© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 176
2014թ. հուլիս
S.A.S.-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] - 43835/11
Վճիռ 01.07.2014թ. [ՄՊ]
Հոդված 8
Հոդված 8-1
Անձնական կյանքը հարգելու իրավունք
Կրոնական իմաստ ունեցող երեսքող կրելու արգելքը հասարակական վայրերում. խախտում չկա
Հոդված 9
Հոդված 9-1
Կրոնը կամ համոզմունքը դավանելը
Կրոնական իմաստ ունեցող երեսքող կրելու արգելքը հասարակական վայրերում. խախտում չկա
Հոդված 14
Խտրականության արգելում
Կրոնական իմաստ ունեցող երեսքող կրելու արգելքը հասարակական վայրերում. խախտում չկա
Փաստեր. Դիմումատուն բարեպաշտ մահմեդական է, ով, իր հավատքից, մշակույթի և սեփական համոզմունքներից ելնելով կրում է բուրքա և նիկաբ, որը քողարկում է իր ամբողջ մարմինը՝ միայն աչքերի համար բացվածք թողնելով: Նա նշել է, որ այդ հագուստը կրում էր ինչպես հասարակական վայրերում, այնպես էլ առանձնացած, որը սակայն կանոնավոր բնույթ չէր կրում: Ուստի, նա համաձայն էր որոշակի հանգամանքներում նիկաբը չկրել, սակայն գերադասում էր ընտրելու հրանավորություն ունենալ այն կրելու օգտին: Եվ վերջապես, դրանով նա չէր փորձում այլոց վրդովմունքն առաջացնել, այլ այդպես էր վարվում միայն ներքին խաղաղություն զգալու նպատակով: 2011թ. ապրիլի 11-ից սկսած՝ Ֆրանսիայի ողջ տարածքում ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 11-ին ընդունված թիվ 2010-1192 Օրենքը, որով ցանկացած անձի արգելվել է հասարակական վայրերում երեսը թաքցրած շրջելը:
Իրավունք. Հոդված 8 և Հոդված 9՝ Հրապարակավ երեսը քողարկող հագուստ կրելու արգելքն առաջ է քաշում հարցեր կանանց՝ անձնական կյանքի հարգելու իրավունքի վերաբերյալ (Կոնվենցիայի 8-րդ հոդված), այն դեպքերում երբ իրենց համոզմունքների հետ կապված պատճառներով վերջիններս ցանկանում են նիկաբ կրել, և քանի դեռ այդ արգելքը քննադատվում է որոշակի անձանց կողմից, ովքեր, ինչպես դիմումատուն, բողոքում են, որ դրա արդյունքում իրենց արգելվել է հասարակական վայրերում կրել այնպիսի հագուստ, որն իրենց կրոնական ավանդույթներով է պահանջվում, այն հիմնականում առնչվում է սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատության խնդրին (9-րդ հոդված):
2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքը դիմումատուին կանգնեցում է երկընտրանքի առաջ, այն է. նա կա՛մ ենթարկվում է արգելքին և այդպիսով չի կրում այնպիսի հագուստ, որը համապատասխանում է կրոնի մասին իր մոտեցմանը կա՛մ հրաժարվում է կատարել արգելքի պահանջները և կանգնում քրեական պատժամիջոցների առաջ:* Հետևաբար, սույն գործով տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ և 9-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքների իրականացման նկատմամբ «միջամտություն» կամ «սահմանափակում»:
Կառավարությունը պնդում էր, որ միջամտությունը հետապնդում էր իրավաչափ երկու նպատակ, այն է՝ «հասարակական անվտանգությունը» և «բաց և ժողովրդավարական հասարակության նվազագույն արժեքների նկատմամբ հարգանքը»: Սակայն, 8-րդ և 9-րդ հոդվածների երկրորդ պարբերությունն ուղղակիորեն չի հիշատակում այդ նպատակներից երկրորդը կամ այդ առնչությամբ Կառավարության կողմից նշված երեք արժեքների մասին:
Դատարանը ընդունում է, որ վիճարկվող արգելքն ընդունելիս օրենսդիրը նպատակ է ունեցել անդրադառնալ Կոնվենցիայի 8-րդ և 9-րդ հոդվածների երկրորդ պարբերության իմաստով «հասարակական անվտանգության» հետ կապված հարցերին:
Ինչ վերաբերում է այդ նպատակներից երկրորդին, այն է՝ «բաց և ժողովրդավարական հասարակության նվազագույն արժեքների նկատմամբ հարգանքի»** ապահովմանը, ապա Դատարանին համոզիչ չեն թվում Կառավարության փաստարկները, որոնք ներկայացվել են տղամարդկանց և կանանց միջև հավասարությունը հարգելու առնչությամբ: Անդամ պետությունը չի կարող վկայակոչել գենդերային հավասարությունը, որպեսզի արգելի այն ավանդույթը, որը պաhպանվում է դիմումատուի վիճակում հայտնված կանանց կողմից` այդ դրույթներով սահմանված իրավունքների իրականացման համատեսքում, քանի դեռ դա չէր նշանակի, որ այդ կերպ անձինք չեն կարող իրականացնել իրենց հիմնարար իրավունքները և ազատությունները: Բացի այդ, եթե Կառավարությունը այդպիսով հիմնավորում է, որ որոշ կանանց կողմից նիկաբ կրելը ցնցել է ֆրանսիական բնակչության մեծ մասին, քանի որ այն խախտում էր Ֆրանսիայում, ընդհանուր առմամբ, ընդունված գենդերային հավասարության սկզբունքը, Դատարանը հղում է կատարում Կառավարության կողմից վկայակոչված մյուս երկու արժեքների վերաբերյալ տրված իր հիմնավորմանը (ստորև):
Երկրորդ՝ մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը չի կարող իրավացիորեն արդարացնել հրապարակավ նիկաբ կրելու համընդհանուր արգելքը: Խնդրո առարկա հագուստը տարօրինակ կերպով է ընկալվում այն տեսնողներից շատերի կողմից, սակայն այն հանդիսանում է մշակութային ինքնության մի արտահայտչամիջոց, որը նպաստում է ժողովրդավարության համար բնորոշ բազմակարծության կայացմանը:
Երրորդ՝ որոշ պայմանների բավարարման դեպքում՝ Կառավարության կողմից նշված «հասարակությունում ապրելու նվազագույն պահանջների նկատմամբ հարգանքը» կամ «միասին ապրելու» սկզբունքը, ինչպես որ ներկայացված է օրինագծին ուղեկցող բացատրական հուշագրում կարող է վերաբերվել «այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության» իրավաչափ նպատակին: Պատասխանող Կառավարությունը գտնում է, որ մարդու երեսը կարևոր դեր է խաղում նրա սոցիալական փոխհարաբերություններում: Հետևաբար, Դատարանն ընդունում է, որ երեսքողի միջոցով այլ անձանց դեմ ուղղված պատնեշը պատասխանող պետության կողմից դիտվում է որպես սոցիալականացման տարածությունում այլ անձանց ապրելու իրավունքի խախտում, որը միասին ապրելը ավելի դյուրին է դարձնում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով «միասին ապրելու» հասկացության ճկունությունը և դրա արդյունքում հնարավոր չարաշահումների վտանգը, Դատարանը պետք է մանրակրկիտ կերպով քննի վիճարկվող սահմանափակման անհրաժեշտության հարցը:
Նախ՝ օրինագծին ուղեկցող բացատրական հուշագրից հստակ երևում է, որ արգելքի հիմնական նպատակը կանանց պաշտպանելը չէ այնպիսի մի ավանդույթից, որը պարտադրվել է կամ կարող է վնասաբեր լինել նրանց համար:
Ինչ վերաբերում է հասարակական անվտանգության հետ կապված անհրաժեշտությանը՝ 8-րդ և 9-րդ հոդվածների իմաստով, Դատարանը ենթադրում է, որ պետությունը կարող է կարևոր համարել անձանց ինքնության բացահայտումը՝ կանխելու անձանց և գույքի անվտանգությանը սպառնացող վտանգը և պայքարելու ինքնության հետ կապված խարդախությունների դեմ: Սակայն, հաշվի առնելով դրա ազդեցությունն այն կանանց իրավունքների վրա, ովքեր կրոնական պատճառներով ցանկանում են նիկաբ կրել, հասարակական վայրերում երեսը քողարկող հագուստ կրելու համընդհանուր արգելքը կարելի է համարել որպես համաչափ միայն այն դեպքերում, երբ առկա է հասարակական անվտանգության համար ընդհանուր վտանգ: Կառավարությունը չի հիմնավորել, որ 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքով ներկայացված այդ արգելքն ընկնում է այդ դեպքերի տակ: Ինչ վերաբերում է շահագրգիռ կանանց, ապա նրանք այդպիսով ստիպված են ամբողջությամբ հրաժարվել իրենց ինքնության համար կարևոր մի տարրից՝ իրենց կրոնը կամ համոզմունքները դավանելու ընտրված ձևի հետ միասին, մինչդեռ Կառավարության կողմից հիշատակված նպատակը հնարավոր է իրականացնել ընդամենը երեսը ցույց տալու և ինքնությունը բացահայտելու պարտավորության կատարմամբ այն դեպքերում, երբ հաստատված է անձանց և գույքի անվտանգության վտանգը կամ եթե որոշ հանգամանքներ կասկած են առաջացնում, որ տեղի է ունեցել ինքնության հետ կապված խարդախություն: Հետևաբար, հնարավոր չէ հաստատել, որ 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքով նախատեսված համընդհանուր արգելքը Կոնվենցիայի 8-րդ և 9-րդ հոդվածների իմաստով անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հասարակական անվտանգության նպատակի համար:
Դատարանն այնուհետև քննել է իր իսկ կողմից իրավաչափ համարված մյուս նպատակով բարձրացվող հարցերը, այն է՝ հասարակական կյանքին ներկայացվող նվազագույն պահանջների պահպանումը որպես «այլ անձանց իրավունքների և ազատությունների» պաշտպանության մի մաս: Դատարանը գտնում է, որ վիճարկվող արգելքը կարող է սկզբունքորեն արդարացված համարվել՝ այնքանով, որ դա երաշխավորում է «միասին ապրելու» պայմանները:
Հաշվի առնելով շուրջ վաթսունհինգ միլիոնանոց ֆրանսիական բնակչության, ինչպես նաև՝ Ֆրանսիայում ապրող մահմեդականների համեմատությամբ դիմումատուի դրության մեջ հայտնված կանանց թիվը (1,900), կարծես թե ավելորդ կարող է լինել նման իրավիճակում համընդհանուր արգելքի նախատեսումը: Ավելին, կասկած չկար, որ այդ արգելքն էական բացասական ազդեցություն ունի այն կանանց համար, ովքեր, ինչպես և դիմումատուն, որոշել են կրել նիկաբ իրենց համոզմունքներից ելնելով: Հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտում հայտնի միջազգային և ներպետական դերակատարներից շատերը գտել են, որ համընդհանուր արգելքը համաչափ միջոց չէ: 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքը՝ դրա մշակման շուրջ ընթացած որոշակի քննարկումների հետ միասին, կարող էր վշտացնել մահմեդական համայնքի որոշ մասին, այդ թվում՝ դրա որոշ անդամներին, ովքեր դեմ են նիկաբ կրելու ավանդույթին: Այս կապակցությամբ, Դատարանը շատ մտահոգված է երրորդ կողմ հանդիսացող որոշ կազմակերպությունների վկայություններով այն մասին, որ 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքի ընդունմանը նախորդող քննարկումների ընթացքում հնչել են իսլամաֆոբ որոշ արտահայտություններ: Անկասկած, Դատարանի խնդիրը չէ որոշել, թե արդյոք օրենսդրության ունենալը ցանկալի է նման դեպքերում: Սակայն, Դատարանը ցանկանում է ընդգծել, որ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկող պետությունը ռիսկի է դիմում նպաստելու այնպիսի կարծրատիպերի համախմբմանը, որոնք ազդում են բնակչության որոշ խմբերի վրա և խրախուսում անհանդուրժողականությունը, այն դեպքում, երբ, դրան հակառակ, պետությունը պետք է խթանի հանդուրժողականությունը: Այն արտահայտությունները, որոնք ընդհանուր առմամբ հանդիսանում են կրոնական կամ էթնիկ խմբի հանդեպ ուժգին հարձակում, անհամատեղելի են հանդուրժողականության, համերաշխության և խտրականության բացառման արժեքների հետ, որոնք ընկած են Կոնվենցիայի հիմքում և չեն ընկնում Կոնվենցիայով պաշտպանվող արտահայտվելու ազատության իրավունքի ներքո:
Բացի այդ, 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքը չի տարածվում (կրոնական իմաստ ունեցող կամ չունեցող) այնպիսի հագուստ կամ հագուստի ինչ-որ մի տարր հրապարակավ կրելու ազատության վրա, որն առնչություն չունի երեսը քողարկելու հետ: Վիճարկվող արգելքը գլխավորապես ազդեցություն ունի մահմեդական այն կանանց վրա, ովքեր ցանկություն ունեն նիկաբ կրել: Սակայն, արգելքն ուղղակիորեն հիմնված չէ վիճարկվող հագուստի կրոնական իմաստի վրա, այլ՝ միայն այն փաստի, որ այն թաքցնում է երեսը:***
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ արգելքը քրեական պատժամիջոցներ է ենթադրում, ապա օրենսդրի կողմից ներկայացված պատժամիջոցներն ամենաթեթևներից էին, որը հնարավոր էր նախատեսել, քանի որ դրանց կազմի մեջ էր մտնում տուգանքը՝ երկրորդ կարգի ոչ մեծ ծանրության հանցանքների համար սահմանված տոկոսադրույքով (ներկայումս՝ առավելագունը 150 եվրո), իսկ դատարանն էլ, ի լրումն տուգանքի կամ դրա փոխարեն, կարող է պարտավորեցնել քաղաքացիության դասընթաց անցնել:
Արգելելով հասարակական վայրերում այնպիսի հագուստ կրելը, որը քողարկում է երեսը, պատասխանող պետությունը որոշակիորեն սահմանափակում է բազմակարծությունը, քանի որ այդ արգելքը խոչընդոտում է որոշ կանանց՝ հրապարակավ երեսքող կրելու միջոցով դրսևորելու իրենց անհատականությունը և համոզմունքները: Սակայն, Կառավարությունն նշել է, որ դա մի այնպիսի պրակտիկային արձագանքելու հարց էր, որն ըստ պետության տեսակետի՝ անհամատեղելի էր ֆրանսիական հասարակությունում սոցիալական փոխհարաբերությունների հիմնական կանոնների և ավելի լայն իմաստով՝ «միասին ապրելու» պահանջների հետ: Այդ տեսանկյունից պատասխանող պետությունը պաշտպանում է անձանց միջև փոխադարձ շփումների սկզբունքը, որը նրանց կարծիքով էական նշանակություն ունի ոչ միայն բազմակարծության, այլ նաև՝ հանդուրժողականության և լայնախոհության արտահայտման համար, առանց որի գոյություն չունի ժողովրդավարական հասարակությունը: Այսպիսով, կարելի է պնդել, որ այն հարցը՝ արդյոք պետք է թույլ տալ հասարակական վայրերում նիկաբ կրել, թե՝ ոչ, հասարակության ընտրության հարցն է:
Նման հանգամանքներում Դատարանը պարտավոր է որոշակի զսպվածություն ցույց տալ Կոնվենցիայի համապատասխանության հարցը քննելիս, քանի որ նման քննությունը կհանգեցնի խնդրո առարկա հասարակությունում ժողովրդավարական գործընթացի միջոցով հավասարակշռության պահպանման գնահատմանը: Ընդհանուր քաղաքականության հարցերում, որոնց վերաբերյալ կարծիքները ժողովրդավարական հասարակությունում կարող են ողջամտորեն իրարից խիստ տարբերվել, ազգային մակարդակով քաղաքականության մշակողի դերին անհրաժեշտ է հատուկ տեղ տալ: Հետևաբար, Ֆրանսիան սույն գործով ուներ թույլատրելի հայեցողության լայն շրջանակ:
Դա հատկապես ճիշտ է, քանի որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև հրապարակավ նիկաբ կրելու հարցի շուրջ ընդհանուր քիչ եզրեր կան: Թեև, խիստ նորմատիվային տեսանկյունից Ֆրանսիան Եվրոպայում մեկուսի դրության մեջ է գտնվում, հարկ է նշել, որ հրապարակավ նիկաբ կրելու հարցը եղել է կամ ներկույմս էլ քննարկման առարկա է եվրոպական մի շարք պետություններում: Բացի այդ, հրապարակավ նիկաբ կրելու հարցն որոշ անդամ պետություններում, որտեղ այդ ավանդույթը հազվադեպ բնույթ է կրում, բնավ խնդիր չէ:
Ուստի, հաշվի առնելով, մասնավորապես, պատասխանող պետությանը սույն գործով շնորհված թույլատրելի հայեցողության լայն շրջանակը, Դատարանը գտնում է, որ 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքով նախատեսված այդ արգելքը կարող է համաչափ դիտվել հետապնդվող նպատակի նկատմամբ, այն է՝ «միասին ապրելու» պայմանների պահպանմանը՝ որպես «այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության» մի տարր: Հետևաբար, վիճարկվող սահմանափակումը կարող է համարվել որպես «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»: Այս եզրակացությունը հավասարապես կիրառելի է ինչպես Կոնվենցիայի 8-րդ հոդվածի, այնպես էլ՝ 9-րդ հոդվածի նկատմամբ:
Եզրակացություն. խախտում չկա (ձայների տասնհինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 14՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի և 9-րդ հոդվածի հետ համակցությամբ՝ Դիմումատուն բողոքում էր անուղղակի խտրականության վերաբերյալ: Մահմեդական կինը, ով, կրոնական պատճառներից ելնելով, ցանկանում է հրապարակավ նիկաբ կրել, պատկանում է անձանց այն խմբին, ովքեր հատկապես խոցելի են վիճարկվող արգելքի և այն պատժամիջոցների մասով, որոնք դրանով նախատեսված են:
Ընդհանուր քաղաքականությունը կամ միջոցը, որն անհամաչափ կանխակալ ազդեցություն ունի որոշակի խմբի համար, կարող է համարվել որպես խտրական, նույնիսկ եթե այն հատուկ նախատեսված չէ այդ խմբի համար և նաև նույնիսկ եթե բացակայում է խտրական մտադրությունը: Սակայն, դա ճշմարիտ է միայն այն դեպքերում, երբ նման քաղաքականությունը կամ միջոցը չունի «օբյեկտիվ և ողջամիտ» հիմնավորում, երբ այն չի հետապնդում «իրավաչափ նպատակ» կամ երբ «համաչափության ողջամիտ կապ» չկա կիրառված միջոցների և դրանով իսկ իրականացվող նպատակի միջև: Սույն գործով, թեև հնարավոր է պնդել, որ 2010թ. հոկտեմբերի 11-ի Օրենքով նախատեսված արգելքն որոշակի բացասական հետևանքներ ունի մահմեդական կանանց համար, ովքեր, կրոնական պատճառներով, ցանկանում են հրապարակավ նիկաբ կրել, այս միջոցը ունի օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
* Տե՛ս Dudgeon-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 7525/76, 22 հոկտեմբեր 1981թ.:
** Տե՛ս Leyla Şahin-ն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], 44774/98, 10 նոյեմբեր 2005թ., Նախադեպային տեղեկատու թիվ 80, և Ahmet Arslan-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի, 41135/98, 23 փետրվար 2010թ., Նախադեպային տեղեկատու թիվ 127:
*** Հակադրե՛ք Ahmet Arslan-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի, մեջբերված գործում:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy