ՄԵԾ ՊԱԼԱՏ
VILHO ESKELINEN և ՄՅՈՒՍՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ
(Դիմում թիվ 63235/00)
վճիռ
ստրասբուրգ
19 ապրիլի 2007 թվական
Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 թվական: Սույն թարգմանությնը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմային հիմնագրամի օժանդակությամբ (/humanrightstrustfund): Դատարանի համար այն պարտավորեցնող բնույթ չի կրում: Լրացուցիչ տեղեկատվության համար տես սույն փաստաթղթի վերջին էջում ներկայացված հեղինակային իրավունքի ամբողջական ձևակերպումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Vilho Eskelinen և մյուսներն ընդդեմ Ֆինլանդիայի գործով,
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ
Պալատը, հետևյալ կազմով՝
Jean-Paul Costa, Նախագահ,
Luzius Wildhaber,
Christos Rozakis,
Nicolas Bratza,
Peer Lorenzen,
Françoise Tulkens,
Giovanni Bonello,
Rıza Türmen,
Matti Pellonpää,
Kristaq Traja,
Mindia Ugrekhelidze,
Anatoly Kovler,
Lech Garlicki,
Javier Borrego Borrego,
Ljiljana Mijović,
Egbert Myjer,
Danutė Jočienė, դատավորներ,
և Erik Fribergh, բաժանմունքի քարտուղար,
2006թ. սեպտեմբերի 20-ին և 2007թ. փետրվարի 21-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց 2007թ. փետրվարի 21-ին.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկիզբ է առել 2000թ. հոկտեմբերի 19-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Ֆինլանդիայի ութ քաղաքացիների՝ ոստիկանության բաժանմունքի պետ Vilho Eskelinen, ոստիկանության բաժանմունքի պետ Arto Huttunen, ոստիկանության ենթասպա Markku Komulainen, ոստիկանության բաժանմունքի վարչական օգնական Lea Ihatsu; պարոն Toivo Pallonen (ոստիկանության սպա, որը թոշակի է անցել 1993թ. հունվարի 1-ին), ինչպես նաև տիկին Päivi Lappalainen, պարոն Janne Lappalainen և պարոն Jyrki Lappalainen, որոնք պարոն Hannu Matti Lappalainen-ի ժառանգներն էին (ոստիկանության սպա, որը մահացել է 1995թ. օգոստոսի 22-ին) ընդդեմ Ֆինլանդիայի Հանրապետության ներկայացրած թիվ 63235/00 գանգատի հիման վրա:
2. Դիմումատուներին, որոնցից երկուսին տրամադրվել էր իրավական օգնություն, ներկայացնում էին Հաապայարվի քաղաքում գործող փաստաբաններ պարոն P.M. Petäjä-ն և պարոն P. Orava-ն: Ֆինլանդիայի կառավարությունը («Կառավարություն») ներկայացնում էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Ֆինլանդիայի կառավարության լիազոր ներկայացուցիչ A. Kosonen-ը:
3. Դիմումատուները մասնավորապես պնդում էին, որ Ֆինլանդիայի իշխանությունները մերժել են բանավոր ըբնթացակարգով դատաքննելու իրենց հայցը աշխատավարձերի վերաբերյալ և որ դատավարությունը չափազանց երկար է տևել:
4. Դիմումատուի գործը ուղարկվել էր Դատարանի Չորրորդ բաժանմունք (Դատարանի կանոնակարգ, կանոն 52§1): 2005թ. նոյեմբերի 29-ի որոշմամբ այդ բաժանմունքի Պալատը, ի դեմս դատավորներ Nicolas Bratza, Giovanni Bonello, Matti Pellonpää, Kristaq Traja, Lech Garlicki, Javier Borrego Borrego, Ljiljana Mijović, և բաժանմունքի քարտուղար Michael O’Boyle գանգատը ընդունելի ճանաչեց ըստ էության քննելու համար: Պալատը որոշեց, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կիրառելիության հարցը որոշվելու է գործն ըստ էության քննելու ընթացքում, ընդ որում կողմերը չեն առարկել այդ որոշմանը (Կոնվենցիայի 30-րդ հոդված և Դատարանի Կանոնակարգի կանոն 72):
5. Մեծ Պալատի կազմը որոշվել էր Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի և Դատարանի կանոնակարգի 24-րդ կանոնի համաձայն: Դատավոր Luzius Wildhaber-ը, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր լսումներում նախագահելուց հետո, շարունակեց մասնակցել դատավարությանը (Կոնվենցիայի հոդված 23, կետ 7): Boštjan M. Zupančič-ին, որը չկարողացավ մասնակցել 2007թ. փետրվարի 21-ի լսումներին փոխարինեց պահեստային դատավոր Françoise Tulkens-ը, (Դատարանի Կանոնակարգի կանոն 24 § 3):
6. Ինչպես դիմումատուներն, այնպես էլ Ֆինլանդիայի կառավարությունը, գրավոր փաստարկներ ներկայացրեցին ըստ էության գործի վերաբերյալ: Կողմերը գրավոր պատասխաններ ներկայացրեցին միմյանց դիտողությունների վերաբերյալ:
7. Հրապարակային քննությունը տեղի ունեցավ 2006թ. սեպտեմբերի 20-ին Ստրասբուրգում, Մարդու Իրավունքների Դատարանի շենքում (Կանոն 59 § 3):
Դատարանում ներկայացան`
(ա) Կառավարության անունից`
A. Kosonen, արտաքին գործերի նախարարություն, լիազոր ներկայացուցիչ
A. Manner, արդարադատության նախարարություն,
T. Eränkö, ներքին գործերի նախարարություն, խորհրդականներ
(բ) Դիմումատուների անունից՝
P. Orava, իրավագետ
8. Դատարանը լսեց Kosonen-ի և Orava-ի դիրքորոշումները և նրանց կողմից դատարանի հարցերին տրված պատասխանները:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
9. Դիմումատուները ծնվել են համապատասխանորեն 1955, 1953, 1954, 1956, 1937, 1957, 1983 և 1981 թվականներին և բնակվում են Սոնկակոսկի և Սոնկայարվի քաղաքներում:
Ա. Սոնկայարվի ոստիկանության բաժանմունքի միավորումը Իյսալմի ոստիկանության բաժանմունքի հետ
10. Առաջին հինգ դիմումատուները, ինչպես նաև ներկայումս հանգուցյալ Hannu Matti Lappalainen-ը աշխատել են Սոնկայարվի ոստիկանության բաժանմունքում: Համաձայն 1986թ. ստորագրած կոլեկտիվ պայմանագրի, նրանք հեռավոր շրջանում աշխատելու համար հավելյալ վարձատրության իրավունք ունեին, որն իրենց վճարվում էր աշխատավարձի հետ միասին: Հավելյալ վարձատրության չափը որոշվում էր հաշվի առնելով յուրաքանչյուր շրջանի հեռավորությունը: 1998թ. մարտի 15-ին ստորագրված կոլեկտիվ պայմանագրով հեռավոր շրջաններում աշխատանքի համար լրացուցիչ վարձատրություն այլևս նախատեսված չէր: Սոնկայարբիում աշխատող քաղծառայողների աշխատավարձի իջեցում թույլ չտալու համար նոր կոլեկտիվ պայմանագրով նրանց համար 1998թ. մարտի 1-ից աշխատավարձի անհատական ամսական հավելավճարներ էին սահմանվել:
11. Ֆինլանդիայի ներքին գործերի 1990թ. նոյեմբերի 1-ի որոշմամբ Սոնկայարվի քաղաքի ոստիկանության բաժանմունքը միավորվել էր Իյսալմի քաղաքի ոստիկանության բաժանմունքի հետ [sisäasiainministeriö, inrikesministeriet]: Միավորման արդյունքում դիմումատուների ծառայության վայրը փոխվեց և նրանք կորցրեցին աշխատավարձի հավելավճար ստանալու իրավունքը: Նրանք նաև ստիպված էին ամեն օր Սոնկայարվիից ճանապարհորդել դեպի Իյսալմի, որի արդյունքում լրացուցիչ 50 կիլոմետր տարածություն էին անցնում:
12. Դիմումատուների խոսքերով, այն բանից հետո, երբ 1990թ. հոկտեմբերի 17-ին նրանք այդ կապակցությամբ զեկույց ներկայացրեցին, Կոուպիո քաղաքի տարածաշրջանային ոստիկանության վարչությունը (läänin poliisijohto, länspolisledningen) խոստացավ փոխհատուցել նրանց ծախսերը:
13. 1991թ. մարտի 25-ին Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտը, ոստիկանության տարածքային վարչության կողմից ներկայացված միջնորդության հիման վրա, միջնորդագիր ներկայացրեց Սոնկայարվիից Իյսալմի աշխատանքի տեղափոխված ոստիկանության աշխատակիցների և այլ աշխատակիցների աշխատավարձի ամսական անհատական հավելավճարներ սահմանելու վերաբերյալ՝ մեկ անձի համար 500-700 ֆինական մարկ հաշվարկով (84-118 եվրո): Հայտում վկայակոչվում էր Մյանտուհարյու քաղաքի ոստիկանության բաժանմունքի գործը, որի դեպքում Ֆինլանդիայի ֆինանսների նախարարությունը (valtiovarainministeriö,finansministeriet) 1989թ. դեկտեմբերի 29-ին բավարարել էր հավելավճարների հատկացման հայտը: 1991թ. հուլիսի 3-ին ֆինանսների նախարարությունը պատասխանել էր, որ չի կարող թույլ տալ հավելավաճրների հատկացումը՝ առանց մերժման պատճառների բացատրության:
14. 1992թ. հոկտեմբերի 1-ից տեղական ոստիկանության բաժանմունքների աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարների վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությունը փոխանցվեց տեղական մարմիններին (lääninhallitus, länsstyrelsen):
Բ. Գործի դիտարկումը Կոուպիո քաղաքի վարչական մարմինների կողմից
15. 1993 մարտի 13-ին դիմումատուները կրած ծախսերի փոխհատուցման միջնորդություն ներկայացրեցին: Նրանք վկայակոչում էին վերը նշված Մյանտուհարյու քաղաքի ոստիկանության բաժանմունքի գործը, ինչպես նաև գործող Սահմանադրության 5-րդ հոդվածով ամրագրված հավասարության սկզբունքը (Suomen hallitusmuoto, Regeringsform för Finland; Օրենք թիվ 94/1919):
16. Չորս տարի անց, 1997թ. մարտի 19-ին միջնորդությունը մերժվել էր Կոուպիո շրջանի վարչական մարմինների կողմից: Վերջիններս այդ որոշումը հիմնավորել էին հետևյալ կերպով.
«Սոնկայարվիի նախկին ոստիկանության բաժանմունքում աշխատող քաղծառայողները պահանջել էին ոստիկանության բաժանմունքերի միավորման արդյունքում իրենց կրած վնասների փոխհատուցում: Ընդունելով այդ պահանջը, ոստիկանության տարածաշրջանային վարչությունը միջնորդություն էր ներկայացրել ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտ: 1991թ. մարտի 25-ին հղած նամակով ներքին գործերի նախարարությունը առաջարկել էր ֆինանսների նախարարությանը վճարելու Իյսալմիի ոստիկանության բաժանմունք տեղափոխված քաղծառայողների աշխատավարձի անհատական հավելավճարները՝ 1990թ. նոյեմբերի 1-ից սկսած ժամանակաշրջանի համար:
1991թ. հուլիսի 3-ի նամակով [ֆինանսների նախարարությունը] հայտնել էր ներքին գործերի նախարարությանը, որ չի կարող բավարարել այդ խնդրանքը:
[Ֆինանսների նախարարության] ցուցմունքով աշխատավարձի անհատական հավելավճարների նշանակման իրավասությունը փոխանցվել էր տեղական վարչական մարմիններին: 1993թ. հունվարի 28-ին տարածաշրջանային ոստիկանության դեպարտամենտի կողմից կազմակերպված աշխատանքային հանդիպման ժամանակ, որտեղ դիմումատուներին ներկայացնում էր պարոն Lappalainen-ը, պարզվեց, որ նմանատիպ գործով բանակցություններ արդեն իսկ վարվում են Ոուսիմաա նահանգի Ասկոլա քաղաքի ոստկանական բաժանմունքի համար: Հաշվի առնելով, որ անհրաժեշտ իրավասություն ունեցող [ֆինանսների նախարարությունը] արդեն իսկ որոշում էր կայացրել Սոնկայարվիի ոստիկանության բաժանմունքի հետ կապված խնդիրների շուրջ, կողմերը եկան այն եզրակացության, որ ելնելով արդարության հիմունքներից, Ոուսիմաա նահանգում ընդունված որոշումը, եթե այն տարբերվի ֆինանսների նախարարության դիրքից, կկիրառվի նաև Կոուպիում: Ոուսիմաա նահանգի վարչական մարմինները մերժեցին ներկայացրած դիմումը և Գերագույն վարչական դատարանը անփոփոխ թողեց այդ որոշումը: 1993թ. մարտի 19-ին և 1994թ. օգոստոսի 17-ին պարոն Pallonen-ի կողմից ներկայացված նամակներում որևէ նոր հիմնավորումներ չեն ներկայացվել հօգուտ պահանջների, որոնց վերաբերյալ [Ֆինլանդիայի ֆինանսների նախարարությունը] արդեն իսկ որոշում էր ընդունել:
Տեղական վարչական մարմինը անտեղյակ է [ֆինանսների նախարրաության] կողմից ընդունած որոշումից հետո երկրի տարածքում ոստիկանության բաժանմունքների միավորման արդյունքում համանման փոխհատուցման գործերով որևէ դրական որոշման մասին:
1990 թվականին, երբ տեղի ունեցավ ոստիկանության բաժանմունքների միավորումը, տարածաշրջանային ոստիկանության վարչությունը չուներ վնասների փոխհատուցման վերաբերյալ պարտադիր կատարմանը ենթակա խոստումներ տալու իրավասություն: Համաձայնվելով դիմումատուների միջնորդության հետ այն արտահայտել էր իր դիրքը:
Տեղական վարչական մարմինը, գործելով իրեն տրված իրավասության շրջանակում, և ղեկավարվելով իրավասու պաշտոնական մարմինների կողմից նախկինում ընդունված որոշմամբ, գտնում է, որ այդ որոշումը ձեռք է բերել որոշակի անդարձելի ուժ՝ res judicata: Հատուկ կարևորություն հատկացնելով հավասարության և արդարության սկզբունքներին տեղական վարչական մարմինները հենվում են նաև երկրում գերակշռող պրակտիկայի վրա»:
17. Այդ ընթացքում 1996թ. դեկտեմբերին դիմումատուներից մեկը գանգատ ներկայացրեց երկրի արդարադատության կանցլերին [oikeuskansleri, justitiekanslern], որը 1997թ. հունվարի 24-ին կայացրած որոշման մեջ ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ դիմումատուները տեղական վարչական մարմիններին հղած դիմումի վերաբերյալ դեռևս որևէ արձագանք չեն ստացել:
Գ. Գործի քննումը Կոուպիո քաղաքի տարածաշրջանային վարչական դատարանում
18. 1997թ. ապրիլի 25-ին դիմումատուները բողոքարկեցին տեղական վարչական մարմինների որոշումը և պահանջեցին, որպեսզի իրենց գործով անցկացվի բանավոր ընթացակարգով դատավարություն, որն իրենց պնդմամբ թույլ կտար պարզել գործի հանգամանքները, մասնավորապես այն, որ ոստիկանության տարածաշրջանային վարչությունը խոստացել էր փոխհատուցել իրենց կորուստները: Կոուպիո քաղաքի տարածաշրջանային վարչական դատարանը [lääninoikeus, länsrätten] նշված գանգատի վերաբերյան մեկնաբանություններ ստացավ ոստիկանության տարածաշրջանային վարչությունից և տարածաշրջանի դատախազից [lääninasiamies, länsombudet]. Այդ մեկնաբանությունները փոխանցվեցին դիմումատուներին, որպեսզի նրանք կարողանային ձևակերպել իրենց դիտողությունները:
19. 1998թ. հունիսի 8-ին տարածաշրջանային վարչական դատարանը կայացրեց իր վճիռը հետևյալ հիմնավորմամբ.
«Տարածաշրջանային վարչական դատարանը իրավասու չէ վերանայելու կենսաթոշակի վրա ազդող աշխատավարձի բարձրացումը:
Սույն գործի հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով ոստիկանության տարածքային բաժանմունքների միավորման կամ գործն այլ հանգամանքներում լուծման եղանակի վերաբերյալ տեղական վարչական մարմիններին արնթեր ոստիկանության տարածաշրջանային բաժանմունքի կողմից տրված խոստումների մասին կողմերի բանավոր ցուցմունքների անհրաժեշտություն չի առաջանում:
1991թ. մարտի 25-ին ֆինանսների նախարարությանը հղված նամակում ներքին գործերի նախարարությունը առաջարկել էր 1990թ. նոյեմբերի 1-ից Սոնկայարվիի ոստիկանության բաժանմունքը միավորել Իյսալմիի ոստիկանության բաժանմունքի հետ [իրականում Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունն առաջարկել էր ոչ թե միավորել ոստիկանության բաժանմունքները, այլ կատարել վճարումները] և փոխհատուցել ծառայության բաժանմունքի տեղափոխման արդյունքում առաջացող լրացուցիչ դժվարությունները՝ վճարելով րետրոակտիվ հաշվարկով ամսական աշխատավարձի հավելավճար 500-700 ֆինական մարկի սահմաններում 1990թ. նոյեմբերի 1-ից: 1991թ. հուլիսի 3-ի նամակում ֆինանսների նախարարությունը մերժել էր այդ առաջարկը: Այդ շարցի շուրջ բանակցություններ են տեղի ունեցել ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի և Ֆինլանդիայի ոստիկանության ասոցիացիայի միջև [Suomen Poliisiliitto ry] 1992թ. սեպտեմբերի 3-ին, իսկ Կոուպիո քաղաքի տեղական մարմիններին առնթեր ոստիկանության տարածաշրջանային բաժանմունքի և դիմումատուների ներկայացուցիչների միջև 1993թ. հունվարի 28-ին:
Քաղծառայողների կոլեկտիվ պայմանագրերի մասին որոշման (1992թ. սեպտեմբերի 18-ի փոփոխություններով) 2-րդ մասի 9-րդ հոդվածի համաձայն տեղական մարմինները իրավասու են որոշումներ ընդունել ... տեղական ոստիկանության աշխատակիցների համար աշխատավարձի հավելավճար սահմանելու վերաբերյալ:
Ամենայն հավանականությամբ տեղական մարմինները հաշվի են առել 1993թ. մարտի 19-ին գործի վերաքննման մասին... դիմումատուների դիմում-բողոքում նշված փաստարկները, որտեղ խոսք է գնում «Քաղաքացիական ծառայողների մասին» օրենքի 84-րդ հոդվածի խախտման մասին: Եթե որպես ելակետ ընդունել 1991թ. հուլիսի 3-ի ֆինանսների նախարարության որոշումը, ապա գործի վերաքքնման մասին դիմում-բողոքը ներկայացվել է «Քաղաքացիական ծառայողների մասին» օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված ժամկետներում:
1990թ. ոստիկանության տարածաշրջանային բաժանմունքը իրավասու չէր աշխատավարձի հավելավճարի վճարման վերաբերյալ պարտադիր կատարման ենթակա խոստումներ տալ: Այն ժամանակ նման հարցերով որոշումներն ընդունվում էին ֆինանսների նախարարության կողմից, որը 1991թ. հուլիսի 3-ի իր նամակում նշել էր, որ մերժում է այդ առաջարկը: 1992թ. հոկտեմբերի 1-ից տեղական ոստիկանության բաժանմունքների աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարների վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությունը փոխանցվել էր տեղական վարչական մարմիններին:
Իր որոշման մեջ, որը կարող է գանգատարկվել, տեղական մարմինները հիմնվում էին այդ պահին նման հարցերով որոշումներ ընդունող պետական մարմնի որոշումների վրա և ելնում էին այն հանգամանքից, որ 1991թ. հուլիսի 3-ից սկսած ոստիկանության տեղական բաժանմունքների միավորման դեպքում աշխատակիցներին փոխհատուցում չէր տրամադրվում: Հետևաբար վիճարկվող որոշումը հիմնված է այդ ժամանակ երկրի ամբողջ տարածքում գերակայող գործելակերպի վրա և, նման պարագայում, անհիմն չի կարող համարվել: Որոշումը վերանայելու մասին դիմում-բողոքը մերժվում է»:
Դ. Գործի քննումը Ֆինլանդիայի Գերագույն վարչական դատարանում
20. 1998թ. հուլիսի 7-ին դիմումատուները բողոքարկեցին Կոուպիո քաղաքի տարածաշրջանային վարչական դատարանի վճիռը Ֆինլանդիայի Գերագույն վարչական դատարանում [korkein hallinto-oikeus, högsta förvaltningsdomstolen]: Նրանք պահանջում էին քննել իրենց գործը բանավոր ընթացակարգով, նշելով, որ այլ ոստիկանության բաժանմունքների աշխատակիցներին նման դեպքերում աշխատավարցի հավելավճարներ նշանակվում են: Մասնավորապես դիմումատուները վկայակոչում էին 1997թ. հունվարի 10-ի Հյուսիսային Կարելիայի տեղական մարմինների որոշումը, ըստ որի Վալտիմո քաղաքի տարածքային ոստիկանության բաժանմունքը Նուրմես քաղաքի բաժանմունքի հետ միավորելուց հետո ոստիկանության մեկ աշխատակցի շնորհվել էր անհատական աշխատավարձի հավելավճար, որը ռետրոակտիվ կարգով հաշվարկվել էր 1996թ. դեկտեմբերի 1-ից:
21. Ստանալով ոստիկանության տարածաշրջանային վարչության և տարածաշրջանի դատախազության պարզաբանումները և տրամադրելով դրանք դիմումատուներին, որպեսզի վերջիններս ձևակերպեին իրենց դիտողությունները, 2000թ. ապրիլի 27-ին Ֆինլանդիայի Գերագույն վարչական դատարանը ուժի մեջ թողեց ստորին ատյանի դատարանի որոշումը հետևյալ հիմնավորմամբ.
«Ֆինլանդիայի Գերագույն վարչական դատարանը քննել է գործը:
Ոստիկանության տարածքային բաժանմունքների միավորման արդյունքում կրած ծախսերի փոխհատուցման վերաբերյալ Կոուպիո քաղաքի տարածաշրջանային ոստիկանության վարչության կողմից տրված խոստումները իրավաբանական տեսակետից առ ոչինչ են: Ուստի բանավոր ընթացակարգով դատավարության անցկացման հիմքերը ակնհայտորեն բացակայում են: Ըստ այդմ, Ֆինլանդիայի Գերագույն վարչական դատարանը, ղեկավարվելով «Վարչական դատավարության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով, մերժում է բանավոր ընթացակարգով դատավարության անցկացման վերաբերյալ [հայցատուների] միջնորդությունը:
1993թ. մարտի 19-ին հղված նամակում [հայցատուները] պահանջել են ոստիկանության տարածքային բաժանմունքների միավորման արդյունքում իրենց կողմից կրած ծախսերի փոխհատուցում՝ աշխատավարձի հավելավճարի տեսքով: Քաղաքացիական ծառայողների կոլեկտիվ պայմանագրերի մասին որոշման (1992թ. սեպտեմբերի 18-ի փոփոխություններով) 2-րդ մասի 9-րդ հոդվածի համաձայն 1992թ. հոկտեմբերի 1-ից տեղական ոստիկանության բաժանմունքների աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարների վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությունը փոխանցվել է տեղական վարչական մարմիններին:
Օրենքը [հայցատուների դեպքում] չի նախատեսում սույն գործով խնդրի առարկա հանդիսացող աշխատավարձի անհատական հավելավճարների նշանակում: Կոուպիո քաղաքի տեղական մարմինները չեն գերազանցել իրենց իրավասության սահմանները և նրանց որոշումը օրենքին չի հակասում: Ըստ այդմ, Ֆինլանդիայի Գերագույն վարչական դատարանը, ղեկավարվելով «Վարչական դատավարության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, եզրահանգում է, որ Կոուպիո քաղաքի տեղական մարմինների կայացրած որոշումը վերանայելու համար որևէ հիմքեր չկան»:
II. ԳՈՐԾԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ և ԿԻՐԱՌՄԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Աշխատավարձի անհատական հավելավճարներ
22. Համաձայն 1988թ. ապրիլի 26 կոլեկտիվ պայմանագրի կիրառման մասին Հրահանգի, ծանր կլիմայական պայմաններում աշխատող քաղծառայողների փոխհատուցման հարցում նախատեսվում է հետևյալը.
«Անյ քաղծառայողների համար, որոնք (մինչև 1988թ. փետրվարի 29-ը) աշխատել են նոր կոլեկտիվ պայմանագրով չկարգավորվող համայնքում, կարող են սահմանվել անհատական աշխտավարձի հավելավճարներ , նման հավելավճարների ստացման իրավունք նախատեսող վարչական տարածքներում աշխատելու ողջ ընթացքում: Այն դեպքում, երբ անհատական աշխտավարձի հավելավճարին հավակնող քաղծառայողը կարգադրություն է ստանում որոշ ժամանակ կատարելու այլ քաղծառայողի պարտականությունները, կամ եթե նա փոխարինում է այլ աշխատակցի կամ աշխատանքի է տեղափոխվել այլ վարչական տարածք, որտեղ հեռավոր շրաջաններում աշխատանքի համար նպաստ չի նախատեսված, այդ քաղծառայողին անհատական աշխատավարձի հավելավճար չի վճարվում այնքան ժամանակ, քանի դեռ նա շարունակում է կատարել իր նոր աշխատանքային պարտավորությունները, քանի որ աշխատավարձի հավելավճար ստանալու համար քաղծառայողը պետք է իր աշխատանքային պարտականություններ կատարի այն վարչական տարածքում, որտեղ նախատեսված են նման նպաստներ»:
Դիմումատուների պնդմամբ այդ հրահանգը սույն գործին չի վերաբերում, քանի որ այն վերաբերում է միայն նոր աշխատանքի վայր ժամանակավոր տեղափոխմանը, մինչդեռ դիմումատուներին տեղափոխել են մշտական աշխատանքի:
23. 1991թ. մարտի 25-ի հարցման մեջ Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտը վկայակոչեց իր կարծիքով համանման գործը, որի շրջանակում Ֆինլանդիայի ֆինանսների նախարարությունը 1989թ. դեկտեմբերի 29-ին բավարարել էր աշխատավարձի անհատական հավելավճարների վճարման պահանջը՝ Պերտունմաա քաղաքի տարածքային ոստիկանության բաժանմունքը Մյանտուհարյու քաղաքի տարածքային ոստիկանության բաժանմունքի հետ միավորելուց հետո (Mäntyharju գործը):
24. 1991թ. հուլիսի 3-ին Ֆինլանդիայի ֆինանսների նախարարությունը մերժել էր Ասկոլա քաղաքի տարածքային ոստիկանության բաժանմունքը Մյանտսյալա և Պորվո տարածքային ոստիկանության բաժանմունքի հետ միավորման արդյունքում ծառայության նոր վայր տեղափոխված քաղծառայողի ներկայացրած տրանսպորտային ծախսերի հատուցման հայցը: Այդ որոշումն անփոփոխ էր թողնվել Ոոււսիմաա նահանգի տարածքային կառավարման մարմինների և Ֆինլանդիայի Գերագույն վարչական դատարանի կողմից՝ համապատասխանաբար 1993թ. ապրիլի 7-ին և 1994թ. դեկտեմբերի 7-ին:
25. 1997թ. հունվարի 10-ի որոշմամբ Հյուսիսային Կարելիա նահանգի տեղական մարմինները ծանր կլիմայական պայմաններում աշխատանքի համար բազային դրույքաչափին հավասար նպաստ էին սահմանել ոստիկանության մեկ աշխատակցի համար՝ նրան Վալտիմո տարածաշրջանային ոստիկանության բաժանմունքից Նուրմես տարածաշրջանային ոստիկանության բաժանմունք աշխատանքի տեղափոխելուց հետո, ինպես նաև նշանակել էին աշխատավարձի անհատական հավելավճար՝ նպաստի երկրորդ աստիճանի դրույքաչափի (Վալտիմո տարածաշրջանային ոստիկանության բաժանմունք) և բազային դրույքաչափի (Նուրմես տարածաշրջանային ոստիկանության բաժանմունք) միջև տարբերության չափով (Nurmes գործը):
Բ. Գործի բանավոր քննություն
26. «Վարչական դատավարության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն [hallintolainkäyttölaki, förvaltningsprocesslagen] (թիվ 586/1996 օրենք), գործի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի միջնորդությամբ կազմակերպվում է բանավոր ընթացակարգով գործի դատավարություն: Բանավոր ընթացակարգով դատավարությունը սակայն կարող է չկազմակերպվել, եթե կողմի միջնորդությունը անընդունելի է ճանաչվում կամ եթե նման դատավարության համար անհրաժեշտ հիմքերը ակնհայտորեն բացակայում են՝ ելնելով գործի բնույթից կամ այլ հանգամքներից:
27. Թիվ 217/1995 օրինագծի հիմնավորումը, որի հիման վրա հետագայում ընդունվել էր «Վարչական դատավարության մասին» օրենքը, վերաբերում է բանավոր ընթացակարգով դատավարության անցկացման իրավունքին, որը նախատեսված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով և վարչական գործերի դեպքում դրանից հրաժարվելու հնարավորությանը, եթե վերջինիս ակնհայտ կարիքը բացակայում է, ինչպես նշված է օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում: Նշվում է, որ բանավոր ընթացակարգով դատավարությւոնը թույլ է տալիս սահմանափակել դատական նիստում դիտարկվող հարցերի շրջանակը և արագացնել գործի վարույթը: Սակայն, քանի որ դա ոչ միշտ է զգալիորեն նպաստում այդ նպատակներին, անհրաժեշտ է համոզվել, որ վերջինիս կիրառումը չի ազդի վարչական գործերով դատավարության ճկունության ու նպատակահարմարության վրա: Գործի բանավոր դատավարություն պետք է անցկացնել, երբ դա անհրաժեշտ է վեճի առարկա հանդիսացող խնդիրների լուծման համար և կարող է օգտակար լինել ընդհանուր գործի տեսակետից:
III. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆՈՐՄԵՐԸ և ԿԻՐԱՌՄԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ
28. Միջազգային նորմերի ամփոփ շարադրումը, որի վրա հիմնվել է Եվրոպական դատարանը «Pellegrin ընդդեմ Ֆրանսիայի» գործում ([GC], no. 28541/95, ECHR 1999‑VIII) ինչպես նաև դրանց կիրառման պրակտիկան, ներկայացված են այդ վճռի 37-41 կետերում:
29. 2000թ. դեկտեմբերի 7-ին հռչակված Հիմնարար իրավունքների մասին Եվրոպական Միության խարտիայի 47-րդ հոդվածը կարգավորում է իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու և արդարացի դատավարության իրավունքը.
«Յուրաքանչյուր ոք, որի Եվրոպական Միության իրավունքով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները խախտված են, ունի դատարանում արդյունավետ իրավական պաշտպանության իրավունք, սույն հոդվածով նախատեսված պայմանների պահպանման դեպքում:
Յուրաքանչյուր ոք ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատավարության իրավունք։ Յուրաքանչյուր ոք կարող է դիմել փաստաբանի, դատապաշտպանի օգնության և նշանակել իր ներկայացուցչին:
Այն անձինք, ովքեր զրկված են բավարար միջոցներից, ազատվում են դատական ծախսերից և ծախքերից այնքանով, որքանով դա անհրաժեշտ է արդարադատության հնարավորություններից արդյունավետ օգտվելն ապահովելու համար»:
30. Հիմնարար իրավունքների խարտիայի մեկնաբանությունը սկզբնական շրջանում տրվել էր Խարտիայի նախագիծը պատրաստող Դաշնագրի նախագահության կողմից: Վերջնական արդյունքում այդ մեկնաբանությունը, որի իրավական հզորությունը զիջում են Խարտիային, ներառվեց Եվրոպայի Սահմանադրությունը հիմնադրող պայմանագրի Եզրափակիչ ակտում: Այնուամենայնիվ այն «Խարտիայի դրույթների պարզաբանման համար կարևոր գործիք է հանդիսանում»: Մեկնաբանություններում ասված է (քաղվածք).
«[Խարտիայի 47-րդ հոդվածի] 2-րդ կետը համապատախսանում է Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, որտեղ ամրագրված է.
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի դեպքում, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատավարության իրավունք։ Դատավճիռը հրապարակվում է դռնբաց նիստում, սակայն մամուլի ներկայացուցիչների և հանրության ներկայությունը կարող է արգելվել ամբողջ դատավարության կամ նրա մի մասի ընթացքում` ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի կամ պետական անվտանգության շահերից ելնելով, երբ դա են պահանջում անչափահասների շահերը կամ կողմերի մասնավոր կյանքի պաշտպանությունը, կամ` այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, հատուկ հանգամանքների բերումով խիստ անհրաժեշտ է, եթե հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը։
Եվրոպական Միության իրավունքում արդարացի դատավարության իրավունքը չի սահմանափակվում քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների շուրջ տարվող վիճաբանությամբ: Դա բխում է այն փաստից, որ Միությունը օրենքի գերակայության սկզբունքի վրա հիմնված համայնք է, ինչպես դա հայտարարել է Եվրոպական դատարանը թիվ 294/83, «‘Les Verts’ (Կանաչների կուսակցություն) ընդդեմ Եվրոպական Խորհրդարանի» գործում (1986թ. ապրիլի 23-ի վճիռ, [1988] ECR 1339): Սակայն բոլոր այլ առումներով, որոնց վրա նրա գործողությունը չի տարածվում, Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայով նախատեսված երաշխիքները համանման ձևով կիրառվում են նաև Եվրոպական Միությունում»:
Հետևաբար Խարտիայի 47-րդ հոդվածը, Եվրոպական միության օրենսդրության համատեքստում, չի սահմանափակվում քաղաքացիական իրավունքներով և պարտականություններով կամ քրեական իրավունքի հարցերով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով: Խարտիան իրավական ուժ է տվել Եվրոպական Համայնքների գործող նախադեպային իրավունքին (տես «Marguerite Johnston ընդդեմ Օլսթեր նահանգի Գլխավոր ոստիկանապետի» գործը, գանգատ թիվ 222/84, [1986] ECR 1651), որը վկայակոչված է սույն վճռի 60-րդ կետում):
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-րդ հոդվածի 1-ին կետի վիճարկվող խախտում
31. Վկայակոչելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը դիմումատուները գանգատվում են Եվրոպական դատարան, որ Ֆինլանդիայի իշխանությունները չափազանց երկար էին դիտարկում պետական ծառայության անցնելու պայմաններին վերաբերող իրենց գործը և չէին կատարել գործի քննությունը բանավոր ընթացակարգով:
Կոնվենցիայի կիրառելի հոդվածը նախատեսում է հետևյալը.
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ունի ... դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատավարության իրավունք ...»
Ա. Կողմերի ներկայացրած փաստարկները
1. Դիմումատուները
32. Դիմումատուները վիճարկում էին կառավարության տեսակետը, ըստ որի Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կրառելի չէ նրանց մի մասի նկատմամբ, քանի որ վերջիններս հանդիսանում են ոստիկանության աշխատակիցներ: Նրանք ընդգծում էին, որ իրենց ծառայությունը և վճարվող վարձատրությունը կապված չէին պետաիրավական գործառույթների կատարման հետ: Սույն գործը վերաբերում է աշխատավարձ ստանալու իրենց իրավունքին, որը մասնավոր իրավունքի բնույթ է կրում: Նրանց վարձատրության չափը որոշվում է պայմանագրով և կարգավորվում է գործատուի և աշխատակիցների միջև ստորագրվող կոլեկտիվ պայմանագրով: Դիմումատուները ընդգծում են այն հանգամանքը, որ նրանք չեն բողոքարկում իրենց ծառայության վայրի փոխելու խնդիրը: Սույն գործը չի արծարծում հանրային-պետական իրավասությունների կատարման, ծառայության ընդունելու, ծառայողական առաջխաղացման կամ աշխատանքից հեռացման հետ կապված հարցերը: Այն նաև վերաբերում է նրանց կենսաթոշակների չափի որոշմանը:
33. Դիմումատուները համարում են, որ իրենց գործի վարույթը սկսվել է 1990թ. հոկտեմբերի 17-ին, երբ նրանք առաջին անգամ դիմեցին Ֆինլանդիայի իշխանություններին: 1991թ. հուլիսի 3-ին Ֆինլանդիայի ֆինանսների նախարարրությունը կայացրել էր իր որոշումը: 1993թ. մարտի 19-ին, պետության հետ գրեթե երկու տարվա ապարդյուն բանակցություներից հետո, դիմումատուները դիմում-բողոք հղեցին տեղական մարմիններին: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել գործի քննությունը Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունում և տեղական մարմիններում, քանի որ դա իրենց գործով որոշում ստանալու անհրաժեշտ նախապայման էր: Դիմումատուները չեին կարող դիմել Տարածաշրջանային վարչական դատարան՝ չունենալով ձեռքի տակ տեղական մարմիների նախնական որոշումը: Դատաքննությունն ավարտվեց 2000թ. ապրիլի 27-ին: Դիմումատուները համամիտ չեն կառավարության դիրքորոշման հետ, ըստ որի անհրաժեշտ էր սպասել Ասկոլա քաղաքի տարածքային ոստիկանության բաժանմունքի գործով դատավարության արդյունքներին, որն իրենց կարծիքով չէր համընկնում իրենց գործի հետ: Բոլոր դեպքերում Ասկոլա քաղաքի տարածքային ոստիկանության բաժանմունքի գործով վճիռը ուժի մեջ մտավ 1994թ. դեկտեմբերի 7-ին: Դիմումատուներն արագ էին գործում, քանի որ խոսքը գնում էր իրենց կենսապահովման միջոցների մասին:
34. Վերջապես դիմումատուները պնդում են, որ Ֆինլանդիայի իշխանությունները պարտավոր էին գործի կոնկրետ հանգամանքների վերաբերյալ բանավոր վկայություններ ստանալու համար լսումներ անցկացնել: Ոստիկանության տարածաշրջանային վարչությունը խոստացել էր փոխհատուցում վճարել նրանց: Գործնականում «Վարչական դատավարության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը պահանջում է յուրաքանչյուր գործի համար բանավոր ընթացակարգով դատավարություն, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա կարիքն ակնհայտորեն բացակայում է:
2. Կառավարությունը
35. Կառավարությունը վիճարկում է սույն գործի կիրառելիությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի շրջանակում այն փաստի հիման վրա, որ դիմումատուների պաշտոնները, բացառությամբ վարչական օգնականի պաշտոնի, ենթադրում են անմիջական մասնակցություն պետաիրավական գործունեությունում և պետության ընդհանուր շահերի պաշտպանությանը միտված պարտականությունների կատարման գործընթացում (այդ կապակցությամբ այն վկայակոչում է Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը վերը նշված «Pellegrin ընդդեմ Ֆրանսիայի» գործով, [GC], no. 28541/95, § 66, ECHR 1999-VIII): Ավելի բարդ խնդիր էր որոշելը թե արդյոք վարչական օգնականի պարտականությունները ենթադրում են անուղղակի մասնակցություն նման իրավասությունների իրականացման գործում: Այնուամենայնիվ կառավարությունը հիմնավորում է իր դիրքորոշումը 2005թ. փետրվարի 1-ի Եվրոպական դատարանի «Verešová ընդդեմ Սլովակիայի» գործի վճռով (գանգատ թիվ 70497/01), որտեղ Դատարանը հանգել էր այն եզրակացության, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառելի չէ ոստիկանությունում ծառայող իրավաբանի նկատմամբ և որոշել, որ «հաշվի առնելով [ոստիկանական] ծառայության գործառույթների և պարտականություների բնույթը, դիմումատուի կողմից ծառայողական պարտականությունների կատարումը կարելի է անմիջական մասնակցություն համարել պետության ընդհանուր շահերի պաշտպանությանը միտված պետական իշխանության և գործառույթների իրականացման գործընթացում»: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակների համար ոստիկանության աշխատակիցների իրավունքներն ու պարտականությունները ոչ թե «քաղաքացիական», այլ «պետաիրավական» են հանդիսանում: Թեև դիմումատուները պնդում են, որ գործը վերաբերում է իրենց նյութական շահերին, դա բավական չէ որպեսզի գործի դատավարության վրա տարածվի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի գործողությունը, քանզի «գործով կայացրած դատավճիռը քաղաքացիական դատավարության կարգավիճակ ձեռք չի բերում միայն այս կամ այն տնտեսական խնդրի հետ կապված լինելու հիման վրա» (տես 1997թ. հոկտեմբերի 21-ի Եվրոպական դատարանի վճիռը «Pierre-Bloch ընդդեմ Ֆրանսիայի» գործով, § 51, Reports of Judgments and Decisions 1997‑VI): Ուստի դիմումատուների գանգատները այդ առումով դուրս են գալիս Կոնվենցիայի գործողության առարկայական շրջանակից (ratione materiae):
36. Կառավարությունը նաև վիճարկել էր սույն գործի նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կիրառելիության հարցը, այն հիմնավորմամբ, որ օրենքով չի նախատեսում նման դեպքերում աշխատավարձի հավելվաճարների հատկացումը: Այդպիսի իրավունք դիմումատուների համար նախատեսված չէ ինչպես կոլեկտիվ համաձայությամբ, այնպես էլ հեռավոր շրջաններում աշխատանքի համար նախկին նպաստը աշխատավարձի հավելավճարներով փոխարինելու մասին հրահանգով: Հետևաբար, այդ առումով, բոլոր դիմումատուների գանգատները դուրս են մնում Կոնվենցիայի առարկայական գործողության շրջանակից [ratione materiae]:
36. Այն դեպքում, եթե Եվրոպական դատարանը չհամաձայնվի այդ փաստարկների հետ, կառավարությունը հայտարարում է, որ սույն գործով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները չեն խախտվել: Իր կարծեքով դիմումատուների գործով դատավարությունը սկսվել է 1997թ. ապրիլի 25-ին, երբ վերջիններս հայց են ներկայացրել տարածաշրջանային վարչական դատարան, և ավարտվել է 2000թ. ապրիլի 27-ին, երբ Ֆինլանդիայի Գերագույն վարչական դատարանը վճիռ է կայացրել դիմումատուների գանգատով: Գործը բարդություն չի ներկայացրել՝ տեղական մարմինները երկարաձգել են գործի դիտարկումը մասամբ այն պատճառով, որ սպասել են Ասկոլա քաղաքի տարածքային ոստիկանության բաժանմունքի գործով վճռին, որպեսզի բացառեն տարբեր ոստիկանական բաժանմունքների աշխատակիցների նկատմամբ խտրականական որշումների կայացումը, թեև դիմումատուների դեպքում որոշումն արդեն կայացված էր: Այն փաստը, որ տեղական մարմինները չորս տարի դիտարկել են դիմումատուների միջնորդությունը չպետք է հաշվի առնվի, քանի որ տեղական մարմինների կողմից գանգատի դիտարկումը չի կարող հավասարեցվել դատարանի կողմից գանգատի քննման հետ, հետևաբար այդ ժամկետը չպետք է հաշվի առնվի գործի դատավարության տևողությունը որոշելիս: Սույն գործում խոսքը չէր գնում կենսաապահովման համար անհրաժեշտ միջոցների մասին, հետևաբար այդ, կամ որևէ այլ պատճառով այն անհապաղ դիտարկելու հատուկ կարիք չկար: 1991թ. հուլիսի 3-ից մինչ 1993թ. մարտի 19-ը փորձեր են ձեռնարկվել գործը լուծել բանակցություների միջոցով: Բանակցությունների ընթացքում դիմումատուներին հայտնել էին, որ աշխատավարձի հավելավճարների հատկացում հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ֆինլանդիայի Գերագույն վարչական դատարանը վերանայի ստորին ատյանի դատարանի որոշումը Ասկոլա քաղաքի տարածքային ոստիկանության բաժանմունքի գործով:
37. Ինչ վերաբերում է նրան, որ գործի բանավոր ընթացակարգով դատավարություն չի անցկացվել, կառավարությունը նշում է, որ տարածաշրջանային վարչական դատարանը համարեց, որ այն փաստերը, որոնք դիմումատուներն ուզում էին հաղորդել, որևէ առնչություն չունեին գործի դիտարկման արդյունքների հետ, և բացի այդ Ֆինլանդիայի Գերագույն վարչական դատարանը հայտարարեց, որ ոստիկանության տարածաշրջանային վարչության կողմից տրված խոստումները իրավական տեսակետից առ ոչինչ են սույն գործի հանգամանքներում: Երկու դատարաններն էլ գտան, որ չկար որևէ անհրաժեշտություն գործը բանավոր ընթացակարգով քննելու համար: Դիմումատուներին հնարավորություն էր ընձեռվել լրացուցիչ դիտողություններ ներկայացնել գրավոր տեսքով: Հարցը, որ բարձրացնում էին դիմումատուները, տեխնիկական բնույթ էր կրում և հիմնված էր գործի հետ առնչվող փաստաթղթերի ուսումնասիրության վրա: Գործի կապակցությամբ չի առաջացել փաստի կամ իրավունքի հետ կապված որևէ խնդիր, որը հնարավոր չլիներ բավարար կերպով լուծել գործով առկա նյութերի և կողմերի գրավոր դիտարկումների հիման վրա: Եթե Ֆինլանդիայի իշխանությունները անձամբ լսեին դիմումատուներին, ապա ոչ մի լրացուցիչ տեղեկություն չէին ստանա:
Բ. Դատարանի գնահատականը
1. Հոդված 6-ի կիրառելիությունը
38. Կառավարությունը վիճարկում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կիրառելիությունը սույն գործի հանգամանքների նկատմամբ երկու հիմունքներով՝ այն գտնում է, որ դիմումատուները չունեին համապատասխան իրավունք, իսկ եթե այն նույնիսկ առկա էր, ապա ոչ «քաղաքացիական» էր էությամբ:
(ա) Անհրաժեշտ իրավունքի առկայությունը
39. Նախ և առաջ Եվրոպական դատարանը դիտարկելու է այն հարցը թե արդյոք դիմումատուների մոտ առկա էր անհրաժեշտ իրավունքը: Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքով ձևավորված սկզբունքներին (տես, մասնավորապես, Եվրոպական դատարանի վճիռը «Pudas ընդդեմ Շվեդիայի» գործով, 27 հոկտեմբերի 1987թ., § 31, հհ. A, թիվ 125‑A), իրավունքի շուրջ վեճը, որը թեև վերապահումներով կարելի է համարել ճանաչված ազգային օրենսդրությունում, չպետք է կրի մակերեսային և շինծու բնույթ, այն պետք է տարածվի ոչ միայն իրավունքի ընդհանուր ծավալի, այլ նաև կիրառման շրջանակի և իրականացման ձևերի վրա և, ի վերջո, քննության արդյունքը պետք է անմիջական և որոշիչ նշանակություն ունենա խնդրի առարկա հանդիսացող իրավունքի համար:
40. Եվրոպական դատարանը նշեց, որ սույն գործի ներքո չի վիճարկվում այն, որ ոստիկանության տարածաշրջանային վարչությունը դիմումատուներին խոստացվել է փոխհատուցում վճարել: Բացի այդ, գործի նյութերը ցույց են տալիս, որ աշխատավարձի անհատական հավելավճարներ հատկացվել են այնպիսի իրավիճակներում, որոնք արմատապես չեն տարբերվում դիմումատուների դեպքից: Ֆինլանդիայի իշխանությունները դիմումատուների գանգատներն ամբողջությամբ անհիմն չեն ճանաչել: Դիմումատուների պահանջները իրոք մերժվել են, սակայն կարելի է համարել, որ երկրի վարչական դատարանները քննել են գանգատի էությունը և պատասխան տվել նրանց իրավունքների մասին խնդրին: Եվրոպական դատարանը գտնում է, որ նման հանգամանքներում վիճարկելի է այն հարցը թե արդյոք դիմումատուները կարող են հավակնել որևէ իրավունքի (տես, մասնավորապես, Եվրոպական դատարանի վճիռը «Neves և Silva ընդդեմ Պորտուգալիայի» գործով, 27 ապրիլի 1989թ., § 37, հհ. A թիվ 153‑A):
(b) Իրավունքի քաղաքացիական բնույթը
41. Այնուհետև Եվրոպական դատարանը դիտարկեց վերը նշված Pellegrin-ի գործի վրա հիմնված կառավարության այն պնդումը թե Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառելի չէ, քանզի այն չի տարածվում աշխատանքի ընդունման պայմանների վերաբերյալ քաղծառայողների, որոնց թվին են պատկանում ոստիկանության աշխատակիցները, ներկայացրած գանգատների վրա: Սույն գործում խոսքը գնում է վարույթի մասին, որի ընթացքում լուծվել էր այն խնդիրը, թե արդյոք հինգ դիմումատուները և ներկայումս հանգուցյալ Hannu Matti Lappalainen-ը, որոնք քաղաքացիական ծառայողներ էին, ունեին աշխատավարձի հավելավճարի ստացման իրավունքը: Այդ հարցին պատասխանելու համար Դատարանը պետք է կրկին անդրադառնա Pellegrin-ի գործով հանգամանքներին և կայացրած վճռի տրամաբանությանը, նաև դիտարկել թե ինչպես է այն գործնականում կիրառվել հետագա գործերում:
(i) Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ամփոփ դիտարկում
42. Մինչ Pellegrin-ի գործով վճիռ կայացնելը Եվրոպական դատարանը հանգել է այն եզրակացության, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի գործողությունը որպես ընդհանուր կանոն չի տարածվում քաղծառայողների աշխատանքի ընդունման, ծառայողական առաջխաղացման և աշխատանքից ազատման հետ կապված աշխատանքային վեճերի վրա: Սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի չտարածման այդ ընդանուր մոտեցումը սահմանափակվել և ճշգրտվել է Դատարանի բազմաթիվ վճիռներով: Օրինակ «Francesco Lombardo ընդդեմ Իտալիայի» (26 նոյեմբերի 1992, § 17, հհ. A թիվ 249‑B) և «Massa ընդդեմ Իտալիայի» (24 օգոստոսի 1993թ., § 26, հհ. A, թիվ 265‑B) գործերի վճիռներում Դատարանը գտել էր, որ դիմումատուների բողոքները չեն վերաբերել քաղծառայողների աշխատանքի ընդունման կամ ծառայողական առաջխաղացման հետ կապված հարցերին, այլ ընդամենը անուղղակիորեն առնչվել են նրանց աշխատանքից ազատելուն, քանի որ ներկայացված պահանջները բացարձակապես կապված են եղել աշխատանքից ազատման արդյունքում օրենքին համապատասխան առաջացող գույքային իրավունքների հետ: Նման հանգամանքերում և հաշվի առնելով այն, որ այդ նպաստները վճարելու պարտականությունը կատարելիս Իտալիայի իշխանությունները չեն դիմել իրենց «հայեցողական իրավսությունների» օգնությանը և իրականում հանդես են եկել մասնավոր իրավունքով կարգավորվող աշխատանքային պայմանագրի կողմ հանդիսացող գործատուի դերում, Դատարանը եզրահանգել է, որ դիմումատուների պահանջները Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով «քաղաքացիական» բնույթ են կրել, որը կարգավորվում է մասնավոր իրավունքով:
43. Մյուս կողմից, «Neigel ընդդեմ Ֆրանսիայի» գործով (17 մարտի 1997, § 44, Reports 1997‑II) Եվրոպական դատարանը ճանաչեց, որ դիմումատուի կողմից վիճարկվող՝ պետական ոլորտում մշտական աշխատանքի վերականգնելու մերժման որոշումը վերաբերում է «աշխատանքի ընդունելուն, ծառայողական առաջխաղացմանը և [նրան] աշխատանքից ազատելուն»: Այն չի բացառում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի կիրառումը դիմումատուի՝ իրեն աշխատավարձ վճարելու պահանջի նկատմամբ, որը նա կստանար աշխատաքի վերականգնման դեպքում: Ուստի Դատարանը վճռեց, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով այդ վեճը չի վերաբերում որևէ «քաղաքացիական» իրավունքի:
44. Այլ գործերով կայացրած վճիռներում Եվրոպական դատարանը այն դեպքերում էր կիրառում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, երբ դիմումատուի պահանջը վերաբերում էր «զուտ տնտեսական», օրինակ՝ աշխատավարձ ստանալու իրավունքին (տես 1997թ. սեպտեմբերի 2-ի Եվրոպական դատարանի վճիռները «De Santa ընդդեմ Իտալիայի», «Lapalorcia ընդդեմ Իտալիայի» և «Abenavoli ընդդեմ Իտալիայի», §§ 18, 21 և 16 համապատասխանաբար, Reports 1997-V գործերով), կամ «հիմնականում տնտեսական» իրավունքին (տես 1997թ. սեպտեմբերի 2-ի Եվրոպական դատարանի վճիռը «Nicodemo ընդդեմ Իտալիայի» գործով, § 18, Reports 1997-V) և որևէ սկզբունքային հարցեր չէր բարձրացնում «պետական մարմինների հայեցողական իրավունքների» վերաբերյալ (տես 1998թ. օգոստոսի 24-ի Եվրոպական դատարանի վճիռները «Benkessiouer ընդդեմ Ֆրանսիայի» և «Couez ընդդեմ Ֆրանսիայի», 24 August 1998, §§ 29-30 և § 25 համապատասխանաբար, Reports 1998-V; «Le Calvez ընդդեմ Ֆրանսիայի», 29 հուլիսի 1998, § 58, Reports 1998-V; և «Cazenave de la Roche ընդդեմ Ֆրանսիայի», 9 հունիսի 1998, § 43, Reports 1998-III):
45. Երբ Եվրոպական դատարանը անցավ Pellegrin-ի (§ 60) գործով առաջացած իրավիճակի դիտարկմանը, ապա այն գտավ, որ քաղծառայողների կողմից իրենց աշխատանքի ընդունման պայմանների վերաբերյալ հարուցված վեճերի գծով վերը նշված վճիռները որոշակի անորոշություն են առաջացնում Պայմանավորվող պետությունների համար Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պարտավորությունների ծավալի տեսակետից: Դատարանը ցանկացավ վերջ դնել այդ անորոշությանը «քաղաքացիական ծառայություն» հասկացության հատուկ մեկնաբանության միջոցով, որը թույլ կտար միևնույն կամ նմանատիպ պարտականություններ իրականացնող քաղծառայողների հետ առնչվող դեպքերում Կոնվենցիայի մասնակից պետություններում ապահովելու հավասարության սկզբունքի պահպանումը, անկախ աշխատանքի ընդունման ազգային համակարգից, մասնավորապես ծառայողի և իշխանության վարչական մարմինների միջև իրավահարաբերություններից:
46. Այդ նպատակով Եվրոպական դատարանն առաջարկեց կիրառել աշխատողի պաշտոնական պարտականությունների վրա հիմնված գործառութային չափանիշ: Հանրության շահերին ծառայող կամ պետաիրավական իրավասությունների իրականացման գործընթացում մասնակցություն նախատեսող պաշտոններ զբաղեցնող անձինք ունեն պետական ինքնիշխանության որոշակի չափաբաժին: Ուստի պետության մոտ առկա է նման ծառայողներից հատուկ հավատարմություն և վստահություն պահանջելու իրավաչափ շահագրգռվածություն: Նույնը չի վերաբերում «պետական կառավարման» գործառույթների հետ չառնչվող պաշտոններին, որոնց դեպքում այդ շահագրգռվածությունը բացակայում է (տես վերը նշված Pellegrin-ի գործը, § 65): Հետևաբար դատարանը վճռեց, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի գործողությունը չի տարածվում միայն այն քաղծառայողների նախաձեռնությամբ հարուցված վեճերի վրա, որոնց աշխատանքային պարտականությունները բնորոշ են քաղաքացիական ծառայության հատուկ գործունեության համար այնքանով, որքանով վերջիններս հանդես են գալիս պետության կամ իշխանության այլ մարմինների ընդհանուր շահերի պահպանման համար պատասխանատու պետության ներկայացուցիչների դերում: Նման գործունեության վառ օրինակ է ծառայությունը բանակում կամ ոստիկանությունում (տես Pellegrin, § 66): Դատարանը եզրահանգեց, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի գործողությունը չի տարածվում վարչական իշխանության մարմինների և պետաիրավական իրավասությունների իրականացման գործընթացում մասնակցություն նախատեսող պաշտոններ զբաղեցնող ծառայողների միջև առաջացած աշխատանքային վեճերի նկատմամբ (տես Pellegrin § 67):
47. Եվրոպական դատարանը նշում է, որ Pellegrin-ի գործով վճիռը բավականին կտրուկ ձևակերպումներ է պարունակել՝ եթե որևէ պաշտոն ընկնում էր վերը նշված սահմանման ներքո, ապա Կոնվենցիայի 6-րդ հոդվածի գործողությունից բացառվում էին բոլոր վեճերը, անկախ դրանց էությունից: Նախատեսված էր միայն մեկ բացառություն, այն է՝ նպաստների վճարման շուրջ բոլոր վեճերը ընկնում էին Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի գործողության տակ, քանի որ աշխատանքից հեռացվելուց հետո աշխատողի և իշխանության մարմինների միջև հատուկ կապը վերանում էր և աշխատողը հայտնվում էր մասնավոր իրավունքով կարգավորվող իրավիճակում, քանի որ պետության հետ նրան կապող հավատարմության և վստահության հարաբերությունները դադարում էին և նա այսուհետև զրկված էր պետական ինքնիշխանության իր չափաբաժնից (տես Pellegrin, § 67):
48. Հարկ է նշել, որ Եվրոպական դատարանը հատուկ ընդգծեց՝ գործառութային չափանիշը կիրառելիս անհրաժեշտ է Կոնվենցիայի խնդրո առարկային և նպատակին համապատասխան սահմանափակ մեկնաբանել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված երաշխիքներից առկա բացառությունները (տես Pellegrin, §§ 64-67): Խոսքը գնում է այն մասին, որ պետք է սահմանափակել այն դեպքերը, երբ քաղծառայողները զրկվում են իրենց համար նախատեսված իրական և արդյունավետ օժանդակությունից օգտվելու հնարավորությունից (այդ մասին է վկայում Եվրոպական դատարանի վճիռը «Frydlender ընդդեմ Ֆրանսիայի» գործով [GC], գանգատ թիվ 30979/96, § 40, ECHR 2000‑VII):
(ii) Արդյոք անհրաժեշտ է սույն խնդրի շուրջ զարգացնել Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը
49. Pellegrin-ի գործի դատավճիռը, որը սույն խնդրի շուրջ Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայում վերջին շոշափելի քայլն էր, պետք է շրջանառության մեջ դներ մի աշխատունակ չափանիշ, որի հիման վրա յուրաքանչյուր առանձին գործի դեպքում հնարավոր կլիներ որոշել, թե արդյոք դիմումատուի զբաղեցրած պաշտոնը, հաշվի առնելով իրականացվող պարտականությունների բնույթը, ուղղակի կամ անուղղակի մասնակցություն է նախատեսում պետաիրավական իրավասությունների իրականացման գործընթացում և պետության կամ իշխանության այլ մարմինների շահերի պաշտպանությանը միտված գործառույթներում: Այնուհետև պետք էր որոշվեր, թե արդյոք այդ չափանիշներից որևէ մեկին համապատասխան պաշտոն զբաղեցնող դիմումատուն իրականացնում է գործառույթներ, որոնք կարող են պետական իշխանության իրավասությունների իրականացման հետ առնչվող համարվել, այսինքն՝ արդյոք դիմումատուի դիրքը պետական պաշտոնակարգում այնքան բարձր ու կարևոր է, որ ենթադրում է պետաիրավական իրավասությունների իրականացման գործընթացում նրա մասնակցությունը:
50. Սույն գործը, սակայն, վկայում է այն մասին, որ գործառութային չափանիշի կիրառումն իր հերթին կարող է հանգեցնել սահմանված նորմից շեղմանը: Այն ժամանակաշրջանում, որի մասին գնում է խոսքը, դիմումատուներն աշխատում էին Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունում: Նրանցից հինգը ծառայում էին ոստիկանությունում, որը պետական ծառայության անբաժանելի մասն է կազմում: Նման ծառայությունը ենթադրում է ուղղակի մասնակցություն պետաիրավական իրավասությունների իրականացման գործընթացում և համապետական շահերի պաշտպանությանը միտված պարտականությունների կատարում: Վարչական օգնականի գործառույթները բացարձակապես վարչական բնույթ են կրում և չեն ենթադրում որոշումների կայացման կամ այլ ձևով պետական իշխանության ուղղակի կամ անուղղակի իրականացման իրրավասություն: Այդքանով նրա գործառույթները պետական կամ մասնավոր ընկերության համար աշխատող ցանկացած այլ վարչական օգնականի գործառույթներից չէին տարբերվում: Ինչպես նշված էր ոստիկանությունում ծառայությունը ուղղակիորեն հիշատակվում է Pellegrin-ի գործում, որպես պետական իշխանության իրականացում ենթադրող գործունեության հստակ օրինակ և այդ հիման վրա բոլոր ոստիկանության ծառայողները դուրս են մնում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի գործողության շրջանակից: Pellegrin-ի գործով սահմանված մոտեցումն անվերապահորեն կիրառելու դեպքում կհետևի, որ սույն գործով դիմումատուն, լինելով վարչական օգնական, օգտվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված երաշխիքներից, այնինչ կասկածից վեր է, որ ոստիկանության աշխատակից հանդիսացող դիմումատուները չեն կարող օգտվել դրանցից, թեև վեճի բնույթը բոլոր դիմումատուների համար մնում է անփոփոխ:
51. Այնուհետև, գործով վճռի կայացումից հետո հարուցված և դիտարկված գործերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դիմումատուի գործառույթների կարգավիճակն ու բնույթը որոշելը հեշտ խնդիր չէ, բացի այդ ոչ միշտ է հնարավոր դիմումատուի գործնականում իրականացվող գործառույթների հիման վրա հստակ որոշել այն քաղծառայողների դասը, որին նա պատկանում է: Որոշ դեպքերում պարզ չէ թե քաղծառայողների այս կամ այն դասի պատկանելիության որ աստիճանն է բավարար Կոնվնեցիայի 6-րդ հոդվածի կիրառումը բացառելու համար, առանց հաշվի առնելու աշխատողի պարտականություների բնույթն ըստ զբաղեցրած պաշտոնի:
Օրինակ՝ «Kępka ընդդեմ Լեհաստանի», (գանգատ թիվ 31439/96 և թիվ 35123/97, ECHR 2000‑IX) գործով կայացրած դատավճռում Եվրոպական դատարանը եզրահանգեց, որ թեև դիմումատուն ի վիճակի չի եղել հրշեջ աշխատելու և ամբողջ կյանքը դասախոսություններ է կարդացել ազգային հրշեջ ծառայությունում, սակայն նրա պարտականությունները, որոնք նախատեսում էին հետազոտությունների անցկացում և գաղտնի տեղեկատվության մուտք գործելու իրավունք, պետք է համարվեին ազգային պաշտպանության ոլորտին առնչվող, այսինքն այն ոլորտին, որտեղ պետությունն իրականացնում է իր ինքնիշխան իրավասությունները, և այդ իսկ պատճառով դրանք ենթադրում էին առնվազն անուղղակի մասնակցություն համապետական շահերի պաշտպանությունում (որպես հակառակ իրավիճակի օրինակ տես վերը նշված Frydlender-ի գործով Եվրոպական դատարանի վճիռը, § 39): Մեկ այլ օրինակ՝ «Kanayev ընդդեմ Ռուսաստանի» (գանգատ թիվ 43726/02, § 18, 27 հուլիսի 2006թ.) գործով դիմումատուն զինվորական ծառայություն էր անցնում Ռուսաստանի Դաշնության Ռազմանավային զորքերում երրորդ կարգի կապիտանի պաշտոնում և, այդ իսկ պատճառով «պետական իշխանության մասնաբաժին ուներ»: Դատարանը որոշեց սույն գործում չկիրառել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, նույնիսկ հաշվի առնելով այն, որ վեճը վերաբերում էր դիմումատուի օգտին կայացրած տրանսպորտային ծախսերի փոխհատուցման մասին որոշման չկատարմանը: Վերը նշված Verešová-ի գործում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չէր կիրառվել ոստիկանությունում ծառայող իրավաբանի նկատմամբ, հիմնվելով ոստիկանական ծառայությանը ընդհանրապես բնորոշ գործառույթների ու պաշտոնական պարտականությունների վրա և, ըստ էության, հաշվի չառնելով դիմումատուի իրական դերը տվյալ կազմակերպությունում:
52. Բացի այդ ապշեցուցիչ է այն փաստը, որ «գործառութային մոտեցումը» բառացիորեն ընկալելու դեպքում այն պահանջում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չկիրառվի այն վեճերի դեպքում, որոնցում դիմումատուի կարգավիճակը որպես քաղծառայողի ոչնչով չի տարբերում դատարան դիմաց ցանկացած այլ մարդու կարգավիճակից, այլ կերպ ասած, երբ աշխատողի և գործատուի միջև վեճում կողմերը «վստահության և համերաշխության հատուկ կապերով» աչքի չեն ընկնում:
53. Որոշիչ դեր է խաղում, սակայն, ոչ թե վեճի բնույթը, այլ դիմումատուի կարգավիճակը: Դատարանը դա հաստատեց «Martinie ընդդեմ Ֆրանսիայի» գործով իր վճիռում ([GC], գանգատ թիվ 58675/00, § 30, ECHR 2006-VI), որում Մեծ Պալատը եկավ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի կիրառելիության եզրահանգմանը: Դատարանի Պալատը եկել էր նույն եզրահանգմանը (2004թ. հունվարի 13-ի որոշում գանգատն ըստ էության քննության համար ընդունելի լինելու մասին), սակայն ելնելով այլ նկատառումներից: Մեծ Պալատը հիմնվում էր այն փաստի վրա, որ դիմումատուն քաղծառայող էր և դպրոցում հաշվապահի պաշտոն էր զբաղեցնում, չներգրավվելով պետաիրավական իրավասությունների իրականացման մեջ, մինչդեռ Դատարանը որպես որոշիչ հանգամանք հաշվի էր առնում պետության և դիմումատուի միջև վեճի բնույթը, մասնավորապես վերջինիս պարտականությունը հատուցելու առանց թույլտվության վճարված գումարները: Դատարանն եկավ այն եզրահանգմանը, որ վեճի առարկա հանդիսացող պարտականությունները Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով «քաղաքացիական էին», ընդ որում գործում գերակայում էին մասնավոր իրավունքով կարգավորվող հատկանիշները:
54. Եվրոպական դատարանը կարող է միայն արձանագրել, որ գործառութային չափանիշն, այն ձևաչափով, որով նա գործնականում կիրառվում է, չի պարզեցնում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կիրառելիության հարցի որոշումը այն դեպքերում, երբ դատական վեճի կողմերից մեկը քաղծառայող է: Բացի այդ, հակառակ սպասումներին, այն այդ հարցում որոշակիություն չի մտցնում (տես, մասնավորապես, Perez ընդդեմ Ֆրանսիայի [GC], գանգատ թիվ 47287/99, § 55, ECHR 2004‑I):
55. Այդ հանգամանքներում և ելնելով վերոշարադրյալ նկատառումներից Եվրոպական դատարանը հանգում է այն եզրակացության, որ Pellegrin-ի գործում սահմանված գործառութային չափանիշը պետք է կատարելագործվի: Իրավական որոշակիության, կանխատեսելիության և օրենքի առջև հավասարության շահերից ելնելով Դատարանը չի կարող առանց լուրջ հիմունքների շեղվել նախկինում քննված գործերի նախադեպային վճիռներից: Իսկ եթե Դատարանը հետ կանգնի դինամիկ և էվոլյուտիվ մոտեցումից, վտանգ կա, որ դա արգելք կհանդիսանա իր պրակտիկայի հետագա կատարելագործման և բարեփոխման համար (տես, մասնավորապես, Եվրոպական դատարանի վճիռը «Mamatkulov և Askarov ընդդեմ Թուրքիայի» գործով [GC], գանգատ թիվ 46827/99 և թիվ 46951/99, § 121, ECHR 2005‑I):
56. Pellegrin-ի գործով վճիռը պետք է դիտարկել Եվրոպական դատարանի նախկին նախադեպային պրակտիկայի տեսանկյունից: Այդ գործը քննելիս Դատարանը առաջին անգամ հրաժարվեց պետական ծառայության նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառելի չլինելու նախկին մոտեցումից հօգուտ այն բանի, որ այդ նորմը կիրառվի միայն որոշ դեպքերում: Վճիռը, որի մասին խոսք է գնում, արտացոլում է այն տեսակետը, որ որոշ քաղծառայողներ իրենց կողմից իրականացվող գործառույթների բնույթով գործատուի հետ կապված են հատուկ վստահության և հավատարմության կապերով: Սակայն հետագա գործերից պարզ է դառնում, որ շատ Պայմանավորվող պետություններում քաղծառայողներին արդարադատությանը դիմելու իրավունք է տրվում և նրանք կարող են հայցեր ներկայացնել աշխատավարձի, հավելավճարների և նույնիսկ գործից ազատման կամ ընդունման պայմանների վերաբերյալ նույն ընթացակարգով, ինչ որ մասնավոր հատվածում զբաղվածները: Նման հանգամանքներում, ազգային իրավական համակարգի շրջանակներում բացակայում է պետության գերակա շահերի և մարդու իրավունքների պաշտանության իրավունքի միջև բախումը: Իրոք, ոչ Կոնվենցիան, ոչ էլ Կոնվենցիայի Արձանագրություները չեն երաշխավորում քաղաքացիական ծառայության անցնելու իրավունքը, սակայն դրանից չի հետևում, որ Կոնվենցիան այլ առումներով չի տարածվում քաղծառայողների վրա (տես, մասնավորապես, 1985թ. մայիսի 28-ի Եվրոպական դատարանի վճիռը «Abdulaziz, Cabales և Balkandali ընդդեմ Մացյալ Թագավորության» գործով, § 60, հհ. A, գանգատ թիվ 94, և «Glasenapp ընդդեմ Գերմանիայի» գործով, 28 օգոստոսի 1986թ., § 49, հհ. A գանգատ թիվ 104):
57. Բացի այդ Կոնվենցիայի 1-ին և 14-րդ հոդվածները նախատեսում են որ, «իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար» ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի I բաժնում, «առանց խտրականության ըստ որևէ հատկանիշի» (տես, մասնավորապես, 1976թ. հունիսի 8-ի Եվրոպական դատարանի վճիռը «Engel և մյուսներն ընդդեմ Նիդերլանդների» գործով, § 54, հհ. A գանգատ թիվ 22): Ընդհանուր կանոնի համաձայն Կոնվենցիայով նախատեսված իրավունքները տարածվում են նաև քաղաքացիական ծառայողների վրա (տես, մասնավորապես, 1976թ. փետրվարի 6-ի Եվրոպական դատարանի վճիռը «Schmidt և Dahlström ընդդեմ Շվեդիայի» գործով, § 33, հհ. A գանգատ թիվ 21, վերը նշված Եվրոպական դատարանի վճիռներըը «Engel և մյուսներն ընդդեմ Նիդերլանդների», § 54; «Glasenapp ընդդեմ Գերմանիայի» գործերով, § 49, և 1998թ. սեպտեմբերի 2-ի վճիռը «Ahmed և մյուսներն ընդդեմ Մեծ Թագավորության» գործով, § 56, Reports 1998‑VI):
58. Եթե հետևել Pellegrin-ի գործի տրամաբանությանը և մեկնաբանել գործառութային չափանիշը սահմանափակող իմաստով, ապա դիմումատուների ոչ մի խումբ չի կարող զրկվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պաշտպանությունից: Սույն գործում Ֆինլանդիայի օրենսդրությունը բալոր դիմումատուների՝ ինչպես ոստիկանության աշխատակիցների, այնպես էլ վարչական օգնականի համար, փոխհատուցում ստանալու պահանջը դատարանի կողմից քննության առնվելու իրավունք էր նախատեսում: Կողմերը պետության արդյունավետ գործելու կամ այլ հանրային անհրաժեշտության հետ կապված որևէ փաստարկներ չէին ներկայացրել, որոնք հիմք կարող էին ծառայել համարելու, որ դիմումատուներին զրկել են անարդար կամ չափազանց դանդաղ դատական քննությունից պաշտպանվելու Կոնվենցիայով երաշխավորված իրավունքից:
59. Անդրադառնալով կարևոր ուղենիշներ նախատեսող ընդհանուր իրավունքին (տես Եվրոպական դատարանի վճիռները «Christine Goodwin ընդդեմ Միացյալ Թագավորության» [GC], գանգատ թիվ 28957/95, §§ 43‑45, 92 և 100, ECHR 2002‑VI; «Posti and Rahko ընդդեմ Ֆինլանդիայի», գանգատ թիվ 27824/95, § 54, ECHR 2002‑VII, և «Meftah and Others ընդդեմ Ֆրանսիայի» [GC], գանգատ թիվ 32911/96, 35237/97 և 34595/97, § 45, ECHR 2002‑VII գործերով), Դատարանը նշում է, որ վճիռը Pellegrin-ի գործով համապատասխանում է Եվրոպական Հանձնաժողովի և Եվրոպական Համայնքի Դատարանի կողմից թվարկված գործունեության տեսակներին և պաշտոններին, որոնց վրա չի տարածվում ազատ տեղաշարժի սկզբունքը (տես Pellegrin, § 66): Սակայն Դատարանը նշում է, որ Լյուքսեմբուրգյան դատարանն ինքնին ավելի լայն մոտեցում է կիրառում ի օգուտ դատական վերահսկողության, որի մասին է վկայում «Marguerite Johnston ընդդեմ Օլսթեր նահանգի Գլխավոր ոստիկանապետի» (գանգատ թիվ 222/84, [1986] ECR 1651) գործով ուղենիշային վճիռը, որը կայացվել է ոստիկանության աշխատակցուհու կողմից հղված գանգատի հիման վրա սեռական պատկանելության հիման վրա խտրաքկանության արգելքի մասին թիվ 76/207 Հրահանգին համապատասխան: Լյուքսեմբուրգյան դատարանն իր վճիռը հիմնավորել է հետևյալ կերպով.
«Դատական վերահսկողության մասին պահանջը [Եվրոպական խորհրդի թիվ 76/207 Հրահանգի 6-րդ հոդվածում] արտացոլում է իրավունքի ղեկավար սկզբունքը, որը մասնակից պետություների համընդհանուր սահմանադրական ավանդույթի անկյունաքարն է: Միևնույն ժամանակ այդ սկզբունքը ներկայացված է 1950թ. նոյեմբերի 4-ի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի թիվ 6 և 13 հոդվածներում: Ինչպես Եվրոպական Խորհրրդարանը, այնպես էլ Եվրոպայի Խորհուրդը և Եվրոպական Հանձնաժողովը 1977թ. ապրիլի 5-ի համատեղ հռչակագրում ճանաչել են, որ Կոնվենցիայի հիմքում ընկած սկզբունքները պետք է հաշվի առնվեն նաև Համայնքների իրավունքում: Դատարանը նույնպես ճանաչել է դա իր վճիռներում»:
Եվրոպական Համայնքների իրավունքի հետ կապված խնդիրներով վերոշարադրյալ վճիռը, այլ նման վճիռների հետ մեկտեղ վկայում է այն մասին, թե որքան լայն տեղ է զբաղեցնում դատական վերահսկողության սկզբունքը Եվրոպական Համայնքների իրավունքում: Երբ անձը իրավասու է օգտվելու Եվրոպական Համայնքների իրավունքով երաշխավորված գույքային իրավունքով, ապա պետական իշխանության կրողի իր կարգավիճակը չի բացառում դատական վերահսկողության պահանջների կիրառումը: Ավելին, արդյունավետ դատական վերահսկողության սկզբունքի լայն կիրառությունը ընդգծվում է Լյուքսեմբուրգյան դատարանի կողմից ոչ միայն Կոնվենցիայի թիվ 6, այլ նաև թիվ 13 հոդվածի վկայակոչմամբ (տես Եվրոպական դատարանի վճիռը վերը նշված «Marguerite Johnston ընդդեմ Օլսթեր նահանգի Գլխավոր ոստիկանապետի» գործով, ինչպես նաև Եվրոպական Համայնքների Դատարանի վճիռը «Panayotova և մյուսները ընդդեմ Արտաքին առևտրի և ինտեգրման նախարարի [Minister voor Vreemdelingenzaken en Integratie], (գործ C‑327/02, [2004] ECR I-11055, § 27), ինչպես նաև Հիմնարար իրավունքների մասին Եվրոպական համայնքների խարտիան (տես սույն վճռի 29-30 կետերը):
60. Եվրոպական դատարանը ճանաչում է արդարադատությանը դիմելու հնարավորությունը աշխատողների որոշ խմբերի համար սահմանափակելու հարցում պետությունների շահագրգռվածությունը: Սակայն, ոչ թե Դատարանը, այլ նախ և առաջ Պայմանավորվող պետությունները, մասնավորապես լիազորված ազգային օրենսդիր մարմիններն են հստակ սահմանում պետական ծառայության այն դասերը, որոնք նախատեսում են պետական ինքնիշխանության հետ անբաժանելիորոն կապված իրավասությունների իրականացումը: Նման դեպքերում անձի շահերը պետք է զիջեն պետության շահերին: Դատարանն իրականացնում է իր դիտորդի գործառույթները պահպանելով սուբսիդիար սկզբունքը (տես «Z և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության» [GC], գանգատ թիվ 29392/95, § 103, ECHR 2001‑V): Եթե ազգային իրավապահ համակարգը սահմանափակում կամ արգելում է արդարադատությանը դիմելու հնարավորությունը, Դատարանը պետք է համոզվի, որ համապատասխան վեճում իրոք կարող են արդարացիորեն չկիրառվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված երաշխիքները: եթե դա այդպես չէ, ապա որևէ խնդիր չի առաջանում և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառվում է:
Անհրաժեշտ է սակայն ընդգծել, որ սույն գործը տարբերվում է այլ գործերից, որտեղ հաշվի առնելով դիմումատուների ներկայացրած պահանջները համարվել էր, որ նրանց կարգավիճակը քաղաքացիադատավարական և քրեադատավարական տեսակետից չի կարգավորվում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով (տես, մասնավորապես, Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը հարկի մեծության հաշվարկման վերաբերյալ «Ferrazzini ընդդեմ Իտալիայի» գործով, գանգատ թիվ 44759/98, ECHR 2001-VII, քաղաքացիության, երկրի տարածքում կացության և ապաստարանի տրամադրման հարցերի վերաբերյալ տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Maaouia ընդդեմ Ֆրանսիայի» գործով, գանգատ թիվ 39652/98, ECHR 2000-X, խորհրդարանի անդամների ընտրության մասին վեճերի լուծման վերաբերյալ տես Եվրոպական դատարանի վճիռը վերը նշված Pierre-Bloch-ի գործով): Հետևաբար, սույն գործի շրջանակում դատողությունները սահմանափակվում են քաղծառայողների կարգավիճակով:
61. Ամփոփելով պետք է նշել, որ քաղծառայողի կարգավիճակի առկայության հիման վրա դիմումատուին Կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված պաշտպանությունից զրկման որոշումը կառավարությունը կարող է հիմնավորել Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայով երկու պայմանների պահպանման դեպքում: Առաջին, համապատասխան պետության ազգային իրավունքը պետք է հստակորեն բացառի արդարադատությանը դիմելու հնարավորությունը վերը նշված պաշտոններից որևէ մեկը զբաղեցնող կամ այդ դասին պատկանող աշխատողին: Երկրորդ, արդարադատությանը դիմելու հնարավորությունից զրկելը պետք է հիմնավորվի պետական շահի առկայությամբ: Միայն այն փաստը, որ դիմումատուն աշխատում է այնպիսի ոլորտում կամ ճյուղում, որն առնչվում է պետաիրավական իրավասությունների իրականացման հետ, ինքնին որոշիչ չէ: Արդարադատությանը դիմելու հնարավորությունից զրկելը հիմնավորելու համար բավական չէ ապացուցել, որ քաղծառայողը մասնակցում է պետական իշխանության իրագործման գործընթացում կամ որ քաղծառայողին և գործատուին կապում են «հատուկ վստահության և հավատարմության կապերը», ինչպես ձևակերպված է Եվրոպական դատարանի Pellegrin-ի գործով վճռում: Պետությունը պետք է նաև ապացուցի, որ վեճի առարկան, որի մասին գնում է խոսքը, առնչվում է պետական իշխանության իրականացման հետ կամ կասկածի տակ է դնում նշված կապի առկայությունը: Հետևաբար սկզբունքորեն չի կարող արդարացվել, երբ որևէ քաղծառայողի և պետության միջև հարաբերություններից ելնելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները չեն տարածվում սովորական աշխատանքային վեճերի նկատմամբ, որոնք կապված են աշխատավարձի, հավելավճարների կամ այլ նման իրավունքների հետ: Գործնականում դա նշանակում է, որ առաջանում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կիրառելիության կանխավարկած: Կառավարությունն է կրում ապացուցման բեռն առ այն, որ ազգային օրենսդրությունը տվյալ գործով դիմումատու հանդիսացող քաղծառայողին չի տրամադրում արդարադատությանը դիմելու իրավունք և, երկրորդ, որ այդ քաղծառայողին Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքներից զրկելը արդարացված է եղել:
62. Սույն գործի կողմերը համաձայն են, որ ազգային օրենսդրությունը բոլոր դիմումատուներին արդարադատությանը դիմելու իրավունք էր ընձեռում: Հետևաբար կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի է գործի հանգամանքների նկատմամբ:
63. Եվրոպական դատարանը արձանագրում է, որ սույն գործի հանգամանքների նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կիրառելիության եզրահանագումը որևէ կերպով չի առնչվում այն հարցի հետ թե ինչ եղանակով պետք է կիրառվեն Կոնվենցիայի վերոնշյալ հոդվածով սահմանված տարբեր երաշխիքները, օրինակ՝ ազգային դատարանների վերահսկողության շրջանակը, (տես 1993թ. սեպտեմբերի 21-ի Եվրոպական դատարանի վճիռը «Zumtobel ընդդեմ Ավստրիայի» գործով, § 32, հհ. A, գանգատ թիվ 268‑A): Սույն գործի առնչությամբ Դատարանը պետք է դիտարկի ընդամենը երկու նման երաշխիք՝ գործի դատավարության տևողության և բանավոր ընթացակարգով դատավարություն:
2. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պայմանների պահպանում
(ա) Դատավարության տևողությունը
64. Եվրոպական դատարանը վերստին հայտարարում է, որ որոշ դեպքերում «ողջամիտ ժամկետի» հաշվարկը քաղաքացիական գործերով կարող է սկսվել նույնիսկ մինչ դիմումատուի ներկայացրած գանգատը դատարանում վարույթ ընդունելու կարգադրության արձակումը (տես 1975թ. փետրվարի 21-ի Եվրոպական դատարանի վճիռը «Golder ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով, § 32, հհ. A, գանգատ թիվ 18): Հենց այդպիսի իրավիճակ էր ստեղծվել դիմումատուների դեպքում, որովհետև նրանք չէին կարող դիմել Տարածաշրջանային վարչական դատարան մինչ գործի վերանայման իրենց պահանջին լուծում տալը (տես սույն վճռի 19-րդ կետը), որը նրանք կարող էին բողոքարկել (տես, մասնավորապես, 1978թ. հունիսի 28-ի Եվրոպական դատարանի վճիռը «König ընդդեմ Գերմանիայի» գործով, § 98, հհ. A, գանգատ թիվ 27, 2001թ. դեկտեմբերի 20-ի Եվրոպական դատարանի վճիռը «Janssen ընդդեմ Գերմանիայի», գանգատ թիվ 23959/94, §40, և 2006թ. փետրվարի 28-ի Եվրոպական դատարանի վճիռը «Hellborg ընդդեմ Շվեդիայի» գործով, գանգատ թիվ 47473/99, § 59, 28 February 2006):
65. Ուստի, սույն գործում Կոնվենցիայի 6+-րդ հոդվածի 1-ին կետով նածատեսված ողջամիտ ժամկետի հաշվարկումը սկսվեց դիմումատուի կողմից գանգատի ներկայացման պահից, այսինքն 1993թ. մարտի 19-ից (տես սույն վճռի 65-րդ կետը): Կողմերը չեն վիճարկում, որ գործի վարույթն ավարտվել է Ֆինլանդիայի Գերագույն վարչական դատարանի կողմից 2000թ. ապրիլի 27-ին գործի վերաբերյալ վճռի կայացմամբ: Արդյունքում այն շարունակվել է ավելի քան յոթ տարի:
66. Եվրոպական դատարանը քննության կառնի այն հարցը թե արդյոք գործի վարույթի տևողությունը հիմնավորված էր, հաշվի առնելով գործի էական հանգամանքները և իր իրավունքով սահմանված չափանիշները, մասնավորապես՝ գործի խճճվածության աստիճանը, ինչպես նաև դիմումատուների և համապատասխան պետական մարմինների վարքագիծը: Նշված չափանիշներից երկրորդը կիրառելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև գործի ներքո բարձրացված հարցերի կարևորությունը դիմումատուների համար (տես 1997թ. հունիսի 27-ի Եվրոպական դատարանի վճիռը «Philis ընդդեմ Հունաստանի» թիվ 2 գործով, § 35, Reports 1997-IV):
67. Եվրոպական դատարանը համամիտ է կողմերի դիրքորոշման հետ, որոնք գտնում են, որ սույն գործը բարդություն չի ներկայացնում: Վեճի առարկա հանդիսացող խնդիրը բացառիկ չի եղել:
68. Ինչ վերաբերում է դիմումատուներին, նրանք չեն ձեռնարկել որևէ գործողություն, որը կարող էր դանդաղեցնել գործի դատավարությունը: Եվրոպական դատարանը նաև նշում է. Դիմումատուների գանգատը տեղ է հասել տեղական մարմիններ 1993թ. մարտի 19-ին: Տեղական մարմինները գանգատի վերաբերյալ ստացել են արձագանքներ, որոնք հղել են դիմումատուներին, որպեսզի վերջիններս կարողանան ձևակերպել իրենց դիտողությունները, և գանգատի վերաբերյալ որոշում են կայացրել 1997թ. մարտի 19-ին: Արդյունքում տեղական մարմինները գործը քննել են չորս տարի: Գործը քննելու նման երկար ժամկետը չի կարող հիմնավորվել ոչ ընթացակարգային միջոցառումներով, ոչ էլ Ասկոլայի տարածքային բաժանմունքի գործով որոշման կայացմանը սպասելու անհրաժեշտությամբ, որը վերջնական ուժի մեջ էր արդեն իսկ 1994թ. դեկտեմբերի 7-ից:
69. Ինչ վերաբերում է Կոուպիո քաղաքի տարածաշրջանային վարչական դատարանի և Ֆինլանդիայի Գերագույն վարչական դատարանի կողմից գործի քննությանը, Եվրոպական դատարանը հանգել է այն եզրակացության, որ գործի վարույթն այդ երկու դատարաններում տևել է ընդհանուր առմամբ մոտ երեք տարի և, այդ տեսանկյունից Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման խնդիր չի առաջանում:
70. Ի վերջո Եվրոպական դատարանը հանգել է այն եզրակացության, որ գործը քննելիս տեղական մարմինները քաշքշուկներ են թույլ տվել, որոնց բավարար բացատրություն տալն անհնար է: Ուստի, գործի վարույթի անընդունելի երկար ժամկետը հանգեցրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների խախտման:
(բ) Բանավոր ընթացակարգով լսումների անհրաժեշտությունը
71. Սույն հարցի դիտարկման կիրառելի սկզբունքները շարադրված են Եվրոպական դատարանի Մեծ Պալատի «Jussila ընդդեմ Ֆինլանդիայի» գործով կայացրած դատավճռում ([GC], գանգատ թիվ 73053/01, §§ 40-45, ECHR 2006‑XIV):
72. Ներկա գործի շրջանակում դիմումատուները պահանջել են անցկացնել քննություն բանավոր ընթացակարգով, մտադրվելով ապացուցելու, որ տարածաշրջանային ոստիկանության վարչությունը խոստացել էր փոխհատուցել իրենց կրած ծախսերը: Վարչական դատարանները, ի գիտություն առնելով գործի հանգամանքները, եկել են այն եզրահանգման, որ բանավոր ընթացակարգով դատավարության անցկացման կարիքը հստակ բացակայում է, քանզի դիմումատուների կողմից վկայակոչվող խոստումները գործի հետ չեն առնչվում: Եվրոպական դատարանը համաձայն է կառավարության այն պնդման հետ, որ գործի կապակցությամբ առաջացած բոլոր փաստի և իրավունքի հետ կապված հարցերը բավարար կերպով կարող էին դիտարկվել և լուծում ստանալ գրավոր նեկայացված փաստաթղթերի միջոցով:
73. Եվրոպական դատարանը նաև նշում է, որ ոչ ոք չի զրկել դիմումատուներին գործը բանավոր ընթացակարով անցկացնելու պահանջ ներկայացնելու հնարավորությունից, թեև դրա անհրաժեշտությունը որոշվում է Ֆինլանդիայի իշխանությունների կողմից (տես, mutatis mutandis, վերը նշված Martinie-ի գործը, § 44): Վարչական դատարանները հավուր պաշտաճի հիմնավորել են գործը գրավոր դատավարությամբ վարելու նպատակահարմարությունը: Դիմումատուներին ընձեռնվել է անսահմանափակ հնարավորություն գրավոր տեսքով ներկայացնելու իրենց փաստարկները և պատասխանող կողմի ներկայացրած փաստաթղթերի վերաբերյալ մեկնաբանությունները: Հաշվի առնելով վերոշարադրյալը, Եվրոպական դատարանը հանգում է այն դիրքորոշման, որ դատավարության արդարացիության պահանջները պահպանվել են և թույլ են տվել հրաժարվելու գործի բանավոր դատավարությունից:
74. Հետևաբար, Ֆինլանդիայի իշխանությունների կողմից գործի քննությունը բանավոր ընթացակարգով չանցկացնելու արդյունքում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում չի արձանագրվել:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԻՃԱՐԿՎՈՂ ԽԱԽՏՈՒՄ
75. Դիմումատուները պնդում են, որ իրենց նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում, որը սահմանում է.
«Յուրաքանչյուր ոք, ում սույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։
Ա. Կողմերի փաստարկները
1. Դիմումատուները
76. Դիմումատուների պնդմամբ գործի դատավարության չափազանց երկար ընթացքի հետևանքով նրանց գանգատները կորցրել են իրենց ուժը, հետևաբար դատավճիռների գանգատարկման համակարգն անարդյունավետ է:
2. Կառավարությունը
77. Կառավարությունը գտնում է, որ գործի առնչությամբ Կոնվնեցիայի 6-րդ հոդվածի պահանջները չեն խախտվել և, որ դիմումատուների մոտ բացակայում են հիմքերը պնդելու, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում: Եթե Եվրոպական դատարանը համաձայն չէ այդ փաստարկի հետ, կառավարությունը հայտարարում է, որ դիմումատուների նման պնդումն անհիմն է, քանի որ նրանք բողոքարկել են տեղական մարմինների որոշումը երկու դատական ատյաններում: Գործի քննության չափազանց երկար տևողության դեմ դիմումատուներն ունեին իրավական պաշտպանության արդյունավետ միջոց: Դրա ապացույցն է այն փաստը, որ դիմումատուներից մեկը հաջողությամբ գանգատ ներկայացրեց Արդարադատության կանցլերին, որն իր հերթին տեղական մարմինների ուշադրությունը հրավիրեց գործի քննության ընթացքում տեղի ունեցած քաշքշուկներին: Ի լրումն, կառավարությունը հիմնավորում է իր փաստարկներն այն սկզբունքի հիման վրա, որ նույնիսկ եթե իրավական պաշտպանության որևէ միջոց առանձին վերցրած ամբողջությամբ չի բավարարում Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներին, միասնաբար դրանք կարող են համապատասխանել սահմանված չափորոշիչներին (տես, մասնավորապես, Եվրոպական դատարանի վճիռները՝ «X-ն. ընդդեմ Միացյալ Թագավորության», 5 նոյեմբերի 1981թ., § 60, հհ. A, գանգատ թիվ 46; «Van Droogenbroeck ընդդեմ Բելգիայի», 24 հունիսի 1982թ., § 56, հհ. A, գանգատ թիվ 50; և «Leander ընդդեմ Շվեդիայի», 26 մարտի 1987, §§ 77 և 81-82, հհ. A, գանգատ թիվ 116): Բացի այդ, պարտադիր չէ որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածում նշված «պետական մարմինը» դատական մարմին լինի:
Բ. Եվրոպական դատարանի գնահատականը
78. Եվրոպական դատարանը ընդունում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում ենթադրող դիմումատուների գանգատն այն իմաստով, որ ինպես իրենք են նշում, իրենք զրկված էին ազգային մակարդակով դատավարության ընթացքը արագացնելու հնարավորությունից: Դիմումատուները պնդում են, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը իրենց շնորհում է «ողջամիտ ժամկետում դատավարության իրավունք»: Ուստի դատարանը պետք է որոշի Կոնվենցիայի 13-րդ հոդվածով կառավարության համար սահմանված պարտականության շրջանակը տրամադրելու դիմումատուներին «պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք»:
79. Եվրոպական դատարանը բազմիցս հայտարարել է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածը ապահովում է ազգային մակարդակով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, որը թույլ է տալիս օգտվելու Կոնվենցիայիով սահմանված իրավունքներից և ազատություններից, անկախ նրանից, թե ինչ եղանակով են դրանք ապահովված միասնական ներպետական իրավական համակարգի ներքո: Այդպիսով, Կոնվենցիայի վերոնշյալ հոդվածը պահանջում է տրամադրել Կոնվենցիայի ենթադրյալ խախտման «հիմնավորված գանգատը» ըստ էության դիտարկելու և տուժած կողմին համապատասխան հատուցում հատկացնելու ներպետական իրավական պաշտպանության միջոց: Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ներքո Պայմանավորվող պետությունների պարտականությունների շրջանակը կախված է դիմումատուի գանգատի էությունից: Սակայն իրավական պաշտպանության միջոցը, որ պահանջվում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով, պետք է լինի արդյունավետ, ինչպես տեսականորեն (ըստ օրենքի), այնպես էլ գործնականում (այլ աղբյուրների թվում տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Kudła ընդդեմ Լեհաստանի», գործով, [GC], գանագատ թիվ 30210/96, § 157, ECHR 2000-XI):
80. Եվրոպական դատարանին մնում է որոշել գործի չափազանց երկար տևողությունը բողոքարկելու համար դիմումատուներին Ֆինլանդիայի օրենսդրությամբ հատկացված միջոցների արդյունավետությունը, այսինքն պարզել, թե արդյոք այդ միջոցները թույլ էին տալիս կանխելու Կոնվենցիայի վիճարկվող խախտումը, վերջ դնելու շարունակվող խախտմանը կամ հասնելու բավարար հատուցման արդեն իսկ տեղի ունեցած ցանկացած խախտման համար:
81. Դիմումատուների մոտ չկար որևէ հատուկ իրավական հնարավորություն վեճի լուծումն արագացնելու նպատակով գործի քննության չափազանց երկար տևողության վերաբերյալ բողոք նեկայացնելու համար: Եվրոպական դատարանն ի գիտություն է առնում կառավարության այն փաստարկը, որ Արդարադատության կանցլերին հղված գանգատը նոր լիցք է հաղորդել գործի քննությանը: Իրոք, 1997թ. հունվարի 24-ի Արդարադատության կանցլերի որոշումը, ըստ երևույթի, կարող էր մեծ ազդեցություն թողնել տեղական մարմինների վրա, որոնք գործի կապակցությամբ վճիռ կայացրեցին 1997թ. հունվարի 24-ին: Սակայն, երբ Արդարադատության կանցլերը քայլեր ձեռնարկեց, դիմումատուներն արդեն շուրջ չորս տարի սպասում էին վեճի լուծմանը: Թեև անհրաժեշտ է հաշվի առնել Արդարադատության կանցլերի միջամտության փաստը, և որ այն ազդեցություն է ունեցել սույն գործում, Դատարանը գտնում է, որ Արդարադատության կանցլերին հղված գանգատը բավական չէ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի նպատակների համար արդյունավետության պահանջը բավարարելու համար: Նախկինում կառավարությունը համաձայնվել էր, որ Ֆինլանդիայի օրենսդրության համաձայն գործավարության ոչ միտումնավոր ձգձգումը ինքնին հատուցում վճարելու հիմք չի հանդիսանում (տես 2004թ. հունվարի 20-ի Եվրոպական դատարանի վճիռը «Kangasluoma ընդդեմ Ֆինլանդիայի» գործով, գանգատ թիվ 48339/99, § 43):
82. Հետևաբար Եվրոպական դատարանը գալիս է այն եզրահանգման, որ սույն գործով տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում: Այն կայացել է նրանում, որ դիմումատուների մոտ բացակայել է ներպետական իրավական պաշտպանության միջոցը, որի շնորհիվ նրանք կարող էին հասնել դատավարությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու իրենց իրավունքի կատարմանը, որը երաշխավորված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով:
III. կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ համատեղ թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով վիճարկվող ԵՆԹԱԴՐՅԱԼ խախտման վերաբերյալ
83. Դիմումատուների պնդմամբ սույն գործում առկա է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում, որով սահմանված է.
«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքու չի կարելի զրկել նրան պատկանող գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»:
Դիմումատուների պնդմամբ սույն գործում առկա է նաև Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում, որով սահմանված է.
«Սույն կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»։
Ա. Կողմերի փաստարկները
1. Դիմումատուները
84. Դիմումատուները պնդում են, որ իրենք ի սկզբանե ունեին փոխհատուցման իրավունք հեռավոր շրջաններում աշխատելու համար, որից հետագայում նրանց զրկել էին: Արդյունքում, կրճատվել էր այն գումարի չափը, որին կարող էին հավակնել Սոնկայարվիում աշխատող քաղծառայողները: Եկամուտի նվազեցումը փոխհատուցելու համար նրանց որոշել էին վճարել աշխատավարձի անհատական հավելավճարներ, որոնք կազմում էին իրենց վարձատրության ամրագրված մասը և ըստիս թույլ էին տալիս չեզոքացնել դրամական կորուստը: Դա համահունչ էր ներպետական գործելակերպին, համաձայն որի ձեռք բերված օգուտները չեն կարող ետ վերցվել: Վերջինս հաստատվել է աշխատանքի վարձատրության համակարգի կիրառման մասին հետագա հրահանգներով (տարեգրված 2003 թվականով): Նոր կարգը ուժի մեջ էր մտել մինչ ոստիկանական տարածքների միավորումը, որի պատճառով դիմումատուները կորցրեցին իրենց վարձատրության մի մասը (աշխատավարձի հավելավճարները): Նրանք ձեռք էին բերել գույքային իրավունք, որից պետությունը նրանց զրկել էր միակողմանի կարգով:
85. Դիմումատուներն այնուհետև պնդում են, որ իրենց գործը ոչինչով չի տարբերվում Նուրմես քաղաքի ոստիկանության տեղական բաժանմունքի գործից: Վերջինիս դեպքում ոստիկանության աշխատակցին փոխհատուցվել է աշխատավարձի կրճատումը (Հյուսիսային Կարելիա նահանգի տեղական մարմինների որոշմամբ), որն առաջացել է այն բանից հետո, երբ ոստիկանության բաժանմունքը որտեղ նա աշխատում էր միավորվել է Նուրմեսի ոստիկանության բանժանմունքի հետ: Արդյունքում, ի տարբերություն դիմումատուների, այդ աշխատակցի աշխատավարձը պահպանվել է նախկին չափով: Ասկոլա քաղաքի ոստիկանության բաժամնմունքի գործը համադրելի չէ իրենց գործի հետ, քանի որ Ասկոլայի ոստիկանության աշխատակիցները երբեք նպաստներ կամ աշխատավարձի հավելավճարներ չեն ստացել հեռավոր շրջաներում կամ ծանր կլիմայական պայմաններում աշխատանքի համար: Դիմումատուները նաև վկայակոչում են Մյանտյուհարյուի ոստիկանության բաժանմունքի գործը, որում քաղծառայողների աշխատանքի վայրը Պերտունմաայից Մյանտյուհարյու տեղափոխելու արդյունքում առաջացած տրանսպորտային ծախսերը փոխհատուցվել էին աշխատավարձի անհատական հավելավճարների սահմանման միջոցով, մինչդեռ սույն գործով դիմումատուները որևիցե նման փոխհատուցում չեն ստացել:
86. Դիմումատուները չեն գտնում, որ կառավարության կողմից վկայակոչվող կոլեկտիվ պայմանագրի կիրառման մասին հրահանգը (տես ստորև) կիրառելի է սույն գործի նկատմամբ, քանի որ նրանք մշտական հիմքերով աշխատող քաղծառայողներ են եղել, մինչդեռ այդ հրահանգը վերաբերում է այն քաղծառայողներին, որոնց հանձնարարվել է ժամանակավոր հիմքերով կատարել այլ աշխատակցի պարտականությունները կամ փոխարինել այլ աշխատակցին, իրականացնելով իրենց պաշտոնական պարտալկանություններից տարբերվող գործառույթներ:
87. Դիմումատուները գտնում են, որ համաձայն 1994թ. հունիսի 30-ի Ֆինլանդիայի բարձրագույն վարչական դատարանի վճռի, որը վերաբերում էր ոստիկանության P.P.E. բաժանմունքի հրամանատարին և նրան հասանելիք նպաստի վճարմանը, նյութական կորստի փոխհատուցման արդարացված լինելը ակնհայտ է դառնում:
2. Կառավարությունը
88. Կառավարությունը ներկայացնում է, որ դիմումատուների մոտ բացակայում էին Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով իրավունքները, հետևաբար նաև բացակայում էր գույքը` թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով: Ուստի, սույն գործի նկատմամբ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը և Կոնվենցիայի 14-րդ հոդվածը կիրառելի չեն: Այն դեպքում, եթե Եվրոպական դատարանը չի համաձայնվի այդ փաստարկի հետ կառավարությունը հայտարարում է հետևյալը.
89. Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ դիմումատուների նկատմամբ վերաբերմունքն այլ է եղել քան այլ աշխատողների, կառավարությունը պարզաբանում է, որ համաձայն կոլեկտիվ պայմանագրի Սոնկայարվիում աշխատող քաղծառայողները կարող են հավակնել հեռավոր շրջաններում աշխատանքի համար վճարվող նպաստին: Հաջորդ կոլեկտիվ պայմանագրով, որը ուժի մեջ է մտել 1992թ. փետրվարի 29-ին, հեռավոր շրջաններում աշխատանքի համար նպաստը փոխխարինվել է ծանր կլիմայական պայմաններում աշխատանքի համար նպաստով, որի արդյունքում որոշ վարչական տարածքներ, այդ թվում՝ Սոնկայարվին, դուրս են մնացել այն վարչատարածքային միավորումների ցուցակից, որտեղ աշխատանքը նպաստ ստանալու իրավունք էր նախատեսում: Լրացուցիչ վճարների չափի կրճատումը հիմնված էր կոլեկտիվ պայմանագրերի կիրառման մասին հրահանգի վրա, համաձայն որի աշխատավարձի հավելավճարները հատկացվում են այնքան ժամանակ, մինչև որ քաղծառայողն աշխատում է փոխհատուցման իրավունք նախատեսող վարչական տարածքում: Ծառայության վայրի ժամանակավոր կամ մշտական տեղափոխման դեպքում հավելավճարների հատկացումը դադարեցվում է: Նուրմեսի ոստիկանական բաժանմունքի գործը, որտեղ ծանր կլիմայական պայմաններում աշխատանքի վարձատրության չափի իջեցման պատճառով հավելավճարների հատկացման որոշում էր ընդունվել, համադրելի չէ դիմումատուների գործի հետ: Սոնկայարվիի և Ասկոլայի ոստիկանության բաժանմունքների գործերում Ֆինլանդիայի ֆինանսների նախարարությունը կտրականապես դեմ է եղել ավելացած տրանսպորտային ծախսերի փոխհատուցմանը (1991թ. հուլիսի 3-ով տարեգրված որոշում): Նախարարությունը նույն դիրքն է զբաղեցրել այդ երկու գործերով հետագա դատավարությունների ժամանակ, որոնք ավարտվել են նրանով, որ Ֆինլանդիայի Բարձրագույն վարչական դատարանը փոխհատուցումների մերժման որոշում է կայացրել: Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունը միջնորդություն է ներկայացրել աշխատավարձերի հավելավճարների հատկացման մասին միայն տաս հոգու, այդ թվում՝ դիմումատուների տրանսպորտային ծախսերի ավելացման կապակցությամբ: Միջնորդությունում նախարարությունը վկայակոչում էր Ֆինլանդիայի ֆինանսների նախարարության Մյանտյուհարյուի ոստիկանության բաժանմունքի գործում նախկինում զբաղեցրած դիրքը: Հետևաբար Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարության միջնորդության հիմքում հեռավոր շրջանում աշխատանքի համար աշխատավարձի հավելավճար ստանալու իրավունքի կորուստը չէր ընկած: Ուստի դիմումատուների գործը ամբողջությամբ համադրելի է Ասկոլայի ոստիկանության բաժանմունքի գործի հետ: Փաստորեն այն դեպքերում, որտեղ ոստիկանության բաժանմունքների միավորումը տեղի է ունեցել 1991թ. հուլիսի 3-ից հետո, գործելակերպն ընթացել է դիմումատուների գործին համանման դեպքերում փոխհատուցում նշանակելու մերժման ճանապարհով:
90. Կառավարությունը պնդում է, որ դիմումատուների տրասնպորտային ծախսերը (բացառությամբ պրն. Vilho Eskelinen-ի, որն այդ ժամանակ արդեն բնակվում էր Սոնկայարվիի տարածքից դուրս), ոստիկանության բաժանմունքների միավորումից հետո զգալիորեն չեն ավելացել: Բացի այդ, նման ծախսերը հարկման ենթակա չէին, իսկ դիմումատուներից մի քանիսը ընդհուպ մինչև 1991թ. մայիս ամիսը ծառայության վայր էին ժամանում ծառայողական տրանսպորտով: Տարածքային մարմինների իրավունքը` տեղում որոշում կայացնելու քաղծառայողների աշխատավարձի վերաբերյալ, ենթադրում է հայեցողական իրավասությունների իրականացում յուրաքանչյուր գործի հանգամանքների հիման վրա: Ընդհանուր քաղաքականությունը կայանում է նրանում, որ համանման գործերում կիրառվի միասնական մոտեցում:
91. Կառավարությունը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ 1996թ. դեկտեմբերի 4-ին Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունը հրահանգ արձակեց ծանր կլիմայական պայմաններում աշխատանքի փոխհատուցման հետ կապված փոփոխությունների, ինչպես նաև ոստիկանության բաժանմունքների վերակազմավորման արդյունքում տրանսպորտային ծախսերի աճի արդյուքնում աշխատավարձի իջեցումը փոխհատուցելու նպատակով աշխատավարձի հավելավճարների սահմանման մասին: Սակայն այդ հրահանգը հետադարձ ուժ չունի:
Բ. Դատարանի գնահատականը
92. Եվրոպական դատարանի ընկալմամբ դիմումատուները բողոքում են Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առանձին կամ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ համատեղ խախտման վերաբերյալ, առ այն, որ Ֆինլանդիայի իշխանություններն ու ազգային դատարանները ճիշտ չեն կիրառել ներպետական օրենսդրությունը հրաժարվելով բավարարել իրենց հայցերի պահանջները:
93. Եվրոպական դատարանը նշում է, որ Կոնվենցիան չի նախատեսում իրավունք ըստ որի մարդուն շարունակեն որևէ ամրագրված մեծությամբ աշխատավարձ վճարել (տես, մասնավորապես, Եվրոպական դատարանի վճիռը «Kjartan Ásmundsson ընդդեմ Իսլանդիայի» գործով, գանգատ թիվ 60669/00, § 39, ECHR 2004‑IX): Դիմումատուների կողմից «ոչ շինծու վեճը» կամ «հիմնավորված հավակնությունները» (տես սույն վճռի 37-38 կետերը) որպես փաստարկ բերելը ինքնին բավական չէ: Առաջ քաշած պահանջները կարող են գույքային համարվել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով միայն այն դեպքում, երբ նրանք բավարար հիմքեր ունեն ներպետական օրենսդրության տեսակետից, օրինակ՝ ազգային դատարանների կայացած պրակտիկայի առկայության դեպքում (տես 2004թ. սեպտեմբերի 28-ի Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Kopecký ընդդեմ Սլովակիայի» գործով [GC], §§ 45-52, ECHR 2004-IX): Սույն գործում վկայակոչված հրահանգից հետևում է (տես սույն վճռի 22-րդ կետը), որ ոստիկանության բաժանմունքների միավորումից հետո դիմումատուների մոտ բացակայում էր աշխատավարձի անհատական հավելավճարներ ստանալու հիմնավորված ակնկալիքը, քանի որ ծառայության վայրը Սոնակյարվիի տարածքից տեղափոխվելու արդյունքում նրանք կորցրեցին նման հավելավճար ստանալու իրավունքը: Բացի այդ Ֆինլանդիայի օրենսդրությամբ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման իրավունք նախատեսված չէ:
94. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 14-րդ հոդվածին, այն լրացնում է Կոնվենցիայի և դրան կից Արձանագրությունների գույքաիրավական դրույթները: Կոնվենցիայի վերոնշյալ հոդվածը անկախ դեր չի տանում, այլ գործում է բացառապես Կոնվենցիայի դրույթներով երաշխավորվող «իրավունքներից ու ազատություններից օգտվելու» համար: Թեև Կոնվենցիայի 14-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ չէ, որպեսզի այդ դրույթները նախապես խախտվեն, և այդ իմաստով Կոնվենցիայի այդ հոդվածն անկախ է, այն չի կարող կիրառվել, եթե Եվրոպական դատարանի կողմից դիտարկվող հանգամանքները չեն ընկնում Կոնվենցիայի մեկ կամ մի քանի հոդվածների իրավազորության տակ (տես 1996թ. սեպտեմբերի 16-ի Եվրոպական դատարանի վճիռը «Gaygusuz ընդդեմ Ավստրիայի» գործով, § 36, Reports 1996-IV, և «Domalewski ընդդեմ Լեհաստանի» գործով, գանգատ թիվ 34610/97, ECHR 1999-V): Սույն գործը վերոշարադրյալ եղանակով չի առնչվում Կոնվենցիայի որևէ այլ դրույթի հետ:
95. Նշված հանգամանքներում Եվրոպական դատարանը հանգում է այն եզրակացության, որ գործի առնչությամբ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի, ինչպես առանձին, այնպես էլ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ համատեղ, խախտում տեղի չի ունեցել:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
96. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
97. Դիմումատուները նյութական վնասի համար պահանջել են 117.73 եվրո (EUR) փոխհատուցում յուրաքանչյուր ամսվա համար, սկսած 1990թ. նոյեմբերի 1-ից, 10% տարեկան տոկոսադրույքով հաշվարկված յուրաքանչյուր ամսվա առաջին օրվանից: Ստորև յուրաքանչյուր դիմումատուի անվան դիմաց ներկայացված է 1990թ. նոյեմբերի 1-ից մինչ 2006թ. սեպտեմբերի 30-ը անցած ամիսների քանակը (ըստ դիմումատուների ընտրած ժամկետի) և հայցված փոխատուցման չափը (եվրոյով):
Vilho Eskelinen
191 ամիս
22,486.42
Arto Huttunen
191 ամիս
22,486.42
Markku Komulainen
191 ամիս
22,486.42
Toivo Pallonen*
26 ամիս
3,060.98
Lea Ihatsu**
116 ամիս
13,656.68
Hannu Lappalainen*** (ժառանգներ)
58 ամիս
6,828.34
* թոշակի է անցել 1993թ. հունվարի 1-ից, սույն գործի քննության արդյունքը կարող է ազդել հասանելիք կենսաթոշակի չափի վրա:
** հեռացել է զբաղեցրած պաշտոնից 2000 հուլիսի 1-ից:
*** մահացել է 1995թ. օգոստոսի 22-ին, սույն գործի քննության արդյունքը կարող է ազդել նրա այրիի կենսաթոշակի չափի վրա:
98. Դիմումատուները պահանջում են իրենցից յուրաքանչյուրին վճարել 10 հազար եվրո, գումարած տոկոս, որպես կրած բարոյական վնասի՝ տառապանքի և վշտի փոխհատուցում:
99. Կառավարությունը նշում է, որ դիմումատուները պահանջում են նյութական վնասի փոխհատուցում երկու հիմքերով՝ աշխատավարձի անհատական հավելավճարների վճարման դադարեցման և ավելացած տրանսպորտային ծախսերի կապակցությամբ: Կառավարությունների կարծիքով այդ հիմքերը պետք է տարանջատվեն: Գումարները և տոկոսները, որոնց հավակնում են դիմումատուները հիմնված են կանխավարկածների վրա: Դրանց ճշգրիտ գումարը, որը կարող է նաև ազդել նրանց կենսաթոշակների չափի վրա, պետք է առանձին հաշվարկվի՝ կողմերի փոխհամաձայնությամբ կամ Եվրոպական դատարանի առանձին որոշմամբ, այն բանից հետո, երբ Եվրոպական դատարանը կավարտի գործի ըստ էության քննությունը:
100. Կառավարությունը համարում է, որ դիմումատուների բարոյական վնասի փոպհատուցման պահանջը չափազանցված է: Նրա կարծիքով համապատասխան վճարումները չպետք է գերազանցեն յուրաքանչյուր դիմումատուի համար հազար եվրո, իսկ տոկոսի վճարման պահանջը պետք է մերժվի:
101. Եվրոպական դատարանը գտնում է, որ չկա պատճառահետևանքային կապ սույն գործով վարույթի չափազնաց երկար տևողության պատճառով Կոնվենցիայի խախտման և դիմումատուներին պատճառած բարոյական վնասի վիճարկվող չափի միջև: Ուստի այդ հիմունքներով որևէ փոխհատուցման շնորհումը արդարացի չի լինի: Դատարանը համաձայն է, որ գործի չափազանց երկար վարույթի արդյունքում դիմումատուներին բարոյական վնաս է հասցվել վշտի և հիասթափության տեսքով: Այն շտկելու համար բավական չէ ընդամենը արձանագրել Կոնվենցիայի խախտման փաստը: Արդարացիության սկզբունքի հիման վրա գնահատելով հասցված վնասը Դատարանը դիմումատուներից յուրաքանչյուրին շնորհում է երկու հազար հինգ հարյուր եվրո:
Բ. Ծախսեր և ծախքեր
102. Դիմումատուները պահանջում են, որպեսզի իրենց վճարվի 1622 եվրո 11 ցենտ Արդարադատության կանցլերին գանգատ հղելու համար, 1226 եվրո 88 ցենտ տարածաշրջանային վարչական դատարան գանգատ հղելու համար, 1688 եվրո 587 ցենտ Ֆինլանդիայի Գերագույն վարչական դատարան գանգատ հղելու համար և 12963 եվրո 40 ցենտ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան գանգատ հղելու համար:
103. Կառավարությունը գտնում է, որ Արդարադատության կանցլերին գանգատ հղելու դիմած կրած ծախսերը չպետք է փոխհատուցվեն, քանի որ դրանք պարտադիր պայման չէին Եվրոպական դատարան դիմելու համար: Կառավարության գնահատմամբ ազգային դատարանում գործի դատավարության համար կրած ծախսերը չպետք է գերազանցեն երկու հազար եվրոյի (ԱԱՀ-ն ներառյալ), իսկ Եվրոպական դատարանում գործի քննության գծով ծախսերը չպետք է գերազանցեն 6200 եվրոյի:
104. Եվրոպական դատարանը կրկին հայտարարում է, որ այն կարող է որոշում կայացնել միայն այն դատական ծախսերի և ծախքերի վերաբերյալ, որոնք փաստացիորեն տեղի են ունեցել, անհրաժեշտ են Դատարանի կողմից հաստատված Կոնվենցիայի խախտման վնասը կանխելու կամ կրած վնասը փոխհատուցելու համար, և չեն գերազանցում ողջամտության սահմանը (տես, մասնավորապես, 1998թ. օգոստոսի 25-ի Եվրոպական դատարանի վճիռը «Hertel ընդդեմ Շվեյցարիայի» գործով, § 63, Reports 1998-VI):
Սույն գործում, բացառությամբ այն ամենի, ինչ վերաբերում է Արդարադատության կանցլերին հղված գանգատին, ազգային մակարդակով գործի դատավարությունը չի վերաբերում գործի չափազանց երկար վարույթի բողոքարկման համար միջոցների սպառմանը: Հետևաբար դիմումատուների պահանջները կարող են ճանաչվել միայն այդ սահմանափակ չափով, այսինքն 622 եվրո 11 ցենտ գումարի սահմաններում (ԱԱՀ-ն ներառյալ):
Դատարանը գտնում է, որ Ստրասբուրգում դիմումատուների կրած ծախսերն ու ծախքերը անհրաժեշտ էին իրենց կողմից բացահայտված Կոնվենցիայի խախտման դիմաց փոխհատուցում ստանալու համար: Սակայն վերջիններս չեն կարող փոխհատուցվել ամբողջությամբ, քանի որ Դատարանը մերժել է դիմումատուների բողոքի մի մասը: Հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները և հատկապես այն, որ Եվրոպայի Խորհրդի որոշմամբ դիմումատուներին փոխհատուցվել են իրավաբանական օգնության գծով ծախսերը, գործը Եվրոպական դատարանում քննելու արդյունքում դիմումատուների կրած ծախսերի և ծախքերի համար Դատարանը նրանց շնորհում է 8200 եվրո (ԱԱՀ-ն ներառյալ):
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
105. Դատարանը նպատակահարմար է համարում, որ
չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է
հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից
սահմանված փոխառության տրամադրման առավելագույն
տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս:
ՍՈՒՅՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Վճռում է, ձայների տասներկու կողմ և հինգ դեմ հարաբերակցությամբ, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի է սույն գործի նկատմամբ,
2. Վճռում է, ձայների տասնչորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում դատավարության երկարատևության իմաստով,
3. Վճռում է միաձայն, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` գործը բանավոր ընթացակարգով չքննելու իմաստով,
4. Վճռում է, ձայների տասնհինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում,
5. Վճռում է միաձայն, որ որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության խախտում, վերցված առանձին կամ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ համատեղ,
6. Վճռում է, ձայների տասներեք կողմ և չորս դեմ հարաբերակցությամբ:
(ա) որ կառավարությունը երեք ամիսների ընթացքում պարտավոր է վճարել հետևյալ գումարները.
(i) 2,500 եվրո (երկու հազար հինգ հարյուր) յուրաքանչյուր դիմումատուին ոչ-նյութական վնասի համար,
(ii) 9,622.11 եվրո (ինը հազար վեց հարյուր քսան երկու եվրո տասնմեկ ցենտ) ընդհանուր գումար բոլոր դիմումատուների կրած դատական ծախսերի և ծախքերի համար,
(iii) բոլոր հարկերը, որ կարող են գանձվել այդ գումարից,
(b) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև
վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս
Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված
փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի
չափով պարտավորությունների չկատարման
ժամանակահատվածի համար` գումարած երեք տոկոսը:
7. Մերժում է, միաձայն, դիմումատուի արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն, կայացվել է 2007թ. ապրիլի 17-ին հրապարակային նիստում, որը տեղի է ունեցել Մարդու Իրավունքների Դատարանի շենքում, Ստրասբուրգում:
Erik FriberghJean-Paul Costa
ՔարտուղարՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 թվական
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությնը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմային հիմնագրամի օժանդակությամբ (/humanrightstrustfund): Դատարանի համար այն պարտավորեցնող բնույթ չի կրում և Դատարանը պատասխանատվություն չի կրում թարգմանության որակի համար: Սույն թարգմանությունը կարելի է ներլցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի HUDOC տվյալների շտեմարանից () կամ ցանկացած այլ տվյալների շտեմարանից, որին այն տրամադրել է Դատարանը: Սույն թարգմանությունը կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով` սույն գործի լռիվ անվանումը նշելու, ինչպես նաև հեղինակային իրավունքի մասին սույն ձևակերպման և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմային հիմնագրամի վրա հղում կատարելու պայմանով: Սույն թարգմանության որևէ մասն առևտրային նպատակներով օգտագործելու մտադրության դեպքում խնդրում ենք դիմել` publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy