© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ, ԾՈՎԱՅԻՆ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
(Գանգատ թիվ 31045/10)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2014 թվականի ապրիլի 8
ՎԵՐՋՆԱԿԱՆ
2014 թվականի սեպտեմբերի 8
Այս վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դարձել է վերջնական: Այն կարող է լինել խմբագրական փոփոխությունների առարկա:
Տրանսպորտային, ծովային և երկաթուղային աշխատողների ազգային միությունն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ Բաժանմունք), Պալատի նիստում հետևյալ կազմով.
Ինետա Զիմելե, Նախագահ,
Պաիվի Հիրվելա,
Ջորջ Նիկոլաու,
Լեդի Բիանկու,
Պոլ Մահոնի,
Կրզուսզտոֆ Վոժտուսզեկ,
Ֆարիս Վեհաբովիչ, դատավորներ,
և Ֆաթոս Արասի, Բաժանմունքի Քարտուղարի տեղակալ,
2014 թվականի մարտի 4-ին դռնփակ դատական նիստում խորհրդակցելով,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց այդ նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. Գործը սկիզբ է առել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Տրանսպորտային, ծովային և երկաթուղային աշխատողների ազգային միության («ՏԾԵ») (“the RMT”) կողմից Միացյալ Թագավորության դեմ 2010 թվականի հունիսի 1-ին բերված գանգատի (թիվ 31045/10) հիման վրա:
2. Դիմողին Դատարանում ներկայացնում էր նրա Գլխավոր քարտուղարը՝ պարոն Բ.Կրոուն: Նրա լիազոր ներկայացուցիչը Մանչեսթրի Թոմփսոններ փաստաբաններից պարոն Ն.Տոդդն էր: Դիմողին խորհրդատվություն էին տրամադրում նաև Լոնդոնի իրավաբաններ պարոն Ջ. Հենդի ՔՍ-ն ու պարոն Մ. Ֆորդ ՔՍ-ը: Միացյալ Թագավորության Կառավարությունը («Կառավարություն») ներկայացված էր նրա գործակալի՝ տիկին Ռ. Թոմլինսոնի կողմից Արտաքին և համագործակցության գործերի նախարարությունից:
3. Միասնական դիրքորոշում են ներկայացրել Եվրոպայի արհմիությունների կոնֆեդերացիան (ԵԱԿ/ETUC) և Արհմիությունների կոնգրեսը (ԱԿ/TUC): Դիրքորոշում է ներկայացրել Ազատություն կազմակերպությունը (Liberty (հայտնի է նաև Քաղաքացիական ազատությունների համար ազգային խորհուրդ անվամբ (National Council for Civil Liberties))): Այս երեք կազմակերպություններին Նախագահը թույլատրեց գրավոր ընթացակարգին միջամտել որպես երրորդ կողմ (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ մաս և 44-րդ կանոնի 2-րդ մաս): Կառավարությունը պատասխանեց միայն Ազատություն կազմակերպության դիրքորոշմանը:
4. Դիմողը պնդում էր, որ իր անդամների շահերը պաշտպանելու իր ունակությունը ենթարկվել էր անօրինաչափ օրենսդրական սահմանափակման՝ խախտելով իր միավորվելու ազատության իրավունքը:
5. 2012 թվականի օգոստոսի 27-ին գանգատն ուղարկվել էր Կառավարությունը: Նաև որոշվել էր ընդունելիության հարցի որոշումն ու գործի ըստ էության քննությունը կատարել միաժամանակ (29-րդ հոդվածի 1-ին մաս):
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Դիմողը Լոնդոնում հիմնադրված արհմիություն է, որին անդամակցում են Միացյալ Թագավորության տրանսպորտային արդյունաբերության տարբեր ոլորտների ավելի քան 80 000 աշխատողներ:
7. Նշելով, որ արդյունաբերական վեճերի ներպետական համակարգը շատ մանրամասն կարգավորվում էր օրենսդրությամբ, դիմողը բարձրացնում էր օրենքով գործադուլը սահմանափակող երկու առանձնահատուկ սահմանափակումներ, որոնք անհամատեղելի էին Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հետ. յուրաքանչյուր սահմանափակում վիճարկվում էր առանձին փաստերով:
Ա. Գործադուլ հայտարարելու մասին հաղորդագրությունը. EDF իրավիճակը
8. Այս գլխի ներքո ներկայացված համապատասխան փաստական հանգամանքները ներառում են «EDF էներգոհամակարգեր» ՍՊԸ-ն, որը գտնվում էր պայմանագրային կառավարման ներքո և գործարկում ու շահագործում էր Լոնդոնի մետրոյի կողմից օգտագործվող էլեկտրական ցանցը: Կոլեկտիվ բանակցություններ վարելու նպատակով Տ.Ծ.Ե.-ն ընկերության կողմից ճանաչված բազմաթիվ արհմիություններից մեկն էր: Ընդհանուր երեք տարբեր կայարաններում ընկերությունն ուներ մոտ 270 աշխատող, որոնցից ամենամեծը Թյուֆնելլ պուրակի կայարանն էր 155 աշխատողներով: Ըստ դիմողի այդ ժամանակահատվածում այդտեղ եղել Տ.Ծ.Ե.-ի 52 աշխատողներ: Ընկերությունը տեղյակ չի եղել, թե իր աշխատողներից ովքեր են եղել արհմիության անդամ, քանի որ համակարգ չի ներդրել պարզելու, թե աշխատակազմից ովքեր են անդամակցում արհմիությանը:
9. 2009 թվականի հունիսի և սեպտեմբերի միջև ընկած ժամանակահատվածում դիմողն ու ընկերությունն անցկացրել են բանակցությունների մի քանի փուլեր ծառայության վճարի ու պայմանների վերաբերյալ: Դժգոհ լինելով ընկերության առաջարկից՝ դիմողը որոշել է գործադուլ իրականացնել և սեպտեմբերի 24-ին ընկերությանն անհրաժեշտ ծանուցում է ներկայացրել (տե՛ս ստորև՝ համապատասխան ներպետական օրենսդրության ներքո): Ծանուցումը նկարագրել է աշխատողների կատեգորիան, ովքեր մասնակցելու էին գործադուլին որպես «ինժեներ-տեխնիկներ», և հայտարարել է, թե յուրաքանչյուր կայարանում որքան նման աշխատողներ կան: Հաջորդ օրը ընկերությունը գրել է դիմողին՝ հայտարարելով, որ ինքը չի հասկանում «տեխնիկ» տերմինը (այն իր աշխատողներին ավելի ճշգրտորեն էր դասակարգում. փականագործ, ռադայագործ, փորձարարական լաբորատորիայի տեսուչ, փորձագետներ, ՕԼԲԻ փականագործներ): Այն գտել էր, որ նախազգուշական ծանուցումը չի համպատասխանում օրենսդրական դրույթներին: Հաջորդ շաբաթ դիմողը պատասխանել է՝ պնդելով, որ իր կողմից օգտագործված տերմինը բավարար էր որպեսզի ընկերությունն իմանար, թե որ աշխատողներին են ներգրավված, հետևաբար ծանուցումը համապատասխանում է իրավունքի համապատասխան դրույթներին:
10. Երկու կողմերի հաղորդակցությունից հետո ընկերությունը դիմեց Բարձրագույն դատարանին պահանջելով դիմողին ծանուցման հիման վրա ձեռնարկելու ինդուստրիալ գործողություն: Արգելքը բավարարվեց Բլեյք Ջ.-ի կողմից 2009 թվականի հոկտեմբերի 23-ին:
11. Դատավորը չընդունեց դիմողի հայցն այն մասին, որ օրենսդրական պահանջներն անհամաչափորեն սահմանափակում են իր՝ ինդուստրիալ գործողություն իրականացնելու իր իրավունքը. այս նույն փաստարկը մերժվել էր նաև Վերաքննիչ դատարանի կողմից «Մետրոբաս» ՍՊԸ-ն ընդդեմ «Միավորվենք Միությանը» գործով ([2009] EWCA Civ 829): Նա նաև մերժեց այն փաստարկը, որ քանի որ այդ գործընթացը դեռևս գտնվում է իր ամենասկզբնական փուլում, ապա դրա կասեցումը վաղաժամ կլինի: Փոխարենը նա գտավ, որ անօրինական գործադուլի ռիսկը էականորեն բավարար է արդարացնելու նման արգելքը: Հաշվի առնելով ներգրավված ոլորտի բնույթը՝ ձեռնարկության գործունեության դադարեցման հետևանքները էական կլինեն՝ այլ վայրերում հանգեցնելով լայնամասշտաբ խնդիրների: Անդրադառնալով այն հարցին, թե դիմողին փաստացի արդյոք բավարար ցուցումներ տրվել էին անձնակազմի այն կատեգորիայի վերաբերյալ, որը գործադուլ էր իրականացնելու, դատավորը գտավ, որ չէր տրվել, քանի որ Թյուֆնելլ պուրակի արհմիության անդամներում ընդգրկված էին այլ մասնագիտություններով աշխատող անձինք: Դիմողը բացարձակ պարտավորություն չուներ, սակայն պարտավորություն ուներ ողջամտորեն կատարելու լավագույնը ընկերությանն ապահովելու բավարար տեղեկատվությամբ: Հանգամանքը, որ այն օգտագործում էր աշխատանքի դասակարգման իր համակարգը, էական նշանակություն ուներ, բայց որոշիչ չէր: Նմանապես հանգամանքը, որ արհմիությունը չէր կարող տիրապետել կամ արձանագրել նման տեղեկատվությունը, կարող է ունենալ էական նյութական նշանակություն, բայց անհրաժեշտ վճռորոշ նշանակություն չի կարող ունենալ: Դիմողն ընդունել է, որ արհմիության համար գործնականում իրագործելի է փոքր աշխատատեղում անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը, և հետևաբար ողջամիտ չի եղել արհմիությունից նման քայլ կատարելը պհանջելը: Վերջապես դատավորը նկատել է, որ քանի դեռ տվյալ պահին գործադուլ իրականացնելու մտադրության մասին դիմողի կողմից հայտարարություն չի եղել (գործադուլը տեղի չի ունեցել), ապա առկա է հստակ կապ պահանջվող ծանուցումն ապահովելու ձախողման և աշխատանքի կասեցման դեպքում համապատասխան նախապատրաստություն ձեռնարկելու կամ ինդուստրիալ ակտի օգտին չքվեարկելու համար աշխատողներին համոզելու ուղիներ փնտրելու միջոցով գործատուի կողմից իրադրությանն արձագանքելու հնարավորությանն միջև: Օրենսդրական պահանջներին համապատասխան գործելու Դիմողի ձախողումը, հետևաբար, չի եղել բացառապես տեխնիկական կամ ոչ էական նշանակություն ունեցող խախտում:
12. Վերաքննիչ բողոք բերելու թույլտվության մասին դիմումը մերժվեց 2009 թվականի նոյեմբերի 24-ի գրություններով: Վերաքննիչ բողոք բերելու թույլտվության մասին նոր դիմումը մերժվեց 2010 թվականի հունվարի 26-ի գրությունով, որի ընդունման ժամանակ դիմողի և «EDF»-ի միջև ինդուստրիալ վեճն արդեն լուծվել էր:
13. Հաջորդիվ՝ գործադուլի անցկացման դեմ դատական արգելք սահմանելուց հետո, դիմողը նախաձեռնեց շահագրգիռ աշխատողների աշխատանքի հստակ նկարագրությունները հավաքելու գործընթացը և դրանք ներառեց գործադուլի մասին նոր ծանուցման մեջ, որի նպատակն ինդուստրիալ գործողությանն աջակցությունն էր: Սա շարունակվեց մինչև 2009 թվականի դեկտեմբերն ու 2010 թվականի հունվարի սկիզբը: «EDF»-ը 2010 թվականի հունվարի 7-ին բարելավված առաջարկություն արեց, որն ընդունվեց դիմողի անդամների կողմից և հաջորդող ապրիլի 1-ին որպես կոլեկտիվ պայմանագիր մտավ ուժի մեջ:
Բ. Երկրորդ գործադուլային գործողությունը. Հիդրեքս (The Hydrex) իրավիճակը
14. Այս գլխում շարադրված գործողությունները վերաբերում են Տ.Ծ.Ե. որոշ անդամների, ովքեր աշխատանքի էին ընդունվել երկաթուղային ուղիների տեխնիկական սպասարկման ապահովման համար «Fastline» ՍՊԸ-ի կողմից, որը «Jarvis Plc» անունով հայտնի ընկերությունների խմբում ընդգրկված կազմակերպություն էր: Այդ խմբի մեկ այլ կազմակերպություն՝ «Jarvis Rail Limited»-ը, զբաղվում էր երկաթուղու ռելսերի ինժեներական աշխատանքներով: Այդ ժամանակ «Fastline»-ը և «Jarvis Rail («Jarvis»)»-ն ունեին ընդհանուր առմամբ մոտ 1 200 աշխատող, որոնցից 569-ը Տ.Ծ.Ե. անդամներ էին: 2007 թվականի օգոստոսին «Fastline»-ն իր բաժնետոմսերի մի մասը, որը ներառում էր 20 աշխատողի, փոխանցեց մեկ այլ կազմակերպության՝ «Hydrex Equipment (UK)» ՍՊԸ-ին («Hydrex»): Այս աշխատողների համար գոյություն ունեցող ժամկետներն ու պայմանները «Hydrex»-ի կողմից օրենքով (Բաժնետոմսերի փոխանցման (Աշխատանքի պաշտպանության) կանոնակարգեր, 2006 թվական) սահմանված կարգով պահպանվեցին: Ըստ դիմողի՝ ներգրավված աշխատողներն այնուհանդերձ մտահոգված էին իրենց դրությամբ, քանի որ «Hydrex»-ի աշխատողներին էականորեն քիչ էին վճարում: Նաև պարզվեց, որ այդ կազմակերպությունում արհմիությունները նվազ ազդեցություն ունեին:
15. 2009 թվականի մարտին «Hydrex»-ի ղեկավարությունը նախկին «Jarvis»-ի աշխատողներին տեղեկացրեց, որ շուկայի պայմանների վատթարացման պատճառով նրանք մտադրվել են կրճատել ընկերության աշխատակազմի աշխատանքային պայմանները: Սա, ըստ դիմողի, նշանակում էր աշխատավարձի 36-ից 40 տոկոս կրճատում: Հաջորդող ամիսներին դիմողը «Hydrex»-ին ներկայացրեց շահագրգիռ աշխատողների դրությունը, սակայն որևէ համաձայնության չհասավ: Երբ ընկերությունը հայտնեց, որ նա մտադիր է հետամուտ լինել իր պլաններին, ընկերությունը կազմակերպեց շահագրգիռ աշխատողների գործադուլ (այդ ժամանակ 17 հոգի): Նրանք քվեարկեցին գործադուլի օգտին, որը տեղի ունեցավ 2009 թվականի նոյեմբերի 6-ի և 9-ի միջև ընկած ժամանակահատվածում: Գործադուլի ընթացքում մասնակիցներն այն վայրերում, որտեղ նրանք սովորաբար աշխատում էին, ցույցեր կազմակերպեցին: Վերջինիս պատճառով «Hydrex»-ը դիմողին նամակ գրեց՝ հիշեցնելով, որ ըստ ցույցերի մասին օրենքի ցույցերը կարող են տեղի ունենալ միայն գործատուի գտնվելու վայրում կամ դրա մոտ տարածքում և նախազգուշացրեց, որ արհմիությունն այդպես իր վրա է վերցնում այդ անօրինական գործողության հետևանքով ընկերության կրած տնտեսական վնասի պատասխանատվությունը (տե՛ս ներքևում՝ ներպետական օրենսդրությունը):
16. Երկրորդ գործադուլը հայտարարվեց 2009 թվականի նոյեմբերի 18-ից 20-ը, սակայն այն հետաձգվեց, երբ «Hydrex»-ը հայտնեց դիմողի հետ բանակցությունները վերսկսելու իր մտադրության մասին: Սա հանգեցրեց վերանայված առաջարկության ներկայացմանը, որը դիմողը ներկայացրեց իր «Hydrex» անդամներին՝ նրանց խորհուրդ տալով ընդունել դրանք: Քվեարկության արդյունքները հայտնի դարձան 2009 թվականի դեկտեմբերի 21-ին: 9 քվեաթերթիկ անվավեր էին, իսկ մնացած բոլորը «Hydrex»-ի առաջարկին դեմ էին քվեարկել: Ըստ դիմողի՝ նրա դրությունը շատ թույլ էր՝ հաշվի առնելով «Hydrex»-ում իր անդամների փոքր թվաքանակը: Ընկերության վրա որևէ էական ազդեցություն ունենալուց դա շատ հեռու էր, որի գործունեությունն իրականում ընդհանրապես չէր խաթարվել: Դիմողը գտավ, որ իր անդամների շահերն ավելի արդյունավետ պաշտպանելու համար նա կարող էր մոբիլիզացնել նաև «Jarvis»-ի իր անդամներին: Այս առումով գործադուլի սպառնալիքն ու փաստացի գործունեության դադարեցման ուժեղ փաստարկը «Hydrex»-ի վրա էականորեն ավելի ուժեղ ճնշում կգործադրեին գործող աշխատանքային պայմանները պահպանելու համար: Դիմողը հայտարարեց, որ «Jarvis»-ի աշխատողները ցանկություն են հայտնել գործադուլ իրականացնել ի պաշտպանություն «Hydrex»-ի իրենց գործընկերների: Հակառակ պարագայում «Hydrex»-ի աշխատողները հարկադրված էին լինելու միայնակ դիմագրավել և վերջում, այլ ելք չունենալով, ընդունել նոր աշխատանքային պայմանները: Նրանք այդպես վարվեցին բողոքի ներքո:
17. Ըստ դիմողի՝ և՛ «Jarvis»-ը, և՛ «Hydrex»-ը, այլևս գոյություն չունեն համապատասխանաբար 2010 թվականի մարտին և 2011 թվականի նոյեմբերին հանձնվելով կառավարման: «Hydrex»-ի բաժնետոմսերը գնել էր մեկ ուրիշ ընկերություն, որը հաջորդաբար այն վաճառեց 2012 թվականի նոյեմբերին:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ
18. «EDF» գործի կապակցությամբ Բլեյք Ջ.-ն հղում է տվել Արհմիությունների և աշխատանքային հարաբերությունների մասին 1992 թվականի ակտի (կոնսոլիդացված) հետևյալ դրույթներին.
«226(1) բաժին. Արհմիության կողմից կատարված գործողությունն անձին հակելու մասնակցել կամ շարունակել մասնակցությունն ինդուստրիալ գործողությանը
(ա) չի պաշտպանվում քանի դեռ ինդուստրիալ գործողությունն չունի քվեարկողների աջակցությունը, և
(բ) 226Ա բաժինը կիրառելի է միայն անձանց գործատուների համար, որոնց արհմիությունը 226Ա բաժնին համապատասխան ծանուցել է»:
«226Ա բաժին. (1) Արհմիությունը պետք է ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք ողջամտորեն անհրաժեշտ են երաշխավորելու, որ —
(ա) ոչ ուշ քան 7-րդ օրը նախքան քվեարկության սկսելը, 2-րդ ենթակետում նշված ծանուցագիրը, ...
ստանա յուրաքանչյուր ոք, ում արհմիությունը ողջամտորեն կդիտի որպես այն անձանց գործատուն (ամենաուշ ժամկետը պարագրաֆ ա)-ում նշված դրույթներին համապատասխանող քայլերի ձեռնարկման ժամանակն է), ովքեր լիազորված են քվեարկելու այդ քվեաթերթիկում:
(2) (1)-ին ենթակետի պարագրաֆ ա)-ում նշված ծանուցագիրը գրավոր փաստաթուղթ է, որը —
(ա) հայտարարում է, որ արհմիությունը նախատեսում է քվեարկություն անցկացնել,
(բ) հստակեցնում է ամսաթիվը, որն արհմիությունը ողջամտերոն ենթադրում է, որ կլինի քվեարկությունը, և
(գ) պարունակում է —
(i) (2Ա) ենթաբաժնում նշված ցանկը և (2Բ) ենթաբաժնում նշված անձանց՝ բացատրության հետ միասին, թե ինչպես են այդ անձինք հասել այդտեղ կամ
...
(2Ա) Ցանկը ներառում է —
(ա) աշխատողների այն կատեգորիաների ցանկը, որոնք պատկանում են շահագրգիռ աշխատողների թվին, և
(բ) այն արտադրությունները, որտեղ շահագրգիռ աշխատողներն աշխատում են:
(2Բ) Անձանց ցանկը ներառում է —
(ա) շահագրգիռ աշխատողների ընդհանուր թիվը,
(բ) (2Ա)(ա) ենթաբաժնում նշված ցանկում ընդգրկված աշխատողների կատեգորիաներից յուրաքանչյուրում ընդգրկված շահագրգիռ աշխատողների թիվը, և
(գ) շահագրգիռ աշխատողների ընդհանուր թիվը, ովքեր աշխատում են (2Ա)(բ) ենթաբաժնում նշված արտադրությունների ցանկից յուրաքանչյուրում:
...
(2Դ) Այս բաժնում նշված ցանկերն ու անձինք կամ (2Գ) ենթաբաժնում նշված տեղեկատվությունը պետք է այնքան ճշգրիտ լինի որքան այն ողջամտորեն իրական կլինի այդ պահին արհմիության տրամադրության ներքո գտնվող տեղեկության լույսի ներքո»:
19. «Hydrex»-ի դեպքի կապակցությամբ դելիկտի արդյունքում առաջացած պատասխանատվությունից օրենսդրական պաշտպանությունն այն գործողությունների համար, որոնք ուղղված են վեճի շարունակմանը (1992 թվականի ակտի 219-րդ բաժին) սահմանափակված են նույն ակտի 244-րդ բաժնով՝ «աշխատողների և նրանց գործատուի միջև վեճ»: Երկրորդային գործողությունն Ակտի 224-րդ հոդվածով միանշանակ բացառված էր օրենսդրական պաշտպանությունից, որը սահմանում էր հետևյալը.
«(2) Աշխատանքային վեճի կապակցությամբ երկրորդային գործողությունը հնարավոր է միայն ու միայն այն դեպքում, երբ անձը —
(ա) դրդում է մեկ ուրիշին լուծելու զբաղվածության պայմանագիրը կամ միջամտում է կամ դրդում է մեկ ուրիշին իր ներկայությամբ, կամ
(բ) սպառնում է, որ զբաղվածության պայմանագիրը, որի մի կողմն է նա կամ մեկ ուրիշը հանդիսանում, կլուծարվի,
և զբաղվածության պայմանագրի կողմ հանդիսացող գործատուն վեճին մասնակից գործատուն չէ»:
Խաղաղ ցույցերի դրույթներն սահմանված են Ակտի 220-րդ հոդվածում, որը սահմանում է.
«(1) Անձի կողմից առևտրային վեճի շարունակության դրդումն օրինական է—
(ա) իր աշխատանքի վայրում կամ դրան կից տարածքում, կամ
(բ) եթե նա արհմիության պաշտոնատար անձ է, ապա արհմիության այն անդամի աշխատանքի վայրում կամ դրան կից տարածքում, ում ինքն ուղեկցում է և ում ինքը ներկայացնում է,
միայն խաղաղ ճանապարհով տեղեկություն ձեռք բերելու նպատակով կամ խաղաղ ճանապարհով մեկ այլ անձի հակելու աշխատանքի կամ ձեռնպահ մնալու աշխատելուց:
(2) Եթե անձն աշխատում է կամ որպես կանոն աշխատում է—
(ա) հակառակ դեպքում որևէ այլ վայրում կամ
(բ) այլ վայրում, եթե այդտեղ (1)-ին ենթակետում նշված նպատակի համար ներկայությունն անհնարին է,
իր աշխատանքի վայրում այդ ենթակետում նշված նպատակի համար ներկայությունը պետք է թույլատրվի նրա գործատուի կողմից»:
20. Երկու կողմերն էլ հղում են տվել նախորդ օրենսդրական ռեժիմին, որը երկրորդային գործողությունը ներառում էր օրենսդրական պաշտպանության շրջանակում: Կառավարությունը բացատրեց, որ երկրորդային գործողությունն առաջին անգամ օրենքից դուրս է հայտարարվել Արհմիությունների և արհմիութենական վեճերի մասին 1927 թվականի ակտով՝ ընդունված 1926 թվականի ընդհանուր գործադուլի արդյունքում: Իրավիճակը փոխվեց Արհմիությունների և արհմիութենական վեճերի մասին 1947 թվականի ակտով, որը վերացրեց արգելքը:
21. Հետագա բարեփոխումները տեղի ունեցան 1970-ական թվականներին: Արհմիությունների և աշխատանքային հարաբերությունների մասին 1974 թվականի ակտն ինդուստրիալ հարաբերությունների համար առաջարկում էր ավելի լայն պաշտպանություն, քան սույն գործում է: 13(1)-րդ բաժնում այն սահմանում էր հետևյալը (փոփոխված 1976 թվականին).
«Արհմիութենական ակտի շարունակման համար անձի կողմից կատարված գործողությունը չի կարող դելիկտ լինել միայն այն հիմքով, որ —
(ա) որ այն դրդում է այլ անձի լուծելու պայմանագիրը կամ այլ կերպ միջամտելու իր ներկայությամբ, կամ
(բ) որ այն պարունակում է պայմանագիրը լուծելու մասին սպառնալիք»:
22. Այս դրույթները քննարկվել են Լորդերի պալատի կողմից «Express NewspapersՍՊԸ-ն ընդդեմ MacShane-ն ու այլոք» ([1980] AC 672) գործում: Գործը վերաբերում էր թերթի արտադրությունում երկրորդային գործողությանը, որն առաջնորդում էր Լրագրողների ազգային միությունը: Պալատի մեծամասնությունը գտավ, որ անհրաժեշտ է տեստ կիրառել պարզելու համար, թե գործողությունն արդյոք օգտվում է 13(1)-րդ բաժնի պաշտպանությունից, թե՝ ոչ: Լորդ Ուիլբերֆորսը չհամաձայնեց տեստի բովանդակության հետ, սակայն համաձայնեց հետևության հետ, որ արհմիության դեմ դրված արգելքը պետք է վերացնել:
23. Չնայած դիմողը պնդեց, որ «MacShane»-ի վճիռն իրավունքի զարգացման վրա էական ազդեցություն չունեցավ, և այդ պատճառով այն ուղղակի հաստատեց օրենսդրական տեքստի մեկնաբանությունը, սակայն գործը խորհրդարանական բանավեճերի արդյունքում հանգեցրեց Զբաղվածության մասին 1980 թվականի ակտի ընդունմանը և հանդիսացավ երկրորդային գործողության նկատմամբ արգելքի սահմանման հիմնական պատճառներից մեկը (այդ Ակտի 17-րդ բաժնում): 1980 թվականի ակտը երկրորդային գործողության համար անձեռնմխելիություն էր ապահովում, եթե երեք վավերապայմաններ էին բավարարված. (i) եթե այն ձեռնարկվել էր գործատուի հետ կապակցված գործատուների դեմ, որոնք ուղեկցում էին նրան վեճի ընթացքում, (ii) եթե դրա սկզբունքային նպատակը վեճին ներգրավված գործատուի և նրա մատակարարների կամ սպառողների միջև ուղղակիորեն ապրանքների կամ ծառայությունների մատակարարման խոչընդոտումն էր կամ խափանումը վեճի ընթացքում, և (iii) եթե այդ նպատակին հասնելը հավանական էր:
24. Գործող կանոնն ի սկզբանե ամրագրված էր Զբաղվածության մասին 1990 թվականի ակտով և օրենսդրական կարգով վերոհիշյալ տերմիններով վերաամրագրվել էր 1992 թվականի ակտում:
25. Կողմերն վիճակագրական տվյալներ են ապահովել ինդուստրիալ գործողությունների հետևանքով Միացյալ Թագավորությունում կորսված օրերի արժեքի վերաբերյալ՝ սկսած 1970-ական թվականներից: Կառավարությունը նշել է, որ այդ տասնամյակում կորսված օրերի արդյունքում պատճառված վնասի միջին չափը կազմել է 12.9 միլիոն: Այն 1980-ական թվականներին կրճատվել է մինչև օրեկան 7.2 միլիոնի: Սկսած 1990-ական թվականների սկզբներից մինչև մեր օրերը պատկերն ավելի քիչ է տարեկան կազմելով միջինը 700 000: Այս հետընթացի մի մասը պայմանավորված է երկրորդային գործողության նկատմամբ արգելքով: Դիմողը վիճարկել է այս մեկնաբանությունը: Նա նկատել է, որ տրամադրված վիճակագրությունը չի տարբերակում առաջնային և երկրորդային գործադուլները: Հետևաբար անհնար է հստակ որոշել երկրորդային գործադուլների արժեքը 1980-ական թվականներին և հետևաբար անհնար է գնահատել 1980 թվականի և 1990 թվականի արգելքների ազդեցությունը:
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
26. Իր գանգատի հիմնավորման համար դիմողը ներառել է այլ միջազգային գործիքների հղումներ և իրավասու մարմինների կողմից նրանց տրված մեկնաբանություններ: Այս նյութերի ամենահամապատասխան և ընդգծված մասերը հետևյալն են.
Ա. Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաները
27. Թեև Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունված կոնվենցիաներում գործադուլի իրավունք տվող որևէ դրույթ առկա չէ, սակայն և՛ Միավորման ազատության կոմիտեն, և՛ Կոնվենցիայի ու հանձնարարականների կիրառման վերաբերյալ փորձագետների կոմիտեն («Փորձագետների կոմիտե») աստիճանաբար զարգացրել է գործադուլի իրավունքի վերաբերյալ սկզբունքներ՝ հիմնված Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի մասին 1948 թվականի կոնվենցիայի (թիվ 87) 3-րդ և 10-րդ հոդվածների վրա (համառոտագրված «Գլոբալիզացիային տալով մարդկային կերպարանք», Աշխատանքի միջազգային գրասենյակ, 2012 թվական, 117-րդ պարագրաֆում): Այս Կոնվենցիան Միացյալ Թագավորության կողմից վավերացրել է 1949 թվականի հունիսի 27 :
1. Ծանուցման պահանջների վերաբերյալ
28. Փորձագետների կոմիտեն մի քանի անգամ մեկնաբանել է Միացյալ Թագավորությունում ինդուստրիալ գործողության ծանուցման պահանջների կարգավորումը: Դիմողը հղում է տվել 2008 թվականին ընդունված հետևյալ հայտարարությունը.
«Իր նախորդ մեկնաբանություններում Կոմիտեն հաշվի է առել ԱԿ-ի կողմից տրված մեկնաբանություններն այն նպատակով, որ ինդուստրիալ գործողությունների մասին ծանուցմանը ներկայացվող պահանջները, պաշտպանված անձեռնմխելիությամբ, անիրավաչափ ձևով բարդեցված էին: Կոմիտեն նկատում է, որ ըստ Կառավարության մի շարք գործողություններ արդեն ձեռնարկվել էին «TULRA»-ի 226-235-րդ և Հրամանի 104-109-րդ բաժինները պարզեցնելու համար. ավելին, որպես ծրագրի մաս 2006 թվականի դեկտեմբերին հրապարակված աշխատանքային իրավունքի ասպեկտները պարզեցնելու համար Կառավարությունն արհմիություններին հրավիրել է քննարկելու արհմիութենական իրավունքը պարզեցնելու հարցերը: Սկսած այդ պահից Կառավարությունն ԱԿ-ի հետ քննարկումներ է կազմակերպել ինդուստրիալ գործողությունների ծանուցման մասին օրենսդրությունը պարզեցնելու վերաբերյալ: Այս քննարկումները շարունակվում են: Կոմիտեն նկատում է, որ իր վերջին մեկնաբանություններում ԱԿ-ն արձանագրել է, որ այդ բարեփոխումներում զարգացում չի նշմարվել: Կոմիտեն Կառավարությանը խնդրել է մատնանշել այս կապակցությամբ արձանագրված զարգացումը»[1]:
29. Վերջերս Միացյալ Թագավորությանն ուղղված անմիջական խնդրանքով Փորձագետների կոմիտեն հայտարարեց.
«Իր նախորդ մեկնաբանություններում Կոմիտեն ուշադրություն է դարձրել Արհմիությունների կոնֆեդերացիայի (ԱԿ) կողմից կատարված մեկնաբանություններին այն նպատակով, որ ինդուստրիալ գործողությունների մասին ծանուցմանը ներկայացվող պահանջները, պաշտպանված անձեռնմխելիությամբ, անիրավաչափ ձևով բարդեցված էին: Կոմիտեն խնդրեց Կառավարությանը շարունակել ապահովել տեղեկատվություն ցանկացած զարգացման վերաբերյալ, ինչպես նաև այդ պահանջների կիրառման վերաբերյալ որևէ համապատասխան վիճակագրություն կամ զեկույց: Կոմիտեն ուշադրություն է դարձնում Կառավարության մատնացույց արած՝ Վերաքննիչ դատարանի որոշումներին «RMT ընդդեմ Serco-ին» և «ASLEF ընդդեմ London Midland (2011) EWCA 226»-ի գործերով, որոնցով վերացվել էր գործատուների կողմից երկու հիմնական ազգային տրանսպորտային արհմիությունների դեմ դրված դատական արգելքը: Երկու գործերով էլ դատական արգելքը դրվել էր քվեարկության և ծանուցման օրենսդրական ընթացակարգերի պահանջները խախտելու համար: Այս գործը վերջիններ էր այն դատական գործերի շարքից, որոնք գնահատում էին արհմիությունների վրա դրված տեխնիկական պահանջներն ապահովելու գործադուլի օգտին քվեարկությունը: Այս գործերով Վերաքննիչ դատարանը սահմանեց որոշակի առանցքային պարզաբանումներ, որպիսի ապագայում գործատուների համար դժվար լինի դատական արգելքի սահմանումը գործադուլի քվեարկության և ծանուցման մասին պահանջների խախտման համար: Միևնույն ժամանակ կոմիտեն ցանկանում է ընդգծել ԱԿ-ի դիտարկումը, որ այս որոշումներն ամբողջությամբ չեն լուծում խնդիրը և օրենսդրությունը շարունակում է արհմիությունների վրա անհամարժեք պահանջեր դնել: Կոմիտեն այս զարգացումներին վերաբերում է հետաքրքրությամբ և Կառավարությանը խնդրում է իր մեկնաբանությունները ներկայացնել ԱԿ-ի կողմից բարձրացված դիտարկումների վերաբերյալ»[2]:
2. Երկրորդային գործողության վերաբերյալ
30. Փորձագետների կոմիտեն հետևյալ մոտեցումն է որդեգրել.
«Այսպես կոչված «համակրանքի գործադուլի» կապակցությամբ Կոմիտեն գտնում է, որ գործադուլային գործողության այս տեսակի բացարձակ արգելքը կարող է հանգեցնել չարաշահումների հատկապես գլոբալիզացիայի պայմաններում, որի բնութագրիչ հատկանիշը փոխկապակցվածություն է, և հետևաբար աշխատողները պետք է օժտված լինեն նման գործողություն իրականացնելու իրավասությամբ, եթե առաջնային գործողությունն օրինական է»:
(Գլոբալիզացիային տալով մարդկային կերպարանք, op. cit., 125-րդ պարագրաֆում):
31. Միավորման ազատության կոմիտեն նույնպես գտավ, որ այս տեսակի ինդուստրիալ գործողությունը պաշտպանվում է միջազգային իրավունքի կողմից.
«Համակրանքի գործադուլների ընդհանուր արգելքը կարող է հանգեցնել չարաշահումների և աշխատողները պետք է ունակ լինեն ձեռնարկելու նման գործողություններ, եթե նախնական գործադուլն ինքնին օրինական է»:
«Կոլեկտիվ վեճի հետ չկապնված գործադուլի նկատմամբ արգելքը, որի մասնակիցներն են աշխատողներն ու արհմիությունները, հակասում է միավորման ազատության սկզբունքին»:
(Միավորման ազատություն, ԱՄԿ-ի կառավարվող մարմնի՝ Միավորման ազատության կոմիտեի որոշումների և սկզբունքների ընկալումը, 5-րդ (վերանայված) հրատարակություն, Աշխատանքի միջազգային գրասենյակ, 2006 թվական, 534 և 538 պարագրաֆներ):
32. Միացյալ Թագավորության կողմից թիվ 87 կոնվենցիայի պահպանման վերաբերյալ հետևություններում Փորձագետների կոմիտեն անընդհատ քննադատել է այն հանգամանքը, որ երկրորդային գործողություններն անօրինական են: Միացյալ Թագավորության վերաբերյալ նախնական քննադատությունը ներառված է եղել 1989 թվականի[3] դիտարկումներում.
«Կոմիտեն նկատում է, որ ստատուտային իրավունքը գործադուլային իրավունքը և ինդուստրիալ բոլոր գործողությունների տեսակները դիտարկում է որպես անօրինական՝ որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտ: Սա նշանակում է, որ աշխատողներն ու արհմիությունները, որոնք ներգրավված են նման գործողությանը, պատասխանատու են գործատուների (կամ այլ անձանց) կրած վնասների համար: Կոմիտեն կարծում է, որ անսահմանափակ հասանելիությունը նման փոխհատուցումներին կհանգեցնի նրան, որ աշխատողներն իրենց սոցիալական և տնտեսական շահերի պաշտպանության համար կհրաժարվեն գործադուլ կամ այլ ինդուստրիալ գործողություն ձեռնարկելուց:
Այդ պատճառով շատ կարևոր է, որ աշխատողներն ու արհմիությունները քաղաքացիաիրավական պատասխանատվությունից ունենան որոշակի աստիճանի պաշտպանվածություն: Սկսած 1906 թվականից եղել է այս իմպերատիվի օրենսդրական ամրագրում «անձեռնխելիություններ» շարք ձևով: «Անձեռնմխելիությունների» ընթացիկ տարբերակը հիմնադրվել է Արհմիությունների և աշխատանքային հարաբերությունների ակտի մասին 1974 թվականի ակտով:
Այս պաշտպանությունների շրջանակը սկսած 1980 թվականից մի քանի անգամ նեղացվել է: Կոմիտեն նկատում է, որ, օրինակ՝ 1974 թվականի ակտի 15-րդ բաժինն այնպես էր փոփոխվել, որ սահմանափակում էր ցույցերի իրավունքը միայն սեփական աշխատանքի վայրում, կամ 1980 թվականի ակտի 17-րդ բաժինն արգելում էր երկրորդային գործողությունն այն գործատուի դեմ, ով անմիջականորեն վեճի մասնակից չէ: Բացի դրանից, 1974 թվականի ակտի 29-րդ բաժնում «արհմիութենական վեճ» հասկացությունն այնքան էր նեղացվել, որ տարածվում էր միայն աշխատողների և նրանց գործատուների միջև վեճերի վրա:
Միասին վերցրած այս փոփոխություններն աշխատողների ու արհմիությունների համար փաստացի անհնարին էին դարձնում օրինական ձևով ներգրավվելու որևէ բոյկոտի կամ համերաշխության գործողության ընդդեմ այն կողմի, ով անմիջականորեն ներգրավված չի վեճին: Կոմիտեն երբեք վճռական դիրքորոշում չի արտահայտել բոյկոտի օգտագործման՝ որպես գործադուլի իրավունքի իրականացման ձևի վերաբերյալ: Այնուամենայնիվ կոմիտեն գտնում է, որ եթե բոյկոտն անմիջականորեն վերաբերում է սկզբնական և երկրորդային վեճին ներգրավված աշխատողների սոցիալական և տնտեսական շահերին և եթե առաջնային ու երկրորդային գործողություններն ինքնին անօրինական չեն, ապա բոյկոտը պետք է դիտարկվի որպես գործադուլի իրավունքի իրավաչափ իրականացում: Սա ամբողջությամբ համապատասխանում է համերաշխության գործադուլի կապակցությամբ Կոմիտեյի կողմից ընդունված մոտեցմանը:
Կոմիտեն գտնում է, որ համերաշխության գործադուլների ընդհանուր արգելումը կարող է հանգեցնել չարաշահումների և աշխատողները պետք է օժտված լինեն նման գործողություն ձեռնարկելու իրավասությամբ ապահովելու առաջնային գործադուլի հաջողությունը, եթե վերջինս ինքնին օրինական է»:
33. Փորձագետների կոմիտեն Միացյալ Թագավորությունում արգելքի վերաբերյալ հստակ դիրքորոշում չի ընդունել մինչև 1995 թվականը, երբ վերջինս սահմանեց հետևյալը.
«Կոմիտեն Կառավարության ուշադրությունը հրավիրում է Կոլեկտիվ բանակցությունների և միավորման ազատության վերաբերյալ 1994 թվականի իր հետազոտության 168-րդ պարագրաֆի վրա, որտեղ նա մատնանշել է, որ համերաշխության գործադուլների ընդհանուր արգելքը կարող է հանգեցնել չարաշահումների և աշխատողները պետք է օժտված լինեն նման գործողություն ձեռնարկելու իրավասությամբ ապահովելու առաջնային գործադուլի հաջողությունը, եթե վերջինս ինքնին օրինական է: Անձեռնմխելիության վերացումը նման հնարավորություն է ստեղծում և հետևաբար լուրջ խոչընդոտ է պարունակում աշխատողների կողմից համերաշխության գործադուլ իրականացնելու իրավունքի իրականացման նկատմամբ»:
Այս տեսակետը նա պաշտպանել է իրավիճակի վերաբերյալ կատարված իր վերջին վերլուծությունից (2012 թվականի դիտարկում).
«Գործադուլների և այլ ինդուստրիալ գործողությունների համար քաղաքացիական պատասխանատվությունից անձեռնմխելիության մասին («TULRA»-ի 223-րդ և 224-րդ բաժիններ). իր նախորդ մեկնաբանություններում Կոմիտեն նկատեց, որ ըստ ԱԿ-ի, նկատի ունենալով ինդուստրիալ հարաբերությունների համակարգի ապակենտրոնացված բնույթը, աշխատողների համար անհրաժեշտ է ապահովել հնարավորություն գործողություններ ձեռնարկելու այն գործատուների դեմ, ովքեր հեշտությամբ կարող են խաթարել արհմիության գործունեությունը համակարգային կորպորատիվ կառուցվածքների, աշխատանքի տրանսֆերի կամ կազմակերպությունների լուծարման միջոցով: Կոմիտեն որպես կանոն բարձրացրել է ինդուստրիալ գործողություններ ձեռնարկելու իրավունքը պաշտպանելու անհրաժեշտությունն այն հարցերով, որոնք ազդում են նրանց վրա և նույնիսկ այն դեպքերում, երբ անմիջական գործատուն վեճի կողմ չէ, ինչպես նաև ապահովել համերաշխության մասնակցությունը համերաշխության գործադուլներին առաջնային գործադուլի պաշտպանության համար, եթե առաջնային գործադուլն ինքնին օրինական է: Կոմիտեն նկատի է ունենում Կառավարության հայտնածը, որ (1) իր դիրքորոշումը՝ արձանագրված 2006-2008 թվականների զեկույցում, մնում է անփոփոխ, որ հիմնավորումը չի փոխվել և հետևաբար ինքը պլաններ չունի փոփոխելու իր օրենսդրությունն այս ոլորտում, և (2) այս հարցը կազմում է հայցի մի մասը ներկայացված ՄԻԵԴ-ին Տրանսպորտային, ծովային և երկաթուղային աշխատողների ազգային միության (Տ.Ծ.Ե.) և որ Դատարանը դեռևս չի լուծել գործը: Կոմիտեն կրկնում է նախկինում բարձրացված իր մտահոգությունը, որ տնտեսության գլոբալիզացիան և աշխատանքի կենտրոնների ապակենտրոնացումը կարող է էական ազդեցություն ունենալ աշխատողների կազմակերպությունների՝ իրենց գործունեությունն այնպիսի եղանակով կազմակերպելու իրավունքի վրա, որ արդյունավետորեն պաշտպանեն իրենց անդամների շահերը: Այս հանգամանքներում Կոմիտեն կրկին խնդրում է Կառավարությանը սոցիալական գործընկերների հետ երկխոսության արդյունքում վերանայել «TULRA»-ի 223-րդ և 224-րդ բաժինները և հաջորդ զեկույցին տրամադրել լիարժեք տեղեկատվություն այդ երկխոսությունների արդյունքների վերաբերյալ»[4]:
(Աշխատանքի միջազգային կոնֆերանսում Փորձագետների կոմիտեյի զեկույցը, 102-րդ նստաշրջան, 2013 թվական, 195-196 էջեր):
Բ. Եվրոպական սոցիալական խարտիա
34. Գործադուլի իրավունքը պաշտպանվում է Եվրոպական սոցիալական խարտիայի 6-րդ հոդվածի 4-րդ մասի կողմից, որը Միացյալ Թագավորության կողմից վավերացվել է 1962 թվականի հուլիսի 11-ին: Վերջինս սահմանում է հետևյալը.
«Կոլեկտիվ գործարքների կնքման իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
...
[և] ճանաչում են՝
4. շահերի բախման դեպքում աշխատողների և գործատուների համատեղ գործողությունների անցկացման իրավունքը՝ ներառյալ գործադուլների իրավունքը` այն պարտավորություններին ենթարկվելու պայմանով, որոնք կարող են ծագել նախօրոք կնքված կոլեկտիվ համաձայնագրերից»:
1. Ծանուցման պահանջների վերաբերյալ
35. Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն (ՍԻԵԿ) վերլուծել է գործադուլի քվեարկության վերաբերյալ Բրիտանիայի կանոնները և գտել է, որ դրանք չեն համապատասխանում գործադուլի իրավունքի արդյունավետ իրականացմանը: Այս հարցի վերաբերյալ իր գնահատականում (Թիվ XIX-3 եզրակացություններ, 2010 թվական) նա հայտարարել է.
«Իր նախորդ եզրակացություններում Կոմիտեն գտել էր ... որ գործադուլի վերաբերյալ քվեարկության մասին գործատուին հավելյալ ծանուցելը, բացի գործադուլի մասին ծանուցելուց, անհամաչափ պայման է (նույնիսկ Աշխատանքային հարաբերությունների մասին թիվ (ERA)2004 ակտի պարզեցված պահանջների պայմաններում): Քանի որ այս դեպքում որևէ փոփոխություն չի եղել, Կոմիտեն կրկնում է իր հետևությունը, որ այս կապակցությամբ դրությունը չի համապատասխանում Խարտիայի 6-րդ հոդվածի 4-րդ մասին»:
2. Երկրորդային գործողության վերաբերյալ
36. Ինչպես ԱՄԿ Փորձագետների կոմիտեն, այնպես էլ ՍԻԵԿ-ը համապատասխանաբար քննադատել է Միացյալ Թագավորությունում տիրող իրադրությունը: Հարցի վերաբերյալ իր առաջին հետևությունում (թիվ XIII-1 եզրակացություններ, 1993 թվական) նա հայտարարեց.
«Հղում տալով զեկույցին՝ Կոմիտեն նկատեց, որ գործադուլի իրավունքի սահմանափակման վերաբերյալ Կառավարության գնահատականները Մեծ Բրիտանիայում ամրագրվել են Զբաղվածության մասին 1990 թվականի ակտով: Մասնավորապես, այն նկատում է, որ քանի դեռ Կառավարությունն ընդգծում էր գործադուլներին ներգրավված աշխատողներին ազատելու գործատուների իրավունքի պաշտպանության կարևորությունը, ինքն ընդգծում է, որ օրենսդրությունը շարունակում է պարունակել դրույթներ, որոնք.
(i) թույլատրում են իրենց աշխատանքի վայրում խաղաղ ցույցերի հատուկ պաշտպանությունը,
(ii) ապահովում են օրենսդրական անձեռնմխելիություն խաղաղ և օրինական ցույցերի համար,
(iii) ապահովում են օրենսդրական անձեռնմխելիություն օրինական աշխատանքային վեճերի համար:
Կոմիտեն նաև ընդգծում է ԱՄԿ Փորձագետների կոմիտեի վերջերս տրված գնահատականները, որոնք խորհուրդ են տալիս փոփոխել օրենսդրությունը՝ այն համապատասխանեցնելով ԱՄԿ թիվ 87 կոնվենցիայի (Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի մասին 1948 թվականի կոնվենցիա) միավորվելու ազատության սկզբունքին:
Հաշվի առնելով այս տեղեկությունն ու նկատելով, որ անհատներին անձեռնմխելիություն չի առաջարկվում հետևյալ հարցերի՝
- երկրորդային ինդուստրիալ գործողության,
- ոչ պաշտոնական գործողությանը մասնակցած և աշխատանքից ազատված աշխատողների պաշտպանության համար կազմակերպված ինդուստրիալ գործողության
կապակցությամբ Կոմիտեն 12-րդ վերահսկողության շրջանում նշված պատճառներով կրկնում է իր նախորդ բացասական եզրակացությունը (1990-1991 թվականների համար թիվ XIII-I եզրակացություններ)»:
37. Այս հարցի կապակցությամբ ՍԻԵԿ-ի վերջին հայտարարության (թիվ XIX-3 եզրակացություններ, 2010 թվական) մեջ ասված է.
«Իր նախորդ եզրակացություններում ... Կոմիտեն գտավ, որ օրինական կոլեկտիվ գործողությունը սահմանափակված է աշխատողների և նրանց գործատուների վեճերով, ինչն էլ արհմիություններին խոչընդոտում է գործադուլ իրականացնել դե ֆակտո գործատուների դեմ, եթե վերջիններս նրանց անմիջական գործատուն չէ: Բացի դրանից այն նկատեց, որ Բրիտանիայի դատարանները բացառում են կոլեկտիվ գործողությունների ձեռնարկումն ապագա գործատուի և աշխատանքային պայմանների դեմ բիզնեսի մի մասի տրանսֆերի համատեքստում (Լոնդոնի համալսարանական քոլեջի ազգային առողջապահական ծառայության հիմնադրման ընդդեմ «UNISON»-ի): Բացի դրանից Կոմիտեն գտավ, որ Միացյալ Թագավորությունում օրինական կոլեկտիվ գործողության միջոցով սեփական անդամների շահերը պաշտպանելու շրջանակը խիստ սահմանափակ է: Հաշվի առնելով, որ իրավիճակում փոփոխություններ չեն եղել, Կոմիտեն կրկնում է իր հետևությունը, որ այս կապակցությամբ այդ իրադրությունը չի համապատասխանում Խարտիայի 6-րդ հոդվածի 4-րդ մասին»:
Գ. Հիմնարար իրավունքների մասին Եվրոպական Միության Խարտիա
Համապատասխան դրույթները հետևյալն են.
«12-րդ հոդված
Հավաքների և միավորման ազատություն
1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների և միավորվելու ազատության իրավունք բոլոր մակարդակներում, մասնավորապես՝ քաղաքական, արհմիութենական և քաղաքացիական հարցերով, որոնք կիրառելի են նաև սեփական շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը
...
28-րդ հոդված
Կոլեկտիվ բանակցություններ վարելու և կոլեկտիվ գործողություններ ձեռնարկելու իրավունք
Աշխատողներն ու գործատուներն իրենց կազմակերպություններում Ընկերակցության իրավունքին և ազգային օրենսդրությանն ու պրակտիկային համապատասխան ունեն համարժեք մակարդակներում ունեն կոլեկտիվ բանակցություններ վարելու և կոլեկտիվ պայմանագրեր կնքելու իրավունք, իսկ շահերի բախման դեպքում իրենց շահերի պաշտպանության համար ունեն նաև կոլեկտիվ գործողություններ, այդ թվում՝ գործադուլ ձեռնարկելու իրավունք»:
28-րդ հոդվածը նախատեսված է Խարտիայի 4-րդ գլխում: Միացյալ Թագավորության մասով պետք է հղում կատարել Եվրոպական Միության գործունեության մասին պայմանագրի արձանագրությանը (թիվ 30): Վերջինս սահմանում է հետևյալը.
«1-ին հոդված
...
2. Մասնավորապես անհստակությունից խուսափելու համար Խարտիայի 4-րդ գլուխը Միացյալ Թագավորության ու Լեհաստանի համար չի նախատեսում դատական պաշտպանության ենթակա որևէ իրավունք, քանի դեռ Միացյալ Թագավորությունն ու Լեհաստանն իրենց ազգային օրենսդրությունում չեն նախատեսել նման իրավունքներ»:
IV. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԱՐՐԵՐ
38. Կողմերը երկրորդային գործադուլների կապակցությամբ ներկայացրել են համեմատական իրավունքի որոշակի տարրեր: Երկուսն էլ հղում են տվել Եվրոպայում ինդուստրիալ գործողությունների կարգավորման համեմատական հետազոտութանը (Գործադուլի կանոնները ԵՄ 27 պետություններում և ավելին, համեմատական հետազոտություն[5], Ու. Ուարնեկ, Եվրոպական արհմիությունների հետազոտության ինստիտուտ, Կրթություն, առողջություն և անվտանգություն, 2007 թվական): Ըստ այս աղբյուրի Եվրոպական Միության անդամ պետությունների մեծամասնությունում երկրորդային գործադուլը պաշտպանված կամ թույլատրված է կամ հանդիսանում է տարբեր սահմանափակումների ու վավերապայմանների առարկա: Ինչպես Միացյալ Թագավորությունում, այնպեսլ էլ Ավստրիայում, Լյուքսեմբուրգում և Հոլանդիայում երկրորդային գործողությունն արգելված է:
39. Իրենց նախնական դիրքորոշումներում Կառավարությունը Միացյալ Թագավորությունում ստեղծված իրավիճակն արդարացնելու համար հղում է տվել հետևյալ պետությունների իրավակարգավորմանը, մասնավորապես՝ Իսպանիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Ավստրիայի, Նորվեգիայի, Դանիայի և Գերմանիայի: Նրանք պնդել են, որ դրանք մատնացույց են Եվրոպայում տիրող միտումը հնարավորինս շատ սահմանափակող պայմաններ նախատեսելու երկրորդային գործողության համար, քան նախնական ինդուստրիալ գործողության համար: Պատասխանելով դրան՝ դիմողը Դատարանին տրամադրել է եվրոպական մի քանի պետությունների աշխատանքային իրավունքի փորձագետների հայտարարությունները, որոնք հերքում են Կառավարության այս փաստարկները: Դիմողն եզրակացրեց, որ այս կապակցությամբ Կոնվենցիայի մասնակից պետությունների շարքում Միացյալ Թագավորությունն ամենասահմանափն է: Կառավարությունը եզրակացրեց, որ, չնայած Եվրոպայում ինդուստրիալ հարաբերությունների համակարգերի և ավանդույթների մեծ տարբերությանը, ներկայացված նյութերը ցույց են տալիս, որ բազմաթիվ պետություններ տարբերակում են դնում նախնական և երկրորդային գործողությունների միջև՝ առավելապես սահմանափակելով երկրորդային գործողությունը: Դիմողների կողմից ներկայացված իրավունքը չի պաշտպանվում որևէ եվրոպական իրական կոնսենսուսի կողմից:
40. Դատարանը նկատում է, որ համեմատական տեղեկատվությունը մատչելի է Եվրոպական սոցիալական խարտիայի մոնիտորինգային մեխանիզմից[6]: Ինչպես նշվել է վերը, այս մարմինն անընդհատ քննադատում է Միացյալ Թագավորությունում տիրող իրավիճակը, որն այս հիմքով իրականացվող քննադատության առարկա հանդիսացող միակ պետությունն է հանդիսանում: Հետևյալ պետություններում՝ Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիայի Հանրապետություն, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Մալթա, Նորվեգիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիայի Հանրապետություն, Իսպանիա և Շվեդիա, վերջին տարիներին ՍԻԵԿ-ը մեկնաբանել է երկրորդային գործողությունների օրինականությունը (երբեմն օգտագործելով «համակրանքի» կամ «համերաշխության» գործողություն տերմինը): Հղում տալով մյուս երեք պետություններին, որոնք նշված էին Ուարնեկի հետազոտությունում, Դատարանը նկատում է, որ ՍԻԵԿ-ն այս հիմքով որևէ քննադատական խոսք չի ասել Հոլանդիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Որևէ մեկնաբանություն չի արել նաև Ավստրիայում կամ Լյուքսեմբուրգում տիրող նմանօրինակ իրավիճակի վերաբերյալ, որոնք նույնպես չեն ընդունել Սոցիալական խարտիայի 6-րդ հոդվածի 4-րդ պարագրաֆը:
41. Որոշակի համեմատական տեղեկատվություն հասանելի է նաև ԱՄԿ հրատարակություններից և իրավական շտեմարաններից: Օրինակ՝ Փորձագետների կոմիտեն հղում է տվել Թուրքիայի սահմանադրությունից համերաշխության գործադուլի նկատմամբ արգելքի վերացմանը (Գլոբալիզացիային տալով մարդկային կերպարանք, op. cit., 125-րդ պարագրաֆում): Այն նաև հղում է տվել Ալբանիայում, Վրաստանում և Լատվիայում համերաշխության գործադուլի օրինականությանը պետություններում թիվ 87 Կոնվենցիայի իմպլեմենտացիայի մասին իր հետազոտությունում: Միավորվելու ազատության կոմիտեն հղում է տվել Հունգարիայում համերաշխության գործադուլին (գանգատ թիվ 2775), և նկատել է, որ Ռուսաստանի օրենսդրությունը ոչ նախատեսում է, և ոչ էլ արգելում է նման գործողությունը (գանգատ թիվ 2251):
Ի լրումն դրա, Դատարանը նկատեց, որ Շվեյցարիայի օրենսդրությունը գործադուլները թույլատրում է, եթե նրանք «վերաբերում են աշխատանքային հարաբերություններին» (Սահմանադրության 28-րդ հոդվածի 4-րդ մաս): Ըստ սահմանադրական մեկնաբանության՝ գործադուլն իրականում պետք է վերաբերի աշխատանքային պայմաններին և չպետք է հետապնդի քաղաքական կամ կոորպորատիվիստական նպատակներ կազմակերպության կամ դրա մասնաճյուղից դուրս (Droit constitutionnel suisse, vol. II, Auer, Malinverni and Hottelier էջ 723):
ԻՐԱՎՈՒՆՔ
Թ. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
42. Դիմողը բողոքել է, որ վերոհիշյալ երկու իրավիճակները գործադուլ իրականացնելու համար քվեարկություն անցկացնելու մասին ծանուցագրին ներկայացվող օրենսդրական պահանջների ու երկրորդ կոլեկտիվ գործողության մասով անհամաչափորեն սահմանափակում են Կոնվենցիայի 11-րդ հոդվածով ամրագրված միավորվելու ազատության իր իրավունքը, որը սահմանում է հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը:
2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսել զինված ուժերի, ոստիկանության և պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքներիիրականացման նկատմամբ»:
43. Կառավարությունը վիճարկել է այս փաստարկումը:
44. Դատարանը հաջորդաբար կքննի դիմողի կողմից ներկայացված հանգամանքների երկու փաթեթները և առանձին-առանձին կանդրադառնա նրա կողմից բարձրացված Կոնվենցիոն հարցադրումներին:
Ա. Ընդունելիությունը
1.Գործադուլ իրականացնելու մասին քվեարկություն անցկացնելու ծանուցագիրը
45. Առաջին գանգատի կապակցությամբ, որով Կառավարության հետ կոմունիկացիա չի հաստատվել, Դատարանը գտավ, որ այն անընդունելի է հետևյալ պատճառաբանությամբ: Դիմողի կողմից ներկայացված գործանական օրինակի հանգամանքները, ինչպես շարադրել է դիմողը, մատնացույց են անում, որ թեև արհմիությունը հմտորեն հետաձգել է իր անդամների շահերը պաշտպանող գործողության իրականացումը, սակայն նա գործադուլն իրականացրել է երկու ամիս անց: Դիմողի թույլտվությամբ կատարված այդ գործողությունը հարկադրել է «EDF»-ին բարելավել արհմիության անդամներին ուղղված իր առաջարկությունը, ովքեր ընդունել են այն և ավելի ուշ այն ստացել է կոլեկտիվ պայմանագրի ուժ: Այդ հաջող ելքը չի կարող անտեսվել: Անբնական կլինի Դատարանի համար Տ.Ծ.Ե.-ի նկատմամբ դատական արգելքի հարցը քննարկել հետագա դեպքերից առանձնացված: Այսպիսով, այստեղ Դատարանի համար հիմք չկա եզրակացնելու, որ դիմողի կողմից Կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքների իրականացման միջամտություն է եղել, երբ նրանից պահանջել են իր գործողությունները համապատասխանեցնել օրենքով նախատեսված ընթացակարգային պահանջներին, որոնց նա հետևել է գործընթացի ժամանակ: Թեև այս պահանջներն այլ միջազգային մարմինների կողմից եղել են քննադատության առարկա (տե՛ս վերը՝ Փաստական հանգամանքների 3-րդ մասը), սակայն Դատարանը կարող է գանգատը քննել միայն կոնկրետ հանգամանքների լույսի ներքո: Այն գտնում է, որ իրականում այն, ինչ բացահայտում է «EDF» իրավիճակը վերջնական արդյունքում դիմողի կողմից իր անդամների համար իրականացրած հաջող կոլեկտիվ գործողություն է: Գանգատն այս առումով ակնհայտ անհիմն է և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի ա) կետի և 4-րդ մասի համաձայն պետք է մերժվի որպես անընդունելի:
2. Երկրորդ գործադուլային գործողությունը
46. Գանգատի երկրորդ մասի կապակցությամբ ընդունելիության առաջին հարցը ծագում է այն հանգամանքից, որ դիմողը նույն բողոքը ներկայացրել է ԱՄԿ-ի միավորվելու ազատության կոմիտեյին: Սա տեղի է ունեցել գործը Դատարանին հանձնելուց հետո. Տ.Ծ.Ե.-ն իր դիմումում հայտարարել էր իր մտադրության մասին դիմելու Կոմիտեյին: 2013 թվականի հունիսի 6-ի նամակով դիմողը Դատարանին տեղեկացրել է, որ ինքն «անվերադարձ հրաժարվել է» այդ գանգատից: Կառավարությունը հայտնել է, որ մի քանի տարի զուգահեռ հարուցվել են երկու միջազգային գանգատներ և հետագայում դրանից մեկից հրաժարվելը Դատարանում տակտիկական առավելություն ստանալու նպատակով Դատարանի կողմից պետք է գնահատվի որպես գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում: Նրանք հավելեցին, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 2-րդ մասի (b) կետը (տեքստը շարադրված է ներքևը՝ կետ 48) չպետք է այնպես մեկնաբանվի, որ բացառի դրա կիրառությունն այն գործերի նկատմամբ, որոնցով դիմողն արդեն նույն հիմքով դիմել է մեկ այլ միջազգային ընթացակարգի: Իրենց դիրքորոշման մեջ նշված նման տառացի մեկնաբանությունը հակասում է Կոնվենցիայի նպատակին, քանի որ այն դիմողին թույլ կտա Կոնվենցիայի ներքո գանգատ ներկայացնել և հետո՝ հենց հաջորդ օրը, նույն գանգատը ներկայացնել մեկ այլ միջազգային մարմնի:
47. Դիմողը պատասխանեց, որ Կառավարությունը ողջ ընթացքում տեղյակ է եղել Կոմիտեյին ներկայացված գանգատի մասին՝ 2011 թվականի հուլիսին ներկայացնելով գանգատի վերաբերյալ իր պաշտոնական պատասխանը: Այդ պատասխանը փաստացի հղում է տալիս Դատարան ներկայացված առկա գանգատին՝ նկատելով, որ Տ.Ծ.Ե.-ն ուղղակիորեն իր հստակ առավելությունը տալիս է Կոնվենցիոն ընթացակարգին: Դրա պատճառն այն է, որ Միացյալ Թագավորությունը պարզապես անտեսել է ԱՄԿ համապատասխան մարմինների քննադատությունը, որտեղ նրան հարկադրել են կատարել դիմողի օգտին կայացված վճիռը: Նախքան Կոմիտեյի կողմից գանգատի վերաբերյալ որևէ որոշում ընդունելը ԱՄԿ-ին ներկայացված գանգատից հրաժարվելը նշանակում է, որ նույն գործի վերաբերյալ բազմակի միջազգային ընթացակարգերի առկայությունը վերացել է:
48. Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 2-րդ մասի (b) կետը սահմանում է.
«2. Դատարանը քննության չի ընդունում 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված ոչ մի անհատական գանգատ, եթե այն՝
(բ) ըստ էության այն նույն հարցն է, որը Դատարանն արդեն քննել է կամ որն արդեն հանձնվել է միջազգային քննության կամ կարգավորման այլ ընթացակարգի և չի բովանդակում գործին առնչվող նոր տեղեկություններ:
Ինչպես սահմանված է Դատարանի նախադեպային իրավունքում՝ այս դրույթը չի կիրառվում այն դեպքերի նկատմամբ, որոնցում դիմողը նույն գործով արդեն դիմել է մեկ այլ միջազգային մարմնի: Դատարանը գտել է, որ վճռորոշն ամսաթիվը չէ, այլ այն, թե գործն ըստ էության լուծող որոշումն արդյոք ընդունվել էր այն ժամանակ, երբ Դատարանը քննում էր գործը (Պերալդին ընդդեմ Ֆրանսիայի (dec.), գանգատ թիվ 2096/05, 2009 թվականի ապրիլի 7): Սույն գործով դա տեղի չի ունեցել (ի տարբերություն «POA»-ն և այլոք Միացյալ Թագավորության (dec.) գործի, գանգատ թիվ 59253/11, 2013 թվականի մայիսի 21, որտեղ դիմող արհմիությունն արդեն նույնաբովանդակ գանգատ էր ներկայացրել ԱՄԿ-ի միավորվելու ազատության կոմիտեյին, որը գործի ըստ էության քննության արդյունքում որոշում էր կայացրել): Ավելին, Դատարանը չի գտնում, որ դիմողը չարաշահել է գանգատ ներկայացնելու իր իրավունքը: Այն Դատարանից չի թաքցրել իր մտադրությունը դիմելու մեկ ուրիշ միջազգային ընթացակարգի (տե՛ս a contrario Սերեսեդա Մարտինն ու այլոք ընդդեմ Իսպանիայի գործը, գանգատ թիվ 16358/90, 1992 թվականի հոկտեմբերի 12, Որոշումներ և զեկույցներ 73, էջ 133): Իր որոշումը վերջնական արդյունքում օգտվելու այդ գանգատից՝ որպես նախազգուշական միջոցից, չի կարող Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի (ա) կետի իմաստով հանդիսանալ որպես չարաշահում: Դատարանը հետևաբար մերժում է այս մասով Կառավարության նախնական առարկությունը:
49. Կառավարությունն այնուհետև հայտնել է, որ երկրորդ գործադուլային գործողության հետ կապված գանգատը պետք է մերժել որպես ակնհայտ անհիմն գանգատ: Նրանք կարծում են, որ դիմողի՝ միավորվելու ազատության իրավունքի խախտում կամ նույնիսկ միջամտություն չի եղել, քանի որ 11-րդ հոդվածը չի վերաբերում երկրորդ գործադուլային գործողություն ձեռնարկելու որևէ իրավունքի: Ընդհակառակը, այդ դրույթի տառացի մեկնաբանությունից ակնհայտ է, որ այն վերաբերում է աշխատողների կողմից իրենց շահերի պաշտպանության համար կոլեկտիվ գործողություններ ձեռնարկելու իրավունքին: Գործադուլ անողների ընդհանրությունը, որը ոչ այլ ինչ է, քան մեկ այլ խումբ աշխատողների նկատմամբ համերաշխության դրսևորում, բացառում է այն անհրաժեշտ վավերապայմանը, որ գործադուլին մասնակցող անձանց անմիջական շահի և կոլեկտիվ գործողության միջև պետք է ուղղակի կապ լինի: Ներկայացված հանգամանքներից չի հետևում, որ «Hydrex»-ի կողմից աշխատանքի ընդունված Տ.Ծ.Ե. անդամների դրությունը որևէ կերպ չի վերաբերվել նրանց արհմիության այն անդամների դրությանը, ովքեր աշխատանքի էին ընդունվել «Jarvis»-ի կողմից.
50. Դիմողը մերժեց Կառավարության կողմից 11-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանությունը որպես շատ նեղ մեկնաբանություն:
51. Դատարանը գտնում է, որ այս մասով Կառավարության նախնական առարկությունը բարձրացնում է Կոնվենցիայի մեկնաբանության հարց, որը պետք է պատշաճ քննարկվի գանգատի ընդունելիության փուլում: Ուստի այն պետք է միացնել գործի ըստ էության քննության վերաբերյալ ներկայացված առարկությանը:
52. Քանի որ այն որևէ այլ հիմքով անընդունելի չէ, գանգատի երկրորդ մասը, որը վերաբերում է երկրորդ գործողությանը, այն պետք է հայտարարել ընդունելի:
Բ. Գործի ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
(ա) Դիմող արհմիությունը
53. Դիմողը հայտնել է, որ երկրորդ գործողության նկատմամբ արգելքը լրջորեն սահմանափակել է իր իրավունքն արդյունավետորեն պաշտպանելու «Hydrex»-ի իր անդամներին ընդդեմ նրանց աշխատանքային պայմանների և ժամկետների էական կրճատման: «Jarvis»-ում համագործակցության գործադուլի կազմակերպումը մեծապես հավանական էր դարձնում, որ «Hydrex»-ը կհրաժարվի իր մտադրությունից: «Hydrex»-ի կողմից նման քիչ թվով աշխատողներ ընդունելու պատճառով գործադուլի ազդեցությունն աննշան կլիներ: Օրինական բոյկոտի խիստ սահմանափակ հնարավորությունը որևէ տարբերություն չէր ունենա: Ղեկավարության կողմից կատարված փոփոխված առաջարկությունը թեև արհմիության ղեկավարությանը դրական լույսի ներքո էր ներկայացվել, սակայն միաձայն մերժվել էր նրանց կողմից որպես լիովին ոչ ադեկվատ առաջարկություն: Դիմողը հայտարարեց, որ «Jarvis»-ի իր անդամների կողմից գործադուլը նախաձեռնվել էր ոչ թե բացառապես իրենց նախկին գործընկերների նկատմամբ համերաշխության նպատակով, այլ նաև այն պատճառով, որ կանխեն իրենց աշխատանքային պայմանների վատթարացումը: Հաշվի առնելով նրանց աշխատանքի ընդունելու բարձր մրցակցային պայմանները՝ մեկ ընկերության կողմից ընդունված որոշումը կրճատելու իր աշխատակազմի ծախսերը, կարող էր հանգեցնել համանման կրճատումների նմանատիպ կազմակերպություններում: Ինչպես ցույց է տալիս «Hydrex»-ի դեպքը, կազմակերպության համար շատ դյուրին է աշխատողներին կրճատելը, իսկ հետագայում նրանց ավելի անբարենպաստ պայմաններով աշխատանքի ընդունել: Երկրորդ գործողության նկատմամբ սահմանափակումը խափանիչ ազդեցություն ուներ արտադրության այդ ոլորտում իր բոլոր անդամների շահերի պաշտպանության համար ձեռնարկվող գործողության համար՝ ի վնաս նման իրավիճակում գտնվող բոլոր աշխատողների համար: 1980-ական թվականներից սկսած Բրիտանիայի տնտեսությունում կոլեկտիվ համաձայնագրերի ազդեցության էական և կայուն անկում է նկատվել, ինչն ավելի կարևոր է դարձնում արհմիություններին թույլատրելն արդյունավետ պաշտպանելու իր անդամների շահերը: Դիմողի կարծիքով միայն 1980 թվականին նախորդող ժամանակահատվածում է, որ ներպետական օրենսդրությունն ադեկվատ պաշտպանել է երկրորդային գործադուլային գործողությունը: Այդ ժամանակ Կառավարությունը գլխավորող իշխանությունն անհրաժեշտ չէր համարում սահմանափակել այն: 1980 թվականի և 1992 թվականի օրենսդրությունների օբյեկտն արհմիությունների դերն ու ադեցությունը խաթարելն էր՝ աշխատողներին թողնելով չպաշտպանված դրության մեջ: Կառավարության առարկությունը, որ գործադուլը վնասում էր 1970-ական ու 1980-ական թվականների տնտեսությունը, ապացուցված չէ և նույնիսկ չափազանցված է ու իրականությանը չի համապատասխանում: Չնայած որևէ իրական հավաստի ապացույցի բացակայությանը՝ արհմիություններն անարդարացիորեն 30 տարի մեղադրվում էին Բրիտանիայի տնտեսության վատ վիճակի համար, որն էլ պատճառ հանդիսացավ խիսը սահմանափակ օրենսդրության ընդունման համար:
54. Պատասխանելով Կառավարության փաստարկին, որ երկրորդ գործողությունն իր բնույթով այնպիսին էր, որ ինդուստրիալ վեճին ընդգրկեց այն աշխատողներին, ովքեր այդ վեճի կողմ չէին և ում նկատմամբ նրանք վերահսկողություն չունեին, դիմողը հայտնեց, որ նման դիտարկումները չեն համապատասխանում գործի փաստական հանգամանքներին: Այն միայն կարող էր վերաբերվել միայն «Jarvis»-ի աշխատուժին, որը բավարար էր հարկադրելու «Hydrex»-ին անփոփոխ թողնելու աշխատանքային պայմանագրի պայմանները: Ամեն դեպքում դիմողը հերքեց երկրորդ գործադուլային գործողության վերաբերյալ՝ որպես ավերիչ ազդեցության, Կառավարության փաստարկների ընդհանրացումն ու Կոնվենցիայով երրորդ կողմի համար երաշխավորված իրավունքների նկատմամբ հնարավոր ռիսկերը (բիզնեսի նկատմամբ հնարավոր միջամտություն, գոյատևման միջոցների նկատմամբ վտանգները, և նույնիսկ ծայրահեղ վիճակներում կյանքի ու առողջության նկատմամբ հնարավոր վտանգները): Արդյունավետ երաշխիքներ սահմանված են եղել օրենսդրության այլ ճյուղերում, այդ թվում՝ քրեական իրավունքում: Ինչը հետևաբար արդարացում չէ երկրորդ գործողության ամբողջական սահմանափակման համար: Ավելի քիչ սահմանափակող ռեժիմը կարող էր ուղղակի ամրագրվել, ինչպես պահանջում է համաչափության սկզբունքը: Ինչպես ցույց են տալիս այս գործի հանգամանքները, խաղաղ հավաքներ կազմակերպելու հնարավորությունը որևէ էական տարբերություն չէր մտցնում, քանի որ այն չէր նվազեցնում երկրորդ գործողության նկատմամբ սահմանափականության անհամաչափության ազդեցությունը:
55. Վկայակոչելով արհմիությունների վերաբերյալ այս Դատարանի կողմից կայացված մի քանի վճիռներն ու որոշումները՝ դիմողը վիճարկեց, որ այժմ գործադուլը պետք է դիտարկել որպես միավորվելու ազատության պարտադիր տարր, որոնք պետությունները պետք է հարգեն: Որպես այլընտրանք Դատարանը կոլեկտիվ բանակցությունները դիտարկել է որպես արհմիությունների իրավունքների բաղկացուցիչ մաս, ինչից տրամաբանորեն հետևում է, որ գործադուլի իրավունքը հավասարապես բաղկացուցիչ մաս է, քանի որ առանց ինդուստրիալ գործողության հնարավորության կոլեկտիվ բանակցությունները զրկված կլինեն որևէ արդյունավետությունից և կլինեն ոչ ավելին քան «կոլեկտիվ մուրացկանություն»: Ուստի երկրորդ գործողության նկատմամբ սահմանափակումը նեղացնում է միավորվելու ազատության էությունը: Սա կարող է ընդունելի լինել միայն ապացույցից վեր իսկապես հետաքրքիր որոշ արդարացման դեպքում: Պետությունը պետք է ապահովի անհրաժեշտության խիստ չափորոշիչները հայեցողական հնարավորության խիստ սահմանափակմամբ:
56. Դիմողը փաստել է, որ Դատարանը մերժել է արհմիությունների՝ միավորվելու ազատության իրավունքի որևէ սահմանափակման հայեցակարգ, որը կարող է սահմանափակել անհատ աշխատողների անձնական շահերը: Նման մեկնաբանությունն իմաստազրկում է 11-րդ հոդվածի էությունը: Մի շարք գործերում, որոնցում ներգրավված են եղել գործադուլները Դատարանը երբևէ որևէ ուշադրություն չի դարձրել, թե այն ինչ ռիսկ կարող է ունենալ վեճին ներգրավված աշխատողների համար: Ամբողջովին օրինաչափ է արհմիությունների համար, որ նրանք հետապնդում են լայն և ընդհանուր նպատակներ: Թրեյդ յունիոնիզմը հիմնարար է արհմիության անդամների, և հատկապես աշխատողների միջև համերաշխության համար և Կոնվենցիայի 11-րդ հոդվածը պետք է մեկնաբանել պահպանելով այս մոտեցումը: Աշխատողները պետք է հնարավորություն ունենան ձեռնարկելու ինդուստրիալ գործողություն պաշտպանելու նրանց, ովքեր կոլեկտիվ կերպով պաշտպանում են իրենց շահերն աշխատանքի վայրում: Միավորվելու ազատության այս լայն հայեցակարգը պաշտպանվում է արհմիությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առավել հայտնի երկու միջազգային մարմինների կողմից ԱՄԿ Փորձագետների կոմիտեյի և ՍԻԵԿ-ի կողմից: Երկուսն էլ անընդհատ քննադատում են Միացյալ Թագավորությանը երկրորդ գործադուլային գործողության նկատմամբ սահմանափակում մտցնելու համար, որը նրանց կարծիքով անհամատեղելի է համապատասխան միջազգային չափորոշիչների համար: Սա այնպես էր մեկնաբանվել, որ միակ ընդունելի պայմանը, որը կարող է նախատեսվել երկրորդ գործողության համար, այն է, որ նախորդող վեճը պետք է օրինական լինի: Դիմողը ձգտում էր համոզել Դատարանին ընդունելու նույն դիրքորոշումը: Եթե ձևակերպում սահմանվի, ապա վերաբերելիությունը պետք է հետևյալ կերպ լինի. Գործադուլին անմիջականորեն ներգրավված աշխատողների և նրանց համերաշխություն հայտնող աշխատողների միջև պետք է լինի որոշակի տեսակի կապ: Նման կապն առկա է այս գործում, քանի որ շահագրգիռ աշխատողների խումբն ի սկզբանե եղել է «Jarvis»-ի աշխատողները և նրանք շարունակել են կատարել նույն աշխատանքը փոխադրվելուց հետո: Նրանց աշխատանքային պայմանների վատթարացումը կարող էր բացասական ազդեցություն ունենալ այդ ոլորտի մյուս աշխատողների վրա: ժամանակակից տնտեսություններում աշխատուժն առավելապես դարձել է ֆրագմենտային ձեռնարկությունների կամ նրանց մասերի տրանսֆերի, կոմպլեքս կորպորատիվ կառույցների, աշխատանքային գրասենյակների ստեղծման, մասնավորեցման արդյունքում և այլն: Սա հանգեցրեց մի իրավիճակի, որում նույն աշխատանքային վայրում նույն աշխատանքը տրամադրող անձինք կարող են ունենալ տարբեր աշխատողներ, այսինքն՝ նրանք չեն կարողանա օրինական կերպով միմյանց օգնել ինդուստրիալ վեճի ընթացքում:
57. Երկրորդ գործողության նկատմամբ ակնհայտ սահմանափակմամբ Միացյալ Թագավորությունը հանդիսանում է եվրոպական այն փոքրաթիվ պետություններից մեկը, որոնք ընդունել են նման դիրքորոշում: Եվրոպական պետությունների մեծ մասի կողմից որդեգրված դիրքորոշումը, ի հեճուկս ինդուստրիալ ոլորտում նրանց միջև առկա տարբերությունների, ընդունելի է: Սա ցույց է տալիս, ըստ դիմողի, այս հարցի վերաբերյալ եվրոպական պետությունների կոնսենսուսը:
(բ) Կառավարությունը
58. Կառավարությունը չի ընդունել դիմողի դիրքորոշումը «Hydrex»-ի վերաբերյալ: Նրանք արձանագրել են, որ ինչպես պահանջում է ներպետական օրենսդրությունը տրանսֆերից հետո նախկին «Jarvis»-ի աշխատողները շարունակել են օգտվել իրենց նախկին աշխատանքային պայմաններից և այս վիճակը շարունակվել է երկու տարի: Այդ ժամանակ, ինչպես ներկայացված է դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերից, կազմակերպության ֆինանսական դժվարությունները հանգեցրել են նրան, որ շահագրգիռ անձանց ներկայացվել է նոր, առավել քիչ ձեռնտու պայմանագրեր: Դիմողը պաշտպանեց իր շահերը ստեղծելով ներկայացուցչություններ, իսկ վերջնական արդյունքում՝ գործադուլի միջոցով, որը հանգեցրեց նոր բարելավված առաջարկի ներկայացմանը: Այդ առաջարկի մերժման ընթացքում և այժմ դիմողն այդ առաջարկը նկարագրում է որպես անադեկվատ, այն այդ ժամանակ փաստացի հաստատվեց Տ.Ծ.Ե. գլխավոր քարտուղարության կողմից, որը գնահատեց գործադուլի հաջողությունը և արհմիության անդամներին կոչ արեց քվեարկել այն ընդունելու օգտին:
59. «Jarvis»-ի կողմից աշխատանքի ընդունված Տ.Ծ.Ե. անդամների կապակցությամբ Կառավարությունն արձանագրել է, որ ի հեճուկս դիմողի առկա չէ որևէ ապացույց գործատուի կողմից նրանց աշխատանքային պայմանները վատթարացնելու վերաբերյալ ինչպես վարվել էր «Hydrex»-ը: Երկու կազմակերպությունները միմյանց հետ որևէ կապ չեն ունեցել: Նման կերպ վարվելու որևէ քայլի առկայության դեպքում դիմողը կարող էր «Jarvis»-ի աշխատողների միջոցով գործադուլ կազմակերպել նրանց շահերի պաշտպանության համար:
60. Կառավարությունը պնդեց, որ ներպետական օրենսդրությունն ադեկվատ պաշտպանում է գործադուլի իրավունքը: Քանի դեռ ինդուստրիալ գործողությունը կազմակերպվում է օրենսդրական պահանջներին համապատասխան, անհատ աշխատողը պաշտպանված է աշխատանքից ազատվելուց և արհմիությունն օգտվում է անձեռնմխելիությունից: Ներպետական դատարանները գտան, որ օրենսդրական ռեժիմը համապատասխանում է 11-րդ հոդվածին, ինչպես այն մեկնաբանված է այս Դատարանի կողմից («Metrobus» -ի գործը, վերը՝ պարագրաֆ 11): Կառավարությունը հստակեցրեց, որ Խորհրդարանը հոգ է տարել երաշխավորելու, որ երկրորդ գործողության նկատմամբ ընդհանուր արգելքը չսահմանափակի առաջնային գործողությունը. երկրորդ գործողությունն օրինական կլինի, եթե այն նաև ներառում է մեկ այլ վեճի նկատմամբ առաջնային գործողությունը (1992 թվականի ակտի 224(5) բաժին): Ավելին, ինդուստրիալ գործողությանը մասնակցող անձինք կարող են մասնակցել հավաքների իրենց աշխատավայրում կամ դրան մոտ այլ վայրում խաղաղ կերպով այլ աշխատողներին կոչ անելով հրաժարվել իրենց աշխատանքից:
61. Ըստ Կառավարության՝ ներկա օրենսդրական շրջանակն ընդունվել է ի պատասխան 1970-ական և 1980-ական թվականներին լայն տարածում գտած երկրորդային գործողությունների արդյունքում Բրիտանիայի տնտեսության կրած վնասների հետևանքով: Նախքան Զբաղվածության մասին 1980 թվականի ակտի ուժի մեջ մտնելն արհմիություններն օգտվում էին երկրորդային գործողություն կազմակերպելու լայն իշխանությամբ, որը բիզնեսի և նրա աշխատուժի, ինչպես նաև հասարակության լայն շերտի համար ուներ կործանարար հետևանքներ: Տնտեսության մի հատվածում վեճը կարող էր արագ տարածվել ուրիշ բնագավառների վրա ներգրավելով այդ վեճի հետ առնչություն չունեցող այնպիսի երրորդ անձանց, ովքեր այդ վեճը լուծելու միջոցների չեն տիրապետում: Միայն «MacShane»-ի գործում ամբողջովին պարզ դարձավ, թե որքան կործանարար է այդ պահին գործող օրենսդրությունը: Այդ ժամանակ Կառավարությունը գտավ, որ այդ իշխանությունը պետք է սահմանափակվի և խորհրդարանական բանավեճերը պարունակում էին վնասների փաստացի օրինակներ, որոնք վրա էին հասել երկրորդային գործադուլների արդյունքում: Տասը տարի անց Կառավարությունը գտավ, որ նույնիսկ իր խիստ սահմանափակ ձևով երկրորդային գործողությունն ունակ է վնասելու տնտեսությունը հատկապես այն անդրազգային կազմակերպությունները, որոնք զարգացնում են իրենց ծառայությունները Միացյալ Թագավորությունում: Համապատասխանաբար Խորհրդարանը ներկայացրեց այս սահմանափակումը: Չնայած Լեյբորիստական կուսակցությունը, որը հետագայում ընդդիմությունում էր, ընդդիմանում էր շարժմանը, սակայն Կառավարությունում իր իշխանության 13 տարիների ընթացքում երբեք չի փորձել փոփոխել օրենքը: Այս հարցի վերաբերյալ նման փոփոխություն չի նախաձեռնել նաև ներկա կոալիցիոն Կառավարությունը: Սա վկայում է Միացյալ Թագավորությունում գործադուլի իրավունքի վերաբերյալ շատ լայն քաղաքական հանդուրժողականության մասին:
62. Այս Դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո Կառավարությունն ընդունեց, որ 11-րդ հոդվածի ներքո արհմիություններին միանալու իրավունքը ենթադրում է նաև գործադուլի իրավունքը: Սակայն դա բացարձակ իրավունք չէ և 11-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա կարող է լինել սահմանափակումների ու վերապահումների առարկա, որը գտնվում է պետության հայեցողության շրջանակում: Ոչ Կառավարությունը, ոչ Դատարանի նախադեպային իրավունքը երկրորդային գործողությունը միավորվելու ազատության բաղկացուցիչ մաս չեն դիտում:
63. Նրանց կարծիքով նախադեպային իրավունքի համաձայն՝ աշխատողների շահերի և նրանց պաշտպանության համար արհմիությունների կողմից նախաձեռնած գործողությունների՝ կոլեկտիվ բանակցություն կամ գործադուլ, միջև պետք է կապ լինի: Այդ կապը բացակայել է «Hydrex»-ի դեպքում: «Jarvis»-ի աշխատողների կողմից իրենց նախկին գործընկերների աջակցության համար նախաձեռնած երկրորդային գործողությունը եղել է միայն համերաշխության հիմքի վրա և այն որևէ կապ չի ունեցել «Jarvis»-ի հետ կապված իրենց շահերի հետ, որի հետ նրանք վեճ չեն ունեցել: Համապատասխանաբար, երկրորդային գործողության նկատմամբ սահմանափակումը չի խախտում միավորվելու ազատության որևէ բաղկացուցիչ տարր: Հետևաբար, 11-րդ հոդվածի 1-ին պարագրաֆում նախատեսված իրավունքի նկատմամբ միջամտություն առկա չէ:
64. Ըստ Կառավարության՝ այն եղանակը, որով օրենքը կարգավորում է երկրորդային գործողությունը, ամբողջովին Միացյալ Թագավորության հայեցողության շրջանակներում է: Ինչպես Դատարանը սահմանել է իր նախադեպային իրավունքում, այս ոլորտում հայեցողությունը բավականին լայն է և հաշվի է առնվում ներգրավված սոցիալական և քաղաքական շահերն ու Եվրոպայում ազգային ինդուստրիալ հարաբերությունների շրջանակների միջև էական տարբերությունները: Ամեն դեպքում իրավիճակը պետք է վերլուծել 11-րդ հոդվածի լույսի ներքո որպես մի ամբողջություն, որը կոչված է հավասարակշռություն մտցնելու դիմողի իրավունքների իրականացման սահմանափակման և երրորդ անձանց վրա երկրորդ գործողության ունեցած պոտենցիալ հետևանքների միջև: Անդրադառնալով նախորդող տարրին՝ Կառավարությունն ընդգծեց, որ երկրորդ գործողության նկատմամբ արգելքը չի միջամտում արհմիության իրավունքին իր անդամների շահերի պաշտպանության համար նախաձեռնելու առաջնային գործողություն: Ի հեճուկս դրա, անհրաժեշտ է ընդգծել երկրորդային գործողության հեռու գնացող և անկառավարելի հետևանքները, որոնք կարող են վրա հասնել ուրիշների իրավունքներին և ազատություններին, այդ թվում՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքներին, և հատկապես 1-ին Արձանագրության 1-ին հոդվածով, և այն չի կարող բացառվել 2-րդ հոդվածի հիման վրա: Եթե հավասարակշռությունը ներառում է մրցակցող Կոնվենցիոն իրավունքներ, Դատարանի նախադեպային իրավունքն ազգային իշխանություններին տալիս է հայեցողության լայն շրջանակ: Ըստ Կառավարության՝ Միացյալ Թագավորությունում գործադուլի նկատմամբ հավասարակշռությունն արդարացվածներից մեկն է:
65. Լրացուցիչ հանգամանք է Միացյալ Թագավորությունում ապակենտրոնացված ինդուստրիալ հարաբերությունների համակարգը, որը հակադրվում է բազմաթիվ Եվրոպական պետություններում գործող համակարգերին: Կառավարությունը կարծում է, որ դա 1970-ական թվականներին ուժեղացրել է երկրորդային գործողության կործանարար ազդեցությունը և այդպես կլինի կրկին, եթե Դատարանը գտնի, որ իրավիճակն անհամատեղելի է Կոնվենցիայի պահանջների հետ: Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև այն, որ, ի տարբերություն Եվրոպայի մյուս ազգային համակարգերի, արհմիություններն արդեն ունեն լայն ազատություն ձեռնարկելու գործադուլային գործողություն: Բրիտանական համակարգում «խաղաղության դրույթ» հասկացություն առկա չէ, որը ձեռնարկության արգելում է ձեռնարկել ինդուստրիալ գործողություն կոլեկտիվ պայմանագրի գործողության ընթացքում: Առկա չէ համաչափության որևէ կանոն, որը կսահմանափակի գործադուլի ինտենսիվությունն ու բովանդակությունը և ամբողջությամբ հնարավոր կլինի սահմանել արհմիությունների համար: Անդրադառնալով դիմողին փաստարկին, որ նախորդ 30 տարիների ընթացքում կոլեկտիվ պայմանագրերը մերժվել են, Կառավարությունը մատնանշեց իր չեզոքությունն այս հարցում, մասնավորապես՝ կոլեկտիվ կամ այլ ձևով հարաբերվելու աշխատողների և գործատուների ցանկությունը վերջիններիս որոշման առարկան է: Կառավարությունը վիճարկեց, որ այդ մերժումը պայմանավորված է եղել երկրորդ գործողության նկատմամբ արգելքով կամ որևէ այլ սահմանափակմամբ ինչպես մատնանշել է դիմողը: Աշխատավայրում առկա են նաև այլ հանգամանքներ, մասնավորապես՝ բազմաթիվ նախկին պետական ձեռնարկությունների մասնավորեցումը, որոնց գրեթե բոլոր աշխատողներն ավանդաբար եղել են արհմիությունների անդամներ, և աշխատանքային իրավունքի նկատելի զարգացումն ու աշխատողներին տրված բազմաթիվ իրավունքները:
66. Ըստ Կառավարության՝ սահմանափակումն այնքան ժամանակ է գործել, որ գործատուների և աշխատողների կողմից այն ընդունվել է, թեև արհմիությունների կողմից նկատվել է աճող բացասական վերաբերմունք դեպի Կառավարության տնտեսական ռազմավարությունը ընթացիկ դժվար տնտեսական պայմանների համար: Պետության վերականգնումը վտանգի կենթարկվեր, եթե դիմողը հաջողության հասներ և Կառավարությունը հարկադրված լիներ վերացնելու երկրորդ գործողության նկատմամբ արգելքը:
67. Գործադուլի իրավունքից դուրս արհմիությունների համար բաց է եղել հնարավորությունն իրենց դժգոհությունն արտահայտելու հավաքների ազատության իրավունքի միջոցով: Կառավարությունը ներկայացրել է ցույցերի մի քանի օրինակներ, որոնք կազմակերպվել էին էլեկտրոտեխնիկների կողմից հասարակությանը տեղեկացնելու նախատեսվող ինդուստրիալ վեճի մասին:
68. Կառավարությունը մերժեց դիմողի ենթադրությունը, որ երկրորդ գործադուլային գործողության նկատմամբ բացարձակ արգելքը կարող է փոխարինվել որոշակի սահմանափակմամբ հիմնված պատճառահետևանքային կապի հայեցակարգի վրա: Ըստ Կառավարության սա ըստ էության անհասկանալի հայեցակարգ է և նման տերմիններով սահմանված որևէ կանոն անխուսափելիորեն կհանգեցնի իրավական անորոշության և դատական գործընթացի: Դիմողի առաջարկությունը, որ տարբեր կազմակերպությունների աշխատողների միջև գործադուլ կազմակերպելու իրավունքը հիմնված լինի համերաշխության հիմքի վրա իրականում դրա համար կարող է լինել միայն մի վավերապայման, մասնավորապես՝ առաջնային գործադուլը պետք է լինի օրինական: Սա երկրորդ գործողության նկատմամբ բացարձակ սահմանափակումը վերացնելու միջնորդություն է, որը կոչված է վերացնելու բոլոր հավասարակշռությունները: 11-րդ հոդվածից հնարավոր չէ բխեցնել նման չհստակեցված իրավունք:
69. Ըստ Կառավարության՝ վերոհիշյալ վերլուծությունը չի հակասում դիմողի կողմից մատնանշած որևէ այլ միջազգային փաստաթղթի դրույթներին: Անդրադառնալով Սոցիալական խարտիայի 6-րդ հոդվածի 4-րդ մասին՝ Կառավարությունը հայտնեց, որ ՍԻԵԿ-ը գործադուլի իրավունքը դիտել է որպես աշխատողների և գործատուների միջև շահերի բախման դեպքում կոլեկտիվ բանակցություններ վարելու բաղկացուցիչ մասն է: Սա համապատասխանում է նախնական ինդուստրիալ գործողության հայեցակարգին, որոնցում աշխատողների շահերն ուղղակիորեն ներգրավված են, և ոչ թե երկրորդային գործողությանը: Կառավարությունն այնուհետև դիտարկեց, որ ՍԻԵԿ-ը ոչ դատական և ոչ էլ կիսադատական մարմին է, այլ պարզապես անկախ մարմին է, որը Նախարարների կոմիտեին ամեն տարի ներկայացնում է իր եզրակացությունները: Վերջինս օժտված է անդամ պետություններին խորհրդատվություններ տրամադրելու իշխանությամբ, եթե հայտնաբերում են Խարտիային անհամապատասխանություններ: Երկրորդ գործադուլային գործողության նկատմամբ քնարկվող սահմանափակման վերաբերյալ Նախարարների կոմիտեն երբեք դիրքորոշում չի հայտնել: Ամեն դեպքում այս կապակցությամբ Միացյալ Թագավորության վերաբերյալ ՍԻԵԿ-ի քննադատության հիմքն այն է, որ արգելքը կարող է խոչընդոտել աշխատողներին գործադուլ իրականացնել «իրական» կամ de facto գործատուի դեմ: Սա հիմք է հանդիսացել նաև ԱՄԿ Փորձագետների կոմիտեյի կողմից քննադատության համար, սակայն դա որևէ առնչություն չունի «Hydrex»-ի դեպքի հետ, որը կազմավորել է Դատարանի քննության առարկա հանդիսացող հարցի փաստական հիմքը: Ամեն դեպքում այդ կոմիտեն նույնպես ոչ դատական և ոչ էլ կիսադատական մարմին է, իսկ ԱՄԿ կոնվենցիաների նրա մեկնաբանությունը վերջնական ու իմպերատիվ չեն: Ընդհակառակը նրա դերակատարությունը միջազգային աշխատանքային չափորոշիչների ներպետական կիրառության զարգացման համար անաչառ ու տեխնիկական աջակցության ապահովումն է: Փաստացի գործադուլի իրավունքի հարցը ներկայումս ԱՄԿ շրջանակներում կտրուկ հակասությունների պատճառ է դարձել, որոնց մեկը Փորձագետների կոմիտեյի կողմից տրված մեկնաբանությունների կարգավիճակի որոշման հարցն է: Ավելին, Կառավարությունը մատնանշեց Փորձագետների կոմիտեյի և Միավորվելու ազատության կոմիտեյի տեսակետների տարբերությունը, մասնավորապես՝ վերջինս գործադուլի իրավունքը կիրառելի է համարում միայն տնտեսական շահերի պաշտպանության համար: Ուշադրության է արժանի նաև այն, որ ԱՄԿ Կառավարման մարմինն այդ դեպքի վերաբերյալ որևէ տեսակետ հայտնելուց ձեռնպահ է մնացել: Հետևաբար, Կառավարությունը չի ընդունել, որ Միացյալ Թագավորությունը խախտել է թիվ 87 կոնվենցիայի ներքո ստանձնած իր պարտավորությունները:
70. Մեկնաբանելով Դատարանին ներկայացված համեմատական տեղեկատվությունը՝ Կառավարությունը նկատեց, որ Միացյալ Թագավորությունը միայնակ չէ երկրորդային գործողության նկատմամբ բացարձակ արգելք սահմանելու հարցում: Հաշվի առնելով Եվրոպայում ինդուստրիալ հարաբերությունների համակարգերի մեծ տարբերությունը՝ որևէ մակերեսային համեմատություն այս հարցի կապակցությամբ միայն սահմանափակ օժանդակություն կստանա: Ի տարբերություն դիմողի պնդումների, այդ տարբերությունը պայմանավորված է պետությունների հայեցողության լայն շրջանակով:
(գ) Երրորդ կողմեր
(i) ԵԱԿ /ԱԿ
71. Երկու կազմակերպություններ արտահայտեցին իրենց տեսակետը, որ գործադուլի իրավունքը բացարձակ կարևորություն ունի ազատ հասարակություններում արհմիությունների գործունեության համար և երկրորդբ գործողության նկատմամբ տոտալ արգելքն անընդունելի է: Նրանք հղում են տվել մի շարք միջազգային պայմանագրերի, որոնք հատկապես ճանաչում են գործադուլի իրավունքը կամ մեկնաբանվել են որպես այդ իրավունքը պաշտպանող պայմանագրեր: ԱՄԿ վերահսկողական մարմինների իրավազորության ներքո գործադուլի իրավունքը լայնորեն կիրառվում է և պաշտպանվում է: Թեև այս իրավունքի սահմանափակումներ կարող են լինել, սակայն դրանք գործնականում չեն կարող անհամաչափորեն սահմանափակել գործադուլի իրավունքը: Համերաշխության գործադուլները թույլատրելի են: Սա ակնհայտորեն սահմանված է ՍԻԵԿ-ի իրավազորությամբ: Երկրորդ գործողության նկատմամբ բացարձակ արգելքը նշանակում է, որ վեճի առկայության պարագայում աշխատողները ոչ մի դեպքում չեն կարող դիմել արհմիության իրենց անդամներին օժանդակության համար կամ որևէ այլ արհմիության անդամներին, որոնց հետ նրանք կապված են բարձր մակարդակում (օրինակ՝ ֆեդերացիա կամ կոնֆեդերացիա): Սա սահմանափակում է արհմիությանը միանալու նպատակը և խաթարում է 11-րդ հոդվածի նպատակը, որն արտացոլում է այն սկզբունքը, որ աշխատողները պետք է ազատ լինեն ճգնաժամի ընթացքում միմյանց փոխադարձ օժանդակություն ցույց տալու հարցում: Արգելքը համեմատաբար նոր նախաձեռնություն է և ի հայտ է եկել ավելի քան 8 տասնամյակ անց Բրիտանիայի ինդուստրիալ հարաբերությունների հիմնարար կանոնադրության՝ 1906 թվականի արհմիութենական վեճերի մասին ակտի հաստատումից հետո: Կառավարությունը չի կարողացել արդարացնել ԱՄԿ Փորձագետների կոմիտեյի առջև սահմանափակումը: Մասնավորապես, Կոմիտեն չի ընդունել Կառավարության փաստարկը, որ արգելքն անհրաժեշտ է Բրիտանիայի ապակենտրոնացված ինդուստրիալ հարաբերությունների համակարգի համար: Ընդհակառակը, Կոմիտեն գտավ, որ այն աշխատողների համար ավելի կարևոր է դարձնում այն գործատուների դեմ գործադուլ իրականացնելը, որոնք հեշտությամբ կարող են խաթարել արհմիության գործունեությունը համակարգային կորպորատիվ գործողությունների միջոցով, մասնավորապես՝ կազմակերպությունների լուծարման կամ տրանսֆերի միջոցով: Միացյալ Թագավորությունում աշխատողներին արգելված է գործադուլ իրականացնել ի պաշտպանություն իրենց այն գործընկերների, որոնք աշխատանքի են ընդունվել նույն կազմակերպությունների խմբի մաս կազմող այլ կազմակերպության կողմից, եթե նույնիսկ նրանց վրա վեճի ելքն էական ազդեցություն է ունենալու: Սա չի կարող ճիշտ լինել: Երկու կազմակերպություններ արտահայտել են իրենց անհանգստությունը, որ Կառավարությունը չի ընդունում օրենքը փոփոխելու անհրաժեշտությունը և օրենսդրությունը չի համապատասխանեցնում միջազգային նվազագույն չափորոշիչներին: Եվրոպական պետությունների շարքում ոսկե միջինն ընկած է ինչ-որ տեղ բացարձակ արգելքի և նման արգելքի բացակայության միջև: Միացյալ Թագավորությունում գործող բացարձակ արգելքը միավորվելու ազատության չարդարացված սահմանափակում է, որը չի կարող որևէ պարագայում արդարացված լինել այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության տեսանկյունից:
(ii) Liberty
72. Liberty (Ազատության կազմակերպություն)-ն գտել է, որ երկրորդ գործողության նկատմամբ արգելքն աշխատողների և նրանց արհմիությունների՝ միավորվելու ազատության նկատմամբ չարդարացված միջամտություն է: Բազմաթիվ դեպքերում աշխատողները փաստացի ի վիճակի չեն իրականացնելու 11-րդ հոդվածով նախատեսված՝ ինդուստրիալ գործողություն իրականացնելու իրենց իրավունքը, օրինակ՝ աշխատանքի են ընդունվել շատ փոքր հիմնարկներում, կամ աշխատում են փոքր միավորումների համար, որտեղ աշխատանքային պայմանները սահմանում է երրորդ կողմը, օրինակ՝ հաճախորդը, կամ նրանք, ովքեր աշխատում են չհստակեցված աշխատանքային կարգավիճակով: Ավանդական կառուցվածքը, որում միևնույն աշխատուժի բոլոր անդամներն ունեն միևնույն գործատուն այլևս իրականության հետ կապ չունի աշխատողների աճող կատեգորիայի պայմաններում: Հաստատված է, որ Բրիտանիայի տնտեսությունում արձանագրված 3 միլիոն աշխատատեղերից մեծ մասը հանրային ոլորտում է, որ արհմիութենական անդամակցությունն ավանդաբար եղել է ամենաբարձր մակարդակում: Ավանդական աշխատաշուկայի այս ֆրագմենտացիան իր ազդեցությունն է ունեցել ընդհանուր աշխատանքային իրավունքի վրա և արհմիությունների համար աստիճանաբար դժվարանում է իրենց անդամների շահերի պաշտպանության իրականացումը, ովքեր աստիճանաբար տարածվում են տարբեր տնտեսական օպերատորների միջև: Այս համատեքստում երկրորդ գործողության նկատմամբ արգելքի ազդեցությունը էապես նվազեցրել է արհմիություններին անդամակցության արժեքը, քանի որ դա խոչընդոտում է արհմիություններին լայնորեն մոբիլիզացնելու իր ուժերը և պաշտպանելու իր անդամների շահերն անմիջական գործատուի հետ հարաբերություններում: Արգելքն կազմակերպությունների համար հեշտացրել է արհմիությունների ազդեցության սահմանափակումն իրենց ընկերությունների վերակազմակերպման միջոցով: Ներպետական նախադեպային իրավունքով հստակ սահմանված է, որ նման դեպքերում կորպորատիվ շահը չի կարող առաջ քաշվել: Սա բացառում է այն անձանց դեմ արդյունավետ գործողություն ձեռնարկելու հնարավորությունը, ովքեր ունեն իրական որոշում կայացնելու իշխանություն կամ հսկողություն: Ինչպես ներկայացրել է Լորդերի պալատը «N.W.L. ՍՊԸ-ն ընդդեմ Woods»-ի գործով ([1979] 1 WLR 1294), որը ճանաչում էր նավաշինարարության աշխատողների կողմից իրականացված ինդուստրիալ գործողության օրինականությունն ի պաշտպանություն լաստանավերի վրա աշխատող ծովայինների, ովքեր քիչ աշխատավարձ էին ստանում: Արգելքը որոշ աշխատողներին թույլ չի տալիս օգտվելու նրանց արհմիութենական արդյունավետ պաշտպանության միակ աղբյուրից գործատուի կոմերցիոն հարաբերությունների արդյունքում առաջացած ֆինանսական ճնշումից: Այն նաև փոքր ֆիրմաներում (21 աշխատողից քիչ) խոչընդոտում է միավորման ազատությանը, որը բացառում է արհմիություններին ճանաչելու օրենսդրական ընթացակարգը: Եթե նման գործատուն հրաժարվում է կամավորության հիմքի վրա ճանաչելու արհմիությանը, ապա երկրորդ գործողության նկատմամբ արգելքն անհնարին է դարձնում այլ աշխատավայրերում գործընկերների համար ինդուստրիալ գործողություն ձեռնարկելու հնարավորությունը գործատուին հարկադրելու ճանաչել արհմիության ներկայությունը:
73. Liberty (Ազատության կազմակերպություն)-ն փաստարկել է, որ այս Դատարանը մշտապես պաշտպանել է աշխատողների՝ միավորման ազատության բովանդակությունը և երբեք տարբերակում չի դրել թե գործադուլը նախնական է կամ այլ տեսակի է: Թեև երկրորդային գործողություն ձեռնարկելու իրավունքը կարող է սահմանափակվել 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և հավասարակշռել մրցակցող իրավունքներն ու ազատությունները, սակայն դա չի կարող այնպես սահմանափակվել, որ խաթարի իրավունքի էությունը:
74. Կառավարությունը պատասխանել է Liberty (Ազատության կազմակերպություն)-ի դիտարկումներին՝ հայտնելով, որ վերջինս բարձրացնում է իրավունքի լայն ու նեղ մեկնաբանության հարցեր, որոնք սույն գործի փաստական հանգամանքների հետ համատեղելի չեն: Թեև Կառավարությունն ընդունեց, որ նախորդ 2 տասնամյակների ընթացքում աշխատաժուկան էականորեն փոփոխվել է, սակայն չհամաձայնեց, որ դա ընդհանուր առմամբ խոչընդոտում է աշխատողների կողմից արհմիությունների իրավունքներից օգտվելը: Պրակտիկան իրականում ցույց է տալիս, որ նման հանգամանքներում արհմիություններն ունակ են արդյունավետ գործել. մասնավորապես՝ Liberty (Ազատության կազմակերպություն)-ի կողմից ներկայացված 3 օրինակները փաստացի արհմիությունների ներգրավմամբ ինդուստրիալ վեճի հաջող լուծման մասնավոր դրսևորում է (երեք օրինակներն են. մեկը ներառում է օդանավերի անձնակազմերի դեպքը, մյուսը վերաբերում էր 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ընթացքում ավտոբուսների վարորդներին և դիզվառելիք փոխադրող բեռնատարների վարորդներին): Մեղադրանքը, որ աշխատողներին խոչընդոտում են գործողություն ձեռնարկելու այն կողմի դեմ, ով իրականում սահմանում է աշխատանքի պայմաններն ու ժամկետները, ոչ այլ ինչ է, քան ենթադրություն, քանի որ որևէ պրակտիկ օրինակներ չեն ներկայացվել: Նախորդ 20 տարիների ընթացքում որևէ տարի չի եղել, որ արձանագրվի որոշակի քանակությամբ աշխատանքային ժամի կորուստ գործադուլ իրականացնելու համար, ինչը կհերքեր Liberty (Ազատության կազմակերպություն)-ի տեսակետը, որ ներպետական օրենքն աստիճանաբար սահմանափակում է արհմիությունների ազատությունը: Այս կապակցությամբ Միացյալ Թագավորությունը մոտ է ԵՄ-ի և ՏՀԶԿ-ի ինդեքսներին: Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ 21 աշխատող ունեցող կազմակերպությունների համար առկա է օրենսդրական բաց, մասնավորապես՝ նման գործատուները կարող են հեշտությամբ խուսափել արհմիությունը ճանաչելուց, ապա Կառավարությունը գտնում է, որ վերջիններս չեն համապատասխանում գործի հանգամանքներին: Եթե նույնիսկ դա այդպես է, ապա առկա են որոշակի երաշխիքներ, որոնք խոչընդոտում են գործատուներին իրենց օրենսդրական պարտականության կատարման խուսափումից: Միայն չմաստնատվող փոքր ընկերություններն են բացառություն կազմում և դա ունի իր հարգելի պատճառները: Վերջապես, Կառավարությունը գտել է, որ Դատարանի հստակ նախադեպային իրավունք առկա չէ, որը կպաշտպանի այն ենթադրությունը, որ երկրորդային գործողություն ձեռնարկելու իրավունքը միավորվելու ազատության բաղկացուցիչ մասն է կամ, որ այդ արգելքը չի կարող արդարացվել 11-րդ հոդվածի 2-րդ մասի ներքո:
(դ) Դատարանի գնահատականը
(i) 11-րդ հոդվածի կիրառելիությունը
75. Դատարանը նախ պետք է սահմանի, թե արդյոք երկրորդային գործողությունը գտնվում է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի շրջանակներում, ինչպես փաստարկել է դիմողը կամ արդյոք չի գտնվում այդ հոդվածի շրջանակում, ինչպես փաստարկել է Կառավարությունը: Հարցն առաջին անգամ է բարձրացվում, քանի որ այն նախկին որևէ գործում ուղղակիորեն չի բարձրացվել:
76. Կառավարության առաջարկը 11-րդ հոդվածի 1-ին պարագրաֆի 2-րդ կետի տառացի ընթերցումն է: Չնայած հոդվածի տեքստից ինքնին նման իմաստ կարելի է դուրսբերել, սակայն Դատարանը կրկնում է, որ միջազգային պայմանագրի դրույթները պետք է բարեխղճորեն մեկնաբանվեն պայմանագրի հասկացությունների` դրանց համատեքստում ունեցած սովորական նշանակությանը համապատասխան, ինչպես նաև պայմանագրի առարկայի և նպատակի լույսի ներքո, ինչպես սահմանված է Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին մասում: Ավելին, այն բազմիցս կրկնել է, որ Կոնվենցիան չի կարող մեկնաբանվել վակումում, այլ պետք է մեկնաբանվի միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքների հետ ներդաշնակության մեջ: Ինչպես սահմանված է Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) կետում, պետք է հաշվի առնել «մասնակիցների հարաբերություններում կիրառվող միջազգային իրավունքի ցանկացած համապատասխան նորմ» և հատկապես մարդու իրավունքների միջազգային պաշտպանությանը վերաբերող կանոնները (տե՛ս X.-ն ընդդեմ Լատվիայի [ՄՊ], գանգատ թիվ 27853/09, կետ 92, ՄԻԵԿ 2013, դրանում նշված հետագա հղումներով): Այս կապակցությամբ վերոշարադրված պարբերություններից (26-37-րդ պարագրաֆներ) ակնհայտ է, որ երկրորդային գործողությունն ԱՄԿ թիվ 87 կոնվենցիայի և Եվրոպական սոցիալական խարտիայի համաձայն ճանաչվում և պաշտպանվում է որպես արհմիության ազատության մաս: Չնայած Կառավարությունը ներկայացրել է այս գործիքների ներքո գործող 2 վերահսկողական մարմինների կողմից ընդունված դիրքորոշումների նեղ մեկնաբանությունը, սակայն այս մարմինները քննադատել են երկրորդային գործողության նկատմամբ Միացյալ Թագավորության կողմից արգելքի սահմանումը գործատուների կողմից այն չարաշահելու ակնհայտ ռիսկի պատճառով և պատկերավոր կերպով այն ներկայացրել են մի քանի օրինակներով: Այնուհետև Կառավարությունը Կոնվենցիայով սահմանված կարգով միջնորդել է փորձագիտական մարմինների եզրակացությունների վերահսկողական կարգով վերանայում միջազգային չափորոշիչներին դրանց համապատասխանությունը ստուգելու համար: Դատարանը վերջինիս կանդրադառնա հետագա իր վերլուծությունում: Այժմ բավարար է միայն հղում տալը Դեմիրի և Բայկարայի գործով վճռի (կետ 85) հետևյալ պարբերությանը.
«Կոնվենցիայի տեքստում պարունակվող հասկացությունների և տերմինների նշանակությունը սահմանելիս Դատարանը բացի Կոնվենցիայից կարող է և պարտավոր է հաշվի առնել միջազգային իրավունքի այլ տարրերը, իրավասու մարմինների կողմից նման տարրերին տրված մեկնաբանությունը և եվրոպական պետությունների ընդհանուր արժեքներն արտահայտող պրակտիկան»:
Այս մեթոդի հետ անհամատեղելի կլինի, եթե Դատարանը 11-րդ հոդվածի կապակցությամբ արհմիություններում միավորվելու ազատության բովանդակության համար ընդունի մեկնաբանության ավելի նեղ շրջանակ, քան առկա է միջազգային իրավունքում: Ավելին, արհմիությունների ազատության նման ընկալումն իր հետագա աջակցությունն է գտել բազմաթիվ եվրոպական պետությունների պրակտիկայում, որը երկար ժամանակ երկրորդային գործողություններն ընդունել է որպես արհմիութենական գործողության օրինական ձև:
77. Շատ հավանական է, որ իր բնույթով երկրորդային ինդուստրիալ գործողությունը պարունակում է արհմիության ազատությանն օժանդակող գործոն, քան անկյունաքարային նշանակություն ունեցող գործոն, որին Դատարանը կանդրադառնա իր վերլուծության հաջորդ փուլում: Չնայած այս հանգամանքին մեկ գործատուի դեմ արհմիությունների կողմից երկրորդային ինդուստրիալ գործողության ձեռնարկումը, ներառյալ՝ գործադուլը, որպիսի հետագա վեճին ներգրավվեն մեկ այլ գործատուի աշխատողները, պետք է դիտարկվի որպես արհմիության գործունեության մի մաս, որի վրա տարածվում է 11-րդ հոդվածը:
78. Դատարանն այնուհետև եզրակացնում է, որ դիմողի ցանկությունը «Hydrex»-ի աշխատողների աջակցության համար կազմակերպելու երկրորդային ինդուստրիալ գործողություն, պետք է դիտարկել որպես Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով միավորվելու ազատության իր իրավունքի իրականացման ցանկություն, որը զերծ է ազգային օրենսդրության կողմից սահմանված սահմանափակումներից: Դրանից հետևում է, որ երկրորդային գործողության նկատմամբ արգելքը, ինչպես այն իր օրինակում նկարագրել է դիմողը, պարունակում է այս հոդվածով սահմանված դիմողի իրավունքների նկատմամբ միջամտություն: 11-րդ հոդվածի 2-րդ պարագրաֆին համապատասխանելու համար նման միջամտությունը պետք է «նախատեսված լինի օրենքով», հետապնդի իրավաչափ նպատակ և «անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակներին հասնելու համար:
(ii) Միջամտության օրինականությունն ու իրավաչափությունը
79. Կողմերի միջև վեճ չկա այն հարցի կապակցությամբ, որ միջամտությունն օրենքով նախատեսված է: Դատարանը համաձայն է:
80. Ինչ վերաբերում է միջամտության նպատակին, դիմողը վիճարկել է, որ այն 11-րդ հոդվածի 2-րդ մասով իրավաչափ չէ: Այն ակնհայտորեն չի վերաբերում պետական անվտանգությունը կամ հասարակական կարգի պաշտպանությունը, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը պաշտպանելու նպատակին: Ինչ վերաբերում է մյուս իրավաչափ նպատակին՝ «այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելուն», ապա դիմողի փաստարկն այն է, որ անտրամաբանական կլինի սահմանափակել գործադուլի իրավունքն այն հաշվով, որ նման գործողությունն իր ազդեցությունը կունենա գործատուի վրա: Գործադուլի հիմնական նպատակը գործատուի դիրքորոշման վրա էական ազդեցություն ունենալն է, հարկադրել գործատուին կատարելու աշխատողների պահանջները: Սխալ կլինի, եթե վերջինս ծառայի որպես որպես գործադուլի իրավունքի սահմանափակման արդարացում: Ուստի դիմողը Դատարանին հրավիրում է վերանայելու այս կապակցությամբ «UNISON»-ի գործով («UNISON» ընդդեմ Միացյալ Թագավորության (dec.), գանգատ թիվ 53574/99, ՄԻԵԿ 2002‑I) ներկայացված պատճառաբանությունը, որում Դատարանն ընդունեց «այլ անձանց իրավունքների» կապակցությամբ գործադուլի իրավունքի սահմանափակումը՝ հղում տալով գործատուին: Գործատուի տնտեսական շահերի համար չպետք է թույլատրվի, որ նրանք գերակա լինեն աշխատողների մարդու իրավունքներից: Նման պատճառաբանությունը հակասում է ՍԻԵԿ-ի մոտեցմանը, օրինակ՝ որը չի ընդունում որևէ համաչափության սկզբունք գործադուլի և գործատուի շահերի համար դրա ունեցած հետևանքների միջև: Դիմողի հետագա փաստարկն այն է, որ «UNISON»-ի գործով որոշումը հակասում է Գուստաֆսոնն ընդդեմ Շվեդիայի գործով (1996 թվականի ապրիլի 25, Վճիռների և որոշումների զեկույցներ 1996‑II) այս Դատարանի ընդունած վճռին: Այդ գործում Դատարանը չի բավարարել դիմողի գանգատն այն մասին, որ արհմիության կողմից իր բիզնեսի բոյկոտը 1-ին արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված իր իրավունքի նկատմամբ միջամտություն է: Այն չէր ընդունել նաև, որ դա ազդեցություն է ունեցել նրա բիզնեսի վրա, թեև դրա արդյունքում նա կրել էր էական նյութական վնաս, ինչպես նաև այն, որ պետությունն ունի օժանդակություն ցույց տալու պոզիտիվ պարտավորություն: Ընդհակառակը Դատարանը պետք է կտրուկ մոտեցում որդեգրի ինչպես դա կատարվել էր 2 գործերով, որոնցով սանկցիաներ էին նշանակվել հանրային ոլորտի այն աշխատողների նկատմամբ, ովքեր մասնակցում էին մերօրյա գործադուլին (Կարաչայն ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 6615/03, 2007 մարտի 27 և Կայան ու Սեյխան ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 30946/04, 2009 թվականի սեպտեմբերի 15): Յուրաքանչյուր գործով Դատարանը հակված չի եղել, որ քննարկվող միջամտությունները հետապնդել են իրավաչափ նպատակներ, չնայած՝ վերջնական արդյունքում չի պատասխանել այն հարցին, թե արդյոք դա «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում», թե՝ ոչ:
81. Կառավարությունը պնդել է, որ արգելքը նպատակ է հետապնդել պաշտպանելու այն անձանց իրավունքներն ու ազատությունները, ովքեր կապված չեն ինդուստրիալ վեճի հետ: Հեռու գնացող և անկառավարելի պոտենցիալ արդյունքների լույսի ներքո, որ երկրորդային գործողությունը կարող է ունենալ երրորդ անձանց վրա, երրորդ անձանց պաշտպանությունն ակնհայտ իրավաչափ նպատակ է եղել, երբ Խորհրդարանը նախատեսել է արգելքը: Կառավարությունը հավելել է, որ կարելի է հեշտությամբ կանխատեսել, թե երկրորդային գործողությունը ինչպես կարող է վտանգել Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները:
82. Դատարանը գտնում է, որ սույն գործը տարբերվում է «UNISON»-ի գործից: Վերջինս վերաբերում էր նախնական գործադուլին, մասնավորապես՝ գանգատն այն էր, որ դիմող արհմիությանն արգելել էին գործադուլ իրականացնել իր անդամների շահերի ապագայում պաշտպանության համար նախատեսվող առողջապահական ծառայությունների մասնավորեցման համատեքստում: Ներպետական դատավարությունների ընթացքում Վերաքննիչ դատարանը գտել էր, որ այդ գործադուլի ազդեցությունը հասարակության անդամների վրա անհամարժեք էր բարձրացված իրավական հարցերի հետ: Այս Դատարանը նույն տեսակետն է որդեգրել և այդ պատճառով «այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության» նպատակն այդ հանգամանքների պարագայում ուղղակիորեն վերաբերում է գործատուի իրավունքներին: Այս գործը տարբերակելու հիմքն այն է, որ այն վերաբերում է երկրորդային գործողությանը: Ըստ Կառավարության փաստարկի՝ իր բնույթով երկրորդային գործողությունը կարող է ունենալ ավելի բարդ հետևանքներ քան նախնական գործողությունը: Այն ներուժ ունի ազդելու վեճին չմասնակցող անձանց իրավունքներին, որը կարող է տնտեսությունում լուրջ վնասների պատճառ հանդիսանալ և ազդեցություն ունենալ հասարակությանը մատուցվող ծառայությունների վրա: Համապատասխանաբար Դատարանը գտնում է, որ «իրավաչափության» սկզբունքն առկա է, մասնավորապես՝ երկրորդային գործողության նկատմամբ արգելք սահմանելով Խորհրդարանը հետապնդել է իրավաչափ նպատակ պաշտպանելու այլ անձանց իրավունքներն ու ազատությունները:
(iii) Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտությունը
83. Մնում է որոշել, թե երկրորդային ինդուստրիալ գործողության նկատմամբ օրենսդրական արգելքը, ինչպես «Hydrex»-ի դեպքում այն ազդել է դիմողի հնարավորության վրա պաշտպանելու իր անդամների շահերը, կարող է դիտարկվել որպես «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»: Նման եզրահանգման գալու համար անհրաժեշտ է ցույց տալ, որ վիճարկվող միջամտությունը համապատասխանում է «ճնշող սոցիալական անհրաժեշտությանը», և այն արդարացնելու համար ազգային իշխանությունների կողմից ներկայացված պատճառներն արդյոք վերաբերելի ու բավարար են և արդյոք դրանք համաչափ են հետապնդվող իրավաչափ նպատակին:
84. Դատարանը նախ կքննարկի դիմողի փաստարկն այն մասին, որ գործադուլ իրականացնելու իրավունքը հանդիսանում է արհմիության ազատության բաղկացուցիչ մաս 11-րդ հոդվածի ներքո, և հետևաբար, դրա սահմանափակումը կխախտի միավորվելու ազատության բուն էությունը: Այն կրկնում է, որ նա մի քանի գործերով արդեն որոշել է, որ ինդուստրիալ գործողությունների սահմանափակումը բարձրացրել է 11-րդ հոդվածների խախտումներ (օրինակ՝ տե՛ս Կարաչայն ընդդեմ Թուրքիայի գործը, գանգատ թիվ 6615/03, 2007 թվականի մարտի 7, Դիլեկն ու այլոք ընդդեմ Թուրքիայի գործը, գանգատներ թիվ 74611/01, 26876/02 և 27628/02, 2007 թվականի հուլիսի 17, Ուրչանն ու այլոք ընդդեմ Թուրքիայի, գանգատներ թիվ 23018/04, 23034/04, 23042/04, 23071/04, 23073/04, 23081/04, 23086/04, 23091/04, 23094/04, 23444/04 և 23676/04, 2008 հուլիսի 17, «Enerji Yapı-Yol Sen» ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 68959/01, 2009 թվականի ապրիլի 21): Դիմողը մեծ ուշադրություն է հատկացնում այս վճիռներին, որոնցում «անհրաժեշտ հետևանք» տերմինը վերաբերում է գործադուլի իրավունքին՝ կապելով այն կազմակերպելու իրավունքի հետ («Enerji», 24-րդ կետում): Այնուամենայնիվ հարկ է նկատել, որ այս վճիռները հղում են տալիս ԱՄԿ վերահսկողական մարմինների կողմից ընդունված դիրքորոշմանը, քան թե զարգացնում են 11-րդ հոդվածի մեկնաբանությունը՝ գերակա դիրք տալով գործադուլի իրավունքին: Որպես կանոն, ինչ մատնացույց են անում վերոհիշյալ գործերը, այն է, որ գործադուլի իրավունքը հստակ պաշտպանված է 11-րդ հոդվածի կողմից: Հետևաբար, Դատարանը սույն գործով որևէ անհրաժեշտություն չի տեսնում սահմանելու, թե արդյոք ինդուստրիալ գործողության ձեռնարկումը համապատասխանում է 11-րդ հոդվածով սահմանված երաշխիքի բաղկացուցիչ մասի կարգավիճակին, թե՝ ոչ:
85. Ինչ ցույց են տալիս սույն գործի հանգամանքները, այն է, որ դիմողը փաստացի իրականացրել է միավորվելու ազատության 2 տարրերը, որոնք ճանաչվել են որպես այդ իրավունքի բաղկացուցիչ մաս, մասնավորապես՝ արհմիությունների՝ հարկադրելու գործատուին լսել, թե ինչ է ինքն ասում իր անդամների անունից, և կոլեկտիվ բանակցություններ վարելու իրավունքը: «Hydrex»-ի իր անդամների գործադուլն այդ իրավունքի իրականացման մասն է և քանի դեռ այն չի հասել իր նպատակին, այն անօգուտ չէ, քանի որ այն հանգեցրել է կազմակերպության կողմից իր առաջարկի վերանայմանը, որը դիմողը փոխանցել է իր անդամներին: Չնայած Կառավարությունը քննադատել է դիմողին այդ ժամանակ վերանայված առաջարկին հավանություն տալու և հետագայում՝ այս դատավարության ընթացքում, իր դիրքորոշման փոփոխության համար, Դատարանը ճանաչում է, որ դիմողը պարտավոր է հարգել իր անդամների բացասական կարծիքը: Փաստը, որ կոլեկտիվ բանակցությունները և ինդուստրիալ գործողությունը, այդ թվում՝ վեճին ներգրավված արհմիությունների անդամների գործատուի դեմ գործադուլը չեն հանգեցնում դիմողի և նրա անդամների համար ցանկալի արդյունքի, չի նշանակում, որ 11-րդ հոդվածով նախատեսված նրանց իրավունքների իրականացումը թվացյալ է: Կոլեկտիվ բանակցություններ վարելու իրավունքը չի մեկնաբանվել որպես կոլեկտիվ համաձայնագրի «իրավունքի» ներառյալ մաս (այս կապակցությամբ տե՛ս Դեմիր և Բայկարա վճռի 158 պարագրաֆը, որում Դատարանը գտավ, որ ազգային իշխանությունների կողմից կոլեկտիվ պայմանագիր կնքելու որևէ պարտավորության բացակայությունը գործի բաղկացուցիչ մաս չէ): Միևնույն ժամանակ գործադուլի իրավունքը չի ենթադրում, որ հանդիսանում է գերակա իրավունք: Ինչպես հաճախ հայտարարել է Դատարանը, Կոնվենցիայի պահանջն այն է, որ ազգային օրենսդրության ներքո արհմիությունները պետք է ունակ լինեն պաշտպանելու իրենց անդամների շահերն այն պայմաններում, որոնք չեն հակասում 11-րդ հոդվածին (Դեմիր և Բայկարա, կետ 141, վերջերս քննված գործը՝ «Sindicatul “Păstorul cel Bun”» ընդդեմ Ռումինիայի, [ՄՊ], գանգատ թիվ 2330/09, կետ 34, 2013 թվականի հուլիսի 9): Սույն գործով վեճին ներգրավված դիմողն ու նրա անդամներն ունակ են եղել նման կերպ վարվելու:
86. Արհմիությունների վերաբերյալ նախորդ գործերով Դատարանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել արդարացի հավասարակշռությանն անհատի և հասարակության՝ որպես մի ամբողջության, հակադիր շահերի միջև: Քանի որ աշխատողների և գործատուների շահերի միջև համապատասխան հավասարակշռության ձեռքբերումը ներառում է սոցիալական և քաղաքական հարցեր, Պայմանավորվող կողմը պետք է օժտված լինի հայեցողության լայն շրջանակով, թե ինչպես կարող է ապահովվել արհմիությունների ազատությունը և նրա անդամների շահերի պաշտպանությունը: Այս կապակցությամբ իր վերջին եզրակացություններում Դատարանը՝ Մեծ Պալատը, գտել է, որ այս ոլորտում ներպետական համակարգերի միջև հայեցողությունը պետք է լինի ամենաընդարձակներից մեկը (տե՛ս վերոհիշյալ «Sindicatul “Păstorul cel Bun”» գործը, կետ 133): Դիմողը հղում է տվել նաև Դեմիրն և Բայկարայի գործով վճռին, որում Դատարանը գտել է, որ Պետությունը պետք է օժտված լինի միայն սահմանափակ հայեցողությամբ (տե՛ս վճռի 119-րդ կետը): Այնուամենայնիվ Դատարանը մատնացույց է անում, որ վճռի ուսումնասիրությունից հետևում է, որ քննարկվող մոտեցումը մեծ միջամտություն ունի միավորվելու ազատության նկատմամբ, մասնավորապես՝ վերաբերում է արհմիության լուծարմանը: Սա չպետք է ընկալել բնականոն ժողովրդավարական գործընթացների միջոցով շահագրգիռ պետությունում սոցիալական և տնտեսական շրջանակում արհմիությունների ազատության իրականացման կարգավորման հարցում ազգային իշխանությունների ունեցած հայեցողության վերջնական և վճռական սահմանափակում: Հայեցողության շրջանակը վերջնական արդյունքում կախված է հանգամանքներից, որոնք իր նախադեպային իրավունքում Դատարանը ճանաչել է որպես համապատասխան, այդ թվում՝ արհմիությունների քննարկվող իրավունքի սահմանափակման բնույթն ու աստիճանը, այդ սահմանափակմամբ հետապնդվող նպատակը և հասարակության այլ անդամների մրցակցող իրավունքներն ու շահերը, ովքեր կարող են վնաս կրել բացարձակ իրավունքի իրականացման արդյունքում: Սույն գործով բարձրացված հարցի կապակցությամբ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների և միջազգային գործիքների միջև կոնսենսուսը Դատարանի համար կարող է վճռորոշ նշանակություն ունենալ (Դեմիր և Բայկարա, կետ 85):
87. Եթե օրենսդրական սահմանափակումը հարվածում է արհմիությունների գործունեության հիմքին, ապա ազգային օրենսդիր մարմնի կողմից պետք է ճանաչվի ավելի փոքր հայեցողություն և ավելի շատ պահանջվի համաչափություն հետապնդվող նպատակի ու արհմիությունների ազատության սահմանափակման միջև: Եվ հակառակը, եթե դա արհմիության գործունեության հիմքը չէ, այլ ազդում է արհմիության գործունեության երկրորդային կամ օժանդակ ասպեկտին, ապա հայեցողությունն ավելի լայն է և միջամտությունն իր բնույթով ցանկալի է, որ համաչափ լինի այնքանով, որքանով դրա հետևանքները կարող են ազդել արհմիության ազատության իրականացման վրա:
88. Ինչ վերաբերում է սույն գործով դիմողի կողմից իր արհմիութենական ազատության իրականացման նկատմամբ թույլ տրված միջամտությանը, ապա Դատարանը գտնում է, որ այն այնքան զավթողական չէ, որքան ներկայացրել է դիմողը: Գործի հանգամանքները մատնացույց են անում այն, որ դիմողը գործադուլ է նախաձեռնել փոքր մասշտաբով և սահմանափակ արդյունքներով: Դա նրա ցանկություն է եղել խորացնելու գործադուլը փաստացի ներգրավելով «Jarvis»-ի իր հարյուրավոր անդամներին, այդ կերպ վնաս պատճառելով քննարկվող վեճին ամբողջությամբ չներգրավված կազմակերպությանը: Դատարանն արձանագրել է դիմողի համոզմունքը, որ երկրորդային գործողությունը հաջողության կհասներ: Անխուսափելի է, որ դա կարող էր լինել ոչ ավելին քան խարդախություն, քանի որ գործողության այդ ընթացքն ակնհայտորեն բացառված էր: Չի կարելի ասել, որ երկրորդային գործողության նկատմամբ արգելքը հարվածում է դիմողի միավորվելու ազատության էությանը: Այս հիմքով սույն գործն անհրաժեշտ է տարբերակել 84-րդ պարագրաֆում նշված գործերից, որոնք վերաբերում էին հանրային ոլորտի աշխատողների՝ «նախնական» կամ անմիջական ինդուստրիալ գործողության սահմանափակումներին:
89. Ինչ վերաբերում է սույն գործով քննարկվող միջամտությանը, ապա 1980 թվականի Զբաղվածության մասին ակտի ընդունմանը նախորդող Խորհրդարանական լսումների բանավեճերի քաղվածքներից ակնհայտ է, որ օրենսդրական նախաձեռնությունը կոչված է հավասարակշռություն մտցնելու ինդուստրիալ հարաբերություններում ի շահ տնտեսության ընդլայնման սահմանափակելով շատ լայն իրավունք հանդիսացող երկրորդային գործողություն ձեռնարկելու իրավունքը: Տասնամյակ անց Կառավարությունը գտավ, որ նույնիսկ իր սահմանափակ ձևով երկրորդային գործողությունը տնտեսության համար վտանգ է պարունակում տնտեսության և պետության տնտեսական գործունեությունում արտաքին ներդրումների համար: Որպես կանխավարկած այն ընդունեց, որ ինդուստրիալ գործողությունները մինչև նախնական գործադուլի սահմանափակումն ավելի ընդունելի հավասարակշռության կհանգեցնի Բրիտանիայի տնտեսությունում: Կառավարությունը կրկնել է այս դիրքորոշումը սույն դատավարություններում: Այս պնդումը լայնորեն վիճարկվեց Խորհրդարանի այն ժամանակի ընդդիմության կողմից և մերժվեց դիմողի կողմից ավելի շատ որպես թշնամական վերաբերմունք արհմիությունների նկատմամբ, քան թե տնտեսությանը վնաս պատճառող ուղղակի ապացույց: Այսինքն այս գործի առարկան ուղղակիորեն վերաբերում է պատասխանող պետության սոցիալական և տնտեսական ռազմավարությանը: Այս կապակցությամբ Դատարանը սովորաբար թույլատրում է հայեցողության լայն շրջանակ, քանի որ իրենց հասարակության և նրա կարիքների անմիջական իմացության ուժով ազգային իշխանությունները, և հատկապես ժողովրդավարական եղանակով ընտրված խորհրդարանները սկզբունքորեն ավելի բարենպաստ դիրքում են գտնվում քան միջազգային դատավորները գնահատելու համար, թե ինչն է բխում հանրության շահերից և ինչ օրենսդրական միջոցներ են անհրաժեշտ ձեռնարկելու իմպլեմենտացնելու ընտրված սոցիալական, տնտեսական կամ ինդուստրիալ քաղաքականությունը (տե՛ս բազմաթիվ գործերի շարքում Ստամմերն ընդդեմ Ավստրիայի գործը [ՄՊ], գանգատ թիվ 37452/02, կետ 89, ՄԻԵԿ 2011):
90. Իրոք, առկա են նաև այլ ուղղությամբ գնացող հանգամանքներ, որոնք վերաբերում են Միացյալ Թագավորության օրենսդիր մարմնի ընտրության հնարավորությունների շրջանակին:
91. Դրանցից առաջինն այն աստիճանն է, որի դեպքում կարելի է ասել, որ երկրորդային գործողությունների վերաբերյալ եվրոպական պետությունների միջև առկա են ընդհանուր մոտեցումներ: Դատարանին ներկայացված համեմատական տեղեկությունը բացահայտում է պետությունների դիրքորոշումների շրջանակը, սկսած լայնորեն թույլատրելի ծավալից, ինչպես օրինակ՝ Հունաստանում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում և Շվեդիայում, մինչև այն պետությունները, որտեղ երկրորդային գործադուլն արգելվում է կամ չի թույլատրվում: վերոհիշյալ մյուս բոլոր պետությունները (38-41-րդ պարագրաֆներում) տեղակայված են այս երկու կետերի միջև: Կառավարությունը նսեմացրել է համեմատական վերլուծության նշանակությունը՝ ընդգծելով ինդուստրիալ հարաբերությունների ոլորտում եվրոպական պետությունների միջև խորը կառուցվածքային և մշակութային տարբերությունները: Դատարանն ընդունում է տարբերությունը, որը նա ճանաչել էր մյուս գործերով, որոնք վերաբերում էին արհմիությունների իրավունքներին (օրինակ՝ վերոհիշյալ «Sindicatul “Păstorul cel Bun”» գործը և Սորենսենն ու Ռասմուսենն ընդդեմ Դանիայի գործը [ՄՊ], գանգատներ թիվ 52562/99 և 52620/99, կետ 58, ՄԻԵԿ 2006‑I): Այնուհանդերձ ակնհայտ է, որ երկրորդային գործադուլի նկատմամբ իր բացարձակ արգելքով պատասխանող Պետությունը կանգնած է այդ շրջանակի մի ծայրում՝ դառնալով այն սակավաթիվ եվրոպական պետություններից մեկը, որը նման կատեգորիկ մոտեցում է որդեգրել այս հարցի վերաբերյալ: Բազմատեսակ համեմատական պատկերն ու դրանում Միացյալ Թագավորության դիրքորոշումը, այնուամենայնիվ ինքնին չի նշանակում, որ ազգային իշխանությունները դուրս են եկել թույլատրելի հայեցողության շրջանակից արհմիությունների գործունեությունը կարգավորելու կապակցությամբ:
92. Երկրորդ, այս գործի առանձնահատկությունը միջազգային իրավունքի նյութերի առատությունն է: Միացյալ Թագավորությունն արգելել է երկրորդային գործողությունն ավելի քան 2 տասնամյակ առաջ և այս ժամանակահատվածի ընթացքում դարձել է ԱՄԿ Փորձագետների կոմիտեի և ՍԻԵԿ-ի քննադատական մեկնաբանությունների առարկան: Դիմողը որպես հավելյալ նյութ հղում է տվել այս նյութերին: Կառավարությունը չի գտնում, որ այդ քննադատությունները վերաբերելի են սույն գործով բացահայտված փաստացի իրադրության հետ կամ այլ կերպ էական բնույթ ունեն: Դատարանն այժմ կքննարկի այս տեսակետը:
93. Կառավարությունը վիճարկել է այս մարմինների քննադատության վերաբերելիությունն այս գործին նրանց կողմից տրված ձևակերպումների լույսի ներքո, քանի որ նրանք դիտարկել են ամբողջովին տարբեր պոտենցիալ ունեցող իրավիճակներ (տես՛ վերը պարագրաֆներ 33 և 37):
94. Կառավարությունը ՍԻԵԿ-ի գնահատականը չի դիտարկել որպես իրավունքի հեղինակավոր աղբյուր, քանի որ չնայած նրա անկախությանը և նրա անդամների փորձառությանը, ՍԻԵԿ-ը չունի դատական կամ կվազի-դատական մարմնի կարգավիճակ: Նրա դերը Նախարարների կոմիտեին զեկուցելն է: Դատարանը գտնում է, որ ՍԻԵԿ իրավասությունը նախատեսված է Եվրոպական սոցիալական խարտիան փոփոխելու մասին արձանագրությամբ (որը հայտնի է նաև որպես «Թուրինի արձանագրություն», Եվրոպայի Խորհրդի պայմանագրերի սերիա թիվ 142), որի համաձայն՝ վերջինս կոչված է «գնահատելու ազգային օրենսդրության և պրակտիկայի համապատասխանությունը Խարտիայից ծագող պարտավորություններին»: Ճիշտ է նաև այն, որ այս արձանագրությունն ուժի մեջ չի մտել, քանի որ Խարտիայի մասնակից մի քանի պետություններ, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունը, չեն վավերացրել այն: Թեև ակնհայտ է, որ ՍԻԵԿ-ի մեկնաբանողական արժեքը ընդհուր առմամբ ընդունելի է պետությունների ու Նախարարների կոմիտեի համար: Այն հաստատապես ընդունելի է նաև Դատարանի համար, որը բազմիցս անդրադարձել է Խարտիային ՍԻԵԿ-ի կողմից տրված մեկնաբանությանը և դրա տարբեր դրույթներին պետությունների օրենսդրությունների համապատասխանության գնահատականին (օրինակ՝ Դեմիր և Բայկարա, նաև Tüm Haber Sen and Çınar ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 28602/95, կետ 39, ՄԻԵԿ 2006‑II, արհմիության վերաբերյալ գործ, որում Դատարանը ՍԻԵԿ-ը բնութագրել է որպես այս ոլորտում «հատկապես մասնագիտացած» մարմին):
95. Ինչ վերաբերում է այս հարցի կապակցությամբ Միացյալ Թագավորության մասով Նախարարների կոմիտեի որևէ խորհրդատվության բացակայությանը, ապա Դատարանը նկատում է, որ նախևառաջ Թուրինի արձանագրության ներքո Նախարարների կոմիտեի դերը պետություններին խորհրդատվությունների տրամադրումն է ընտրողական հիմքի վրա՝ առաջնորդվելով սոցիալական, տնտեսական և այլ քաղաքական դիրքորոշումներով: Նրա դերը ՍԻԵԿ-ի եզրակացությունների հաստատումը չէ: Երկրորդ, Դատարանը նկատում է, որ Եվրոպական սոցիալական խարտիայի կառավարական կոմիտեն առաջին քայլն է կատարել երկրորդային գործողության հարցի վերաբերյալ Նախարարների կոմիտեի խորհրդատվության ուղղությամբ՝ ընդունելով Միացյալ Թագավորությանն ուղղված նախազգուշացում, որ «ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերն իրավիճակը Խարտիայի հետ ներդաշնակության մեջ բերելու համար» (տե՛ս իր զեկույցը թիվ XIX-3 (2010), T-SG (2012) եզրակացությունների վերաբերյալ, էջ 59):
96. Ինչ վերաբերում է ԱՄԿ-ի Փորձագետների կոմիտեին Կառավարությունը կատարել է միանման դիտարկում, մասնավորապես՝ այդ մարմինը ֆորմալ առումով իրավասու չէ տալու ԱՄԿ կոնվենցիաների մեկնաբանություններ: Այն Դատարանի ուշադրությունը հրավիրել է ԱՄԿ շրջանակներում առկա անհամաձայնությանը գործադուլի իրավունքի իրավական կարգավիճակի և նույնիսկ նման իրավունքի առկայության վերաբերյալ: Փորձագետների կոմիտեն վերջերս ճանաչել է իր դերակատարության սահմանափակ բնույթը՝ հայտարարելով, որ «[իր] կարծիքներն ու խորհրդատվությունները պարտադիր չեն ԱՄԿ վերահսկողական գործընթացներում և ԱՄԿ-ի շրջանակներից դուրս նույնպես պարտադիր չէ, քանի եթե որևէ միջազգային գործիք հատկապես սահմանել է, որ այն այդպիսին է կամ պետության գերագույն դատարանն իր ցանկությամբ որոշել է, որ այն պարտադիր է» (2013 թվականի Միջազգային աշխատանքային կոնֆերանսի 102-րդ նստաշրջանում ԱՄԿ Փորձագետների կոմիտեի զեկույցի՝ Հանրային ծառայությունում կոլեկտիվ բանակցությունը. առաջընթացի ուղի, նախաբանից): Այս տեքստը Փորձագետների կոմիտեի մեկնաբանությունները բնութագրում է որպես «soft law»: Նախաբանում առկա է հետևյալ եզրահանգումը (կետ 8.
«Ինչ վերաբերում է ԱՄԿ կոնվենցիաների մեկնաբանություններին և այս ոլորտում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի դերին, ապա Կոմիտեն մատնացույց է անում, որ սկսած 1990 թվականից իր լիազորությունների շրջանակն իրեն հնարավորություն չեն տալիս տալու կոնվենցիաների վերջնական մեկնաբանություններ, քանի որ նման իրավասությամբ օժտված է ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ԱՄԿ Սահմանադրության 37-րդ հոդվածով: Այնուհանդերձ այն հայտարարել է, որ իր գործառույթների իրականացման համար, մասնավորապես՝ պարզելու համար, թե Կոնվենցիայի պահանջներն արդյոք հարգվում են, թե՝ ոչ, Կոմիտեն պետք է մեկնաբանի կոնվենցիաների դրույթների բովանդակությունն ու իմաստը, սահմանի դրանց իրավական շրջանակը և եթե անհրաժեշտության դեպքում արտահայտի իր կարծիքն այդ հարցերի կապակցությամբ: Կոմիտեն այդ պատճառով գտնում է, որ քանի դեռ իր տեսակետները չեն հակասում ՄԱԿ-ի միջազգային դատարանի դիրքորոշումներին, նրանք պետք է գնահատվեն որպես կիրառելի և համընդհանուր ճանաչում ստացած: Կոմիտեն գտնում է, որ այս դիտարկման ընդունումն անհրաժեշտ է ինչպես օրինականության սկզբունքի ապահովման համար, այնպես էլ իրավական որոշակիության ապահովման համար երաշխավորելու Աշխատանքի միջազգային կազմակերպության բնականոն գործունեությունը»:
97. Դատարանը չի գտնում, որ այս բացատրությունն իրենից պահանջում է վերանայելու այս մարմնի դերը որպես հղման աղբյուրի և ուղենիշի Կոնվենցիայի որոշակի դրույթների մեկնաբանության համար (տե՛ս որպես կանոն Դեմիրն ու Բայկարան, վերոհիշյալ գործը, կետեր 65-86): Թեև Կառավարությունը վկայակոչում էր Աշխատանքի միջազգային կոնֆերանսի 2012 թվականի 101-րդ նստաշրջանում արձանագրված անհամաձայնությանը, սակայն նիստերի արձանագրություններից հետևում է, որ անհամաձայնությունն առկա է եղել գործատուների փոքր խմբերում (Աշխատանքի միջազգային կոնֆերանսի 101-րդ նստաշրջանի նախնական արձանագրություն, 19 (Rev.), կետեր 82-90): Կառավարությունները, որոնք ելույթ են ունեցել այդ քննարկումների ընթացքում, հայտնել են, որ գործադուլի իրավունքն «ամուր-խարսխված և լայնորեն ընդունված է հիմնարար իրավունք է»: Նորվեգիայի կառավարության ներկայացուցիչը հավելել է, որ իր երկիրն ամբողջությամբ ընդունել է Փորձագետների Կոմիտեի մեկնաբանությունը, որ գործադուլի իրավունքը պաշտպանված է թիվ 87 կոնվենցիայի ներքո: Ամեն դեպքում պատասխանող Կառավարությունն այս դատավարություններում ընդունել է, որ 11-րդ հոդվածի ներքո ամրագրված իրավունքը՝ միանալու արհմիություններին, կիրառելի է գործադուլ իրականացնելու իրավունքի համար ևս (տե՛ս վերը 62 պարագրաֆ):
98. Իրավասու մարմինների կողմից արձակված մեկնաբանողական կարծիքների հետագա վերլուծությունն այն եզրահանգման է բերում, ինչն ամրագրված է Դատարանին ներկայացված համեմատական նյութերում, մասնավորապես՝ երկրորդային ինդուստրիալ գործողության նկատմամբ բացարձակ արգելք սահմանելով պատասխանող պետությունը հայտնվել է այս հարցի վերաբերյալ տարբեր ազգային մոտեցումների շրջանակի ամենասահմանափակ մեկնաբանության ոլորտում և շարժվում է այս ոլորտի միջազգային մոտեցումներին հակառակ ուղղությամբ՝ պահպանելով նման նեղ մոտեցումը: Իմաստն այն է, որ նման եզրակացությունը չի համապատասխանում սույն գործով Դատարանի գնահատականին, որը Դեմիրն ու Բայկարայի գործով վճռում բացատրվել է հետևյալ կերպ (85-րդ պարագրաֆում).
«Երբ կոնկրետ գործի քննության ընթացքում Դատարանը կատարում է Կոնվենցիայի դրույթների մեկնաբանություն, ապա միջազգային մասնագիտացված պայմանագրերից կամ պայմանավորվող պետությունների պրակտիկայից բխող կոնսենսուսը նրա համար կարող է ունենալ կողմնորոշիչ նշանակություն»:
Մեծ Պալատի հայտարարությունն արտացոլում է Դատարանի հստակ դիրքորոշման բնույթը համեմատած ԱՄԿ-ի և Եվրոպական սոցիալական խարտիայի վերահսկողական մարմինների ընդունած դիրքորոշումների հետ: Այս ընթացակարգերի ներքո գործող մասնագիտացված միջազգային մոնիտորինգային մարմիններն ունեն տարբեր տեսակետ, որն առավել ընդհանուր ձևով է ներկայացնում երկրորդային գործողության նկատմամբ արգելքի վերաբերյալ վերլուծությունը: Ի հեճուկս դրա, Դատարանի խնդիրը չէ վերացական կարգով վերանայելու համապատասխան ներպետական օրենսդրությունը, այլ որոշելու, թե այն եղանակով, որ վերջինս գործում է, արդյոք խախտում է Կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված իրավունքները (տե՛ս Վոն Հաննովերն ընդդեմ Գերմանիայի (թիվ 2) [ՄՊ], գանգատներ թիվ 40660/08 և 60641/08, կետ 116, ՄԻԵԿ 2012 թվական, նաև՝ Կարթն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], գանգատ թիվ 8917/05, կետեր 85-87, ՄԻԵԿ 2009 թվական (քաղվածքներ)): Դիմողը, ինչպես նաև երրորդ կողմերը շատ են քննարկել արգելքի հետևանքները բազմաթիվ վերացական սցենարներում, որը կարող է այնքան հեռու գնալ, որ ամբողջությամբ բացառի ինդուստրիալ ցանկացած գործողություն, եթե անմիջականորեն շահագրգռված աշխատողները ժամանակին չեն ձեռնարկել նախնական գործադուլ, այդ կերպ՝ վնասելով արհմիությունների ազատության էությանը: Նրանք նաև գտել են, որ արգելքը կարող է գործատուների համար հեշտացնել տարբեր խարդախությունների միջոցով օրենքի շրջանցումը, օրինակ՝ աշխատանքային կենտրոնների ապակենտրոնացումը, համակարգային կորպորատիվ համակարգերի ընդունումը որպիսի աշխատողներին փոխադրեն առանձին իրավական միավորներ կամ լուծարեն կազմակերպությունը (տե՛ս 33-րդ և 37-րդ պարագրաֆները): Համառոտ արհմիություններին կարող են էապես խոչընդոտել իրենց իրավաչափ նպատակների ներկայացման ժամանակ, մասնավորապես՝ իրենց անդամների շահերի պաշտպանության գործունեության ընթացքում: Այս փաստարկն այնուամենայնիվ իր հեռուն գնացող բացասական հետևանքներով «Hydrex»-ի դեպքում չի ծագել: Դատարանի դիրքորոշումը սահմանափակված է գործի քննության համար ներկայացված հանգամանքներով: Դատարանը գտնում է, որ ԱՄԿ-ի և Եվրոպական սոցիալական խարտիայի վերահսկողական համապատասխան մարմինների կողմից տրված բացասական գնահատականներն այնքան ծանրակշիռ դեր չունեն որոշելու համար, թե այն հանգամանքների ներքո, որոնք շարադրված են սույն գործով, երկրորդային գործադուլների նկատմամբ արգելքի սահմանումն արդյոք գտնվում է թույլատրելիության սահմանում, թե՝ ոչ, և կարծում է, որ դրանք շարունակում են մնալ ազգային իշխանությունների հայեցողության շրջանակում Կոնվենցիայի 11-րդ հոդվածի ներքո:
99. Ներպետական իշխանությունների հայեցողությունն, այնուամենայնիվ, անսահմանափակ չէ, սակայն ձեռք ձեռքի բնած շարժվելով Եվրոպական վերահսկողական մարմինների հետ, Դատարանի խնդիրն է վերջնական լուծում տալու այն հարցին, թե այս սահմանափակումներն արդյոք համատեղելի են միավորվելու ազատության հետ, որը պաշտպանված է 11-րդ հոդվածով (Վորդուր Օլաֆսսոնն ընդդեմ Իսլանդիայի, գանգատ թիվ 20161/06, կետ 76, ՄԻԵԿ, 2010 թվական): Կառավարությունը փաստարկել է, որ «սոցիալական հրատապ անհրաժեշտությունը» օրենսդրական արգելք սահմանելու երկրորդային գործադուլի նկատմամբ հանդիսանում է ներպետական տնտեսության պաշտպանիչ վահանը նման ավերիչ գործողությունից, որի թույլատրման դեպքում վտանգի կենթարկվի պետության տնտեսության վերականգնումը: Սոցիալական և տնտեսական քաղաքականության բնագավառներում, որոնք ներառվում են պետության ինդուստրիալ հարաբերությունների քաղաքականության մեջ, Դատարանը որպես կանոն հարգում է օրենսդիր մարմնի քաղաքական որոշումը, եթե դա ունի «ակնհայտ ողջամիտ հիմք» (Կարսոնն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], գանգատ թիվ 42184/05, կետ 61, ՄԻԵԿ, 2010 թվական): Ավելին, Դատարանը ճանաչել է ներպետական քաղաքականություն մշակողների «հատուկ նշանակությունը» ընդհանուր քաղաքականությունում որոշում կայացնելիս, որում կարծիքները ողջամտորեն կարող են բավականին տարբերվել (տե՛ս Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում «MGN» ՍՊԸ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, գանգատ թիվ 39401/04, կետ 200, 2011 թվականի հունվարի 18, հղում տալով Հաթթոնն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործը [ՄՊ], գանգատ թիվ 36022/97, կետ 97, ՄԻԵԿ 2003‑VIII, որտեղ Դատարանը մատնացույց արեց «անմիջական ժողովրդավարական օրինականացումը», որից օգտվում էր օրենսդիր մարմինը): Երկրորդային գործողության նկատմամբ արգելքն անփոփոխ էր մնացել ավելի քան 20 տարի՝ չնայած կառավարության կազմը 2 անգամ փոխվել էր այդ ընթացքում: Սա նշանակում է ի օժանդակություն դրա և դրա ընդունման պատճառների վերաբերյալ առկա ժողովրդավարական կոնսենսուսի մասին, որը Միացյալ Թագավորությունում ներառում է քաղաքական կարծիքների բավականին լայն շրջանակ: Այս հետևությունները Դատարանին ուղղորդեցին եզրակացնելու, որ իրենց գնահատականում, թե ինչպես են հանրային շահերը լավագույնս ծառայում իրենց պետությունում հաճախ փոփոխվող քաղաքական, սոցիալական և տնտեսական հարաբերությունների համատեքստում, օրենսդիր իշխանությունը հիմնվում է այնպիսի պատճառների վրա, որոնք և անհրաժեշտ են, և բավարար են 11-րդ հոդվածի նպատակների համար:
100. Դատարանը նաև պետք է քննարկի այն հարցը, թե վիճարկվող խախտումն արդյոք սահմանափակում է համաչափության սկզբունքը, թե՝ ոչ: Դիմողը, հաշվի առնելով խախտման բացարձակ բնույթը, փաստարկել է, որ այն խախտում է համաչափության սկզբունքը, քանի որ ամբողջությամբ բացառում է մրցակցող իրավունքների և շահերի միջև հավասարակշռությունը և որևէ տարբերակում չի դնում իրադրությունների միջև: Կառավարությունը պաշտպանեց օրենսդիր մարմնի որոշումը խուսափել մեկ միասնական ձևակերպում տալուց և պնդեց, որ ցանկացած ավելի սահմանափակ մոտեցում անկիրառելի և անարդյունավետ կլինի:
101. Դատարանը գտավ, որ միջամտությունն արդարացնող օրենքի ընդհանուր բնութագիրն իր էությամբ չի հակասում համաչափության սկզբունքին: Ինչպես վերջերս այն կրկնել է, պետությունը կարող է Կոնվենցիային համապատասխան ընդունել ընդհանուր օրենսդրական միջոցառումներ, որոնք կիրառելի կլինեն նախկինում տեղի ունեցած դեպքերի վրա առանց ապահովելու անհատական գնահատականներ առանձին անհատների համար (տե՛ս Կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպությունն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը [ՄՊ], գանգատ թիվ 48876/08, կետ 107, 2013 թվականի ապրիլի 22, իր բազմաթիվ հղումներով Կոնվենցիայի և դրա 1-ին արձանագրության տարբեր դրույթների վերաբերյալ): Սա չի նշանակում, որ անհատական գործի առանձնահատուկ հանգամանքները Դատարանի համար նշանակություն չունեն համաչափության վերլուծության համար: Ընդհակառակը, նրանք վկայում են պրակտիկայում ընդհանուր միջոցի ազդեցության մասին և հետևաբար դա հանդիսանում է համաչափության նյութ (ibid., կետ 108): Ինչպես արդեն հաստատվել է «Hydrex»-ի դեպքով հաստատված հանգամանքների պարագայում դիմողի միավորվելու ազատության նկատմամբ միջամտությունը չի կարող օբյեկտիվորեն դիտարկվել որպես հատկապես հեռու գնացող:
102. Արգելքի թուլացմանն ուղեկցող վտանգները պարունակում են համապատասխան հետևություններ, որոնք գնահատելու խնդիրը նախ և առաջ պատկանում է պետությանը (ibid., կետ 108): Այս կապակցությամբ դիմողը փաստարկել է, որ այն սահմանափակել էր «Jarvis»-ում իր երկրորդային գործադուլն առանց հետագա հետևանքների: Դա այնուամենայնիվ կարող է լինել միայն խարդավանքների հետևանք: Ինչպես ցույց են տալիս գործի նյութերը, հիմնական պատճառը, որի արդյունքում Խորհրդարանը սահմանափակել է երկրորդային գործողության շրջանակը 1980 թվականին նախորդող ժամանակահատվածում դրա ծավալներն են եղել, որոնք արագորեն դուրս են եկել հիմնական ինդուստրիալ վեճի սահմաններից: Ըստ դիմողի դա եղել է այն իրավիճակը, որին պետք է վերադառնա Միացյալ Թագավորությունը 11-րդ հոդվածի պահանջները բավարարելու համար:
103. Ինչպես հաստատվել է նախադեպային իրավունքով, իրավաչափ է իշխանությունների կողմից հնարավոր ենթադրություններով ինչպես նաև՝ գործնական դժվարություններով առաջնորդվելը, որը որոշակի օրենսդրական սխեմաներում կարող է լայնամասշտաբ բնույթ կրել, որը կարող է ծագել անհատական դեպքի արդյունքում, օրինակ՝ անհստակությունը, անվերջանալի դատավարությունը, անհամաչափ կառավարական ծախսերն ի վնաս հարկատուների և հնարավոր կամայականությունները (ibid.): Այս կապակցությամբ անհրաժեշտ է կրկնել 10 տարվա համար՝ 1980 թվականից մինչև 1990 թվականը, Միացյալ Թագավորությունը գտավ, որ հնարավոր է գործել երկրորդային գործողության նկատմամբ արգելք սահմանելով (տե՛ս վերը 23-24-րդ պարագրաֆները): Կառավարությունը չի վիճարկել, որ այս օրենսդրական ռեժիմը կարող էր ընդունված լինել վերոշարադրյալ դժվարությունների պատճառով: Դիմողը մանրամասն չի մեկնաբանել այդ ժամանակահատվածում իր իրավական դիրքորոշումը: Նա այն տեսակետն է որդեգրել, որ դրա համապատասխանելիությունը Կոնվենցիային «ամբողջությամբ ակադեմիական հետաքրքրություն է ներկայացնում» չնայած, որ հավելել է, որ ամեն դեպքում նման արգելքը չի կարող ընդունելի լինել: Դատարանը գտել է, որ չնայած Միացյալ Թագավորության իրավունքի պատմությունը վկայում է արգելքի փոխարեն ընդունելի այլընտրանքների մասին, սակայն դա չի կարող հարցի համար վճռորոշ նշանակություն ունենալ: Խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք ավելի սահմանափակ բնույթի միջոցառումներ ընդունելու դեպքում կամ Պետության կողմից որևէ սահմանափակման բացառումը հնարավոր չէր դարձնի իրավաչափ նպատակին հասնելը: Մասնավորապես, կոնկրետ խնդիրը նրանում է, թե ընդհանուր բնույթի օրենսդրական ակտի ընդունումը գտնվել է պետության հայեցողության շրջանակում (Կենդանիների պաշտպաններ, կետ 110), որը Դատարանի կողմից այս հարցով ճանաչվել է ամենաընդարձակներից մեկը և արդյոք չի խախտվել արդար հավասարակշռությունը: Թեև դիմողը ներկայացրել է արհմիությունների համերաշխության և արդյունավետության հստակ օրինակներ, սակայն դրանք Դատարանին չեն հակել այն մտքին, որ Միացյալ Թագավորության Խորհրդարանը երկրորդային գործողության նկատմամբ արգելք սահմանելիս գործել է բավարար քաղաքականության և փաստացի պատճառների բացակայության պայմաններում:
104. Հետագա վերլուծությունները Դատարանին ուղղորդում են եզրակացնելու, որ սույն գործով վիճարկվող կոնկրետ դեպքերը չեն վկայում դիմողի միավորվելու ազատության իրավունքի, ինչպես նաև դրա բաղկացուցիչ մասերի՝ իր անդամների շահերի ներկայացման, վեճի մեջ գտնվող իր անդամների անունից այդ գործատուի հետ բանակցությունների վարման և գործադուլի կազմակերպման նկատմամբ չարդարացված միջամտության մասին (տե՛ս վերը 15-16-րդ պարագրաֆներ): Պատասխանող պետությունն այս հարցում օժտված է բավականին լայն հայեցողությամբ, որը նրան հնարավորություն է տալիս օրենսդրական արգելք սահմանելու երկրորդային գործողության նկատմամբ և այս գործի հանգամանքները հիմք չեն տալիս եզրակացնելու, որ «Hydrex»-ի դեպքում այդ արգելքի կիրառումն անհամաչափորեն սահմանափակել է դիմողի՝ 11-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը:
105. Հետևաբար, սույն գործի փաստական հանգամանքներով չի կարող հաստատվել, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:
106. Վերջում Դատարանը ցանկանում է ընդգծել, որ իր իրավազորությունը սահմանափակված է Կոնվենցիայով: Նա իրավասություն չունի գնահատելու պատասխանող պետության օրենսդրության համապատասխանությունը ԱՄԿ-ի համապատասխան չափորոշիչներին կամ Եվրոպական սոցիալական խարտիային, քանի որ վերջիններս ինդուստրիալ գործողության համար պարունակում են առավել հատուկ նորմեր: Միևնույն ժամանակ այս գործում տեղ գտած եզրակացությունները չպետք է ընկալվեն որպես այդ չափորոշիչները և ԱՄԿ-ի Փորձագետների կոմիտեի ու ՍԻԵԿ-ի կողմից ընդունված հետևությունները կասկածի տակ դնող վերլուծություններ:
ԱՅՍ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Միանում է Կառավարության նախնական առարկություններին և հռչակում է, որ երկրորդային գործողության նկատմամբ արգելքի վերաբերյալ գանգատն ընդունելի է, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.
2. գտնում է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում չի եղել:
Կատարված է անգլերենով և Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ ու 3-րդ մասերի համաձայն գրավոր ծանուցվել է 2014 թվականի ապրիլի 8-ին:
Ֆաթոս ԱրաչիԻնետա Զիեմել
Քարտուղարի տեղակալՆախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն վճռին կցվել են հետևյալ հատուկ կարծիքները.
(ա) դատավորներ Զիեմելի, Հիրվելայի և Բիանկույի համընկնող կարծիքը,
(բ) դատավոր Վոժտուսզեկի համընկնող կարծիքը:
Ի.Զ.
Ֆ.Ա.
Հատուկ կարծիքները» չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակում կամ տարբերակներում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայում` HUDOC-ում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
[1]. Սևացրած տեքստը բնօրինակն է:
[2]. Սևացրած տեքստը բնօրինակն է:
[3]. այսինքն՝ այն ժամանակ, երբ երկրորդային գործողությունը դեռևս սահմանափակվում էր և դեռևս չէր արգելվել:
[4]. Սևացրած տեքստը բնօրինակն է:
[5]. Վերաբերում է ԵՄ բոլոր 27 անդամ պետություններին, ինչպես նաև՝ Խորվաթիային ու Իսլանդիային: Էլեկտրոնային տարբերակը հրատարակվել է հետևյալ կայքէջում :
[6]. Տե՛ս ՍԻԵԿ նախադեպային իրավունքի շտեմարանը
Full & Egal Universal Law Academy