© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 81
2005թ. դեկտեմբեր
Timishev-ն ընդդեմ Ռուսաստանի - 55762/00
Վճիռ 13.12.2005թ. [Բաժանմունք II]
Թիվ 4 Արձանագրության Հոդված 2
ԹԻՎ 4 Արձանագրության Հոդված 2-1
Տեղաշարժի ազատություն
Դիմումատուին արգելել են կրկնակի մուտք գործել Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետություն`չեչենական ծագում ունեցող ցանկացած անձի մուտքն արգելելու մասին հրահանգի հիման վրա. խախտում
Հոդված 14
Խտրականության արգելում
Ռասայական խտրականություն, որի համար հիմք է հանդիսացել դիմումատուի կրկնակի մուտքի մերժումը Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետություն` չեչենական ծագում ունեցող ցանկացած անձի մուտքն արգելելու մասին հրահանգի հիման վրա. խախտում
Թիվ 1 Արձանագրության Հոդված 2
Կրթության իրավունք
Երեխայի ուսումը տարրական դպրոցում ընդհատվել է, քանի որ նրա հայրը, ով ազգությամբ չեչեն էր, այլևս չի հանդիսացել Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության մշտաբնակ. խախտում
Դիմումատուն չեչենական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացի է, ով ծնվել է Չեչնիայի Հանրապետությունում: 1996թ. ի վեր նա ապրել է Նալչիկում` Ռուսաստանի Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությունում` որպես հարկադրված տարաբնակ: 1999թ. դիմումատուն և իր վարորդը Ռուսաստանի Ինգուշետիայի Հանրապետությունում գտնվող Նազրան քաղաքից ուղևորվել են դեպի Նալչիկ: Դիմումատուի պնդմամբ` նրանց կանգնեցրել են Ինգուշետիայի և Կաբարդինո-Բալկարիայի միջև գտնվող վարչական սահմանի վրա տեղակայված անցակետում: Կաբարդինո-Բալկարիայի պետական տեսչության ճանապարհային անվտանգության աշխատակիցները արգելել են դիմումատուին մուտք գործել Կաբարդինո-Բալկարիա` պատճառաբանելով, որ նրանք Հանրապետության ներքին գործերի նախարարությունից չեչենական ծագում ունեցող անձանց մուտքն արգելելու մասին բանավոր հրահանգ են ստացել: Ռուսաստանի կառավարության պնդմամբ` դիմումատուն փորձել է շրջանցել անցակետում հերթի մեջ գտնվող ավտոմեքենաները, սակայն, չարժանանալով ցանկալի վերաբերմունքի, հեռացել է:
Դիմումատուն դատարանում բողոքարկել է ոստիկանության աշխատակիցների գործողությունները և ներկայացրել ոչ նյութական փոխհատուցում ստանալու պահանջ: Նրա պահանջը մերժվեց, իսկ բողոքն էլ արդյունք չունեցավ: Ի պատասխան Ռուսաստանի Գլխավոր դատախազություն ներկայացրած բողոքի` դիմումատուին տեղեկացրեցին, որ հետաքննությունն իրականացնելուց հետո դատախազությունը հանձնարարել է Կաբարդինո-Բալկարիայի ներքին գործերի նախարարությանը շտկել ոստիկանության աշխատակիցների գործողությունները, որոնք խախտում էին Ռուսաստանի Սահմանադրության 27-րդ հոդվածը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել` ապագայում նման խախտումներից խուսափելու համար: Սակայն Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտնեց Գլխավոր դատախազությանը, որ այն չի կարող կատարել վերջինիս հրամանը, քանի որ դատարանների որոշմամբ որևէ խախտում տեղի չի ունեցել: Նախարարությունը ներկայացրեց նաև իրականացված ներքին հետաքննության արդյունքների համառոտ մի զեկույց, համաձայն որի դիմումատուին անցակետում կանգնեցրած ոստիկանության աշխատակիցն իր հերթափոխ հրամանատարի կողմից բանավոր հրահանգ էր ստացել` արգելելու Չեչնիայի Հանրապետությունից սեփական ավտոմեքենայով ճամփորդող չեչենական ծագում ունեցող անձանց մուտքը Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետություն, իսկ վերջինիս պնդմամբ` այդ նույն հրահանգը նա ստացել էր Ներքին գործերի նախարարության հասարակական անվտանգության ոստիկանության պետի տեղակալի կողմից:
2000թ. սեպտեմբերին դիմումատուի իննամյա որդուն և յոթ տարեկան դստերը թույլ չտրվեց հաճախել Նալչիկի դպրոց, որտեղ նրանք սովորել էին 1998թ. սեպտեմբերից մինչև 2000թ. մայիս ամիսը, քանի որ դիմումատուն չէր կարողացել ներկայացնել իր միգրացիոն քարտը. տեղական մի փաստաթուղթ, որը վկայում է Նալչիկում դիմումատուի բնակության մասին ու հաստատում վերջինիս` Չեչնիայից հարկադրված տարաբնակի կարգավիճակը: Դիմումատուն ստիպված էր եղել հրաժարվել իր միգրացիոն քարտից` Չեչնիայի Հանրապետությունում կորցրած սեփականության փոխհատուցման դիմաց, որը նա ստացել էր 1999թ. դեկտեմբերին: Դպրոցի տնօրենը համաձայնեց երեխաներին ոչ պաշտոնապես ընդունել դպրոց, սակայն տեղեկացրեց դիմումատուին, որ երեխաների ուսումն անմիջապես կընդհատվի, եթե կրթության վարչությունը բացահայտի իրենց պայմանավորվածությունը: Դիմումատուի` երեխաներին դպրոց ընդունելու մերժման համար ներկայացրած բողոքը հաջողություն չունեցավ:
Թիվ 4 Արձանագրության Հոդված 2. Հաշվի առնելով իրադարձությունների վերաբերյալ դիմումատուի տարբերակը, որը հաստատվել էր դատախազության և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված անկախ հետաքննության միջոցով` Դատարանը գտավ, որ ճանապարհային ոստիկանությունը Ուրուխի անցակետում դիմումատուին թույլ չի տվել անցնել Ռուսաստանի երկու շրջանների` Ինգուշետիայի և Կաբարդինո-Բալկարիայի միջև ընկած վարչական սահմանը: Հետևաբար, սահմանափակվել էր թիվ 4 Արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված դիմումատուի` Ռուսաստանի տարածքով ազատ տեղաշարժվելու իրավունքը: Գլխավոր դատախազության և Կաբարդինո-Բալկարիայի ներքին գործերի նախարարության կողմից իրականացված հետաքննությունը հաստատեց, որ վիճարկվող արգելքի կիրառման համար հիմք է հանդիսացել Կաբարդինո-Բալկարիայի ներքին գործերի նախարարության հասարակական անվտանգության ոստիկանության պետի տեղակալի կողմից տրված բանավոր հրահանգը: Պարզվեց, որ այդ հրահանգը պատշաճ կերպով ձևակերպված կամ վերահսկելի որևէ այլ եղանակով արձանագրված չի եղել, ինչը հնարավորություն չի տվել Դատարանին պարզելու այդ հրահանգի բովանդակությունը: Ամեն դեպքում, դաշնային դատախազության գրասենյակի որոշման համաձայն` այդ հրահանգը խախտել էր Ռուսաստանի Սահմանադրության 27-րդ հոդվածում ամրագրված ազատ տեղաշարժման իրավունքը: Դատարանը գտավ նաև, որ դիմումատուի` ազատ տեղաշարժվելու իրավունքի սահամանփակումը չի համապատասխանել օրենքին:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 14. Կաբարդինո-Բալկարիայի ավագ ոստիկանը հրահանգ էր տվել ճանապարհային ոստիկանությանը թույլ չտալ «չեչեններին» մուտք գործել հանրապետություն: Քանի որ անձի ազգային ծագումը նշված չէ ինքնությունը հաստատող որևէ ռուսական փաստաթղթում, այդ հրամանը խոչընդոտել էր ոչ միայն չեչենական ծագում ունեցող անձանց մուտքը, այլ նաև արգելք էր հանդիսացել այն անձանց համար, որոնց պարզապես համարել են այդ էթնիկական խմբին պատկանող: Չի վիճարկվել, որ նման սահմանափակումները կիրառվել են այլ ազգային խմբերի ներկայացուցիչների նկատմամբ: Ըստ Դատարանի` դա ակնհայտ տարբերակված վերաբերմունք է եղել ազգային ծագման հիմքով անձի` ազատ տեղաշարժման իրավունքի իրականացման համար: Նման իրավիճակներում հայտնված անձանց նկատմամբ ցուցաբերված տարբերակված մոտեցումը, որը զուրկ է որևէ նպատակից և ողջամիտ հիմնավորումից, հանդիսանում է խտրականություն: Անձի փաստացի կամ ենթադրվող ազգային պատկանելության հիման վրա կատարվող խտրականությունը հանդիսանում է ռասայական խտրականության դրսևորման մի ձև: Ռասայական խտրականությունը խտրականության առավել վրդովեցուցիչ տեսակ է եղել և հաշվի առնելով վերջինիս վտանգավոր հետևանքները` այն իշխանություններից պահանջում է հատուկ զգոնություն և արագ արձագանք, և պարտադիր է, որպեսզի իշխանությունները ռասիզմի դեմ պայքարում օգտագործեն բոլոր հնարավոր միջոցները և այդպիսով ամրապնդեն ժողովրդավարության տեսլականը այն հասարակությունում, որտեղ ազգային բազմազանությունը ընկալվում է ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես հարստանալու միջոց:
Քանի որ դիմումատուն ապացուցել էր, որ նրա նկատմամբ ցուցաբերվել է տարբերակված մոտեցում, Կառավարությունից պահանջվում էր ապացուցել, որ այդ տարբերակված մոտեցումն եղել է հիմնավորված: Կառավարությունը չներկայացրեց որևէ փաստարկ, որով կարող էր հիմնավորել ազգությամբ չեչեն և ոչ չեչեն անձանց նկատմամբ ցուցաբերված տարբերակված մոտեցումը վերջիններիս` ազատ տեղաշարժման իրավունքից օգտվելու հարցում: Այնուամենայնիվ, Դատարանը գտավ, որ այն տարբերակված մոտեցումը, որը բացառապես կամ վճռականորեն հիմնված է անձի ազգային պատկանելության վրա, չի կարող օբյեկտիվորեն արդարացված լինել ժամանակակից ժողովրդավարական հասարակությունում, որը հիմնված է բազմակարծության սկզբունքների և տարբեր մշակույթների նկատմամբ հարգանքի վրա: Եզրափակելով` քանի որ սահմանափակվել էր դիմումատուի՝ ազատ տեղաշարժման իրավունքը` ելնելով բացառապես վերջինիս ազգային պատկանելիությունից, նրա նկատմամբ դրսևորված տարբերակված մոտեցումը 14-րդ հոդվածի իմաստով հանդիսացել է ռասայական խտրականություն:
Եզրակացություն. Հոդված 14-ի խախտում` թիվ 4 Արձանագրության Հոդված 2-ի հետ համակցությամբ (միաձայն):
Թիվ 1 Արձանագրության Հոդված 2. Դիմումատուի երեխաներին թույլ չի տրվել շարունակել իրենց ուսումն այն դպրոցում, որը նրանք հաճախել են վերջին երկու տարիների ընթացքում: Կառավարությունը չի վիճարկել, որ մերժման իրական պատճառը հանդիսացել է դիմումատուի` միգրացիոն քարտից հրաժարվելու փաստը, որի հետևանքով նա կորցրել է իր մշտական բնակության իրավունքը Նալչիկ քաղաքում: Ինչևիցե, Կառավարությունը հաստատեց, որ համաձայն Ռուսաստանի օրենսդրության` երեխաների` կրթություն ստանալու իրավունքը չպետք է կախված լինի իրենց ծնողների մշտական բնակության գրանցումից: Հետևաբար, դիմումատուի երեխաներին մերժել են ներպետական օրենքով նախատեսված կրթության իրավունքը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. Դատարանը դիմումատուին շնորհեց 5,000 եվրո (EUR)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և որոշակի գումար` կատարած ծախսերի և ծախքերի համար:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy