© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013թ.
Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում: Այլ տեղեկությունների համար տես սույն փաստաթղթի վերջում հեղինակային իրավունքի մասին ամբողջական նշումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՉՈՐՐՈՐԴ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
ՍՏԱՄՈՍԵՆ ԸՆԴԴԵՄ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԳՈՐԾԸ
(Հայցադիմում թիվ 29713/05)
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
27 նոյեմբերի 2012թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
27/02/2013
Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44 § 2 հոդվածի հիման վրա: Այն կարող է ենթակա լինել խմբագրական վերանայման:
Ստամոսեն ընդդեմ Բուլղարիայի գործում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (չորրորդ ստորաբաժանում)՝ նիստ գումարելով իբրև պալատ և կազմված՝
նախագահ Ինետա Զիեմելեից, դատավորներ Դավիդ Թյոր Բյորգվինսոնից, Պաիվի Հիրվելայից, Գեորգե Նիկոլաուից, Լեդի Բյանկուից, Զդրավկա Կալայջիևայից, Վենսան Ա. Դե Գաետանոյից և ստորաբաժանման քարտուղար Լորենս Էրլից,
2012թ. նոյեմբերի 6-ին դռնփակ նիստ գումարելուց հետո
կայացնում է հետևյալ վճիռը, որն ընդունվել է այդ օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործն սկսվել է ընդդեմ Բուլղարիայի Հանրապետության հայցադիմումով (թիվ 29713/05), որը Դատարան է ներկայացվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 34 հոդվածի հիման վրա (“Կոնվենցիա”)` Բուլղարիայի քաղաքացի պրն. Թեոդոր Վասիլիուս Ստամոսեի կողմից (“դիմող”), 2005թ. հուլիսի 22-ին:
2. Դիմողին ներկայացնում էր Սոֆիայում փաստաբանական գործունեությամբ զբաղվող պրն. Բ. Ցանովը: Բուլղարիայի կառավարությունը (“Կառավարություն”) ներկայացնում էր տկն. Մ. Դիմովան՝ Արդարադատության նախարարությունից:
3. Դիմողը, մասնավորապես, հայտարարում էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ ներգաղթի մասին օրենսդրությունը խախտելու հիմքով Բուլղարիայի տարածքը երկու տարի ժամկետով լքելու վրա դրված արգելքն անհիմն էր: Այդ արգելքը, որի պատճառով նա չէր կարողացել մեկնել ԱՄՆ, որտեղ ապրում էին նրա մայրն ու եղբայրը, հավասարազոր էր եղել նրա ընտանեկան կյանքի անհիմն միջամտության, իսկ արգելքն իր կողմից վիճարկելու քննության ժամանակ դատարանները չէին ուսումնասիրել դրա համաչափությունը:
4. 2009թ. սեպտեմբերի 28-ին Դատարանը (հինգերորդ ստորաբաժանում) որոշեց Կառավարությանը ծանուցել հայցադիմումի մասին: Միաժամանակ որոշում կայացվեց հայցադիմումի ընդունելիության և էության վերաբերյալ (Կոնվենցիայի 29 § 1 հոդված):
5. 2011թ. փետրվարի 1-ին Դատարանի ստորաբաժանումների վերակազմավորումից հետո հայցադիմումը փոխանցվեց չորրորդ ստորաբաժանմանը:
6. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հինգերորդ ստորաբաժանման նախագահի սահմանած ժամկետում դիմողը գործի ընդունելիության կամ էության վերաբերյալ որևէ դիտարկում կամ արդար փոխհատուցման հայց չէր ներկայացրել, 2011թ. օգոստոսի 2-ին Դատարանի քարտուղարությունը պատվիրված նամակ ուղարկեց դիմողին՝ նրան իրազեկելով Կոնվենցիայի 37 § 1 (ա) հոդվածի պայմանների վերաբերյալ: 2011թ. նոյեմբերի 4-ի ֆաքսում, որին հաջորդեց 2011թ. նոյեմբերի 4-ով թվագրված նամակը, դիմողը նշում էր, որ ինքը ցանկանում է հետամուտ լինել իր հայցադիմումին, իսկ ավելի վաղ նկատառումներ կամ արդար փոխհատուցման հայց ներկայացնել չկարողանալու պատճառը եղել էր իր և իր օրինական ներկայացուցչի միջև կապի խնդիրը:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
7. Դիմողը ծնվել է 1974թ. և բնակվում է Շեֆիլդում, Միացյալ Թագավորություն, ուր տեղափոխվել էր 2010թ. փետրվարին:
8. 1998թ. դիմողը, ով ընդունվել էր Միսսուրի նահանգի համալսարաններից մեկը, Ամերիկայի Միացյալ Նահանգներ էր մեկնել ուսանողական այցագրով: Սակայն հետագայում նա թողել էր ուսումը և վճարովի աշխատանք գտել: 2000թ. հունվարին կարծելով, որ նա դրանով իսկ խախտել է իր այցագրի պայմանները, իշխանությունները նրա նկատմամբ արտաքսման վարույթ սկսեցին: 2003թ. հոկտեմբերի 29-ին նրան արտաքսեցին Բուլղարիա:
9. Նույն միջոցին, 2000թ. ապրիլին, դիմողի մայրն ամուսնացավ ԱՄՆ-ի քաղաքացու հետ: 2000թ. մայիսին մայրը դարձավ ԱՄՆ-ի մշտական բնակիչ, իսկ հետագայում՝ ԱՄՆ-ի քաղաքացի: Դիմողի եղբայրը նույնպես մշտապես բնակվում էր ԱՄՆ-ում:
10. 2003թ. հոկտեմբերի 29-ի կարգադրությամբ Բուլղարիայի Ներքին գործերի նախարարության սահմանապահ ծառայության ղեկավարը, գործելով 1998թ. Ինքնությունը հաստատող փաստաթղթերի մասին օրենքի 76(6) հոդվածիհիման վրա (ստորև տես 17 կետը) և նկատի ունենալով նախարարության միջազգային համագործակցության բաժնից ստացված նամակը, որին կցված էր ԱՄՆ-ի դեսպանության նամակը, դիմողի վրա դրեց երկու տարվա ճամփորդական արգելք՝ սկսած 2003թ. հոկտեմբերի 20-ից և իրավասու մարմիններին կարգադրեց առգրավել նրա անձնագիրը: Համապատասխանաբար, 2003թ. նոյեմբերի 4-ին Բուրգասի ոստիկանությունը դիմողին կարգադրեց հանձնել իր անձնագիրը:
11. Դիմողը հետամուտ էր կարգադրության դատական կարգով վերանայման՝ վիճարկելով, ի թիվս այլ բաների, որ վարչական մարմինները սխալվել էին՝ հաշվի չառնելով իր անձնական վիճակը և գերադասելով իր նկատմամբ իրենց հայեցողության գործադրումը:
12. 2004թ. մայիսի 11-ին Սոֆիայի քաղաքային դատարանը մերժեց հայցադիմումը: Ի թիվս այլ բաների, այն որոշեց, որ կարգադրությունն արձակելու ժամանակ իշխանությունները հաշվի էին առել բոլոր համապատասխան փաստերը, այսինքն՝ դիմողին արտաքսել էին, և Բուլղարիայի իշխանություններն այդ մասին տեղյակ էին: Արտաքսման պատճառները և դիմողի անձնական հանգամանքները նյութական չէին, ինչպիսին էր ԱՄՆ վերստին մուտք գործելու մեկ այլ այցագիր ստանալու հնարավորությունը: Կարգադրությունը համահունչ էր եղել օրենսդրության նպատակին, այն է՝ թույլ չտալ Բուլղարիայի այն քաղաքացիներին, ովքեր խախտել էին օտար պետությունների ներգաղթի կանոնները, ազատորեն ճամփորդել:
13. Դիմողն իրավունքի հարցերի վերաբերյալ բողոք ներկայացրեց՝ կրկնելով իր այն փաստարկը, որ իշխանությունները պետք է հաշվի առած լինեին իր անհատական հանգամանքները:
14. 2005թ. մարտի 30-ի վերջնական վճռում (реш. № 2952 от 30 март 2005 г. по адм. д. № 6206/2004 г., ВАС, V о.) Գերագույն վարչական դատարանը հաստատեց ստորին ատյանի դատարանի վճիռը: Ի թիվս այլ բաների, այն որոշեց, որ 1998թ. Ինքնությունը հաստատող փաստաթղթերի մասին օրենքի 76(6) հոդվածում իշխանությունների հայեցողությանն էր թողնվում սահմանել վիճարկվող միջոցը կամ զերծ մնալ դրա պարտադրումից, և այս հարցում նրանց ընտրությունը դատական կարգով վերանայման ենթակա չէր: Դիմողի դեպքում իշխանությունները նկատի էին ունեցել բոլոր համապատասխան հանգամանքները և որոշել, որ միջոցը հաստատվել էր:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
15. 1991թ. Սահմանադրության 35 § 1 հոդվածով, ի թիվս այլ բաների, նախատեսված է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքել երկիրը, և այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` ազգային անվտանգությունը, հանրության առողջությունը կամ մյուսների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով:
16. 1998թ. Ինքնությունը հաստատող փաստաթղթերի մասին օրենքի 33(1) հոդվածում նախատեսված է (Закон за българските документи за самоличност) (2009թ. հոկտեմբերին օրենքի վերնագիրը փոփոխվեց և դարձավ օրենք Անձի նույնականացման փաստաթղթերի մասին – Закон за българските лични документи) (“ 1998թ. օրենք”), որ Բուլղարիայի քաղաքացին իրավունք ունի լքել երկիրը և վերադառնալ անձնագրով կամ դրան համարժեք փաստաթղթով: 33(3) հոդվածով այդ իրավունքները չեն կարող ենթակա լինել սահմանափակման, եթե այդ սահմանափակումները նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ազգային անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ մյուսների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
17. Օրենքի 76(6) հոդվածում, ինչպես որ ընդունվել էր սկզբում, նախատեսված էր, որ Բուլղարիայի քաղաքացուն, ում մեկ այլ երկրից արտաքսել էին այդ երկրի ներգաղթի մասին օրենսդրության խախտման համար, կարող են արգելել լքել Բուլղարիան և մեկ տարի ժամանակով մերժել անձնագիր տրամադրել: Ենթահոդվածը փոփոխվել էր և ուժի մեջ մտել 2003թ. մարտի 31-ից: Դրանով նախատեսվում էր արգելք սահմանել երկու տարի ժամկետով:
18. Սույն դրույթի հիման վրա իր նախադեպային իրավունքում Գերագույն վարչական դատարանը հետևողականորեն որոշում էր կայացնում առ այն, որ դատարաններն իրավասու չէին վերանայել, թե արդյոք իշխանությունները պատշաճ կերպով գործադրել էին իրենց ազատ հայեցողության իրավունքը, որպեսզի գնահատեն այդօրինակ միջոցի անհրաժեշտությունը: Միակ բանը, որ դատարանները պետք է ստուգեին, այն էր, թե արդյոք հիմքում ընկած արտաքսումը տեղի էր ունեցել` անկախ դրա հիմքերից (տես реш. № 10917 от 3 декември 2002 г. по адм. д. № 7044/2002 г., ВАС, V о.; реш. № 2365 от 14 март 2003 г. по адм. д. № 10736/2002 г., ВАС, V о.; реш. № 9652 от 22 ноември 2004 г. по адм. д. № 4636/2004 г., ВАС, V о.; реш. № 9653 от 22 ноември 2004 г. по адм. д. № 4637/2004 г., ВАС, V о.; реш. № 9654 от 22 ноември 2004 г. по адм. д. № 4635/2004 г., ВАС, V о.; реш. № 3497 от 18 април 2005 г. по адм. д. № 542/2005 г., ВАС, V о.; реш. № 94 от 5 януари 2006 г. по адм. д. № 5672/2005 г., ВАС, V о.; реш. № 5034 от 11 май 2006 г. по адм. д. № 9710/2005 г., ВАС, V о.; реш. № 5229 от 17 май 2006 г. по адм. д. № 535/2006 г., ВАС, V о.; реш. № 5966 от 2 юни 2006 г. по адм. д. № 829/2006 г., ВАС, V о.; реш. № 7176 от 28 юни 2006 г. по адм. д. № 3700/2006 г., ВАС, V о.; реш. № 10919 от 6 ноември 2006 г. по адм. д. № 4522/2006 г., ВАС, V о.; реш. № 12533 от 13 декември 2006 г. по адм. д. № 6522/2006 г., ВАС, V о.; реш. № 12551 от 13 декември 2006 г. по адм. д. № 7065/2006 г., ВАС, V о.; and реш. № 1869 от 22 февруари 2007 г. по адм. д. № 9680/2006 г., ВАС, V о.).
19. 2009թ. օգոստոսի 21-ին Կառավարությունը խորհրդարանին ներկայացրեց 1998թ. օրենքի փոփոխության մասին նախագիծը, որով, ի թիվս այլ բաների, առաջարկվում էր, ուժը կորցրած ճանաչել 76(6) հոդվածը: Խորհրդարանը նախագիծն ընդունեց 2009թ. հոկտեմբերի 1-ին, իսկ ուղղումներ կատարող օրենքն ուժի մեջ մտավ 2009թ. հոկտեմբերի 20-ին: Դրանից բխող իր նախադեպային իրավունքում Գերագույն վարչական դատարանը որոշեց, որ ուժը կորցրած ճանաչելն ինքնաբերաբար չէր չեղարկում 76 հոդվածով նախատեսված ճամփորդական արգելքը, որը դրվել էր մինչ դրա` ուժի մեջ մտնելը (տես реш. № 13819 от 17 ноември 2009 г. по адм. д. № 6999/2007 г., ВАС, ІІІ о.; реш. № 15106 от 10 декември 2009 г. по адм. д. № 7052/2009 г., ВАС, V о.; և реш. № 10449 от 13 август 2010 г. по адм. д. № 1609/2010 г., ВАС, VІІ о.): Հարցը կարգավորվեց 1998թ. օրենքի փոփոխության նպատակով ուրիշ օրենքի անցումային և եզրափակիչ դրույթների 5 կետի ընդունմամբ: Այն ուժի մեջ մտավ 2010թ. ապրիլի 10-ին: Դրանով նախատեսված էր, որ 76(6) հոդվածով պարտադրված բոլոր միջոցները դրա` ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում, դադարում էին իրավաբանական ուժ ունենալ:
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
20. Աշխատանքի միջազգային բյուրոյի կողմից իր International Migration Papers մատենաշարում հրապարակված զեկույցի համաձայն (August Gächter, The Ambiguities of Emigration: Bulgaria since 1988, հասանելի է հասցեով (հասանելի է դարձել 2012թ. նոյեմբերի 6-ին)), 1989-1998թթ. միջև ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ Բուլղարիայից արտագաղթել է 747,000 մարդ, որոնցից 2,253-ն արտագաղթել է Շվեյցարիա, 124,383-ը` Գերմանիա, 32,978-ը` Հունաստան, 344,849-ը` Թուրքիա, իսկ 6,307-ը` Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
IV. ԱՅԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆՅՈՒԹԵՐ
21. 1995թ. սեպտեմբերի 25-ի Եվրոպական խորհրդի (EC) թիվ 2317/95 հրահանգի 1(1) հոդվածի և հավելվածի հիման վրա Բուլղարիայի քաղաքացիներից պահանջվում էր Եվրամիության անդամ երկրների արտաքին սահմանները հատելիս այցագիր ունենալ: Դա փոփոխվեց Խորհրդի 2001թ. մարտի 15-ի (EC) թիվ 539/2001 հրահանգի 1(2) հոդվածի և հավելված II-ի հիման վրա, որով Բուլղարիայի քաղաքացիներն ազատվում էին ընդհանուր առմամբ երեք ամսից ոչ ավելի մնալու այցագրի պահանջից:
22. Քաղաքագիտության եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված փաստաթղթում (What about the Neighbours? The Impact of Schengen along the EU’s External Borders, CEPS աշխատանքային փաստաթուղթ թիվ 210/հոկտեմբեր, 2004թ., հասանելի է հասցեով (հասանելի է դարձել 2012թ. նոյեմբերի 6-ին )), նշված է հետևյալը`
“Վեց տարվա ընթացքում Եվրոպական Միությունն ինքն իրեն դրել է այն վիճակում, որ իբրև վիզան հանելու գին զգալի զիջումներ է պահանջում սահմաններին և մարդկանց տեղաշարժին վերաբերող հարցերի լայն շրջանակի մասով: Այդ ժամանակահատվածում Բուլղարիայի կառավարությունն ու հասարակությունը միասին սկսել են աշխատել համապարփակ ռազմավարության վրա, որի նպատակը վիզաներ ստանալուց Բուլղարիայի քաղաքացիներին վերջնականապես ազատելն է”:
23. Ապա փաստաթղթում հղում էր արվում 2001թ. Եվրոպական հանձնաժողովի զեկույցին, որը հանգեցրել էր Բուլղարիայի քաղաքացիների համար վիզաները վերացնելուն (Հանձնաժողովի զեկույցը` ուղղված Խորհրդին, որը հրահանգի ընդունման հեռանկարում վերաբերում է Բուլղարիային: Այն սահմանում է երրորդ երկրների ցանկը, ում քաղաքացիներն արտաքին սահմանները հատելիս պետք է ունենան վիզա և այն երկրները, ում քաղաքացիներն ազատված են այդ պահանջից, COM(2001) 61 վերջնական, 2 փետրվարի 2001թ., Բրյուսել): “Դեպի անդամ երկրներ անօրինական արտագաղթին վերաբերող պատժամիջոցները” վերնագրի ներքո այդ զեկույցում նշված էր, որ “ [ 1998թ. օրենքի] 76 [հոդվածի] հիման վրա, որը [այդ ժամանակ] ուժի մեջ էր, երկիրը լքելու արգելքը մեկ տարի ժամանակով պարտադրվել [էր] Բուլղարիայի այն քաղաքացիներին, ովքեր խախտել [էին] մեկ այլ երկրի ներգաղթի օրենքը կամ մեկ այլ երկրից արտաքսվել [էին]”: Բուլղարիայի իշխանությունների կողմից ձեռնարկված հետագա օրենսդրական քայլերն ուսումնասիրելիս զեկույցում նշված էր, որ “76 [հոդվածի] փոփոխությունների նախագծով նախատեսված է [էր] երկու տարով երկարացնել երկիրը լքելու արգելքը, որը [կարող էր] պարտադրվել Բուլղարիայի քաղաքացիներին”: Դրան առնչվող բոլոր օրենսդրական դրույթներն ուսումնասիրելուց հետո զեկույցում եզրակացություն էր արվում առ այն, որ “Բուլղարիայի իշխանությունների կողմից Հանձնաժողովի ծառայություններին ուղարկված տեղեկատվություն[ից] և հանձնաժողովի առաքելությունից պարզ [էր], որ Բուլղարիան իր տրամադրության տակ [ուներ] անհրաժեշտ իրավական գործիքները, որպեսզի իրեն թույլ տա պայքարել ... իր տարածքից անօրինական ներգաղթի դեմ”:
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
I. Թիվ 4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 2 ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
24. Կոնվենցիայի թիվ 4 արձանագրության 2 հոդվածի հիման վրա դիմողը բողոքում էր, որ Բուլղարիայի տարածքը լքելու արգելքը հիմնավորված չէր և անհամաչափ էր:
25. Թիվ 4 արձանագրության 2 հոդվածում քննարկվող հարցին վերաբերող մասով ասված է`
“...
2. Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած, ներառյալ իր սեփական, երկրից հեռանալու իրավունք:
3. Այդ իրավունքների իրականացման նկատմամբ չպետք է կիրառվի որևէ սահմանափակում, բացառությամբ այն սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության ապահովության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության, կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով:
...”
26. Կառավարությունը փաստարկում էր, որ դիմողի վերաբերյալ վարչական մարմինների և դատարանների կայացրած որոշումներն օրինաչափ ու ճիշտ էին եղել: Բերված պատճառները համապատասխանում էին 1998թ. օրենքի 76(6) հոդվածի պահանջներին: Արգելքի շարժառիթը եղել էր ԱՄՆ դեսպանությունից ստացված նամակը: Այդ հանգամանքներում իշխանությունները, ի կատարումն իրենց հայեցողության, իրավացիորեն գտել էին, որ այդ միջոցը պետք էր եղել օրենքի նպատակներին հասնելու համար: Դատարաններին իրավունք էր տրված ուսումնասիրել միջոցի իրավաչափությունը, այլ ոչ դրա անհրաժեշտությունը և օրենքը ճիշտ էին կիրառել: Եվ, վերջապես, Կառավարությունը մատնանշում էր, որ 2009թ. հոկտեմբերին 76(6) հոդվածն ուժը կորցրած էր ճանաչվել:
27. Դիմողը նկատառումներ չներկայացրեց:
28. Դատարանը կարծում է, որ այդ բողոքը Կոնվենցիայի 35 § 3 հոդվածի իմաստով բացահայտ կերպով անհիմն կամ ցանկացած այլ պատճառով անընդունելի չէ, հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
29. Ինչ վերաբերում է էությանը, ապա Դատարանն սկսում է այն դիտարկումից, որ այս գործը ինչ-որ առումով նոր հարց է բարձրացնում, քանզի այդպիսով Դատարանը ցայսօր առիթ չի ունեցել գործ ունենալ ճամփորդական արգելքի հետ, որը նախատեսված է կանխարգելելու ներպետական կամ արտերկրի ներգաղթի մասին օրենքների խախտումները: Նախկինում Թիվ 4 արձանագրության 2 հոդվածով նախատեսված դեպքերում Դատարանը կամ էլ Մարդու իրավունքների եվրոպական նախկին հանձնաժողովը մտահոգ են եղել այդօրինակ արգելքներով, որոնք սահմանվել էին առկախ քրեական դատավարությունների հետ կապված (տես Schmidt v. Austria, no. 10670/83, Commission decision of 9 July 1985, Decisions and Reports (DR) 44, p. 195; Baumann v. France, no. 33592/96, ECHR 2001‑V; Földes and Földesné Hajlik v. Hungary, no. 41463/02, ECHR 2006‑XII; Sissanis v. Romania, no. 23468/02, 25 January 2007; Bessenyei v. Hungary, no. 37509/06, 21 October 2008; A.E. v. Poland, no. 14480/04, 31 March 2009; Iordan Iordanov and Others v. Bulgaria, no. 23530/02, 2 July 2009; Makedonski v. Bulgaria, no. 36036/04, 20 January 2011; Pfeifer v. Bulgaria, no. 24733/04, 17 February 2011; Prescher v. Bulgaria, no. 6767/04, 7 June 2011; and Miażdżyk v. Poland, no. 23592/07, 24 January 2012), քրեական պատիժների հարկադիր կատարում (տես M. v. Germany, no. 10307/83, Commission decision of 6 March 1984, DR 37, p. 113), քրեական իրավախախտումների մասով արդարացման բացակայություն (տես Nalbantski v. Bulgaria, no. 30943/04, 10 February 2011), սնանկության վերաբերյալ առկախ դատավարություններ (տես Luordo v. Italy, no. 32190/96, ECHR 2003‑IX), մաքսային տույժերի չվճարում (տես Napijalo v. Croatia, no. 66485/01, 13 November 2003), հարկերի չվճարում (տես Riener v. Bulgaria, no. 46343/99, 23 May 2006), մասնավոր անձանց` վճռով սահմանված պարտքերի չվճարում (տես Ignatov v. Bulgaria, no. 50/02, 2 July 2009, and Gochev v. Bulgaria, no. 34383/03, 26 November 2009), “պետական գաղտնիքների” մասին տեղեկություններ (տես Bartik v. Russia, no. 55565/00, ECHR 2006‑XV), զինվորական ծառայության պարտականությունների չկատարում (տես Peltonen v. Finland, no. 19583/92, Commission decision of 20 February 1995, DR 80‑a, p. 38, and Marangos v. Cyprus, no. 31106/96, Commission decision of 20 May 1997, unreported), հոգեկան հիվանդություններ՝ զուգակցված ընդունող երկրում համապատասխան խնամքի համար նախատեսված պայմանների բացակայությամբ (տես Nordblad v. Sweden, no. 19076/91, Commission decision of 13 October 1993, unreported) և դատարանի կայացրած որոշումներ, որոնցով արգելվում է անչափահաս երեխաներին տեղափոխել այլ երկիր (տես Roldan Texeira and Others v. Italy (dec.), no. 40655/98, 26 October 2000, and Diamante and Pelliccioni v. San Marino, no. 32250/08, 27 September 2011): Դատարանը կարծում է, որ չնայած այդ գործերի միջև եղած տարբերություններին, ներկա գործով կիրառվելիք սկզբունքները նույնն են:
30. Թիվ 4 արձանագրության 2 § 2 հոդվածում երաշխավորված է մի երկրից մեկ այլ երկիր իր ընտրությամբ մեկնելու՝ անձի իրավունքը, որտեղ նա կընդունվի: Բուլղարիայից մեկնելու արգելքը, որը դրվել էր դիմողի վրա, անկասկած, հավասարազոր էր այդ իրավունքի միջամտության: Նրա անձնագրի առգրավումը նույնպես հավասարազոր էր այդօրինակ միջամտության (տես Peltonen, at p. 43; Baumann, §§ 62‑63; Napijalo, §§ 69‑73; and Nalbantski, § 61, բոլորն էլ վկայակոչված են վերևում): Հետևաբար, պետք է սահմանվի, թե արդյոք այդ միջամտությունը “օրենքին համապատասխան էր”, հետապնդում էր Թիվ 4 արձանագրության 2 § 3 հոդվածում շարադրված օրինական նպատակներից մեկը կամ մի քանիսը և արդյոք դա “անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակության մեջ”` այդ նպատակին հասնելու համար:
31. Միջամտությունը հիմնված էր 1998թ. Ինքնությունը հաստատող փաստաթղթերի մասին օրենքի 76(6) հոդվածի վրա (տես վերը բերված 10 և 17 կետերը) և, այդպիսով, ներպետական օրենսդրության մեջ ուներ հստակ օրինական հիմք: Դիմողը հետամուտ չի եղել վիճարկելու, որ դա հակառակ դեպքում “օրենքին համապատասխան չէ”, իսկ Դատարանը որևէ պատճառ չի տեսնում որոշում կայացնելու առ այն, որ դա չի համապատասխանում այդ պահանջին:
32. Բացի այդ, համատեքստից, որում դիմողի նկատմամբ միջոցի համար որպես հիմք ծառայած օրենքի դրույթներն ընդունվել էին, իսկ հետո խստացվել, ակնհայտ է (տես վերը բերված 21‑23 կետերը), որ այդ միջամտությունը նախատեսված էր այլ պետությունների ներգաղթի մասին օրենքների խախտումների մտադրությունից հետ կանգնելու և կանխարգելելու համար՝ դրանով իսկ նվազեցնելով ուրիշ երկրների տարածք Բուլղարիայի այլ քաղաքացիների մուտքը մերժելու հավանականությունը, կամ Բուլղարիայի քաղաքացիների նկատմամբ խստացնելու կամ չմեղմացնելու իրենց վիզային ռեժիմը: Անգամ եթե Դատարանը պատրաստ լիներ ընդունել, որ այդ միջամտությունը հետապնդում էր հասարակական կարգի պահպանության կամ ուրիշների իրավունքների պաշտպանության օրինական նպատակներ, ներկա գործով հարկ չկա այդ նպատակին էլ ավելի հետամուտ լինել, քանզի, ինչպես ցանկացած դեպքում, ինչպես բացատրվում է ստորև, ճամփորդական սահմանափակումները չհանձնեցին “ժողովրդավարական հասարակության մեջ անհրաժեշտ” քննությունը և չբավարարեցին համաչափության հստակ պահանջը:
33. Դատարանը նկատում է, որ դիմողի վրա դրված ճամփորդական արգելքը երկար չի տևել՝ օրենքով դա տևել է ճիշտ երկու տարի (տես վերը բերված 17 կետը): Այդուհանդերձ, հիմնական հարցը դա չէ (ի հակադրություն վերը վկայակոչված Nalbantski, § 56): Ակնբախ հարցն այն է, թե արդյոք ընդհանրապես համաչափ էր դիմողին ինքնաբերաբար արգելել մեկնել ցանկացած պետություն այն բանի համար, որ նա խախտել է կոնկրետ մեկ երկրի ներգաղթի օրենքները:
34. Դատարանն այսօրինակ ամբողջական ու ոչ խտրական միջոցը չի կարող համարել համաչափ: Որևէ երկրի ներգաղթի վերաբերյալ օրենքների լուրջ խախտման նորմալ հետևանքները խնդրո առարկա անձի համար այն կլինեն, որ նրան այդ երկրից կհանեն դուրս և այդ երկրի օրենքներով մի որոշ ժամանակ կարգելեն նորից մուտք գործել իր տարածք: Անշուշտ, իր ուսանողական այցագրի պայմանները խախտելու արդյունքում դիմողը տուժել է այդ հետևանքներից՝ նրան ԱՄՆ-ից արտաքսել էին (տես վերը բերված 8 կետը): Բուլղարիա պետության համար, որը չի կարող դիտարկվել իբրև դիմողի կատարած խախտման հետևանքով անմիջական տուժող, դա դրակոնյան միջոց է՝ երկու տարի նրան թույլ չեն տվել մեկնել այլ երկիր:
35. Ավելին, իշխանություններն իրենց հրամանի որևէ պատճառ չեն ներկայացրել և ակնհայտորեն հարկ չեն համարել քննել դիմողի վիճակը, իսկ ավելի ուշ դատարանները որոշում կայացրեցին այն մասին, որ իրենք չեն կարող վերանայել այդ հարցում իշխանությունների հայեցողության իրականացումը (համեմատել, անհրաժեշտ փոփոխություններով, Riener, § 126; Gochev, § 54; և Nalbantski հետ,§ 66, բոլորն էլ վկայակոչված են վերևում): Այսպիսով, թեպետ համապատասխան դրույթը վիճարկվող միջոցը սահմանելու կամ հակառակի առումով նրանց գործողությունների ազատություն է տվել, որևէ նշան չկա, որ այդ հայեցողությունը գործադրելիս իշխանությունները հաշվի են առել որևէ գործոն, որը կոնկրետ վերաբերում է դիմողին, զորօրինակ՝ խախտման ծանրությունը, որը դրդել էր նրան ԱՄՆ-ից արտաքսելուն, այն վտանգը, որ նա կարող էր մեկ այլ պետության ներգաղթի կանոններ խախտել, նրա ընտանեկան դրությունը, ֆինանսական ու անձնական դրությունը, կամ արդյոք նա նախկինում դատված էր եղել: Դատարանը, չնայած թեպետ տարբեր համատեքստում, նախկինում որոշում է կայացրել առ այն, որ այդօրինակ ընդհանուր և իրապես ինքնաբերական սահմանափակումները չեն կարող դիտարկվել իբրև Թիվ 4 արձանագրության 2 հոդվածով հիմնավորված (տես Riener, §§ 127‑28; Bartik, § 48; Gochev, §§ 53 և 57; և Nalbantski, §§ 66‑67, բոլորն էլ նշված են վերևում):
36. Ճիշտ է, որ օրենքի դրույթի ընդունմանը նախորդած ժամանակահատվածում, որի վրա հիմնված էր կարգադրությունը, Բուլղարիան դարձել էր միգրանտների աղբյուր (տես վերը բերված 20 կետը), և այդ հանգամանքներում առնվազն վիճելի է, որ բոլորի կողմից ընդունված քաղաքավարության և գործնական պատճառներով Բուլղարիա պետությունը կարող էր հարկ համարել այլ պետությունների օգնել նրանց ներգաղթի կանոնների և քաղաքականության իրականացման գործում (տես վերը բերված 32 կետը): Թվում է նաև, որ խնդրո առարկա օրենքի դրույթն ընդունվել, ապա խստացվել է (տես վերը բերված 17 կետը)՝ իբրև միջոցների փաթեթ, որոնք նախատեսված են փարատելու, ի թիվս այլ բաների, Եվրամիության այդ ժամանակվա անդամ պետությունների վախը Բուլղարիայից անօրինական արտագաղթի առումով: Դա դեր է խաղացել Եվրամիության 2001թ. մարտյան որոշման մեջ՝ Բուլղարիայի քաղաքացիներից չպահանջել կարճաժամկետ վիզա (տես վերը բերված 21‑23 կետերը): Ութ տարի անց՝ 2009թ., երբ դրա անհրաժեշտությունն ակնհայտորեն նվազել էր, դրույթը չեղյալ համարվեց (տես վերը բերված 19 կետը): Այնուամենայնիվ, այն փաստը, որ վիճարկված միջոցը լիազորող օրենքն ընդունվել էր այդ համապատկերում, այն չի ազատում Կոնվենցիայի հիման վրա կատարվող ուսումնասիրությունից (տես, անհրաժեշտ փոփոխություններով, Capital Bank AD v. Bulgaria, no. 49429/99, §§ 110‑11, 24 November 2005): Այնպես, ինչպես կիրառվել է դիմողի նկատմամբ, այդ միջոցը չի կարող արդարացվել զուտ այն փաստով, որ դրան կարող էր դրդել այդպիսի ճնշում (տես վերը բերված 10 կետը), և պատասխանող պետությունը չի կարող հիմնավորված կերպով սահմանափակվել այդպիսի պատճառներին ապավինելով, որպեսզի դա արդարացնի (տես, անհրաժեշտ փոփոխություններով, Nada v. Switzerland [GC], no. 10593/08, § 196, ECHR 2012): Թեպետ Դատարանը կարող է պատրաստ լինել ընդունելու, որ սեփական երկրից մեկնելու արգելքը դրվել է մեկ այլ պետության ներգաղթի օրենքները խախտելու պատճառով, որոշ անհաղթահարելի հանգամանքներում կարող է դիտարկվել իբրև արդարացված, այն չի կարծում, որ, առանց հաշվի առնելու խնդրո առարկա անձի անհատական հանգամանքները, ժողովրդավարական հասարակության մեջ այդօրինակ միջոցի ինքնաբերաբար նշանակումը կարող է բնութագրվել իբրև անհրաժեշտություն:
37. Հետևաբար, տեղի է ունեցել Թիվ 4 արձանագրության 2 հոդվածի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8 ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
38. Կոնվենցիայի 8 հոդվածի հիման վրա դիմողը բողոքում էր, որ ճամփորդական արգելքը, որի պատճառով ինքը չէր կարողացել մեկնել ԱՄՆ, որտեղ ապրում էին նրա մայրն ու եղբայրը, հավասարազոր էր եղել իր ընտանեկան կյանքին չհիմնավորված միջամտության:
39. Կոնվենցիայի 8 հոդվածով նախատեսված է, այն մասով, որը վերաբերում է քննարկվող հարցին, որ՝
“1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք...
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով”:
40. Կառավարությունը փաստարկում էր, որ այդ ճամփորդական արգելքը սահմանվել էր օրենքի համաձայն՝ երեսուն տարին լրացած չափահասի վերաբերմամբ: Ավելին, ԱՄՆ-ում մորն ու եղբորը միանալու՝ դիմողի հնարավորությունը կախված չէր եղել Բուլղարիայի իշխանություններից, այլ ավելի շուտ այդ երկրի ներգաղթի քաղաքականությունից: Եվ, վերջապես, Բուլղարիայում դիմողին այցելելու կապակցությամբ նրա ազգականների նկատմամբ որևէ խոչընդոտ չէր հարուցվել:
41. Դիմողը դիտարկումներ չի ներկայացրել:
42. Դատարանը կարծում է, որ Կոնվենցիայի 35 § 3 (ա) հոդվածի իմաստով այդ բողոքն ակնհայտ կերպով անհիմն չէ կամ անընդունելի որևէ այլ հիմքով, հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
43. Այնուամենայնիվ, նկատի ունենալով Թիվ 4 արձանագրության 2 հոդվածի խախտում գտնելը, Դատարանը կարծում է, որ հարկ չկա քննել դիմողի վրա դրված ճամփորդական արգելքը` վկայակոչելով նաև Կոնվենցիայի 8 հոդվածը (տես Riener, § 134; A.E. v. Poland, §§ 53‑54; and Pfeifer, § 62, բոլորն էլ վկայակոչված են վերևում և հակադրել İletmiş v. Turkey, no. 29871/96, §§ 42‑50, ECHR 2005‑XII, and Paşaoğlu v. Turkey, no. 8932/03, §§ 41‑48, 8 July 2008, որտեղ Կոնվենցիայի 8 հոդվածի, այլ ոչ Թիվ 4 արձանագրության 2 հոդվածի հիման վրա Դատարանը քննել է արտերկիր ճամփորդելու արգելքը, որովհետև վերջինս ստորագրվել, սակայն չէր վավերացվել Թուրքիայի կողմից):
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13 ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
44. Դիմողը բողոքում էր, որ արգելքի վերաբերյալ իր դատական վիճարկումը քննելիս դատարանները չէին ուսումնասիրել այդ միջոցի համաչափությունը:
45. Դատարանը կարծում է, որ այս բողոքը պետք է քննվի Կոնվենցիայի 13 հոդվածի հիման վրա, որում նախատեսված է հետևյալը՝
“Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք”:
46. Կառավարությունն իր դիտարկումներում չի մեկնաբանել այս բողոքը:
47. Դիմողը դիտարկումներ չի ներկայացրել:
48. Դատարանը կարծում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35 § 3 (ա) հոդվածի իմաստով ակնհայտ կերպով անհիմն կամ որևէ այլ հիմքով անընդունելի չէ, հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
49. Այնտեղ, որտեղ վիճելի հայց կա առ այն, որ իշխանությունների կատարած գործողությունը Թիվ 4 արձանագրության 2 § 2 հոդվածի հիման վրա կարող է խախտել անհատի իրավունքը, Կոնվենցիայի 13 հոդվածով պահանջվում է, որպեսզի ազգային օրենսդրական համակարգը նրան գործուն հնարավորություն տա վիճարկելու այն միջոցը, որի վերաբերյալ բողոք է ներկայացվել և համապատասխան հարցերը քննել բավարար ընթացակարգային երաշխիքներով ու ամբողջությամբ` դրանով իսկ անձին հնարավորություն տալով առաջ քաշել այն բոլոր փաստարկները, որոնք ազդում են համաչափության վրա՝ այդ միջոցի՝ Կոնվենցիայի իմաստով (տես Riener, §§ 138 and 142, and Pfeifer, § 67, երկուսն էլ վկայակոչված են վերևում):
50. Նկատի ունենալով դիմողի վրա դրված ճամփորդական արգելքի վերաբերյալ իր եզրակացությունները՝ Դատարանը կարծում է, որ Թիվ 4 արձանագրության 2 § 2 հոդվածի հիման վրա ներկայացված նրա բողոքը վիճելի է, հետևաբար պետք է որոշել, թե արդյոք նա իր տրամադրության տակ ունեցել էր իրավական պաշտպանության միջոց, որը համապատասխանում էր վերոնշյալ պահանջներին:
51. Այստեղ հիմնական հարցը կարծես թե հետևյալն է՝ արդյոք դատարանները համակողմանիորեն քննել են դիմողի պահանջները և դրանցից բխող բողոքները և վկայակոչել այն գործոնները, որոնք համարժեք են Կոնվենցիայի հիման վրա արգելքի արդարացմանը (տես վերը բերված Pfeifer, § 71): Ինչպես կարելի է տեսնել նրանց ընդունած որոշումներից (տես վերը բերված 12 և 14 կետերը)՝ նրանք դիմողի բերած փաստարկներին վերաբերվել էին իբրև անտեղի, որոնցով նա հարձակվել էր միջոցի հիմնավորվածության վրա և մտահոգ էին եղել միայն արգելքի ֆորմալ օրինականությամբ և կոնկրետ որոշում ընդունելով առ այն, որ իրենք չէին կարող մանրակրկիտ կերպով վերանայել արգելքի անհրաժեշտության վերաբերյալ իշխանությունների հայեցողական գնահատականը՝ դիմողի կողմից բարձրացված հիմնական հարցը (տես վերը բերված 11 և 13 կետերը) և Թիվ 4 արձանագրության 2 § 3 հոդվածով պահանջվող հավասարակշռող իրականացման առանցքային մասը՝ ընթացակարգ, որն ուսումնասիրության սահմանափակ շրջանակի պատճառով հնարավորություն չի տալիս գործ ունենալ Կոնվենցիայի հիման վրա վիճելի փաստարկի նյութի հետ և չի կարող բավարարել 13 հոդվածի պահանջները (տես վերը բերված Riener, §§ 142‑43 և, անհրաժեշտ փոփոխություններով, Glas Nadezhda EOOD and Anatoliy Elenkov v. Bulgaria, no. 14134/02, §§ 69‑70, 11 October 2007, and C.G. and Others v. Bulgaria, no. 1365/07, § 62, 24 April 2008, լրացուցիչ հղումներով):
52. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 13 հոդվածի խախտում:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41 ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ
53. Կոնվենցիայի 41 հոդվածում նախատեսված է՝
“Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել”:
54. Դիմողն արդարացի փոխհատուցման հայց չի ներկայացրել:
ԱՅԴ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. դիմումը հայտարարում է ընդունելի.
2. որոշում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Թիվ 4 արձանագրության 2 հոդվածի խախտում.
3. որոշում է, որ հարկ չկա բողոքը քննել Կոնվենցիայի 8 հոդվածի հիման վրա.
4. որոշում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13 հոդվածի խախտում:
Կազմված է անգլերենով և գրավոր ծանուցված 2012թ. նոյեմբերի 27-ին՝ Դատարանի Կանոնակարգի 77 §§ 2 և 3 կանոնների համաձայն:
Լորենս ԷրլիԻնետա Զիեմելե
Քարտուղար Նախագահ
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013թ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում և որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Թարգմանությունը կարելի է ներբեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC-ի նախադեպային իրավունքի () կամ տվյալների այլ շտեմարանից, որի հետ Դատարանը դրանով կիսվել է: Թարգմանությունը կարելի է վերարտադրել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ մեջբերվի գործի ամբողջական վերնագիրը` վերը բերված հեղինակային իրավունքի նշումով և հղում անելով Մարդու իրավունքների տրաստային հիմնադրամին: Եթե մտադրություն կա թարգմանության որևէ մաս օգտագործել առևտրային նպատակներով, դիմել հետևյալ հասցեով` publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy