ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՇԻԼԻՆԱՆ ԵՎ ՖԻԼԿՈՎՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 8010/05)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
11 սեպտեմբերի 2025 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Շիլինան եւ Ֆիլկովն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Մարիա Էլոսեգի [Maria Elósegui]՝ Նախագահ,
Անդրեաս Զունդ [Andreas Zünd],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,
եւ Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն 2005 թվականի հունվարի 18-ին ընդդեմ Հայաստանի Հանրապետության համապատասխանաբար 1949 թվականին եւ 1972 թվականին ծնված ու Վրաստանում՝ Թբիլիսիում, եւ Հայաստանում՝ Եղեգնաձորում, բնակվող Հայաստանի երկու քաղաքացիներ (դիմումատուներ) տկն Նինա Շիլինայի (առաջին դիմումատուն) եւ պրն Էդգար Ֆիլկովի (երկրորդ դիմումատուն) կողմից Դատարան ներկայացված գանգատը (թիվ 8010/05). առաջին դիմումատուին ներկայացրել է Կիեւում գործող իրավաբան պրն Ն. Կովալը, երկրորդ դիմումատուին տրվել է Դատարանում վարույթի շրջանակներում իրեն ներկայացնելու թույլտվություն,
գանգատի մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն), որը ներկայացրել է նրա լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, ծանուցելու վերաբերյալ որոշումը,
գանգատի էությունը դրա ընդունելիության հետ միասին ուսումնասիրելու մասին որոշումը (29-րդ հոդվածի 3-րդ կետ),
կողմերի դիտարկումները,
գանգատը Կոմիտեի կողմից քննելու վերաբերյալ Կառավարության առարկությունը մերժելու մասին որոշումը,
2025 թվականի հուլիսի 10-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետեւյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
Գործի առարկան
1. Գանգատը վերաբերում է տվյալ ժամանակահատվածում ամուսիններ հանդիսացող դիմումատուների նկատմամբ պետական դավաճանությանն առնչվող գործով քրեական հետապնդմանը։ Վերջիններս առաջ են քաշել մի շարք բողոքներ Կոնվենցիայի տարբեր դրույթներով, ներառյալ՝ 6-րդ եւ 8-րդ հոդվածներով։
2. Առաջին դիմումատուն ծնվել է Ռուսաստանում։ 1988 թվականին նա Ադրբեջանի ԽՍՀ-ից՝ Սումգաիթից, տեղափոխվել է Հայաստանի ԽՍՀ-ի Ջերմուկ քաղաք։ Այնուհետեւ 1993 թվականին վերջինս բնակություն է հաստատել Բաքվում։ Երկրորդ դիմումատուն ծնվել է Հայաստանում։
3. Դիմումատուներն ամուսնացել են 1997 թվականին եւ բնակություն հաստատել Հայաստանում, սկզբում՝ Եղեգնաձորում, ապա Արտաշատում, այնուհետեւ Երեւանում։
4. 2000 թվականի հուլիսի 27-ին առաջին դիմումատուն, որն այդ ժամանակ դեռ հին խորհրդային անձնագիր ուներ, դիմել է Հայաստանի իշխանություններին՝ նոր անձնագիր ստանալու խնդրանքով, քանի որ կորցրած է եղել հին անձնագիրը։ 2000 թվականի օգոստոսի 9-ին նա ստացել է հայկական անձնագիր։
5. 2002 թվականի հունիսի 20-ին Ե. Օ.-ն, որի ամուսինն աշխատել է Պաշտպանության նախարարությունում հաղորդում է ներկայացրել Ազգային անվտանգության նախարարություն (ԱԱՆ)՝ պնդելով, որ առաջին դիմումատուն՝ այդ ժամանակ վերջինիս հարեւանը, ռազմական բնույթի տեղեկություններ է հավաքում։ Ե.Օ.-ն մանրամասն շարադրել է առաջին դիմումատուի գործողությունները, ներառյալ՝ վերջինիս կողմից ռազմական բնույթի տեղեկությունների հավաքագրման փորձերը լավ վարձատրության դիմաց։
6. 2002 թվականի հունիսին ԱԱՆ-ն թույլտվություն է ստացել վեց ամիս ժամկետով հսկողություն իրականացնելու, այդ թվում՝ դիմումատուների բնակարանը եւ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու եւ ձայնագրելու համար։
7. Մոտավորապես մեկ ամիս անց մեկ այլ հարեւան՝ Ա. Յ.-ն, հաղորդում է ներկայացրել ԱԱՆ՝ պնդելով, որ 2001 թվականի ամռանն առաջին դիմումատուն ասել է իրեն, որ մի քանի տարի առաջ Թբիլիսիում նա հավաքագրվել է հետախուզական ծառայությունների կողմից. վերջիններիս համար էլ հետագայում հավաքել է Հայաստանին վերաբերող տեղեկություններ: Ա.Յ.-ն ավելի ուշ լրացուցիչ շարադրանքով ներկայացրել է, թե ինչպես է առաջին դիմումատուն հավաքել տեղեկություններ կոնկրետ զորամասի վերաբերյալ։
8. 2002 թվականի օգոստոսի 6-ին ԱԱՆ-ն քրեական վարույթ է հարուցել պետական դավաճանության գործով։ Համապատասխան որոշմամբ նշվում է, որ 1993 թվականին դիմումատուները հավաքագրվել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների կողմից եւ այդ ժամանակվանից ի վեր հավաքել եւ վերջիններիս են տրամադրել Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ազգային անվտանգությունն ու պաշտպանությունը վտանգող ինչպես գաղտնի, այնպես էլ այլ տեղեկություններ։
9. Նույն օրը դիմումատուները ձերբակալվել են, եւ իրավաբանական աջակցության շրջանակում նշանակվել է իրավաբան Գ.Մ.-ն՝ վերջիններիս ներկայացնելու համար։ Այդ օրը դիմումատուները մանրամասն գրավոր ցուցմունք են տվել՝ ըստ էության խոստովանելով հանցագործություն կատարելը։ Հաջորդ օրը հարցաքննվելով որպես կասկածյալներ՝ նրանք հաստատել են իրենց նախկին խոստովանական ցուցմունքը։ Հարցաքննության արձանագրությունները՝ կատարված ռուսերենով, ստորագրվել են դիմումատուների եւ Գ.Մ.-ի կողմից։
10. 2002 թվականի նոյեմբերին ԱԱՆ-ի քննիչն Ուկրաինայում հարցաքննել է Ռ.Կ.-ին՝ առաջին դիմումատուի որդուն, որն այդ ժամանակ բնակվել է այնտեղ։ Նա որոշ մանրամասներ է ներկայացրել իր մայրիկի հետ 1993-ից 1996 թվականներին Բաքվում անցկացրած կյանքից, որը ներառում էր վերջինիս լրտեսական գործունեությանն առնչվող տեղեկություններ։
11. 2004 թվականի հունվարի 26-ին Երեւանի վարչական շրջանի դատարանն առաջին դիմումատուին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության եւ դիվերսիոն փորձի՝ Երեւանի կենտրոնում գտնվող հյուրանոցում պայթյուն կազմակերպելու ձախողված փորձի առնչությամբ, իսկ երկրորդ դիմումատուին՝ պետական դավաճանության համար՝ դատապարտելով վերջիններիս համապատասխանաբար տասնհինգ եւ տասներեք տարի ազատազրկման։ Ի թիվս այլ ապացույցների՝ Վարչական շրջանի դատարանը հիմք է ընդունել Ե.Օ.-ի տված հաղորդումը (տե՛ս վերեւում՝ 5-րդ պարբերությունը) եւ տասնհինգ վկաների ցուցմունքները, ներառյալ՝ Ա.Յ.-ի եւ Ռ.Կ-ի։ Դատարանում բարձրաձայն ընթերցվել են Ա.Յ.-ի եւ Ռ.Կ.-ի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, քանի որ վերջիններս չեն ներկայացել դատարան, իսկ Ե.Օ.-ն, որի ցուցմունքը եւս ընթերցվել է, ներառված չի եղել դատական նիստին կանչվելու ենթակա անձանց ցուցակում։ Մյուս տասներեք վկաների տրամադրած ապացույցների շարքում ընդհանուր տեղեկություններ են եղել դիմումատուների ապրելակերպի եւ նրանց ուղեւորությունների մասին դեպի Թբիլիսի ու Լեռնային Ղարաբաղ։
12. Դիմումատուները ներկայացրել են առանձին բողոքներ։ Առաջին դիմումատուն, inter alia (ի թիվս այլնի), պնդել է, որ մեղադրող կողմը չի ներկայացրել մեղադրանքը հիմնավորող որեւէ ապացույց։ Դատարանում քննված վկաներից ոչ մեկը չի տվել մեղադրական ցուցմունք, իսկ այն վկաները, որոնք տվել են այդպիսի ցուցմունքներ, չեն քննվել ո՛չ քննության, ո՛չ էլ դատական վարույթի ընթացքում։ Այնուհետեւ նա պնդել է, որ Վարչական շրջանի դատարանը չի քննել քննության ընթացքում իրավաբանի ու թարգմանչի բացակայությանն առնչվող իր բողոքները։ Երկրորդ դիմումատուն իր բողոքի մեջ պնդել է, որ վերջինիս մեղադրական դատավճիռը հիմնավորված չի եղել։
13. 2004 թվականի հուլիսի 19-ին Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել դիմումատուների մեղադրական դատավճիռները նույն ապացույցների կազմի հիման վրա։ Դատարանը նշել է, որ ըստ դիմումատուների հարցաքննությունների եւ այլ քննչական գործողությունների մասին արձանագրությունների՝ իրավաբանը, թարգմանիչը եւ ընթերակաները մասնակցել են անհրաժեշտ քննչական գործողություններին, ինչն ապացուցվում է վերջիններիս ստորագրություններով, մինչդեռ դիմումատուները քննության ընթացքում իրենց իրավունքների խախտումների կամ այլ հարցերի առնչությամբ որեւէ դիմում կամ միջնորդություն չեն ներկայացրել։
14. Դիմումատուները ներկայացրել են առանձին վճռաբեկ բողոքներ։
Առաջին դիմումատուն իր վճռաբեկ բողոքում պնդել է, որ inter alia իրեն առաջադրված մեղադրանքները հիմնված են եղել միայն իր խոստովանական ցուցմունքի եւ Ե.Օ.-ի, Ա.Յ.-ի ու Ռ.Կ.-ի կեղծ ցուցմունքների վրա, որոնք չեն քննվել ոչ քննության, ոչ դատական վարույթի ընթացքում։ Այնուհետեւ նա պնդել է, որ դատարանները հիմք չեն ընդունել գաղտնալսման արդյունքում ձեռք բերված խոսակցությունները, քանի որ դատարանում ներկայացվել է միայն ձայնագրությունների սղագրությունը, այլ ոչ ձայնագրությունները։ Նշված ձայնագրությունները վերջինիս համար երբեւէ չեն բացահայտվել, եւ քննության ընթացքում նրան չի տրամադրվել ո՛չ իրավաբան, ո՛չ թարգմանիչ։
Երկրորդ դիմումատուի վճռաբեկ բողոքը վերաբերում էր ապացույցների ընդունմանը եւ քննության ընթացքում վերջինիս իրավաբանի կամ թարգմանչի ծառայություններ չտրամադրելուն։
15. 2004 թվականի սեպտեմբերին Վճռաբեկ դատարանը մերժել է դիմումատուների վճռաբեկ բողոքը։
16. Դիմումատուները բողոք են ներկայացրել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի եւ 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն այն մասով, որ մեղադրող կողմի վկաներից ոչ մեկը, այդ թվում՝ Ե.Օ.-ն, Ա.Յ.-ն եւ Ռ.Կ.-ն, ո՛չ քննության, ո՛չ էլ դատավարության ընթացքում չեն քննվել։ Դիմումատուները ներկայացրել են նաեւ մի շարք այլ բողոքներ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի եւ 3-րդ կետի, 6-րդ հոդվածի 1-ին կետի, 6-րդ հոդվածի 2-րդ կետի, 6-րդ հոդվածի 1-ին կետի եւ 3-րդ կետի «ա», «բ» «գ» ենթակետերի եւ «ե» ենթակետի, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 13-րդ եւ 14-րդ կետերի, ինչպես նաեւ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ իրենց ձերբակալության, հետապնդման եւ դատավարության առնչությամբ։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԻ «Դ» ԵՆԹԱԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
Ընդունելիությունը
17. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուները չեն սպառել իրավական պաշտպանության հասանելի ներպետական միջոցները։
18. Երկրորդ դիմումատուն չի ներկայացրել սույն բողոքն իր դեմ կայացված մեղադրական դատավճռի դեմ ներկայացված իր վերաքննիչ բողոքում (տե՛ս վերեւում՝ 12-րդ եւ 14-րդ կետերը, ինչպես նաեւ համապատասխան սկզբունքների առնչությամբ Վուչկովիչը եւ այլք ընդդեմ Սերբիայի (նախնական առարկություն) [ՄՊ] [Vučković and Others v. Serbia] [GC], թիվ
17153/11 գործը եւ 29 այլ գործեր, § 75, 2014 թվականի մարտի 25):
19. Դրանից հետեւում է, որ սույն բողոքն այնքանով, որքանով դա վերաբերում է երկրորդ դիմումատուին, պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ կետերի համաձայն՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու հիմքով։
20. Դատարանը նկատում է, որ առաջին դիմումատուն ներկայացրել է սույն խնդիրն իր բողոքներում (տե՛ս վերեւում՝ 12-րդ եւ 14-րդ պարբերությունները)։ Հետեւաբար, ինչ վերաբերում է առաջին դիմումատուին, Դատարանը մերժում է Կառավարության իրավական պաշտպանության ներպետական միջոցները (տե՛ս 17-րդ պարբերությունը) չսպառելու մասով առարկությունը։
21. Դատարանը նշում է, որ սույն բողոքն այնքանով, որքանով այն առնչվում է առաջին դիմումատուին, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ, կամ այն անընդունելի չէ որեւէ այլ հիմքով: Հետեւաբար այն պետք է ճանաչվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
22. Վկայի ներկայացրած չստուգված մեղադրական ապացույցների՝ քրեական վարույթի ընթացքում ընդունման առնչությամբ համապատասխան սկզբունքները ներառված են Ալ-Կավայան եւ Տահերին ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ][Al-Khawaja and Tahery v. the United Kingdom] [GC] գործերում (թիվ 26766/05 եւ 22228/06, §§ 119-47, ՄԻԵԴ 2011), այնուհետեւ պարզաբանվել են Շաչաշվիլին ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Schatschaschwili v. Germany [GC]] գործում (թիվ 9154/10, § § 100-31, ՄԻԵԴ 2015), որպես նախադեպային իրավունքի համառոտ շարադրանք տե՛ս նաեւ Սետոնն ընդդեմ Միացյալ Թագավորության [Seton v. the United Kingdom] գործը (թիվ 55287/10, §§ 57-59, 2016 թվականի մարտի 31)։
23. Կառավարության փաստարկներն այն մասին, որ Ե.Օ.-ն եւ Ա.Յ.-ն կանչվել են ներկայանալու գործը քննող դատարան, չեն հիմնավորվում որեւէ ապացույցով։ Հարկ է նաեւ նշել, որ Ե.Օ.-ն նույնիսկ ներառված չի եղել որպես վկա դատարան կանչվածների ցանկում (տե՛ս վերեւում՝ 11-րդ պարբերությունը)։ Ինչ վերաբերում է կառավարության այն փաստարկին, որ Ռ.Կ.-ն դատարան չի կանչվել, քանի որ նա Հայաստանում չի եղել, եւ նրա գտնվելու վայրն անհայտ է եղել, Դատարանը նշում է, որ Ռ.Կ.-ն հարցաքննվել է Ուկրաինայում 2002 թվականի նոյեմբերին (տե՛ս վերեւում՝ 10-րդ պարբերությունը): Սակայն ոչինչ չի վկայում այն մասին, որ գործը քննող դատարանը փորձել է Ռ.Կ.-ին կանչել՝ օգտագործելով նրա վերջին հայտնի հասցեն, եւ հետո միայն չի կարողացել պարզել վերջինիս գտնվելու վայրը։ Բոլոր դեպքերում այն փաստը, որ վկան չի գտնվել այն երկրում, որտեղ տեղի է ունեցել վարույթը, ինքնին բավարար չի ճանաչվել 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի պահանջների բավարարման համար, որով պահանջվում է, որ Պայմանավորվող պետություններն արդյունավետ քայլեր ձեռնարկեն, որպեսզի ամբաստանյալը կարողանա անձամբ կամ մեկ այլ անձի միջոցով հարցեր ուղղել իր դեմ ցուցմունք տված վկաներին (տե՛ս Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի [Gabrielyan v. Armenia], թիվ 8088/05 գործը, § 81, 2012 թվականի ապրիլի 10, Լյուչիչն ընդդեմ Խորվաթիայի [Lučić v. Croatia], թիվ 5699/11 գործը, § 79, 2014 թվականի փետրվարի 27)։
24. Հետեւաբար հիմնավոր պատճառ չի եղել Ե.Օ.-ի, Ա.Յ.-ի եւ Ռ.Կ.-ի դատական նիստին ներկա չգտնվելու եւ այդպիսով առաջին դիմումատուին վերջիններիս հետ անձամբ առերեսվելու հնարավորություն չընձեռելու համար:
25. Ինչ վերաբերում է քննարկվող ապացույցների դերին, ապա Վարչական շրջանի դատարանի որոշումը, որն ամբողջությամբ անփոփոխ էր թողնվել Վերաքննիչ դատարանի կողմից (տե՛ս վերեւում նշված 11-րդ եւ 13-րդ պարբերությունները), վերաբերում էր Ե.Օ.-ի, Ա.Յ.-ի եւ Ռ.Կ.-ի նախաքննական ցուցմունքներին, որոնցով հիմնավորում էր առաջին դիմումատուին պետական դավաճանության համար դատապարտելը՝ առանց այդ ապացույցների ապացուցողական ուժի գնահատման: Հետեւաբար Դատարանը պետք է կատարի իր սեփական գնահատումը ներկա չգտնվող վկաների ներկայացրած ապացույցների ապացուցողական ուժը գնահատելու համար՝ հաշվի առնելով մեղավորությունը հաստատող այլ հասանելի ապացույցներ (տե՛ս վերեւում հիշատակված՝ Շաչաշվիլիի գործը, § 143)։
26. Անկասկած Ե.Օ.-ի, Ա.Յ.-ի եւ Ռ.Կ-ի ցուցմունքները միակը չեն եղել ապացույցների շարքում, որոնց վրա հիմնված է եղել առաջին դիմումատուի մեղադրական դատավճիռը։ Տվյալ ցուցմունքները, այնուամենայնիվ, առաջին դիմումատուի դեմ «միակ» ապացույցը չեն եղել։ Վարչական շրջանի դատարանի վճիռը հիմնված է եղել այլ ապացույցների վրա, ներառյալ՝ տասներեք այլ վկաների ցուցմունքները (տե՛ս վերեւում նշված 11-րդ պարբերությունը)։ Սակայն ի տարբերություն Ե.Օ.-ի, Ա.Յ.-ի եւ Ռ.Կ.-ի ներկայացրած ապացույցների (տե՛ս վերեւում՝ 5-րդ, 7-րդ եւ 10-րդ պարբերությունները)՝ մյուս վկաների ապացույցներն ուղղակիորեն չեն մատնանշել առաջին դիմումատուի լրտեսական գործունեության մեջ ներգրավվածությունը, այլ տրամադրում են ընդհանուր տեղեկություններ դիմումատուների ապրելակերպի եւ ուղեւորությունների մասին (տե՛ս վերեւում՝ 11-րդ պարբերությունը)։
27. Հաշվի առնելով, որ ներպետական դատարանները որեւէ կերպ չեն գնահատել Ե.Օ.-ի, Ա.Յ.-ի եւ Ռ.Կ.-ի ներկայացրած ապացույցների ապացուցողական ուժը, Դատարանի համար պարզ չէ, թե արդյոք «որոշիչ» են եղել Ե.Օ.-ի, Ա.Յ.-ի եւ Ռ.Կ.-ի տրամադրած ապացույցները, սակայն Դատարանը հանգում է այն եզրակացության, որ վերջիններս ունեցել են որոշակի կշիռ, եւ դրանց ընդունումը կարող էր չնշել պաշտպանությանը։ Հետեւաբար Դատարանը պետք է քննի բավարար հավասարակշռող գործոնների առկայության հարցը (տե՛ս վերեւում հիշատակված՝ Սեթոնի գործը, § 59, եւ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի [Asatryan v. Armenia], թիվ 3571/09 գործը, § 64, 2017 թվականի ապրիլի 27):
28. Ներպետական դատարանների որոշումներում որեւէ ցուցում չկա, որ նրանք Ե.Օ.-ի, Ա.Յ.-ի եւ Ռ.Կ.-ի ցուցմունքներին վերաբերվել են հատուկ զգուշությամբ կամ ավելի քիչ կարեւորություն են տվել նրանց ցուցմունքներին (համեմատե՛ք, օրինակ, վերեւում հիշատակված՝ Ալ-Կավայայի եւ Տահերիի գործը, § 157 եւ Բոբեշն ընդդեմ Ռումինիայի [Bobesh v. Romania], թիվ 29752/05 գործը, § 46, 2013 թվականի հուլիսի 9):
29. Բացի այդ, Կառավարությունը չի նշել որեւէ դատավարական երաշխիք գործը քննող դատարանի կողմից համապատասխան վկաների տված ցուցմունքների օգտագործման վերաբերյալ:
30. Այսպիսով, չի հաստատվել, որ եղել են բավարար հակակշռող գործոններ, որոնք կփոխհատուցեին այն դժվարությունները, որոնց բախվել է պաշտպանությունը՝ վկաներ Ե.Օ.-ի, Ա.Յ.-ի եւ Ռ.Կ.-ի չստուգված ցուցմունքների պատճառով:
31. Հետեւաբար առաջին դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի եւ 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում։
II. ԱՅԼ ԲՈՂՈՔՆԵՐ
32. Դիմումատուները նաեւ բողոք են ներկայացրել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով եւ 3-րդ կետի «գ» եւ «ե» ենթակետերով։
33. Երկրորդ դիմումատուն չի ներառել այդ խնդիրներն իր մեղադրական դատավճռի դեմ ներկայացրած բողոքում (տե՛ս վերեւում՝ 12-րդ պարբերությունը)։ Դրանից հետեւում է, որ այդ բողոքներն այնքանով, որքանով դա վերաբերում է երկրորդ դիմումատուին, պետք է մերժվեն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին եւ 4 րդ կետերի համաձայն՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու հիմքով։
34. Առաջին դիմումատուի առնչությամբ, հաշվի առնելով սույն գործի փաստերը, կողմերի փաստարկները եւ կատարած վերոնշյալ եզրահանգումները, Դատարանը համարում է, որ այն քննել է սույն գործով հիմնական իրավական հարցը, եւ չկա տվյալ բողոքները քննելու անհրաժեշտություն (տե՛ս Իրավական ռեսուրսների կենտրոնը՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի, ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Centre for Legal Resources on behalf of Valentin Câmpeanu v. Romania [GC]], թիվ 47848/08 գործը, §156, ՄԻԵԴ 2014թ.)։
III. ՄՆԱՑԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ
35. Դիմումատուները ներկայացրել են նաեւ մի շարք այլ բողոքներ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի եւ 3-րդ կետի, 6-րդ հոդվածի 1-ին կետի եւ 3-րդ կետի «ա» ենթակետի, 6-րդ հոդվածի 2-րդ, 7-րդ, 8 րդ, 10-րդ, 13-րդ եւ 14-րդ կետերի, ինչպես նաեւ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն։ Դատարանը քննել է գանգատի այս մասը եւ հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը, եւ այնքանով, որքանով բողոքների հիմքում ընկած հարցերի քննությունն իր իրավասության սահմաններում է, գտնում է, որ կա՛մ դրանք չեն համապատասխանում Կոնվենցիայի 34-րդ եւ 35-րդ հոդվածներով սահմանված ընդունելիության չափանիշներին, կա՛մ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով ամրագրված իրավունքների եւ ազատությունների խախտման որեւէ հատկանիշ:
36. Այստեղից հետեւում է, որ գանգատն այս մասով պետք է մերժվի՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ կետի։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
37. Առաջին դիմումատուն արդար փոխհատուցման պահանջ չի ներկայացրել։ Համապատասխանաբար Դատարանը համարում է, որ նրան այդ մասով որեւէ գումար շնորհելու անհրաժեշտություն չկա:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Մերժում է կառավարության առարկությունը այն մասին, որ առաջին դիմումատուն իր դեմ հանդես եկող վկաներին հարցեր ուղղելու իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին բողոքի առնչությամբ չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները.
2. Հայտարարում է իր դեմ հանդես եկող վկաներին հարցեր ուղղելու իր իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ առաջին դիմումատուի բողոքն ընդունելի, գտնում է, որ չկա առաջին դիմումատուի բողոքների ընդունելիության եւ ըստ էության առանձին քննության անհրաժեշտություն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի եւ 3-րդ կետի «գ» եւ «ե» ենթակետերի համաձայն, եւ հայտարարում է գանգատի մնացած մասն անընդունելի.
3. Վճռում է, որ առաջին դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի եւ 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում։
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ եւ 3-րդ կետերի։
Մարտինա Կելլեր
Մարիա Էլոսեգի
Քարտուղարի տեղակալ
Նախագահ