ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատներ թիվ 35204/23 եւ 36683/23)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
12 մարտի 2026թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Սարգսյանը եւ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով`
Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,
Դիանա Սարկու [Diana Sârcu],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,
եւ Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2026 թվականի փետրվարի 19-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետեւյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի Հանրապետության` կից աղյուսակում նշված տարբեր ամսաթվերի Դատարան ներկայացված գանգատների հիման վրա։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցվել են գանգատների մասին։
ՓԱՍՏԵՐԸ
3. Դիմումատուների ցանկը եւ գանգատների համապատասխան մանրամասները ներկայացված են կից աղյուսակում։
4. Դիմումատուները բողոք են ներկայացրել կալանավորման համար համապատասխան եւ բավարար պատճառների բացակայության վերաբերյալ։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
5. Հաշվի առնելով գանգատների առարկաների նույնաբովանդակությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ մեկ վճռում։
II. Կոնվենցիայի 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
6. Դիմումատուները բողոքել են կալանավորման համար համապատասխան եւ բավարար պատճառների բացակայության մասով։ Նրանք հստակորեն կամ ըստ էության հիմնվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վրա։
7. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան իր հաստատված նախադեպային իրավունքի համաձայն` հիմնավոր կասկածի շարունակական առկայությունն առ այն, որ ձերբակալված անձը կատարել է հանցագործություն, շարունակական կալանքի իրավաչափության համար sine qua non (պարտադիր պայման) է, սակայն որոշ ժամանակ անց այն դառնում է ոչ բավարար: Այդպիսի դեպքերում Դատարանը պետք է պարզի՝ արդյոք դատական մարմինների կողմից ներկայացված այլ հիմքերով շարունակվում է արդարացված լինել ազատությունից զրկելը: Եթե նման հիմքերը «հիմնավոր» եւ «բավարար» են, ապա Դատարանը պետք է նաեւ պարզի՝ արդյոք վարույթն իրականացնելիս իրավասու ազգային մարմինները դրսեւորել են «պատշաճ ջանասիրություն»։ Դատարանը նաեւ վճռել է, որ կալանքի ցանկացած ժամկետի մասով հիմնավորումը, անկախ դրա կարճատեւ լինելուց, պետք է համոզիչ ձեւով ներկայացվի մարմինների կողմից: Անձին ազատ արձակելու կամ կալանավորելու մասին որոշում կայացնելիս մարմինները պարտավոր են դիտարկել այլընտրանքային միջոցներ՝ դատաքննությանը նրա ներկայությունն ապահովելու համար։ Ողջամիտ կասկածի առկայությունից բացի՝ դատական իշխանություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կալանավորման համար «հիմնավոր» եւ «բավարար» պատճառներ ներկայացնելու պահանջն արդեն իսկ կիրառվում է նախնական կալանք նշանակելու մասին առաջին որոշումը կայացնելու ժամանակ, այսինքն՝ ձերբակալելուց «անմիջապես» հետո (տե՛ս ի թիվս այլ վճիռների, Բուզաջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [ՄՊ] [Buzadji v. the Republic of Moldova [GC]], թիվ 23755/07, §§ 87 եւ 102, 2016 թվականի հուլիսի 5):
8. Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի հիմնական գործում ([Ara Harutyunyan v. Armenia] թիվ 629/11, § 48 եւ հաջորդող կետեր, 2016 թվականի հոկտեմբերի 20) Դատարանն արդեն հայտնաբերել է խախտում սույն գործում առկա նմանատիպ հարցերի առնչությամբ:
9. Ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը՝ Դատարանը չի հայտնաբերել սույն բողոքների ընդունելիության եւ էության վերաբերյալ այլ եզրահանգում կատարելու համար որեւէ համոզիչ փաստ կամ փաստարկ։ Հաշվի առնելով այս հարցի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը գտնում է, որ ներկայիս գործում ներպետական դատարանները դիմումատուների մինչդատական կալանքի համար չեն ներկայացրել հիմնավոր եւ բավարար պատճառներ։
10. Հետեւաբար սույն բողոքներն ընդունելի են եւ բացահայտում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
11. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը եւ Դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես վերեւում հիշատակված՝ Արա Հարությունյանի գործը, § 66)՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները.
2. Հայտարարում է գանգատներն ընդունելի.
3. Վճռում է, որ սույն բողոքներով բացահայտվում է Կոնվենցիայի՝ կալանավորման համար հիմնավոր եւ բավարար պատճառների բացակայության վերաբերյալ 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտումը.
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերոնշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2026 թվականի մարտի 12-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ եւ 3-րդ կետերի։
Վիկտորիա Մարադուդինա՝
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար
Անդրեաս Զունդ՝
Նախագահ
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատների ցանկ (կալանավորման համար հիմնավոր եւ բավարար պատճառների բացակայություն)
Թիվ
Գանգատ թիվ
Ներկայացման ամսաթիվը
Դիմումատուի անունը
Ծննդյան տարեթիվը
Ներկայացուցչի անունը եւ գտնվելու վայրը
Կալանքի ժամկետը
Դատարանը, որը կայացրել է կալանավորման մասին որոշում/քննել է բողոքը
Հատուկ թերությունները
Դիմումատուներից յուրաքանչյուրին ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը
(եվրոյով)[1]
Յուրաքանչյուր գանգատի դիմաց ծախսերի եւ ծախքերի համար շնորհվող գումարը
(եվրոյով)[2]
1.
35204/23
12/09/2023
Վլադիմիր ՍԱՐԳՍՅԱՆ
1981
Ալումյան Հայկ
Երեւան
01/03/2023-01/07/2023
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան Վերաքննիչ քրեական դատարան
դատարանների կողմից կիրառված պատճառների ոչ ծանրակշիռ բնույթը
2,000
250
2.
36683/23
15/09/2023
Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
1997
Թեւանյան Արմեն
Երեւան
25/05/2023-25/07/2023
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան
Վերաքննիչ քրեական դատարան
դատարանների կողմից բերված պատճառների ոչ ծանրակշիռ բնույթը
2,000
250
[1] Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած տեսակի հարկ։
[2] Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած տեսակի հարկ։