 36376/04, § 185, ՄԻԵԴ 2010): 7-րդ հոդվածի մատչելի և ողջամտորեն կանխատեսելի մեկնաբանությունների բացակայությունը կարող է առաջ բերել մեղադրյալի՝ Կոնվենիցայի 7-րդ հոդվածի ներքո ամրագրված իրավունքի խախտման ճանաչում (իրավախախտման բաղկացուցիչ տարրերի առնչությամբ տե՛ս Pessino-ն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 40403/02, §§ 35-36, 10 հոկտեմբերի 2006թ., և Dragotoniu-ն և Militaru-Pidhorni-ն ընդդեմ Ռումինիայի, թիվ թիվ 77193/01 և 77196/01, §§ 43-44, 24 մայիսի 2007թ., պատժի հետ կապված տե՛ս՝ Alimuçaj-ն ընդդեմ Ալբանիայի, թիվ 20134/05, §§ 154-162, 7 փետրվարի 2012թ.): Եթե այդպես չլիներ, ապա սույն դրույթի նպատակը, այն է՝ ոչ ոք չպետք է ենթարկվի կամայական հետապնդման, դատապարտման կամ պատժի, ձախողված կլիներ»:
51. Դատարանը վերահաստատում է, որ իր առջև նպատակ չի դրել փոխարինելու ներպետական դատարաններին կապված փաստերի գնահատման և դրանց իրավական դասակարգման հետ՝ այն պայմանով, որ այս ամենը հիմնված է փաստերի ողջամիտ գնահատման վրա (տե՛ս, mutatis mutandis, Florin Ionescu-ն ընդդեմ Ռումինիայի, թիվ 24916/05, § 59, 24 մայիսի 2011թ.): Ավելի ընդհանրացնելով՝ Դատարանը ընդգծում է, որ ներպետական մարմինների, մասնավորապես՝ դատարանների խնդիրն է, ներպետական օրենսդրության մեկնաբանության հարցերի լուծումը: Դատարանի դերն, այդպիսով, սահմանափակվում է հաստատմամբ, թե արդյոք այդպիսի մեկնաբանության արդյունքները համատեղելի են Կոնվենցիայի հետ (տե՛ս Waite-ն և Kennedy-ն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ], թիվ 26083/94, § 54, ՄԻԵԴ 1999‑I, Korbely-ն ընդդեմ Հունգարիայի [ՄՊ], թիվ 9174/02, §§ 72-73, ՄԻԵԴ 2008, և Kononov-ն ընդդեմ Լատվիայի [ՄՊ], թիվ 36376/04, § 197, ՄԻԵԴ 2010):
52. Սակայն, Կոնվենցիայի վերանայման իրավազորությունը պետք է ավելի ընդարձակ լինի, քան ինքնին կոնվենցիոն իրավունքը, այս դեպքում՝ 7-րդ հոդվածով սահմանված իրավունքը պահանջում է, որպեսզի անձին մեղավոր ճանաչելու և նրա նկատմամբ դատավճիռ կայացնելու համար լինի իրավական հիմք: Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետը պահանջում է, որպեսզի Դատարանը քննի, թե արդյոք դատապարտման պահին դիմումատուին դատապարտելու համար եղել է այդ ժամանակ գործող իրավական հիմք, մասնավորապես, այն պետք է համոզվի, որ համապատասխան ներպետական դատարանների կողմից ձեռք բերված արդյունքները համատեղելի են Կոնվենցիայի 7-րդ հոդվածի հետ: Այս Դատարանին ավելի պակաս վերանայման լիազորություններով օժտելը հավասարազոր կլիներ 7-րդ հոդվածը իմաստազրկելուն (տե՛ս Kononov-ի գործը, մեջբերված է վերևում, § 198):
53. Այսպիսով, Դատարանը պետք է ուսումնասիրի, թե արդյոք դիմումատուին դատապարտելու համար եղել են բավականաչափ հստակ սահմանված իրավական հիմքեր (տե՛ս Kononov-ի գործը, մեջբերված է վերևում, § 199):
2. Վերոհիշյալ սկզբունքների կիրառելիությունը սույն գործում
54. Դատարանը նշում է, որ դիմումատուի փաստարկների առանցքը, նախևառաջ, այն պնդումն է, որ նախքան 2004թ. հունիսի 1-ը նրա կատարած գործողություններն այդ ժամանակ գործող քրեական օրենսդրության ներքո չեն հանդիսացել քրեական հանցագործություններ, քանի որ դրանք չեն հանդիսացել իշխանությունների կողմից նշված իրավախախտումների բաղկացուցիչ տարրեր, այն է՝ չեն եղել ներառված Քրեական օրենսգրքի 197ա-րդ հոդվածում և/կամ 221-րդ հոդվածում, այլ պարզապես հավասարազոր են եղել իրավակարգավորում ունեցող հանցագործություններին, և երկրորդը, տարբեր հարձակումներ չեն կարող դասակարգվել որպես շարունակվող հանցագործություններ, քանի որ դրանց դրդապատճառները միևնույնը չեն կամ ժամանակային առումով խիստ մոտ չեն իրար, դրա համար իրական ապացույցներ չկան:
55. Սակայն, 51-52-րդ պարբերություններում վերևում նշված սահմանափակումներից կարելի է հետևություն անել, որ Դատարանը կոչված չէ բացառապես դիմումատուի անձնական քրեական պատասխանատվությունը որոշելու, ինչը գլխավորապես հանդիսանում է ներպետական դատարանների կողմից գնահատելու խնդիր: Իսկապես, ներպետական մարմինները պետք է գնահատեն գործով ձեռք բերված ապացույցները և որոշեն, թե արդյոք, դատական պրակտիկայում մեկնաբանվող ներպետական օրենսդրության ներքո դիմումատուի վարքագիծը կարող է դասակարգվել որպես շարունակվող հանցագործություն, շարունակական հանցագործություն, կրկնահանցագործություն, թե հանցագործությունների խումբ: Այսպիսով, Դատարանը չէ, որ պետք է կարծիք արտահայտի այն մասին, թե արդյոք դիմումատուի կողմից նախքան 2004թ. հունիսի 1-ը կատարված գործողությունները պարունակում են վերը նշված դրույթներով սահմանված քրեական հանցագործությունների բաղկացուցիչ տարրեր (տե՛ս, mutatis mutandis, Lehideux-ը և Isorni-ն ընդդեմ Ֆրանսիայի, 23 սեպտեմբերի 1998թ., § 50, Վճիռների և որոշումների զեկույցներ 1998‑VII) կամ թե արդյոք դիմումատուի վարքագիծը պետք է ներպետական օրենսդրության համաձայն դասակարգվի որպես շարունակվող հանցագործություն:
56. Իրականում, սույն գործով Դատարանի՝ 7-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործառույթն երկակի բնույթ ունի: Առաջին, Դատարանը պետք է քննի, թե արդյոք դիմումատուի գործողությունները, այդ թվում նրանք, որոնք կատարվել են մինչև 2004թ. հունիսի 1-ը Քրեական օրենսգրքի 215ա-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը՝ դրանց կատարման ժամանակահատվածում համարվել են հանցագործություն, որը բավարար կանխատեսելիությամբ սահմանված էր ներպետական օրենսդրությունում (տե՛ս Streletz-ը, Kessler-ը և Krenz-ն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ], թիվ թիվ 34044/96, 35532/97 և 44801/98, § 51, ՄԻԵԴ 2001‑II, Veeber-ն ընդդեմ Էստոնիայի (թիվ 2), մեջվերբած է վերևում, § 33, և Korbely-ի գործը, մեջբերված է վերևում, §§ 72-73), մինչդեռ, մատչելիության հարցը սույն գործով քննարկման առարկա չի դարձվել: Երկրորդ, Դատարանը պետք է որոշի, թե արդյոք ներպետական դատարանների կողմից այս դրույթի կիրառումը՝ ընդգրկելով նաև այն գործողությունները, որոնք կատարվել են մինչև 2004թ. հունիսի 1-ը, հանգեցրել է իրական մի հնարավորության, որով դիմումատուն ենթարկվել է ավելի ծանր պատժի՝ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտմամբ (տե՛ս, mutatis mutandis, Maktouf-ը և Damjanović-ի գործը, մեջբերված է վերևում, § 70):
(ա) Արդյոք հանցագործությունը սահմանված էր բավարար կանխատեսելիությամբ
57. Դատարանը նախկինում հնարավորություն է ունեցել ըստ էության քննել շարունակական կամ շարունակվող քրեական հանցագործության համար դիմումատուի դատապարտման վերաբերյալ երկու գործեր՝ առանց տարանջատելով այդ երկու տեսակի հանցագործությունները (տե՛ս Ecer-ը և Zeyrek-ի և Veeber-ի (թիվ 2) գործերը, երկուսն էլ մեջբերված են վերևում՝ 28-րդ պարբերությում): Վերը հիշատակված վճիռներում Դատարանը գտել է, որ նման իրավախախտումը, ըստ էության, այն հանցագործություններից է, որոնք կատարվում են որոշակի ժամանակի ընթացքում (տե՛ս Veeber-ի (թիվ 2) գործը, մեջբերված է վերևում, § 35): Դատարանը այնուհետև գտել է, որ այն դեպքերում, երբ անձին մեղադրանք է առաջադրվում «շարունակական» հանցագործության համար, ապա իրավական որաշակիության սկզբունքը պահանջում է, որպեսզի այն գործողությունները, որոնք հավասարազոր են հանցագործության և որոնք քրեական պատասխանատվություն են ենթադրում, հստակ կերպով նշվեն մեղադրական եզրակացությունում: Բացի այդ, ներպետական դատարանի կողմից կայացված որոշումը նույնպես պետք է հստակ նշում պարունակի այն մասին, որ մեղադրյալի դատապարտումը և պատժի նշանակումը հիմնված է այն եզրակացության վրա, որ «շարունակական» հանցագործության տարրերը ապացուցվել են դատախազության կողմից (տե՛ս Ecer-ը և Zeyrek-ի գործը, մեջբերված է վերևում, § 33):
58. Դատարանը նաև կրկնում է, որ իրավական ցանկացած համակարգում ներպետական դատարանների գործառույթի մեջ է մտնում քրեաիրավական նյութական դրույթների մեկնաբանումը՝ յուրաքանչյուր հանցագործության կազմին հղում կատարելով որոշելու պատժելի արարքի կատարման օրը, երբ առկա էին հանցագործության համար անհրաժեշտ բոլոր պահանջները: Կոնվենցիան չպետք է խոչընդոտի նման տեսակի դատական մեկնաբանմանը՝ պայմանով, որ ներպետական դատարանների եզրակացությունները՝ Դատարանի նախադեպային իրավունքի իմաստով ողջամտորեն կանխատեսելի են (տե՛ս Previti-ն ընդդեմ Իտալիայի (որոշ.), թիվ 45291/06, § 283, 8 դեկտեմբերի 2009թ.):
59. Անդրադառնալով սույն գործի որոշակի հանգամանքներին, Դատարանը ի սկզբանե նշում է, որ դիմումատուն դատապարտվել է առաջադրված մեղադրանքների համար, այն է՝ առնվազն 2000թ. և 2006թ. փետրվարի 8-ի միջև ընկած ժամանակահատվածում խմած վիճակում իր կնոջ նկատմամբ ֆիզիկական բռնություն և հոգեկան ճնշումներ գործադրելու համար (այլ մանրամասների համար տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը): Արդյունքում, նրա կինը ծանր վնասվածքներ էր կրել, որի պատճառով նա ստիպված էր դիմել բժշկական օգնության 2000թ. հունիսի 26-ին, 2003թ. հուլիսի 18-ին և 2006թ. փետրվարի 8-ին (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը): 2008թ. փետրվարի 21-ին կայացված իր վճռում Գերագույն դատարանն անփոփոխ թողեց ստորադաս դատարանների կողմից տրված հանցագործության իրավական դասակարգումը, ըստ որի այն 2004թ. հունիսի 1-ից գործող Քրեական օրենսգրքի 215ա-րդ հոդվածի իմաստով որակվել էր որպես նույն հարկի տակ ապրող մեկ այլ անձի նկատմամբ կատարված բռնություն և այդ դրույթը կիրառվել նաև դիմումատուի կողմից իր կնոջ նկատմամբ մինչև այդ ամսաթիվը իրականացված բռնությունների նկատմամբ: Այդ կապակցությամբ, Գերագույն դատարանը վկայակոչել է իր 1993թ. դեկտեմբերի 8-ի վճիռը (Tzn 12/93) այն մասով, որ շարունակվող քրեական հանցագործությունը պետք է համարել մեկ արարք և որ քրեական իրավունքում դրան տրված իրավական դասակարգումը պետք է գնահատվի հանցագործության վերջին իրադարձության ավարտման պահին գործող օրենսդրության համաձայն: Ուստի, 215ա-րդ հոդվածը նաև կիրառելի է ավելի վաղ հարձակումների նկատմամբ՝ պայմանով, որ նախկին օրենքի համաձայն դրանք հավասարազոր էին քրեական վարքագծի, և որ դիմումատուի վարքագիծը մինչև 2004թ. հունիսի 1-ի օրենքի փոփոխությունները՝ Քրեական օրենսգրքի 197ա-րդ հոդվածի կամ 221-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն հավասարազոր էր առնվազն քրեորեն պատժելի արարքի: Գործի նյութերը ուսումնասիրելուց հետո, Գերագույն դատարանը եզրակացրել է, որ դիմումատուի գործողություններում առկա էին նույն հարկի տակ ապրող անձի նկատմամբ բռնություն գործադրելու հանցագործության՝ օրենսգրքի 215ա-րդ հոդվածի 1-ին կետի և 2-րդ կետի «բ» ենթակետի իմաստով բաղկացուցիչ բոլոր տարրերը: Հաշվի առնելով, որ վիճարկվող հանցագործությունը կատարվել է առնվազն 2000թ. մինչև 2006թ. փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում, հանցագործությունը երկար տևողության հիմքով որպես ծանրացուցիչ հանգամանքներում որակելու համար նյութական պայմանները՝ համաձայն 215ա-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի, բավարարվել են (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը):
60. Այնուհետ, Դատարանը գտնում է, որ Գերագույն դատարանի վերոհիշյալ պատճառաբանությունից (որով հղում է կատարվում 1993թ. դեկտեմբերի 8-ի որոշման վրա) ուղղակիորեն բխում է, որ իր մեկնաբանությունը վերաբերում է 89-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված հատուկ այն չափորոշիչին, որով նախադեպային իրավունքի միջոցով ձևավորված շարունակվող քրեական հանցագործության հասկացությունը Քրեական օրենսգիրք էր ներկայացվել 1994 թվականին (տե՛ս վերևում՝ 20-րդ և 24-րդ պարբերությունները), այսինքն՝ դիմումատուի կողմից իր կնոջ նկատմամբ կատարված առաջին հարձակումից առաջ (տե՛ս, հակառակը, Veeber-ի գործը, մեջբերված է վերևում, § 37): Եվ իրոք, ինչպես որ դիմումատուն պնդել է Դատարանին ներկայացված իր դիրքորոշումներում, վերջինս չի վիճարկել ներպետական դատարանների կողմից սույն գործով 89-րդ հոդվածի 3-րդ կետի չափորոշիչի կիրառման կանխատեսելիությունը:
61. Այդ դրույթի համաձայն` շարունակվող քրեական հանցագործությունը սահմանված է որպես մի հանցագործություն, որը բաղկացած է նույն նպատակով պայմանավորված առանձին արարքներից, որոնք կազմում են նույն հանցագործությունը և միանման կամ նմանատիպ ձևով փոխկապակցված են միմյանց հետ` ժամանակային առումով իրար մոտ կանգնած լինելով և նույն նպատակը հետապնդելով: Գերագույն դատարանի հստակորեն ձևավորված նախադեպային իրավունքից (տե՛ս վերևում` 25-27-րդ պարբերությունները) և իրավաբանական գրականությունում տեղ գտած տեսակետներից (տե՛ս վերևում` 24-րդ պարբերությունը) բխում է, որ շարունակվող հանցագործությունն ենթադրվում է, որ մեկ արարքից է կազմված, որի դասակարգումը Չեխիայի քրեական օրենքում անհրաժեշտ է գնահատել հանցագործության վերջին իրադարձության ավարտման ժամանակ գործող կանոնների համաձայն` պայմանով, որ ցանկացած նախորդ օրենքի համաձայն կատարված արարքները պատժելի կլինեն նաև ավելի վաղ գործող օրենքով:
62. Քանի որ մինչև 2004թ. հունիսի 1-ը դիմումատուի վարքագիծը հանդիսանում էր քրեորեն պատժելի արարք` Քրեական օրենսգրքի 197ա-րդ հոդվածի կամ 221-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, և ներառում էր 215ա-րդ հոդվածի բաղկացուցիչ տարրերը, ուստի Դատարանը ընդունում է, որ այն փաստը, որ դիմումատուն պատասխանատվության է ենթարկվել վերը նշված դրույթի համաձայն նաև այն արարքների համար, որոնք կատարվել էին այդ ամսաթվից առաջ ընկած ժամանակահատվածում, չի համարվում Կոնվենցիայով արգելվող ավելի անբարենպաստ քրեական օրենքի հետադարձ կարգով կիրառում: Բացի այդ, 2008թ. հունիսի 10-ի իր վճռում Սահմանադրական դատարանը գտել է, որ դիմումատուի գործով կայացված ներպետական դատարանների որոշումները տրամաբանական էին ու հետևողական և Սահմանադրությամբ արգելված հետադարձ որևէ ուժ չունեին: Դատարանը որևէ հիմք չգտավ ապացուցելու, որ այսպիսի դիրքորոշումն որևէ կերպ արատավորված էր Կոնվենցիայի 7-րդ հոդվածով արգելված անկանխատեսելիության պահանջով:
63. Նման հանգամանքներում և հաշվի առնելով ներպետական համապատասխան դրույթների ձևակերպման հստակությունը և այն ազգային դատարանների կողմից հետագայում մեկնաբանված լինելու հանգամանքը, Դատարանն ունի այն դիրքորոշումը, որ քանի որ դիմումատուի վարքագիծը շարունակվել է 2004թ. հունիսի 1-ից (այն օրը, երբ Քրեական օրենսգիրք է ներմուծվել նույն հարկի տակ ապրող անձի նկատմամբ բռնություն գործադրելու հանցագործության տեսակը) հետո, վերջինս կարող էր և պետք է անկնակել, իսկ անհրաժեշտության դեպքում` համապատասխան իրավաբանական խորհրդատվության օգնությամբ, որ ենթակա է դատապարման շարունակվող հանցագործության համար, որը գնահատվել է կատարված վերջին հարձակման ժամանակ ուժի մեջ գտնվող օրենքի, այն է` Քրեական օրենսգրքի 215ա-րդ հոդվածի համաձայն: Դատարանը որևէ պատճառ չունի կասկածի տակ առնելու այն, որ դիմումատուն կարող էր կանխատեսել` ոչ միայն այդ դրույթը 2004թ. հունիսի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո, այլ նաև 2000 թվականից մինչև այդ օրն ընկած ժամանակահատվածի հաշվով, որ կարող է քրեական պատասխանատվության առաջ կանգնել վերը հիշատակված շարունակվող հանցագործության համար, և համապատասխանաբար հարմարեցնել իր վարքագիծը (տե՛ս, mutatis mutandis, Streletz-ը, Kessler-ը և Krenz-ի գործը, մեջբերված է վերևում, § 82, և Achour-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], թիվ 67335/01, §§ 52-53, ՄԻԵԴ 2006‑IV):
64. Հաշվի առնելով այս ամենը, Դատարանը բավարարված է նրանով, որ այն հանցագործությունը, որի համար դիմումատուն դատապարտվել է, ոչ միայն համապատասխան հիմքեր ունի «դրա կատարման ժամանակ գործող ներպետական ... օրենքում», այլև` որ այդ հանցագործությունը բավարար կերպով հստակորեն է ձևակերպված հիշատակված օրենքում, ինչը համապատասխանում է կանխատեսելիության որակական պահանջին, որը բխում է Կոնվենցիայի 7-րդ հոդվածով սահմանված «օրենք» հասկացության ինքնավար իմաստից:
(բ) Արդյոք 215ա-րդ հոդվածով դիմումատուի նկատմամբ նշանակված պատիժը ավելի ծանր էր
65. Դատարանը այլևս անկարող է ընդունել դիմումատուի փաստարկն առ այն, որ ներպետական դատարանների կողմից 215ա-րդ հոդվածի համաձայն նշանակված պատիժը` նաև 2004թ. հունիսի 1-ից առաջ կատարված արարքների նկատմամբ, ավելի ծանր էր, քան կարող էր հակառակ պարագայում լինել:
66. Ինչպես վերևում նշվեց, ներպետական դատարանների և մասնավորապես` Գերագույն դատարանի 2008թ. փետրվարի 21-ին կայացված վճռի պատճառաբանության հիման վրա, հնարավոր է եզրակացնել, որ Քրեական օրենսգրքի 215ա-րդ հոդվածի 1-ին կետի և 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված հանցագործության բաղադրիչ տարրերը նախագծվել են դիմումատուի կողմից կատարված այն արարքների համար, որոնք տեղի են ունեցել մինչև այդ դրույթը 2004թ. հունիսի 1-ին ուժի մտնելը: Հղում կատարելով այդ արարքներին, դատարանները նաև նշել են, որ դրանք պատժելի են հին օրենքի համաձայն:
67. Ոչինչ չի վկայում այն մասին, որ ներպետական դատարանների վերևում նշված մոտեցումը` դիմումատուի պատիժը խստացնելու առումով բացասական ազդեցություն է ունեցել (տե՛ս, հակառակը, Veeber-ի (թիվ 2) գործը, մեջբերված է վերևում, § 36): Հակառակը, եթե դիմումատուի կողմից մինչև 2004թ. հունիսի 1-ը կատարված արարքներն առանձին կարգով գնահատվեին այդ օրվանից հետո կատարվածներից, ապա Քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված համապատասխան դատապարտման կանոնի համաձայն պատիժը կնշանակվեր առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերող իրավադրույթի, այն է` Քրեական օրենսգրքի 215ա-րդ հոդվածի հիման վրա: Տվյալ պարագայում, ինչպես որ Կառավարությունն է նշել, դիմումատուն կստանար առնվազն նույն պատիժը, որն իրականում նշանակվել է, կամ նույնիսկ ավելի ծանր պատիժ, հաշվի առնելով որ մի շարք հանցագործությունների կատարված լինելու փաստը, ամենայն հավանականությամբ, կդիտվեր որպես ծանրացուցիչ հանգամանք` Քրեական օրենսգրքի 34ի-րդ հոդվածի համաձայն:
68. Դատարանը նաև համոզիչ չհամարեց դիմումատուի դիտարկումն այն մասին, որ եթե նրա կողմից իրականացված հարձակումներն առանձին քննվեին, ապա երեք հարձակումներից երկուսով (հավանաբար` 2000թ. հունիսի 24-ին և 2003թ. հուլիսի 17-ին տեղի ունեցած հարձակումները) քրեական հետապնդումը անհնարին կլիներ` վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով: Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն` երեք տարի վաղեմության ժամկետը կիրառվում էր այն հանցագործությունների պարագայում, որոնցով նշանակվող առավելագույն պատիժը չպետք է երեք տարուց պակաս լիներ: Ուստի, եթե նույնիսկ դիմումատուն հետապնդվեր ներպետական դատարանների կողմից առանձնացված երեք իրադարձությունների մասով, վերջինս ցանկացած պարագայում կհետապնդվեր առնվազն մեկ հարձակման համար, որը տեղի էր ունեցել 2003թ. հուլիսի 17-ին` նախորդ օրենքի համաձայն, և նաև մեկ այլ հարձակման համար, որը կատարվել է 2006թ. փետրվարի 8-ին` արդեն նոր օրենքի գործողության ժամանակահատվածում:
69. Վերը նշվածի լույսի ներքո` Դատարանը համոզված է, որ այն փաստը, որով կատարված արարքները մինչև նոր օրենքն ուժի մեջ մտնելը գնահատվել էին նախորդ օրենքի համաձայն, դիմումատուի պատժի մասով բացասական հետևանքներ չէր առաջացրել: Իրոք, դիմումատուի նկատմամբ նշանակվել է մեկ պատիժ, որը նա բոլոր դեպքերում կրելու էր կատարված արարքների համար նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո (տե՛ս վերևում` 37-րդ պարբերությունը և, հակառակը, Maktouf-ը և Damjanović-ի գործը, մեջբերված է վերևում, § 70):
(գ) Եզրակացություն
70. Վերոհիշյալ նկատառումները բավարարեն Դատարանի համար եզրակացնելու, որ դիմումատուի նկատմամբ նշանակված պատիժը, որը մեղավոր էր ճանաչվել նույն հարկի տակ ապրող անձի նկատմամբ բռնություն գործադրելու շարունակվող քրեական հանցագործության մեջ, կիրառելի էր այն ժամանակահատվածի համար, երբ այդ հանցագործությունը համարվում էր ավարտված այն «օրենքի» համաձայն, որը կանխատեսելի էր իր հետևանքների առումով: Քրեական օրենքը հետադարձ կարգով չէր կիրառվել, իսկ դիմումատուն էլ չէր ենթարկվել ավելի խիստ պատժողական կանոնների, քան այն կանոնները, որոնք կիրառելի կլինեին, եթե դիմումատուն հետապնդվեր առանձին արարքների համար:
71. Դատարանը բավարարված է, որ Չեխիայի դատարանների կողմից սույն գործով ընդունած մոտեցումը համահունչ է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի առարկային և նպատակին, այն է` ապահովելու, որ ոչ ոք չենթարկվի կամայական հետապնդման, դատապարտման կամ պատժի (տե՛ս վերևում՝ 50-րդ պարբերությունը): Բացի այդ, ընտանեկան բռնության վերաբերյալ ներպետական իրավական պաշտպանության ամրապնդման միջոցով, հաշվի առնելով որ կանանց դեմ կատարված այդպիսի բռնությունը դեռևս լուրջ մտահոգության առարկա է հանդիսանում արդի եվրոպական հասարակություններում (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը և Opuz-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ 33401/02, ՄԻԵԴ 2009), Դատարանը նաև համաձայնում է Կոնվենցիայի հիմնարար նպատակների հետ, որոնց բուն էությունը սահմանափակվում է մարդու արժանապատվության և ազատության նկատմամբ հարգանքով (տե՛ս, mutatis mutandis, C.R.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 22 նոյեմբերի 1995թ., § 42, Շարք Ա թիվ 335‑C):
72. Վերը նշված եզրակացություններին հասնելու համար, Դատարանը քննել է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի տեսանկյունից դիմումատուի գործով չեխական օրենքի համաձայն նույն հարկի տակ ապրող անձի նկատմամբ բռնություն գործադրելու շարունակվող հանցագործության կիրառության հարցը: Ի դեպ, համեմատության կարգով այս համատեքստում հարկ է նշել, որ չեխական օրենքով սահմանված շարունակվող քրեական հանցագործության հասկացությունը համահունչ է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ճնշող մեծամասնության ներպետական օրենսդրություններում արտացոլված եվրոպական ավանդույթի հետ (տե՛ս վերևում՝ 31-րդ և 33-րդ պարբերությունները) և որ, հետևաբար, սույն գործով քննվող կանխատեսելիության հարցի հետ կապված իրավիճակը, կարծես, զգալիորեն չի տարբերվում Կոնվենցիայի մյուս պայմանավորվող կողմերի ներպետական իրավական համակարգերում այդպիսի հանցագործությունների համար ձեռք բերվածից: Ինչպես երևում է ներպետական մարմինների՝ դիմումատուի վարքագծի վերաբերյալ ներկայացված նկարագրությունից, վերջինիս գործողություններն ուղղված էին կոնկրետ զոհի, այն է՝ նրա կնոջ, և մասնավորապես նրա՝ ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, ինչպես նաև պատվի օրինական շահերի դեմ: Նաև պարզ է, որ modus operandi նույնն էր, այն բաղկացած էր նույն հարկի տակ կատարված հարձակումներից: Պարզ էր, որ ժամանակավոր կապ գոյություն ուներ տարբեր գործողությունների միջև, որոնք ձգվել են մի քանի տարիներ, որ տվյալ ժամանակահատվածի ընթացքում կատարված յուրաքանչուր հարձակում պայմանավորված էր նույն հանցավոր մտադրությամբ, որ դիմումատուի վարքագիծը ամեն մի առիթով հակասում էր քրեական օրենքին: Այլ կերպ ասած, այն հանցագործությունը, որի համար դիմումատուն դատապարտվել էր, մի շարք հատկանիշներ ունի, որոնք ընդհանուր են նույնանման հանցագործությունների համար այլուր Կոնվենցիայի համայնքում, և նույնը՝ քրեական արդարադատության համակարգի արձագանքի դեպքում, որը մեկ հանցագործության համար դատավճռի տեսքով է կայացվում (տե՛ս վերևում՝ 33-37-րդ պարբերությունները):
73. Ամփոփելով` Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
Վճռում է, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն, և գրավոր կերպով ծանուցվել է 2015թ. հունվարի 27-ին:
Michael O’BoyleDean Spielmann
Քարտուղարի տեղակալՆախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն` սույն վճռին կից ներկայացվում են հետևյալ առանձին կարծիքները.
(ա) դատավոր Ziemele-ի մեծամասնության դիրքորոշմանը համընկնող կարծիքը,
(բ) դատավոր Pinto de Albuquerque-ի մեծամասնության դիրքորոշմանը համընկնող կարծիքը:
D.S.
M.O’B.
«Հատուկ կարծիքները չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակ(ներ)ում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի HUDOC տվյալների բազայում»։
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
[1] Չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով:
Full & Egal Universal Law Academy