© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՆԱԽԿԻՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
TRABELSI-Ն ԸՆԴԴԵՄ ԲԵԼԳԻԱՅԻ
(Գանգատ թիվ 140/10)
ՎՃԻՌ
(Հատվածներ)
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
4 սեպտեմբեր 2014թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Trabelsi-ն ընդդեմ Բելգիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Նախկին Հինգերորդ Բաժանմունք) Պալատը, հետևյալ կազմով`
Mark Villiger-ը, Նախագահ,
Ann Power-Forde-ը,
Ganna Yudkivska-ը,
André Potocki-ն,
Paul Lemmens-ը,
Helena Jäderblom-ը,
Aleš Pejchal-ը, դատավորներ,
և Claudia Westerdiek-ը, Պալատի քարտուղար,
2014թ. հուլիսի 1-ին կայացած դռնփակ նիստում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Վարույթը հարուցվել է 2009թ. դեկտեմբերի 23-ին՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, Թունիսի քաղաքացի պրն. Nizar Trabelsi-ի («դիմումատու») կողմից ընդդեմ Բելգիայի Թագավորության բերված գանգատի (թիվ 140/10) հիման վրա:
2. Վճռի կայացման օրը՝ 2014թ. հուլիսի 1-ին, դիմումատուին ներկայացրել է Բրյուսելում գործող փաստաբան պրն. A. Château-ն: Բելգիայի կառավարությանը («Կառավարություն») ներկայացրել է այդ պետության լիազոր ներկայացուցիչ՝ Դաշնային դատական վարչության ավագ խորհրդատու պրն. M. Tysebaert-ը:
3. Դիմումատուն, մասնավորապես, պնդում էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պահանջով իր հանձնումը ենթարկել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքին հակասող վերաբերմունքի արժանանալու ռիսկի: Նա նաև վիճարկում էր, որ իրեն հանձնելու մասին որոշման կատարումը խախտել է անհատական գանգատ ներկայացնելու իր իրավունքը:
4. 2012թ. նոյեմբերի 27-ին գանգատն ուղարկվել է Կառավարությանը:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմումատուն ծնվել է 1970թ. և այժմ պահվում է Stafford-ի Rappahannock բանտում, Վիրջինիայի նահանգ (ԱՄՆ):
Ա. Քրեական վարույթը և ապաստան հայցելու գործընթացը
6. 2001թ. սեպտեմբերի 14-ին Բրյուսելի շրջանային դատարանի գործը քննող դատավորի կողմից կայացվել է դիմումատուին ձերբակալելու մասին որոշում: Նրա բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել են կեղծ անձնագիր, ինքնաձիգ հրացաններ և զինամթերք, և մի քիմիական բանաձև, որը կարող էր օգտագործվել պայթուցիկ պատրաստելու համար, ինչպես նաև՝ Փարիզում գտնվող ԱՄՆ դեսպանատան հատակագիծը:
7. Միաժամանակ խուզարկություն էր անցկացվել Բրույսելի սրճարաններից մեկում, որտեղ դիմումատուն մշտական հաճախորդ էր. գործողությունն իրականացվել էր մեկ այլ կասկածյալի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա, որին նույնպես ձերբակալել էին: Խուզարկության արդյունքում հայտնաբերվել էր 59 լիտր ացետոն և 96 կգ ծծմբափոշի: Այս գործողության արդյունքում կայացված ձերբակալման որոշման համաձայն՝ դիմումատուին մեղադրանք էր առաջադրվել հանցավոր դավադրութուն կազմակերպելու, պայթեցման միջոցով վնաս պատճառելու, մարտական զենք պահելու և մասնավոր զինված խմբավորման հարելու համար:
8. Դիմումատուն ընդունել է առաջադրված մեղադրանքները և 2003թ. սեպտեմբերի 30-ին Բրյուսելի շրջանային դատարանի կողմից դատապարտվել տասը տարի ժամկետով ազատազրկման՝ բելգիական զինված ուժերի Kleine-Brogel-ի ռազմական բազան պայթեցնելու փորձի, խարդախության, անձանց և սեփականության նկատմամբ նախապատրաստվող հարձակում կազմակերպելու հանցավոր դավադրության համար: Դատարանն իր դատավճռում նշել է հետևյալ եզրակացությունը.
«[Պաշտպանյալը] փորձ է արել կատարել Բելգիայի անկախությունից ի վեր ամենածանր հանցագործություններից մեկը, և թեև իր ձերբակալության պահից բավականին ժամանակ է անցել, նա երբևէ փորձ չի արել զղջալու, հետևաբար, նա դեռևս շարունակում է ներկայացնել սպառնալիք, բացի այդ գործում չկան մեղմացուցիչ հանգամանքներ»:
9. Բրյուսելի Վերաքննիչ դատարանը 2004թ. հունիսի 9-ին կայացրած վճռով վերահաստատեց դիմումատուի նկատմամբ մի շարք հանցագործությունների համար կայացված տասը տարվա ազատազրկման դատավճիռը, այդ թվում նաև՝
« - բելգիական զինված ուժերի Kleine-Brogel ռազմաբազայի պայթեցման փորձ կազմակերպելու համար՝ հաշվի առնելով նաև այն, որ հանցագործը պետք է ենթադրեր, որ պայթյունի ժամանակ ռազմաբազայում կարող էր ներկա գտնվել մեկ կամ երկու անձ ...,
- ցմահ ազատազրկմամբ պատժվող ծանր հանցագործություններ կատարելու համար կազմ-պատրաստ լինելու և գաղտնի կազմակերպելու համար, իսկ այս գործով նաև՝ ահաբեկչական հարձակման իրականացումը նախապատրաստելու համար ...,
- օտար պետությունից ֆինանսական միջոցներ ստանալու համար, որոնք պետք է օգտագործվեին Բելգիայում ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ իրականացնելու համար ...,
- մարտական զենքը անօրինական պահելու համար ...,
- մասնավոր անձանցից բաղկացած զինված խմբավորում կազմակերպելու և դրան օժանդակելու կամ դրա գործունեությանը մասնակցելու համար, որի նպատակն էր ուժի գործադրումը ...»:
10. 2005թ. հունվարի 26-ին դիմումատուն Թունիսի ռազմական դատարանի կողմից in absentia դատապարտվել է տասը տարի ժամկետով ազատազրկման՝ օտար պետության մեջ խաղաղ պայմաններում ահաբեկչական կազմակերպությանը հարելու համար: 2009թ. հունիսի 29-ին Թունիսի մշտական ռազմական դատարանը կարգադրություն էր արձակել դիմումատուին դատարանի առջև ներկայանալու վերաբերյալ, որն ի կատար ածելու նպատակով 2009թ. սեպտեմբերի 10-ին ուղարկված դիվանագիտական նոտայի միջոցով Բելգիայի իշխանություններին միջնորդագիր էր ներկայացվել:
11. Բելգիայի կողմից դիմումատուի նկատմամբ նշանակված պատժի հիմնական մասը լրացել էր 2011թ. սեպտեմբերի 13-ին: 2007թ. վեց և երեք ամիս ժամկետով ազատազրկման ևս երկու պատիժներ էին սահմանվել և անմիջապես ի կատար ածվել, որոնք դիմումատուն կրել էր հաջորդաբար: Դիմումատուն այդ պատիժներն ամբողջությամբ կրել է 2012թ. հունիսի 23-ին:
12. Ընդ որում, 2005թ. օգոստոսի 25-ին գտնվելով Բելգիայում, դիմումատուն դիմել է ապաստանի համար, որը Փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով գլխավոր հանձնակատարը մերժել է իր 2009թ. ապրիլի 10-ի որոշմամբ: Այս որոշմամբ դիմումատուն զրկվել է փախստականի կարգավիճակ ստանալու հնարավորությունից և դրանով շնորհվող պաշտպանությունից այն հիմքով, որ վերջինս կատարել է այնպիսի հանցագործություններ, որոնք հակասում են Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին՝ Ժնևյան կոնվենցիայի hոդված 1f(c)-ի իմաստով: Այս որոշումը հաստատվել է Օտարերկրացիների հարցերով բողոքարկման հանձնաժողովի կողմից 2009թ. մայիսի 18-ի կայացված վճռով:
Բ. Հանձնման վարույթը
1. ԱՄՆ մեղադրական եզրակացության դատական ճանաչման փուլը
13. 2008թ. ապրիլի 8-ին ուղարկված դիվանագիտական նոտայով ԱՄՆ իշխանությունները բելգիական իշխանություններին են փոխանցել դիմումատուին հանձնելու մասին պահանջ, որի համար հիմք է ծառայել 1987թ. ապրիլի 27-ին Բելգիայի Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված Հանձնման մասին պայմանագիրը: Հանձնման պատճառը Կոլումբիայի շրջանի (Վաշինգտոն Դի Սի) շրջանային դատարանի կողմից դիմումատուի նկատմամբ հաստատված մեղադրանքն էր, որով, մասնավորապես, վերջինիս առաջադրվել էր հետևյալը.
«Ա. Միացալ Նահանգների տարածքից դուրս գտնվող ԱՄՆ քաղաքացիների սպանության դավադրություն, որով խախտվել է հետևյալ դրույթները՝ 18 Մ.Ն.Օ. § 2332 (b) (2) և 1111 (a)
Բ. Զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման դավադրություն և կիրառման փորձ, որով խախտվել է հետևյալ դրույթները՝ 18 Մ.Ն.Օ. § 2332a և 2
Գ. Օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը նյութական օժանդակություն և միջոցներ տրամադրելու դավադրություն, որով խախտվել է հետևյալ դրույթները՝ 18 Մ.Ն.Օ. § 2339B
Դ. Օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը նյութական օժանդակություն և միջոցների տրամադրում, որով խախտվել է հետևյալ դրույթները՝ 18 Մ.Ն.Օ. § 2339B և 2»:
14. Հանձնման պահանջի մեջ այնուհետև նշված էր.
«Պրն. Nizar Trabelsi-ին ձերբակալելու մասին որոշումը ... դատավորի ... կողմից կայացվել է 2007թ. նոյեմբերի 16-ին:
Մեղադրանքի հիմքում ընկած փաստերը մատնանշում են, որ 2000թ. կեսերին կամ ավելի վաղ, գտնվելով Գերմանիայում կամ այլ եվրոպական երկրներում, ինչպես նաև՝ Աղվանստանում, Nizar TRABELSI-ն, գիտակցելով իր արարքի ծանրությունը, համաձայնության է եկել al Qaeda-ի հետ առնչություն ունեցող անձանց հետ, այդ թվում նաև՝ հենց իր Osama bin Laden-ի, նյութական օժանդակություն և միջոցներ տրամադրելու, և լայնամասշտաբ պայթեցման սարք (զանգվածային ոչմչացման զենք) օգտագործելու միջոցով Արևմտյան Եվրոպայում որպես թիրախ առանձնացված շինություններում ԱՄՆ քաղաքացիներին ապօրինաբար կյանքից զրկելու և ԱՄՆ կողմից և/կամ Միացյալ Նահանգների որևէ դեպարտամենտի կամ գործակալության կողմից Արևմտյան Եվրոպայում օգտագործվող սեփականությունը ոչնչացնելու վերաբերյալ»:
15. Հանձնման պահանջը հիմնավորող փաստաթղթերի համաձայն, որոնք գերակշռորեն ԱՄՆ իշխանությունների կողմից փոխանցված քրեական օրենքից վերաբերելի հատվածներ էին (Միացյալ Նահանգների օրենսգրքի 18-րդ խորագիր, Մ.Ն.Օ.), նշված հանցանքների համար սահմանված պատիժները հետևյալն են.
«Ա. 18 Մ.Ն.Օ. § 2332 (b) (2) և 1111 (a). Ցմահ ազատազրկման առավելագույն ժամկետ կամ ազատազրկման և տուգանքի համակցություն:
Բ. 18 Մ.Ն.Օ. § 2332a և 2. Ցմահ ազատազրկման առավելագույն ժամկետ:
Գ. 18 Մ.Ն.Օ. § 2339B. Տուգանք կամ առավելագույնը 15 տարի ժամկետով ազատազրկում կամ երկուսի համակցություն:
Դ. 18 Մ.Ն.Օ. § 2339B և 2. Տուգանք կամ 15 տարի ժամկետով ազատազրկում կամ երկուսի համակցություն»:
16. 2008թ. հունիսի 4-ին Դաշնային դատախազը Nivelles-ի շրջանային դատարանի chambre du conseil-ին էր փոխանցել 2007թ. նոյեմբերի 16-ին կայացված դիմումատուի ձերբակալության մասին որոշումն ի կատար ածելու մասին միջնորդագիր: Իր միջնորդագրում Դաշնային դատախազը նշել է, որ հանձնման պահանջի հիմքում ընկած հանցագորությունների համար սահմանված պատիժը համապատասխանաբար տասնհինգ և տասը տարի է:
17. 2008թ. նոյեմբերի 12-ին արձակված դիվանագիտական նոտայում ԱՄՆ իշխանությունները դիմումատուի վերաբերյալ բելգիական իշխանություններին են փոխանցել հետևյալ երաշխիքները.
«ԱՄՆ կառավարությունը հավաստիացնում է Բելգիայի կառավարությանը, որ հանձնման միջոցով Nizar Trabelsi-ին փոխանցելուց հետո վերջինիս գործը չի քննվելու զինվորական հանձնաժողովի կողմից, ինչպես որ սահմանված է 2006թ. Ռազմական հանձնաժողովների մասին օրենքով: Միացյալ Նահանգների կառավարությունը նաև հավաստիացնում է, որ հանձնելուց հետո Trabelsi-ի կալանավորումը կամ ազատազրկումը չի անցնելու քաղաքացիական անձանց համար նախատեսված ազատազրկման վայրերից բացի և ոչ մի այլ վարում»:
18. Nivelles-ի շրջանային դատարանի chambre du conseil-ը 2008թ. նոյեմբերի 19-ին կայացված որոշմամբ բավարարել էր Դաշնային դատախազի միջնորդագիրը և ԱՄՆ շրջանային դատարանի կողմից կայացված ձերբակալության որոշումը հայտարարել կիրառելի: Սակայն որոշումում նշված էր հետևյալ պայմանը.
«Հանձնման նպատակների համար կայացված ձերբալալության որոշմանը կից փաստաթղթերից պարզ է դառնում ... որ ԱՄՆ իշխանությունների կողմից առաջադրված առաջին մեղադրանքի հիմքում ընկած «բացահայտ գործողությունների» շարքում նշված մի քանիսը ճշգրտորեն համընկնում են Բելգիայի տարածքում կատարված արարքների հետ, որոնց առնչությամբ [դիմումատուի] նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:
...
Այդ իսկ պատճառով, հիմնվելով ne bis in idem սկզբունքի վրա, Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու դատարանի կողմից 2007թ. նոյեմբերի 16-ին կայացված ձերբակալման որոշումը չի կարող մեղադրանքի առաջին կետի 10-րդ պարբերության թիվթիվ 23, 24, 25, 26 «բացահայտ գործողությունների» նկատմամբ հայտարարվել կիրառելի, քանի որ դրանք այլ մեղադրանքների հետ համեմատելիս կրկնվող են»:
19. Քննության առնելով դիմումատուի կողմից ներկայացված բողոքը՝ Բրյուսելի Վերաքննիչ դատարանի մեղադրանքների հարցերով բաժանմունքը 2009թ. փետրվարի 19-ին կայացրել է վճիռ, որով ուժի մեջ է թողել վերոհիշյալ որոշումը, և վճռել, որ այն պետք է ի կատար ածվի: Նշելով, որ հանձնումը վերաբերում է այնպիսի արարքների (կատարված Բելգիայի սահմաններից դուրս), որոնց համար դիմումատուն Բելգիայում չի հետապնդվել և պատիժ չի կրել, Վերաքննիչ դատարանը պնդել է հետևյալը.
«Լուրջ հիմքեր չկան ենթադրելու, որ պահանջելով Trabelsi Nizar-ի հանձնումը, վերջինս կենթարկվի հետապնդման կամ պատժի՝ ռասայական, կրոնական, ազգային պատկանելության կամ քաղաքական հայացքների համար կամ որ այս անձի վիճակը կարող է վատթարանալ նշված պատճառներից որևէ մեկով:
...
Ոչ էլ լուրջ պատճառներ կային ենթադրելու, որ հանձնվելու դեպքում Trabelsi Nizar-ը կենթարկվեր արդարադատության բացահայտ մերժման, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, պատճառներ չկան նաև ենթադրելու, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մանրակրկիտ կերպով չեն կատարի բոլոր դրույթները, այդ թվում՝ Բելգիայի հետ կնքված Հանձնման մասին պայմանագրի 7.2-րդ և 7.3-րդ հոդվածներով ստանձնած, և հիմքեր կան վստահելու, որ Trabelsi Nizar-ը պահվելու է քաղաքացիական անձանց համար նախատեսված ազատազրկման վայրում և նրա գործը քննվելու է սովորական դատարանների կողմից՝ համաձայն սովորական ընթացակարգի:
...»
20. 2009թ. ապրիլի 24-ին դիմումատուն Վերաքննիչ դատարանի կողմից կայացված վճռի դեմ նյութական իրավունքի հիմքով բողոք է ներկայացրել: Նա հիմնավորել է բողոքը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ անհամատեղելի վերաբերմունքի և արդարադատության բացահայտ մերժման ռիսկով: Դիմումատուն վիճարկել է, որ Վերաքննիչ դատարանը չի գնահատել Միացալ Նահանգներին իր հանձնման հետևանքները՝ այդ երկրում տիրող ընդհանուր իրավիճակի լույսի ներքո կամ սեփական իրավիճակի մասնավոր հանգամանքները և պնդում էր, որ Վերաքննիչ դատարանը պետք է իր գործով կիրառեր միևնույն հիմնավորումները, ինչը որ կիրառվել է Saadi-ն ընդդեմ Իտալիայի գործով [ՄՊ] (թիվ 37201/06, ՄԻԵԴ 2008): Նա նաև բողոքում էր, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել 3-րդ հոդվածի լույսի ներքո գոյություն ունեցող խնդրին, այն է՝ առանց պատժաչափի նվազեցման հնարավորության ցմահ ազատազրկման դատավճռին: Եվ վերջապես, նա գանգատվել է ne bis in idem սկզբունքի խախտման առկայության վերաբերյալ:
21. 2009թ. հունիսի 24-ին Վճռաբեկ դատարանը մերժել է դիմումատուի նյութական իրավունքի հիմքով բերված բողոքը: Այն վճռել է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշման համար բերել է բավարար պատճառաբանություններ և իրավական հիմնավորումներ՝ հաշվի առնելով որ՝
« - հանձնման պահանջ ներկայացրած երկիրը ներկայումս մանրակրկիտ վերանայում է իր հակաահաբեկչական քաղաքականությունը և ավելացնում խոշտանգումների և անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի դեմ ուղղված իր ջանքերը, և արդեն հատուկ դատարանների լիազորությունների դադարեցման ու միջազգային հակամարտության համատեքստում ձերբակալված անձանց նկատմամբ առանց դատաքննություն անցկանցնելու և անսահմանափակ ժամկետով ազատազրկում նշանակելու գործելակերպի վերացման նախաշեմին է.
- հօգուտ հանձնման պահանջի տրամադրվող պաշտոնական երաշխիքների վերաբերյալ պայմանների ներքո բողոքաբերի գործը քննվելու է սովորական դատարանի կողմից՝ պահանջ ներկայացրած երկրում գործող բնականոն ընթացակարգի համաձայն, օգտվելով ազգային օրենսդրությամբ շնորհված բոլոր իրավունքներից ու պաշտպանության միջոցներից.
- որ բողոքաբերի նկատմամբ չի կիրառվի ցմահ ազատազրկում այն հանցանքների համար, որոնց համար պահանջվել է հանձնում և որ հնարավոր կլինի կիրառվող պատժատեսակները այլ պատժատեսակներով փոխարինել՝ վաղաժամկետ ազատ արձակման հնարավորությամբ.
- քանի որ մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները զուրկ են ցանկացած մասնավոր առանձնահատկություններից, որոնք կարող են ազդել հենց իր մասնավոր վիճակի վրա, և որոնք առկա ռիսկերն ավելի հավանական են դարձնում, լուրջ մտահոգություններ չկան առ այն, որ նա կարող է ենթարկվել արդարադատության բացահայտ մերժման կամ խոշտանգման, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի:
...»
22. 2009թ. նոյեմբերի 11-ին բելգիական իշխանություններին ուղղված նամակում հանձնման հարցերով զբաղվող Դաշնային դատախազի ցուցմամբ ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը տրամադրել է հետևյալ լրացուցիչ տեղեկատվությունը.
«Առաջադրված առաջին երկու մեղադրանքների համար օրենսդրությամբ սահմանված առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է, իսկ վերջին երկուսի համար՝ տասնհինգ տարի ժամկետով ազատազրկումը: Բացի այդ, ԱՄՆ դատապարտման ուղեցույցով, որը դատավորների համար պարտադիր բնույթ չի կրում և մեղադրյալներին դատարպարտելիս վերջիններս կարող են սեփական կամքով հաշվի առնել այն, վերոհիշյալ մեղադրանքներից առաջին երկուսի համար առաջարկվում է ցմահ ազատազրկում:
Ցմահ ազատազրկման դատավճիռ կայացնելը պարտադիր բնույթ չի կրում, և դատարանն ունի ավելի նվազ պատժաչափով դատավճիռ կայացնելու հայեցողության հնարավորություն: Դատավճիռ կայացնելիս դատարանը կարող է հաշվի առնել գործած հանցանքի ծանրությունը և այն հանգամանքը, թե արդյոք մարդկային կամ նյութական կորուստներ եղել են, թե՝ ոչ: Տվյալ դեպքում Trabelsi-ն չի հաջողվել իրագործել իր պլանները, այն է՝ Միացյալ Նահանգների քաղաքացիների սպանությունը և զանգվածային ոչնչացման զենքի կիրառությունը: Այսպիսով, սեփական հայեցողությամբ դատավճիռ կայացնելիս դատավորը կարող է հաշվի առնել այն հանգամանքը, որ Trabelsi-ն չի կարողացել իրագործել պլանավորածը: Դատարանը կարող է հաշվի առնել ցանկացած մեղմացուցիչ հանգամանք, ինչպես օրինակ՝ արդյոք մեղադրյալն իր գործողությունների համար պատասխանատվություն վերցնում է, թե՝ ոչ:
Եթե դատարանը սեփական հայեցողությամբ Trabelsi-ի նկատմամբ սահմանի ցմահ ազատազրկումից նվազ ժամկետով պատժաչափ, այսինքն՝ որոշակի ժամկետով ազատազրկում, հաշվի առնելով ազատազրկման ժամանակ դրսևորած լավ վարքագիծը, Trabelsi-ի պատիժը կարող է նվազեցվել մինչև 15%-ով: Ուստի, եթե Trabelsi-ն դատապարտվի 20, 30 կամ նույնիսկ 50 տարի ժամկետով, այնուհետև նրա պատիժը կարող է նվազեցվել իր նախնական պատժաչափի մինչև 15%-ի չափով՝ կախված ազատազրկման ընթացքում դրսևորած լավ վարքագծից: Սակայն եթե Trabelsi-ն դատապարտվում է ցմահ ազատազրկման, նրա պատժաչափն այլևս նվազեցման ենթակա չէ:
Եվ վերջապես, Trabelsi-ն կարող է շնորհվել նախագահական ներում կամ պատժի մեղմացում (ներման դեպքում դատապարտումը հանվում է, իսկ պատժի մեղմացման դեպքում՝ սահմանված պատժաչափը ճշգրտվում է): Սակայն Trabelsi-ի դեպքում սա սոսկ տեսական հնարավորություն է: Մեզ հայտնի չէ ահաբեկչության համար դատապարտված որևէ անձի գործ, որին շնորհվել է նախագահական ներում կամ որի նկատմամբ կիրառվել է պատժի մեղմացում»:
2. Հանձնման պահանջի դեմ ներկայացված պատասխանի դատական և վարչական քննության փուլերը
ա) Մեղադրանքների հարցերով բաժանմունքի կարծիքը
23. Այն բանից հետ, երբ ԱՄՆ մեղադրական եզրակացությունը գործող հայտարարվեց, մեկնարկեց նաև հանձնման պահանջի դեմ ներկայացված պատասխանի գործընթացը:
24. 2010թ. փետրվարի 4-ին Դաշնային դատախազն իր գրավոր եզրակացությունն է փոխանցել Բրյուսելի Վերաքննիչ դատարան՝ վերջինիս առաջարկելով Դատարանի նախադեպային իրավունքի, և մասնավորապես՝ Kafkaris-ն ընդդեմ Կիպրոսի գործի [ՄՊ] (թիվ 21906/04, ՄԻԵԴ 2008) համաձայն, բողոքաբերի հանձնման գործով տալ դրական պատասխան: Նա մատնանշել է, որ առաջին երկու մեղադրանքների դեպքում դիմումատուի նկատմամբ սահմանվել է ցմահ ազատազրկում, մինչդեռ մյուս երկուսի դեպքում՝ տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում:
25. 2010թ. մարտի 29-ին Դաշնային արդարադատության դեպարտամենտին ուղղված նամակում դիմումատուն նշել է այն փաստը, որ 2010թ. մարտի 24-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Դաշնային դատախազը ընդունել է հանձնման պահանջի կատարման վարույթի շրջանակում իր կողմից ներկայացված դիտարկումներում առկա սխալը, որը կապված էր այն պատժին, որին դիմումատուն կարող է ենթարկվել Միացյալ Նահանգներ հանձնվելուց հետո (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը):
26. 2010թ. հունիսի 10-ին Վերաքննիչ դատարանի մեղադրանքների հարցերով բաժանմունքը դիմումատուի հանձնումը հաստատող որոշում է կայացրել, որտեղ նշված էին մի շարք պայմաններ.
« - հանձնումը կարող է բավարարվել՝
i. այն պայմանով, որ N. Trabelsi-ի նկատմամբ չի նշանակվելու ցմահ ազատազրկում կամ եթե ԱՄՆ-ն չի կարող երաշխավորել այս պայմանի բավարարումը, ապա միայն այն դեպքում, եթե ցմահ ազատազրկում չկիրառվի.
ii. այն պայմանով, որ ցանկացած ցմահ ազատազրկում ուղեկցվի պատժի մեղմացման հնարավորությամբ, նույնիսկ այն դեպքում, եթե հանցանքի հիմքում եղել են ահաբեկչական գործողություններ.
- այն պարագայում, եթե N. Trabelsi-ն երրորդ երկիր վերահանձնելու վերաբերյալ ներկայացվի պահանջ, ինչպես օրինակ՝ Թունիսի կողմից էր, Միացյալ Նահանգները պետք է հարցնի Բելգիայի համաձայնությունը, եթե Թունիսը ԱՄՆ կառավարությանը հետագայում հանձնման մասին պահանջ ներկայացնի այն բանից հետո, երբ N. Trabelsi-ն արդեն փոխանցված կլինի ԱՄՆ-ին:
Այն պարագայում, եթե ԱՄՆ-ն անկարող լինի ընդունել այս պայմանները, հանձնումը պետք է մերժվի»:
բ) Հանձնումը թույլատրող նախարարական հրամանագիր
27. 2010թ. օգոստոսի 10-ին ԱՄՆ իշխանությունները հաստատեցին, որ դիմումատուն չի ենթարկվի մահապատժի և որ առանց Բելգիայի կառավարության համաձայնությունը ստանալու՝ դիմումատուն չի փոխանցվի որևէ այլ՝ երրորդ երկրին: ԱՄՆ իշխանությունները հաստատեցին, որ ցմահ ազատազրկման առավելագույն պատիժը պարտադիր պայման չէ, և եթե նույնիսկ կատարված հանցագործությունների բոլոր տարրերը հաստատվեն ու ապացուցվեն, դատարանը այդ դեպքում ևս ունի ավելի մեղմ պատիժ սահմանելու հայեցողություն: Նոտայում մասնավորապես նշված էր, որ ԱՄՆ օրենսդրությունը երաշխավորում է պատիժը մեղմացնելու մի քանի միջոց.
«Կապված ցմահ ազատազրկման պատժի մեղմացման հետ՝ Միացյալ Նահանգները ցանկանում են պարզաբանել, որ, նախևառաջ, այն պարագայում, եթե Trabelsi-ն դատապարտվի, ցմահ ազատազրկումը պարտադիր պայման չէ, դատարանն ունի ցմահ ազատազրկումից նվազ ժամկետով պատիժ սահմանելու հայեցողություն: Բացի այդ, մեղադրյալն ունի ուղղակիորեն կամ անուղղակիորեն դատավճիռը և պատիժը, այդ թվում նաև՝ ցմահ ազատազրկումը բողոքարկելու օրենսդրությամբ ամրագրված իրավունք, զուգահեռաբար նաև՝ անձի կալանքի օրինականությունը (habeas corpus) բողոքարկելու միջոցով: Բացի այդ, օրենսդրորեն ամրագրված որոշ միջոցներ կան, որոնցով կարելի է ուժի մեջ մտած դատավճռով սահմանված պատիժը մեղմացնել, այդ թվում նաև՝ այն դեպքերում, երբ դատապարտյալն այլ՝ երրորդ կողմի գործով քննչական գործողությունների ժամանակ կամ վերջինիս քրեական հետապնդման ենթարկելիս էական օժանդակություն է ցուցաբերել (Քրեական դատավարության դաշնային կանոն 35(b) և Միացյալ Նահանգների օրենսգրքի 18-րդ խորագրի բաժին 3582(c)(1)(B)), կամ համոզիչ մարդասիրական պատճառների առկայության դեպքում, ինչպես օրինակ՝ դատապարտյալի մոտ անբուժելի ծանր հիվանդության հայտնաբերումը (18-րդ խորագիր, Միացյալ Նահանգների օրենսգիրք, բաժին 3582(c)(lXA)(i)):
Այս միջոցներից զատ մեղադրյալը կարող է խնդրել ԱՄՆ Նախագահին իր պատժի մեղմացման համար դրսևորել իշխանական գթասրտություն: Նախագահական լիազորությունների մասին ԱՄՆ Սահմանադրության H հոդվածի 2-րդ մասով սահմանված «մահապատժի հետաձգում և ներման շնորհում» դրույթը ներառում է ազատազրկմամբ պատժի, այդ թվում նաև՝ ցմահ ազատազրկման, չափը մեղմացնելու (նվազեցնելու) լիազորություն: Գործադրի կողմից գթասրտության դրսևորումը կարգավորող հաստատված կանոնկարգեր և ընթացակարգեր գոյություն ունեն, և Արդարադատության դեպարտամենտի ներքո Ներման հարցերով դատախազի գրասենյակի ստեղծումը նպատակ էր հետապնդում ուսումնասիրել գործադրի կողմից շնորհվող գթասրտությանը ներկայացված բոլոր դիմումները և այդ դիմումների կապակցությամբ Նախագահի համար նախապատրաստել առաջարկություններ: ԱՄՆ Սահմանադրությամբ Նախագահին բացարձակ իրավունք է շնորհված դատապարտված անձանց նկատմամբ դրսևորել գործադրի գթասրտություն: Մենք հաշվի ենք առնում, որ թեև այսպիսի հայեցողությունը ընդարձակ կերպով կիրառվել է, պատժի մեղմացում ազգային անվտանգութան հետ առնչվող դեպքերում հազվադեպ է տեղի ունեցել: Օրինակ՝ 1999թ. Նախագահ Քլինթոնը մեղմացրեց Պուերտո Ռիկոյի ազգայնականներից կազմված FALN (Ազգային ազատագրման զինված ուժեր) կազմակերպության 13 անդամների նկատմամբ սահմանված պատիժները, որոնք վերջիններս արժանացել էին 1970-ականներին և վաղ 1980-ականներին կազմակերպված բազմաթիվ պայթյունների համար, խմբի անդամները դատապարտվել էին զինված կողոպուտ, պայթուցիկների պատրաստում, ապստամբություններ կազմակերպելու և այլ հանցավոր գործունեության համար»:
28. 2011թ. նոյեմբերի 23-ին Արդարադատութան նախարարը նախարարական հրամանագիր ընդունեց, որով հավանություն էր տրվում դիմումատուի ԱՄՆ-ին հանձնմանը: Ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, որ դիմումատուն ոչ մի պարագայում մահապատժի չի ենթարկվի, հրամանագրում քննութան էր առնված նաև մնացած բոլոր երաշխիքներից յուրաքանչյուրը:
29. Հնարավոր ցմահ ազատազրկման հետ կապված նախարարական հրամանագրում նշված էր հետևյալը.
«ԱՄՆ դաշնային քրեական օրենսդրության համաձայն առաջադրված մեղադրանքների առնչությամբ սահմանված առավելագույն պատիժները, ամրագրված Ա և Բ կետերի ներքո, վաղաժամկետ ազատումը և պայմանական վաղաժամկետ ազատումը բացառում են: Այդ իսկ պատճառով, ինչպես որ սահմանված է ԱՄՆ քրեական օրենսգրքի այս երկու դրույթների ներքո, ցմահ ազատազրկման դատավճիռները իրավական և փաստերի տեսանկյունից հիմնականում կիրառելի են եղել անձի ողջ կյանքի ընթացքում:
...
2010թ. օգոստոսի 10-ին ԱՄՆ դեսպանատան կողմից արձակված թիվ 21 դիվանագիտական նոտայում, ԱՄՆ իշխանությունները երաշխիքներ էին տրամադրում առ այն, որ (նույնիսկ) այն պարագայում, եթե կայացվի առանց ազատազրկման ժամկետը նվազեցնելու իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռ, դեռևս կարելի է ակնկալել ԱՄՆ Նախագահի կողմից շնորհվող ներում: Այս իրավունքը ամրագրված է ԱՄՆ Սահմանադրության II-րդ գլխի 2-րդ հոդվածում: Ավելին, անցյալում նախագահական ներումը, փաստորեն, մի քանի առիթներով երաշխավորվել է, այդ թվում նաև՝ բոլորովին վերջերս, ԱՄՆ դատարանների կողմից դատապարտված անձանց նկատմամբ, հատկապես՝ դաշնային մակարդակում:
...
Նույնիսկ եթե մենք այն դիտարկում ենք պատմական համատեքստում, FALN-ի գործը ցույց է տալիս, որ այնպիսի գործերի դեպքում, որոնք կարծես թե ընկնում են 2001թ. սեպտեմբերի 11-ից ուժի մեջ մտած ահաբեկչության մասին օրենսդրության ներքո, և որոնք պետք է օբյեկտիվորեն դիտարկվեն որպես շատ ավելի ծանր, քան այն գործը, որի համար խուզարկության մեջ գտնվող անձը մեղադրվում է, ինչի պատճառով դրանց վերաբերյալ շատ ավելի խիստ պատիժներ պետք սահմանված լինեին, նախագահական ներում, այնումանեայնիվ, կարող է շնորհվել:
Չնայած, որ 2001թ. սկսած որոշ անհատների նկատմամբ սահմանվել են առանց պատժաչափի նվազեցման հնարավորության ցմահ ազատազրկման դատավճիռներ ... ահաբեկչական գործողութունների կամ ահաբեկչության հետ առնչություն ունեցող գործողությունների համար՝ այդպիսի դեպքերը չեն կարող Trabelsi-ի գործով բովանդակային առումով դրվել համեմատութան մեջ: Բոլոր նրանք, ովքեր ԱՄՆ-ում դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման կամ պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության, հետապնդվել և վերջնականապես դատապարտվել են ահաբեկչական հարձակումներում ակտիվ ներգրավածություն ունենալու համար, որոնց արդյունքում եղել են մարդկային զոհեր և/կամ մարմնական վնասի պատճառում, ինչպես նաև՝ հասցվել է շոշափելի նյութական վնաս, ինչպես օրինակ՝ 1998թ. օգոստոսի 7-ին Նայրոբիում, Քենիայում և Դար էս Սալամում (Տանզանիա) գտնվող ԱՄՆ դեսպանատների վրա գործած հարձակումների ժամանակ: ...
Այդ հանցագործություններն իրենց ծավալներով և բնույթով ակնհայտորեն անհամեմատելի էին այն արարքների հետ, որոնք մեղսագրվում էին հանձնման պահանջում նշված անձին:
Վերոհիշյալ գործերի դեպքում տուժել էին անձինք, երբեմն նույնիսկ մարդկանց ահռելի մեծ թվաքանակ, և բացի այն որ վերջիններս հանդիսանում էին ԱՄՆ քաղաքացիներ, այդ անձինք կրել էին բավականին լուրջ ֆիզիակական և նյութական վնաս: Տվյալ գործով պահանջվող անձը, սակայն, հետապնդվում էր ահաբեկչական հարձակում պլանավորելու և նախապատրաստելու համար, որը երբևէ չի իրագործվել: Նրան չի հաջողվել, այլոց հետ համագործակցելով, առաջացնել մարդկային զոհեր կամ պատճառել նյութական վնաս:
Այդ իսկ պատճառով ակնհայտորեն ճշմարտանման է այն պնդումը, որ նշված հանցանքները և դրանց համար առաջարկվող պատիժները այնպիսին չեն, որ դրանց համար առաջարկվի կամ կիրառվի ԱՄՆ քրեական օրենսգրքով սահմանված առավելագույն պատիժը, այսինքն՝ առանց պատժաչափի նվազեցման հնարավորության ցմահ ազատազրկում:
«Մարդու իրավունքների առաջին» ՀԿ-ի կողմից վերջերս անցկացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2001թ. սեպտեմբերի 11-ից սկսած 214 մարդ հետապնդման է ենթարկվել al-Qaeda-ի կամ մեկ այլ իսլամական խմբավորման կողմից կատարված ահաբեկչական հանցագործությունների կամ ահաբեկչական հանցագործությունների հետ առնչություն ունեցող այլ արարքների կատարման համար, և նրանցից 195-ը դատապարտվել է: Բոլոր այդ գործերը ավարտվել են դաշնային դատախազների և դատարանների կողմից մեկնարկած քրեական հետապնդման կամ դատապարտման ելքով: Դատապարտված անձանցից 151-ի նկատմամբ սահմանվել է ազատազրկմամբ պատիժ, մինչդեռ քսանն ազատազրկման վայրից ազատ էին արձակվել ժամանակավոր հատուկ թույլտվությամբ կամ նշանակված պատիժն արդեն կրած լինելու պատճառով: Նշանակված ազատազրկման միջին տևողությունը կազմել է 8.4 տարի: Դատապարտվածներից միայն 11-ի նկատմամբ է սահմանվել ցմահ ազատազրկման պատիժ: Զեկույցը նաև նշում է, որ դատավարություններն ընթացել են արդար դատաքննության իրավունքի պահանջների համաձայն («Մարդու իրավունքների առաջին. արդարադատություն փնտրելիս. ահաբեկչության գործերի քննությունը դաշնային դատարաններում. 2009թ. վերահրատարակում և վերջին զարգացումները», 2009թ., 68-րդ էջ):
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ահաբեկչության համար քրեական հետապնդման ժամանակ առանց վաղաժամկետ ազատ արձակման հնարավորության ցմահ ազատազրկման պատիժներ սահմանելու ռիսկերը օբյեկտիվորեն շատ ավելի նվազ են, քան սովորաբար կարծում են»:
30. Դիմումատուի Թունիս հնարավոր վերահանձնման վերաբերյալ նախարարական հրամանագրում նշված էր հետևյալը.
«2010թ. օգոստոսի 10-ին ԱՄՆ դեսպանատան կողմից արձակված թիվ 21 դիվանդագիտական նոտայում ԱՄՆ իշխանությունները հստակ նշել են, որ եթե Թունիսի իշխանությունները հանձնման պահանջով դիմեն Միացալ Նահանգներին, ապա այդպիսի պահանջը կմերժվի:
...
Ինչ վերաբերում է Թունիսի Հանրապետություն հանձնումը մերժելու մասին որոշմանը, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերահանձնման պարագայում անհրաժեշտ է ստանալ առաջին հանձնումը հաստատող երկրի հավանությունը, Թունիս հանձնումը հնարավոր չէ:
Քանի որ Բելգիայի իշխանությունները մերժել են անձի հանձնումը Թունիսի Հանրապետություն, վերջինիս կողմից ապագայում հանձնման վերաբերյալ ԱՄՆ-ին պահանջ ներկայացնելու դեպքում, ԱՄՆ-ն նույնպես կմերժի այն, հետևաբար, ԱՄՆ-ից Թունիսի Հանրապետությանը հանձնումը հնարավոր չէ»:
31. Եվ վերջապես, նախարարական որոշման մեջ քննության է առնվել ne bis in idem սկզբունքի կիրառությունը հետևյալ կերպ.
«Պայմանագի համաձայն (1987թ. ապրիլի 27-ի Հանձնման մասին պայմանագիր), Բելգիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները ..., փոխադարձ համաձայնության են եկել մերժել հանձնումը, եթե անձը հայցվող պետությունում արդարացվել է կամ դատապարտվել միևնույն հանցանքի կատարման համար, որի կապակցությամբ հանձնումը պահանջվում է: Սույն պայմանագրի վավերացմամբ ... այն ներառվում է Բելգիայի և ԱՄՆ-ի իրավական համակարգերում՝ որպես դրանց բաղկացուցիչ մաս:
Այլ կերպ ասած՝ ոչ թե արարքները, այլ արարքների, այսինքն՝ հանցագործությունների իրավական դասակարգումն է, որ պետք է լինի միատեսակ:
...
Խնդրո առարկա հանցագործությունների հիմքում ընկած փաստերը համապատասխանում են «բացահայտ գործողություններ» որակմանը, որոնք, առանձին վերցրած կամ համադրության մեջ, հանդիսանում են մեղադրանքը հիմնավորող փաստական տարրեր: Նույն հանցագործության համար երկրորդ անգամ պատասխանատվության չենթարկվելու սկզբունքը չի բացառում այս տարրերի օգտագործումը կամ չօգտագործումը:
Տվյալ դեպքում այն հանցագործությունները, որոնց համար հանձնմամբ պահանջվող անձը 2004թ. հունիսի 9-ին Բրյուսելի Վերաքննիչ դատարանի կողմից դատապարտվել է, նույնական չեն այն արարքների հետ, որոնք ներկայացված են ԱՄՆ-ի կողմից բերված հանձնման պահանջի հիմքում ընկած ձերբակալման որոշման Ա-ից Դ կետերում: ԱՄՆ-ում և Բելգիայում կատարված համապատասխան հանցագործությունների բաղադրիչ տարրերը, դրանց շրջանակը և կատարման վայրը(երը) և ժամանակը(ները) չեն համընկնում:
...
ԱՄՆ դաշնային քրեական օրենսդրության համաձայն «բացահայտ գործողությունը» (փաստական) բաղադրատարր է, գործողություն, վարվելակերպ կամ գործարք, որը, առանձին վերցրած, անպայման չէ, որ համարվի հանցագործություն ...
«բացահայտ գործողությունը» օժանդակ ապացույցների սոսկ մի տեսակ է, որն ինքնին կամ այլ բացահայտ գործողությունների հետ համադրմամբ կարող է առաջ բերել այն հանցավոր արարքը կամ արարքները, որոնց համար անձը հետապնդվում է, ինչպես օրինակ՝ ԱՄՆ քաղաքացիների սպանության դավադրությունը (տե՛ս Ա կետի ներքո ներկայացված մեղադրանքը): ...
Թեև թիվթիվ 24, 25 և 26 «բացահայտ գործողություններից» յուրաքանչյուրը կարող է դասակարգվել որպես հանցավոր արարք, թեև այդ գործողություններն, այդուհանդերձ, չեն կարող համարվել հանձնման համար բավարար ծանրության հանցավոր արարքներ»:
32. Հրամանագրի 2-րդ հոդվածը սահմանում է․ «հանձնումը կկատարվի այն բանից հետո, երբ պահանջվող անձը կբավարարի բելգիական դատարանների կողմից վերջինիս ներկայացված պահանջները»:
33. Միևնույն օրը, մեկ այլ նախարարական հրամանագրով Արդարադատության նախարարը մերժել է դիմումատուին հանձնելու վերաբերյալ Թունիսի իշխանությունների կողմից ներկայացված պահանջը (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը):
գ) Պետական խորհրդին ներկայացված դատական վերանայման վերաբերյալ դիմումը
34. 2012թ. փետրվարի 6-ին, պնդելով, որ խախտվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածով և թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածով ամրագրված իր իրավունքները, դիմումատուն իրեն ԱՄՆ հանձնելու մասին նախարարական հրամանագրի վերանայման խնդրանքով դիմում է ներկայացրել Պետական խորհրդին (Conseil d’Etat-ին):
35. Պետական խորհրդում 2013թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած նիստի ժամանակ դիմումատուն հղում է կատարել Vinter-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության վճռին [ՄՊ] (թիվթիվ 66069/09, 130/10 և 3896/10, 9 հուլիս 2013թ.): Այս վճռի վրա հիմնվելով՝ դիմումատուն հանգել է այն եզրակացության, որ Դատարանն այսուհետ որդեգրել է մի դիրքորոշում, որի համաձայն նախքան դատապարտյալի պատիժը կրելու մեկնարկը անհրաժեշտ է կանխարգելիչ ուսումնասիրություն կատարել, թե արդյոք նշանակվող ցմահ ազատազրկման ժամանակ վերանայման հնարավորություն նախատեսված է, թե՝ ոչ, և հետևաբար, Babar Ahmad-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության վճռով սահմանված տարբերակումը, (թիվթիվ 24027/07, 11949/08, 36742/08, 66911/09 և 67354/09, 10 ապրիլ 2012թ.), կախված այն բանից, թե արդյոք հանձնման ենթակա անձը դատապարտվել է, թե՝ ոչ, այլևս էական չէ:
36. 2013թ. սեպտեմբերի 23-ին կայացված վճռով Պետական խորհուրդը մերժել է դատական վերանայման համար ներկայացված այդ դիմումը: Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո բերված բողոքին և առանց պատժաչափի նվազեցման հնարավորության ցմահ ազատազրկմանը, Պետական խորհուրդը բերել է հետևյալ հիմնավորումները.
«Նույնիսկ եթե ենթադրենք, որ դիմումատուն ԱՄՆ դատարանների կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, անհրաժեշտ է նշել, որ իր 2013թ. հուլիսի 9-ին կայացված Vinter-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության վճռով [Դատարանը] դիտարկել է հետևյալը. «ցմահ ազատազրկումը չի դառնում նվազեցման ոչ ենթակա միայն այն փաստի պատճառով, որ գործնականում դատապարտյալին կարելի է մինչև վերջ պահել անազատության մեջ», որ «3-րդ հոդվածի ներքո խախտում չի առաջանում, եթե ցմահ ազատազրկումը de jure և de facto կարող է նվազեցվել ...», և որ «այն դեպքերում, երբ ներպետական օրենսդրությամբ սահմանված են ցմահ ազատազրկման դատավճիռների վերանայում՝ դրա մեղմացման, ներման, դադարեցման կամ դատապարտյալի պայմանական ազատման միջոցով, ապա սա բավարար է 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքը ապահովելու համար»:
Ներկա գործով, ինչպես որ Babar Ahmad-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով էր, որի վերաբերյալ [Դատարանի վճիռը] կայացվել էր 2012թ. ապրիլի 10-ին, դիմումատուն ԱՄՆ դատարանների կողմից չի դատապարտվել ցմահ ազատազրկման, և բացի այդ նոր է սկսել կրել իր գործով կայացված այդպիսի մի պատիժ:
Այդ իսկ պատճառով, ինչպես որ վերոհիշյալ գործով էր, դիմումատուն ցույց չի տալիս, որ ցմահ ազատազրկման դատավճռի կայացման դեպքում հարց կառաջանա, թե արդյոք իր պատժի շարունակումը քրեակատարողական միջոցի իրավաչափ հիմնավորում ունի, թե՝ ոչ:
Ավելին, ավելի ուշ ներկայացված նամակագրության մեջ դիմումատուն ճանաչել է այն փաստը, որ իր գործով հնարավոր ցմահ ազատազրկման դատավճիռը de jure կարող է նվազեցվել: ԱՄՆ օրենսդրությունը նրան հնարավորություն է շնորհում խնդրելու գործի վերանայում կամ դիմելու նախագահական ներման կամ պատժի մեղմացման համար, մինչդեռ դիմումատուն չի վիճարկում, որ իշխանական գթասրտություն դրսևորելու կամ պատժի մեղմացման այս լիազորությունն ուղեկցվում է այնպիսի սահմանափակումներով, ինչպիսիք, օրինակ, տեղ են գտել [Դատարանի] կողմից վերոհիշյալ գործով 2013թ. հուլիսի 9-ին կայացված վճռում:
Թեև դիմումատուն հարցականի տակ է դնում այն պնդումը, որ այդպիսի պատիժը de facto կարող է նվազեցվել, ԱՄՆ իշխանությունների կողմից հակառակ կողմին տրամադրված բացատրություններն, այնուամենայնիվ, ցույց են տալիս, որ ԱՄՆ Նախագահն արդեն իսկ օգտագործել է իր լիազորությունները՝ մեղմացնելով այլոց պատիժները: Այդ իսկ պատճառով ցմահ ազատազրկման դեպքում դիմումատուի համար հասանելի իրավական միջոցը գործնականում բացառված չէ:
Բացի այդ, դիմումատուի այն պնդումը, համաձայն որի 2001թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո ԱՄՆ Նախագահի կողմից ահաբեկչության համար դատապարտվածներին ներում շնորհելը կամ նրանց պատիժը մեղմացնելը անհավանական է, տրամադրված որևէ վստահելի տեղեկատվությամբ չի հիմնավորվել, ոչ էլ դա կարող է լինել մոտակա ապագայում՝ համեմատաբար կարճ ժամանակ անց, ի տարբերություն ցմահ ազատազրկումների, որոնց թիվը վերոհիշյալ հարձակումից և դրա արդյունքում կայացված դատավճիռներից հետո նվազել է:
Ինչպես և Babar Ahmad-ի գործով էր ..., այսպիսով, չի հաստատվել, որ ԱՄՆ իշխանությունները, երբ դրա ժամանակը գա, կհրաժարվեն կիրառել պատժաչափի նվազեցման հասանելի մեխանիզմները այնպիսի դեպքերում, երբ դիմումատուին անազատության մեջ պահելու համար պատժի իրավաչափ հիմքեր առկա չլինեն:
Հետևաբար, դիմումատուի գործով ցանկացած հնարավոր ցմահ ազատազրկում de facto կարող է նվազեցվել:
Հետևաբար, ավելորդ է փորձել պարզել, թե արդյոք հակառակորդ կողմը սխալվում էր, երբ նշում էր, որ անպայման չէ, որ դիմումատուի նկատմամբ սահմանվի ցմահ ազատազրկում, քանի որ եթե վերջինիս գործով սահմանվեր այդպիսի պատժաչափ, այդպիսի դատավճիռը չէր կարող համարվել [Կոնվենցիայի] 3-րդ հոդվածի խախտում»:
37. Ինչ վերաբերում է Բելգիայի Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված Հանձնման մասին պայմանագրի 5-րդ հոդվածի, թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ կետի ներքո բերված բողոքին, Պետական խորհուրդը վճռել է հետևյալը.
«ԱՄՆ իշխանությունները պահանջում են դիմումատուի հանձնումը՝ հետևյալ չորս մեղադրանքների հիման վրա.
1) Միացյալ Նահանգների քաղաքացիների՝ երկրից դուրս սպանության դավադրություն.
2) զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման դավադրություն և կիրառման փորձ.
3) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը նյութական օժանդակություն և միջոցներ տրամադրելու դավադրություն.
4) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը նյութական օժանդակություն և միջոցների տրամադրում՝ հետևյալ դրույթների խախտմամբ:
Դարձյալ, ԱՄՆ իշխանությունների պնդմամբ՝ այս հանցագործություններն իրականացնելու համար դիմումատուն և նրա չորս հանցակիցները մի ամբողջ շարք «բացահայտ գործողություններ» են իրականացրել, ադ թվում նաև՝ այնպիսի գործողություններ, որոնց համար ԱՄՆ-ի կողմից ներկայացված հանձնման պահանջը բավարարվել է, որը հետևյալն է՝ [հաջորդիվ ներկայացված էր թվով 28 մեղադրանքներից բաղկացած ցանկը]:
Բելգիայում դիմումատուի դեմ բերված մեղադրանքները («Բրյուսելի շրջանային դատարանում և համանման մեղադրանքներով՝ այլուր՝ Թագավորության տարածքում») հետևյալն էին. [հաջորդիվ ներկայացված էր թվով 13 մեղադրանքներից բաղկացած ցուցակ]:
Համեմատելով բոլոր «բացահայտ գործողությունները», որոնց առնչությամբ ԱՄՆ-ի կողմից ներկայացված հանձնման վերաբերյալ պահանջը բավարարվել է, Բելգիայի կողմից առաջադրված բոլոր մեղադրանքների հետ, որոնք գործում են «Բրյուսելի շրջանային դատարանում և ... համանման մեղադրանքներով՝ այլուր՝ Թագավորության տարածքում», հաշվի առնելով այն, որ ԱՄՆ ցամաքային սահման չունի Բելգիայի Թագավորության հետ, հանդիսանալով այդպիսով մի խումբ արարքների համակցություն, որոնք ընկնում են ԱՄՆ իշխանությունների կողմից ներկայացված չորս մեղադրանքների հիմքում:
Գործի նյութերից պարզ է դառնում, որ դիմումատուն ԱՄՆ իշխանությունների կողմից փնտրվում է մի շարք արարքներ կատարելու համար, որոնց համար վերջինս չի ենթարկվել պատասխանատվության, չի դատապարտվել կամ չի արդարացվել հանձնման պահանջը ստացած երկրում, և որ «բացահայտ գործողությունները» պարունակում են այնպիսի տարրեր, որոնք կարող են օգտագործվել ԱՄՆ դատարանների կողմից որոշելու համար դիմումատուի մեղավորությունը կամ անմեղությունը այն չորս մեղադրանքների առնչությամբ, որոնք վերջինիս ներկայացվել են»:
Գ. Միջանկյալ միջոց կիրառելու և Դատարանում ընթացող դատավարության հաջորդ փուլերի վերաբերյալ ցուցում
38. 2011թ. դեկտեմբերի 6-ին հանձնման պահանջի հետ կապված նախարարական հրամանագրերի մասին ծանուցման օրը (տե՛ս 28-րդ և 33-րդ պարբերությունները), դիմումատուն Դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով Դատարանի Կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն իր գործով միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ցուցում տալ՝ իր հանձնման գործընթացը դադարեցնելու հեռանկարով:
39. Միևնույն օրը Դատարանն ընդունել է դիմումատուի միջնորդությունը և որոշել Կառավարությունից պահանջել, ելնելով կողմերի շահերից և Դատարանի առջև ընթացող դատավարության պատշաճ ընթացքն ապահովելու մտահոգությունից, որ դիմումատուն չհանձնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
40. 2011թ. դեկտեմբերի 20-ին, վիճարկելով, որ միջանկյալ միջոցը վաղ է պահանջվել, քանի որ դիմումատուի նկատմամբ կալանք չի կիրառվել, որին պետք է հետևեր հանձնումը և որ այդպիսի միջոցը կստեղծեր արդարադատության պատշաճ իրականացմանը խոչընդոտող իրավիճակ, Բելգիայի Կառավարությունը խնդրել է հանել միջոցի կիրառման պահանջը:
41. 2012թ. հունվարի 11-ին Դատարանը, կողմերի կողմից ներկայացված տեղեկատվության լույսի ներքո գանգատը վերանայելով, որոշել է միջանկյալ միջոցը հանելու պահանջը մերժել՝ հիմնվելով տրամադրված տեղեկատվության վրա:
42. 2012թ. մայիսի 21-ին Կառավարությունը ներկայացրել է միջանկյալ միջոցը կիրառելու պահանջը հանելու մասին երկրորդ միջնորդությունը:
43. 2012թ. մայիսի 25-ին ուղարկված պատասխան նամակում Դատարանը մատնանշել է, որ միջանկյալ միջոցը կիրառելու պահանջը հանելու մասին միջնորդությունը և գանգատը կվերանայվեն այն բանից հետո, երբ վերևում մեջբերված Babar Ahmad-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 2012թ. ապրիլի 10-ին կայացված վճիռը դառնա վերջնական:
44. 2012թ. հունիսի 25-ին ուղարկված նամակում Դատարանը կողմերին տեղեկացրել էր, որ միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը հանելու միջնորդության ուսումնասիրությունը անորոշ ժամանակով հետաձգվել է՝ հաշվի առնելով այն փաստը, որ Vinter-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (թիվ 66069/09) և Harkins-ը և Edwards-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (թիվթիվ 9146/07 և 32650/07) գործերը հանձնվել են Մեծ Պալատ:
45. 2012թ. օգոստոսի 3-ին Դատարանը կողմերին տեղեկացրել է, որ որոշել է Vinter-ի վերոհիշյալ գործը հանձնել Մեծ Պալատ և որ միջանկյալ միջոցը հանելու մասին պահանջի հարցը կվերանայվի վերոհիշյալ՝ Babar Ahmad-ը և այլոք գործը Մեծ Պալատին հանձնելու մասին որոշում կայացնելուց հետո:
46. 2012թ. նոյեմբերի 27-ին գանգատը ուղարկվել է պատասխանող Կառավարությանը:
47. Գանգատի ընդունելիության և ըստ էության վերաբերյալ ներկայացված իր դիտարկումներում Կառավարությունը երրորդ անգամ Դատարանին խնդրել է միջանկյալ միջոցի պահանջն անհապաղ վերացնել:
48. 2013թ. հունվարի 7-ին Դատարանը պատասխանել է, որ միջանկյալ միջոցի վերաբերյալ որոշումը կայացվելուց հետո Կառավարությանը այդ մասին ժամանակին կտեղեկացվի:
49. 2013թ. հունվարի 15-ին որոշում է կայացվել միջանկյալ միջոցի՝ մինչև Դատարանի կողմից գործի քննության ավարտը պահպանելու մասին:
50. 2013թ. հունիսի 18-ին, պատասխանելով Կառավարության կողմից ներկայացված միջանկյալ միջոցը վերացնելու մասին չորրորդ միջնորդությանը, Դատարանը նշել է, որ միջանկյալ միջոցը պահպանվում է և շարունակվելու է պահպանվել մինչև Դատարանի կողմից գործի քննության ավարտը:
51. 2013թ. հուլիսի 10-ին Դատարանը կողմերին տեղեկացրել է, որ գործի քննությունը կասեցվել է՝ հաշվի առնելով Պետական խորհրդի կողմից սույն գործով և Մեծ Պալատի կողմից Vinter-ի և այլոք գործով [ՄՊ] (թիվթիվ 66069/09, 130/10 և 3896/10, 9 հուլիս 2013թ.) վճիռների կայացման պատճառը:
52. Գործի քննության ավարտի վերջնաժամկետի վերաբերյալ Կառավարությունից ստացված հարցին ի պատասխան Դատարանը 2013թ. սեպտեմբերի 25-ին վերջինիս տեղեկացրել է, որ գործի քննության աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին:
53. 2013թ. հոկտեմբերի 18-ին Դատարանը կողմերին տեղեկացրել է, որ գործի քննության համար կազմված Պալատը մտադրված է Կոնվենցիայի 30-րդ հոդվածի համաձայն ընդդատությունը զիջել Մեծ Պալատին:
54. 2013թ. հոկտեմբերի 31-ին ուղարկված նամակով դիմումատուն հայտնել է ընդդատության զիջման վերաբերյալ իր համաձայնությունը: Մյուս կողմից, 2013թ. նոյեմբերի 8-ին ուղարկված նամակում Կառավարությունը այդ կապակցությամբ առարկություն է հայտնել:
Դ. Հանձնմանը նախորդող կալանավորումը
55. 2012թ. հունիսի 24-ին, կրելով իր նկատմամբ սահմանված պատիժները (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը), դիմումատուն 1874թ. մարտի 15-ի Հանձնման մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն հանձնման նպատակով վերցվել է կալանքի տակ:
56. 2012թ. հունիսի 7-ին դիմումատուն Nivelles-ի շրջանային դատարանին է ներկայացրել ազատ արձակման վերաբերյալ իր առաջին միջնորդությունը: 2012թ. հունիսի 12-ին chambre du conseil-ը միջնորդությունը մերժել է: Այս որոշումը Բրյուսելի Վերաքննիչ դատարանի մեղադրանքների հարցերով բաժանմունքի կողմից 2012թ. հունիսի 28-ին անփոփոխ է թողնվել:
57. Ավելի ուշ, մինչ այդ տեղափոխված լինելով Bruges-ի բանտ, որից հետո՝ Hasselt-ի բանտ, 2012թ. օգոստոսի 13-ին դիմումատուն Hasselt-ի շրջանային դատարանին է ներկայացրել ազատ արձակման վերաբերյալ իր երկրորդ միջնորդությունը: 2012թ. օգոստոսի 24-ին chambre du conseil-ը միջնորդությունն ընդունել է վարույթ: 2012թ. սեպտեմբերի 6-ին կայացված վճռով Անտվերպենի Վերաքննիչ դատարանի մեղադրանքների հարցերով բաժանմունքը այս որոշումը չեղյալ է հայտարարել և մերժել միջնորդությունը:
58. 2012թ. դեկտեմբերի 3-ին դիմումատուն ներկայացրել է ազատ արձակման վերաբերյալ իր երրորդ միջնորդություը: 2012թ. դեկտեմբերի 14-ի որոշման մեջ Hasselt-ի շրջանային դատարանի chambre du conseil-ը միջնորդությունն անհիմն է ճանաչել: Դիմումատուն այն բողոքարկել է Անտվերպենի Վերաքննիչ դատարանին, որն էլ իր 2013թ. հունվարի 10-ի վճռով հաստատել է վերոհիշյալ որոշումը:
59. 2013թ. հունվարին, այդ ընթացքում տեղափոխված լինելով Mons-ի բանտ, դիմումատուն ներկայացրել է ազատ արձակման վերաբերյալ իր չորրորդ միջնորդությունը, որը 2013թ. փետրվարի 4-ին Mons-ի շրջանային դատարանի chambre du conseil-ի, իսկ հետո նաև՝ 2013թ. փետրվարի 21-ի Mons-ի Վերաքննիչ դատարանի մեղադրանքների հարցերով բաժանմունքի կողմից անհիմն է ճանաչվել:
60. 2013թ. օգոստոսի 23-ին, մինչ այդ տեղափոխված լինելով Ittre-ի բանտ, դիմումատուն ներկայացրել է ազատ արձակման վերաբերյալ թվով հինգերորդ միջնորդությունը: Այն մերժվել է Nivelles-ի շրջանային դատարանի կողմից 2013թ. օգոստոսի 28-ին, որից հետո 2013թ. սեպտեմբերի 12-ին նաև՝ Բրյուսելի Վերաքննիչ դատարանի մեղադրանքների հարցերով բաժանմունքի կողմից:
61. Մինչ այդ, 2013թ. սեպտեմբերի 5-ին դիմումատուն Ittre-ի բանտից կրկին տեղափոխվել է Bruges-ի բանտ, որտեղ նշանակվել է նրա ամուսնության օրը Բելգիայի մի քաղաքացու հետ, որից վերջինս ուներ երկու զավակ:
Ե. Դիմումատուի հանձնումը
62. 2013թ. հոկտեմբերի 3-ին դիմումատուին տեղեկացրել են, որ իրեն Bruges-ի բանտից տեղափոխում են Ittre-ի բանտ: Սակայն իրականում նրան տեղափոխում էին Melsbroek-ի ռազմական օդանավակայան, որտեղ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) գործակալները սպասում էին նրան: Առավոտյան ժամը 11:30-ին տեղի ունեցավ դիմումատուի Միացյալ Նահանգներին հանձնումը:
63. Արդարադատության նախարարը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ 13:30 րոպեին, որի ժամանակ հայտարարել է դիմումատուի երկրից մեկնման մասին:
64. Ժամը 15:00-ին դիմումատուի փաստաբանը Բրյուսելի շրջանային դատարանի նախագահին հույժ հրատապ ex parte դիմում է ներկայացրել: Ժամը 18:30-ին կայացված դատարանի որոշման մեջ նշված էր, որ Բելգիայի պետությունը պարտավոր էր ենթարկվել Դատարանի կողմից նշված միջանկյալ միջոց կիրառելու պահանջին, դատարանը նաև հրահանգել էր «արգելել կամ դադարեցնել դիմումատուի հանձնումը, որքանով որ դա կարող էր լինել հնարավոր»՝ սահմանելով 5,000 եվրոյի (հինգ հազար եվրո) չափով տուգանք: Դատարանը չի ստացել սույն որոշումը բողոքարկելու մասին տեղեկություն:
Զ. Դիմումատուի՝ ԱՄՆ-ում կալանքի տակ պահվելը
65. Միացյալ Նահանգներում դիմումատուն անհապաղ կալանքի տակ է վերցվել: 2013թ. հոկտեմբերի 7-ին, ստանալով պետության կողմից նշանակված իրավաբանի օգնություն, նրան բերման են ենթարկել Կոլումբիայի շրջանի շրջանային դատարան՝ իր դեմ ներկայացված մեղադրանքները լսելու համար:
66. Ներկայումս դիմումատուն կալանքի տակ է պահվում Stafford-ի (Վիրջինիայի նահանգ) Rappahannock շրջանային բանտում: 2013թ. նոյեմբերի 1-ին բանտի վարչակազմի կողմից Բելգիայի իշխանություններին նամակ է հղվել, որում ասվում էր, որ դիմումատուն պահվում էր ազատազրկման միևնույն պայմաններում, ինչ մյուս բոլոր դատապարտյալները:
67. 2013թ. նոյեմբերի 6-ին դիմումատուի Միացյալ Նահանգներում որպես փաստաբան հանդես եկող անձի կողմից նրա՝ դատարանում շահերի պաշպանին ուղարկված էլեկտրոնային նամակի համաձայն դիմումատուին թույլատրվել է արտաքին աշխարհի հետ նամակագրական կապ հաստատել, սակայն ողջ նամակագրության անգլերեն թարգմանվելու և ԱՄՆ կառավարության կողմից նախօրոք վերահսկվելու պայմանով: Նրան թույլատրել են նաև ընտանիքի անդամների հետ հեռախոսային խոսակցություններ ունենալ այն պայմանով, որ խոսակցություններին ներկա է գտնվելու թարգմանիչ: ԱՄՆ մուտքի վիզա ստանալու դեպքում մերձավոր ազգականները կարող էին այցելել նրան:
68. Դիմումատուին այցելել է նրա փաստաբանը, ով 2013թ. դեկտեմբերի 7-ին ընտանիքին ուղարկված նամակում նշել է, որ դիմումատուն գտնվում է մեկուսարանում: Վերջինս դիմումատուի հոգեվիճակի վերաբերյալ մտահոգություններ է հայտնել:
...
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
84. Դիմումատուի պնդմամբ՝ վերջինիս Միացյալ Նահանգներ հանձնելու մասին Բելգիայի իշխանությունների որոշումը խախտել է իր՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքը, որը շարադրված է հետևյալ կերպ.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
...
Բ. Գործի ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
94. Դիմումատուն բողոքում էր, որ հանձնելով Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ իրեն ենթարկել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ անհամատեղելի վերաբերմունքի: Նա վիճարկում էր, որ Ա և Բ կետերի ներքո նշված արարքների համար, որի հիմքով բավարարվել է իրեն հանձնելու պահանջը, սահմանված է առավելագույն պատիժ, որը de facto ենթակա չէ նվազեցման և դատապարտվելու դեպքում նա այլևս ազատության մեջ գտնվելու հնարավորությունից զրկված կլինի:
95. Դիմումատուի եզրահանգումները ցմահ ազատազրկման պատժի de facto նվազեցման ենթակա չլինելու վերաբերյալ հիմնված են 2009թ. նոյեմբերի 11-ի և 2010թ. օգոստոսի 10-ի դիվանագիտական նոտաներում նշված փաստացի տվյալների վրա: Նա նշել է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները բերել են ազգային անվտանգության հետ առնչություն ունեցող ծանր հանցագործության համար սահմանված պատժի մեղմացման ընդհամենը մեկ օրինակ և նշել, որ ահաբեկչական հանցագործություններով, ինչի մեջ մեղադրվում է նաև դիմումատուն, նախագահական ներման կամ պատժի մեղմացման այլ դեպքեր իրենց հայտնի չեն: Այս կապակցությամբ, Նախագահ Քլինտոնի կողմից 1999թ. դրսևորած իշխանական գթասրտությունը տեղին չէ նշել: Այս օրինակն անհրաժեշտ է դիտարկել իր ենթատեքստում, որը ոչ մի ընդհանրություն չունի 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո այսպես կոչված «իսլամով ոգեշնչված» ահաբեկչության դեմ ծավալված ճշմարիտ պատերազմի հետ. սա այն ենթատեքստն է, որի ներքո դիմումատուն ենթարկվել է հետապնդման:
96. Դիմումատուն նաև գտնում էր, որ այն աղբյուրներին, որոնք Կառավարությունն օգտագործել է հակառակն ապացուցելու համար, անհրաժեշտ է վերաբերվել զգուշավորությամբ: Կառավությունը չի նշել այն փաստը, որ այն ժամանակահատվածում, երբ «Մարդու իրավունքների առաջին» ՀԿ-ն հրապարակել էր այդ կազմակերպության կողմից արված ուսումնասիրությունները, ՀԿ-ի նախագահը այդ ժամանակից ի վեր հանդիսացել է նաև ԱՄՆ կառավարության աշխատակից: Դիմումատուն հարցականի տակ է առնում նաև տրամադրված տեղեկատվության իսկությունը: Վերջինս շատ տարօրինակ է համարում նաև այն, որ բացարձակապես անտեսվում են ահաբեկչության համար մեղադրվող անձանց կալանավայրերում առկա պայմանները՝ չնայած այն փաստին, որ այս խնդիրը վերոհիշյալ Babar Ahmad-ը և այլոք գործով եղել է Դատարանի ուշադրության կենտրոնում: Իրականում, CagePrisoners ՀԿ-ի կողմից, որը սատարում է այն մուսուլման դատապարտյալներին, որոնց դեմ ԱՄՆ պետությունը ահաբեկչության գործերով դատավճիռներ է կայացրել, հետազոտություն է անցկացրել, որը ցույց է տալիս, որ այս արարքների մեջ մեղադրվող դատապարտյալները չափազանց վատ ազատազրկման պայմաններում են պահվում, իսկ նրանց նկատմամբ վարվում է խտրական քաղաքականություն, ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով նրանք ենթարկվում են խոշտանգումների, իսկ նրանց նկատմամբ սահմանվում են անհամաչափ և անարդար պատժաչափեր և այլն:
97. Դիմումատուն Կառավարության կողմից ներկայացրած վիճակագրական տեղեկությունների վերաբերյալ այլ մեկնաբանություններ է տրամադրել: Նա մատնանշել է, որ միջին տևողության պատժաչափի հաշվարկում, որը 8.4 տարի է, ներառված չեն ցմահ ազատազրկման պատիժները, իսկ դատապարտված այն անձանց նախքան դատավճռի կայացումը կալանավայրում անցկացրած շրջանը, ովքեր դատավճռի կայացումից հետո ազատ են արձակվել կամ նրանց նկատմամբ փորձաշրջան է սահմանվել, ընդհանրապես հաշվի չի առնված: Այս ուսումնասիրություններում ներկայացված չեն տեղեկություններ այն անձանց մասին, ովքեր ձերբակալվել են հաշվետու ժամանակահատվածում, բայց նրանց գործերը դեռևս դատաքննության փուլում չեն: Ավելին, ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը այլ տվյալներ է ներկայացնում. ներկայացված անձանցից 403-ի գործերով դատավարությունն արդեն ընթացել է 2001թ. սեպտեմբերի 11-ից մինչև 2010թ. մարտի 18-ը ընկած ժամանակահատվածում: Երեսունմեկի գործով դատավճիռ դեռևս չի կայացվել, տասներկուսի նկատմամբ սահմանվել է ցմահ ազատազրկում, իսկ հինգը ստացել են վաթսուն կամ ավելի տարվա ազատազրկում: Դիմումատուն վկայակոչել է Richard Reid-ի գործը, որը մի շարք առիթներով հիշատակվել է դիմումատուի՝ Բելգիայում կրած պատժի համար հիմք ծառայած քրեական նյութերում, ինչպես նաև նշվել է հանձնման վարույթի ժամանակ: 2003թ. Richard Reid-ը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ դրա հիմքում ունենալով միևնույն մեղադրանքը, ինչ առաջադրվել է դիմումատուի նկատմամբ Բ կետի ներքո՝ կոշիկում թաքցված փայթուցիկ նյութի օգնությամբ օդանավը թռիչքի ընթացքում փայթեցնելու դիտավորություն:
98. Դիմումատուն վիճարկում էր, որ իր գործը համեմատելի չէ վերոհիշյալ Babar Ahmad-ի և այլոք գործի հետ, քանի որ բելգիական դատարանների կողմից արդեն սահմանվել է իր գործով եղած փաստերի նկատմամբ այդ ժամանակ Բելգիայում կիրառվող առավելագույն պատիժ, իսկ մեղմացուցիչ հանգամանքները հաշվի չեն առնվել:
99. Եվ վերջապես, դիմումատուն վիճարկում էր, որ միակ «ազատ արձակվելու հույսը» կապված էր նախագահական ներում կամ պատժի մեղմացում ստանալու դիմումի հաջողության հետ, որի հեռանկարները de facto գոյություն չունեին «9/11-ից հետո»: Այս հնարավորությունը, որը գտնվում է գործադիր իշխանության ձեռքերում՝ առանց դատական վերանայման հնարավորության, ոչ միայն այդ երաշխիքի հետ որևէ միասնական նմանություն չունի, այլև՝ արդարադատության սահմաններից լիովին դուրս է: Այն երթարկվում է հանրային կարծիքի ազդեցությանը և զուրկ է ցանկացած նախապես սահմանված նվազագույն չափանիշներից: Այդ իսկ պատճառով այն տրամագծորեն հակասում է վերոհիշյալ Vinter-ի և այլոք վճռով սահմանված փոխկապակցվածության և կանխատեսելիության պահանջներին:
բ) Կառավարությունը
100. Որպես նախնական դիտարկում՝ Կառավարությունը վիճարկում էր, որ համաձայն վերևում բերված Harkins-ի և Edwards-ի և Babar Ahmad-ը և այլոք գործերով Դատարանի կողմից որդեգրած դիրքորոշման՝ ցմահ ազատազրկման հարցը պետք է հանձնման ֆոնի վրա ենթարկվի վերլուծության, և անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ դիմումատուի հանձնումը պահանջվել է բացառապես ԱՄՆ դատարանների կողմից դատաքննության ենթարկվելու նպատակով, և պարզ չէ, թե արդյոք անձը կհամարվի իր դեմ առաջադրված հանցանքների կատարման մեջ մեղավոր:
101. Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն փաստը, որ նույնիսկ եթե Ա և Բ կետերով առաջադրված մեղադրանքների (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը) բաղկացուցիչ տարրերը, որոնց համար դիմումատուի նկատմամբ սահմանվելու է ցմահ ազատազրկման պատիժ (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը), բոլորն առկա են, ԱՄՆ իշխանությունները երաշխիքներ են տրամադրել առ այն, որ այդպիսի դատավճռի կայացումը հայեցողական է, և որ գործը քննող դատարանը պարտավոր չէ կիրառել օրենքով սահմանված առավելագույն պատիժը: Ավելին, այն դեպքերում, երբ պետք է սահմանվի ցմահ ազատազրկում, այդպիսի դատապարտման և դատավճռի պարագայում գոյություն ունեն դրանք մեղմացնող ուղղակի և անուղղակի իրավական միջոցներ, դատավճռի վերանայման հնարավորություն, պատժաչափի նվազեցման միջոցներ: Այս ամենը լրացնում է ԱՄՆ իշխանությունների կողմից տրամադրված երաշխիքներն առ այն, որ դիմումատուի գործը քննվելու է ոչ ռազմական դատարանների կողմից, և որ վերջինս անազատության մեջ է պահվելու միայն քաղաքացիական անձանց համար նախատեսված ազատազրկման վայրերում, և որ վերջինս մահապատժի չի ենթարկվելու:
102. Կառավարությունը նշել է, որ տրամադրվող հավաստիացումները կասկածի տակ առնելու հիմքեր չկան: 1901թ. սկսած Բելգիան ԱՄՆ-ի հետ կնքված Հանձնման մասին պայմանագրի ներքո պարտավորություններ ունի, և երբևիցե Միացյալ Նահանգների կողմից դիվանագիտական երաշխիքներից ծագող պարտավորություններին չհամապատասխանելու որևէ դեպք չի գրանցվել:
103. Բոլոր դեպքերում, ըստ Կառավարության՝ դիմումատուի նկատմամբ՝ Ա և Բ կետերում նշված հանցանքների համար առավելագույն պատիժ սահմանվելու ցանկացած իրական ռիսկ հասցված է նվազագույնի, ինչի մասին են վկայում «Մարդու իրավունքների առաջին» ՀԿ-ի կողմից տրամադրված տեղեկությունները, որոնք հաստատվում են ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի կողմից ահաբեկչական գործողությունների համար դատապարտվածների վերաբերյալ տրամադրված վիճակագրական տեղեկություններով (տե՛ս վերևում՝ 29-րդ պարբերությունը): Այդ հրապարակումներից հստակ երևում է, որ ցմահ ազատազրկման գործերը բոլորը շատ ավելի ծանր հանցագործությունների վերաբերյալ էին, քան այն արարքները, որոնց կատարման մեջ դիմումատուն մեղադրվում էր: Դիմումատուի կողմից վերևում մեջբերված Richard Reid-ի օրինակը (տե՛ս վերևում՝ 97-րդ պարբերությունը) միևնույն կատեգորիային էր պատկանում, քանի որ Reid-ը ձերբակալվել էր իր ծրագիրը իրականացնելու փորձի ժամանակ: Այլ գործերով անձինք կասկածվում էին դիմումատուի դեմ բերված մեղադրանքների ներքո Ա և/կամ Բ կետերում նշված հանցնանքներ գործելու մեջ, սակայն վերջիններիս նկատամբ ԱՄՆ օրենսդրությամբ սահմանված առավելագույն պատիժ չի կիրառվել:
104. Իսկ այն հարցի կապակցությամբ, թե արդյոք դիմումատուի նկատմամբ Ա և Բ կետերում նշված արարքների համար առաջարկվող ցմահ ազատազրկման պատիժը անցել է վերևում նշված Kafkaris-ի գործով սահմանված «թեստը», թե՝ ոչ, և արդյոք այն de jure և de facto կարող է նվազեցվել, թե՝ ոչ, Կառավարությունը Դատարանին առաջարկում է տալ միևնույն հիմնավորումները, ինչ տրվել է վերոհիշյալ Babar Ahmad-ը և այլոք և Harkins-ը և Edwards-ը գործերով:
105. Համարելով, որ համաչափության հարցը տվյալ գործով էական է, և չնայած այն փաստին, որ դիմումատուի հանձնումը պահանջվել է սոսկ վերջինիս քրեական հետապնդման ենթարկելու նպատակով, անհրաժեշտ է նախ ընդգծել, որ հաշվի առնելով դիմումատուի դեմ բերված մեղադրանքների ծանրությունը՝ դրանց դիմաց առաջարկվող հնարավոր պատիժները չեն կարող ակնհայտորեն անհամաչափ լինել: Հետևաբար, միակ հարցը, որ կարող է ծագել հետևյալն է՝ չնայած այն փաստին, որ դիմումատուի նկատմամբ կարող է սահմանվել ցմահ ազատազրկում, արդյո՞ք ազատ արձակվելու հեռանկարներ գոյություն ունեն:
106. Առաջին փաստը, որ անհրաժեշտ է հաշվի առնել, դա այն է, որ դիմումատուն Պետական խորհրդի առջև ընդունել է, որ հաշվի առնելով պատժի մեղմացման կամ նախագահական ներում ստանալու ԱՄՆ իրավական հնարավորությունները, ինչպես որ դրանք նկարագրված են 2010թ. օգոստոսի 10-ին ուղարկված դիվանագիտական նոտայում՝ ցմահ ազատազրկումը de jure կարող է նվազեցվել:
107. Երկրորդը, հաստատվել է, որ դատավճռով սահմանված պատժաչափերի նվազեցումներ և նախագահական ներումներ մի շարք գործերով իսկապես տեղի են ունեցել, և որ ցմահ ազատազրկման դատավճիռները նույնպես de facto կարող են նվազեցվել: Կառավարությունը տրամադրել է 1990թ. սկսած կիրառված ներման և պատժաչափի նվազեցման վերաբերյալ վիճակագրական տվյալներ, որոնք հասանելի են ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի կայքում: Կառավարությունը նշել է, որ ԱՄՆ նախագահները մինչև այժմ օգտվել են իրենց՝ դատավճիռներով սահմանված պատիժները մեղմացնելու և/կամ ներում շնորհելու լիազորությունից: Նախագահ Բուշը կիրառել է այն 2008թ. մի անձի նկատմամբ, ով թմրանյութերի առևտրի համար դատապարտված էր առանց վաղաժամկետ ազատման իրավունքի հնարավորության ցմահ ազատազրկման: Այսպիսի միջոցները կիրառվել են նաև ազգային անվտանգության դեմ գործած արարքների մեջ մեղադրվող անձանց նկատմամբ, ինչպես օրինակ՝ 2010թ. օգոստոսի 10-ին ուղարկված դիվանագիտական նոտայում մեջբերված FALN-ի (Ազգային ազատագրման զինված ուժեր) անդամների գործով էր:
108. Al-Qaeda-ի հետ առնչություն ունեցող անձանց կողմից ահաբեկչական գործողություններ իրականացման համար սահմանված ցմահ ազատազրկման դատավճիռների նվազեցման կամ նախագահական ներում շնորհելու փաստերի բացակայության առնչությամբ ոչ մի այլ եզրահանգումներ չեն կարող կատարվել: Անհրաժեշտ է միևնույն եզրահանգումները կիրառել, ինչ կիրառվել է Iorgov-ն ընդդեմ Բուլղարիայի (թիվ 2) գործով (թիվ 36295/02, 2 սեպտեմբեր 2010թ.), քանի որ այդպիսի արարքների համար ԱՄՆ իշխանությունների կողմից բոլոր պատիժների նշանակումը տեղի է ունեցել վերջերս, այդպիսով, այդ անձինք դեռևս չեն կարող նախագահական ներման համար դիմել: Այդպիսի միջոցը նրանց գործով կիրառելի չէ մինչև նրանք չկրեն սահմանված պատժի որոշակի հատվածը: Այդպիսի գործերով ներման բացակայությունը չի կարող բերել այն եզրահանգմանը, համաձայն որի ներման համակարգը չի գործում: Եթե անձը ենթադրաբար կրել է պատժի մի հատվածը նախքան նրա գործով դատավճռի կայացումը, ապա համապատասխան ժամկետը լրանալուն պես ԱՄՆ օրենսդրությամբ սահմանված կարգով վերջինս կարող է դիմել նախագահական ներման կամ պատժի մեղմացման համար: Մի շարք գործոններ կամ իրադրության փոփոխություն կարող են նպաստել կամ խանգարել այդպիսի միջոցի կիրառմանը, և այդ փուլում հնարավոր չէ դատողություններ անել այն մասին, թե արդյոք կամ երբ դիմումատուն կարող է ազատ արձակվել:
109. Կառավարությունը վիճարկում է նաև, որ ԱՄՆ համակարգը համապատասխանում է Դատարանի կողմից վերոհիշյալ Vinter-ի և այլոք գործով սահմանված պահանջներին, որը, ինչպես վերջինս ընդգծում է, վերաբերում էր առանց վաղաժամկետ ազատման իրավունքի հնարավորության ցմահ ազատազրկման գործերին, այլ ոչ թե՝ հայեցողական գործերին, ինչպես տվյալ գործով էր: Նախագահական ներումը հայտնի միջոց է, այդ իսկ պատճառով այն օրենսդրությամբ սահմանված է, ինչպես նաև՝ հարմար միջոց է, որը բավականին ընդարձակ է սահմանված՝ հնարավորություն տալով առանց վաղաժամկետ ազատման իրավունքի ցմահ ազատազրկում կրող անձանց ևս ունենալու ազատ արձակման որոշակի հեռանկարներ՝ սահմանված օրենսդրությամբ: Նշելով սա՝ կարևոր է նաև հաշվի առնել այն, որ ԱՄՆ համակարգը տարբերվում է Միացյալ Թագավորության համակարգից: Ի տարբերություն ՄԹ՝ Միացյալ Նահանգներում դատապարտված անձը կարող է ցանկացած ժամանակ դիմել իր գործով ներման կամ պատժի մեղմացման համար: Պատժաչափի տևողությունը կամ բնույթը կարևոր չէ: Դատապարտված անձը կարող է անսահամանափակ թվով միջնորդագրեր ներկայացնել: Նախքան գնահատումը անհրաժեշտ է անցնել Արդարադատության դեպարտամենտի ներքո գործող Ներման հարցերով դատախազի կողմից գործի քննության գործընթացը. հաշվի առնելով հանցագործության կատարման հանգամանքները և դիմումատուի խառնվածքը՝ դատախազը Նախագահին է ներկայացնում ոչ պարտադիր կարծիք:
2. Դատարանի գնահատականը
110. Ենթադրյալ խախտումը վերաբերում է այն հարցին, որ դիմումատուին հանձնելով ԱՄՆ, վերջինս ենթարկվում է առանց վաղաժամկետ ազատ արձակման հնարավորության ցմահ ազատազրկում կրելու ռիսկին, որը հանդիսանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջների խախտում:
111. Դատարանը գործի քննությունը սկսում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո ձևավորված նախադեպային իրավունքի ընդհանուր դիտարկմամբ՝ նախևառաջ ուսումնասիրելով ցմահ ազատազրկման վերաբերյալ գործերը, որից հետո անցում է կատարելու օտարերկրացիներին երկրի տարածքից հեռացնելու վերաբերյալ գործերին: Հաջորդիվ անդրադարձ կկատարվի նաև ցմահ ազատազրկման գործերով ձևավորված սկզբունքների կիրառությանը՝ դրանք հարմարեցնելով հանձնման ենթարկված դիմումատուի մասնավոր իրավիճակին:
ա) Ցմահ ազատազրկման նկատմամբ կիրառելի սկզբունքները
112. Դատարանի նախադեպային իրավունքով հիմնավորապես հաստատված է, որ հանցագործություն կատարած չափահաս անձի նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճիռն ինքնին արգելված կամ Կոնվեցիայի 3-րդ հոդվածի կամ ցանկացած այլ հոդվածի հետ անհամատեղելի չէ (տե՛ս Kafkaris-ի վճիռը, վերևում մեջբերված, § 97, և այնտեղ մեջբերված հղումները) պայմանով, որ այն խիստ անհամաչափ չլինի (տե՛ս Vinter-ը և այլոք վճիռը, վերևում մեջբերված, §§ 88 և 89): Դատարանը, սակայն, գտել է, որ չափահաս անձի նկատմամբ սահմանված առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտելը կարող է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո խնդիր առաջացնել (տե՛ս Kafkaris-ի վճիռը, վերևում մեջբերված, § 97):
113. Այս վերջին սկզբունքից բխում են ևս երկու սկզբունք: Նախևառաջ, 3-րդ հոդվածը չի արգելում ցմահ ազատազրկման պատժի ամբողջական կիրառությունը: Իսկ ինչն արգելված է 3-րդ հոդվածով, դա ցմահ ազատազրկման վճռի de jure և de facto առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի կայացված լինելն է: Երկրորդը, այն հարցին պատասխանելիս, թե արդյոք ցմահ ազատազրկման դատավճիռը տվյալ գործով կարող է համարվել առանց վաղաժամկետ ազատման իրավունքի կայացված, թե՝ ոչ, Դատարանը փորձում է հավաստիանալ, թե ցմահ ազատազրկման մեջ գտնվող անձը երբևիցե ազատ արձակվելու հեռանկար ունի, թե՝ ոչ: Այն դեպքերում, երբ ներպետական օրենսդրությունը ցմահ ազատազրկման պատիժ կրող անձին հնարավորություն է տալիս իր գործը վերանայելու՝ պատժի մեղմացման, ներման, դադարեցման կամ դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման միջոցով, սա բավարար է 3-րդ հոդվածի պայմաններին համապատասխանելու համար (տե՛ս Kafkaris-ի վճիռը, վերևում մեջբերված, § 98, և այնտեղ մեջբերված հղումները):
114. Մինչև բոլորովին վերջերս դատարանը գտնում էր, որ ցմահ ազատազրկումը կարգավորելու հնարավորությունն իսկ արդեն բավարար է 3-րդ հոդվածի պահանջները բավարարելու համար: Վաղաժամկետ ազատման հնարավորությունը, նույնիսկ եթե այն պետության գլխի ձեռքերում է (տե՛ս Kafkaris-ի վճիռը, վերևում մեջբերված, § 103) կամ ներման կամ պատժի մեղմացման միջոցով նախագահական գթասրտություն դրսևորելու հետ է կապված (տե՛ս Iorgov-ն ընդդեմ Բուլղարիայի (թիվ 2), թիվ 36295/02, §§ 51-60, 2 սեպտեմբեր 2010թ.), սա արդեն իսկ բավարար է այդպիսի հնարավորությունը հաստատված համարելու համար:
115. Վերևում մեջբերված Vinter-ի և այլոք գործով Դատարանը կրկին անգամ դիտարկում է այն հարցը, թե ինչպես է պետք որոշել, թե տվյալ գործով ցմահ ազատազրկումը կարող է նվազեցվել, թե՝ ոչ: Դատարանն այս հարցը դիտարկում է պատժի կանխարգելիչ և վերականգնողական նպատակների լույսի ներքո (§§ 112-118): Հղում կատարելով Kafkaris-ի վճռով արդեն հաստատված սկզբունքին՝ Դատարանը մատնացույց է անում, որ որպեսզի ցմահ ազատազրկումը համարվի նվազեցվող, այն պետք է ենթակա լինի վերանայման, որը ներպետական մարմիններին թույլ է տալիս գնահատելու, թե արդյոք ցմահ ազատազրկում անցնող անձի մոտ պատիժը կրելու ընթացքում էական փոփոխություններ նկատվում են, թե՝ ոչ, ինչը նշանակում է, որ երկարաձգված ազատազրկումը չի կարող համարվել պատժի իրավաչափ հիմքերով արդարացված (§ 119): Ավելին, Դատարանն առաջին անգամ բացատրել է, որ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի ցմահ ազատազրկված անձը իր պատիժը կրելու հենց սկզբում իրավունք ունի իմանալու, թե ինչ պետք է անի, որպեսզի վաստակի ազատության մեջ կրկին անգամ հայտնվելու իրավունքը, և ինչ պայմաններ են գործում, այդ թվում նաև՝ իր գործի վերանայումը երբ տեղի կունենա կամ երբ կարելի է դիմել վերանայման համար: Հետևաբար, այն դեպքերում, երբ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժների ժամանակ դրանք վերանայելու համար ներպետական օրենսդրությամբ մեխանիզմներ կամ հնարավորություններ նախատեսված չեն, այդպիսի դատավճռի՝ 3-րդ հոդվածի հետ անհամատեղելիության խնդիրն առաջանում է հենց ընդունման պահից, այլ ոչ թե՝ ազատազրկման ավելի ուշ շրջանում (§ 122):
բ) Օտարերկրացիներին վտարելու ժամանակ կիրառելի սկզբունքները
116. Դատարանի նախադեպային իրավունքով հիմնավորապես հաստատված է, որ 3-րդ հոդվածի ներքո վատ վերաբերմունքից պաշտպանությունը բացարձակ է, ըստ որի պայմանավորվող կողմ հանդիսացող պետության կողմից անձի հանձնումը կարող է այս դրույթի ներքո խնդիրներ առաջ բերել և առաջացնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո տվյալ պետության պատասխանատվության խնդիր, այն դեպքերում, երբ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ պահանջող երկիր հանձնելու դեպքում անձի համար 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի արժանանալու իրական վտանգ կա (տե՛ս Soering-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 7 հուլիս 1989թ., § 88, Շարք Ա, թիվ 161): Այն փաստը, որ վատ վերաբերմունքը առաջացել է Կոնվենցիայի անդամ չհանդիսացող պետությունում, քննության առարկա չէ (տե՛ս Saadi-ի վճիռը, վերևում մեջբերված, § 138): Այդպիսի դեպքերում 3-րդ հոդվածը ենթադրում է, որ գործում է անձին երրորդ երկիր չտեղափոխելու պարտավորություն, նույնիսկ այն դեպքում, եթե այդ երկիրը չի հանդիսանում Կոնվենցիայի անդամ: Դատարանը տեղափոխման համար իրավական հիմքերի մասով տարբերակումներ չի սահմանում. թե՛ արտաքսման և թե՛ հանձնման համար այն սահմանում է միևնույն հիմքերը (տե՛ս Harkins-ի և Edwards-ի վճիռը, վերևում մեջբերված, § 120, և Babar Ahmad-ը և այլոք վճիռը, վերևում մեջբերված, § 168):
117. Ավելին, Դատարանը վերահաստատում է, որ խորը գիտակցում է պետությունների առջև ծառացող դժվարությունները՝ կապված այդ երկրների բնակչություններին ահաբեկչական բռնություններից պաշտանելու հետ, ինչն ինքնին հանդիսանում է մարդու իրավունքներին սպառնացող լուրջ վտանգ: Այդ իսկ պատճառով Դատարանը մտավախություն ունի՝ կապված ահաբեկչության վտանգը և հասարակության համար դրա ներկայացրած սպառնալիքները թերագնահատելու հետ (տե՛ս Othman-ն (Abu Qatada) ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 8139/09, § 183, ՄԻԵԴ 2012, և այնտեղ մեջբերված հղումները): Այդպիսի սպառնալիքների առկայության պարագայում Դատարանը օրինական է համարում Կոնվենցիայի անդամ պետությունների կողմից ամուր դիրքերի գրավումը՝ ահաբեկչության գործողություններով պայմանավորված սպառնալիքներին դիմակայելու համար (նույն տեղում): Եվ վերջապես, Դատարանը չի նսեմացնում հանձնման հիմնարար նպատակը, այն է՝ կանխել փախուստի դիմած հանցագործների արդարադատությունից խուսափումը, և ոչ էլ բոլոր պետությունների համար այն փոխշահավետ նպատակը՝ այն համատեքստում, որ հանցավորությունն այսօր ավելի մեծ միջազգային չափերի է հասել (տե՛ս Soering-ի վճիռը, վերևում մեջբերված, § 86):
118. Սակայն, այս գործոններից և ոչ մեկը 3-րդ հոդվածի բացարձակ բնույթի վրա ազդեցություն չունի: Ինչպես Դատարանը մի շարք առիթներով հաստատել է՝ այս կանոնի համար բացառություններ չկան: Այդ իսկ պատճառով այս սկզբունքը Chahal-ն ընդդեմ Միացյալ Թագավորության վճռից հետո բազմաթիվ առիթներով վերահաստատելու կարիք է զգում (15 նոյեմբեր 1996թ., §§ 80 և 81, Վճիռների և որոշումների զեկույցներ 1996-V), նպատակ հետապնդելով խնդրո առարկա անձի գործողությունները, որքան էլ որ դրանք լինեն անցանկալի կամ վտանգավոր, դարձնել լուրջ քննարկման առարկա կամ վատ վերաբերմունքի սպառնալիքը հավասարակշռել արտաքսման պատճառների հետ, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե արդյոք կա Պետության՝ 3-րդ հոդվածի ներքո առաջացող պատասխանատվություն (տե՛ս Saadi-ի վճիռը, վերևում մեջբերված, § 138, տե՛ս նաև Daoudi-ն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 19576/08, § 64, 3 դեկտեմբեր 2009թ., և M. S.-ը ընդդեմ Բելգիայի, թիվ 50012/08, §§ 126 և 127, 31 հունվար 2012թ.):
119. Այսպիսի պատասխանատվությունը հաստատելու համար Դատարանն անպատճառ պետք է ընդունող երկրում գնահատի իրավիճակը՝ 3-րդ հոդվածի պահանջների հետ համապատասխանության առումով: Սակայն Կոնվենցիան չպետք է վերածվի դրա անդամ չհանդիսացող պետությունների գործողությունները ղեկավարող գործիքի, կամ անդամ պետությունները չեն կարող պարտադրել, որ անդամ չհանդիսացող պետությունները ընդունեն Կոնվենցիայով ամրագրված չափանիշները (տե՛ս Soering-ի վճիռը, վերևում մեջբերված, § 86, և Al-Skeini-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ 55721/07, § 141, ՄԻԵԴ 2011): Այնքանով որքանով Կոնվենցիայի ներքո կարող է պարտավորություն ծագել, այն առաջանում է Կոնվենցիայի անդամ հանձնող պետության մոտ՝ վերջինիս կողմից այդ գործողությունը ստանձնելու միջոցով, որի անմիջական հետևանքն է անձին արգելված վատ վերաբերմունքի ենթարկելը (տե՛ս Soering-ի վճիռը, վերևում մեջբերված, § 91, Mamatkulov-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], թիվթիվ 46827/99 և 46951/99, § 67, ՄԻԵԴ 2005‑I, և Saadi-ի վճիռը, վերևում մեջբերված, § 126):
120. Եթե հանձնումը կարող է պահանջող պետությունում հետևանքներ ունենալ, որոնք անհամատեղելի են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ, ապա անդամ պետությունը չպետք է անձին հանձնի: Սա 3-րդ հոդվածով ամրագրված երաշխիքների ապահովման խնդիր է՝ հաշվի առնելով ենթադրյալ տանջանքների ծանրությունը և անդառնալիությունը, որին անձը հանձնվելու դեպքում վտանգված է ենթարկվելու (տե՛ս Soering-ի վճիռը, վերևում մեջբերված, § 90):
գ) Սկզբունքների կիրառությունը սույն գործով
121. Դատարանը նշում է, որ դիմումատուն հանձնվել է ԱՄՆ, որտեղ նա ենթարկվել է քրեական հետապնդման al-Qaeda-ով ոգեշնչված ահաբեկչական գործողությունների հետ առնչություն ունենալու համար, և եթե ապացուցվի վերջինիս մեղավորությունը, ապա նա ենթակա կլինի հայեցողական, առավելագույն տևողությամբ և առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման: Դատավճիռը հայեցողական է այն առումով, որ դատավորը կարող է իր հայեցողությամբ ավելի մեղմ պատիժ սահմանել, որի այլընտրանքը որոշակի ժամանակահատվածով պատժի սահմանումն է:
122. Դատարանը պետք է անդրադառնա այն հարցին, թե արդյոք, հաշվի առնելով առկա ռիսկերը, դիմումատուի հանձնումը հանդիսանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Դատարանը անցյալում մի քանի անգամ անդրադարձել է առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժների վտանգին: Յուրաքանչյուր գործով Դատարանը փորձել է պարզել, թե պահանջող երկրի կողմից տրամադրվող դիվանագիտական երաշխիքների պայմաններում արդյոք անձի հանձնմամբ վերջինս իսկապես ենթարկվում է այդպիսի ռիսկի, և եթե այդպես է, ապա կարող է արդյոք ցմահ ազատազրկումը փոխարինվել ավելի պակաս պատժաչափով այնպես, որ անձը ունենա երբևիցե ազատության մեջ հայտնվելու հույս (տե՛ս, ի թիվս այլոց, Nivette-ն ընդդեմ Ֆրանսիայի (որոշ.), թիվ 44190/98, ՄԻԵԴ 2001-VII, Einhorn-ն ընդդեմ Ֆրանսիայի (որոշ.), թիվ 71555/01, ՄԻԵԴ 2001-XI, Salem-ն ընդդեմ Պորտուգալիայի (որոշ.), թիվ 26844/04, 9 մայիս 2006թ., Olaechea Cahuas-ն ընդդեմ Իսպանիայի, թիվ 24668/03, ՄԻԵԴ 2006-X, և Schuchter-ն ընդդեմ Իտալիայի (որոշ.), թիվ 68476/10, 11 հոկտեմբեր 2011թ.):
123. Այս խնդիրը ևս մեկ անգամ ծագել է Harkins-ը և Edwards-ը և Babar Ahmad-ը և այլոք գործերով, որոնք մեջբերված են վերևում: Այս գործերով դիմումատուների մեծ մասին սպառնում էր Միացյալ Թագավորությունից հանձնում Միացյալ Նահանգներին, որտեղ նրանց սպասում էր քրեական հետապնդում՝ կապված al-Qaeda-ի ոգեշնչմամբ իրականացված ահաբեկչական հանցավոր արարքների հետ, իսկ դատապարտման դեպքում նրանց նկատմամբ սահմանվելու էին առանց վաղաժամկետ ազատ արձակման կամ հայեցողական ցմահ ազատազրկման դատավճիռներ:
124. Հետամուտ լինելով ցմահ ազատազրկման վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքով ձևավորած մոտեցումների կիրառությանը ներպետական համակարգում, ինչպես որ դրանք հաստատված են Kafkaris-ի վճռով (տե՛ս վերևում՝ 112-114-րդ պարբերությունները), Դատարանը գտել է, որ լուրջ անհամաչափության բացակայության պայմաններում առանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի հայեցողական ցմահ ազատազրկման դատավճիռը 3-րդ հոդվածի ներքո հարց է առաջացնում միայն այն դեպքում, եթե համոզիչ կերպով ներկայացվում է, որ դիմումատուի տևական ազատազրկումը պատժի իրավաչափ ոչ մի հիմքով արդարացված չէ, և որ պատիժը de facto և de jure նվազեցման ենթակա չէ (տե՛ս Harkins-ի և Edwards-ի վճիռը, վերևում մեջբերված, § 135, և Babar Ahmad-ը և այլոք վճիռը, վերևում մեջբերված, §§ 241 և 242):
125. Արդյունքում, Դատարանը գտել է, որ դիմումատուները, ում գործերով դատավճիռներ չէին կայացվել և չէին էլ սկսել այդպիսի դատարապարտման արդյունքում սահմանված պատիժը կրել, ցույց չեն տվել, որ հանձնման դեպքում նրանց ԱՄՆ-ում անցնող ազատազրկումը պատժի որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդելու: Ենթարդվում է, որ պարզ չէ այն, որ այդ կետին երբևիցե հասնելուց հետո, ԱՄՆ իշխանությունները կհրաժարվեն օգտվել նրանց պատժաչափերը նվազեցնելու գոյություն ունեցող մեխանիզմներից (տե՛ս Harkins-ի և Edwards-ի վճիռը, վերևում մեջբերված, §§ 140 և 142, և Babar Ahmad-ը և այլոք վճիռը, վերևում մեջբերված, §§ 130, 131 և 243): Դատարանը եզրահանգել է, որ ցմահ ազատազրկման դատավճիռների կիրառման ռիսկը չի կարող դիմումատուի հանձնման համար լինել խոչընդոտ:
126. Սույն գործով Դատարանը հաշվի է առնում, որ իր հանձնումից առաջ դիմումատուն հայտնվել է Babar Ahmad-ը և այլոք գործով դիմումատուների իրավիճակին շատ նման կացության մեջ:
127. Այդ գործով որդեգրած մոտեցմանը համահունչ՝ Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով ահաբեկչական հանցագործությունների ծանր բնույթը, որոնց կատարման մեջ դիմումատուն մեղադրվում է, և այն փաստը, որ դատավճիռը կարող է կայացվել միայն այն բանից հետո, երբ գործը քննող դատարանը հաշվի է առել բոլոր վերաբերելի մեղմացուցիչ և ծանրացուցիչ հանգամանքները, հայեցողական ցմահ ազատազրկման դատավճիռը չափազանց անհամաչափ չի հնչում (տե՛ս Babar Ahmad-ը և այլոք վճիռը, վերևում մեջբերված, § 243):
128. Պատասխանող կառավարությունն ըստ էության պնդում էր, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ համապատասխանությունը հանձնման համատեքստում որոշելու համար Harkins-ի և Edwards-ի, ինչպես նաև՝ Babar Ahmad-ը և այլոք գործերով Դատարանի կողմից կիրառված «թեստը» այստեղ ևս պետք է կիրառվի, և որ բոլորովին վերջերս Vinter-ը և այլոք վճռով հաստատված նախադեպային իրավունքի ներքո վերոհիշյալ «թեստը» չկիրառելու հիմնավորումներ չկան:
129. Ըստ Կառավարության՝ անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ դիմումատուն հանձնվել է բացառապես քրեական հետապնդման ենթարկվելու նպատակով, և որ նա դեռևս չի դատապարտվել, և այդ իսկ պատճառով հնարավոր չէ նախքան դատապարտումը որոշել, թե արդյոք այն պահը, երբ վերջինիս ազատազրկման մեջ պահելը այլևս պատժի որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդում, երբևէ գալու է, թե՝ ոչ, կամ հնարավոր չէ հենց այդ պահին խորհել այն մասին, թե ինչպես են ԱՄՆ իշխանությունների կողմից առկա մեխանիզմներն օգտագործվելու: Կառավարությունը գտնում է, որ Դատարանի Vinter-ի և այլոք վճռով (§ 122) արված եզրահանգումը, համաձայն որի Կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխանությունը որոշելը մեկնարկում է հենց ցմահ ազատազրկման պատժի ի կատար ածման օրվանից, այս գործով կիրառելի չէ, քանի որ սույն գործով դիմումատուն դեռևս չի դատապարտվել:
130. Դատարանը գտնում է, որ այս փաստարկը մերժման ենթակա է, քանի որ արդյունքում այն մերժում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի կանխարգելիչ նպատակը օտարերկրացիներին երկրի տարածքից հեռացնելու հետ կապված հարցերում, որը կանխարգելում է տվյալ անձի պատժի կամ վատ վերաբերմունքի արդյունքում պատճառված այն աստիճանի խորը տառապանքների պատճառումը, որն այս դրույթի ներքո արգելված է: Դատարանը վերահաստատում է, որ 3-րդ հոդվածը անդամ պետություններից պահանջում է կանխարգելել այդպիսի վերաբերմունքի կամ այդպիսի պատժի իրականացումը (տե՛ս վերևում՝ 120-րդ պարբերությունը): Ավելին, Դատարանը հաստատում է, որ ինչպես որ Soering-ի վճռից հետո մյուս բոլոր հանձնման դեպքերում էր, Դատարանը պետք է գնահատի դիմումատուի համար 3-րդ հոդվածի ներքո առկա ռիսկերը ex ante, այսինքն՝ տվյալ գործով դիմումատուի հնարավոր դատապարտումը Միացյալ Նահանգներում, այլ ոչ թե՝ ex post facto, ինչպես որ առաջարկում է Կառավարությունը:
131. Դատարանի առջև դրված խնդիրն է հավաստիանալ, թե արդյոք դիմումատուի հանձնումը համատեղելի է 3-րդ հոդվածի հետ, և պարզել, թե արդյոք հայեցողական ցմահ ազատազրկումը, որին դիմումատուն ենթարկվելու է, բավարարում է Դատարանի կողմից այս խնդրի շուրջ ձևավորած նախադեպային իրավունքի չափանիշներին (տե՛ս վերևում՝ 112-115-րդ պարբերությունները):
132. Այս կապակցությամբ, Կառավարությունը հաստատում է, որ ԱՄՆ համակարգը բավարարում է երկու չափանիշներին էլ, որոնցից առաջինը հաստատվել է Kafkaris-ի վճռով, և նոր չափանիշը՝ Vinter-ի և այլոք գործով կայացված վճռով: Կառավարությունը նշել է, որ դիմումատուին սպառնացող ցմահ ազատազրկումը de jure կարող էր նվազեցվել, քանի որ ԱՄՆ Սահմանադրությամբ նա հնարավորություն ուներ դիմելու Նախագահին՝ վերջինիս կողմից ներում կամ պատժի մեղմացում ստանալու համար: Դիմումատուն կարող էր իր բողոքը բերել դատապարտումից հետո ցանկացած ժամանակ, երբ դատավճիռը վերջնական դառնար, և այնքան անգամ, որքան կցանկանար: Նրա միջնորդագիրը կուսումնասիրվեր Ներման հարցերով դատախազի կողմից, ով Նախագահին է ներկայացնում իր ոչ պարտադիր կարծիքը: Ըստ Կառավարության՝ այն հիմքերը, որոնցով դիմումատուն կարող էր ներում ստանալ, բավականին ընդարձակ էին, և ամեն դեպքում՝ ավելի ընդարձակ, քան դրանք տրամադրվում են Միացյալ Թագավորությունում, ինչպես որ գնահատվել է Vinter-ի և այլոք վճռում: Հայեցողական ցմահ ազատազրկումը նույնպես de facto կարող էր նվազեցվել: Կառավարությունն անդրադարձ է կատարել դիվանագիտական երաշխիքներին ու վիճագրական տվյալներին, որոնք տրամադրվել են ԱՄՆ իշխանությունների կողմից, որոնք ցույց են տալիս, որ բոլոր ԱՄՆ նախագահներն օգտվել են իրենց ներում և/կամ պատժի մեղմացում շնորհելու լիազորությունից, և որ նախկինում այդ հնարավորությունից օգտվել են նաև ցմահ ազատազրկվածները կամ այնպիսի հանցագործները, որոնց նկատմամբ սահմանվել է ցմահ ազատազրկում ազգային անվտանգության հետ կապված հանցավոր արարքների համար:
133. Դիմումատուն նշել է, որ միակ «ազատ արձակվելու հույսը» կապված էր նախագահական ներում կամ պատժի մեղմացում ստանալու դիմումի հաջողության հետ, որի հեռանկարները de facto գոյություն չունեին «9/11-ից հետո»: Այս հնարավորությունը, որն ամբողջապես գործադիր իշխանության ձեռքերում է, երաշխիք չէ և հաստատված չէ նախասահմանված չափանիշներով: Այսպիսի իրավիճակում հայեցողական ցմահ ազատազրկումը չի կարող համարվել de jure և de facto նվազեցվող Դատարանի կողմից Vinter-ի և այլոք վճռով սահմանված իմաստով:
134. Դատարանը ըմբռնում է, որ ԱՄՆ իրավական դրույթները, որոնց մասին նշված է ԱՄՆ-ի կողմից 2010թ. օգոստոսի 10-ին ուղարկված դիվանագիտական նոտայում, ցմահ ազատազրկման դատավճռի պարագայում վաղաժամկետ ազատ արձակման հնարավորություն չեն տալիս՝ լինի դա պարտադիր, թե հայեցողական ցմահ ազատազրկում, սակայն նոտայում նշվում են այդպիսի պատիժների ժամկետները նվազեցնելու մի քանի հնարավորություններ: Դատավճռով սահմանված պատժաչափը կարող է նվազեցվել դատապարտյալի կողմից իր գործի քննության ժամանակ դրսևորած էական համագործակցության և դրա արդյունքում մեկ կամ ավելի երրորդ անձի դեմ հետապնդում սկսվելու պայմանով: Այն կարող է նաև նվազեցվել՝ պայմանավորված համոզիչ մարդասիրական պատճառներով: Բացի այդ, ԱՄՆ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում դատապարտյալները կարող են դիմել պատժի մեղմացման կամ նախագահական ներման (տե՛ս վերևում՝ 27-րդ և 79-83-րդ պարբերությունները):
135. Դատարանը նաև նշում է, որ չնայած Բրյուսելի Վերաքննիչ դատարանի մեղադրանքների հարցերով բաժանմունքի կողմից դիմումատուի հանձնման վերաբերյալ 2010թ. հունիսի 10-ին կայացված կարծիքում (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը) այդ մասին հստակ պահանջ կար, ԱՄՆ իշխանությունները ոչ մի երաշխիք չեն տրամադրել այն կապակցությամբ, որ դիմումատուի նկատմամբ չի սահմանվի ցմահ ազատազրկում կամ որ, այդպիսի դատավճիռ կայացվելու պարագայում, այն կուղեկցվի պատժաչափի նվազեցմամբ կամ մեղմացմամբ (տե՛ս, որպես հակադրություն, Olaechea Cahuas-ի վճիռը, վերևում մեջբերված, § 43, և Rushing-ն ընդդեմ Նիդեռլանդների (որոշ.), թիվ 3325/10, § 26, 27 նոյեմբեր 2012թ.): Այդ իսկ պատճառով սույն գործով կարիք չկա համոզվելու, թե արդյոք պահանջող երկրի կողմից տրամադրված երաշխիքները բովանդակային առումով բավարար են դիմումատուի նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ անհամատեղելի պատժի ռիսկից ապահովված լինելու համար, թե՝ ոչ: Դատարանը գտնում է, որ ամեն դեպքում ԱՄՆ իշխանությունների կողմից տրամադրված բացատրությունները, դատավճիռների և ԱՄՆ օրենսդրության ներքո գործող պատժի նվազեցման և նախագահական ներման վերաբերյալ դրույթներին արված հղումները շատ ընդհանուր են և անորոշ և չեն կարող համարվել բավականաչափ հստակ սահմանված (տե՛ս Othman-ի (Abu Qatada) վճիռը, վերևում մեջբերված, § 189):
136. Դատարանն այնուհետ անցում է կատարում սույն գործով առանցքային հարցին, այն է՝ տրամադրված երաշխիքների պայմաններում պարզելու, թե արդյոք ցմահ ազատազրկման պատժաչափի նվազեցման և նախագահական ներման վերբերյալ ԱՄՆ օրենսդրությամբ սահմանված դրույթները բարավարում են ցմահ ազատազրկման նվազեցման որոշման՝ Դատարանի կողմից սահմանված չափանիշներին և արդյոք դրանք համապատասխանում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին:
137. Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտություն չկա երկար ուսումնասիրություններ կատարել. Դատարանը պարզապես կարիք ունի նշելու, որ թեև տվյալ դրույթները մատնացույց են անում Kafkaris-ի վճռով սահմանված «ազատ արձակման հեռանկարների» գոյությանը, նույնիսկ եթե կարող են կասկածներ լինել՝ կապված այդ հեռանկարների իրական լինելու հետ, նշված ընթացակարգերից և ոչ մեկը չի կարող համարվել պատժաչափի վերանայման մեխանիզմ, որի ներքո ներպետական իշխանությունները պետք է ապահովեն օբյեկտիվ, նախապես սահմանված չափանիշներ, որոնք դատապարտյալի համար դատավճռի կայացման պահին հստակ տեսանելի են, և թե արդյոք պատժի կրման ընթացքում դատապարտյալը կարող է հուսալ, որ բավականաչափ բարեփոխվելով և առաջընթաց ունենալով, նրա անազատության մեջ գտնվելը կարող է այլևս պատժի իրավաչափ նպատակների համաձայն արդարացված չհամարվել (տե՛ս վերևում՝ 115-րդ պարբերությունը):
138. Այս պայմաններում, Դատարանը գտնում է, որ ցմահ ազատազրկումը, որը պետք է սահմանվի դատապարտյալի նկատմամբ, չի կարող բնորոշվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո և Vinter-ի և այլոք գործով վճռի չափանիշների համաձայն որպես նվազեցվող: Դիմումատուին ենթարկելով այս դրույթին հակասող վերաբերմունքի արժանանալու ռիսկին՝ Կառավարությունը պատասխանող պետության համար առաջացնում է Կոնվենցիայի ներքո պատասխանատվություն:
139. Դատարանը համապատասխանաբար եզրահանգում է, որ դիմումատուի հանձնումը Ամերիկայի Միացյալ Նահանգներ հավասարազոր է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 34-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
140. Դիմումատուն բողոքում էր, որ իր հանձնումը Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղի է ունեցել Դատարանի Կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն սահմանված միջանկյալ միջոցի խախտմամբ, հետևաբար, հանձնումը հավասարազոր է եղել անհատական գանգատ ներկայացնելու իր իրավունքի խախտման: Դիմումատուն հիմնվել է Կոնվենցիայի 34-րդ հոդվածի վրա, որով սահմանված է հետևյալը.
«Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, հասարակական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների՝ որևէ Բարձր պայմանավորվող կողմի կողմից թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրացմանը»:
Դատարանի Կանոնակարգի 39-րդ կանոնը սահմանում է հետևյալը.
«1. Պալատը կամ անհրաժեշտության դեպքում Բաժանմունքի Նախագահը կամ սույն կանոնի 4-րդ պարբերությամբ սահմանված կարգով գործի քննության համար նշանակված դատավորը կողմի կամ ցանկացած այլ շահագրգիռ անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ, կարող է կողմերին տեղեկացնել ցանկացած միջանկյալ միջոցի մասին, որը դատարանը անհրաժեշտ է համարում կիրառել՝ ելնելով կողմերի շահերից կամ վարույթի պատշաճ կատարումը ապահովելու համար:
2. Անհրաժեշտության դեպքում Նախարարների կոմիտեն կարող է անհապաղ ծանուցվել առանձին գործով միջոց կիրառելու որոշման մասին:
3. Պալատը կամ, անհրաժեշտության դեպքում, Բաժանմունքի Նախագահը կամ սույն կանոնի 4-րդ պարբերությամբ սահմանված կարգով գործի քննության համար նշանակված դատավորը կողմերից կարող է խնդրել գործով նշանակված ցանկացած միջանկյալ միջոցի կիրառության հետ կապված հարցերի վերաբերյալ տեղեկատվություն»:
Ա. Կողմերի փաստարկները
141. Դիմումատուն նշել է, որ իր հանձնումն ընթացել է Դատարանի կողմից նշանակված միջանկյալ միջոցի խախտմամբ՝ առանց հաշվի առնելու իրավական նկատառումները, և որ այն բխում էր արատավոր պատճառներով ընդունված կանխամտածված քաղաքական որոշումից: Կառավարությունը ապացույցներ չի ներկայացրել, որով կհիմնավորեր դիմումատուի, այսպես կոչված, վտանգավորությունը. ավելին, դիմումատուն երբևէ չի հանդիսացել փախուստի փորձի կամ քարոզչության հիմքով հարուցված քննության առարկա. ճիշտ հակառակը՝ այն բոլոր բանտերի կառավարիչների կողմից տրված կարծիքներում, որտեղ դիմումատուն կրել է իր պատիժը, նշված է նրա անթերի վարքագծի մասին: Բելգիայի Կառավարության դիմումատուին հանձնելու գործողությունը բացառապես պայմանավորված էր քաղաքական վճռականությամբ՝ դիմումատուին հնարավորինս արագ հանձնելու ԱՄՆ-ին՝ խուսափելով Դատարանի կողմից 3-րդ հոդվածի խախտում ճանաչող վճռի կայացումից: Այս վճռականությունն իրականում ավելի վաղուց գոյություն ուներ, ինչն ակնհայտ էր միջանկյալ միջոցը հանելու վերաբերյալ անընդմեջ ներկայացվող միջնորդություններից, և միևնույն ժամանակ Պետական խորհրդին ներկայացված բողոքը կասեցնող չէր vis-à-vis հանձնման որոշմանը: Այս քայլով Կառավարությունը անդառնալիորեն խախտել է դիմումատուի՝ անհատական գանգատ ներկայացնելու իրավունքը, քանի որ հնարավոր չէր արդյունավետ կերպով հետամուտ լինել իր Դատարան ներկայացրած գանգատի ընթացքին՝ վերջինիս հանձնմամբ՝ իրավաբանորեն, և ֆիզիկապես, քանի որ գտնվում էր մեկուսարանում՝ տառացիորեն, արտաքին աշխարհից կտրված:
142. Կառավարությունը, նախևառաջ, նշել է, որ Դատարանի նախադեպային իրավունքի, մասնավորապես՝ Mamatkulov-ի և Askarov-ի վճռի (վերևում մեջբերված, § 108) համաձայն միջանկյալ միջոցի նպատակը անհատական գանգատ ներկայացնելու իրավունքի իրացմանը նպաստելն էր՝ ամրագրված Կոնվենցիայի 34-րդ հոդվածով, հետևաբար, գանգատի առարկայի պահպանումը, այն դեպքերում, երբ Դատարանը տեսնում է դիմումատուին անդառնալի տառապանքներ պատճառելու վտանգ: Տվյալ գործով, սակայն, Դատարանը միջնորդության անընդունելի լինելու բնույթից պետք է հետևություն աներ (տե՛ս վերևում՝ 39-րդ պարբերությունը), որ միջանկյալ միջոցի համար որևէ իրական հիմնավորում չկար:
143. Երկրորդը, Կառավարությունը նշել էր այն պատճառները, որոնց առկայությամբ դիմումատուն 2013թ. հոկտեմբերի 3-ին ենթարկվել էր հանձնման: Հանձնումը տեղի էր ունեցել Պետական խորհրդի կողմից 2013թ. սեպտեմբերի 23-ին կայացված վճռից անմիջապես հետո, որտեղ մանրամասն բացատրվում էր, հանգամանորեն ներկայացնելով նաև Դատարանի նախադեպային իրավունքը, թե ինչու Կոնվենցիայի խախտման հիմքով դիմումատուի կողմից բերված գանգատն անհիմն է: Թե՛ նախարարը և թե՛ Պետական խորհուրդը համոզված էին, որ ԱՄՆ իշխանությունների կողմից տրամադրվող երաշխիքների շնորհիվ դիմումատուն չի ենթարկվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վատ վերաբերմունքի: Ավելին, դիմումատուն հանդիսանում է Բելգիայում օրենքի ու կարգուկանոնի համար սպառնալիք, քանի որ ազատազրկման մեջ զբաղված էր քարոզչությամբ, նրա՝ ջիհադական ծայրահեղականների շրջանակի հետ ունեցած կապերը և փախուստի դիմելու փորձերը, և այն հանգամանքը, որ որքան երկար նա մնար բանտում, այնքան ավելի մեծ էր քննություն իրականացնող դատական մարմինների կողմից նրա ազատ արձակման հավանականությունը: Դիմումատուի փախուստի կամ ազատ արձակման պատճառով Կառավարությունը չէր ցանկանում վտանգել ԱՄՆ-ի առջև իր ունեցած պարտավորությունը՝ կապված այդ անձի հանձնման հետ:
Բ. Դատարանի գնահատականը
144. Savriddin Dzhurayev-ն ընդդեմ Ռուսաստանի գործով (թիվ 71386/10, §§ 211-213, ՄԻԵԴ 2013 (հատվածներ)) Դատարանը վերջերս վերահաստատել է, որ Կոնվենցիայի համակարգի ներքո միջանկյալ միջոցները առանցքային կարևորություն ունեն և կենսական դեր են խաղում: Դատարանն այնուհետ անդրադառնում է սույն վճռին:
145. Սույն գործն այդ սկզբունքների լույսի ներքո դիտարկելիս Դատարանը կրկին անգամ վերահաստատում է, որ 2011թ. դեկտեմբերի 6-ին այն բավարարել է դիմումատուի միջնորդությունը Դատարանի Կանոնակարգի 39-րդ կանոնը կիրառելու վերաբերյալ, և նշել, որ կողմերի շահերից ելնելով և իր առջև ընթացող վարույթի անխափան ընթացքը ապահովելու նպատակով՝ Բելգիայի Կառավարությունը չպետք է դիմումատուին հանձնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Դատարանը կրկին անգամ նշում է, որ երեք անգամ մերժել է Կառավարության միջանկյալ միջոցի կիրառության պահանջը վերացնելու միջնորդությունը, և տարբեր առիթներով բացատրել, որից ամենավերջինը տեղի է ունեցել 2013թ. հունիսի 18-ին, որ միջոցի կիրառության ժամանակահատվածը սահմանվել է մինչև Դատարանում ընթացող վարույթի ավարտը: Հետևաբար, Կառավարությունը եղել է միջոցի կիրառության շրջանակների վերաբերյալ լիարժեք տեղեկացված:
146. 2013թ. հոկտեմբերի 3-ին Բելգիայի Կառավարությունն, այդուհանդերձ, դիմումատուին հանձնել է ԱՄՆ (տե՛ս վերևում՝ 62-րդ պարբերությունը):
147. Կառավարությունը պնդում էր, որ միջանկյալ միջոցն արդարացված չէր, քանի որ այն «ժամանակից շուտ» էր ներկայացված և որ Դատարանը պետք է դրա հիմնավորված լինելը վերանայեր ընդունելիությունը գնահատելուց հետո:
148. Դատարանը դիտարկել է, որ Բելգիայի Կառավարությանը ցուցում է տրվել այն մասին, որ վերջինս պետք է հանձնումը բարավարող նախարարական հրամանագրի ծանուցման օրն իսկ այն հետաձգի (տե՛ս վերևում՝ 39-րդ պարբերությունը): Չնայած այդ ժամանակ դիմումատուն կարող էր դատական վերանայման վերաբերյալ դիմում ներկայացնել Պետական խորհրդին, սակայն այդ գործողությունը որևէ կասեցնող ազդեցություն չի ունեցել vis-à-vis հանձնման նկատմամբ, հետևաբար, Դատարանի՝ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն արդյունավետության պահանջը չի բավարարվել (տե՛ս, mutatis mutandis, Čonka-ն ընդդեմ Բելգիայի, թիվ 51564/99, § 83, ՄԻԵԴ 2002‑I, Hirsi Jamaa-ն և այլոք ընդդեմ Իտալիայի [ՄՊ], թիվ 27765/09, § 200, ՄԻԵԴ 2012, և De Souza Ribeiro-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], թիվ 22689/07, § 82, ՄԻԵԴ 2012): Այսպիսով, համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի՝ այն հանգամանքը, որ այս միջոցը չի սպառվել, էական չէր:
149. Կառավարությունն ընդունում է, որ Բելգիայի իշխանությունները գործել են՝ անտեսելով Դատարանի միջանկյալ միջոցների պահանջը: Սակայն նրանք գտել են, որ այդպիսի վերաբերմունքն արդարացված է այն առումով, որ իրենք ստացել են հավաստիացումներ այն մասին, որ դիմումատուն չի ենթարկվի Կոնվենցիային հակասող վերաբերմունքի, և քանի որ անհրաժեշտ էր գործադրել բոլոր միջոցները դիմումատուին ԱՄՆ իշխանություններին հանձնելու համար՝ խուսափելով վերջինիս փախուստի կամ ազատ արձակելու վերաբերյալ դատական որոշումից: Դատարանում ընթացող վարույթի պատճառով վտանգի տակ էր դրվում ԱՄՆ-ի առջև ունեցած Բելգիայի պարտավորությունները, իսկ վարույթի ձգձգմամբ մեծանում էր դիմումատուի բելգիական իշխանություններից խուսափելու հավանականությունը:
150. Դատարանը նշում է, որ պատասխանող պետությունը միտումնավոր կերպով և անդառնալիորեն իջեցրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքի պաշտպանության մակարդակը, ինչը դիմումատուն փորձում էր այս Դատարանի առջև բերված իր գանգատով հաստատել: Վերջին հաշվով, այդ հանձնմամբ հայտնաբերված ցանկացած խախտում անօգուտ էր դառնում, քանի որ դիմումատուն տեղափոխվում էր Կոնվենցիայի անդամ չհանդիսացող երկիր, որտեղ վերջինս պնդում էր, որ կենթարկվեր Կոնվենցիային հակասող վերաբերմունքի:
151. Դատարանը գտնում է, որ Բելգիայի Կառավարության կողմից բերված և ոչ մի փաստարկ չի արդարացնում իր կողմից հանձնարարված միջանկյալ միջոցի անտեսումը: Թեև Կառավարությունը երբևիցե Դատարանից չի թաքցրել անհարմար այն վիճակը, որում հայտնվել է vis-à-vis ԱՄՆ-ի իշխանությունների, և միջանկյալ միջոցը վերացնելու իր ցանկությունը, այդուհանդերձ, ոչ մի անգամ վերջինս չի հիշատակել ԱՄՆ իշխանությունների առջև իրավիճակը բացատրելու կամ դիմումատուին կալանքի տակ պահելու այլընտանքներ փնտրելու իրենց փորձերի մասին, մինչդեռ վերջինիս պարագայում բելգիական իշխանությունները կարող էին դիմումատուին պահել վերահսկողության տակ: Ավելին, տեղյակ լինելով, որ Դատարանն ուսումնասիրել է Կառավարության կողմից բերված բոլոր փաստարկները, որոնք ներկայացվել էին միջանկյալ միջոցը դադարեցնելու ակնկալիքով, այդ թվում նաև՝ ԱՄՆ իշխանությունների կողմից տրամադրված դիվանագիտական երաշխիքները, և այդպիսով, մերժել դրանք, Բելգիայի Կառավարությունը չպետք է Պետական խորհրդի կողմից կայացված վճիռը ստանալուն պես այդ երաշխիքների և գանգատի փաստերի վերաբերյալ Դատարանի գնահատականը փոխարիներ իր հավանությամբ և շրջանցեր Դատարանի կողմից նշանակված միջանկյալ միջոցը:
152. Դատարանը նաև վերահաստատում է, որ միջնորդություն ներկայացնելու իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է, որ Դատարանի առջև ընթացող ողջ վարույթի ընթացքում գանգատը ուսումնասիրվի համաձայն իր սովորական ընթացակարգի:
153. Փաստ է այն, որ տվյալ գործով դիմումատուն ԱՄՆ-ում պահվում է բանտի մեկուսարանում, և ինչպես հավաստիացնում է վերջինիս փաստաբանը, արտաքին աշխարհի հետ շփումները շատ սակավ են (տե՛ս վերևում՝ 64-67-րդ պարբերությունները): Դիմումատուն կարծես թե նաև հնարավորություն չի ունեցել անմիջականորեն շփվել Դատարանում իր ներկայացուցչի հետ: Այս փաստերն արդեն իսկ բավարար են համարելու համար, որ Կառավարությունն իր գործողություններով ավելի է դժվարացրել դիմումատուի գանգատ ներկայացնելու իրավունքի իրացումը, հետևաբար, հանդիսացել է խոչընդոտ Կոնվենցիայի 34-րդ հոդվածով ամրագրված իրավունքից օգտվելու համար (տե՛ս, mutatis mutandis, Shtukaturov-ն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 44009/05, § 147, 27 մարտ 2008, և Toumi-ն ընդդեմ Իտալիայի, թիվ 25716/09, § 76, 5 ապրիլ 2011թ.):
154. Առկա տեղեկատվության լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ միտումնավոր կերպով անտեսելով Դատարանի Կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն Դատարանի կողմից ցուցված միջանկյալ միջոցը՝ պատասխանող պետությունը չի կատարել Կոնվենցիայի 34-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունները:
...
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
...
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում դիմումատուին Միացյալ Նահանգներ հանձնելու առումով.
3. Վճռում է, որ պատասխանող պետությունը չի կատարել Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն իր պարտավորությունները.
...
Կատարված է ֆրանսերեն լեզվով, գրավոր կերպով ծանուցվել է 2014 թվականի սեպտեմբերի 4-ին` համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Claudia WesterdiekMark Villiger
ՔարտուղարՆախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն` սույն վճռին կից ներկայացվում է դատավոր Yudkivska-ի առանձին կարծիքը:
M.V.
C.W.
Հատուկ կարծիքները» չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակում կամ տարբերակներում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայում` HUDOC-ում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy