© Սույն տեքստը և այն վերահրապարակելու թույլտվությունը տրամադրվել է «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ Դատարանի տվյալների բազա HUDOC-ում ընդգրկելու համար: [Թարգմանությունն արդեն իսկ հրապարակվել է www.echr.am կայքում]
© The present text and the authorisation to republish it were granted by the “Translation Center of the Ministry of Justice of the Republic of Armenia” SNCO for the purpose of its inclusion in the Court’s database HUDOC. [Translation already published in www.echr.am]
© La traduction et l’autorisation de republier ont été accordées par la “Centre de Traduction du Ministère de la Justice d’Armènie” SNCO à son inclusion dans la base de données HUDOC de la Cour. [La traduction déjà publiée sur www.echr.am]
ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՍԱՂԱԹԵԼՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 7984/06)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
20 հոկտեմբեր 2015 թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմաններում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ բաժանմունք) Պալատը, հանդես գալով հետևյալ կազմով՝
-Լուիս Լոպես Գեռա [Luis López Guerra], Նախագահ,
-Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],
-Ջոհաննես Սիլվիս [Johannes Silvis],
-Յուլյա Անտոանելլա Մոտոկ [Iulia Antoanella Motoc],
-Բրանկո Լուբարդա [Branko Lubarda],
-Կառլո Ռանցոնի [Carlo Ranzoni],
-Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan]` դատավորներ,
և Ստեֆեն Ֆիլիպս [Stephen Phillips]` Բաժանմունքի քարտուղար,
2015 թվականի սեպտեմբերի 29-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1.Սույն գործը հարուցվել է 2006 թվականի փետրվարի 8-ին՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն Անահիտ Սաղաթելյանի (դիմումատու) կողմից՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության Դատարան ներկայացված գանգատի (թիվ 7984/06) հիման վրա:
2.Դիմումատուին ներկայացրել են գործող փաստաբան չհանդիսացող իրավաբան պրն Ա. Ղազարյանը և պրն Մ. Դանիելյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3.Դիմումատուն, որը նախկին դատավոր է, պնդել է, մասնավորապես, որ ինքը զրկվել է դատական համակարգում աշխատանքից ազատվելը բողոքարկելու համար դատարանի մատչելիությունից:
4.2009 թվականի հունիսի 16-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն:
ՓԱՍՏԵՐԸ
I.ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
1.Դիմումատուն ծնվել է 1959 թվականին և ապրում է Վարդենիսում։ Աշխատել է որպես դատավոր Գեղարքունիքի մարզի [ընդհանուր իրավասության առաջին ատյանի] դատարանում:
6.2004 թվականի փետրվարի 17-ին արդարադատության նախարարը միջնորդություն է ներկայացրել Արդարադատության խորհուրդ՝ «Դատավորի կարգավիճակի մասին» [Հայաստանի Հանրապետության] օրենքի 30-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն դիմումատուին պաշտոնից ազատելու համար: Միջնորդության մեջ նշվել է, որ դիմումատուն երեք անգամ, այն է՝ 1997, 2000 և 2001 թվականներին, խիստ նկատողություն է ստացել քրեական դատավարության կանոնների տարբեր կոպիտ խախտումների համար, և 2003 թվականի դեկտեմբերին միևնույն հիմքով կրկին մի շարք կարգապահական վարույթներ են հարուցվել նրա նկատմամբ:
7.2004 թվականի մարտի 2-ին Արդարադատության խորհուրդն ուսումնասիրել է միջնորդությունը և որոշել է ստեղծել երեք անդամից կազմված հանձնաժողով՝ միջնորդության փաստական հիմքերն ուսումնասիրելու և այդ մասին Խորհրդին զեկուցելու նպատակով:
8.2004 թվականի ապրիլի 27-ին Արդարադատության խորհուրդը եզրակացություն է ընդունել, որով առաջարկել է Հայաստանի Հանրապետության նախագահին դիմումատուին ազատել պաշտոնից:
9.2004 թվականի ապրիլի 30-ին Հայաստանի Հանրապետության նախագահը հրամանագիր է ընդունել, որով դիմումատուն ազատվել է պաշտոնից:
10.2005 թվականի մարտի 15-ին դիմումատուն հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների [ընդհանուր իրավասության] դատարան՝ անօրինական լինելու հիմքով Նախագահի՝ 2004 թվականի ապրիլի 30-ի հրամանագիրն անվավեր ճանաչելու համար: Նա պնդել է, որ ինքն աշխատանքից ազատվել է ներպետական օրենսդրության և դատավորի կարգավիճակին վերաբերող տարբեր եվրոպական փաստաթղթերի մի շարք դրույթների խախտմամբ: Մասնավորապես, 2004 թվականի փետրվարի 17-ին Արդարադատության նախարարի կողմից ներկայացված՝ աշխատանքից ազատելու միջնորդությունը հիմնված է եղել այնպիսի հանգամանքների վրա, որոնք նախկին կարգապահական վարույթների առարկա են եղել, և որոնց մասով արդեն կիրառվել են տույժեր: Միջնորդությունը չի պարունակել որևէ պատճառաբանություն, և դրան կցված չի եղել որևէ հիմնավորող փաստաթուղթ, և հետևաբար, այն եղել է չհիմնավորված: Այնուհետև նա պնդել է, որ դատական որոշումները վերանայման ենթակա են եղել միայն օրենքով սահմանված բողոքարկման ընթացակարգի համաձայն։ Ուստի, օրենքի կոպիտ խախտումներ կատարելու հանգամանքը (նրան աշխատանքից ազատելու ենթադրյալ հիմքը) կարող էր հաստատվել միայն ավելի բարձր ատյանի դատարանի կողմից (ինչը նրա դեպքում տեղի չէր ունեցել), այլ ոչ թե ոչ դատական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից, ինչպիսին Արդարադատության խորհուրդը կամ Արդարադատության նախարարն է։ Վերջում նա պնդել է, որ իրեն աշխատանքից ազատելու հարցն Արդարադատության խորհուրդը քննել է իր բացակայության պայմաններում, ինչը համապատասխան կանոնների խախտում է։
11.2005 թվականի մայիսի 26-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների [ընդհանուր իրավասության] դատարանը, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն, որոշել է կարճել վարույթն այն հիմքով, որ դիմումատուի հայցը ենթակա չէ ուսումնասիրման ընդհանուր իրավասության դատարանների կողմից։ Այդպիսով, շրջանային դատարանը, inter alia (ի թիվս այլնի), հղում է կատարել Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին մասին, Քաղաքացիական օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասին և Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 160-րդ հոդվածի 1-ին մասին։
12.2005 թվականի հունիսի 7-ին դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք:
13.2005 թվականի հուլիսի 13-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ուսումնասիրել և մերժել է դիմումատուի հայցը՝ համարելով այն չհիմնավորված։
14.2005 թվականի օգոստոսի 5-ին դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք։
15.2005 թվականի սեպտեմբերի 23-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի դատական ակտը և որոշել է կարճել վարույթն այն նույն հիմքերով, ինչ հիմքերով՝ Շրջանային դատարանը։
16.2006 թվականի նոյեմբերի 16-ին սույն գործին չառնչվող վարույթում Սահմանադրական դատարանը գտել է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը հակասահմանադրական է։
II.ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա.Հայաստանի Հանրապետության 1995 թվականի Սահմանադրությունը (ինչպես գործում էր ուսումնասիրվող ժամանակահատվածում)
17.Սահմանադրության համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.
Հոդված 38
«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք:»
Հոդված 39
«Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունք»
Հոդված 94
«Դատական մարմինների անկախության երաշխավորը [Հայաստանի] Նախագահն է: Նա գլխավորում է արդարադատության խորհուրդը:
Արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը խորհրդի փոխնախագահներն են:
Խորհրդի կազմի մեջ մտնում են նաև [Հայաստանի] Նախագահի կողմից հինգ տարի ժամկետով նշանակվող տասնչորս անդամ, որոնցից երկուսը` իրավաբան գիտնական, ինը` դատավոր, երեքը` դատախազ: ...»
Հոդված 95
«Արդարադատության խորհուրդը` ... 6) առաջարկ է ներկայացնում դատավորի լիազորությունները դադարեցնելու, .... համաձայնություն տալու մասին. ...»
Հոդված 100
«Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով` 1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, [Հայաստանի] Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը. ...»
Հոդված 101
«Սահմանադրական դատարան կարող են դիմել` 1) [Հայաստանի] Նախագահը. 2) պատգամավորների առնվազն մեկ երրորդը. 3) [Հայաստանի] Նախագահի և պատգամավորության թեկնածուները` ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով. [և] 4) կառավարությունը ...»:
Բ.Հայաստանի Հանրապետության 1995 թվականի Սահմանադրությունը (2005 թվականի նոյեմբերի 27-ին կատարված և 2005 թվականի դեկտեմբերի 6-ին ուժի մեջ մտած փոփոխություններով)
18.Սահմանադրության նախկին 38-րդ և 39-րդ հոդվածները վերափոխվել են 18-րդ և 19-րդ հոդվածների և ունեն հետևյալ բովանդակությունը.
Հոդված 18
«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։ ...»
Հոդված 19
«Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: ...»:
Փոփոխությունների արդյունքում 101-րդ հոդվածն ունի հետևյալ բովանդակությունը.
«Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել՝ ... 6) յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը. ...»:
Գ.Քաղաքացիական օրենսգիրքը
(գործում է 1999 թվականի հունվարի 1-ից)
19.Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.
Հոդված 3. Քաղաքացիական իրավունքի սկզբունքները
«1. Քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է, inter alia, պայմանագրի ազատության սկզբունքի վրա:
2. Քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: ...»
Հոդված 15. Պետական կամ տեղական ինքնակառավարման
մարմնի ակտն անվավեր ճանաչելը
«1. Օրենքին կամ այլ իրավական ակտերին չհամապատասխանող և քաղաքացու կամ իրավաբանական անձի քաղաքացիական իրավունքները ու օրենքով պաշտպանվող շահերը խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտը դատարանով կարող է ճանաչվել անվավեր:...
2. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածին համապատասխան, որոշում է օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:»:
Դ.Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը
(գործում է 1999 թվականի հունվարի 12-ից)
20.Քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ ուսումնասիրվող ժամանակահատվածում գործող համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.
Հոդված 109. Գործի վարույթի կարճման հիմքերը
«Դատարանը կարճում է գործի վարույթը, եթե` ... [inter alia] վեճը ենթակա չէ դատարանում քննության ...»
Հոդված 159. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց՝ օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունը (անգործությունը) վիճարկելու հիմքերը
«Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունը (անգործությունը) վիճարկելու (այսուհետ` ակտն անվավեր ճանաչելու) համար հիմք են նշված ակտն օրենքին հակասելը և դիմողի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու օրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտման փաստի առկայությունը: ...»
Հոդված 160. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց՝ օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումը
«1. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումը, գործերի ենթակայությանը համապատասխան, տրվում է քաղաքացիական գործեր քննող դատարան կամ տնտեսական դատարան:
Դատարանի քննությանը ենթակա չեն այն ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները, որոնց` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցի որոշելը, սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է:
2. Դիմումը կարող է վերաբերել օրենքին հակասող ակտին կամ դրա որևէ մասի: ...»:
Ե.«Արդարադատության խորհրդի մասին» օրենքը
(ուժը կորցրել է 2007 թվականի մայիսի 18-ին)
21.Օրենքի՝ ուսումնասիրվող ժամանակահատվածում գործող համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.
Հոդված 19
«Դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցով խորհրդին դիմում է արդարադատության նախարարը...
Խորհրդի եզրակացությամբ դատավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերն են՝ 1) օրինականության կոպիտ խախտում թույլ տալը. 2) դատավորի կոչմանը անհամատեղելի արարք կատարելը:
Արդարադատության նախարարը ... սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում խորհրդին է ներկայացնում դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու ... առաջարկության համար հիմք հանդիսացող նյութերը:
...
Դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարց քննարկելիս խորհուրդը հրավիրում և լսում է դատավորին: ...»
Հոդված 23
«Խորհրդի նիստերը հրավիրում է խորհրդի նախագահը:
Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ արդարադատության նախարարը կամ գլխավոր դատախազը:
Եթե խորհրդի նախագահը ներկա չէ խորհրդի նիստին, ապա դատավորներին առնչվող հարցերը քննելիս նիստը վարում է արդարադատության նախարարը, իսկ դատախազներին առնչվող հարցերը քննելիս՝ գլխավոր դատախազը:»
Հոդված 25
«Խորհուրդը սույն օրենքի ... [inter alia, 19-րդ հոդվածով] նախատեսված լիազորություններն իրականացնելիս [ընդունում է] եզրակացություններ:»
Հոդված 26
«Խորհրդի ... եզրակացություններն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների մեծամասնությամբ: ...
Խորհրդի եզրակացությունները խորհրդատվական բնույթ ունեն: ...»:
Զ.«Դատավորի կարգավիճակի մասին» օրենքը
(ուժը կորցրել է 2007 թվականի մայիսի 18-ին)
22.Օրենքի՝ ուսումնասիրվող ժամանակահատվածում գործող համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.
Հոդված 30. Դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերը
«Դատավորի լիազորություններն արդարադատության խորհրդի առաջարկության հիման վրա դադարեցնում է [Հայաստանի] Նախագահը, եթե` ... 8) նա արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում. ...»:
Է.Քաղաքացիներ Սոֆիկ Գասպարյանի և Արտակ Զեյնալյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի
1-ին կետի [մասի]՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանի
2006 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը
23.2005 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո անհատների, այլ ոչ թե դատավորների կողմից ներկայացված դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանը գտել էր, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունն անհամատեղելի է 2005 թվականի նոյեմբերի 27-ին փոփոխությունների ենթարկված Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների հետ, քանի որ դրանով չէր երաշխավորվում իշխանության հավասարակշռություն, ստեղծվում էր լուրջ բաց՝ իրավական ակտերի դատական վերահսկողության առումով, և վտանգվում էր անհատի՝ իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքի իրականացումը, ինչը երաշխավորված էր Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ։
Ը.«Փաստաբանության մասին» օրենքը
(գործում է 2005 թվականի հունվարի 22-ից)
24.6-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանն իրավունք ունի փոխհատուցում ստանալու իր ծառայությունների դիմաց։ Փաստաբանական գործունեության վճարի չափն ու վճարման կարգը որոշվում են փաստաբանի ու վստահորդի միջև՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I.ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
25.Դիմումատուն Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների համաձայն բողոք է ներկայացրել այն մասին, որ նա զրկվել է դատարանի արդյունավետ մատչելիությունից դատավորի՝ իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը վիճարկելու համար: Դատարանը համարում է, որ այս բողոքով հիմնականում բարձրացվում է դատարանի մատչելիության հարց, և, հետևաբար, այն պետք է ուսումնասիրվի միայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի առումով, որն այնքանով, որքանով վերաբերելի է, ունի հետևյալ բովանդակությունը.
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... դատարանի [տրիբունալի] կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք։...»:
Ա.Ընդունելիությունը
1.Կողմերի փաստարկները
26.Կառավարությունը պնդել է, որ 6-րդ հոդվածը սույն գործով չի կիրառվում։ Հիմնվելով Պիտկևիչի գործով (Պիտկևիչն ընդդեմ Ռուսաստանի [Pitkevich v. Russia], թիվ 47936/99, 2001 թվականի փետրվարի 8) Դատարանի որոշման մեջ ներկայացված Դատարանի պատճառաբանության վրա՝ նրանք պնդել են, որ դատական համակարգում աշխատանքից ազատելու վերաբերյալ վեճերը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի գործողության շրջանակից դուրս են։ Այնուհետև Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն հստակորեն զրկվել էր պաշտոնից ազատելու մասին Նախագահի հրամանագիրը վիճարկելու համար դատարանի մատչելիությունից, և որ այդ բացառությունը հիմնավորված էր՝ ելնելով դատական իշխանության անկախությունը և անկողմնակալությունն ապահովելու պետական շահից։
27.Դիմումատուն վիճարկել է Կառավարության այն պնդումը, որ 6-րդ հոդվածը չի կիրառվում։ Մասնավորապես, նա պնդել է, որ դատարանի մատչելիությունից զրկելը հիմնավորված չէր որևէ օբյեկտիվ հիմքով։
2.Դատարանի գնահատականը
2.Դատարանը կրկին նշում է, որ Վիլհո Էսկելինենը և այլոք գործով վճռում (Վիլհո Էսկելինենը և այլոք ընդդեմ Ֆինլանդիայի [ՄՊ] [Vilho Eskelinen and Others v. Finland [GC]], թիվ 63235/00, §§ 61 և 62, ՄԻԵԴ 2007-II) սահմանված սկզբունքի համաձայն՝ որպեսզի պատասխանող Պետությունը կարողանա Դատարանում հիմնվել դիմումատուի՝ քաղաքացիական ծառայողի կարգավիճակի վրա՝ 6-րդ հոդվածով նախատեսված պաշտպանությունը բացառելու համար, անհրաժեշտ է բավարարել երկու պայման: Նախ, պետությունն իր ներպետական օրենսդրությամբ պետք է հստակորեն բացառած լինի դատարանի մատչելիությունը տվյալ պաշտոնի կամ աշխատողների կատեգորիայի համար։ Երկրորդ, բացառությունը պետք է հիմնավորված լինի պետության շահերից բխող օբյեկտիվ հիմքերով։ Միայն այն փաստը, որ դիմումատուն աշխատում է այն հատվածում կամ մարմնում, որը մասնակցում է հանրային իրավունքով վերապահված իշխանության իրականացմանը, ինքնին վճռորոշ չէ։ Որպեսզի բացառությունը հիմնավորված լինի, բավարար չէ, որ պետությունն ապացուցի, որ քաղաքացիական ծառայողը մասնակցում է հանրային իշխանության իրականացմանը կամ, մեջբերելով Պելեգրինի գործով (Պելեգրինն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Pellegrin v. France [GC]], թիվ. 28541/95, § 65, ՄԻԵԴ 1999‑VIII) Դատարանի խոսքերը, քաղաքացիական ծառայողի և պետության՝ որպես գործատուի, միջև գոյություն ունի «վստահության և հավատարմության հատուկ կապ»։ Պետությունը նաև պետք է ցույց տա, որ տվյալ վեճի առարկան առնչվում է պետական իշխանության իրականացմանը, կամ որ դրանով կասկածի տակ է դրվել հատուկ կապը։ Այսպիսով, 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների գործողության ոլորտից սովորական աշխատանքային վեճերի, օրինակ՝ աշխատավարձերին, նպաստներին կամ նման իրավունքներին առնչվող վեճերի բացառումը կոնկրետ քաղաքացիական ծառայողի և տվյալ պետության միջև հատուկ բնույթի հարաբերության հիման վրա սկզբունքորեն չի կարող հիմնավորված լինել։ Գործնականում առկա կլինի 6-րդ հոդվածի կիրառելիության կանխավարկած։ Կառավարությունը պետք է ցույց տա, որ նախ, դիմումատու քաղաքացիական ծառայողը, ներպետական օրենսդրության համաձայն, դատարանի մատչելիության իրավունք չունի, և երկրորդ, քաղաքացիական ծառայողի դեպքում 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքների բացառումը հիմնավորված է։
29.Դատարանը նկատում է, որ վերոնշյալ Պիտկևիչի գործով ընդունելիության մասին իր որոշման մեջ Դատարանը գտել է, որ դատական համակարգը, չլինելով սովորական քաղաքացիական ծառայության մաս, այնուամենայնիվ, տիպիկ հանրային ծառայության մաս է։ Դատավորն ունեցել է կոնկրետ պարտականություններ արդարադատության իրականացման ոլորտում, որն այնպիսի ոլորտ է, որտեղ պետություններն իրականացնում են ինքնիշխան իրավունքներ։ Հետևաբար, դատավորն ուղղակիորեն մասնակցել է հանրային իրավունքով վերապահված լիազորությունների իրականացմանը և կատարել է պետության ընդհանուր շահերի պաշտպանությանն ուղղված պարտականություններ։ Դատարանը եզրակացրել է, որ դատավորին պաշտոնից ազատելու հետ կապված վեճը չէր վերաբերում նրա «քաղաքացիական» իրավունքներին կամ պարտավորություններին՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով։
30.Դատարանը նկատում է, սակայն, որ, հետևելով Պիտկևիչի գործով իր որոշմանը և Վիլհո Էսկելինենի գործով վճռում տեղ գտած եզրահանգումների լույսի ներքո՝ համարվել է, որ 6-րդ հոդվածը կիրառվում է դատավորին պաշտոնից ազատելուն վերաբերող վարույթի նկատմամբ (տե՛ս, օրինակ՝ Օլույիչն ընդդեմ Խորվաթիայի [Olujić v. Croatia], թիվ 22330/05, §§ 31-45, 2009 թվականի փետրվարի 5, Օլեքսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի [Oleksandr Volkov v. Ukraine], թիվ 21722/11, §§ 87-91, ՄԻԵԴ 2013)։
31.Այսպիսով, Վիլհո Էսկելինենի գործով վճիռը, որով նախատեսվում էր, որ պետք է գոյություն ունենա 6-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության կանխավարկած, վերաբերում է պաշտոնից ազատելու վերաբերյալ գործերին, եթե ներպետական համակարգով չի բացառվում դատարանի մատչելիությունն այդ կապակցությամբ (տե՛ս Օլույիչը՝ վերևում հիշատակված, § 34)։
32.Ինչ վերաբերում է սույն գործին, ապա դիմումատուն ցանկացել է վիճարկել իրեն պաշտոնից ազատելու մասին՝ Նախագահի 2004 թվականի ապրիլի 30-ի հրամանագրի օրինականությունը, և դատարաններն ի վերջո եզրակացրել են, որ դրանք իրավասություն չունեն քննելու Նախագահի հրամանագիրը՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասին, Քաղաքացիական օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասին և Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան։
33.Դատարանը նկատում է, որ Կառավարությունը չի նշել օրենքի որևէ դրույթ, որով հստակորեն կբացառվի դատական պաշտպանությունը դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների կապակցությամբ (համեմատե՛ք Օլույիչի գործի հետ՝ վերևում հիշատակված, § 35)։
34.Այնուհետև Դատարանը նշում է, որ դիմումատուն չէր կարողացել վիճարկել իրեն պաշտոնից ազատելու մասին՝ Նախագահի 2004 թվականի ապրիլի 30-ի հրամանագրի օրինականությունը, քանի որ ուսումնասիրվող ժամանակահատվածում անհատներն ընդհանրապես չէին կարող բողոքարկել Նախագահի հրամանագրերը սովորական դատարաններում` Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության կիրառման արդյունքում։ Ավելին, ուսումնասիրվող ժամանակահատվածում անհատները չէին կարող բողոքարկել Նախագահի հրամանագրերը նաև Սահմանադրական դատարանում։ Այդ հանգամանքներում դիմումատուի համար դատարանի մատչելիությունը սահմանափակված էր այնպես, ինչպես Նախագահի հրամանագիրը դատարանում վիճարկել ցանկացող ցանկացած անհատի համար։
35.Այս տեղեկությունների հիման վրա Դատարանը համարում է, որ ներպետական օրենսդրությամբ դատարանի մատչելիությունը դիմումատուի համար բացառված չէր վերջինիս՝ հանրային իշխանություն ունեցող անձի կարգավիճակի հիման վրա։ Համապատասխանաբար, Վիլհո Էսկելինենի գործով չափորոշիչների առաջին պայմանը սույն գործով չի բավարարվել և, ըստ այդմ, 6-րդ հոդվածը կիրառվում է՝ դրա քաղաքացիական մասով։
36.Դատարանը նշում է, որ այս բողոքն ակնհայտորեն անհիմն չէ՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի ա) ենթակետի իմաստով։ Այնուհետև այն նշում է, որ այն որևէ այլ հիմքով անընդունելի չէ։ Հետևաբար, այն պետք է համարվի ընդունելի։
Բ.Գործի՝ ըստ էության քննությունը
1.Կողմերի փաստարկները
37.Դիմումատուն պնդել է, որ ինքը զրկվել է դատարանի մատչելիությունից՝ դատական համակարգում աշխատանքից ազատվելը բողոքարկելու համար, քանի որ դատարանները չեն ուսումնասիրել իրեն պաշտոնից ազատելու մասին՝ Նախագահի 2004 թվականի ապրիլի 30-ի հրամանագրի օրինականությունը՝ հիմնվելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի վրա, որը հետագայում Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական։ Դիմումատուն պնդել է, որ ուսումնասիրվող ժամանակահատվածում Արդարադատության խորհուրդն իր կազմով չէր կարող համարվել օրենքով սահմանված անկախ և անկողմնակալ տրիբունալ, որը կբավարարեր Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշները։ Մասնավորապես, նախքան 2005 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո իրականացված լայնածավալ դատական բարեփոխումները, Արդարադատության խորհուրդը նախագահում էին Հայաստանի Նախագահը, գլխավոր դատախազը և արդարադատության նախարարը, ուստի այն ամբողջությամբ կախվածության մեջ էր գործադիր իշխանությունից։
38.Կառավարությունը պնդել է, որ 2006 թվականի նոյեմբերի 16-ի իր որոշմամբ Սահմանադրական դատարանը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասը հակասահմանադրական է ճանաչել, քանի որ ընդհանուր իրավասության դատարանների գործելակերպն այնպիսին էր, որ դրանք հրաժարվում էին Նախագահի և Կառավարության ակտերի օրինականությանը վերաբերող հայցերն ուսումնասիրելուց՝ հիմնվելով այդ դրույթի երկրորդ պարբերության վրա։ Դրանք պնդել են, որ այդ որոշումը որևէ կերպ չէր վերաբերում այն հայցերին, որոնք կապված էին այդ ակտերի՝ Սահմանադրության հետ համատեղելիության հետ, որի վերաբերյալ որոշում կայացնելը Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է, և որ ուսումնասիրվող ժամանակահատվածում անհատները Սահմանադրական դատարանի մատչելիության իրավունք չունեին։
2.Դատարանի գնահատականը
39.Դատարանը կրկին նշում է, որ երբ այն վեճերը, որոնց նկատմամբ կիրառելի է 6-րդ հոդվածը, լուծվում են դատարաններից բացի այլ մարմինների կողմից, Կոնվենցիայով պահանջվում է հետևյալ համակարգերից առնվազն մեկը. համապատասխան իրավասություն ունեցող մարմինները կամ իրենք են բավարարում 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, կամ չեն բավարարում դրանք, սակայն ենթակա են այնպիսի դատական մարմնի կողմից հետագա վերահսկողության, որն ունի լիարժեք իրավասություն և ապահովում է 6-րդ հոդվածի 1-ին կետի երաշխիքները (տե՛ս Ալբերը և լե Կոմպտն ընդդեմ Բելգիայի [Albert and Le Compte v. Belgium], 1983 թվականի փետրվարի 10, § 29, Շարք Ա թիվ 58)։
40.Այս դեպքում դիմումատուի գործն ուսումնասիրվել է և արդյունքում կազմված՝ նրան պաշտոնից ազատելու մասին առաջարկը ներկայացվել է Հայաստանի Նախագահին Արդարադատության խորհրդի կողմից, որն ուսումնասիրվող ժամանակահատվածում նախագահում էին Նախագահը, արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը։
41.Այս տեղեկություններից ելնելով՝ Դատարանը պետք է ուսումնասիրի՝ արդյոք Արդարադատության խորհուրդը կարող էր համարվել «անկախ և անկողմնակալ տրիբունալ», ինչպես պահանջվում է 6-րդ հոդվածի 1-ին կետով։
42.Դատարանը նշում է, որ, որոշելու համար՝ արդյոք տրիբունալը կարող է համարվել «անկախ» 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, պետք է հաշվի առնել, inter alia, դրա անդամների նշանակման կարգը և պաշտոնավարման ժամկետը, արտաքին ճնշումների դեմ երաշխիքների առկայությունը և այն հարցը՝ արդյոք մարմինն ընկալվում է որպես անկախ։ Ինչ վերաբերում է «անկողմնակալության հարցին», ապա այս պահանջի մասով գոյություն ունի երկու հայեցակետ։ Նախ, տրիբունալը պետք է սուբյեկտիվորեն ազատ լինի անձնական նախապաշարմունքներից կամ կանխակալությունից։ Երկրորդ, այն պետք է նաև անկողմնակալ լինի օբյեկտիվ տեսանկյունից, այն է՝ պետք է ապահովի բավարար երաշխիքներ՝ բացառելու համար ցանկացած օրինաչափ կասկած այդ առումով։ Անկախության և օբյեկտիվ անկողմնակալության հասկացությունները սերտորեն կապված են, և Դատարանը դրանք հաճախ միասին է դիտարկում (տե՛ս Ֆինդլեյն ընդդեմ Միացյալ Թագավորության [Findlay v. the United Kingdom], 1997 թվականի փետրվարի 25, § 73, Վճիռների և որոշումների վերաբերյալ զեկույցներ 1997‑I, Բրուդնիկան և այլոք ընդդեմ Լեհաստանի [Brudnicka and Others v. Poland], թիվ 54723/00, § 38, ՄԻԵԴ 2005‑II)։
43.Այնուհետև Դատարանը նկատում է, որ գործադիր և դատական ճյուղերի միջև իշխանությունների բաժանման գաղափարն ավելի ու ավելի է կարևորվել Դատարանի նախադեպային իրավունքում (տե՛ս Սթաֆորդն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Stafford v. the United Kingdom [GC]], թիվ 46295/99, § 78, ՄԻԵԴ 2002‑IV և Օլեքսանդր Վոլկովը՝ վերևում հիշատակված, § 103)։
44.Դատարանն էական է համարում, որ այն ժամանակ, երբ դիմումատուի գործն ուսումնասիրվել է Արդարադատության խորհրդի կողմից, այն նախագահում էին գործադիր իշխանության ներկայացուցիչները։ Համապատասխանաբար, Արդարադատության խորհուրդն ուսումնասիրվող ժամանակահատվածում առկա կազմով չի կարող դիտարկվել որպես անկախ և անկողմնակալ տրիբունալ, որը կարող է ապահովել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդարության պահանջը բավարարվի։ Հետևաբար, դիմումատուն պետք է ունենար 6-րդ հոդվածի պահանջները բավարարող դատական մարմնի կողմից Արդարադատության խորհրդի առաջարկով Նախագահի կայացրած որոշման հետագա վերահսկողության հնարավորություն։
45.Դատարանը կրկին նշում է, որ «դատարան դիմելու իրավունքը», որի մի հայեցակետը մատչելիության իրավունքն է, բացարձակ չէ. այն ենթակա է հետևանքներով պայմանավորված սահմանափակումների, քանի որ իր իսկ բնույթով այն պահանջում է կարգավորում Պետության կողմից, որն այս առումով ունի հայեցողական լիազորությունների որոշակի շրջանակ։ Այնուամենայնիվ, կիրառվող սահմանափակումները չպետք է անձի համար մատչելիությունը սահմանափակեն կամ նվազեցնեն այնպես կամ այն չափով, որ խեղաթյուրվի իրավունքի բուն էությունը, և վերջում. այդ սահմանափակումները համատեղելի չեն լինի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե դրանք չհետապնդեն իրավաչափ նպատակ կամ կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև չլինի ողջամիտ համամասնական հարաբերակցություն (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Լեվաժ պրեստասիոն սերվիսն ընդդեմ Ֆրանսիայի [Levages Prestations Services v. France], 1996 թվականի հոկտեմբերի 23, § 40, Վճիռների և որոշումների վերաբերյալ զեկույցներ 1996‑V, որտեղ մեջբերվում են Աշինգդանեն ընդդեմ Միացյալ Թագավորության [Ashingdane v. the United Kingdom], 1985 թվականի մայիսի 28, § 57, Շարք Ա թիվ 93, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության [Tolstoy Miloslavsky v. the United Kingdom], 1995 թվականի հուլիսի 13, § 59, Շարք Ա թիվ 316‑Բ և Ստանևն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Stanev v. Bulgaria [GC]], թիվ 36760/06, § 230, ՄԻԵԴ 2012)։
46.Դատարանը նկատում է, որ դիմումատուն չի կարողացել ներպետական դատարաններում վիճարկել Արդարադատության խորհրդի առաջարկի հիման վրա ընդունված՝ իրեն դատական համակարգում իր պաշտոնից ազատելու մասին Նախագահի 2004 թվականի ապրիլի 30-ի հրամանագրի օրինականությունը։ Այնուհետև այն նկատում է, որ, չնայած անհատներն ունեին պետական մարմինների անօրինական ակտերն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավունք՝ Քաղաքացիական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի և Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, սովորական դատարանների կողմից Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը մեկնաբանվելու և կիրառվելու ձևի պատճառով նրանց գործելակերպն էր Սահմանադրության 100-րդ հոդվածում և Քաղաքացիական օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում նշված որոշակի պետական մարմինների և պաշտոնատար անձանց ակտերի, այդ թվում՝ Նախագահի հրամանագրերի դեմ ներկայացված հայցերը չուսումնասիրելը։
47.Ուսումնասիրվող ժամանակահատվածում ընդունված այդ ընդհանուր գործելակերպին համապատասխան՝ դատարանները հրաժարվել էին Նախագահի 2004 թվականի ապրիլի 30-ի հրամանագրի դեմ դիմումատուի հայցն ուսումնասիրելուց՝ չնայած այն փաստին, որ նա ցանկանում էր վիճարկել դրա օրինականությունը, այլ ոչ թե դրա համապատասխանությունը Սահմանադրությանը, որը որոշելը Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասության շրջանակում էր, որի մատչելիության իրավունքը դիմումատուն ցանկացած դեպքում չուներ։
48.Այսպիսի հանգամանքներում և հաշվի առնելով ուսումնասիրվող ժամանակահատվածում անհատների համար Սահմանադրական դատարանի մատչելիության բացակայությունը՝ դիմումատուի համար ընդհանրապես մերժվել է նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ Նախագահի հրամանագիրը վիճարկելու նպատակով որևէ դատարանի կամ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները բավարարող որևէ այլ իրավասու մարմնի մատչելիությունը։
49.Դատարանը վերջապես նկատում է, որ Սահմանադրական դատարանը, 2006 թվականի նոյեմբերի 16-ի իր որոշմամբ, գտել է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը հակասահմանադրական է, քանի որ, դատարանների կողմից այն մեկնաբանվելու և կիրառվելու ձևի պատճառով, այն է՝ դրան հղում կատարելով՝ ընդհանուր իրավասության դատարանները սիստեմատիկորեն հրաժարվել են որոշակի պետական մարմինների և պաշտոնատար անձանց ակտերի օրինականությունը վերանայելուց, այդ դրույթը վտանգում էր, inter alia, անհատի՝ դատական պաշտպանության իրավունքի իրականացումը։ Այս փաստը, սակայն, որևէ նշանակություն չունի սույն գործի համար։
50.Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Դատարանը գտնում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության կիրառմամբ սույն գործով սահմանված սահմանափակումը՝ դիմումատուին պաշտոնից ազատելու վերաբերյալ Նախագահի հրամանագրի ցանկացած դատական վերանայման հնարավորությունը սահմանափակելու առումով, խեղաթյուրել է նրա՝ «դատարան դիմելու իրավունքի» բուն էությունը։ Հաշվի առնելով այս եզրահանգումը՝ Դատարանն անհրաժեշտ չի համարում ուսումնասիրել՝ արդյոք դիմումատուի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը հետապնդել է իրավաչափ նպատակ, և արդյոք դա համաչափ է եղել ցանկացած այդպիսի նպատակի։
51.Համապատասխանաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
II.ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
52.Ի վերջո, դիմումատուն մի շարք այլ բողոքներ է ներկայացրել՝ համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի։
53.Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը և այնքանով, որքանով այդ բողոքները գտնվում են իր իրավասության շրջանակներում, Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով կամ դրա արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների որևէ առերևույթ խախտում։ Այդպիսով գանգատի այս մասը պետք է մերժվի ակնհայտորեն անհիմն լինելու պատճառով՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի։
III.ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
54.Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»։
Ա.Վնասը
55.Նյութական վնասի առումով դիմումատուն պահանջել է եկամտի կորստի հատուցում, որը կազմել է 25 184 000 ՀՀ դրամ (մոտավորապես 43 760 եվրո)՝ ներառյալ դատավորի աշխատավարձը, հավելավճարը և հավելումը լեռնային գոտում աշխատելու համար։ Նա նաև պահանջել է հատուցում այն սթրեսի և տառապանքի համար, որը կրել է դատական համակարգում աշխատանքից նրա անսպասելի ազատման պատճառով, ինչը խիստ վնաս է հասցրել նրա համբավին և հանգեցրել նրա առողջության վատթարացմանը։ Ոչ նյութական վնասի հատուցման չափի որոշումը դիմումատուն թողել է Դատարանի հայեցողությանը։
56.Կառավարությունը հայտնել է, որ ենթադրյալ խախտման և նշվող նյութական ու ոչ նյութական վնասի միջև որևէ պատճառահետևանքային կապ չկա:
57.Դատարանը չի տեսնում որևէ պատճառահետևանքային կապ դատարանի մատչելիության բացակայության վերաբերյալ հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև: Հետևաբար, առկա չէ որևէ հիմնավորում սույն մասով որևէ հատուցում տրամադրելու համար: Դատարանն ընդունում է, որ դիմումատուն կրել է այնպիսի ոչ նյութական վնասներ, ինչպիսիք են սթրեսը և հուսախաբությունը, որոնք առաջացել են նրա՝ պաշտոնից ազատման օրինականությունը վիճարկելու անկարողությունից, և որը բավարար կերպով չի փոխհատուցվում Կոնվենցիայի խախտման հայտնաբերմամբ: Կատարելով իր գնահատումն արդարացի հիմունքներով՝ Դատարանը դիմումատուին հատկացնում է 3 600 եվրո սույն մասի հիման վրա:
Բ.Ծախսերը և ծախքերը
58.Դիմումատուն պահանջել է նաև 1 260 400 ՀՀ դրամ (2 350 եվրո՝ դիմումատուի և նրա ներկայացուցչի միջև պայմանագիր կնքելու ժամանակ)՝ որպես Դատարանում կրած իրավական ծախսերի փոխհատուցում։ Դիմումատուն ներկայացրել է իրավաբանական ծառայությունների մատուցման մասին պայմանագիր, որով նա պարտավորվում էր վճարել այս գումարը միայն այն դեպքում, եթե Դատարանը որոշում կայացներ իր օգտին և որպես արդարացի փոխհատուցում գումար հատկացներ իրեն։ Նա նաև տրամադրել է Դատարան ներկայացրած իր գանգատի առնչությամբ իր ներկայացուցչի կողմից մատուցված իրավաբանական ծառայությունների մանրամասն ժամանակացույց։
59.Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն դեռևս որևէ գումար չի վճարել իր իրավաբանին և, ըստ այդմ, ներկայացված ծախսերը չեն կարող համարվել փաստացի կրած։ Այնուհետև այն պնդել է, որ դիմումատուի կողմից ներկայացված ծախսերը ողջամիտ չեն իրենց չափով։
60.Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն իրավունք ունի ստանալու ծախսերի ու ծախքերի փոխհատուցում միայն այն դեպքում, երբ ցույց է տրվում, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և ողջամիտ են իրենց չափով։
61.Դատարանը նկատում է, որ դիմումատուն այնպիսի պայմանագիր է կնքել իր ներկայացուցչի հետ վերջինիս վարձատրության վերաբերյալ, որը համեմատելի է պայմանական վարձատրության մասին պայմանագրի հետ, որով իրավաբանի վստահորդը համաձայնում է նրան որպես վարձատրություն վճարել որոշակի տոկոս այն գումարից, որը դատարանը հատկացնում է հայցվորին, եթե այն հատկացնում է այդպիսի գումար։ Եթե այդ պայմանագրերն ունեն իրավաբանական ուժ, ապա դրանցով կարող է ցույց տրվել, որ պահանջվող գումարները փաստացիորեն ենթակա են վճարման դիմումատուի կողմից (տե՛ս Իատրիդիսն ընդդեմ Հունաստանի (արդարացի փոխհատուցում) [ՄՊ] [Iatridis v. Greece (just satisfaction) [GC]], թիվ 31107/96, § 55, ՄԻԵԴ 2000‑XI; և Կամասինսկին ընդդեմ Ավստրիայի [Kamasinski v. Austria], 1989 թվականի դեկտեմբերի 19, § 115, Շարք Ա թիվ 168)։
62.Սույն գործով դիմումատուն համաձայնել է իր ներկայացուցչին վճարել 1 260 400 ՀՀ դրամ, եթե Դատարանը խախտում գտնի և որոշի արդարացի փոխհատուցում տրամադրել նրան։ Դատարանը նկատում է, որ պայմանական վարձատրության մասին պայմանագրերն ունեն իրավաբանական ուժ հայկական օրենքով։ Մասնավորապես, «Փաստաբանության մասին» օրենքով սահմանված չէ որևէ սահմանափակում փաստաբանի և նրա վստահորդի միջև կնքվող պայմանագրի տեսակի վերաբերյալ, իսկ այդպիսի պայմանագրերը կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր դրույթներով, որտեղ նշվում է, որ քաղաքացիական իրավունքը, inter alia, հիմնված է պայմանագրի ազատության սկզբունքի վրա (տե՛ս վերևում՝ 19-րդ և 24-րդ պարբերությունները)։ Ուստի, Դատարանը ճանաչում է դիմումատուի և նրա ներկայացուցիչ պրն Ղազարյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության օրինականությունը (ի հակադրություն Դադջեոնն ընդդեմ Միացյալ Թագավորության [Dudgeon v. the United Kingdom] (50-րդ հոդված), 1983 թվականի փետրվարի 24, § 22, Շարք Ա թիվ 59)։
63.Վերոնշյալի լույսի ներքո Դատարանը գտնում է, որ Դատարանում կրած իրավական ծախսերն անհրաժեշտ էին հայտնաբերված խախտման համար փոխհատուցում ստանալու նպատակով։ Սակայն, Դատարանը կրկին նշում է, որ իրավական ծախսերը փոխհատուցվում են միայն այնքանով, որքանով դրանք առնչվում են հայտնաբերված խախտմանը (տե՛ս Բեյելերն ընդդեմ Իտալիայի (արդարացի փոխհատուցում) [ՄՊ] [Beyeler v. Italy (just satisfaction) [GC]], թիվ 33202/96, § 27, 2002 թվականի մայիսի 28)։ Դատարանը նկատում է, որ սույն գործով 6-րդ հոդվածի խախտում հայտնաբերվել է միայն մի մասով, այն է՝ դատարանի մատչելիության բացակայության առումով, մինչդեռ բոլոր գրավոր հիմնավորումները՝ ներառյալ նախնական գանգատը և հետագա դիտարկումները, վերաբերում էին բազմաթիվ այլ բողոքների՝ Կոնվենցիայի միևնույն հոդվածի, ինչպես նաև 13-րդ հոդվածի համաձայն։ Ուստի, դիմումատուի կողմից պահանջվող իրավական ծախսերը չեն կարող ամբողջությամբ փոխհատուցվել, քանի որ Դատարանը մասնակիորեն մերժել է դիմումատուի բողոքները։ Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերոնշյալ չափանիշները՝ Դատարանը ողջամիտ է համարում հատկացնել 1 300 եվրո գումար՝ սույն մասով նախատեսված ծախսերը ծածկելու համար։
Գ.Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
64.Դատարանը պատշաճ է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ փոխառության առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային միավոր։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ՝ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1.Հայտարարում է, որ դատարանի մատչելիության բացակայության վերաբերյալ բողոքն ընդունելի է, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.
2.Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.
3.Վճռում է, որ
ա)պատասխանող Պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն վճիռը վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում դիմումատուին պետք է վճարի հետևյալ գումարները ՀՀ դրամով՝ վճարման օրվա փոխարժեքով.
(i)3 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ՝ ոչ նյութական վնասի մասով,
(ii)1 300 եվրո (հազար երեք հարյուր եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ՝ ծախսերի և ծախքերի մասով.
բ)վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պարզ տոկոսադրույք պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ փոխառության համար առավելագույն տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային միավոր.
4.Մերժում է արդարացի փոխհատուցման համար դիմումատուի պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2015 թվականի հոկտեմբերի 20-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Ստեֆեն Ֆիլիպս
Քարտուղար
Լուիս Լոպես Գեռա
Նախագահ
Full & Egal Universal Law Academy