© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՆԱԽԿԻՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՍԱՇՈ ԳՈՐԳԻԵՎՆ ԸՆԴԴԵՄ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՐԱՎՍԼԱՎԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
(գանգատ թիվ 49382/06)
ՎՃԻՌ
(Քաղվածք)
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
19 Ապրիլի 2012թ
ՎԵՐՋՆԱԿԱՆ
19/07/2012
Սաշո Գորգիևն ընդդեմ Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետության գործով
Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը (նախկին հինգերորդ բաժանմունք) հետևյալ կազմով.
Պիր Լորենզեն (Peer Lorenzen), Նախագահ
Կարել Յունգվիրտ (Karel Jungwiert),
Մարկ Վիլլիգեր (Mark Villiger),
Իզաբել Բերրո-Լեֆևր ( Isabelle Berro-Lefèvre),,
Միրյանա Լազարովա Տրայկովսկա (Mirjana Lazarova Trajkovska),
Ժաննա Յուդկիվսկա (Ganna Yudkivska),
Ջուլիա Լաֆրանկ ( Julia Laffranque), դատավորներ
և Կլաուդիա Վեստերդեկ (Claudia Westerdiek) Բաժանմունքի Քարտուղար
2012թ մարտի 27-ին կայացած դռնփակ նիստում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ Գործը սկիզբ է առել 2006թ. նոյեմբերիի 27-ին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Մակեդոնիայի քաղաքացի` պարոն Սաշո Գորգիևի (դիմումատու) կողմից ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության բերված թիվ 49382/06 գանգատի հիման վրա: Դիմումատուին ներկայացնում էր Սկոպյեում գործող իրավաբան պարոն Պ. Շիլեգովը: Մակեդոնիայի կառավարությանը («Կառավարություն») ներկայացնում էր ներկայացուցիչ տիկին Ռ. Լազարսկա Գերովսկան: Դիմումատուն պնդել է մասնավորապես, որ պետությունը Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն պատասխանատու է պետության ներկայացուցիչ Ռ.Դ.-ի կողմից իր դեմ կիրառված կյանքի համար վտանգավոր գործողության համար: 2009թ Հոկտեմբերի 5-ին Հինգերորդ բաժանմունքի Նախագահը որոշեց այս բողոքը փոխանցել Կառավարությանը և Դատարանի Կանոնակարգի 41-րդ կանոնի համաձայն դիմումին նախապատվություն շնորհել: Որոշվեց նաև որոշում կայացնել դիմումի ընդունելիության և էության վերաբերյալ միևնույն ժամանակ:
ՓԱՍՏԵՐԸ
ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Դիմումատուն ծնվել է 1972թ և բնակվում է Սկոպյեում:
Ա. Գործի նախապատմությունը
Դիմումատուն աշխատել է որպես մատուցող` Սկոպյեի բարերից մեկում: 2002թ հունվարի 6-ին` առավոտյան ժամը 3.50-ին, ոստիկանության պահեստային Ռ. Դ.-ն բարում կրակոց է արձակել` վիրավորելով դիմումատուին կրծքավանդակի շրջանում: 2002թ սեպտեմբերի 12-ին Սկոպյեի Կլինիկական կենտրոնի կողմից տրված բժշկական եզրակացության համաձայն դիմումատուն անհապաղ ընդունվել է «ծանր» վիճակում: Պատճառված վնասվածքները նկարագրված էին հետևյալ կերպ. աջ անրակի և չորս ողերի կոտրվածք, ենթանրակային զարկերակի վնասվածք, ներքին արնահոսություն և ուսագոտու նյարդային հյուսվածքի նոպա: Նրա աջ ձեռքը պարալիզված էր: Եզրակացությունը հետևյալն է. դիմումատուին պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք` շարունակական հետևանքներով: Նա երկու անգամ վիրահատվել է, որից երկրորդ անգամը 2002թ ապրիլին Սերբիայում` Բելգրադի Կլինիկական հիվանդանոցում:
Բ. Ռ. Դ. –ի նկատմամբ քրեական գործով վարույթը
2003թ մարտի 27-ին Սկոպյեի առաջին ատյանի դատարանը («առաջին ատյանի դատարան») Ռ. Դ.–ի բացակայությամբ մեղադրական դատավճիռ կայացրեց նրա դեմ «հանրային անվտանգության դեմ ուղղված ծանր հանցանքների համար» (тешки дела против општата сигурност): Նա դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Ռ. Դ.–ի, դիմումատուի և վեց վկաների բանավոր ցուցմունքները և լսելուց և այլ նյութական ապացույցներն ուսումնասիրելուց հետո դատարանը վճռել է, որ Ռ. Դ.–ն ալկոհոլի ազդեցության ներքո առանց դիտավորության սեղմել է իր ծառայողական ատրճանակի ձգանը և կրակել է իրենից մեկ մետր հեռավորության վրա գտնվող դիմումատուի վրա: Դիմումատուին խորհուրդ է տրվել հարուցել վնասների փոխհատուցման պահանջով առանձին քաղաքացիական հայց: Որոշումը ուժի մեջ է մտել 2003թ մայիսի 8-ին : Ռ. Դ.-ն 2008թ հունիսի 6-ին սկսել է կրել իր պատիժը: 2008թ հունիսի 23-ին Ռ. Դ.-ի դիմումի համաձայն առաջին ատյանի դատարանը վերսկսել է դատավարությունը: 2009թ մարտի 12-ին առաջին ատյանի դատարանը կրկին մեղավոր է ճանաչել Ռ. Դ.-ին և դատապարտել նրան երկու տարվա ազատազրկման, որի կատարումը հետաձգվել է չորս տարով: Որևէ տեղեկություն չի տրամադրվել առ այն, թե արդյոք այդ որոշումը բողոքարկվել է, թե մտել է օրինական ուժի մեջ:
Գ. Վնասներիի փոխհատուցման պահանջով քաղաքցիական դատավարությունը
2002թ նոյեմբերի 11-ին դիմումատուն, որին ներկայացնում էր պրն. Պ. Շիլեգովը, քաղաքացիական հայց է ներկայացնում դատարան ընդդեմ Ներքին գործերի նախարարության («Նախարարություն»)` Ռ. Դ.-ի գործողությունների հետևանքով պատճառված նյութական և ոչ նյութական վնասների փոխհատուցման պահանջով: Նրա պնդմամբ պետությունը պետք է պատասխանատվության կրի, հաշվի առնելով, որ Ռ. Դ.-ն, ոստիկանական բաժանմունքում ծառայություն իրականացնելու փոխարեն, բարում կրակել է իր վրա: Նա կրակել է ծառայողական զենքով և եղել է համազգեստով: Նա պահանջել է 28,000,000 Մակեդոնական դինար (ՄԴ) ոչ նյութական և 208,480 ՄԴ նյութական վնասի (իր բուժման հետ կապված ծախսեր) փոխհատուցման համար[1]: Հինգ անգամ հետաձգելուց հետո Սկոպյեյի առաջին ատյանի դատարանը 2003թ դեկտեմբերի 12-ին մերժել է դիմումատուի պահանջը, պատճառաբանելով, որ Նախարարությունը համապատասխան իրավունակությամբ օժտված չէ, որպեսզի պատասխանող հանդիսանա Ռ. Դ.-ի կողմից պատճառված վնասի փոխհատուցման համար, ով հանդիսանալով ոստիկանության պահեստային, դիտվել է որպես պետության ներկայացուցիչ: Դատարանը հաստատեց, որ 2002թ հունվարի 5-ի ժամը 19.30-ից մինչև 2002թ հունվարի 6-ի ժամը 7.30-ը Ռ. Դ.-ն ծառայության էր Սկոպյեի ոստիկանական բաժանմունքում: Նրան հանձնարարված էր պահակություն իրականացնել 2002թ հունվարի 6-ին կեսգիշերից մինչև ժամը 1-ը և ժամը 6-ից մինչև 7-ը: 2002թ հունվարի 6-ին ժամը 1-ից հետո ոստիկանական բաժանմունք վերադառնալու փոխարեն, Ռ. Դ.-ն ինքնակամ գնացել է բար, առանց իր վերադասին տեղյակ պահելու և առանց իրեն փոխարինման: Նա համազգեստով էր և կրում էր իր ծառայողական զենքը: Բարում, այլ հաճախորդնորի ներկայությամբ և ալկոհոլի ազդեցության ներքո, նա հանել է իր զենքը և կրակել դիմումատուի վրա, որը գտնվում էր իր առջև` մոտ 1.5 մետր հեռավորության վրա: Դատարանը հաստատել է, որ դիմումատուին վնաս է պատճառվել Ռ. Դ.-ի գործողությունների արդյունքում: Այնուամենայնիվ, որպեսզի Նախարարությունը պատասխանատվության ենթարկվի Պարտավորությունների մասին օրենքի 157 մասի համաձայն (տե՛ս ստորև` կետ 17), դատարանը նշել է, որ
«... որոշակի պայմաններ պետք է բավարարվեն. Վնասը պետք է պատճառված լինի պետության ներկայացուցչի կողմից, այն պետք է պատճառված լինի ֆիզիկական կամ իրավաբանական անձին, և, մասնավորապես, այն պետք է պատճառված լինի պետության ներկայացուցչի կողմից` իր պարտականություններն իրականացնելիս: Այն պետք է նաև անօրինական գործողության հետևանք հանդիսանա: Պատասխանողը (Պետությունը) պատասխանատու կհամարվի, միայն այն դեպքում, եթե վնասը պատճառվել է պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում կամ դրա հետ կապված: Գործողությունը կհամարվի պարտականություն իրականացնելիս կատարված, եթե այն մտնում է պետության ներկայացուցչի գործառույթների մեջ: Դա շահագրգիռ անձի կողմից իր պաշտոնեական դիրքի շրջանակներում և որպես պաշտոնեական պարտականությունների մաս աշխատանքային ժամերի ընթացքում կատարված վնասակար գործողություն է: Վնասը կարող է հասցվել պաշտոնական պարտականություններից դուրս, բայց պատճառական կապ պետք է լինի պարտականության կատարման կամ հենց պարտականության հետ... տվյալ գործում Ռ. Դ.-ն բարում իր պարտականություններն իրականացնելիս չի եղել... այսպիսով վնասը Նախարարության պարտականությունների կատարման հետ կապված չի հասցվել, չնայած նույնիսկ եթե այն հասցվել է այն ժամանակ, երբ ենթադրվում էր, որ Ռ. Դ.-ն պետք է իրականացնելիս լիներ իր ծառայողական պարտականությունները: Դեպքի պահին և տեղում Ռ. Դ.-ն գործում էր ոչ թե իր պաշտոնեական կարգավիճակում, այլ գործում էր որպես մասնավոր անձ, չնայած այն փաստին, որ դա աշխատանքային ժամերի ընթացքում էր տեղի ունենում. Նա եղել է համազգեստով և կրակել է ծառայողական զենքով: Ռ. Դ.-ն պատասխանատու է իր կատարած գործողությունների և պատճառված վնասի համար: Չկա պատճառական կապ իր գործողության և իր ծառայողական պարտականությունների միջև...
Փաստը, որ Ռ. Դ.-ն եղել է համազգեստով և կրակել է ծառայողական զենքով ինքնին չի նշանակում, որ նա իր պարտականություններն է իրականացնելիս եղել: Ռ. Դ.-ն զենքը կիրառել է ոչ թե իր ծառայողական պարտականությունների իրականացման հետ կապված, այլ որպես բարի հաճախորդ...
Վնասը պատճառելու ժամանակ Ռ.Դ.-ն, որպես ոստիկանության պահեստային, չափահաս է եղել և զենքի կիրառմանը վարժեցված մարդ: Պաշտպանյալը, որպես զենքի սեփականատեր, ազատվել է պատասխանատվությունից Պարտավորությունների մասին օրենքի 163(2) մասով` հաշվի առնելով, որ վնասը պատճառվել է բացառապես իր ներկայացուցչի անկանխատեսելի գործողության արդյունքում, որի հետևանքները չէին կարող ոչ կանխվել, ոչ էլ վերացվել:»
Դատարանը եզրակացրել է, որ դիմումատուն իրավունք ունի վնասների փոխհատուցում պահանջել Ռ. Դ.-ից Պարտավորությունների մասին օրենքի 141րդ հոդվածի հիման վրա (տե՛ս ստորև` կետ 16): 2004թ մարտի 3-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել, պատճառաբանելով, որ Նախարարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի Ռ. Դ.-ի գործողությունների համար, քանի որ նա գործել է ծառայություն իրականացնելիս, եղել է համազգեստով և կրակել է ծառայողական զենքով: Նրա պնդմամբ Նախարարության պատասխանատվությունը բխում է «Զբաղվածության մասին» օրենքի 103-րդ հոդվածից (տե՛ս ստորև` կետ 20), որի համաձայն Նախարարությունը կարող է Ռ. Դ.-ից փոխհատուցում պահանջել: Վերջապես նա պնդում է, որ ինքը միջադեպի արդյունքում կրել է անդառնալի վնաս, քանի որ իր աջ ձեռքը մշտապես պարալիզվել է: 2004թ ապրիլի 27-ին Սկոպյեի Վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի բողոքը, հիմքեր չգնելով ստորադաս ատյանի այն որոշումը փոփոխելու համար, որի համաձայն Ռ. Դ.-ի գործողությունները բարում կապված չէին որպես ոստիկան իր ծառայողական պարտականությունների կատարման հետ: Այնուհետև այն նաև գտել է, որ երբ Ռ. Դ.–ն կրակել է դիմումատուի վրա, նա չի գործել որպես ոստիկան և իրականացնելիս չի եղել իր ծառայողական պարտականությունները: Այսպիսով Նախարարությունը որևէ պատասխանատվություն չի կրում: Դատարանը հաստատել է Ռ. Դ.-ից վնասների փոխհատուցում պահանջելու դիմումատուի իրավունքը: 2004թ հուլիսի 21-ին դիմումատուն իրավունքի նորմերի խախտման հիմքով բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, inter alia վիճարկելով նաև այն, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել «Զբաղվածության մասին» օրենքի համաձայն Նախարարության պատասխանատվության վերաբերյալ իր փաստարկներին: 2006թ մայիսի 31-ին Վճռաբեկ դատարանը մերժել է դիմումատուի կողմից` իրավունքի նորմերի խախտման հիմքով ներկայացված բողոքը` վերահաստատելով ստորադաս դատարանների պատճառաբանությունները:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Պարտավորությունների մասին օրենք
Պարտավորությունների մասին օրենքի 141-րդ հոդվածը սահմանում է վնասի փոխհատուցման քաղաքացիական հայցերը կարգավորող ընդհանուր սկզբունքը: 157 հոդվածը սահմանում է, որ գործատուն պատասխանատու է աշխատողի կողմից իր պարտականությունները իրականացնելիս կամ դրանց հետ կապված վնասի պատճառման համար: Տուժողը կարող է վնասի փոխհատուցում պահանջել անմիջապես աշխատողից, եթե վնասը պատճառվել է դիտավորությամբ: Գործատուն կարող է աշխատողից պահանջել հատուցել տուժողին տրված փոխհատուցումը, եթե աշխատողը վնասը պատճառել է դիտավորությամբ կամ անզգուշությամբ: 160-րդ հոդվածի համաձայն առավել վտանգի աղբյուրի սեփականատերը պատասխանատու է դրանով պատճառված ցանկացած վնասի համար: 163(2) հոդվածը սահմանում է, որ առավել վտանգի աղբյուրի սեփականատերը կարող է ազատվել պատասխանատվությունից, եթե ապացուցվի, որ վնասը հասցվել է բացառապես տուժողի կամ երրորդ անձի անկանխատեսելի գործողության արդյունքում, որի հետևանքները չէին կարող կանխատեսվել կամ վերացվել:
Բ. 1993թ «Զբաղվածության մասին» օրենք
Տվյալ պահին գործող 1993թ «Զբաղվածության մասին» օրենքի 103-րդ հոդվածի համաձայն գործատուն պատասխանատու էր աշխատողի կողմից` իր պարտականությունները իրականացնելիս կամ դրանց հետ կապված ցանկացած վնասի պատճառման համար: Գործատուն կարող է աշխատողից պահանջել հատուցել տուժողին տրված փոխհատուցումը, եթե աշխատողը վնասը պատճառել է դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Գ. «Ներքին գործերի մասին» օրենք (Պաշտոնական տեղեկագիր թիվ 19/1995)
Տվյալ պահին գործող «Ներքին գործերի մասին» օրենքի 24 հոդվածը սահմանում էր, թե ովքեր են համարվում պաշտոնատար անձ: 26 հոդվածի համաձայն պաշտոնատար անձինք պարտավոր են իրականացնել իրենց պարտականությունները մշտապես, անկախ նրանից նրանք ծառայության մեջ են գտնվում, թե ոչ: Պատերազմի ժամանակ կամ արտակարգ իրավիճակում Նախարարությունը կարող է պահեստայիններ ներգրավել, հանրային անվտանգությունն ապահովելու և զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով («Ներքին գործերի մասին» օրենքի 45(2)-րդ հոդված): Պահեստայիններին կարող են հավաքագրել վարժանքների կամ գործնական աշխատանքների: Իրանց ծառայության ժամանակահատվածում պահեստայինները համարվում են պետական պաշտոնատար անձ օրենսգրքի (հոդված 46) 24 հոդվածի իմաստով:
...
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Ա. Իրավակարգն ապահովող պաշտոնատար անձանց կողմից ուժի և հրազենի կիրառման հիմնական սկզբունքները` ընդունված հանցագործությունների կանխարգելմանը և իրավախախտների հետ վերաբերմունքին նվիրված Միացյալ Ազգերի ութերորդ վեհաժողովի կողմից ` Հավանայում, Կուբա, 1990թ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը («հիմնական սկզբունքները»)
Հիմնական սկզբունքների 11-րդ հոդվածը, inter alia, սահմանում է, որ.
«Իրավապահ մարմնի պաշտոնատար անձանց կողմից հրազենի օգտագործման կանոնները և կանոնակարգերը պետք է ներառեն ղեկավար դրույթներ, որոնք.
(ա) Սահմանում են այն հանգամանքները, որոնց դեպքում իրավապահ մարմնի պաշտոնատար անձինք իրավասու են կրել հրազեն
(բ) Ապահովում են որպեսզի հրազենը օգտագործվի միայն պատշաճ հանգամանքներում, և այնպես, որպեսզի հնարավորինս նվազեցվի անհամաչափ վնասի պատճառման վտանգը
...
(դ) Կարգավորում են հրազենի հսկողությունը, պահելը և տրամադրելը, ներառյալ իրենց տրամադրված հրազենի և ռազմամթերքի համար իրավապահ մարմնի պաշտոնատար անձանց հաշվետու լինելն ապահովող ընթացակարգերը:
Եվրպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ Rec(2001)10 հանձնարարականը անդամ պետություններին` Ոստիկանության Էթիկայի Եվրպական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք)[2] վերաբերյալ և հանձնարարականի բացատրական հուշագիրը Օրենսգրքի 37-րդ հոդվածը սահմանում է, որ «ոստիկանությունը կարող է ուժ կիրառել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և միայն այն չափով, որն անհրաժեշտ է օրինական նպատակին հասնելու համար»:Օրենսգրքի 37-րդ հոդվածի մեկնաբանությունը, inter alia, սահմանում է հետևյալը.
«... Ոստիկանության համապատասխան անձնակազմի հավաքագրման կարևորությունը, ինչպես նաև նրանց վարժեցումը չի կարող թերագնահատվել...»:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
Դիմումատուն գանգատ է ներկայացրել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, որ ինքը պաշտոնատար անձ հանդիսացող Ռ. Դ.–ի կողմից իրականացված` կյանքի համար վտանգավոր գործողության զոհ է եղել: Նա նաև գանգատ էր ներկայացրել 6-րդ հոդվածի համաձայն, որ ներպետական դատարանները չեն ճանաչել պետության պատասխանատվությունը: Դատարանը, հանդիսանալով միակ մարմինը, որն իրավունք ունի ըստ օրենքի որակել գործի փաստերը (տե՛ս Ակդենիզն ընդդեմ Թուրքիայի, թիվ 25165/94, կետ 88, 31 մայիսի 2005թ), համարում է, որ դիմումատուի փաստարկները սույն գլխի ներքո բողոք բերելու հիմք են հանդիսանում միայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, որը սահմանում է.
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործությունների համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը:
2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է`
(ա) ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար
(բ) օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար
(գ) խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար
Ա. Ընդունելիությունը
Կոնվենցիայի 2-րդ հոդվածի կիրառելիությունը
Նախ և առաջ դատարանը նշում է, որ դիմումատուի նկատմամբ կիրառված ուժը մահացու ելք չի ունեցել; Սա չի բացառում դիմումատուի բողոքի քննությունը Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն: Փաստորեն, դատարանն արդեն քննել է այս դրույթին համապատասխան գանգատներ, որտեղ ենթադրյալ տուժողը չէր մահացել վիճարկվող վարքագծի հետևանքով (տե՛ս Մակարացիսն ընդդեմ Հունաստանի, թիվ 50385/99, կետեր 49-55, ՄԻԵԴ 2004‑XI; Օսման ընդդեմ Միացյալ Թագավորության, 28 հոկտեմբերի 1998թ, կետեր 115-22, Վճիռների և որոշումների ժողովածու 1998-VIII, և Յաշան ընդդեմ Թուրքիայի, 2 սեպտեմբերի 1998թ, կետեր 92-108, Ժողովածու 1998-VI).
...
Բ. ԷՈՒԹՅՈՒՆԸ
Կողմերի դիրքորոշումները
34. Դիմումատուն վերահաստատում է, որ պետությունը պետք է պատասխանատվություն կրի Ռ. Դ.–ի անօրինական գործողության համար: Քրեական օրենսգրքի համաձայն Ռ. Դ. –ի պատասխանատվությունը չի ազատում պետությանը Ռ. Դ.–ի կողմից ծառայության ընթացքում պատճառված վնասի համար պատասխանատվությունից: Կառավարության կողմից ներկայացված առաջին ատյանի դատարանի որոշումը... նույնիսկ ավելի ծանրակշիռ ապացույց է, որ համապատասխան օրենքը սխալ է կիրառվել ներպետական դատարանների կողմից:
35. Կառավարությունը փաստել է, որ Ռ. Դ.–ն մտադիր չի եղել սպանել դիմումատուին: Դա հաստատվել է նրա դեմ քրեական գործով վարույթի ընթացքում (տե՛ս վերը` կետ 7): Այնուամենայնիվ, կառավարությունն ընդունել է, որ պատճառված վնասվածքների ծանրությունը հաշվի առնելով, դիմումատուն վատ վերաբերմունքի զոհ է դարձել, ինչի նկատմամբ կարող է տարածվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի գործողությանը, բայց պնդե է, որ պետությունը պատասխանատվություն չի կրում այդ հոդվածի նյութական-իրավական տեսանկյունից: Նրա պատասխանատվությունը սահմանափակվում է քրեական գործի վարույթով, որի ընթացքում Ռ. Դ.–ն դատապարտվել և պատժի է ենթարկվել: Քաղաքացիական դատարանի երեք ատյանները մերժել էին դիմումատուի պահանջը, գտնելով, որ պետությունը չի կարող պատասխանատվության ենթարկվել` Ռ. Դ.-ի գործողությունների և իր պաշտոնական պարտականությունների միջև պատճառական կապի բացակայության պատճառով: Այդ կապակցությամբ նրանք կրկնել են, որ դեպքի պահին Ռ. Դ.–ն լքել էր իր բաժանմունքը աշխատանքային ժամին` առանց իր վերադասի թույլտվության: Միջադեպը տեղի էր ունեցել նրա իր պաշտոնեական պարտականությունների` պահպանության իրականացման ավարտից հետո: Բարում նա` իր աշխատանքի ընթացքում կամ դրա հետ կապված որևէ պաշտոնեական պարտականություն չի իրականացրել: Նա գործել է որպես մասնավոր անձ, ինչպես սահմանվել է ներպետական դատարանների կողմից:
Դատարանի գնահատականը
(ա) Կոնվենցիայի 2-րդ հոդվածի կիրառելիությունը
36. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն, միայն բացառիկ հանգամանքներում է, որ պետության ներկայացուցչի կողմից ֆիզիկապես վատ վերաբերվելը, որը չի հանգեցրել մահվան, կարող է հանգեցնել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման: Ճիշտ է, որ վիճարկվող ուժի գործադրման հետ կապված անձանց քրեական պատասխանատվությունը Կոնվենցիային համապատասխան հարուցված դատավարություններում քննության ենթակա հարց չէ: Այնուամենայնիվ, գործադրված ուժի աստիճանը և տեսակը, և ուժի գործադրման նպատակն ու մտադրությունը, ի թիվս այլ գործոնների, կարող են նշանակություն ունենալ գնահատելիս, թե արդյոք տվյալ գործում պետության ներկայացուցչի` վնաս, սակայն ոչ մահ պատճառող գործողություններն այնպիսին են, որպեսզի փաստերի նկատմամբ տարածվեն Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխիքները` հաշվի առնելով այդ հոդվածի առարկան և նպատակը: Գրեթե բոլոր այն գործերում որտեղ անձը ենթարկվել է հարձակման կամ վատ վերաբերմունքի ոստիկանության կամ զինվորների կողմից, նրա գանգատներն ավելի հավանական է, որ քննության կառնվեն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն (տե՛ս վերոնշյալ Մակարացիսն, կետ 51, և Իլհանն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 22277/93, կետ 76. ՄԻԵԴ 2000-VII ):
37. Սույն գործում ներպետական դատարանների կողմից հաստատված փաստերից պարզ է դառնում, որ Ռ.Դ.-ն կրակել է դիմումատուի կրծքավանդակի աջ մասին: Դատարանն ընդունում է Կառավարության այն պնդումը, որ Ռ. Դ.-ի կողմից դիմումատուին սպանելու դիտավորություն չի հաստատվել: Այնուամենայնիվ, այն նկատում է, որ այն փաստը որ վերջինս չի սպանվել պատահականություն է: Այդ կապակցությամբ դատարանը ծանրակշիռ է համարում այն փաստը, որ Ռ. Դ.–ն դիմումատուի վրա կրակել է մոտ տարածությունից (1-ից 1 ու կես մետր, տե՛ս վերը կետեր 7 և 10): Դիմումատուին հասցվել են լուրջ, կյանքի համար վտանգավոր վնասվածքներ: Դրա հետևանքով նա դարձել է մշտապես հաշմանդամ: Նա շտապ տեղափոխվել է հիվանդանոց և երկու անգամ վիրահատվել: Նրա վնասվածքների ծանրությունը կողմերը չեն վիճարկել:
38. Վերոնշյալ հանգամանքներից ելնելով` Դատարանը եզրակացնում է, որ անկախ նրանից Ռ. Դ.-ն իրականում մտադիր է եղել սպանել նրան, թե ոչ, դիմումատուն եղել է այնպիսի վարքագծի զոհ, որն իր բնույթով, վտանգի է ենթարկել նրա կյանքը, նույնիսկ չնայած որ արդյունքում նա փրկվել է: 2-րդ հոդվածն, այսպիսով, կիրառելի է սույն գործով:
(բ) Պետության անմիջական պատասխանատվությունը Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն
(i) Ընդհանուր սկզբունքներ
39. Դատարանը կրկնում է, որ 2-րդ հոդվածը, որը երաշխավորում է կյանքի իրավունքը և սահմանում է հանգամանքները, որոնց դեպքում կյանքից զրկելը կարող է արդարացվել, դասվում է Կոնվենցիայի ամենից հիմնարար սկզբունքների շարքին, որից ոչ մի շեղում թույլատրելի չէ (տե՛ս Վելիկովան ընդդեմ Բուլղարիայի, թիվ 41488/98, կետ 68, ՄԻԵԴ 2000-VI):
40. Ժողովրդավարական հասարակությունում 2-րդ հոդվածի կարևորությունը պահպանելով` Դատարանը պետք է ամենայն մանրամասնությամբ հետազոտի այս հոդվածի խախտման մասին հայտարարությունները` քննության առնելով ոչ միայն ուժը կիրառած պետության ներկայացուցիչների գործողությունները, այլ նաև բոլոր հարակից հանգամանքները (տե՛ս ՄաքՔանը և այլոք ըննդեմ Միացյալ Թագավորության, 27 սեպտեմբերի 1995թ, կետ 150, Սերիա A, թիվ 324):
41. 2-րդ հոդվածը չի վերաբերում միայն Պետության ներկայացուցչի կիրառած ուժի հետևանքով պատճառված մահվան դեպքերին, այլ նաև իր առաջին կետի առաջին տողում պետության համար դրական պարտավորություն է սահմանում` պատշաճ քայլեր ձեռնարկել իր իրավազորության ներքո գտնվողների կյանքը պաշտպանելու համար: (տե՛ս վերոհիշյալ Մակարացիսը` կետ 57 ):
42. Այս դրական պարտավորությունը նախևառաջ պետության համար սահմանում է հիմնական պարտականություն` ստեղծել օրենսդիր և վարչական մեխանիզմ, որը մշակված է արդյունավետ կանխարգելումն ապահովելու համար: Այս մեխանիզմը պետք է ներառի որոշակի գործունեությունների յուրահատուկ հատկանիշներին հարմարեցված կարգավորումներ, մասնավորապես մարդկանց կյանքի համար պոտենցիալ սպառնալիքի աստիճանի հետ կապված: Պետությունը պետք է ծայրահեղ շրջահայացություն ցուցաբերի և սահմանի այն սահմանափակ հանգամանքները, որոնցում իրավապահ մարմինների աշխատակիցները կարող են հրազեն կիրառել (տե՛ս Աբդուլլահ Յլմազն ընդդեմ Թուրքիայի, թիվ 21899/02, կետ 56 և 57, 17 հունիսի 2008թ, և վերոնշյալ Մակարացիսը` կետ 59):
43. Դատարանի կարծիքով, և հաշվի առնելով նրա նախադեպային իրավունքը, կյանքի իրավունքի պաշտպանելու պետության պարտավորությունը պետք է ներառի նաև հանրային վայրերում անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ ողջամիտ միջոցների ձեռք առնելը և, լուրջ վնասվածքի կամ մահվան դեպքում, արդյունավետ անկախ դատական համակարգի առկայությունը, որը կապահովի այնպիսի իրավական միջոցների մատչելիությունը, որոնց միջոցով կարող են հաստատվել փաստերը, պատաասխանատվության ենթարկել մեղավորներին և համապատասխան փոխհատուցում տրամադրել տուժողին (տե՛ս Չեխոնսկան ընդդեմ Լեհաստանի, թիվ 19776/04, կետ 67, 14 հունիսի 2011թ.):
44. Այնուամենայնիվ, դրական պարտավորությունը պետք է այնպես մեկնաբանվի որպեսզի լրացուցիչ բեռ չդնիօ իշխանությունների վրա, հիշելով, մասնավորապես մարդկային վարքագծի անկանխատեսելիությունը և գործառնական ընտրանքները, որոնք պետք է կատարվեն առաջնահերթությունների և ռեսուրսների հաշվի առմամբ (տե՛ս Քինանն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 27229/95, կետ 90, ՄԻԵԴ 2001-III, և Ա.-ն և այլոք ընդդեմ Թուրքիայի, թիվ 30015/96, կետեր 44-45, 27 հուլիսի 2004թ.): Մասնավորապես, 2-րդ հոդվածով սահմանված դրական պարտավորությունների ապահովման միջոցների ընտրությունը սկզբունքորեն Պայմանավորվող պետության հայեցողության շրջանակում ներառվող հարց է: Կոնվենցիայով սահմանված իրավունքները պաշտպանելու տարբեր ուղիներ կան և նույնիսկ եթե Պետությունը չի կիրառել ներպետական իրավունքով սահմանված որևէ կոնկրետ միջոց, այն դեռևս կարող է իրականացնել իր դրական պարտավորությունը այլ միջոցներով (տե՛ս վերը նշված Չեխոնսկան` կետ 65 և Ֆադեևան ընդդեմ Ռուսաստանի, թիվ 55723/00, կետ 96, ՄԻԵԴ 2005‑IV):
(ii) Վերոգրյալ սկզբունքների կիրառելիությունը սույն գործով
Դատարանը նշում է այն հատուկ հանգամանքները, որոնցում Ռ.Դ.-ն կրակել է դիմումատուի վրա: Այդ կապակցության այն նկատում է, որ այդ ժամանակ Ռ.Դ. ոստիկանության պահեստային էր և այդպիսով Պետության ներկայացուցիչ: Դա հաստատվել է քաղաքացիական դատարանների կողմից (տե՛ս վերը` կետ 10) և համապատասխանում է այդ ժամանակ գործող «Ներքին գործերի մասին» օրենքի 46-րդ հոդվածին (տե՛ս վերը` կետ 23): Իրադարձության ժամանակ, այն է 2002թ. հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը Ռ.Դ.-ն ծառայություն էր իրականացնում ոստիկանության բաժանմունքում, որտեղ նրան հանձնարարված էր պահակ կանգնել կեսգիշերին (հունվարի 5-ին) և ժամը 6-ին (2002թ. հունվարի 6-ին), յուրաքանչյուր անգամ տևողությունը` մեկ ժամ: 2002թ. հունվարի 6-ին ժամը 1-ին, իր պահպանության պարտականության ավարտից հետո, առանց իր վերադասներին տեղեկացնելու, նա լքել է բաժանմունքը և գնացել բար: Նա համազգեստով էր և կրում էր իր ծառայողական ատրճանակը: Նույն օրը ժամը 3:50 նա կրակել է ատրճանակը և խոցել դիմումատուին կրծքավանդակի շրջանում: Ռ.Դ.-ն մեղավոր է ճանաչվել նախապես, in absentia, անփութությամբ հանրության անվտանգության դեմ ուղղված ծանր հանցագործության կատարման համար և դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Վարույթի վերսկսումից հետո նա կրկին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել պայմանական ազատազրկման (տե՛ս վերը` կետեր 7 և 8): Դիմումատուին խորհուրդ է տրվել իր փոխհատուցման պահանջը ներկայացնել առանձին քաղաքացիական հայցի միջոցով:Քաղաքացիական դատավարություններում, դիմումատուն ներպետական դատարաններից պահանջել է հաստատել Պետության պատասխանատվությունը պատճառված վնասի համար: Դատարանները մերժել են պահանջն այն հիմքով, որ պետությունն օժտված չէ պատասխանող հանդես գալու համար համապատասխան իրավունակությամբ, քանի որ Ռ.Դ.-ն գործելիս է եղել ոչ թե պաշտոնական կարգավիճակում այլ ավելի շուտ որպես մասնավոր անձ և վնասը չի պատճառվել իր պարտականությունների կատարման ընթացքում կամ դրանց հետ կապված:Դատարանը կրկնում է իր նախադեպային պրակտիկան, որի համաձայն պետությունն ուղղակի պատասխանատվություն է կրում իրենց պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողների կողմից իրականացված գործողությունների կամ անգործության համար (տե՛ս Կրաստանովն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 50222/99, կետ 53, 30 սեպտեմբերի 2004թ.): Սույն գործը պետք է տարբերակել Կրաստանովի գործից, քանի որ այն վերաբերում է պետության ներկայացուցչի կողմից իր ծառայական պարտականություններից դուրս իրականացված վտանգավոր գործողությանը:Սահմանելու համար, թե արդյոք պետությունը կարող է պատասխանատու համարվել պետության ներկայացուցիչների` իրենց ծառայական պարտականություններից դուրս կատարված ապօրինի գործողությունների համար, Դատարանը պետք է գնահատի հանգամանքների ամբողջությունը և քննության առնի խնդրո առարկա արարքի բնույթը և հանգամանքները:Այս կապակցությամբ, Դատարանը նկատում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ռ.Դ.-ի աշխատանքային ժամերի ընթացքում: Կասկած չի հարուցում, որ համապատասխան ժամանակ Ռ.Դ.-ն ենթադրվում է, որ պետք է ծառայության լիներ ոստիկանական բաժանմունքում: Նա լքել է իր ծառայության վայրն առանց վերադասների թույլտվության և, հարբած լինելով, դրսևորել է վտանգավոր վարքագիծ` վտանգի տակ դնելով դիմումատուի կյանքը: Կողմերը չեն վիճարկում, որ նա այդպիսով կատարել է աշխատանքային կանոնների կոպիտ խախտում, որը հանգեցրել է խնդրո առարկա միջադեպին: Այդպիսի հանգամանքներում, անողջամիտ չէ, որ նա հանրության կողմից ընկալվել է որպես իրավապահ մարմինների աշխատակից: Ավելին, նա կրակել է դիմումատուի վրա իր ծառայողական ատրճանակից, որը հատկացվել էր նրան իշխանությունների կողմից:Դատարանն ընդունում է, որ իշխանություններն օբյեկտիվորեն չէին կարող կանխատեսել դիմումատուի անկարգապահ վարքագիծը և բարում նրա հետագա գործողությունները: Այնուամենայնիվ, Դատարանն ընդգծում է, որ պետությունը պարտավոր էր արդյունավետ և համապատասխան երաշխիքների համակարգ ներդնել և անշեղորեն կիրառել իր ներկայացուցիչների, հատկապես ժամանակավոր մոբիլիզացված պահեստայինների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների իրականացման համար տրված զենքի օգտագործման չարաշահումները կանխելու համար: Կառավարությունը չի տեղեկացրել Դատարանին այդ կապակցությամբ գործող որևէ կանոնակարգի մասին: Այդ կապակցությամբ Դատարանը հղում է կատարում «Ներքին գործերի մասին» օրենքի 26-րդ հոդվածին, որը պահանջում է, որպեսզի պետության ներկայացուցիչները, ինչպես Ռ.Դ.-ն էր, իրականացնեն իրենց պարտականությունները «մշտապես, ծառայության մեջ գտնվելիս և դրանից դուրս»: Հստակ է, որ այդ դրույթի կիրառումն ակնհայտ օգուտներ կարող է տալ հասարակության համար, սակայն նաև որոշ պոտենցիալ սպառնալիքներ է պարունակում: Պետության ներկայացուցիչների, ինչպես ոստիկանության ծառայողներն են, մշտական ներգրավվածությունը պահանջում է, որ նրանք մշտապես կրեն իրենց ծառայողական զենքը` իրենց պարտականությունները կատարելու համար:Ավելին, Դատարանը կրկնում է, որ Պետություններից ակնկալվում է բարձր պրոֆեսիոնալ չափորոշիչներ ներդնել իրենց իրավապահ համակարգերում և ապահովել, որ այդ համակարգերում ծառայող անձինք համապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին (տե՛ս mutatis mutandis, վերը նշված Աբդուլլահ Յլմազը` կետեր կետեր 56-57): Մասնավորապես, ոստիկանական ուժերին հրազենով սպառազինելիս, ոչ միայն անհրաժեշտ տեխնիկական վարժանքներ պետք է իրականացվեն, այլև հրազեն կրելու թույլտվություն ունեցող ներկայացուցիչների ընտրությունը նույնպես պետք է արաշակի հետազոտության առարկա լինի:Սույն գործով, Կառավարությունը Դտարանին չի տեղեկացրել, արդյոք ներպետական իշխանությունների կողմից որևէ գնահատական տրվել է, թե արդյոք Ռ.Դ.-ն հարմար էր հավաքագրման և զենքով սպառազինման համար: Այս հանգամանքներում Դատարանը համարում է, որ Ռ.Դ.-ի կողմից բարում իրականացված վտանգավոր գործողությունը պետք է վերագրելի լինի պատասխանող պետությանը:Դիմումատուի գանգատն ընդդեմ Պետության պատշաճ իրավական պաշտպանության միջոց է հանդիսանում, Ռ.Դ.-ի` Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված դիմումատուի իրավունքները խախտող գործողությունների համար պատասխանատվության հաստատման համար: Այն փաստը, որ նա Ռ.Դ.-ից փոխհատուցում չի պահանջել որոշիչ չէ, քանի որ նրա պահանջի, ինչպես նաև Դատարան ներկայացված գանգատի առարկան, որպես այդպիսին, պետության պատասխանատվությունը հաստատել էր:Վերոգրյալի հաշվի առմամբ, Դատարանը ... գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում նյութական իրավունքի տեսակետից:Դիմումատուի կողմից հստակ գանգատի բացակայության պայմաններում, Դատարանը չի գնահատում, թե արդյոք Պետությունը կատարել է 2-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային պարտավորությունը:
....
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
62. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել։»
Ա. Վնասը
Դիմումատուն 3,390 եվրո է պահանջել` որպես նյութական վնասի փոխհատուցում: Դա վերաբերում է նրա բուժման հետ կապված բժշկական ծախսերին: Ի հաստատումն նա ներկայացրել է համապատասխան հաշիվների պատճենները: Նա պահանջել է նաև 455,300 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում վնասվածքների հետևանքով իրեն պատճառված ցավի, վախի, նվազած գործունակության և այնլանդակության համար: Երկու թվերն էլ համապատասխանում են քաղաքացիական դատավարության կարգով դիմումատուի պահանջած թվերին (տե՛ս վերը` կետ 9): Ի հավելումն նա պահանջել է 10,000 եվրո 2-րդ հոդվածի ենթադրյալ խախտման համար և 10,000 եվրո արդար դատաքննությունից ենթադրաբար զրկված լինելու համար:Կառավարությունն առարկել է, այդ պահանջների դեմ, պնդելով, որ որևէ պատճառական կապ չկա վնասի և ենթադրյալ խախտումների միջև: Նյութական վնասի հետ կապված Կառավարությունը հայտնել է, որ դիմումատուն չի պահանջել փոխհատուցում Ռ.Դ.-ից, որպես հանցագործության կատարող և պատճառված վնասի համար ուղղակի պատասխնատվություն կրող: Ոչ նյութական վնասի կապակցությամբ Կառավարությունը պնդել է, որ դա որևէ ապացույցով հաստատված չէ: Նույնը վերաբերում է 2-րդ և 6-րդ հոդվածների ենթադրյալ խախտումների հետ կապված նրա պահանջներին: Վերջապես, Կառավարությունը պնդել է, որ պետք է հաշվի առնվի Մակեդոնիայի նախկին Հարավսլավական հանրապետությունում ապրելու կենսամակարդակը և որ Կոնվենցիայի խախտման հաստատումը բավարար արդարացի փոխհատուցում կհանդիսանա:Դատարանը համարում է, որ նյութական վնասը բժշկական ծախսերի կապակցությամբ, դիմումատուն կրել է ուղղակիորեն Ռ.Դ.-ի կողմից վիրավորված լինելու հետևանքով: Հաշվի առնելով հաստատող փաստաթղթերը և այն, որ Կառավարությունը չի վիճարկել այդ գումարը, Դատարանը լիովին փոխհատուցում է այս կետով պահանջված գումարը:Այն այնուհետև նկատում է, որ դիմումատուն ոչ նյութական վնաս է կրել, որ չի կարող փոխհատուցվել միայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման հաստատմամբ: Արդարացի հիմքով գնահատելով` Դատարանը դիմումատուին է տրամադրում, այդ կետի համաձայն, 12,000 եվրո, գումարած գանձման ենթական բոլոր հարկերը:
...
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՎԵՐՈԳՐՅԱԼԸ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
...
2. Վճռում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը կիրառելի է սույն գործով.
...
5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում,
6. Վճռում է
(ա) պատասխանող պետությունը պետք է վճռի` Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն վերջնական դառնալուց հետո` երեք ամսվա ընթացքում, դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության ազգային արժույթի ` վճարման օրվա փոխարժեքով,
i) 3.390 եվրո (երեք հազար երեք հարյուր իննսուն) գումարած այդ գումարից գանձման ենթակա հարկերը, որպես նյութական վնասի փոխհատուցում և
ii) 12,000 եվրո (տասներկու հազար) գումարած այդ գումարից գանձման ենթակա հարկերը, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում
(բ) վերոհիշյալ եռամսյա ժամկետի լրանալուց հետո` մինչև գումարի վճարումը, պետք է վճարվի վերոհիշյալ գումարների նկատմամբ հաշվարկված պարզ տոկոս` հավասար պարտականությունը չկատարելու ընթացքում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքին գումարած երեք տոկոս:
...
Կատարվել է անգլերենով և ֆրանսերենով և հրապարակվել դռնբաց նիստում` 2012թ. ապրիլի 9-ին Ստրասբուրգում` Մարդու իրավունքների պալատում:
Կլաուդիա Բեստերդիկ Պիր Լորենզեն
Քարտուղարի տեղակալ` Նախագահող
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
[1] Մոտ 455,300 եվրո և 3,390 եվրո
[2] Ընդունվել է 2001թ. սեպտեմբերի 19-ին Նախարարների տեղակալների 765-րդ ժողովին:
Full & Egal Universal Law Academy