ՆԱԽԿԻՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ընդդ. ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԳՈՐԾԸ
(CASE OF ՏԻՄՈՇԵՆԿՈ v. UKRAINE)
(գանգատ թիվ 49872/11)
ԴԱՏԱՎՃԻՌ
Սույն տարբերակի մեջ ուղղում է կատարվել 2013թ. հունիսի 26-ին` Դատարանի կանոնակարգի 81-րդ կանոնի հիմքով:
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
30-ն ապրիլի, 2013թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
30/07/2013
Սույն դատավճիռը վերջնական ուժի մեջ է մտել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է խմբագրական վերանայման ենթարկվել:
Տիմոշենկոն ընդդ. Ուկրաինայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (նախկին Հինգերորդ բաժինը)` գործելով պալատի հետևյալ կազմով`
Դին Շպիլման (նախագահ),
Մարկ Վիլիջեր,
Կարել Յունգվիրթ,
Էն Փաուեր-Ֆորդ,
Գաննա Յուդկիվսկա,
Անջելիկա Նուշբերգեր,
Անդրե Պոտոցկի,
(դատավորներ),
և Ստեֆեն Ֆիլիպս (բաժնի քարտուղարի տեղակալ),
Ավարտելով 2012թ. օգոստոսի 28-ի և 2013թ. ապրիլի 9-ի դռնփակ խորհրդակցությունները,
Կայացնում է հետևյալ դատավճիռը, որն ընդունվել է 2013թ. ապրիլի 9-ին:
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործն սկիզբ է առել Ուկրաինայի քաղաքացի տկն. Յուլիյա Վոլոդիմիրիվնա Տիմոշենկոյի (հետայսու՝ «Գանգատաբեր») կողմից 2011թ. օգոստոսի 10-ին Ուկրաինայի դեմ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Դատարան ներկայացված գանգատից (թիվ 49872/11):
2. Գանգատաբերի ներկայացուցիչներն էին Կիևում աշխատող իրավաբաններ տկն. Վալենտինա Տելիչենկոն և պրն. Սերգի Վլասենկոն: Ուկրաինայի կառավարության («Կառավարություն») ներկայացուցիչն էր Դատարանում Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն. Նազար Կուլչիցկին (Արդարադատության նախարարությունից):
3. Գանգատաբերը պնդում էր մասնավորապես, որ իր կալանքն ունեցել է քաղաքական դրդապատճառ, որ Կիևի թիվ 13 քննչական մեկուսարանում իր կալանքի օրինականությունը դատական կարգով չի վերանայվել, որ իր կալանքի պայմաններն անմարդկային են եղել` ներառյալ իր ունեցած առողջական բազմաթիվ խնդիրների համար բուժօգնություն չցուցաբերելը, և որ Խարկովի հիվանդանոցում ինքը գտնվել է շուրջօրյա հսկողության ներքո:
4. Դատարանն առաջնահերթ է ճանաչել գանգատը (Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնի հիմքով): 2011թ. դեկտեմբերի 14-ին գանգատի մասին ծանուցվել է Կառավարությունը:
5. Ստրասբուրգում` Մարդու իրավունքների շենքում 2012թ. օգոստոսի 28-ին տեղի ունեցավ դռնբաց դատական նիստ (59-րդ կանոնի 3-րդ պարբ.):
Դատարանի առջև ներկայացան.
(ա) Կառավարության անունից.
պրն. Ն. ԿՈՒԼՉԻՑԿԻ, լիազոր ներկայացուցիչ,
պրն. Մ. ԲԵՄ, իրավախորհրդատու,
պրն. Վ. ԲՈԳՈՒՇ,
տկն. Ռ. ՄՈԻՍԵՅԵՆԿՈ,
Պրն. Օ. ՄԻԿԻՏԵՆԿՈ,
Պրն. Ա. ԲԱՅՌԱՉՆԻ,
Պրն. Ս. ՄՈՏԼՅԱԽ, խորհրդականներ,
(բ) Գանգատաբերի անունից.
Տկն. Վ. ՏԵԼԻՉԵՆԿՈ,
Պրն. Ս. ՎԼԱՍԵՆԿՈ, իրավախորհրդատու,
Տկն. Հ. ՍԵՆԻԿ, խորհրդական:
Դատարանը լսեց պրն. Ն. Կուչիցկու, տկն. Վ. Տելիչենկոյի և պրն. Ս. Վլասենկոյի ելույթները, ինչպես նաև` կողմերին ուղղված հարցերին նրանց պատասխանները:
6. Գործով դատական կազմին մասնակցությունից ազատվեց դատավոր Բոստյան Զուպանչիչը (Դատարանի կանոնակարգի 28-րդ կանոնի հիմքով):
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
7. Գանգատաբերը` ծնված 1960 թվականին, ներկայումս ազատազրկման տեսքով պատիժ է կրում Խարկովում` Կաչավինսկայի թիվ 54 ուղղիչ գաղութում: Նա ներկայումս գտնվում է Խարկովի պետական երկաթուղու կենտրոնական կլինիկական հիվանդանոցում:
Ա. Գործի նախապատմությունը
8. Գանգատաբերը Բատկիվշչինա քաղաքական կուսակցության և Յուլիա Տիմոշենկոյի դաշինքի առաջնորդն է:
9. 2005թ. հունվարի 24-ից մինչև սեպտեմբերի 8-ը և 2007թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2010թ. մարտի 3-ն ընկած ժամանակահատվածներում նա զբաղեցրել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնը: Նախքան Վարչապետ դառնալը Գանգատաբերը Նարնջագույն հեղափոխության առաջնորդներից է եղել, որի ընթացքում բացեիբաց քննադատել է Նախագահի պաշտոնի համար իր հետ մրցող մյուս թեկնածուին` Վիկտոր Յանուկովիչին:
10. 2006թ. խորհրդարանական ընտրության ժամանակ Յուլիա Տիմոշենկոյի դաշինքը հաղթանակ է տարել երկրի 27 շրջաններից 14-ում,[1] ստանալով երկրի ընտրությանը մասնակցած ընտրողների ձայների ընդհանուր թվի 22.27%-ը:
11. 2007թ. խորհրդանական ընտրության ժամանակ Յուլիա Տիմոշենկոյի դաշինքն Ուկրաինայում ստացել է ձայների 30.71%-ը` խորհրդարանում ստանալով 156 տեղ (450-ից):
12. 2010թ. անցկացված նախագահական ընտրության ժամանակ Գանգատաբերը եղել է Նախագահ Վիկտոր Յանուկովիչի հիմնական մրցակիցը: Ընտրության երկրորդ փուլում նա ստացել է ձայների 45.47%-ը, իսկ պրն. Յանուկովիչը` 48.95%-ը:
13. Գանգատը ներկայացնելու պահին Գանգատաբերն Ուկրաինայում ամենատեսանելի ընդդիմադիր գործիչն էր և ուժեղագույն ընդդիմադիր կուսակցություններից մեկի ղեկավարը:
Բ. Գանգատաբերի նկատմամբ հարուցված քրեական վարույթը
1. Գազի պայմանագրի առնչությամբ
14. 2011թ. ապրիլի 11-ին Գլխավոր դատախազությունը քրեական վարույթ հարուցեց գանգատաբերի նկատմամբ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` իշխանությունը չարաշահելու կասկածանքով: Գանգատաբերը կասկածվում էր իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու մեջ` Ուկրաինայի «Նավթոգազ» պետական ձեռնարկության ղեկավարին կարգադրելով պայմանագիր ստորագրել ռուսական «Գազպրոմ» ձեռնարկության հետ, որով նախատեսվել էր բնական գազի ներմուծումը 1,000 խորանարդ մետրի դիմաց ԱՄՆ-ի 450 դոլարի գնով, որի հետևանքով զգալի ֆինանսական կորուստ էր պատճառվել պետությանը:
15. 2011թ. մայիսի 25-ին նախաքննությունը պաշտոնապես ավարտվել էր, և Գանգատաբերին 15 աշխատանքային օր էր տրվել գործի նյութերն ընթերցելու համար: Միևնույն ժամանակ, նրան գրեթե ամեն օր հրավիրել էին Գլխավոր դատախազություն` նույն ժամանակահատվածում նրա նկատմամբ հարուցված այլ քրեական գործերի կապակցությամբ հարցաքննվելու համար: Այդ ժամանակ գործի նյութերը բաղկացած էին 15 հատորներից` 4,000 էջ ընդհանուր ծավալով:
16. 2011թ. հունիսի 17-ին գործն դատական քննության էր ուղարկվել Կիևի Պեչերսկու շրջանի դատարան (հետայսու` «Պեչերսկու դատարան»):
17. Դատարանը 2011թ. հոկտեմբերի 11-ի դատավճռով ըստ մեղադրանքի մեղավոր էր ճանաչել Գանգատաբերին: Վերջինս դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, և կիրառվել էր երեք տարի պետական պաշտոն զբաղեցնելու արգելք:
18. Կիևի վերաքննիչ դատարանը 2011թ. դեկտեմբերի 23-ին անփոփոխ էր թողել առաջին ատյանի կայացրած դատավճիռը:
19. 2012թ. օգոստոսի 29-ին Գերագույն մասնագիտացված դատարան գործով վերջնական դատավճիռ էր կայացրել` հաստատելով Գանգատաբերի մեղքը և նրա նկատմամբ նշանակված պատիժը:
2. Գանգատաբերի նկատմամբ հարուցված այլ քրեական գործերը և հարակից իրադարձությունները
20. Ավելի վաղ` 2010 թվականին, քրեական օրենսգրքի 364-րդ և 365-րդ հոդվածների հիմքով երկու այլ քրեական գործեր էին հարուցվել Գանգատաբերի նկատմամբ` մեկը շտապօգնության մեքենաների գնման համար տրամադրված ֆինանսական միջոցների չարաշահման, մյուսը` Կիոտոյի արձանագրության շրջանակում Ուկրաինայի ստացած ֆինանսական միջոցների առնչությամբ:
21. 2011թ. հուլիսին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը վերաբացել էր մեկ այլ քրեական գործ Գանգատաբերի նկատմամբ` 1990-ականներին «Ուկրաինայի միավորված էներգետիկ համակարգեր» ընկերությունը (որը փակվել էր 2001 թվականին) ղեկավարելու տարիներին ֆինանսական խարդախություն կատարելու կասկածանքով:
22. 2011թ. դեկտեմբերի 7-ին քննիչը միջնորդել էր Կիևի Շևչենկիվսկու շրջանային դատարանին (հետայսու` «Շևչենկիվսկու դատարան»)` գործի հետագա նախաքննությունը դյուրացնելու նպատակով նախնական կալանքի տակ վերցնել Գանգատաբերին:
23. 2011թ. դեկտեմբերի 8-ին դատարանը բավարարել էր միջնորդությունը` ավարտելով քննչական մեկուսարանի բուժմասում անցկացրած երկու դատական նիստերը, որոնց ընթացքում Գանգատաբերը ցավի պատճառով պառկած էր եղել մահճակալին: Դատական նիստերը երեք անգամ ընդհատվել էին` շտապ կարգով նրան ցավազրկող դեղեր տալու նպատակով:
24. 2011թ. դեկտեմբերի 21-ին Կիևի վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել վերոհիշյալ որոշումը:
25. 2012թ. մարտի 29-ին պաշտոնապես մեղադրանք էր ներկայացվել Գանգատաբերին:
Գ. Գանգատաբերի նախնական կալանքը գազի պայմանագրին առնչվող քրեական վարույթի ընթացքում
26. Գազի պայմանագրին առնչվող նախաքննության սկզբնական փուլերում և դատական քննության ընթացքում Գանգատաբերը գտնվել էր ազատության մեջ` փախուստի չդիմելու երաշխավորությամբ:
27. 2011թ. հունիսի 29-ից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում Պեչերսկու դատարանը 16 դատական նիստեր էր գումարել, որոնց բոլորին մասնակցել էր Գանգատաբերը:
28. 2011թ. օգոստոսի 5-ին դատական նիստը սկսվել էր 9:00-ին: Գանգատաբերն ուշացել էր, և նրա փաստաբանը կեսժամյա ընդմիջում էր խնդրել: Գանգատաբերը ժամանել էր յոթ րոպե անց: Դատարանը վերսկսել էր նիստը 9:30-ին: Գանգատաբերը բացատրել էր, որ ուշացել է գերհոգնածության պատճառով: Նախորդ նիստն ավարտվել էր նախորդ օրը` երեկոյան 20:02-ին, և ինքը ստիպված էր եղել երեկոյան` ուշ ժամերին նախապատրաստվել հաջորդ նիստին:
29. Դատական նիստի ընթացքում դատավորը լսել էր գործող Վարչապետ պրն. Ազարովին: Գանգատաբերի գրեթե բոլոր հարցերը հանվել էին դատավորի կողմից, և նշվել էր, որ դրանք չափից ավելի նյարդայնացրել և անհանգստացրել էին վկային: Պարզ չէ, թե արդյոք հարցերը տվել է Գանգատաբերն անձամբ, թե իր փաստաբանների միջոցով:
30. Վկայի խաչաձև հարցաքննությունից հետո Գլխավոր դատախազության ներկայացուցիչը դատավորին միջնորդել էր նախնական կալանքի տակ վերցնել Գանգատաբերին` այն հիմքով, որ վերջինս խոչընդոտել է արդարադատության իրականացմանը և անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատավոր Կ.-ի և նիստի մասնակիցների նկատմամբ:
31. Դատավոր Կ.-ն նույն օրը բավարարել էր Գլխավոր դատախազության միջնորդությունը և որոշում էր կայացրել Գանգատաբերին անորոշ ժամկետով կալանավորելու մասին` հղում կատարելով քրեական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածին: Նա տվել էր հետևյալ պատճառաբանությունը.
«Թե՜ նախաքննության, թե՜ դատաքննության փուլերում ամբաստանյալը պարբերաբար խախտել է դատավարական կարգը, արհամարհել է նախագահող դատավորի ցուցումները, անհարգալից վերաբերմունք է դրսևորել նիստի մասնակիցների և դատարանի նկատմամբ, դիտավորյալ ձգձգել է գործի դատական քննությունը և կատարել է գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտող գործողություններ, մասնավորապես` խոչընդոտելով վկաների հարցաքննությունը»:
32. Նա ավելացրել էր, որ Գանգատաբերը հրաժարվել է որևէ տեղեկություններ տալ իր բնակության վայրի մասին (հղում անելով գործի նյութերին): Նրա նշած հասցեով ուղարկած նամակները վերադարձվել էին փոստային ծառայության կողմից: Գանգատաբերը նաև տարբեր առիթներով հրաժարվել էր ստորագրել նշանակված դատական նիստերի մասին իրեն տեղեկացնող ծանուցագրերը: Որոշման մեջ նշվել էր, որ այն վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
33. Գանգատաբերը կալանավորվել էր դատական նիստերի դահլիճում և տեղափոխվել Կիևի նախնական կալանքի թիվ 13 հիմնարկ («թիվ 13 քննչական մեկուսարան»):
34. Հետագա դատական նիստերի ընթացքում, որոնք գումարվել էին 2011թ. օգոստոսի 8-ին, 10-ին, 11-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 22-ին, 25-ին, 26-ին, 29-ին և 31-ին, ինչպես նաև` սեպտեմբերի 1-ին, 2-ին, 5-ին, 6-ին, 7-ին և 21-ին, Գանգատաբերը և նրա պաշտպանը շարունակել էին միջնորդություններ ներկայացնել կալանքը խափանման մեկ այլ միջոցով փոխարինելու մասին: Նրանք պնդել էին, որ Գանգատաբերը կատարել է քաղաքից չհեռանալու պարտավորությունը, մասնակցել է պահանջվող բոլոր քննչական գործողություններին և ներկա է գտնվել դատական բոլոր նիստերին: Գանգատաբերը նաև պնդել էր, որ նախագահող դատավորի նկատմամբ իր ենթադրյալ անհարգալից վերաբերմունքի համար պատժելու կարգով իրեն կալանքի տակ պահելու համար որևէ իրավական հիմք չկար: Նա նաև բողոքում էր, որ իր կալանքը հակասում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներին և պետք է փոխարինվի նվազ միջամտող խափանման միջոցով: Դատավոր Կ.-ին էին ուղղվել անձնական երաշխավորության բազմաթիվ նամակներ հայտնի հասարակական գործիչներից` ներառյալ հոգևորականներից, արվեստագետներից, գրողներից, լրագրողներից և գիտնականներից, ովքեր խնդրում էին ազատ արձակել Գանգատաբերին` անձամբ երաշխավորելով նրա դատարան ներկայանալը: Առաջարկվել էր նաև գրավ կիրառել մեկ միլիոն ուկրաինական գրիվնայի չափով:
35. Պեչերսկու դատարանը մերժել էր Գանգատաբերին ազատ արձակելու մասին բոլոր միջնորդությունները` հղում անելով 2011թ. օգոստոսի 5-ի որոշման մեջ տված պատճառաբանությանը: Յուրաքանչյուր հաջորդ մերժում հիմնվել էր նախորդ մերժումների վրա: Դատարանը, ի մասնավորի, նշել էր, որ Գանգատաբերը շարունակել է անհարգալից վերաբերմունք դրսևորել դատարանի և դատական նիստի մասնակիցների նկատմամբ, չի հետևել նախագահող դատավորի ցուցումներին և չի պատասխանել նրա մեկնաբանություններին:
36. 2011թ. օգոստոսի 12-ին Կիևի վերաքննիչ դատարանը քննության էր առել Գանգատաբերի վերաքննիչ բողոքը կալանքի որոշման դեմ, որում Գանգատաբերը պնդում էր, որ իր կալանքն անօրինական է և անժամկետ: Վերաքննիչ դատարանը մերժել էր բողոքը` ըստ էության քննության չառնելով այն, բերելով հետևյալ պատճառաբանությունը.
«... Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 274-րդ հոդվածի համաձայն, դատարանը կարող է փոխել խափանման միջոցը գործի դատական քննության ընթացքում: Կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս դատարանը պարտավոր է առաջնորդվել ՔԴՕ-ի 13-րդ գլխի համապատասխան դրույթներով:
ՔԴՕ-ի 274-րդ հոդվածով ըստ էության չի նախատեսվում քրեական գործի քննության ընթացքում խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու իրավունք:
Սույն քրեական գործի քննության ընթացքում 2011թ. օգոստոսի 5-ին բավարարելով դատախազի միջնորդությունը, Կիևի Պեչերսկու շրջանային դատարանը փոխել է Յու. Տիմոշենկոյի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` փախուստ չկատարելու մասին երաշխվորությունը փոխարինելով նախնական կալանքով: Այս որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան:
Այնուամենայնիվ, ՔԴՕ-ի համաձայն, գործի դատական քննության ընթացքում կայացված որոշումները խափանման միջոց ընտրելու, փոխելու կամ խափանման միջոցի կիրառությունը դադարեցնելու մասին ենթակա չեն սովորական կարգով բողոքարկման: Ուստի, գոյություն չունեն հիմքեր 2011թ. օգոստոսի 5-ի որոշման դեմ Գանգատաբերի բողոքը քննության առնելու համար»:
37. Գանգատաբերին մեղավոր ճանաչելու մասին 2011թ. հոկտեմբերի 11-ի դատավճռում (տե՜ս վերը` 17-րդ կետը) Պեչերսկու դատարանը որոշել էր մինչև մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անփոփոխ թողնել կալանքը որպես խափանման միջոց:
38. 2011 նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 1-ին և 20-ին Գանգատաբերը նոր միջնորդություններ էր ներկայացրել ազատ արձակվելու վերաբերյալ` նախկին փաստարկներից զատ մեջբերելով նաև իր առողջական վիճակի վատթարացումը:
Դ. Կիևի թիվ 13 քննչական մեկուսարանում Գանգատաբերի կալանքի պայմանները
39. Գանգատաբերը թիվ 13 քննչական մեկուսարանում կալանքի տակ էր պահվել 2011թ. օգոստոսի 5-ից մինչև դեկտեմբերի 30-ը:
1. Կալանքի նյութական պայմանները
40. Գանգատաբերը պահվել էր թիվ 242 խցում` երկու այլ կալանավորների հետ միասին: Բուն գանգատի մեջ նա նշել էր, որ խցի մակերեսը եղել է մոտ 14 քառակուսի մետր, մինչդեռ գանգատը վարույթ ընդունելու և ըստ էության քննարկելու վերաբերյալ ներկայացրած փաստարկներում նա նշել է, որ խցի մակերեսը եղել է 16 քառակուսի մետր: Կառավարությունը նշել է, որ խցի մակերեսը եղել է 16.4 քառակուսի մետր:
41. Գանգատաբերը նաև պնդել է, որ խուցն ունեցել է մեկ պատուհան, որը հնարավոր չի եղել բացել, քանի որ այն չափազանց բարձր էր և անհասանելի ազատազրկված անձանց համար, և որ խուցը չի ունեցել օդափոխություն, որը, հաշվի առնելով այն փաստը, որ իր երկու խցակիցները ծխել են, լուրջ խնդիրներ է առաջացրել իր առողջության համար: Կառավարությունը նշել է, որ Գանգատաբերը կարողացել է բացել պատուհանը, որի երկարությունը և լայնությունը եղել են 1.5 և 1.5 մետր, և որ նրա երկու խցակիցներից մեկը ծխող չի եղել, իսկ մյուսը ծխել է միայն խցից դուրս` բացօթյա զբոսանքի ընթացքում: Ավելին, խուցն ապահովված է եղել օդափոխության համակարգով:
42. Գանգատաբերը նշել է որ խուցը չի ունեցել տաք ջրամատակարարում, իսկ հաճախ` չի ունեցել սառը ջրամատակարարում, և որ իրեն չեն տրամադրել խմելու ջուր: Կառավարությունը նշել է, որ խուցն ունեցել է տաք և սառը ջրի մատակարարման համակարգ, առանձին զուգարան և ծորակով լվացարան, ինչպես նաև` կենտրոնացված ջեռուցում: Կառավարությունն ավելացրել է, որ քննչական մեկուսարանում գտնվելու ընթացքում Գանգատաբերը 82 տարաներով ստացել է 316 լիտր խմելու ջուր:
43. Գանգատաբերը նշել է, որ խուցը չի ունեցել բավարար լուսավորություն, եղել է խոնավ և ունեցել է սուր հոտ, իսկ ներսում աճել է բորբոս: Խցում լույսը չի անջատվել, այլ` մշտապես միացված է եղել: Կառավարությունը նշել է, որ ցերեկվա ժամերին լուսավորության համար օգտագործվել են երկու լուսամփոփներ` յուրաքանչյուրի մեջ 40 վատտ հզորությամբ երկուական լամպ (ընդհանուր` 40 վատտ հզորությամբ երկու լամպեր), իսկ գիշերվա ժամերին լուսավորության համար` 60 վատտ հզորությամբ լամպ ներառող մեկ լուսամփոփ:
44. Գանգատաբերը նշել է, որ Դատարանին իր գանգատը ներկայացնելու պահին` 2011թ. ապրիլի 11-ին, ինքն իրավունք է ունեցել ցնցուղ ընդունել շաբաթը մեկ անգամ` շաբաթ-կիրարկի օրերի ընթացքում, ինչպես նաև նշել է, որ մահճակալի սպիտակեղենն իր խցում պարբերաբար չի փոխվել: Գանգատը վարույթ ընդունելու և ըստ էության քննարկելու վերաբերյալ ներկայացրած փաստարկներում Գանգատաբերը նշել է, որ իրեն թույլատրել են ցնցուղ ընդունել շաբաթը երկու անգամ: Կառավարությունը նշել է, որ թեպետ ընդհանուր կանոնի համաձայն յուրաքանչյուր կալանավոր յոթ օրը մեկ անգամ 30 րոպեով հնարավորություն է ունեցել օգտվել լոգարանից, Գանգատաբերին թույլատրվել է ցնցուղ ընդունել շաբաթը մի քանի անգամ: Կառավարությունը նաև ընդգծել է, որ մահճակալի սպիտակեղեն տրամադրվել է բոլոր կալանավորներին: Նշել են, որ 2011թ. օգոստոսի 5-ի դրությամբ քննչական մեկուսարանում մնացող մահճակալի սպիտակեղենի պաշարը ներառել է 444 ծածկոց, 545 բարձ, 8,216 սավան, 6,179 սրբիչ և 4,473 բարձի երես: Գանգատաբերը, իր ազգականներից ստացած լինելով ընդհանուր թվով 278 կտոր մահճակալի սպիտակեղեն, երբևէ չի դիմել քննչական մեկուսարանի ղեկավարությանն իր մահճակալի սպիտակեղենը փոխելու խնդրանքով:
45. Գանգատաբերը նշել է, որ Կառավարությունը մահճակալի սպիտակեղենի քանակը ներկայացնելիս չի ներկայացրել ժամանակի տվյալ պահին մեկուսարանում գտնվող բանտարկյալների թիվը և Գանգատաբերին հասանելի մահճակալի սպիտակեղենը: Նա պնդել է, որ խմելու ջրի, մահճակալի սպիտակեղենի, սննդի և կարևոր այլ պարագաների ստացման հարցում ստիպված է եղել հույսը դնել բացառապես իր ազգականների վրա:
46. 2011թ. նոյեմբերի 25-ին Գանգատաբերը ժամանակավորապես տեղափոխվել է թիվ 300 խուց, որտեղ մնացել է մինչև 2011թ. նոյեմբերի 29-ը, որից հետո տեղափոխվել է բուժմասում գտնվող և նոր վերանորոգված թիվ 260 խուցը: Գանգատաբերը նշել է, որ թիվ 300 խցում չի եղել ջեռուցում կամ տաք ջրամատակարարում:
47. 2011թ. նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 6-ը Խոշտանգման կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) արտահերթ առաքելությունն այցելել է Կիևի թիվ 13 քննչական մեկուսարան: 2011թ. նոյեմբերի 30-ին նրանք այցելել են Գանգատաբերին: Վերջինս նշել է, որ այդ այցելությունն է եղել իրեն թիվ 260 խուց տեղափոխելու և իր կալանքի պայմանները բարելավելու պատճառը:
2. Գանգատաբերի օրվա ռեժիմը և նրան տրամադրված սնունդը
48. Դատական նիստերի օրերին, որոնք Գանգատաբերի պնդմամբ անցկացվել են գրեթե ամեն օր, նրան արթնացրել են առավոտյան 5:00-ին, որպեսզի մինչև 7:00-ն տեղափոխվի դատարան: Ինչպես հետագայում նշել է Գանգատաբերը, նա ստիպված է եղել նիստերից առաջ և հետո երկու ժամ կամ ավելի անցկացնել 1.2 մետր լայնությամբ և 1.4 երկարությամբ սենյակում, որը չի ունեցել պատուհան: Կառավարությունը հերքել է այդ պնդումը: Նիստերից հետո Գանգատաբերը վերադարձել է իր խուցը երեկոյան 21:00-ից ոչ շուտ: Այդ օրերին նրան ժամանակ չի տրամադրվել մարզանքի կամ բացօթյա զբոսանքի համար:
49. Բուն գանգատի մեջ Գանգատաբերը նշել է, որ իր քրոնիկ աղեստամոքսային հիվանդությունների և ալերգիաների պատճառով ի վիճակի չի եղել ուտել քննչական մեկուսարանի տրամադրած որևէ կերակուր: Մի քանի անգամ այնտեղի կերակուրներն ուտելուց հետո նրա քրոնիկ աղեստամոքսային հիվանդությունները սրվել են, և նա մշտական ցավ է ունեցել ստամոքսում: Գանգատաբերը նաև պնդել է, որ իր ամենօրյա դատական նիստերը ժամանակ չեն թողել քննչական մեկուսարանում գտնվելու ընթացքում բուժօգնություն ստանալու համար: Բացի դրանից, նրան չի թույլատրվել իր սնունդն իր հետ դատարան տանել: Արդյունքում նա մինչև 16 ժամ է անցկացրել առանց սնվելու` այն օրերին, երբ ստիպված է եղել մասնակցել դատական նիստերի:
50. Գանգատը վարույթ ընդունելու և ըստ էության քննարկելու վերաբերյալ ներկայացրած փաստարկներում Գանգատաբերը նշել է, որ դատարանի շենքում իրեն հատուկ սենյակ կամ ժամանակ չի տրամադրվել սնվելու համար, և որ իր համար նվաստացուցիչ է եղել այն փաստը, որ ստիպված է եղել սնվել հանրության` ներառյալ լրագրողների, լուսաբանողների և լուսանկարիչների ներկայությամբ: Գանգատաբերը նշել է, որ դատական նիստի ողջ ընթացքում պահվել է դատական նիստերի դահլիճում` այնտեղից դուրս գալու հնարավորություն ստանալով միայն զուգարանից օգտվելու ժամանակ: Արդյունքում նա դատական նիստերի ողջ ընթացքում (որոնք տևել են մինչև 14 ժամ) մնացել է առանց սննդի և ըմպելիքի:
51. Կառավարությունը նշել է, որ նախքան դատական նիստերի մեկնարկը Գանգատաբերը պահվել է դատական նիստերի այն դահլիճում, որում պետք է քննվեր գործը: Կառավարությունը նաև նշել է, որ հակառակ Գանգատաբերի պնդումներին, դատական նիստերի օրերին նրան տրվել է ժամանակ բացօթյա զբոսանքի և ֆիզիկական մարզումների համար: Ավելին, դատական նիստերից հետո 14:00-ից առաջ նրան քննչական մեկուսարան վերադարձնելու դեպքում նա կարողացել է օրվա ռեժիմի համաձայն դուրս գալ բացօթյա զբոսանքի: Այլ դեպքերում Գանգատաբեր սովորաբար ինքն է հրաժարվել բացօթյա զբոսանքից:
52. Կառավարությունը նշել է նաև, որ Գանգատաբերը 2011թ. օգոստոսի 31-ի և սեպտեմբերի 1-ի, 2-ի, 5-ի, 7-ի և 8-ի նիստերից յուրաքանչյուրից հետո Գանգատաբերն իր հետ քննչական մեկուսարան է տարել տարաբնույթ սննդամթերք և անձնական հագուստ, որը վկայում է այն մասին, որ նա կարողացել է սնունդ ստանալ և սնվել դատական նիստերի օրերին: Հետևաբար, քննչական մեկուսարանի վարչակազմը չի պատրաստել փաթեթավորված ճաշ Գանգատաբերի` դատարան տեղափոխվելիս իր հետ տանելու համար:
53. Կառավարությունը նշել է նաև, որ Գանգատաբերը սննդի մեծածավալ հանձնուքներ է ստացել քննչական մեկուսարանում գտնվելու ընթացքում: 2011թ. օգոստոսի 5-ից մինչև 11-ն օրենքի պահանջների համաձայն նրան տրամադրվել է սնունդ: Հետևաբար, 2011թ. օգոստոսի 11-ից սկսած Գանգատաբերը պաշտոնապես հրաժարվել է քննչական մեկուսարանում պատրաստված կերակուրներից` հասկանալի դարձնելով, որ կընդունի միայն տնից իրեն առաքված սնունդը: Կառավարությունը նշել է, որ 2011թ. օգոստոսի 5-ից մինչև դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում Գանգատաբերը ստացել է 82 հանձնուքներ, որոնք ներառել են ընդհանուր թվով 60 հատ ձու, 605 հատ դիետիկ սննդամթերք, բարձր յուղայնության 224 հատ սննդամթերք, 202 բանջարեղեն և միրգ և 316 լիտր խմելու ջուր:
54. Կառավարությունը նշել է, որ Գանգատաբերը հրաժարվել է քննչական մեկուսարանում պատրաստված սնունդն ընդունելուց, ուստի` քննչական մեկուսարանը հնարավորություն չի ունեցել նրան հատուկ սննդակարգ տրամադրել: Ավելին, չնայած իր այն պնդմանը, թե բժիշկները խորհուրդ են տվել չուտել, մասնավորապես, ձու և բարձր յուղայնության սննդամթերք, հանձնուքներով առաքված սննդամթերքի պարունակությունը վկայում է այն մասին, որ Գանգատաբերը փաստացի օգտագործել է մեծ ծավալի արգելված սննդամթերք:
3. Գանգատաբերի առողջական վիճակը և նրան ցուցաբերված բուժօգնությունը
55. Գանգատաբերը նշել է, որ իր քրոնիկ հիվանդության պատճառով իր անձնական բժիշկը պնդել է, որպեսզի ինքը հետևի խիստ սննդակարգի, որն իսպառ չպետք է ներառի ձու, մսամթերք կամ ճարպոտ մթերք: Գանգատաբերի բժիշկը նաև ալերգիան կանխելու նպատակով խորհուրդ է տվել սահմանափակել թունանյութերի` ներառյալ ծխախոտի ծխի, ախտահանող նյութերի և պլաստմասայե խոհանոցային սպասքի հետ շփումը: Գանգատաբերը գանգատվել է հանկարծակի ենթամաշկային արյունազեղումներից, ստամոքսում և կոկորդում սուր ցավից, քրոնիկ հիվանդության սրացումից` ներառյալ քրոնիկ գաստրիտը, քրոնիկ պանկրեատիտը, աղիքային դիսբիոզը, արգանդի ադենոմիոզը, երկրորդ աստիճանի հանգույցների զոբը, անքնությունը, տարբեր ալերգիկ ռեակցիաներով պայմանավորված` եղջերատենդի կրկնությունը և դեղերի և սննդի (ձվի) պատճառով առաջացող սուր ալերգիան:
56. 2011թ. օգոստոսի 10-ին Գանգատաբերը Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն Դատարանին խնդրել է Կառավարությանը հայտնել իրեն ազատ արձակելու անհրաժեշտության մասին` հաշվի առնելով կալանքի հետևանքով իր կյանքին սպառնացող ենթադրյալ ռիսկը:
57. 2011թ. օգոստոսի 16-ին Դատարանը մերժել է նշված դիմումը:
58. 2011թ. օգոստոսի 19-ին, 25-ին և 29-ին, ինչպես նաև` սեպտեմբերի 1-ին և 2-ին դատավոր Կ.-ն և քննչական մեկուսարանի ղեկավարությունը մերժել են Գանգատաբերի միջնորդությունները վերջինիս վստահությունը վայելող բժիշկների կողմից բուժզննության ենթարկվելու մասին: Փոխարենը, Գանգատաբերին առաջարկել են բուժզննության ենթարկվել Առողջապահության նախարարության կողմից նշանակված բժիշկների կողմից: Նա մերժել է այդ առաջարկը:
59. Կառավարությունը նշել է, որ Գանգատաբերը 2011թ. օգոստոսի 5-ին քննչական մեկուսարան ընդունվելիս ենթարկվել է բուժզննության մեկուսարանի բուժմասի բժիշկների կողմից, սակայն հրաժարվել է մանրակրկիտ բուժզննության ենթարկվել: 2011թ. օգոստոսի 6-ին նա հրաժարվել է թերապևտի, հոգեբույժի և ատամնաբույժի կողմից զննության ենթարկվելուց, զարկերակային ճնշումը չափելուց, էլեկտրասրտագրությունից, ֆլուորոգրաֆիկ հետազոտությունից և արյան և մեզի անալիզներից: Նա մերժումը կրկնել է 2011թ. օգոստոսի 12-ին:
60. 2011թ. օգոստոսի 16-ին, դատական նիստից վերադառնալով քննչական մեկուսարան, Գանգատաբերը բողոքել է ձախ արմունկի խոռոչում հեղուկի կուտակումից: Նրա մոտ ախտորոշվել է ձախ արմունկի խոռոչի ենթամաշկային արյունազեղում` անհայտ պատճառով: Գանգատաբերը պահանջել է հետազոտության ենթարկվել անկախ լաբորատորիայում:
61. Հաջորդ օրը Գանգատաբերը հետազոտվել է քննչական մեկուսարանի բուժմասի պետի կողմից, ով պարզել է, որ նրա առողջական վիճակը չի փոխվել: Գանգատաբերը հրաժարվել է քննչական մեկուսարանում արյան անալիզ հանձնելուց և պնդել է, որպեսզի անալիզը կատարվի անկախ լաբորատորիայում` իր անձնական բժշկի ներկայությամբ:
62. 2011թ. օգոստոսի 18-ին Գանգատաբերը բողոքել է իր մարմնի վրա հայտնաբերված նոր արյունազեղումներից, սակայն հրաժարվել է առաջարկված բժշկական հետազոտությունից: Նրան խորհուրդ է տրվել լաբորատոր անալիզներ հանձնել, սակայն նա հրաժարվել է դրանից` պահանջելով, որպեսզի ներկա գտնվեն իր անձնական բժիշկ դր. Պ-ն և բուժքույրը: Նա նաև հրաժարվել է Հանրային առողջապահության նախարարության կողմից նշանակված բժիշկների փորձագիտական հանձնաժողովի («Բժշկական հանձնաժողով») կողմից հետազոտվելուց: Նույն օրվա երեկոյան նա բողոքել է ասթենիայից, գլխապտույտից, ջրազրկումից և փսխումից:
63. 2011թ. օգոստոսի 19-ին Գանգատաբերը բողոքել է ընդհանուր ասթենիայից, ուժասպառությունից, գլխապտույտից, ստորին վերջույթների որոշ հատվածներում հեղուկի կուտակմամբ պայմանավորված ուռածությունից, քթի արյունահոսությունից և հաճախակի ջրազրկումից: Նա նշել է, որ ի հայտ են եկել նոր արյունազեղումներ: Այնուամենայնիվ, նա հրաժարվել է հետազոտվել Բժշկական հանձնաժողովի կողմից` պնդելով, որ իր հետազոտությունը և լաբորատոր անալիզները կատարվեն դր. Պ-ի և բուժքրոջ ներկայությամբ:
64. 2011թ. օգոստոսի 20-ին Գանգատաբերը հետազոտվել է քննչական մեկուսարանի բուժմասի պետի կողմից, ով պարզել է, որ նրա առողջական վիճակը բավարար է, և որ նոր ի հայտ եկած արյունազեղումներ չկան: Գանգատաբերը հրաժարվել է մանրակրկիտ բուժզննությունից:
65. Քննչական մեկուսարանի բուժմասի պետը նրան զննել է նաև հաջորդ օրը: Բժիշկը հաստատել է, որ նրա առողջական վիճակը բավարար է: Գանգատաբերը բողոքել է ջրազրկումից և գիշերվա ժամերին քթի արյունահոսությունից. նա նշել է, որ նոր ի հայտ եկած արյունազեղումներ չկան, սակայն հրաժարվել է մանրակրկիտ բուժզննությունից:
66. 2011թ. օգոստոսի 22-ին Գանգատաբերը համաձայնել է Բժշկական հանձնաժողովի կողմից հետազոտվել: Նա բողոքել է մաշկի տեսանելի կարմրավուն ցանից և արյունազեղումներից և նշել է, որ երկու անգամ գիշերվա ժամերին քթից արյուն է եկել` չունենալով զարկերակային բարձր ճնշում: Հանձնաժողովը եզրակացրել է, որ Գանգատաբերի ընդհանուր առողջական վիճակը բավարար է: Գանգատաբերին խորհուրդ է տրվել լաբորատոր անալիզներ հանձնել:
67. 2011թ. օգոստոսի 23-ին նրան կրկին հետազոտել է Բժշկական հանձնաժողովը: Դր. Պ-ին և բուժքրոջը թույլատրել են միանալ հանձնաժողովին: Գանգատաբերը հրաժարվել է բժշկական հետազոտությունից և գաղտնի լաբորատոր անալիզներից, սակայն համաձայնել է արյան մակարդելիության ժամանակի գնահատմանը` Թուրների մեթոդով, սակայն որպես պայման` պահանջել է, որպեսզի գնահատումից հետո կենսաբանական նյութը ոչնչացվի այրման միջոցով: Արդյունքները ցույց են տվել, որ արյունը մակարդելու` նրա օրգանիզմի կարողությունը նորմալ է եղել: Գանգատաբերին խորհուրդ է տրվել սնվել սպիտակուցներով և C վիտամինով հարուստ կերակուրներով: Երեկոյան ժամերին նա բողոքել է գլխացավից և ասթենիայից: Նրան հետազոտել են, սակայն արյան հոսքը նորմալ է եղել: Նրան կետանովի (կետորոլակ` հակաբորբոքային դեղ) երկու հաբ են տվել և նշանակել են բուժում կոլագենով և ասկորուտինով (C վիտամին և ֆլավոնոիդներ):
68. 2011թ. օգոստոսի 24-ին Գանգատաբերը հետազոտվել է քննչական մեկուսարանի բուժմասի պետի կողմից: Նա բողոքել է ասթենիայից, գլխապտույտից, ջրազրկումից և նոր արյունազեղումներից, սակայն հրաժարվել է մանրակրկիտ զննության ենթարկվել: 2011թ. օգոստոսի 25-ին և 26-ին կատարված հետազոտությունների ընթացքում նրա առողջական վիճակի էական փոփոխություններ չեն արձանագրվել:
69. 2011թ. օգոստոսի 27-ին Գանգատաբերին առաջարկել են հետազոտվել Բժշկական հանձնաժողովի կողմից դր. Պ-ի և բուժքրոջ ներկայությամբ: Նա հրաժարվել է քննչական մեկուսարանից դուրս գտնվող երկու լաբորատորիաներում անալիզներ հանձնելուց և հետազոտվելուց` պնդելով, որպեսզի գաղտնի հետազոտություն կատարեն իր ընտրած բժիշկները, և որպեսզի լաբորատոր հետազոտություն կատարվի, սակայն արդյունքների մասին չտեղեկացվի Բժշկական հանձնաժողովը:
70. 2011թ. օգոստոսի 30-ին Գանգատաբերին կրկին անգամ խորհուրդ է տվել հետազոտվել Բժշկական հանձնաժողովի կողմից` դր. Պ-ի և բուժքրոջ ներկայությամբ: Նա ուշադրություն է հրավիրել կրծքավանդակի ստորին երրորդ հատվածում ցանի նշաններին, սակայն հրաժարվել է լրացուցիչ բժշկական հետազոտությունից և լաբորատոր անալիզներից:
71. 2011թ. օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին և 2-ին նա հետազոտվել է քննչական մեկուսարանի բուժմասի պետի կողմից, ով նրա առողջական վիճակում լուրջ փոփոխություններ չի արձանագրել:
72. 2011թ. սեպտեմբերի 3-ին Գանգատաբերին խորհուրդ է տվել հետազոտվել Բժշկական հանձնաժողովի կողմից` դր. Պ-ի և բուժքրոջ ներկայությամբ: Գանգատաբերը հրաժարվել է:
73. 2011թ. սեպտեմբերի 6-ին նա կրկին անգամ մերժել է:
74. 2011թ. սեպտեմբերի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին նա հետազոտվել է քննչական մեկուսարանի բուժմասի պետի կողմից: Պարզվել է, որ նրա առողջական վիճակը բավարար է: Գանգատաբերը բողոքել է ասթենիայից, գլխացավից, ջրազրկումից, դատարկ ստամոքսի պարագայում որովայնի շրջանում ցավից և քնի խանգարումից, սակայն հրաժարվել է մանրակրկիտ հետազոտության ենթարկվել, և պնդել է, որպեսզի իրեն հետազոտի դր. Պ-ն: Նրան խորհուրդ է տրվել ընդունել պարիետի (ռաբեպրազոլ` դեղ, որը դանդաղեցնում կամ դադարեցնում է ստամոքսում թթվի արտադրությունը) հաբեր:
75. Քննչական մեկուսարանի բուժմասի պետը կրկին անգամ այցելել է Գանգատաբերին 2011թ. օգոստոսի 8-ին: Նա էական փոփոխություններ չի արձանագրել և Գանգատաբերի բուժման ռեժիմին ավելացրել է մուլտիվիտամինի հաբ: 2011թ. սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին Գանգատաբերին խորհուրդ է տրվել շարունակել ցուցված բուժումը:
76. 2011թ. սեպտեմբերի 12-ին, 13-ին, 14-ին և 15-ին նրան շարունակել է այցելել քննչական մեկուսարանի բուժմասի պետը: Գանգատաբերը բողոքել է կլման ժամանակ ցավից, ասթենիայից, գլխացավից, գլխապտույտից, աղիքների շրջանում ցավից և քնի խանգարումից: Նոր արյունազեղումներ չեն հայտնաբերվել, և Գանգատաբերը հրաժարվել է լրացուցիչ մանրակրկիտ հետազոտությունից: Նրան խորհուրդ է տրվել քթային ջրափոշի օգտագործել, լուծույթով ողողում կատարել, տաք հեղուկներ և պարացետամոլ խմել:
77. 2011թ. սեպտեմբերի 15-ին Գանգատաբերին առաջարկել են հետազոտվել Բժշկական հանձնաժողովի կողմից դր. Պ-ի և բուժքրոջ ներկայությամբ: Նա հրաժարվել է:
78. 2011թ. սեպտեմբերի 17-ին Գանգատաբերը կոնսուլտացիա է անցել քննչական մեկուսարանի, Պետական բանտային ծառայության և Օ.Օ. Բոհոմոլեցի անվան պետական բժշկական համալսարանի փորձագետներից բաղկացած բժշկական հանձնաժողովի կողմից: Նա բողոքել է, մասնավորապես, հազից, ընդհանուր ասթենիայից և պարբերական գլխապտույտից: Նա նշել է, որ ողողումներից և մեղրով թեյ և վիտամիններ խմելուց հետո իր առողջական վիճակը բարելավվել է: Նրան խորհուրդ են տվել շարունակել ողողումները և առողջ սնունդ և ըմպելիք ընդունել: Այնուամենայնիվ, նա հրաժարվել է առավել մանրակրկիտ բժշկական հետազոտությունից:
79. 2011թ. սեպտեմբերի 21-ին Գանգատաբերին ընդունել է Բժշկական հանձնաժողովը` դր. Պ-ի ներկայությամբ: Նա բողոքել է ընդհանուր ասթենիայից, պարբերական գլխապտույտից և աջ ենթակողային շրջանում ցավից և գրգռվածությունից: Հանձնաժողովը հաստատել է, որ նրա առողջական վիճակը բարելավվել է: Գանգատաբերը հրաժարվել է լրացուցիչ բժշկական հետազոտությունից: Նրան խորհուրդ է տրվել չուտել հում բանջարեղեն և միրգ, այլ` ուտել դրանք եփված վիճակում, ինչպես նաև` սննդակարգից բացառել կաթնամթերքը և կծու, աղի և թթու կերակուրները: Նրան նաև նշանակել են մոտիլիում (դոմպերիդոն, որն օգտագործվում է սրտխառնոցի և փսխման դեմ) և ասել են օրվա ընթացքում սնվել առնվազն չորս անգամ:
80. 2011թ. սեպտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 3-ը Գանգատաբերն ամեն օր հետազոտվել է քննչական մեկուսարանի բուժմասի մասնագետների կողմից, ովքեր պարզել են, որ նրա առողջական վիճակն աստիճանաբար բարելավվել է, և որ նրա կատարային ախտանշաններն անհետացել են:
81. 2011թ. հոկտեմբերի 3-ին և 4-ին նա հետազոտվել է քննչական մեկուսարանի բուժմասի պետի կողմից, ով հաստատել է, որ նրա առողջական վիճակը բավարար է: Գանգատաբերը բողոքել է ասթենիայից, գլխացավից, գլխապտույտից, պարբերաբար առաջացող արյունազեղումներից, ջրազրկումից և քնի խանգարումից: Նա հրաժարվել է մանրակրկիտ հետազոտության ենթարկվել: Նշանակվել է դետրալեքս (դիոսմին` երակային անբավարարության դեմ օգտագործվող ֆլավոնոիդ), մոտիլիում, ասկորուտին և մուլտիվիտամիններ:
82. 2011թ. հոկտեմբերի 5-ից 11-ը Գանգատաբերն ամեն օր հետազոտվել է քննչական մեկուսարանի բուժմասի պետի կողմից: Նա բողոքել է մեջքի գոտկատեղի հատվածում ցավից, որն իր ասելով առաջին անգամ զգացել է հորիզոնական ձողից ցատկելուց հետո քայլելիս: Նրա մոտ ախտորոշվել է լյումբագո, որի համար նշանակվել է դեղ (պարիետ) և մովալիսի (ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղ է) միջմկանային ներարկում է կատարվել: Նրան նաև նշանակվել է մեկ հաբ մովալիս` ուտելուց հետո:
83. 2011թ. հոկտեմբերի 12-ին Գանգատաբերին լրացուցիչ բուժում է նշանակվել` մովալիս, պարիետ, դոնորմիլ (քնաբեր հաբ), տետրամիցին (հակաբիտոիկ) և մուլտիվիտամիններ:
84. 2011թ. հոկտեմբերի 13-ին նա կրկին բողոքել է մեջքի գոտկատեղի հատվածում ցավից: Նշանակվել է բուժում` ներառյալ քսեֆոկամ (լորնոքսիկամ` ցավազրկող դեղ), պարիետ և մուլտիվիտամիններ:
85. Հաջորդ օրը Գանգատաբերը հետազոտվել է Բժշկական հանձնաժողովի կողմից: Նա բողոքել է մեջքի գոտկատեղի հատվածում ցավից, սակայն հրաժարվել է մանրակրկիտ հետազոտությունից: Իրականացվել է մանուալ թերապիա:
86. 2011թ. հոկտեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 5-ը Գանգատաբերը շարունակել է ամեն օր հետազոտվել քննչական մեկուսարանի բուժմասի պետի կողմից: Բուժում շարունակվել է նախկին ցուցումներին համապատասխան` լրացուցիչ որոշակի բուժման ավելացմամբ:
87. 2011թ. հոկտեմբերի 18-ին նա հետազոտվել է Բժշկական հանձնաժողովի կողմից: Բողոքել է մեջքի գոտկատեղի հատվածում ցավից: 2011թ. հոկտեմբերի 18-ից մինչև 28-ը նա ստացել է մերսում և դեղորայքային բուժում:
88. Այդ ընթացքում, 2011թ. հոկտեմբերի 20-ին Գանգատաբերը կրկին հետազոտվել է Բժշկական հանձնաժողովի կողմից: Նա հաստատել է, որ մեջքի գոտկատեղի հատվածում ցավը նվազել է: Բժիշկներն արձանագրել են նրա ընդհանուր առողջական վիճակի բարելավումը և խորհուրդ են տվել շարունակել նշանակված բուժումը (քսեֆոկամ և դոլոբեն, որն իբուպրոֆեն պարունակող գել է): Գանգատաբերը, սակայն, հրաժարվել է ընդունել նշանակված դեղերը:
89. Հաջորդ օրը նույնպես բժշկական հանձնաժողովը հետազոտել է Գանգատաբերին: Նա նշել է, որ մեջքի գոտկատեղի հատվածում ցավը նվազել է: Բժիշկները հաստատել են նրա առողջական վիճակի բարելավումը և խորհուրդ են տվել շարունակել նշանակված բուժումը (քսեֆոկամ և դոլոբեն):
90. 2011թ. հոկտեմբերի 24-ին Գանգատաբերը հետազոտվել է Բժշկական հանձնաժողովի կողմից: Նա բողոքել է մեջքի գոտկատեղի հատվածում ցավից: Կատարվել է քսեֆոկամի և դոլոբենի միջմկանային ներարկում:
91. 2011թ. հոկտեմբերի 25-ից մինչև 28-ը Գանգատաբերն ամեն օր գտնվել է Բժշկական հանձնաժողովի հսկողության ներքո, որն արձանագրել է նրա առողջական վիճակի բարելավումը: Նա շարունակել է հրաժարվել լրացուցիչ մանրակրկիտ հետազոտությունից:
92. 2011թ. նոյեմբերի 5-ին նա հրաժարվել է ռենտգեն հետազոտությունից:
93. 2011թ. նոյեմբերի 7-ին Գանգատաբերը հետազոտվել է Բժշկական հանձնաժողովի կողմից, որը խորհուրդ է տվել լրացուցիչ հետազոտություն անցկացնել և շարունակել նշանակված բուժում:
94. Երկու օր անց նա կրկին հետազոտվել է Բժշկական հանձնաժողովի կողմից: Բացի դրանից, ստորին վերջույթների ուլտրաձայնային դուպլեքսային սկանավորում է անցել: Նախկինում նրա մոտ ախտորոշվել էր գոտկատեղի օստեոխոնդրոզ, սցիատիկա աջ կողմից, մկանների տոնուսային սպազմեր, մեջքի և աջ ստորին վերջույթի ֆունկցիայի ծանր խանգարում, ինչպես նաև` հնարավոր սպոնդիլոարթրոզ և սպոնդիլոարթրալգիա: Հանձնաժողովը եզրակացրել է, որ անհրաժեշտ է հաստատել ախտորոշումը և ընտրել բուժման ռազմավարությունը, որի համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ և փորձագետների կոնսուլտացիաներ: Գանգատաբերը, սակայն, հրաժարվել է առաջարկված ռենտգեն հետազոտությունից:
95. 2011թ. նոյեմբերի 12-ին Գանգատաբերին նշանակել են ասկորուտին և տետրամիցին:
96. 2011թ. նոյեմբերի 14-ին նա հետազոտվել է Բժշկական հանձնաժողովի կողմից, սակայն հրաժարվել է մանրակրկիտ հետազոտությունից և արյան անալիզից:
97. 2011թ. նոյեմբերի 16-ին Գանգատաբերը հրաժարվել է ընդունել տետրամիցինը, որը նշանակվել էր նույն օրը:
98. 2011թ. նոյեմբերի 19-ին Գանգատաբերը հետազոտվել է Բժշկական հանձնաժողովի կողմից` դր. Պ-ի և Գանգատաբերի բուժքրոջ ներկայությամբ: Նախկինում նշանակված բուժումը ճշգրտելու նպատակով Գանգատաբերին խորհուրդ է տրվել արյան անալիզ հանձնել, սակայն նա հրաժարվել է: Գանգատաբերը հրաժարվել է նաև մանրակրկիտ զննությունից և բետամեթազոնի (հակաբորբոքային և իմունաճնշող հատկություններով ստերոիդ) ներարկումներից: Բժշկական հանձնաժողովը խորհուրդ է տվել շարունակել նախկինում նշանակված բուժումը:
99. 2011թ. նոյեմբերի 23-ին Գանգատաբերն անցել է որովայնի հետազոտություն (ներառյալ ՄՌՏ ստուգում): Նրան խորհուրդ է տրվել արյան, մեզի և կղանքի նմուշներ հանձնել լաբորատոր հետազոտության համար, սակայն նա հրաժարվել է: Բժշկական հանձնաժողովը չի արձանագրել նրա ենթաստամոքսային գեղձի վրա ազդող առողջական խնդիրների նշաններ, սակայն հայտնաբերել է քրոնիկ խոլեցիստիտ, որն առաջացել է սուր խոլեցիստիտի դրվագից հետո, և նշանակել է խոֆիտոլ (մարսողական դեղ): Գանգատաբերին առաջարկել են շարունակել ընդունել ասկորբինաթթու և ռուտին, սննդակարգից բացառել ճարպոտ, տապակած և կծու սնունդը և ավելացնել օրգանիզմից թունավոր նյութերը հանելու համար նախատեսված և արդեն իսկ նրա կողմից ընդունվող հաբերի դեղաչափը: Հանձնաժողովն արձանագրել է, որ Գանգատաբերը ոչ լիովին է կատարել նախկին ցուցումները:
100. 2011թ. նոյեմբերի 26-ին կատարված հետազոտության ընթացքում Գանգատաբերը բողոքել է Բ վիտամինի ներարկումից (միլգամմա) հետո ունեցած ալերգիկ ռեակցիայից: Մեկ հաբ տելֆաստ (ֆեքսոֆենադին, որը հակահիստամինային դեղ է) ընդունելուց հետո ալերգիկ ռեակցիան դադարել է: Գանգատաբերը նշել է, որ մարմնի վրա նոր արյունազեղումներ չեն եղել: Նշանակվել է ֆուրոսեմիդ (միզամուղ):
101. 2011թ. նոյեմբերի 6-ից մինչև 29-ը Գանգատաբերին ամեն օր տեսակցել են քննչական մեկուսարանի բուժմասի բժիշկները: Նա բողոքել է գլխացավից, ջրազրկումից, էպիգաստրիկ և աջ ենթակողային շրջանում անհարմար զգացողությունից և քնի խանգարումից, սակայն հրաժարվել է լիարժեք հետազոտությունից և նշել, որ նշանակված բուժման կուրսին հետևելու է սեփական հայեցողությամբ: Այդ ժամանակ նա նշել է, որ մեջքի գոտկատեղի հատվածի ցավը թուլացել է:
102. 2011թ. նոյեմբերի 29-ին Գանգատաբերը սեփական դիմումի համաձայն տեղափոխվել է քննչական մեկուսարանի բուժմաս: Նախնական հետազոտությունից հետո նշանակվել է բուժում դիկլոֆենակով (հակաբորբոքային դեղ է), ֆուրոսեմիդով, սիրդալուդով (մկանային ռելաքսանտ), դիպրոսպանով (կորտիկոստերոիդ), միլգամմա, պարիետ, խոֆիտոլ, ասկորբինաթթու, ռուտին և վիպրոսալ Բ (ցավազրկող քսուք): Նրան խորհուրդ են տվել նաև արյան ընդհանուր և կենսաքիմիական անալիզ և կոագուլոգրամ անցնել, մեզի և կղանքի նմուշներ հանձնել անալիզի համար: Նշանակվել է նաև հատուկ սննդակարգ:
103. 2011թ. նոյեմբերի 30-ին Գանգատաբերը հետազոտվել է քննչական մեկուսարանի բուժմասի պետի կողմից, ով ախտորոշել է գոտկատեղի տարածված օստեոխոնդրոզ` աջ կողմից սցիատիկայի ձևով, ժամանակավոր սուր ցավով, սակայն առանց կոմպրեսիվ ռադիկուլոպաթիայի նշանների, և հեմանգիոմա:
104. 2011թ. դեկտեմբերի 2-ին նա հետազոտվել է Բժշկական հանձնաժողովի կողմից դր. Պ-ի և իր բուժքրոջ ներկայությամբ: Խորհուրդ են տվել արյան անալիզ հանձնել, սակայն Գանգատաբերը հրաժարվել է` շարունակելով պնդել, որպեսզի արյան գաղտնի անալիզ կատարվի Ուկրաինայից դուրս` իր անձնական բժշկի մասնակցությամբ, և առանց պետության ներկայացուցիչների մասնակցության:
105. Գանգատաբերը նշել է, որ 2011թ. դեկտեմբերի 7-ին իր փաստաբանը եղել է քննչական մեկուսարանի բժշկական մասում` վերաքննիչ դատական նիստին նախապատրաստվելու նպատակով: Գանգատաբերը և իր փաստաբանը չեն կարողացել մեկուսի հանդիպել, քանի որ նա ի վիճակի չի եղել ինքնուրույն շարժվել, քայլել կամ նստել:
106. 2011թ. դեկտեմբերի 8-ին Գանգատաբերը հրաժարվել է բժշկական հետազոտության ենթարկվել Բժշկական հանձնաժողովի կողմից, որն առկա բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա նշել է, որ ի թիվս այլ հիվանդությունների, Գանգատաբերն ունի քրոնիկ խոլեցիստիտ, որն առաջացել է սուր խոլեցիստիտի դրվագից հետո, և որ Գանգատաբերը ոչ լիովին է կատարել նախկինում տրված բժշկական ցուցումները:
107. 2011թ. դեկտեմբերի 12-ին Գանգատաբերը կրկին հետազոտվել է Բժշկական հանձնաժողովի կողմից: Գանգատաբերին խորհուրդ են տվել, մասնավորապես, շարունակել օգտագործել Discus Compositum և Traumeel S. (հոմեոպաթիկ քսուքներ` նախատեսված հոդերի ցավը և բորբոքումը նվազեցնելու համար), արյան ընդհանուր և կենսաքիմիական անալիզ և կոագուլոգրամ անցնել, և մեզի նմուշ հանձնել անալիզի համար: Գանգատաբերին կրկին և կրկին առաջարկել են արյան լաբորատոր անալիզներ հանձնել, սակայն նա հրաժարվել է: Հանձնաժողովը կրկին անգամ արձանագրել է, որ Գանգատաբերը ոչ լիովին է կատարել նախկին ցուցումները: Արձանագրվել է, որ վիրահատության կարիք չկա:
108. 2011թ. դեկտեմբերի 13-ին և 14-ին Գանգատաբերին խորհուրդ է տրվել հետազոտություն անցնել Հանրային առողջապահության նախարարության և Պետական բանտային ծառայության մասնագետների մոտ, սակայն նա հրաժարվել է:
109. 2011թ. դեկտեմբերի 16-ին Գանգատաբերը հետազոտվել է Պետական բանտային ծառայության բժշկական մասնագետների կողմից: 2011թ. դեկտեմբերի 12-ի տեղեկանքի և 2011թ. դեկտեմբերի 16-ի բժշկական զննության ընթացքում ստացված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովը եզրակացրել է, որ չկան առողջական պատճառներ, որոնք ոչ նպատակահարմար կդարձնեին դատական նիստերին Գանգատաբերի մասնակցությունը:
110. 2011թ. դեկտեմբերի 21-ին Գանգատաբերն էլեկտրասրտագրություն և էխոսրտագրություն է անցել: Սրտի խնդիրներ չեն հայտնաբերվել:
Ե. Կաչանիվսկայի գաղութում Գանգատաբերի ազատազրկման պայմանները
1. Նյութական պայմանները
111. 2011թ. դեկտեմբերի 30-ին Գանգատաբերը տեղափոխվել է Խարկովի Կաչանիվսկայի գաղութ` ազատազրկման պատիժը կրելու նպատակով: Նա պահվել է 37.1 քառակուսի մետր մակերեսով խցում, որտեղ նա գտնվել է մեկ այլ բանտարկյալի հետ միասին: Խուցն ունեցել է պոլիվինիլքլորիդային երկու պատուհաններ` յուրաքանչյուրը 3.5 քառակուսի մետր մակերեսով, որոնք ապահովել են խցի բնական լուսավորությունը և օդափոխությունը: Արհեստական լուսավորության աղբյուրը եղել են էներգախնայող խողովակաձև լամպերը: Խուցն ունեցել է նաև մեխանիկական օդափոխության համակարգ:
112. Խուցն ունեցել է առանձին լոգասենյակ` 3.5 քառակուսի մետր մակերեսով, ինչպես նաև 4.1 քառակուսի մետր մակերեսով զուգարան: Լոգասենյակում, ի թիվս այլ բաների, տեղադրված է եղել ջրատաքացուցիչ և լվացքի մեքենա: Ուստի, Գանգատաբերն ունեցել է շուրջօրյա տաք և սառը ջրամատակարարում, ինչպես նաև` ցանկացած ժամանակ ցնցուղ ընդունելու հնարավորություն: Խցի գույքը ներառել է փայտե երկու մեկտեղանի մահճակալներ օրթոպեդիկ ներքնակներով, մահճակալի սպիտակեղենի չորս հավաքածու, սահող դռնով զգեստապահարան, խոհանոցային սեղան, սուրճի սեղան, երկու աթոռ, վերարկուների կախիչ, կոշիկների դարակ` մահճակալի կողքին, և խոհանոցային կահույք` ներառյալ ամաններ լվալու սարք և պահարաններ: Եղել է նաև հեռուստացույց, արդուկի տախտակ, մազերի չորացուցիչ, սառնարան, միկրոալիքային վառարան, էլեկտրական թեյնիկ և խոհանոցային ողջ անհրաժեշտ սպասքը:
113. Սնունդը տրամադրվել է ներպետական իրավական ակտերին համապատասխան: Սնունդը պատրաստվել է գաղութի ճաշարանում և բաժանվել ազատազրկվածներին հատուկ տարաներով: Բացի դրանից, Գանգատաբերն իրավունք է ունեցել սննդամթերք պարունակող հանձնուքներ ստանալ` առանց քանակի սահմանափակման: 2012թ. ապրիլի 5-ի դրությամբ Գանգատաբերը ստացել էր 30 հանձնուքներ:
114. Կառավարությունը նշել է, որ գաղութ ժամանելու օրվանից սկսած Գանգատաբերն իր առողջական վիճակի պատճառով հրաժարվել է ամենօրյա բացօթյա զբոսանքից: Որպես կանոն, նա ամենօրյա զբոսանքի իրավունք է ունեցել օրվա ցանկացած պահի: Զբոսահրապարակի մակերեսը եղել է 52 քառակուսի մետր:
115. Գանգատաբերը նշել է, որ իր առողջական վիճակի պատճառով հենակ է խնդրել, իսկ 2012թ. հունվարի 17-ին` հատուկ սարք, որի վրա կարող է հենվել քայլելու ընթացքում, որպեսզի կարողանա ինքնուրույն տեղաշարժվել, սակայն գաղութի վարչակազմը հրաժարվել է քայլելուն օգնող որևէ հարմարանք տրամադրել: Արդյունքում Գանգատաբերն ի վիճակի չի եղել ինքնուրույն քայլել խցում, առավել ևս` օգտվել ամենօրյա բացօթյա զբոսանքից: Գաղութը չի ձեռնարկել որևէ միջոց` ներառյալ նրան քայլելու հենահարմարանք կամ անվասայլակ տրամադրելը, որոնց օգնությամբ նա կկարողանար տեղաշարժվել կամ դուրս գալ շինությունից:
2. Գանգատաբերին ցուցաբերված բուժօգնություն
116. Կառավարությունը նշել է, որ 2012թ. հունվարի 7-ին Գանգատաբերը հետազոտվել է տարածաշրջանի կլինիկական հիվանդանոցում: Կատարվել է գլխուղեղի պարուրաձև համակարգչային տոմոգրաֆիա և մեջքի պարանոցային հատվածի, մեջքի գոտկատեղի հատվածի և վզի ՄՌՏ ստուգում, վերցվել է արյան անալիզ: Նույն օրը նա հետազոտվել է Խարկովի պետական բժշկական համալսարանի և Պետական բանտային ծառայության փորձագետների կողմից: Այդ հետազոտությունների ժամանակ հաստատվել են հետևյալ նախկին ախտորոշումները. գոտկատեղի տարածված օստեոխոնդրոզ` աջ կողմից սցիատիկայի ձևով, ժամանակավոր սուր ցավով, սակայն առանց կոմպրեսիվ ռադիկուլոպաթիայի նշանների, և գոտկատեղի հատվածի ողերի հեմանգիոմաներ: Այնուհանդերձ, նախորդ ՄՌՏ ստուգման համեմատ նվազել էր միջողային դիսկերի պրոտրուզիան: Գանգատաբերին խորհուրդ է տրվել մնալ գաղութի բժիշկների ակտիվ հսկողության ներքո, օրական երկու կամ երեք անգամ` զարկերակային ճնշման ստուգում, օրական երկու անգամ` մարմնի ջերմաստիճանի չափում, իսկ 2012թ. հունվարի 10-ին նշանակվել է նյարդաբանի և օտոլարինգոլոգի հետազոտություն: Նրան նաև նշանակվել է բետահիստին (գլխապտույտի դեղ), դետրալեքս և դիակարբ (ացետազոլամիդ` գլաուկոմայի, էպիլեպտիկ ցնցումների, բարձրության հիվանդության և մի շարք այլ հիվանդությունների բուժման համար օգտագործվող արգելակիչ, որը գործում է նաև որպես միզամուղ), իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ախտանշանային բուժում, թերապևտիկ մարզանք և բժշկական մերսում:
117. 2012թ. փետրվարի 14-ին Գանգատաբերը հետազոտվել է Բեռլինի Չարիտե հիվանդանոցի («Charité Hospital») գերմանացի բժիշկների կողմից, ովքեր 2012թ. փետրվարի 17-ին խորհուրդ են տվել նրան տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց լրացուցիչ հետազոտությունների և բուժման համար:
118. 2012թ. փետրվարի 23-ին Գանգատաբերը լրացուցիչ հետազոտություններ է անցել:
119. 2012թ. մարտի 7-ին տեղի է ունեցել ուկրաինացի և գերմանացի բժիշկների համատեղ հանդիպում` Գանգատաբերի բուժման միասնական մոտեցում ձևավորելու նպատակով: Կառավարությունը նշել է, որ գերմանացի բժիշկների խորհրդով մշակվել է Գանգատաբերի բուժման ամբողջական միասնական ծրագիր: Գանգատաբերը, սակայն, նշել է, որ գերմանացի բժիշկները քննարկմանը չեն մասնակցել և չեն ստորագրել տվյալ փաստաթուղթը:
120. Կառավարությունը նշել է, որ 2012թ. մարտի 12-ին, 15-ին, 19-ին, 22-ին և 26-ին Գանգատաբերին առաջարկվել է սկսել գերմանացի բժիշկների խորհուրդ տված բուժումը` մշակված ծրագրին համապատասխան: Գանգատաբերը, սակայն, հրաժարվել է ստանալ այդ բուժումը` պնդելով, որպեսզի տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց` չբացառելով գերմանական բժշկական հիմնարկի հնարավորությունը: Նա, սակայն, համաձայնվել է տեղափոխվել այնպիսի բժշկական հաստատություն, որը ստուգվել և երաշխավորվել է գերմանացի բժիշկների կողմից:
121. 2012թ. մարտի 14-ին Գանգատաբերը Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիմքով Դատարանին խնդրել է Կառավարությանը տեղեկացնել, որ իրեն անհրաժեշտ է մասնագիտացված հաստատությունում պատշաճ բուժօգնություն ստանալ անկախ բժիշկներից:
122. 2012թ. մարտի 15-ին Դատարանը կիրառել է 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցառումը` Կառավարությանը խնդրելով «ապահովել, որպեսզի Գանգատաբերը պատշաճ ստացիոնար պայմաններում ստանա իր բողոքներին համարժեք բուժում»:
123. 2012թ. մարտի 16-ին Կառավարությունը մոտակա հիվանդանոցներից բժշկական սարքավորումներ է բերել բանտ: Նույն օրը Գանգատաբերին առաջարկվել է գոտկատեղի պունկցիա բուժմասում: Նա հրաժարվել է այդ ընթացակարգից` այն հիմքով, որ դա վիրահատական գործողություն է, որը հարկ է կատարել վիրահատարանում, մինչդեռ բուժմասը չի ապահովում պատշաճ, ստերիլ պայմաններ, և չունի համապատասխան բժշկական սարքավորումներ:
124. 2012թ. մարտի 15-ին, 22-ին, 24-ին և 25-ին Գանգատաբերը բուժման մասին գրավոր դիմումներ է ներկայացրել և բողոքել գաղութի վարչակազմին այդ բուժման բացակայությունից: 2012թ. մարտի 26-ին և 30-ին վարչակազմի ղեկավարը Գանգատաբերին հնարավորություն է առաջարկել` բուժում ստանալու գաղութի բուժմասում, միևնույն ժամանակ նրան թույլատրելով հարողային (պարավերտեբրալ) բլոկավորման պրոցեդուրայի կատարման համար ընտրություն կատարել երկու բժշկական հաստատությունների միջև: Գանգատաբերը խնդրել է նյարդաբանի` դր. Պ-ի հետ խորհրդակցելու հնարավորություն ընձեռել իրեն. դր. Պ-ն նրա բժիշկն էր եղել թիվ 13 քննչական մեկուսարանում, և նրա ախտորոշումները լիովին հաստատվել էին գերմանացի բժիշկների կողմից: Վարչակազմի ղեկավարը մերժել է դր. Պ-ի մոտ կոնսուլտացիա անցնելու դիմումը` հղում կատարելով 2012թ. մարտի 7-ի եզրակացություններին, որոնք նրա պնդմամբ արտացոլում էին ուկրաինացի և գերմանացի բժիշկների միասնական դիրքորոշումը:
125. 2012թ. մարտի 27-ին Գանգատաբերը հրաժարվել է թե՜ տարածաշրջանի կլինիկական հիվանդանոցի շտաբ բժշկական օգնության և վնասվածքների կենտրոնում, թե՜ Ողնաշարի և հոդերի բժշկության Մ. Սիտենկոյի անվան ինստիտուտում հարողային (պարավերտեբրալ) բլոկավորման պրոցեդուրան անցնելուց:
126. Կառավարությունը նշել է, որ 2012թ. ապրիլի 2-ին Գանգատաբերը հետազոտվել է Բժշկական հանձնաժողովի կողմից, որի կազմում եղել են Առողջապահության նախարարի առաջին տեղակալը և մասնագետներ Օ.Օ. Բոհոմոլեցի անվան պետական բժշկական համալսարանից և Բժշկական գիտությունների ակադեմիայի Ողնաշարի և հոդերի բժշկության Մ. Սիտենկոյի անվան ինստիտուտից: Գանգատաբերին նշանակվել է բուժում Խարկովի պետական երկաթուղու կենտրոնական կլինիկական հիվանդանոցում (հետայսու՝ «Կենտրոնական կլինիկական հիվանդանոց»): Միևնույն ժամանակ, նրան բացատրել են, որ հիմնարկի պայմանները բավարարում են Գերմանիայից ժամանած բուժմասնագետների երաշխավորած պահանջները: Գանգատաբերը համաձայնվել է ստանալ այդ բուժումը:
127. Այնուհանդերձ, հաջորդ օրը նա մտափոխվել է և բացատրել, որ Կենտրոնական կլինիկական հիվանդանոցը Դատարանի կողմից 2012թ. մարտի 15-ին կարգադրած միջանկյալ միջոցառման մեջ զետեղված պահանջներին համապատասխանող մասնագիտացված բժշկական հաստատություն չէ: Նա նշել է նաև, որ նշված հաստատությունում կբուժվի միայն այն բանից հետո, երբ գերմանացի բժիշկները կհաստատեն, որ հաստատությունն ի վիճակի է կազմակերպել գերմանացի բժիշկների երաշխավորած բուժումը:
128. 2012թ. ապրիլի 4-ին Գանգատաբերին առաջարկվել է տեղափոխվել Կենտրոնական կլինիկական հիվանդանոց: Նա հետազոտվել է Բժշկական հանձնաժողովի կողմից: Նրան ասել են, որ հանձնաժողովն այցելել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց` եզրակացնելով, որ դրա պայմանները և սարքավորումները բավարար են, և որ հիվանդանոցն ապահովում է Գանգատաբերի բուժման համար անհրաժեշտ լավագույն պայմանները: Գանգատբերը համաձայնվել է բուժվել այնտեղ` պայմանով, որ հիվանդանոցը գնահատման ենթարկվի գերմանացի բժիշկների կողմից, ում այցն ակնկալվում էր 2012թ. ապրիլի 6-ին:
129. 2012թ. ապրիլի 13-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում գերմանացի բժիշկները հետազոտել են Գանգատաբերին և ստուգել Կառավարության առաջարկած հիվանդանոցի որակը: Նրանք ընդունելի են համարել հիվանդանոցի մաքրությունը և այնտեղ աշխատող բժիշկների` բաց, բարյացկամ և հարգալից գտնվելու անկեղծ ջանքերը, սակայն միևնույն ժամանակ ընդգծել են, որ իրենց ունեցած կարճ ժամանակահատվածում իրենք ի վիճակի չեն եղել գնահատել, թե արդյոք բժիշկներն ի վիճակի են իրականացնել անհրաժեշտ բարդ բուժումը:
130. 2012թ. ապրիլի 17-ին գերմանացի բժիշկները ներկայացրել են իրենց զեկույցը Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի` Գանգատաբերի կարիքներին համապատասխանելու մասին: Զեկույցում նշված են եղել մի շարք խնդիրներ` կապված Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում Գանգատաբերի բուժում անցնելու հետ:
3. Գանգատաբերին 2012թ. ապրիլի 20-ին հիվանդանոց տեղափոխելու հետ կապված միջադեպը և դրա քննությունը
131. 2012թ. ապրիլի 20-ին ժ. 16:54-ին Կառավարությանն ուղարկած նամակով Դատարանը Կառավարությանն առաջարկել է մինչև 2012թ. ապրիլի 27-ն իրեն տեղեկացնել այն քայլերի մասին, որոնք կատարված կլինեն 2012թ. մարտի 15-ին կարգադրված միջանկյալ միջոցառման պայմանների կատարման ուղղությամբ:
132. Նույն օրը (ստույգ ժամը չի նշվել) հինգ բժիշկներից կազմված բժշկական հանձնաժողովն այցելել է Գանգատաբերին: Այդ օրը տրված տեղեկանքում գրված է հետևյալը.
«Միջազգային բժշկական հանձնաժողովի անդամները ... ժամանեցին Կաչավինսկայի պատժիչ գաղութ 2012թ. ապրիլի 20-ին: Կաչավինսկայի պատժիչ գաղութի աշխատակիցների ուղեկցությամբ նրանք մուտք գործեցին այն սենյակը, որում պահվում էր Յու. Վ. Տիմոշենկոն` առաջարկելով անցկացնել բժշկական հետազոտություն:
Յու. Վ. Տիմոշենկոյի հետ հաղորդակցվելու ընթացքում հանձնաժողովի անդամները կրկին անգամ, փաստարկներով, համոզիչ կերպով և հետևողականորեն առաջարկեցին նրան վերջապես սկսել ստացիոնար բուժումը, որն առաջարկվել էր Միջազգային բժշկական հանձնաժողովի կողմից և վերահաստատվել էր գերմանացի բուժմասնագետների կողմից 2012թ. ապրիլի 13-ին, առաջարկելով այն անցնել Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, որտեղ ստեղծված էին բոլոր անհրաժեշտ պայմանները դեղերը և ֆիզիոթերապիան կազմակերպելու, ինչպես նաև` անհրաժեշտության դեպքում բուժումը ճշգրտելու, լրացնելու և երկարաձգելու համար
Հանձնաժողովի հետ հաղորդակցվելու ընթացքում բանտարկյալը նստած էր սեղանի մոտ: Նա տրամադրված էր` զրուցելու բուժմասնագետների հետ: Նա ընթերցեց հիվանդանոցի գնահատման մասին բուժմասնագետների զեկույցը, որը տրամադրվել էր պատժիչ գաղութի ղեկավարության կողմից:
Բժշկական հանձնաժողովի անդամները, ծանոթանալով տվյալ զեկույցին, մանրամասնորեն վերլուծեցին գերմանացի բժիշկների եզրակացությունները, որոնք պատրաստվել էին 2012թ. ապրիլի 13-ին Կենտրոնական կլինիկական հիվանդանոց կատարած այցելության և Յու. Վ. Տիմոշենկոյին այցելելու արդյունքում (Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության 19.04.2012թ. թիվ 411/17-994-313 գրությունը), քննարկեցին Կաչավինսկայի պատժիչ գաղութի աշխատակիցներից Յու. Վ. Տիմոշենկոյի առողջական վիճակի վերաբերյալ ստացված տեղեկությունները, հաշվի առան Կաչավինսկայի պատժիչ գաղութի բուժմասի աշխատակիցներից տրամադրած օբյեկտիվ տվյալները բանտարկյալի առողջական վիճակի չվատթարանալու վերաբերյալ: Հանձնաժողովը հաշվի առավ նաև այն փաստը, որ բանտարկյալի հետ հաղորդակցության ընթացքում իրենք չեն ստացել լրացուցիչ բողոքներ:
Հանձնաժողովը բազմիցս խորհուրդ տվեց տեղափոխվել հիվանդանոցի ստացիոնար` համապարփակ բուժում իրականացնելու նպատակով: Հիվանդի մի քանի անգամ պատասխանեց, որ ցանկանում է բուժվել ստացիոնարում, սակայն չնշեց նման բուժում սկսելու ամսաթիվը:
Առկա բոլոր բժշկական տեղեկություննեի հիման վրա հանձնաժողովը միաձայն հանգեց եզրակացության, որ 2012թ. ապրիլի 20-ի դրությամբ բանտարկյալը կարող է տեղափոխվել թե՜ բուժման կազմակերպման վայր, թե՜ օրենքով նախատեսված այլ դեպքերում»:
133. Նույն օրը Կաչավինսկայի գաղութի բուժմասի պետը որոշում կայացրեց Գանգատաբերին Պետական երկաթուղու կենտրոնական կլինիկական հիվանդանոց տեղափոխելու մասին: Նույն 2012թ. ապրիլի 20-ին` մոտ 23:00-ին, Գանգատաբերը տեղափոխվեց հիվանդանոց: Նրա պնդմամբ, ինքն առարկել է հիվանդանոց տեղափոխվելուն` նշելով, որ այն չի համապատասխանում իր կարիքներին, և որ իր նկատմամբ ուժ է գործադրվել: Գանգատաբերը պնդում է, թե արդյունքում ինքը կապտուկներ և արյունազեղումներ է ստացել ստամոքսի շրջանում, ինչպես նաև` մի քանի արյունազեղումներ ձեռքերին:
134. 2012թ. ապրիլի 20-ի երեկոյի իրադարձությունների վերաբերյալ Գանգատաբերը, մասնավորապես, պատմել է հետևյալը. մոտ 21:00-ին խցակցին դուրս են բերել խցից: Մոտեցել են բանտի երեք հսկիչներ, և երբ Գանգատաբերը հրաժարվել է հետևել նրանց, նրանք իրեն հարկադրաբար հեռացրել են խցից: Փաթաթել են սավանի մեջ և հարվածել որովայնին: Սուր ցավ զգալով որովայնի և մեջքի շրջանում` Գանգատաբերը կորցրել է գիտակցությունը և արթնացել է միայն հիվանդանոցում: Նա հիշում է, որ բանտի հսկիչներից մեկն է իրեն դուրս բերել` տեղափոխելով շտապօգնության մեքենայի մեջ: Չնայած խցում իրականացված մշտական տեսահսկողությանը, բանտի վարչակազմը պնդել է, որ միջադեպի որևէ տեսագրություն չի արվել:
135. Գանգատաբերը պնդել է, թե հիվանդանոց ընդունվելիս հրաժարվել է հիվանդանոցի աշխատողների առաջարկած բուժումից և պահանջել է կապ հաստատել իր փաստաբանի հետ: Ավելին, արձագանքելով բանտի հսկիչների կիրառած ֆիզիկական բռնությանը, նա հացադուլ է հայտարարել: Չնայած նրա պահանջին, Գանգատաբերի փաստաբանին չեն թույլատրել 2012թ. ապրիլի 21-ին տեսակցել նրա հետ:
136. 2012թ. ապրիլի 22-ին, մոտ 14:00-ին, նրան վերադարձրել են գաղութ:
137. Գանգատաբերը նշել է, որ 2012թ. ապրիլի 23-ին խնդրել է, որպեսզի իրեն հետազոտեն բանտի բժիշկները, սակայն վերջիններս արհամարհել են նրա խնդրանքը: Նույն օրը նա բողոք է ներկայացրել Խարկովի շրջանային դատախազություն իրեն հարկադրաբար հիվանդանոց տեղափոխելու և ենթադրաբար իր հետ վատ վերաբերվելու դեպքի մասին: Նա պնդել է, թե իրեն չեն թույլատրել տեսակցել իր փաստաբանին` այն պատրվակով, թե գաղութում «մաքրության օր» է: Փաստաբանը բողոք է ներկայացրել Խարկովի շրջանային դատախազություն:
138. Նույն 2012թ. ապրիլի 23-ին Գանգատաբերը խնդրել է անկախ բժշկի դատաբժշկական փորձաքննություն կատարել, սակայն իր պնդմամբ, դիմումը մերժվել է Խարկովի շրջանային դատախազության կողմից:
139. 2012թ. ապրիլի 24-ին Գանգատաբերին թույլատրել են տեսակցել փաստաբանին` գաղութ վերադառնալուց հետո առաջին անգամ:
140. Նույն օրը նա իր կապտուկները ցույց է տվել գաղութի բուժաշխատողներին: Նրանց զննության արձանագրության համաձայն, Գանգատաբերի մարմնի վրա հայտնաբերվել են ոչ մեծ ծանրության մարմնական վնասվածքներ (ձախ նախաբազկի կապտուկ և աջ կոնքի շրջանում երկու կապտուկներ), որոնք պատճառված են եղել Գանգատաբերի զննությունից մեկ կամ երկու օր առաջ` փակ հարվածի կամ բութ կարծր առարկաների հետ շփման հետևանքով: Արձանագրվել է նաև, որ կապտուկների մոտավոր վաղեմությունը չի համընկնում Գանգատաբերի նշած ժամկետների հետ: Հաշվի առնելով Գանգատաբերի վնասվածքների դիրքը մարմնի վրա և թիվը, արձանագրության մեջ նշվել է, որ առնվազն մեկ հարված է հասցվել ձախ նախաբազկի շրջանում, և առնվազն երկուսը՝ որովայնի խոռոչի շրջանում: Արձանագրության մեջ նշվել էր, որ մարմնական այդ վնասվածքների դիրքն այնպիսին էր, որ հնարավոր էր, որ Գանգատաբերն ինքն է իրեն պատճառել այդ վնասվածքները:
141. Կառավարությունը նշել է, որ 2012թ. ապրիլի 24-ին դատաբժշկական փորձագետ է հրավիրվել Գանգատաբերին հետազոտելու համար: Վերջինս, սակայն, հրաժարվել է թույլատրել առաջարկված հետազոտությունը:
142. Նույն օրը՝ ավելի ուշ ժամի, Խարկովի շրջանային դատախազության քննչական վարչության պետը մերժել էր գաղութի աշխատողների նկատմամբ քրեական վարույթի հարուցումը՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: Գանգատաբերը նշել է, որ դատախազը մամլո ասուլիսի ժամանակ ընդունել էր նրա նկատմամբ ուժի գործադրումը, սակայն վերջինս արդարացված էր համարել:
143. Հաջորդ օրը վերոհիշյալ մերժումը բեկանվել էր, քանի որ լրատվամիջոցներում լայն տարածում էին գտել տեղեկություններն այն մարմնական վնասվածքների վերաբերյալ, որոնք ենթադրաբար Գանգատաբերին պատճառել էին գաղութի աշխատողները: Դատախազը 2012թ. ապրիլի 24-ին ստացել էր նաև գաղութի բուժաշխատողների կողմից Գանգատաբերի հետազոտության արդյունքները, որոնցով հաստատվում էր կապտուկների առկայությունը: Ըստ այդմ, անհրաժեշտ էր համարվել լրացուցիչ քննությունը:
144. 2012թ. ապրիլի 25-ին Օմբուդսմանի աշխատակազմի ներկայացուցիչն այցելել էր Գանգատաբերին, և նույն օրվա ընթացքում օմբուդսմանը՝ տկն. Նինա Կարպաչովան, հրապարակային հայտարարություն էր արել Գանգատաբերի առողջական վիճակի և այն փաստի վերաբերյալ, որ նա ֆիզիկական բռնության է ենթարկվել հարկադրաբար հիվանդանոց տեղափոխվելու ընթացքում: Նա նաև նշել էր հետևյալը.
«Յու. Տիմոշենկոն տվել էր իր համաձայնությունը, որպեսզի Օմբուդսմանի ներկայացուցիչը Կաչավինսկայի գաղութի պետի ներկայությամբ զննի իր վնասվածքները: Զննությամբ հաստատվեց աջ թևի վերին հատվածում և արմունկի շրջանում կապտուկների առկայությունը, ինչպես նաև՝ ստամոքսի աջ ստորին շրջանում մեծ կապտուկի առկայությունը:
Յու. Տիմոշենկոն հաստատեց ապրիլի 23-ին Խարկովի շրջանային դատախազին տված իր հայտարարությունը ... և դժգոհություն հայտնեց այդ հայտարարությանը որևէ արձագանքի բացակայության վերաբերյալ: Նա նաև նշեց, որ Օմբուդսմանը չի տեղեկացվել իր դիմումի մասին և այն փաստի մասին, որ ինքը խնդրել էր, որպեսզի Օմբուդսմանն անհապաղ այցելի գաղութ: Յու. Տիմոշենկոյի նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրման բոլոր հանգամանքները պարզելու նպատակով Օմբուդսմանի ներկայացուցիչը հանդիպեց Խարկովի շրջանային դատախազի և ... Ուկրաինայի պետական բանտային ծառայության Խարկովի շրջանային վարչության պետի հետ:
Օմբուդսմանը պարտավոր է նշել, որ ապրիլի 24-ի աշխատանքային օրվա ավարտի դրությամբ դատախազությունը սահմանված կարգով չէր արձագանքել Յու. Տիմոշենկոյի դիմումին:
Օմբուդսմանը հայտարարում է, որ Յու. Տիմոշենկոյին այդկերպ տեղափոխելը համարվում է վատ վերաբերմունք ազատազրկվածի նկատմամբ և կարող է ճանաչվել որպես խոշտանգում՝ ի խախտումն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի...
Այս կապակցությամբ Օմբուդսմանը պահանջում է.
1. Ուկրաինայի գլխավոր դատախազից՝ քրեական գործ հարուցել և կասեցնել գաղութից Յու. Տիմոշենկոյի տեղափոխման ընթացքում նրա նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի բոլոր մասնակիցների մասնագիտական պարտականությունների կատարումը:
2. Ուկրաինայի պետական բանտային ծառայության պետից՝ անհապաղ ապահովել անհրաժեշտ ողջ բուժօգնության ցուցաբերումը Յու. Տիմոշենկոյին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը և ուկրաինացի և անկախ օտարերկրացի բժիշկների եզրակացություններին համապատասխան»:
145. Նույն օրը Գանգատաբերը Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն Դատարան է ներկայացրել միջանկյալ միջոցառում կիրառելու մասին նոր միջնորդություն՝ խնդրելով, որպեսզի Կառավարությանն անմիջապես կարգադրի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով ապահովել նրա բուժումը Գերմանիայի Չարիտե հիվանդանոցում («Charité Hospital»):
146. 2012թ. ապրիլի 26-ին առաջարկվել է լրացուցիչ բժշկական փորձաքննություն իրականացնել, սակայն Կառավարությունը տեղեկացրել է, որ Գանգատաբերը հրաժարվել է հետազոտվելուց: Արդյունքում Խարկովի բժշկական ակադեմիայի դատական բժշկության ֆակուլտետի ղեկավարին (մասնագիտությամբ՝ բժիշկ) հանձնարարվել է գնահատել նրա մարմնական վնասվածքները 2012թ. ապրիլի 24-ի բժշկական հետազոտության արձանագրության հիման վրա: Նա հաստատել է, որ արձանագրությունը կազմվել է կիրառելի պահանջների պահպանմամբ: Նա լիովին համաձայնվել է բժիշկների եզրակացություններին և նշել, որ հաշվի առնելով արյունազեղումների տեսքը 2012թ. ապրիլի 24-ին և դրանց՝ Գանգատաբերին զննելուց մեկ կամ երկու օր առաջ ի հայտ գալը, մարմնական վնասվածքները չէին կարող պատճառված լինել 2012թ. ապրիլի 20-ին: Բացի դրանից, ծանոթանալով բժշկական փաստաթղթերին, որոնցում արձանագրված էր Գանգատաբերի առողջական վիճակը Կիևի թիվ 13 քննչական մեկուսարանում պահվելու ընթացքում, նա նշել էր, որ 2011թ. օգոստոսի 16-ից սկսած Գանգատաբերի մարմնի վրա ժամանակ առ ժամանակ ի հայտ էին եկել ենթամաշկային կրկնվող արյունազեղումներ, որոնք արտաքին հարվածների հետևանք չեն եղել և կարող էին առաջացած լինել Գանգատաբերի անոթային և արյունատար համակարգերի վիճակի հետ կապված խնդրի պատճառով: Փորձագետը նաև կարծիք էր հայտնել լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարչական նյութի վերաբերյալ՝ նշելով, մասնավորապես, որ լրատվամիջոցներում արտահայտված կարծիքների հիմքում ընկած լուսանկարները չէին կարող առանձին գնահատման առարկա լինել, և որ ընդհանուր առմամբ հիմնավոր չեն կարող լինել լուսանկարների վրա հիմնված եզրակացությունները:
147. Գանգատաբերը նշել է, որ դատաբժշկական փորձագետը գրել է տեղեկանք, որում եզրակացրել է, թե իր մարմնական վնասվածքներն ինքն է իրեն պատճառել: Գանգատաբերը հրաժարվել է ստորագրել արձանագրությունը, քանի որ կարծել է, որ դրանում սխալմամբ կարծիք է հայտնվել այն մասին, որ հնարավոր է, որ ինքն է իրեն պատճառել այդ վնասվածքները: Գանգատաբերը պահանջել է դատաբժշկական փորձաքննություն անկախ բժշկի կողմից, սակայն նրա միջնորդությունը մերժվել է Խարկովի շրջանային դատախազության կողմից:
148. 2012թ. ապրիլի 27-ին Օմբուդսմանը հրապարակել է Գանգատաբերի կապտուկների լուսանկարները: Նա պնդում է, թե հաջորդ օրը Կիև քաղաքի դատախազությունը խուզարկել է օմբուդսմանի գրասենյակը և ծանուցումներ ուղարկել նրա մի քանի աշխատողներին, ովքեր մասնակցել են գաղութում Գանգատաբերի ֆիզիկական վնասվածքների վերաբերյալ զեկույցը պատրաստելուն: Գանգատաբերը նշել է, որ Կառավարությունը հայտարարել է, թե տկն. Նինա Կարպաչովան իր աշխատողներին ստիպել է կեղծ զեկույց պատրաստել Գանգատաբերի մարմնի վրա առկա կապտուկների վերաբերյալ՝ չնշելով այդ զեկույցի համար հիմք ծառայած անունները կամ աղբյուրները:
149. 2012թ. մայիսի 3-ին դատախազության քննիչը կրկին մերժել է գաղութի աշխատողների նկատմամբ քրեական վարույթի հարուցումը՝ հիմնվելով նրանց գործողություններում հանցակազմի բացակայության վրա: Իր որոշման մեջ նա, մասնավորապես, գրել է.
«24.04.2012թ. դատական բժշկության փորձագետ Ի. Յու. ՍԵՐԲԻՆԵՆԿՈՆ երկրամասի դատախազության ցուցումով գաղութի բնակելի հատվածում Յու. Վ. Տիմոշենկոյին առաջարկեց դատաբժշկական հետազոտության ենթարկվել: Վերջինս կտրականապես հրաժարվեց ...
26.04.2012թ. ժ. 7.55 Յու. Վ. Տիմոշենկոն կրկին անգամ կտրականապես հրաժարվեց դատաբժշկական հետազոտության ենթարկվել Խարկովի երկրամասի բժշկական կենտրոնի դատական բժշկության բաժանմունքի ղեկավար Ս. Գ. ՍՎԵՆՏԻՑԿԱՅԻ մասնակցությամբ ...
...
Քննության նյութերին են ավելացվել Յու. Վ. Տիմոշենկոյի 24.04.2012թ. գրավոր դիմումի օրինակները, որոնցում նա խնդրում է իրեն հետազոտել դատախազի ներկայությամբ՝ գաղութի աշխատողների պատճառած մարմնական վնասվածքներն արձանագրելու նպատակով, և հրաժարվում է հետազոտվել դատաբժշկական փորձագետ Ի. Յու. Սերբինենկոյի կողմից: Նույն այդ փաստաթղթերում Յու. Վ. Տիմոշենկոն սեփական ձեռքով գրել է, որ Կաչանովսկայի թիվ 54 ուղղիչ գաղութի աշխատողները (հերթապահ բժիշկ Վ. Ա. Մալյուգան, հերթապահ բուժքույր Վ. Ի. Ռոդինան, բուժմասի պետ Օ. Մ. Ցյուրան, օպերատիվ բաժանմունքի ավագ օպերատիվ ոստիկան Ա. Մ. Մակարենկոն) հետազոտել են իրեն, և որ 24.04.2012թ. դրությամբ ունեցած բոլոր մարմնական վնասվածքներն արձանագրվել են, և համապատասխան բոլոր տվյալներն արձանագրվել են նրա բժշկական փաստաթղթերում...»:
150. Կառավարությունը նշել է, որ 2012թ. ապրիլի 20-ին Գանգատաբերին հիվանդանոց տեղափոխելու, 2011թ. ապրիլի 22-ին նրան գաղութ վերադարձնելու հանգամանքները և նրա մարմնական վնասվածքները պարզելու նպատակով քննիչն ապացույցներ է ձեռք բերել գաղութի պետից և գաղութի 14 այլ աշխատողներից, երկու հերթապահ բուժաշխատողներից և շտապօգնության երկու հերթապահ վարորդներից, բժշկական հանձնաժողովի վեց անդամներից, հիվանդանոցի երկու աշխատողներից և այլ անձանցից:
151. Գաղութի պետը նշել է, որ 2012թ. ապրիլի 20-ին ինքը թույլատրել է Գանգատաբերին տեղափոխել հիվանդանոց: Դրանից հետո ինքը հրահանգել է բանտի պետի տեղակալին (ով նաև անվտանգության բաժնի պետն է) և գաղութի պետի մյուս տեղակալին՝ ապահովել Գանգատաբերի տեղափոխումը: Իրեն տեղեկացրել են, որ Գանգատաբերը չի առարկել տեղափոխվելուն և մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացրել: 2012թ. ապրիլի 22-ին Գանգատաբերին այցելել են գաղութի հերթապահ բուժաշխատողները, ովքեր նրա մարմնի վրա մարմնական վնասվածքներ չեն արձանագրել, և Գանգատաբերն ինքը նույնպես որևէ հայտարարություն չի արել որևէ վնասվածք ստացած լինելու մասին: Գաղութի պետն իր ենթականերին որևէ ցուցում չի տվել Գանգատաբերի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու վերաբերյալ:
152. Գաղութի պետի տեղակալը 2012թ. ապրիլի 20-ին հայտարարել է, որ օգնել է Գանգատաբերին, որպեսզի աստիճաններով իջնի մինչև շտապօգնության մեքենան, և ուղեկցել է նրան մինչև հիվանդանոց: Դանդաղ իջնելով աստիճաններով երկրորդ հարկից մինչև առաջինը՝ Գանգատաբերն իրեն հայտնել է, որ հոգնած է, և իրեն թույլ է տվել գրկած տեղափոխել իրեն: Նա Գանգատաբերին հասցրել է մինչև շտապօգնության մեքենան, տեղավորել պատգարակի վրա և օգնել վարորդին՝ պատգարակը տեղավորել շտապօգնության մեքենայի մեջ: Նա հստակորեն նշել է, որ իր ներկայությամբ Գանգատաբերին որևէ մարմնական վնասվածքներ չեն պատճառվել: Նմանատիպ բացատրություններ են տվել նաև գաղութի պետի մյուս տեղակալը և ավագ տեսուչը:
153. Գաղութի բուժմասի պետը նշել է, որ 2012թ. ապրիլի 20-ին մոտավորապես ժ. 19:00-ին ինքը և գաղութի պետի երկու տեղակալները գնացել են Գանգատաբերի խուցը և վերջինիս տեղեկացրել, որ պետք է հետազոտվելու համար տեղափոխվի հիվանդանոց: Ինքը խնդրել էր Գանգատաբերին հավաքել իր անձնական իրերը: Մոտավորապես ժամը 21:30-ին Գանգատաբերը տեղավորվել է շտապօգնության մեքենայի մեջ: Հիվանդանոց տեղափոխվելու ընթացքում նա որևէ բողոքներ չի ներկայացրել իրեն մարմնական վնասվածքներ պատճառելու մասին: Գաղութի բուժմասի պետը նշել է, որ Գանգատաբերը չի կորցրել գիտակցությունը: Երբ շտապօգնության մեքենան հասել է հիվանդանոց, Գանգատաբերին տեղեկացրել են, որ նա պետք է նախնական բժշկական հետազոտություն անցնի, սակայն վերջինս հրաժարվել է: 2012թ. ապրիլի 23-ին մոտավորապես ժ. 9:30-ին գաղութի բուժաշխատողներն այցելել են Գանգատաբերին, ով հրաժարվել է բժշկական հետազոտությունից: Նա որևէ բողոք չի ներկայացրել, և աշխատողները որևէ վնասվածքներ չեն հայտնաբերել նրա մարմնի վրա: 2012թ. ապրիլի 24-ին մոտ 8:39-ին իրենց այցի ժամանակ փոփոխություններ են նկատել Գանգատաբերի մաշկի վրա, և վերջինս բուժաշխատողներին թույլատրել է զննել իրեն: Գաղութի բուժմասի պետը նշել է, սակայն, որ նա կտրականապես հրաժարվել է իր վնասվածքների դատաբժշկական հետազոտություն անցնելուց: Նույնաբնույթ բացատրություններ են տվել նաև գաղութի բժիշկը, գաղութի հերթապահ բժիշկը և բուժքույրը:
154. Գաղութի հսկողության և անվտանգության բաժնի պահակները նշել են, որ 2012թ. ապրիլի 20-ին իրենք ցերեկային հերթապահություն են իրականացրել գաղութի թիվ 1 բաժնում, որում գտնվում էր Գանգատաբերի խուցը: Բաժինը կահավորված է իրական ժամանակի ռեժիմով աշխատող տեսախցիկներով, որոնք սակայն տեսագրելու գործառույթ չունեն: Տեսուչներից մեկն ասել է, որ էկրանին Գանգատաբերի խցի կադրերը դիտելու ընթացքում գաղութի աշխատողների կողմից Գանգատաբերին այցելելու ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելու դեպք չի տեսել և որևէ ձայներ չի լսել: Երբ աշխատողները հեռացել են խցից, տեսուչն էկրանին տեսել է, որ Գանգատաբերը ցնցուղ է ընդունել, հավաքել է իր իրերը և պառկել մահճակալի մեջ: Տեսադիտման ընթացքում պահակները չեն նկատել, որ որևէ մարմնական վնասվածքներ պատճառվեն Գանգատաբերին:
155. Շտապօգնության բրիգադի կազմում աշխատող սրտաբանը և ֆելդշերը, ինչպես նաև շտապօգնության մեքենայի վարորդը նշել են, որ 2012թ. ապրիլի 20-ին իրենք երեկոյան հասել են գաղութ: Տեսել են, թե ինչպես է մի երիտասարդ գրկած տեղափոխում Գանգատաբերին՝ անցնելով զբոսահրապարակի դռնով, և տեղավորել է նրան պատգարակի վրա: Նրանք Գանգատաբերի մարմնի վրա որևէ վնասվածքներ չեն նկատել:
156. Գաղութի համապատասխան աշխատողները բացատրել են, որ 2012թ. ապրիլի 20-ին մոտ 22:00-ին իրենք մուտք են գործել շտապօգնության մեքենա, որպեսզի Գանգատաբերին տեղափոխեն հիվանդանոց, ապա՝ նրան ուղեկցել են մինչև իններորդ հարկի բաժանմունք: Գանգատաբերն իրենց ներկայությամբ որևէ բողոք չի ներկայացրել: Նրանք նշել են, որ ոչ ոք Գանգատաբերին մարմնական վնասվածքներ չի պատճառել:
157. Բժիշկը և շտապօգնության մեքենայի վարորդը նշել են, որ իրենք հերթապահության են եղել 2012թ. ապրիլի 22-ին: Նրանք մոտավորապես կեսօրին հասել են հիվանդանոց, և Գանգատաբերը պատգարակով դուրս է բերվել և տեղավորվել սայլակի վրա:
158. Առողջապահության նախարարի տեղակալը նշել է, որ Գանգատաբերը մեքենայով տեղափոխվել է գաղութ ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ: Նա որևէ բողոք չի ներկայացրել մասնակցող անձանց, և վերջիններս որևէ մարմնական վնասվածքներ չեն նկատել նրա վրա: Նախարարի տեղակալը նշել է, որ 2012թ. ապրիլի 20-ին բժշկական հանձնաժողովը խորհուրդ է տվել Գանգատաբերին սկսել բուժումը հիվանդանոցում: Գանգատաբերը հրաժարվել է բուժումից, սակայն ցանկացել է խորհրդակցել իր փաստաբանի հետ: Մոտ 22:40-ին նա տարվել է հիվանդանոց, սակայն վկան չի իմացել նրա տեղափոխման մանրամասները: Նա իմացել է, որ 2012թ. ապրիլի 20-ից 22-ը Գանգատաբերը հրաժարվել է որևէ տեսակի բժշկական հետազոտությունից կամ բուժումից: Գանգատաբերին կատարած այցի ընթացքում վերջինս որևէ բողոք չի ներկայացրել, և նրա վրա տեսանելի մարմնական վնասվածքներ չեն եղել: Նույնաբնույթ բացատրություններ են տվել նաև բժշկական հանձնաժողովի այլ անդամները:
159. Հիվանդանոցի բժիշկներն իրենց հարցաքննության ընթացքում նշել են, որ մոտ 22:40-ին Գանգատաբերի հիվանդանոց հասնելուց հետո նա անմիջապես հիվանդանոցագրվել է: Ընդունման ժամանակ նա հրաժարվել է որևէ տեսակի բժշկական հետազոտությունից: 2012թ. ապրիլի 21-ին նա ընդամենը բողոքել է մեջքի ցավից և գլխացավից, սակայն որևէ այլ բողոք չի ներկայացրել:
160. Գանգատաբերի խցակիցը նշել է, որ 2012թ. ապրիլի 20-ի ցերեկվա ժամերին գաղութի աշխատողները մուտք են գործել խուց և Գանգատաբերին ծանուցել վերջինիս հիվանդանոց տեղափոխելու համար թույլտվություն ստանալու մասին: Գանգատաբերը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել, սակայն գաղութի բուժմասի պետը նրան խնդրել է նախապատրաստվել տեղափոխմանը: Գանգատաբերը խցակցին խնդրել է նախապատրաստել այն, ինչ անհրաժեշտ է, եթե դրա կարիքը լինի: Գանգատաբերի խցակիցը բացատրել է, որ մոտ 21:00-ին աշխատողները նրան դուրս են բերել խցից և ուղեկցել նրան բուժմաս:
161. Հետաքննության շրջանակում հարցաքննվել են Գանգատաբերի խցի հարևանությամբ գտնվող խցերում գաղութում իրենց պատիժնները կրող բանտարկյալները: Նրանք նշել են, որ 2012թ. ապրիլի 20-ի երեկոյան բղավոցներ կամ այլ աղմուկ չեն լսել:
4. Գանգատաբերի բուժման հետագա զարգացումները
162. 2012թ. մայիսի 4-ին Գանգատաբերը Դատարանին տեղեկացրել է, որ Ուկրաինայի օրենսդրությամբ չի նախատեսվում որոշակի հիվանդանոցում կազմակերպվող բուժմանն արտաքին (ուկրաինացի կամ օտարերկրացի)՝ տվյալ հիվանդանոցում չաշխատող բժիշկների մասնակցության հնարավորությունը:
163. Նույն օրը Կառավարությունը Դատարանին հայտնել է, որ վերոհիշյալ կանոնից կկատարեն բացառություն և գերմանացի բժիշկներին կթույլատրեն միանալ Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի բժիշկների թիմին և մասնակցել Գանգատաբերի բուժմանը, որը պետք է սկսվեր 2012թ. մայիսի 8-ին:
164. 2012թ. մայիսի 9-ին Գանգատաբերը տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց, որտեղ սկսել է բուժում ստանալ գերմանացի նյարդաբանի հսկողության ներքո: Նույն օրը նա ավարտել է 20 օր տևած հացադուլը:
165. 2012թ. մայիսի 12-ի նամակում Գանգատաբերի փաստաբանը նշել է, որ Գանգատաբերը գտնվել է շուրջօրյա տեսահսկողության տակ՝ անգամ բժշկական գործողությունների կատարման ժամանակ: Նա նաև պնդել է, թե բանտի ղեկավարությունը Գանգատաբերի ողջ բժշկական պատմությունը հրապարակել է ուկրաինական լրատվամիջոցներում, ինչպես նաև՝ հրապարակել տեսագրություններ, որոնք փաստաբանի պնդմամբ կատարվել են նրա բանտային խցում:
166. 2012թ. մայիսի 7-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածում Գանգատաբերի բուժման ընթացքի վերաբերյալ գերմանացի բժշկի զեկույցի համաձայն, նրա հացադուլի դադարեցումը դանդաղ, սակայն բարեհաջող ընթացք է ունեցել՝ թույլատրելով սկսել որոշակի ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ: Այնուհանդերձ, 2012թ. մայիսի 15-ին հեռուստատեսությամբ նրա սննդակարգը և բուժումը հրապարակելը լրջորեն բարկացրել են նրան, որի հետևանքով Գանգատաբերն ընդհատել է բուժումը և անգամ խորհել դրանից ընդհանրապես հրաժարվելու և բանտ վերադառնալու մասին: Նրան համոզել են շարունակել բուժումը՝ պայմանով, որ դրան ուղղակիորեն չներգրավված բժիշկները ներկա չլինեն հիվանդանոցում պարբերաբար իրականացվող բժշկական կոնսուլտացիաներին:
167. 2012թ. մայիսի 16-ին Գանգատաբերը քրեական բողոք է ներկայացրել հիվանդանոցում իրեն մշտապես տեսադիտարկելու և իր առողջական վիճակին առնչվող գաղտնի տեղեկությունները հրապարակելու մ ասին: 2012թ. հունիսի 1-ին դատախազը Գանգատաբերին ծանուցել է, որ այդ կապակցությամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր չկան:
168. 2012թ. մայիսի 27-ին գերմանացի բժիշկը մեկ այլ զեկույց ներկայացրեց 2012թ. մայիսի 21-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում Գանգատաբերի բուժման ընթացքի վերաբերյալ: Նա նշել էր Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի բժիշկների համագործակցային դիրքորոշումը, ովքեր հավուր պատշաճի հաշվի էին առել իր առաջարկությունները: Զեկույցի մեջ նշվել էր, որ Գանգատաբերը վստահություն էր տածում հիվանդանոցի բուժաշխատողների մասնագիտական որակների և բարեխղճության նկատմամբ: Բժիշկը նաև նշել էր բուժման առաջընթացը և Գանգատաբերի ազատ ժամանակն օրական երեք և կես ժամի հասցնելու փաստը: Միևնույն ժամանակ, նա ընդծգել էր, որ Գանգատաբերը սթրեսի մեջ էր մշտական տեսադիտարկման և իր պալատում անվտանգության պահակի ներկայության պատճառով: Նա կոնկրետացրել էր, որ Գանգատաբերը տեսախցիկների տեսադաշտից վարագույրով դուրս էր բերվել միայն իր այցերի ժամանակ: Դա տեղի էր ունեցել միայն իր հիշեցումներից հետո: Պահակը մնացել էր պալատում բոլոր բժշկական գործողությունների ընթացքում: Ի վերջո, բժիշկը նշել էր, որ Գանգատաբերը շարունակել է հրաժարվել Ուկրաինայում արյան լաբորատոր անալիզներ կատարելուց, ուստի՝ դիտարկում էր այդ անալիզները Գերմանիայում կատարելու հնարավորությունը:
169. 2012թ. մայիսի 21-ին Կառավարության ներկայացրած միջնորդության հիման վրա 2012թ. մայիսի 31-ին դադարեցվել է 2012թ. մարտի 15-ին կիրառված միջանկյալ միջոցառումը: Նույն օրը մերժվել է միջանկյալ միջոցառում կիրառելու վերաբերյալ Գանգատաբերի 2012թ. ապրիլի 25-ին ներկայացրած երկրորդ միջնորդությունը:
170. 2012թ. հունիսի 1-ին գերմանացի բժիշկը մեկ այլ զեկույց է ներկայացրել Գանգատաբերի բուժման ընթացքի վերաբերյալ, որում ամփոփ շարադրել է բուժման հաջող ընթացքին խանգարող հետևյալ խոչընդոտները.
- Գանգատաբերը նախորդ ութ ամիսներին խորը անվստահություն է կուտակել ուկրաինացի բժիշկների նկատմամբ, քանի որ վերջիններս եղել են քաղաքացիական ծառայողներ, և հրաժարվել է որևէ բուժում ստանալ նրանցից կամ թույլատրել անալիզի համար իրենից արյան նմուշներ վերցնել,
- Անհնար է եղել Գանգատաբերի հետ ունենալ բժիշկ-խնամառու ձևաչափով գաղտնի խոսակցություններ, որոնք պահանջվող բուժման կարևորագույն բաղադրիչներից են, քանի որ մշտապես իրականացվել է տեսադիտարկում և ներկա է եղել անվտանգության պահակը և մեկ այլ բանտարկյալ, ում առնչությունը պետական մարմինների հետ դեռևս անհասկանալի է,
- Հետազոտությունների արդյունքների, ախտորոշումների և բժշկական նշանակումների առումով տեղի են ունեցել գաղտնիության խախտումներ (օրինակ՝ գերմանացի բժիշկների պատրաստած զեկույցները հրապարակվել են ինտերնետում առանց Գանգատաբերի կամ բժիշկների համաձայնության),
- Գանգատաբերը հրաժարվել է ֆիզիկական շփում առաջացնող որևէ բժշկական գործողություններից՝ վախենալով համապատասխան տեսագրությունների հրապարակման միջոցով իրեն հանրության աչքերում հեղինակազրկելու հնարավորությունից, և
- Միջմասնագիտական բուժում կազմակերպելը դժվար է եղել՝ հաշվի առնելով բժիշկների լիարժեք թիմ ուղարկելու՝ Չարիտե հիվանդանոցի («Charité Hospital») անկարողությունը:
171. 2012թ. հուլիսի 11-ին Կառավարության ուղարկած նամակի համաձայն, լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունը վերաբերել է Գանգատաբերի սննդակարգին և նրա բժշկական գործողությունների ժամանակացույցին, սակայն չեն պարունակել գաղտնի տեղեկություններ, ի հեճուկս նրա պնդումներին: Կառավարությունը նաև հերքել է դրանցում Գանգատաբերի առողջությանը և նրա հետ իրականացվող բժշկական գործողությունների բնույթին վերաբերող որևէ տեղեկությունների առկայությունը:
172. 2012թ. հունիսի 8-ին Գանգատաբերը վարչական բողոք է ներկայացրել Կիևի շրջանի վարչական դատարան, որում նրա լրացումներ է կատարել 2012թ. օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 21-ին, հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 24-ին: Գանգատաբերը դատարանին խնդրել է. (i) անօրինական ճանաչել Պետական քրեակատարողական ծառայության և Կաչավինսկայի գաղութի պաշտոնյաների գործողությունները, մասնավորապես՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի համաձայն հեռախոսազանգեր կատարելու իր իրավունքի իրականացումը չապահովելը, (ii) Պետական քրեակատարողական ծառայությանը և Կաչավինսկայի գաղութին պարտավորեցնել կատարել քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի պահանջները՝ իրեն ընձեռելով հեռախոսազանգերի իրավունք՝ ներառյալ Պետական երկաթուղու կենտրոնական կլինիկական հիվանդանոցի տարածքում, (iii) անօրինական ճանաչել Պետական քրեակատարողական ծառայության և Առողջապահության նախարարության պաշտոնյաների գործողությունները, մասնավորապես՝ իր և իր առողջական վիճակի վերաբերյալ գաղտնի տեղեկությունների տարածումը, (iv) Առողջապահության նախարարությանը և Պետական քրեակատարողական ծառայությանն արգելել իր և իր առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ տարածել ապագայում, (v) անօրինական ճանաչել Կաչավինսկայի գաղութի և Ներքին գործերի նախարարության Խարկովում գլխավոր վարչության պաշտոնյաների գործողությունները, մասնավորապես՝ Պետական երկաթուղու կենտրոնական կլինիկական հիվանդանոցի իններորդ հարկում տեսախցիկների՝ ներառյալ թաքնված տեսախցիկների տեղադրումը և Գանգատաբերի տեսադիտարկումը, (vi) անօրինական ճանաչել Կաչավինսկայի գաղութի գործողությունները, մասնավորապես՝ Պետական երկաթուղու կենտրոնական կլինիկական հիվանդանոցում Գանգատաբերին նկարահանելը, (vii) Կաչավինսկայի գաղութին և Ներքին գործերի նախարարության Խարկովում գլխավոր վարչությանը պարտավորեցնել որոշման ուժի մեջ մտնելու պահից դադարեցնել տեսադիտարկումը և հանել հսկողության սարքավորումները, որոնք տեղադրված են Պետական երկաթուղու կենտրոնական կլինիկական հիվանդանոցի իններորդ հարկում, որտեղ գտնվում է ինքը, (viii) անօրինական ճանաչել Ներքին գործերի նախարարության Խարկովում գլխավոր վարչության պաշտոնյաների գործողությունները, մասնավորապես՝ հանրային կարգի ապահովմանն ուղղված գործողությունները, այն է՝ քաղաքացիների համար Պետական երկաթուղու կենտրոնական կլինիկական հիվանդանոցի իններորդ հարկի հասանելիությունը սահմանափակող արգելափակոցների տեղադրումը, և (ix) անօրինական ճանաչել Կաչավինսկայի գաղութի պաշտոնյաների գործողությունները, մասնավորապես՝ Պետական երկաթուղու կենտրոնական կլինիկական հիվանդանոցում անվտանգության արական սեռի աշխատողների տրամադրելը:
173. 2012թ. հոկտեմբերի 30-ի դատավճռով Կիևի շրջանի վարչական դատարանը մերժեց Գանգատաբերի վարչական բողոքը: Գանգատաբերի առողջական վիճակին վերաբերող գաղտնի տեղեկությունների տարածման մասին Գանգատաբերի բողոքի կապակցությամբ դատարանը նշեց հետևյալը.
«Ուկրաինայի առողջապահության նախարարությունը ժխտում է հայցադիմումի այս մասն այն հիմքով, որ հայցվորի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները հրապարակային են՝ պայմանավորված տեղեկատվության սոցիալական հնչեղությամբ, որի նպատակը հենց եղել է հանրային անձի կյանքի և գործունեության կարևոր փաստերի մասին հանրությանը տեղեկացնելը: Պատասխանողը նշել է, որ 16.02.2012թ. մամլո հաղորդագրությունը տեղեկություններ է պարունակում ստեղծված հանձնաժողովի գործունեության և աշխատանքի արդյունքների մասին: Առողջապահության նախարարությունը պնդել է նաև, թե Նախարարի հայտարարությունը նախկինում արդեն լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություն է:
...
Ուկրաինայի պետական քրեակատարողական ծառայությունը ժխտում է վերոհիշյալ տեղեկությունների բացահայտման անօրինական լինելը՝ հղում կատարելով այն փաստին, որ այդ տեղեկությունները հրապարակվել են լրատվամիջոցներում և ինտերնետում հրապարակված հայտարարությունը հերքելու նպատակով: Մասնավորապես, պատասխանողը նշել է, որ ինտերնետում 25.11.2011թ., 01.12.2011թ., 08.12.2011թ., 13.02.2012թ., 17.02.2012թ., 27.02.2012թ., 09.03.2012թ. և 23.03.12թ. հրապարակված տեղեկությունները վերաբերել են հայցվորի առողջական վիճակին և հայցվորի առողջական վիճակի մասին պատասխանողին ուղղված՝ քաղաքացիների, պատգամավորների և օտարերկրյա դիվանագետների կոչին:
...
Ուսումնասիրելով կողմերի ներկայացրած նյութերը, դատարանը եզրակացնում է, որ առողջական վիճակին և հայցվորի բուժմանն առնչվող կոչին վերաբերող տեղեկություններն առաջինը տարածել են հայցվորի կողմից լիազորված անձինք:
Մասնավորապես, գործի նյութերը պարունակում են 31.03.2011թ. թիվ 165 համարով գրանցված լիազորագրի պատճենը, որը հայցվորը տվել է պրն. Սերգի Վոլոդիմիրովիչ Վլասենկոյին: Այդ լիազորագրով հայցվորը լիազորում է նշված անձին՝ իր անունից կատարելու դատավարական գործողություններ:
Բացի դրանից, գործի նյութերը պարունակում են 17.02.2012թ. ստորագրված և «շահագրգիռ անձանց» հասցեագրված փաստաթղթի պատճենը, որի ուժով Սերգի Վոլոդիմիրովիչ Վլասենկոն և Եվգենիա Օլեքսանդրիվնա Տիմոշենկոն լիազորվել են հաղորդակցվել օտարերկրաց և ուկրաինացի բժիշկների հետ, հայցվորի անունից որոշումներ կայացնել բժշկական հետազոտությունների տվյալները և արդյունքներն ամբողջովին կամ մասամբ գաղտնազերծելու՝ ներառյալ հանրությանը հրապարակելու և այդ տեղեկություններին և տվյալներին առնչվող ցանկացած այլ գործողություն կատարելու վերաբերյալ: Փաստաթղթի այդ պատճենը պարունակում է «Տիմոշենկո» ստորագրությունը և այդ ստորագրության վերծանումը:
Փաստաթղթի վերոհիշյալ պատճենը հայցվորի ներկայացուցիչ Ս. Վ. Վլասենկոյի միջնորդության հիման վրա 30.07.2012թ. դատական նիստի ընթացքում ավելացվել է գործի նյութերին:
Գործի նյութերով հաստատվում է, որ հայցվորի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները տարածվել են վերոհիշյալ անձանց կողմից, ովքեր 2011թ. նոյեմբերից սկսած դրա համար լիազորված են եղել հայցվորի կողմից:
Հաշվի առնելով, որ տեղեկությունները տարածվել են հայցվորի լիազոր ներկայացուցիչների կողմից, ում հետ հայցվորը շարունակում է աշխատել՝ չդադարեցնելով 31.03.2011թ. լիազորագիրը, որը գրանցված է թիվ 165 համարով, և քանի որ տեղեկություններ տարածելու իրավունքի դադարեցման մասին ծանուցում չի ստացվել, դատարանը եզրակացնում է, որ Յ. Տիմոշենկոյի առողջական վիճակի և բուժօգնության դիմելու փաստի վերաբերյալ տեղեկությունների տարածումը համաձայնեցվել է նրա հետ և չի խախտել նրա օրինական իրավունքները և շահերը՝ ներառյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքները:
...
Դատարանը համոզված է, որ Յուլիա Տիմոշենկոյի լիազոր ներկայացուցիչների կողմից հայցվորի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունների տարածումը հանրային լայն արձագանք է գտել և երկրում և արտերկրում բարձրացրել է հանրային հետաքրքրության մակարդակը, քանի որ տկն. Յուլիա Վոլոդիմիրիվնա Տիմոշենկոն 1999-2011 թվականների Ուկրաինայի հայտնի քաղաքական և հանրային գործիչներից է:
...
Ուստի, այս փաստերի ամբողջությունը հիմք է տալիս կարծելու, որ տկն. Յուլիա Վոլոդիմիրիվնա Տիմոշենկոն քաղաքական գործիչ է Ուկրաինայի սոցիալ-քաղաքական կյանքում, ում կյանքի և գործունեության նկատմամբ բարձր հետաքրքրություն կա հանրության և լրատվամիջոցների շրջանում՝ թե՜ Ուկրաինայում, թե՜ այլ երկրներում:
Դատարանը գտնում է, որ պատասխանողները բժշկական հետազոտությունից հրաժարվելու դեպքերի և կալանքի պայմանների մասին տեղեկությունները տարածել են «Տեղեկատվության ազատության մասին» Ուկրաինայի օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, որով նախատեսվում է, որ սահմանափակ շրջանառության ենթակա տեղեկատվությունը կարող է տարածվել, եթե դա հասարակայնորեն անհրաժեշտ է, առկա է հանրային հետաքրքրություն, և այդ տեղեկությունն իմանալու՝ հանրության իրավունքը գերակայում է դրա տարածման հետևանքով հնարավոր վնասի նկատմամբ:
...
Ընդ որում, պատասխանողները տեղեկություններ չեն տարածել հայցվորի ախտորոշման, նրա հետազոտության արդյունքների կամ նշանակված բժշկական գործողությունների մասին, և տարածված տեղեկությունները չեն պարունակել որևէ անուններ կամ այլ նշաններ, որոնցով հնարավոր կլիներ իմանալ հայցվորի հիվանդության մասին:
Ուսումնասիրելով հրապարակումները, որոնք ավելացվել էին պատասխանողի առարկություններին, դատավորների կազմը եզրակացրեց, որ պատասխանողների կողմից տեղեկությունների տարածումը չի գերազանցել այն շրջանակը, որը նախապես ուղղակիորեն սահմանել էին հայցվորի լիազոր ներկայացուցիչները և լրագրողները, ովքեր հրապարակայնորեն համարժեք հայտարարություններ և մեկնաբանություններ են անում տկն. Յուլիա Վոլոդիմիրիվնա Տիմոշենկոյի առողջության և հիվանդանոցում նրա բնակության հանգամանքների մասին: Դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից իր պահանջների հիմնավորման համար նշված տեղեկությունները տրամադրվել են պատասխանողների կողմից՝ արձագանքելով հայցվորի ներկայացուցիչների նախնական մեկնաբանություններին, և նպատակ են ունեցել հանրությանը տեղեկացնել օբյեկտիվ իրավիճակի մասին՝ ներառյալ տկն. Յուլիա Վոլոդիմիրիվնա Տիմոշենկոյի ներկայացուցիչների մեկնաբանություններին տրված պատասխանները:
Հաշվի առնելով հայցվորի մասին տեղեկությունների հրապարակմամբ հայցվորի շահերին պատճառված վնասը, Դատարանը եզրակացնում է, որ առողջության մասին տեղեկությունների տարածումը չի կարող համարվել միջամտություն մասնավոր կյանքին կամ տեղեկատվության բացահայտում»:
Դատարանը գտավ, որ հայցվորի հանգամանքներին վերաբերող տեղեկությունների՝ ներառյալ հայցվորի նկատմամբ չկատարված (մասնավորապես՝ նրա մերժման հետևանքով չկատարված) գործողությունների մասին տեղեկությունների տարածումը չի խախտում հայցվորի իրավունքները:
174. Պատասխանելով հիվանդանոցում տեսադիտարկման անօրինականության մասին Գանգատաբերի բողոքին, դատարանը տվեց հետևյալ պատճառաբանությունը.
«Ուկրաինայի քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն, գաղութի վարչակազմն իրավասու է տեսալսողական, էլեկտրոնային կամ այլ տեխնիկական սարքեր օգտագործել փախուստը և այլ հանցագործությունները, օրենքով սահմանված կալանքի ընթացակարգերի խախտումները կանխելու, ազատազրկվածների վարքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով: Գաղութի վարչակազմը պարտավոր է բանտարկյալներին տեղեկացնել դիտարկման և հսկողության նպատակով սարքերի օգտագործման մասին: Դիտարկման և հսկողության սարքերի ցանկը և դրանց կիրառության կարգը սահմանվում են քրեակատարողական հիմնարկների կենտրոնական գործադիր մարմնի կանոնակարգերով:
Դատական կազմը գտնում է, որ օրենքի նորմը թույլատրում է դատապարտյալների տեսադիտարկումը, որը կալանքի և դատապարտյալի վարքի հսկողության միջոցառումներից է: Դատապարտյալների իրավունքների այդպիսի սահմանափակումները նախատեսված են Ուկրաինայի քրեական օրենսգրքով:
Բժշկական գործողությունների ընթացքում անվտանգության արական սեռի աշխատողների կողմից հսկվելու և տեսագրվող կադրերի միջոցով հսկվելու մասին դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացրած պնդումները չեն ապացուցվել: Այս առումով դատական կազմը հաշվի է առել 22.10.2012 թվականի թիվ 26 փորձագիտական եզրակացությունը, որի համաձայն «Тимошенко в больнице.flw»[2] ֆայլը, որը հետազոտության համար տրամադրվել է Ուկրաինայի պետական քրեակատարողական ծառայության կողմից, տեսաժապավենի վրա ձայնագրված չի եղել:
Հաշվի առնելով դա, դատական կազմը հանգում է այն եզրակացության, որ պատասխանողների կողմից կատարված տեսադիտարկման գործողություններն օրինական են եղել:
Ինչ վերաբերում է Ներքին գործերի նախարարության Խարկովում գլխավոր վարչության տրամադրած տեսադիտարկմանը, դատարանը համարում է, որ հաշվի առնելով վերոհիշյալ պատասխանողի տեղադրած տեսախցիկների դիրքը, հայցվորը չի գտնվում Խարկովի շրջանում Ուկրաինայի ՆԳՆ-ի տեսադիտարկման ներքո: Հանրային կարգը պաշտպանելու նպատակով պատասխանողի կողմից իրականացվող տեսադիտարկումը չի խախտում հայցվորի իրավունքները և բավարարում է գործող օրենսդրության պահանջները:
Դատական կազմը գտնում է, որ անսահմանափակ թվով անձանց՝ ներառյալ հայցվորի տեղաշարժի տեսադիտարկումը հիվանդանոցի միջանցքներում կատարվում է օրինական կարգով և չի խախտում հայցվորի իրավունքները:
Դատարանը եզրակացնում է, որ Ներքին գործերի նախարարության Խարկովի շրջանում գլխավոր վարչության գործողությունները՝ ուղղված քաղաքացիների համար Պետական երկաթուղու կենտրոնական կլինիկական հիվանդանոցի իններորդ հարկի հասանելիությունը սահմանափակող արգելափակոցների տեղադրմանը, չի խախտում հայցվորի իրավունքները, քանի որ հայցվորի տեղաշարժը սահմանափակված է՝ պայմանավորված նրա՝ որպես դատապարտյալի կարգավիճակով: Ուստի, հայցվորի ազատ տեղաշարժի իրավունքը հիվանդանոցի իր սենյակի տարածքով սահմանափակելը բացառում է հայցվորի համար տվյալ հարկաբաժնի սահմանափակ հասանելիությամբ պայմանավորված խախտումը»:
II. ՎԵՐԱԲԵՐԵԼԻ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
175. Քրեական օրենսգիրքը (2001թ.)
Հոդված 364. Իշխանության կամ պաշտոնի չարաշահումը
«1. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը կամ իշխանությունը չարաշահելը, այն է՝ պաշտոնեական դիրքը կամ իշխանությունը ֆինանսական շահի կամ այլ անձնական շահի կամ երրորդ անձանց շահի համար ծառայության շահերին հակառակ դիտավորյալ օգտագործելը, որն էական վնաս է պատճառել պետության կամ հանրային շահերին կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց օրինական շահերին, իրավունքներին և ազատություններին, պատժվում է ...
2. Նույն արարքները, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ,
պատժվում են ...»
Հոդված 365. Իշխանությունը կամ պաշտոնեական լիազորություններն անցնելը
«1. Իշխանությունը կամ պաշտոնեական լիազորություններն անցնելը, այն է՝ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների և իրավասությունների շրջանակից և էական վնաս են պատճառել պետության կամ հանրային շահերին կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց օրինական շահերին, իրավունքներին և ազատություններին
պատժվում է ...
2. Իշխանությունը կամ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ կամ զենք գործադրելով, կամ որը զուգորդվել է նվաստացնող գործողություններով կամ տուժողին ցավ պատճառող գործողություններով, երբ այդ գործողությունները չեն համապատասխանում խոշտանգման շրջանակին,
պատժվում է ...
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված արարքները, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ,
պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:
176. Քրեական դատավարության օրենսգիրքը (1961թ.)
Հոդված 148. Խափանման միջոցներ կիրառելու նպատակը և հիմքերը
«Խափանման միջոցը կիրառվում է կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի կամ դատապարտյալի նկատմամբ՝ նպատակ ունենալով կանխել հետաքննությունից, նախաքննությունից կամ դատարանից նրա թաքնվելու փորձերը, քրեական գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելը կամ հանցավոր գործունեություն ծավալելը, ինչպես նաև՝ նպատակ ունենալով ապահովել դատավարական որոշումների կատարումը:
Խափանման միջոցները կիրառվում են, եթե բավարար հիմքեր կան՝ կարծելու, որ կասկածյալը, մեղադրյալը, ամբաստանյալը կամ դատապարտյալը կփորձի թաքնվել քննությունից կամ դատարանից, կամ չի կատարի դատավարական որոշումները, կամ կխոչընդոտի գործով ճշմարտության բացահայտմանը, կամ կծավալի հանցավոր գործունեություն ... »:
Հոդված 165-2. Խափանման միջոց ընտրելու կարգը
«Նախաքննության փուլում խափանման` ազատազրկում չառաջացնող միջոցն ընտրվում է հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի կողմից:
Եթե հետաքննության մարմինը կամ քննիչը համարում է, որ առկա են հիմքեր նախնական կալանքի համար, ապա նա դատախազի համաձայնությամբ միջնորդություն է ներկայացնում դատարան: Նման միջնորդություն ներկայացնելու իրավունք ունի նաև դատախազը: Խնդիրը քննարկելիս դատախազը պարտավոր է ծանոթանալ նախնական կալանքի հիմքեր պարունակող բոլոր նյութերի հետ, ստուգել ապացույցների օրինական կարգով ձեռք բերված լինելը և դրանց բավարարությունը (կասկածյալի նկատմամբ) մեղադրանք ներկայացնելու համար:
Միջնորդությունը քննարկվում է կասկածյալի կամ մեղադրյալի ձերբակալումից հետո 72 ժամվա ընթացքում:
Եթե միջնորդությունը վերաբերում է ազատության մեջ գտնվող անձին կալանավորելուն, ապա դատավորն իրավասու է որոշում կայացնել կասկածյալին կամ մեղադրյալին ձերբակալելու և դատարան ուղեկցելու մասին: Նման դեպքում կալանավորումը չի կարող գերազանցել 72 ժամը, իսկ եթե տվյալ անձը գտնվում է դատարանի գործունեության տարածքից դուրս, ապա կալանավորումը չի կարող գերազանցել ձերբակալված անձին տվյալ տարածք բերելու պահից հաշված 48 ժամը:
Ստանալով միջնորդությունը՝ դատավորը, ում սույն Օրենսգրքի 16-2 հոդվածի համաձայն հանձնարարվել է տվյալ գործը, պարտավոր է ուսումնասիրել հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի ներկայացրած քրեական գործի նյութերը, հարցաքննել կասկածյալին կամ մեղադրյալին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բացատրություններ ստանալ գործով զբաղվող անձից, լսել դատախազին և պաշտպանին, եթե վերջինս ներկայացել է դատարան, և կայացնել որոշում.
(1) խափանման միջոցի կիրառությունը մերժելու մասին, եթե չկան հիմքեր այն կիրառելու համար,
(2) Կասկածյալի կամ մեղադրյալի նախնական կալանքի ենթարկելու մասին:
Դատարանն անձի նախնական կալանքի մասին որոշումը կայացնում է նրա բացակայությամբ միայն այն դեպքում, երբ անձը միջազգային հետախուզման մեջ է: Նման դեպքերում, անձի ձերբակալությունից հետո, վարույթի իրականացման վայր նրա տեղափոխումից հետո առավելագույնը 48 ժամվա ընթացքում դատարանը տվյալ անձի մասնակցությամբ քննարկում է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ այդ միջոցը փոխելու հարցը և համապատասխանաբար կայացնում է որոշում:
Եթե դատարանը մերժել է կասկածյալին կամ մեղադրյալին նախնական կալանքի տակ վերցնելու մասին միջնորդությունը, այն իրավասու է նրա նկատմամբ կիրառել խափանման` ազատազրկում չառաջացնող միջոց:
Դատարանի որոշումը կարող է կայացվելուց հետո եռօրյա ժամկետում վերաքննիչ դատարանում բողոքարկվել դատախազի, կասկածյալի/մեղադրյալի, նրա պաշտպանի կամ ներկայացուցչի կողմից: Վերաքննիչ բողոք ներկայացնելը չի կասեցնում դատարանի որոշման կատարում:
Եթե նախնական կալանքի համար անհրաժեշտ է ուսումնասիրել ձերբակալվածի անձին վերաբերող լրացուցիչ տեղեկություններ կամ պարզել այդ խնդրով որոշում կայացնելու համար կարևոր այլ հանգամանքներ, ապա դատավորը կարող է երկարաձգել կալանքի ժամկետը մինչև 10 օրով կամ, կասկածյալի/մեղադրյալի միջնորդությամբ՝ մինչև 15 օրով, այդ մասին կայացնելով համապատասխան որոշում: Եթե անհրաժեշտ է այս խնդրով որոշում կայացնել չձերբակալված անձի վերաբերյալ, դատավորը կարող է հետաձգել խնդրի քննարկումը մինչև 10 օրով և միջոցներ ձեռնարկել այդ ընթացքում նրա պատշաճ վարքագիծն ապահովելու ուղղությամբ, կամ՝ որոշում կայացնել այդ ժամանակահատվածում կասկածյալին կամ մեղադրյալին ձերբակալելու մասին»:
Հոդված 274. Դատարանի կողմից խափանման միջոցն ընտրելը, վերացնելը և փոփոխելը
«Գործի քննության ընթացքում դատարանը կարող է որոշում կայացնել ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին, եթե դրա համար առկա են հիմքեր:
Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կարգը սահմանվում է օրենսգրքի 13-րդ գլխի դրույթներով»:
177. Պատիժների կատարման մասին օրենսգիրքը (2003թ.)
Հոդված 103. Դիտարկման և հսկողության տեխնիկական միջոցները
«1. Գաղութի վարչակազմն իրավունք ունի տեսողական, լսողական, էլեկտրոնային և այլ տեխնիկական միջոցների կիրառությամբ կանխել ազատազրկված անձանց փախուստը և նրանց կողմից այլ հանցագործությունները, բանտի կանոնների խախտումները կամ ստանալ ազատազրկված անձանց վարքին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ:
2. Գաղութի վարչակազմը պարտավոր է ազատազրկված անձանց տեղեկացնել դիտարկման և հսկողության տեխնիկական միջոցների օգտագործման մասին:
3. Դիտարկման և հսկողության տեխնիկական միջոցների ցանկը և դրանց օգտագործման կարգը սահմանվում են Ուկրաինայի բանտային ծառայության կանոնակարգերով ... »:
Հոդված 106. Ուժի գործադրման հիմքերը [...]
«1. Ֆիզիկական ուժ ...կարող է գործադրվել ազատազրկված անձանց նկատմամբ ֆիզիկական դիմադրությունը, բռնությունը, անհնազանդությունը և գաղութի վարչակազմի օրինական կարգադրություններին դիմադրությունը հաղթահարելու նպատակով կամ բանտարկյալների կողմից իրենց կամ շրջապատում գտնվող այլ անձանց վնասի պատճառումը կանխելու նպատակով:
2. Եթե հանգամանքները թույլ են տալիս, ապա ուժի գործադրմանը պետք է նախորդի նախազգուշացումը ...
4. Եթե ուժի գործադրումից հնարավոր չէ խուսափել, ապա այն չպետք է գերազանցի պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ չափը, պետք է կատարվի այնպես, որպեսզի հնարավորինս քիչ վնաս պատճառվի, և անհրաժեշտության դեպքում՝ դրանից անմիջապես հետո պետք է ցուցաբերվի բուժօգնություն:
5. Ուժի գործադրման ցանկացած դեպքի մասին պետք է անհապաղ զեկուցել բանտի պետին[3] ...»:
Հոդված 107. Բանտարկյալների իրավունքները և պարտականությունները
«1. Բանտարկյալներն իրավունք ունեն ... ստանալ բժշկական օգնություն և բուժում՝ ներառյալ բժշկական ծառայություններ սեփական միջոցների կամ հարազատների հաշվին ...»:
Հոդված 116. Բժշկական և սանիտարական ծառայությունները բանտարկյալների համար
«... 5. Բանտարկյալներն իրավունք ունեն սեփական միջոցների կամ հարազատների հաշվին ստանալ բժշկական օգնություն՝ ներառյալ բուժում, քաղաքացիական բժշկական հաստատություններից: Այդ դեպքերում բժշկական օգնությունը տրամադրվում է այն գաղութի բուժմասում, որում բանտարկյալը կրում է իր պատիժը, գաղութի բուժաշխատողների հսկողության ներքո»:
178. Առողջապահության մասին օրենքը (1992թ.)
Հոդված 6. Առողջապահության իրավունքը
«Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացի ունի առողջապահության իրավունք, որը ներառում է.
(ա) այնպիսի կենցաղային ստանդարտները՝ ներառյալ սնունդ, հագուստ, կացարան, բժշկական ծառայություններ և խնամք, որոնք անհրաժեշտ են անձի առողջությունը պահպանելու համար,
(բ) որակյալ բժշկական և/կամ սոցիալական աջակցության իրավունք, որը ներառում է բժշկի և/կամ բուժման մեթոդների ազատ ընտրությունը՝ բժշկի խորհուրդներին համապատասխան ...
(ե) ճշգրիտ և ժամանակին տեղեկություններ նրա առողջական վիճակի և բնակչության առողջության վիճակի՝ ներառյալ ռիսկի հնարավոր գործոնների և դրանց ծանրության աստիճանի մասին,
(զ) փոխհատուցումն առողջությանը պատճառված վնասի դիմաց,
(է) անկախ բժշկական հետազոտության հնարավորությունը, եթե անձը չի համաձայնվում պետական բժշկական փորձագետների եզրակացություններին, հարկադիր բուժման արգելքը և անձի իրավունքները և ազատությունները խախտող ցանկացած այլ գործունեության արգելքը...»:
179. Նախնական կալանքի մասին օրենքը (1993թ.)
Հոդված 11. Ազատությունից զրկված անձանց բարօրությունը և բժշկական խնամքը
«Նախնական կալանքի տակ պահվող անձանց համար ապահովվում են կենցաղային պայմաններ, որոնք կհամապատասխանեն սանիտարահիգիենիկ պահանջներին:
Խցի ստանդարտ մեծությունը չի կարող պակաս լինել մեկ անձի հաշվով 2.5 քառակուսի մետրից ...
Նախարարների կաբինետի որոշումների հիման վրա ձերբակալված անձինք իրավունք ունեն ստանալ անվճար սնունդ, անձնական քնելատեղ, մահճակալի պարագաներ և այլ անհրաժեշտ պարագաներ: Համապատասխան դեպքերում նրանց տրամադրվում է հագուստ և կոշկեղեն ...
Առողջապահական և վերականգնողական ծառայությունները ... կազմակերպվում և տրամադրվում են Առողջապահության մասին օրենքին համապատասխան:
Ձերբակալված անձանց առողջապահական ծառայություններ տրամադրելու, հիվանդանոցներից օգտվելու և բժշկական հետազոտություններ անցնելու կարգը սահմանվում է Պաշտպանության նախարարության պետական բանտային ծառայության և Առողջապահության նախարարության կողմից»:
180. «Պետական բանտային ծառայության բանտերում կամ նախնական կալանքի վայրերում, ոստիկանության ժամանակավոր պահման վայրերում, ընդունարաններում և Ներքին գործերի նախարարության ժամանակավոր պահման այլ վայրերում պահվող անձանց սննդի և սնուցման ստանդարտների մասին» Ուկրաինայի նախարարների կաբինետի 1992 թվականի հունիսի 16-ի թիվ 336 որոշմամբ սահմանվում են սնուցման մանրակրկիտ ստանդարտներ կալանավոր և բանտարկված անձանց համար, որոնց համաձայն օրական սննդային արժեքը պետք է լինի 3,026.2 կկալ:
181. Վարչական արդարադատության մասին օրենսգիրքը, 6-ը հուլիսի, 2005թ. (ուժի մեջ է մտել 2005թ. սեպտեմբերի 1-ից).
Հոդված 2. Վարչական արդարադատության համակարգի խնդիրը
«1. Վարչական արդարադատության համակարգի խնդիրը պետք է լինի հանրային-իրավական հարաբերություններում ֆիզիկական անձանց իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանությունը և իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պաշտպանությունը հանրային իշխանության մարմինների խախտումներից ...
2. Հանրային իշխանության մարմինների ցանկացած որոշում, գործողություն կամ անգործություն կարող է բողոքարկվել վարչական դատարանում, բացառությամբ երբ Ուկրաինայի Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսվում է այդ որոշումների, գործողությունների կամ անգործության դատական բողոքարկման այլ ընթացակարգ ...
3. Այն դեպքում, երբ վիճարկվում են հանրային իշխանության մարմնի որոշումները, գործողությունները կամ անգործությունը, դատարաններն ուսումնասիրում են, թե արդյոք վիճարկվող որոշումները և գործողություններն ընդունվել կամ կատարվել են.
...
(6) ողջամտորեն,
...
(8) համաչափորեն, մասնավորապես՝ ապահովելով անհրաժեշտ հավասարակշռությունն անհատի իրավունքների, ազատությունների և շահերի համար հնարավոր ցանկացած անբարենպաստ արդյունքի և վիճարկվող որոշման կամ գործողության հետապնդած նպատակների միջև, ... »:
Հոդված 6. Դատական վերանայման իրավունքը
«1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի դիմել վարչական դատարան սույն Օրենսգրքով նախատեսված կարգով, եթե համարում է, որ հանրային իշխանության մարմինն իր որոշմամբ, գործողություններով կամ անգործությամբ խախտել է իր իրավունքները կամ շահերը ... »:
Հոդված 8. Իրավունքի գերակայությունը
«1. Գործը քննելիս դատարանը պարտավոր է առաջնորդվել իրավունքի գերակայության սկզբունքով, որով, մասնավորապես, նախատեսվում է, որ մարդը և նրա իրավունքները և ազատությունները պետք է հասարակական բարձրագույն արժեք լինեն և կանխորոշեն պետության գործունեության էությունը և կողմնորոշումը:
2. Դատարանը կիրառում է իրավունքի գերակայության սկզբունքը՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպը ... »:
Հոդված 17. Վարչական դատարանների իրավազորությունը վարչական գործերը լուծելիս
«1. Վարչական դատարանների իրավազորությունը տարածվում է բոլոր այն իրավահարաբերությունների վրա, որոնք ծագում են հանրային իշխանության մարմինների կողմից հանրային վարչական լիազորություններ իրականացնելու ընթացքում ... , ինչպես նաև այն իրավահարաբերությունների, որոնք ծագում են ընտրության կամ հանրաքվեի միջոցով հանրային իշխանության մարմնի ... հանրային ձևավորման ընթացքում:
2. Վարչական դատարանների իրավազորությունը ներառում է հանրային-իրավական վեճերը, մասնավորապես.
(1) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց և ... հանրային իշխանության մարմինների վեճերը՝ կապված վերջիններիս որոշումների (նորմատիվային իրավական ակտերի կամ անհատական իրավական ակտերի) կամ նրանց գործողությունների կամ անգործության հետ ... »:
117-րդ հոդվածի համաձայն, վարչական դատարանն իրավասու է կասեցնել վիճարկվող որոշումը` վարույթի մասնակցի միջնորդությամբ կիրառելով միջանկյալ միջոց: Միջոցը կարող է կիրառվել, եթե առկա է հայցվորի իրավունքներին, ազատություններին և շահերին վնաս պատճառելու իրական վնաս, կամ եթե հիմքեր կան՝ կարծելու, որ տվյալ միջոցը չկիրառելու դեպքում անհնար կդառնա այդ իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանությունը կամ զգալի ջանքեր և ծախսեր կպահանջվեն դրանք վերականգնելու համար: Միջանկյալ միջոցը կարող է կիրառվել նաև այն դեպքում, երբ ակնհայտ է, որ վիճարկվող որոշումն անօրինական է:
Օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն, վարչական դատարանը վարչական բողոքը հիմնավոր ճանաչելու դեպքում կարող է (ի թիվս այլ գործողությունների) անօրինական ճանաչել բողոքարկված որոշումը, բացթողումը կամ գործողությունը, անվավեր ճանաչել այն և/կամ պատասխանողին պարտավորեցնել՝ կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու դրանց կատարումից: Այն կարող է նաև պատասխանողին պարտավորեցնել փոխհատուցում վճարել անօրինական գործողությամբ, բացթողմամբ կամ որոշմամբ պատճառված վնասի դիմաց:
182. Ապօրինի ազատազրկման դիմաց փոխհատուցման խնդիրն Ուկրաինայում կարգավորվում է «Հետաքննության և նախաքննության մարմինների, դատախազության և դատարանների անօրինական գործողությունների հետևանքով քաղաքացիներին պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին» 1994թ. դեկտեմբերի 1-ի օրենքով («Պետական փոխհատուցման մասին օրենք»): Պետական փոխհատուցման մասին օրենքի համապատասխան դրույթները (որոնք գործում էին ժամանակի այդ պահին) արտացոլված են Afanasyev-ն ընդդ. Ուկրաինայի (թիվ 38722/02, պարբ. 52, 5-ն ապրիլի, 2005թ.) և Klishyn-ն ընդդ. Ուկրաինայի (թիվ 30671/04, պարբ. 49-50, 23-ը փետրվարի, 2012թ.) գործերով կայացված դատավճիռներում:
III. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՎԵՐԱԲԵՐԵԼԻ ՆՅՈՒԹԵՐԸ
183. Եվրոպական բանտային կանոնների մասին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ անդամ պետություններին ուղղված թիվ Rec(2006) 2 հանձնարարականի համապատասխան կետերով նախատեսվում է հետևյալը.
«...
4. Բանտերի այն պայմանները, որոնք խախտում են բանտարկյալների մարդու իրավունքները, չեն կարող արդարացվել միջոցների անբավարարությամբ:
...
10.1 Եվրոպական բանտային կանոնները կիրառելի են այն անձանց նկատմամբ, ովքեր նախնական կալանքի են ենթարկվել իրավասու դատական մարմնի կողմից կամ զրկվել են ազատությունից դատապարտվելուց հետո:
...
18.1 Բանտարկյալներին տրամադրվող կացարանը, մասնավորապես՝ քնելու բոլոր հարմարությունները, պետք է հարգալից լինեն մարդու արժանապատվության և հնարավորինս նաև՝ մասնավոր կյանքի մեկուսիության նկատմամբ, ինչպես նաև՝ բավարարեն առողջության և հիգիենայի պահանջները՝ հաշվի առնելով բնակլիմայական պայմանները, հատկապես՝ տարածքի մակերեսը, օդի խորանարդային պարունակությունը, լուսավորությունը, ջեռուցումը և օդափոխությունը:
18.2 Բոլոր այն շենքերում, որոնցում բանտարկյալները պետք է ապրեն, աշխատեն կամ հավաքվեն.
ա. Պատուհանները պետք է բավականաչափ մեծ լինեն, որպեսզի բանտարկյալներին հնարավորություն ընձեռեն ընթերցել կամ աշխատել բնական լույսով, բնականոն պայմաններում, ինչպես նաև՝ հնարավոր լինի թարմ օդի ներթափանցումը, բացառությամբ երբ գործում է օդալավորակման համարժեք համակարգ,
բ. Արհեստական լուսավորությունը պետք է համապատասխանի սահմանված տեխնիկական չափանիշներին, և
...
18.3 Վերոհիշյալ 1-ին և 2-րդ կետերով նախատեսված խնդիրներին առնչվող որոշակի նվազագույն պահանջները պետք է սահմանվեն ազգային օրենսդրությամբ:
18.4 Ազգային օրենսդրությամբ պետք է նախատեսվեն այնպիսի մեխանիզմներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի բանտերի գերբնակեցման պարագայում կանխել վերոհիշյալ նվազագույն պահանջների խախտումը:
...
19.3 Բանտարկյալներին պետք է անմիջականորեն հասանելի լինեն սանիտարական հանգույցները, որոնք պետք է հիգիենիկ լինեն և ապահովեն մեկուսիությունը:
19.4 Համարժեք պայմաններ պետք է ապահովվեն, որպեսզի յուրաքանչյուր բանտարկյալ կլիմային համապատասխան ջերմաստիճանով ցնցուղ կամ լոգանք ընդունի, հնարավորության դեպքում՝ ամեն օր, սակայն առնվազն շաբաթը երկու անգամ (իսկ եթե անհրաժեշտ է, ապա՝ ավելի հաճախ)՝ ելնելով ընդհանուր հիգիենայի շահերից:
...
21. Յուրաքանչյուր բանտարկյալի պետք է տրամադրել առանձին մահճակալ, առանձին և պատշաճ մահճակալային պարագաներ, որոնք պետք է պահվեն պատշաճ վիճակում և փոխվեն մաքրությունն ապահովելու համար անհրաժեշտ բավարար հաճախականությամբ:
22.1 Բանտարկյալներին պետք է տրամադրվեն սննդարար կերակուրներ՝ հաշվի առնելով նրանց տարիքը, առողջությունը, ֆիզիկական վիճակը, կրոնը, մշակույթը և նրանց աշխատանքի բնույթը:
22.2 Սննդարար սննդակարգի պահանջները, ներառյալ՝ դրա նվազագույն էներգետիկ պարունակությունը և սպիտակուցային պարունակությունը, պետք է սահմանված լինեն ազգային օրենսդրությամբ:
22.3 Սնունդը պետք է պատրաստվի և մատուցվի հիգիենայի նորմերին համապատասխան:
22.4 Օրվա ընթացքում պետք է լինեն երեք կերակուրներ՝ ողջամիտ ժամանակային միջակայքերով:
...
27.1 Յուրաքանչյուր բանտարկյալի պետք է օրվա ընթացքում առնվազն մեկ ժամ բացօթյա զբոսանքի հնարավորություն ընձեռել, եթե եղանակը թույլ է տալիս:
... »:
184. Խոշտանգման և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) կողմից 2009թ. սեպտեմբերի 9-ից մինչև 21-ն Ուկրաինա կատարած այցելության վերաբերյալ Ուկրաինայի կառավարությանը ներկայացված զեկույցի (հրապարակվել է 2011թ. նոյեմբերի 23-ին) համապատասխան կետերում գրված է հետևյալը.
«5. Բանտերում պահվող անձանց կալանքի ընդհանուր պայմանները
ա. Մինչդատական կալանքի վայրեր (քննչական մեկուսարաններ)
i) Կիևի քննչական մեկուսարանը
100. Կիևի քննչական մեկուսարանը շինությունների համալիր էր զբաղեցնում Կիևի կենտրոնական շրջաններից մեկում: Մեկուսարանի շինություններից մի քանիսը կառուցվել էին մոտ 140 տարի առաջ: Չափսերով ավելի փոքր և ավելի ուշ շրջանում կառուցված երեք մասնաշենքերում բնակվում էին աշխատող դատապարտյալները, կանայք և անչափահասները: Կանանց նոր մասնաշենքը շինարարության փուլում էր, սակայն այդ գործընթացը միջոցների անբավարարության պատճառով գրեթե դադարել էր:
Պաշտոնապես ունենալով 2,950 տեղի լրակազմ, հաստատությունում 2009թ. սեպտեմբերի 8-ին պահվում էին 3,440 անձինք՝ ներառյալ 217 կանայք և 69 անչափահասներ: Ազատազրկված անձանց ճնշող մեծամասնությունը նախնական կալանքի տակ պահվողներն էին: Հաստատությունում պահվում էին նաև 297 անձինք, ովքեր սպասում էին իրենց վերաքննիչ բողոքի արդյունքին (ներառյալ 41 ցմահ դատապարտյալներ), տարանցիկ փոխադրվող 93 բանտարկյալներ և 100 դատապարտյալներ, ովքեր աշխատանք էին ստացել մեկուսարանի ընդհանուր ծառայություններում և տնտեսական մասում: Ավելին, պահվում էին 11 բանտարկյալներ, ովքեր դատահոգեբուժական փորձաքննության էին ենթարկվել և սպասում էին իրենց քրեական պատասխանատվության ենթարկվելու մեղսունակության վերաբերյալ վերջնական որոշմանը: Բանտում պահվում էին նաև 210 օտարերկրացիներ (նրանցից 170-ն Անկախ պետությունների համագործակցության պետություններից էին):
2001 թվականին քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններից ի վեր ստեղծվել էր «կալանքի տուն» անվանմամբ մասնաշենքը, որը նախատեսված էր առաջին անգամ և մինչև 6 ամիս ժամկետով դատապարտված իրավախախտողների համար:
...
103. Կանանց մասնաշենքում նյութական պայմանները մի փոքր ավելի լավն էին (տղամարդկանց մասնաշենքի համեմատությամբ): Մասնավորապես, խցերն ավելի քիչ էին գերբնակեցված (օրինակ՝ 6 ազատազրկված անձինք էին պահվում 8 քառակուսի մետր մակերեսով խցում, 16 բանտարկյալներ էին պահվում 27 քառակուսի մետր մակերեսով խցում): Խցերում բավարար չափով հասանելի էր բնական լուսավորությունը, սակայն օդափոխությունն անբավարար էր, և բանտարկյալները բողոքում էին ամռան սաստիկ շոգից: Ներխցային սանիտարական հանգույցները լիովին առանձնացված էին և կահավորված էին թե՜ տաք, թե՜ սառը ջրի ծորակներով: Խցերից մի քանիսի ներսը զարդարվել էր հենց բանտարկյալների կողմից և որոշակիորեն նմանվում էր սովորական տան ներսին:
...
104. Աշխատող դատապարտյալների մասնաշենքը կալանքի պայմաններով գերազանցում էին մյուս մասնաշենքերը: Հանրակացարանները բավարար չափով լուսավորված էին, լավ օդափոխվում էին և մաքուր էին: Դրանք համարժեքորեն կահավորված էին (մահճակալներ, սեղաններ և աթոռներ կամ նստարաններ, որոշ դարակներ և պահարաններ), և բանտարկյալները կարող էին սեփական ռադիոն կամ հեռուստացույցն ունենալ: Ավելին, մասնաշենքը ներառում էր մարզադահլիճ, ընդարձակ «ակումբ», որտեղ բանտարկյալները կարող էին ֆիլմեր դիտել և սեղանի թենիս խաղալ, և մատուռ:
105. Բանտն օճառից զատ անձնական հիգիենայի պարագաներ չէր տրամադրում բանտարկյալներին: Ինչպես նշված է 88-րդ կետում, ցնցուղի հասանելիությունը սահմանափակվում էր շաբաթը մեկ անգամով:
Ինչ վերաբերում է սննդին, ապա բանտարկյալներին օրական տրամադրվում էր երեք կերակուր: Սննդի քանակն ըստ երևույթին բավարար էր, սակայն բանտարկյալներից շատերը բողոքում էին դրա ցածր որակից և բազմազանության պակասից: Մասնավորապես, չկար թարմ միրգ, ձու կամ կաթ (ոչ անգամ անչափահաս բանտարկյալների համար): Սննդակարգը լրացնելու նպատակով բանտարկյալները մեծապես կախված էին ընտանիքի անդամների հանձնուքներից և բանտի կրպակից կատարվող գնումներից:
...
Քննչական մեկուսարանն ուներ գրադարան՝ մոտ 27,000 գրքերի հավաքածուով: Պատվիրակությունը զարմանքով տեղեկացավ, որ նախնական կալանքի տակ պահվող անձանց չէր թույլատրվում դրսից ստանալ գրքեր (բացառությամբ Աստվածաշնչի) կամ թերթեր: ԽԿԿ-ն կցանկանար այս արգելքի վերաբերյալ ստանալ Ուկրաինայի իշխանությունների մեկնաբանությունները:
Կանոնավոր կերպով խցից դուրս կատարվող միակ գործողությունն օրը մեկ ժամ տևող բացօթյա զբոսանքն էր, որը տեղի էր ունենում կացարանային շինությունների տանիքին գտնվող մի շարք զբոսահրապարակներում: Դրանց չափերը և կառուցվածքն այնպիսին էին, որ բարձր պատերով շրջապատված այդ դատարկ տարածքներում (16-ից մինչև 60 քառակուսի մետր մակերեսով) բանտարկյալներն ի վիճակի չէին ֆիզիկապես մարզվել:
ԽԿԿ-ն Ուկրաինայի իշխանություններին խորհուրդ է տալիս Կիևի քննչական մեկուսարանում պահվող ազատազրկված անձանց համար լուրջ ջանքեր գործադրել խցից դուրս կազմակերպված զբաղվածություն (աշխատանք, ժամանց/շփումներ, կրթություն, սպորտ) ապահովելու ուղղությամբ: Ավելին, Կոմիտեն խորհուրդ է տալիս քայլեր ձեռնարկել առավել պատշաճ՝ բանտարկյալներին ֆիզիկապես մարզվելու հնարավորություն ընձեռող զբոսահրապարակներ, ինչպես նաև բացօթյա և ներշենքային մարզատարածքներ կառուցելու ուղղությամբ:
...
6. Առողջապահությունը
ա. Ներածություն
123. 2009 թվականի այցելության ընթացքում պատվիրակությունը տեղեկացվեց բանտարկյալների առողջապահությունն Առողջապահության նախարարության փոխանցելու հնարավորությունն ուսումնասիրելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկի մասին: ԽԿԿ-ն կարող է ընդամենը քաջալերել այդ նախաձեռնությունը, որը համահունչ է 1998 թվականի այցելության զեկույցի 142-րդ կետում արված մեկնաբանություններին, մասնավորապես՝ այն մասին, որ բանտերում առողջապահական ծառայությունների մատուցմանն Առողջապահության նախարարության մասնակցության ավելացումը կնպաստի բանտարկյալներին առողջապահական լավագույն ծառայությունների մատուցմանը և դրսի հասարակությունում մատուցվող առողջապահական ծառայություններին համարժեք ծառայություններ մատուցելու ընդհանուր սկզբունքի իրագործմանը: Կոմիտեն ցանկանում է տեղեկանալ վերոհիշյալ առաջարկի կապակցությամբ իրականացված միջոցառումների մասին:
Այս համատեքստում ԽԿԿ-ն ցանկանում է նաև ընդգծել բանտերի բուժաշխողների մասնագիտական վերապատրաստումը շարունակելու անհրաժեշտությունը՝ նպատակ հետապնդելով օժանդակել նրանց կողմից իրենց պարտականությունների բավարար կատարմանը: Կոմիտեն ցանկանում է տեղեկանալ այս ոլորտում պետության քաղաքականության վերաբերյալ:
124. ԽԿԿ-ի կողմից Ուկրաինա կատարած նախորդ այցելությունների զեկույցները մի շարք հանձնարարականներ, մեկնաբանություններ և տեղեկատվության հարցումներ են պարունակում բանտարկյալներին մատուցվող առողջապահական ծառայությունների ոլորտում: Չնայած Ուկրաինայի իշխանությունների կողմից վերջին տարիներին գործադրված ջանքերին և այցելված քրեակատարողական հիմնարկների բուժաշխատողների բարի կամքին և նվիրումին, առողջապահական ծառայությունների մատուցումն բանտարկյալներին շարունակում է խնդրահարույց մնալ՝ պայմանավորված կադրերի, պայմանների և միջոցների անբավարարությամբ: Այցելության ընթացքում պատվիրակությունը մի շարք բողոքներ լսեց այցելված հիմնարկներում պահվող բանտարկյալներից բժշկին տեսակցելու ձգձգումների, դեղորայքի անբավարարության և բուժօգնության անբավարար որակի մասին»:
185. Խոշտանգման և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) կողմից 2011թ. նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբեր 6-ն Ուկրաինա կատարած այցելության վերաբերյալ Ուկրաինայի կառավարությանը ներկայացված զեկույցի (2011 [CPT/Inf (2012) 30) համապատասխան կետերում գրված է հետևյալը.
«... 48. Այս այցելության կապակցությամբ, նաև՝ վերջերս ԽԿԿ-ի ստացած տեղեկությունների լույսի ներքո, պատվիրակությունը մանրամասնորեն ուսումնասիրեց նաև Կիևի քննչական մեկուսարանում պահվող որոշ բանտարկյալների, մասնավորապես՝ պրն. Վալերի ԻՎԱՇԵՆԿՈՅԻՆ, պրն. Յուրի ԼՈՒՑԵՆԿՈՅԻՆ և տկն. Յուլիա ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻՆ ցուցաբերվող բուժօգնությունը:
Այս առնչությամբ ԽԿԿ-ն ցանկանում է ընդգծել, որ այցելող պատվիրակության անդամների դերը նույնը չէ, ինչ՝ բուժող բժշկինը. նրանց խնդիրն է գնահատել բուժօգնության որակը, մասնավորապես՝ ազատազրկված անձանց համար բուժօգնության հասանելիությունը: Կոմիտեն ցանկանում է նաև հիշեցնել, որ բոլոր բանտարկյալների բուժօգնության պատասխանատուն բանտի ղեկավարությունն է, և հնարավոր բոլոր ջանքերը պետք է գործադրվեն անհապաղ ճշգրիտ ախտորոշում կատարելու և կոնկրետ անձի առողջական վիճակից բխող համարժեք բուժումը բոլոր բանտարկյալներին ցուցաբերելու ուղղությամբ:
ԽԿԿ-ն չի կարող մտահոգություն չհայտնել առ այն, որ վերոհիշյալ երեք անձանցից յուրաքանչյուրի պարագայում քննչական մեկուսարանից դուրս մասնագիտացած բժշկական հետազոտություններ կազմակերպելու հարցում տարբեր պատճառներով տեղի են ունեցել զգալի ձգձգումներ: Կիևի քննչական մեկուսարան, ինչպես նաև՝ Ուկրաինայի այլ քրեակատարողական հիմնարկներ կատարած բոլոր նախկին այցելությունների ժամանակ ԽԿԿ-ն շարունակել է արձանագրել այսօրինակ խնդիրները: Կոմիտեն կոչ է անում Ուկրաինայի իշխանություններին՝ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որպեսզի ապագայում մասնագիտացած բուժման/հետազոտությունների կարիք ունեցող բոլոր բանտարկյալներն առանց անհարկի ձգձգման տեղափոխվեն դրսի հիվանդանոց»:
186. ԽԿԿ-ի վերոհիշյալ զեկույցին Կառավարության պատասխանի (CPT/Inf (2012) 31) համապատասխան կետերում գրված է հետևյալը.
«48-րդ կետի առնչությամբ
Ուկրաինայի արդարադատության նախարարության[4] և Ուկրաինայի առողջապահության նախարարության 10.02.2012թ. վերոհիշյալ թիվ 239/5/104 համատեղ հրամանի համաձայն, ազատությունից զրկված բոլոր անձինք հնարավորություն ունեն անհապաղ մասնագիտացած բուժօգնություն ստանալ Ուկրաինայի առողջապահության նախարարության առողջապահական հաստատություններում:
49-րդ կետի առնչությամբ
Դատապարտյալ տկն. Յուլիա Տիմոշենկոյի առնչությամբ
Կաչանիվսկայի պատժիչ գաղութում (թիվ 54) տկն. Յուլիա Տիմոշենկոյի անցկացրած ժամանակի ընթացքում՝ ներառյալ մինչև 2012թ. մայիսի 9-ը, ստեղծվել են 20 բժշկական հանձնաժողովներ՝ կազմված 20 ակադեմիկոսներից, բժշկական գիտությունների դոկտորներից և թեկնածուներից. 13 դեպքերում նա հրաժարվել է բժշկական հետազոտություններ անցնելուց:
Բացի դրանից, Ուկրաինայի պետական քրեակատարողական ծառայության, Ուկրաինայի առողջապահության նախարարության և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության 10.02.2012թ. «Տկն. Յուլիա Տիմոշենկոյի բժշկական հետազոտության նպատակով օտարերկրյա մասնագետներից կազմված բժշկական հանձնաժողով ստեղծելու և Ուկրաինայի տարածքում դրա գործունեությանն օժանդակելու մասին» թիվ 69/105/40 համատեղ հրամանի համաձայն, ստեղծվել է օտարերկրյա մասնագետներից կազմված միջազգային բժշկական հանձնաժողովը, որը 2012թ. փետրվարի 14-ին և 15-ին իրականացրել է դատապարտյալ Յուլիա Տիմոշենկոյի բժշկական հետազոտությունները և տվել համապատասխան ցուցումներ:
Հարկ է նշել, որ Կաչանիվսկայի պատժիչ գաղութի (թիվ 54) բուժաշխատողներն ամեն օր բժշկական հետազոտություններ են առաջարկել դատապարտյալ Յուլիա Տիմոշենկոյին, որոնք նա դեպքերի մեծ մասում մերժել է: Առաջարկված 284 բժշկական հետազոտություններից մերժվել է 247-ը:
Դատապարտյալ Յուլիա Տիմոշենկոյի բոլոր հանձնաժողովային բժշկական հետազոտությունները կատարվել են բացառապես նրա գրավոր համաձայնության հիման վրա: Դատապարտյալ Յուլիա Տիմոշենկոյի՝ Կաչանիվսկայի պատժիչ գաղութի (թիվ 54) բուժաշխատողների կողմից կատարված բժշկական հետազոտությունները համապատասխանել են կալանավորված և դատապարտված անձանց բուժօգնության ցուցաբերումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին:
2012թ. ապրիլի 20-ին Առողջապահության նախարարության և Պետական քրեակատարողական ծառայության մասնագետների հանձնաժողովը տկն. Յուլիա Տիմոշենկոյին առաջարկել է բուժում շարունակել ՈՒԿՐԶԱԼԻԶՆԻՑԻԱ ընդհանուր բուժհիմնարկի կենտրոնական կլինիկական հիվանդանոցի տարածքում, որում գերմանացի փորձագետների կարծիքով ստեղծված էին առավել բարենպաստ պայմանները տկն. Յուլիա Տիմոշենկոյի վերականգնման համար:
2012թ. ապրիլի [21]-ին հասնելով հիվանդանոց՝ դատապարտյալ Յուլիա Տիմոշենկոն հրաժարվել է նախնական բժշկական զննություն և հետազոտություն անցնել և սկսել վերականգնողական միջոցառումների ընթացքը:
2012թ. ապրիլի [ուղղ.], հաշվի առնելով, որ դատապարտյալ Յուլիա Տիմոշենկոն անուղղակիորեն հրաժարվում է ստորագրել նախնական բժշկական զննության և բժշկական միջամտության համար իրազեկված համաձայնությունը, նա դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձվել Կաչանիվսկայի պատժիչ գաղութ (թիվ 54):
2012թ. մայիսի 4-ին՝ գերմանացի և ուկրաինացի բժիշկների կողմից տկն. Յուլիա Տիմոշենկոյին վերականգնողական միջոցառումների կուրս առաջարկելուց հետո, նա բանավոր համաձայնել է անցնել այդ կուրսն ՈՒԿՐԶԱԼԻԶՆԻՑԻԱ ընդհանուր բուժհիմնարկի կենտրոնական կլինիկական հիվանդանոցի տարածքում՝ գերմանական [Շ]արիտե կլինիկայի մասնագետների հսկողության ներքո:
2012թ. մայիսի 9-ին տկն. Յուլիա Տիմոշենկոն ընդունվել է վերոհիշյալ բուժհիմնարկ գերմանական [Շ]արիտե կլինիկայի մասնագետների հսկողության ներքո վերականգնողական միջոցառումների կուրս անցնելու նպատակով ... »:
IV. ՎԵՐԱԲԵՐԵԼԻ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ
187. ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի կողմից Ուկրաինայի վերաբերյալ հրապարակված՝ Երկրում մարդու իրավունքների և գործելակերպի վերաբերյալ զեկույցի համապատասխան կետերում գրված է հետևյալը.
«Նոյեմբերի 4-ին նոր գլխավոր դատախազի նշանակումից հետո կտրուկ ավելացել են ընդդիմադիր քաղաքական գործիչներին ներկայացված մեղադրանքները՝ առաջացնելով Յանուկովիչի կառավարության կողմից ընտրողական և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քրեական հետապնդումների տպավորություն: Նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դատախազները պաշտոնի չարաշահման և/կամ պաշտոնավարման ընթացքում պետական միջոցների չարաշահման մեղադրանք են ներկայացրել նախկին վարչապետ Յուլիյա Տիմոշենկոյին և նրա կառավարության ավելի քան 8 բարձրաստիճան անդամներին: Դատախազների կողմից մեղադրյալների հարցաքննությունը, որը հաճախ տևել է մի քանի օր՝ օրական մի քանի ժամ միանգամից, ինչպես նաև՝ որոշ դեպքերում գրավով ազատ արձակելու միջնորդությունների մերժումն էլ ավելի են խորացրել քրեական հետապնդման՝ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված լինելու տպավորությունը (տե՜ս 4-րդ բաժինը): Կառավարությունը պնդել է, թե քրեական հետապնդումներն ընդդիմությանը չեն թիրախավորել, և որ բազմաթիվ գործեր են քննվելիս եղել նաև իշխող կուսակցության անդամների նկատմամբ: Սակայն դրանք, սակավաթիվ բացառություններով, ոչ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ են եղել»:
188. 2011թ. հունիսի 9-ին Եվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց Ուկրաինայի, մասնավորապես՝ Յուլիա Տիմոշենկոյի և նախկին կառավարության այլ անդամների գործերի մասին: Բանաձևի տեքստի համապատասխան կետերում գրված է հետևյալը.
«Եվրոպական խորհրդարանը,
... Է. Հաշվի առնելով, որ նախնական կալանքի տակ են Տիմոշենկոյի կառավարության 12 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ներառյալ ... արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ Եվհեն Կորնիյչուկը, ով ձերբակալվել է 2010թ. դեկտեմբերի 22-ին իրավաբանական ծառայությունների մատուցման պետական գնումների ընթացակարգի առնչությամբ օրենքը խախտելու մեղադրանքով, ...
Թ. Հաշվի առնելով, որ Լուցենկոյի և Կորնիյչուկի դատավարությունների վերաբերյալ Դանիայի մարդու իրավունքների հելսինկյան կոմիտեի նախնական զեկույցում թվարկվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի լայնածավալ խախտումներ, ...
1. Ընդգծում է քննության, քրեական հետապնդման և դատավարության առավելագույն թափանցիկությունն ապահովելու կարևորությունը և զգուշացնում, որ քրեական օրենսդրությունը չպետք է որպես գործիք օգտագործել քաղաքական նպատակների հասնելու համար,
2. Մտահոգություն է հայտնում Ուկրաինայի քաղաքական ընդդիմության գործիչների նկատմամբ ընտրողական քրեական հետապնդման դեպքերի աճի և կիրառվող անհամաչափ միջոցառումների կապակցությամբ, ...
3. Հիշեցնում է Ուկրաինայի իշխանություններին, որ կառավարության որոշումների համար կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքը չի թույլատրում քրեական հետապնդման ենթարկել կառավարության առանձին անդամներին կոլեգիալ կարգով կայացված որոշումների համար ... »:
ՕՐԵՆՔԸ
I. ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿԸ
189. Դատարանը նկատում է, որ գործի մասին պատասխանող Կառավարությանը ծանուցելուց հետո Գանգատաբերը մի քանի նոր բողոքներ է ներկայացրել:
190. Մասնավորապես, Դատարանի կողմից 2012թ. հունիսի 8-ին ստացված փաստաթղթում Գանգատաբերը բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածների, ինչպես նաև՝ թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի խախտումների վերաբերյալ, որոնք կապված են «Ուկրաինայի միավորված էներգետիկ համակարգեր» ընկերության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու առնչությամբ իր նկատմամբ իրականացված քրեական հետապնդման հետ:
191. Դատարանը գտնում է, որ Գանգատաբերի նոր բողոքներում լրացուցիչ մանրամասներ չեն շարադրվում Դատարանին նրա ներկայացրած այն սկզբնական բողոքների վերաբերյալ, որոնց առնչությամբ կողմերը տվել են իրենց մեկնաբանությունները: Ուստի, Դատարանը համարում է, որ սույն գործի համատեքստում այդ խնդիրներին անդրադառնալը նպատակահարմար չէ (տե՜ս Piryanik-ն ընդդ. Ուկրաինայի, թիվ 75788/01, պարբ. 20, 19-ն ապրիլի, 2005թ.):
II. ԿԱԼԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈՂՈՔԸ
192. Գանգատաբերը նախևառաջ բողոքել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիման վրա՝ Կիևի թիվ 13 քննչական մեկուսարանում իր կալանքի պայմանների վերաբերյալ, որոնք իր պնդմամբ առաջացրել են տվյալ դրույթով արգելված նվաստացուցիչ վերաբերմունք: Բացի դրանից, նա պնդել է, թե իր կալանքի մասին որոշման անժամկետ լինելն իրեն պատճառել է շարունակվող հոգեբանական տառապանք:
193. Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսվում է.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի»:
Ա. Կողմերի ներկայացրած փաստարկները
194. Կառավարությունը պնդել է, թե Գանգատաբերի բողոքները Կիևի թիվ 13 քննչական մեկուսարանում և Կաչավինսկայի[5] գաղութում իր կալանքի պայմաններն ակնհայտորեն անհիմն են: Կառավարությունը պնդել է, թե երկու խցերում Գանգատաբերի կալանքի պայմանները համահուն են եղել 3-րդ հոդվածի չափանիշներին:
195. Գանգատաբերը պնդել է, թե երեք խցերից երկուսում իր կալանքի պայմաններն անընդունելի են եղել՝ պայմանավորված վատ օդափոխությամբ, բացօթյա զբոսանքի սահմանափակ հնարավորությամբ, խմելու ջրի անբավարարությամբ, սննդի վատ որակով և իր պահման խցերից մեկում ջեռուցման բացակայությամբ: Նա նշել է, թե գաղութում կալանքի պայմանները, մասնավորապես, չեն կարող բավարար համարվել, քանի որ նա չի կարողացել ամենօրյա բացօթյա զբոսանք ունենալ:
Բ. Դատարանի գնահատականը
196. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածում ամրագրվում է ժողովրդավարական հասարակության կարևորագույն արժեքներից մեկը: Այն բացարձակապես արգելում է խոշտանգումը կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքը կամ պատիժը՝ անկախ հանգամանքներից և անկախ տուժողի վարքագծից (տե՛ս, օրինակ, Labita-ն ընդդ. Իտալիայի [ՄՊ], թիվ 26772/95, պարբ. 119, ECHR 2000-IV): Դատարանը նախկինում նաև վճռել է, որ «խոշտանգման» և «անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի» տարբերակման նպատակն է եղել «հատուկ խարան վերագրել ծանր և դաժան դատապանք պատճառող դիտավորյալ անմարդկային վերաբերմունքին» (տե՜ս Ireland-ն ընդդ. Միացյալ Թագավորության, 18-ը հունվարի, 1978, պարբ. 167, Series A no. 25): Դատարանը հղում է կատարում նաև կալանքի պայմաններին վերաբերող իր դատական նախադեպի մեջ ամրագրված մյուս սկզբունքներին (տե՜ս Sarban-ն ընդդ. Մոլդովայի, թիվ 3456/05, պարբ. 75-77, 4-ը հոկտեմբերի, 2005թ.):
197. Վատ վերաբերմունքը պետք է ծանրության նվազագույն աստիճանի հասնի, որպեսզի դրա նկատմամբ կիրառելի լինի 3-րդ հոդվածը: Այդ նվազագույնի գնահատականը հարաբերական է և կախված է գործի բոլոր հանգամանքներից, մասնավորապես՝ վերաբերմունքի տևողությունից, ֆիզիկական և հոգեկան ազդեցությունից, իսկ որոշ դեպքերում՝ տուժողի սեռից, տարիքից և առողջական վիճակից (տե՜ս, օրինակ, Ireland-ն ընդդ. Միացյալ Թագավորության, մեջբերված է վերևում, պարբ. 162):
198. Եթե անձն ազատազրկված է, ապա պետությունը պարտավոր է ապահովել, որպեսզի ազատազրկման պայմանները համահունչ լինեն մարդկային արժանապատվության հարգման սկզբունքին, ինչպես նաև՝ ապահովել, որպեսզի միջոցն ի կատար ածելու ձևը և մեթոդը նրան չպատճառեն այնպիսի ծանրության տառապանք կամ դժվարություն, որը կգերազանցի կալանքին ներհատուկ տառապանքի անխուսափելի մակարդակը, և որպեսզի կալանքի պրակտիկ պահանջների պարագայում համարժեքորեն պաշտպանված լինեն նրա առողջությունը և բարեկեցությունը, մասնավորապես՝ նրան տրամադրելով անհրաժեշտ բուժօգնությունը (տե՜ս Kudła-ն ընդդ. Լեհաստանի [ՄՊ], թիվ 30210/96, պարբ. 94, ECHR 2000-XI): Կալանքի պայմանները գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել այդ պայմանների հանրագումարային ազդեցությունը, ինչպես նաև կալանքի տևողությունը (տե՜ս Ostrovar-ն ընդդ. Մոլդովայի, թիվ 35207/03, պարբ. 80, 13-ը սեպտեմբերի, 2005թ.):
199. Դատարանը նկատում է, որ չնայած իր խցի մակերեսի և ցնցուղ ընդունելու թույլատրված հաճախականության վերաբերյալ Գանգատաբերի պնդումների մեջ առկա որոշ տարբերություններին (տե՜ս վերը՝ 40-րդ և 44-րդ կետերը), կողմերն ըստ էության համաձայն են, որ. (i) Գանգատաբերը պահվել է Կիևի թիվ 13 քննչական մեկուսարանում 4 ամիս և 20 օր ընդհանուր տևողությամբ՝ մեկ կամ երկու այլ կանանց հետ միասին պահվելով 16 քառակուսի մետր մակերեսով խցում, և (ii) նրան թույլատրված է եղել ցնցուղ ընդունել շաբաթն առնվազն երկու անգամ (տե՜ս վերը՝ 40-րդ և 44-րդ կետերը): Մնացած փաստերի շուրջ կողմերը համակարծիք չեն:
200. Կալանավորներին ընձեռվող անձնական տարածքի անբավարարության հիմքով Դատարանը հաճախ է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում արձանագրել (տե՜ս Peers-ն ընդդ. Հունաստանի, թիվ 28524/95, պարբ. 69 և հաջորդիվ, ECHR 2001-III, Khudoyorov-ն ընդդ. Ռուսաստանի, թիվ 6847/02, պարբ. 104 և հաջորդիվ, ECHR 2005-X, Labzov-ն ընդդ. Ռուսաստանի, թիվ 62208/00, պարբ. 44 և հաջորդիվ, 16-ը հունիսի, 2005, Novoselov-ն ընդդ. Ռուսաստանի, թիվ 66460/01, պարբ. 41 և հաջորդիվ, 2-ը հունիսի, 2005, Melnik-ն ընդդ. Ուկրաինայի, թիվ 72286/01, պարբ. 103, 28-ը մարտի, 2006, Visloguzov-ն ընդդ. Ուկրաինայի, թիվ 32362/02, պարբ. 46, 20-ը մայիսի, 2010, և Iglin-ն ընդդ. Ուկրաինայի, թիվ 39908/05, պարբ. 52, 12-ը հունվարի, 2012թ.): Դատարանը նկատում է, սակայն, որ ի տարբերություն վերոհիշյալ գործերի, սույն գործով Գանգատաբերը թիվ 242 խցում ունեցել է ավելի քանի 5 քառակուսի մետր անձնական տարածք: Դատարանը որևէ տեղեկություններ չունի թիվ 300 խցի մակերեսի վերաբերյալ, ուր Գանգատաբերը տեղափոխվել է 2011թ. նոյեմբերի 25-ին՝ նախքան բուժմասի թիվ 206 խուց տեղափոխվելը (տե՜ս վերը՝ 47-րդ կետը):
201. Դատարանը նկատում է նաև, որ համապատասխան խցի մեծության փոխարեն Գանգատաբերի բողոքը գանգատի այս մասում վերաբերել է հիմնականում բնական լույսի և օդի սահմանափակ հասանելիությանը, տաք ջրամատակարարան բացակայությանը և կենցաղային այլ պայմանների անբավարարությանը թիվ 242 խցում, ինչպես նաև՝ ջեռուցման անբավարարությանը թիվ 300 խցում: Դատարանն ընդունում է, որ Գանգատաբերը կարող էր որոշակի խնդիրներ ունեցած լինել համապատասխան խցերում իր պահման նյութական պայմանների առումով: Միևնույն ժամանակ, Դատարանն անկարող է պարզել, թե արդյոք նման թերացումներն էականորեն ազդել են նրա վրա: Ավելին, չկան ներքին լուսավորության կամ օդափոխության համակարգերի թերի աշխատանքի կամ տաք ջրամատակարարման բացակայության մշտական լինելու մասին վկայող որևէ ապացույցներ: Ավելին, Դատարանը նկատում է, որ Գանգատաբերը կանոնավոր կապի մեջ է եղել իր ազգականների հետ, ովքեր նրան տրամադրել են բավարար քանակությամբ որակյալ մահճակալի սպիտակեղեն և սնունդ, և որ նա կարողացել է նաև շփվել արտաքին աշխարհի՝ ներառյալ իր փաստաբանի հետ թիվ 13 քննչական մեկուսարանում պահվելու ողջ ընթացքում: Ի վերջո, Դատարանն առկա նյութերի հիման վրա չի համարում, որ Գանգատաբերի նշած այլ նյութական պայմաններն առաջացրել են նվաստացուցիչ կամ անմարդկային վերաբերմունք:
202. Ինչ վերաբերում է Կաչավինսկայի գաղութում ազատազրկման նյութական պայմաններին, Դատարանը նկատում է, որ Գանգատաբերը, բացառությամբ 2012թ. ապրիլի 20-ից մինչև 22-ը տեղի ունեցած ընդհատման, ազատազրկման մեջ է եղել քրեակատարողական այս հիմնարկի տարածքում 2011թ. դեկտեմբերի 30-ից մինչև 2012թ. մայիսի 9-ը, երբ տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց (տե՜ս վերը՝ 111-րդ և 164-րդ կետերը): Ուստի, դիտարկվող ժամանակահատվածը կազմում է 4 ամիս և 7 օր: Գանգատաբերը պահվել է 37.1 քառակուսի մետր մակերեսով խցում՝ իգական սեռի մեկ այլ բանտարկյալի հետ միասին: Խուցն ունեցել է պոլիվինիլքլորիդային երկու պատուհաններ` յուրաքանչյուրը 3.5 քառակուսի մետր մակերեսով, որոնք ապահովել են խցի բնական լուսավորությունը և օդափոխությունը: Խուցն ունեցել է նաև արհեստական լուսավորություն և մեխանիկական օդափոխության համակարգ (տե՜ս վերը՝ 111-րդ կետը): Ավելին, խուցն ունեցել է առանձին լոգասենյակ` 3.5 քառակուսի մետր մակերեսով, ինչպես նաև 4.1 քառակուսի մետր մակերեսով զուգարան: Հաշվի առնելով նաև վերևում (տե՜ս 113-114-րդ կետերը) մանրամասնորեն նկարագրված այլ պայմանները, Դատարանը գտնում է, որ Կաչավինսկայի գաղութում Գանգատաբերի պահման նյութական պայմանները համապատասխանել են Կոնվենցիայի ստանդարտներին: Դատարանը նկատում է, որ Գանգատաբերն իր առողջական վիճակի հետ կապված՝ քայլելու դժվարությունների պատճառով չի կարողացել օգտվել ամենօրյա զբոսանքի իրավունքից, և որ հենափայտը, հենակը կամ քայլելու համար հենվելու սարքը կարող էր հեշտացնել նրա հենաշարժողական գործունեությունը: Թեպետ քննարկվող ժամանակահատվածում Գանգատաբերի վիճակը կարող էր անհարմարավետ եղած լինել, այն չի եղել այնքան ծանր, որպեսզի հասնի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակի մեջ տեղավորվելու համար անհրաժեշտ ծանրության նվազագույն աստիճանին:
203. Ուստի, այս բողոքներն ակնհայտորեն անհիմն են և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն ենթակա են մերժման:
III. ԳԱՆԳԱՏԱԲԵՐԻՆ ՑՈՒՑԱԲԵՐՎԱԾ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈՂՈՔԸ
204. Գանգատաբերը Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների հիման վրա բողոքել է նաև իր ազատազրկման ընթացքում պատշաճ բուժման բացակայության մասին: Նա հրաժարվել է իր վստահած բժիշկներից զատ որևէ այլ բժշկի կողմից հետազոտվելուց՝ կասկածելով, որ բանտի բժիշկների և բուժքույրերի կողմից կարող է իրականացվել սխալ բուժում: Բացի դրանից, նրան կալանավորելու մասին որոշման անժամկետ լինելը և նրան անսահմանափակ ժամկետով պահելը նրան պատճառել են շարունակվող հոգեբանական տառապանք:
205. Դատարանը նպատակահարմար է գտնում Գանգատաբերի բողոքները քննարկել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիման վրա:
Ա. Կողմերի ներկայացրած փաստարկները
206. Կառավարությունն իր ծավալուն մեկնաբանությունների մեջ մանրամասնորեն նկարագրել է Գանգատաբերին ցուցաբերված բուժօգնությունը: Կառավարությունը եզրակացրել է, թե նրա բուժումը համարժեք է եղել և չպետք է հարցականի տակ առնվի Գանգատաբերի կամ Դատարանի կողմից: Կառավարությունը նշել է, թե քննչական մեկուսարանի բժիշկներն անշահախնդիր ջանք են գործադրել՝ այնտեղ գտնվելու ընթացքում ապահովելու Գանգատաբերի բարօրությունը:
207. Ինչ վերաբերում է Խարկովում գտնվող գաղութին, ապա Կառավարությունը պնդել է, թե գաղութն ունեցել է բոլոր անհրաժեշտ սարքավորումները և դեղորայքը Գանգատաբերին համարժեք բուժօգնություն ցուցաբերելու համար: Ավելին, Գանգատաբերը հնարավորություն է ունեցել ծառայություններ ստանալու Ուկրաինայի և արտերկրի առաջատար բժշկական հաստատությունների բժշկական մասնագետներից:
208. Ամփոփելով, Կառավարությունը պնդել է, թե ազգային իշխանություններն արել են հնարավոր ամեն ինչ Գանգատաբերի կալանքի ընթացքում նրա բուժօգնությունը կազմակերպելու՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածից բխող իր պոզիտիվ պարտավորությունը կատարելու համար: Կառավարությունը մատնանշել է, որ Գանգատաբերը բազմիցս՝ իրենց կարծիքով անհիմն կերպով, հրաժարվել է բժշկական հետազոտություններից և այլ գործողություններից, որոնց առնչությամբ Կառավարությունը պնդել է, թե պատասխանատվություն չի կարող դրվել իշխանությունների վրա:
209. Գանգատաբերը պնդել է, թե իշխանությունները թերագնահատել են իր առողջական խնդիրների լրջությունը և չեն ցուցաբերել հրատապ և համարժեք բուժօգնություն այնքան ժամանակ, մինչև գերմանացի բժիշկները 2012 թվականի փետրվարին զեկույց չեն պատրաստել իր հիվանդության մասին, սակայն այդ ընթացքում իր առողջական վիճակի վատթարացման ախտանշաններն արդեն իսկ հաստատված են եղել միջազգային ճանաչում ունեցող մի շարք բժշկական փորձագետների կողմից: Նա նշել է, թե իր առողջական վիճակին վերաբերող տեղեկությունների մշտական շահարկումները՝ իր ծանր հիվանդության մասին իմանալու պայմաններում իրեն ցավազրկող դեղերը տրամադրելով իրավապահ մարմինների հետ համագործակցության նախապայմանով, վկայում են այն մասին, որ Կառավարությունը չի կատարել պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու իր պարտավորությունները:
Բ. Դատարանի գնահատականը
210. Դատարանի դատական նախադեպի համաձայն, Կոնվենցիայի 3-րդ հոդվածը պետությունների համար պարտավորություն է սահմանում՝ պաշտպանելու ազատությունից զրկված անձանց ֆիզիկական բարօրությունը (տե՜ս Kudła-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 94): Միևնույն ժամանակ, այն չի կարող մեկնաբանվել որպես կալանավորված անձանց առողջական հիմքերով ազատ արձակելու ընդհանուր պարտավորություն սահմանող դրույթ: Փոխարենը, կալանավորվածի առողջական վիճակի՝ ազատազրկումը շարունակելուն համատեղելիությունը (անգամ նրա՝ ծանր հիվանդություն ունենալու պարագայում) կախված է պահանջվող որակի բուժումը բանտում կազմակերպելու՝ պետության կարողությունից (տե՜ս Goginashvili-ն ընդդ. Վրաստանի, թիվ 47729/08, պարբ. 79, 4-ը հոկտեմբերի, 2011թ.):
211. Պարզման ենթակա հանգամանքներից դժվարագույնը մնում է բուժօգնության «համարժեքությունը»: Դատարանն ընդհանուր առմամբ բավարար ճկունություն է վերապահում իրեն առողջապահության պահանջվող մակարդակը սահմանելու հարցում՝ յուրաքանչյուր դեպքում դրա վերաբերյալ կայացնելով առանձին որոշում: Այդ մակարդակը պետք է «համատեղելի լինի կալանավորվածի մարդկային արժանապատվությանը», սակայն պետք է նաև հաշվի առնի «ազատազրկման գործնական պահանջները» (տե՜ս Aleksanyan-ն ընդդ. Ռուսաստանի, թիվ 46468/06, պարբ. 139-140, 22-ը դեկտեմբերի, 2008թ.): Դատարանը վճռել է նաև, որ 3-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես բանտարկյալի՝ բուժմանն առնչվող բոլոր ցանկությունները և նախընտրությունները բավարարելու պահանջ (տե՜ս Mathew-ն ընդդ. Նիդեռլանդների, թիվ 24919/03, 29-ը սեպտեմբերի, 2005թ.):
212. Այն պարզ փաստը, որ կալանավորվածին զննել է բժիշկը՝ նրան նշանակելով որոշակի բուժում, ինքնաբերաբար չի կարող հանգեցնել այն եզրակացությանը, թե բուժօգնությունը համարժեք է եղել (տե՜ս Hummatov-ն ընդդ. Ադրբեջանի, թիվ 9852/03 և թիվ 13413/04, պարբ. 116, 29-ը նոյեմբերի, 2007թ.): Իշխանությունները պարտավոր են նաև ապահովել կալանավորման ընթացքում կալանավորվածի առողջական վիճակի և բուժման համապարփակ արձանագրության վարումը (տե՜ս, օրինակ, Khudobin-ն ընդդ. Ռուսաստանի, թիվ 59696/00, պարբ. 83, ECHR 2006-XII (քաղվածքներ)), ինչպես նաև՝ հրատապ և ճշգրիտ ախտորոշումը և բուժումը (տե՜ս Hummatov-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 115, և Melnik-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 104-106), իսկ եթե առողջական վիճակը պահանջում է, ապա՝ նաև կանոնավոր և համակարգված հսկողությունը և բուժման համապարփակ ռազմավարության որդեգրումը՝ նպատակաուղղված կալանավորվածի հիվանդությունները բուժելուն կամ դրանց խորացումը կանխելուն՝ դրանց ախտանշանային բուժում իրականացնելու փոխարեն (տե՜ս Hummatov-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 109 and 114, Sarban-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 79, և Popov-ն ընդդ. Ռուսաստանի, թիվ 26853/04, պարբ. 211, 13-ը հուլիսի, 2006թ.): Իշխանությունները պարտավոր են նաև հիմնավորել, որ նշանակված բուժմանը փաստացի հետամուտ լինելու համար ստեղծվել են անհրաժեշտ պայմանները (տե՜ս Hummatov-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 116, և Holomiov-ն ընդդ. Մոլդովայի, թիվ 30649/05, պարբ. 117, 7-ը նոյեմբերի, 2006թ.):
213. Դատարանը վճռել է նաև, որ պետությունը չի կարող պատասխանատու ճանաչվել այն ձգձգումների համար, որոնց պատճառները եղել են բժշկական հետազոտություններ անցնելու կամ բուժում ընդունելու՝ Գանգատաբերի մերժումներն այն պարագայում, երբ Դատարանի ունեցած նյութերը ցույց են տալիս, որ որակավորված բուժօգնությունն առաջարկվել է Գանգատաբերին, սակայն նա սեփական կամքով մերժել է այն (տե՜ս Knyazev-ն ընդդ. Ռուսաստանի, թիվ 25948/05, պարբ. 103, 8-ը նոյեմբերի, 2007թ.):
214. Անցնելով սույն գործին, Դատարանը նկատում է, որ գործի ծավալուն նյութերից և կողմերի ներկայացրած փաստարկներից պարզ է դառնում, որ Գանգատաբերի առողջությունը լուրջ ուշադրության է արժանացել ներպետական իշխանությունների կողմից, որոնք ներդրել են Ուկրաինայի ցանկացած շարքային կալանավորվածին ընձեռվող առողջապահական սովորական ծառայություններն էականորեն գերազանցող միջոցներ և ջանքեր: Գանգատաբերը հետազոտվել է քննչական մեկուսարանի բուժմասի բժիշկների կողմից, սակայն հրաժարվել է մանրակրկիտ բժշկական հետազոտության ենթարկվելուց: 2011թ. օգոստոսի 6-ին նա հրաժարվել է թերապևտի, հոգեբույժի և ատամնաբույժի կողմից զննվելուց, արյան ճնշումը չափելուց և էլեկտրասրտագրությունից, ֆլուորոգրաֆիկ հետազոտությունից և արյան և մեզի անալիզներից: Նա մերժումը կրկնել է 2011թ. օգոստոսի 12-ին (տե՜ս վերը՝ 59-րդ կետը): Նա բժշկական մասնագետների կոնսուլտացիաներ է ունեցել կամ բուժում ստացել ամեն օր՝ մինչև 2011թ. օգոստոսի 30-ը (տե՜ս վերը՝ 59-69-րդ կետերը): Մի քանի առիթներով նրան զննել են բժիշկներ, և ներկա է եղել դր. Պ-ն, ում նա իր ասելով վստահել է (տե՜ս վերը՝ 67-րդ, 79-րդ և 104-րդ կետերը): Այնուամենայնիվ, նա հրաժարվել է քննչական մեկուսարանից դուրս գործող երկու լաբորատորիաների կողմից հետազոտվելուց և լաբորատոր անալիզներից՝ պնդելով, որպեսզի իր ընտրած բժիշկները գաղտնի հետազոտություն և լաբորատոր հետազոտություն կատարեն՝ արդյունքների մասին չտեղեկացնելով բժշկական հանձնաժողովին (տե՜ս վերը՝ 61-62-րդ և 70-րդ կետերը): 2011թ. օգոստոսի 27-ին և 30-ին և սեպտեմբերի 3-ին Գանգատաբերին խորհուրդ է տրվել բժշկական հանձնաժողովի կողմից հետազոտվել դր. Պ-ի ներկայությամբ, ում նա վստահել է (տե՜ս վերը՝ 69-70-րդ և 72-րդ կետերը), սակայն նա հրաժարվել է: Ավելին, քննչական մեկուսարանի բուժմասի պետը հաճախ հետազոտել է նրան՝ կամ լուրջ փոփոխություններ չհայտնաբերելով նրա առողջական վիճակի մեջ, կամ բավարար համարելով այն (տե՜ս վերը՝ 61-րդ, 64-65-րդ, 68-րդ, 71-րդ, 74-75-րդ և 81-րդ կետերը): Դատարանը նկատում է, որ թեպետ Գանգատաբերը հրաժարվել է դր. Պ-ի ներկայությամբ բժշկական հանձնաժողովի կողմից հետազոտվելուց, նա քննչական մեկուսարանի բուժմասի պետի մի շարք այցելությունների ընթացքում պահանջել է հետազոտվել դր. Պ-ի կողմից (տե՜ս վերը՝ 62-63-րդ կետերը):
215. Հաշվի առնելով 2011թ. օգոստոսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Գանգատաբերի բուժման ընթացքը, Դատարանը չի կարող ընդունել Գանգատաբերի այն փաստարկը, թե նրան մասնագիտացած բուժում ցուցաբերվել է միայն օտարերկրացի բժիշկների ներգրավումից հետո: Այս կապակցությամբ Դատարանը հիշատակում է ԽԿԿ-ի եզրակացությունները, որը 2011թ. նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 6-ն այցելել է թիվ 13 քննչական մեկուսարան և մանրամասնորեն ուսումնասիրել է Գանգատաբերին և նրա կառավարության նախկին անդամներից երկու կալանավորվածներին ցուցաբերված բուժօգնությունը: Կրկնելով նշված երեք անձանց համար քննչական մեկուսարաններից դուրս մասնագիտացած բժշկական հետազոտություններ կազմակերպելու առնչությամբ իր՝ նախկինում արտահայտած մտահոգությունները և քննչական մեկուսարանից դուրս մասնագիտացած բժշկական հետազոտություններ կազմակերպելու զգալի ձգձգումները, ԽԿԿ-ն որոշակի մտահոգություն չի հայտնել որպես այդպիսին Գանգատաբերին ցուցաբերված բուժօգնության անհամապատասխանության վերաբերյալ (տե՜ս վերը՝ 185-րդ կետը):
216. Դատարանը գիտակցում է, որ խնամառուի վստահությունը բժիշկ-խնամառու հարաբերությունների կարևորագույն տարրերից է: Առանձնապես կարևոր, բայց միևնույն ժամանակ՝ հաճախ դժվար է լինում այդ վստահությունը ձևավորել նախնական կալանքի վայրերում և քրեակատարողական այլ հիմնարկներում: Մյուս կողմից, խնամառուները կարող են պարզ տագնապայնության պատճառով հրաժարվել բժշկական հետազոտությունը թույլատրելուց: Այդ պարագայում բժիշկները պետք է ավելացնեն վստահության մակարդակը՝ բացատրելով իրենց բժշկական դերակատարումը և գաղտնիության պարտականությունը, բժշկական հետազոտության նպատակը և այն փաստը, որ իրենք ներգրավված չեն կալանքի գործընթացին կամ քրեական գործի քննությանը:
Մյուս կողմից, երբեմն, ինչպես՝ սույն գործի պարագայում, քաղաքական նախապատմությամբ պայմանավորված վախի տարրը կարող է կարևոր նշանակություն ունենալ:
217. Սույն գործով Դատարանը նկատում է, որ Գանգատաբերը ծայրահեղ զգուշավոր է եղել և կանոնավոր կերպով հրաժարվել է իրեն առաջարկված բժշկական գործողությունների մեծ մասից: Նա այդ հրաժարումը բացատրել է՝ հղում անելով իր առանձնահատուկ քաղաքական կարգավիճակին և ի վերուստ իշխանությունների նկատմամբ վստահության բացակայությամբ: Նա այդ կապակցությամբ պնդել է, թե չարաբաստիկ փորձառություն են ունեցել այլ անձինք, ովքեր հիվանդացել կամ մահացել են կալանավորման ընթացքում: Այս առումով Դատարանը կրկնում է իր նախկին եզրակացությունն առ այն, որ խնամառուները, ներառյալ՝ Գանգատաբերը, պարտավորություն ունեն՝ հաղորդակցվելու և համագործակցելու առողջապահական մարմինների հետ: Կարևորագույն խնդիրն այստեղ այն է, թե արդյոք նրա կողմից նման դիրքորոշումը կարող է համարվել հիմնավորված, և թե արդյոք պետությունը ցանկացած պարագայում արել է այն ամենը, ինչը կարող էր ողջամտորեն ակնկալվել իրենից Գանգատաբերի բարօրությունը երաշխավորելու նպատակով: Դատարանն այս առումով ընդգծում է, որ հարկ է հիշատակել, որ Կիևի թիվ 13 քննչական մեկուսարանում կամ Խարկովի Կաչավինսկայի գաղութում պահվելու ընթացքում Գանգատաբերի բժշկական պատմության մեջ արձանագրված չէ որևէ առանձնահատուկ միջադեպ, որը կարող էր բացատրել իրավասու մարմինների նկատմամբ վստահության նմանօրինակ իսպառ բացակայությունը:
218. Դատարանն առանձնակի կշիռ է վերագրում այն փաստին, որ բանտի ղեկավարությունը, չնայած 2012թ. մարտի 15-ին Դատարանի կարգադրած միջանկյալ միջոցառումը կատարելու համար պահանջված տևական ժամանակին և ազգային իշխանությունների կողմից միջոցի պայմանները կատարելու պատրաստակամության բացակայության մասին վկայող որոշակի գործողություններին (տե՜ս վերը՝ 122-123-րդ և 131-րդ կետերը), 2012թ. ապրիլի 20-ին Գանգատաբերին տեղափոխել են Կենտրոնական կլինիկական հիվանդանոց (տե՜ս վերը՝ 133-րդ կետը), ապա կրկին՝ 2012թ. մայիսի 9-ին, որպեսզի նա պատշաճ բուժօգնություն ստանա Բեռլինի Չարիտե հիվանդանոցի («Charité Hospital») գերմանացի նյարդաբանի հսկողության ներքո (տե՜ս վերը՝ 164-րդ կետը): Մասնագետները զննել են Գանգատաբերին, լսել են նրա բողոքները, և կատարել մասնագիտացած պատշաճ բժշկական գործողություններ:
219. Ամփոփելով, Դատարանը գտնում է, որ Կառավարությունը բավարար ապացույցների ներկայացմամբ Դատարանին հնարավորություն է ընձեռել եզրակացնելու, որ ներպետական իշխանությունները Գանգատաբերին ցուցաբերել են համապարփակ, արդյունավետ և թափանցիկ բուժօգնություն: Հետևաբար, գանգատի այս մասը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3(ա) և 4-րդ կետերի համաձայն ենթակա է մերժման՝ որպես ակնհայտորեն անհիմն:
IV. 2012Թ. ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ ԳԱՆԳԱՏԱԲԵՐԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈՂՈՔԸ
220. Գանգատաբերը բողոքել է, թե ինքը տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց իր կամքին հակառակ, և որ տեղափոխման ընթացքում ինքը վնասվածքներ է ստացել: Նա պնդել է նաև, թե միջադեպը հավուր պատշաճի չի հետաքննվել:
221. Կառավարությունը վիճարկել է այդ պնդումը:
Ա. Ընդունելիությունը
222. Կառավարությունը պնդել է, թե 2012թ. ապրիլի 20-ին հիվանդանոց տեղափոխվելու ընթացքում վատ վերաբերմունքի վերաբերյալ ներկայացվող բողոքի կապակցությամբ չի կարող համարվել, որ Գանգատաբերը սպառել է իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Կառավարությունն ընդգծել է, որ նա չի բողոքարկել վերոհիշյալ բողոքի առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին դատախազի 2012թ. մայիսի 3-ի որոշումը:
223. Դատարանը հիշեցնում է, որ նմանօրինակ առարկություն քննել է Kaverzin-ն ընդդ. Ուկրաինայի գործով (թիվ 23893/03, 15-ը մայիսի, 2012) և եզրակացրել, որ ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի և անարդյունավետ քննությունների վերաբերյալ բողոքների կապակցությամբ չի հիմնավորվել, որ Կառավարության մատնանշած իրավական պաշտպանության միջոցը կարող է իրավունքի համարժեք պաշտպանություն ընձեռել (նույն տեղը, պարբ. 93-98): Դատարանը որևէ հիմքեր չի գտնում՝ սույն գործով այլ եզրակացության հանգելու համար, և նկատում է, որ Գանգատաբերը պարտավոր չի եղել օգտագործել քննարկվող բողոքարկման ընթացակարգը:
224. Ուստի, Կառավարության առարկությունը ենթակա է մերժման: Դատարանը գտնում է նաև, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ: Դատարանը նաև նկատում է, որ այն որևէ այլ հիմքով անընդունելի չի կարող ճանաչվել: Ուստի, այն պետք է ճանաչվի ընդունելի:
Բ. Բողոքի քննարկումն ըստ էության
1. Կողմերի ներկայացրած փաստարկները
225. Կառավարությունը պնդել է, թե գաղութից հիվանդանոց տեղափոխվելու ընթացքում վատ վերաբերմունքի ենթարկվելու մասին Գանգատաբերի բողոքն հիմնավորված չէ, քանի որ չկան որևէ ապացույցներ առ այն, որ Գանգատաբերի մարմնի վրայի կապտուկները պատճառվել են նրա նկատմամբ բանտի պահակների գործադրած ուժի հետևանքով, կամ որ պետական իշխանություններն այլ կերպ պատասխանատու են Գանգատաբերի ստացած մարմնական վնասվածքների համար:
226. Ինչ վերաբերում է վատ վերաբերմունքի մասին բողոքի քննությանը, ապա Կառավարությունը պնդել է, թե ներպետական իշխանությունները գործադրել են բոլոր ողջամիտ ջանքերը ճշմարտությունը պարզելու ուղղությամբ: Նրանց այն եզրակացությունը, որ Գանգատաբերի բողոքը չհիմնավորված է, չի սասանել քննության արդյունավետությունը: Կառավարությունը հղում է արել, մասնավորապես, այդ օրը և այդ ժամին գաղութում ներկա գտնված աշխատողների ցուցմունքներին: Մասնավորապես, գաղութի հսկողության և դիտարկման վարչության երեք պահակներ հաստատել են, որ գաղութի թիվ 1 մասնաշենքը, որում գտնվել է Գանգատաբերի խուցը, կահավորված է եղել շուրջօրյա ռեժիմով, սակայն՝ առանց ձայնագրման գործառույթի աշխատող տեսախցիկներով: 2012թ. ապրիլի 20-ին էկրանի միջոցով Գանգատաբերի խուցը դիտարկելու ը նթացքում պահակներից մեկը չի տեսել, որպեսզի Գանգատաբերին այցելած գաղութի աշխատողները ֆիզիկական բռնություն գործադրեն նրա նկատմամբ: Ավելին, նա որևէ ձայներ չի լսել: Երբ աշխատողները հեռացել են խցից, պահակն էկրանին տեսել է, որ Գանգատաբերը ցնցուղ է ընդունել, հավաքել է իր իրերը և պառկել՝ քնելու: Տեսադիտարկման ընթացքում պահակները չեն նկատել, որ Գանգատաբերը որևէ մարմնական վնասվածքներ ստացած լինի:
227. Գանգատաբերը պնդում է իր սկզբնական բողոքները:
2. Ընդհանուր սկզբունքները
(ա) Վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքները
228. Դատարանը բազմիցս նշել է, որ 3-րդ հոդվածում ամրագրվում է ժողովրդավարական հասարակության կարևորագույն արժեքներից մեկը: Նույնիսկ ծանրագույն հանգամանքներում, ինչպիսիք են ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, Կոնվենցիան բացարձակապես արգելում է խոշտանգումը և անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը կամ պատիժը՝ անկախ տուժողի վարքագծից (տե՜ս, ի թիվս բազմաթիվ այլ նախադեպերի, Labita-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 119, և Selmouni-ն ընդդ. Ֆրանսիայի [ՄՊ], թիվ 25803/94, պարբ. 95, ECHR 1999-V):
229. Դատարանը նաև վերահաստատում է, որ վատ վերաբերմունքի մասին բողոքները պետք է հիմնավորվեն պատշաճ ապացույցներով: Այդ ապացույցները գնահատելու համար Դատարանն ընդունել է «ողջամիտ կասկածից ավելին» ապացուցելու չափանիշը՝ միաժամանակ ավելացնելով, որ ապացույցը կարող է բխել բավականաչափ հիմնավոր, հստակ և համահունչ մտահանգումների համակցությունից կամ փաստերի նմանօրինակ չհերքված նախավարկածներից (տե՜ս Labita-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 121):
230. Երբ անհատը պնդում է, թե մարմնական վնասվածք է ստացել կալանքի ընթացքում վատ վերաբերմունքի հետևանքով, Կառավարությունը պարտավոր է լիարժեք և բավարար կերպով բացատրել մարմնական վնասվածքի պատճառման մեխանիզմը (տե՜ս Ribitsch-ն ընդդ. Austria, 4-ը դեկտեմբերի, 1995, պարբ. 34, Series A no. 336):
231. Կալանավորվածների վերաբերյալ Դատարանն ընդգծել է, որ ազատազրկված անձինք խոցելի վիճակում են, և որ իշխանությունները պարտավոր են պաշտպանել նրանց ֆիզիկան բարօրությունը (տե՜ս Tarariyeva-ն ընդդ. Ռուսաստանի, թիվ 4353/03, պարբ. 73, ECHR 2006-XV (քաղվածքներ), Sarban-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 77, 4-ը հոկտեմբերի, 2005, և Mouisel-ն ընդդ. France, թիվ 67263/01, պարբ. 40, ECHR 2002-IX): Ազատությունից զրկված անձի պարագայում ֆիզիկական ուժի ցանկացած գործադրում, որի խիստ անհրաժեշտությունը չի ծագել նրա սեփական վարքագծի պատճառով, նսեմացնում է մարդու արժանապատվությունը և սկզբունքորեն խախտում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքը (տե՜ս Sheydayev-ն ընդդ. Ռուսաստանի, թիվ 65859/01, պարբ. 59, 7-ը դեկտեմբերի, 2006, և Ribitsch-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 38): Ապացուցման բեռը կրում է Կառավարությունը. հենց նա է պարտավոր համոզիչ փաստարկներով հիմնավորել, որ Գանգատաբերի մարմնական վնասվածքներին հանգեցրած ուժի գործադրումն ավելորդ չի եղել (տե՜ս, օրինակ, Dzwonkowski-ն ընդդ. Լեհաստանի, թիվ 46702/99, պարբ. 51, 12-ն ապրիլի, 2007թ.):
(բ) Քննության համարժեքությունը
232. Դատարանը վերահաստատում է, որ այն դեպքում, երբ անձը փաստարկելի պնդում է ներկայացնում առ այն, որ ոստիկանության կամ պետության այլ ներկայացուցիչների կողմից ապօրինաբար և 3-րդ հոդվածի խախտմամբ ենթարկվել է վատ վերաբերմունքի ծանր դրսևորման, այդ դրույթը՝ «Կոնվենցիայով սահմանված իրավունքները և ազատություններն իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար ապահովելու»՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածով պետությունների համար նախատեսված ընդհանուր պարտավորության հետ համատեղ ընթերցվելու դեպքում, անուղղակիորեն առաջացնում է նաև արդյունավետ պաշտոնական քննություն իրականացնելու պահանջ: Այդ քննությունը պետք է ի վիճակի լինի հանգեցնել մեղավորների հայտնաբերմանը և պատժին (տե՜ս Assenov-ը և այլք ընդդ. Բուլղարիայի, 28-ը հոկտեմբերի, 1998, պարբ. 102, Reports 1998-VIII):
233. Քննելու պարտավորությունը «ոչ թե արդյունքի հասնելու, այլև՝ միջոցը ձեռնարկելու» պարտավորություն է. պարտադիր չէ, որպեսզի բոլոր քննություններն անխտիր պսակվեն հաջողությամբ կամ հանգեն բողոքաբերի ներկայացրած պնդումներին համապատասխանող եզրակացության: Այնուամենայնիվ, այն պետք է սկզբունքորեն ի վիճակի լինի հանգեցնել գործի փաստերի բացահայտմանը, իսկ եթե ապացուցվի բողոքների ճշմարտացիությունը, ապա նաև՝ մեղավորների հայտնաբերմանը և պատժին (տե՜ս Paul and Audrey Edwards-ն ընդդ. Միացյալ Թագավորության, թիվ 46477/99, պարբ. 71, ECHR 2002-II, և Mahmut Kaya-ն ընդդ. Թուրքիայի, թիվ 22535/93, պարբ. 124, ECHR 2000-III):
234. Վատ վերաբերմունքի ծանր մեղադրանքի քննությունը պետք է լիարժեք լինի: Դա նշանակում է, որ իշխանությունները միշտ պետք է լուրջ ջանք գործադրեն տեղի ունեցածը պարզելու ուղղությամբ և չպետք է քննությունը փակելու կամ իրենց որոշումները կայացնելու համար հենվեն հապճեպ կամ թերհիմնավոր եզրակացությունների վրա (տե՜ս Assenov-ը և այլք, մեջբերված է վերևում, պարբ. 103 և հաջորդիվ): Նրանք պետք է ձեռնարկեն իրենց կողմից հնարավոր բոլոր ողջամիտ քայլերը միջադեպին առնչվող ապացույցները՝ ներառյալ, մասնավորապես, ականատեսների ցուցմունքները և դատափորձագիտական ապացույցները ստանալու ուղղությամբ (տե՜ս Tanrıkulu-ն ընդդ. Թուրքիայի [ՄՊ], թիվ 23763/94, պարբ. 104 և հաջորդիվ., ECHR 1999-IV, և Gül-ն ընդդ. Թուրքիայի, թիվ 22676/93, պարբ. 89, 14-ը դեկտեմբերի, 2000թ.): Նշված չափանիշի չկատարման ռիսկ է առաջացնում քննության ցանկացած թերացում, որը սասանում է մարմնական վնասվածքների պատճառը կամ մեղավորների ինքնությունը պարզելու՝ իշխանությունների կարողությունը:
3. Սկզբունքների կիրառությունը սույն գործի նկատմամբ
235. Դատարանը նկատում է, որ պարզել է, որ գաղութում գտնվելու ընթացքում մի քանի կապտուկներ են հայտնվել Գանգատաբերի մարմնի վրա: Դա արդեն իսկ նշանակում է, որ պետական իշխանությունները պետք է բացատրեն դրանց առաջացումը: Այս առումով Դատարանը հիշեցնում է, որ մարմնական վնասվածքների հիմնավոր բացատրություն չտրամադրելը կհակասեր պետության լիակատար հսկողության ներքո գտնվող կալանավորվածի բարօրությունը երաշխավորելու՝ պետության պարտավորությանը:
236. Դատարանը նկատում է, որ 2012թ. ապրիլի 23-ին Գանգատաբերը Խարկովի շրջանային դատախազությանը բողոք է ներկայացրել իրեն 2012թ. ապրիլի 20-ին հարկադրաբար հիվանդանոց տեղափոխելու և տեղափոխման ընթացքում վատ վերաբերմունք կիրառելու մասին (տե՜ս վերը՝ 137-րդ կետը): Առաջին անգամ նրան զննել են 2012թ. ապրիլի 24-ին, երբ նա կապտուկները ցույց է տվել գաղութի բուժաշխատողներին (տե՜ս վերը՝ 140-րդ կետը): Զննության արձանագրության համաձայն, հայտնաբերվել են ոչ ծանր մարմնական վնասվածքներ՝ կապտուկների տեսքով, որոնք պատճառված են եղել Գանգատաբերի զննությունից մեկ կամ երկու օր առաջ` փակ հարվածի կամ բութ կարծր առարկաների հետ շփման հետևանքով: Արձանագրության մեջ նշվել է, սակայն, որ կապտուկների մոտավոր վաղեմությունը չի համընկնում Գանգատաբերի նշած վատ վերաբերմունքի ժամկետների հետ: Դատարանը նկատում է նաև, որ նույն օրը Գանգատաբերին հետազոտելու համար հրավիրվել է դատաբժշկական փորձագետ, սակայն Գանգատաբերը հրաժարվել է նման հետազոտությունից (տե՜ս վերը՝ 141-րդ կետը):
237. Նույն օրը՝ ավելի ուշ ժամի, Խարկովի շրջանային դատախազության քննչական վարչության պետը, ավարտելով միջադեպի մեկ օր տևած քննությունը, մերժել էր գաղութի աշխատողների նկատմամբ քրեական վարույթի հարուցումը՝ նրանց գործողություններում մարմնական վնասվածքներ պատճառելու հանցակազմի բացակայության հիմքով (տե՜ս վերը՝ 142-րդ կետը): 2012թ. ապրիլի 25-ին այդ որոշման բեկանումից հետո նշանակվել է լրացուցիչ քննություն (տե՜ս վերը՝ 143-րդ կետը): Կառավարությունը պնդել է, թե քննիչն ապացույցներ է ձեռք բերել գաղութի համապատասխան աշխատողներից, բուժաշխատողներից և շտապօգնության վարորդից, ովքեր հերթապահել են 2012թ. ապրիլի 20-ին, ինչպես նաև՝ բժշկական հանձնաժողովի անդամներից, հիվանդանոցի աշխատողներից և Գանգատաբերին հիվանդանոց տեղափոխելուն ականատես եղած այլ անձանցից, ովքեր նշել են, որ Գանգատաբերը չի բողոքել որևէ մարմնական վնասվածքներ պատճառելու մասին, և որ իրենք նրա վրա չեն տեսել մարմնական վնասվածքների որևէ հետքեր (տե՜ս վերը՝ 150-161-րդ կետերը):
238. Կառավարությունը հենվել է նաև այն փաստի վրա, որ 2012թ. ապրիլի 20-ին Գանգատաբերի տեսադիտարկումը որևէ արտառոց բան չի բացահայտել: Այնուհանդերձ, Դատարանը նկատում է, որ Կառավարության պնդումների համաձայն, տեսադիտարկումը՝ առնվազն 2012թ. ապրիլի 20-ին, կատարվել է առանց կադրերի ձայնագրության (տե՜ս վերը՝ 154-րդ կետը), որի հետևանքն այն է, որ Դատարանն ի վիճակի չէ ստուգել Կառավարության պնդման հավաստիությունը:
239. Դատարանը նկատում է նաև, որ քննության շրջանակում Գանգատաբերը 2012թ. ապրիլի 26-ին կրկին անգամ հրավիրվել է դատաբժշկական փորձաքննության՝ կապտուկների առաջացման պատճառը և վաղեմությունը պարզելու նպատակով, սակայն նա հրաժարվել է: Հրաժարման արդյունքում Խարկովի բժշկական ակադեմիայի դատական բժշկության ֆակուլտետի ղեկավարին հանձնարարվել է գնահատել Գանգատաբերի մարմնական վնասվածքները բացառապես 2012թ. ապրիլի 24-ի բժշկական հետազոտության արձանագրության հիման վրա: Նա հաստատել է, որ արյունազեղումների վիճակը և տեսքը Գանգատաբերին զննելուց մեկ կամ երկու օր առաջ այնպիսին են եղել, որ մարմնական վնասվածքները չէին կարող պատճառված լինել 2012թ. ապրիլի 20-ին: Բացի դրանից, ծանոթանալով Գանգատաբերի բժշկական փաստաթղթերին, նա նշել էր, որ 2011թ. օգոստոսի 16-ից սկսած Գանգատաբերի մարմնի վրա ժամանակ առ ժամանակ ի հայտ էին եկել կրկնվող արյունազեղումներ, որոնք արտաքին հարվածների հետևանք չեն եղել և կարող էին առաջացած լինել Գանգատաբերի անոթային և արյունատար համակարգերի վիճակի հետ կապված խնդրի պատճառով (տե՜ս վերը՝ 146-րդ կետը): 2012թ. մայիսի 3-ին քննիչը կրկին անգամ մերժել է քրեական վարույթի հարուցումը (տե՜ս վերը՝ 149-րդ կետը):
240. Դատարանն ավելացնում է, որ Գանգատաբերի կապտուկների դիրքն ըստ երևույթին համապատասխանում է Գանգատաբերի պատմությանն այն մասին, որ իրեն բռնի կերպով քաշել են մահճակալից և բռունցքով հարվածել ստամոքսի շրջանում 2012թ. ապրիլի 20-ին: Այնուամենայնիվ, Դատարանը չի կարող հաշվի չառնել իրեն ներկայացված բժշկական ապացույցներն առ այն, որ Գանգատաբերի մարմնին հայտնաբերված կապտուկի առերևույթ վաղեմությունը չի համապատասխանել նրա նշած ժամկետին, և որ կապտուկը կարող էր առաջացման այլ հնարավոր պատճառներ ունենալ, որոնք կապված չէին արտաքին վնասման հետ: Այդ եզրակացությունները բավարար չափով հաստատելու կամ հերքելու համար անհրաժեշտ կլիներ, որպեսզի Գանգատաբերը լիարժեք դատաբժշկական հետազոտություն անցներ, որից Գանգատաբերը հրաժարավել էր երկու անգամ: Գանգատաբերի կողմից հետազոտվելուց հրաժարվելու որոշմամբ պայմանավորված՝ դատաբժշկական փաստերի բացակայության արդյունքում Դատարանը չի կարող անհրաժեշտ չափանիշի բավարմամբ ապացուցված համարել այն փաստը, որ կապտուկի պատճառը եղել է 2012թ. ապրիլի 20-ին նրան հիվանդանոց տեղափոխելու ընթացքում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումը նրա նկատմամբ:
241. Հաշվի առնելով, որ Գանգատաբերը վատ վերաբերմունքի մասին փաստարկելի բողոք էր ներկայացրել ներպետական իշխանություններին, ծագել էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված դատավարական պարտավորություն՝ իրականացնելու պնդման մեջ նշված փաստերի արդյունավետ քննություն: Այնուհանդերձ, ինչպես արդեն նշել է Դատարանը, քննության արդյունավետությանը խանգարել է Գանգատաբերի կողմից իշխանությունների հետ չհամագործակցելը՝ շարունակ հրաժարվելով դատաբժշկական հետազոտությունից, որը կարող էր հաստատել կամ հերքել նրա կրած կապտուկների վաղեմությանը և պատճառին առնչվող եզրակացությունները:
242. Վերոհիշյալ նկատառումները բավարար հիմքեր են ընձեռում Դատարանին՝ եզրակացնելու, որ Գանգատաբերի կողմից Կենտրոնական կլինիկական հիվանդանոց տեղափոխվելու ընթացքում վատ վերաբերմունքի ենթարկված լինելու մասին բողոքի քննությունը եղել է «արդյունավետ»: Ուստի, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական բաղադրիչի խախտում տեղի չի ունեցել:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈՂՈՔԸ
243. Գանգատաբերը պնդել է, թե հիվանդանոցում եղել է շուրջօրյա տեսահսկողության ներքո, և թե բանտային ղեկավարությունն իր բժշկական պատմության վերաբերյալ ամբողջական զեկույց են հրապարակել ուկրաինական լրատվամիջոցներում: Նա հենվել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վրա, որով նախատեսվում է.
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջոքւթյան կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
244. Կառավարությունը պնդել է, թե Գանգատաբերը պետք է վերադաս դատախազին կամ իրավասու դատարանում բողոքարկած լիներ հիվանդանոցում մշտական տեսահսկողությանը և իր առողջության վերաբերյալ զեկույցի հրապարակմանն առնչվող պնդումների հիման վրա միջոցներ չձեռնարկելու մասին Խարկովի շրջանային դատախազության 2012թ. հունիսի 1-ի որոշումը: Նա կարող էր այդ որոշումները բողոքարկել նաև ուղղակիորեն վարչական դատարաններում:
245. Դատարանը վերահաստատում է, որ 35-րդ հոդվածի նպատակն է Պայմանավորվող պետություններին հնարավորություն ընձեռել՝ կանխելու կամ ուղղելու իրենց կողմից ենթադրյալ խախտումները նախքան բողոքները Կոնվենցիայի մարմիններին ներկայացնելը: Հետևապես, պետություններն ազատված են միջազգային մարմնի առջև իրենց գործողությունների համար պատասխան տալու պարտավորությունից այնքան ժամանակ, քանի դեռ հնարավորություն չեն ունեցել ուղղելու խնդիրը սեփական իրավական համակարգի շրջանակում: Այդ կանոնի հիմքում դրված է Կոնվենցիայի 35-րդ հոդվածին սերտորեն կապակցված 13-րդ հոդվածում արտացոլված այն ենթադրությունը, որ ենթադրյալ խախտման կապակցությամբ ներպետական համակարգում գոյություն ունի իրավական պաշտպանության արդյունավետ միջոց: Այս առումով, սկզբունքի կարևոր բաղադրիչներից է այն հանգամանքը, որ Կոնվենցիայով ստեղծված պաշտպանության մեխանիզմը սուբսիդիար՝ փոխլրացնող է մարդու իրավունքները երաշխավորող ազգային համակարգերին: Ուստի, հետագայում Դատարանին ներկայացվելիք բողոքը պետք է նախևառաջ և առնվազն ըստ էության ներկայացված լինի համապատասխան ներպետական մարմնին, ինչպես նաև՝ բավարարի ներպետական օրենսդրությամբ սահմանված ֆորմալ պահանջները և ժամկետները (տե՜ս Selmouni-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 74):
246. Նախևառաջ, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ Գանգատաբերի բողոքի առնչությամբ Դատարանն արդեն իսկ նշել է, որ դատախազի որոշման դատական կարգով բողոքարկումն արդյունավետ միջոց չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով (տե՜ս վերը՝ 223-րդ կետը), և համարում է, որ նույն եզրակացությունը կիրառելի է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիման վրա ներկայացված սույն բողոքի պարագայում: Երկրորդը, Դատարանը համարում է, որ Վարչական արդարադատության վերաբերյալ օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2005թ. սեպտեմբերի 1-ին՝ ներպետական դատարաններին հնարավորություն ընձեռելով յոթ տարիների ընթացքում ձևավորել դրա մեկնաբանությունը, կարող է համարվել Գանգատաբերի ներկայացրած բողոքների նման բողոքների առնչությամբ իրավական պաշտպանության առերևույթ արդյունավետ միջոց ընձեռող ակտ: Կոնկրետ այս տեսակի բողոքը ներպետական դատարաններում ներկայացնելու համար սահմանված մանրակրկիտ ընթացակարգեր չկան, և Կառավարությունը չի կարողացել մեջբերել դատական պրակտիկայի որևէ օրինակներ: Այնուհանդերձ, հարցը տեղավորվել է Վարչական արդարադատության վերաբերյալ օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի շրջանակի մեջ (տե՜ս վերը՝ 181-րդ կետը), որով սահմանվում է վարչական դատարանների իրավազորությունը, և չկան այնպիսի փաստեր, որոնք կվկայեին, որ սույն գործով վեճը դուրս է մնացել այդ դրույթի 2-րդ պարբերության շրջանակից:
247. Դատարանը նկատում է, որ սույն գործով Գանգատաբերն օգտագործել է Վարչական արդարադատության վերաբերյալ օրենսգրքով իրեն ընձեռված հնարավորությունը: Ճիշտ է, նա հաջողության չի հասել, քանի որ Կիևի շրջանի վարչական դատարանը մերժել է նրա վարչական հայցը (տե՜ս վերը՝ 173-174-րդ կետերը): Դատարանը նկատում է, սակայն, որ առաջին ատյանի դատավճիռը ենթակա է բողոքարկման, ի վերջո նաև՝ իրավունքի հարցերով բողոքարկման: Դատարանը նկատում է նաև, որ Գանգատաբերը չի ներկայացրել Վարչական արդարադատության վերաբերյալ օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ միջոցառումը ձեռնարկելու մասին միջնորդություն (տե՜ս վերը՝ 181-րդ կետը):
248. Ուստի, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիմքով Գանգատաբերի ներկայացրած բողոքները ենթակա են մերժման ներպետական պաշտպանության միջոցների չսպառման պատճառով՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի համաձայն:
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈՂՈՔՆԵՐԸ
249. Հենվելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1(բ) պարբերության վրա, Գանգատաբերը բողոքել է, որ իր նախնական կալանքը եղել է անօրինական և կամայական: 5-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով նա նաև բողոքել է առ այն, որ հիմքեր չեն եղել իր կալանքը երկարաձգելու համար: Գանգատաբերը նաև 5-րդ հոդվածի 4-րդ կետի հիման վրա բողոքել է առ այն, որ չի կարողացել արդյունավետորեն վիճարկել իր նախնական կալանքի օրինականությունը: Ի վերջո, նա բողոքել է այն մասին, որ ի խախտումն վերոհիշյալ դրույթների՝ ինքը չի ունեցել կալանքի դիմաց փոխհատուցում ստանալու արդյունավետ և կիրարկելի իրավունք:
250. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի վերաբերելի դրույթներով նախատեսվում է.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
... (բ) անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,
(գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար ...:
3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:
4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:
5. Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման»:
Ա. Ընդունելիությունը
251. Դատարանը նկատում է, որ այս բողոքները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3(ա) կետի իմաստով ակնհայտորեն անհիմն չեն: Դատարանը նաև նկատում է, որ դրանք որևէ այլ հիմքով անընդունելի չեն համարվում: Ուստի, դրանք պետք է ճանաչել ընդունելի:
Բ. Բողոքների քննարկումն ըստ էության
1. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը
(ա) Կողմերի ներկայացրած փաստարկները
252. Գանգատաբերը պնդել է, թե իր կալանավորումը եղել է կամայական և չի համապատասխանել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի նպատակներին:
253. Նա մեջբերել է, մասնավորապես, Kharchenko-ն ընդդ. Ուկրաինայի գործով Դատարանի կայացրած դատավճիռը (թիվ 40107/02, 10-ը փետրվարի, 2011թ.), որի համաձայն անորոշ ժամկետով նախնական կալանքը, անկախ ազգային օրենսդրության պահանջներին համապատասխանելուց, հակասել է 5-րդ հոդվածի 1-ին կետի՝ Դատարանի տված մեկնաբանությանը:
254. Գանգատաբերը նաև պնդել է, թե իր փախուստի դիմելու ռիսկի որևէ ապացույցներ չեն բացահայտվել կամ ներպետական վարույթի, կամ սույն Դատարանի վարույթի շրջանակներում: Նա մատնանշել է, որ ընդհակառակը՝ ինքը միշտ կատարել է քննիչի որոշումների և դատարանի ծանուցագրերի պահանջները՝ մշտապես ներկայանալով քննչական բոլոր գործողություններին և դատական նիստերին:
255. Գանգատաբերը նաև պնդել է, թե գոյություն չի ունեցել իրեն ներկայացված մեղադրանքի մեջ նշված անօրինական գործունեության՝ իր կողմից իրականացման ռիսկը, հաշվի առնելով, որ մեղադրանքը վերաբերել է իր՝ վարչապետի պաշտոնում գործելուն, սակայն այդ գործառույթը դադարած է եղել տվյալ քրեական վարույթի հարուցումից երկար ժամանակ առաջ:
256. Գանգատաբերն ընդգծել է նաև, որ ներպետական դատարանները որևէ փուլում չեն դիտարկել կալանքի փոխարեն խափանման այլ՝ նվազ միջամտող միջոց կիրառելու հնարավորությունը:
257. Կառավարությունը նշել է, թե Գանգատաբերի նախնական կալանքի և այն երկարաձգելու մասին որոշումները կայացվել են դատարանի կողմից՝ ազգային օրենսդրության համաձայն: Ուստի, պահպանվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1(գ) կետի պահանջները:
258. Կառավարությունը տեսակետ հայտնեց, թե ազգային դատարանը վերաբերելի և բավարար հիմքերի մատնանշմամբ հիմնավորել է, որ խափանման միջոցի հիմքում եղել են գործի կոնկրետ փաստերը և գործի նյութերում ներառված փաստաթղթերը: Կառավարությունը նշեց, մասնավորապես, որ դատարանը Գանգատաբերի կալանքը հիմնավորել է փախուստի դիմելու կամ քննությունը խոչընդոտելու ռիսկով: Այդ ռիսկերի գոյությունը հաստատող փաստեր է համարվել Գանգատաբերի կողմից իր բնակության վայրի մասին դատարանին չհայտնելը՝ այն պատրվակով, թե այդ տեղեկություններն առկա են եղել գործի նյութերում: Ավելին, դատարանը նշել է, թե Գանգատաբերի կողմից նախկինում մատնանշված հասցեով նրան ուղարկված նամակները վերադարձվել են փոստային ծառայության կողմից: Ավելին, 2011թ. օգոստոսի 5-ի դատական նիստի ընթացքում Գանգատաբերը հրաժարվել է ստորագրել տեղեկանքն այն մասին, որ ինքը ծանուցվել է հաջորդ դատական նիստի ամսաթվի, ժամի և վայրի մասին: Ի վերջո, նա առանց հարգելի պատճառի ուշացել է 2011թ. օգոստոսի 5-ի դատական նիստից:
259. Ապա, Կառավարությունն ընդգծեց, որ Գանգատաբերը կասկածվում է ծանր հանցագործության մեջ և հարգանք չի դրսևորել դատարանի և դատավարության մասնակիցների նկատմամբ՝ արհամարհելով նախագահող դատավորի կարգադրությունները և խոչընդոտելով վկաների հարցաքննությունը:
260. Կառավարությունը շեշտեց նաև, որ Գանգատաբերին կալանավորելու մասին որոշումը կայացնելուց առաջ դատարանը հավուր պատշաճի ուսումնասիրել է խափանման միջոցի վերաբերյալ նրա և նրա փաստաբանի փաստարկները:
261. Կառավարությունը նշեց նաև, որ նրա նախնական կալանքի ընդհանուր տևողությունը համեմատաբար կարճ է եղել:
(բ) Դատարանի գնահատականը
(i) Ընդհանուր սկզբունքները
262. Դատարանն ընդգծում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածով ամրագրված է մարդու հիմնարար իրավունք, այն է՝ անձի ազատության նկատմամբ պետության կամայական միջամտությունից անհատի պաշտպանության իրավունքը (տե՜ս Aksoy-ն ընդդ. Թուրքիայի, 18-ը դեկտեմբերի, 1996, պարբ. 76, Reports 1996-VI): 5-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ այդ իրավունքից բացառությունների ցանկը սպառիչ է, և այդ բացառությունների միայն նեղ մեկնաբանությունը կարող է համահունչ լինել տվյալ դրույթի նպատակին, այն է՝ անձի կամայական ազատազրկումը բացառելու նպատակին (տե՜ս Labita-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 170):
263. Ազատությունից զրկելու օրինականությունը գնահատելիս Դատարանը չի սահմանափակվում տվյալ ձերբակալման կամ կալանավորման հռչակված կամ առերևույթ նպատակներով, այլև՝ դիտարկում է դրա իրական մտադրությունը և նպատակները (տե՜ս Bozano-ն ընդդ. Ֆրանսիայի, 18-ը դեկտեմբերի, 1986, պարբ. 60, Series A no. 111, և Khodorkovskiy-ն ընդդ. Ռուսաստանի, թիվ 5829/04, պարբ. 142, 31-ը մայիսի, 2011թ.):
264. Դատարանն իր դատական նախադեպի շրջանակում վճռել է նաև, որ ազատությունից զրկելու պարագայում հատկապես կարևոր է իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքի պահպանումը: Ուստի, խիստ կարևոր է, որպեսզի ազատությունից զրկելու պայմանները հստակորեն սահմանված լինեն ներպետական օրենսդրությամբ, և որպեսզի օրենքն ինքնին և իր կիրառությամբ կանխատեսելի լինի, այսինքն՝ համապատասխանի Կոնվենցիայով սահմանված «օրինականության» չափանիշին, որի համաձայն ցանկացած օրենք պետք է բավարար չափով ճշգրիտ լինի՝ հնարավորություն ընձեռելով խուսափել կամայականության ռիսկերից և քաղաքացուն հնարավորություն տալով՝ անհրաժեշտության դեպքում պատշաճ խորհրդատվության հիման վրա գործի հանգամանքներից բխող որոշակի ողջամտությամբ կանխատեսել կոնկրետ գործողության հնարավոր հետևանքները (տե՜ս, ի թիվս բազմաթիվ այլ նախադեպերի, Medvedyev-ը և այլք ընդդ. Ֆրանսիայի [ՄՊ], թիվ 3394/03, պարբ. 80, ECHR 2010, լրացուցիչ հղումներով հանդերձ):
265. Ավելին, որպեսզի ազատությունից զրկելը համարվի ոչ կամայական Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, բավարար չէ միջոցի գործադրումը վերոհիշյալ չափանիշները բավարարող ազգային օրենսդրությանը համապատասխան, քանի որ այն պետք է նաև անհրաժեշտ լինի տվյալ հանգամանքներում (տե՜ս Nešťák-ն ընդդ. Սլովակիայի, թիվ 65559/01, պարբ. 74, 27-ը փետրվարի, 2007, և Khayredinov-ն ընդդ. Ուկրաինայի, թիվ 38717/04, պարբ. 27-28, 14-ը հոկտեմբերի, 2010թ.):
266. Ի վերջո, Դատարանը շեշտում է, որ իշխանությունները պարտավոր են համոզիչ կերպով ապացուցել կալանավորման ցանկացած ժամկետի հիմնավորումը՝ անկախ դրա կարճատևությունից (տե՜ս Belchev-ն ընդդ. Բուլղարիայի, թիվ 39270/98, պարբ. 82, 8-ն ապրիլի, 2004, և Castravet-ն ընդդ. Մոլդովայի, թիվ 23393/05, պարբ. 33, 13-ը մարտի, 2007թ.):
(ii) Սկզբունքների կիրառությունը սույն գործի նկատմամբ
267. Դատարանը նկատում է, որ Գանգատաբերին կալանավորելու մասին որոշումը կայացվել է անորոշ ժամկետով, որն ինքնին հակասում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածով ամրագրված օրինականության պահանջին (տե՜ս, օրինակ, Yeloyev-ն ընդդ. Ուկրաինայի, թիվ 17283/02, պարբ. 52-55, 6-ը նոյեմբերի, 2008, Solovey-ը և Zozulya-ն ընդդ. Ուկրաինայի, թիվ 40774/02 և թիվ 4048/03, պարբ. 59, 27-ը նոյեմբերի, 2008, և Doronin-ն ընդդ. Ուկրաինայի, թիվ 16505/02, պարբ. 59, 19-ը փետրվարի, 2009թ.): Ավելին, Դատարանը եզրակացրել է, որ Ուկրաինայի օրենսդրական բացի պատճառով Ուկրաինայի նկատմամբ կայացված նախադեպային դատական որոշումներում քանիցս կրկնվել է այս խնդիրը (տե՜ս Kharchenko-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 98):
268. Դատարանը համարում է, որ սույն գործով ի հայտ են գալիս Գանգատաբերի նախնական կալանքի օրինականությանն առնչվող մի շարք այլ լուրջ խնդիրներ, որոնք արժանի են լրացուցիչ ուսումնասիրության:
269. Դատարանը նկատում է, որ 2011թ. օգոստոսի 5-ի կալանքի որոշման մեջ չեն նշվել նախորդ չորս ամիսների ընթացքում Գանգատաբերի նկատմամբ կիրառված խափանման միջոցի՝ քաղաքից չհեռանալու պարտավորության որևէ խախտումներ: Նշելով, որ նա հրաժարվել է ստորագրել նախատեսված դատական նիստերի մասին իրեն ծանուցող ակտերը, դատավորը չի հայտարարել, թե Գանգատաբերը որևէ դեպքում բացակայել է այդ նիստերից: Նույնը վերաբերում է նաև փոստային ծառայության կողմից դատարանի որոշ նամակները նրան ենթադրաբար չառաքելուն. չի փաստարկվել, որ դա նրա զրկել է իր դատավարական պարտավորությունները կատարելու հնարավորությունից: Դատական նիստի ընթացքում իր հասցեն հայտարարելուց Գանգատաբերի հրաժարվելը նույնպես ըստ երևույթին որևէ բացասական ազդեցություն չի ունեցել նրա՝ վարույթին ըստ պահանջվածի մասնակցելու վրա՝ հաշվի առնելով, որ հասցեն արդեն իսկ կար գործի նյութերում: Ինչ վերաբերում է 2011թ. օգոստոսի 5-ին դատական նիստից մի քանի րոպե ուշանալուն, ապա հիմքեր չեն եղել դա նրա կողմից ոչ բավարար համագործակցության դրսևորում համարելու համար: Ըստ այդմ, Գանգատաբերի կալանքը հիմնավորելու համար առաջադրված մեղադրանքներով հիմնավորված չի եղել Գանգատաբերի փախուստի դիմելու ռիսկը:
270. Ինչպես պարզ է դառնում կալանքի որոշումից և այդ միջոցի կիրառության մասին դատախազի միջնորդությունից և փաստական համատեքստից, Գանգատաբերի կալանքի միակ հիմնավորումը եղել է նրա կողմից ենթադրաբար վարույթը խոչընդոտելը և անհարգալից վերաբերմունքը: Այդ հիմնավորումը ներառված չէ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1(գ) կետով նախատեսված՝ ազատությունից զրկելու հնարավոր հիմնավորումների ցանկում: Ավելին, Դատարանին պարզ չէ, թե Գանգատաբերի՝ քաղաքից չհեռանալու պարտավորությունը կալանքով փոխարինելն ինչու է ավելի պատշաճ խափանման միջոց տվյալ հանգամանքներում:
271. Հաշվի առնելով, որ Գանգատաբերի նախնական կալանքի պատճառները և ուստի՝ նպատակն անփոփոխ են մնացել մինչև նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելը, Դատարանը համարում է, որ դրա ողջ տևողությունը եղել է կամայական և անօրինական:
272. Հետևաբար, այս կապակցությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
2. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը
(ա) Կողմերի ներկայացրած փաստարկները
273. Գանգատաբերը պնդել է, թե 2011թ. օգոստոսի 5-ի կալանքի որոշումը բողոքարկելու համար չի ունեցել իրավական պաշտպանության միջոց: Ավելին, ազատ արձակվելու վերաբերյալ նրա բոլոր միջնորդությունները մերժվել են ձևականորեն՝ հաշվի չառնելով իր փաստարկները:
274. Կառավարությունը պնդել է, որ թեպետ 2011թ. օգոստոսի 5-ի կալանքի որոշումն իսկապես ենթակա չի եղել բողոքարկման, կալանքի օրինականության սկզբնական դատական ստուգումն արդեն իսկ ներառված է եղել այդ որոշման մեջ:
275. Կառավարությունը նաև ներկայացրել է, թե Գանգատաբերի նախնական կալանքի օրինականությունը քանիցս վերանայվել է իրավասու դատարանի կողմից ազատ արձակվելու վերաբերյալ Գանգատաբերի և նրա փաստաբանների ներկայացրած միջնորդությունների հիման վրա: Կառավարությունը նշել է, թե այդ միջնորդություններից յուրաքանչյուրը և դրանցում զետեղված փաստարկներն առանձին դատավարական որոշումների շրջանակում ստուգման են ենթարկվել դատարանի կողմից: Պեչերսկու դատարանը շարունակաբար անփոփոխ է թողել Գանգատաբերի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ այն հիմքով, որ կալանքի առաջին՝ 2011թ. օգոստոսի 5-ի որոշման մեջ նշված հիմքերը պահպանվել են: Մասնավորապես, դատարանը նշել է, որ խափանման միջոցը փոխելու որևէ հիմքեր չեն եղել: Կառավարությունն այս առումով ընդգծել է, որ Գանգատաբերի կալանքի ողջ ժամանակահատվածը միևնույն հիմքերով հիմնավորելը չի կարող համարվել Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նրան երաշխավորված իրավունքների խախտում:
(բ) Դատարանի գնահատականը
276. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը ձերբակալված կամ կալանավորված անձանց ընձեռում է դատավարական և նյութական այն պայմանների վերանայման իրավունքը, որոնք էական նշանակություն ունեն իրենց ազատազրկման՝ Կոնվենցիայի իմաստով «օրինականությունը» որոշելու տեսանկյունից: Դա նշանակում է, որ իրավասու դատարանը պարտավոր է ուսումնասիրել ոչ միայն ներպետական օրենսդրության դատավարական պահանջների կատարումը, այլ նաև՝ ձերբակալման հիմքում ընկած կասկածի ողջամտությունը և ձերբակալմամբ և հետագա կալանավորմամբ հետապնդվող նպատակի իրավաչափությունը (տե՜ս Butkevičius-ն ընդդ. Լիտվայի, թիվ 48297/99, պարբ. 43, ECHR 2002-II, և Solovey-ի և Zozulya-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 70):
277. Դատարանը վճռել է, որ պատճառաբանված որոշման հաջորդ գործառույթն է կողմերին ցույց տալ, որ նրանց փաստարկները լսվել են: Թեպետ Կոնվենցիայի 5-րդ հոդվածով չի նախատեսվում, որ անձի կալանավորումը վերանայող դատավորը պարտավոր է անդրադառնալ բողոքաբերի ներկայացրած փաստարկներից յուրաքանչյուրին, դրանով ամրագրված երաշխիքները կիմաստազրկվեին, եթե դատավորը ներպետական օրենսդրության և պրակտիկայի վրա հիմնվելով կարողանար ոչ վերաբերելի համարել կամ պարզապես անուշադրության մատնել կալանավորվածի մատնանշած այն կոնկրետ փաստերը, որոնցով հնարավոր էր կասկածի տակ առնել ազատությունից զրկելու «օրինականությունը» (տե՜ս Ignatenco-ն ընդդ. Մոլդովայի, թիվ 36988/07, պարբ. 77-78, 8-ը փետրվարի, 2011, լրացուցիչ հղումներով հանդերձ):
278. Դատարանը նկատում է, որ սույն գործի շրջանակում Գանգատաբերի կալանքի օրինականությունը մի քանի անգամ վերանայվել է ներպետական դատարանների կողմից: Այնուհանդերձ, համապատասխան դատական որոշումները չեն բավարարում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ իրենց պատճառաբանություններում սահմանափակվելով բացառապես այն հայտարարությամբ, թե գործի դատական քննության ընթացքում կիրառված խափանման միջոցի փոփոխության մասին որոշումը ենթակա չէ բողոքարկման՝ այդկերպ կրկնելով սկզբնապես կիրառված պատճառաբանությունը, որի վերաբերյալ արդեն իսկ հիշատակվել է, որ այն թերի է եղել (տե՜ս վերը՝ 31-32-րդ և 35-36-րդ կետերը):
279. Դատարանը նկատում է, որ ազատ արձակվելու մասին իր բազմաթիվ միջնորդություններում Գանգատաբերն առաջադրել է կոնկրետ և վերաբերելի փաստարկներ, օրինակ՝ նախքան իր կալանավորումը քաղաքից չհեռանալու պարտավորության անխափան կատարումն իր կողմից և այն փաստը, որ ինքը փախուստի դիմելու կամ քննությունը խոչընդոտելու որևէ փորձ չի արել: Ավելին, անձնական երաշխավորության բազմաթիվ նամակներ էին ուղարկել հարգանք վայելող հասարակական գործիչները: Բացի դրանից, առաջարկվել էր նաև գրավ կիրառել: Այնուամենայնիվ, դատարանը մերժել էր բոլոր այդ միջնորդությունները՝ որևէ կերպ ցույց չտալով, որ անդրադարձել է այդ փաստարկներից որևէ մեկին՝ ըստ երևույթին համարելով, որ դրանք առնչություն չունեն Գանգատաբերի նախնական կալանքի օրինականության խնդրին (տե՜ս վերը՝ 34-35-րդ կետերը):
280. Ուստի, Դատարանը եզրակացնում է, որ Պեչերսկու դատարանի կողմից Գանգատաբերին ընձեռված դատական վերանայման շրջանակը և բնույթը չեն համապատասխանել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներին:
281. Դատարանը նախկինում արդեն իսկ վճռել է, որ ներպետական օրենսդրությունն ընդհանուր առմամբ չի ընձեռում նախաքննության ավարտից հետո կալանքի ժամկետի երկարաձգման օրինականության վերանայման այնպիսի ընթացակարգ, որը կհամապատասխաներ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներին (տե՜ս Molodorych-ն ընդդ. Ուկրաինայի, թիվ 2161/02, պարբ. 297):
282. Ուստի, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում:
3. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետը
(ա) Կողմերի ներկայացրած փաստարկները
283. Գանգատաբերը պնդել է, թե 5-րդ հոդվածի ենթադրյալ խախտումների կապակցությամբ չի ունեցել փոխհատուցման կիրարկելի իրավունք:
84. Կառավարությունը պնդել է, թե Գանգատաբերը կունենար իր կալանքի հետ կապված իրավական պաշտպանության իրավունք, եթե կալանքն անօրինական ճանաչվեր ներպետական դատարանների կողմից:
(բ) Դատարանի գնահատականը
285. Դատարանը նկատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված փոխհատուցման իրավունքը ծագում է միայն այն դեպքում, երբ Դատարանը կամ ներպետական դատարաններն ուղղակիորեն կամ ըստ էության արձանագրել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի չորս կետերից որևէ մեկի (սույն գործի դեպքում՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1(ա) կետի և 4-րդ կետի) խախտում (տե՜ս, օրինակ, Svetoslav Dimitrov-ն ընդդ. Բուլղարիայի, թիվ 55861/00, պարբ. 76, 7-ը փետրվարի, 2008, և Çağdaş Şahin-ն ընդդ. Թուրքիայի, թիվ 28137/02, պարբ. 34, 11-ն ապրիլի, 2006թ.): Այս առումով, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետով երաշխավորված փոխհատուցման իրավունքի արդյունավետ իրականացումը պետք է ապահովել բավարար որոշակիությամբ (տե՜ս Stanev-ն ընդդ. Բուլղարիայի[ՄՊ], թիվ 36760/06, պարբ. 182, 17-ը հունվարի, 2012, լրացուցիչ հղումներով հանդերձ):
286. Դատարանը նկատում է, որ անօրինական կալանավորման դիմաց փոխհատուցման խնդիրն Ուկրաինայում կարգավորվում է «Պետական փոխհատուցման մասին» օրենքով (տե՜ս վերը՝ 182-րդ կետը): Փոխհատուցման իրավունքը ծագում է, մասնավորապես, այն դեպքում, երբ կալանքի անօրինականությունը հաստատվել է դատական որոշմամբ: Ուկրաինայի օրենքով սահմանված չէ սույն Դատարանի կողմից 5-րդ հոդվածի այլ կետերի խախտմամբ տեղի ունեցած ազատազրկման դիմաց փոխհատուցման տրամադրման հայց ներկայացնելու ընթացակարգ:
287. Դատարանն Ուկրաինային վերաբերող նախադեպային դատավճիռներում արդեն իսկ նշել է այս բացի մասին (տե՜ս, օրինակ, Nechiporuk-ը և Yonkalo-ն ընդդ. Ուկրաինայի, թիվ 42310/04, պարբ. 233, 21-ն ապրիլի, 2011թ.): Նույնը կիրառելի է նաև սույն գործի նկատմամբ:
288. Ուստի, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում:
VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՎԵՐՑՎԱԾ՝ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈՂՈՔԸ
289. Գանգատաբերը բողոքել է, թե իր կալանավորումը քողարկված շարժառիթներ է ունեցել: Նա բողոքել է, մասնավորապես, որ իշխանություններն իր կալանքն օգտագործել են իրեն քաղաքական կյանքից մեկուսացնելու և 2012թ. հոկտեմբերի 28-ի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունը բացառելու նպատակով: Նա հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի հետ միասին վերցված՝ 18-րդ հոդվածի վրա, որով նախատեսվում է.
«Նշված իրավունքների և ազատությունների՝ սույն Կոնվենցիայով թույլատրվող սահմանափակումները չեն կիրառվում որևէ այլ նպատակով, բացի այն, որի համար դրանք նախատեսվել են»:
Ա. Ընդունելիությունը
290. Դատարանը նկատում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3(ա) կետի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ: Դատարանը նաև նկատում է, որ այն որևէ այլ հիմքով անընդունելի չի կարող ճանաչվել: Ուստի, այն պետք է ճանաչվի ընդունելի:
Բ. Բողոքի քննարկումն ըստ էության
1. Կողմերի ներկայացրած փաստարկները
291. Գանգատաբերն ընդգծել է, որ ինքն ուժեղագույն ընդդիմադիր գործիչն է եղել: Նա պնդել է, թե իր կալանքի իրական նպատակն է եղել բացառել իր մասնակցությունն Ուկրաինայում 2012թ. հոկտեմբերի 28-ի նախատեսվող խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև՝ իսպառ հեռացնել իրեն քաղաքական թատերաբեմից: Այս առումով նա հղում է արել Ուկրաինայում իշխանության ղեկին կանգնածների կողմից ընդդիմության անդամների հետապնդման վերաբերյալ ներպետական և միջազգային դիտորդների բազմաթիվ զեկույցներին: Գանգատաբերը նշել է նաև իր դեմ հարուցված մի շարք այլ քրեական գործերը՝ պնդելով, որ դրանք հիմնազուրկ են: Ի վերջո, Դատարանին ներկայացրած իր մյուս բողոքների և փաստարկների համատեքստում նա կասկած է հայտնել առաջին ատյանի դատարանում իր գործը քննած և նախնական կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը կայացրած դատավոր Կ.-ի բանիմացության և բարեխղճության կապակցությամբ: Գանգատաբերը նշել է, թե կիրառելով այդ միջոցը՝ դատավոր Կ.-ն իրեն պատժել է ընդամենը դատավոր Կ.-ին բավարար չափով չհարգելու համար, մինչդեռ ինքը չի համարել, թե նա արժանի է եղել այդ հարգանքին:
292. Կառավարությունը նշել է, որ Գանգատաբերը տևական ժամանակ զբաղեցրել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնը, ապա՝ մնացել բնակչության շրջանում լայն օժանդակություն վայելող ընդդիմադիր կուսակցության առաջնորդը: Ուստի, նրա գործունեությունը և նրա մասնակցությամբ տեղի ունեցող բոլոր իրադարձությունները մշտապես ուշադրության են արժանացել և քննարկումների կիզակետում գտնվել թե՜ զանգվածային լրատվամիջոցներում, թե՜ Ուկրաինայի և արտերկրի պաշտոնական շրջանակներում: Այնուամենայնիվ, Կառավարությունն ընդգծել է այդ քննարկումների քաղաքական բնույթը՝ պնդելով, որ դրանք պետք է տարբերակել դատական վարույթներից: Կառավարությունն այս առումով հղում է արել Khodorkovskiy-ի գործով (մեջբերված է վերևում՝ 259-րդ կետում) Դատարանի այն եզրակացությանը, որ «քաղաքական գործընթացը և դատական ակտերի կայացման գործընթացը հիմնավորապես տարբեր են»: Ուստի, Կառավարությունը պնդել է, թե Գանգատաբերի քրեական հետապնդման և կալանավորման քաղաքական նշանակությունը չի կարող նրա նկատմամբ կանխակալ վերաբերմունքի ապացույց համարվել:
293. Կառավարությունը նաև կարծիք է հայտնել, թե իր ծավալուն քաղաքական գործունեության մասին Գանգատաբերի պնդումներից զատ վերջինս չի կարողացել որևէ ապացույցներով հիմնավորել իր այն պնդումը, թե իրեն ազատությունից զրկելու նպատակը տարբերվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված նպատակներից: Ի վերջո, Կառավարությունը նշել է, թե Գանգատաբերի կալանավորումը պայմանավորված է եղել բացառապես դատարանի կողմից նրա գործի քննության ընթացքում նրա դրսևորած վարքով, հետապնդել է իրավաչափ նպատակ և համապատասխանել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1(գ) կետով սահմանված պահանջներին:
2. Դատարանի գնահատականը
294. Դատարանը շեշտում է, որ Կոնվենցիայի 18-րդ հոդվածն ինքնուրույն դերակատարում չունի: Այն կարող է կիրառվել միայն Կոնվենցիայի այլ հոդվածների հետ համատեղ (տե՜ս Gusinskiy-ն ընդդ. Ռուսաստանի, թիվ 70276/01, պարբ. 75, 19-ը մայիսի, 2004թ.): Ինչպես Դատարանը նախկինում է վճռել իր նախադեպային որոշումներում, Կոնվենցիայի ողջ կառուցվածքի հենքն այն ընդհանուր նախավարկածն է, որ Անդամ պետություններում հանրային իշխանության մարմինները գործում են բարեխղճորեն: Իրականում ցանկացած հանրային քաղաքականություն կամ անհատական միջոցառում կարող է ունենալ «քողարկված օրակարգ», և բարեխղճության կանխավարկածը հերքելի է: Այնուհանդերձ, իր իրավունքների և ազատությունների՝ ոչ պատշաճ հիմքով սահմանափակված լինելու մասին պնդում ներկայացնող գանգատաբերը պարտավոր է համոզիչ կերպով ապացուցել, որ իշխանությունների իրական նպատակը տարբերվել է հռչակված նպատակից կամ իրավիճակից ողջամտորեն բխեցվող նպատակից: Զուտ կասկածն առ այն, որ իշխանություններն իրենց լիազորությունները գործադրել են Կոնվենցիայով նախատեսված նպատակներից տարբերվող՝ այլ նպատակների համար, բավարար չէ՝ ապացուցելու համար, որ խախտվել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածը (տե՜ս Khodorkovskiy-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 255):
295. Երբ բողոք է ներկայացվում Կոնվենցիայի 18-րդ հոդվածի հիմքով, Դատարանն ապացուցման շատ խստապահանջ չափանիշ է կիրառում: Դրա հետևանքն այն է, որ խիստ սակավաթիվ գործերով է Կոնվենցիայի այս դրույթի խախտում արձանագրվել: Այսպես, Gusinsky-ի գործով (մեջբերված է վերևում, պարբ. 73-78) Դատարանն ընդունել է, որ Գանգատաբերի ազատությունը սահմանափակվել է, մասնավորապես, այնպիսի նպատակով, որը հիշատակված չէ 5-րդ հոդվածում: Այս եզրակացության հիմքում Դատարանը դրել է կալանավորվածի և Մամուլի հարցերով դաշնային նախարարի ստորագրած համաձայնագիրը, որից պարզ է դարձել, որ Գանգատաբերի կալանքը կիրառվել է՝ նպատակ ունենալով նրան ստիպել, որպեսզի իր լրատվական ընկերությունը վաճառի պետությանը: Cebotari-ն ընդդ. Մոլդովայի գործով (թիվ 35615/06, պարբ. 46 և հաջորդիվ, 13-ը նոյեմբերի, 2007) Դատարանը Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտում է արձանագրել այն հանգամանքներում, որոնցում Գանգատաբերի ձերբակալությունը տեսանելիորեն կապված է եղել Դատարանում քննվող գանգատի հետ: Այնուհանդերձ, նման գործերը դեռևս հազվագյուտ են (տե՜ս, հակադրությամբ, Sisojeva-ն և այլք ընդդ. Լատվիայի [ՄՊ], թիվ 60654/00, պարբ. 129, ECHR 2007-II, և Khodorkovskiy-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 261):
296. Անցնելով սույն գործին, Դատարանը նկատում է, որ սույն գործի հանգամանքներն ընդհանուր առմամբ նման են Lutsenko-ն ընդդ. Ուկրաինայի գործով ուսումնասիրված հանգամանքներին (թիվ 6492/11, պարբ. 104, 3-ը հուլիսի, 2012թ.): Ինչպես սույն, այնպես էլ՝ այն գործի շրջանակում իշխանափոխությունից կարճ ժամանակ անց գանգատաբերը՝ նախկին վարչապետը և ընդդիմադիր ուժեղագույն կուսակցության առաջնորդը, մեղադրվել է իշխանության չարաշահման մեջ և քրեական հետապնդման ենթարկվել: Ազգային և միջազգային բազմաթիվ դիտորդներ՝ ներառյալ հասարակական տարաբնույթ կազմակերպություններ, լրատվամիջոցներ, դիվանագիտական շրջանակներ և հասարակական գործիչներ, համարել են, որ այդ իրադարձություններն Ուկրաինայում ընդդիմության առաջնորդների՝ քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդման մասն են:
297. Ինչ վերաբերում է սույն գործով Գանգատաբերի՝ Կոնվենցիայի 18-րդ հոդվածին առնչվող բողոքներին, ապա Դատարանը նկատում է, որ դրանք երկուսն են. 5-րդ հոդվածի հետ միասին վերցված՝ բողոքը նախնական կալանքի բուն նպատակի վերաբերյալ, և 6-րդ հոդվածի հետ միասին վերցված՝ բողոքը Գանգատաբերի քրեական հետապնդման արդար լինելու և ենթադրաբար քողարկված շարժառիթներ ունենալու մասին:[6] Ըստ այդմ, Դատարանն այստեղ իրականացվող իր ուսումնասիրությունը կսահմանափակի նախնական կալանքին վերաբերող բողոքով՝ 5-րդ հոդվածի հետ միասին վերցված 18-րդ հոդվածի առնչությամբ:
298. Ինչպես Դատարանը վճռել է Lutsenko-ի՝ վերևում մեջբերված գործով, քրեական հետապնդման իրավիճակում քաղաքական կամ այլ քողարկված շարժառիթի գոյության մասին բողոքների պարագայում դժվար է նախնական կալանքն առանձնացնել այն քրեական վարույթից, որի շրջանակում կիրառվել է նախնական կալանքը (108-րդ կետ): Այնուհանդերձ, ինչպես մեջբերված գործով, Դատարանը սույն գործով ևս նկատում է Գանգատաբերի նախնական կալանքի մի քանի առանձնահատկություններ, որոնք Դատարանին թույլ են տալիս խնդիրը դիտարկել առանձին՝ չկապելով այն Գանգատաբերի՝ որպես ընդդիմության առաջնորդի նկատմամբ ենթադրաբար քաղաքական շարժառիթներով իրականացվող հետապնդման ընդհանուր իրավիճակի հետ, որը ծավալվել էր իշխանափոխությունից հետո, խորհրդարանական ընտրություններից առաջ, քրեական մի քանի մեղադրանքներ հարուցելու միջոցով:
299. Դատարանն արդեն իսկ հաստատել է, որ թեպետ Գանգատաբերի կալանքը ֆորմալ առումով հետապնդել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1(գ) կետով սահմանված նպատակները, թե՜ փաստական իրավիճակը, թե՜ իշխանությունների առաջադրած պատճառաբանությունը (տե՜ս վերը՝ 269-270-րդ կետերը) վկայում են այն մասին, որ կիրառված միջոցի բուն նպատակն է եղել Գանգատաբերին պատժել դատարանի նկատմամբ ոչ բավարար չափով հարգանք դրսևորելու համար, որը ենթադրաբար տեղի էր ունեցել դատական նիստի ընթացքում:
300. Այս նկատառումների լույսի ներքո, կիրառելով Lutsenko-ի գործի համադրելի հանգամանքների իրավական մեկնաբանության նկատմամբ կիրառված մոտեցմանը նմանվող մոտեցում, Դատարանը չի կարող չարձանագրել, որ Գանգատաբերի ազատության՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1(գ) կետով թույլատրելի սահմանափակումը կիրառվել է ոչ թե իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու համար, այլև՝ ուրիշ նպատակների համար:
301. Դատարանը դա բավարար հիմք է համարում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի հետ միասին վերցված՝ 18-րդ հոդվածի խախտում արձանագրելու համար:
VIII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ
302. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
303. Գանգատաբերը վնասի կամ ծախսերի կամ ծախքերի առնչությամբ որևէ պահանջ չի ներկայացրել:
304. Ուստի, այդ կետերի կապակցությամբ փոխհատուցում չի նշանակվել:
ԵԼՆԵԼՈՎ ԱՅԴ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ, ԴԱՏԱՐԱՆԸ
1. Միաձայն ընդունելի է ճանաչում 2012թ. ապրիլի 20-ին Գանգատաբերին հիվանդանոց տեղափոխելու ընթացքում նրա նկատմամբ վատ վերաբերմունքի և դրա քննության պատճառով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումների վերաբերյալ բողոքը, ինչպես նաև՝ Կոնվենցիայի 5-րդ և 18-րդ հոդվածների հիման վրա ներկայացված բողոքները, և անընդունելի է ճանաչում գանգատի մնացած մասերը,
2. Ձայների 4-3 հարաբերակցությամբ վճռում է, որ 2012թ. ապրիլի 20-ին Գանգատաբերին հիվանդանոց տեղափոխելու ընթացքում նրա նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ նրա բողոքի և ներպետական քննության արդյունավետության առումով տեղի չի ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում,
3. Միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում,
4. Միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում,
5. Միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում,
6. Միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի հետ միասին վերցված՝ Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտում:
Կազմվել է անգլերեն, հրապարակվել 2013թ. ապրիլի 30-ի դռնբաց նիստում Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:
Քարտուղարի տեղակալ՝ Ստեֆեն Ֆիլիպս,
Նախագահ՝ Դին Շպիլման
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն սույն դատավճռին են կցվում հետևյալ առանձին կարծիքները.
(ա) Դատավորներ Յունգվիրթի, Նուշբերգերի և Պոտոցկու համատեղ համընկնող կարծիքը
(բ) Դատավորներ Շպիլմանի, Վիլիջերի և Նուշբերգերի համատեղ տարբերվող կարծիքը:
D.S.
J.S.P.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՅՈՒՆԳՎԻՐԹԻ, ՆՈՒՇԲԵՐԳԵՐԻ և ՊՈՏՈՑԿՈՒ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
Մենք համաձայն ենք, որ սույն գործի շրջանակում տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի հետ միասին վերցված՝ Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտում: Այնուհանդերձ, մենք գտնում ենք, որ մեծամասնության կարծիքը չի անդրադառնում Գանգատաբերի հիմնական բողոքին, որը վերաբերում է մարդու իրավունքների խախտումների և ժողովրդավարության միջև կապին, մասնավորապես՝ այն հարցին, թե իր կալանքն իշխանությունների կողմից օգտագործվել է իրեն քաղաքական կյանքից մեկուսացնելու և 2012թ. հոկտեմբերի 28-ի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունը բացառելու նպատակով (տե՜ս 289-րդ կետը):
Կոնվենցիայի ողջ փիլիսոփայության հիմքում այն նախավարկածն է, որ Անդամ պետություններում հանրային իշխանության մարմինները գործում են բարեխղճորեն: Իրականում ցանկացած հանրային քաղաքականություն կամ անհատական միջոցառում կարող է ունենալ «քողարկված օրակարգ», և ծառայել պաշտոնապես հռչակված նպատակներից տարբերվող՝ այլ նպատակների: Դա հատկապես մտահոգիչ է, երբ քրեական օրենսդրությունը ծառայեցվում է հանցանք գործածներին կամ մեղսագործներին արդար դատի առաջ կանգնեցնելուց զատ՝ որոշակի այլ նպատակների: Նման դեպքերում բավարար չէր լինի Կոնվենցիայի միայն 5-րդ և 6-րդ հոդվածներով երաշխավորված մարդու իրավունքների խախտումներ արձանագրելը, քանի որ դա չէր բացահայտի և չէր թիրախավորի բուն խնդիրը, այն է՝ պետական իշխանության դիտավորյալ չարաշահումը:
Ուստի, գանգատաբերների կողմից Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոքներին պետք է խիստ լրջորեն վերաբերվել: Միևնույն ժամանակ, զուտ կասկածն առ այն, որ իշխանություններն իրենց լիազորությունները գործադրել են Կոնվենցիայով նախատեսված նպատակներից տարբերվող՝ այլ նպատակների համար, բավարար չէ՝ ապացուցելու համար, որ խախտվել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածը: Այսինքն, Դատարանն ապացուցման շատ խստապահանջ չափանիշ է կիրառում (տե՜ս Khodorkovskiy-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 255-256): Այդ պահանջը, սակայն, չպետք է այնպիսին լինի, որպեսզի Գանգատաբերի համար անհնար դարձնի 18-րդ հոդվածի խախտում ապացուցելը: 18-րդ հոդվածի խախտման առնչությամբ ապացույցները գնահատելիս պետք է հաշվի առնել մի քանի գործոններ:
Նախ, 18-րդ հոդվածի ձևակերպումը պարունակում է «նպատակ» բառը, որն անհրաժեշտաբար նշանակում է սուբյեկտիվ դիտավորություն, որը կարող է բացահայտել միայն դա ունեցող անձը կամ անձինք, բացառությամբ երբ այն ինչ-ինչ եղանակով պատահաբար փաստաթղթավորված է լինում (համեմատության համար տե՜ս, օրինակ, Gusinskiy-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 73-78, որում իշխանությունների մտադրությունը պարզ էր դադրձել կալանավորվածի և Մամուլի և զանգվածային հաղորդակցության դաշնային նախարարի կողմից ստորագրված համաձայնագրից): Ընդհանուր առմամբ, Դատարանի նշած «քողարկված օրակարգի» մասին իմացությունն իշխանությունների գործողությունների դաշտում է, և որպես այդպիսին հասանելի չէ գանգատաբերին: Ուստի, անհրաժեշտ է ընդունելի ճանաչել իշխանությունների ոչ պատշաճ շարժառիթների մասին վկայող այն ապացույցները, որոնք մտահանգման կարգով բխեցվում են գործի կոնկրետ հանգամանքներից և համատեքստից: Այլապես, 18-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանությունը գործնականում կլիներ անարդյունավետ:
Երկրորդը, գործի կոնկրետ հանգամանքների և համատեքստի վրա հենվելիս Դատարանը պարտավոր է, անկախ ամեն ինչից, չկիրառել երկակի չափանիշներ և ավելի հեշտորեն արձանագրել 18-րդ հոդվածի՝ 5-րդ կամ 6-րդ հոդվածների հետ համատեղ վերցված խախտումն այն գանգատաբերների պարագայում, ովքեր որոշակիորեն ավելի հայտնի դիրք են զբաղեցնում հասարակությունում: Ինչպես նշել է դատարանը Khodorkovskiy-ն ընդդ. Ռուսաստանի գործով, «քաղաքական բարձր կարգավիճակն անձեռնմխելիություն չի շնորհում» (տե՜ս Khodorkovskiy-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 258): Միևնույն ժամանակ, Կոնվենցիայի 18-րդ հոդվածը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել մարդու իրավունքների և ժողովրդավարության միջև գոյություն ունեցող ուղղակի կապը: Եթե քաղաքականապես ակտիվ անձանց մարդու իրավունքները սահմանափակվում են երկրի քաղաքական կյանքին նրանց մասնակցությունը սահմանափակելու կամ անհնար դարձնելու նպատակով, ապա վտանգված է ժողովրդավարությունը:
Երրորդը, 18-րդ հոդվածն անդրադառնում է «նշված իրավունքների և ազատությունների՝ սույն Կոնվենցիայով թույլատրվող» սահմանափակումներին: Ուստի, տվյալ բառացի ձևակերպման համաձայն, այս իրավանորմը ոչ միայն արգելում է Պատասխանող պետության իրավական համակարգի «ի վերուստ» չարաշահումը՝ «սկզբից մինչև վերջ գործելով անբարեխղճորեն և ակնհայտորեն արհամարհելով Կոնվենցիան» (տե՜ս Khodorkovskiy-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 260),, այլ նաև՝ արգելում է սահմանափակող որոշակի միջոցառումները, ինչպիսին է օրինակ նախնական կալանքը, ոչ պատշաճ նպատակների ծառայեցնելը (տե՜ս Lutsenko-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 109):
Չորրորդը, քաղաքական գործընթացը և դատական ակտերի կայացման գործընթացն իսկապես հիմնավորապես տարբեր են: Քաղաքական գործչի մարդու իրավունքները սահմանափակելու համար իշխանությունների՝ ոչ պատշաճ շարժառիթներ ունենալը պարզելիս Դատարանը չի կարող որպես ապացույց ընդունել քաղաքական հաստատությունների կամ հասարակական կազմակերպությունների եզրակացությունները կամ բանաձևերը կամ՝ հանրային այլ գործիչների հայտարարությունները (տե՜ս Khodorkovskiy-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 259): Դատարանը պարտավոր է Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտում արձանագրելիս հիմնվել բացառապես գործի կոնկրետ փաստերի վրա:
Հինգերորդը, Դատարանը վճռել է, որ ապացուցման պարտականությունը պետք է կրի գանգատաբերը՝ անգամ այն դեպքում, երբ առերևույթ հիմնավորվել է ոչ պատշաճ շարժառիթի գոյությունը (տե՜ս Khodorkovskiy-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 256): Այնուամենայնիվ, դա չի կարող նշանակել, թե այն դեպքերում, երբ իշխանությունները չեն կարող ներկայացնել «պատշաճ շարժառիթը», անհնար կլիներ դիտարկել «ոչ պատշաճ շարժառիթի» գոյությունն ապացուցելու հնարավորությունը:
Ելնելով այս նկատառումներից, մենք գտնում ենք, որ սույն գործով տեղի է ունեցել 18-րդ հոդվածի խախտում, սակայն, ի տարբերություն մեծամասնության, գտնում ենք, որ դա տեղի է ունեցել ոչ միայն այն պատճառով, որ նախնական կալանքը կիրառվել է Գանգատաբերին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար պատժելու նպատակով (տե՜ս 299-րդ կետը), այլ նաև՝ քողարկված շարժառիթների պատճառով:
Որպես ելակետ ընդունում ենք այն փաստը, որ Դատարանը սույն գործով վճռել է, որ Գանգատաբերի նախնական կալանքի համար առաջին ատյանի դատարանի մատնանշած հիմքերը համատեղելի չեն եղել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին: Դա նշանակում է, որ 2011թ. օգոստոսի 5-ին Գանգատաբերին առանց ժամկետային սահմանափակման կալանավորելը Կոնվենցիայի իմաստով եղել է կամայական:
Վճռորոշ հարցը, հետևապես, նա է, թե արդյոք կալանքը, չնայած դրա կամայականությանը, կիրառվել է բարեխղճորեն, թե՞ իրականում այդ միջոցին հասնելով և այն կիրառելով՝ իշխանություններն իրականում ունեցել են հայտարարվածից տարբերվող նպատակ և քողարկված այլ դիտավորություն, որը կարող է ապացուցվել Կոնվենցիայով պահանջվող չափանիշներին համապատասխան: Այս հարցին պատասխանելու համար Դատարանը պետք է Գանգատաբերի իրավունքների սահմանափակումները, հատկապես՝ 2011թ. օգոստոսի 5-ին նրան անժամկետ կալանավորելը, դիտարկի ավելի լայն համատեքստում՝ հաշվի առնելով նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են կալանքի որոշումը կայացնելու ժամանակային պահը, Գանգատաբերի կարգավիճակը և իշխանությունների գործողությունների կատարման ձևը:
Այս համատեքստում գտնում ենք, որ այս խնդիրը հնարավոր չէ ամբողջովին տարանջատել Գանգատաբերի դեմ հարուցված քրեական վարույթի բնույթից, թեպետ Դատարանի կողմից սույն գործով Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոքի քննարկումը չի վերաբերել բուն դատական քննությանը:[7] Գտնում ենք, որ Գանգատաբերին կալանավորելու մասին որոշումը պետք է դիտարկել այդ վարույթի առավել ընդհանուր համատեքստում և վարույթը հարուցելու պահին Գանգատաբերի զբաղեցրած դիրքի և ունեցած կարգավիճակի համատեքստում: Իր ձերբակալությունից ընդամենը մեկ տարի առաջ Գանգատաբերն Ուկրաինայի գործող նախագահի հիմնական քաղաքական ընդդիմադիրն է եղել՝ ստանալով ժողովրդական քվեի 45.47%-ը (տե՜ս 12-րդ կետը): Առավել կարևոր է այն փաստը, որ Գանգատաբերի կուսակցությունն ակնհայտորեն հայտարարել էր 2012թ. հոկտեմբերին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրությունը՝ Գանգատաբերի առաջնորդությամբ, այլ կերպ ասած՝ որոշակի ժամանակահատվածում, որում Գանգատաբերի նախնական կալանքի ընթացքում հենց անհրաժեշտ էր դառնում սկսել նախընտրական քարոզարշավին նախապատրաստական աշխատանքը:
Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ սույն գործով Գանգատաբերին ներկայացված մեղադրանքը չի վերաբերում կոռուպցիայի կամ խարդախության հանցագործություններին կամ այնպիսի հանցագործությունների, որոնց կապակցությամբ կենթադրվեր, թե նա ձգտել է անձնական ֆինանսական շահ ստանալ: Ընդհակառակը, իշխանության չարաշահումը, որի մեջ նա մեղադրվում էր, վերաբերում էր բացառապես նրա՝ որպես Ուկրաինայի վարչապետի կայացրած քաղաքական որոշման հանգամանքներին, մասնավորապես՝ գազի վերաբերյալ այնպիսի միջազգային պայմանագրի ստորագրմանը, որի մասին հետագայում պնդում էին, թե այն անբարենպաստ է եղել երկրի համար:
Ավելին, անհրաժեշտ է հաշվի առնել քննությունը կատարելու եղանակը: Թեպետ հայտնի փաստ է, որ քրեական գործի քննությունն Ուկրաինայում հաճախ տևում է մի քանի տարի, Գանգատաբերին վերաբերող ծայրահեղ բարդ գործի պարագայում քննությունը կատարվել էր ապշեցուցիչ արագությամբ, այն է՝ 2011 ապրիլի 11-ից մինչև մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ վեց շաբաթից կարճ ժամկետում: Էլ ավելի նշանակալի է այն փաստը, որ քննությունը կատարվել էր այնպես, որ ամբողջովին արգելակվել էր Գանգատաբերի՝ քաղաքական իր գործունեությունը շարունակելու կարողությունը: Այսպես, նրան 15 աշխատանքային օր էին տվել ավելի քան 4,000 էջից բաղկացած գործի նյութերն ընթերցելու համար, և գրեթե ամեն օր նրան հրավիրել էին գլխավոր դատախազություն հարցաքննության (տե՜ս 15-րդ կետը), իսկ դատական քննությունը սկսելուց հետո նիստեր էին նշանակվել գրեթե ամեն օր (տե՜ս 27-րդ կետը):
Հարկ է հիշատակել նաև, որ քրեական մեղադրանք էր ներկայացվել ոչ միայն Գանգատաբերին, այլ նաև՝ նրա կառավարության կազմի ավելի քան ութ բարձրաստիճան անդամներին՝ պաշտոնավարման ընթացքում պաշտոնը չարաշահելու և/կամ պետական միջոցները վատնելու մեղադրանքով: Պարզվել էր, որ ճշմարիտ չէ Կառավարության այն պնդումը, թե քրեական հետապնդումը չէր թիրախավորում ընդդիմությանը, և թե բազմաթիվ գործեր են քննվելիս եղել նաև իշխող կուսակցության անդամների նկատմամբ՝ սակավաթիվ բացառություններով, որոնք վերաբերել էին ոչ բարձրաստիճան պետական պաշտոնյաների (տե՜ս 187-րդ կետը): Ներքին գործերի նախկին նախարար Լուցենկոյի պարագայում Դատարանն արդեն իսկ արձանագրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի, 5-րդ հոդվածի 2-րդ կետի, 5-րդ հոդվածի 3-րդ կետի, 5-րդ հոդվածի 4-րդ կետի և Կոնվենցիայի 18-րդ հոդվածի հետ միասին վերցված՝ 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտումներ (Lutsenko-ն ընդդ. Ուկրաինայի, մեջբերված է վերևում): Մյուս գործերը դեռևս ընթացքի մեջ են:
Գանգատաբերին կալանավորելու մասին 2011թ. օգոստոսի 5-ին՝ 16 դատական նիստերից հետո կայացված որոշման մեջ չէին նշվում Գանգատաբերի կողմից քաղաքից չհեռանալու պարտավորության որևէ խախտումներ, այսինքն՝ այդ միջոցի պահանջները նա լիովին բավարարել էր: Չէր նշվել անգամ, որ նա բացակայել է որևէ դատական նիստերից: Այն փաստը, որ Գանգատաբերը մեկ անգամ մի քանի րոպեով ուշացել էր դատական նիստից և չէր հայտարարել իր հասցեն, որն արդեն իսկ առկա էր գործի նյութերում, որևէ լուրջ հիմքեր չէր ընձեռում նրա կողմից համագործակցության բացակայության վերաբերյալ եզրակացության հանգելու և նրա անժամկետ կալանավորումը դրանով հիմնավորելու համար:
Հաշվի առնելով անժամկետ կալանավորման մասին որոշում կայացնելու համար որևէ ընդունելի հիմքերի բացակայությունը և գործի հենց այդ հանգամանքները, մենք գտնում ենք, որ Կոնվենցիայի 18-րդ հոդվածով պահանջվող չափանիշի պահպանմամբ ապացուցված է, որ Գանգատաբերին կալանավորելու համար մատնանշված պատճառներն անբավարար են եղել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով: Ավելին, դրանք միակ պատճառները չեն եղել, և գոյություն են ունեցել իրավասու մարմինների գործողությունների հիմքում ընկած այլ՝ քողարկված շարժառիթներ, որոնք կապված են եղել ոչ թե բուն քրեական վարույթի պատշաճ կերպով իրականացման հետ, այլև՝ Գանգատաբերի ով լինելու և նրա՝ որպես Ուկրաինայում առաջատար ընդդիմադիր քաղաքական գործչի ունեցած ազդեցության հետ:
Մենք այս պատճառներից ելնելով ենք եզրակացնում, որ Գանգատաբերի նախնական կալանքի առնչությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի հետ միասին վերցված՝ Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտում
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՇՊԻԼՄԱՆԻ, ՎԻԼԻՋԵՐԻ և ՆՈՒՇԲԵՐԳԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՏԱՐԲԵՐՎՈՂ ԿԱՐԾԻՔԸ
Մենք չեն կարող համաձայնվել Դատարանի այն եզրակացության հետ, թե 2012թ. ապրիլի 20-ին Գանգատաբերին Կենտրոնական կլինիկական հիվանդանոց տեղափոխելու ընթացքում նրա նկատմամբ վատ վերաբերմունքի առումով տեղի չի ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
Գանգատաբերի բողոքները վերաբերում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի թե՜ նյութական, թե՜ դատավարական կողմերին: Ինչ վերաբերում է նյութական կողմին, ապա հարկ ենք համարում հիշատակել, որ կողմերը չեն վիճարկում այն փաստը, որ բողոքի առարկա մարմնական վնասվածքները, մասնավորապես՝ Գանգատաբերի մարմնի վրա եղած կապտուկները, ի հայտ են եկել Գանգատաբերին իր կամքին հակառակ հիվանդանոց տեղափոխելուց հետո: Այսինքն, հիվանդանոց տեղափոխվելու ընթացքում վատ վերաբերմունքի ենթարկված լինելու մասին Գանգատաբերի բողոքը, որը նա հավուր պատշաճի ներկայացրել էր ներպետական մակարդակում, առերևույթ փաստարկելի էր, և հաշվի առնելով խնդրո առարկայի վերաբերյալ Դատարանի ձևավորած իրավական նախադեպը, իշխանությունները պարտավոր էին արդյունավետ պաշտոնական քննություն կատարել:
Հիշեցնում ենք, որ Դատարանը գիտակցում է իր գործառույթի սուբսիդիար բնույթը և այն փաստը, որ պետք է զգուշավոր լինի փաստեր պարզող առաջին ատյանի դատական մարմնի դերը ստանձնելիս այն պարագայում, երբ կոնկրետ գործի հանգամանքներում դա չի դառնում անխուսափելի: Ուստի, նպատակահարմար ենք գտնում առաջին հերթին ուսումնասիրել, թե արդյոք Գանգատաբերի բողոքը համարժեքորեն քննվել է իշխանությունների կողմից, ապա՝ անցնել այն հարցին, թե արդյոք ենթադրյալ վատ վերաբերմունքի տեղի է ունեցել՝ հաշվի առնելով ներպետական մարմինների համապատասխան եզրակացությունները:
Հարկ ենք համարում կրկնել, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով պահանջվում է, որպեսզի վատ վերաբերմունքի մասին փաստարկելի բողոքների քննությունը լինի լիարժեք: Դա նշանակում է, որ իշխանությունները միշտ պետք է լուրջ ջանք գործադրեն տեղի ունեցածը պարզելու ուղղությամբ և չպետք է քննությունը փակելու կամ իրենց որոշումները կայացնելու համար հենվեն հապճեպ կամ թերհիմնավոր եզրակացությունների վրա (տե՜ս Assenov-ի և այլոց գործը, մեջբերված է վերևում, պարբ. 103 և հաջորդիվ): Նրանք պետք է ձեռնարկեն իրենց կողմից հնարավոր բոլոր ողջամիտ քայլերը միջադեպին առնչվող ապացույցները՝ ներառյալ, մասնավորապես, ականատեսների ցուցմունքները և դատափորձագիտական ապացույցները ստանալու ուղղությամբ (տե՜ս Tanrıkulu-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 104 և հաջորդիվ, և Gül-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 89):
Քննությունը պետք է ի զորու լինի հանգեցնել մեղավորների բացահայտմանը և պատժին: Այլապես, խոշտանգման և անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի և պատժի ընդհանուր իրավական արգելքը, չնայած իր հիմնարար նշանակությանը, պրակտիկայում անարդյունավետ կլինի, և որոշ դեպքերում պետության ներկայացուցիչները հնարավորություն կստանան չարաշահել իրենց հսկողության ներքո գտնվողների իրավունքները՝ գրեթե մնալով անպատժելի (տե՜ս Assenov-ի և այլոց գործը, մեջբերված է վերևում, պարբ. 102, և Labita-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 131):
Հիշեցնում ենք նաև, որ պետության ներկայացուցիչների կողմից խոշտանգման կամ վատ վերաբերմունքի քննություն արդյունավետ համարելու համար կիրառելի է այն ընդհանուր կանոնը, որի համաձայն հետաքննությունը կատարող անձինք և քննությունը կատարողները պետք է ստորադասության և կառուցվածքային առումներով անկախ լինեն իրադարձությունների կապակցությամբ մեղադրվող բոլոր անձանցից, այլ կերպ ասած՝ քննությունը պետք է անկախ լինի պրակտիկայում (տե՜ս Batı-ն և այլք ընդդ. Թուրքիայի, թիվ 33097/96 և թիվ 57834/00, պարբ. 135, ECHR 2004-IV (քաղվածքներ)):
2012թ. ապրիլի 23-ին Գանգատաբերը բողոք է ներկայացրել Խարկովի շրջանային դատախազություն, որում բողոքել է 2012թ. ապրիլի 20-ին իրեն հարկադրաբար հիվանդանոց տեղափոխելու մասին և տեղափոխելու ընթացքում վատ վերաբերմունքի մասին: Առաջին անգամ նա հետազոտվել է 2012թ. ապրիլի 24-ին, երբ կապտուկները ցույց է տվել գաղութի բուժաշխատողներին, չնայած այն փաստին, որ նախորդ օրը նա արդեն իսկ խնդրել էր բժշկական հետազոտություն անցկացնել: Հետազոտության արձանագրության համաձայն, հայտնաբերվել են ոչ մեծ ծանրության մարմնական վնասվածքներ՝ կապտուկների տեսքով, որոնք պատճառված են եղել Գանգատաբերի զննությունից մեկ կամ երկու օր առաջ` փակ հարվածի կամ բութ կարծր առարկաների հետ շփման հետևանքով: Արձանագրվել է նաև, որ կապտուկների մոտավոր վաղեմությունը չի համընկնում Գանգատաբերի նշած վատ վերաբերմունքի ժամկետների հետ: Ավելին, նույն օրը Գանգատաբերին հետազոտելու համար հրավիրվել է դատաբժշկական փորձագետ, սակայն Գանգատաբերը հրաժարվել է թույլատրել նման հետազոտությունը:
Նույն օրը՝ ավելի ուշ ժամի, Խարկովի շրջանային դատախազության քննչական վարչության պետը, ավարտելով իրադարձության մեկ օր տևած քննությունը, մերժել է գաղութի աշխատողների նկատմամբ քրեական վարույթի հարուցումը՝ Գանգատաբերին մարմնական վնասվածքներ պատճառելու ապացույցների բացակայության հիմքով: 2012թ. ապրիլի 25-ին այդ որոշման բեկանումից հետո նշանակվել է լրացուցիչ քննություն:
2012թ. մայիսի 3-ին դատախազության քննիչը կրկին մերժել է գաղութի աշխատողների նկատմամբ քրեական վարույթի հարուցումը՝ հիմնվելով նրանց գործողություններում հանցակազմի բացակայության վրա: Իր որոշման մեջ նա, մասնավորապես, հիմնվել է այն փաստի վրա, որ Գանգատաբերը երկու անգամ՝ ապրիլի 24-ին և 26-ին հրաժարվել է դատաբժշկական հետազոտության ենթարկվել: Կառավարությունը նշել է, թե քննիչն ապացույցներ է ձեռք բերել գաղութի համապատասխան աշխատողներից, բուժաշխատողներից և շտապօգնության վարորդից, ովքեր հերթապահել են 2012թ. ապրիլի 20-ին, ինչպես նաև՝ բժշկական հանձնաժողովի անդամներից, հիվանդանոցի աշխատողներից և Գանգատաբերին հիվանդանոց տեղափոխելուն ականատես եղած այլ անձանցից, ովքեր նշել են, որ Գանգատաբերը չի բողոքել որևէ մարմնական վնասվածքներ պատճառելու մասին, և որ իրենք նրա վրա չեն տեսել մարմնական վնասվածքների որևէ հետքեր:
Մենք, սակայն, հարկ ենք համարում նշել, որ գործի նյութերից պարզ չի դառնում, որ քննիչը փորձել է որևէ բացատրություն ստանալ այն հարցի վերաբերյալ, թե ինչու է Գանգատաբերի տեղափոխությունը կատարվել հապճեպ կերպով՝ երեկոյան շատ ուշ ժամի, քանի որ Գանգատաբերի նախկին բժշկական փաստաթղթերը բնավ չեն վկայել առողջական այնպիսի խնդրի մասին, որի համար անհրաժեշտ կլիներ այդպիսի հրատապությամբ նրան տեղափոխել հիվանդանոց՝ չսպասելով հաջորդ առավոտվան: Ավելին, քննիչն ըստ երևույթին չի բարձրացրել այն հարցը, թե ինչու է Գանգատաբերի խցակիցը դուրս բերվել խցից 2012թ. ապրիլի 20-ին ժամը 21:00-ի սահմաններում (տե՜ս 160-րդ կետը), այսինքն՝ Գանգատաբերին հիվանդանոց տանելու նպատակով բանտի պահակների ժամանելուց անմիջապես առաջ: Քննիչը չի փորձել ստանալ նման անսովոր երևույթի բացատրությունը, որն էլ ավելի ծանրակշիռ է դառնում, քանի որ այդկերպ փաստացի հեռացվել է բանտի հիերարխիայի մաս չհանդիսացող և իշխանությունների հետ չկապակցված միակ չեզոք վկան:
Անգամ ավելի ծանրակշիռ է այն փաստը, որ անկախ 2012թ. ապրիլի 20-ին Գանգատաբերին հիվանդանոց տեղափոխելու հետ կապված մարմնական վնասվածքների ապացույցներից, Գանգատաբերը կալանքի ընթացքում ստացել է արտաքին հարվածով պայմանավորված կապտուկներ, որոնք արձանագրվել են թե՜ ապրիլի 24-ի հետազոտության արձանագրության մեջ, թե՜ օմբուդսմանի ապրիլի 25-ի զեկույցում: Կարծում ենք, որ այդ կապակցությամբ անհրաժեշտ էր քննության շրջանակում ավելի մանրամասնորեն պրպտել մարմնական վնասվածքների պատճառը՝ չսահմանափակվելով այն պարզ հարցադրմամբ, թե ովքեր են անմիջականորեն մասնակցել հիվանդանոց տեղափոխելուն: Մեր ունեցած ապացույցների հիման վրա չենք կարող եզրակացնել, որ կատարվել է նմանօրինակ լիարժեք քննություն: Մասնավորապես, ապրիլի 24-ի արձանագրության մեջ նշվել է, որ կապտուկների մոտավոր վաղեմությունը չի համընկնում Գանգատաբերի նշած ժամկետների հետ, և որ մարմնական այդ վնասվածքների դիրքն այնպիսին էր, որ հնարավոր էր, որ Գանգատաբերն ինքն է իրեն պատճառել այդ վնասվածքները: Այնուամենայնիվ, որևէ փաստ չի վկայում այն մասին, որ քննիչը քայլեր է ձեռնարկել մարմնական վնասվածքների պատճառման հավանական ժամկետը ճշգրտորեն պարզելու ուղղությամբ՝ հաշվի առնելով ապրիլի 26-ի իրենց արձանագրության մեջ այն պնդումը ներկայացրած՝ գաղութի բուժաշխատողների կամ Խարկովի բժշկական ակադեմիայի դատական բժշկության ֆակուլտետի ղեկավարի կարծիքը: Ավելին, չկան տվյալներ այն մասին, որ քննիչը Գանգատաբերի կամ գաղութի (որում իշխանությունների պնդմամբ Գանգատաբերը գտնվել է շարունակական տեսադիտարկման ներքո) աշխատողների հետ վերլուծել է այն ենթադրությունը, թե Գանգատաբերն ինքն է իրեն պատճառել այդ վնասվածքները, եթե նման պնդումն արժանահավատ է համարվել: Ավելին, չկան տվյալներ այն մասին, որ քննությունը հետամուտ է եղել առաջին անգամ 2012թ. ապրիլի 26-ի արձանագրության մեջ առաջադրված այն տեսական վարկածին, թե Գանգատաբերի կապտուկների պատճառը եղել է ոչ թե արտաքին հարվածը (ինչն արձանագրվել էր ավելի վաղ), այլև՝ Գանգատաբերի անոթային և արյունատար համակարգերի վիճակի հետ կապված խնդիրները: Մասնավորապես, տվյալ կապտուկների՝ արտաքին պատճառ չունենալու հավանականությունը պարզելու նպատակով ըստ երևույթին փորձ չի արվել՝ ուսումնասիրելու Գանգատաբերի բժշկական փաստաթղթերը, որոնց հղում էր արվել արձանագրության մեջ:
Քննությանն իսկապես խոչընդոտել են դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց Գանգատաբերի երկու հրաժարումները, որոնք հիշատակվել են 2012թ. մայիսի 3-ի որոշման մեջ: Այնուամենայնիվ, մենք չենք կարող չնկատել այն փաստը, որ Գանգատաբերի կալանքի ընթացքը բնորոշվել է պետական իշխանությունների՝ ներառյալ պետության իրավասության ներքո գործող և իր կարծիքով անհրաժեշտ անկախություն չվայելող բուժաշխատողների և փորձագետների նկատմամբ Գանգատաբերի անվստահությամբ: Այս հանգամանքներում ոչ խելամիտ չենք համարում Գանգատաբերի ցանկությունը, որպեսզի բանտի վարչակազմի ներկայացուցիչների կողմից իր նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու մասին բողոք ներկայացնելու պայմաններում իրեն հետազոտեր այնպիսի փորձագետը, ով իր կողմից կհամարվեր պետական իշխանության մարմիններից ամբողջովին անկախ: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Ուկրաինայի օրենսդրության համաձայն անձն առանց քննիչի կամ դատախազի թույլտվության իրավունք չունի ուղղակիորեն դատաբժշկական փորձաքննություն անցնել: Ցանկացած պարագայում, անկախ նրա մերժումը ողջամիտ համարելու կամ չհամարելու հանգամանքից, այն քրեական հետապնդման մարմիններին չի ազատել այնպիսի գործողություններ կատարելու պարտականությունից, որոնք նրանք կարող էին կատարել տվյալ թարմ վնասվածքների բնույթը և պատճառը պարզելու ուղղությամբ, որոնք անվիճելիորեն առաջացել էին Գանգատաբերի կալանքի տակ գտնվելու ընթացքում: Ելնելով վերոհիշյալ պատճառներից, մենք չենք գտնում անհրաժեշտ քայլերը կատարած լինելու որևէ ապացույցներ:
Հաշվի առնելով հայտնաբերված թերությունները՝ գտնում ենք, որ քննությունը չի եղել լիարժեք, ուստի՝ չի բավարարել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջները:
Հարկ ենք համարում նշել, որ Գանգատաբերը բողոքել է նաև խնդրի անկախ քննության բացակայության մասին: Քննությունը հանձնարարվել է Խարկովի շրջանային դատախազության քննիչին: Խարկովի շրջանային դատախազության քննչական վարչության պետը երկու անգամ մերժել էր գաղութի աշխատողների նկատմամբ քրեական վարույթի հարուցումը՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: Հաշվի առնելով մեր այն կարծիքը, որ սույն գործով կատարված քննությունը ցանկացած պարագայում չի բավարարել լիարժեքության պահանջները, մենք անհրաժեշտ չենք համարում սպառիչ կերպով պարզել, թե արդյոք քննությունը դրանից զատ նաև չի եղել անկախ: Կարծում ենք, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական պահանջների խախտում:
Անցնելով Գանգատաբերի բողոքի նյութաիրավական կողմին, նկատում ենք, որ սույն գործով գոյություն չունեն Գանգատաբերի մարմնական վնասվածքների ստացման հանգամանքներին, մասնավորապես՝ նրա նկատմամբ կիրառված ուժի բնույթին և ծանրությանը վերաբերող միանշանակ ապացույցներ: Այնուամենայնիվ, համարում ենք, որ Գանգատաբերի մարմնի վրա հայտնաբերված կապտուկները համապատասխանել են հիվանդանոց տեղափոխվելու ընթացքում գաղութի մեկ կամ մի քանի աշխատողների կողմից ֆիզիկական բռնություն գործադրելու վերաբերյալ նրա պատմածին: Ավելին, ցանկացած պարագայում անվիճելի է այն փաստը, որ կապտուկներն առաջացել են Գանգատաբերի կալանքի տակ գտնվելու ընթացքում, որի արդյունքում Կառավարություն է պարտավոր հիմնավոր կերպով բացատրել, թե գաղութի աշխատողների կողմից Գանգատաբերի նկատմամբ ուժ չգործադրելու պարագայում ինչպես են առաջացել Գանգատաբերի ունեցած կապտուկները (տե՜ս Ribitsch-ի գործը, մեջբերված է վերևում, պարբ. 34, և Salman-ն ընդդ. Թուրքիայի [ՄՊ], թիվ 21986/93, պարբ.100, ECHR 2000-VII): Վարկածներ առաջադրելը չի կարող բավարար համարվել, եթե որևէ փորձ չի արվում դրանց ճշմարտացիությունն ապացուցելու ուղղությամբ: Հաշվի առնելով կապտուկների առաջացման հանգամանքների քննության՝ վերը նշված թերությունները, մենք կարծում ենք, որ Կառավարությունը հիմնավոր կերպով չի բացատրել կալանքի տակ գտնվելու ընթացքում Գանգատաբերի ստացած մարմնական վնասվածքները: Ուստի, մենք կարծում ենք, որ խախտվել է նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական նորմը:
[1] Ուղղում է կատարվել 2013թ. հունիսի 26-ին. տեքստի նախորդ տարբերակում գրված էր «26 շրջաններից»:
[2] Թարգմանաբար՝ Տիմոշենկոն հիվանդանոցում:
[3] Ուղղում է կատարվել 2013թ. հունիսի 26-ին. 5-րդ պարբերության առաջին նախադասությունը նախորդ տարբերակում գտնվում էր 4-րդ պարբերության վերջում:
[4] Ուղղում է կատարվել 2013թ. հունիսի 26-ին. ավելացվել է տեքստի այս մասը:
[5] Ուղղում է կատարվել 2013թ. հունիսի 26-ին. նախկին տարբերակում գրված էր «Խարկով»:
[6] Նշված խնդիրներից երկրորդի շրջանակը ներկայացված է թիվ 65656/12 գանգատի մեջ:
[7] Այդ խնդիրը մտնում է թիվ 65656/12 գանգատի մեջ:
Full & Egal Universal Law Academy