© Սույն տեքստը և այն վերահրապարակելու թույլտվությունը տրամադրվել է «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ Դատարանի տվյալների բազա HUDOC-ում ընդգրկելու համար: [Թարգմանությունն արդեն իսկ հրապարակվել է www.echr.am կայքում]
© The present text and the authorisation to republish it were granted by the “Translation Center of the Ministry of Justice of the Republic of Armenia” SNCO for the purpose of its inclusion in the Court’s database HUDOC. [Translation already published in www.echr.am]
© La traduction et l’autorisation de republier ont été accordées par la “Centre de Traduction du Ministère de la Justice d’Armènie” SNCO à son inclusion dans la base de données HUDOC de la Cour. [La traduction déjà publiée sur www.echr.am]
ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՍԱՂԱԹԵԼՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 31155/13)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
8 հոկտեմբերի 2020թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Քրշիշթոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek]՝ Նախագահ,
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan]՝ դատավորներ,
եւ Լիվ Տիգերշտետ [Liv Tigerstedt]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2020 թվականի սեպտեմբերի 17-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետեւյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1.Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2013 թվականի ապրիլի 23-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:
2.Դիմումատուին ներկայացրել է պրակտիկ գործունեությամբ չզբաղվող իրավաբան տկն Մ. Բաղդասարյանը։
3.Հայաստանի կառավարությունը (Կառավարություն) ծանուցվել է գանգատի մասին:
ՓԱՍՏԵՐԸ
4.Դիմումատուի տվյալներն ու գանգատին վերաբերող տեղեկությունները ներկայացված են կից աղյուսակում:
5.Դիմումատուն բողոք է ներկայացրել քրեական գործով վարույթի չափազանց երկար տեւողության առնչությամբ։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I.ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
6.Դիմումատուն բողոքել է, որ տվյալ քրեական գործով վարույթի տեւողությունը չի համապատասխանել «ողջամիտ ժամկետի» պահանջին։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վրա՝ համաձայն որի.
6-րդ հոդվածի 1-ին կետ
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են ... իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի ... տրիբունալի կողմից ողջամիտ ժամկետում ... լսումների իրավունք...»։
7.Կառավարությունը նշել է, որ դիմումատուն վերջնական որոշումը կայացնելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, Դատարան չի դիմել։ Մասնավորապես, դիմումատուն պետք է Դատարան դիմեր կա՛մ 2012 թվականի ապրիլի 6-ից՝ նրա նկատմամբ մեղադրանքից հրաժարվելու մասին դատախազի որոշման ամսաթվից, կա՛մ 2012 թվականի մայիսի 17-ից՝ նրան արդարացնելու մասին Մարզային դատարանի որոշման ամսաթվից հետո՝ վեց ամսվա ընթացքում:
8.Դիմումատուն պնդել է, որ իր գործով վարույթն ավարտվել է Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 24-ին կայացրած վերջնական որոշմամբ, որով անփոփոխ է թողնվել Մարզային դատարանի 2012 թվականի մայիսի 17-ի որոշումը:
9.Դատարանը նկատում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով ներպետական վերջնական որոշումը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 24-ի որոշումն է, որով Մարզային դատարանի կողմից դիմումատուին արդարացնելը հաստատվել է վերջին ատյանում։ Հետեւաբար դիմումատուն, իր գանգատը ներկայացնելով 2013 թվականի ապրիլի 23-ին, պահպանել է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վեցամսյա ժամկետը:
10.Հետեւաբար Դատարանը մերժում է այս առնչությամբ Կառավարության առարկությունը:
11.Դատարանը կրկին նշում է, որ վարույթի տեւողության ողջամտությունը պետք է գնահատվի՝ ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից եւ հաշվի առնելով հետեւյալ չափորոշիչները՝ գործի բարդությունը, դիմումատուի եւ համապատասխան մարմինների վարքագիծը, եւ այն, թե վեճի մեջ դիմումատուի համար որն է եղել խնդրո առարկան (տե՛ս, ի թիվս մի շարք այլ վճիռների, Պելիսիեն եւ Սասին ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Pélissier and Sassi v. France [GC]], թիվ 25444/94, § 67, ՄԻԵԴ 1999-II)։
12.Դատարանը Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի [Grigoryan v. Armenia] (թիվ 3627/06, 2012 թվականի հուլիսի 10) նախադեպային գործում արդեն հայտնաբերել է խախտում այն հարցերի առնչությամբ, որոնք համանման են սույն գործում բարձրացված հարցերին։
13.Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, ազգային մակարդակով վարույթի ամբողջ տեւողությունը հիմնավորող որեւէ փաստ կամ փաստարկ չի գտել։ Հաշվի առնելով քննվող հարցի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ տվյալ գործում վարույթի տեւողությունը չափազանց երկար է եղել եւ չի բավարարել «ողջամիտ ժամկետի» պահանջը։
14.Հետեւաբար այս բողոքներն ընդունելի են եւ բացահայտում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
II.ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
15.Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»։
16.Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը եւ իր նախադեպային իրավունքը (տե՛ս, մասնավորապես, Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի [Grigoryan v. Armenia], թիվ 3627/06, § 135, 2012 թվականի հուլիսի 10)՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։ Այն մերժում է դիմումատուի կողմից ներկայացված արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
17.Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1.Հայտարարում է գանգատն ընդունելի.
2.Վճռում է, որ քրեական գործով վարույթի տեւողության չափազանց երկար լինելու առնչությամբ հայտնաբերվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.
3.Վճռում է, որ՝
ա)պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի կից աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
բ)վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4.Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ եւ 3-րդ կետերի։
Լիվ Տիգերշտետ
Քրշիշթոֆ Վոյտիչեկ
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար
Նախագահ
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատ
(քրեական գործով վարույթի չափազանց երկար տեւողություն)
Գանգատ թիվ
Ներկայացման ամսաթիվը
Դիմումատուի անունը
Ծննդյան ամսաթիվը
Ներկայացուցչի անունն ու գտնվելու վայրը
Վարույթն սկսելու ամսաթիվը
Վարույթն ավարտելու ամսաթիվը
Ընդհանուր տեւողությունը
Ատյանների մակարդակը
Յուրաքանչյուր դիմումատուին ոչ նյութական վնասի համար շնորհվող գումարը
(եվրոյով)[1]
Յուրաքանչյուր գանգատի մասով ծախսերի եւ ծախքերի համար շնորհվող գումարը
(եվրոյով)[2]
31155/13
23.04.2013թ.
Անահիտ Սաղաթելյան
10.06.1959թ.
Բաղդասարյան Մերի
Երեւան
01.03.2000թ
24.10.2012թ.
12 տարի, 7 ամիս եւ 24 օր
3 ատյանների մակարդակ
4 200
800
[1] Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
[2] Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
Full & Egal Universal Law Academy