© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
S.A.S.-Ն ԸՆԴԴԵՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ
(Գանգատ թիվ 43835/11)
ՎՃԻՌ
(Հատվածներ)
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
1 հուլիս 2014թ.
Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
S.A.S.-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը, հետևյալ կազմով`
Dean Spielmann-ը, Նախագահ,
Josep Casadevall-ը,
Guido Raimondi-ն,
Ineta Ziemele-ն,
Mark Villiger-ը,
Boštjan M. Zupančič-ը,
Elisabeth Steiner-ը,
Khanlar Hajiyev-ը,
Mirjana Lazarova Trajkovska-ն,
Ledi Bianku-ն,
Ganna Yudkivska-ն,
Angelika Nußberger-ը,
Erik Møse-ն,
André Potocki-ն,
Paul Lemmens-ը,
Helena Jäderblom-ը,
Aleš Pejchal-ը, դատավորներ,
և Erik Fribergh-ը, Պալատի քարտուղար,
2013թ. նոյեմբերի 27-ին և 2014թ. հունիսի 5-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց 2014թ. հունիսի 5-ին:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Վարույթը հարուցվել է 2011թ. ապրիլի 11-ին «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Ֆրանսիայի քաղաքացու («դիմումատու») կողմից ընդդեմ Ֆրանսիայի Հանրապետության բերված գանգատի (թիվ 43835/11) հիման վրա: Հինգերորդ Բաժանմունքի նախագահը, այնուհետև` Մեծ Պալատի նախագահը բավարարել են դիմումատուի` իր անունը չբացահայտելու վերաբերյալ խնդրանքը (Դատարանի Կանոնակարգի 47-րդ կանոնի 3-րդ կետ):
2. Դիմումատուին ներկայացրել են Բիրմինհեմում գործող հավատարմատար պրն. Sanjeev Sharma-ն, Բիրմինհեմում գործող փաստաբաններ պրն. Ramby de Mello-ն և պրն. Tony Muman-ը, ինչպես նաև՝ Լոնդոնում գործող փաստաբան պրն. Satvincer Singh Juss-ը:
Ֆրանսիայի կառավարությանը («Կառավարություն») սկզբում ներկայացնում էր պետության լիազոր ներկայացուցիչ, Արտաքին գործերի նախարարության իրավաբանական բաժնի ղեկավար տկն. Edwige Belliard-ը, իսկ 2014թ. մայիս ամսից` պրն. François Alabrune-ն:
3. Դիմումատուն պնդում էր, որ 2010թ. հոկտեմբերի 11-ի թիվ 2010-1192 օրենքով ներկայացված հասարակական վայրերում երեսը քողարկող հագուստ կրելու արգելքը վերջինիս զրկել է հանրության մեջ երեսքողով շրջելու հնարավորությունից: Նա պնդում էր, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների խախտում՝ ինչպես առանձին վերցրած, այնպես էլ՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ համակցությամբ:
4. Դիմումատուի գործը հանձնարարվել է Դատարանի Հինգերորդ Բաժանմունքին (Կանոն 52 § 1): 2012թ. փետրվարի 1-ին գանգատն ուղարկվել է Կառավարությանը:
5. 2013թ. մայիսի 28-ին Հինգերորդ Բաժանմունքի Պալատը, հետևյալ կազմով` Mark Villiger-ը, որպես Նախագահ, Angelika Nußberger-ը, Boštjan M. Zupančič-ը, Ganna Yudkivska-ն, André Potocki-ն, Paul Lemmens-ը և Aleš Pejchal-ը, որպես դատավորներ, և Claudia Westerdiek-ը, որպես Բաժանմունքի քարտուղար, ընդդատությունը զիջեց Մեծ Պալատին, ինչին կողմերից ոչ մեկը չառարկեց (Կոնվենցիայի 30-րդ հոդված և 72-րդ կանոն):
6. Մեծ Պալատի կազմն որոշվեց Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի և Դատարանի Կանոնակարգի 24-րդ կանոնի համաձայն:
7. Դիմումատուն և Կառավարությունը գործի ըստ էության և ընդունելիության վերաբերյալ երկուստեք ներկայացրեցել են գրավոր առարկություններ:
8. Ի լրումն, ներկայացվել են նաև Դատարանի նախագահի կողմից որպես երրորդ կողմ հրավիրված ոչ կառավարական կազմակերպությունների (Միջազգային Համաներում (Amnesty International), Ազատություն (Liberty), Բաց հասարակության իրավական նախաձեռնություն (Open Society Justice Initiative) և ՀՈԴՎԱԾ 19 (ARTICLE 19)` Գենտի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնի (Human Rights Centre of Ghent University) և Բելգիայի կառավարության հետ համատեղ) գրավոր դիտողությունները (Կոնվենցիայի հոդված 36 § 2 և Կանոն 44 § 3): Բելգիայի կառավարությանը նաև հրավիրել են մասնակցելու լսումներին:
9. 2013թ. նոյեմբերի 27-ին Ստրասբուրգում, Մարդու Իրավունքների Դատարանի շենքում տեղի է ունեցել հրապարակային նիստը (Կանոն 59 § 3):
Դատարանում ներկայացել են`
(ա) Կառավարության անունից`
տկն. Edwige Belliard-ը, Արտաքին գործերի նախարարության իրավաբանական բաժնի ղեկավարը, Կառավարության լիազոր ներկայացուցիչ,
տկն. Nathalie Ancel-ը, Արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների բաժնի ղեկավար, Կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ,
պրն. Sylvain Fournel-ը, Արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների բաժնի օրինագծեր կազմող աշխատակից,
պրն. Rodolphe Feral-ը, Արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների բաժնի օրինագծեր կազմող աշխատակից,
տկն. Patricia Rouault-Chalier-ը, Արդարադատության նախարարության Իրավաբանական և դատական գործերի ընդհանուր բաժնի ղեկավար,
պրն. Eric Dumand-ը, Ներքին գործերի նախարարության Եվրոպական, միջազգային և ինստիտուցիոնալ իրավունքի և դատական գործերի վարչության ղեկավար, խորհրդականներ,
(բ) դիմումատուի անունից`
պրն. Ramby De Mello-ն,
պրն. Tony Muman-ը,
պրն. Satvinder Singh Juss-ը, փաստաբան,
պրն. Eirik Bjorge-ն,
տկն. Anastasia Vakulenko-ն,
տկն. Stephanie Berry-ն, խորհրդականներ,
(գ) Բելգիայի կառավարության անունից`
տկն. I. Niedlispacher-ը, Կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ:
Դատարանը լսել է տկն. Belliard-ի, պրն. de Mello-ի և պրն. Muman-ի և տկն. Niedlispacher-ի դիրքորոշումները, ինչպես նաև՝ տկն. Belliard-ի և պրն. de Mello-ի պատասխանները դատավորների կողմից արված հարցադրումներին:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
10. Դիմումատուն Ֆրանսիայի քաղաքացի է, ով ծնվել է 1990թ. և ապրում է Ֆրանսիայում:
11. Ըստ դիմումատուի` նա բարեպաշտ մահմեդական է, ով, իր հավատքից, մշակույթի և սեփական համոզմունքներից ելնելով, կրում է բուրքա և նիկաբ: Դիմումատուի կողմից տրված բացատրության համաձայն` բուրքան ամբողջ մարմինը քողարկող մի ծածկոց է, որը ներառում է երեսը փակող ցանց, իսկ նիկաբը փակ երեսքող է` միայն աչքերի համար բացվածքով: Դիմումատուն ընդգծել է, որ ո՛չ ամուսինը և ո՛չ էլ ընտանիքի որևէ այլ անդամ նրա նկատմամբ ճնշում չի գործադրել՝ պարտադրելով կրել այդպիսի հագուստ:
12. Դիմումատուն նշել է նաև, որ նա նիկաբ էր կրում ինչպես հասարակական վայրերում, այնպես էլ առանձնացած, որը սակայն կանոնավոր բնույթ չէր կրում: Դիմումատուն կարող էր այն չկրել, օրինակ՝ բժշկին այցելության գնալիս, հասարակական վայրում ընկերներին հանդիպելիս, կամ երբ հրապարակավ շփվելու ցանկություն ուներ: Ուստի, նա բավարարված էր, որ հասարակական վայրերում կարող էր նիկաբը մշտապես չկրել, սակայն գերադասում էր ընտրելու հրանավորություն ունենալ այն կրելու օգտին՝ ելնելով, մասնավորապես, հոգևոր համոզմունքներից: Որոշ դեպքերում (ինչպես օրինակ` Ռամադանի կամ այլ կրոնական տոնակատարությունների ժամանակ) նա հավատում էր, որ նիկաբը պետք է հարապարակավ կրել իր կրոնական, անձնական և մշակութային համոզմունքներն արտահայտելու նպատակով: Դրանով նա չէր փորձում այլոց վրդովմունքն առաջացնել, այլ այդպես էր վարվում միայն ներքին խաղաղություն զգալու նպատակով:
13. Դիմումատուն չէր պնդում, որ պետք է մնա նիկաբով բանկում կամ օդանավակայանում անվտանգության նպատակով ստուգման ենթարկվելու ժամանակ, և նա համաձայնել էր ցույց տալ իր երեսը, երբ դա պահանջվել է ինքնության ստուգման համար:
14. 2011թ. ապրիլի 11-ից սկսած՝ Ֆրանսիայի ողջ տարածքում ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 11-ին ընդունված թիվ 2010-1192 Օրենքը, որով ցանկացած անձի արգելվել է հասարակական վայրերում երեսը թաքցրած շրջելը:
...
ԻՐԱՎՈՒՆՔԸ
...
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ, 9-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐԱԲԱՐ ԽԱԽՏՈՒՄ՝ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՑ ԱՆՋԱՏ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՀԱՄԱԿՑՈՒԹՅԱՄԲ
74. Նույն նկատառումներով դիմումատուն բողոքում էր, որ տեղի է ունեցել իր անձնական կյանքը հարգելու իրավունքի, սեփական կրոնը կամ համոզմունքը դավանելու ազատության իրավունքի և արտահայտվելու ազատության իրավունքի նկատմամբ խախտում, որը զուգորդվել է այդ իրավունքների իրականացման ընթացքում խտրականության դրսևորումներով: Նա հիմնվում էր Կոնվենցիայի 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածների վրա՝ վերևում վկայակոչված 14-րդ հոդվածից անջատ և դրա հետ համակցությամբ: Առաջին երեք հոդվածների համաձայն՝
Հոդված 8
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
Հոդված 9
«1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն:
2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների»:
Հոդված 10
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին՝ սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:
...
Բ. Գործի ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
(ա) Դիմումատուն
76. Դիմումատուն նշել է, որ ինքը ծնվել է Պակիստանում և նրա ընտանիքը պահպանում է մահմեդականության սունի ճյուղի մշակութային ավանդույթները, համաձայն որոնց հասարակության մեջ կնոջ երեսին քող կրելը սովորութային բնույթ է կրում և արժանապատվության խնդիր է: Նա պնդում էր, որ տեղի է ունեցել 9-րդ հոդվածով երաշխավորված նրա իրավունքների նկատմամբ լուրջ միջամտություն, քանի որ 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքը, որի համաձայն մահմեդական կանանց արգելվում էր հասարակական վայրերում կրել նիկաբ, հանդիսանում էր իր հավատքը դավանելու, դրա կանոնների համաձայն ապրելու և այն հրապարակավ պահպանելու համար խոչընդոտ: Նա նշել է նաև, որ չնայած այն բանին, որ միջամտությունը «նախատեսված էր օրենքով», այն չէր հետապնդում այդ դրույթի երկրորդ պարբերության ներքո թվարկված իրավաչափ նպատակերից և ոչ մեկը, ուստի անհրաժեշտ չէր ժողովրդավարական հասարակությունում:
77. Դիմումատուն նախևառաջ նշել է, որ հնարավոր չէ պնդել, որ այդ միջամտությունը հետապնդել է «հասարակական անվտանգության» պաշտպանության իրավաչափ նպատակ, քանի որ հիշատակված միջոցը նախատեսված չէր լուծելու անվտանգության հետ կապված որոշակի խնդիրները բարձր ռիսկայնություն ունեցող այնպիսի վայրերում, ինչպիսիք են օդանավակայանները, ուստի, դա համընդհանուր բնույթի մի արգելք է, որը կիրառվում է գրեթե բոլոր հասարակական վայրերի նկատմամբ: Ինչ վերաբերում է Կառավարության այն փաստարկին, որ իրենք փորձել են դրանով ապահովել հարգանքը հասարակական կյանքին ներկայացվող նվազագույն պահանջների նկատմամբ, քանի որ հաղորդակցվելիս երկուստեք բաց երեսով ներկայանալը հիմնարար նշանակություն ուներ ֆրանսիական հասարակությունում, ապա դիմումատուն առարկել է դրան՝ նշելով, որ Կառավարությունը հաշվի չի առել փոքրամասնությունների մշակութային սովորույթները, որոնք պարտադիր չէ, որ ընդունեն այդ նույն փիլիսոփայությունը կամ հաշվի չի առել այն հանգամանքը, որ բացի տեսողականից գոյություն ունեն հաղորդակցման այլ միջոցներ, և որ բոլոր դեպքերում սա որևէ կապ չուներ անձանց նկատմամբ հասարակական վայրերում երեսին քող կրելն արգելելու նպատակով քրեական պատժամիջոց սահմանելու հետ: Բացի այդ, նա նշել է, որ Կառավարության պնդումն այն մասին, որ իբր կնոջ երեսը փակ հասարակության մեջ լինելը անհամատեղելի է գենդերային հավասարության սկզբունքի հետ, պարզունակ է թվում: Նա պնդում էր, որ համաձայն ընդունված ֆեմինիստական դիրքորոշման՝ երեսքող կրելը հաճախ խոսում է կնոջ էմանսիպացված, ինքնաhաստատված և հասարակությունում իր ուրույն տեղն ունենալու մասին, մինչդեռ իր պարագայում դա տղամարդկանց հաճոյանալու հարց չէր, այլ ինքնաբավարարված զգալու և ինքնագիտակցությունը բարձրացնելու համար էր արվում: Բացի այդ, չի կարելի պնդել այն կարծիքը, համաձայն որի երեսքող կրելու պատճառով կինը զրկվում է հասարակության մեջ որպես անհատականություն հանդես գալու իրավունքից այն պարագայում, երբ մեծ մասամբ երեսքողն ինքնակամ են կրում և առանց որևէ հոգևորսության դրդապատճառի: Նա հավելել է նաև, որ անդամ մյուս պետությունները, որոնք ունեն մեծաքանակ մահմադեկան բնակչություն, հասարակական վայրերում նիկաբ կրելը չեն արգելում: Դիմումատուն նաև զավեշտալի է համարում այն, որ գենդերային հավասարության վերացական գաղափարը կարող է հակասել խորը անհատական բնույթ ունեցող այն կանանց ընտրությանը, ովքեր որոշել են երեսքող կրել, և վիճարկում էր, որ իրավական պատժամիջոցների կիրառումը խորացրել է այն անհավասարությունը, որի վերացմանն այն ենթադրաբար ուղղված էր: Վերջապես, նա գտնում էր, որ պնդելով, որ այդ արգելքը հետապնդում էր «մարդու արժանապատվությունը հարգելու» իրավաչափ նպատակ, Կառավարությունը վերացական ենթադրության օգնությամբ հիմնավորում էր այդպիսի միջոցի գոյությունը, որը հիմնված էր կարծրատիպային և շովինիստական տրամաբանության վրա, համաձայն որոնց այն կանայք, ովքեր կրում են երեսքող, «դուրս մղված» են:
78. «Անհրաժեշտ» խորագրի ներքո, ինչպես պնդում է դիմումատուն, ներառված է այն գաղափարը, որ իրականում անկախ հասարակությունը այն հասարակությունն է, որը կարող է ընդգրկել համոզմունքների, նախասիրությունների, ձգտումների, սովորույթների ու վարքագծերի բազմազանություն, և որ պետությունը չպետք է որոշի կրոնական համոզմունքների հիմնավորվածությունը: Նա գտնում է, որ հրապարակավ նիկաբ կրելու արգելքը և նաև քրեական պատժամիջոցների ենթարկվելու վտանգը ներառում է ուղերձ, համաձայն որի այդ հավատքի հետևորդները պետք է դիտվեն որպես աղանդավոր, և այդպիսի համոզմունքներ ունեցող կանանց ետ է պահում հասարակական շփումներից: Նա նշել է, որ Մարդու իրավունքների կոմիտեն իր թիվ 28 Ընդհանուր մեկնաբանությունում գտել է, որ հագուստի նկատմամբ ցանկացած կանոնակարգում, որը կանայք հրապարակավ կարող են կրել, կարող է խախտել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ ունենալու սկզբունքը, և Raihon Hudoyberganova-ն ընդդեմ Ուզբեկիստանի (վերևում մեջբերված) գործով գտել է, որ կրոնը դավանելու անձի ազատությունն իր մեջ ներառում է հրապարակավ այնպիսի հագուստ կամ զգեստ կրելու իրավունք, որը համապատասխանում է անհատի հավատքին կամ կրոնին: Այնուհետև, նա նշել է, որ չնայած այն բանին, որ 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքն ընդունվել է գրեթե միաձայն, վերևում մեջբերված Dudgeon-ի, Norris-ի և Modinos-ի գործերը ցույց են տալիս, որ միջոցը կարող էր քաղաքական ընդարձակ օժանդակություն ստանալ, և միևնույն ժամանակ չլինել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»:
Բացի այդ, եթե նույնիսկ ենթադրենք, որ հետապնդվող նպատակները իրավաչափ էին, վիճարկվող արգելքը չէր կարող կատարել այդ պայմանը, որը կարող էր իրագործվել նվազ սահմանափակող միջոցի օգնությամբ: Ուստի, հասարակական անվտանգության հետ կապված հարցերը լուծելու համար բավարար կլիներ բարձր ռիսկայնություն ունեցող վայրերում անցկացնել ինքնության ստուգումներ, ինչպես որ դա արվել է Դատարանի կողմից քննված Phull-ն ընդդեմ Ֆրանսիայի ((որոշ.), թիվ 35753/03, ՄԻԵԴ 2005‑I) և El Morsli-ն ընդդեմ Ֆրանսիայի ((որոշ.), թիվ 15585/06, 4 մարտ 2008թ.) գործերով: Ինչ վերաբերում է մարդու արժանապատվությունը հարգելու երաշխավորման հարցին, ապա դեռևս անհրաժեշտ է հավասարակշռել մրցակցող շահերը. հանրության այն անդամների, որոնք բացասաբար են վերաբերվում երեսքող կրելուն, և այն կանանց խմբի միջև, որոնք, ինչպես և դիմումատուն, ստիպված են եղել ընտրել իրենց համոզմունքներին հակառակ գործելակերպ որդեգրելու, տանը մնալու կամ օրենքը խախտելու միջև: Վերջիններիս իրավունքները շատ ավելին լուրջ են տուժել, քան առաջինների իրավունքները: Դիմումատուն գտել է, որ եթե համարեին, ինչպես որ Կառավարությունն էր պնդում, որ անհրաժեշտ էր քրեականացնել ոչ միայն մեկ այլ անձին երեսքող կրելուն պարտադրելու արարքը, այլ նաև երեսքողն ինքնակամ կրելը այն հիմքերով, որ կայանք կարող են չցանկանալ այն անձանց քրեական հետապնդման պատճառ լինել, ովքեր ստիպել են իրենց դա անել, և այդ հարկադրանքը կարող է տարածված բնույթ ունենալ, ինչը նշանակում է անտեսել այն կանանց տեսակետը կամ շարժառիթը, ովքեր որոշել են փակել իրենց երեսները՝ հետևաբար, բացառելով համաչափության որևէ կերպ դիտարկում: Նման վերաբերմունքը ոչ միայն պատերնալիստական էր, այլ նաև խոսում է հենց նույն կանանց պատժելու մտադրության մասին, ովքեր, կարծես թե, պետք է պաշտպանված լինեին հայրապետական այդպիսի ճնշումներից: Վերջապես, դիմումատուն գտել է, որ տեղին չէ Կառավարության այն դիտողությունը, ըստ որի Ֆրանսիայում սեփական ցանկություններին համապատասխան հագնվելու ազատությունը մնում է ընդարձակ և որ այդպիսի արգելքը կիրառելի չէ պաշտամունքի վայրերի նկատմամբ, որոնք բաց են հանրության համար, նշելով, որ իր համոզմունքները հստակ պահանջում են փակել իր երեսը և որ ինքը պետք է հնարավորություն ունենա դավանել իր կրոնը հրապարակավ, այլ ոչ թե՝ միայն պաշտամունքի վայրերում:
79. Դիմումատուն գտնում է, որ այն փաստը, որ վերջինս 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքի ուժով զրկված է եղել հրապարակավ նիկաբ կրելու հնարավորությունից նաև հանգեցրել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված անձնական կյանքը հարգելու իրավունքի խախտման: Կա երեք պատճառ, որոնք ազդել են նրա անձնական կյանքի վրա: Առաջին՝ նիկաբ կրելու հնարավորությունը կազմում էր նրա սոցիալական և մշակութային ինքնության կարևոր մասը: Երկրորդ՝ ինչպես որ Դատարանը նշել է Von Hannover-ն ընդդեմ Գերմանիայի վճռում (թիվ 59320/00, §§ 50 և 69, ՄԻԵԴ 2004‑VI), գոյություն ունի անձի՝ այլոց հետ փոխազդեցության այնպիսի մի սահման, նույնիսկ հրապարակային համատեքստում, որը կարող է ընկնել անձնական կյանքի շրջանակի ներքո, և որ 8-րդ հոդվածով սահմանված անձնական կյանքի պաշտպանությունը տարածվում է ընտանեկան կյանքի սահմաններից դուրս ընկնող իրավունքների նկատմամբ և ընդգրկում նաև դրա սոցիալական կողմը: Երրորդ պատճառն այն էր, որ եթե նա նիկաբով դուրս գար տնից, նա, հավանաբար, կարժանանար թշնամական վերբերմունքի, ինչպես նաև կարող էր ենթարկվել քրեական պատասխանատվության: Ուստի, հարկադրված լինելով տնից դուրս գալուց առաջ երեսքողը հանել և հնարավորություն ունենալով այն կրել միայն տան պայմաններում՝ «ինչպես մի կանալավոր», նա ստիպված էր երկու կյանքով ապրել («Jekyll and Hyde personality»):
Բացի այդ, հղում անելով Կոնվենցիայի 9-րդ հոդվածի շուրջ իր՝ ըստ էության դիտարկումներին, դիմումատուն պնդում էր, որ միջամտությունը չէր հետապնդում Կոնվենցիայի 8-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում թվարկված և ոչ մի իրավաչափ նպատակ: Նա հավելել է, որ եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ նպատակներից որևէ մեկը կարող էր կիրառելի լիներ, վիճարկվող միջամտությունը չէր կարող դիտվել որպես ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ, հատկապես այն պատճառով, որ 8-րդ հոդվածի երկրորդ պարբերության պահանջները այս կապակցությամբ ավելի ճշգրիտ էին, քան 9-րդ հոդվածի երկրորդ պարբերության պահանջները:
80. Բացի այդ, դիմումատուն պնդում էր, որ հրապարակավ երեսը փակելու համար նախատեսված հագուստ կրելու արգելքը, որը, անշուշտ, վերաբերվում էր բուրքային, հանգեցնում էր սեռի, կրոնի և ազգային ծագման հիմքերով 14-րդ հոդվածով պաշտպանվող խտրականության արգելման խախտման՝ ի վնաս մահմեդական կանանց, ովքեր իր նման երեսը ծածկող նիկաբ էին կրում: Դիմումատուն գտնում է, որ դա անուղղակի խտրականությունն է մահմեդական այն կանանց հանդեպ, ում համոզմունքները պահանջում են երեսը ծածկող նիկաբ կրել, արված այդ կանանց և մյուս մահմեդական կանանց միջև, ինչպես նաև՝ նրանց և մահմեդական տղամարդկանց միջև: Օրենքով նախատեսված բացառությունը, որով այդ արգելքը չեն կիրառվում, երբ հագուստը կրում են «տոնակատարությունների կամ մշակութային կամ ավանդական միջոցառումների» ժամանակ, նրա կարծիքով, նույնպես խտրական էր, քանի որ դրանով առավելություն էր տրվում քրիստոնյա մեծամասնությանը. քրիստոնեական տոնակատարությունների և հանդիսությունների ժամանակ (կաթոլիկ եկեղեցու կրոնական երթերի, տոնահանդեսների և ծիսակատարությունների ժամանակ, ինչպես օրինակ՝ Սանտա Կլաուսի հագուստով հանդես գալը) քրիստոնյաներին թույլ էր տրվում հրապարակավ կրել երեսը քողարկող հագուստ, մինչդեռ մահմեդական կանայք, ովքեր ցանկանում էին հրապարակավ երեսը ծածկող նիկաբ կրել, ստիպված էին ենթարկվել այդ արգելքին նույնիսկ Ռամադանի ամսվա ընթացքում:
(բ) Կառավարությունը
81. Կառավարությունն ընդունում է, որ թեև 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքով ներկայացված արգելքը ձևակերպված էր ընդհանուր գծերով, Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով այն կարող էր դիտվել որպես սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատության նկատմամբ «սահմանափակում»: Սակայն, Կառավարությունը պնդում էր, որ այդ սահմանափակումը հետապնդում էր իրավաչափ նպատակներ և որ այդ նպատակների իրագործման համար այն անհրաժեշտ էր պահպանել ժողովրդավարական հասարակությունում:
82. Կառավարությունը գտել է, որ այդ նպատակներից առաջինը կոչված էր ապահովելու «հասարակական անվտանգությունը»: Նման արգելքը բավարար էր անձանց ինքնությունը հաստատելու համար, որի նպատակն էր չեզոքացնել գոյություն ունեցող վտանգը՝ անձանց և գույքի անվտանգությունը ապահովելու համար և նաև պայքարելու ինքնության հետ կապված խարդախությունների դեմ: Երկրորդ նպատակը վերաբերում էր «այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությանը», որն ապահովվում էր «բաց և ժողովրդավարական հասարակության նվազագույն արժեքների նկատմամբ հարգանքով»: Այդ կապակցությամբ Կառավարությունը նշել է երեք արժեքների մասին: Առաջին՝ հասարակությունում ապրելու նվազագույն պահանջի ապահովումը: Կառավարությունը նշել է, որ մարդու երեսը կարևոր դեր է խաղում մարդկային շփումների ժամանակ. առավել քան մարմնի մյուս մասերը երեսն արտահայտում է անձի գոյությունը որպես ինքնատիպ անհատականություն և արտացոլում զրուցակցի հետ ունեցած մարդկային ընդհանրությունը և միևնույն ժամանակ՝ նրա այլատիպությունը: Հասարակական վայրերում սեփական երեսը փակելու սովորության արդյունքում կոտրվում է սոցիալական կապը հասարակության մյուս խավերի հետ և բացահայտվում «միասին ապրելու» (le «vivre ensemble») սկզբունքի մերժումը: Բացի այդ, Կառավարությունը պնդում է, որ այդ արգելքը նպատակ ուներ նաև պաշտպանելու տղամարդկանց և կանանց հավասարությունը՝ հաշվի առնելով, որ կանայք բացառապես միայն կին լինելու պատճառով պետք է քողարկեն իրենց երեսը հասարակական վայրերում, ինչը հավասարազոր է որպես անհատ գոյություն ունենալու իրավունքի մերժմանը և անհատականության միայն նեղ ընտանեկան կամ բացառապես կանանց համար նախատեսված տիրույթներում դրսևորելու սահմանափակման: Վերջապես, դա մարդու արժանապատվությունը հարգելու հարց է, քանի որ այն կանայք, ովքեր նման հագուստ են կրում, «դուրս են մղվում» հանրային տիրույթից: Կառավարությունը գտնում է, որ անկախ այն հանգամանքից, թե արդյոք նման «դուրս մղվածությունը» ցանկալի էր կամ թույլատրելի, այն բոլոր դեպքերում անմարդկային էր և այն դժվար էր դիտարկել որպես մարդու արժանապատվության հետ համատեղելի:
Գենդերային հավասարության հարցի վերաբերյալ Կառավարությունն արտահայտել է իր զարմանքն դիմումատուի այն պնդումների շուրջ, ըստ որոնց նիկաբ կրելու պրակտիկան հաճախ խոսում է կնոջ էմանսիպացված, ինքնաhաստատված և հասարակությունում իր ուրույն տեղն ունենալու մասին, և ուստի՝ Կառավարությունը համաձայն չէ դիմումատուի և երրորդ կողմ հանդիսացող ոչ կառավարական կազմակերպությունների կողմից այդ պրակտիկայի վերաբերյալ տրված չափազանց դրական գնահատականի հետ: Կառավարությունն ի գիտություն էր ընդունել երրորդ կողմ հանդիսացող երկու կազմակերպությունների հետազոտական զեկույցները, որոնք վկայում էին այն մասին, որ այն կայանք, ովքեր կրել են կամ սովորություն են ունեցել նիկաբ կրել, արել են դա կամավոր կերպով, իսկ նրանք, ովքեր հրաժարվել են նիկաբ կրելու պրակտիկայից, արել են դա հիմնականում հասարակական թշնամանքի արդյունքում: Բացի այդ, Կառավարությունը նշել է, որ այդ հետազոտությունները հիմնված են եղել միայն կանանց փոքր խմբի (մի դեպքում՝ քսանյոթ, մյուս դեպքում՝ երեսուներկու) ընտրանքի վրա, ովքեր հավաքագրվել են «ձնագնդի մեթոդի» կիրառմամբ: Նման մեթոդը այնքան էլ հուսալի չէ, քանի որ հիմնված էր հատկագրի առարկային համապատասխանող տարբեր մարդկանց թիրախավորելու վրա, որից հետո նրանց իսկ միջոցով այն հասանելի էր դառնում ավելի մեծ թվով մարդկանց համար, ովքեր ընդհանուր առմամբ կիսում էին նույն տեսակետները: Կառավարությունը եզրակացրել է, որ խնդրո առարկա զեկույցները ներկայացնում են իրականության չափազանց միակողմանի պատկերը, և որ դրանց գիտականորեն հիմնավորված լինելու հարցին պետք է զգուշավորությամբ մոտենալ:
83. Ինչ վերաբերում է սահմանափակման անհրաժեշտ լինելու և համաչափության հարցերին, ապա Կառավարությունը պնդում է, որ 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքն ընդունվել էր ինչպես Ազգային ժողովի, այնպես էլ Սենատի պատգամավորների միաձայն քվեարկության արդյունքում (մեկ ձայնով պակաս), որին նախորդել էր քաղաքացիական հասարակության հետ ժողովրդավարական լայն խորհրդակցությունների անցկացումը: Կառավարությունը նշել է, որ վիճարկվող սահմանափակումը չափազանց սահմանափակ էր կարգավորման իր առարկայի տեսանկյունից, քանի որ արգելում էր միայն երեսի քողարկելը` անկախ դրանց պատճառներից, և յուրաքանչյուր ոք, ենթարկվելով սոսկ այդ սահմանափակման, ազատ էր կրելու այն հագուստը, որի միջոցով վերջինս ցանկանում էր հրապարակավ արտահայտել իր կրոնական համոզմունքները: Կառավարությունը հավելում է, որ սույն Օրենքն անհրաժեշտ էր այնպիսի սկզբունքների ապահովման համար, որոնք ընկած են դրա ընդունման հիմքում: Կառավարությունը այս կապակցությամբ նշել է, որ այս պատժամիջոցների կիրառումը միայն նրանց նկատմամբ, ովքեր ստիպում են մյուսներին երեսը ծածկել, բավարար չափով արդյունավետ չէր լինի, քանի որ այդպիսի ճնշումների ենթարկված կանայք կարող էին վարանել այդ մասին հաղորդելու, իսկ հարկադրանքն էլ բնույթով մշտապես տարածվող է: Բացի այդ, Կառավարությունը նշել է, որ Դատարանը պետություններին թույլատրելի հայեցողության լայն շրջանակով է շնորհել որոշելու մասնավոր և հանրային մրցակցող շահերը հավասարակշռելու հարցը կամ թե՝ արդյոք մասնավոր շահը հակասության մեջ է գտնվում Կոնվենցիայի այլ իրավունքների հետ (Կառավարությունը վկայակոչել էր Evans-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը [ՄՊ], թիվ 6339/05, § 77, ՄԻԵԴ 2007‑I): Կառավարությունը նաև նշել է, որ նախատեսված տուգանքներն էլ թեթև էին. ընդամենը 150 եվրոյի տուգանք կամ քաղաքացիության դասընթաց: Կառավարությունը նշել է, որ Սահմանադրական խորհուրդը և Վճռաբեկ դատարանը երկուստեք ճանաչել են այդպիսի օրենք ունենալու «անհրաժեշտությունը»:
84. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածին, ապա Կառավարությունը նշել է, որ նրանք համոզված չեն, որ այս դրույթը կիրառելի է սույն գործով, քանի որ երեսը քողարկող հագուստ կրելու արգելքը վերաբերվում էր միայն հասարակական վայրերին և նաև չի կարելի պնդել, որ վտանգված է անհատի ֆիզիկական անձեռնմխելիությունը կամ մասնավոր կյանքը: Նշելով, որ դիմումատուի փաստարկները ցանկացած դեպքում ավելի շուտ վերաբերում էին նրա՝ սեփական համոզմունքները կամ կրոնը դավանելու ազատությանը, Կառավարությունը անդրադարձել է միջամտության հիմնավորվածության և համաչափության վերաբերյալ այդ մասում ներկայացված իր իսկ փաստարկներին:
85. Վերջապես, Կառավարությունը գտնում է, որ դիմումատուն «այնպիսի վիճակում չէր գտնվում, որպեսզի իրեն համարեր սեռի հիմքով խտրականության զոհ», քանի որ վիճարկվող Օրենքի հիմնական նպատակներից էր խտրականության նման տեսակի դեմ պայքարելը, որն առաջ էր գալիս այն դեպքերում, երբ կանայք դուրս էին մղվում հանրային տիրույթից զուտ այն պատճառով, որ նիկաբ էին կրում: Կառավարությունը գտել է, որ այն պնդումը, ըստ որի սույն Օրենքը հիմնված էր այն կարծրատիպի վրա, որ մահմեդական կանայք հնազանդ են, անհիմն էր և ծաղրական. առաջինը՝ քանի որ Օրենքը մահմեդական կանանց չէր թիրախավորում, և երկրորդը՝ քանի որ բուրքա կամ նիկաբ կրելու միջոցով դրսևորվող սոցիալական մեկուսացումը «հազիվ թե համատեղելի լիներ սոցիալական գոյություն հաստատման հետ»: Կառավարությունը գտնում է, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ներքո հնարավոր չէ հասկանալ, որ գոյություն ունի ինքն իրեն խտրական դրության մեջ դնելու իրավունք: Ինչ վերաբերում է այն վեճին, որ Օրենքի հետևանքերից էր տարհամոզել այդպիսի կանանց չգնալ հասարակական վայրեր՝ մեկուսացնելով նրանց տանը, ապա դա իմաստազուրկ էր սույն գործով, քանի որ դիմումատուն ինքն էր պնդում, որ փակ երեսքող ունեցող հագուստ միայն հազվադեպ էր կրում և որ դա կամավոր կերպով էր անում:
Կառավարությունը հավելել է, որ Օրենքը մահմեդական կանանց համար խտրական չէր: Կառավարությունը նշել է այս առիթով, որ նիկաբ կրելու պրակտիկան վերջերս է ի հայտ եկել, որը բավականին անսովոր է Ֆրանսիայի համար, և որ այն բազմաթիվ առիթներով քննադատվել է բարձր հասարակական դիրք գրավող մահմեդականների կողմից: Այդ սահմանափակումը փաստացի կիրառվում էր անկախ այն հանգամանքից՝ արդյոք երեսը փակելու պատճառը կրոնական էր, թե՝ ոչ, ինչպես նաև՝ անհատի սեռից անկախ: Վերջապես, նրանք նշել են, որ այն փաստը, որ որոշ անհատներ, որոնք ցանկանում էին որդեգրել այնպիսի վարքագիծ, որը նրանք հիմնավորում էին իրենց կրոնական կամ այլ համոզմունքներով, օրենսդրական արգելքի պատճառով զրկվել էին այդպես վարվելու հնարավորությունից, ինքնին չէր կարող դիտվել որպես խտրական, քանի դեռ արգելքը ողջամիտ կերպով հիմնավորված էր և համաչափ՝ հետապնդվող նպատակի հետ: Այս կապակցությամբ, Կառավարությունը վկայակոչել է իր կողմից նախկինում արված փաստարկները:
2. Երրորդ կողմը
(ա) Բելգիայի կառավարությունը
86. Երրորդ կողմ հանդիսացող կառավարությունը պնդում էր, որ Ղուրանը չէր պահանջում նիկաբ կրել, սակայն նման պրակտիկան համապատասխանում էր արաբական թերակղզու մի փոքրամասնության սովորույթներին:
87. Կառավարությունը նաև նշել է, որ «երեսն ամբողջությամբ կամ զգալի չափով քողարկող հագուստ» կրելը արգելող օրենքը Բելգիայում ընդունվել էր 2011թ. հունիսի 1-ին և ուժի մեջ մտել՝ 2011թ. հուլիսի 23-ին: Այդ օրենքը վիճարկող սահմանադրական երկու բողոքներ էին ներկայացվել, որոնք մերժվել էին Բելգիայի Սահմանադրական դատարանի 2012թ. դեկտեմբերի 6-ի վճռով, որով դատարանը պաշտանմունքի վայրերի առնչությամբ արված մեկ վերապահումով գտել է, որ այդպիսի հագուստ կրելն առաջ է բերում անվտանգության հարց, այն նաև խոչընդոտում է կանանց հավասարության և արժանապատվության իրավունքի իրացմանը, և որն ավելի կարևոր է՝ խարխլում է միասին ապրելու սկզբունքի բուն էությունը: Կառավարությունը նշել է, որ ոչ ոք իրավունք չունի պնդելու, հիմնվելով իր անհատական կամ կրոնական ազատության վրա, որ իրավասու է որոշում կայացնել այն հարցի շուրջ, թե երբ և ինչ հանգամանքներում է, որ կանայք պետք է բացեն իրենց երեսները հասարակական վայրերում: Պետական իշխանությունների խնդիրն է գնահատել հասարակական անվտանգությանը ներկայացվող պահանջները: Բացի այդ, կառավարությունը նշել է, որ երկու կողմն էլ բարձրացրել է կանանց հավասարության և արժանապատվության իրավունքի հիմնահարցը և նաև ընդունել է, որ նիկաբ կրելը պարտադիր չէ, որ վկայի տղամարդկանց նկատմամբ ստորադասված լինելու մասին: Սակայն, կառավարությունը գտել է, որ մեկուսի կյանք վարելու իրավունքն ունի իր սահմանները, և որ հագուստ կրելու հարցում մեր հասարակությունում գերիշխող բարքերն արդյունք են սոցիալական փոխհամաձայնության և մեր անհատական ազատության և հասարակությունում միմյանց հետ շփվելու կանոնների միջև հավասարակշռված փոխզիջման, և որ նրանք, ովքեր երեսը քողարկող հագուստ են կրում, դրանով իսկ ազդակ են ուղարկում մեծամասնությանը առ այն, որ չեն ցանկանում ակտիվ դերակատարություն ստանձնել հասարակական կյանքում, ուստի՝ զրկվել մարդակային արժանիքներից: Կառավարությունը նշել է, որ ժողովրդավարական հասարակության կենսագործունեության հիմքում ընկած արժեքներից մեկը անձանց՝ միմյանց հետ ակտիվորեն փոխհարաբերվելու հնարավորությունն է:
88. Որպես երրորդ կողմ հանդես եկող կառավարությունը նշել է, որ Բելգիայի օրենսդիրը հավանություն է տվել հասարակության մի այնպիսի մոդելի, որտեղ անհատի տեղն ավելի բարձ է քան փիլիսոփայական, մշակութային կամ կրոնական այլ կապերը, նպատակ ունենալով, այդպիսով, խրախուսել լիարժեք ինտեգրումը և քաղաքացիներին հնարավորություն տալ կիսելու հիմնարար այնպիսի արժեքների ընդհանուր ժառանգությունը, ինչպիսին են ժողովրդավարությունը, գենդերային հավասարությունը և եկեղեցու ու պետության տարանջատումը: Կառավարությունը հղում էր կատարել Բելգիայի Սահմանադրական դատարանի վճռին, որով որոշվել էր, որ այն դեպքերում, երբ երեսը քողարկելու հետևանքով կանխվում էր անձի դիմային անհատականացումը, թեև այդպիսի անհատականացումը հանդիսանում էր անհատի բուն էության հետ կապված հիմնարար մի պայման, հանրության համար բաց վայրերում երեսը քողարկող հագուստ կրելու արգելքը, նույնիսկ եթե այդպիսի հագուստ կրելով անձն արտահայտում էր իր կրոնական համոզմունքները, բավարար էր ժողովրդավարական հասարակության սոցիալական սուր կարիքների համար: Կառավարությունը հավելել է, որ Բելգիայի օրենսդիրն առկա քրեական պատժամիջոցներից ընտրել է ամենից թեթևը (տուգանք) և դարձյալ, հղում անելով Սահմանադրական դատարանի վճռին, նշել է, որ եթե որոշ կանայք որոշում են կայացնում մնալ տանը, որպեսզի բաց երեսով դուրս չգան փողոց, ապա դա նրանց սեփական որոշումն է, այլ ոչ թե՝ օրենքով նրանց պարտադրված անօրինական մի հարկադրանք: Վերջապես, նրանք գտել են, որ Ֆրանսիայի և Բելգիայի օրենքները խտրական չեն, քանի որ դրանք հատուկ ուղղված չեն նիկաբի դեմ և պետք է կատարվեն բոլոր այն անձանց կողմից, ովքեր երեսը քողարկող իրեր են կրում դրսում՝ անկախ այն բանից, թե այդ անձը տղամարդ է, թե՝ կին և կամ թե՝ կրոնական կամ որևէ այլ պատճառով է դա արվում:
(բ) Միջազգային Համաներում ոչ կառավարական կազմակերպություն
89. Երրորդ կողմ հանդիսացող այս կազմակերպությունը նշել է, որ ընդգծված կրոնական հագուստ կրելու իրավունքը պաշտպանված է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի՝ մտքի, խղճի և կրոնի ազատության և ազատ արտահայտվելու ազատության իրավունքներով: Նրանք հավելել են, որ Դաշնագիրը նմանօրինակ սահմանափակումներ է նախատեսում, ինչպես որ Կոնվենցիայի 9-րդ և 10-րդ հոդվածները, և պնդում էին, որ միջազգային հանրային իրավունքը պահանջում է, որպեսզի այս երկու փաստաթղթերի դրույթները նույն կերպով մեկնաբանվեն: Ուստի, նրանք խնդրում էին, որպեսզի Դատարանը հաշվի առնի Մարդու իրավունքների կոմիտեի թիվ 22, 27 և 34 Ընդհանուր մեկնաբանությունները՝ դրանց վերաբերյալ դատական պրակտիայի հետ միասին: ...
90. Երրորդ կողմ հանդիսացող կազմակերպությունը հավելել է, որ խտրականության արգելման իրավունքը սահմանվում է հիմնարար իրավունքների պաշտպանության մասին միջազգային և տածաշրջանային բոլոր փաստաթղթերով, որ այս պարագայում անհրաժեշտ է նաև ունենալ դրանց միատարր մեկնաբանությունը, և որ նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (CEDAW) համաձայն՝ պետությունները պարտավորություն են ստանձնել արդյունավետ միջոցներ ձեռնարկել խտրական գործելակերպին վերջ դնելու համար: Նրանք նաև հղում են կատարում Մարդու իրավունքների կոմիտեի թիվ 22 և 28 Ընդհանուր մեկնաբանություններին: Նաև նշվել է խաչաձև խտրականության վտանգի մասին. կանայք կարող են ենթարկվել տարբեր տիպի խտրականության՝ պայմանավորված, օրինակ, նրանով, որ սեռը կարող է հատվել մյուս այլ գործոնների հետ, ինչպիսին է՝ կրոնը, և խտրականության նման դրսևորումը, մասնավորապես, կարող է արտահայտված լինել կանանց ենթախմբերի վերաբերյալ կարծրատիպերի տեսքով: Կազմակերպությունը նաև նշել է, որ գլխաշորեր կամ երեսքող կրելու հետ կապված սահմանափակումները կարող են խախտել նաև աշխատելու իրավունքը, կրթության իրավունքը և օրենքի հավասար պաշտպանությունից օգտվելու իրավունքը, և կարող է նպաստել հետապնդումների և բռնության դեպքերի ուժգնացմանը:
91. Երրորդ կողմը գտել է, որ գենդերային և կրոնի վրա հիմնված կարծրատիպերի դրսևորում է՝ ենթադրել, որ այն կանայք, ովքեր որոշ տեսակի հագուստներ են կրում, անում են դա հարկադրանքի արդյունքում: Խտրականությանը վերջ դնելու համար կպահանջվի շատ ավելի մանրակրկիտ մոտեցում:
(գ) ՀՈԴՎԱԾ 19 ոչ կառավարական կազմակերպություն
92. Երրորդ կողմ հանդիսացող այս կազմակերպությունը նշել է, որ կրոնական հագուստ կամ խորհրդանիշներ կրելն ընկնում է արտահայտվելու ազատության և կրոնի և մտքի ազատության իրավունքների պաշտպանության ներքո: Այս կազմակերպությունը նաև հղում է կատարել Մարդու իրավունքների կոմիտեի թիվ 28 Ընդհանուր մեկնաբանություններին: Բացի այդ, նրանք հիշատակել են Կոմիտեի՝ Hudoyberganova-ն ընդդեմ Ուզբեկիստանի որոշումը (վերևում մեջբերված), որով Կոմիտեն գտել է, որ սեփական կրոնը դավանելու ազատությունը ենթադրում է նաև համապատասխան հագուստ կամ զգեստ հրապարակավ կրելու իրավունք, որը պետք է համահունչ լինի անհատի՝ հավատքի կամ կրոնի հետ, և որ անձին՝ կրոնական հագուստ կրելու հարցում խոչընդոտելը հանդիսանում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածի խախտում: Նրանք նաև հղում են կատարել Կոմիտեի՝ սեփական կարծիք ունենալու և արտահայտվելու ազատության վերաբերյալ թիվ 34 Ընդհանուր մեկնաբանություններին: Կազմակերպությունը նաև հավելել է, որ Կրոնի կամ համոզմունքի ազատության վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն իր 2006թ. զեկույցում մի շարք ուղենիշներ է սահմանել կրոնական հագուստ կամ խորհրդանիշներ կրելու սահմանափակումների անհրաժեշտությունը և համաչափությունը գնահատելու համար և առաջարկել, որպեսզի վարչական մարմինը կամ դատական համակարգը այդպիսի գնահատում անցկացնելու ժամանակ պատասխանի հետևյալ հարցերին. արդյո՞ք վիճարկվող սահմանափակումն անհրաժեշտ էր, հաշվի առնելով իրավաչափ այնպիսի շահերը, որոնք այդ սահմանափակումը պաշտանում են, արդյո՞ք այն նվազ սահմանափող միջոց էր, հավասարակշու՞մ էր այն մրցակցող շահերը, հնարավո՞ր էր, որ այն նպաստի կրոնական անհանդուրժողականությանը և արդյո՞ք այն հեռու էր կրոնական որևէ համայնքին պիտակավորելուց:
93. Բացի այդ, երրորդ կողմ հանդիսացող կազմակերպությունը՝ հիշատակելով Կրոնի կամ համոզմունքի ազատության վերաբերյալ հատուկ զեկուցողի 2011թ. միջանկյալ զեկույցը, նշել է, որ սեռի հիմքով խտրականության արգելումը հաճախ վկայակոչվել է նիկաբն արգելելու օգտին, մինչդեռ նման արգելքները կարող են հանգեցնել մահմեդական կանանց նկատմամբ միջհատվածային խտրականության: Երրորդ կողմ հանդիսացող կազմակերպության կարծիքով դա կարող է ոչ արդյունավետ լինել, քանի որ կհանգեցնի այդպիսի կանանց մեկուսացմանը իրենց տներում, հասարակական կյանքից նրանց դուրս մղմանը և մարգինալացմանը, ինչպես նաև առիթ կարող էր հանդիսանալ մահմեդական կանանց նկատմամբ ֆիզիկական բռնության և բանավոր հարձակումների համար: Բացի այդ, կազմակերպությունը նշել է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանային վեհաժողովը միայն վերջերս է անդամ պետություններին առաջարկել հարապարակավ նիկաբ կրելու հարցում ընտրել ընդհանուր կարգի արգելքներ:
94. Երրորդ կողմ հանդիսացող կազմակերպության կարծիքով արտահայտվելու ազատության իրավունքի, սեփական կարծիք ունենալու ազատության և կրոնի, հավասար վերաբերմունքի և խտրականության արգելքի վերաբերյալ միջազգային չափորոշիչները չեն պաշտպանում հրապարակավ երեսը փակելու հետ կապված ընդհանուր արգելքները:
(դ) Գենտի համալսարանի մարդու իրավունքների կենտրոն
95. Երրորդ կողմ հանդիսացող այս կազմակերպությունն ընդգծել է, որ ֆրանսիական և բելգիական օրենքները, որոնցով արգելվում է հրապարակավ քողարկել երեսը, ընդունվել են այն ենթադրությամբ, որ նիկաբ կրող կանանց մեծ մասին ստիպել են դա անել, ինչը վկայում է այն մասին, որ նրանք չեն ցանկացել հասարակությունում հաղորդակցվել այլոց հետ, ինչի պատճառով հասարակական անվտանգության համար վտանգ են ներկայացնում: Կենտրոնը վկայակոչել էր էմպիրիկ մի հետազոտություն, որն անց էր կացվել Բելգիայում՝ քսանյոթ կանանց շրջանում, ովքեր նիկաբ էին կրում կամ սովորություն ունեին այն կրել (տե՛ս E. Brems, Y. Janssens, K. Lecoyer, S. Ouald Chaib և V. Vandersteen, Երեսքող կրելը Բելգիայում. Բելգիայում ապրող 27 կանանց տեսակետներն ու փորձը իսլամական փակ երեսքողի և երեսը քողարկելու բելգիական արգելքի վերաբերյալ), դրա հետ միասին հիշատակելով Բաց հասարակության հիմնադրամի կողմից Ֆրանսիայում (տե՛ս ստորև՝ 104-րդ պարբերությունը), իսկ պրոֆեսոր A. Moors-ի կողմից՝ Նիդերլանդներում անցկացված հետազոտությունները, որոնք վկայում էին այդ ենթադրության սխալական լինելու մասին:
96. Երրորդ կողմ հանդիսացող կենտրոնը գտել է, որ այդ հետազոտությունը վկայում էր այն մասին, որ այդպիսի արգելքն իրականում չէր ծառայում իր նպատակին. այդպիսի կանայք խուսափում էին դուրս գալ տնից, ինչը հանգեցնում էր նրանց մեկուսացման, սոցիալական կյանքի վատթարացման և ինքնավար կարգավիճակի կորստի, մինչդեռ նրանց դեմ ագրեսիայի դեպքերն էլ ավելացել էին: Բացի այդ, կենտրոնն գտել է, որ այդպիսի արգելքն անհամաչափ էր, քանի որ հանրային տիրույթ հասկացությունը շատ լայն էր սահմանված, անվտանգության խնդիրները կարող էին լուծվել երեսը ցույց տալու միջոցով ինքնությունը բացահայտելու պարտականությամբ, մինչդեռ այժմյան հասարակությունում կան սոցիալական շփումների բազմաթիվ ձևեր, երբ մարդկանց անհրաժեշտ չէ տեսնել միմյանց դեմքերը:
97. Երրորդ կողմ հանդիսացող կենտրոնը գտել է, որ ի հավելումն այն բանին, որ այն հանդիսանում էր կրոնի ազատության նկատմամբ անհամաչափ միջամտություն, վիճարկվող արգելքը՝ կրոնի և սեռի հիմքով անուղղակի և միջհատվածային խտրականության տեղիք էր տվել, հիմնավորապես հաստատել էր կարծրատիպերը և հաշվի չէր առել այն փաստը, որ երեսքող կրող կանայք խոցելի փոքրամասնության խումբ էին կազմում, ինչը հատուկ ուշադրության էր արժանի:
98. Վերջապես, երրորդ կողմ հանդիսացող կենտրոնը խնդրել էր Դատարանին սույն գործը քննել եվրոպական մի շարք երկրներում իսլամաֆոբիայի ալիքի բարձրացման համատեքստում: Կենտրոնը գտել է, որ հրապարակավ երես փակելու համընդհանուր արգելք ընդունելը և ի կատար ածելը շատ վտանգավոր կարող էր լիներ, քանի դեռ այն ուղեկցվում էր քաղաքական հռետորաբանությամբ, որն ուղղված էր այն կանանց դեմ, ովքեր իսլամական երեսքող էին կրում, այդպիսով՝ ուժեղացնելով բացասական կարծրատիպերը և իսլամաֆոբիան:
(ե) Ազատություն ոչ կառավարական կազմակերպություն
99. Երրորդ կողմ հանդիսացող այս կազմակերպությունը նշել է, որ չնայած այն բանին, որ 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքը չեզոք կերպով էր ձևակերպված, դրա նպատակն էր արգելել բուրքա կրելը, և այդ արգելքը կիրառվում էր բոլոր հասարակական վայրերում, որի արդյունքում շահագրգիռ կանայք կանգնել էին տանը մնալու կամ երեսքողից հրաժարվելու ցավալի մի ընտրության առաջ: Երրորդ կողմը նշել է, որ Կոնվենցիայի ընդունման դրդապատճառները հաստատաբար կապված են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած դաժանությունների հետ, և որ հրեաների նկատմամբ իրագործված սարսափելի արարքներն էին, որ առիթ հանդիսացան կրոնի ազատության իրավունքը հիմնարար մյուս իրավունքների շարքում ընդգրկելու համար, և նաև այն բանի համար որ այդ դեպքերից հետո էլ տեղի ունեցան մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, որոնց համար կրոնն առնվազն նպաստող գործոն էր հանդիսանում: Կազմակերպությունը հավելել է, որ սերտ կապ կա կրոնի և ռասայի միջև:
100. Երրորդ կողմ հանդիսացող կազմակերպությունն այնուհետ ընդգծել է, որ կանանց հրապարակավ հագուստ կրելու ընդհանուր կանոնները՝ հիմնարար մի շարք իրավունքների խախտման առիթ հանդիսանալուց զատ, կարող են նաև խախտել որոշ միջազգային և տարածաշրջանային փաստաթղթեր, օրինակ՝ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիան: Ինչ վերաբերում է Կոնվենցիային, ապա երրորդ կողմ հանդիսացող կազմակերպությունը գտել է, որ սույն գործով 8-րդ, 9-րդ 10-րդ և 14-րդ հոդվածները կիրառելի են: Երրորդ կողմը նշել է, որ օրինագծին ուղեկցող բացատրական հուշագրում ներկայացված եռակի հիմնավորումը համոզիչ չէր: Բացի այդ, կազմակերպությունը պնդում էր, որ այդ արգելքը և դրա շուրջ ծավալված քննարկումը նպաստել են մահմեդականներին էլ ավելի խարանելու հարցում և հանգեցրել նրանց նկատմամբ առկա ռասիստական վերաբերմունքի ուժգնացման:
101. Եզրափակելով երրորդ կողմը նշել է, որ չնայած ֆեմինիստ կանանցից շատերը, մասնավորապես, նիկաբին նայում էին որպես կանանց համար ոչ վայել մի երևույթի, որը նսեմացնում է նրանց արժանապատվությունը, և հայրապետության արգասիք է, մյուսները գտնում էին, որ այն հավատքի խորհրդանիշ է: Երրորդ կողմը գտել է, որ այդ հակասությունները չեն վերացել՝ տնային կալանքի տակ պահելով այն կանանց, ովքեր պատժամիջոցների ենթարկվելու վտանգի առկայության պայմաններում էլ ստիպված էին երեսքող կրել: Այն չէր ազատագրում կանանց և ամենայն հավանականությամբ կնպաստեր իսլամաֆոբիայի աճին:
(զ) Բաց հասարակության իրավական նախաձեռնություն ոչ կառավարական կազմակերպություն
102. Երրորդ կողմ հանդիսացող այս կազմակերպությունը նշել է, որ նիկաբ կրելու արգելքը քննադատվել է Եվրոպայի խորհրդի կողմից և որ միայն Ֆրանսիան ու Բելգիան էին, որ ընդունել են համընդհանուր բնույթի այդպիսի միջոց: Երրորդ կողմն ընդգծել է, որ չնայած ֆրանսիական և բելգիական օրենքները չեզոք էին իրենց ձևակերպումներում, սակայն դրանց ընդունման օրենսդրական պատմությունը վկայում էր այն մասին, որ դրանք գլխավորապես ուղղված էին նիկաբի և բուրքայի դեմ:
103. Երրորդ կողմը այնուհետև նշել է, որ ֆրանսիական օրենքի նպատակն էր պահպանել հասարակական անվտանգությունը, գենդերային հավասարությունը և աշխարհիկությունը: Այս կապակցությամբ, երրորդ կողմը պնդում էր, որ հասարակական անվտանգության վրա կառուցված այդ հիմնավորումը կարող է հեշտությամբ քողարկել անհանդարժողականությունը, երբ հարցը վերաբերում է կրոնի ազատությանը: Հղում կատարելով, մասնավորապես, Դատարանի՝ Palau-Martinez-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով (թիվ 64927/01, § 43, ՄԻԵԴ 2003‑XII) վճռին՝ երրորդ կողմը հավելել է, որ պետությունները կարող են միայն ապավինել այս հասկացությանը՝ հիմնավորելու համար կոնվենցիոն իրավունքի իրականացման նկատմամբ միջամտությունը, եթե նրանք կարողանան հասարակական անվտանգության խախտման մասին վկայող կոնկրետ ապացույցներ ներկայացնել: Ինչ վերաբերում է գենդերային հավասարության պաշտանության հարցին, ապա երրորդ կողմը նշել է, որ նման նպատակը հիմնված էր այն ենթադրության վրա, որ նիկաբ կրող կանայք հարկադրված են եղել դա անել և, հետևաբար, անբարենպաստ վիճակում գտնվել, մինչդեռ դա չէր հիմնավորվել օրենքի ընդունման օրենսդրական գործընթացում քննված ոչ մի ապացույցով:
104. Երրորդ կողմ հանդիսացող կազմակերպությունը հղում է կատարել Բաց հասարակության հիմնադրամի կողմից Ֆրանսիայում իրականացված հետազոտական մի զեկույցի վրա (հրապարակվել է 2011թ. ապրիլին), որն անց էր կացվել նիկաբ կրող երեսուներկու կանանց շրջանում և վերնագրված էր՝ Երեսքող կրելը Բելգիայում. Բելգիայում ապրող 27 կանանց տեսակետներն ու փորձը իսլամական փակ երեսքողի և երեսը քողարկելու բելգիական արգելքի վերաբերյալ: Զեկույցում նշվում էր, որ հարցազրույց անցած կանանց չեն հարկադրել երեսքող կրել, նրանցից շատերը որոշել են այն կրել, չնայած որ իրենց ընտանիքները դեմ են եղել դրան, նրանցից մեկ երրորդը երեսքողը մշտապես առօրյա կենցաղում այն չէր կրել, և որ կանանց մեծամասնությունը ակտիվ սոցիալական կյանքով էր ապրել: Զեկույցը նաև ցույց էր տալիս, որ այդ արգելքը դժգոհություն էր առաջացրել այդ կանանց շրջանում և նվազեցրել էր նրանց ինքնուրույնությունը, որ այս խնդրին ուղեկցող հանրային քննարկումը նպաստել էր, որպեսզի հասարակության անդամների կողմից նրանց հասցեին հայհոյանքներ հնչեին և նույնիսկ վերջիններս ենթարկվեին ֆիզիկական հարձակումների: Երրորդ կողմը նաև հիշատակել է դրան հաջորդող զեկույցի մասին, որը լույս էր տեսել 2013թ. սեպտեմբերին: Կազմակերպությունը նշել է, որ ըստ այդ զեկույցի՝ հարցազրույց անցած կանանց մեծամասնությունը շարունակել են նիկաբ կրել, որն օգնում էր նրանց արտահայտել իրենց կրոնական համոզմունքները: Երրորդ կողմը հավելել է, որ այդ զեկույցը ցույց էր տալիս, թե այդ արգելքն նշանակալի ինչ ազդեցություն է թողել նրանց անձնական և ընտանեկան կյանքի վրա: Երրորդ կողմ հանդիսացող կազմակերպությունը այնուհետև նշել է զեկույցի այն եզրահանգման մասին, ըստ որի հարցազրույց անցած բոլոր կանայք նշել են, որ արգելքի ընդունումից հետո իրենց անձնական անվտանգության հարցում տեղի է ունեցել վիճակի վատթարացում, որն ուղեկցվում էր հանրային հետապնդումներով և ֆիզիկական հարձակումներով, որի արդյունքում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ հանրությունը, թվում էր, թե հանդգնել է պայքարել նիկաբ կրող կանանց դեմ:
105. Ամփոփելով երրորդ կողմը պնդում էր, որ հրապարակավ նիկաբ կրելու արգելման հարցում եվրոպական երկրների միջև կար համաձայնություն: Բացի այդ, կազմակերպությունը ընդգծել է այն փաստը, որ համընդհանուր այդ արգելքները անհամաչափ էին, քանի որ հնարավոր էր կիրառել պակաս միջամտող միջոցներ, որ հասարակական անվտանգության վերաբերյալ հիմնավորումները պետք է հաստատվեն կոնկրետ ապացույցներով, որ հավասարությունը խրախուսող միջոցները պետք է օբյեկտիվորեն և ողջամտորեն արդարացված լինեն, ինչպես նաև՝ ժամկետով սահմանափակված, և որ աշխարհիկությունը խթանող միջոցները խիստ անհրաժեշտ պետք է լինեն:
3. Դատարանի գնահատականը
(ա) Կոնվենցիայի 8-րդ և 9-րդ հոդվածների ենթադրյալ խախտում
106. Հրապարակավ երեսը քողարկող հագուստ կրելու արգելքն առաջ է քաշում հարցեր կանանց՝ անձնական կյանքի հարգելու իրավունքի վերաբերյալ (Կոնվենցիայի 8-րդ հոդված), այն դեպքերում երբ իրենց համոզմունքների հետ կապված պատճառներով վերջիններս ցանկանում են նիկաբ կրել, միաժամանակ հարց է առաջանում նաև այդ համոզմունքները դավանելու ազատության (Կոնվենցիայի 9-րդ հոդված) առնչությամբ:
107. Հետևաբար, Դատարանը գտնում է, որ անձի՝ հանրային կամ մասնավոր վայրում նախընտրելի տեսք ունենալու հետ կապված ընտրությունը բխում է անհատի անհատականությունից և ուստի՝ ընկնում անձնական կյանքի հասկացության ներքո: Դատարանն այս կապակացությամբ նախկինում դիրքորոշում է հայտնել միայն սանրվածքի վերաբերյալ (տե՛ս Popa-ն ընդդեմ Ռումինիայի (որոշ.), թիվ 4233/09, §§ 32-33, 18 հունիս 2013թ., տե՛ս նաև Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի Sutter-ն ընդդեմ Շվեյցարիայի որոշումը, թիվ 8209/78, 1 մարտ 1979թ.): Դատարանը ինչպես և Հանձնաժողովը (տե՛ս, մասնավորապես, McFeeley-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 8317/78, 15 մայիս 1980թ., § 83, Որոշումներ և Զեկույցներ (DR) 20, և Kara-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 36528/97, 22 հոկտեմբեր 1998թ.), գտնում է, որ այն նաև կիրառելի է հագուստի ընտրության դեպքում: Իշխանությունների կողմից նախընտրած միջոցը, որը սահմանափակում է նման ընտրությունը, սկզբունքորեն, հանդիսանում է անձնական կյանքը հարգելու իրավունքի իրականացման նկատմամբ միջամտություն՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով (տե՛ս Kara-ի որոշումը, վերևում մեջբերված): Հետևաբար, 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքով նախատեսված հրապարակավ երեսը քողարկող հագուստ կրելու արգելքն ընկնում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո:
108. Այնուամենայնիվ, քանի դեռ այդ արգելքը քննադատվում է որոշակի անձանց կողմից, ովքեր, ինչպես դիմումատուն, բողոքում են, որ դրա արդյունքում իրենց արգելվել է հասարակական վայրերում կրել այնպիսի հագուստ, որն իրենց կրոնական ավանդույթներով է պահանջվում, այն հիմնականում առնչվում է սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատության խնդրին (տե՛ս, մասնավորապես, Ahmet Arslan-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի, թիվ 41135/98, § 35, 23 փետրվար 2010թ.): Այն հանգամանքը, որ դա փոքրամասնության ավանդույթ է և ըստ երևույթին՝ վիճելի (տե՛ս վերևում՝ 56-րդ և 85-րդ պարբերությունները), այս առումով որևէ կարևորություն չունի:
109. Հետևաբար, Դատարանը քննելու է գանգատի այս մասը 8-րդ հոդվածի և 9-րդ հոդվածի ներքո` սակայն շեշտը դնելով այդ դրույթներից երկրորդի վրա:
(i) Արդյո՞ք եղել է «սահմանափակում» կամ «միջամտություն»
110. Ինչպես Դատարանն արդեն նշել է ..., 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքը դիմումատուին կանգնեցում է երկընտրանքի առաջ, որը համադրելի է Dudgeon-ի և Norris-ի վճիռներով հաստատվածի հետ, այն է. նա կա՛մ ենթարկվում է արգելքին և այդպիսով չի կրում այնպիսի հագուստ, որը համապատասխանում է կրոնի մասին իր մոտեցմանը կա՛մ հրաժարվում է կատարել արգելքի պահանջները և կանգնում քրեական պատժամիջոցների առաջ: Այդպիսով, նա՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի և 8-րդ հոդվածի լույսի ներքո գտնվում էր նույն այն վիճակում, ինչպես որ Dudgeon-ի և Norris-ի գործերով դիմումատուները, որոնցով Դատարանը գտել է, որ վերը նշված երկու դրույթներից երկրորդով երաշխավորված իրավունքների իրականացման նկատմամբ տեղի է ունեցել «շարունակական միջամտություն» (երկու վճիռները մեջբերված են վերևում, § 41 և § 38, համապատասխանաբար, տե՛ս նաև, մասնավորապես, Michaud-ի վճիռը, վերևում մեջբերված, § 92): Հետևաբար, սույն գործով տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ և 9-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքների իրականացման նկատմամբ «միջամտություն» կամ «սահմանափակում»:
111. Նման սահմանափակումը կամ միջամտությունը համատեղելի չի լինի վերևում հիշատակված հոդվածների երկրորդ պարբերության հետ, քանի դեռ այն «նախատեսված է օրենքով», հետապնդում է այդ հոդվածներով նախատեսված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակ և «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակը կամ նպատակները իրականացնելու համար:
(ii) Արդյո՞ք միջոցը «նախատեսված էր օրենքով»
112. Դատարանը գտնում է, որ վիճարկվող սահմանափակումը նախատեսված է 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը): Դատարանը նաև նշում է, որ դիմումատուն չի վիճարկել, որ այդ դրույթները բավարարում են Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի և 9-րդ հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքով հաստատված չափորոշիչներին:
(iii) Արդյո՞ք եղել է իրավաչափ նպատակ
113. Դատարանը կրկնում է, որ 9-րդ հոդվածի 2-րդ կետում ներկայացված անձի՝ իր կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատության նկատմամբ բացառությունների թվարկումը սպառիչ է և որ դրանց սահմանումն էլ սահմանափակ է (տե՛ս , ի թիվս այլոց, Svyato-Mykhaylivska Parafiya-ն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 77703/01, § 132, 14 հունիս 2007թ., և Nolan-ը և K.-ն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 2512/04, § 73, 12 փետրվար 2009թ.): Կոնվենցիայի հետ համատեղելի լինելու համար այս ազատության նկատմամբ սահմանափակումը, մասնավորապես, պետք է հետապնդի այնպիսի մի նպատակ, որը հնարավոր կլինի կապել այդ դրույթում թվարկվածներից որևէ մեկի հետ: Նույն մոտեցումը կիրառելի է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի նկատմամբ:
114. Դատարանը պետք է բավական հակիրճ լինի՝ Կոնվենցիայի 8-ից 11-րդ հոդվածների երկրորդ պարբերության իմաստով իրավաչափ նպատակի առկայությունը ստուգելիս (տե՛ս, օրինակ, վերևում մեջբերված Leyla Şahin-ի վճիռը, § 99, և Ahmet Arslan-ը և այլոք վճիռը, § 43): Սակայն, սույն գործով Կառավարության կողմից այս կապակցությամբ վկայակոչված նպատակների էությունը, որը խորապես վիճարկվում էր դիմումատուի կողմից, բազմակողմանի քննություն է պահանջում: Դիմումատուն գտել է, որ 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքով սահմանված արգելքի արդյունքում իր կրոնը դավանելու ազատության և անձնական կյանքը հարգելու իրավունքի իրականացման նկատմամբ միջամտությունը չէր համապատասխանում 8-րդ և 9-րդ հոդվածների երկրորդ պարբերությունում թվարկված և ոչ մի նպատակին: Կառավարությունն իր հերթին պնդում էր, որ Օրենքը հետապնդում էր իրավաչափ երկու նպատակ, այն է՝ հասարակական անվտանգությունը և «բաց և ժողովրդավարական հասարակության նվազագույն արժեքների նկատմամբ հարգանքը»: Դատարանը գտնում է, որ 8-րդ և 9-րդ հոդվածների երկրորդ պարբերությունն ուղղակիորեն չի հիշատակում այդ նպատակներից երկրորդը կամ այդ առնչությամբ Կառավարության կողմից նշված երեք արժեքների մասին:
115. Ինչ վերաբերում է Կառավարության կողմից վկայակոչված այդ նպատակներից առաջինին, ապա Դատարանն առաջին հերթին գտնում է, որ «հասարակական անվտանգությունը» հանդիսանում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում (ֆրանսիական տարբերակում՝ sécurité publique) և նաև 8-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում (ֆրանսիական տարբերակում՝ sûreté publique) թվարկված նպատակներից մեկը: Դատարանն այնուհետև այս կապակցությամբ հիշատակում է Կառավարության կողմից ներկայացված դիտարկումներն առ այն, որ հասարակական վայրերում երեսը քողարկող հագուստ կրելու վիճարկվող այս արգելքը բավարարում էր անձանց՝ ինքնությունը պարզելու պահանջին, որով պետք է կանխվեր անձանց և նրանց գույքի անվտանգությանը սպառնացող վտանգը և նաև նախատեսված էր ինքնության հետ կապված խարդախությունների դեմ պայքարելու համար: Հաշվի առնելով գործում առկա ապացույցները, կարելի է շարունակաբար փնտրել մի հարցի պատասխան՝ արդյո՞ք Օրենքի նախագծողները հաշվի են առել այս մտահոգությունները, թե՝ ոչ: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ օրինագծին ուղեկցող բացատրական հուշագրում, թեև երկրորդ հերթին, նշվում է այն մասին, որ երես քողարկելու այս սովորույթը «կարող է որոշ դեպքերում նաև վտանգ ներկայացնել հասարակական անվտանգության համար» ..., և որ Սահմանադրական խորհուրդը նշել է, որ օրենսդիրը գտել է, որ այս ավանդույթը կարող է վտանգավոր լինել հասարակական անվտանգության համար: ... Նմանապես, 2010թ. մարտի 25-ի իր հետազոտական զեկույցում Պետական խորհուրդը (Conseil d’État) նշել է, որ հասարակական անվտանգությունը կարող է հիմք հանդիսանալ երեսը փակելու դեմ արգելքի համար, սակայն մատնանշել է, որ այն կարող է վկայակոչվել միայն հատուկ դեպքերում: ... Հետևաբար, Դատարանը ընդունում է, որ վիճարկվող արգելքն ընդունելիս օրենսդիրը նպատակ է ունեցել անդրադառնալ Կոնվենցիայի 8-րդ և 9-րդ հոդվածների երկրորդ պարբերության իմաստով «հասարակական անվտանգության» հետ կապված հարցերին:
116. Ինչ վերաբերում է վկայակոչված նպատակներից երկրորդին, այն է՝ «բաց և ժողովրդավարական հասարակության նվազագույն արժեքների նկատմամբ հարգանքի» ապահովմանը, ապա Կառավարությունն այստեղ նշել է երեք արժեքների մասին. տղամարդկանց և կանանց միջև հավասարության նկատմամբ հարգանքը, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը և հասարակական կյանքին ներկայացվող նվազագույն պահանջների նկատմամբ հարգանքը: Կառավարությունը գտնում էր, որ այս նպատակը հնարավոր է կապել Կոնվենցիայի 8-րդ և 9-րդ հոդվածների երկրորդ պարբերության իմաստով՝ «այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության» նպատակի հետ:
117. Ինչպես Դատարանը նախկինում նշել է, այս երեք արժեքներն ուղղակիորեն չեն համապատասխանում Կոնվենցիայի 8-րդ և 9-րդ հոդվածների երկրորդ պարբերությունում թվարկված իրավաչափ նպատակներից և որևէ մեկին: Այդ նպատակների մեջ միայն մեկն է, որ կարող է վերաբերելի լինել սույն գործով խնդրո առարկա արժեքների առնչությամբ, ինչպիսիք են՝ «հասարակական անվտանգությունը» և «այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը»: Առաջինը, սակայն, նշված չէ 8-րդ հոդվածի 2-րդ կետում: Բացի այդ, Կառավարությունը չի հիշատակել դրա մասին իր գրավոր դիտողություններում և այդ կապակցությամբ դռնբաց դատական նիստում իրեն առաջադրված հարցի շուրջ պատասխանում նախընտրել է միայն վկայակոչել «այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը»: Հետևաբար, Դատարանը նպատակահարմար է գտնում քննել միայն այդ «իրավաչափ նպատակը», ինչպես որ արել է Leyla Şahin-ի և Ahmet Arslan-ը և այլոք գործերով (երկուսն էլ մեջբերված են վերևում, § 111 և § 43, համապատասխանաբար):
118. Նախ՝ Դատարանին համոզիչ չեն թվում Կառավարության այն փաստարկները, որոնք ներկայացվել են տղամարդկանց և կանանց միջև հավասարությունը հարգելու առնչությամբ:
119. Դատարանը կասկածի տակ չի առնում, որ գենդերային հավասարությունը կարող է իրավացիորեն արդարացնել Կոնվենցիայով սահմանված որոշ իրավունքների և ազատությունների իրականացման նկատմամբ միջամտությունը (տե՛ս, mutatis mutandis, Staatkundig Gereformeerde Partij-ն ընդդեմ Նիդերլանդների (որոշ.), 10 հուլիս 2012թ.): Այս կապակցությամբ, Դատարանը վերահաստատում է, որ գենդերային հավասարության առաջխաղացումը հանդիսանում է այսօր Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար գլխավոր նպատակներից մեկը (նույն տեղում, տե՛ս նաև, ի թիվս այլոց, Schuler-Zgraggen-ն ընդդեմ Շվեյցարիայի, 24 հունիս 1993թ., § 67, Շարք Ա թիվ 263, և Konstantin Markin-ն ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ], թիվ 30078/06, § 127, ՄԻԵԴ 2012): Հետևաբար, անդամ այն պետությունը, որը գենդերային հավասարության անվան տակ յուրաքանչյուր անձի արգելում է կանանց ստիպել քողարկել իրենց երեսը, հետապնդում է այնպիսի մի նպատակ, որը Կոնվենցիայի 8-րդ և 9-րդ հոդվածների երկրորդ պարբերության իմաստով համապատասխանում է «այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությանը» (տե՛ս Leyla Şahin-ի վճիռը, վերևում մեջբերված, § 111): Սակայն Դատարանը գտնում է, որ անդամ պետությունը չի կարող վկայակոչել գենդերային հավասարությունը, որպեսզի արգելի այն ավանդույթը, որը պաhպանվում է դիմումատուի վիճակում հայտնված կանանց կողմից` այդ դրույթներով սահմանված իրավունքների իրականացման համատեսքում, քանի դեռ դա չէր նշանակի, որ այդ կերպ անձինք չեն կարող իրականացնել իրենց հիմնարար իրավունքները և ազատությունները: Դատարանն այնուհետ նշում է, որ Պետական խորհուրդը նույն եզրահանգմանն է եկել իր 2010թ. մարտի 25-ի հետազոտական զեկույցում ...
Բացի այդ, եթե Կառավարությունը այդպիսով հիմնավորում է, որ որոշ կանանց կողմից նիկաբ կրելը ցնցել է ֆրանսիական բնակչության մեծ մասին, քանի որ այն խախտում էր Ֆրանսիայում, ընդհանուր առմամբ, ընդունված գենդերային հավասարության սկզբունքը, Դատարանը հղում է կատարում Կառավարության կողմից վկայակոչված մյուս երկու արժեքների վերաբերյալ տրված իր հիմնավորմանը (տե՛ս ստորև՝ 120-122-րդ պարբերությունները):
120. Երկրորդ՝ Դատարանը գտնում է, որ ինչքան էլ կարևոր կարող է այն լինել, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը չի կարող իրավացիորեն արդարացնել հրապարակավ նիկաբ կրելու համընդհանուր արգելքը: Դատարանը տեղեկացված է, որ խնդրո առարկա հագուստը տարօրինակ կերպով է ընկալվում այն տեսնողներից շատերի կողմից: Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ այն մշակութային ինքնության արտահայտչամիջոց է, որը նպաստում է ժողովրդավարության համար բնորոշ բազմակարծության կայացմանը: Այս կապակցությամբ Դատարանը նշում է առաքինություն և պարկեշտություն հասկացությունների մեկնաբանության բազմազանությունը՝ կապված մարմինը ցուցադրելու հետ: Բացի այդ, Դատարանը չունի որևէ ապացույց, որն իրեն թույլ կտար որոշելու, որ նիկաբ կրող կանայք դրանով իսկ փորձում են իրենց անհարգալից վերաբերմունքը ցույց տալ անցորդների նկատմամբ կամ այլ կերպ վիրավորել այլոց արժանապատվությունը:
121. Երրորդ՝ Դատարանը դրան հակառակ, գտնում է, որ որոշ պայմանների բավարարման դեպքում՝ Կառավարության կողմից նշված «հասարակությունում ապրելու նվազագույն պահանջների նկատմամբ հարգանքը» կամ «միասին ապրելու» սկզբունքը, ինչպես որ ներկայացված է օրինագծին ուղեկցող բացատրական հուշագրում ... կարող է վերաբերվել «այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության» իրավաչափ նպատակին:
122. Դատարանը հաշվի է առնում պատասխանող Կառավարության փաստարկն առ այն, որ մարդու երեսը կարևոր դեր է խաղում նրա սոցիալական փոխհարաբերություններում: Դատարանը կարող է հասկանալ այն տեսակետը, ըստ որի այն անձինք, ովքեր գտնվում են յուրաքանչյուրի համար հասանելի համարվող հասարակական վայրում, կարող են ցանկություն չունենալ ականատես լինել այնպիսի ավանդույթների կամ վերաբերմունքի զարգացումների, որոնք սկզբունքորեն հարցականի տակ կդնեն միջանձնային բաց հարաբերություններ ունենալու հնարավորությունը, ինչը սահմանված փոխհամաձայնության ուժով հանդիսանում է համայնքային կյանքի անփոխարինելի տարրը տվյալ հասարակությունում: Հետևաբար, Դատարանն ընդունում է, որ երեսքողի միջոցով այլ անձանց դեմ ուղղված պատնեշը պատասխանող պետության կողմից դիտվում է որպես սոցիալականացման տարածությունում այլ անձանց ապրելու իրավունքի խախտում, որը միասին ապրելը ավելի դյուրին է դարձնում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով «միասին ապրելու» հասկացության ճկունությունը և դրա արդյունքում հնարավոր չարաշահումների վտանգը, Դատարանը պետք է մանրակրկիտ կերպով քննի վիճարկվող սահմանափակման անհրաժեշտության հարցը:
(iv) Արդյո՞ք միջոցը անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում
(α) Կոնվենցիայի 9-րդ հոդվածին վերաբերվող հիմնական սկզբունքները
123. Քանի որ Դատարանն որոշում էր կայացրել գանգատի այս մասի քննության ընթացքում շեշտը դնել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի վրա, ուստի Դատարանն անհրաժեշտ է գտնում կրկնել այդ դրույթին վերաբերող հիմնական սկզբունքները:
124. Ինչպես որ ամրագրված է 9-րդ հոդվածով՝ մտքի, խղճի և կրոնի ազատությունը Կոնվենցիայի իմաստով հանդիսանում է «ժողովրդավարական հասարակության» անկյունաքարերից մեկը: Այս ազատությունը՝ կրոնական հարթության վրա, հանդիսանում է առավել կարևոր այն տարրերից մեկը, որի նպատակն է կերտել հավատացիալների ինքնությունը և կյանքի նկատմամբ ընկալումը: Բացի այդ, նշված հարթության վրա այս ազատությունը նաև արժեքավոր միջոց է աթեիստների, ագնոստիկների, սկեպտիկների, ինչպես նաև չկողմնորոշվածների համար: Բազմակարծությունը՝ կազմելով անբաժանելի մաս ժողովրդավարական հասարակության, որը թանկ գնով նվաճվել է դարերի ընթացքում, կախված է դրանից: Այդ ազատությունը, inter alia, ենթադրում է մեկ այլ ազատություն, ըստ որի յուրաքանչյուր ոք կարող է ունենալ կամ չունենալ կրոնական համոզմունքներ և դավանել կամ չդավանել կրոն (տե՛ս, ի թիվս այլոց, Kokkinakis-ն ընդդեմ Հունաստանի, 25 մայիս 1993թ., § 31, Շարք Ա թիվ 260-Ա, Buscarini-ն և այլոք ընդդեմ Սան Մարինոյի [ՄՊ], թիվ 24645/94, § 34, ՄԻԵԴ 1999-I, և Leyla Şahin-ի վճիռը, վերևում մեջբերված, § 104):
125. Թեև կրոնական ազատությունն առաջին հերթին անձնական խղճի հարց է, սակայն այն նաև ենթադրում է սեփական կրոնը ինչպես միանձնյա՝ մասնավոր կերպով, այնպես էլ այլոց հետ համատեղ՝ հրապարակավ և այն անձանց շրջանում, ով հավատը կիսում է, դավանելու ազատություն: 9-րդ հոդվածը թվարկում է տարբեր ձևեր, որոնցով կրոնի կամ համոզմունքների դավանումը կարող է դրսևորվել, այն է՝ քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով (տե՛ս, mutatis mutandis, Cha’are Shalom Ve Tsedek-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], թիվ 27417/95, § 73, ՄԻԵԴ 2000-VII, և Leyla Şahin-ի վճիռը, վերևում մեջբերված, § 105):
Այնուամենայնիվ, 9-րդ հոդվածը չի պաշտպանում ցանկացած գործողություն, որի դրդապատճառը կամ ոգեշնչման աղբյուրն է եղել կրոնը կամ համոզմունքը և միշտ չէ, որ երաշխավորում է այնպիսի մի իրավունք, համաձայն որի անձը հնարավորություն ունենա հանրային տիրությում իրեն այն կերպ դրսևորել, որը պայմանավորված լինի իր կրոնով կամ համոզմունքներով (տե՛ս, օրինակ, Arrowsmith-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 7050/75, 1978թ. հոկտեմբերի 12-ի Հանձնաժողովի զեկույց, DR 19, Kalaç-ն ընդդեմ Թուրքիայի, 1 հուլիս 1997թ., § 27, Վճիռների և որոշումների զեկույցներ 1997‑IV, և Leyla Şahin-ի վճիռը, վերևում մեջբերված, §§ 105 և 121):
126. Ժողովրդավարական այն հասարակություններում, որտեղ մի շարք կրոններ գոյակցում են միևնույն բնակչության շրջանում, կարող է անհրաժեշտ լինել սահմանափակել կրոնը կամ համոզմունքները դավանելու սեփական ազատությունը, որպեսզի հաշտեցվեն տարբեր խմբերի շահերը և ապահովվեն, որ յուրաքանչյուր անձի համոզմունքները լինեն հարգված (տե՛ս Kokkinakis-ի վճիռը, վերևում մեջբերված, § 33): Այն բխում է 9-րդ հոդվածի 2-րդ կետից, ինչպես նաև պետության՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածով ստանձնած իր պոզիտիվ պարտավորություններից, համաձայն որի պետությունը իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում է Կոնվենցիայի I բաժնում սահմանված իրավունքներն ու ազատությունները (տե՛ս Leyla Şahin-ի վճիռը, վերևում մեջբերված, § 106):
127. Դատարանը հաճախ ընդգծել է պետության` որպես չեզոք և անկողմնակալ կազմակերպչի դերի մասին տարբեր կրոնների, հավատքների և համոզմունքների իրականացման հարցում և նշել, որ այն նպաստում է ժողովրդավարական հասարակությունում հասարակական կարգի, կրոնական ներդաշնակության և հանդուրժողականության մթնոլորտի կայացմանը: Ինչպես արդեն նշվել է, Դատարանը նաև գտնում է, որ պետության՝ չեզոքության և անկողմնակալության այս պարտականությունը համատեղելի չէ կրոնական համոզմունքների կամ դրանց արտահայտչամիջոցների օրինականությունը գնահատելու իշխանական որևէ լիազորության հետ (տե՛ս Manoussakis-ը և այլոք ընդդեմ Հունաստանի, 26 սեպտեմբեր 1996թ., § 47, Զեկույցներ 1996-IV, Hasan-ը և Chaush-ն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ], թիվ 30985/96, § 78, ՄԻԵԴ 2000‑XI, և Refah Partisi-ն (the Welfare Party) և այլոք ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], թիվթիվ 41340/98, 41342/98, 41343/98 և 41344/98, § 91, ՄԻԵԴ 2003-II), և որ այդպիսի պարտականությունը պետությունից պահանջում է հակադիր խմբերի միջև փոխադարձ հանդուրժողականության ապահովում (տե՛ս, ի թիվս այլոց, Leyla Şahin-ի վճիռը, վերևում մեջբերված, § 107): Հետևաբար, այդպիսի հանգամանքներում իշխանությունների դերը բազմակարծության վերացման միջոցով լարվածության պատճառի վերացումը չէ, այլ՝ մրցակցող խմբերի միջև հանդուրժողականության ապահովումը (տե՛ս Serif-ն ընդդեմ Հունաստանի, թիվ 38178/97, § 53, ՄԻԵԴ 1999‑IX, տե՛ս նաև Leyla Şahin-ի վճիռը, վերևում մեջբերված, § 107).
128. «Ժողովրդավարական հասարակության» հատկանիշներն են՝ բազմակարծությունը, հանդուրժողականությունը և լայնախոհությունը: Չնայած անձնական շահերը պետք է որոշ դեպքերում ստորադասվեն խմբի շահերին, ժողովրդավարությունը պարզապես չի նշանակում, որ մեծամասնության տեսակետը պետք է մշտապես գերիշխի. պետք է հասնել հավասարակշռության, որով հնարավոր կլինի ապահովել փոքրամասնությունների նկատմամբ արդարացի վերաբերմունքը և նաև խուսափել գերիշխող դիրքի ցանկացած չարաշահումից (տե՛ս, mutatis mutandis, Young-ը, James-ը և Webster-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 13 օգոստոս 1981թ., § 63, Շարք Ա թիվ 44, և Chassagnou-ն և այլոք ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], թիվթիվ 25088/94, 28331/95 և 28443/95, § 112, ՄԻԵԴ 1999‑III): Բազմակարծությունն ու ժողովրդավարությունը պետք է նաև հիմնված լինեն երկխոսության և փոխզիջման ոգու վրա, ինչն անպայմանորեն հանգեցնում է անհատների և անձանց խմբերի կողմից տարբեր ջիզումների, որոնք արդարացված են ժողովրդավարական հասարակության իդեալների և արժեքների պահպանման տեսանկյունից (սե՛ս, mutatis mutandis, Թուրքիայի միացյալ կոմունիստական կուսակցությունը և այլոք վճիռը, վերևում մեջբերված, § 45, և Refah Partisi-ն (the Welfare Party) և այլոք վճիռը, վերևում մեջբերած, § 99): Չնայած «այլ անձանց իրավունքները և ազատությունները» մտնում են Կոնվենցիայով և դրան կից Արձանագրություններով երաշխավորվածների մեջ, պետք է ընդունել, որ դրանք պաշտպանելու անհրաժեշտությունը կարող է հանգեցնի նրան, որ պետությունները սահմանափակեն Կոնվենցիայով նմանապես նախատեսված այլ իրավունքներ կամ ազատություններ: Յուրաքանչյուր անձի հիմնարար իրավունքների միջև հավասակշռության գտնելու մշտական հենց այս որոնումն է, որ հանդիսանում է «ժողովրդավարական հասարակության» հիմքը (տե՛ս Chassagnou-ն և այլոք վճիռը, վերևում մեջբերված, § 113, տե՛ս նաև Leyla Şahin-ի վճիռը, վերևում մեջբերված, § 108):
129. Կարևոր է նաև ընդգծել կոնվենցիոն համակարգի ունեցած սկզբունքորեն օժանդակ դերը: Պետական իշխանություններն օժտված են ժողովրդավարական անմիջական իրավազորությամբ և, ինչպես Դատարանը բազմաթիվ առիթներով հաստատել է, տեղական կարիքներն ու պայմանները գնահատելու հարցում սկզբունքորեն ավելի շահեկան վիճակում են գտնվում, քան միջազգային դատարանը: Ընդհանուր քաղաքականության հարցերով, որոնց շուրջ կարծիքները հիմնավոր կերպով կարող են իրարից խիստ տարբերվել, ներպետական քաղաքականություն մշակողի դերին պետք է հատուկ կշիռ տալ (տե՛ս, օրինակ, Maurice-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], թիվ 11810/03, § 117, ՄԻԵԴ 2005‑IX): Այդպես է, մասնավորապես, այն դեպքերում, երբ խնդրո առարկան վերաբերում է պետության և կրոնների միջև հարաբարություններին (տե՛ս, mutatis mutandis, Cha’are Shalom Ve Tsedek-ի վճիռը, վերևում մեջբերված, § 84, և Wingrove-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 25 նոյեմբեր 1996թ., § 58, Զեկույցներ 1996-V, տե՛ս նաև Leyla Şahin-ի վճիռը, վերևում մեջբերված, § 109): Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածին, ապա պետությանը սկզբունքորեն պետք է տրվի թույլատրելի հայեցողության լայն շրջանակ որոշելու համար՝ արդյոք «անհրաժեշտ» է սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու իրավունքի նկատմամբ սահմանափակում, թե՝ ոչ և եթե այո, ապա՝ ինչ չափով: Այսպիսով, թույլատրելի հայեցողության աստիճանը սահմանագծելով՝ Դատարանը պետք է նաև հաշվի առնի, թե ինչն է վտանգված տվյալ գործով (տե՛ս, ի թիվս այլոց, Manoussakis-ը և այլոք վճիռը, վերևում մեջբերված, § 44, և Leyla Şahin-ի վճիռը, վերևում մեջբերված, § 110): Անհրաժեշտության դեպքում, Դատարանը կարող է նաև հաշվի առնել առկա այն փոխհամաձայնությունն ու համամարդկային արժեքները, որոնք բխում են Կոնվենցիայի անդամ պետությունների գործելակերպից (տե՛ս, օրինակ, Bayatyan-ն ընդդեմ Հայաստանի [ՄՊ], թիվ 23459/03, § 122, ՄԻԵԴ 2011):
130. Դատարանը Leyla Şahin-ի գործով կայացված իր վճռում նշել է, որ դա մասնավորապես այդպես է, երբ այն վերաբերում է կրթական հաստատություններում կրոնական խորհրդանիշներ կրելու կանոնակարգման հարցին, հատկապես՝ հաշվի առնելով այդ հարցի շուրջ ազգային իշխանությունների կողմից որդեգրած մոտեցումների բազմազանությունը: Վկայակոչելով Otto-Preminger-Institut-ն ընդդեմ Ավստրիայի վճիռը (20 սեպտեմբեր 1994թ., § 50, Շարք Ա թիվ 295-Ա) և Dahlab-ն ընդդեմ Շվեյցարիայի որոշումը (թիվ 42393/98, ՄԻԵԴ 2001-V), Դատարանը հավելում է, որ այդպիսով հնարավոր չէր ողջ Եվրոպայում զատորոշել հասարակությունում կրոնի նշանակության վերաբերյալ միասնական մի հայեցակարգ և որ կրոնական հավատքի հրապարակային արտահայտման իմաստն ու ազդեցությունը փոխվելու է ժամանակի և կոնտեքստի հետ: Դատարանը նշել է, որ այս ոլորտը կարգավորող կանոնները երկրից երկիր տարբերվում են, ինչը պայմանավորված է ազգային ավանդույթներով, ինչպես նաև՝ այլ անձանց իրավունքները և ազատությունները պաշտպանելու և հասարակական կարգը պահպանելու անհրաժեշտության պահանջներով: Դատարանը այդպիսով եզրակացրել է, որ նման կանոնների ծավալի և ձևի ընտրության հարցը պետք է անպայմանորեն թողնել շահագրգիռ պետությանը, քանի որ այն հիմնված է ներպետական որոշակի համատեքստի վրա (տե՛ս Leyla Şahin-ի վճիռը, վերևում մեջբերված, § 109):
131. Սակայն, թույլատրելի հայեցողության այս շրջանակը համընթաց քայլում է եվրոպական վերահսկողության հետ, որը տարածվում է օրենքի և այն կիրառող մարմինների որոշումների վրա: Դատարանի խնդիրն է որոշել, թե արդյոք ներպետական մակարդակում ձեռնարկված միջոցները սկզբունքորեն արդարացված էին և համաչափ (տե՛ս, ի թիվս այլոց, Manoussakis-ը և այլոք վճիռը, վերևում մեջբերված, § 44, և Leyla Şahin-ի վճիռը, վերևում մեջբերված, § 110):
(β) Վերոհիշյալ սկզբունքների կիրառությունը նախորդ գործերով
132. Դատարանը հնարավորություն է ունեցել այս սկզբունքների լույսի ներքո քննելու մի շարք գործեր:
133. Դատարանն, այսպիսով, վճռել է պետական դպրոցներում կրոնական խորհրդանիշներ կրելու արգելքի կապակցությամբ, որը կիրառվել էր ուսուցչական կազմի (տե՛ս, inter alia, Dahlab-ի որոշումը, վերևում մեջբերված, և Kurtulmuş-ն ընդդեմ Թուրքիայի (որոշ.), թիվ 65500/01, ՄԻԵԴ 2006-II), ինչպես նաև՝ աշակերտների և ուսանողների նկատմամբ (տե՛ս, inter alia, Leyla Şahin-ի վճիռը, վերևում մեջբերված, Köse-ն և այլոք ընդդեմ Թուրքիայի (որոշ.), թիվ 26625/02, ՄԻԵԴ 2006-II, Kervanci-ն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 31645/04, 4 դեկտեմբեր 2008թ., Aktas-ն ընդդեմ Ֆրանսիայի (որոշ.), թիվ 43563/08, 30 հունիս 2009թ., և Ranjit Singh-ն ընդդեմ Ֆրանսիայի (որոշ.) թիվ 27561/08, 30 հունիս 2009թ.), անվտանգության ստուգման համատեքստում կրոնական իմաստ ունեցող հագուստը հանելու պարտականության (Phull-ն ընդդեմ Ֆրանսիայի (որոշ.), թիվ 35753/03, ՄԻԵԴ 2005-I, և El Morsli-ն ընդդեմ Ֆրանսիայի (որոշ.), թիվ 15585/06, 4 մարտ 2008թ.), և պաշտոնական փաստաթղթերի համար ինքնության լուսանկարներում գլխաբաց երևալու պարտականության առնչությամբ (Mann Singh-ն ընդդեմ Ֆրանսիայի (որոշ.), թիվ 24479/07, 11 հունիս 2007թ.): Դատարանը հիշատակված և ոչ մի գործով 9-րդ հոդվածի խախտում չէր գտել:
134. Դատարանը նաև քննել է երկու գանգատներ, որոնցով դիմումատուները, մասնավորապես, բողոքում էին գործատուների կողմից կիրառված սահմանափակումների վերաբերյալ, համաձայն որոնց նրանց թույլ չէր տրվել տեսանելի ձևով խաչ կրել: Վերջիններս պնդում էին, որ ներպետական օրենսդրությունը բավարար կերպով չէր պաշտպանում իրենց՝ սեփական կրոնը դավանելու իրավունքը: Դիմումատուներից մեկը ավիաընկերության աշխատակից էր, մյուսը՝ բուժքույր (տե՛ս Eweida-ն և այլոք վճիռը, վերևում մեջբերված): Գործերից առաջինը, որով Դատարանը գտել էր 9-րդ հոդվածի խախտում, առավելգույնս է համապատասխանում սույն գործին: Դատարանը գտել էր, inter alia, որ ներպետական դատարանները չափազանց մեծ տեղ են տվել գործատուի՝ որոշակի կորպորատիվ կերպար ունենալու ցանկություններին (չնայած այն բանին, որ Դատարանը դա իրավաչափ էր համարել), երբ դրանք առնչվում էին դիմումատուի՝ իր կրոնական համոզմունքները դավանելու հիմնարար իրավունքի հետ: Այս վերջին հարցի կապակցությամբ, Դատարանը նշել է, որ առողջ ժողովրդավարական հասարակությունում պետք է հանդուրժել և պահպանել բազմակարծությունն ու բազմազանությունը, և որ կարևոր էր, որ անձը, որը կրոնը դարձրել էր իր կյանքի գլխավոր իմաստը, հնարավորություն ունենար իր համոզմունքները հաղորդել այլ անձանց: Դատարանն այնուհետև նշել է, որ խաչը համեստ տեսք ուներ և մարդկանց ուշադրությունը չէր կարող շեղել դիմումատուի մասնագիտական տեսքից: Որևէ ապացույց էլ չկար առ այն, որ նախկինում թույլատրված կրոնական խորհրդանիշների կրումը կարող էր բացասական ազդեցություն ունենալ խնդրո առարկա ավիաընկերության կերպարի վրա: Նշելով, որ պետական իշխանությունները, մասնավորապես՝ դատարանները, գործել են թույլատրելի հայեցողության շրջանակում, երբ կոչված էին գնահատելու մասնավոր ընկերության կողմից իր աշխատակիցների նկատմամբ ձեռնարկած միջոցների համաչափության հարցը, Դատարանն, այնուամենայնիվ, գտել է, որ տեղի է ունեցել 9-րդ հոդվածի խախտում:
135. Դատարանը Ahmet Arslan-ը և այլոք գործով (վերևում մեջբերված) նաև քննել է յուրաքանչյուրի համար բաց համարվող հասարակական վայրերում, օրինակ՝ հանրային փողոցներում և հրապարակներում, կրոնական ծիսակատարություններից դուրս կրոնական որոշակի հագուստ կրելու արգելքի վերաբերյալ հարցը: Խնդրո առարկա հագուստը, որը բնորոշ էր Aczimendi tarikati-ի խմբի համար, բաղկացած էր չալմայից, վարտիքից և տունիկայից՝ բոլորը սևի մեջ, և մականի հետ միասին: Հաշվի առնելով տվյալ գործի հանգամանքները և ներպետական դատարանների կողմից կայացված որոշումները, և հատկապես այն, թե որքանով է կարևոր աշխարհիկության սկզբունքը Թուրքիայի ժողովրդավարական համակարգի համար, Դատարանը ընդունել է, որ միջամտությունը հետապնդել է 9-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված մի շարք իրավաչափ նպատակներ, այն է՝ հասարակական անվտանգության պահպանությունը, հասարակական կարգի և այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Ուստի, Դատարանը գտել է, որ այդ նպատակների լույսի ներքո՝ միջոցի անհրաժեշտությունը չէր հիմնավորվել:
Դատարանն, այդպիսով, նշել է, որ արգելքն իր ազդեցությունն է ունեցել ոչ թե քաղաքացիական այն ծառայողների վրա, ովքեր որոշակի հայեցողություն ունեին իրենց պարտականությունների իրականացման հարցում, այլ՝ շարքային քաղաքացիների վրա, որի արդյունքում քաղաքացիական ծառայողների և մասնավորապես՝ ուսուցիչների նկատմամբ Դատարանի նախադեպային իրավունքը կիրառելի չէր: Դատարանն այնուհետ գտել է, որ արգելքն ուղղված էր այն հագուստին, որը հնարավոր էր կրել հասարակական բոլոր վայրում և ոչ թե՝ որոշակի հանրային շենքերում, որի արդյունքում Դատարանի նախադեպային իրավունքը, որով կարևորվում է այն հատուկ ուշադրությունը, որը պետք է հատկացնել ներպետական քաղաքականություն մշակողի դերին, երբ հարցը վերաբերում է պետական դպրոցներում կրոնական խորհրդանիշներ կրելու հարցին, նույնպես կիրառելի չէր: Ավելին, Դատարանը նշել է, որ գործի նյութերում չկար որևէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ դիմումատուների կողմից իրենց համոզմունքները դավանելու ձևը, այն է՝ յուրահատուկ հագուստ կրելը (նրանք հավաքվել էին մզկիթի առաջ՝ նպատակ ունենալով միայն մասնակցել կրոնական արարողությանը) վտանգավոր էր կամ կարող էր վտանգ ներկայացնել հասարակական կարգի համար կամ այլ անձանց վրա ճնշում գործադրելու ձև էր: Վերջապես, ի պատասխան Թուրքիայի կառավարության այն պնդմանը, որ դիմումատուները հնարավոր է, որ հոգևորսությամբ էին զբաղվում, Դատարանը գտել է, որ որևէ ապացույց չկար, որով կհիմնավորվեր, որ նրանք փորձել են նպաստել իրենց կրոնական համոզմունքների տարածմանը՝ հանրային փողոցներում և հրապարակներում անցորդների վրա անհարկի ճնշում գործադրելով: Հետևաբար, Դատարանը վճռել էր, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում:
136. 9-րդ հոդվածի վերաբերյալ այդ բոլոր գործերից Ahmet Arslan-ը և այլոք գործն է, որ առավել համապատասխանում է սույն գործին: Սակայն, չնայած երկու գործերն առնչվում են կրոնական իմաստ ունեցող հագուստը հասարակական վայրերում կրելու հարցին, սույն գործն էապես տարբերվում է Ahmet Arslan-ի և այլոք գործից այն փաստի ուժով, որ իսլամական փակ երեսքողը (նիկաբ) այն առանձնահատկությունն ունի, որ փակում է ամբողջ երեսը՝ բացառությամբ աչքերի:
(γ) Վերոհիշյալ սկզբունքների կիրառությունը սույն գործով
137. Դատարանը նախ ընդգծում է, որ դիմումատուի և երրորդ կողմ հանդիսացող մի շարք կազմակերպությունների առաջադրած փաստարկն առ այն, որ 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքի 1-ից 3-րդ հոդվածներով նախատեսված արգելքը հիմնված էր այնպիսի մի սխալ ենթադրության վրա, ըստ որի շահագրգիռ կանայք ճնշման տակ են նիկաբ կրում, ըստ էության, գործին չի վերաբերվում: Օրինագծին ուղեկցող բացատրական հուշագրից (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը) հստակ երևում է, որ արգելքի հիմնական նպատակը կանանց պաշտպանելը չէ այնպիսի մի ավանդույթից, որը պարտադրվել է կամ կարող է վնասաբեր լինել նրանց համար:
138. Պարզելով դա, Դատարանը պետք է ստուգի, թե արդյոք վիճարկվող միջամտությունը «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»՝ հասարակական անվտանգության (Կոնվենցիայի 8-րդ և 9-րդ հոդվածների իմաստով, տե՛ս վերևում՝ 115-րդ պարբերությունը) կամ թե՝ «այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության» նպատակով ...
139. Ինչ վերաբերում է հասարակական անվտանգության հետ կապված անհրաժեշտությանը՝ 8-րդ և 9-րդ հոդվածների իմաստով (տե՛ս վերևում՝ 115-րդ պարբերությունը), Դատարանը ենթադրում է, որ պետությունը կարող է կարևոր համարել անձանց ինքնության բացահայտումը՝ կանխելու անձանց և գույքի անվտանգությանը սպառնացող վտանգը և պայքարելու ինքնության հետ կապված խարդախությունների դեմ: Հետևաբար, Դատարանը Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում չի հայտնաբերել այն գործերով, որոնք վերաբերում են անվտանգության ստուգման համատեքստում կրոնական իմաստ ունեցող հագուստը հանելու և պաշտոնական փաստաթղթերի համար ինքնության լուսանկարներում գլխաբաց երևալու պարտականությանը (տե՛ս վերևում՝ 133-րդ պարբերությունը): Սակայն, հաշվի առնելով դրա ազդեցությունն այն կանանց իրավունքների վրա, ովքեր կրոնական պատճառներով ցանկանում են նիկաբ կրել, հասարակական վայրերում երեսը քողարկող հագուստ կրելու համընդհանուր արգելքը կարելի է համարել որպես համաչափ միայն այն դեպքերում, երբ առկա է հասարակական անվտանգության համար ընդհանուր վտանգ: Կառավարությունը չի հիմնավորել, որ 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքով ներկայացված այդ արգելքն ընկնում է այդ դեպքերի տակ: Ինչ վերաբերում է շահագրգիռ կանանց, ապա նրանք այդպիսով ստիպված են ամբողջությամբ հրաժարվել իրենց ինքնության համար կարևոր մի տարրից՝ իրենց կրոնը կամ համոզմունքները դավանելու ընտրված ձևի հետ միասին, մինչդեռ Կառավարության կողմից հիշատակված նպատակը հնարավոր է իրականացնել ընդամենը երեսը ցույց տալու և ինքնությունը բացահայտելու պարտավորության կատարմամբ այն դեպքերում, երբ հաստատված է անձանց և գույքի անվտանգության վտանգը կամ եթե որոշ հանգամանքներ կասկած են առաջացնում, որ տեղի է ունեցել ինքնության հետ կապված խարդախություն: Հետևաբար, հնարավոր չէ հաստատել, որ 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքով նախատեսված համընդհանուր արգելքը Կոնվենցիայի 8-րդ և 9-րդ հոդվածների իմաստով անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հասարակական անվտանգության նպատակի համար:
140. Դատարանն այնուհետև քննության կառնի իր իսկ կողմից իրավաչափ համարված մյուս նպատակով բարձրացվող հարցերը, այն է՝ հասարակական կյանքին ներկայացվող նվազագույն պահանջների պահպանումը որպես «այլ անձանց իրավունքների և ազատությունների» պաշտպանության մի մաս (տե՛ս վերևում՝ 121-122-րդ պարբերությունները):
141. Դատարանը գտնում է, որ իշխանությունները մեծապես կարևորում են այս նպատակը: Դա, մասնավորապես, երևում է օրինագծին ուղեկցող բացատրական հուշագրից, որում նշվում է, որ «[կ]ամավոր և համակարգված կերպով երեսի քողարկումը խնդրահարույց կարող է լինել, քանի որ այն բավականին պարզ ձևով համատեղելի չէ ֆրանսիական հասարակությունում «միասին ապրելու» պահանջների հետ» և որ «[հ]ամակարգված կերպով երեսի քողարկումը հասարակական վայրերում՝ ի տարբերություն եղբայրության իդեալներին, ... չի բավարարում բարեկրթության նվազագույն պահանջին, որն այդքան անհրաժեշտ է սոցիալական փոխհարաբերությունների համար»: ... Եվ, իսկապես, պետության իրավասությունների մեջ են մտնում այնպիսի պայմանների ստեղծումը, երբ մարդիկ կարող են իրենց բազմազանության մեջ ապրել միասին: Բացի այդ, Դատարանը կարող է համաձայնել, որ պետությունը կարող է անհրաժեշտ համարել, այս կապակցությամբ որոշակիորեն կարևորել անձանց միջև փոխհարաբերությունները և գտնել, որ դրա վրա բացասաբար է ազդում այն հանգամանքը, որ որոշ անձինք հասարակական վայրերում թաքցնում են իրենց երեսը: ...
142. Հետևաբար, Դատարանը գտնում է, որ վիճարկվող արգելքը կարող է սկզբունքորեն արդարացված համարվել՝ այնքանով, որ դա երաշխավորում է «միասին ապրելու» պայմանները:
143. Անհրաժեշտ է դեռ պարզել՝ արդյոք արգելքը համաչափ էր այն նպատակին:
144. Դիմումատուի և երրորդ կողմ հանդիսացող մի շարք կազմակերպությունների կողմից ներկայացված որոշ փաստարկներ արժանի են ուշադրության:
145. Առաջին՝ ճշմարիտ է, որ արգելքը տարածվում է կանանց միայն փոքր թվի վրա: Ի թիվս այլ աղբյուրների, Ազգային ժողովի հանձնաժողովի կողմից պատրաստված և 2010թ. հունվարի 26-ին հրապարակված «Երկրի տարածքում փակ երեսքող կրելու մասին» զեկույցից հնարավոր է հետևություն անել, որ 2009 թվականի վերջում Ֆրանսիայում շուրջ 1,900 կանայք իսլամական նիկաբ են կրել, որոնցից շուրջ 270-ը բնակվել են Ֆրանսիայի արտերկրյա վարչական տարածքներում: ... Շուրջ վաթսունհինգ միլիոնանոց ֆրանսիական բնակչության, ինչպես նաև՝ Ֆրանսիայում ապրող մահմեդականների համեմատությամբ, նրանք ընդամենը մի փոքր մաս են կազմում: Հետևաբար, կարծես թե ավելորդ կարող է լինել նման իրավիճակում համընդհանուր արգելքի նախատեսումը:
146. Ավելին, կասկած չկա, որ այդ արգելքն էական բացասական ազդեցություն ունի այն կանանց համար, ովքեր, ինչպես և դիմումատուն, որոշել են կրել նիկաբ իրենց համոզմունքներից ելնելով: Ինչպես նշվել է նախկինում, նրանք այդպիսով կանգնած էին դժվար մի երկընտրանքի առաջ, մինչդեռ արգելքը կարող էր արդյունքում մեկուսացնել նրանց և սահմանափակել իրենց ինքնուրույնությունը, ինչպես նաև խոչընդոտել իրենց համոզմունքները դավանելու ազատության և անձնական կյանքը հարգելու իրավունքի իրականացմանը: Պարզ է նաև, որ շահագրգիռ կանայք կարող են այդ արգելքը ընկալել որպես իրենց ինքնության համար վտանգավոր մի երևույթ:
147. Բացի այդ, անհրաժեշտ է նշել, որ հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտում հայտնի միջազգային և ներպետական դերակատարներից շատերը գտել են, որ համընդհանուր արգելքը համաչափ միջոց չէ: Դրանք են օրինակ՝ Ֆրանսիայի Մարդու իրավունքների ազգային խորհրդատվական հանձնաժողովը ..., երրորդ կողմ հանդիսացող կազմակերպությունների նման ոչ կառավարական կազմակերպությունները, Եվրոպայի խորհրդի խորհրդարանային վեհաժողովը ... և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը ...:
148. Դատարանը նաև տեղեկացված է, որ 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքը՝ դրա մշակման շուրջ ընթացած որոշակի քննարկումների հետ միասին, կարող էր վշտացնել մահմեդական համայնքի որոշ մասին, այդ թվում՝ դրա որոշ անդամներին, ովքեր դեմ են նիկաբ կրելու ավանդույթին:
149. Այս կապակցությամբ, Դատարանը շատ մտահոգված է երրորդ կողմ հանդիսացող որոշ կազմակերպությունների վկայություններով այն մասին, որ 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքի ընդունմանը նախորդող քննարկումների ընթացքում հնչել են իսլամաֆոբ որոշ արտահայտություններ (տե՛ս Գենտի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնի, Ազատություն և Բաց հասարակության իրավական նախաձեռնություն ոչ կառավարական կազմակերպությունների դիտարկումները, վերևում՝ 98-րդ, 100-րդ և 104-րդ պարբերությունները): Անկասկած, Դատարանի խնդիրը չէ որոշել, թե արդյոք օրենսդրության ունենալը ցանկալի է նման դեպքերում: Սակայն, Դատարանը ցանկանում է ընդգծել, որ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկող պետությունը ռիսկի է դիմում նպաստելու այնպիսի կարծրատիպերի համախմբմանը, որոնք ազդում են բնակչության որոշ խմբերի վրա և խրախուսում անհանդուրժողականությունը, այն դեպքում, երբ, դրան հակառակ, պետությունը պետք է խթանի հանդուրժողականությունը (տե՛ս վերևում՝ 128-րդ պարբերությունը, տե՛ս նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի «Տեսակետ»-ը, վերևում՝ 37-րդ պարբերությունը): Դատարանը կրկնում է, որ այն արտահայտությունները, որոնք ընդհանուր առմամբ հանդիսանում են կրոնական կամ էթնիկ խմբի հանդեպ ուժգին հարձակում, անհամատեղելի են հանդուրժողականության, համերաշխության և խտրականության բացառման արժեքների հետ, որոնք ընկած են Կոնվենցիայի հիմքում և չեն ընկնում Կոնվենցիայով պաշտպանվող արտահայտվելու ազատության իրավունքի ներքո (տե՛ս, ի թիվս այլոց, Norwood-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշ.), թիվ 23131/03, ՄԻԵԴ 2004‑XI, և Ivanov-ն ընդդեմ Ռուսաստանի (որոշ.), թիվ 35222/04, 20 փետրվար 2007թ):
150. Այսպիսով, պետք է գնահատվեն գանգատի հիմնավորման համար ներկայացված նաև մյուս փաստարկները:
151. Հետևաբար, թեև ճշմարիտ է, որ այս արգելքն ունի լայն շրջանակ, քանի որ տարածվում է հասարակական բոլոր վայրերի վրա (բացառությամբ պաշտամունքի վայրերի), 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքը չի տարածվում (կրոնական իմաստ ունեցող կամ չունեցող) այնպիսի հագուստ կամ հագուստի ինչ-որ մի տարր հրապարակավ կրելու ազատության վրա, որն առնչություն չունի երեսը քողարկելու հետ: Դատարանը տեղեկացված է այն փաստի մասին, որ վիճարկվող արգելքը գլխավորապես ազդեցություն ունի մահմեդական այն կանանց վրա, ովքեր ցանկություն ունեն նիկաբ կրել: Սակայն, Դատարանը գտնում է, որ որոշակի նշանակություն ունի նաև այն, որ արգելքն ուղղակիորեն հիմնված չէ վիճարկվող հագուստի կրոնական իմաստի վրա, այլ՝ միայն այն փաստի, որ այն թաքցնում է երեսը: Դրանով է, որ սույն գործը տարբերվում է Ahmet Arslan-ը և այլոք գործից (վերևում մեջբերված):
152. Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ արգելքը քրեական պատժամիջոցներ է ենթադրում, ապա այն, անկասկած, մեծացնում է միջոցի ազդեցությունը բոլոր հասցեատերերի համար: Անշուշտ հասկանալի է, որ հասարակական վայրում երեսը քողարկելու համար քրեական հետապնդման ենթարկվելու գաղափարը վնաս է հասցնում այն կանանց, ովքեր իրենց համոզմունքներից ելնելով որոշել են նիկաբ կրել: Սակայն, պետք է նաև հաշվի առնել, որ Օրենքը մշակողների կողմից ներկայացված պատժամիջոցներն ամենաթեթևներից էին, որը հնարավոր էր նախատեսել, քանի որ դրանց կազմի մեջ էր մտնում տուգանքը՝ երկրորդ կարգի ոչ մեծ ծանրության հանցանքների համար սահմանված տոկոսադրույքով (ներկայումս՝ առավելագունը 150 եվրո), իսկ դատարանն էլ, ի լրումն տուգանքի կամ դրա փոխարեն, կարող է պարտավորեցնել քաղաքացիության դասընթաց անցնել:
153. Բացի այդ, դատարանն ընդունում է, որ, ինչպես դիմումատուն էր նշել, արգելելով հասարակական վայրերում այնպիսի հագուստ կրելը, որը քողարկում է երեսը, պատասխանող պետությունը որոշակիորեն սահմանափակում է բազմակարծությունը, քանի որ այդ արգելքը խոչընդոտում է որոշ կանանց՝ հրապարակավ երեսքող կրելու միջոցով դրսևորելու իրենց անհատականությունը և համոզմունքները: Սակայն, Կառավարությունն իր հերթին նշել է, որ դա մի այնպիսի պրակտիկային արձագանքելու հարց էր, որն ըստ պետության տեսակետի՝ անհամատեղելի էր ֆրանսիական հասարակությունում սոցիալական փոխհարաբերությունների հիմնական կանոնների և ավելի լայն իմաստով՝ «միասին ապրելու» պահանջների հետ: Այդ տեսանկյունից պատասխանող պետությունը պաշտպանում է անձանց միջև փոխադարձ շփումների սկզբունքը, որը նրանց կարծիքով էական նշանակություն ունի ոչ միայն բազմակարծության, այլ նաև՝ հանդուրժողականության և լայնախոհության արտահայտման համար, առանց որի գոյություն չունի ժողովրդավարական հասարակությունը (տե՛ս վերևում՝ 128-րդ պարբերությունը): Այսպիսով, կարելի է պնդել, որ այն հարցը՝ արդյոք պետք է թույլ տալ հասարակական վայրերում նիկաբ կրել, թե՝ ոչ, հասարակության ընտրության հարցն է:
154. Նման հանգամանքներում Դատարանը պարտավոր է որոշակի զսպվածություն ցույց տալ Կոնվենցիայի համապատասխանության հարցը քննելիս, քանի որ նման քննությունը կհանգեցնի խնդրո առարկա հասարակությունում ժողովրդավարական գործընթացի միջոցով հավասարակշռության պահպանման գնահատմանը: Բացի այդ, Դատարանն արդեն առիթ ունեցել է նշելու, որ ընդհանուր քաղաքականության հարցերում, որոնց վերաբերյալ կարծիքները ժողովրդավարական հասարակությունում կարող են ողջամտորեն իրարից խիստ տարբերվել, ազգային մակարդակով քաղաքականության մշակողի դերին անհրաժեշտ է հատուկ տեղ տալ (տե՛ս վերևում՝ 129-րդ պարբերությունը):
155. Այլ կերպ ասած, Ֆրանսիան սույն գործով ուներ թույլատրելի հայեցողության լայն շրջանակ:
156. Դա հատկապես ճիշտ է, քանի որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև հրապարակավ նիկաբ կրելու հարցի շուրջ ընդհանուր քիչ եզրեր կան (տե՛ս, mutatis mutandis, X-ը, Y-ը և Z-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 22 ապրիլ 1997թ., § 44, Զեկույցներ 1997‑II): Հետևաբար, Դատարանը գտնում է, որ երրորդ կողմ հանդիսացող կազմակերպություններից մեկի դիտողություններին հակառակ (տե՛ս վերևում՝ 105-րդ պարբերությունը), նման արգելքի վերաբերյալ չկա եվրոպական համաձայնություն: Ուստի, խիստ նորմատիվային տեսանկյունից Ֆրանսիան Եվրոպայում մեկուսի դրության մեջ է գտնվում. բացառությամբ Բելգիայի՝ Եվրոպայի խորհրդի այլ անդամ պետություններից ոչ մեկը մինչ օրս նման միջոց չի ընտրել: Սակայն հարկ է նշել, որ հրապարակավ նիկաբ կրելու հարցը եղել է կամ ներկույմս էլ քննարկման առարկա է եվրոպական մի շարք պետություններում: Մի շարք պետություններում որոշում է կայացվել չընդունել այդպիսի համընդհանուր արգելք: Մյուս պետություններում նման արգելք ընդունելու անհրաժեշտությունը դեռ քննարկվում է (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը): Հարկ է ավելացնել, որ, ամենայն հավանականությամբ, հրապարակավ նիկաբ կրելու հարցն որոշ անդամ պետություններում, որտեղ այդ ավանդույթը հազվադեպ բնույթ է կրում, բնավ խնդիր չէ: Ուստի, կարելի է պնդել, որ Եվրոպայում համաձայնություն չկա այն հարցի շուրջ, թե արդյոք հասարակական վայրերում նիկաբ կրելու նման համընդհանուր արգելքն անհրաժեշտ է, թե՝ ոչ:
157. Ուստի, հաշվի առնելով, մասնավորապես, պատասխանող պետությանը սույն գործով շնորհված թույլատրելի հայեցողության լայն շրջանակը, Դատարանը գտնում է, որ 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքով նախատեսված այդ արգելքը կարող է համաչափ դիտվել հետապնդվող նպատակի նկատմամբ, այն է՝ «միասին ապրելու» պայմանների պահպանմանը՝ որպես «այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության» մի տարր:
158. Ուստի, վիճարկվող սահմանափակումը կարող է համարվել որպես «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»: Այս եզրակացությունը հավասարապես կիրառելի է ինչպես Կոնվենցիայի 8-րդ հոդվածի, այնպես էլ՝ 9-րդ հոդվածի նկատմամբ:
159. Համապատասխանաբար, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի կամ 9-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
(բ) Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ենթադրյալ խախտում՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի կամ 9-րդ հոդվածի հետ համակցությամբ
160. Դատարանը նշում է, որ դիմումատուն բողոքում էր անուղղակի խտրականության վերաբերյալ: Այս կապակցությամբ Դատարանը գտնում է, որ մահմեդական կինը, ով, կրոնական պատճառներից ելնելով, ցանկանում է հրապարակավ նիկաբ կրել, պատկանում է անձանց այն խմբին, ովքեր հատկապես խոցելի են վիճարկվող արգելքի և այն պատժամիջոցների մասով, որոնք դրանով նախատեսված են:
161. Դատարանը կրկնում է, որ ընդհանուր քաղաքականությունը կամ միջոցը, որն անհամաչափ կանխակալ ազդեցություն ունի որոշակի խմբի համար, կարող է համարվել որպես խտրական, նույնիսկ եթե այն հատուկ նախատեսված չէ այդ խմբի համար և նաև նույնիսկ եթե բացակայում է խտրական մտադրությունը (տե՛ս, ի թիվս այլոց, D.H.-ը և այլոք ընդդեմ Չեխիայի Հանրապետության [ՄՊ], թիվ 57325/00, §§ 175 և 184-185, ՄԻԵԴ 2007-IV): Սակայն, դա ճշմարիտ է միայն այն դեպքերում, երբ նման քաղաքականությունը կամ միջոցը չունի «օբյեկտիվ և ողջամիտ» հիմնավորում, երբ այն չի հետապնդում «իրավաչափ նպատակ» կամ երբ «համաչափության ողջամիտ կապ» չկա կիրառված միջոցների և դրանով իսկ իրականացվող նպատակի միջև (նույն տեղում, § 196): Սույն գործով, թեև հնարավոր է պնդել, որ 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքով նախատեսված արգելքն որոշակի բացասական հետևանքներ ունի մահմեդական կանանց համար, ովքեր, կրոնական պատճառներով, ցանկանում են հրապարակավ նիկաբ կրել, այս միջոցը՝ վերևում նշված պատճառներով, ունի օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում (տե՛ս վերևում՝ 144-159-րդ պարբերությունները):
162. Համապատասխանաբար, Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի կամ 9-րդ հոդվածի հետ համակացությամբ, տեղի չի ունեցել:
...
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ՝
...
3. Վճռում է, ձայների տասնհինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել.
4. Վճռում է, ձայների տասնհինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել.
5. Վճռում է, միաձայն, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի կամ 9-րդ հոդվածի հետ համակցությամբ խախտում տեղի չի ունեցել.
...
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն, կայացվել է 2014թ. հուլիսի 1-ին հրապարակային նիստում, որը տեղի է ունեցել Մարդու Իրավունքների Դատարանի շենքում՝ Ստրասբուրգում:
Erik FriberghDean Spielmann
ՔարտուղարՆախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն` սույն վճռին կից ներկայացվում է Դատարանի մեծամասնության դիրքորոշման հետ մասամբ չհամընկնող՝ դատավորներ Nußberger-ի և Jäderblom-ի համատեղ հատուկ կարծիքը:
D.S.
E.F.
Հատուկ կարծիքները» չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակում կամ տարբերակներում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայում` HUDOC-ում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy