© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.
Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում: Այլ տեղեկությունների համար տես սույն փաստաթղթի վերջում հեղինակային իրավունքի մասին ամբողջական նշումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
TĂNASE ընդդեմ մոլդովայի
(Դիմում թիվ 7/08)
վճիռ
ստրասբուրգ
27 ապրիլի 2010 թվական
Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
Tănase ընդդեմ Մոլդովայի գործով,
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ Պալատը, հետևյալ կազմով՝
Peer Lorenzen, նախագահ
Françoise Tulkens
Josep Casadevall
Ireneu Cabral Barreto
Corneliu Bîrsan
Rait Maruste
Vladimiro Zagrebelsky
Elisabeth Steiner
Dean Spielmann
Sverre Erik Jebens
Ján Šikuta
Dragoljub Popović
Isabelle Berro-Lefèvre
Päivi Hirvelä
George Nicolaou
Zdravka Kalaydjieva
Mihai Poalelungi, դատավորներ
և Michael O’Boyle, քարտուղարի տեղակալ,
2009թ. սեպտեմբերի 16-ին և 2010թ. մարտի 10-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց 2010թ. մարտի 10-ին:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկիզբ է առել 2007թ. դեկտեմբերի 27-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Մոլդովայի և Ռումինիայի երկու քաղաքացիների՝ պրն. Alexandru Tănase-ի և պրն. Dorin Chirtoacă-ի (դիմումատուներ) կողմից ընդդեմ Մոլդովայի Հանրապետության թիվ 7/08 գանգատի հիման վրա:
2. Դիմումատուներին ներկայացնում էր Քիշնև քաղաքում գործող իրավաբան տկն. J. Hanganu-ն: Մոլդովայի կառավարությանը (Կառավարություն) ներկայացնում էր Մարդու իրավունքների հարցերով կառավարության հանձնակատար տկն. V. Grosu-ն:
3. Դիմումատուները բողոքում էին, մասնավորապես, որ խախտվել էր իրենց իրավունքը՝ ընտրություններում որպես անկախ թեկնածուներ հանդես գալու և ընտրվելու դեպքում խորհրդարանում տեղ զբաղեցնելու, որն օրենսդիր մարմին ընտրելիս թույլ կտար ապահովելու Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածով երաշխավորված մարդկանց կամքի ազատ արտահայտելը: Նրանք նաև բողոք էին ներկայացրել թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի հետ միասին հոդված 14-ի հիման վրա:
4. Դիմումատուների գործը հանձնվել էր Դատարանի Չորրորդ բաժանմունք (Դատարանի կանոնակարգ, կանոն 52 § 1): 2008թ. նոյեմբերի 18-ի հրապարակված համատեղ որոշմամբ և դատավճռով Պալատը՝ կազմով՝ Nicolas Bratza, Lech Garlicki, Giovanni Bonello, Ljiljana Mijović, David Thór Björgvinsson, Ledi Bianku և Mihai Poalelungi և բաժանմունքի քարտուղարի տեղակալ Fatoş Aracı, ձայների մեծամասնությամբ անընդունելի համարեց պրն. Chirtoacă-ի դիմում-բողոքը, միաձայն ընդունելի համարեց պրն. Tănase-ի դիմում-բողոքը, միաձայն վճռեց որ արձանագրվել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի խախտում և միաձայն վճռեց, որ թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի հետ միասին հոդված 14-ի հիման վրա բողոքն առանձին դիտարկելու անհրաժեշտություն չի առաջանում:
5. 2009թ. ապրիլի 6-ին, արձագանքելով Կառավարության կողմից ներկայացված միջնորդությանը, Մեծ Պալատի Կոլեգիան որոշեց գործը հղել Մեծ Պալատին՝ Կոնվենցիայի 43-րդ հոդվածին համապատասխան:
6. Մեծ Պալատի կազմը որոշվել էր Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 2 և 3 կետերի և Դատարանի կանոնակարգի կանոն 24-րդ կանոնի դրույթներին համապատասխան: Jean-Paul Costa հնարավորություն չունեցավ ներկա գտնվելու երկրորդ լսումներին: Դիմում-բողոքը դիտարկելիս որպես Մեծ Պալատի նախագահ նրան փոխարինեց Peer Lorenzen-ը, իսկ առաջին պահեստային դատավոր Corneliu Bîrsan-ը հանդես եկավ որպես Մեծ Պալատի լիիրավ անդամ (Կանոն 11):
7. Գործով դեռևս միակ մնացած դիմումատուն՝ պրն. Tănase-ն և Կառավարությունը Մեծ Պալատին գրավոր փաստարկներ ներկայացրեցին ըստ գործի էության: Գործում երրորդ կողմ հանդիսացող Ռումինիայի կառավարությունը, օգտվելով միջամտության իր իրավունքից (Կոնվենցիայի 36 § 1 հոդված և Դատարանի կանոնակարգի Կանոն 44 § 1 (բ)), նույնպես ներկայացրեց գործի վերաբերյալ իր մեկնաբանությունները:
8. Հրապարակային քննությունը տեղի ունեցավ 2009թ. սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգում, Մարդու Իրավունքների Դատարանի շենքում (Կանոն 59 § 3):
Դատարանում ներկայացան.
(ա) Կառավարության անունից՝
պրն.V. Grosu, լիազոր ներկայացուցիչ
(բ) Դիմումատուի անունից՝
տկն.J. Hanganu,փաստաբան
(գ) Ռումինիայի կառավարության անունից՝
պրն.R.-H. Radu,լիազոր ներկայացուցիչ
տկն. D. Tase,
տկն.I. Popescu,
տկն.I. Cioponea, խորհրդականներ
Դատարանը լսեց տկն. Grosu-ի, տկն. Hanganu-ի և պրն. Radu-ի հաղորդումները:
9. Լսումներից հետո տեղի ունեցած իրադարձություններից հետո (տես սույն դատավճռի 68-70 կետերը), դիմումատուն նշել էր, որ չէր ցանկանա, որպեսզի գործը դուրս բերվեր Դատարանի ցուցակից:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
10. Դիմումատուն ծնվել է 1971թ. և բնակվում է Քիշնև քաղաքում: Նա ազգությամբ ռումինացի է և Մոլդովայում զբաղվում է քաղաքականությամբ:
Ա. Պատմական ակնարկ
11. Մոլդավական Իշխանությունն առաջին անգամ անկախ պետության կարգավիճակ ձեռք բերեց 1359թ.: Նա զբաղեցնում էր Արևելյան Կարպատներ լեռների Դնեստր գետի և Սև Ծովի միջև ընկած տարածքը: Այսօր այդ տարածքը զբաղեցնում է Մոլդովան, Ռումինիայի մի մասը և Ուկրաինայի մի մասը: Մոլդովայի բնակչությունը խոսում է նույն լեզվով և ունի նույն ծագումը ինչ որ Վալախիայի և Տրանսիլվանիայի բնակչությունը (այդ երկու շրջանները ներկայումս ընդգրված են Ռումինիայի կազմում):
12. Տասնհինգերորդ դարում Մոլդավիան ընդունեց Օսմանյան կայսրության ավատիշխանությունը:
13. 1806-1812թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Մոլդավական Իշխանության արևելյան մասը, որի արևելյան սահմանն անցնում էր Դնեստր, իսկ արևմտյանը՝ Պռուտ գետերով, անցավ ռուսական կայսրության իշխանությանը: Այն անվանափոխվեց Բեսարաբիա:
14. 1859թ. Մոլդավական իշխանության արևմտյան մասը միավորվեց Վալախիայի հետ, որի արդյունքում կազմվեց նոր պետություն: 1861թ. սկսած այդ պետությունը հայտնի է որպես Ռումինիա: 1877թ. Ռումինիան անկախություն ձեռք բերեց Օսմանյան կայսրությունից:
15. 1918թ. սկզբներում անկախություն հռչակելուց հետո, 1918թ. մարտին Բեսարաբիան միավորվեց Ռումինիայի հետ: Բեսարաբիայի բնակչությունն այսուհետ դարձավ Ռումինիա քաղաքացի:
16. Խորհրդային Միությունը չճանաչեց Բեսարաբիայի և Ռումինիայի միավորումը: 1940թ. նացիստական Գերմանիայի հետ Մոլոտով-Ռիբենտրոպ դաշնագրի ստորագրելու արդյունքնում Խորհրդային Միությունը վերագրավեց Բեսարաբիայի տարածքը:
17. Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Բեսարաբիայի տարածքի մոտ 70 տոկոսը, որտեղ բնակվում էր նրա բնակչության շուրջ 80 տոկոսը, անվանվեց Մոլդավիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (որը 1990թ. վերանվանվեց Մոլդովայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն): Բեսարաբիայի մնացյալ ներառվեց Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում: Բեսարաբիայի բնակիչները կորցրեցին իրենց ռումինական քաղաքացիությունը և համարվեցին Խորհրդային Միության քաղաքացիներ: Ռումինիան դարձավ Խորհրդային Միության արբանյակային պետություն:
18. Խորհրդային Միության փլուզումից հետո 1991թ. օգոստոսի 27-ին հրապարակած Անկախության հռչակագրում Մոլդովայի Հանրապետության խորհրդարանը մասնավորապես դատապարտեց երկրի զավթումը՝ 1812թ. Ռուսաստանի կողմից Մոլդավիայի Իշխանությունից և 1940թ. Խորհրդային Միության կողմից Ռումինիայից: Խորհրդարանը հռչակեց նոր անկախ երկրի ստեղծումը նախկին Մոլդավիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի սահմաններում: Դրանից կարճ ժամանակ անց Մոլդովան անդամակցեց Միացյալ Ազգերի Կազմակերպության և ճանաչվեց միջազգային հանրության կողմից:
Բ. Քաղաքացիությունն անկախություն ձեռք բերելուց հետո
19. 1991թ. Մոլդովայի Հանրապետության խորհրդարանն ընդունեց օրենք «Քաղաքացիության մասին», որով երկրի քաղաքացի էին համարվում նաև բոլոր այլ անձինք, ովքեր մինչ Խորհրդային Միության կողմից գրավումը բնակվել էին Մոլդավիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում, ինչպես նաև նրանց հետագա սերունդները:
20. Քանի որ դիիմումատուի ծնողները մինչ 1940թ. հունիսի 28-ը բնակվել էին Մոլդավիայի Հանրապետության տարածքում, դիմումատուն, որպես նրանց սերնդի ներկայացուցիչ, ձեռք էր բերում մոլդովական քաղաքացիություն:
21. Ռումինիայի խորհրդարանը նույնպես 1991թ. ընդունեց քաղաքացիության մասին նոր օրենք, որով բոլոր այն անձինք, ովքեր մինչև 1989թ. իրենցից չկախված պատճառներով կորցրել էին ռումինական քաղաքացիությունը, ինչպես նաև նրանց սերունդները, կարող էին վերականգնել ռումինական քաղաքացիությունը:
22. Սկզբում, 1994թ. հուլիսի 29-ին ընդունված և 1994թ. օգոստոսի 27-ին ուժի մեջ մտած Մոլդովայի Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն, Մոլդովայի քաղաքացիները, որոշ բացառությամբ, որևէ այլ պետության քաղաքացիություն ունենալ չէին կարող: Սակայն այդ արգելքը գործնականում չէր գործում, քանի որ ռումինական ծագում ունեցող շատ մոլդովացիներ օգտվում էին ռումինական քաղաքացիությունը վերականգնելու ռումինական օրենքով ընձեռնված հնարավորությունից: Միևնույն ժամանակ այլ ազգային ծագում ունեցող շատ մոլդովացիներ նույնպես ձեռք բերեցին երկրորդ քաղաքացիություն՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի և Թուրքիայի:
23. 2002թ. Մոլդովայի Սահմանադրությունից հանվեցին բազմակի քաղաքացիությունն արգելող դրույթները:
24. Այն բանից հետո, երբ վերացվեց բազմակի քաղաքացիության սահմանադրական արգելքը, 2003թ. հունիսի 5-ին Մոլդովայի խորհրդարանը փոփոխություններ կատարեց «Քաղաքացիության մասին» օրենքում, որոնց համաձայն մոլդովացի քաղաքացիներին այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու արգելքը ուժը կորցրած էր ճանաչվում (տես՝ սույն դատավճռի 74-րդ կետը): Այսուհետ, օրենքի համաձայն, բազմակի քաղաքացիություն ունեցող անձինք հավասար իրավունքներ ունեին միայն մոլդովական քաղաքացիություն ունեցող անձանց հետ, առանց որևէ բացառության (տես՝ սույն դատավճռի 75-րդ կետը):
25. Դիմումատուն ռումինական քաղաքացիություն էր ձեռք բերել սույն գործում չնշված տարեթվին: Նրա ներկայումս գործող ռումինական անձնագիրը տրվել էր 2005թ. դեկտեմբերին, որի մասին նա տեղյակ էր պահել Մոլդովայի համապատասխան պետական մարմիններին:
26. 1991թ. հետո ռումինական քաղաքացիություն ձեռք բերած մոլդովացիների ընդհանուր թիվը հայտնի չէ, քանի որ Ռումինիայի կառավարությունն այն երբեք չի հրապարակել: Սակայն, հաշվարկները ցույց են տալիս, որ 1991-2001թթ. միջև ընկած ժամանակահատվածում ռումինական քաղաքացիություն են ձեռք բերել 95-ից 300 հազար մոլդովացիներ: 2007թ. փետրվարի 4-ին Ռումինիայի գործող նախագահը հարցազրույցի ժամանակ ասել էր, որ ներկա պահի դրությամբ շուրջ 800,000 մոլդովացիներ սպասում են ռումինական քաղաքացիություն ստանալու իրենց հերթին և որ կառավարության կանխատեսման համաձայն մինչև 2007թ. ավարտը այդ թիվը հասնելու է 1.5 միլիոնի (Մոլդովայի ներկա բնակչությունը կազմում է 3.8 միլիոն մարդ):
27. Ինչ վերաբերում է ռումինականից բացի այլ երկրի քաղաքացիություն ունեցող մոլդովացիների քանակին, այն նույնպես հայտնի չէ: Սակայն, անկասկած, այն նույնպես զգալի է և հավանաբար Ռումինիայից հետո երկրորդը Ռուսաստանի քաղաքացիներն են: 2008թ. սեպտեմբերի 16-ին Մոլդովայում Ռուսաստանի դեսպանը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ ասել էր, որ Դնեստր գետի երկու ափերին (այսինքն՝ ներկա Մոլդովայի ամբողջ տարածքում) բնակվում են ռուսական անձնագիր ունեցող շուրջ 120,000 մոլդովացիներ:
28. Հանդես գալով Պալատի առջև Մոլդովայի կառավարությունը նշել էր, որ Մերձդնեստրի բնակչության մեկ երրորդն ունի երկակի քաղաքացիություն, իսկ խորհրդարանի Կոմունիստական կուսակցության խմբավորման ներկայացուցիչ պրն. V. Mişin-ը, խորհրդարանում թիվ 273 օրենքի շուրջ տեղի ունեցած բանավեճերի ժամանակ (տես՝ սույն դատավճռի 78-81 կետերը) երկակի քաղաքացիություն ունեցող մոլդավացիների ընդհանուր մոտավոր թիվ նշել էր 500,000:
Գ. Մինչ 2008թ. ընրտրական բարեփոխումը Մոլդովայում տեղի ունեցած քաղաքական զարգացումները
29. Վերջին տասնամյամկում և մինչև 2009թ. ընտրությունները Մոլդովայի Կոմունիստական կուսակցությունը երկրի գերիշխող քաղաքական ուժն էր և խորհրդարնում ուներ առավելագույն թվով ներկայացուցիչներ:
30. Կոմունիստական կուսակցությունից բացի երկրում գործում էին քսան հինգից ավելի քաղաքական կուսակցություններ, որոնց ազդեցությունն երկրում զգալիորեն ավելի ցածր էր: Շարունակական փոփոխությունների հետևանքով դրանց ճշգրիտ թիվը դժվար է ներկայացնել: Ոչ ամուր դիրքերի պատճառով դրանցից շատ քչերին էր հաջողվում խորհրդարանական ընտրություններում հաղթահարել մինչ վերջերս գործող վեց տոկոս խորհրդարանական ընրաշեմը:
31. 2001թ. ընտրություններում Կոմունիստական կուսակցությունից բացի ընտրություններին մասնակցած քսան յոթ կուսակցություններից միայն Քրիստոնե-դեմոկրատական ժողովրդական կուսակցությանը հաջողվեց սեփական ուժերով հաղթահարել ընտրաշեմը և հավաքել քվեարկողների ձայների շուրջ 8 տոկոսը: Վեց այլ կուսակցություններ կազմեցին ընտրական դաշինք (հանդես եկան ընհանուր ընտրացուցակով) և դրա շնորհիվ կարողացան ստանալ ընտրողների ձայների շուրջ 13 տոկոսը: Կոմունիստական կուսակցությունը ստացավ ձայների մոտ 50 տոկոսը և չտրված ու անվավեր ճանաչված ձայների համամասնական բաշխումից հետո խորհրդարանի 101 տեղերից ստացավ 71-ը:
32. 2002թ. ընտրական օրենսդրությունը փոփոխվեց: Վեց տոկոս ընտրաշեմը առանձին կոսակցությունների համար պահպանվեց, սակայն երկու կուսակցություններից բաղկացած ընտրական դաշինքների համար սահմանվեց նոր իննը տոկոս ընտրաշեմ, իսկ երեք կամ ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների համար այն կազմել էր տասերկու տոկոս:
33. 2005թ. ընտրություններում մասնակցած քսան երեք կուսակցություններից միայն Քրիստոնե-դեմոկրատական ժողովրդական կուսակցությունն էր, որին կրկին հաջողվեց Կոմունիստական կուսակցությունից բացի սեփական ուժերով հաղթահարել ընտրաշեմը և հավաքել ընտրողների քվեների շուրջ 9 տոկոսը: Երեք այլ կուսակցություններ, որ միավորվել էին նախընտրական դաշինքում, հավաքեցին ձայների մոտ 28 տոկոսը, իսկ Կոմունիստական կուսակցությունը ձայների շուրջ 46 տոկոսը: Համամասնական բաշխումից հետո Կոմունիստական կուսակցությունը խորհրդարանում ստացավ 101 տեղերից 56-ը:
34. 2005թ. հուլիսին, միջազգային դիտորդների և Եվրոպայի Խորհրդի շարունակական ճնշման արդյունքնում խորհրդարանը կրկին վերանայեց Ընտրական օրենսգիրքը, սահմանելով չորս տոկոս ընտրաշեմ առանձին կուսակցությունների և ութ տոկոս ընտրադաշինքների համար, անկախ դրանցում ընդգրկված կուսակցությունների քանակից: Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» Հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) գոհունակություն հայտնեցին ընտրություններում սեփական ուժերով հանդես եկող կուսակցությունների համար ընտրաշեմի իջեցման կապակցությամբ և առաջարկեցին, որպեսզի նույնպիսի ընտրաշեմ սահմանվի ընտրական դաշինքների համար, որոնք իրենց կարծիքով խթանման կարիք ունեին համագործակցության գործընթացներոււմ ավելի ակտիվ ներգրավվելու և կայուն կառավարություն ձևավորելու համար:
35. 2007թ. հունիսին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կոմունիստական կուսակցությունը տեղական խորհուրդներում զբաղեցրեց տեղերի շուրջ 40 տոկոսը: Քանի որ տեղական մարմինների ընտրություններում ընտրաշեմ չէր սահմանված, տեղական խորհուրդների մեծ մասում կոմկուսը դարձավ ընդդիմադիր ուժ: Այդ ընտրությունների արդյունքում դիմումատուն ընտրվեց Քիշնև քաղաքի քաղաքային խորհրդի անդամ:
36. Հետագայում դիմումատուն ընտրվել էր 2008թ. հունվարին ստեղծված ընդդիմադիր Ազատական ժողովրդական կուսակցության փոխնախագահ:
Դ. 2008թ. ընտրական բարեփոխում
37. 2008թ. ապրիլի 10-ին Մոլդովայի խորհրդարանն անցկացրեց բարեփոխումների մի փաթեթ, որը բաղկացած էր ընտրական օրենսդրության երեք հիմնական փոփոխություններից՝ ընտրաշեմի նոր բարձրացում չորսից վեց տոկոսի, բոլոր տեսակի նախընտրական դաշինքների և կոալիցիաների արգելք և երկակի կամ բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց խորհրդարանի անդամ դառնալու արգելք:
38. Երկակի կամ բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց խորհրդարանի անդամ դառնալն արգելող փոփոխությունը նախատեսվել էր թիվ 273 Օրենքով (տես՝ սույն դատավճռի 78-80 կետերը): Այդ օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվել էր խորհրդարանի կողմից 2007թ. հոկտեմբերի 11-ին: Արդարադատության նախարարության կողմից կազմված օրենքի նախագծով նախատեսվում էր, որ կառավարության կազմում և մի շարք հանրային ծառայությունների ոլորտներում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու, ինչպես նաև օրենսդրական մարմինների ընտրություններին թեկնածություն առաջադրելու իրավունք ունեին Մոլդովայի քաղաքացիությունից բացի որևէ այլ քաղաքացիություն չունեցող անձինք (տես՝ սույն դատավճռի 78-րդ կետը): Նախագծում կար նաև Մերձդնեստրին վերաբերող հատուկ կետ (տես՝ սույն դատավճռի 80-81 կետերը):
39. Օրենքի նախագծին կցված հիմնավորման մեջ արդարադատության փոխնախարարը նշել էր.
«Վերլուծելով քաղաքացիության հարցում երկրի ներկա իրավիճակը, մենք գալիս ենք այն եզրակացության, որ մոլդովացիների կողմից դրսևորովող ձգտումը ձեռք բերելու այլ երկրների քաղաքացիություն բացատրվում է Եվրոպական Միություն անարգել ճանապարհորդելու, այդ երկրների սոցիալական արտոնություններից օգտվելու, ընտանիքները վերամիավորելու, աշխատանքի և ուսման լրացուցիչ հնարավորություններ ձեռք բերելու ցանկությամբ:
Միևնույն ժամանակ, այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձինք քաղաքական և իրավական պարտավորություններ են կրում այդ երկրների հանդեպ: Այդ փաստը կարող է հանգեցնել շահերի բախման այն դեպքերում, երբ առկա են պարտավորություններ ինչպես Մոլդովայի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների նկատմամբ, որոնց քաղաքացի է հանդիսանում տվյալ անձը:
Հաշվի առնելով այդ ամենը, և ելնելով ստեղծված իրավիճակից լուծում գնտելու անհրաժեշտությունից, նպատակահարմար ենք համարում փոփոխություն կատարել գործող օրենսդրությունում, որով կարգելվի բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց կողմից պետական կառավարման գործառույթներ իրականացնելը ...
Դա չի նշանակում, սակայն, որ այդ անձինք հնարավորություն չեն ունենա աշխատելու Մոլդովայի Հանրապետությունում: Նրանք հնարավորություն կունենան աշխատելու այն ոլորտներում, որտեղ ներառված չէ պետական իշխանության գործադրումը...»:
40. Խորհրդարանում անցկացված քննարկումների ժամանակ բազմաթիվ ընդդիմադիր խորհրդարանականներ պահանջել էին, որպեսզի օրենքի նախագիծը ուղարկվի Եվրոպայի Խորհուրդ նախնական փորձաքննության համար: Սակայն մեծամասնությունը դեմ էր քվեարկել այդ առաջարկին: Փոխարենը, ընդդիմությանն առաջարկել էին բողոքարկել նոր օրենքը Մոլդովայի Սահմանադրական Դատարանում: Այդ ժամանակ որևէ նման քայլեր չձեռնարկվեցին (տես՝ սակայն սույն դատավճռի 54-58 կետերը): Խորհրդարանում ընդդիմադիր ուժերը ներկայացնող բազմաթիվ պատգամավորներ պնդում էին, որ բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց խորհրդարանում տեղ զբաղեցնելու իրավունքից զրկել առաջարկվող փոփոխությունը հակասում էր Քաղաքացիության մասին եվրոպական կոնվենցիայի 17-րդ հոդվածին (տես՝ սույն դատավճռի 83-85 կետերը), սակայն արդարադատության փոխնախարարը հակառակ կարծիք էր արտահայտել և հայտարարել էր, որ խորհրդարանը անհրաժեշտության դեպքում կարող է Կոնվենցիայից դուրս գալու որոշում ընդունել, եթե առկա են որևէ հակասություններ:
41. 2007թ. դեկտեմբերի 7-ին խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը (տես՝ սույն դատավճռի 78-րդ կետը): Խորհրդարանի կողմից ընդունելուց հետո, սակայն, երկրի նախագահը հրաժարվեց վավերացնել օրենքը և այն կրկին վերադարձրեց խորհրդարանին վերանայելու համար:
42. Օրենքի նախագիծը համապատասխանորեն ենթարկվեց նոր փոփոխությունների, որի արդյունքում կրճատվեց կառավարության և պետական կառավարման ոլորտի պաշտոնների ցուցակը, որոնցում բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց արգելվում էր աշխատել: Վերանայվեցին նաև օրենսդիր մարմինների ընտրություններին վերաբերող դրույթները և երկակի կամ բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց թույլ տրվեց իրենց թեկնածություններն առաջադրելու օրենսդիր մարմինների ընտրություններում, սակայն այն պայմանով, որպեսզի մինչ առաջադրվելը նրանք կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղեկացներին իրենց այլ քաղաքացիության մասին և մինչ բերջիններիս խորհրդարանական հանձնագրերը Սահմանադրական Դատարանի կողմից հաստատելը, հրաժարվեին այդ քաղաքացիությունից կամ նախաձեռներին հրաժարվելու գործընթացը (տես՝ սույն դատավճռի 79 կետը):
43. 2008թ. ապրիլի 10-ին խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը խորհրդարան ներկայացրեց նոր օրենքի նախագիծը: Ինչպես վերևում նշվել էր, նույն օրն այն ընդունվեց: Թիվ 273 Օրենքի փոփոխությունից բխող բացառություն սահմանվեց նաև «Քաղաքացիության մասին» օրենքում՝ քաղաքացիների հավասարության վերաբերյալ, ըստ որի օրենքով տարբեր վարվելակերպի դրսևորում էր նախատեսվում քաղաքացիների որոշ խմբերի նկատմամբ (տես՝ սույն դատավճռի 24-րդ և 75-րդ կետերը):
44. 2008թ. ապրիլի 29-ին երկրի նախագահը վավերացրեց 2008թ. ապրիլի 10-ին խորհրդարանի կողմից ընդունված օրենքը: 2008թ. մայիսի 13-ին օրենքը հրապարակվեց երկրի պաշտոնական տեղեկագրում և արդյունքում ուժի մեջ մտավ: Ընտրական օրենսդրության երկու մյուս փոփոխությունները (տես՝ սույն դատավճռի 37-րդ կետը) նույնպես վավերացվեցին և ուժի մեջ մտան 2008թ. մայիսին:
Ե. Ընտրական բարեփոխման միջազգային արձագանքը
1. Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի խորհուրդը
45. 2008թ. ապրիլի 29-ին Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողովը (ՌԱԵՀ) հրապարակեց 2007թ. դեկտեմբերի 14-ին ընդունված զեկույցը: Իր զեկույցում ՌԱԵՀ-ն մտահոգություն էր հայտնում երկակի և բազմակի քաղաքացիության հարցում կատարված փոփոխությունների վերաբերյալ.
«16. ՌԱԵՀ-ն հետաքրքրությամբ արձանագրում է, որ «Քաղաքացիության մասին» օրենքի 25-րդ հոդվածը, որն ամբողջությամբ համապատասխանում է Մոլդովայի կողմից վավերացված Քաղաքացիության մասին Եվրոպական կոնվենցիայի 17-րդ հոդվածին, սահմանում է, որ Մոլդովայօ քաղաքացիները, որոնք նաև այլ պետությունների քաղաքացիներ են, որոնք օրինական ու կանոնավոր հիմքերով բնակվում են Մոլդովայում, օգտվում են նույն իրավունքներից և պարտականություններից, ինչ որ Մոլդովայի մյուս քաղաքացիները: Այդ կապակցությամբ ՌԱԵՀ-ն ցանկանում է իր մտահոգությունն արտահայտել 2007թ. հոկտեմբերի 11-ին խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի վերաբերյալ, որով նախատեսվում է փոփոխություններ ու լրացումներ կատարել որոշ օրենսդրական ակտերում: Համաձայն նոր օրինագծի Մոլդովայի կառավարությունում և մի շարք բարձր պետական պաշտոններում աշխատելու իրավունք ունեն միայն այն անձինք, ովքեր Մոլդովայի քաղաքացիությունից բացի որևէ այլ քաղաքացիություն չունեն: Ինչպես ՌԱԵՀ-ն հասկանում է ստացված տեղեկատվությունից, օրենքի նախագիծն այս տեսքով ընդունելու դեպքում, բազմակի քաղաքացիություն ունեցող Մոլդովայի քաղաքացիները երկրի մյուս քաղաքացիների համեմատ պետական գործառույթներում մասնակցելու տեսանկյունից կհայտնվեն չաձփազանց անշահավետ վիճակում: Դրանից հետևում է, որ օրենքը նման տեսքով ընդունելու դեպքում, այն կարող է հանգեցնել խտրականության, այսինքն՝ քաղաքացիության հիմքերով անարդար տարբերակված վերաբերմունքի: ՌԱԵՀ-ն տեղյակ է, որ այս զեկույցի պատրաստման պահին Մոլդովայում ընթանում է լայնածավալ քննարկում այդ օրինագծի շուրջ և որ բազմաթիվ ազբյուրներ, ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մակարդակով ընդգծել են մինչ օրենքի վերջնական ընդունելը նրա մանրամասն վերադիտարկման անհրաժեշտությունը, որպեսզի այն համապատասխանեցվի ազգային և միջազգային չափորոշիչներին:
...
18. ՌԱԵՀ-ն վճռականորեն առաջարկում է, որպեսզի Մոլդովայի իշխանությունները վերանայեն 2007թ. հոկտեմբերի 11-ի օրենքի նախագիծը ... որպեսզի ապահովեն որ այն չխախտի քաղաքացիության հիման վրա խտրականությունից զերծ մնալու սկզբունքը և միաժամանակ չվերացնի քաղաքացիության մասին օրենքում հօգուտ բազմակի քաղաքացիության կատարված փոփոխությունների բոլոր դրական հետևանքները»:
2. Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի խորհրդի մասնակից պետությունների պարտավորությունների ու պարտականությունների կատարման հանձնաժողովի Խորհուրդը
46. «Մոլդովայի պարտավորությունների ու պարտականությունների կատարման մասին» 2007թ. սեպտեմբերի 14-ի զեկույցում Խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի խորհրդի մասնակից պետությունների պարտավորությունների ու պարտականությունների կատարման հանձնաժողովի Խորհուրդը (այսուհետ՝ Պարտավորությունների կատարման հանձնաժողով) նշել էր հետևյալը.
«20. Վեհաժողովը գնահատում է Եվրոպայի խորհրդի առաջարկներն իրականացնելու աստիճանը որոշելու ուղղությամբ Մոլդովայի իշխանությունների կողմից ձեռնարկված ջանքերը: Սակայն Եվրոպայի խորհրդի առջև պարտավորություններին վերաբերող բոլոր նոր օրինագծերը պետք է ներկայացվեն Եվրոպայի խորհրդի փորձաքննությանը և մինչ ընդունելը քննարկվեն Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ»:
47. 2008թ. հունիսի 9-ի հաջորդ հաշվետվությունում՝ «Ժողովրդավարության վիճակը Եվրոպայում՝ Եվրոպայում ժողովրդավարական կառույցների աշխատանքը և Վեհաժողովի մոնիտորինգի գործընթացի առաջընթացը» Պարտավորությունների կատարման հանձնաժողովը մասնավորապես արձանագրել էր.
“80. Մոլդովայի կողմից պարտավորություններն ու պարտականությունները կատարելու մասին 2007թ. զեկույցում (թիվ 11374 փաստաթուղթ), Մոլդովայի հանձնաժողովի համազեկուցողները դրական են արձագանքել 2005թ. Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին: Մասնավորապես կուսակցական ցուցակների ընտրաշեմն իջեցվել էր 4%-ի՝ առանձին ցուցակ ներկայացրած քաղաքական կուսակցությունների համար և 8%-ի՝ կուսակցությունների դաշինքների համար ...
82. Մոնիտորինգի հանձնաժողովը ... անհանգստացած է Ընտրական օրենսգրքի շուրջ տեղի ունեցող վերջին օրենսդրական զարգացումների կապակցությամբ: 2008թ. ապրիլին Մոլդովայի խորհրդարանը կրկին փոփոխություներ կատարեց Ընտրական օրենսգրքում, բարձրացնելով կուսակցությունների համար ընտրաշեմը 6%-ի: Ավելին, արգելվեցին «ընտրադաշինքների»՝ քաղաքական կուսակցությունների համատեղ ներկայացվող ընտրացուցակները: Այդ քայլերը մտահոգություն առաջացրեցին և հանձնաժողովը, նախապես արագ ծանուցելով Մոլդովայի պատվիրակությանը, հանդիպում կազմակերպեց ապրիլի 15-ին տեսակետները փոխանակլու համար: Ընտրական օրենսդրությունը չպետք է երկու-երեք տարին մեկ փոփոխվի քաղաքական հրամայականներից ելնելով: Այն պետք է թույլ տա քաղաքական ուժերի լայն շրջանակին մասնակցելու քաղաքական գործընթացներին, նպաստելով իրական բազմակարծության ժողովրդավարական կառույցների կայացմանը: Համազեկուցողները մեծ ուշադրությամբ ուսումնասիրելու են վերջին փոփոխությունները, ինչպես նաև վերջին օրենսդրական զարգացումների հենքում ընկած պատճառները՝ 2009թ. գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների գործընթացին հետևելիս»:
3. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով
48. Խորհրդարանական վեհաժողովն իր մտահոգությունը հայտնեց նաև Եվրոպայում ժողովրդավարության իրավիճակի մասին 2008թ. հունիսի 25-ին ընդունված թիվ 1619 (2008թ.) Բանաձևի մեջ:
“5.3. Վեհաժողովը ... ափսոսոանք է հայտնում կուսակցական ցուցակների ընտրաշեմը 6%-ի բարձրացնելու մասին Մոլդովայի խորհրդարանի վերջերս ընդունված որոշման կապակցությամբ»:
49. Մոլդովայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին թիվ 1666 (2009թ.) Բանաձևում Խորհրդարանական վեհաժողովը լուրջ մտահոգություն արտահայտեց, որ.
“ ... Մոլդովայի իշխանությունները միայն մասամբ են հաշվի առել մինչ 2009թ. ապրիլի 5-ի խորհրդարանական ընտրությունները ընտրական գործընթացի բարելավման և երկրի ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացման վերաբերյալ նախկինում արված առաջարկները: 2008թ. ապրիլին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն ընտրաշեմը 4%-ից բարձրացվել է 6%-ի, արգելվել են քաղաքական կուսակցությունների և սոցիալ-քաղաքական կազմակերպությունների նախընտրական դաշինքները, ինչպես նաև արգելվել էր բազմակի քաղաքացիություն ունեցող Մոլդովայի քաղաքացիներին բարձր պետական պաշտոններ զբաղեցնելը: Այդ փոփոխությունների ընդհանուր նպատակն է տարբեր քաղաքական ուժերի համար նվազեցնել քաղաքական գործընթացներում արդյունավետ մասնակցելու հնարավորությունները, որի արդյունքում երկրում կտուժի բազմակարծությունը»:
50. Վեհաժողովը կոչ արեց Մոլդովային.
“8.1. «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հետ համատեղ վերսկսել ընտրական օրենսդրության բարեփոխման գործընթացը, իջեցնելու համար քաղաքական կուսակցությունների ընտրաշեմը, ստեղծելով քաղաքական բազմակարծության համար նոր հնարավորություններ, ...
8.2. Մինչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Tănase և Chirtoaca ընդդեմ Մոլդովայի Հանրապետության գործով դատավճիռ կայացնելը կասեցնելու Ընտրական օրենսգրքի հոդվածների ներգործողությունը, որոնցով արգելվում է բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց կողմից բարձր պետական պաշտոններ զբաղեցնելը, ...»:
4. «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը
51. 2008թ. հոկտեմբերի 23-ին «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) հրապարակեց 2008թ. հոկտեմբերի 17-18-ին ընդունված զեկույցը (Եզրակացություն թիվ 484/2008) 2008թ. ապրիլին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին: Զեկույցում քննադատական մոտեցում էր դրսևորված բարեփոխումների բոլոր ուղղությունների վերաբերյալ: Ինչ վերաբերում է բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց վերաբերող փոփոխություններին, զեկույցում նշվում էր հետևյալը.
“30. 13(2) կետի նոր մասով ժխտվում է խորհրդանական ընտրություններում «ընտրվելու» իրավունքը «պատգամավորի պաշտոնում, 75-րդ հոդվածին համապատասխան, այն անձանց համար, ովքեր Մոլդովայի Հանրապետության քաղաքացիությունից բացի ունեն այլ քաղաքացիություն: 75-րդ հոդվածի 3-րդ կետում ասվում է, որ բազմակի քաղաքացիություն ունեցող անձը կարող է իր թեկնածությունն առաջադրել պատգամավոր ընտրվելու համար, եթե ընտրություններից հետո կհրաժարվի մոլդովականից բացի իր բոլոր այլ քաղաքացիություններից: Դա մեր կարծիքով անընդունելի է:
31. Խնդիրը ոչ միայն այդ կետի սոսկ ձևակերպումն է, այլ նաև այն որ քաղաքաիների իրավունքները չպետք է կաշկանդվեն բազմակի քաղաքացիության պատճառով: Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագրքում հղում է կատարվում Մոլդովայի կողմից 1999թ. նոյեմբերին վավերացված Քաղաքացիության մասին եվրոպական կոնվենցիայի վրա, որտեղ հստակորեն սահմանված է, որ «Մասնակից պետության քաղաքացիներն, ովքեր ունեն նաև այլ քաղաքացիություն իրենց բնակման Մասնակից պետության տարածքում ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ որ այդ Մասնակից պետության այլ քաղաքացիները»:
32. Ավելին, նման կաշկանդումը կարող է հակասել նաև Մարդու իրավուքների և հիմնարար ազատությունների կոնվենցիայի 14-րդ հոդվածին և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածին»:
5. Այլ միջազգային քննադատություն
52. 2008թ. մայիսի 27-ին ԵՄ-Մոլդովա Համագործակցության խորհրդի Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ, այդ ժամանակ ԵՄ-ի Ընդհանուր գործերի և արտաքին կապերի նախագահ, Սլովենիայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ կարևոր է, որպեսզի 2009թ. խորհրդանական ընտրությունները Մոլդովայում անցկացվեն միջազգային չափորոշիչներին համապատասխան և մտահոգություն արտահայտեց ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների կապակցությամբ, որոնցով ընտրաշեմը բարձրացվել էր վեց տոկոսի:
53. Ընտրական բարեփոխման վերաբերյալ մտահոգություն էր արտահայտել նաև Մոլդովայի խորհրդարանի առջև 2008թ. հուլիսի 9-ին ելույթ ունեցած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը.
“... կոչ եմ անում ձեզ անհապաղ ստանալու Վենետիկի հանձնաժողովի հավանությունը օրենսդրության վերջին փոփոխություններին, որոնք կիրառվելու են առաջիկա ընտրություններին, մասնավորապես՝ ընտրական շեմի, ընտրական դաշինքների և երկակի քաղաքացիության հարցերի վերաբերյալ: Սրանք շատ նուրբ խնդիրներ են և անհրաժեշտ է ճիշտ հավասարակշռություն գտնել այս փոփոխությունները կատարելու դրդապատճառների և միջազգային հանրության այն մտահոգության միջև, որ դրանք համատեղելի չեն Եվրոպայի խորհրդի սկզբունքների հետ»:
Զ. Բողոքարկումը Սահմանադրական Դատարանում
54. 2008թ. դեկտեմբերի 9-ին Ազատական-ժողովրդավարական կուսակցության նախագահ պրն. Vlad Filat-ը բողոք հղեց Սահմանադրական Դատարան առ այն, որ թիվ 273 Օրենքը հակասում էր Սահմանադրությանը:
55. 2009թ. մայիսի 26-ին Սահմանադրական Դատարանը ներկայացրեց իր դիրքորոշումը թիվ 273 Օրենքի Սահմանադրությանը համապատասխանեու վերաբերյալ: Այն գտավ, որ Օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը և ամբողջովին օրինական է: Դատարանը հայտնեց այն դիրքորոշումը, որ օրենքի դրույթները ձևակերպված են հստակ և որևէ երկմտության տեղիք չեն թողնում, դրանք հասանելի են, քանի որ հրապարակվել են պաշտոնական տեղեկագրում և կանխատեսելի են, քանի որ հնարավորություն են ընձեռում խորհրդարանի ընտրություններում մասնակցելու Մոլդովայի բոլոր այն քաղաքացիներին, ոքվեր ունեն նաև այլ քաղաքացիություն, դրսևորելու պատշաճ սոցիալական ուղղվածությամբ վարվելակերպ, որպեսզի չկաշկանդվեն նրանց իրավունքները: Դատարանն ընդգծում էր, որ Օրենքը չի խոչընդոտում երկակի քաղաքացիություն ունեցող անձանց պատգամավոր դառնալը, քանի որ հնարավորություն է ընձեռում նրանց կատարելու օրենքի պահանջները: Դատարանը նաև գտել էր, որ օրենքի դրույթները համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին, հանգելով այն եզրակացության, որ բազմաթիվ միջազգային պայմանագրերով պետություններին հնարավորություն է ընձեռնվում կարգավորելու բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց կողմից պետական պաշտոններ զբաղեցնելու հետ կապված խնդիրները:
56. Սահմանադրական Դատարանը նաև գտավ, որ օրենքը իրավաչափ նպատակ էր հետապնդում, այն է՝ հավատարմություն Մոլդովայի պետությանը, հաշվի առնելով պետության ինքնուրույնության կարևորությունը և ընտրողի ու պետության միջև մշտական քաղաքական և իրավական կապի կարիքը: Դատարանի կարծիքով այլ պետության քաղաքացիություն ունեցող Մոլդովայի քաղաքացու համար Մոլդովայի քաղաքացիության նշանակությունը զգալիորեն նվազում է, քանի որ նման անձը կարող է առաջնորդվել ոչ միայն Մոլդովայի սահմանադրական պահանջներով և Մոլդովայի ժողովրդի շահերով, այլ նաև օտար պետության շահերով: Հետևաբար, խորհրդարանի անդամներին երկակի քաղաքացիություն ունենալ թույլ տալը կհակասեր խորհրդարանի անդամի անկախ լիազորության սահմանադրական սկզբունքին, երկրի ինքնուրույնությանը, ազգային անվտանգությանը և տեղեկատվության գաղտնիությունն ապահովելու սկզբունքին: Այդ կապակցությամբ Դատարանը ընդգծեց, որ ազգային անվտանգության ապահովումն ու Մոլդովայի պետականության ամրապնդումը հատուկ կարևորություն են ձեռք բերում Մոլդովայի պետության խարխլմանը ուղղված վերջին զարգացումների համատեքստում:
57. Դատարանն արտահայտեց նաև այն դիրքորոշումը, որ պետության միջամտությունը համաչափ է եղել, քանի որ այն չի ազդել ընտրական իրավունքների էության վրա, այլ ընդամենը խորհրդարանի անդամի լիազորություններն իրականացնելու իրավունքը պայմանավորել է մոլդովականից բացի այլ քաղաքացիության բացակայությամբ: Քաղաքացիները կարող են ընտրել միայն մեկ քաղաքացիություն նախատեսող պաշտոն զբաղեցնելու և բազմակի քաղաքացիությունը պահպանելու, բայց այլ պաշտոնում աշխատելու միջև:
58. Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ օրենքում անհավասար վերաբերմունք է դրսևորվում Մոլդովային տարբեր քաղաքացիների նկատմամբ, Դատարանը գտավ, որ հավասարության սկզբունքը չպետք է շփոթել միօրինակության հետ: Բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց կարգավիճակը տարբերվում է մեկ քաղաքացիություն ունեցող անձանց կարգավիճակից, ուստի նրանց միջև հավասարություն դնելն էլ ճիշտ չէ:
Է. 2008 ընտրական բարեփոխմանը հետևած քաղաքական զարգացումները
59. 2009թ. ապրիլի 5-ին երկրում անցկացվեցին խորհրդանական ընտրություններ: Կոմունիստական կուսակցությունը խորհրդարանում ձեռք բերեց 60 տեղ: Երեք ընդդիմադիր կուսակցությունները միասին ստացան 41 տեղ՝ Ազատական-ժողովրդական կուսակցությունը և Ազատական կուսակցությունը յուրաքանչյուրն ունեցան 15 տեղ, իսկ «Մեր Մոլդովա» դաշինքը 11 տեղ: 101 ընտրված պատգամավորներից 21-ն ունեին ավելի քան մեկ քաղաքացիություն կամ դիմել էին երկրորդ քաղաքացիություն ստանալու համար և, այդ պատճառով, գտնվում էին թիվ 273 Օրենքի կարգավորման շրջանակում: Այդ բոլոր 21 պատգամավորները ներկայացնում էին ընդդիմադիր կուսակցությունները:
60. Ապրիլյան ընտրություններում դիմումատուն ընտրվեց Մոլդովայի խորհրդարան: Խորհրդարանային հանձնագիրը ստանալու համար նա պարտավոր էր նախաձեռնել ռումինական քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը: Դիմումատուն դա արեց հղելով նամակ Քիշնևում Ռումինիայի դեսպանատանը, որտեղ հայտնել էր, որ իրեն ստիպել էին հրաժարվել ռումինական քաղաքացիությունից, սակայն նաև նշել էր, որ Մեծ Պալատի կողմից գործով վճիռ կայացնելուց հետո դիմումը հետ վերցնելու իրավունք է վերապահում իրեն:
61. 2009թ. ապրիլի 22-ի Սահմանադրական Դատարանը հաստատեց դիմումատուի խորհրդարանական հանձնագիրը, հաշվի առնելով Ռումինիայի դեսպանություն նամակը:
62. Հետագայում Կոմունիստական կուսակցությունը երկրի նախագահ ընտրելու երկու փորձ կատարեց: Սակայն, երկու դեպքում էլ նրանց չհաջողվեց հավաքել նախագահի ընտրության համար անհրաժեշտ 61 ձայները: Արդյունքում 2009թ. հունիսի 15-ին Սահմաանդրության պահանջին համապատասխան խորհրդարանը լուծարվեց: Նոր ընտրությունները նշանակվել էին 2009թ. հուլիսի 29-ին:
63. Մինչ լուծարումը խորհրդարանը կրկին փոփոխություններ կատարեց ընտրական օրենսդրությունում, իջեցնելով ընտրաշեմը 6-ից 5 տոկոսի և նվազեցնելով ընտրությունները կայացած համարելու շեմը՝ գրանցված ընտրողների ընդհանուր թվի 51 տոկոսից մինչև մեկ դրանց թվի երրորդը: Ընդդիմությունը մտահոգություն հայտնեց փոփոխությունների կապակցությամբ, պնդելով, որ դրանք միտված էին նպաստելու Կոմունիստական կուսակցության դաշնակից Քրիստոնե-դեմոկրատական ժողովրդական կուսակցությանը հաղթահարել ընտրաշեմը և մուտք գործել խորհրդարան:
64. Այդ ընթացքում, Կոմունիստական կուսակցության ազդեցիկ դեմքերից մեկը, նախորդ խորհրդարանի խոսնակ պրն. Marian Lupu-ն լքեց Կոմունսիտական կուսակցությունը և գլխավորեց այդ պահին ոչ այդքան ազդցիկ Դեմոկրատական կուսակցությունը, որը 2009թ. ապրիլյան ընտրություններին չէր հաղթահարել ընտրաշեմը:
65. 2009թ. հուլիսի 29-ի ընտրություններում ընտրաշեմը հաղթահարեցին հինգ կուսակցություններ՝ Կոմունիսատակն կուսակցությունը խորհրդարանում ստացավ 48 տեղ, Ազատական-ժողովրդական կուսակցությունը 18, Ազատական կուսակցությունը 15, Դեմոկրատական կուսակցությունը 13, իսկ «Մեր Մոլդովա» դաշինքը 7 տեղ: Վերջին 4 կուսակցությունները կազմեցին դաշինք՝ Եվրոպական ինտեգրման դաշինք անվանմամբ: Այդ դաշինքը ընդհանուր 53 ձայներով խորհրդարանում մեծամասնություն ձևավորեց:
66. Դիմումատուն վերընտրվեց: Այն բանից հետո, երբ նա Սահմանադրական Դատարան ներկայացրեց փաստաթղթեր, որոնք վկայում էին, որ նա նախաձեռնել է ռումինական քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը (տես՝ սույն դատավճռի 60-րդ կետը), վերջինս կրկին հաստատեց նրա դեպուտատական հանձնագիրը:
67. 2009թ. օգոստոսի 28-ին խորհրդարային մեծամասնությունը խորհրդարանի խոսնակ ընտրեց պրն. Mihai Ghimpu-ին: 2009թ. սեպտեմբերի 11-ին Մոլդովայի նախագահ պրն. Vladimir Voronin-ը հրաժարական տվեց: Մոլդովայի Սահմանադրության համաձայն, նրան նախագահի պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար փոխարինեց խորհրդարանի խոսնակ պրն. Mihai Ghimpu-ն մինչ սահմանված ժամկետում նոր ընտրությունների անցկացումը:
68. 2009թ. սեպտեմբերի 25-ից Մոլդովայի կառավարումը ստանձնում է Եվրոպական ինտեգրման դաշինքը: Այդ օրը, երկրի վարչապետ պաշտոնապես նշանակվեց պրն. Vlad Filat-ը, միաժամանակ մի շարք նախարարներ պաշտոնապես ստանձնեցին իրենց պաշտոնները: Դիմումատուն նշանակվեց արդարադատության նախարար: Մոլդովայի օրենսդրության համաձայն նախարար նշանակվելուց հետո 6 ամսվա ընթացքում անձը կարող է պահպանել պատգամավորի տեղը:
69. 2009թ. նոյեմբերի 10-ին խորհրդարանը կատարեց առաջին փորձը պրն. Marian Lupu-ին երկրի նախագահ ընտրելու համար: Պրն. Lupu-ն չընտրվեց, քանի որ չհավաքեց անհրաժեշտ 61 ձայները: Կոմունիստական կուսակցությունը հրաժարվել էր մասնակցել ընտրությանը: Նախագահի ընտրության երկրորդ փորձը կատարվեց 2009թ. դեկտեմբերի 7-ին: Կրկին փորձն անհաջող էր, քանի որ չհավաքվեցին անհրաժեշտ 61 ձայները:
70. Մոլդովայի Սահմանադրության համաձայն, եթե խորհրդարանին չի հաջողվում ընտրել երկրի նախագահին, անց են կացվում նոր խորհրդարանական ընտրություններ:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Ա. Միջազգային պայմանագրերի վերաբերյալ Մոլդովայի օրենսդրության դիրքորոշումը
71. Մոլդովայի Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված է.
«(1) Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ Սահմանադրական դրույթները ընկալվում և իրականացվում են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և Մոլդովայի Հանրապետության կողմից ստորագրված այլ կոնվենցիաներին և միջազգային պայմանագրերին համահունչ:
(2) Մոլդովայի Հանրապետության կողմից ստորագրված մարդու իրավունքների կոնվենցիաների և միջազգային պայմանագրերի ու ներպետական օրենքների միջև անհամապատասխանության դեպքում գերակշռությունը տրվում է միջազգային պայմանագրերին»:
72. Սահմանադրության 8-րդ հոդվածում ամրագրված է.
«(1) Մոլդովայի Հանրապետությունը պարտավոր է հարգել Միավորված Ազգերի Կանոնադրությունը և իր կողմից ստորագրված բոլոր միջազգային պայմանագրերը ...”
73. Մոլդովայի Հանրապետության կողմից ստորագրված միջազգային պայմանագրերին վերաբերող թիվ 595 Օրենքի համապատասխան դրույթներում ասվում է.
«Բաժին 19. Համապատասխանությունը միջազգային պայմանագրերին
Միջազգային պայմանագրերը պետք է պահպանվեն բարեխղճորեն՝ pacta sunt servanda [պայմանագրերը պետք է ահպանել] սկզբունքին համապատասխան: Մոլդովայի Հանրապետությունը չի կարող հիմնավորել իր կողմից ստորոգրված միջազգային պայմանագրի պայմանների չկատարումը ներպետական օրենսդրության պահանջներով»:
«Բաժին 20. Միջազգային պայմանագրերի կիրառումը
Միջազգային պայմանագրերի դրույթները, որոնք իրենց բովանդակությամբ կիրառելի են առանց լրացուցիչ օրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտության, մտնում են ուժի մեջ և ուղղակիորեն կիրառվում են մոլդովական օրենսդրական համակարգում: Միջազգային պայմանագրերի այլ դրույթների կիրառման համար ընդունվում են հատուկ նորմատիվային իրավական ակտեր»:
Բ. Մոլդովայի քաղաքացիության մասին օրենքը
74. 2000թ. հունիսի 2-ի թիվ 1024 «Մոլդովայի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 24-րդ բաժնի համաձայն, Մոլդովայում թույլ է տրվում բազմակի քաղաքացիություն և Մոլդովայի քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիության ձեռք բերումը Մոլդովայի քաղաքացիության կորստի չի հանգեցնում:
75. Օրենքի 25-րդ բաժնում սահմանված է, որ Մոլդովայի տարածքում օրինական հիմքերով և մշտապես բնակվող Մոլդովայի քաղաքացիությունից բացի այլ երկրի քաղաքացիություն ունեցող Մոլդովայի քաղաքացիներն օգտվում են նույն իրավունքներից և կրում են նույն պարտականությունները, ինչ որ Մոլդովայի բոլոր մյուս քաղաքացիները: Թիվ 273 օրենքով բացառություն նախատեսվեց 25-րդ բաժնում սահմանված բոլոր քաղաքացիների նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքում՝ «օրենքով նախատեսված դեպքերում»:
76. Օրենքի 39-րդ բաժնում ներկայացված է հպատակագրման և քաղաքացիության վերականգնման ճանապարհով Մոլդովայի քաղաքացիություն ստացած անձանց Մոլդովային նվիրվածության երդման տեքստը, որտեզ ասված է.
«Ես (անուն, ազգանուն), ծնված (ծննդյան ամսաթիվն ու վայրը), երդվում եմ, որ կլինեմ Մոլդովայի Հանրապետության նվիրված քաղաքացի, կհարգեմ նրա Սահմանադրությունը և մյուս օրենքները և չեմ ձեռնարկի որևէ գործողություն, որը կարող է վնասել Պետության շահերին և տարածքային ամբողջականությանը»:
Գ. Ընտրելու և ընտրվելու իրավունքը
77. Ընտրելու և ընտրվելու իրավունքի վերաբերյալ Սահմանադրության համապատասխան մասերում ամրագրված է.
«Հոդված 38. Ընտրելու և ընտրվելու իրավունք
(3) Օրենքի պայմաններին համապատասխան ընտրելու իրավունք ունեցող Մոլդովայի քաղաքացիների համար երաշխավորված է ընտրվելու իրավունքը:
Հոդված 39. Կառավարմանը մասնակցելու իրավունքը
(1) Մոլդովայի քաղաքացիներն իրավունք ունեն մասնակցելու պետական հարցերի կառավարմանը՝ անհատապես կամ իրենց ներկայացուցիչների միջոցով,
(2) Յուրաքանչյուր քաղաքացի օրենքին համապատասխան հնարավորություն ունի ներգրավվելու հանրային գործառույթներում»:
78. Թիվ 273 Օրենքով փոփոխություններ կատարվեցին ընտրական օրենսդրությունում: 2007թ. դեկտեմբերի 7-ին խորհրդարանի կողմից ընդունված, բայց երկրի նախագահի կողմից չվավերացված, օրենքի նախագծի 10-րդ բաժնում նախատեսվում էր Ընտրական օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունը.
«Խորհրդարանի պատգամավորի թեկնածուները ընտրությունների օրվա դրությամբ պետք է լինեն առնվազն 18 տարեկան, ունենան միայն Մոլդովայի քաղաքացիություն, բնակվեն երկրում և բավարարեն սույն Օրենսգրքում սահմանված պայմաններին»:
79. 2008թ. մայիսի 13-ին ուժի մեջ մտած թիվ 273 Օրենքի վերջնական տարբերակի 9-րդ բաժնում սահմանված Ընտրական օրենսգրքի վերաբերյալ սհահմանված են հետևյալ դրույթները.
«(1) Խորհրդարանի պատգամավորի թեկնածուները ընտրությունների օրվա դրությամբ պետք է լինեն առնվազն 18 տարեկան, ունենան Մոլդովայի քաղաքացիություն, բնակվեն երկրում և բավարարեն սույն Օրենսգրքում սահմանված պայմաններին.
(2) Թեկնածու գրանցվելու պահին այլ պետության քաղաքացիություն ունեցող որևէ անձ պարտավոր է հայտնել, որ նա ունի այլ պետության քաղաքացիություն կամ որ նա դիմել է այլ պետության քաղաքացիություն ստանալու համար:
(3) Խորհրդարանի պատգամավորի հանձնագիրը հաստատելու ժամանակ սույն բաժնի 2-րդ կետում նշված անձը պարտավոր է ներկայացնել փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ նա հրաժարվել է այլ պետության քաղաքացիությունից կամ նախաձեռնել է հրաժարվելու գործընթացը կամ, որ նա հետ է վերցրել այլ պետության քաղաքացիություն ստանալու դիմումը:
(4) Այն դեպքում, երբ որպես խորհրդարանի պատգամավորի թեկնածու գրանցվելու պահին քաղաքացին չի հայտնում, որ նա ունի այլ պետության քաղաքացիություն, կամ նման քաղաքացիություն է ձեռք բերում խորհրդարանի պատգամավորի պարտականություններն իրականացնելու ժամանակահատվածում, բավարար հիմք է հանդիսանում Սահմանադրական Դատարանի համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջնորդությամբ չեղյալ հայտարարելու նրա պատգամավորական հանձնագիրը»:
80. Մերձդնեստրի վերաբերյալ դիրքորոշումը սահմանված է Օրենքի 21-րդ բաժնում.
« ... (3) Սույն օրենքով սահմանված սահմանափակումները կիրառվում են Մերձդնեստրում բնակվող անձանց նկատմամբ միայն այնքանով, որքանով դրանք նախատեսված են Մերձդնեստրի հատուկ իրավական կարգավիճակը սահմանող օրենսդրությամբ»:
81. Օրենքի վերոնշյալ կետի վերաբերյալ խորհրդարանում տեղի ունեցան որոշ քննարկումներ. Այդ քննարկուներից սույն գործին առնչվող միակ մեջբերումը ներկայացվում է ստորև.
«Vladimir Turcan, խորհրդարանի պատգամավոր, Խորհրդանական նշանակումների և անձեռնմխելիության իրավական խորհրդի նախագահ, 2007թ. դեկտեմբերի 7-ի լիագումար նիստում տեղի ունեցած քննարկումների ժամանակ՝
Vladimir Braga, պատգամավոր.
Մոլդովայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող Մերձդնեստրում բնակվող քաղաքացիները շարունակելու են ունենալ երկակի քաղաքացիություն և այդ դեպքում օրենքի ազդեցությունը նվազագույնի է հասցվելու, կամ ավելի ճիշտ կլինի ասել, որ մենք մերժում ենք Մերձդնեստրյան քաղաքացիներին, որոնք նաև Մոլդովայի Հանրապետության քաղաքացիներ են:
Vladimir Turcan, պատգամավոր.
Բոլորովին: Կա մի բան, որը պետք է հասկանալ՝ առաջին, այդ օրենքը չի տարածվում բոլոր քաղաքացիների վրա: Երկրորդ, այն վերաբերում է միայն նրանց, ովքեր պետական մարմիններում պաշտոն են զբաղեցնում: Երրորդ, մենք հատուկ կետ ենք նախատեսել եզրափակիչ և անցումնային դրույթներում՝ գրավում եմ Ձեր ուշադրությունն այն փաստին, որ երրորդ կետը վերաբերում է այն անձանց, ովքեր բնակվում եմ Մերձդնեստրում և աշխատում են ձախափյա իշխանության մարմիններում, և այդ դեպքում, օրենքը չի ազդում այդ անձանց վրա, ընդ որում այն կարող է կիրառվել [վերջիններիս] նկատմամբ միայն այն դեպքում, եթե դա նատատեսված է Մերձդնեստրի հատուկ կարգավիճակի մասին օրենքում»:
Դ. Սահմանադրական Դատարան դիմելու հնարավորությունը
82. Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական իրավազորության օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն Սահմանադրական Դատարան կարող են դիմել միայն երկրի նախագահը, կառավարությունը, արդարադատության նախարարը, գերագույն դատարանը, տնտեսական դատարանը, գլխավոր դատախազը, խորհրդարանի պատգամավորները, խորհրդարանական խմբավորումները և մարդու իրավունքների պաշտպանը:
III. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Ա. Քաղաքացիության մասին եվրոպական կոնվենցիան
83. 2000թ. մարտի 1-ին ուժի մեջ մտած Եվրոպայի խորհրդի Քաղաքացիության մասին եվրոպական կոնվենցիայի (ՔԵԿ) ներածական մասում որպես ընդհանուր սկզբունք, որը վերաբերում է նաև Մոլդովային, ասված է.
«Ընդունելով, որ քաղաքացիության վերաբերյալ հարցերում հաշվի պետք է առնվեն ինչպես պետության, այնպես էլ անհատների օրինական շահերը,
...
Նկատի ունենալով բազմակի քաղաքացիության հարցում պետությունների տարբեր մոտեցումները և ճանաչելով, որ յուրքանչյուր պետություն ինքն է որոշում թե ինչպիսի հետևանքներ են նախատեսվում ներպետական օրենսդրությամբ այն դեպքում, երբ քաղաքացին ձեռք է բերում կամ ունի այլ քաղաքացիություն,
...»
84. ՔԵԿ-ի 15-րդ հոդվածում սահմանված են քաղաքացու ծննդյան կամ ամուսնության դեպքում ինքնաբերաբար շնորհվող բազմակի քաղաքացիության դեպքերից բացի բազմակի քաղաքացիություն ձեռք բերելու այլ դեպքերը: Այնտեղ նշված է.
«Սույն Կոնվենցիայի դրույթները չեն սահմանափակում Մասնակից պետության իրավունքը ներպետական օրենքում որոշելու.
ա. արդյոք այն քաղաքացիները, որոնք ձեռք են բերում կամ ունեն այլ պետության քաղաքացիություն, պահպանում են թե կորցնում են իրենց քաղաքացիությունը,
բ. արդյոք քաղաքացիություն ձեռք բերելը կամ պահպանելը կախված է այլ քաղաքացիությունից հրաժարվելու կամ կորցնելու հետ»:
85. Բազմակի քաղաքացիության հետ կապված իրավունքների և պարտականությունների մասին 17-րդ հոդվածում ասվում է.
«Մասնակից պետության քաղաքացիները, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն, իրենց բնակման Մասնակից պետության տարածքում օգտվում են նույն իրավունքներից և կրում են նույն պարտականությունները, ինչ որ այդ Մասնակից պետության այլ քաղաքացիները:
Սույն գլխի դրույթները չեն տարածվում.
ա. Միջազգային իրավունքի կանոնների վրա, որոնք վերաբերում են Մասնակից պետության կողմից տրամադրվող դիվանագիտական կամ հյուպատոսական պաշտպանությանը իր քաղաքացուն, որը միաժամանակ ունի այլ երկրի քաղաքացիություն,
բ. Յուրաքանչյուր Մասնակից պետության մասնավոր միջազգային իրավունքի դրույթների կիրառման վրա բազմակի քաղաքացիության դեպքում»:
Բ. Եվրոպական խորհրդարանի Վենետիկի հանձնաժողովի Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրքը (CDL-AD (2002) 23 rev)
86. Վենետիկի հանձնաժողովն ընդունեց Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրքը: Կանոնագրքի Բացատրական զեկույցի համապատասխան մասում նշված է.
“6b. Ըստ Քաղաքացիության մասին եվրոպական կոնվենցիայի, այն անձինք, ովքեր ունեն երկակի քաղաքացիություն, պետք է ունենան նույն ընտրական իրավունքները, որոնք ունեն տվյալ երկրների մյուս քաղաքացիները:
...
63. Օրենքի կայունությունն էական է ընտրական գործընթացի վստահելիության առումով, ինչն ինքնին էական է ժողովրդավարության ամրապնդման համար: Հաճախակի փոփոխվող կանոնները և հատկապես այն կանոնները, որոնք բարդ են և կարող են շփոթեցնել քվեարկողներին: Արդյունքում քվեարկողները կարող են եզրակացնել, ճիշտ կամ սխալ, թե ընտրական օրենքը պարզապես մի գործիք է ուժեղների ձեռքին, որ իրենց անձնական ձայները շատ քիչ կշիռ ունեն ընտրությունների արդյունքների համար:
64. Գործնականում, այնուամենայնիվ, պաշտպանության կարիք ունի ոչ այնքան հիմնարար սկզբունքների կայունությունը (որն հավանաբար այնքան էլ դյուրին չէ վտանգելը), որքան ընտրական օրենքի առավել հատկանշական կանոնների կայունությունը, հատկապես նրանց, որոնք վերաբերում են ընտրական համակարգին, ինչպես օրինակ՝ ընտրական հանձնաժողովների կազմավորումը և ընտրատարածքների սահմանագծումը: Այս երեք տարրերը հաճախ, ճիշտ կամ սխալ, համարվում են որոշիչ գործոններ ընտրությունների արդյունքների առումով, հետևաբար անհրաժեշտ է միջոցառումներ ձեռնարկել՝ իշխող կուսակցությանը թույլ չտալու այդ գործընթացում մանիպուլյացիաներ անել ի շահ իրեն, ինչպես նաև խուսափել չարաշահումների ցանկացած այլ դրսևորումներից:
65. Ոչ թե ընտրական համակարգի փոփոխությունն է վտանգավոր (դրանք միշտ կարող են փոփոխվել դեպի ավելի լավը), այլ՝ դրանք հաճախ կամ ընտրություններիս անմիջապես առաջ (ընտրությունների անցկացման տարվա ընթացքում) փոփոխելը: Նույնիսկ եթե որևէ չարաշահման նպատակ չկա, փոփոխությունները կընկալվեն որպես իշխող կուսակցության քաղաքական շահերի թելադրանք»:
IV. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՐԵՆՔՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ
87. Եվրոպական դատարանում առկա տեղեկատվությունից հետևում է, որ Մոլդովայից բացի երեք երկրներում (Ադրբեջան, Լիտվա և Բուլղարիա) միանշանակորեն արգելված է երկակի քաղաքացիություն ունեցող անձանց խորհրդարան ընտրելը: Ադրբեջանում և Լիտվայում, բոլոր դեպքերում երկակի քաղաքացիություն ունենալն արգելված է, մինչդեռ Բուլղարիայում այն թույլ է տրվում: Չորրորդ երկրի, Մալթայի Սահմանադրությունում սահմանված է, որ անձը իրավունք չունի մասնակցելու Ներկայացուցիչների պալատի ընտրություններում «եթե նա Մալթայից բացի այլ պետության քաղաքացի է, կամավոր կերպով է դարձել այլ երկրի քաղաքացի կամ այն երկրին հավատարմության հայտարարագիր է տվել», ընդ որում այնքան էլ պարզ չէ, թե արդյոք այդ դրույթը վերաբերում է քաղաքացիություն չունեցող թե բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց: Բոլոր դեպքերում, հայտնի չեն որևէ դեպքեր, երբ այդ դրույթը կիրառկվել է, պարզ չէ նաև թե արդյոք այդ սահմանափակումը պահպանել է իր ուժը այն բանից հետո, երբ 2000թ. Մալթայի օրենսդրությունում կատարվել են երկակի քաղաքացիություն թույլ տվող փոփոխություններ: Ռումինիան, որտեղ երկակի քաղաքացիությունը թույլատրված է, 2003թ. վերացրել էր երկակի քաղաքացիություն ունեցող անձանց խորհրդարան ընտրվելու արգելքը:
88. Լատվիայում խորհրդարանի անդամներին չի արգելվում ունենալ երկակի քաղաքացիություն, սակայն երկակի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող ընտրվել երկրի նախագահ: Պետք է նշել, որ ընդհանուր առմամբ, երկակի քաղաքացիությունը Լատվիայի օրենսդրությամբ արգելված է, թեև որոշ սահմանափակ դեպքերում այն թույլատրվում է: Մոնակոյում արգելվում է քաղաքացուն ընտրել Conseil National [Ազգային խորհուրդ], եթե նա պետական կամ ընտրովի պաշտոն է զբաղեցնում այլ պետությունում: Պորտուգալիայում ոչ-ռեզիդենտ երկակի քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող խորհրդարան ընտրվել այն ընտրատարածքից, որն ընդգրկում է իրենց այլ քաղաքացիության տարածքը:
89. Հետևաբար, Եվրոպայի խորհրդի երեկ պետություններ՝ Մոլդովան, Բուլղարիան և Մալթան (հաշվի առնելով վերը նշված անորոշ ձևակերպումները) ներկայումս թույլ են տալիս երկակի քաղաքացիություն, սակայն արգելում են երկակր քաղաքացիություն ունեցող անձանց ընտրվել խորհրդարան: Բացի այդ, Լիտվան և Ադրբեջանը, արգելելով երկակի քաղաքացիությունը, արգելում են նաև երկակի քաղաքացիներին խորհրդարան ընտրվելը: Այդ չորս այլ երկրներից Լիտվան և Ադրբեջանը չեն ստորագրել ՔԵԿ-ն, Բուլղարան վերապահում է ներկայացրել ՔԵԿ-ի 17-րդ հոդվածի վերաբերյալ, իսկ Մալթան ստորագրել է, սակայն չի վավերացրել ՔԵԿ-ն:
90. Մոլդովայից բացի 27 մասնակից պետություններ թույլ են տալիս երկակի քաղաքացիություն: 19 մասնակից պետություններում երկակի քաղաքացիությունը ընդհանուր առմամբ արգելված է: Երկակի քաղաքականությունն արգելված է Ուկրաինայում:
91. Լիտվան, Լատվիան և Էստոնիան արգելում են երկակի քաղաքացիությունը: 2000թ. մարդահամարի համաձայն Էստոնիայում բնակվում էին մոտ 200 երկակի քաղաքացիություն ունեցող անձինք: Լիտվայում կան շուրջ 700 երկակի քաղաքացիություն ունեցող անձինք: Լատվիայի համար տվյալները բացակայում են: Լատվիայի և Էստոնիայի բնակչության շուրջ մեկ քառորդն ազգությամբ ռուսներ են:
92. Նախկին Հարավսլավիայի հանրապետություններում՝ Խորվաթիայում, Սերբիայում, Սլովենիայում և Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետությունում երկակի քաղաքացիությունը թույլ է տրված, թեև Խորվաթիան և Սլովենիան փոձում են վերացնել այն հպատակագրված անձանց համար: Բոսնիայում և Հերցեգովինայում, ինչպես նաև Չեռնոգորիայում թույլ է տրված այն պետությունների երկակի քաղաքացիությունը, որոնց հետ այդ մասին կնքված է երկկողմանի պայմանագիր: Նշված պետությունների բնակչությունը բազմազգ է: Չեռնոգորիան (43% չեռնոգորացիներ, 32% սերբեր, 8% բոսնիացիներ, 17% այլ) ու Բոսնիան և Հերցեգովինան (48% բոսնիացիներ, 37.1% սերբեր, 14.3% խորվաթներ, 0.6% այլ) ունեն առավել բազմազգ բնակչություն, որոնց հետևում է Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետությունը (64.2% մակեդոնացի, 25.2% ալբանացի, 10.6% այլ): Այդ պետություններում երկաի քաղաքացիների թիվը հայտնի չէ: Նրանցից ոչ մեկը չի արգելում երկակի քաղաքացիություն ունեցող անձանց խորհրդարան ընտրվելուց:
93. ԵՄ-ի անդամ 27 պետություններում, 16-ը թույլ են տալիս երկակի քաղաքացիությունը, 5-ն արգելում կամ թույլ են տալիս միայ բացառիկ դեպքերում (Չեխիայի Հանրապետություն, Դանիա, Հունաստան, Լիտվա և Լեհաստան), իսկ 6-ը (Ավստրիա, Էստոնիա, Գերմանիա, Լատվիա, Նիդերլանդներ և Իսպանիա) այն թույլ են տալիս որոշակի միմյանցից տարբեր պայմաններում: Երկու պետություններ՝ Լիտվան և Բուլղարիան, արգելում են երկակի քաղաքացիություն ունեցող անձանց խորհրդարան ընտրվելը: Այլ սահմանափակումներ են գործում երեք պետություններում (Լատվիա, Մալթա և Պորտուգալիա, տես՝ սույն դատավճռի 87-88 կետերը):
ՕՐԵՆՔԸ
94. Դիմումատուն պնդում էր, որ մոլդովականին զուգահեռ այլ քաղաքացիություններ ունեցող անձանց խորհրդարան ընտրվելուց հետո պատգամավոր դառնալու արգելքը խախտում էր իր իրավունքը՝ թեկնածությունն ազատ ընտրություններում առաջադրելու և ընտրության դեպքում խորհրդարանում պատգամավոր դառնալու, դրանով իսկ ապահովելով օրենսդիր մարմնի ընտրություններում ժողովրդի կամքի ազատ արտահայտումը: Նա վկայակոչում էր թիվ 1 Արձանգրության 3-րդ հոդվածը, որտեղ ասված է
«Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են անցկացնել ազատ ընտրություններ` ողջամիտ պարբերականությամբ, գաղտնի քվեարկությամբ, այնպիսի պայմաններում, որոնք կապահովեն ժողովրդի կամքի ազատ արտահայտումն օրենսդիր իշխանություն ընտրելիս»:
95. Նա նաև բողոք էր ներկայացրել թիվ 1 Արձանգրության 3-րդ հոդվածի հետ միասին Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտման հիմքերով, նշելով, որ խտրականության է ենթարկվել բազմակի քաղաքացիություն ունեցող և Մերձդնեստրում բնակվող Մոլդովայի քաղաքացիների համեմատ: Կոնվենցիայի 14-րդ հոդվածում ասված է.
«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:
I. ՆԱԽՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ա. Տուժողի կարգավիճակ
1. Պալատի եզրահանգումները
96. Հիմնվելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա Պալատը ներկայացրեց, որ ներպետական դատական համակարգի կողմից արդարացի բավարարում չստանալու դեպքում, ցանկացած անձ կարող է բողոքել, որ ոտնահարվել է ազատ վարվելակերպի իր իրավունքը կամ որ նա պատկանում է այն մարդկանց դասին, ովքեր նոր օրենքի ընդունման պատճառով հայտնվել են նման իրավիճակում: Դատարանը գտնում է, որ դիմումատուն ուղղակիորեն տուժել է թիվ 237 Օրենքի ընդունման հետևանքով, քանզի պատգամավոր ընտրվելու դեպքում նա ստիպված էր լինելու հրաժարվելու պատգամավորի կարգավիճակից կամ երկակի քաղաքացիությունից: Իրոք, նման բարդ երկընտրանքի գիտակցելը բացասական կարող էր ազդել դիմումատուի նախընտրական արշավի վրա՝ կաշկանդելով նրա ջանքերն ու եռանդը, ինչպես նաև խլելով ընտրազանգվածի ձայների որոշ մասը: Ուստի Պալատը մերժեց Կառավարության առարկությունն առ այն, որ դիմումատուի մոտ բացակայում է տուժողի կարգավիճակը:
2. Կողմերի փաստարկները
ա. Մոլդովայի կառավարությունը
97. Կառավարությունը Մեծ Պալատին ներկայացված փաստարկներում պնդում էր, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով դիմումատուին չի կարելի տուժող համարել, քանի որ բողոքը Եվրոպական դատարան էր հղվել մինչ թիվ 273 Օրենքի ուժի մեջ մտնելը: Վկայակոչելով «Očič ընդդեմ Խորվաթիայի» (որոշում), (գանգատ թիվ 46306/99, ՄԻԵԴ 1999‑VIII), Կառավարությունը նաև պնդում էր, դիմումատուի բողոքը actio popularis էր, որով նա փորձ էր կատարում վերացականորեն մեկնաբանել օրենսդրությունը, քանի որ Եվրոպական դատարան բողոք հղելու պահին վիճարկվող օրենքն իր նկատմամբ որևէ բացասական առումով չէր կիրառվել: Կառավարության կարծիքով դիմումատուի տուժողի կարգավիճակն ապացուցելու նպատակով Պալատի կողմից վկայակոչված գործերը տարբերվում էին սույն գործից նրանով, որ վիճարկվում էր ուժի մեջ մտած օրենքը: Թեև նախկին դատավճիռներում Դատարանը դիմումատուներին հնարավոր զոհեր էր համարել գործող, բայց իրենց նկատմամբ չկիրառված օրենքի, սակայն որևէ դիմումատուի օրենքի նախագծի հնարավոր զոհ երբեկ չէր համարել: Կառավարությունը վկայակոչեց The Christian Federation of Jehovah’s Witnesses in France v. France գործը [Ֆրանսիայում Եհովայի վկաների քրիստոնեական ֆեդերացիան ընդդեմ Ֆրանսիայի] (որոշում), գանգատ թիվ 53430/99, ՄԻԵԴ 2001-XI), որտեղ Դատարանի դիրքորոշման համաձայն դիմումատուն հնարավոր տուժող է համարվում, այն դեպքերում, երբ օրենքով համապատասխան կիրառված միջոցների գաղտնիության պատճառով դիմումատուն հնարավորություն չունի ապացուցելու, որ վիճարկվող օրենսդրությունն գործնականում կիրառվել է իր նկատմամբ, վերը նշված «Klass և մյուսներն ընդդեմ Գերմանիայի» գործը, որտեղ առկա էր միասեռական գործողությունները պատժող օրենքի կիրառման հնարավորությունը բնակչության որոշ խավերի նկատմամբ, որոնց պատկանում էր դիմումատուն, (տես՝ «Dudgeon ընդդեմ Միացյալ Թագավորության», 22 հոկտեմբերի 1981թ., Series A, գանգատ թիվ 45), և, վերջապես, երբ օտարերկրացիներին հարկադրաբար արտաքսելու մասին որոշումն ընդունվել էր, բայց դեռ չէր իրականացվել և այն կիրառելու դեպքում կառաջանար ընդունող երկրում համապատասխան անձանց նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի վտանգ (տես՝ «Soering ընդդեմ Միացյալ Թագավորության», 7 հուլիսի 1989թ., Series A ,գանգատ թիվ 161) կամ կխախտվեր ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը (տես՝ «Beldjoudi ընդդեմ Ֆրանսիայի», 26 մարտի 1992թ., Series A, գանգատ թիվ 234): Կառավարությունը պնդում էր, որ Կոնվենցիան վավերացնելիս Մասնակից պետությունները չէին համաձայնվել, որ Եվրոպական դատարանում կարող են բողոքարկվել օրենքների նախագծերը: Եթե նաման բողոքարկումները հնարավոր լինեին, ապա ներպետական մակարդակով օրենքների նախագծերը բողոքարկելու հնարավորություն չունենալու պարագայում, մարդիք ուղղակիորեն կդիմեին Եվրոպական դատարանին, որի արդյունքում կխախտվեր սուբսիդիարության սկզբունքը և Եվրոպական դատարան հղվող բողոքների անկառավարելի հոսք կառաջանար:
98. Կառավարությունը նաև պնդում էր, որ Մոլդովայում թույլատրվում էր բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց թեկնածությունների առաջադրումն ընտրություններում և նրանք ընդամենը պետք է փաստացի ապացույց ներկայացնեին, որ դիմել են այլ քաղաքացիությունից հրաժարվելու համար, որպեսզի հաստատվեին նրանց պատգամավորական հանձնագիրը (տես՝ սույն դատավճռի 79-րդ կետը): Ընտրական օրենսդրությունում բացակայում էր որևէ կետ, որն այլ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացն ավարտի չհասցնելու դեպքում թույլ կտար չեղյալ համարել խորհրդարանի պատգամավորի հանձնագիրը: Ներկա գործի հանգամանքներում, դիմումատուի պատգամավորական հանձնագիրը հաստատելուց հետո, չկար նրան այդ հանձնագրից զրկելու որևէ հնարավորություն, նույնիսկ եթե դիմումատուն ավարտին չհասցներ ռումինական քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը:
բ. Դիմումատուն
99. Դիմումատուն համաձայնվեց, որ Եվրոպական դատարան բողոք էր ներկայացրել մինչ թիվ 273 Օրենքի ուժի մեջ մտնելը: Միևնույն ժամանակ նա նշեց, որ այդ օրենքն արդեն իսկ ընդունվել էր խորհրդարանի կողմից (տես՝ սույն դատավճռի 38-րդ կետը), ուստի երկրի նախագահն այն ուշ թե շուտ ստորագրելու էր և օրենքն ուժի մեջ էր մտնելու: Դատարանը Կառավարությանը ծանուցել էր դիմումատուի հղած բողոքի մասին 2008թ. հունիսի 17-ին, երբ վիճարկվող օրենքն արդեն ուժի մեջ էր մտել (տես՝ սույն դատավճռի 44-րդ կետը):
100. Դիմումատուն նաև ընդգծեց, որ խորհրդրան ընտրվելուց հետո նրան թույլ չէին տվել իր տեղը զբաղեցնել այնտեղ, մինչև որ նա չձեռնարկեց ռումինական քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը (տես՝ սույն դատավճռի 60, 61 և 66-րդ կետերը): Եթե դիմումատուն չնախաձեռներ այդ գործընթացը նա հնարավորություն չէր ունենա իրականացնելու խորհրդարանի պատգամավորի իր լիազորությունները:
101. Հետևաբար դիմումատուն Դատարանին հորդորեց ճանաչելու իր տուժող անձի կարգավիճակը:
գ. Ռումինիայի կառավարությունը
102. Ռումինիայի կառավարությունը համաձայն էր որ դիմումատուն կարող է տուժող համարվել Կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիմքերով: Վկայակոչելով վերը նշված «Klass և մյուսներն ընդդեմ Գերմանիայի» գործի 34-րդ կետը, Ռումինիայի կառավարությունը հայտարարեց, որ օրենսդրական միջոցների առկայութան ուժով անձն արդեն իսկ կարող է տուժող համարվել և պարտավոր չէ ապացուցել, որ այդ միջոցները կիրառվել են իր նկատմամբ: Կառավարության կողմից նշվեց, որ այն պահին, երբ բողոքը հղվել էր Եվրոպական դատարան, դիմումատուն, լինելով քաղաքական գործիչ, հայտարարել էր 2009թ. ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Հետևաբար նա կանգնել էր նոր օրենքի ազդեցության տակ ընկնելու վտանգի առջև: Արդյունքում, նա ընտրվել էր և նրանից պահանջել էին հրաժարվելու ռումինական քաղաքացիությունից: Ռումինիայի կառավարության կարծիքով պատասխանող կառավարության կողմից վկայակաոչվող «Očič ընդդեմ Խորվաթիայի» գործը սույն գործի հանգամանքներում նախադեպ չէր կարող ծառայել, քանի որ այդ գործում դիմումատու հանդիսացող անձը չէր ապացուցել, որ անձամբ գտնվում էր վիճարկվող օրենքնի ենթադրյալ ներազդեցության շրջանակում: Ռումինիայի կառավարությունը նաև իր փաստարկներում նշեց այն հանգամանքը, որ Պալատն իր վճիռը կայացրել էր վիճարկվող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: Հետեևաբար, բողոքը սոսկ օրենքի նախագծի չէր վերաբերում:
103. Ռումինիայի կառավարությունը Դատարանին հորդորեց մերժելու պատասխանող կառավարության առարկությունները:
3. Դատարանի գնահատականը
104. Դատարանը վերստին ուշադրություն է գրավում այն փաստի վրա, որ 34-րդ հոդվածի հիմքերով գանգատ ներկայացնելու համար անձը, հասարակական կազմակերպությունը կամ անհատների որևէ խումբ պետք է իրավասու լինեն հայտարարելու, որ Կոնվենցիայով սահմանված իրավունքների խախտման զոհ են: Նման խախտման զոհ համարվելու համար անձը պետք է ուղղակիորեն հայտնվի վիճարկվող միջոցառման ազդեցության ներքո՝ Կոնվենցիայով չի նախատեսվում երաշխավորված իրավունքների մեկնաբանության համարactio popularis հայցում, կամ որևէ անհատի կողմից ներպետական օրենքի որևէ կետի բողոքարկում միայն այն պատճառաբանությամբ, որ վերջինս կարող է հակասել կոնվենցիային՝ առանց իր նկատմամբ ուղղակի ազդեցություն ունենալու: Սակայն, ներպետական դատական համակարգի կողմից արդարացի բավարարում չստանալու դեպքում անձը կարող է բողոքել, որ նրան հետապնդման սպառնալիքով ստիպում են փոխել վարվելակերպը կամ այն դեպքում, երբ նա պատկանում է սոցիալական խմբի, որը կարող է ուղղակիորեն գտնվել ներպետական օրենսդրության ազդեցության տակ (տես՝ «Burden ընդդեմ Միացյալ Թագավորության» [ՄՊ], գանգատ թիվ 13378/05, §§ 33 և 34, 29 ապրիլի 2008թ., «Open Door and Dublin Well Woman ընդդեմ Իռլանդիայի», § 44, վերը նշված «Klass և մյուսներն ընդդեմ Գերմանիայի», 6 սեպտեմբերի 1978թ., § 33, Series A, գանգատ թիվ 28):
105. «Burdov ընդդեմ Ռուսաստանի» գործում, (գանգատ թիվ 59498/00, § 30, ՄԻԵԴ 2002‑III), Եվրոպական դատարանը հաստատեց, որ այն հարցը թե արդյոք դիմումատուն կարող է հանարվել Կոնվենցիայի խախտման զոհ առնչվում էր դատական վարույթի բոլոր փուլերի հետ (տես նաև՝ «E. ընդդեմ Ավստրիայի», գանգատ թիվ 10668/83, Հանձնաժողովի որոշումը տարեգրված 13 մայիսի 1987թ., Decisions and Reports 52, էջ 177): Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայով սահմանված պահանջները մեկնաբանվում են այն եղանակով, որն ապահովում է այնտեղ սահմանված երաշխիքների առավել արդյունավետ և գործնական բնույթը (տես, մասնավոչապես, վերը նշված «Soering ընդդեմ Միացյալ Թագավորության», և «Artico ընդդեմ Իտալիայի», 13 մայիսի 1980թ., § 33, Series A, գանգատ թիվ 37): Գնահատելիս թե արդյոք դիմումատուն իրավասու է հայտարարել, որ նա ենթադրյալ խախտման անմիջական զոհ է հանդիսանում, հաշվի պետք է առնել ոչ միայն բողոքը Եվրոպական դատարան հղելու պահին նրա փաստացի կարգավիճակը, այլ նաև խնդրո առարկա հանդիսացող գործի բոլոր հանգամանքնները, այդ թվում՝ Եվրոպական դատարանի կողմից գործը քննության առնելուց առաջ տեղի ունեցած բոլոր զարգացումները (տես՝ mutatis mutandis, «Akdivar ը մյուսներն ընդդեմ Թուրքիայի», 16 սեպտեմբերի 1996թ., § 69, Reports of Judgments and Decisions 1996‑IV)
106. Հաշվի առնելով նշված տարրերը, Դատարանը գտնում է, որ դիմումատուի տուժողի կարգավիճակը որոշվում է Դատարանի կողմից գործի քննության պահի դրությամբ, եթե նման մոտեցումն արդարացված է համապատասխան հանգամանքներում: Այդ կապակցությամբ, Դատարանը վկայակոչում է իր նախադեպային պրակտիկայում հանդիպող տուժողի կարգավիճակի կորստի այն դեպքերը, երբ Դատարանը, ուսումնասիրելով պատասխանող կառավարությունների առարկությունները, եկել էր այն եզրակացության, որ Դատարան հղված բողոքից հետո պատասխանող կառավարությունը դիմել է այնպիսի քայլերի, որոնք բավարար փոխհատուցում են հանդիսացել ենթադրյալ խախտման համար, որպեսզի դիմումատուն այլևս չհամարվի Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով տուժող (տես օրինակ՝ «Amuur ընդդեմ Ֆրանսիայի», 25 հունիսի 1996թ., § 36, Reports 1996‑III, «Chevrol ընդդեմ Ֆրանսիայի», գանգատ թիվ 49636/99, § 37-43, ՄԻԵԴ 2003‑III, «Siliadin ընդդեմ Ֆրանսիայի», գանգատ թիվ 73316/01, § 54 և 63, ՄԻԵԴ 2005‑VII, «Ramazanova և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի», գանգատ թիվ 44363/02, § 36 to 39, 1 փետրվարի 2007թ.): Մի շարք դեպքերում, այն բանից հետ, երբ նման հետագա քայլերի արդյունքում դիմումատուին տրվել է համարժեք փոխհատուցում, որի հետևանքով նա կորցրել է տուժողի կարգավիճակը, հայցը համարվել է անընդունելի կամ հեռացվել է դիտարկվող բողոքների ցուցակից (տես օրինակ՝ «Conrad ընդդեմ Գերմանիայի», գանգատ թիվ 13020/87, Հանձնաժողովի որոշում, 13 ապրիլի 1988թ., «Caraher ընդդեմ Միացյալ Թագավորության» (որոշում), գանգատ թիվ 24520/94, ՄԻԵԴ 2000‑I, և «Ohlen ընդդեմ Դանիայի» (ցուցակից հեռացվել է), գանգատ թիվ 63214/00, §§ 28-31, 24 փետրվարի 2005թ.): Հետևաբար, Դատարանն դիտարկելու է, թե արդյոք դիմումատուն կորցրել է տուժողի կարգավիճակը Կոնվենցիայի 34-րդ հոդվածի նպատակների համար, հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները:
107. Ներկա գործի հանգամանքներում Դատարանը նշում է, որ վիճարկվող օրենքն ուժի մեջ է մտել 2008թ. մայիսին (տես սույն դատավճռի 44-րդ կետը): Ուստի, սույն բողոքը վերաբերում է ու-ի մեջ մտած օրենսդրական ակտին:
108. Ինչ վերաբերում է միջոցառումն ի վնաս դիմումատուին կիրառմանը, Դատարանը նշում է, որ 2009թ. ապրիլյան ընտրություններում հաղթելուց հետո դիմումատուին պարտավորեցրել էին ռումինական քաղաքացիությունից հրաժարվելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, որպեսզի Սահմանադրական Դատարանը հաստատի խորհրդանում տեղ զբաղեցնելու համար անհրաժեշտ նրա պատգամավորական հանձնագիրը: Դիմումատուն նախաձեռնել էր քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը (տես՝ սույն դատավճռի 60-61 կետերը): Այն բանից հետո, երբ 2009թ. ընտրություններին նա կրկին ընտրվել էր, դիմումատուից պահանջել էին, նա ապացույցներ ներկայացնի քաղաքացիությունից հրաժարվելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին, որպեսզի Սահմանադրական Դատարանը հաստատի իր պատգամավորական հանձնագիրը (տես սույն դատավճռի 66-րդ կետը): Ուստի Դատարանը հանգում է այն եզրակացության, որ թիվ 273 Օրենքն ուղղակիորեն կիրառվել է դիմումատուի նկատմամբ, քանի որ նրան պարտադրել են նախաձեռնել մի գործընթաց, որի արդյունքում նա կանգնել էր ռումինական քաղաքացիությունը կորցնելու վտանգի առջև: Արդյունքում, կասկածից վեր է այն, որ դեռևս ընտրություններից առաջ դիմումատուի մոտ առաջացած մտավախությունն առ այն, որ ընտրվելու դեպքում նրանից պահանջելու են խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար ռումինական քաղաքացիությունից հրաժարվելու ուղղությամբ քայլերի դիմելու, բացասական էր ազդել նրա ամբողջ ընտրական արշավի վրա: Նա առավել ևս կարող էր կորցնել ընտրողների ձայները, քանի որ ընտրողները գիտակցում էին, որ ընտրվելու դեպքում դիմումատուն, երկակի քաղաքացիությունից չզրկվելու նպատակով, կարող էր հրաժարվել պատգամավորական հանձնագրից: Քանի որ դիմումատուն ուղղակիորեն հայտնվել էր վիճարկվող օրենքի ազդեցության ներքո, դատարանը գտնում է, որ միջոցը բացասական հետևանքներ է ունեցել նրա համար:
109. Ինչ վերաբերում է Կառավարության այն փաստարկին, որ թիվ 273 Օրենքով պահանջվում էր ընդամենը նախաձեռնել քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը, այլ ոչ թե այն ավարտին հասցնել, Դատարանի կարծիքով դա դիմումատուին չի զրկում տուժողի կարգավիճակից: Թեև դիմումատուի հանձնագիրը ներկայումս հաստատված է Սահմանադրական Դատարանի կողմից, նրան ստիպել էին նամակ հղել ռումինական իշխանություներին, միջնորդելով, որպեսզի նախաձեռնվի իրեն քաղաքացիությունից զրկելու գործընթացը, որը նա արել էր: Ճշմարիտ է, որ Ռումինիայի կառավարությունը դեռևս քայլեր չի ձեռնարկել դիմումատուին քաղաքացիութոյւնից զրկելու ուղղությամբ: Սակայն, դիմումատուն չի կարող վերահսկել Ռումինիայի իշխանությունների քայլերը, վերջիններս նաև պաշտոնապես չեն երաշխավորել, որ չեն բավարարելու ռումինական քաղաքացիությունից հրաժարվելու մասին դիմումատուի միջնորդությունը: Հետևաբար, նրանք ցանլացած պահին կարող են որոշել ավարտին հասցնել քաղաքացիությունից զրկելու գործընթացը:
110. Բոլոր դեպքերում, յուրաքանչյուր անգամ, երբ դիմումատուն կցանկանա իր թեկնածությունն առաջադրել խորհրդանական ընտրություններում, նա կրկին կհայտնվի անորոշության մեջ՝ չիմանալով թե արդյոք Սահմանադրական Դատարանը կընդունի, որ նա կատարել է օրենքի պահանջը և արդյոք Ռումինիայի կառավարությունը չի բավարարի քաղաքացիությունից հրաժարվելու մասին իր միջնորդությունը:
111. Ուստի, Դատարանը մերժում է տուժողի կարգավիճակի բացակայության մասին Կառավարության պնդումը:
Բ. Իրավական պաշտպանության ներպետական միջոցների չսպառումը
1. Պալատի եզրակացությունը
112. Պալատը մերժեց Կառավարության առարկությունն առ այն, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ բողոքով չի դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, որն իր հերթին կարող էր բողոքարկել թիվ 273 Օրենքը Սահմանադրական Դատարանում: Պալատն ընդգծեց, որ իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու պահանջը կիրառվում է միայն այն միջոցների նկատմամբ, որոնք հասանելի և արդյունավետ են: Ներկա գործում Կառավարության կողմից վկայակոչվող իրավական պաշտպանության միջոցը արդյունավետ չի կարող համարվել, քանի որ դիմումատուն հնարավորություն չուներ ուղղակիորեն դիմելու Սահմանադրական դարարան:
2. Կողմերի փաստարկները
ա. Մոլդովայի կառավարությունը
113. Կառավարությունը պնդում էր, որ դիմումատուն կարող էր դիմել պրն. Filat-ին, որը խորհրդարանի պատգամավոր էր և հետևաբար իրավունք ուներ բողոք ներկայացնելու Սահմանադրական Դատարան (տես սույն դատավճռի 82-րդ կետը), որպեսզի վերջինս Սահմանադրական Դատարանում բողոքարկեր թիվ 273 Օրենքը: Անդրադառնալով Պալտի այն եզրակացությանը, որ Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ Սահմանադրական Դատարանում բողոքարկումը իրավական պաշտպանության արդյունավետ միջոց համարվել չի կարող, Կառավարությունը Դատարանին վստահեցնում էր նշված տարբերակի արդյունավետության մասին, քանի որ պրն. Filat-ը ղեկավարում էր այն կուսակցությունը, որի փոխնախագահը դիմումատուն էր, պրն. Filat-ը նույնպես ուներ երկրորդ քաղաքացիություն և պրն. Filat-ն արդեն իսկ օժանդակում էր դիմումատուին ներկա գործի շրջանակում: Հետևաբար, Կառավարությունը պնդում էր, որ իր կողմից մատնանշվող իրավական պաշտպանության միջոցը դիմումատուին հասանելի էր:
114. Կառավարությունն ընդգծում էր, որ ներկա գործըն ըստ էության սահմանադրական բնույթի էր, ուստի այն քննելու իրավասությունը սոսկ Սահմանադրական Դատարանինն էր: Գործի ընդունելիության մասին Պալատին ներկայացրած փաստարկներում Կառավարությունը բարձրացրել էր Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով բողոքը Սահմանադրական Դատարանում քննելու հնարավորության հարցը: Կառավարությունը պնդում էր, որ առաջարկվող իրավական պաշտպանության էությունը Սահմանադրական դատարանի կողմից գործը քնության առնելու հնարավորությունն էր, և այս դեպքում էական չէր թե ով է լինելու այն հատուկ միջնորդը, որի միջոցով դիմումատուն կներկայացնի իր գանգատը: Հետեևաբար, ըստ Կառավարության տեսակետի, սույն առարկությունը ոչ թե նոր փաստարկ է, այլ նախորդ առարկության վերհաստատումը, և Կառավարությանը չպետք է մերժել ներկայացնելու այն վարույթի ընթացիկ փուլում:
115. Վերջում Կառավարությունը Դատարանի ուշադրությունը գրավեց այն հանգամանքի վրա, որ 2008թ. դեկտեմբերին Սահմանադրական Դատարան հղված օրենքի Սահմանադրությանը համապատասխանության հարցն ուսումնասիրելու մասին միջնորդությունը հաջողությամբ պսակվեց, քանի որ միջնորդությունն ընդունվել էր Սահմանադրական Դատարանի կողմից (տես՝ սույն դատավճռի 54-58 կետերը): Ուստի, ակնհայտ էր արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի առկայությունը, թեև տվյալ դեպքում Սահմանադրական Դատարանը այդ օրենքը սահմանադրական էր համարել:
բ. Դիմումատուն
116. Դիմումատուն համաձայն չէր, որ Կառավարության կողմից ներկայացրած առարկությունը նոր առակություն չէր: Այն չևէ հիմնված Դատարանի կողմից գործի ընդունելիությունն ուսումնասիրելու պահին բացակայող փաստերի վրա: Հետևաբար, վկայակոչելով «Sejdovic ընդդեմ Իտալիայի» գործը ([ՄՊ], գանգատ թիվ 56581/00, § 41, ՄԻԵԴ 2006‑II), դիմումատուն պնդում էր, որ Կառավարությունը իրավական պաշտպանության այդ միջոցի հնարավորության մասին պետք է նշեր գործի ընդունելիության մասին իր կողմից ներկայացրած գրավոր և բանավոր փաստարկներում: Դիմումատուն գտնում էր, որ սույն դեպքում չկային որևէ բացառիկ հանգամանքներ, որոնք Կառավարությանը թույլ կտային խուսափել այդ պահանջից, ուստի նա կոչ արեց Դատարանին մերժելու Կառավարության առարկությունը:
117. Եթե Դատարանը նպատակահարմար է գտնում թույլատրելու առարկության ներկայացումը վարույթի ընթացիկ փուլում, ապա դիմումատուի պնդմամբ պրն. Filat-ի միջնորդությամբ Սահմանադրական Դատարան բողոք հղելը 35-րդ հոդվածի իմաստով դիմումատուին հասանելի և արդյունավետ իրավական պաշտպանության միջոց չէր: Նա հիմնավորեց անհասանելիության մասին իր կարծիքն այն փաստով, որ Դահմանադրական Դատարան բողոք հղելու հնարավորությունը որևէ քաղաքացու համար հասանելի չէր և որ մինչև 2009թ. ապրիլի 22-ին իր պատգամավորական հանձնագրի հաստատումը նա նման բողոք հղելու իրավունք ունեցող անձանց որևէ խմբին չէր պատկանում: Այդուհանդերձ, դիմումատուն հանդես եկավ Սահմանադրական Դատարանում պրն. Filat-ի վստահված անձի դերում և վերջինիս առջև բարձրացրեց բոլոր այն խմնդիրները, որոնք որ բարձրացնում է սույն Դատրանում: Սահմանադրական Դատարանն արտահայտեց այն դիրքորոշումը, որ օրենքը սահմանադրական էր (sտես սույն դատավճռի 55-րդ կետը): Արդյունքում, ներպետական իրավական պաշտպանության այդ միջոցն ակնհայտորեն սպառվել էր այնքանով, որքանով նա կարող էր արդյունավետ համարվել:
գ. Ռումինիայի կառավարությունը
118. Ռումինիայի կառավարությունը ընդգծեց, որ պատասխանող Կառավարության կողմից առաջարկվող իրավական պաշտպանության միջոցն առաջին անգամ նշվել էր Մեծ Պալատին ներկայացված փաստարկներում: Ռումինիայի կառավարությունը գտնում էր, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից հստակ հետևում է, որ նման առարկությունները պետք է ներկայացվեն գործի ընդունելիության մասին փաստարկներում: Այնուհետև Ռումինիայի կառավարությունը նշեց, որ պատասխանող Կառավարությունն իր տրամադրության տակ ուներ անհրաժեշտ բոլոր փաստերն այդ առարկությունը գործի ընդունելիության փուլում ներկայացնելու համար և որ, վերջինս այդ քայլին չդիմելու մասին որևէ բացատրություն չի ներկայացրել: Հետևաբար, չկային որևէ բացառիկ հանգամանքներ, որոնք կարդարացնեին այդ առարկության ներկայացման ուշացումը և, այդ իսկ պատճառով, պատասխանող Կառավարությունն իրավասւ չէ նման առարկություն ներկայացնելու գործի վարույթի ներկա փուլւմ:
119. Այն դեպքում, եթե Դատարանն ուշացումից անկախ թույլ տա դիտարկելու այդ առարկությունը, Ռումինայի կառավարությունը պնդում է, որ առաջարկվող իրավական պաշտպանության միջոցը չի բավարարու 35-րդ հոդվածի պահանջներին: Դիմումատուին այն հասանելի չէր, քանի որ նա զրկված էր Սահմանադրական Դատարան անձամբ բողոք հղելու հնարավորությունից, այլ պետք է դա աներ միջնորդի միջոցով, որը իր հերթին խպարտավոր չէր դիմելու դատարան վիճարկվող օրենքը բողոքարկելու համար:
3. Դատարանի գնահատականը
120. Դատարանը վերստին նշում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի նպատակն է Պայմանավորվող պետություններին հնարավորություն ընձեռել ներպետական մակարդակով կանխելու կամ շտկելու վիճարկվող ենթադրյալ խախտումները, մինչև դրանք Եվրոպական դատարան հղելը: Հետևաբար, քանի դեռ պետությունը հնարավորություն չի ունեցել սեփական ներպետական դատաիրավական համակարգի միջոցով վերացնելու առաջացած խնդիրները, այն ազատվում է միջազգային մարմնի առջև պատասխան տալու պարտավորությունից (տես, օրինակ՝ «Remli ընդդեմ Ֆրանսիայի», 23 ապրիլի 1996թ., § 33, Reports 1996-II, և «Selmouni ընդդեմ Ֆրանսիայի » [ՄՊ], գանգատ թիվ 25803/94, § 74, ՄԻԵԴ 1999-V): Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, դիմումատուն պետք է հնարավորություն ունենա ազատորեն օգտվելու իրավական պաշտպանության միջոցներից, որոնք պետք է հասանելի և բավարար լինեն ենթադրյալ խախտման համար փոխհատուցում ստանալու համար: Նման պաշտպանության միջոցների առկայությունը պետք է բավարար կերպով առկա լինի ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականում, հակառակ դեպքում, դրանք կկորցնեն հասանելիության և արդյունավետության անհրաժեշտ աստիժանը (այլ աղբյուրների թվում տես վերը նշված «Akdivar և մյուսներն ընդդեմ Թուրքիայի», § 66):
121. Դատարանը նաև հիշեցնում է, որ Դատարանի կանոնակարգի 55-րդ կանոնի համաձայն գործի ընդունելիության մասին պատասխանող Պայմանավորվող կողմի ցանկացած առարկութոյւն պետք է ներկայացվի բողոքի ընդունելիության մասին գրավոր կամ բանավոր փաստարկների ներքո (տես՝ «K. և T. ընդեմ Ֆինլանդիայի» [ՄՊ], գանգատ թիվ 25702/94, § 145, ՄԻԵԴ 2001-VII, և «N.C. ընդդեմ Իտալիայի» [ՄՊ], գանգատ թիվ 24952/94, § 44, ՄԻԵԴ 2002-X): Սակայն, որոշ բացառիկ հանգամանքների դեպքում Կառավարությանը կարող է թույլ տրվել նման առարկություն ներկայացնել ոչ միայն գործի ընդունելիության փուլում (տես՝ «Prokopovich ընդդեմ Ռուսաստանի», գանգատ թիվ 58255/00, § 29, ՄԻԵԴ 2004‑XI (քաղվածքներ), և վերը նշված «Sejdovic ընդդեմ Իտալիայի», § 41):
122. Դատարանն անհրաժեշտ չի համարում դիտարկելու այն հարցը, թե արդյոք Կառավարությունն դատական վարույթի այդ փուլում զրկված էր եղել նման առարկություն ներկայացնելու հնարավորությունից, քանի որ, բոլոր դեպքերում, Դատարանը գտնում է, որ այս պահին առաջարկվող իրավական պաշտպանության միջոցը չէր պատկանում այն միջոցների թվին, որոնք դիմումատուն պարտավոր էր սպառել: Դատարանը հիշեցնում է Պալատի եզրակացությունը, որը պատասխանող Կառավարությունը չի վիճարկում, առ այն, որ Մարդու իրավունքների պաշտպանին գանգատ հղելու հնարավորությունը, որն իր հերթին օրենքը կբողոքարկեր Սահմանադրական Դատարանում, իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չէր հանդիսանում, քանի որ դիմումատուն զրկված էր անմիջականորեն Սահմանադրական Դատարան գանգատ հղելու հնարավորությունից: Դատարանը Պալատի գնահատականի հետ չհամաձայնվելու հիմքեր չի գտնում: Կառավարության կողմից ներկա փուլում առաջարկվող իրավական պաշտպանության միջոցը նույնպես ուղղակիորեն դիմումատուին հասանելի չէր, քանի որ զրկված էր անմիջականորեն Սահմանադրական Դատարան գանգատ հղելու հնարավորությունից, այլ պետք է ապավիներ պրն. Filat-ի գանգատ հղելու հայեցողությանը: Հետևաբար սույն իրավական պաշտպանության միջոցը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի նպատակների համար արդյունավետ չէր:
123. Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ Սահմանադրակա Դատարանի կողմից օրենքի սահմանադրական լինելու մասին արտահայտված դիրքորոշումից հետո (տես սույն դատավճռի 54-54 կետերը) առաջարկվող պաշտպանության միջոցը սպառված էր: Նման հանգամանքներում Կառավարության առարկությունը մերժվում է:
C. Անհամատեղելիությունը` ratione materiae
1. Կողմերի փաստարկները
ա. Մոլդովայի կառավարությունը
124. Մեծ Պալատի առջև ներկայացրած փաստարկներում Կառավարությունն առաջին անգամ բարձրացրեց ratione materiae առարկություն, այն բանից հետո, երբ Պալատի դատավճռում հղումներ արվեցին Քաղաքացիության մասին Եվրոպական կոնվենցիայի վրա (ՔԵԿ): Կառավարության տեսակետից թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածով երաշխավորվող ընտրություններում թեկնածությունն առաջադրելու իրավունքի փոխարեն Պալատը հիմնվել էր բազմակի քաղաքացիություն ունենալու և քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքի վրա, որոնք Կոնվենցիայով երաշխավորված չեն: Կառավարությունը համաձայն չէր Պալատի հետ ՔԵԿ-ի վավերացման կամ չվավերացման հանգամանքի կարևորության հարցում: ԱՅն նշեց, որ Մոլդովան ուղղակի կարող էր հրաժարվել ՔԵԿ-ից կամ, ցանկության դեպքում կրկին վավերացնել այն, առանց 17-րդ հոդվածի:
125. Կառավարությունը խնդրեց, Դատարանին այդ առարկությունը դիտարկել, որպես գործի ՝ության հետ կապված խնդիրներին վերաբերող և անդրադառնալ դրան գործն ըստ էության քննելու ժամանակ:
126. Վկայակոչելով «Blečić v. Croatia» գործը ([ՄՊ], գանգատ թիվ 59532/00, §§ 63-69, ՄԻԵԴ 2006‑III), Կառավարությունը պնդում էր, որ նա չպետք է զրկվի այդ հարցը բարձրացնելու իրավունքից դատական վարույթի ընթացիկ փուլում, քանի որ այդ դեպքում առաջանում է Դատարանի իրավասության հարցը:
բ. Դիմումատուն
127. Դիմումատուն պնդում էր, որ, սկզբունքորեն, այդ առարկությունը նույնպես պետք է ներկայացվեր մինչ բողոքն ընդունելի համարելու մասին որոշման կայացումը և, այդ իսկ պատճառով, Կառավարությունը պետք է զրկվի այդ հարցը բարձրացնելու իրավունքից դատական վարույթի ընթացիկ փուլում: Սակայն, նա համաձայնվեց, որ մինչ որևէ գործ քննության առնելը, ինչպես նաև դատավարության յուրաքանչյուր փուլում Դատարանը պարտավոր է քննարկել իր իրավասության հարցը:
128. Դիմումատուն եկավ այն եզրակացության, որ Կառավարության կողմից ներկայացված բողոքը չի կարող դիտարկվել որպես նախնական առարկություն, քանի որ այն վերաբերում էր թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների մեկնաբանությանը: Նա Դատարանին առաջարկեց դիտարկել Կառավարության կողմից ներկայացված փաստարկները բողոքն ըստ էության քննելիս:
գ. Ռումինիայի կառավարությունը
129. Ռումինիայի կառավարությունը կրկնեց դիմումատուի կողմից ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասին պատասխանող Կառավարության առարկության դատավարական բացառկի վերաբերյալ իր փաստարկները, պնդելով, որ նույն հիմքերով դրանք կիրառելի են անհամատեղելիության` ratione materiae առարկության նկատմամբ: Ի տարբերություն «Demir և Baykara ընդդեմ Թուրքիայի» գործին ([ՄՊ], գանգատ թիվ 34503/97, 12 նոյեմբերի 2008թ.), պատասխանող Կառավարությունը հստակորեն նշել էր, որ իր առարկությունն արվել էր Պալատի կողմից կայացրած վճռին ի պատասխան և, որ այդ փաստարկն ըստ էության մինչ այդ չէր ներկայացվել: Թեև վերը նշված «Blečić ընդդեմ Խորվաթիայի» գործում Դատարանը բերել էր դատավարության ցանկացած փուլում ներկայացված անհամատեղելիության մասին առարկությունների օրինակներ, դրանք բոլորը տարբերվում էին սույն գործից: Հետևաբար, Ռումինիայի կառավարության կարծիքով, պատասխանող Կառավարությունը չէր կարող ներկա փուլում ներկայացնել նման առարկություն:
130. Սակայն, եթե Դատարանը որոշի բացառկ չկիրառել, Ռումինիայի կառավարությունը Դատարանին առաջարկեց ներկայացված առարկությունը քննել գործն ըստ էության քննելու հետ միաժամանակ և այն դիտարկել այդ համատեքստում: Նա պնդում էր, որ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների պաշտպանության հարցում Մոլդովայի վարվելագիծը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել միջազգային պայմանագրերի ներքո Մոլդովայի կողմից ստանձնած պարտավորությունները: Վկայակոչելով Դատարանի կայունացած նախադեպային իրավունքը Ռումինիայի կառավարությունը պնդում էր, որ Կոնվենցիան մեկուսության մեջ չի գտնվում և այն մեկնաբանելիս անհրաժեշտ է հաշվի առնել միջազգային իրավունքի այլ համապատասխան պայմանագրերը (տես, օրինակ՝ «Emonet և մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի», գանգատ թիվ 39051/03, § 65, ՄԻԵԴ 2007‑XIV, և «Al-Adsani ընդդեմ ՄԻացյալ Թագավորության» [ՄՊ], գանգատ թիվ 35763/97, § 55, ՄԻԵԴ 2001‑XI): Այդպիսով, Ռումինիայի կառավարությունն արտահայտեղ այն տեսակետը, որ թիվ 273 Օրենքով սահմանված սահմանափակումները վերլուծելիս Պալատն իրավացիորեն հարաբերակցել էր դրանք Եվրոպական մակարդակով Մոլդովայի գործող պայմանավորվածությունների հետ: Այդ հարցին անդրադառնալիս Ռումինիայի կառավարությունը նշեց, որ Մոլդովան վավերացրել էր ՔԵԿ-ն առանց որևէ վերապահումների և որ պետությունների կողմից ստորագրված միջազգային պայմանագերի բարեխիղճ կատարումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է:
2. Դատարանի գնահատականը
131. Դատարանը գտավ, որ Կառավարության առարկությունը ratione materiae նախորոք չէր ներկայացվել գործի ընդունելիության հարցի քննության փուլում և, հետևաբար, նոր առարկություն էր: Դատարանը սակայն նշում է որ անհամատեղելիության՝ ratione materiae առարկություն է, որը շոշափում է Դատարանի իրավասության հարցը և, այդ առնչությամբ, հիշեցնում է, որ դատավարության յուրաքանչյուր փուլում Դատարանը պարտավոր է քննարկել իր իրավասության հարցը: Ուստի, Դատարանը Կառավարությանը բացառկ չի ներկայացնում ներկա փուլում նման առարկության համար (տե՝ս, mutatis mutandis, վերը նշված «Blečić ընդդեմ խորվաթիայի», § 67):
132. Ինչպես և սույն գործի կողմերը, Դատարանը գտնում է, որ առարկությունը սերտորեն փոխկապակցված է դիմումատուի բողոքի էության հետ: Ուստի առարկությունը կքքնվի գործն ըստ էության քննելու հետ միաժամանակ:
Դ. Եզրակացություն
133. Բողոքը չի կարող մերժվել որպես անհամատեղելի՝ ratione materiae Կոնվենցիայի դրույթներին, ներպետական իրավական պաշտպանության միջոցների չսպառման կամ տուժողի կարգավիճակի բացակայության պատճառով: Դատարանը, ուստի, մերժում է պատասխանող Կառավարության նախնական առարկությունները, բացառությամբ անհամատեղելիության` ratione materiae առարկության, որը կքքնվի գործն ըստ էության քննելու հետ միաժամանակ:
II. ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
Ա. Պալատի եզրակացությունը
134. Պալատն ընդունեց, որ վիճարկվող օրենսդրական դրույթները հստակորեն ձևակերպված էին և հետապնդում էին խորհրդարանի պատգամավորների Մոլդովայի պետության հավատարմության ապահովման իրավաչափ նպատակը: Սակայն, Դատարանը գտավ, որ խորհրդարանի պատգամավորների պետության հավատարմության ապահովման համար Կառավարության կողմից կիրառված միջոցները անհամաչափ էին: Ուստի, տեղի էր ունեցել թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի խախտում:
135. Կիրառված միջոցի համաչափությունը գնահատելիս Դատարանը հաշվի էր առել Եվրոպայի խորհրդի այլ երկրների պրակտիկան, ինչպես նաև պատգամավորների հավատարմության ապահովման համար Կառավարության համար հասանելի այլ միջոցները, ինչպիսիք են նվիրվածության մասին երդում տալը: Այն նաև հաշվի առավ ՔԵԿ-ի պահանջները, ինչպես նաև ՌԱԵՀ-ի և Վենետիկի հանձնաժողովի մեկնաբանությունները նոր օրենքի վերաբերյալ: Նույնիսկ հաշվի առնելով Մոլդովայի ներքաղաքական զարգացման հատուկ համատեքստը, Պալատը հիմնավորված չէր համարում բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց խորհրդարանում տեղ զբաղեցնելու արգելքը, մասնավորապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման հեռահար ազդեցություն ունեցող սահմանափակումը կիրառվել էր համազգային ընտրություններից մի տարի առաջ կամ նույնիսկ ավելի ուշ:
Բ. Կողմերի փաստարկները
1. Մոլդովայի կառավարությունը
136. Կառավարությունը նախնական մեկնբանությունների տեսքով փորձեց պարզաբանել, որ թիվ 273 Օրենքով ընդամենը պահանջվում էր, որպեսզի անհատը հաստատեր, որ նախաձեռնել է որևէ այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը (տես սույն դատավճռի 79-րդ կետը): Ավելին, ինչպես նշվել էր վերևում (տես սույն դատավճռի 98-րդ կետը), Սահմանադրական Դատարանի կողմից պատգամավորի հանձնագիրը հաստատելուց հետո, չկար այն հետագայում չեղյալ համարելու որևէ մեխանիզմ, քանի որ օրենքով նման հնարավորություն նախատեսված չէր:
137. Կառավարությունը Պալատին ներկայացված փաստարկներում կրկնեց, որ միջամտությունն իրավաչափ էր և հետապնդում էր հավատարմության ապահովման, երկրի անկախության և գոյության պաշտպանության և պետության անվտանգության ապահովման օրինական նպատակները: Այն վկայակոչեց Սահմանադրական Դատարանի եզրակացությունը՝ օրենքի Մոլդովայի Սահմանադրությանը և միջազգային կոնվենցիաներին համապատասխանելու մասին (տես սույն դատավճռի 55-րդ կետը): Կառավարությունը չհամաձայնվեց Պալատի այն եզրակացության հետ, որ միջոցն անհամաչափ էր, պնդելով, որ Պալատը բավարար չափով հաշվի չի առել Մոլդովայի հատուկ պատմական հանգամանքների վերաբերյալ ներկայացված փաստարկները, որոնք իր կարծիքով հանգեցնում էին երկակի քաղաքացիություն ունեցող անձանց խորհրդարանի անդամ դառնալու իրավունքի սահմանափակման անհրաժեշտությանը: Կառավարությունը նշեց, որ 1999թ. երբ ՔԵԿ-ն վավերացվել էր, երկակի քաղաքացիություն ունեցող մոլդովացիների թիվը զգալի չէր, քանի որ այդ ժամանակ գործող օրենքով այն արգելված (տես՝ սույն դատավճռի 22-րդ կետը): Հետևաբար այն պահին 17-րդ հոդվածի նկատմամբ վերապահում ներկայացնելու անհրաժեշտություն չկար: Կառավարությունն այնուհետև բացատրեց, որ 1999թ. Մոլդովան ոչ թե պարլամենտական այլ կիսանախագահական հանրապետություն էր: Հետևաբար ներկայումս օրենսդրության դերը երկրում ավելի բարձր է քան այն ժամանակ: Թեև երկակի քաղաքացիություն ունեցող անձնաց խորհրդարանի պատգամավորությունից արգելող Եվրոպայի խորհրդի մյուս մասնակից պետություններից Ադրբեջանը, Լիտվան և Մալթան ՔԵԿ-ն չեն վավերացրել, իսկ Բուլղարիան այն վավերացրել է վերապահում ներկայացնելով 17-րդ հոդվածի վերաբերյալ, Մոլդովան կարող էր ուղղակի հրաժարվել այդ Կոնվենցիայից և այնուհետև, ցանկության դեպքում, կրկին վավերացնել առանց 17-րդ հոդվածի: Այդ դեպքում նա կհայտնվեր նույն դիրքում, ինչ որ Բուլղարիան:
138. Կառավարությունը նաև քննադատեց Պալատին՝ Մոլդովայի կողմից օրենքի նախագիծը համապատասխան միջազգային մարմինների փորձաքննությանը չներկայացնելու և ՌԱԵՀ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն անտեսելու փաստն արժևորելու համար (տես՝ սույն դատավճռի 40, 45 և 51 կետերը): Վկայակոչելով «Boicenco ընդդեմ Մոլդովայի» գործը (գանգատ թիվ 41088/05, 11 հուլիսի 2006թ.), Կառավարությունը նշեց, որ անցյալում Դատարանը խախտում էր արձանագրել նույնիսկ այն դեխպքում, երբ վիճարկվող օրենքը հանձնվել էր Եվրոպայի Խորհրդի փորձագետներին և փոփոխված տարբերակում ներառվել էին վերջիններիս խորհուրդները: Հակառակը, «Yumak և Sadak ընդդեմ Թուրքիայի»գործում ([ՄՊ], գանգատ թիվ 10226/03, 8 հուլիսի 2008թ.), Թուրքիայի կողմից Եվրոպայի խորհրդի փորձագետների խորհուրդների անտեսումը Դատարանին չէր ստիպել Կոնվենցիայի խախտում արձանագրել: Կառավարությունը նաև վիճարկեց Վենետիկի հանձնաժողովի զեկույցի կարևորությունը, հաշվի առնելով որ այն չէր հրապարակվել մինչ օրենքի ուժի մեջ մտնելը:
139. Ինչ վերաբերում է Պալատի կողմից առաջարկած հավատարմության ապահովման այլ ձևերին, Կառավարությունը գտնում էր, որ նվիրվածության երդումը բավարար չէ, քանի որ երկակի քաղաքացիություն ունեցող ցանկացած մոլդովացի նման երդում կարող է նաև տալ իր քաղաքացիության այլ պետությանը: Հետևաբար, երդումը կրում էր զուտ դեկլարատիվ բնույթ և հավատարմության ապահովման տեսանկյունից արդյունավետ չէր:
140. Ի վերջո, Կառավարությունը նշեց, որ 2009թ. ապրիլիյան ընտրություններում ընտրված 101 պատգամավորներից 21-ն ունեին երկրորդ քաղաքացիություն: Կառավարությունը գտնում էր, որ Մոլդովայի անկախության, անվտանգության և պետականության տեսանկյունից դա լուրջ անհանգստության տեղիք է տալիս:
141. Կառավարությունը Դատարանին հորդորեց հանգելու այն եզրակացության, որ ներկա գործում թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
2. Դիմումատուն
142. Դիմումատուն պնդում էր, որ թիվ 273 Օրենքով նախատեսված սահմանափակումները խախտում էին ազատ ընտրություններում թեկնածությունն առաջադրելու իր իրավունքը, որն ապահովում էր օրենսդրական մարմին ընտրելիս մարդկանց ազատ կամքի արտահայտությունը: Նա պնդում էր, որ խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար ռումինական քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց նախաձեռնելու պահանջը խախտում էր թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքներն այն աստիճանի, որ խարխլում էր դրանց բուն էությունը և զրկում դրանք արդյունավետությունից, քանի որ ընտրություններում հաղթելու դեպքում խորհրդարանում տեղ զբաղեցնելու իրավունքից զրկված լինելու դեպքում ընտրություններում թեկնածությունն առաջադրելու իրավունքը կորցնում էր իր իմաստը (վկայակոչվեց՝ «M ընդդեմ Միացյալ Թագավորութայն» (որոշում), գանգատ թիվ 10316/83, 7 մարտի 1984թ.):
143. Դիմումատուն կրկնեց իր բողոքն առ այն, որ թիվ 273 Օրենքը չէր բավարարում իրավաչափության պահանջներին, քանի որ չէր համապատասխանում Սահմանադրության և ՔԵԿ-ի դրույթներին, որը Մոլդովայի կողմից վավերացվել էր 1999թ. և արդյունքում դարձել էր երկրի ներպետական իրավական համակարգի անբաժանելի մասը (տես՝ սույն դատավճռի 71-73 կետերը):
144. Այնուհետև դիմումատուն հայտարարեց, որ թիվ 273 Օրենքը օրինական նպատակ չէր հետապնդում, քանի որ նոր օրենքի ընդունման իրական դրդապատճառը Մոլդովայի նկատմամբ հավատարմությունն ապահովելը չէր: Որպես օրինակ նա վկայակոչեց այն դեպքը, երբ տիկին Larisa Savga-ն, որն, ինչպես լավ հայտնի էր, նույնպես ուներ ռումինական քաղաքացիություն, ապրիլյան ընտրություններից հետո կրկին ընդգրկվեց կառավարության կազմում: Դիմումատուն նաև վկայակոչեց ոչ պաշտոնական մամուլի հաղորդումները, որ Մոլդովայի նախկին նախագահ պրն. Voronin-ը նախագահի պաշտոնում գտնվելու ժամանակ ուներ Ռուսաստանի քաղաքացիություն և Ռուսաստանում թոշակ էր ստանում: Հինվելով անկախ վերլուծողների եզրակացությունների վրա, դիմումատուն պնդում էր, որ երկակի քաղաքացիությունը Մոլդովայի քաղաքացիներին պակաս ազգասեր չի դարձնում:
145. Ի վերջո, դիմումատուն հայտարարեց, որ օրենքը անհամաչափ էր, նախատեսում էր կամայական մոտեցում և հակաժողովրդավարական էր: Նա պնդում էր, որ Կոնվենցիան պետք է մեկնաբանվի այնպես, որպեսզի այնտեղ սահմանված իրավունքները կրեն գործնական և արդյունավետ բնույթ: Հետևաբար այն պետք է դիտվի որպես մեկ ամբողջություն, որպեսզի ապահովվի տարբեր դրույթների միջև ներքին հետևողականությունը: Հաշվի պետք է առնվեն նաև միջազգային իրավունքի տարբեր կիրառելի կանոններն ու սկզբունքները: Եվրոպական պետությունների միջև այդ հարցերում ձեռք բերվող ցանկացած նոր փոխհամաձայնություն Դատարանի կողմից պետք է դիտվի որպես գործին առնչվող հանգամանք (տես՝ վերը նշված «Demir և Baykara ընդդեմ Թուրքիայի», §§ 66-85): Կիրառելով այդ սկզբունքները Դիմումատուն եզրակացրեց, որ թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի հիման վրա սահմանափակումների համաչափությունը գնահատելիս Դատարանը չպետք է անտեսի Կառավարության կողմից ՔԵԿ-ի ներքո ստանձնած պարտավորությունները: Նույնը վերաբերում է այլ միջազգային կազմակերպությունների առաջարկութնուներին և եզրակացություններին: Դմումատուն նաև նշեց այն փաստը, որ Մոլդովան Երվրոպայի խորհրդի մասնակից պետություններից միակն էր, որ թույլ էր տալիս բազմակի քաղաքացիությունը, սակայն արգելում էր բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց թեկնածու առաջադրվել համազգային ընտրություններում: Նա պնդում էր, որ դա վկայում է կառավարության մոտ միջազգային մոտեցումների ընդունման բացակայության մասին:
146. Դիմումատու նաև նշեց, որ Կառավարության կողմից հետևողական չէր խորհրդարանի պատագամավոր լինելու րավունքը սահմանափակել միայն մոլդովական քաղաքացիւթյուն ունեցող անձանց համար, հաշվի առնելով կառավարության նախկին քաղաքականությունը, որով Մոլդովայի քաղաքացիները խրախուսվում էին այլ քաղաքացիություններ ձեռք բերել: Կառավարույունը ճանաչել էր, որ մոլվովացիների մի ստվար քանակ երկրորդ քաղաքացիությունը ձեռք է բերել սոցիալական և տնտեսական պատճառներով (տես՝ սույն դատավճռի 39-րդ կետը), մի փաստ, որը դիմումատուի կարծիքով նույնիսկ ավելի անհետևողական էրն դարձնում ներկայումս վարվող քաղաքականությունը: Դիմումատուն Դատարանի ուշադրությունը գրավեց այն փաստի վրա, որ Կառավարությունը չէր բերել երկակի քաղաքացիություն ունեցող անձանց կողմից Մոլդովայի անվտանգությանը կամ անկախությանը վտանգելու մասին որևէ վկայություն: Դիմումատուի կարծիքով պետական դավաճանության համար քրեական պատժի առկայությունը բավարար էր հավատարմության խախտումը կանխարգելելու համար: Բոլոր դեպքերում, գաղտնի տեղեկատվության հասանելիությունը պայմանավորված էր երկրի անվտանգության նկատառումներով և այն կարող էր տրամադրվել միայն հատուկ ծառայությունների բծախնդիր ուսումնասիրությունից հետո:
147. Ի վերջո, դիմումատուն քննադատեց 2009թ. ապրիլի 5-ի ընտրություններից մեկ տարուց ավելի շուտ նոր օրենքն ընդունելու փաստը: Նա պնդում էր, որ օրենքի համաչափությունը պետք է գնահատել Մոլդովայում իրականացվող ընտրական բարեփոխման ընդհանուր համատեքստում, այդ թվում՝ խորհրդարան ընտրվելու համար ընտրաշեմը 4-ից 6 տոկոս բարձրացնելու և ընտրական դաշինքներն արգելելու լույսի ներքո (տես՝ սույն դատավճռի 37-րդ կետը): 2009թ. ապրիլի 5-ի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ նոր օրենքը հիմնականում վատ հետևանքներ էր ունեցել ընդիմության համար, քանի որ ընդդիմության 41 ներկայացուցիչներից 21-ը հայտնվել էին դրա կարգավորման շրջանակում (տես՝ սույն դատավճռի 59-րդ կետը). Տկն. Savga-ի օրինակը (տես՝ սույն դատավճռի 144-րդ կետը) վկայում էր նոր օրենքի կամայական կիրառման մասին: Դիմումատուի պնդմամբ, դատավճիռը կայացնելիս Դատարանը հաշվի պետք է առներ, թե արդյոք ընտրությունների գործընթացը կարգավորող կանոնները թույլ էին տվել բացառել երկրի քաղաքական կյանքում մարդկանց մի խմբի մասնակցությունը, արդյոք հատուկ ընտրական համակարգով ստեղծված անհամաչափությունները կարող էին կամայական և արարդարացի համարվել և արդյոք համակարգը ձգտում էր ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել մեկ քաղաքական կուսակցության համար մյուսների համեմատ (վկայակոչվեցին, մասնավորապես, «Aziz ընդդեմ Կիպրոսի», գանգատ թիվ 69949/01, § 28, ՄԻԵԴ 2004‑V, և վերը նշված «Yumak և Sadak ընդդեմ Թուրքիայի», § 121): Դիմումատուն հայտարարեց, որ օրենսդրական բարեփոխմամբ հետապնդվող իրական նպատակը ընդդիմադիր կուսակցության հեռանկարների նվազեցումն, ուստի թիվ 273 Օրենքը կամայական և անրադարացի բնույթ էր կրում:
3. Ռումինիայի կառավարությունը
148. Ռումինիայի կառավարությունը պնդում էր, որ թիվ 273 Օրենքն օրինական չէր: Իրենց կարծիքով կիրառման տեսանկյունից այն կանխատեսելի չէր, քանի որ միատեսակ չէր կիրառվում և նրա դրույթներին կարող էին տարբեր մեկնաբանություններ տրվել:
149. Նրանք նաև նշեցին, որ տարբեր Մասնակից պետությունների կիրառելի օրենսդրության վերլուծության արդյունքում վերհանվել է նվազագույն պահանջներ պարունակող եվրոպական չափորոշիչ, որը խորհրդարանի անդամ ընտրվելու համար չի նախատեսում բաձարձակապես մեկ երկրի քաղաքացիություն ունենալու պայման: Ի տարբերություն երկակի քաղաքացիություն ունեցող անձանց խորհրդարան ընտրվելն արգելող Եվրոպայի խորհրդի մասնակից այլ պետությունների, Մոլդովան որոշել էր ստանձնել ՔԵԿ-ով սահմանված բոլոչ պարտավորությունները: Այն փաստը, որ Մոկդովան որոշել էր փոխել իր դիրքը երկրորդ քաղաքացիություն ձեռք բերելու հնարավորության հարցում, նրան չէր ազատում ՔԵԿ-ի ներքո ստանձնված պարտավորությունների կատարումից: Ռումինիայի կառավարությունն ընդգծեց, որ Մոլդովայի Սահմանադրության 4-րդ հոդվածում սահմանված է, որ այն դեպքում եթե տարաձայնություն առաջանա Մոլդովայի կողմից վավերացված մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիաների և ներպետական օրենսդրության միջև, ապա գերակշռությունը տրվում է միջազգային պայմանագրերին (տես՝ սույն դատավճռի 71-րդ կետը). Բացի այդ, համաձայն Մոլդովայի Հանրապետության «Քաղաքացիության մասին» օրենքի 25-րդ հոդվածի Մոլդովայի քաղաքացիությունից բացի այլ երկրի քաղաքացիություն ունեցող Մոլդովայի քաղաքացիներն օգտվում են նույն իրավունքներից և կրում են նույն պարտականությունները, ինչ որ Մոլդովայի բոլոր մյուս քաղաքացիները (տես՝ սույն դատավճռի 75-րդ կետը):
150 Ռումինիայի կառավարությունը նաև նշեց, որ Մոլդովայի կողմից անկախություն ձեռք բերելուց շուրջ տասնյոթ տարի անց պատասխանող կառավարությունը հայտարարում է անկախությանը սպառնացող վտանգի մասին առանց որևէ ապացույց ներկայացնելու: Նա ընդգծեց, որ երկակի քաղաքացիության և պետության անկախությանը սպառնացող ենթադրյալ վտանգի միջև որևէ կապ չի հայտնաբերվել և, որպես օրինակ չի նշվել որևէ դեպք, երբ երկակի քաղաքացիություն ունեցող անձը կատարեր երկրի ազգային անվտանգությունը քայքայող գործողություններ:
151. Ռումինիայի կառավարությունը նաև պնդում էր, որ օրենքը իրավաչափ նպատակ չէր հետապնդում: Նա չէր վիճարկում, որ պետության անկախության և ազգային անվտանգության պաշտպանությունը կարող է իրավաչափ նպատակ լինել, որը պետք է գնահատվի սույն գործի կողմ հանդիսացող պետության պատմական և քաղաքական համատեքստում: Սակայն Ռումինիայի կառավարությունը համաձայն չէր պատասխանող Կառավարության այն պնդման հետ, որ Մոլդովայի պատմաքաղաքական իրողությունն իրավաչափ էր դարձնում այդ նպատակը սույն գործի հանգամանքներում: Ռումինիայի կառավարությունը Դատարանի ուշադրությունը գրավեց այն փաստի վրա, որ 1991-2000 թվականների ընթացքում Մոլդովայում ընդունված մի շարք օրենքներում որևէ պետական պաշտոն զբաղեցնելու համար մեկ քաղաքացիություն ունենալու նախապայման չէր դրվում: Նման մեկ օրինակ էր նախագահական ընտրությունները կարգավորող 1991թ. սեպտեմբերի 18-ի թիվ 720 Օրենքը: Ռումինիայի կառավարությունը, վկայակոչելով «Ždanoka ընդդեմ Լատվիայի» ([ՄՊ], (գանգատ թիվ 58278/00, § 135, ՄԻԵԴ 2006‑IV) և «Ādamsons ընդդեմ Լատվիայի» (գանգատ թիվ 3669/03, § 123, 24 հունիսի 2008թ.) գործերը, պնդում էր, որ եթե նույնիսկ մեկ քաղաքացիության սկզբունքը կարող էր հիմքեր ունենալ Մոլդովային անկախության վաղ տարիներին, սակայն տարիներ անց և ժողովրդավարության ամրապնդվելուց հետո այն այլևս չէր կարող արդարացված համարվել: Ուստի դժվար էր հասկանալ Մոլդովայի մոտեցումը, որը երեք գումարման խորհրդարաններում թույլ էր տալիս բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց պատգամավոր դառնալ, սակայն ներկայումս, շուրջ տասնյոթ տարի անց, գտել էր, որ մեկ այլ քաղաքացիություն ունենալը լուրջ վտանգ կարող է հանդիսանալ Մոլդովայի համար և երկակի քաղաքականությունը պետական դավաճանության հետ էր կապում: Ռումինիայի կառավարությունը արտահայտեց այն տեսակետը, որ պետության հանդեպ հավատարմության ապահովումը պետք է իրականացվի ազգային շահերին վնաս հասցնող վարվելակերպի համար պատասխանատվության միջոցների սահմանման, այլ որ թե բազմակի քաղաքացիության անձանց որոնց պետական գործառույթներ իրականացնելու հնարավորությունը սահմանափակելու միջոցով:
152. Ինչ վերաբերում է համաչափությանը, Ռումինիայի կառավարությունը կրկին ընդգծեց նվազագույն եվրոպական չափորոշչի առկայությունը, որով խորհրդարան ընտրվելու համար մեք քաղաքացիություն ունենալու նախապայման չէր նախատեսվում: Բացի այդ, ՌԱԵՀ-ի և Վենետիկի հանձնաժողովի զեկույցները (տես՝ սույն դատավճռի 45-51 կետերը), որոնց, ինչպես վկայում էր «Shtukaturov ընդդեմ Ռուսաստանի» գործը (գանգատ թիվ 44009/05, § 95, 27 մարտի 2008թ.), Դատարանի վճիռներում կարևոր տեղ էր հատկացվել, հաստատում էին այն եզրակացությունը, որ ընտրության հարցերում գոյություն ունի համաեվրոպական չափորոշիչ: Այդ զեկույցները կարևորվում էին անկախ իրավաբանների կողմից արտահայտված կարծիքների ընդհանուր արժևորության տեսանկյունից, և հատկապես այն մեծ կարևորության պատճառով, որը դրանց տրվում էր Դատարանի և Եվրոպայի խորհրդի այլ մարմինների կողմից:
153. Վերջում Ռումինիայի կառավարությունը արտահայտեց այն կարծիքը, որ Մոլդովան գերազանցել էր իր հայեցողության շրջանակը: Այդ տեսանկյունից բավարար չէր, որ դիմումատուին թույլ էր տվել առաջադրել իր թեկնածությունը: Որպեսզի իրավունքն արդյունավետ լինի նա պետք է հնարավորություն ունենար խորհրդարանում զբաղեցնելու իր տեղը (վկայակոչվեց վերը նշված «M. ընդդեմ Միացյալ Թագավորության» գործը): Թիվ 273 օրենքի ընդունումը ոտնահարում էր թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների հիմքերը, դրանք դարնելով տեսական և ձևական բնույթ հաղորդելով դրանց: Եզրակացնելով Ռումինիայի կառավարությունը հորդորեց, որպեսզի Դատարանը հաստատի Պալատի կողմից արձանագրված Կոնվենցիայի սույն հոդվածի խախտումը:
Գ. Դատարանի գնահատականը
1. Ընդհանուր սկզբունքները
154. Դատարանը վերստին ընդգծեց թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի կարևորությունը արդյունավետ ժողովրդավարության համար և դրանից բխող իր առանցքային կարևորությունը Կոնվենցիայի համակարգում: Վերը նշված «Yumak և Sadak ընդդեմ Թուրքիայի» գործով Եվրոպական դատարանի դատավճռի 105-րդ կետում այն կրկին անգամ նշել էր, որ 3-ով երաշխավորված իրավունքները վճռորոշ են օրենքի գերակայության պայմաններում արդյունավետ և իմաստալից ժողովրդավարության հաստատման համար: Դատարանը «Mathieu-Mohin և Clerfayt ընդդեմ Բելգիայի» (2 մարտի 1987թ., § 47, Series A, գանգատ թիվ 113), և «Lingens ընդդեմ Բելգիայի», (8 հուլիսի 1986թ., §§ 41 and 42, Series A, գանգատ թիվ 103) գործերով կայացրած դատավճռերում նշել էր, որ ազատ ընտրություններն ու արտահայտվելու ազատությունը, մասնավորապես՝ քաղաքական բանավեճի ազատությունը հանդիսանում էին ժողովրդավարության հենքը:
155. Դատարանն իր նախադեպային իրավունքում թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի ընտրելու իրավունքին վերաբերող ակտիվ կողմն առանձնացնում է ընտրություններում որպես թեկնածու հանդես գալու պասիվ կողմից (տես՝ վերը նշված Ždanoka ընդդեմ Լատվիայի, §§ 105 և 106): Ներկա գործը սկզբունքորեն վերաբերում է երկրորդ կողմին: Սակայն, ինչպես նշվել էր վերևում (տես՝ սույն դատավճռի 108-րդ կետը), բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց պատգամավոր լինելու արգելքն իր հերթին կարող է երկրորդական ազդեցություն ունենալ Մոլդովայի ընտրազանգվածի ընտրելու իրավունքի իրականացման ձևի վրա:
156. Ինչ վերաբերում է թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի պասիվ կողմին, Դատարանն ընդգծեց ընթրություններում առաջադրվելու չափանիշների սահմանման հարցում պետությունների հայեցողության լայն շրջանակը: Վերը նշված «Ždanoka ընդդեմ Լատվիայի» գործով դատավճռի 106-րդ կետում Դատարանը բացատրել էր, որ.
«թեև ընտրված ներկայացուցիչների անկախության և քվեարկողների ընտրության ազատության ապահովման տեսանկյունից [չափանիշների] արմատներն ընդհանուր են, յուրաքանչյուր պետությանը բնորոշ պատմական և քաղաքական գործոններից կախված այդ չափանիշները կարող են տարբերվել: Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սահմանադրություններում և ընտրական օրենսդրություններում նախատեսված տարատեսակ իրավիճակները ցույց են տալիս այդ բնագավառում ներկայումս կիրառվող մոտեցումների բազմազանությունը: Հետևաբար, 3-րդ հոդվածի կիրառման նպատակների համար յուրաքանչյուր ընտրական օրենսդրություն պետք է գնահատվի համապատասխան երկրի քաղաքական զարգացման լույսի ներքո»:
157. Նմանապես «Podkolzina ընդդեմ Լատվիայի» (գանգատ թիվ 46726/99, § 33, ՄԻԵԴ 2002‑II) գործով դատավճռում Դատարանը նշել էր, որ 3-րդ հոդվածի կիրառման նպատակների համար ցանկացած ընտրական օրենսդրություն պետք է գնահատվի համապատասխան երկրի քաղաքական զարգացման լույսի ներքո, որպեսզի մեկ համակարգի համատեքստում անընդունելի հանդիսացող հատկանիշներն արդարացված համարվեն մեկ այլ համակարգի համատեքստում: Սակայն այն նշել էր, որ պետության հայեցողության շրջանակն այդ առումով սահմանափակվում է թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածով երաշխավորված «օրենսդիր մարմնի ընտրության ժամանակ մարդկանց կամքի ազատ արտահայտման» հիմնարար սկզբունքով՝ (տես՝ նաև վերը նշված «Mathieu-Mohin և Clerfayt ընդդեմ Բելգիայի», § 47, և «Melnychenko ընդդեմ Ուկրաինայի», գանգատ թիվ 17707/02, § 55, ՄԻԵԴ 2004‑X):
158. Պետությունների հայեցողության շրջանակի սահմանափակումները գնահատելիս Դատարանը վերը նշված «Aziz ընդդեմ Կիպրոսի» գործով դատավճռի 28-րդ կետում նշել էր.
«Թեև ... խորհրդանական ընտրությունների և խորհրդարանի կազմի սահմանադրական կառավարման կանոնների տեսանկյունից պետություններն օգտվում են հայեցողության զգալի շրջանակից և ... յուրաքանչյուր պետությանը բնորոշ պատմական և քաղաքական գործոններից կախված համապատասխան չափանիշները կարող են տարբերվել, այդ կանոնները չպետք է լինեն այնպիսին, որ բացառեն որոշ մարդկանց կամ մարդկանց խմբերի մասնակցությունը երկրի քաղաքական կյանում և, մասնավորապես, օրենսդիր մարմնի ընտրությունում՝ իրավունք, որն երաշխավորված է ինչպես Կոնվենցիայով, այնպես էլ բոլոր Պայմանավորվող պետությունների Սահմանադրություններով»:
159. Կիրառելով այդ սկզբունքները վերը նշված «Ždanoka ընդդեմ Լատվիայի» Դատարանն իր վճռի 119-135 կետերում հիմնավորել էր, որ պատմական դեպքերի հիման վրա կատարված եզրակացությունները կարող են արդարացնել ժողովրդական գործընթացների միասնականացման ապահովմանը միտված իրավունքների սահմանափակումները՝ նորաստեղծ ժողովրդական վարչակարգի տապալման փորձերում ակտիվ մասնակցություն ունեցած անձանց բացառման միջոցով: Սակայն, Դատարանի կարծիքով նման սահմանափակումներն անընդունելի կարող են լինել այն դեպքում, եթե դրանք դեռևս շարունակվում են կիրառվել երկար տարիներ անց, մինչև այն պահը, երբ դրանց կիրառման արդարացումը և սպառնալիքները, որոնցից կարելի է խուսափել, այլևս գոյություն չունեն: Համապատասխանաբար, վերը նշված «Ādamsons ընդդեմ Լատվիայի» գործով դատավճռի 123-128 կետերում Դատարանն ընդգծել էր, որ ժամանակի ընթացքում ընտրական իրավունքների սահմանափակումներն արդարացնելն ավելի է դժվարանում: Փոխարենը, միջոցառումները պետք է կրեն «անհատականացված» բնույթ, որպեսզի հնարավոր լինի վերացնել բացահայտված անհատից բխող վտանգը:
160. «Hirst ընդդեմ Միացյալ Թագավորության» ([ՄՊ], գանգատ թիվ 74025/01, § 62, ՄԻԵԴ 2005‑IX), 2-րդ գործով դատավճռում Դատարանն արտահայտել էր ավելի ընդհանուր դիրքորոշում, ըստ որի թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածով երաշխավորված օրենքների նկատմամբ որևէ պայմանների առաջադրումը պետք է արտացոլի կամ չհակասի համընդհանուր ընտրական իրավունքի հիման վրա ժողովրդի կամքը պարզելուն միտված ընտրական ընթացակարգի անաչառությունն ու արդյունավետությունը պահպանելու նպատակին:
161. Վերջապես, չնայած այդ հարցում պետությունների հայեցողության լայն շրջանակին, Դատարանը բազմիցս նշել էր, որ թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի պահանջների պահպանման մասին վերջնական որոշում կայացնելու իրավասությունն իրենն է: Նման որոշում կայացնելու համար Դատարանը պետք է համոզվի, որ սահմանափակումներն չեն հանգեցնում իրավունքների բուն իմաստի և արդյունավետության կորստին, հետապնդում են իրավաչափ նպատակ և կիրառվող միջոցներն անհամաչափ չեն (տես օիրնակ՝ վերը նշված «Hirst ընդդեմ Միացյալ Թագավորության», § 62, և «Yumak և Sadak ընդդեմ Թուրքիայի», § 109):
2. Ընդհանուր սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ
162. Դատարանը հիշեցնում է, որ հայտարարել է, որ դիմումատուն թիվ 273 Օրենքի իմաստով կարող է համարվել տուժող (տես սույն դատավճռի 111-րդ կետը): Նա նաև նշում է, որ ինչպես 2009թ. ապրիլի, այնպես էլ հուլիսի ընտրություններում դիմումատուն ընտրվել էր խորհրդարանի պատգամավոր (տես՝ սույն դատավճռի 59 և 66-րդ կետերը): Սահմանադրական Դատարանի կողմից իր հանձնագիրը հաստատելու համար դիմումատուին պարտադրել էին նախաձեռնել ռումինական քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը (տես՝ սույն դատավճռի 60, 61 և 66-րդ կետերը): Հետևաբար, Դատարանը գտնում է, որ տեղի ունեցել միջամտություն թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածով երաշխավորված դիմումատուի իրավունքներին: Եթե նման միջամտությունը չբավարարի օրինականության. Իրավաչափ նպատակի հետապնդման և համարչափության սկզբունքներին, ապա այն խախտում կհանդիսանա:
ա. Օրինականություն
163. Դատարանը նկատում է, որ բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց խորհրդարանի պատգամավոր դառնալու արգելքը Օրենքում սահմանված է բավականին հստակ ձևակերպմամբ: Ընդունվելուց հետո Օրնեքը հրապարակվել էր պետական տեղեկագրում: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ վիճարկվող օրենքը բավարարում է կանխատեսելիության սկզբունքին: Թեև, ըստ ամենայնի, Օրենքի 17-րդ հոդվածի և Մոլդովայի Սահմանադրությանը համապատասխան ներպետական օրեսնդրական դաշտի մասը կազմող և իր դրույթներով ներպետական օրենսդրության դրույթները գերակշռող ՔԵԿ-ի միջև առկա է անհամապատասխանություն (տես՝ սույն դատավճռի 71-73 կետերը), Դատարանը անհրաժեշտ չի համարում անդրադառնալոը իրավական նորմերի միջև հակասության հարցին: Սակայն, ընտրված միջոցի համաչափությունը ստորև ուսումնասիրելս Դատարանն ավելի մեծ բծախնդրությամբ կանդրադառնա ՔԵԿ-ի ազդեցությանը:
բ. Իրավաչափ նպատակ
164. Ի տարբերություն Կոնվենցիայի 8, 9, 10 և 11 հոդվածներին, թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածը ինքնին չի սահմանում այն նպատակները, որոնք կարող են իրավաչափ համարվել այդ հոդվածի նպատակների համար: Կառավարությունը, թիվ 273 Օրենքով նախատեսված սահմանափակումն արդարացնելիս ներկայացնում է մի քանի նման նպատակներ, որոնք են հավատարմության ապահովումը, անկախության պաշտպանությունը, և պետականության պահպանումը: Եվրոպական Դատարանն ի գիտություն է առել Սահմանադրական Դատարանի կողմից արտահայտված այն դիրքորոշումը, որ արգելքը հետապնդել էր խորհրդարանի պատգամավորների պետության հավատարմության ապահովման խնդիրը և դրա հիման վրա կատարված այն եզրահանգումը, որ խորհրդարանի անդամներին երկակի քաղաքացիությունից չզրկելը կհակասեր պատգամավորական անձնագրի անկախության, երկրի ինքնուրույնության և տեղեկատվության գաղտնիության պահպանման սահմանադրական սկզբունքներին (տես՝ սույն դատավճռի 56-րդ կետը): Արդարադատության փոխնախարարը, պարզաբանելով առաջարկված օրենքի նպատակը, նշել էր, որ կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ այն դեպքերում, երբ երկրորդ քաղաքացիությունն ունենալու արդյունքում Մոլդովայի քաղաքացիները քաղաքական և իրավական պարտավորություններ կունենան այլ պետության նկատմամբ (տես՝ սույն դատավճռի 39-րդ կետը):
165. Ինչ վերաբերում է հավատարմություն ապահովելու նպատակին՝ գաղափար, որին սույն դատավարության շրջանակում անդրադարձել էին բոլոր կողմերը, (տես՝ սույն դատավճռի 137, 144 և 151-րդ կետերը), Դատարանը նկատում է, որ «հավատարմությունը», այն իմաստով, որով այն կիրառել էին կողմերը սահմանափակումը հիմնավորելու համար, միանշանակ սահմանված չէ և կողմերը դրա բովանդակության մասին որևէ բացատրություն չէին ներկայացրել: Սակայն, կողմերն ըստ ամենայնի, համաձայն էին, որ այդ համատեքստում հավատարմությունը կապվում է պետության գոյության և անկախության, ինչպես նաև ազգային անվտանգության հետ: Իր հերթին հպատակագրվելիս և Մոլդովայի քաղաքացիությունը վերականգնելիս Մոլդովայի քաղաքացիների կողմից տրվող նվիրվածության երդման մեջ նշվում է երկրի Սահմանադրությունը և օրենքները հարգելու և պետության շահերին ու տարածքային ամբողջականությանը վնաս պատճառող գործողություններին ձեռնպահ մնալու անհրաժեշտությունը (տես՝ սույն դատավճռի 76-րդ կետը):
166. Դատարանն, իր կողմից ի սկզբանե տարանջատում է պետության և կառավարության հանդեպ հավատարմությունը: Մինչդեռ պետության հանդեպ հավատարմության ապահովման կարիքը միանշանակ կարող է իրավաչափ նպատակ հանդիսանալ, որն արդարացնում է ընտրական իրավունքների սահմանակումը, նույնը չի վերաբերում կառավարության հանդեպ հավատարմությունը: Օրենքի գերակայությանն ու հիմնարար իրավունքներին ու ազատություններին նվիրված ժողովրդավարական պետությունում ակնհայտ է, որ խորհրդարանի պատգամավորների և հատկապես ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչների բուն դերը կայանում է ընտրազանգվածին ներկայացնելը՝ ապահովելով երկրի կառավարության հաշվետու լինելը և նրա կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ վերահսկողությունը: Ավելին, միմյանց հետ չհամընկնող և երբեմն նույնիսկ տրամագծորեն հակառակ նպատակների հետապնդումը ոչ միայն ընդունելի է, այլ անհրաժեշտ է բազմակարծության առաջխաղացման և ընտրողներին իրենց քաղաքական տեսակետներն արտահայտելու հնարավորություն տալու համար: Ինչպես Դատարանը նախկինում նշել էր, կարծիքների պաշտպանությունը և դրանք արտահայտելու ազատությունը Կոնվենցիայով, մասնավորապես 10-րդ և 11-րդ հոդվածներով երաշխավորված ազատությունների նպատակներից մեկն է: Այդ սկզբունքն էլ ավելի կարևոր է խորհրդարանի անդամների համար, հաշվի առնելով նրանց կարևոր դերը բազմակարծության և պատշաճ ժողովրդավարության ապահովման հարցում (քաղաքական կուսակցությունների ազատ արտահայտվելու ընդհանուր իրավունքի մասին տես՝ «Refah Partisi և մյուսներն ընդդեմ Թուրքիայի» [ՄՊ], թիվ 41340/98, 41342/98, 41343/98 և 41344/98 գանգատները, § 88, ՄԻԵԴ 2003‑II):
167. Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի հավատարմություն է պահանջվում խորհրդարանի պատգամավորներից պետության նկատմամբ, Դատարանը գտնում է, որ նման հավատարմությունը սկղբունքորեն նշանակում է հարգանք երկրի Սահմանադրության, օրենքների, պետականության ինստիտուտների, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ: Սակայն այդ համատեքստում հարգանքի գաղափարը պետք է սահմանափակվի այն պահանջով, որ նշված ոլորտներում որևէ փոփոխություն իրականացնելու ցանկությունը չի կարող գերազանցել պետության օրենսդրությամբ նախատեսված սահմանները: Ցանկացած այլ մոտեցում թույլ չի տա պատգամավորներին, հատկապես փոքրամասնությունների ներկայացուցիչներին, խորհրդարանում ներկայացնելու իրենց ընտրողների տեսակետները: Դատարանը նախկինում ընդգծել էր, որ որևէ արդարացում չի կարող լինել քաղաքական խմբակցության առջև արգելքներ ստեղծելուն սոսկ այն պատճառով, որ այն ձգտում է բարձրաձայնել պետության բնակչության մի մասի խնդիրները և մասնակցել ազգի քաղաքական կյանքում, որպեսզի գտնի ժողովրդավարության կանոններին համապատասխանող լուծումներ, որոնք կբավարարեն հարցում ներգրավված բոլոր կողմերին: Ներկա դեպքում, նմանապես, այն փաստը, որ երկակի քաղաքացիություն ունեցող Մոլդովայի խորհրդարանի պատգամավորը կարող է ցանկանալ իրականացնելու քաղաքական ծրագիր, որը ոմանք կարող են անհամատեղելի համարել Մոլդովայի պետության գործող սկզբունքների և կառույցենրի հետ, այն ժողովրդավարության կանոնների հետ անհամատեղելի չի դարձնում: ժողովրդավարության հիմնարար սկզբունքն այն է, որ թույլ պետք է տրվի առաջարկել և քննարկել տարատեսակ քաղաքական ծրագրեր, նույնիսկ եթե դրանք կասկածի տակ են դնում այն ձևը, որով պետությունն այդ պահին կազմակերպված է, այն պայմանով, որ այդ ծրագրերն իրենք չեն վնասի ժողովրդավարությանը (տես «Սոցիալիստական կուսակցությունը և մյուսներն ընդդեմ Թուրքիայի», 25 մայիսի 1998թ., §§ 45 և 47, Reports 1998‑III, և «Manole և մյուսներն ընդդեմ Մոլդովայի», գանգատ թիվ 13936/02, § 95, ՄԻԵԴ 2009‑...):
168. Մտապահելով այդ ամենը, Դատարանն անցնում է դիտարկմանը թե արդյոք ներկա գործում կիրառված միջոցը իսկապես հետապնդել է պետության նկատմամբ հավատարմության ապահովման նպատակը, որի մասին պնդում է Կառավարությունը: Այդ կապակցությամբ Դատարանը նկատում է, որ թիվ 273 Օրենքը ընտրական բարեփոխումների փաթեթի երրորդ բաղադրիչն էր, որի մյուս միջոցառումներն էին ընտրաշեմի բարձրացումն ու ընտրական դաշինքների արգելումը (տես՝ սույն դատավճռի 37-րդ կետը): Բոլոր առաջարկված միջոցառումների բացասական հետևանքներ ունեցան ընդդիմության համար, որը նախկինում դժվարությունների էր հանդիպում Խորհրդարան անցնելու ընտրաշեմը հաղթահարելու համար անհրաժեշտ քանակի ձայներ հավաքելու հարցում և կարողանում էր դրան հասնել միայն ընտրական դաշինքներում միանալու շնորհիվ (տես՝ սույն դատավճռի 31-39 կետերը): 2009թ. ապրիլի ընտրության արդյունքները, որտեղ ընտրված 101 պատգամավորներից 21 կրեցին նոր օրենքի բացասական ազդեցությունը, ընդ որում բոլոր 21-ն էլ ընդդիմադիր պատգամավորներ էին (տես՝ սույն դատավճռի 59-րդ կետը), արտացոլեցին նոր օրենքի անհամաչափ ազդեցությունը: Դիմումատուն պնդում էր, որ օրենքի շրջանակից դուրս են մնում Մերձդնեստրի բնակիչները, որոնց զգալի մասն ունի Ռուսաստանի քաղաքացիություն, ինչն էլ ավելի մեծ մտահոգություն է առաջացնում նրա իրական նպատակի մասին (սակայն, այդ առումով սույն դատավճռի 187-րդ կետում նշվում է բացառության հարցի շուրջ տիրող անորոշությունը): Վերջապես, Դատարանը կարևոր է համարում, որ փոփոխությունները կատարվել էին այն պահին, երբ խորհրդարանական ընտրություններին մեկ տարուց քիչ ժամանակ էր մնացել (տես՝ սույն դատավճռի 44-րդ կետը): 2009թ. ապրիլյան ընտրություններից հետո ընտրական օրենսդրությունում կատարվեց նոր փոփոխություն, որը կրկին քննադատվեց ընդդիմադիր կուսակցությունների կողմից այն բանի համար, որ նպատակ էր հետապնդում ամրապնդելու իշխող կուսակցության և նրա դաշնակիցների դիրքերը (տես՝ սույն դատավճռի 63-րդ կետը): Այդ կապակցությամբ Դատարանը վկայակոչում է Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրքը», որտեղ զգուշացվում է ընտրական օրենսգրքի հաճախ փոփոխության կամ ընտրություններից անմիջապես առաջ փոփոխությունների կատարման վտանգի մասին, որոնք կարող են ընկալվել, ճիշտ կամ սխալ, իշխող կուսակցության կողմից օգտին ընտրական օրենքի հետ մանիպուլյացիներ անելու փորձ (տես՝ սույն դատավճռի 86-րդ կետը): Կարևոր է նաև, որ Պարտավորությունների կատարման հանձնաժողով և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական հանձնաժողովը մտահոգություն էին արտահայտել ընտրական օրենսդրության փոփոխության կապակցությամբ, որն իրենց կարծիքով սահմանափակել էր քաղաքական ուժերի հնարավորություններն արդյունավետ մասնակցելու քաղաքական գործընթացենրում և հետևաբար բացասական հետևանքներ ունեցել բազմակարծության համար (տես՝ սույն դատավճռի 47 և 49-50 կետերը):
169. Այն դեպքերում, երբ իշխանությունները ընտրելու կամ ընտրություններում առաջադրվելու իրավունքում զգալի սահմանափակումներ են կատարում, մասնավորապես, եթե նման փոփոխությունները գործադրվում են երբ ընտրություններին քիչ ժամանակ է մնում, կառավարությունը պարտավոր է բավարար ապացույցներ ներկայացնելու Դատարանին, որպեսզի հիմնավորի իր դիրքորոշումը վիճարկվող միջոցառման նպատակների մասին: Իրականացված փոփոխությունների իրավասությունն ապացուցելու համար կառավարության կողմից ապացույցներ ներկայացնելու պահանջն էլ ավելի խիստ բնույթ է ձեռք բերում այնպիսի դեպքերում, ինչպիսին ներկա գործն է, երբ միջոցառումը մեծ բացասական ազդեցություն էր ունեցել ընդդիմադիր կուսակցությունների քաղաքական գործընթացներում արդյունավետ մասնակցելու հնարավորության վրա: Ներկա գործի շրջանակում Կառավարությունը չբերեց որևէ օրինակ, երբ երկակի քաղաքացիություն ունեցող որևէ պատգամավոր խախտած լիներ Մոլդովայի պետության հանդեպ հավատարմությունը: Մոլդովայի պետության դեմ ուղղված ոտնձգությունների մասին Սահմանադրական Դատարանի դատավճռում արված ընդհանուր արտահայտություններից բացի ընտրական քաղաքականության փոփոխության պատճառների մասին որևէ պարզաբանում գրեթե բացակկայում էր: Միևնույն ժամանակ կան նաև ապացույցներ այն մասին, որ օրենքը բոլորի նկատմամբ հավասար չի կիրառվում (տես՝ սույն դատավճռի 144-րդ կետը):
170. Վերոնշյալ հանգամանքներում Դատարանն ամբողջությամբ համոզված չէ, որ վիճարկվող միջոցառման նպատակը պատգամավորների հավատարմությունը պետությանն ապահովելն էր: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով արգելքի համաչափության վերաբերյալ իր կողմից արդեն իսկ կայացրած եզրակացությունները (տես՝ ստորև), Դատարանը այս հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու անհրաժեշտություն չի տեսնում: Հետևաբար, Դատարանը անպատասխան է թողնում այն հարցը, թե արդյոք բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց խորհրդարանում տեղ զբաղացնելու արգելքը իրավաչափ նպատակ էր հետապնդում:
գ. Համաչափություն
171. Առաջին հերթին Դատարանը կարևորում է այն փաստը, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից շատ քչերն են արգելում երկակի քաղաքացիություն ունեցող անձանց դառնալու խորհրդարանի պատգամավոր (տես՝ սույն դատավճռի 87-րդ կետը): Մոլդովայից բացի երեք երկրներից երկուսը, որտեղ հստակ արգելք է սահմանված, իրենց քաղաքացիներին թույլ չեն տալիս ունենալու երկրորդ քաղաքացիությունը: Բացի այդ, նշված երեք երկրներից ոչ մեկը ՔԵԿ-ի 17-րդ հոդվածը չի ստորագրել (տես՝ սույն դատավճռի 89-րդ կետը): Նախկին Հարավսլավիայի տրոհվելու արդյունքում առաջացած պետությունները, որոնց մեծ մասում ապրում է բազմազգ բնակչություն, այս կամ այն չափով թույլ են տալիս երկակի քաղաքացիությունը, սակայն դրանցից և ոչ մեկը չի արգելում երկակի քաղաքացիություն ունեցող անձանց մասնակցելու խորհրդարանի ընտրություններում (տես՝ սույն դատավճռի 92-րդ կետը):
172. Դատարանը գտնում է, որ Եվրոպայի խորհրդի մասնակից պետությունների գործելակերպի ուսումնասիրությունը ի հայտ է բերում գոյություն ունեցող մեկ ընդհանուր մոտեցում, համաձայն որի, երբ պետությունը թույլ է տալիս բազմակի քաղաքացիությունը, մեկից ավելի քաղաքացիություն ունենալը արգելք չի հանդիսանում խորհրդարանի պատգամավոր դառնալու համար, նույնիսկ եթե երկրի բնակչությունը էթնիկապես բազմազան է և բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց թիվը կարող է զգալի լինել: Սակայն, չնայած այդ ընդհանուր մոտեցմանը, կարող են լինել նաև շեղումներ, որոնք արդարացվում են, երբ հատուկ պատմական կամ քաղաքական նկատառումներն անհրաժեշտ են դարձնում ավելի սահմանափակող գործելակերպի կիրառումը:
173. Դատարանը այդ առումով առանձնացնում է Մոլդովան, որտեղ երկակի քաղաքաիություն ունեցող անձանց մեծ թիվը կասկածից վեր է, ընդ որում երկիրը համեմատաբար վերջերս է անկախություն ձեռք բերել: Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով Մոլդովայի պատմությունը (տես՝ սույն դատավճռի 11-18 կետերը), բարձր հավանական էր, որ 1991թ. անկախության հռչակումից հետո երկիրը շահագրգռված կլինի միջոցներ ձեռնարկելու Մոլդավայի պետության անկախության նկատմամբ որևէ սպառնալիքի չեզոքացման և անվտանգության ապահովման ուղղությամբ, որպեսզի ապահովվի կայունությունը և հիմքեր ստեղծվեն ժողովրդական կառույցների ձևավորման և հետագա ամրապնդման համար: Դատարանը նկատում է, որ տարածաշրջանի այլ երկրներից երկակի քաղաքացիություն ունեցող անձանց խորհրդարանի պատգամավոր դառնալու արգելքը գործում էր Ռումինիայում, սակայն 2003թ. այն վերացվել էր: Բուլղարիան հստակորեն կիրառում է նույն մոտեցումն, ինչ որ Մոլդավիան (տես՝ սույն դատավճռի 87-րդ կետը): Ուկրաինայում երկակի քաղաքացիությունը մինչ այժմ արգելված է (տես՝ սույն դատավճռի 90-րդ կետը): Թիվ 273 Օրենքով կատարված սահմանափակումը գնահատելիս անհրաժեշտ է ամբողջությամբ հաշվի առնել հատուկ պատմաքաղաքական համատեքստը և դրա արդյունքում պետության հայեցողության լայն շրջանակը (տես՝ վերը նշված «Ždanoka ընդդեմ Լատվիայի», § 121): Հետևաբար, Դատարանը չի բացառում այն, որ 1991թ. Մոլդովայի կողմից Անկախության հռչակագրի ընդունելուց անմիջապես հետո երկակի քաղաքացիություն ունեցող անձանց խորհրդարանում տեղ զբաղեցնելու արգելքը կարող էր արդարացված լինել:
174. Սակայն Դատարանն կարևորում է այն փաստը, որ արգելքը սահմանվել էր ոչ թե 1991 այլ 2008 թվականին՝ Մոլդովայի անկախության հռչակումից շուրջ 17 տարի անց և մոտավորապես 5 տարի անց այն բանից, երբ երկիրն ազատականացրել էր երկակի քաղաքացիություն թույլ տալու հարցում վարվող քաղաքականությունը: Նման հանգամանքներում Դատարանը այլևս համոզիչ չի գտնում այն փաստարկը, որ վիճարկվող քայլն անհրաժեշտ էր Մոլդովայի օրենքների, պետական կառույցների և ազգային անվտանգության պահպանման համար: Ընտրական իրավունքներում վերջին սահմանափակուներն արդարացնելու համար պետք է առկա լինեն չափազանց համոզիչ պատճառներ: Միևնույն ժամանակ, Կառավարությունը որևէ բացատրություն չի ներկայացրել թե ինչու են վերջերս մտավախություններ առաջացել երկակի քաղաքացիություն ունեցող անձանց հավատարմության վերաբերյալ և ինչու նման մտավախություններ չկային, երբ օրենքն առաջին անգամ փոփոխվեց, որպեսզի թույլ տրվի երկակի քաղաքացիությունը: Կառավարությունը պնդում էր, թե այն թվերը, որոնց մասին գնում էր խոսքը, այն է՝ ներկա պատգամավորների շուրջ մեկ հինգերորդն ունեն երկրորդ քաղաքացիություն, բավարար հիմք են կիրառված մոտեցումն արդարացնելու համար (տես՝ սույն դատավճռի 140-րդ կետը): Դատարանն ընդունում է, որ թվերն իսկապես զգալի են: Սակայն, այն նաև ընդգծում է, որ երկրի բնակչության զգալի մասնաբաժինը նույնպես երկակի քաղաքացիություն ունի (տես՝ սույն դատավճռի 26-28 կետերը) և որ այդ քաղաքացիները իրավունք ունեն խորհրդարանում ունենալու իրենց ներկայացուցիչներին, որոնք կբարձրաձայնեն իրենց խնդիրներն ու քաղաքական տեսակետները:
175. Դատարանն այնուհետև վկայակոչեց վերը նշված «Ādamsons ընդդեմ Լատվիայի» գործով դատավճռի 123-րդ կետը, որում նա նշել էր, որ ժամանակի ընթացքում ընտրական իրավունքների ընդհանուր սահմանափակումների արդարացումն ավելի է բարդանում: Այդ դատավճռում Դատարանն ընդգծել էր «անհատականացնող» միջոցառումների անհրաժեշտությունը, որը թույլ կտա ավելի շուտ հաշվի առնել անհատների իրականում դրսևորած վարքագիծը, այլ ոչ թե անձանց խմբի կողմից բխող ենթադրյալ սպառնալիքը: Ներկա դեպքում Դատարանը գտնում է, որ Մոլդովայի օրենքների, պետական կառույցների և ազգային անվտանգության պաշտպանության համար կան այլ ուղիներ: Ապօրինի կամ ազգային անվտանգությանը վտանգող վարքագծի համար պատասխանատվության միջոցները պետք է հավանաբար կրեն կանխարգելիչ բնույթ և թույլ տան վերացնելու բացահայտված անհատից առաջացող որևէ հատուկ վտանգը: Կառավարությունը չի ակնարկել, որ գաղտնի փաստաթղթերի հետ ծանոթանալու համար հատուկ թույլտվությունը բավարար միչոց չէ գատղտնի և անձնական բնույթի տեղեկատվության պաշտպանության համար: Հարկ է նշել, որ նշված երկու միջոցառումներն էլ միտված են պետության շահերին իրական սպառնալիքների բացահայտմանը՝ կոնկրետ հանգամանքներում և վստահելի տեղեկության, այլ ոչ թե ազգային անվտանգությանը և անկախությանը երկակի քաքացիություն ունեցող անձանցից բխող վտանգի մասին անապացույց ենթադրությունների հիման վրա: Դատարանը վերստին հայտարարում է, որ դա է գերադասելի մոտեցումն այն դեպքերում, երբ վերացել է անմիջական վտանգը ժողովրդավարությանը կամ երկրի անկախությանը: (տես՝ վերը նշված «Ādamsons ընդդեմ Լատվիայի», § 125):
176. Միևնույն ժամանակ, բոլոր դեպքերում պատմաքաղաքական նկատառումները պետք է դիտվեն Մոլդովայի կողմից ՔԵԿ-ի շրջանակում կամավոր ստանձնած պարտավորությունների և համապատասխան միջազգային մարմինների առաջարկությունների և եզրակացությունների ավելի լայն համատեքստում: Այդ համատեքստում նպատակահարմար է նաև քննության առնել պատասխանող Կառավաության կողմից ներկայացված ratione materiae առարկությունը (տես՝ սույն դատավճռի 131-132 կետերը): Դատարանը ընդգծում է, որ Կոնվենցիայով սահմանված երաշխիքները մեկնաբանելու և այդ ոլորտում համևնդհանուր եվրոպական չափորոշիչների առկայությունը պարզելու համար նա պարտավոր է հաշվի առնել կիրառելի միջազգային պայմանագրերը և զեկույցները, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի այլ մարմինների կողմից հրապարակված փաստաթղթերը: Դատարանն իրավասու է ինքնուրույն որոշելու թե որ միջազգային պայմանագրերն ու զեկույցներն են կիրառելի և որքան կարևորություն պետք է տրվի դրանց: Այն դեպքերում, երբ առկա է ընդհանուր չափորոշիչ, որը խախտվել է պետության կողմից, Կոնվենցիայի դրույթները մեկնաբանելիս Դատարանը այն կարող է կիրառելի համարել համապատասխան գործի շրջանակում (տես, մասնավորապես, վերը նշված Demir and Baykara, §§ 85-86, և Shtukaturov v. Russia, § 95): Ներկա գործում Դատարանը գտնում է, որ թիվ 273 Օրենքի համաչափության գնահատման համար կիրառելի են ՔԵԿ-ի դրույթները, ՌԱԵՀ-ի ու Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները և զեկույցները (տես՝ սույն դատավճռի 45-51 կետերը), ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդանական վեհաժողովի կողմից ընդունված բանաձևերը (տես՝ սույն դատավճռի 48-50 կետերը): Մասնավորապես, վկայակոչելով ՔԵԿ-ը, Դատարանը դիտարկում է ոչ թե դիմումատուի երկակի քաղաքացիություն ունենալու իրավունքը, այլ դիմումատուի ընտրություններում հաղթելուց հետո երկակի քաղաքացիության պատճառով նրան խորհրդարանում տեղ զբաղեցնելու իրավունքի նկատմամբ պետության կողմից սահմանափակումների կիրառման իրավաչափությունը և այդ սահմանափակումների համատեղելիությունը թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի հետ:
177. Անդրադառնալով նշված զեկույցների և հաղորդումների բովանդակությանը Դատարանն արձանագրում է, որ ՌԱԵՀ-ն, Վենետիկի հանձնաժողովը, Եվրոպայի խորհրդի Խորհրդանական վեհաժողովը և Պարտավորությունների կատարման հանձնաժողովը անվերապահորեն քննադատել էին վերոնշյալ արգելքը (տես՝ սույն դատավճռի 45-51 կետերը): Մտահոգություն էր առաջացել թիվ 273 Օրենքի խտրականական բնույթի վերաբերյալ և այն ազդեցության, որն այդ օրենքը կարող է ունենալ քաղաքական գործընթացներում մի շարք քաղաքական ուժերի արդյունավետ մասնակցության տեսանկյունից: Դատարանն այնուհետև անդրադառնում է ՔԵԿ-ի 17-րդ հոդվածին և Մոլդովայի կողմից այդ հոդվածով ստանձնած պարտավորություններին՝ ապահովելու, որպեսզի Մոլդովայի քաղաքացիները, ովքեր ունեն նաև այլ երկրի քաղաքացիություն, օգտվեն նույն իրավունքներից և կրեն նույն պարտավորությունները ինչ որ Մոլդովայի բոլոր մյուս քաղաքացիները (տես՝ սույն դատավճռի 85-րդ կետը):
178. Վերջում, Դատարանը հիշեցրեց, որ ընտրական իրավունքների ցանկացած սահմանափակում չպետք է լինի այնպիսին, որ բացառի որևէ անձանց կամ անձանց խմբերի մասնակցությունը երկրի քաղաքական կյանքում (տես՝ սույն դատավճռի 158-րդ կետը): Այդ կապակցությամբ Դատարանը ընդգծում է օրենքի անհամաչափ ազդեցությունը այն կուսակցությունների վրա, որոնք օրենքի ընդունման պահին ընդդիմության շարքերում էին (տես՝ սույն դատավճռի 168-րդ կետը): Բազմակարծությունն ու ժողովրդավարությունը պետք է հիմնված լինեն երկխոսության և փոխընբռնման վրա, որը, ժողովրդական հասարակության գաղափարների և արժեքների պահպանման և զարգացման նպատակներից ելնելով, անխուսափելի զիջումներ է ենթադրում տարբեր անձանց և դրանց խմբերի համար (տես «Թուրքիայի միավորված կոմունիստական կուսակցությունն ու մյուսներն ընդդեմ Թուրքիայի», 30 հունվարի 1998թ., § 45, Reports 1998‑I, և «Leyla Şahin ընդդեմ Թուրքիայի» [ՄՊ], գանգատ թիվ 44774/98, § 108, ՄԻԵԴ 2005‑XI): Արդյունավետ ժողովրդավարության կայացման համար անհրաժեշտ այդ երկխոսությանն ու կարծիքների փոխանակմանը նպաստելու համար կարևոր է ապահովել ընդդիմադիր կուսակցությունների մուտքը քաղաքական ասպարեզ այնպիսի պայմաններով, որոնք թույլ կտան նրանց ներկայացնելու իրենց ընտրազանգվածը, ուշադրություն գրավելու իրենց մտահոգող խնդիրների վրա և պաշտպանելու նրանց շահերը (տես՝ «Քրիստոնյա-դեմոկրատական ժողովրդական կուսակցությունն ընդդեմ Մոլդովայի», գանգատ թիվ 28793/02, § 67, ՄԻԵԴ 2006‑II):
179. Դատարանը հատուկ ուշադրությամբ զննելու է յուրաքանչյուր միջոցառում, որը կարող է բացառապես կամ սկզբունքորեն գործել ի վնաս ընդդիմությանը, հատկապես եթե այդ միջոցառման բնույթն այնպիսին է, որ այն արմատապես կրճատում է հետագայում իշխանության գալու հնարավորությունները ընդդիմադիր կուսակցությունների համար: Այդ բնույթի սահմանափակումները այն աստիճանի են ոտնահարում թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները, որ խարխլում են դրանց բուն էությունը և զրկում արդյունավետությունից: Ներկա դեպքում արգելքի գործարկումն ընտրություններից անմիջապես առաջ, այն պահին, երբ իշխող կուսակցության վարկանիշն ընկնում է (տես՝ սույն դատավճռի 31-44 կետերը), էլ ավելի է վկայում միջոցառման անհամաչափութայն մասին:
180: Վերոշարադրյալ գործոնների լույսի ներքո և ի հեճուկս Մոլդովայի առանձնահատուկ պատմական և քաղաքական համատեքստի, Դատարանը գտնում է, որ թիվ 273 Օրենքի դրույթները, որոնցով բազմակի քաղաքացիություն ունեցող ընտրված պատգամավորները զրկվում են խորհրդարանում տեղ զբաղեցնելու իրավունքից, անհամաչափ են և խախտում են թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածը: Ուստի, պատասխանող Կառավարության առարկությունը ratione materiae մերժվում է:
III. կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի հետ միասին 14-րդ հոդվածի ենթադրյալ խախտումը
Ա. Պալատի եղրահանգումները
181. Պալատը գտնում է, որ 14-րդ հոդվածից բխող խնդիրները վերաբերում են նույն հարցերին, որոնք քննության էին առնվել թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի հիման վրա գանգատի համատեքստում: Ուստի, Դատարանը եզրակացրել է, որ 14-րդ հոդվածի հիմքերով խախտումն առանձին դիտարկելու անհրաժեշտություն չկա:
Բ. Կողմերի փաստարկները
1. Մոլդովայի կառավարությունը
182: Կառավարությունը պնդում էր, որ թիվ 273 Օրենքի 21-րդ կետի 3-րդ ենթակետը (տես՝ սույն դատավճռի 80-րդ կետը) Մերձդնեստրյան քաղաքացիներին չի ազատում բազմակի քաղաքացիություն ունենալու դեպքում խորհրդարանի պատգամավոր լինելու արգելքից, այլ դուրս է բերում Մերձդնեստրյան հաստատություններն այդ օրենքի շրջանակից: Կառավարությունը համաձայն էր Պալատի հետ, որ այս հարցի շուրջ որևէ հետագա հարցեր չեն ծագում:
2. Դիմումատուն
183. Դիմումատուն համաձայն չէր 21-րդ կետի 3-րդ ենթակետի վերաբերյալ Կառավարության պարզաբանման հետ, պնդելով, որ օրենքի տեքստային ձևակերպումներից հստակ հետևում էր, որ այն տարածվում է Մերձդնեստրում բնակվող անձանց, այլ ոչ թե Մերձդնեստրյան հաստատություններում ընտրությունների վրա, որոնց արդյունքները միևնույն է Մոլդովայի կառավարությունը չէր ճանաչում: Նա արտահայտում էր այն տեսակետը, որ 14-րդ հոդվածի հիման վրա առաջանում էր առանձին խնդիր, քանի որ թիվ 273 Օրենքի ներգործողությունը միանշանակորեն չէր տարածվում Մերձդնեստրում բնակվող Մոլդովայի քաղաքացիների վրա, թեև նրանցից շատերն ունեին նաև Ռուսաստանի քաղաքացիություն: Վերաբերունքի նման տարբերակման արդարացնելը հնարավոր չէր:
184. Դիմումատուն միջնորդեց, որպեսզի Դատարանը արձանագրի թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի հետ միասին Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում:
3. Ռումինիայի կառավարությունը
185. Ռումինիայի կառավարությունը նույնպես համաձայն չէր Մերձդնեստրը բացառելու մասին պատասխանող Կառավարության կողմից 21-րդ կետի 3-րդ ենթակետի վերաբերյալ տրված սահմանափակող պարզաբանման հետ, որն իր կարծիքով հակասում էր մեկնաբանության ընդհանուր սկզբունքներին: Հաշվի առնելով, որ պատասխանող Կառավարությունը չէր ճանաչում Մերձդնեստրի պետական հաստատությունները և կառույցները, այն չէր կարող հայտարարել, որ Մոլդովայում ընդունված օրենքը կարգավորում է նման մարմինների ընտրությունները: Ռումինիայի կառավարությունն ընդգծեց, որ ՌԱԵՀ-ն քննադատել էր այդ տարբերակումը, համարելով այն չարդարացված (տես՝ սույն դատավճռի 45-րդ կետը), և կոչ արեց Դատարանին հաշվի առնել այդ եզրակացությունը (վկայակոչվեց՝ «Cobzaru ընդդեմ Ռումինիայի», գանգատ թիվ 48254/99, §§ 49-50, 26 հւլիսի 2007թ.):
186: Վերջում, Ռումինիայի կառավարությունը միջնորդեց, որպեսզի Դատարանը արձանագրի թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի հետ միասին Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտումը:
Գ. Դատարանի գնահատականը
187. Դատարանը նշում է, որ վիճաբանությունը ծավալվել է թիվ 273 Օրենքի 21-րդ կետի 3-րդ ենթակետ ճիշտ մեկնաբանության շուրջ, որի տեքստային ձևակերպումը հստակ չէ: Դատարանը գտնում է, որ երկու կողմերի տրված մեկնաբանություններն էլ հնարավոր են: Ներպետական օրենսդրության ճիշտ մեկնաբանության վերաբերյալ վճիռ կայացնելը Դատարանի խնդիրը չէ, այն պետք է որոշվի ներպետական դատարանների կողմից:
188. Սույն գործի հանգամանքներում, հաշվի առնելով Դատարանի եզրակացությունն առ այն, որ տեղի է ունեցել թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի խախտում, Դատարանը գտնում է, որ 14-րդ հոդվածի հիմքերով գանգատն առանձին դիտարկելու անհրաժեշտությունը բացակայում է:
IV. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառումը
189. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով սահմանված է
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
190. Դիմումատուն նյութական կամ բարոյական վնասի փոխհատուցում չէր պահանջել:
Բ. Ծախսեր և ծախքեր
191. Դիմումատուն ներկայացրել է կատարված 5,021.83 եվրո ծախսերի մանրամասն հաշվարկ՝ Մեծ Պալատի դատավարության ընթացքում, այդ թվում՝ դատական նիստերին ներկայանալու համար կրած ծախսերի և ծախքերի դիմաց: Դիմումատուն ներկայացրել է համապատասխան հաշվիները: Պալատի դատավարության ընթացքում կրած ծախսերի հաշվի առնելով, դրիմումատուն ընդհանուր առմամբ հայցել է 8,881.83 եվրո գումարի հատուցում:
192. Դիմումատուի ներկայացված ծախսային հայցի վերաբերյալ Կառավարությունը որևէ գրավոր կամ բանավոր մեկնաբանություն չի արել:
193: Դատարանը հիշեցնում է, որ Պալատը որոշել էր դիմումատուին հատկացնել 3,860 եվրո Պալատում անցկացրած դատավարության ժամանակ կրած ծախսերի և ծախքերի համար: Դիմումատուն նաև հաշվարկ էր ներկայացրել Մեծ Պալատի դատավարության ընթացքում կրած ծախսերի և ծախքերի համար: Դատարանը համապատասխանաբար դիմումատուին հատկացնում է հայցված ամբողջ գումարը:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
194: Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Վճռում է պատասխանող կառավարության ratione materiae առարկությունը քննության առնել գործի ըստ էության հետ միասին և մերժում է այն,
2. Մերժում է պատասխանող Կառավարության մյուս նախնական առարկությունները,
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի խախտում,
4. Վճռում է, որ թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի հետ միասին 14-րդ հոդվածի հիմքերով գանգատն առանձին դիտարկելու անհրաժեշտությունը բացակայում է,
5. Վճռում է.
(ա) պատասխանող պետությունը երեք ամիսների ընթացքում պարտավոր է դիմումատուին վճարել 8,881.83 եվրո (ութ հազար ութ հարյուր ութսուն մեկ եվրո ութսուն երեք ցենտ) կրած դատական ծախսերի և ծախքերի համար, գումարած այդ գումարից գանձման ենթակա բոլոր հարկերը, որը փոխանակվում է մոլդովական լեյի՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
(բ) վերը նշված երեք ամսվա ավարտից հետո մինչև կարգավորումը պետք է պարտքերի չվճարման ժամանակահատվածում վճարվի վերը նշված գումարի հասարակ տոկոսը Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած վարկի մարգինալ տոկոսադրույքին հավասար դրույքով, որին պետք է ավելացվի երեք տոկոսային կետ:
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, հրապարակվել է 2010թ. ապրիլի 27-ին հրապարակային նիստում, որը տեղի է ունեցել Մարդու Իրավունքների Դատարանի շենքում, Ստրասբուրգում:
Michael O’BoylePeer Lorenzen
Քարտուղարի տեղակալՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում և որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Թարգմանությունը կարելի է ներբեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC-ի նախադեպային իրավունքի () կամ տվյալների այլ շտեմարանից, որի հետ Դատարանը դրանով կիսվել է: Թարգմանությունը կարելի է վերարտադրել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ մեջբերվի գործի ամբողջական վերնագիրը` վերը բերված հեղինակային իրավունքի մասին նշումով և հղում անելով Մարդու իրավունքների տրաստային հիմնադրամին: Եթե մտադրություն կա թարգմանության որևէ մաս օգտագործել առևտրային նպատակներով, դիմել հետևյալ հասցեով` publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy