ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՎԱՆԵՍՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատներ թիվ 35710/22 եւ 2 այլ գանգատ.
տե՛ս կից ցանկը)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
26 փետրվարի 2026թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Վանեսյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,
Դիանա Սարկու [Diana Sârcu],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,
եւ Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2026 թվականի փետրվարի 5-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետեւյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի՝ կից աղյուսակում նշված տարբեր ամսաթվերի Դատարան ներկայացված գանգատների հիման վրա։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցվել է գանգատների մասին։
ՓԱՍՏԵՐԸ
3. Դիմումատուների ցանկը եւ գանգատների համապատասխան մանրամասները սահմանված են կից ներկայացված աղյուսակում։
4. Դիմումատուները բողոքել են իրենց մինչդատական կալանքի չափազանց երկար տեւողության մասով։ Թիվ 38190/23 գանգատում դիմումատուն բողոք է ներկայացրել նաեւ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
5. Հաշվի առնելով գանգատների առարկաների նույնաբովանդակությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ մեկ վճռում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
6. Դիմումատուները բողոք են ներկայացրել այն մասին, որ իրենց մինչդատական կալանքի տեւողությունն անհիմն երկար է եղել։ Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վրա։
7. Կառավարությունը պնդել է, որ գանգատներն անընդունելի են իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու հիմքով։ Ուսումնասիրելով Կառավարության կողմից ներկայացված փաստարկները եւ հիմնավորող ապացույցները՝ Դատարանը բավարար հիմքեր չի տեսնում ընդունելու նրանց առարկությունները, հետեւաբար այն պետք է մերժվի (համեմատի՛ր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի [Arzumanyan v. Armenia] թիվ 25935/08 գործը, §§ 30-32, 2018 թվականի հունվարի 11, Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի [Vardan Martirosyan v. Armenia], թիվ 13610/12 գործը, § 72, 2021 թվականի հունիսի 15, եւ Ավուշյանն ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Avushyan v. Armenia [Committee]], թիվ 34684/13 գործը, § 18, 2023 թվականի հունվարի 31):
8. Դատարանը նկատում է, որ ողջամիտ ժամկետներում դատաքննության իրավունքի կամ մինչեւ դատաքննությունն ազատ արձակվելու իրավունքի վերաբերյալ ընդհանուր սկզբունքները, որոնք երաշխավորված են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով, շարադրվել են իր նախորդ մի շարք վճիռներում (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Կուդլան ընդդեմ Լեհաստանի [ՄՊ] թիվ 30210/96, գործը, § 110, ՄԻԵԴ 2000 XI [Kudła v. Poland [GC]], եւ Մքքեյն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] թիվ 543/03 գործը, §§ 41-44, ՄԻԵԴ 2006 X [McKay v. the United Kingdom [GC]]՝ հաջորդող հղումների հետ միասին)։
9. Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի [Muradkhanyan v. Armenia] (թիվ 12895/06, 2012 թվականի հունիսի 5) հիմնական գործում Դատարանն արդեն խախտում է հայտնաբերել սույն գործում առկա նմանատիպ հարցերի առնչությամբ:
10. Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, չի հայտնաբերել սույն բողոքների ընդունելիության կամ էության վերաբերյալ այլ եզրակացության հանգելու համար համոզիչ փաստեր կամ փաստարկներ։ Հաշվի առնելով նշված թեմայի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը գտնում է, որ ներկայիս գործում դիմումատուների մինչդատական կալանքի տեւողությունը չափազանց երկար է եղել։
11. Հետեւաբար սույն բողոքներն ընդունելի են եւ բացահայտում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։
III. ՄՆԱՑԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ
12. Թիվ 38190/23 գանգատում դիմումատուն ներկայացրել է նաեւ այլ բողոքներ՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն։
13. Դատարանը քննել է նշված բողոքը եւ հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը, եւ այնքանով, որքանով բողոքի հիմքում ընկած հարցերի քննությունն իր իրավասության սահմաններում է, գտնում է, որ կամ դրանք չեն համապատասխանում Կոնվենցիայի 34-րդ եւ 35-րդ հոդվածներով սահմանված ընդունելիության չափանիշներին, կամ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով ամրագրված իրավունքների եւ ազատությունների խախտման որեւէ հատկանիշ:
Այստեղից հետեւում է, որ գանգատներն այս մասով պետք է մերժվեն՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ կետի։
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
14. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը եւ իր նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես վերեւում հիշատակված Մուրադխանյանի [Muradkhanyan] գործը), Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները.
2. Հայտարարում է մինչդատական կալանքի չափազանց երկար տեւողության մասով բողոքներն ընդունելի եւ թիվ 38190/23 գանգատի մնացած մասն անընդունելի.
3. Վճռում է, որ սույն բողոքները բացահայտում են Կոնվենցիայի՝ մինչդատական կալանքի չափազանց երկար տեւողության վերաբերյալ 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտումը.
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2026 թվականի փետրվարի 26-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ եւ 3-րդ կետերի։
Վիկտորիա Մարադուդինա
Անդրեաս Զունդ
Քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար
Նախագահ
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատների ցանկը
(կալանավորման համար հիմնավոր եւ բավարար պատճառների բացակայությունն ու մինչդատական կալանքի չափազանց երկար տեւողությունը)
Թիվ
Գանգատ թիվ
Ներկայացման ամսաթիվը
Դիմումատուի անունը
Ծննդյան տարեթիվը
Ներկայացուցչի անունը եւ գտնվելու վայրը
Կալանքի ժամկետը
Դատարանը, որը կայացրել է կալանավորման մասին որոշում/քննել է բողոքը
Կալանքի ժամկետը
Հատուկ թերությունները
Դիմումատուներից յուրաքանչյուրին ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը
(եվրոյով)[1]
Յուրաքանչյուր գանգատի դիմաց ծախսերի եւ ծախքերի համար տրվող գումարը
(եվրոյով)[2]
1.
35710/22
12.07.2022
Սամվել ՎԱՆԵՍՅԱՆ
1954
Ալումյան Հայկ
Երեւան
03.06.2020-ից մինչեւ
23.01.2023-ը
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Լոռու մարզային դատարան
Վերաքննիչ քրեական դատարան
2 տարի (տարիներ) եւ 7 ամիս (ամիսներ) եւ 21 օր (օրեր)
վարույթը պատշաճ կերպով չիրականացնելը, որը հանգեցրել է մինչդատական կալանքի տեւողության չափից ավելի երկարացմանը,
գործի քննության ընթացքում դատարանների կողմից ներկայացված հիմնավորումների ոչ հստակ բնույթն ու կրկնությունը
1,700
250
2.
8336/23
04.02.2023
Հովսեփ ԱՇԿԱՐՅԱՆ
1999
Սիմոնյան Լիպարիտ
Երեւան
07.10.2020-ից մինչեւ
13.10.2023-ը
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Վերաքննիչ քրեական դատարան
3 տարի (տարիներ) եւ 7 օր (օրեր)
դատարանների կողմից բերված պատճառների ոչ հստակ բնույթը,
վարույթը պատշաճ կերպով չիրականացնելը, որը հանգեցրել է մինչդատական կալանքի տեւողության չափից ավելի երկարացմանը,
1,900
250
3.
38190/23®
07.10.2023
Սամվել ԳՐԻԳՈՐՅԱՆ
2001
Սիմոնյան Լիպարիտ
Երեւան
21.08.2021 մինչեւ
21.08.2025
Սյունիքի մարզային դատարան
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Վերաքննիչ քրեական դատարան
4 տարի (տարիներ) եւ 1 օր (օրեր)
գործի քննության ընթացքում դատարանների կողմից ներկայացված հիմնավորումների ոչ հստակ բնույթն ու կրկնությունը
վարույթը պատշաճ կերպով չիրականացնելը, որը հանգեցրել է մինչդատական կալանքի տեւողության չափից ավելի երկարացմանը,
2,500
250
[1] Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած տեսակի հարկ:
[2] Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած տեսակի հարկ: