© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
VINTER-Ը ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ
(Գանգատներ թիվ 66069/09, թիվ 130/10 և թիվ 3896/10)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
9 հուլիս 2013թ.
Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Vinter-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը, հետևյալ կազմով՝
Dean Spielmann-ը, Նախագահ
Josep Casadevall-ը,
Guido Raimondi-ն,
Ineta Ziemele-ն,
Mark Villiger-ը,
Isabelle Berro-Lefèvre-ն,
Dragoljub Popović-ն,
Luis López Guerra-ն,
Mirjana Lazarova Trajkovska-ն,
Nona Tsotsoria-ն,
Ann Power-Forde-ն,
Işıl Karakaş-ը,
Nebojša Vučinić-ը,
Linos-Alexandre Sicilianos-ը,
Paul Lemmens-ը,
Paul Mahoney-ն,
Johannes Silvis-ը, դատավորներ,
և Michael O’Boyle-ը, Պալատի Քարտուղարի տեղակալ,
2012թ. նոյեմբերի 28-ին և 2013թ. մայիսի 29-ին կայացած դռնփակ նիստերում՝
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց 2013թ. մայիսի 29-ին:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Վարույթը հարուցվել է 2009թ. դեկտեմբերի 11-ին, 2009թ. դեկտեմբերի 17-ին և 2010թ. հունվարի 6-ին «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Մեծ Բրիտանիայի երեք քաղաքացիների կողմից՝ պարոն Douglas Gary Vinter-ի («առաջին դիմումատու»), պարոն Jeremy Neville Bamber-ի («երկրորդ դիմումատու»), և պարոն Peter Howard Moore-ի («երրորդ դիմումատու») կողմից ընդդեմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության բերված գանգատների (թիվ 66069/09, թիվ 130/10 և թիվ 3896/10) հիման վրա:
2. Առաջին դիմումատուն ծնվել է 1969թ. և այժմ կալանքի տակ է պահվում Թագուհու Frankland-ի բանտում: Նրան ներկայացնում է Լոնդոնի Bhatt Murphy Solicitors ընկերության փաստաբան՝ պարոն S. Creighton-ը, որին օգնում են փաստաբան՝ պարոն P. Weatherby-ը, QC, և իրավագիտության պրոֆեսոր` D. van Zyl Smit-ը:
3. Երկրորդ դիմումատուն ծնվել է 1961թ. և կալանքի տակ է պահվում HMP Full Sutton բանտում: Նրան ներկայացնում է Լիդսի Cousins Tyrer ընկերության փաստաբան՝ պարոն B. Woods-ը, ում օժանդակում են փաստաբաններ՝ պարոն Horwell-ը, QC, և պարոն L. Hindmarsh-ը:
4. Երրորդ դիմումատուն ծնվել է 1946թ. և այժմ կալանքի տակ է պահվում HMP Wakefield բանտում: Նրան ներկայացնում է Բինգլիի Chivers Solicitors ընկերությունը, որին օժանդակում է փաստաբան՝ պարոն M. McKone-ը:
5. Միացյալ Թագավորության կառավարությունը («Կառավարություն») ներկայացնում է օրիորդ L. Dauban-ը՝ Արտաքին գործերի և բրիտանական համագործակցության գրասենյակից:
6. Դիմումատուները պնդում են, որ նրանց վերաբերյալ կայացված ցմահ ազատազրկման դատավճիռները՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի, հանդիսանում են վատ վերաբերմունք, որը հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին:
7. Դիմումատուների գործը հանձնարարվել է Դատարանի Չորրորդ Բաժանմունքին (Դատարանի Կանոնակարգ, Կանոն 52 § 1): 2012թ. հունվարի 17-ի իր վճռով այս Բաժանմունքի Պալատը, հետևյալ կազմով՝ դատավորներ Garlicki-ին, David Thór Björgvinsson-ը, Bratza-ն, Hirvelä-ն, Nicolaou-ն, Bianku-ն, De Gaetano-ն և T.L. Early-ը, Բաժանմունքի Քարտուղարը, միաձայն որոշում կայացրեց գանգատները միավորելու, դիմումատուների՝ 3-րդ հոդվածի ներքո բերված գանգատները ընդունելի, իսկ մնացած մասով՝ անընդունելի համարելու վերաբերյալ: Պալատը ձայների չորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ գտավ, որ յուրաքանչյուր դիմումատուի գործով 3-րդ հոդվածի համաձայն խախտում տեղի չի ունեցել: Դատավոր De Gaetano-ի՝ դատարանի մեծամասնության դիրքորոշմանը համընկնող, ինչպես նաև՝ դատավորներ Garlicki-ի, David Thór Björgvinsson-ի և Nicolaou-ի՝ դատարանի մեծամասնության դիրքորոշմանը չհամընկնող հատուկ կարծիքները կցվել են վճռին:
8. 2012թ. հուլիսի 9-ին, արձագանքելով դիմումատուների կողմից 2012թ. ապրիլի 12-ին ներկայացված դիմումին, Մեծ Պալատի կազմը որոշում կայացրեց գործը Կոնվենցիայի 43-րդ հոդվածի համաձայն հանձնել Մեծ Պալատի քննությանը:
9. Մեծ Պալատի կազմը որոշվեց Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի և Դատարանի Կանոնակարգի 24-րդ կանոնի համաձայն: Քննարկման վերջին փուլում փոխարինող դատավոր Işıl Karakaş-ը փոխարինեց դատավոր András Sajó–ին, ով ի վիճակի չէր մասնակցել գործի հետագա քննությանը (Դատարանի Կանոնակարգի Կանոն 24 § 3):
10. Դիմումատուները և Կառավարությունը գործի ըստ էության վերաբերյալ երկուստեք ներկայացրեցին գրավոր առարկություններ (Դատարանի Կանոնակարգի Կանոն 59 § 1):
11. 2012թ. նոյեմբերի 28-ին Ստրասբուրգում, Մարդու Իրավունքների Դատարանի շենքում տեղի ունեցավ հրապարակային նիստ (Դատարանի Կանոնակարգի Կանոն 59 § 3):
Դատարանում ներկայացան՝
(ա) Կառավարության անունից՝
տկն. L. Dauban, Կառավարության ներկայացուցիչ,
պրն. D. Perry QC,
պրն. L. Mably, փաստաբան,
պրն. J. Guess,
տկն. A. Foulds, խորհրդականներ,
(բ) Դիմումատուների անունից`
պրն. R. Horwell QC,
պրն. P. Weatherby QC,
պրն. L. Hindmarsh, փաստաբան,
պրն. S. Creighton,
պրն. B. Woods,
պրոֆ. D. Van Zyl Smit, խորհրդականներ:
Դատարանը լսեց պրն. Perry-ի և պրն. Weatherby-ի դիրքորոշումները և նրանց պատասխանները Դատարանի կողմից արված հարցադրումներին:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Ա. Գործի նախապատմությունը
12. Անգլիայում և Ուելսում մահապատժի վերացումից ի վեր սպանության համար նախատեսված պատիժը ցմահ ազատազրկումն է: Ներկայումս, երբ այդպիսի պատիժ է սահմանվում, գործով նախագահող դատավորը պետք է որոշի ազատազրկման նվազագույն ժամկետը, որը սահմանվում է պատիժը կրելու և փոխհատուցման համար՝ հաշվի առնելով կատարված հանցանքի ծանրությունը: Գործը քննող դատավորի կողմից համապատասխան նվազագույն պատիժը որոշելու համար ղեկավար սկզբունքներն ամրագրված են 2003թ. Քրեական արդարադատության մասին օրենքում (տե´ս ստորև պարբերություններ 38–39): Նվազագույն ժամկետն ազատազրկման մեջ անցկացնելուց հետո դատապարտյալը կարող է դիմել Վաղաժամկետ պայմանական ազատման հարցերով խորհրդին՝ թույլտվությամբ ժամանակավոր ազատում ստանալու խնդրանքով:
Բացառիկ դեպքերում, սակայն, գործը քննող դատավորը ազատազրկման նվազագույն ժամկետ սահմանելու փոխարեն կարող է որոշում կայացնել «առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկում» կիրառելու մասին, որը կիրառվում է կատարված հանցանքի ծանրությունը որոշելու համար հաստատված 21-րդ հավելվածը կիրառելու միջոցով. Դատավորն այսպիսի դատավճիռ կայացնում է այն դեպքերում, երբ վերջինս գտնում է, որ կատարված հանցանքը առանձնապես ծանր է:
Առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման մասին դատավճռի կայացման արդյունքում դատապարտյալը չի կարող ազատ արձակվել այլ կերպ, քան Պետքարտուղարի կողմից: Պետքարտուղարի՝ դատապարտյալին ազատ արձակելու բացառիկ լիազորությունն ամրագրված է 1997թ. Հանցագործության (պատժաչափերի) մասին օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետում: Պետքարտուղարն այս հայեցողությունը կիրառում է միայն մարդասիրական և գթասրտության սկզբունքներից ելնելով, երբ անձը անբուժելի հիվանդ է կամ լուրջ առողջական խնդիրներ ունի (տե´ս Բանտային ծառայության մասին հրամանագիր 4700, ստորև պարբերություն 43):
13. Նախքան 2003թ. Օրենքի ուժի մեջ մտնելը համընդհանուր պարտադիր գործելակերպ էր այն, որ գործը քննող դատավորը կայացնում էր ցմահ ազատազրկման մասին դատավճիռ, իսկ Պետքարտուղարը, ստանալով գործը քննող դատավորի և լորդ գլխավոր դատավորի առաջարկները, որոշում էր ազատազրկման նվազագույն ժամկետը, որը դատապարտյալը պետք է անցկացնի ազատազրկման մեջ՝ նախքան վերջինս կկարողանա դիմել թույլատվությամբ վաղաժամկետ պայմանական ազատման համար: Այդ ժամանակ պատժի նվազագույն ժամկետն անվանում էին նաև որպես դատավճռի «տարիֆ» հատված:
Պետքարտուղարի լիազորությունների սահմաններում էր նաև «առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկում» սահմանելը: Այսպիսի դեպքերում ընդունված գործելակերպ էր, որ քսանհինգ տարի անց Պետքարտուղարը վերանայում էր ցմահ ազատազրկման պատիժը և որոշում, թե արդյո՞ք այն պահպանելը արդարացված է, թե ոչ, հատկապես այն գործերով, երբ դատապարտյալը կալանավայրում բացառիկ լավ վարքագիծ է դրսևորել (տե´ս Hindley-ի գործը, ստորև պարբերություն 46):
2003թ. Օրենքի ուժի մեջ մտնելու հետ միասին (և մասնավորապես 276-րդ հոդվածի և Օրենքի 22-րդ հավելվածի, որով սահմանվում են ցմահ ազատազրկման մեջ գտնվող դատապարտյալների վերաբերյալ մի շարք անցումային դրույթներ. տե´ս ստորև պարբերություններ 40 և 41), բոլոր այն դատապարտյալները, ում ցմահ ազատազրկման ժամկետները սահմանվել են Պետքարտուղարի կողմից, իրենց պատիժները վերանայելու հնարավորություն են ստանում: Այդ խնդրանքով Բարձր դատարանին դիմում ներկայացնելուց հետո վերջինս կարող է սահմանել ազատազրկման նվազագույն ժամկետ կամ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկում:
14. Սույն գործը վերաբերում է երեք դիմումատուների կողմից ներկայացրած գանգատի, որոնց նկատմամբ Անգլիայում և Ուելսում ընթացող երեք առանձին դատավճիռներով սահմանվել է պարտադիր ցմահ ազատազրկում, որը նրանք ներկայումս կրում են:
Բոլոր երեք դիմումատուների նկատմամբ սահմանվել է առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկում. առաջին դիմումատուի դեպքում այդ որոշումը կայացվել է գործը քննող դատավորի կողմից պատժաչափերի մասին գործող դրույթների ներքո, իսկ երկրորդ և երրորդ դիմումատուների դեպքում, ովքեր դատապարտվել են նախքան 2003թ. Օրենքի ընդունումը, որոշումները կայացվել են Բարձր դատարանի կողմից: Բոլոր երեք դիմումատուները պնդում են, որ իրենց նկատմամբ կիրառված առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկումը, այնքանով որքանով դրանք վերաբերում են իրենց գործերին, անհամատեղելի են, inter alia, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի և 5-րդ հոդվածի 4-րդ կետի հետ: Գործի փաստական հանգամանքները, ինչպես որ կողմերն են այն ներկայացնում, հնարավոր է ամփոփել հետևյալ կերպ:
Բ. Պարոն Vinter-ը
15. 1996թ. մայիսի 20-ին գործընկերոջը սպանելու համար առաջին դիմումատուն դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ նվազագույնը տասը տարի ժամկետով: Նա թույլտվությամբ ժամանակավոր ազատ էր արձակվել 2005թ. օգոստոսի 4-ին:
16. Ազատվելուց հետո նա սկսել էր ապրել մի կնոջ հետ, ով հետագայում դարձել էր իր երկրորդ սպանության զոհը: Զույգն ամուսնացել է 2006թ. հունիսի 27-ին: 2006թ. դեկտեմբերի 31-ին առաջին դիմումատուն ներքաշվել էր պանդոկում տեղի ունեցող կռվի մեջ, որի արդյունքում պատասխանատվության էր ենթարկվել հասարակական վայրում կռիվ անելու համար (բռնության անօրինական գործադրմամբ կամ դրա սպառնալիքով): Արդյունքում, նրա ազատության մեջ մնալու թույլատվությունը անվավեր էր ճանաչվել և նա վերադարձվել էր կալանավայր: 2007թ. հուլիսին նա մեղավոր էր ճանաչվել հասարակական վայրում կռիվ անելու համար և դատապարտվել վեցամսյա ազատազրկման: 2007թ. դեկտեմբերին դիմումատուն կրկին թույլտվությամբ ժամանակավոր ազատ էր արձակվել և վերադարձել կնոջ ու չորս երեխաների մոտ: Որոշ ժամանակ անց ամուսինները գժտվել էին և առաջին դիմումատուն հեռացել էր ընտանեկան օջախից:
17. 2008թ. փետրվարի 5-ին առաջին դիմումատուն հետևել էր կնոջը մինչև պանդոկ: Նա օգտագործել էր ալկոհոլային խմիչք և կոկային: Ամուսինները վիճաբանել էին և կնոջ դուստրը, ով ներկա էր այդ միջադեպին, վիճաբանության մասին տեղեկացնելու նպատակով ահազանգել էր ոստիկանություն: Առաջին դիմումատուն հրամայել էր կնոջը նստել մեքենա: Երբ կնոջ դուստրը մորը պաշտպանելու նպատակով փորձել էր նստել մեքենա, առաջին դիմումատուն ուժով նրան դուրս էր հանել մեքենայից: Այդ բանից հետո նա հեռացել էր՝ կնոջը տանելով իր հետ: Երբ ոստիկանությունը զանգահարել էր կնոջը ճշտելու համար, թե արդյո՞ք նա իրեն լավ է զգում, տղամարդը ստիպել էր վերջինիս պատասխանել, որ իր մոտ ամեն ինչ կարգին է և որ նա ապահովության մեջ է: Մի քանի ժամ անց տղամարդը հանձնվել էր ոստիկանություն՝ խոստովանելով, որ սպանել է կնոջը: Դիահերձումը ցույց էր տվել, որ մահացածի քիթը կոտրված էր, պարանոցի հատվածում կան ընդարձակ ու խորը կապտուկներ (որոնք խեղդամահ անելու փորձի հետևանքներ են), և դանակի հարվածներից առաջացած չորս հետքեր: Հանցագործության կատարման վայրում հայտնաբերվել էին երկու դանակ, որոնցից մեկի շեղբը կոտրված էր:
18. 2008թ. ապրիլի 21-ին առաջին դիմումատուն սպանությունը կատարելու մեջ իրեն մեղավոր էր ճանաչել և իր փաստաբանին խնդրել մեղմացուցիչ հանգամանքների մասին միջնորդություն չներկայացնել, քանի որ այդ քայլն ավելի ուժգին կդարձներ զոհի սգացող ընտանիքի ծանր ապրումները: Գործով նախագահող դատավորը գտավ, որ առաջին դիմումատուն այն սակավ կատեգորիայի մարդկանցից է, ովքեր պետք է մշտապես պահվեն անազատության մեջ: Վերջինս կայացրել էր ցմահ ազատազրկման դատավճիռ՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի:
19. 2009թ. հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը բողոքը մերժել էր: Այն հաշվի էր առել ցմահ ազատազրկման նվազագույն պատիժն որոշելու ընդհանուր սկզբունքները (ինչպես սահմանված է 2003թ. ընդունված Օրենքի 21-րդ հավելվածում, տե´ս ստորև պարբերություններ 38 և 39): Դատարանը գտավ, որ հաշվի առնելով հանցանքի կատարման հանգամանքները՝ պատճառ չկար հրաժարվելու 2003թ. Օրենքի 21-րդ հավելվածում բերված սկզբունքը կիրառելուց, համաձայն որի առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկումը` որպես պատժամիջոց և հանցագործության կանխարգելման մեխանիզմ կիրառելի է այն հանցագործների նկատմամբ, ովքեր արդեն մեկ անգամ եղել են դատապարտված սպանության համար:
Գ. Պարոն Bamber-ը
20. 1985թ. օգոստոսի 7-ին երկրորդ դիմումատուի ծնողները, խորթ քույրը և նրա երկու զավակները մահացել էին հրազենի կրակոցից: Այդ կապակցությամբ երկրորդ դիմումատուի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել, իսկ 1986թ. հոկտեմբերի 28-ին վերջինս ճանաչվել էր մեղավոր: Մեղադրական կողմը պնդում էր, որ սպանությունները կանխամտածված և ծրագրված էին և կատարվել էին շահադիտական նպատակներով: Մեղադրող կողմը պնդում էր նաև, որ հանցագործության կատարման վայրն այնպես էր ծրագրված, որ ոստիկանության մոտ տպավորություն ստեղծվի, որ խորթ քույրը սպանել էր ընտանիքի անդամներին, իսկ հետո ինքնասպանություն գործել:
21. Գործը քննող դատավորը Պետքարտուղարին առաջարկ էր ներկայացնել երկրորդ դիմումատուի նկատմամբ «նվազագույն» (ընդգծումը դատավորինն է) ազատազրկման ժամկետը սահմանել քսանհինգ տարի: Պետքարտուղարին ուղղված նամակում լորդ գլխավոր դատավորը մակագրել էր. «Եթե ինձ մնար, ապա ես այս մարդուն երբեք ազատ չէի արձակի»: 1988թ. Պետքարտուղարն որոշում էր ընդունել առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկում կիրառելու մասին: Այդ ժամանակ տիրող գործելակերպի համաձայն՝ դատապարտյալն այդ մասին չպետք էր իմանար: 1994թ. դեկտեմբերի 15-ին Պետքարտուղարի նամակում նշված էր, որ հանցագործությունների կանխարգելման և կատարված արարքի համար արժանի պատիժ կրելու պահանջները կարող են բավարարվել միայն երկրորդ դիմումատուի՝ ողջ կյանքի ընթացքում անազատության մեջ մնալով:
22. 2008 թվականին, 2003թ. Օրենքի 276-րդ հոդվածի և 22-րդ հավելվածի ընդունումից հետո երկրորդ դիմումատուն դիմել էր Բարձր դատարան՝ խնդրելով վերանայել առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռը: Հաշվի առնելով 2003թ. Օրենքի 21-րդ հավելվածը՝ Բարձր դատարանը եզրակացրել էր, որ հաշվի առնելով սպանությունների թիվը և երկրորդ դիմումատուի կողմից արարքի կանխամտածված լինելու փաստը, այս հանցանքն առանց կասկածի այն կատեգորիայի գործերից էր, որոնց դեպքում անձի նկատմամբ անհրաժեշտ է սահմանել ցմահ ազատազրկում՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի: Բացի այդ, հաշվի են առնվել զոհերի մոտ հարազատների և երկրորդ դիմումատուի կողմից դատարանին ներկայացված հայտարարությունները, վերջինիս կողմից ներկայացված էին նաև կալանավայրում անցկացրած տարիներին անձի վարքի և առաջընթացի մասին տեղեկություններ, սակայն Բարձր դատարանը գտավ, որ կարիք չկար հրաժարվելու լորդ գլխավոր դատավորի և Պետքարտուղարի տեսակետներից: Այդ իսկ պատճառով առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռը վերահաստատվեց:
23. Երկրորդ դիմումատուն բողոքել էր Վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը բողոքը մերժել էր 2009թ. մայիսի 14-ին: Վերաքննիչ դատարանը գտավ, որ երբ 1988թ. Պետքարտուղարը սահմանում էր առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկում, նրան են ներկայացվել երկու տարբեր կարծիքներ, դրանցից մեկը գործը քննող դատավորի կարծիքն էր, որում առաջարկվում էր անձի նկատմամբ սահմանել քսանհինգ տարվա ազատազրկում, մյուսը՝ լորդ գլխավոր դատավորի կարծիքն էր, որով առաջարկվում էր երկրորդ դիմումատուին երբեք ազատ չարձակել: Պետքարտուղարը իրավասու էր ընտրելու այդ երկու տարբերակներից մեկը կամ չընդունել դրանցից և ոչ մեկը: Վերաքննիչ դատարանը գտավ նաև, որ Բարձր դատարանի կողմից անձի նկատմամբ սահմանված առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկումը ոչ միայն արդարացի էր, այլև՝ պատժի և փոխհատուցման տեսանկյունից լիովին արդարացված:
24. Հիմնվելով նախկինում կայացված R-ն ընդդեմ Bieber-ի դատավճռի վրա (տե´ս ստորև պարբերություն 47), դատարանը գտավ, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել, քանի որ ցմահ ազատազրկման դատավճիռը՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի չի համընկնում չկրճատվող ցմահ ազատազրկման եզրույթի հետ, ինչպես որ այն կիրառվել է Kafkaris-ն ընդդեմ Կիպրոսի գործով ([GC], թիվ 21906/04, ՄԻԵԴ 2008‑...): Եվ վերջապես դատարանը գտավ, որ 2003թ. Օրենքով սահմանված դատավճռի վերանայման գործընթացը չի հակասում Կոնվենցիայի 7-րդ հոդվածին, քանի որ ճիշտ մեկնաբանելու դեպքում համապատասխան իրավադրույթները սահմանում են, որ վերանայման արդյունքում դատապարտյալը չի կարող տուժել. նրա նկատմամբ սահմանված պատիժը կարող է նվազեցվել կամ պահպանվել, սակայն այն չի կարող երկարացվել կամ ավելացվել:
25. Երկրորդ դիմումատուն դիմել էր Վերաքննիչ դատարանին՝ խնդրելով հաստատել, որ իր նկատմամբ կայացրած դատավճիռը վերաբերում է հանրային կարևորություն ունեցող իրավական մի խնդրի, որը ենթակա է Լորդերի պալատի քննությանը: Այդ դիմումը մերժվել էր 2009թ. հունիսի 23-ին:
Դ. Պարոն Moore-ը
26. 1996թ. նոյեմբերի 29-ին Չեսթերի Թագավորական դատարանը, քննելով երրորդ դիմումատուի գործը, վերջինիս դատապարտել էր չորս անձանց սպանության համար: Զոհերը չորս արվամոլ տղամարդիկ էին, ինչպես և երրորդ դիմումատուն, ով ենթադրաբար սպանել էր մյուս չորսին սեփական սեռական կարիքները բավարարելու նպատակով: Զոհերից յուրաքանչյուրը մարտական մեծ դանակի բազմաթիվ հարվածներ էր ստացել, որը երրորդ դիմումատուն գնել էր հենց այդ նպատակով: Նա առաջին զոհի վրա հարձակվել էր իր սեփական բնակարանում՝ 1995թ. սեպտեմբերի 23-ին: Դրանից կարճ ժամանակ անց՝ 1995թ. հոկտեմբերի 7-ին, երրորդ դիմումատուն բառում հանդիպում է իր երկրորդ զոհին և վերջինիս հրավիրում իր բնակարան՝ կենակցելու, սակայն բնակարան գնալու փոխարեն վերջինիս տանում է անտառ և դանակահարությամբ սպանում: Հանցագործի երրորդ զոհը դանակահարվում է սեփական ծածկասայլում 1995թ. նոյեմբերի 30-ին: Եվ վերջապես, 1995թ. Ծննդյան տոներից կարճ ժամանակ առաջ երրորդ դիմումատուն մեկնում է ծովափ, որն արվամոլների հանդիպման հայտնի վայր էր: Նա իր չորրորդ զոհին հանդիպում է լողափին և այնտեղ էլ նրան սպանում:
27. Առաջին և երրորդ զոհերի արյունը հայտնաբերվել էր երրորդ դիմումատուի բաճկոնի և դանակի վրա: Առաջին, երկրորդ, չորրորդ զոհերին պատկանող առարկաները հայտնաբերվել են հանցագործի տիրապետության տակ: Երրորդ դիմումատուն բոլոր չորս սպանությունների վերաբերյալ ոստիկանությանը բավականին ընդարձակ ինքնախոստովանական ցուցմունքներ էր տվել: Ոստիկանությունը տեղեկություններ չուներ երկրորդ զոհի մասին մինչև այն պահը, երբ երրորդ դիմումատուն ինքն էր դրա մասին տեղեկացրել: Զոհի մարմինը գտնվել էր անտառում՝ երրորդ դիմումատուի օժանդակությամբ: Դատարանում պաշտպանության կողմը ներկայացրել էր, որ բոլոր սպանությունները կատարվել են ինչ-որ այլ անձի կողմից, թեև դիմումատուն ընդունում էր, որ բոլորի ժամանակ անձամբ ներկա էր գտնվել:
28. Երրորդ դիմումատուի վերաբերյալ մեղադրական դատավճիռը կայացնելուց հետո գործը քննող դատավորը կայացրել էր ցմահ ազատազրկում կիրառելու մասին որոշում և Պետքարտուղարին առաջարկել, որ դատապարտյալը երբեք չպետք է ազատ արձակվի: Գործն ուսումնասիրելուց հետո լորդ գլխավոր դատավորը զեկուցել էր, որ իր կարծիքով նախքան ազատ արձակելն անձը պետք է անազատության մեջ գտնվի առնվազն երեսուն տարի: 2002թ. սեպտեմբերի 27-ին Պետքարտուղարը առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկում կիրառելու մասին որոշում էր կայացրել:
29. 2008 թվականին 2003թ. Քրեական արդարադատության մասին օրենքի 276-րդ հոդվածի և 22-րդ հավելվածի համաձայն՝ երրորդ դիմումատուն Պետքարտուղարի կողմից նշանակած առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռը վերանայելու խնդրանքով դիմել էր Բարձր դատարան: 2008թ. հունիսի 12-ի Բարձր դատարանը վճռեց մերժել դիմումատուի բողոքը, որով վերջինս խնդրում էր ընդունել ազատազրկման նվազագույն ժամկետը երեսուն տարի սահմանելու մասին լորդ գլխավոր դատավորի առաջարկությունը: Դատարանը գտավ, որ թեև անհրաժեշտ էր հաշվի առնել լորդ գլխավոր դատավորի առաջարկությունը, սակայն վերջինս հղում չէր կատարել 21-րդ հավելվածում բերված սկզբունքներին, որը Բարձր դատարանը պետք է աներ: Դատարանը նաև մերժել էր այն փաստարկը, համաձայն որի Պետքարտուղարի կողմից նշանակված առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկում կիրառելու դեպքում խախտվում է անձի Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված իրավունքը: Բարձր դատարանը գտավ, որ Օրենքի 276-րդ հոդվածում և 22-րդ հավելվածում սահմանված ընթացակարգը թույլ է տալիս ազատ արձակելու կամ չարձակելու մասին անկախ որոշում կայացնել: Դատարանը նաև գտավ, որ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկումը չի հակասում Կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածներին: Հաշվի առնելով ցմահ ազատազրկման նվազագույն ժամկետները որոշելու ընդհանուր սկզբունքները (որոնք սահմանված են Օրենքի 21-րդ հավելվածով), կամայականության հետ կապված խնդիրներ չեն առաջանում և դատավճռի համաչափության հարցը որոշվում է յուրաքանչյուր առանձին գործի փաստերի համաձայն:
30. Բարձր դատարանը գտավ, որ քանի որ գործը վերաբերում է երկու և ավելի մարդկանց սպանությանը, սեռական բռնություն կամ սադիստական գործողություններ կատարելուն և կանխամտածվածության որոշակի աստիճան կար, 21-րդ հավելվածի ներքո սահմանված մեկնարկային կետը առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռն է: Գործով մեղմացուցիչ հանգամանքներ առկա չեն, և նույնիսկ լորդ գլխավոր դատավորը, առաջարկելով երեսուն տարվա նվազագույն ժամկետի սահմանում, կիսում էր գործը քննող դատավորի տեսակետը առ այն, որ երրորդ դիմումատուին ազատ արձակելը կարող է երբեք էլ անվտանգ չլինել: Այդ իսկ պատճառով մեկնարկային առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկումը մեղմացնելու համար պատճառներ չկան: Բարձր դատարանը հավելեց նաև, որ եթե նույնիսկ մեկնարկային կետը լիներ երեսուն տարին, ապա գործած սպանությունները այնպիսի դաժանության էին, որ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռը կիրառելի կլիներ:
31. 2009թ. փետրվարի 26-ին Վերաքննիչ դատարանը մերժեց երրորդ դիմումատուի դիմումը՝ գտնելով, որ Բարձր դատարանը ոչ միայն առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկումը կիրառելու իրավասություն ուներ, այլև արդարացիորեն էր այն կիրառել:
32. Այնուհետև, երրորդ դիմումատուն, նպատակ հետապնդելով հետագայում դիմել Լորդերի պալատ, դիմել էր Վերաքննիչ դատարանին՝ պահանջելով հաստատել, որ վերջինիս դատավճռում առկա էր հանրային կարևորության իրավունքի խնդիր, որը պետք է քննվի Լորդերի պալատի կողմից: 2009թ. օգոստոսի 14-ին Վերաքննիչ դատարանի քրեական գործերով պալատի կողմից դիմումատուին տեղեկացրել են, որ քանի որ Վերաքննիչ դատարանը մերժել է դատավճռի վերանայելու համար դիմումը (ի տարբերություն հետագայում մերժված վերանայումը թույլատրելու վերաբերյալ կայացրած որոշման), դատարանը չի կարող դիմումատուին թույլատրել իրավունքի հարցով դիմելու Լորդերի պալատ:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. 1998թ. Մարդու իրավունքների մասին օրենք
33. 1998թ. Մարդու իրավունքների մասին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետը («Մարդու իրավունքների մասին օրենք») սահմանում է հետևյալը՝
«Հնարավորության սահմաններում հիմնական օրենսդրությունը և ենթաօրենսդրական ակտերը պետք է ընթերցվեն և կիրառվեն կոնվենցիոն իրավունքներին համահունչ կերպով»:
Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշվում է, որ հանրային իշխանությունների գործողությունները չեն կարող հակասել կոնվենցիայով սահմանված իրավունքներին:
7-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ այն անձը, ով պնդում է, որ հանրային իշխանության գործողությունները հակասել են 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին, կարող է իշխանությունների դեմ գանգատ ներկայացնել:
Բ. Պարտադիր ցմահ ազատազրկման մասին օրենսդրական դրույթները
1. 1965թ. Սպանության (Մահապատժի վերացում) մասին օրենք
34. Անգլիայում և Ուելսում պարտադիր ցմահ ազատազրկման սահմանումը ներառված է 1965թ. Սպանության մասին օրենքի 1-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներում (Մահապատժի վերացում):
2. 2003թ. Քրեական արդարադատության մասին օրենք
(ա) Մաս 12, Գլուխ 7
35. Լորդերի պալատը R-ն (Anderson) ընդդեմ Ներքին գործերի պետական քարտուղարի գործով [2003թ.] 1 AC 837 վճռել է, որ 1997թ. Հանցագործության (պատժաչափերի) մասին օրենքի 29-րդ հոդվածով ամրագրված պարտադիր ցմահ ազատազրկման ժամկետները սահմանելու Պետքարտուղարի լիազորությունները հակասում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածին: Սրա արդյունքում ընդունվել է 2003թ. Քրեական արդարադատության մասին օրենքի 12-րդ մասի 7-րդ գլուխը («Ցմահ ազատազրկման հետևանքները», հոդվածներ 269-277) և Օրենքի 21-րդ և 22-րդ հավելվածները:
36. 2003թ. Օրենքի 269-րդ հոդվածը սահմանում է, որ գործը քննող դատավորը պետք է որոշի դատապարտյալի անազատության մեջ մնալու նվազագույն ժամկետը՝ նախքան վերջինս իրավունք կունենա թույլտվությամբ ժամանակավոր ազատ արձակվել: 269-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանում է, որ նվազագույն ժամկետը որոշվում է՝ հաշվի առնելով կատարված արարքի ծանրությունը: 269-րդ հոդվածի 4-րդ կետը թույլ է տալիս, որ գործը քննող դատավորը որոշում կայացնի դատապարտյալի ազատ արձակման ենթակա լինելու վերաբերյալ (արդյունքում, վերջինս կարող է որոշում կայացնել առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկում կիրառելու մասին): 269-րդ հոդվածի 4-րդ կետը կիրառելի է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցանքը կատարել են մինչև 21 տարին լրանալը: 269-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ գործը քննող դատավորը կատարված հանցանքի ծանրությունը որոշելիս պետք է հաշվի առնի Օրենքի 21-րդ հավելվածում բերված սկզբունքները:
37. 276-րդ հոդվածը ուժի մեջ է դնում 22-րդ հավելվածը (որը ներառում է գործերի վերաբերյալ անցումային դրույթներ). տե´ս ստորև պարբերություն 40:
(բ) Հավելված 21
38. 21-րդ հավելվածը («Պարտադիր ցմահ ազատազրկման նվազագույն ժամկետը որոշելը») երեք մեկնարկային կետեր է սահմանում, որոնք կարող են ավելացվել կամ նվազեցվել՝ կախված հանցանքում առկա մեղմացուցիչ կամ ծանրացուցիչ հանգամանքներից. առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռ, նվազագույնը երեսուն տարի ժամկետով ազատազրկում, նվազագույնը հիսուն տարի ժամկետով ազատազրկում:
39. Հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ այն դեպքում, երբ գործ ունենք «առանձնապես» ծանրության հանցանքի հետ, համապատասխան մեկնարկային կետը կարող է լինել առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկումը: 4-րդ կետի 2-րդ ենթակետը սահմանում է, որ այս կատեգորիայի ներքո սովորաբար ընկնում են հետևյալ դեպքերը՝
«(ա) երկու կամ ավելի անձանց սպանություն, այն դեպքում, երբ դրանցից յուրաքանչյուրը ներառում է հետևյալներից որևէ մեկը՝
(i) կանխամտածվածության կամ ծրագրման էական աստիճան,
(ii) զոհի առևանգում, կամ
(iii) սեռական կամ սադիստական գործողություններ,
(բ) երեխայի սպանություն, եթե արարքը ներառում է երեխայի առևանգում կամ սեռական կամ սադիստական շարժառիթ,
(գ) քաղաքական, կրոնական կամ գաղափարախոսական նպատակների հետապնդմամբ կատարված սպանություն, կամ
(դ) նախկինում սպանության համար դատապարտվածի կողմից սպանություն կատարելը»:
5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ եթե կատարված արարքի ծանրությունը չի համապատասխանում 4-րդ կետի 1-ին ենթակետում բերված պայմաններին, սակայն այն «առանձնապես ծանր» է, ազատազրկման նվազագույն ժամկետը որոշելու մեկնարկային կետը երեսուն տարվա ազատազրկումն է: 5-րդ կետի 2-րդ ենթակետը սահմանում է, որ այս կատեգորիայի ներքո սովորաբար ընկնում են հետևյալ դեպքերը՝
«(ա) ոստիկանի կամ բանտային աշխատակցի սպանությունը՝ վերջինիս պաշտոնեական պարտականությունները կատարելիս,
(բ) հրազենի կամ պայթուցիկի գործածմամբ պատճառված մահ,
(գ) շահույթ ստանալու նպատակով գործած սպանություն (օրինակ՝ գողություն և կողոպուտ կատարելու նպատակով գործած սպանություն, վճարի դիմաց կատարված կամ սպանության արդյունքում շահույթ ստանալու ակնկալիքով գործած սպանություն),
(դ) արդարադատության իրականացման ընթացքը խոչընդոտելուն կամ միջամտելուն ուղղված սպանություն,
(ե) սեռական կամ սադիստական գործողություններ ներառող սպանություն,
(զ) երկու կամ ավելի անձանց սպանություն,
(է) ռասայական կամ կրոնական խտրականությամբ կամ սեռական կողմնորոշմամբ պայմանավորված ծանրացուցիչ հանգամանքներում գործած սպանություն, կամ
(ը) 4-րդ կետի 2-րդ ենթակետի ներքո սահմանված հանցանք, եթե այն կատարվել է 21 տարին չլրացած անձի կողմից»:
6-րդ և 7-րդ կետերը սահմանում են, որ բոլոր մյուս դեպքերում նվազագույն ազատազրկման ժամկետը տասնհինգ տարին է (տասնութ տարին չլրացած անձանց համար՝ տասներկու տարին):
8-րդ և 9-րդ կետերը սահմանում են, որ մեկնարկային կետ որոշելիս, գործը քննող դատավորը պետք է հաշվի առնի ցանկացած մեղմացուցիչ կամ ծանրացուցիչ գործոն, որը կարող է ազդել ազատազրկման ցանկացած տևողության նվազագույն ժամկետի (անկախ մեկնարկային ժամկետից), կամ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկում կիրառելու վրա:
10-րդ կետը սահմանում է, որ ծանրացուցիչ հանգամանքները ներառում են՝
«(ա) ծրագրման կամ կանխամտածվածության զգալի աստիճան,
(բ) զոհի՝ տարիքի կամ հաշմանդամության պատճառով հատկապես խոցելի լինելու փաստը,
(գ) մահվանից առաջ զոհին պատճառված հոգեկան կամ ֆիզիկական տառապանքները,
(դ) վստահելի դիրքի չարաշահումը,
(ե) հանցանքի կատարումն արագացնելու նպատակով այլ անձի անազատության մեջ պահելը կամ վերջինիս նկատմամբ սպառնալիքի գործածումը,
(զ) զոհի հանրային ծառայության մեջ գտնվելու կամ հանրային պարտականություն կատարելու փաստը, և
(է) զոհի մարմինը թաքցնելը, ոչնչացնելը կամ մասնատելը»:
11-րդ կետը սահմանում է, որ մեղմացուցիչ հանգամանքները ներառում են՝
«(ա) սպանության փոխարեն ծանր մարմնական վնասվածք հասցնելու նպատակ,
(բ) կանխամտածվածության բացակայություն,
(գ) հանցանք կատարած անձի հոգեկան խանգարման կամ մտավոր անկարողության առկայություն (թեև սա չի ընկնում 1957թ. Սպանության մասին օրենքի (գ. 11), 2-րդ հոդվածի 1-ին կետի ներքո), որը նվազեցնում է վերջինիս մեղավորության աստիճանը,
(դ) անձին հանցանքը կատարելուն դրդելու փաստը (օրինակ՝ վերջինիս երկարատև սթրեսի մեջ պահելու արդյունքում), այն դեպքում, եթե դրդելու աստիճանը այնքան չէ, որպեսզի պաշտպանությունը կառուցվի դրդման փաստի վրա,
(ե) հանցանք կատարող անձի կողմից ինքնապաշտպանության որոշակի աստիճանի առկայության փաստը,
(զ) սպանությունը գթասիրական նպատակներով կատարելու համոզմունքը, և
(է) հանցանք կատարած անձի տարիքը»:
(գ) Հավելված 22
40. 22-րդ հավելվածը («Պարտադիր ցմահ ազատազրկման գործերի անցումային դրույթներ») մի շարք անցումային դրույթներ է սահմանում այն դատապարտյալների համար, ում նկատմամբ պարտադիր ցմահ ազատազրկման մասին դատավճիռներ են կայացվել նախքան Օրենքի 269-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը և որոնց ազատազրկման նվազագույն ժամկետը սահմանել է Պետքարտուղարը: Սա նաև կիրառելի է այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր Պետքարտուղարի ցուցման համաձայն երբեք չպետք է թույլտվությամբ ժամանակավոր ազատ արձակվեն (այսինքն՝ այն դատապարտյալների նկատմամբ, ում հանդեպ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկում պետք է կիրառվի): Հավելվածի 3-րդ կետը դատապարտյալների երկու խմբերին հնարավորություն է տալիս դիմելու Բարձր դատարան: Այդպիսի դիմում ստանալու դեպքում Բարձր դատարանը, Պետքարտուղարի կողմից ազատազրկման նվազագույն ժամկետ սահմանված լինելու դեպքում, պետք է նշի այն նվազագույն ժամկետը, որը դատապարտյալը պետք է պարտադիր անցկացնի ազատազրկման մեջ՝ նախքան վերջինիս վաղաժամկետ պայմանական ազատման ենթակա լինելը: 3-րդ կետի 1(բ) ենթակետում նշվում է, որ այն դեպքերում, երբ դատապարտյալի նկատմամբ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկում է սահմանվել, Բարձր դատարանը կարող է անձին ազատազրկման մեջ պահելու մասին որոշում կայացնել («առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռ»):
Բարձր դատարանի կողմից սահմանված նվազագույն ժամկետը չպետք է գերազանցի Պետքարտուղարի կողմից ավելի վաղ սահմանված ժամկետը (3-րդ կետի 1(ա) ենթակետ):
Համանման դրույթներ կիրառելի են այն դատավճիռների նկատմամբ, որոնք կայացվել են Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո և վերաբերում են այն սպանություններին, որոնք կատարվել են մինչև դրա ուժի մեջ մտնելը: 10-րդ կետը սահմանում է, որ դատարանը չի կարող կայացնել այնպիսի որոշումներ, որոնցով կխստացվի Պետքարտուղարի կողմից պատժաչափի սահմանման նախկինում ընդունված պրակտիկան:
41. 3-րդ կետի կիրառությունը որոշելիս Բարձր դատարանը պետք է, inter alia, հաշվի առնի կատարված հանցանքի ծանրությունը և 21-րդ հավելվածում բերված ընդհանուր սկզբունքները և Պետքարտուղարին՝ գործը քննող դատավորի կամ լորդ գլխավոր դատավորի կողմից դատապարտյալին թույլտվությամբ ժամանակավոր ազատ արձակվելուց առաջ պարտադիր ազատազրկման նվազագույն ժամկետի վերաբերյալ ներկայացված ցանկացած առաջարկությունը (22-րդ հավելվածի 4-րդ և 5-րդ կետեր): Դատապարտյալը, նախքան Բարձր դատարանի կողմից որոշում կայացնելը, կարող է նաև վերջինիս հաղորդումներ ներկայացնել, այդ թվում նաև՝ հանցանքի կատարման ժամանակից ի վեր բանտում իր վարքագծի և սեփական անձի ուղղման առաջընթացի մասին: Տուժողի կամ զոհի ընտանիքի կողմից հաղորդումներ նույնպես կարող են ներկայացվել:
Գ. Պետքարտուղարի ազատ արձակելու հայեցողությունը
42. 1997թ. Հանցագործության (պատժաչափերի) մասին օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ Պետքարտուղարը կարող է ցանկացած ժամանակ դատապարտյալին թույլտվությամբ ժամանակավոր ազատ արձակել, պայմանով որ վերջինս հավաստիանա, որ գոյություն ունեն բացառիկ հանգամանքներ, որոնք արդարացնում են դատապարտյալի ազատ արձակումը՝ գթասիրության հիմքով:
43. Այդպիսի իրավիճակներում ազատ արձակելու հայեցողության չափանիշները սահմանված են Բանտային ծառայության մասին 4700-րդ հրամանագրի 12-րդ գլխում: Այս հրամանագիրն կայացվել է Պետքարտուղարի վերահսկողության ներքո: Այն սահմանում է անորոշ ժամկետով ազատազրկվածների (ներառյալ՝ պարտադիր ցմահ դատապարտյալների) կառավարման քաղաքականությունն ու ուղղորդումները, թե´ ազատազրկման և թե´ թույլատվությամբ ժամանակավոր ազատության մեջ գտնվելու ժամանակ:
12-րդ գլուխը համապատասխանաբար սահմանում է՝
«Բոլոր անորոշ ժամկետով ազատազրկման մեջ գտնվողների (ISP) բժշկական և գթասիրության հիմքերով ազատ արձակվելու չափանիշները հետևյալն են՝
• դատապարտյալը տառապում է անբուժելի հիվանդությամբ և կարճ ժամանակահատվածում մահվան հավանականությունը մեծ է (թեև հաստատված ժամկետային սահմանափակումներ չկան, երեք ամիսը կարող է համարվել հարմար՝ Հանրային պաշպանության գործերի բաժնին դիմում ներկայացնելու համար (Public Protection Casework Section [PPCS]), կամ անորոշ ժամկետով ազատազրկման մեջ գտնվողը գամված է անկողնուն կամ ֆիզիկական անկարողություն ունի, օրինակ՝ կաթվածահար է կամ տառապում է ծանր հիվանդությամբ,
և
• կրկին անգամ հանցագործություն գործելու ռիսկը (հատկապես սեռական բռնություն) նվազագույն է,
և
• ազատազրկման մեջ գտնվելը կնվազեցնի դատապարտյալի կյանքի տևողությունը,
և
• բանտից դուրս դատապարտյալի խնամքի համար կան համապատասխան պայմաններ,
և
• վաղաժամկետ ազատ արձակումը էականորեն օգտակար կլինի դատապարտյալի և նրա ընտանիքի համար»:
[օրիգինալ տեքստում ընդգծված է]
Հրամանագիրը նաև սահմանում է, որ գթասիրության նկատառումներով ազատ արձակումը պետք է հաստատվի անձամբ նախարարի կողմից, այս հարցով որոշումները այլ պաշտոնատար անձանց կողմից չեն կայացվում:
44. Համաձայն Կառավարության կողմից 2011թ. ապրիլի 28-ի տրամադրած տեղեկությունների՝ այժմ 4,900 դատապարտյալներ Անգլիայում և Ուելսում կրում են պարտադիր ցմահ ազատազրկման պատիժ:
Քառասունմեկ դատապարտյալ կրում է առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժ (ներառյալ՝ հոսպիտալներում հատուկ անվտանգության ապահովմամբ): 2000 թվականից ի վեր առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժ կրող ոչ մի դատապարտյալ մարդասիրական նկատառումներով ազատ չի արձակվել: Ի պատասխան առաջին դիմումատուի կողմից Արդարադատության նախարարությանն ուղղված նամակի, վերջինիս տեղեկացրել են, որ 2009թ. նոյեմբերի 30-ի դրությամբ գթասրտության նկատառումներով ազատ են արձակվել տասներեք ցմահ ազատազրկված, ովքեր չէին կրում առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժ:
Դ. Պարտադիր ցմահ ազատազրկման և կոնվենցիային առնչվող ներպետական համապատասխան նախադեպային իրավունքը
1. Նախադեպային իրավունքը նախքան 2003թ. Օրենքի ընդունումը
45 R.-ն ընդդեմ Lichniak-ի և R.-ն ընդդեմ Pyrah-ի գործերով [2003] 1 AC 903, Լորդերի պալատը, հիմնվելով այն ժամանակ գործող կանոնների վրա, գտավ, որ պարտադիր ցմահ ազատազրկման դատավճիռը Կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածների հետ անհամատեղելի չէ:
Այդպիսի դատավճիռը մասամբ պատժիչ, մասամբ էլ կանխարգելման նպատակ է հետապնդում: Պատժիչ տարրը ներառված է սահմանված ժամկետում, որը կիրառվում է որպես մարդասպանի կողմից գործած ծանր հանցագործության համար փոխհատուցում: Կանխարգելիչ տարրը դատապարտյալին ազատազրկման մեջ պահելու իշխանության դրսևորումն է, մինչև որ անկախ մարմին հանդիսացող Վաղաժամկետ պայմանական ազատման հարցերով խորհրդի կողմից որոշում կայացվի այն մասին, որ դատապարտյալին ազատ արձակելու դեպքում հանրությանը վտանգ չի սպառնում, ինչպես նաև ազատ արձակված դատապարտված մարդասպանին կրկին ազատազրկման վայր ետ կանչելու վերաբերյալ որոշում կայացնելը, եթե դատարանը գտնի, որ անձի ազատության մեջ գտնվելը սպառնում է հասարակական անվտանգությանը (դատավճռի 8-րդ կետում նշել է Կորնհիլից լորդ Bingham-ը):
Այդ իսկ պատճառով Լորդերի պալատը նախ և առաջ հաստատեց, որ բողոքաբերի պահանջները բավականաչափ հիմնավոր չէին Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո խախտում արձանագրելու համար, և բացի այդ ցմահ ազատազրկման դատավճիռն ինքնին կամայական չէ կամ որևէ կերպ չի հակասում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին: Լորդ Bingham-ը նշում է՝
«Եթե Պալատը եզրակացներ, որ մարդասպանություն գործած անձին դատապարտելով ցմահ ազատազրկման՝ վերջինիս ազատության իրավունքը ողջ կյանքի համար հանձնվում է պետության տնօրինմանը, մինչև այն պահը, երբ Ներքին գործերի քարտուղարը որոշում կայացնի այն մասին, որ անձի ազատ արձակումը բխում է հանրության շահերից ավելի, քան վերջինիս ազատազրկման մեջ պահելը, ապա ես քիչ կասկածներ կունենամ, որ այդպիսի որոշումը կհամարվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածներին հակասող ... քանի որ այդպիսի որոշումը կլինի կամայական և ոչ համաչափ»:
46. R.-ն ընդդեմ Ներքին գործերի պետական քարտուղարի, ex parte Hindley [2001] 1 AC 410, HL և R.-ն ընդդեմ Anderson-ի [2003] 1 AC 837, HL գործերով Լորդերի պալատը գտավ, որ այդ ժամանակ գործող ժամկետների սահմանման համակարգի ներքո «սկզբունքորեն ոչ մի պատճառ չկար, որը կբացատրեր, թե ինչու իսկապես նողկալի հանցագործությունների համար ցմահ ազատազրկում չպետք է սահմանվի՝ զուտ պատժի նկատառումներով» (ըստ լորդ Steyn-ի, էջ. 416H): Լորդ Steyn-ը նաև նկատել էր, որ «ժամկետների սահմանման հետ կապված անտրամաբանական ոչինչ չկա այն դեպքերում, երբ հանցագործությունը համարվում է այնքան դաժան, որ նույնիսկ եթե այն կատարած անձը մնար ազատազրկման մեջ մինչև իր կյանքի վերջը, այդ փաստը միևնույն է չի վերացնի հանցագործության համար փոխհատուցման և կանխարգելման պահանջը» (էջ 417H): Լորդերի պալատը նկատել է նաև այն փաստը, որ Պետքարտուղարը անօրինական կերպով չի սահմանափակել դատապարտյալի քսանհինգ տարի ազատազրկման մեջ գտնվելուց հետո գործը վերանայելու իր լիազորությունը և անհրաժեշտության դեպքում նվազեցրել է ազատազրկման ժամկետը: Դատավճռում վկայակոչվում է Պետքարտուղարի քաղաքականության մասին 1997թ. նոյեմբերի 10-ին արված հայտարարությունը, որում ասվում էր, որ վերջինս հնարավոր է համարում, ներառյալ, օրինակ՝ դատապարտյալի կողմից բացառիկ առաջընթաց գրանցելու դեպքերում, եթե դատապարտյալը դեռևս գտնվում է ազատազրկման մեջ, վերջինիս ազատազրկման ժամկետի վերանայումը և դրա կրճատման հավանականությունը: Պետքարտուղարը նշել է, որ նա այս մտայնությամբ է ուսումնասիրում 25 տարի ազատազրկման մեջ եղած և առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կողմից ներկայացված դիմումները և այս առումով խնդիրները քննում է՝ հաշվի առնելով ոչ միայն փոխհատուցման և կանխարգելման չափանիշները (էջ 417A-C):
2. 2003թ. Օրենքի համակարգի վերաբերյալ նախադեպային իրավունքը և դրա համատեղելիությունը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ
(ա) R.-ն ընդդեմ Bieber-ի
47. R-ն ընդդեմ Bieber-ի գործով [2009] 1 WLR 223 Վերաքննիչ դատարանը դիտարկել է 2003թ. Օրենքի համատեղելիությունը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ՝ Kafkaris-ն ընդդեմ Կիպրոսի գործի լույսի ներքո [GC], թիվ 21906/04, ՄԻԵԴ 2008‑...
Ուսումնասիրելով Kafkaris-ի գործը ՝ այս Դատարանը գտավ, որ առանց կրճատման ցմահ ազատազրկումը կարող է 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքի լույսի ներքո հարց առաջացնել, իսկ Վերաքննիչ դատարանը հավելեց, որ՝
«39. Մեր կարծիքով Դատարանը [Kafkaris-ի գործով] հաշվի է առել, որ առանց կրճատման ցմահ ազատազրկման ժամկետը 3-րդ հոդվածի ներքո խնդիր է առաջացնում այն հանգամանքներում, երբ դատապարտյալը պետք է մնա ազատազրկման մեջ ավելի երկար, քան դա արդարացնում են ազատազրկման օրինական նպատակները: Սա ակնհայտ է նաև այն փաստից, որ 3-րդ հոդվածի ներքո հարցեր, կարծես թե, չեն ծագում՝ պայմանով, որ դատապարտված անձի ազատ արձակվելը օրենսդրությամբ ամրագրված է և գործնականում հնարավոր, եթե նույնիսկ հնարավոր է, որ կյանքի ընթացքում հնարավոր և հավանական է, որ անձին իր մնացած կյանքի ողջ ընթացքում ազատություն այդպես էլ չշնորհվի: Կարևոր պահանջը ազատազրկման դատավճռի վերանայման հնարավորության առկայությունն է, որի դեպքում որոշվում է, թե արդյո՞ք անձին ազատազրկման մեջ պահելը մնում է արդարացված, թե ոչ:
40. Ազատազրկման օրինական նպատակներն են պատիժը, կանխարգելումը, հանրության ռեաբիլիտացիան և պաշտպանությունը: Այն պարագայում, երբ որևիցե հանցագործության դեպքում սահմանվում է պարտադիր ցմահ ազատազրկում, հավանականություն կա, որ ազատազրկման բոլոր նպատակները իրագործելի են միայն անձին ողջ կյանքի ընթացքում ազատազրկման մեջ պահելու դեպքում: Այդ նպատակներին հասնելու համար անձը կարող է բավականաչափ ժամանակ ազատազրկման մեջ պահվել, որը ծառայում է անձին պատժելու, կանխարգելման և ռեաբիլիտացիայի նպատակներին, և դրա արդյունքում անձը հասարակության համար այլևս դադարում է սպառնալիք լինել: Եթե, այնուամենայնիվ, նրան շարունակեն պահել ազատազրկման մեջ, ապա առնվազն կարելի է վիճարկել այդպիսի վերաբերմունքի անմարդկային լինելը: Այդպիսով, կարելի է եզրակացնել, որ այն դեպքերում, երբ կատարված հանցագործության համար սահմանվում է պարտադիր և առանց վերանայման իրավունքի ցմահ ազատազրկում, ապա անկախ առանձին գործերի հանգամանքներից, 3-րդ հոդվածի հետ կապված խնդիր է առաջանում:
41. Kafkaris-ի գործով վճիռն ավելի բարդ հարց է առաջացնում: Արդյո՞ք կա ազատազրկման առավելագույն սահման, որը կարող է արդարացվել պատժի և կանխարգելման նպատակներով, որից հետո անձը պետք է ազատ արձակվի, եթե ռեաբիլիտացիան անձին վերափոխել է մի այնպիսի մարդու, ով այլևս իր քրեական վարքագծով հասարակության համար սպառնալիք չի ներկայացնում: Եթե այս հարցի պատասխանը դրական է, ապա առանց կրճատման ցմահ ազատազրկման դատավճիռը, որը գերազանցում է այդ սահմանը, անվիճելիորեն անմարդկային է և 3-րդ հոդվածի ներքո խնդիր է բարձրացնում: Դատավոր Bratza-ի՝ Դատարանի կարծիքի հետ համընկնող կարծիքը և Դատարանի մեծամասնության դիրքորոշմանը չհամընկնող՝ հինգ դատավորների հատուկ կարծիքները վկայում են, որ վերջիններս նույնպես այդպես են մտածում: Եվրոպական դատարաններում քննված գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ անդամ պետություններ ազատազրկման առավելագույն ժամկետ են սահմանում, որը կարող է պատճառաբանվել պատժի անհրաժեշտությամբ, որից հետո մարդկային բանականությունը պահանջում է, որ անձին հնարավորություն շնորհվի ապացուցելու, որ վերջինս արժանի է մարդկային հասարակության կողմից ետ ընդունվելուն:
42. Միացյալ Թագավորությունն այդ անդամ երկրների թվում չէ: 2003թ. Օրենքի 21-րդ հավելվածը սահմանում է, որ որոշ հանցագործություններ այնքան դաժան են, որ այդ հանցագործներին մնացած ողջ կյանքի ընթացքում ազատազրկման մեջ պահելն արդարացված է, որքան էլ որ այն երկար տևի: Անդամ պետությունների մոտեցումների տարբերության մասին նշված է Kafkaris-ի 104-րդ պարբերության մեկնաբանություններում: Տվյալ գործում Դատարանը քննում էր պարտադիր ցմահ ազատազրկման դատավճռի օրինականության հարցը և այս համատեքստում Դատարանի կարծիքը անհրաժեշտ է հաշվի առնել: Մենք չենք գտնում, որ Մեծ Պալատի մեծամասնության կողմից ընդունված որոշումից բխում է, որ դատավորի կողմից առանց կրճատման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռը, որն ընդունվում է խիստ ծանր հանցագործությունների համար՝ պատժելու և կանխարգելելու նպատակներով, հակասության մեջ է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ»:
48. Վերաքննիչ դատարանը այնուհետև քննեց, թե արդյո՞ք առանց կրճատման իրավունքի ցմահ ազատազրկման մասին դատավճիռ կայացնելն ինքնին հանդիսանում է 3-րդ հոդվածի խախտում, թե խախտումն առաջանում է այն դեպքում, երբ դատապարտյալն ազատազրկման մեջ է պահվում պատիժը և կանխարգելումն արդարացնող ժամկետից հետո: Դատարանն ընտրեց երկրորդը:
49. Այս հիմքով, Վերաքննիչ դատարանը եզրակացրեց, որ՝
«45. Թեև անգլիական օրենսդրության համաձայն սպանություն կատարելու համար պարտադիր ցմահ ազատազրկում է սահմանված, սովորաբար դատավճռի պատժաչափը չկրճատվող չէ: Դատավորը սահմանում է պատիժը կրելու և կանխարգելման նպատակներով ազատազրկման նվազագույն ժամկետը, որից հետո կարող է քննարկվել դատապարտյալի թույլատվությամբ ժամանակավոր ազատ արձակումը: Այն դեպքում, երբ դատավորը սահմանում է առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկում, ապա վերջինս հաշվի է առնում, որ գործած հանցանքն այնքան ծանր է, որ նախընտրելի է պատժի և կանխարգելման նպատակներով հանցագործին մնացած ողջ կյանքի ընթացքում պահել ազատազրկման մեջ: Նշված պատճառներով մենք չենք գտնում, որ Ստրասբուրգի դատարանը գտել է, որ այդպիսի հանգամանքների առկայության պարագայում դատավորի կողմից առանց կրճատման իրավունքի ցմահ ազատազրկում մտադրված նշանակելու դեպքում առաջանում է 3-րդ հոդվածի խախտում: Մենք չենք կարծում նաև, որ Դատարանը կարող էր այդպիսի եզրահանգում անել:
46. Կարող է այնպես պատահել, որ Ստրասբուրգի դատարանի մոտեցումը փոխվի: Եվրոպայում, կարծես թե, միտում կա, որը կարծես չի արդարացնում առանց կրճատման իրավունքի ազատազրկման մասին դատավճիռներ կայացնելը: Այդպիսով, այս իրավազորության սահմաններում կարող է անհրաժեշտություն ծագել վերանայելու առանց կրճատման իրավունքի ցմահ ազատազրկման կիրառելիությունը:
...
48. Գործող ռեժիմի ներքո 1997թ. Հանցագործության (պատժաչափերի) մասին օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ Պետքարտուղարը դատապարտյալին ազատ արձակելու սահմանափակ լիազորություններ ունի:
...
Ներկայումս գործնականում Պետքարտուղարն իր լիազորությունն ազատորեն օգտագործում է այն իրավիճակներում, երբ անձը, օրինակ, տառապում է անբուժելի հիվանդությամբ կամ գամված է անկողնուն կամ նմանատիպ այլ խնդիրներ ունի: Սակայն այն դեպքերում, երբ շարունակական ազատազրկումը հավասարվում է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, մենք պատճառներ չենք տեսնում, թե ինչու Պետքարտուղարը չի կարող օգտագործել օրենսդրությամբ ամրագրված իր լիազորությունը և ազատել անձին՝ հատկապես հաշվի առնելով Կոնվենցիայի հետ համապատասխանության պահանջը:
49. Այդ իսկ պատճառով, կիրառելով Ստրասբուրգի դատարանի Kafkaris-ի գործով որդեգրած մոտեցումը, մենք չենք գտնում, որ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժը պետք է համարվի կրճատման ոչ ենթակա: 3-րդ հոդվածի ներքո բերված ցանկացած առարկություն այն գործերով, որով սահմանվել է ցմահ ազատազրկման պատիժ՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի, պետք է, հետևաբար, ոչ թե արվի պատժի սահմանման պահին, այլ այն ժամանակ, երբ դատապարտյալը, նշելով բոլոր կարևոր հանգամանքները, ներառյալ՝ ազատազրկման մեջ գտնվելու ժամանակը, պնդում է, որ այլևս անազատության մեջ գտնվելը հավասարազոր է իր հանդեպ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի դրսևորման:
50. Այդ իսկ պատճառով դատարանը մերժում է դատապարտյալի կողմից 3-րդ հոդվածով սահմանված իրավունքի խախտման մասին բողոքը»:
(բ) R.-ն ընդդեմ Oakes-ի և այլոց
50. R-ն ընդդեմ Oakes-ի և այլոց գործով [2012] EWCA Crim 2435 Վերաքննիչ դատարանը դարձյալ քննեց առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժների 3-րդ հոդվածի հետ համապատասխանության հարցը: Դատարանը դիտարկեց, որ՝
«Յուրաքանչյուր քաղաքակիրթ պետություն որդեգրում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո ամրագրված սկզբունքը:
...
Սակայն, դրա հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքակիրթ պետություն ընդունում է նաև այն սկզբունքը, համաձայն որի յուրաքանչյուր գործած հանցանքի դիմաց պետք է սահմանվի արդար և համաչափ պատիժ: Արդար և համաչափ պատժի հարցը ռացիոնալ բանավեճերի և քաղաքակիրթ ձևով արտահայտված անհամաձայնությունների առարկա կարող է լինել: Եվ այն հարցերին, թե ինչն է, որ պետք է հավասար լինի արդար պատժին կամ որ հանգամանքներում է, որ պատիժը հավասարազոր է անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի, կարող են տարբեր երկրներում տարբեր իրավաչափ պատասխաններ ստացվել և նույնիսկ միևնույն երկրում տարբեր ժամանակներում՝ տարբեր պատասխաններ: Այս ամենը մասամբ այդ երկրների պատմության արդյունքն է: Իսկ այն հարցը, թե արդյո՞ք առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման կիրառումը համարվում է 3-րդ հոդվածի խախտում, թե ոչ, կամ էլ անգլո-սաքսոնական իրավունքի լավ հաստատված այն սկզբունքը, որի համաձայն պատիժը պետք է լինի կատարված հանցանքին առնչվող բոլոր հանգամանքների կամ այն կատարող անձի հատկանիշներին համաչափ, ընդարձակ բանավեճերի առիթ է հանդիսացել»:
Դատարանն այնուհետև արձանագրել է, որ Wellington-ի գործով թե´ դատավոր LJ-ն (տե´ս ստորև պարբերություն 54) և թե´ սույն գործը քննող Պալատի փոքրամասնությունը լարված մթնոլորտում են քննարկել առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկում կիրառելու անհրաժեշտությունը: Սակայն Դատարանը հաշվի է առել, որ, inter alia, Hindley-ի և Wellington-ի գործերով արտահայտվել է նաև հակառակ կարծիքներ (տե´ս վերևում պարբերություն 46 և ստորև պարբերություն 57): Անհրաժեշտ է պատշաճ կերպով ճանաչել և հարգել հարցի շուրջ արտահայտված իրավաչափ, սակայն ընդհանուրի հետ չհամընկնող կարծիքները:
51. Հաշվի առնելով Babar Ahmad-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Դատարանի վճիռը (թիվ 24027/07, 11949/08, 36742/08, 66911/09 և 67354/09, 10 ապրիլ 2012թ.), ինչպես նաև Harkins-ը և Edwards-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Դատարանի վճիռը (թիվ 9146/07 և 32650/07, 17 հունվար 2012թ.), սույն գործը քննելիս դատարանը հաշվի առավ հետևյալը (տե´ս սույն վճռի պարբերություն 22)՝
«Եվրոպական Դատարանի վերլուծությունն ուսումնասիրելու արդյունքում պարզ է դառնում, որ Դատարանը հիմնավորել է, որ այն դեպքում, երբ դատարանը պատշաճ կերպով հաշվի է առել գոյություն ունեցող մեղմացուցիչ հանգամանքների առկայությունը, որից հետո օգտվելով դատական հայեցողության շրջանակից, առանձնակի ծանրության հանցագործությունների դեպքում սահմանել է ցմահ ազատազրկում՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի, ապա այդպիսի դատավճիռը չի կարող համարվել անմարդկային և նվաստացնող: Կարճ ասած՝ առանձին պետությունների հայեցողության սահմաններում է օրենսդրական այնպիսի դրույթներ ընդունել, որով առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկումը հաստատվում է որպես պատժի նվազագույն ժամկետ, իսկ որոշ դեպքերում այդպիսի դատավճռի կայացումը կարող է թողնվել դատարանի հայեցողությանը»:
52. Վերջապես, շեշտելով, որ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկումը պատժի առավելագույն չափն է, հարկ է նշել, որ ոչ մի օրենսդրական դրույթ չի կարող գործը քննող դատավորին պարտադրել այդպիսի դատավճիռ կայացնել, եթե արդարադատության շահը դա չի պահանջում, և որ 21-րդ հավելվածով սահմանված սկզբունքներն անհրաժեշտ է ճկուն կերպով կիրառել, Դատարանը եզրակացրեց հետևյալը՝
«Արդյունքն այն է, որ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկումը, որն ամրագրված է հիմնական օրենսդրության մեջ, կիրառվում է միայն առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում, որի վերաբերյալ դատավճիռը կայացնելիս դատավորը հաշվի է առնում հանցանքը ծանրացնող և մեղմացնող բոլոր հանգամանքները, և միայն խորքային ուսումնասիրություն կատարելուց և հավաստիանալուց հետո, որ արդար պատժի և փոխհատուցման պահանջը հնարավոր է բավարարել առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման միջոցով, կիրառում է այն:
Այսպիսի հանգամանքներում, 2003թ. Օրենքի 21-րդ հավելվածի դրույթները և մասնավորապես՝ 4-րդ կետը, համաձայն որի դատարանը կարող է հանցանքի խիստ ծանրությունից ելնելով կիրառել ցմահ ազատազրկման պատիժ՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի, հակասության մեջ չեն գտնվում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ»:
3. R-ն (Wellington) ընդդեմ Ներքին գործերի պետական քարտուղարի [2008] UKHL 72
53. Ամերիկայի Միացյալ Նահանգները Միացյալ Թագավորությունից պահանջել էին հանձնել Ralston Wellington-ին, ով Միսուրիում պետք է կանգներ դատարանի առջև երկու առաջին կարգի սպանությունների համար: Հանձման դեմ ներկայացված իր բողոքում Wellington-ը պնդում էր, որ իր հանձնումը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է, այն հիմքով, որ կար իրական վտանգ, որ վերջինս կենթարկվեր անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռ կայացնելու միջոցով:
54. Բարձր դատարանում դատավճիռը կայացնելու ժամանակ ([2007] EWHC 1109 (Admin)), լորդ դատավոր Laws-ը գտել է, որ «քրեադատավարական փիլիսոփայության հզոր փաստարկներ» կան, որոնք ենթադրում են, որ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժն ըստ էության խախտում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքը: Նա նշել է՝
«Մահապատժի վերացումը գովելի է և շատ կողմերով արդարացված, սակայն այն պետք է հիմնված լինի առնվազն այն ենթադրության վրա, որ յուրաքանչյուր անձի կյանք, որքան էլ որ այն լինի այլասերված, անօտարելի արժեք է: Կյանքի դադարեցումը կարող է արդարացվել միայն բացառիկ իրավիճակներում, ինչպես օրինակ՝ ինքնապաշտպանության կամ արդար պատերազմի ժամանակ, սակայն փոխհատուցման նպատակով կիրառվող պատիժն երբեք չի կարող արդարացնել մահապատժի կիրառումը: Մինչդեռ, անձին՝ առանց որևէ հույսի ազատությունից զրկելը մահապատժի է հավասար: Նա երբեք չի կարող գործած հանցանքը փոխհատուցել: Մինչդեռ, նա կարող է իր ազատազրկման մեջ գտնվելու ընթացքում խորհել ուղղվելու մասին, իսկ նրա պատիժը կարող է սպառվել վերջին շնչի հետ: Ինչպես մահապատժի դեպքում է, առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկումը lex talionis է (գործած հանցանքին համարժեք գործողությունների կիրառում հանցագործություն կատարողի նկատմամբ): Սակայն դրա գաղափարական կամ իրական ներդաշնակությունը կատարված հանցանքի համար, որի համար անձը կրում է պատիժը (lex talionis-ի միակ արժանիքը), համաչափ պատժի թույլ երաշխիքն է, քանի որ ամբողջական ազատազրկումը կամայական է, այն կարող է հաշվարկվել օրերով և տասնամյակներով՝ կախված նրանից, թե որքան կյանք է մնացել դատապարտյալին ապրելու: Այդ իսկ պատճառով այն հակված է լինել ոչ համաչափ, դրա թերությունները հիմնավորվում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածով, եթե, իհարկե, չի կիրառվում մահապատժի տրամաբանությունը. հանցանք գործելը այնքան զազրելի է, որ այն երբեք չի կարող փոխհատուցվել: Սակայն այդ դեպքում դատապարտյալի կյանքի ենթադրյալ արժեքը նվազում է, մինչև սոսկ գոյության մակարդակ. մնում է ոչ ավելին քան սոսկ շնչելը և կենսունակությունը պահպանելը, և անկասկած՝ ազատազրկումն անցկացնել կյանքի համար բարենպաստ պայմաններում: Սա կյանքի արժեքի դիմաց վճարվող ծառայություն է, և բարեհաճություն չի ենթադրում»:
Սակայն, և «ամենևին ոչ առանց կասկածների», նա գտել է, որ համապատասխան մարմինները, այդ թվում՝ սույն Դատարանը, առաջարկել են, որ առանց նվազեցման իրավունքի ցմահ ազատազրկումը միշտ չէ, որ 3-րդ հոդվածի ներքո խնդիրներ է առաջացնում:
55. Wellington-ի գործով Լորդերի պալատին ներկայացված բողոքում, բոլոր հինգ լորդ դատավորները գտել են, որ քանի Միսուրիի նահանգապետն ունի գթություն և պատժի մեղմացում կիրառելու լիազորություններ և անձի դատավճռի ժամկետը կարող է կրճատվել ճիշտ նույն չափով, որ չափով որ այն կլիներ վերոհիշյալ Kafkaris-ի լույսի ներքո:
56. Նրանք նաև նշել են, որ վերևում բերված Kafkaris-ի գործում Դատարանը միայն նշել էր, որ առանց կրճատման իրավունքի դատավճռի կայացումը կարող է առաջ բերել 3-րդ հոդվածի ներքո խնդիրներ: Բոլոր հինգ լորդ դատավորները գտել են, որ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկումն ինքնին հավասարազոր չէ 3-րդ հոդվածի խախտմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, քանի դեռ այն շոշափելիորեն կամ հստակորեն անհամաչափ չէ: Լորդ Brown-ը մասնավորապես եզրակացրել է, որ այս Դատարանը չի համարում, որ նույնիսկ անկրճատելի ցմահ ազատազրկումը խախտում է 3-րդ հոդվածի պահանջը, քանի դեռ ի հայտ չեն եկել այնպիսի հանգամանքներ, երբ հետագա ազատազրկումն այլևս որևէ հիմքով արդարացված չէ՝ լինի դա պատժի, կանխարգելման, թե՝ հանրային պաշտպանության նկատառումներով:
57. Ավելին, լորդեր Hoffmann-ը և Scott-ը, բարոնուհի Hale-ը և լորդ Brown-ը կասկած հայտնեցին լորդ դատավորների կարծիքի վերաբերյալ առ այն, որ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկումը lex talionis է: Լորդ Hoffmann, բարոնուհի Hale-ը և լորդ Brown-ը չեն ընդունել այն ենթադրությունը, համաձայն որի մահապատժի վերացմամբ հաստատվել է, որ յուրաքանչյուր անձի կյանքը անօտարելի արժեք է. մահապատժի վերացման համար կային այլ՝ ավելի պրագմատիկ պատճառներ, ինչպես օրինակ՝ դրա անդարձելիությունն ու կանխարգելիչ ազդեցության պակասը: Լորդ Scott-ը մերժել է այն տեսակետը, համաձայն որի առանց նվազեցման ցմահ ազատազրկումը անմարդկային և նվաստացնող վերաբերմունք է, քանի որ այն դատապարտյալին փոխհատուցման հնարավորություն չի շնորհում: Այն դեպքերում, երբ հաստատվում է, որ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկումն արդար պատիժ է, փոխհատուցումն ինքնին ձեռք է բերվում դատապարտյալի պատիժը կրելու միջոցով:
58. Wellington-ի կողմից այս Դատարանին ներկայացված դիմումը ցուցակից հանվել է 2010թ. հոկտեմբերի 5-ին, քանի որ դիմումատուն ցանկություն է հայտնել այն հետ վերցնելու մասին. Wellington-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (դեկ.), թիվ 60682/08, 5 հոկտեմբեր 2010թ.:
III. ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ «ԽԻՍՏ ԱՆՀԱՄԱՉԱՓ» ՊԱՏԺԱՉԱՓԵՐ
59. Ցմահ ազատազրկում կիրառելու և վերանայելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության և այլ միջազգային կառույցների կողմից մշակված փաստաթղթերի, այդ թվում՝ նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտավորություններ սահմանող փաստաթղթերի դրույթները, անձանց այն երկրներ հանձնելու վերաբերյալ, որտեղ նրանց նկատմամբ կարող է ընդունվել նման պատիժներ, սահմանված են վերևում մեջբերված Kafkaris-ի գործով, տե´ս §§ 68-76: Սույն գործով Դատարանի առջև կարող են համառոտ ներկայացվել նաև լրացուցիչ այլ փաստաթղթեր (ինչպես նաև Kafkaris-ի գործում ներառված այն դրույթները, որոնք կողմերի համար հատկապես կարևոր հիմք են հանդիսանում), որոնք կարելի է համառոտ ներկայացնել հետևյալ կերպ:
Ա. Եվրոպայի խորհրդի փաստաթղթերը
1. Թիվ 76(2) Բանաձև
60. 1976 թվականից սկսած Նախարարների կոմիտեն երկարաժամկետ տևողությամբ և ցմահ ազատազրկման դատավճիռների վերաբերյալ մի շարք բանաձևեր և հանձնարարականներ է մշակել: Դրանցից առաջինը Նախարարների կոմիտեի կողմից 1976թ. փետրվարի 17-ին ընդունված թիվ 76(2) Բանաձևն է, որը պարունակում է անդամ պետություններին ուղղված մի շարք առաջարկություններ: Այդ թվում՝
«1. հետամուտ լինել քրեական արդարադատության քաղաքականության իրականացմանը, որի դեպքում երկարաժամկետ ազատազրկումը կիրառելի է միայն, եթե այն անհրաժեշտ է հասարակությանը պաշտպանելու համար.
2. կիրառել համապատասխան օրենսդրական և վարչական միջոցներ, որոնք անհրաժեշտ են այդպիսի դատավճիռների կատարման ժամանակ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու համար.
...
9. ապահովել բոլոր դատապարտյալների գործերի հնարավոր արագ վերանայումը՝ որոշելու համար, թե արդյո՞ք պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը կիրառելի է, թե ոչ:
10. դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հնարավորություն շնորհել, ինչը պետք է լինի ենթակա ազատազրկման մեջ գտնվելու ժամկետները կարգավորող օրենսդրության կարգավորմանը և դիտարկվի այն ժամանակ, երբ ձևավորվի նպաստավոր միջավայր. սոսկ ընդհանուր կանխարգելման նկատառումները չպետք է ծառայեն որպես պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը մերժելու արդարացում.
11. ցմահ ազատազրկման դեպքում պետք է գործեն միևնույն սկզբունքները, ինչ երկարաժամկետ ազատազրկման դեպքում.
12. հավաստիանալ, որ ցմահ ազատազրկումը ենթակա լինի [կետ] 9-ում նշված վերանայմանը, եթե մինչ այդ այն չի իրականացվել, ապա ազատազրկման 8-ից մինչև 14 տարին լրանալուց հետո մեկ անգամ և կանոնավոր կերպով կրկնվի»:
2. Թիվ 2003(23) Հանձնարարական
61. Թիվ 2003(23) Հանձնարարականը (քրեակատարողական հաստատությունների կողմից ցմահ և երկարաժամկետ ազատազրկվածների նկատմամբ կառավարում իրականացնելու մասին) ընդունվել է Նախարարների կոմիտեի կողմից 2003թ. հոկտեմբերի 9-ին: Հանձնարարականի առաջաբանում ասվում է՝
«Ազատազրկման հետ կապված պատժի կիրառումը պահանջում է հավասարակշռում, մի կողմից՝ քրեակատարողական հաստատություններում անվտանգության ապահովման, հաստատված կարգի և կարգապահության պահպանման անհրաժեշտության, իսկ մյուս կողմից՝ դատապարտյալների համար պատշաճ կենսական պայմանների, ակտիվ ռեժիմի և ազատ արձակմանը կառուցողական կերպով նախապատրաստման ապահովման միջև»:
Հանձնարարականի 2-րդ կետը սահմանում է, որ ցմահ և երկարաժամկետ ազատազրկվածներին կառավարելու նպատակները պետք է լինեն՝
«– բանտերի՝ այսպիսի դատապարտյալների, աշխատակիցների և բոլոր այցելուների համար ապահովության և անվտանգության ապահովում.
– ցմահ և երկարաժամկետ ազատազրկման կործանիչ ազդեցությանը հակազդում.
– այսպիսի դատապարտյալների կողմից հանրության մեջ հաջողությամբ վերաինտեգրվելու և օրինապաշտ վարքագիծ դրսևորելու հավանականության ավելացում և նպաստում»:
Ցմահ և երկարաժամկետ դատապարտյալներին կառավարելու հանձնարարականում տեղ գտած ընդհանուր սկզբունքներն են՝ (i) անհատականացման սկզբունքը (անհրաժեշտ է նկատի ունենալ ցմահ և երկարաժամկետ դատապարտյալների ներանձնային հատկանիշների բազմազանությունը և դրանք հաշվի առնել պատժի անհատականացման ծրագրերը մշակելիս) և (ii) առաջընթացի սկզբունքը (դատապարտյալի պատժի իրականացման համար անհատականացման ծրագրերի մշակումը պետք է ուղղված լինի բանտային համակարգի միջով պրոգրեսիվ առաջընթացի գրանցմանը) (տե´ս Հանձնարարականի կետեր 3 և 8): Հանձնարարականին ուղեկցող զեկույցը (որը մշակվել է Հանցավորության խնդիրների եվրոպական կոմիտեի կողմից) հավելում է, որ պատժի կիրառման ընթացքում դրա վերջնանպատակը պետք է լինի բանտային կյանքից դեպի համայնքում բնակության կառուցողական անցումը (զեկույցի կետ 44):
10-րդ կետը (պատժի ծրագրման մասին) սահմանում է, որ այդպիսի ծրագրերը պետք է օգտագործվեն, inter alia, սիստեմատիկ մոտեցումն ապահովելու համար. բանտային համակարգի միջով պրոգրեսիվ ընթացքը ենթադրում է խիստ սահմանափակումներից անցում պակաս սահմանափակող պայմանների, իդեալական պայմանների առկայության դեպքում՝ վերջնական փուլն անցկացնելով ազատության պայմաններում՝ նախընտրելիորեն համայնքի ներսում, իսկ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետո անհրաժեշտ է ապահովել պայմաններ և վերահսկել անձի օրինապաշտ կյանք վարելու ընթացքը և համայնքում վերաինտեգրվելը:
16-րդ կետում սահմանված է, որ քանի որ ո´չ վտանգավորությունը և ո´չ էլ քրեածին կարիքների գոյությունը կայուն ներհատուկ հատկանիշներ չեն, անհրաժեշտ է պարբերաբար կատարել ռիսկերի և կարիքների գնահատում:
Վերջապես, 33-րդ և 34-րդ կետերը (հասարակության մեջ վերաինտեգրման կառավարելը) սահմանում են՝
«33. Որպեսզի հնարավոր լինի ցմահ և երկարաժամկետ ազատազրկվածների համար հաղթահարել երկարաժամկետ անազատությունից հետո դեպի հասարակությունում օրինապաշտ կյանք վարելուն անցնելու ընթացքում առաջացած առանձնահատուկ խնդիրները, անհրաժեշտ է նրանց ազատ արձակումը նախապես պատշաճ կերպով նախապատրաստել և մասնավորապես հաշվի առնել հետևյալը.
– նախքան ազատ արձակվելը և ազատվելուց հետո ծրագրերի առկայություն, որոնք հասցեագրում են համապատասխան ռիսկերը և կարիքները,
– պատշաճ կերպով ուշադրություն դարձնել ազատ արձակվելու հավանականությանը և ազատ արձակվելուց հետո ցանկացած ծրագրերի իրականացմանը, ազատազրկման ժամանակ դատապարտյալի նկատմամբ կիրառված միջամտություններին կամ վերաբերմունքին,
– քրեակատարողական հաստատության և ազատազրկումից հետո անձանց կառավարմամբ զբաղվող հաստատությունների միջև սերտ համագործակցությունը:
34. Ցմահ և երկարաժամկետ ազատազրկվածներին պայմանական վաղաժամկետ ազատում շնորհելը պետք է ղեկավարվի թիվ Rec(2003)22 Հանձնարարականում ամրագրված պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ սկզբունքներով»:
Հանձնարարականին կից զեկույցում 34-րդ կետի առնչությամբ նշվում է (տե´ս կետ 131)՝
«Թիվ Rec(2003)23 Հանձնարարականը ներառում է սկզբունք, համաձայն որի պայմանական վաղաժամկետ ազատումը պետք է հասու լինի բոլոր դատապարտյալներին՝ բացառությամբ չափազանց կարճ ժամկետով ազատազրկվածների համար: Հանձնարարականի ներքո սահմանված այս սկզբունքը կիրառելի է նույնիսկ ցմահ ազատազրկվածների նկատմամբ: Սակայն անհրաժեշտ է նշել, որ ցմահ ազատազրկվածներին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորության սահմանումը չի նշանակում, որ նրանք մշտապես պետք է օգտվեն այս իրավունքից»:
3. Թիվ 2003(22) Հանձնարարական
62. Թիվ 2003(22) Հանձնարարականը (պայմանական վաղաժամկետ ազատման մասին) ընդունվել է Նախարարների կոմիտեի կողմից 2003թ. սեպտեմբերի 24-ին: Այն համառոտ կերպով ներկայացված է նաև Kafkaris-ի գործում (վերևում մեջբերված, տե´ս վճռի պարբերություն 72): Համառոտ կերպով ներկայացնելով՝ հարկ է նշել, որ այն պայմանական վաղաժամկետ ազատմանը նախապատրաստվելու, դրա շնորհման, հնարավոր կիրառվող նախապայմանների և դատավարական երաշխիքների վերաբերյալ մի շարք առաջարկություններ է ներկայացնում: Ընդհանուր սկզբունքները բերված են 3-րդ և 4(ա) կետերում, որոնք սահմանում են՝
«3. Պայմանական վաղաժամկետ ազատումը պետք է նպատակաուղղված լինի դատապարտյալներին օժանդակելուն՝ բանտում անցկացրած կյանքից հետո համայնքում օրինապաշտ կյանք վարելու համար, որն իրականացվում է ազատումից հետո կիրառվող նախապայմանների և վերահսկման միջոցով, որոնք ուղղված են այս նպատակին և նպաստում են հանրային անվտանգության ապահովմանը և հասարակության շրջանում հանցավորության մակարդակի նվազեցմանը:
4.ա. Ազատազրկման կործանիչ ազդեցությունը նվազեցնելու և դատապարտյալների վերաինտեգրմանը նպաստելու նպատակով, ինչը կատարվում է այնպիսի պայմաններում, որը երաշխավորում է հասարակության անվտանգությունը, օրենքը պետք է պայմանական վաղաժամկետ ազատումը հասանելի դարձնի բոլոր դատապարտյալների համար, ներառյալ՝ ցմահ ազատազրկվածների համար»:
Հանձնարարականն ուղեկցող Բացատրական հուշագրի 4-րդ կետում ասվում է՝
«Ցմահ ազատազրկված դատապարտյալները չպետք է զրկված լինեն վաղաժամկետ ազատ արձակվելու հույսից: Նախ և առաջ, քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ բոլոր ցմահ ազատազրկվածներն անխտիր վտանգավորն են հասարակության համար: Երկրորդը, ազատվելու հույսից զրկված անձանց ազատազրկման մեջ պահելու ժամանակ առաջանում են նրանց կառավարելու հետ կապված լուրջ խնդիրներ՝ համագործակցելու համար խթաններ ստեղծելու և կործանիչ վարքը հասցեագրելու, անհատական զարգացման ծրագրեր իրականացնելու և պատժի պլանավորման ծրագրերի իրականացման և անվտանգության կազմակերպման առումներով: Այն երկրները, որոնց օրենսդրությամբ ցմահ ազատազրկում է նախատեսված, պետք է հնարավորություն ստեղծեն տարիներ անց դատավճռով սահմանված ժամկետը վերանայելու համար և սա պարբերաբար իրականացնեն, պետք է որոշեն, թե ազատ արձակված ցմահ դատապարտյալը կյանքի մնացած մասը որտեղ պետք է անցկացնի, ինչ պայմաններով և ինչպիսի վերահսկման միջոցառումների պայմաններում»:
4. Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի աշխատանքային փաստաթուղթը փաստացի/իրական ցմահ ազատազրկման դատավճիռների վերաբերյալ
63. «Փաստացի/իրական ցմահ ազատազրկման դատավճիռների» վերաբերյալ զեկույցը նախապատրաստվել է Խոշտանգումների և անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի («ԽԿԿ») անդամներից մեկի՝ պարոն Jørgen Worsaae Rasmussen-ի կողմից (CPT (2007) 55, 27 հունիս 2007թ.), ով ուսումնասիրել է ցմահ ազատազրկման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կողմից մշակված բազմաթիվ փաստաթղթեր, ներառյալ՝ թիվ (2003) 22 և 23 Հանձնարարականները, այն մասնավորապես նշում է, որ՝ (ա) պայմանական վաղաժամկետ ազատման սկզբունքը պետք է կիրառելի լինի բոլոր դատապարտյալների նկատմամբ՝ «նույնիսկ ցմահ դատապարտյալների», և (բ) որ Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունները պետք է ընդունեն գթասիրական ազատ արձակման վերաբերյալ դրույթներ, և որ «ազատ արձակելու այս հատուկ տեսակը» պետք է տարբերվի պայմանական վաղաժամկետ ազատ արձակումից:
Փաստաթղթում նշվում է այն տեսակետը, որ անձին ազատազրկումից ազատ արձակելու հայեցողությունը, ինչպես և ազատությունից զրկելու հետ կապված հարցերը հանդիսանում են դատարանների և ոչ թե՝ գործադիրի գործառույթը. այս տեսակետը հիմք է հանդիսացել Դանիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում ցմահ ազատազրկվածների պատժի վերանայման ընթացակարգերում փոփոխություններ կատարելու համար: Փաստաթուղթը նաև հաստատում և հղում է կատարում ԽԿԿ-ի 2007թ. Հունգարիա կատարած այցելության մասին զեկույցը, որտեղ ասվում է՝
«[Ի]նչ վերաբերում է «փաստացի ցմահ ազատազրկվածներին», ԽԿԿ-ն լուրջ վերապահումներ ունի կապված հենց այն գաղափարի հետ, համաձայն որի այդպիսի դատապարտյալները դատավճիռն կայացնելու պահից սկսած մեկընդմիշտ համարվում են հանրությանը սպառնացող մշտական վտանգ և զրկված են երբևիցե ազատ արձակվելու հույսից»:
Փաստաթղթի եզրափակիչ մասում ներկայացված են առաջարկներ առ այն, որ դատապարտյալների ոչ մի կատեգորիա չպետք է «պիտակավորվի» կյանքի մնացած հատվածը բանտում անցկացնելու հավանականությամբ, ազատ արձակման մերժումը երբեք չպետք է լինի վերջնական, և նույնիսկ ետ կանչված դատապարտյալները չպետք է զրկվեն հույսից:
5. ԽԿԿ-ի զեկույցը Շվեյցարիայի վերաբերյալ
64. 2011թ. հոկտեմբերի 10-ից 20-ը Շվեյցարիա կատարած ԽԿԿ-ի այցելության վերաբերյալ զեկույցը (25 հոկտեմբեր 2012թ. CPT/Inf (2012) 26) ներառում է շվեցարական համակարգի ցմահ դատապարտյալների կառավարման վերաբերյալ հետևյալ դիտարկումները, որտեղ սեռական կամ այլ տեսակի բռնություններ կատարողները համարվում են չափազանց վտանգավոր և վերջիններիս վիճակը բնութագրվում է որպես ուղղման ոչ ենթակա՝
«ԽԿԿ-ն լուրջ վերապահումներ ունի կապված ցմահ ազատազրկման հայեցակարգի հետ, որի համաձայն այս մարդիկ՝ հանրության համար չափազանց վտանգավոր և անուղղելի հայտարարվելուց հետո, համարվում են հանրության համար մշտական վտանգ ներկայացնող և այդպիսով զրկվում են ավելի մեղմ պատիժ կրելու և նույնիսկ պայմանական վաղաժամկետ ազատման հույսից: Քանի որ ազատության մեջ հայտնվելու միակ ճանապարհը գիտական նորամուծությունների միջոցով է տեղի ունենում, հանցանք կատարած անձը այլևս զրկվում է ազատման գործընթացին նպաստելուն ուղղված ցանկացած ջանք գործադրելու կարողությունից, օրինակ՝ պատիժը կրելիս լավ վարքագիծ դրսևորելու միջոցով:
Այս առումով ԽԿԿ-ն հղում է կատարում 2006թ. հունվարի 11-ի Նախարարների կոմիտեի կողմից ընդունված Եվրոպական բանտային կանոնների մասին թիվ (2006) 2 Հանձնարարականին, ինչպես նաև 2003թ. սեպտեմբերի 24-ին Նախարարների կոմիտեի կողմից ընդունված Պայմանական վաղաժամկետ ազատման մասին թիվ (2003) Հանձնարարականի 22-րդ կետի 4(ա) ենթակետին, որը վերաբերում է պայմանական վաղաժամկետ ազատմանը, որտեղ հստակ կերպով նշված է, որ պատիժ կրող բոլոր դատապարտյալները, այդ թվում՝ ցմահ ազատազրկվածները, պետք է հնարավորություն ունենան օգտվելու պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությունից: Վերջին փաստաթղթի վերաբերյալ գրված բացատրական հուշագիրը հաստատում է, որ ցմահ ազատազրկվածները չպետք է զրկվեն ազատման ողջ հույսից:
Այդ իսկ պատճառով ԽԿԿ-ն գտնում է, որ անմարդկային է ցանկացած անձի պահել անազատության մեջ՝ առանց ազատվելու հույսի: Կոմիտեն հորդորում է շվեցարական կառավարությանը համապատասխան կերպով վերանայել «ցմահ ազատազրկվածների» համար սահմանված հայեցակարգը»: [ընդգծումը բնօրինակում է]
Բ. Միջազգային քրեական իրավունքը
65. Հռոմի համաժողովում ընդունված Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 77-րդ հոդվածը թույլ է տալիս անձին ցմահ ազատազրկել այն դեպքերում, երբ դա արդարացված է գործած հանցանքի ծայրահեղ ծանրության և գործի մասնավոր հանգամանքների նկատառումներով: 110-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ եթե ցմահ ազատազրկված անձը ազատազրկման մեջ է գտնվել քսանհինգ տարի, դատարանը պետք է վերանայի պատիժը և այն նվազեցնելու վերաբերյալ որոշում կայացնի: Այդպիսի վերանայումը չպետք է իրականացվի նախքան այդ ժամկետի լրանալը: 110-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը սահմանում են՝
«4. 3-րդ կետի ներքո գործը ուսումնասիրելուց հետո Դատարանը կարող է պատժաչափը նվազեցնել, եթե վերջինս գտնի որ ներքոհիշյալ գործոններից մեկը կամ մի քանիսը առկա են՝
(ա) Անձի՝ դատարանի հետ համագործակցելու վաղ արտահայտած ցանկությունը և հետագայում պատրաստակամությունը՝ գործի քննության և հետապնդում իրականացնելու ընթացքում,
(բ) Անձի կամավոր օժանդակությունը դատավճիռների և դատարանի որոշումների իրականացման ժամանակ, և մասնավորապես օժանդակելու պատրաստակամությունը՝ կապված տույժերի վճարման, ունեցվածքի բռնագրավման կամ փոխհատուցման հետ, որոնք կարող են օգտագործվել հօգուտ զոհի,
(գ) այլ գործոններ, որոնք հաստատում են հանգամանքների հստակ և էական փոփոխություն, որոնք կարևոր են պատժաչափը նվազեցնելու համար՝ Ընթացակարգի և ապացույցների կանոնների համաձայն:
5. Եթե Դատարանը 3-րդ կետի ներքո գործի նախնական ուսումնասիրության ժամանակ որոշի, որ պատժաչափը նվազեցնելը նպատակահարմար չէ, այն պետք է սահմանի դատապարտյալի պատժաչափի հաջորդ վերանայման համար այնպիսի ժամանակամիջոց և կիրառի այնպիսի չափանիշներ, որոնք համահունչ են Ընթացակարգի և ապացույցների կանոնակարգի հետ»:
Վերանայման ընթացակարգը և չափանիշները սահմանված են Ընթացակարգի և ապացույցների կանոնակարգի 223-րդ և 224-րդ կանոններում:
223-րդ կանոնը սահմանում է՝
«Պատժաչափի նվազեցման նպատակով գործի վերանայման չափանիշները
110-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերի համաձայն պատժաչափը նվազեցնելու հարցը քննում են Վերաքննիչ պալատի երեք դատավորները, ովքեր պետք է հաշվի առնեն 110-րդ հոդվածի 4-րդ կետի (ա) և (բ) ենթակետերում ամրագրված հետևյալ չափանիշները՝
(ա) ազատազրկման մեջ գտնվելու ժամանակ անձի վարքը, որը ցույց է տալիս անձի գործած հանցագործությունից իրական անջատումը,
(բ) դատապարտված անձի վերասոցիալականացման և հաջող վերաինտեգրման հեռանկարը,
(գ) արդյո՞ք դատապարտվածի վաղաժամկետ ազատ արձակումը էական սոցիալական անկայուն իրավիճակ կստեղծի, թե ոչ,
(դ) դատապարտյալի կողմից ցանկացած էական գործողություն՝ ուղղված զոհի ընտանիքի բարօրությանը, ինչպես նաև վաղաժամկետ ազատ արձակման դեպքում զոհերի և նրանց ընտանիքների համար ցանկացած դրական արդյունք,
(ե) դատապարտյալ անձի համար առանձին հանգամանքներ, այդ թվում՝ կապված ֆիզիկական կամ մտավոր առողջության կամ տարեց տարիքի հետ»:
224-րդ կանոնի 3-րդ կետը սահմանում է, որ կանոնադրության 110-րդ հոդվածի 5-րդ կետը կիրառելու դեպքում գործը քննող երեք դատավորները դատավճռով սահմանված պատժի կրճատումը պետք է վերանայեն առնվազն երեք տարին մեկ անգամ, բացառությամբ, եթե 110-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ընդունված որոշմամբ ավելի կարճ ժամկետ է սահմանված: 224-րդ կանոնի 3-րդ կետը նաև սահմանում է, որ հանգամանքների էական փոփոխությունների դեպքում, երեք դատավորները կարող են թույլատրել, որ դատապարտյալը երեք տարվանից պակաս ժամանակահատվածի ընթացքում ներկայացնի պատժի կրճատման վերաբերյալ դիմում, ինչպես որ սահմանել են երեք դատավորները:
66. Հարավսլավիայի Նախկին Հանրապետության գործերով Միջազգային քրեական տրիբունալի կանոնադրության 27-րդ հոդվածը սահմանում է, որ ազատազրկման պատիժները պետք է ի կատար ածվեն Միջազգային տրիբունալի կողմից որոշված երկրներում: Պատիժը պետք է իրականացվի համաձայն այդ երկրի համապատասխան օրենսդրության, որը ենթակա է Միջազգային տրիբունալի վերահսկմանը: 28-րդ հոդվածը (ներման կամ պատիժների մեղմացման վերաբերյալ) սահմանում է՝
«Եթե համաձայն այն երկրի կիրառելի օրենքի, որտեղ դատապարտյալը կրում է իր պատիժը, վերջինս ենթակա է ներման կամ նրա պատժի ժամկետը ենթակա է կրճատման, այդ պետությունը պետք է Միջազգային տրիբունալին տեղեկացնի այդ մասին: Միջազգային տրիբունալի նախագահողը, խորհրդակցելով դատավորների հետ, պետք է հարցի վերաբերյալ կայացնի որոշում՝ ելնելով արդարադատության շահերից և իրավունքի ընդհանուր սկզբունքներից»:
Հարավսլավիայի Նախկին Հանրապետության գործերով Միջազգային քրեական տրիբունալի կանոնադրության 27-րդ և 28-րդ հոդվածներում ներառված դրույթներին նման դրույթներ կան Ռուանդայի գործերով Միջազգային քրեական տրիբունալի կանոնադրության մեջ (հոդվածներ 26 և 27), Սիերա Լիոնեի գործերով Հատուկ դատարանի կանոնադրության (հոդվածներ 22 և 23), և Լիբանանի գործերով Հատուկ դատարանի կանոնադրության մեջ (հոդվածներ 29 և 30):
Գ. Եվրոպական միության օրենսդրությունը
67. 2002թ. հունիսի 13-ին ընդունված Ձերբակալման եվրոպական կարգադրության և անդամ պետությունների միջև հանձնման ընթացակարգերի մասին եվրոպական շրջանակային որոշման 5-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է՝
«եթե այն հանցանքը, որի կապակցությամբ ընդունվել է ձերբակալման եվրոպական կարգադրություն, պատժվում է ցմահ բանտարկության կամ ցմահ ազատազրկման դատավճռի կայացմամբ, ապա ձերբակալման այդ կարգադրության կատարումը կարող է ենթարկվել այնպիսի պայմանի, համաձայն որի որոշումն ընդունող անդամ պետությունը պետք է իր իրավական համակարգում ունենա այնպիսի դրույթներ, որոնք երաշխավորում են պատժի կամ կիրառված պատժաչափի վերանայումը դատապարտյալի դիմումի համաձայն կա´մ առնվազն 20 տարի անց, կա´մ գթասիրության միջոցառումների առկայությունը, որոնք կիրառելի են համաձայն որոշումը կայացնող անդամ պետության օրենսդրության՝ նպատակ ունենալով չիրագործել այդպիսի պատիժը կամ պատժաչափը»:
Դ. Ցմահ ազատազրկումը պայմանավորվող պետություններում
68. Դատարանի առջև քննության դրված համեմատական նյութերի հիման վրա պայմանավորվող պետություններում կարելի է դիտարկել հետևյալ գործելակերպերը:
Նախ և առաջ, ցմահ ազատազրկում ներկայումս չկա ինը երկրներում՝ Անդորրա, Բոսնիա և Հերցեգովինա, Խորվաթիա, Չեռնոգորիա, Նորվեգիա, Պորտուգալիա, Սան Մարինո, Սերբիա և Իսպանիա: Այս երկրներում առավելագույն պատժաչափը տատանվում է քսանմեկից՝ Նորվեգիայում, մինչև քառասունմեկ տարի՝ Բոսնիա և Հերցեգովինայում: Խորվաթիայում բազմաթիվ հանցագործությունների դեպքում կարող է կիրառվել հիսուն տարվա ազատազրկման պատիժ:
Երկրորդ, երկրների մեծ մասում, որտեղ ցմահ ազատազրկում կարող է կիրառվել, գոյություն ունի պատժաչափի վերանայման մեխանիզմ, որը կիրառվում է պատժի օրենքով սահմանված նվազագույն չափը կրելուց հետո: Այդպիսի մեխանիզմը, որն ինտեգրված է օրենսդրության մեջ և պրակտիկայում, ամրագրված է երեսուներկու երկրների օրենսդրության մեջ՝ Ալբանիա (25 տարի), Հայաստան (20), Ավստրիա (15), Ադրբեջան (25), Բելգիա (կրկնահանցագործների համար 15 տարի՝ մինչև 19 կամ 23 տարի երկարաձգմամբ), Բուլղարիա (20), Կիպրոս (12), Չեխիա (20), Դանիա (12), Էստոնիա (30), Ֆինլանդիա (12), Ֆրանսիա (սովորաբար 18, սակայն որոշ տեսակի սպանությունների դեպքում՝ 30 տարի), Վրաստան (25), Գերմանիա (15), Հունաստան (20), Հունգարիա (20, եթե դատարանը այլ որոշում չի կայացրել), Իռլանդիա (Վաղաժամկետ պայմանական ազատման հարցերով խորհրդը առաջին վերանայումը կատարում է 7 տարի հետո, բացառությամբ որոշ տեսակի սպանությունների), Իտալիա (26), Լատվիա (25), Լիխտենշտեյն (15), Լյուքսեմբուրգ (15), Մոլդովա (30), Մոնակո (15), Լեհաստան (25), Ռումինիա (20), Ռուսաստան (25), Սլովակիա (25), Սլովենիա (25), Շվեդիա (10), Շվեյցարիա (15 տարի, կարող է կրճատվել 10-ի), Նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիա (15) և Թուրքիա (24 տարի, 30 տարի՝ խստացված պայմաններում ցմահ ազատազրկման, և 36 տարի՝ դատավճիռների համակցությամբ խստացված պայմաններում ցմահ ազատազրկման):
Ինչ վերաբերում է Միացյալ Թագավորությանը, ապա Դատարանը նշում է, որ Շոտլանդիայում ցմահ ազատազրկման վերաբերյալ դատավճիռ կայացնելիս դատավորը պետք է սահմանի նվազագույն պատիժ, առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ պատժի այդպիսի սահմանաչափը կարող է գերազանցել դատապարտյալի մնացած կյանքը. տե´ս 2001թ. Կոնվենցիոն իրավունքների (համապատասխանության) (Շոտլանդիա) մասին օրենք:
Երրորդ, գոյություն ունեն հինգ երկրներ, որոնք ցմահ ազատազրկման դեպքում պատժից վաղաժամկետ պայմանական ազատում չեն նախատեսում, դրանք են՝ Իսլանդիա, Լիտվա, Մալթա, Նիդեռլանդներ և Ուկրաինա: Այս երկրները, սակայն ցմահ ազատազրկվածներին թույլատրում են դիմելու ներման համար, որը կարող է շնորհվել նախարարի, նախագահի կամ թագավորի կողմից: Իսլանդիայում ցմահ ազատազրկումը, թեև որպես պատիժ գոյություն ունի, այն դեռևս երբևիցե չի կիրառվել:
Չորրորդ, բացի Անգլիայից ու Ուելսից, կան ևս վեց երկրներ, որտեղ գործում են վաղաժամկետ պայմանական ազատ արձակելու համակարգեր, սակայն որոշ տեսակի հանցագործությունների կամ պատիժների դեպքում գոյություն ունեն այն կիրառելու որոշակի սահմանափակումներ: Այդ երկրներն են՝ Բուլղարիա, Հունգարիա, Ֆրանսիա, Սլովակիա, Շվեյցարիա (սեռական բնույթի կամ այլ տեսակի բռնություններ գործած հանցագործներ, ովքեր համարվում են վտանգավոր և ուղղման ոչ ենթակա. տե´ս վերևում Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցի մասին պարբերություն 64) և Թուրքիան:
Ե. Գերմանիա
69. Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հիմնական օրենքի 1-ին հոդվածը սահմանում է, որ մարդու արժանապատվությունն անձեռնմխելի է և այն հարգելը և պաշտպանելը ողջ պետական իշխանության պարտավորությունն է: 2-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված է՝
«Յուրաքանչյուր ոք ունի կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության իրավունք: Անձի ազատությունն անձեռնմխելի է: Այս իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով»:
«Անմիտ դաժանությամբ կատարված» սպանության համար ցմահ ազատազրկման պարտադիր պատժի համատեղելիությունը այս դրույթների հետ Դաշնային Սահմանադրական դատարանի կողմից ուսումնասիրվել է Ցմահ ազատազրկման գործի քննության ժամանակ (lebenslange Freiheitsstrafe) 1977թ. հունիսի 21-ին, 45 BVerfGE 187:[1]
Դատարանը գտել է, որ պետությունը չի կարող անձին վերածել հանցագործության կանխարգելման օբյեկտի՝ խախտելով վերջինիս սոցիալական արժեք հանդիսանալու սահմանադրորեն պաշտպանված իրավունքը: Մարդու արժանապատվության և իրավունքի գերակայության հարգումը նշանակում է, որ ցմահ ազատազրկման մարդասիրական կիրառման հնարավորության շնորհումը հնարավոր է միայն, եթե դատապարտյալին շնորհում են «կոնկրետ և իրատեսական հնարավորություն» ավելի ուշ վերահաստատելու իր ազատությունը. անձին զրկելով իր ազատությունը վերադարձնելու ամեն հույսից՝ պետությունը հարվածում է մարդկային արժանապատվության կենտրոնին: Դատարանը նաև շեշտում է, որ ռեաբիլիտացիան հանդիսանում է սահմանադրական պահանջ ցանկացած հասարակությունում, որտեղ մարդկային արժանապատվությունը հաստատված է որպես առանցքային տարր: Հանցագործին անհրաժեշտ է հնարավորություն ընձեռել հանցանքը քավելուց հետո վերադառնալ հասարակություն: Այդ նպատակին հասնելու համար պետությունը պարտավոր է հնարավորության սահմաններում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել: Կալանավայրերը պարտավորություն ունեն ձգտել ապահովելու դատապարտյալների վերասոցիալականացումը, պահպանելու կյանքի դժվարություններին դիմակայելու հատկությունը և հակազդելու ազատազրկման բացասական ազդեցությանն ու դրան ուղեկցող անհատականության քայքայիչ փոփոխություններին:
Դատարանը ճանաչում է, սակայն, որ այն հանցագործի համար, ով շարունակում է վտանգ ներկայացնել հասարակության համար, ռեաբիլիտացիայի նպատակին թերևս երբեք հնարավոր չէ հասնել, այդպիսի դեպքերում հանցագործի առանձին անձնական հանգամանքներն են, որ կարող են բացառել հաջող ռեաբիլիտացիայի իրագործումը, այլ ոչ թե ինքնին ազատազրկումը:
Դատարանը գտել է, որ հիմնվելով այս եզրակացությունների վրա, ցմահ ազատազրկումը անիմաստ կամ ոչ համաչափ պատիժ չէ: Այն փաստը, որ ցմահ ազատազրկվածները քրեական օրենսդրության ներքո կարող են հնարավորություն ունենալ ազատ արձակվելու պատժի որոշակի հատվածը կրելուց հետո, նշանակում է, որ օրենսգրքի համապատասխան դրույթները կարող են մեկնաբանվել և կիրառվել համաձայն Հիմնական օրենքի:
70. Պատերազմական հանցագործության վերաբերյալ վերջերս քննված գործով 72 BVerfGE 105 (1986թ.) դիմումատուն ութսունվեց տարեկան էր, որից քսան տարին անցկացրել էր ազատազրկման մեջ՝ ցմահ դատապարտվելով հիսուն անձի գազային սենյակ ուղարկելու համար: Սույն գործով դատարանը քննել է, թե արդյո՞ք անձի գործած հանցանքի ծանրությունը կարելի է չափել վերջինիս պարտադիր ցմահ ազատազրկում անցնելու պահանջով: Սակայն այս գործոնների դատական հավասարակշռումը չպետք է չափից ավելի շատ հենվի հանցագործության ծանրության վրա, ինչպես որ անձի անհատականության, հոգեվիճակի և տարիքի: Այդ պարագայում ցանկացած դիմումատուի կողմից վաղաժամկետ ազատելու համար ներկայացված ցանկացած դիմումի հերթական ուսումնասիրության ժամանակ անհրաժեշտ է ավելի շատ հաշվի առնել անձի անհատականությունը, տարիքը, բանտային պատմությունը: Եվ սրա պատճառն այն է, որ չափից ավելի երկար ազատազրկման պատճառով դատապարտման բացասական ազդեցությունն ավելի ու ավելի է խորանում:
Հիմնական օրենքը սկզբունքորեն չի բացառում ցմահ ազատազրկման պատժի ամբողջական կրումը, հատկապես այն դեպքերում, երբ գործած հանցանքի ծանրությունը պահանջում է սպանության համար սահմանված նվազագույն պատժից ավելի խիստ պատժաչափի սահմանում: Սակայն նույնիսկ այսպիսի դեպքերում Հիմնական օրենքին համահունչ չի լինի, եթե ազատ արձակումը դիտարկվի միայն ֆիզիկական կամ մտավոր տկարության կամ մոտալուտ մահվան դեպքերում: Այսպիսի հիմքերով ազատ արձակումը համահունչ չէ մարդկային արժանապատվությանը կամ յուրաքանչյուր դատապարտյալի՝ երբևիցե կրկին ազատության մեջ հայտնվելու կոնկրետ և իրական հնարավորություն ունենալու կարիքի հետ, ինչ հանցանք էլ որ վերջինս գործած լինի:
71. 2010թ. հունվարի 16-ին ընդունված իր BVerfG, 2 BvR 2299/09 որոշման մեջ Դաշնային Սահմանադրական դատարանը քննել է հանձման մի գործ, որի դեպքում հանցագործություն կատարած անձը Թուրքիայում պետք է կրեր «խստացված պայմաններում ցմահ ազատազրկում՝ մինչ մահ» (erschwerte lebenslängliche Freiheitsstrafe bis zum Tod): Գերմանական կառավարությունը երաշխիքներ պահանջեց առ այն, որ անձը հետագայում ազատ արձակվելու հնարավորություն կունենա, որի համար ստացավ պատասխան, որ Թուրքիայի նախագահը լիազորություններ ունի ցմահ ազատագրվածներին քրոնիկ հիվանդությունների, հաշմանդամության կամ ծերության հիմքերով կրճատելու պատժի ժամկետը: Դատարանը մերժեց հանձման պահանջն այն հիմքով, որ այդպիսի լիազորությունն ազատ արձակվելու աղոտ հույսեր է տալիս և այդպիսով՝ բավարար չէ: Չնայած օտար պետությունների կողմից կայացված դատական որոշումները ճանաչելու անհրաժեշտությանը՝ ցանկացած անձի՝ ազատ արձակվելու իրական հեռանկար չունենալու դատավճիռը դաժան է և նվաստացուցիչ (grausam und erniedrigend) և խախտում է 1-ին հոդվածով ամրագրված մարդու արժանապատվությունը հարգելու պահանջը:
Զ. Իտալիա
72. Իտալիայի Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ պատիժը չպետք է լինի անմարդկային և պետք է ուղղված լինի դատապարտվածի ռեաբիլիտացիային:
Իտալիայի Սահմանադրական դատարանը Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ կայացրել է չորս կարևոր վճիռներ:
1974թ. հունիսի 27-ին (204/1974) կայացված առաջին վճռում պատժից վաղաժամկետ պայմանական ազատելու խնդրանքով դատապարտյալը դիմել էր Արդարադատության նախարարին: Արդարադատության նախարարը խորհրդակցել էր գործը քննած դատավորի հետ, ով իր հերթին դիմել էր Սահմանադրական դատարան՝ պահանջելով կարծիք հայտնել վաղաժամկետ պայմանական ազատ արձակման մասին համապատասխան օրենքի սահմանադրականության վերաբերյալ, որի համաձայն Արդարադատության նախարարը պետք է կայացնի վաղաժամկետ պայմանական ազատ արձակման մասին որոշումները: Սահմանադրական դատարանը գտավ, որ համաձայն Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ կետի՝ ռեաբիլիտացիան յուրաքանչյուր դատավճռի նպատակն է և յուրաքանչյուր դատապարտյալի իրավունքը: Եվ որպես այդպիսին, դատավճիռներով սահմանված պատիժները պետք է վերանայվեն դատավորի կողմից, այլ ոչ թե՝ գործադիր իշխանության մարմնի, որը պետք է որոշի, թե արդյո՞ք կրած պատժի ժամանակահատվածը բավարար էր անձի ուղղման համար, թե ոչ: Դատարանը նաև ընդգծում է, որ համապատասխան պայմանների պարագայում, վաղաժամկետ ազատ արձակումը էական է ռեաբիլիտացիայի նպատակին հասնելու համար: Դատարանը համանման եզրակացության է հանգում ռազմական բանտերում՝ Համաշխարհային երկրորդ պատերազմում գործած ռազմական հանցագործությունների համար ցմահ ազատազրկում կրող երկու գերմանացի ռազմական սպաների վերաբերյալ իր 1976թ. հունիսի 14-ի թիվ 192/1976 վճռում:
1974թ. նոյեմբերի 7-ին (264/1974) կայացված դատարանի երկրորդ վճիռը վերաբերում էր Վերոնայի երդվյալ ատենակալների դատարանի կողմից ներկայացված հարցին այն մասին, թե արդյո՞ք ցմահ ազատազրկման դատավճիռների դեպքում անձի վաղաժամկետ պայմանական ազատ արձակումը թույլատրելի է, թե ոչ, և այդպիսով արդյո՞ք այդպիսի դատավճիռը համատեղելի է Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ կետի հետ, թե ոչ: Հղում կատարելով ավելի վաղ՝ 1974թ. հունիսի 27-ին կայացված իր վճռին՝ դատարանը գտավ, որ պատժից վաղաժամկետ պայմանական ազատումը (նույնիսկ ցմահ ազատազրկվածների դեպքում) թույլատրելի է, և այդ մասին որոշումը պետք է կայացնի դատարանը, այլ ոչ թե՝ գործադիր մարմինը: Այս գործոնները նշանակում են, որ ցմահ ազատազրկվածների ռեաբիլիտացիան հնարավոր է և, որպես այդպիսին, ցմահ ազատազրկման պրակտիկան համատեղելի է 27-րդ հոդվածի 3-րդ կետի հետ:
Երրորդ վճիռը (21 սեպտեմբեր 1983թ., թիվ 274/1983) վերաբերում էր իտալական օրենսդրության մեջ առկա այն իրավադրույթին, համաձայն որի կրած պատժի յուրաքանչյուր վեցամսյա ազատազրկման դիմաց պատժաչափը նվազում է քսան օրով, սակայն այս դրույթը կիրառելի չէ ցմահ ազատազրկվածների դեպքում: Այս դրույթը հայտարարելով հակասահմանադրական՝ դատարանը հղում է կատարում 27-րդ հոդվածի 3-րդ կետին, նշելով, որ այն կիրառելի է բոլոր տեսակի դատավճիռների դեպքում (որոնք նույնպես անձի ռեաբիլիտացիայի նպատակ են հետապնդում)՝ առանց տարբերակման, և որ սկզբունքորեն չի կարելի պատժաչափի կրճատում թույլատրող դրույթի կիրառությունն արգելել ցմահ ազատազրկման պատիժների դեպքում: Վճռի արդյունքում, ցմահ ազատազրկման դատավճիռների դեպքում, պատժաչափի կրճատմանը վերաբերող դրույթները կիրառելի են այն ժամանակահատվածի համար, նախքան դատապարտյալը կարող է դիմել պատժի վաղաժամկետ ազատման համար:
Չորրորդ վճիռը (2-4 հունիս 1997թ., թիվ 161/1997) վերաբերում է Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածին, որը սահմանում է, որ եթե ցմահ ազատազրկված անձը խախտել է իր պայմանական վաղաժամկետ ազատման պայմաններից մեկը (և արդյունքում վերադարձվել բանտ), ապա վերջինս զրկվում է ապագայում կրկին անգամ վաղաժամկետ պայմանական ազատման համար դիմելու իրավունքից: Հղում կատարելով ռեաբիլիտացիայի և դրա համար վաղաժամկետ պայմանական ազատման հնարավորություն ունենալու կարևորության մասին նախկինում կայացված իր վճիռներին՝ Սահմանադրական դատարանը գտավ, որ 177-րդ հոդվածի ազդեցությունը դատապարտյալի ռեաբիլիտացիայի բացառումն է: Դատարանը նաև գտավ, որ վաղաժամկետ պայմանական ազատման հնարավորությունը միակ ճանապարհն է, որով ցմահ ազատազրկման դատավճիռը մնում է համատեղելի Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ կետի հետ, և եթե այդպիսի հնարավորություն չլինի, ապա դատավճիռները կլինեին 27-րդ հոդվածի 3-րդ կետի հետ անհամատեղելի: Այդպիսով 177-րդ հոդվածն իր ձևակերպմամբ հակասահմանադրական է: Վաղաժամկետ պայմանական ազատման պայմանների որոշումը օրենսդրի հարցն է, այն պայմանով, որ կիրառելի պայմանները լինեն Սահմանադրությանը համապատասխան:
Է. Իրավական այլ համակարգերի նախադեպային իրավունքը խիստ անհամաչափ դատավճիռների և ցմահ ազատազրկման վերաբերյալ
1. «Խիստ անհամաչափություն»
73. Խիստ անհամաչափ դատավճիռներ կայացնելու անթույլատրելիության մասին նախադեպային իրավունք է ձևավորվել հետևյալ երկրներում՝
- Կանադա (Իրավունքների մասին խարտիայի 12-րդ հոդվածը մեկնաբանվել է R-ն ընդդեմ Smith-ի (Edward Dewey) [1987] 1 SCR 1045, R-ն ընդդեմ Luxton-ի [1990] 2 SCR 711, և R-ն ընդդեմ Latimer-ի [2001] 1 SCR 3 գործերով),
- Հոնգ Կոնգ (Lau Cheong-ն ընդդեմ Հոնգ Կոնգի հատուկ վարչական շրջանի [2002] HKCFA 18),
- Մավրիկիոս (Սահմանադրության 7-րդ հոդված, Պետությունն ընդդեմ Philibert-ի [2007] SCJ 274),
- Նամիբիա (Պետությունն ընդդեմ Tcoeib-ի [1997] 1 LRC 90 (տե´ս ստորև պարբերություն 74), Պետությունն ընդդեմ Vries-ի 1997 4 LRC 1, և Պետությունն ընդդեմ Likuwa-ի [2000] 1 LRC 600),
- Նոր Զելանդիա (Նոր Զելանդիայի 1990թ. Իրավունքների հայտարարագրի մասին օրենքի 9-րդ հոդված),
- Հարավային Աֆրիկա (Dodo-ն ընդդեմ պետության (CCT 1/01) [2001] ZACC 16, Niemand-ն ընդդեմ պետության (CCT 28/00) [2001] ZACC 11), և
- Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Սահմանադրության ութերորդ փոփոխություն, ինչպես որ մեկնաբանվել է, inter alia, Graham-ն ընդդեմ Ֆլորիդայի գործով 130 S. Ct. 2011, 2021 (2010)).
2. Ցմահ ազատազրկման դատավճիռներ
74. Պետությունն ընդդեմ Tcoeib-ի գործը [1997] 1 LRC 90 քննելիս Նամիբիայի Գերագույն դատարանը գտավ, որ հայեցողական ցմահ ազատազրկման նշանակումը համատեղելի է երկրի Սահմանադրության 8-րդ հոդվածի հետ (որի «գ» կետը նույնական է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ): Գլխավոր դատավոր Mahomed-ը, արտահայտելով դատարանի միաձայն կարծիքը, գտավ, որ համապատասխան օրենսդրությամբ սահմանված ազատման սխեմայի կիրառումը համահունչ է սահմանադրությամբ ամրագրված արժանապատվության իրավունքի հետ, սակայն եթե այն կախված է բանտային ղեկավարության կամ գործադիր մարմնի հայեցողության «կամակոր կատարումից», ուստի դատապարտյալի համար ազատման հույսը «չափազանց թույլ և անկանխատեսելի կլինի», որպեսզի վերջինիս հնարավորություն ունենա պահպանել Սահմանադրության 8-րդ հոդվածով երաշխավորված իր արժանապատվությունը:
Գլխավոր դատավորը նաև դիտարկել է, որ՝
«[Ք]աղաքացու՝ իր ողջ մնացած կյանքի համար ազատազրկման մեջ պահելու որոշումը ... չի կարող արդարացվել, եթե դրա արդյունքում բանտի դարպասները անվերադարձելիորեն փակվում են դատապարտյալի առջև՝ առանց ողջ մնացած կյանքի ընթացքում այդ կարգավիճակից որևէ կերպ ազատվելու հեռանկարի և առանց հաշվի առնելու ցանկացած իրավիճակ, որը հետագայում կարող է ծագել: Այդպիսի հանգամանքները կարող են ներառել հանցագործություն կատարած անձի սոցիոլոգիական և հոգեբանական վերափոխումը, որը կարող է ցրել նախկին վախերը՝ կապված անձի՝ այլոց անվտանգության համար սպառնալիք հանդիսանալու հետ, կամ այնպիսի ապացույցներ, որոնք ի ցույց կդնեն անձի ծերացած տարիքը կամ թուլությունն ու տկարությունը կամ իր անցյալի նկատմամբ ապաշխարհող վերաբերմունքը, որոնց դեպքում պետության միջոցների հաշվին նրա շարունակական ազատազրկումը հավասարվում է դաժանության, որն այլևս չի կարող արդարացվել հանրային շահով»:
Գլխավոր դատավորն հավելել է, որ «հուսահատությունը միասնաբար քաջալերող» այդպիսի մշակույթը անհամատեղելի է Նամիբիայի Սահմանադրության հետ, որը պահանջում է, որ հասարակությունը դատապարտյալների ազատազրկման ժամանակ ուղղի և վերադաստիարակի այդ անձանց:
75. De Boucherville-ն ընդդեմ Մավրիկիոսի Հանրապետության [2008] (UKPC 70) գործով բողոքաբերը դատապարտվել էր մահապատժի: Մավրիկիոսում մահապատժի վերացումից հետո վերջինիս դատավճիռը մեղմացվել է և դարձել պարտադիր ցմահ ազատազրկման դատավճիռ: Գաղտնի խորհրդի դատական հանձնաժողովը ուսումնասիրել է վերոհիշյալ Kafkaris-ի գործով Դատարանի վճիռը և գտել, որ Կիպրոսում գոյություն ունեցող երաշխիքները, որոնք թույլ չէին տալիս, որ Kafkaris-ը զրկվի ազատ արձակվելու հույսից Մավրիկիոսում գոյություն չունեին: Մավրիկիոսի Հանրապետության Գերագույն դատարանը այդպիսի դատավճիռը մեկնաբանեց այնպես, որ de Boucherville-ը դատապարտվել է կյանքի մնացած հատվածը ազատազրկման մեջ անցկացնելու, և այս դատավճռի դեպքում պատժից վաղաժամկետ պայմանական ազատման կամ պատժի պայմանականորեն չկիրառելու մասին օրենսդրության համապատասխան դրույթները չեն գործում: Գաղտնի խորհրդի կարծիքով սա նշանակում է, որ դատավճիռն ակնհայտորեն անհամաչափ և կամայական է և այդպիսով հակասում է Մավրիկիոսի Սահմանադրության 10-րդ հոդվածին (որը ներառում է օրենսդրությամբ պաշտպանված լինելու մասին դրույթներ, այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքը):
Բողոքաբերը նաև պնդում էր, որ դատավճռի պարտադիր բնույթը խախտում է Սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրված իրավունքները (խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ նման այլ վերաբերմունքի արգելք): 10-րդ հոդվածի վերաբերյալ կատարված եզրակացության լույսի ներքո Գաղտնի խորհուրդը անհրաժեշտ չհամարեց քննելու կամ որոշելու 75-րդ հոդվածի ներքո ազատ արձակելու կիրառելիության հարցը (նախագահի ներման առանձնաշնորհը): Սակայն այն գտավ, որ Կիպրոսում առկա երաշխիքները (Գլխավոր դատախազի կողմից ազատ արձակումը առաջարկելը և Նախագահի՝ պատիժները մեղմելու և ազատ արձակելու լիազորությունը) Մավրիկիոսում գոյություն չունեին: Գաղտնի խորհուրդը նաև քննել է այն հարցը, որ մահապատժի և ցմահ ազատազրկման պարտադիր դատավճռի միջև տարբերությունները կարող են չափազանցվել և այդ նպատակով հավանություն տալով լորդ Bingham-ի Lichniak-ի գործով և լորդ դատավորների Wellington-ի գործով արտահայտած կարծիքներին, մեջբերել է դրանք (տե´ս վերևում պարբերություններ 45 և 54):
IV. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
76. Ազատազրկման խնդիրների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային փաստաթղթերը, հատկապես ռեաբիլիտացիային տրված կարևորությանը, հաստատվել են Dickson-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործի վճռով ([GC], թիվ 44362/04, §§ 28‑36, ՄԻԵԴ 2007‑V): Սույն գործին վերաբերելի մասով գործը համառոտ կերպով կարող է ներկայացվել հետևյալ կերպ:
Ա. Եվրոպայի խորհրդի փաստաթղթերը
77. Ի հավելումն թիվ (2003)22 և (2003)23 Հանձնարարականների այն հատվածների, որոնք վերաբերում են ռեաբիլիտացիային և դատապարտյալների՝ ազատությանը կառուցողական կերպով նախապատրաստելուն, Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված առանցքային նշանակության փաստաթուղթ է համարվում 2006թ. Եվրոպական բանտային կանոնները:
Կանոնների հիմնական սկզբունքներից մեկը ներառված է 6-րդ կանոնում, որտեղ նշվում է՝
«Կալանավորումը պետք է այնպես կազմակերպել, որպեսզի այն աջակցի ազատությունից զրկված անձանց ազատ հասարակության մեջ արագ վերաինտեգրվելուն»:
102.1-րդ կանոնը սահմանում է, որ դատապարտված անձանց ռեժիմը պետք է այնպես կազմակերպվել, որպեսզի վերջիններս ուղղորդվեն դեպի պատասխանատու և հանցագործություններից զերծ կենսակերպ վարելուն: 2006թ. Կանոնների մեկնաբանություններում (Հանցավորության խնդիրների եվրոպական կոմիտեի կողմից մշակված) նշված է, որ 102-րդ կանոնը համահունչ է կարևոր միջազգային փաստաթղթերի պահանջներին, ներառյալ՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 10-րդ հոդվածի 3-րդ կետի հետ (տե´ս ստորև պարբերություն 80):
103-րդ կանոնը սահմանում է դատապարտյալների ռեժիմի կազմակերպումը: Այն համապատասխանաբար սահմանում է՝
«103.2 Անձին [քրեակատարողական հաստատություն] ընդունելուց անմիջապես հետո, անհրաժեշտ է զեկուցագրեր գրել դատապարտյալի վիճակի մասին, յուրաքանչյուրի համար առաջարկվող պատժի ծրագրերի և վերջիններիս ազատ արձակմանը նախապատրաստելու ռազմավարության մասին:
...
103.4 Այդպիսի ծրագրերը իրագործելիության սահմաններում պետք է ներառեն՝
ա. աշխատանքը,
բ. կրթությունը,
գ. այլ տեսակի զբաղմունքը, և
դ. ազատ արձակման նախապատրաստումը:
...
103.8 Առանձնակի ուշադրություն է հարկավոր դարձնել ցմահ և այլ երկար ժամկետով ազատազրկվածների պատժի համապատասխան ծրագրերի և ռեժիմի մշակմանը»:
107-րդ կանոնը (դատապարտված անձանց ազատ արձակման մասին), inter alia, սահմանում է. ավելի երկար ժամանակահատվածով ազատազրկվածների դեպքում անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել նրանց ազատ հասարակության մեջ կյանք վարելուն աստիճանաբար նախապատրաստելու ուղղությամբ (Կանոն 107.2), և որ բանտային ղեկավարությունը սերտորեն պետք է համագործակցի այն ծառայությունների և հաստատությունների հետ, որոնք վերահսկում և օժանդակում են ազատ արձակվածներին՝ օգնելով բոլոր դատապարտյալներին վերագտնելու իրենց հասարակության մեջ (Կանոն 107.4):
Բ. Միացյալ ազգերի կազմակերպության նվազագույն ստանդարտ կանոնները
78. Միացյալ ազգերի կազմակերպության Կալանավորների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները (1957թ.) ներառում են կալանավորների հետ վարվելու հետևյալ ուղենիշները՝
«58. Ազատազրկման միջոցով պատժի կամ ազատությունից զրկելու նմանատիպ այլ միջոցի նպատակը և արդարացումը գլխավորապես հասարակությանը հանցագործություններից պաշտպանելն է: Այս նպատակին կարելի է հասնել միայն, եթե ազատազրկման մեջ գտնվելու ժամանակը հնարավորինս օգտագործվի ապահովելու համար, որ հասարակություն վերադառնալուն պես հանցագործություն կատարած անձը ոչ միայն ցանկություն ունենա, այլև ի վիճակի լինի վարելու օրինապաշտ և ինքնուրույն կյանք:
59. Այս նպատակին հասնելու համար հաստատությունը պետք է գործադրի օժանդակության համար հարմար և առկա բոլոր տեսակի վերականգնողական, կրթական, բարոյական, հոգևոր և այլ միջոցները և ձևերը, և ձգտի դրանք համապատասխանեցնելու կալանավորների անհատական կարիքների հետ:
60. (1) Հաստատության ռեժիմը պետք է ձգտի նվազագույնի հասցնել ազատազրկման մեջ անցնող և ազատ կյանքի միջև եղած տարբերությունները, որոնք նվազեցնում են կալանավորների պատասխանատվությունը կամ ազդում վերջիներիս մարդկային արժանապատվության վրա:
(2) Նախքան ազատազրկման ժամկետի ավարտը ցանկալի է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ապահովելու համար անձի աստիճանական վերադարձը հասարակության մեջ ապրելուն: Կախված առանձին գործերի առանձնահատկություններից, այս նպատակին կարելի է հասնել նախա-ազատման ռեժիմ կիրառելու միջոցով, որն անցկացվում է միևնույն կամ այլ նմանատիպ հաստատությունում կամ փորձաշրջանով ազատ արձակում՝ որոշակի վերահսկման պայմաններում, որը չպետք է իրականացվի ոստիկանության կողմից, այլ պետք է համակցվի արդյունավետ սոցիալական օժանդակությամբ:
61. Կալանավորների հետ վարվեցողության ժամանակ շեշտն անհրաժեշտ է դնել ոչ թե նրանց համայնքից մեկուսացման, այլ դրա անբաժանելի մաս լինելու վրա: Այդ իսկ պատճառով համայնքային հաստատությունները պետք է հնարավորության սահմաններում ներգրավվեն կալանավորների սոցիալական ռեաբիլիտացիայի գործին ...
...
Կալանավորների հետ վարվեցողություն
65. Ազատազրկման դատապարտված կամ նմանատիպ այլ տեսակի պատիժներ կրող անձանց հետ վարվեցողությունը պետք է ուղղված լինի, որքանով որ դա թույլ է տալիս պատժի տևողությունը, վերջիններիս մոտ պատիժը կրելուց հետո օրինապաշտ և ինքնուրույն կյանք վարելու ցանկություն առաջացնելուն և նրանց այդպիսի կենսակերպին նախապատրաստելուն: Կալանավորների հետ վարվեցողությունը պետք է ուղղված լինի սեփական անձի հանդեպ հարգանքի զգացում առաջացնելուն և զարգացնի վերջիններիս պատասխանատվության զգացումը:
66. (1) Այդ նպատակին հասնելու համար բոլոր համապատասխան միջոցներն անհրաժեշտ է գործադրել, այդ թվում նաև՝ հոգևոր օգնություն այնպիսի երկրներում, որտեղ դա ընդունված է, կրթություն, մասնագիտական ուղղորդում և վերապատրաստումներ, սոցիալական աշխատանք, աշխատանք գտնելու վերաբերյալ խորհրդատվություն, ֆիզիկական պատրաստվածության և բարոյական որակների զարգացում՝ ըստ յուրաքանչյուր առանձին կալանավորի անհատական պահանջների և հաշվի առնելով վերջինիս սոցիալական և քրեական պատմությունը, ֆիզիկական և մտավոր կարողություններն ու համապատասխանությունը, բնավորությունը, պատժի տևողությունը և ազատ արձակվելուց հետո հեռանկարները»:
79. Ռեաբիլիտացիայի մասին հղումները ներառված են նաև 24-րդ և 62-րդ կանոններում (ռեաբիլիտացիային խոչընդոտող ցանկացած ֆիզիկական կամ մտավոր թերացումները նկատելը), 63-րդ կանոնում (բաց պայմանների մասին), 64-րդ կանոնում (ազատ արձակումից հետո օժանդակության մասին), 67-րդ կանոնում (դասակարգման և անհատականացման մասին), 75-րդ կանոնի 2-րդ կետում (աշխատանքի մասին), 80-րդ կանոնում (բանտից դուրս գտնվող անձանց հետ հարաբերությունների մասին):
Գ. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր
80. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 10-րդ հոդվածը համապատասխանաբար սահմանում է՝
«1. Ազատազրկված բոլոր անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և մարդկային անհատին ներհատուկ արժանապատվության հարգման իրավունք:
...
3. Պատժական համակարգով ձերբակալվածների համար նախատեսվում է ռեժիմ, որի էական նպատակը նրանց ուղղումն է և սոցիալական վերադաստիրակությունը: Անչափահաս իրավախախտողները առանձնացվում են չափահասներից, և նրանց տրվում է իրենց տարիքին ու իրավական կարգավիճակին համապատասխանող ռեժիմ»:
81. Մարդու իրավունքների կոմիտեն 10-րդ հոդվածի վերաբերյալ իր թիվ 21 (1992) Ընդհանուր մեկնաբանություններում, inter alia, նշում է, որ ոչ մի քրեակատարողական համակարգ չպետք է սոսկ պատժիչ լինի, այլև պետք է ձգտի անձի վերափոխմանը և սոցիալական ռեաբիլիտացիային, ինչն ավելի կարևոր է (տե´ս մեկնաբանությունների պարբերություն 10):
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
82. Դիմումատուները Մեծ Պալատի առջև պնդում էին, որ իրենց նկատմամբ կայացված առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռները անհամատեղելի են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ, որը սահմանում է, որ՝
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
Ա. Պալատի գնահատականը
83. Կողմերի կողմից Պալատին ներկայացրած հիմնավորման մեջ արտահայտվել էր համանման կարծիք այն մասին, որ ցանկացած խիստ անհամաչափ պատիժ հավասարազոր է վատ վերաբերմունքի, որը հակասում է 3-րդ հոդվածին: Պալատը համաձայնվեց այդ պնդման հետ (նշելով, որ սա դատավճռի՝ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հավասար լինելը ստուգելու համար լայնորեն ընդունված և կիրառվող չափորոշիչ է), սակայն ընդգծեց, որ ստուգման դրական արդյունքներ կարող են արձանագրվել միայն «շատ հազվադեպ և եզակի դեպքերում» (վճռի պարբերություն 88 և 89):
84. Պալատն այնուհետև գտավ, որ այս ընդհանուր պահանջի պայմաններում, երբ պատիժը չի կարող խիստ անհամաչափ լինել, անհրաժեշտ է տարբերակել ցմահ ազատազրկման երեք տեսակ (վճռի պարբերություն 90).
(i) ցմահ ազատազրկում, որի ժամանակ անձը կարող է նվազագույն ժամկետի ազատազրկման պատիժը կրելուց հետո ազատման ենթակա լինել,
(ii) ցմահ ազատազրկման հայեցողական պատիժ՝ առանց վաղաժամկետ ազատման հնարավորության (այսինքն՝ այսպիսի պատիժը սահմանվում է օրենքով, սակայն դրա կիրառման համար անհրաժեշտ է դատարանի որոշում, որպեսզի այն ի կատար ածվի), և
(iii) ցմահ ազատազրկման պարտադիր պատիժ՝ առանց վաղաժամկետ ազատվելու հնարավորության (այսինքն՝ առանձին տեսակի հանցագործությունների համար օրենքով սահմանված պատիժ, որի նշանակումը թողնված չէ դատավորի հայեցողությանը):
85. Պալատը գտավ, որ առաջին տեսակի պատիժը հստակորեն կրճատման ենթակա է և այս կապակցությամբ որևէ հարց չի կարող բարձրացվել 3-րդ հոդվածի համաձայն (տե´ս վճռի պարբերություն 91):
86. Երկրորդ տեսակի պատժի համար Պալատը նշեց հետևյալը.
«[Ս]ովորաբար այդպիսի պատիժները նշանակվում են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում, ինչպիսին օրինակ՝ կանխամտածված սպանությունը կամ առանց դիտավորության կատարված սպանությունն է: Ցանկացած իրավական համակարգում, եթե այդպիսի հանցագործությունների համար ցմահ ազատազրկում չի նշանակվում, ապա առնվազն բավականին երկար ազատազրկում է նախատեսվում և հավանաբար՝ մի քանի տասնյակ տարիների համար: Այդ իսկ պատճառով ցանկացած դատապարտյալ, ով պատիժ է կրում այդպիսի հանցագործության համար, պետք է ակնկալի բավականաչափ երկար տարիների ազատազրկում՝ նախքան վերջինս կարող է ազատ արձակվելու իրատեսական հույս ունենալ՝ անկախ այն բանից, թե վերջինիս նկատմամբ կայացվել է ցմահ ազատազրկման, թե որոշակի ժամկետով ազատազրկման դատավճիռ: Այստեղից հետևում է, որ եթե հայեցողական ցմահ ազատազրկումը կիրառվում է դատարանի կողմից բոլոր համապատասխան մեղմացուցիչ և ծանրացուցիչ հանգամանքները հաշվի առնելուց հետո, այն նշանակելու պահին 3-րդ հոդվածով սահմանված իրավունքի հարց չի կարող բարձրացվել»:
87. Այդ իսկ պատճառով Պալատը գտավ, որ 3-րդ հոդվածի ներքո հարց կարող է բարձրացվել, երբ հնարավոր լինի ցույց տալ, որ՝ (i) դատապարտյալի շարունակական ազատազրկումը օրինական որևէ հիմքով այլևս արդարացված չէ, և որ (ii) պատիժը de facto և de jure կրճատման ենթակա չէ (տե´ս վճռի պարբերություն 92):
88. Երրորդ տեսակի պատիժների՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման համար Պալատը գտավ, որ թեև ավելի լուրջ ուսումնասիրություն է անհրաժեշտ որոշելու համար, թե արդյո՞ք այն խիստ անհամաչափ է, թե ոչ, այսպիսի պատիժն ինքնին չի հակասում Կոնվենցիային և 3-րդ հոդվածի ներքո հարցը կարող է բարձրացվել միևնույն կերպ, ինչ առանց վաղաժամկետ ազատում կիրառելու հայեցողական պատժի:
89. Կիրառելով այս չափանիշները՝ Պալատը գտավ, որ դիմումատուների նկատմամբ սահմանված պատիժներն, ըստ էության, առանց ներման իրավունքի ցմահ ազատազրկման հայեցողական պատիժներ են:
90. Պալատն այնուհետև դիտարկեց, որ Պետքարտուղարի գթասիրական նկատառումներով ազատ արձակման քաղաքականությունը շատ ավելի նեղ էր սահմանված, քան վերևում մեջբերված Kafkaris-ի գործում բերված Կիպրոսի ներում շնորհելու քաղաքականությունը: Առաջին, այն կարող է ենթադրաբար նշանակել, որ դատապարտյալը կմնա ազատազրկման մեջ, նույնիսկ եթե վերջինիս տևական ազատազրկումը չի կարող օրինական ուղղիչ հիմքերով արդարացվել, քանի դեռ վերջինս անբուժելի հիվանդ կամ ֆիզիկապես անկարող չէ: Երկրորդ, Պալատը գտավ, որ Անգլիայի և Ուելսի նախկին օրենսդրական համակարգի ներքո ցմահ ազատազրկման պատիժը վերանայվում է դատապարտյալի՝ քսանհինգ տարի ազատազրկում կրելուց հետո: Ոչ մի բացատրություն չի տրամադրվել այն մասին, թե ինչու վերանայման այդ մեխանիզմը նոր օրենսդրության՝ 2003թ. Օրենքի մեջ տեղ չի գտել: Տեղին է նաև նշել, որ Հռոմի համաժողովում ընդունված Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը դատարանի կողմից կայացված ցմահ ազատազրկման դատավճիռների դեպքում համանման վերանայման շրջանակ է սահմանում: Երրորդ, Պալատը կասկածանքով է վերաբերվում գթասիրական նպատակներով ազատ արձակմանը, եթե դրա միակ իմաստն անձին բանտի փոխարեն սեփական բնակարանում կամ հյուրատնում մահանալ թույլատրելն է:
91. Այնուամենայնիվ, կիրառելով սույն վճռի 92-րդ պարբերությունում սահմանված չափանիշները՝ Պալատն այնուհետև գտավ, որ 3-րդ հոդվածի հարցը դիմումատուների գործերով դեռևս չի կարող բարձրացվել, քանի որ նրանք չեն ներկայացրել ապացույցներ առ այն, որ շարունակական ազատազրկումը այլևս իրավաչափ ուղղիչ նպատակ չի հետապնդում: Առաջին դիմումատուն ազատազրկման մեջ է ընդամենը երեք տարի (պարբերություն 95): Թեև երկրորդ և երրորդ դիմումատուները համապատասխանաբար գտնվել են քսանվեց և տասնվեց տարվա ազատազրկման մեջ, նրանց նկատմամբ 2008 թվականին կրկին անգամ նշանակվել է ազատազրկման պատիժ: Բարձր դատարանը չի քննել այն հարցը, թե արդյո՞ք դիմումատուներից որևէ մեկի շարունակական ազատազրկումն այլևս կրում է իրավաչափ ուղղիչ նպատակ. ճիշտ հակառակը՝ յուրաքանչյուր գործով Բարձր դատարանը գտավ, որ պատժի պահանջները և հանցագործությունների կանխարգելումը իրագործելի են միայն առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման միջոցով (տե´ս նույն տեղում):
Բ. Կողմերի փաստարկները
1. Կառավարությունը
92. Կառավարությունը պնդեց, որ Պալատն իրավացի էր գտնվել երեք տեսակի ցմահ ազատազրկման պատիժների տարանջատման հարցում: Ո´չ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատժի նշանակումը և ո´չ էլ այդպիսի պատժի կրումը, ըստ էության, անհամատեղելի չեն 3-րդ հոդվածի հետ: Պայմանավորվող կողմերի միջև անհամաձայնություն կար՝ կապված ցմահ ազատազրկման պատիժների նշանակման հետ, ինչպես որ դա երևում է, օրինակ, Ձերբակալման եվրոպական կարգադրության և անդամ պետությունների միջև հանձնման ընթացակարգերի մասին եվրոպական շրջանակային որոշման 5-րդ հոդվածի 2-րդ կետի ոչ իմպերատիվ տեքստից (տե´ս վերևում պարբերություն 67): Անգլիայի և Ուելսի քրեակատարողական քաղաքականությունը երկար պատմություն ունի և լավ հիմքերի վրա է դրված: Այն կիսում է ներպետական դատարանների և խորհրդարանի կարծիքը այն մասին, որ որոշ տեսակի հանցագործություններ այնքան դաժան են, որ դրանք արժանի են ցմահ ազատազրկման՝ զուտ պատժի նպատակներով:
93. Պալատն իրավացիորեն գտավ, որ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման հայեցողական պատժի առումով (այն է՝ Անգլիայում և Ուելսում առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժ), դատավճիռների կայացման պահին 3-րդ հոդվածի ներքո հարց չի առաջանում: Իսկապես, Կառավարության կողմից ներկայացված փաստարկների համաձայն՝ այն կարող է երբեք էլ չծագել: Այդ իսկ պատճառով Կոնվենցիայով նախատեսված չէ ցմահ ազատազրկվածների պատիժները վերանայելու իրավունք: Վերանայման մեխանիզմը կուղղվի ազատ արձակման միայն աղոտ հույսի ներշնչմանը: Այդ հույսի աղոտ բնույթը առաջ է գալիս այն ժամանակ, երբ անձի նկատմամբ կիրառվում է առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժ առանձնապես ծանր այնպիսի հանցանքի համար, որի զարհուրելի լինելու տպավորությունները ժամանակի հետ չեն նվազում: 3-րդ հոդվածը այնպիսի գործընթաց չի պահանջում, որի արդյունքում ազատ արձակվելու հույսը կնվազեր: Ճիշտ հակառակը՝ այն պահանջում է, որպեսզի անձի կոնվենցիոն իրավունքները պաշտպանվեին, եթե այդպիսի ժամանակ գար և անընդմեջ անազատության մեջ լինելը դառնար 3-րդ հոդվածի հետ ոչ համատեղելի: Դիմումատուների դեպքում այդ խնդիրը չի առաջացել և կարող է երբեք էլ չառաջանալ:
94. Bieber-ի գործով հիմնվելով Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատավճռի և Պետքարտուղարի՝ 1997թ. Օրենքի 30-րդ հոդվածի ներքո սահմանված ազատ արձակելու լիազորության վրա (տե´ս պարբերություններ 47 և 42)՝ Կառավարությունը մեկնաբանեց, որ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկումը չկրճատվող ցմահ ազատազրկում չէ: Պետքարտուղարի լիազորություններն ընդարձակ են և ոչ հրահանգչական: Այն իրականացնելիս՝ վերջինս պարտավոր է գործել Կոնվենցիայի համաձայն: Այսպիսով, եթե երբևիցե դիմումատուները պնդեն, որ իրենց ազատազրկումը ուղղիչ որևէ հիմքով արդարացված չէ և ապացուցեն, որ դա այդպես է, 30-րդ հոդվածի համաձայն նրանք ազատ կարձակվեին: Պետքարտուղարի կողմից ընդունված ցանկացած հակառակ որոշում ենթակա է դատական ստուգման:
95. Ի պատասխան Պալատի այն դիտարկումների, համաձայն որի գործող օրենսդրության շրջանակներում, այն է՝ 2003թ. Օրենքի ներքո քսանհինգ տարվա ազատազրկումից հետո պատիժը վերանայելու հնարավորություն չի ընձեռվում, Կառավարությունը ներկայացրեց, որ Օրենքի ընդունման նպատակներից էր պատժի և զսպման նկատառումներով համապատասխան տևողությամբ սահմանված ազատազրկման պատիժների վերաբերյալ դատական ակտերի բացառապես դատարանի կողմից ընդունվելը: 2003թ. Օրենքի 21-րդ հավելվածը ներառում է ցմահ ազատազրկման գործերով նվազագույն ժամկետների վերաբերյալ մանրամասն և պարտադիր բնույթ չունեցող ուղեցույցը: Կառավարությունը նաև ընդգծեց, որ բոլոր երեք դիմումատուների գործերով վերջիններիս առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկումը կայացվել է անկախ դատավորների կողմից, ովքեր հաշվի են առել դիմումատուների կողմից գործած հանցագործությունների ծանրությունը և բոլոր ծանրացուցիչ ու մեղմացուցիչ հանգամանքները: Դատական այդ ակտերը ստուգման են ենթարկվել Վերաքննիչ դատարանի կողմից:
96. Վերոհիշյալի հիման վրա, ինչպես նաև Պալատի վճռում բերված հիմնավորումների համաձայն, Կառավարությունը պնդեց, որ բոլոր երեք դիմումատուների դեպքում 3-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
2. Դիմումատուները
97. Դիմումատուները պնդում էին, որ իրենց գործերով առկա է 3-րդ հոդվածի խախտում: Չնայած Կառավարության կողմից հակառակ պնդումների՝ իրենց պատիժները կրճատելի չեն. 1997թ. Օրենքի 30-րդ հոդվածի կամ ցանկացած այլ օրենսդրական դրույթի համաձայն ոչ մի դատապարտյալ դեռևս ազատ չի արձակվել:
98. Դիմումատուները համաձայնեցին Պալատի այն դիտարկման հետ, որի համաձայն անհրաժեշտ է տարանջատել ցմահ ազատազրկման երեք տեսակներ: Սակայն Պալատն այնուհետև սխալ թույլ տվեց՝ գտնելով, որ 3-րդ հոդվածի ներքո հարց չի առաջանում մինչև այն պահը, երբ այլևս շարունակական ազատազրկումն արդարացնող ուղղիչ հիմքեր չկան: Այս մոտեցումը թերի էր, քանի որ այն չէր հասցեագրում երկու խնդիր. (i) 3-րդ հոդվածի նյութաիրավական կողմը, ըստ որի դիմումատուի առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռները ab initio վատ վերաբերմունքի դրսևորում էր և (ii) պատժի վերանայման դատավարական պահանջը, որը պետք է նախատեսվեր առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռների դեպքում՝ ապահովելու համար 3-րդ հոդվածի ներքո խախտման բացակայությունը:
99. Առաջին խնդրի մասով, դիմումատուները համաձայնեցին, որ ցմահ ազատազրկված անձը կարող էր իր ողջ կյանքի ընթացքում պահվել ազատազրկման մեջ, քանի որ վերջինս դեռ վտանգ էր ներկայացնում հասարակության համար, և այս դեպքում 3-րդ հոդվածի ներքո խնդիր չէր առաջանում: Սակայն սոսկ պատժի նպատակով առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկում կիրառելու դեպքում այն ուղղակիորեն նվաստացնում է մարդկային արժանապատվությունը, կոտրում մարդու ոգին և անտեսում պայմանական ազատման օգտին խոսող հավասարակշռող հիմնավորումների ներուժը, որը կարող է ապագայում առաջանալ: Պալատի կարծիքով ազատազրկման հիմնավորումների մեջ են մտնում պատիժը, կանխարգելումը, հասարակական անվտանգության ապահովումը և ռեաբիլիտացիան: Սակայն այս գործոնների հավասարակշռումը կարող է ժամանակի հետ փոխվել: Առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռը, որը վերանայման ենթակա չէ, նշանակում է, որ դատապարտյալը ազատազրկման մեջ կլինի ողջ կյանքի ընթացքում մինչև մահ՝ անկախ այն բանից, թե արդյո՞ք պատիժը կրելու ընթացքում այս գործոնները կարող են փոփոխվել, թե ոչ:
Ավելին, մահապատժի վերացումից ի վեր ցմահ ազատազրկումը՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի, պատժի միակ տեսակն է, որը հանցանք գործած անձին տևականորեն մեկուսացնում է հասարակությունից և հակասում եվրոպական քրեակատարողական քաղաքականության մեջ գերակշռող դեր ունեցող վերաինտեգրման սկզբունքին: Եվրոպայի խորհրդի ոչ մի փաստաթուղթ չի հաստատում առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման իրավաչափությունը, իսկ և այնպիսի մարմիններ, ինչպիսին է ԽԿԿ-ն, այն համարում են անմարդկային (տե´ս վերևում բերված Շվեյցարիայի վերաբերյալ աշխատանքային փաստաթուղթը և զեկույցը, պարբերություններ 63 և 64): Այսպիսի պատիժների կիրառումն արգելող տեսակետը հաստատվել է եվրոպական միասնական մոտեցմամբ, որի օրինակներն են Իտալիայի և Գերմանիայի Սահմանադրական դատարանների արտահայտած կարծիքները, և ողջ աշխարհում այլ երկրների Գերագույն ու Սահմանադրական դատարանների արտահայտած տեսակետները (տե´ս վերևում բերված համապատասխան համեմատական իրավունքը, պարբերություններ 68-75): Հատկանշական է նաև, որ Շոտլանդիայում առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռներ չեն կայացվում, Շոտլանդիայի խորհրդարանի կողմից ընդունված Օրենքն այնպես է նախագծված, որ դատավորները պետք է բոլոր գործերով սահմանեն նվազագույն պատժաժամկետ, ինչն արվել է ապահովելու համար շոտլանդական օրենքի՝ Կոնվենցիայի հետ համապատասխանությունը (տե´ս նաև վերևում պարբերություն 68):
100. Երկրորդ խնդրի՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավարական պահանջի մասով՝ դիմումատուները պնդում էին, որ Կառավարությունը չի կարողացել պատճառաբանված մեկնաբանություն ներկայացնել այն մասին, թե ինչու 2003թ. Օրենքում քսանհինգ տարի հետո պատժի վերանայման սկզբունքը տեղ չի գտել: Այն չի նշվել Կառավարության կողմից սույն Դատարանին ներկայացված փաստարկներում կամ այն ժամանակ, երբ այդ մասին ներկայացվում էր օրենսդրական փոփոխության փաթեթ, որը սակայն 2012թ. մարտին Լորդերի պալատի կողմից չընդունվեց: Քսանհինգ տարի հետո պատժի վերանայման անհրաժեշտության օգտին բերվող այլ օրինակ է Հռոմի համաժողովում ընդունված Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը. այս փաստաթուղթը ստորագրած 121 պետությունները Ճանաչել են, որ պատժի վերանայումն անհրաժեշտ է նույնիսկ ամենածանր հանցագործությունների դեպքում, ինչպես օրինակ՝ ցեղասպանության:
101. Վերջապես, որպես իրենց գանգատի հիմնավորում առ այն, որ իրենց նկատմամբ սահմանված պատիժները հավասարազոր են վատ վերաբերմունքի, առաջին և երկրորդ դիմումատուները հիմնվում էին կլինիկական հոգեբան հանդիսացող երկու փորձագետների եզրակացության վրա, ովքեր բնութագրել են դատապարտյալների ընկճված և հուսահատ հոգեվիճակը և կրած պատժի ընթացքում նրանց անձնական կարողությունների վատթարացումը:
Գ. Մեծ Պալատի գնահատականը
1. «Խիստ անհամաչափություն»
102. Պալատը գտավ, որ խիստ անհամաչափ պատիժը խախտում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքը: Պալատին ներկայացրած իրենց փաստարկներում կողմերն ընդունել են այս դատողությունը և շարունակում են ընդունել այն նաև Մեծ Պալատին ներկայացված փաստարկներում: Մեծ Պալատը համաձայն է այս տեսակետի հետ և հաստատում է Պալատի որոշումը: Այն նաև համաձայնվում է Պալատի այն տեսակետի հետ, համաձայն որի միայն բացառիկ և եզակի դեպքերում է հնարավոր հասնել սրան (տե´ս վերևում պարբերություն 83 և Պալատի վճռի պարբերություններ 88 և 89):
2. Ցմահ ազատազրկման դատավճիռներ
103. Սակայն, քանի որ դիմումատուները չեն փորձել վիճարկել իրենց նկատմամբ սահմանված առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռների խիստ անհամաչափ լինելու հանգամանքը, ուստի անհրաժեշտ է պարզել, ինչպես որ դա արվեց Պալատի կողմից, թե արդյո՞ք առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռներն այլ հիմքերով խախտում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածը: Այդ քննության հիմքում ընկած ընդհանուր սկզբունքները հետևյալն են:
104. Դատարանի նախադեպային իրավունքով հաստատված է, որ պետության՝ քրեական արդարադատության համակարգի ընտրությունը, այդ թվում՝ պատիժների վերանայման և ազատ արձակման կարգավորումները դուրս են Դատարանի եվրոպական մակարդակում կատարվող վերահսկողության շրջանակից, այն պայմանով, որ այդ համակարգը չի հակասում Կոնվենցիայով հաստատված սկզբունքներին (տե´ս վերևում Kafkaris-ի գործը, § 99):
105. Բացի այդ, Վերաքննիչ դատարանը R-ն ընդդեմ Oakes-ի գործով (տե´ս վերևում պարբերություն 50) գտավ, որ արդար և համաչափ պատժի խնդիրը կառուցողական բանավեճի և քաղաքակիրթ տարաձայնությունների առարկա է: Ընդսմին, պայմանավորվող կողմերին պետք է շնորհվի թույլատրելի հայեցողության շրջանակ առանձին հանցագործությունների դեպքում համապատասխան ազատազրկման պատժաչափը որոշելու համար: Ինչպես նշել է Դատարանը, իրավասու դատարանի կողմից դատավճիռների կայացման առանձին պատիժների դեպքում որոշվող կիրառելի համապատասխան պատժաչափի կամ ազատազրկման տևողության կամ այլ տեսակի պատիժների վերաբերյալ հայտարարություններ անելը իր խնդիրը չէ (տե´ս T.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 24724/94, § 117, 16 դեկտեմբեր 1999թ., V.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 24888/94, § 118, ՄԻԵԴ 1999‑IX, և Sawoniuk-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (դեկ.), թիվ 63716/00, ՄԻԵԴ 2001‑VI):
106. Միևնույն պատճառներով, պայմանավորվող կողմերը ազատ են նաև այնպիսի ծանր հանցագործությունների դեպքում, ինչպիսին սպանությունն է, չափահաս հանցագործների նկատմամբ սահմանելու ցմահ ազատազրկում. այդպիսի պատժի սահմանումը չափահասի նկատմամբ ինքնին արգելված չէ և անհամատեղելի չէ 3-րդ հոդվածի կամ Կոնվենցիայի ցանկացած այլ հոդվածի հետ (տե´ս վերևում մեջբերված Kafkaris-ի գործը, § 97): Սա հատկապես այդպես է, երբ այդպիսի պատիժը պարտադիր բնույթ չի կրում, այլ սահմանվում է անկախ դատավորի կողմից ցանկացած գործով բոլոր մեղմացուցիչ և ծանրացուցիչ հանգամանքները հաշվի առնելուց հետո:
107. Սակայն ինչպես Դատարանը սահմանել է Kafkaris-ի գործով, առանց կրճատման հեռանկարի սահմանվող ցմահ ազատազրկման պատիժը կարող է 3-րդ հոդվածի ներքո խնդիր առաջացնել (տե´ս նույն տեղում): Գոյություն ունեն այս սկզբունքի երկու մասնավոր, սակայն միմյանց հետ կապ ունեցող կողմեր, որոնք Դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել և վերահաստատել:
108. Առաջին, ցմահ ազատազրկումը անկրճատելի չի դառնում միայն այն փաստով, որ գործնականում դատապարտյալը այն կարող է ամբողջությամբ կրել: 3-րդ հոդվածի ներքո խնդիր չի առաջանում, եթե ցմահ ազատազրկման պատիժը de jure և de facto դառնում է կրճատելի (տե´ս Kafkaris-ի գործը, վերևում մեջբերված, § 98):
Այս առումով Դատարանը ընդգծում է, որ 3-րդ հոդվածի ներքո խնդիր չի բարձրացվի, եթե օրինակ՝ ցմահ դատապարտյալը ներպետական օրենսդրությամբ իրավունք ունենար ազատ արձակվելու, սակայն այն մերժվեր վերջինիս՝ հասարակության համար դեռևս վտանգ ներկայացնելու հիմքով: Դա այդպես է, քանի որ պետությունն ունի Կոնվենցիայով սահմանված պարտավորություն՝ միջոցներ ձեռնարկել պաշտպանելու հասարակությանը բռնությամբ կատարված հանցագործություններից, և Կոնվենցիան չի արգելում պետություններին ծանր հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ սահմանելու անորոշ ժամկետով պատիժներ՝ այսպիսով թույլ տալով, որ հասարակության պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով, որոշ դատապարտյալներ շարունակաբար մնան անազատության մեջ (տե´ս, mutatis mutandis, T.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, § 97, և V.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, § 98, երկուսն էլ մեջբերված են վերևում): Եվ իրոք, հանցագործի՝ կրկին անգամ հանցանք գործելու հնարավորությունը կանխելը ազատազրկման պատժի «կարևոր գործառույթներից» է (տե´ս Mastromatteo-ն ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 37703/97, § 72, ՄԻԵԴ 2002‑VIII, Maiorano-ն և այլոք ընդդեմ Իտալիայի, թիվ 28634/06, § 108, 15 դեկտեմբեր 2009թ., և, mutatis mutandis, Choreftakis-ը և Choreftaki-ն ընդդեմ Հունաստանի, թիվ 46846/08, § 45, 17 հունվար 2012թ.): Սա հատկապես այդպես է սպանություն կամ մարդու դեմ ուղղված այլ ծանր հանցագործություն գործելու համար դատապարտվածների դեպքում: Միայն այն փաստը, որ նման դատապարտյալներն արդեն իսկ բավականաչափ պատիժ են կրել, չի թուլացնում պետության՝ հասարակությանը պաշտպանելու պոզիտիվ պարտավորությունը. պետությունները կարող են իրենց այդ պարտավորությունը կատարել՝ շարունակելով այդ տեսակի ցմահ դատապարտյալներին պահել անազատության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ վերջիններս համարվում են հասարակության համար վտանգավոր (տե´ս, օրինակ, Maiorano-ն և այլոք գործը, վերևում մեջբերված):
109. Երկրորդ, որևէ կոնկրետ գործով ցմահ ազատազրկման՝ կրճատման ոչ ենթակա լինելը որոշելիս, Դատարանը փորձել է հաստատել, թե արդյո՞ք ցմահ դատապարտյալը կարող է ազատ արձակվելու որևէ հեռանկար ունենալ: Եթե ազգային օրենսդրությունը հնարավորություն տալիս է վերանայելու ցմահ ազատազրկման դատավճիռները՝ պատժի մեղմացման, ներման, պատժի դադարեցման կամ դատապարտյալի պայմանական ազատ արձակման ձևով, ապա դա բավարարում է 3-րդ հոդվածի պահանջները (տե´ս Kafkaris-ի գործը, վերևում մեջբերված, § 98):
110. Կան մի շարք պատճառներ, երբ ցմահ ազատազրկման պատիժները կարող են մնալ համատեղելի 3-րդ հոդվածի հետ, որի համար անհրաժեշտ է ազատ արձակվելու հեռանկար և պատժի վերանայման հնարավորություն:
111. Ապացուցման ենթակա չէ այն փաստարկը, որի համաձայն դատապարտյալը պետք է մնա ազատազրկման մեջ, եթե դրա համար կան ուղղվելու իրավաչափ հիմքեր: Ինչպես որ Վերաքննիչ դատարանն է ճանաչել Bieber-ի գործով և Պալատը սույն գործով, այս հիմքերի մեջ են մտնում պատիժը, կանխարգելումը, հանրային պաշտպանությունը և ռեաբիլիտացիան: Այս հիմքերից շատերը առկա են ցմահ ազատազրկումը կիրառելու ժամանակ: Սակայն ազատազրկման այս հիմնավորումների հավասարակշռումը անպայման չէ որ լինի ստատիկ և կարող է փոխվել պատժի իրականացման ընթացքում: Այն, ինչը կարող է ազատազրկման առաջնային արդարացումը լինել պատժի մեկնարկի ժամանակ, երկարաժամկետ ազատազրկումից հետո պարտադիր չէ, որ մնա նույնը: Միայն տևական ազատազրկման արդարացումը հարմար պահին վերանայելու դեպքում է, որ այս գործոնները կամ դրանց փոփոխությունները կարող են պատշաճ կերպով գնահատվել:
112. Ավելին, եթե այդպիսի դատապարտյալը մնում է ազատազրկման մեջ առանց ազատման որևէ հեռանկարի կամ առանց ցմահ ազատազրկման պատիժը վերանայելու հնարավորության, գոյություն ունի ռիսկ, որ վերջինս երբեք չի փորձի հանցագործության համար քավել մեղքերը. ինչ էլ որ դատապարտյալը անի բանտում, որքան էլ որ նա ձգտի դրսևորել գերազանց վարք և ընթանալ ռեաբիլիտացիային ընդառաջ, նրա պատիժը մնում է անփոփոխ և վերանայման ոչ ենթակա: Ժամանակի հետ նրա պատիժն էլ ավելի է երկարում, որքան երկար է դատապարտյալն ապրում, այնքան երկար է ընթանում վերջինիս պատիժը: Այսպիսով, նույնիսկ եթե ցմահ ազատազրկումը նշանակման պահին արդար պատիժ էր, ժամանակի հետ այն դառնում է, ինչպես որ նշել են լորդ դատավորները Wellington-ի գործով, արդար և համաչափ պատժի համար թույլ երաշխիք (տե´ս վերևում պարբերություն 54):
113. Ավելին, Գերմանիայի Դաշնային Սահմանադրական դատարանը Ցմահ ազատազրկման գործով (տե´ս վերևում պարբերություն 69), գտավ, որ Հիմնական օրենքում ամրագրված մարդկային արժանապատվության մասին դրույթների հետ անհամատեղելի է պետության կողմից անձին բռնի կերպով ազատություններից զրկելը՝ առանց վերջինիս ազատությունը վերադարձնելու առնվազն հնարավորություն ընձեռելու: Այս եզրակացությունն էր, որ Սահմանադրական դատարանին օգնեց հաստատելու, որ կալանավայրի աշխատակազմը պարտավոր է ցմահ ազատազրկվածների ռեաբիլիտացիայի համար ստեղծել նպաստավոր պայմաններ, իսկ այդ ռեաբիլիտացիան սահմանադրական պահանջ է յուրաքանչյուր այնպիսի հասարակության համար, որը մարդկային արժանապատվությունը հաստատել է որպես իր առանցքային արժեք: Իսկապես, Սահմանադրական դատարանը հաջորդ՝ Պատերազմի հանցագործության գործով հստակեցրեց, որ սա վերաբերում է բոլոր ցմահ ազատազրկվածներին՝ անկախ նրանց կողմից կատարված հանցանքի բնույթից, և որ միայն տկարների կամ մահվան մահճում գտնվողների համար այն հասանելի դարձնելը բավարար չէ (տե´ս վերևում պարբերություն 70):
Համանման նկատառումներ է անհրաժեշտ հաշվի առնել Կոնվենցիայի համակարգի ներքո, որի բուն էությունը, ինչպես որ հաճախ հաստատել է Դատարանը, մարդկային արժանապատվության հարգումն է (տե´ս, inter alia, Pretty-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 2346/02, § 65, ՄԻԵԴ 2002‑III, և V.C.-ն ընդդեմ Սլովակիայի, թիվ 18968/07, § 105, ՄԻԵԴ 2011 (հատվածներ)):
114. Իսկապես, եվրոպական և միջազգային իրավունքում հստակ պաշտպանվում է այն սկզբունքը, որի համաձայն բոլոր դատապարտյալներին, այդ թվում նաև՝ ցմահ ազատազրկվածներին, պետք է ընձեռվի ռեաբիլիտացիայի հնարավորություն և ազատ արձակման հեռանկար, եթե ռեաբիլիտացիայի պայմանները բավարարված են:
115. Դատարանն արդեն առիթներ ունեցել է նշելու, որ թեև պատիժը մնում է ազատազրկման նպատակներից մեկը, եվրոպական քրեակատարողական քաղաքականության մեջ այժմ շեշտադրումը ազատազրկման ռեաբիլիտացիոն նպատակի վրա է, հատկապես երբ դա մոտ է երկարաժամկետ ազատազրկման ավարտին (տե´ս, օրինակ, Dickson-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 44362/04, § 75, ՄԻԵԴ 2007‑V, և Boulois-ն ընդդեմ Լյուքսեմբուրգի [GC], թիվ 37575/04, § 83, ՄԻԵԴ 2012թ., և դրանցում առկա մյուս հղումները): Եվրոպայի խորհրդի իրավական փաստաթղթերից այս գաղափարն ավելի հստակ կերպով բացատրված է Եվրոպական բանտային կանոնների 6-րդ կանոնում, որը սահմանում է, որ կալանավորումը պետք է այնպես կազմակերպել, որպեսզի այն աջակցի ազատությունից զրկված անձանց ազատ հասարակության մեջ արագ վերաինտեգրվելուն, իսկ 102.1-րդ կանոնը սահմանում է, որ դատապարտված անձանց ռեժիմը պետք է այնպես կազմակերպվել, որպեսզի վերջիններս ուղղորդվեն դեպի պատասխանատու և հանցագործություններից զերծ կենսակերպ վարելուն (տե´ս վերևում պարբերություն 77):
116. Վերևում՝ պարբերություններ 60–64-ում և 76-ում բերված Եվրոպայի խորհրդի համապատասխան գործիքները նույնպես ցույց են տալիս, որ, առաջին, ռեաբիլիտացիան պետք է հավասարապես հասանելի լինի նաև ցմահ ազատազրկված դատապարտյալների համար, և երկրորդ, ռեաբիլիտացիայի դեպքում, ցմահ ազատազրկվածները նույնպես պետք է հեռանկարում ունենան վաղաժամկետ պայմանական ազատումը:
Եվրոպական բանտային կանոնների 103-րդ կանոնը սահմանում է, որ դատապարտյալների ազատազրկման ռեժիմների իրականացման ընթացքում անհատականացված պատժի ծրագրեր պետք է մշակվեն, որոնք պետք է ներառեն, inter alia, ազատման նախապատրաստումը: Պատժի այսպիսի ծրագրերը 103.8-րդ կանոնի համաձայն մասնավորապես տարածվում են նաև ցմահ ազատազրկվածների վրա (տե´ս վերևում կանոն 77):
Նախարարների կոմիտեի թիվ 76(2) Բանաձևն առաջարկում է, որ բոլոր դատապարտյալների գործերը, ներառյալ ցմահ ազատատազրկվածներինը, պետք է ուսումնասիրվեն հնարավորինս վաղ, որոշելու համար, թե արդյո՞ք վաղաժամկետ պայմանական ազատում կարող է շնորհվել, թե ոչ: Բանաձևը նաև առաջարկում է, որ ցմահ ազատազրկվածների պատիժների վերանայում պետք է տեղի ունենա առնվազն ութից մինչև տասնչորս տարին լրանալուց հետո և կանոնավոր կերպով կրկնվի (տե´ս վերևում պարբերություն 60):
Թիվ 2003(23) Հանձնարարականը (քրեակատարողական հաստատությունների կողմից ցմահ և երկարաժամկետ ազատազրկվածների նկատմամբ կառավարում իրականացնելու մասին) ընդգծում է, որ ցմահ ազատազրկված դատապարտյալները պետք է ունենան ազատ արձակմանը կառուցողական կերպով նախապատրաստվելու, ներառյալ՝ այդ նպատակով բանտային համակարգում առաջընթաց գրանցելու հնարավորություն: Հանձնարարականը նաև հստակ նշում է, որ ցմահ ազատազրկվածները պետք է ունենան վաղաժամկետ պայմանական ազատ արձակվելու հնարավորություն (տե´ս մասնավորապես Հանձնարարականի պարբերություններ 2, 8 և 34, և դրան ուղեկցող զեկույցի պարբերություն 131, որոնք մեջբերված են վերևում՝ պարբերություն 61):
Թիվ 2003(22) Հանձնարարականը (պայմանական վաղաժամկետ ազատման մասին) նույնպես հստակորեն նշում է, որ պայմանական վաղաժամկետ ազատումը պետք է հասանելի լինի բոլոր դատապարտյալների համար, և որ ցմահ ազատազրկվածները չպետք է զրկվեն ազատ արձակվելու հույսից (տե´ս Հանձնարարականի 4(ա) պարբերությունը և բացատրական հուշագրի 131-րդ պարբերությունը, երկուսն էլ մեջբերված են վերևում՝ պարբերություն 62):
Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն վերջերս համանման տեսակետներ է արտահայտել Շվեյցարիայի վերաբերյալ իր զեկույցում (տե´ս վերևում պարբերություն 64):
117. Թե´ ցմահ ազատազրկվածների ռեաբիլիտացիայի այս պարտավորությունը և թե´ նրանց ազատ արձակման հեռանկարը արտացոլված է պայմանավորվող կողմերի պրակտիկայում: Սա երևում է Գերմանիայի և Իտալիայի Սահմանադրական դատարանների կողմից ռեաբիլիտացիայի և ցմահ ազատազրկման պատիժների մասին կայացված վճիռներում (տե´ս վերևում պարբերություններ 69-71 և 72) և Դատարանի ձեռքի տակ եղած այլ համեմատական նյութերում: Սա ցույց է տալիս, որ պայմանավորվող կողմերի ճնշող մեծամասնությունը կա´մ ցմահ ազատազրկում ընդհանրապես չեն կիրառում, կա´մ էլ եթե կիրառում են, ապա պատիժները սահմանող օրենսդրության մեջ ունեն հաստատված այնպիսի մեխանիզմներ, որոնց օգնությամբ երաշխավորվում է ցմահ ազատազրկման պատիժների որոշ ժամանակ անց վերանայումը, որը տեղի է ունենում սովորաբար քսանհինգ տարի ազատազրկման մեջ գտնվելուց հետո (տե´ս վերևում պարբերություն 68):
118. Ցմահ ազատազրկման պատիժ կրող դատապարտյալների ռեաբիլիտացիայի և նրանց հետագայում ազատ արձակման հեռանկարներ ապահովելու նույնանման պարտավորություն կարելի է գտնել նաև միջազգային իրավունքում:
Միացյալ ազգերի կազմակերպության Կալանավորների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոններն ուղղորդում են բանտային մարմիններին օգտագործել առկա ռեսուրսները ապահովելու համար հանցանք կատարած անձանց դեպի հասարակություն վերադարձը (տե´ս Կանոններ 58-61, 65 և 66, վերևում մեջբերված՝ պարբերություն 78): Բացի այդ, Կանոնների տարբեր հատվածներում խոսվում է ռեաբիլիտացիայի մասին (տե´ս վերևում պարբերություն 79):
Բացի այդ, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 10-րդ հոդվածի 3-րդ կետը մասնավորապես սահմանում է, որ քրեակատարողական համակարգի կարևոր նպատակը պետք է լինի դատապարտյալների ուղղումը և սոցիալական վերադաստիրակությունը: Սա ընդգծվել է Մարդու իրավունքների կոմիտեի 10-րդ հոդվածի վերաբերյալ Ընդհանուր մեկնաբանություններում, որն ընդգծում է, որ ոչ մի քրեակատարողական համակարգ չպետք է լինի սոսկ պատժիչ (տե´ս վերևում պարբերություններ 80 և 81):
Վերջապես, Դատարանը հաշվի է առնում 121 պետությունների՝ ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ճնշող մեծամասնության կողմից ընդունված Հռոմի Միջազգային քրեական դատարանի կանոնադրության համապատասխան դրույթները: Կանոնադրության 110-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է ցմահ ազատազրկման պատժի վերանայում՝ ազատազրկման մեջ գտնվելուց քսանհինգ տարի հետո, որից հետո ազատ արձակման հարցը պետք է պարբերաբար քննարկվի: 110-րդ հոդվածի 3-րդ կետի կարևորությունը ընդգծվում է այն փաստով, որ Կանոնադրության 110-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի Ընթացակարգի և ապացույցների կանոնակարգի 223-րդ և 224-րդ կանոնները սահմանում են մանրամասն ընթացակարգային և նյութաիրավական երաշխիքներ, որոնցով կարգավորվում է պատժի վերանայումը: Պատժի կրճատման չափանիշները, inter alia, ներառում են ազատազրկված անձի վարքագծի ուսումնասիրություն, որի նպատակն է պարզել, թե արդյո՞ք վերջինս իրականում անջատվել է իր գործած հանցանքից և անձի վերասոցիալականացումը (տե´ս Կանոն 223(ա) և (բ), վերևում մեջբերված, պարբերություն 65):
3. Ցմահ ազատազրկման դատավճիռների վերաբերյալ ընդհանուր եզրակացություն
119. Վերոհիշյալ պատճառներով, Դատարանը գտնում է, որ ցմահ ազատազրկման համատեքստում 3-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի պատիժը կրճատելու անհրաժեշտության տեսանկյունից, այն իմաստով, որ վերանայումը պետական իշխանություններին պետք է հնարավորություն ընձեռի ուսումնասիրելու, թե արդյո՞ք կան դատապարտյալի կյանքում տեղի ունեցած այնպիսի էական փոփոխություններ և որ պատիժը կրելու ընթացքում ռեաբիլիտացիայի ուղղությամբ առաջընթացն այնպիսին է եղել, որ ազատազրկման շարունակումն իրավաչափ ուղղիչ հիմքերով այլևս արդարացված չէ:
120. Սակայն Դատարանն ընդգծում է, որ հաշվի առնելով թույլատրելի հայեցողության շրջանակը, որը շնորհված է պայմանավորվող կողմերին քրեական արդարադատության և պատիժների հարցերում (տե´ս պարբերություններ 104 և 105), Դատարանի խնդիրը չէ որոշել պատիժների վերանայման ձևը (գործադիր կամ դատական): Միևնույն պատճառով Դատարանը չպետք է որոշի այն հարցը, թե երբ պետք է վերանայումը տեղի ունենա: Նշելով սա՝ Դատարանը նաև ընդունում է, որ իր տրամադրության տակ գտնվող համեմատական և միջազգային իրավունքի նյութերը վկայում են այնպիսի օրենսդրական հստակ մեխանիզմների նախատեսման անհրաժեշտության մասին, որոնք երաշխավորվում են պատժի վերանայում՝ ցմահ ազատազրկման դատավճռի կայացումից առնվազն քսանհինգ տարի անց, որից հետո նաև պարբերաբար վերանայման հնարավորություն տալիս (տե´ս վերևում պարբերություններ 117 և 118):
121. Այս եզրակացությունից հետևում է, որ այն դեպքերում, երբ ներպետական օրենսդրությունը պատժի վերանայման հնարավորություն չի ընձեռում, առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկումը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի չափանիշներին չի համապատասխանում:
122. Թեև անհրաժեշտ վերանայումը դատավճռին հաջորդող հավանական իրադարձություն է, առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված անձը չպետք է անորոշ ժամանակ սպասի՝ մնալով ազատազրկման մեջ, նախքան կկարողանա բողոք բերել այն մասին, որ իր դատավճռի իրավական հիմքերն այս առումով չեն համապատասխանում 3-րդ հոդվածի պահանջներին: Այս իրավիճակը կհակասի թե´ իրավական որոշակիության և թե´ զոհի կարգավիճակի ընդհանուր սկզբունքներին՝ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի ներքո սահմանված եզրույթի իմաստով: Բացի այդ, այն դեպքերում, երբ հարկ եղած դեպքում պատիժը ներպետական օրենսդրության ներքո ենթակա չէ կրճատման, անխոհեմ կլիներ ակնկալել, որ դատապարտյալն աշխատում է իր սեփական ռեաբիլիտացիայի ուղղությամբ առանց իմանալու, թե արդյո՞ք մի անորոշ ժամանակ անց ինչ-որ մեխանիզմ կարող է ներկայացվել, որի ներքո վերջինս կարող էր ակնկալել, որ այդ ռեաբիլիտացիայի հիման վրա ինքն ազատ կարձակվի: Առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված անձը պատիժը կրելու առաջին իսկ օրվանից սկսած պետք է տեղեկացվի, թե ինչ պետք է ինքն անի, որպեսզի վերջինիս պատիժը ենթակա լինի վերանայման և ինչ պայմաններով, ներառյալ՝ երբ, իր պատիժը կվերանայվի կամ կարող է վերանայվել: Հետևաբար, այն դեպքերում, երբ ներպետական օրենսդրությունը առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատժի վերանայման համար մեխանիզմներ կամ հնարավորություն չի նախատեսում, 3-րդ հոդվածի հետ անհամատեղելիությունն առաջանում է առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատժի նշանակման պահին իսկ, և ոչ՝ ազատազրկման ավելի ուշ փուլում:
4. Սույն գործը
123. Մնում է կատարված դիտարկումների լույսի ներքո քննել, թե արդյո՞ք գործով դիմումատուների առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռները Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջները բավարարում են, թե ոչ:
124. Դատարանը սկսում է դիտարկելով, որ Պալատն իր վճռում գտել է (տե´ս պարբերություն 94), որ Կառավարության կողմից ներկայացված ցմահ ազատազրկվածների պատիժների՝ քսանհինգ տարի հետո վերանայման մասին դրույթը ցմահ ազատազրկման մասին Անգլիայում և Ուելսում գործող օրենսդրության մեջ՝ 2003թ. Օրենքում, չներառելու վերաբերյալ բերված հիմնավորումները համոզիչ չեն (տե´ս վերևում պարբերություն 95): Դատարանը նշում է, որ այդպիսի վերանայումը, թեև այն գործադիր մարմնի պարտականությունների շարքում էր, այնուամենայնիվ, նախկին օրենսդրական համակարգի ներքո գոյություն ուներ (տե´ս վերևում պարբերություն 46):
Կառավարությունը նշել էր, որ քսանհինգ տարի հետո պատիժների վերանայումը չէր ներառվել 2003թ. Օրենքում, քանի որ Օրենքի նպատակներից մեկն էր պատժի և կանխարգելման նպատակներով ազատազրկման համապատասխան ժամկետների մասին որոշումները դատական դաշտ բերելը (տե´ս վերևում պարբերություն 95): Սակայն անկախ դատական համակարգի կողմից առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկում կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտությունը տարբերվում է այդպիսի պատիժների՝ ավելի ուշ ժամանակ վերանայելու անհրաժեշտությունից, որի նպատակն է դրանց իրավաչափ ուղղիչ հիմքերի ապահովումը: Ավելին, հաշվի առնելով, որ օրենսդրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը բխում էր գործադիր իշխանությանը՝ ցմահ ազատազրկման հարցերով որոշումների կայացման գործընթացից ամբողջապես դուրս մղելու նպատակից, ավելի նպատակահարմար կլիներ, եթե դատական հսկողության ներքո կատարվող քսանհինգ տարի անց պատժի վերանայման գործառույթը վերացվելու փոխարեն գործադրից ամբողջապես փոխանցվեր դատական իշխանությանը:
125. Ավելին, գործող օրենսդրությունը ցմահ ազատազրկվածների ազատ արձակման հեռանկարների տեսանկյունից հստակ չի ձևակերպված: Ճիշտ է՝ 1997թ. Օրենքի 30-րդ հոդվածը Պետքարտուղարին լիազորություն է շնորհում ազատ արձակելու ցանկացած դատապարտյալի, ներառյալ՝ ցմահ ազատազրկվածի (տե´ս վերևում պարբերություն 42): Ճիշտ է նաև, որ այդ լիազորությունն իրականացնելիս, ինչպես և այլ օրենսդրական լիազորությունների պարագայում, Պետքարտուղարը օրենքով սահմանված պարտավորություն ունի գործելու Կոնվենցիայի համաձայն (տե´ս Մարդու իրավունքների մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, որը ներկայացված է վերևում՝ պարբերություն 33): Ինչպես Կառավարությունն է ներկայացնում Դատարանի առջև արված իր միջնորդության մեջ, 30-րդ հոդվածը պետք է ընթերցվի ոչ միայն ազատ արձակման լիազորություն շնորհելու տեսանկյունից, այլև վերջինիս վրա դրված պարտավորության՝ իրականացնելու այդ լիազորությունը այն դեպքերում, երբ համոզիչ ներկայացվի, որ դատապարտյալի ազատազրկման շարունակումն այլևս անհամատեղելի է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ, օրինակ՝ եթե այն այլևս չի կարող արդարացվել իրավաչափ ուղղիչ հիմքերով:
Սա, ըստ էության, Bieber-ի գործով Վերաքննիչ դատարանի կողմից 30-րդ հոդվածին տրված մեկնաբանությունն էր, որը վերահաստատվեց Oakes-ի գործով (տե´ս մասնավորապես վերևում պարբերություն 49, հղում կատարելով Bieber-ի գործով վճռի պարբերություններ 48 և 49՝ Վերաքննիչ դատարանի հիմնավորման մեջ նշված էր, որ 30-րդ հոդվածի ներքո շնորհվող լիազորությունը շատ քիչ էր օգտագործվում, պատճառ չկար, թե ինչու այն չպետք է Պետքարտուղարի կողմից օգտագործվեր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ համապատասխանությունը ապահովելու նպատակով):
30-րդ հոդվածի այսպիսի մեկնաբանությունը պետք է ցմահ դատապարտյալների համար օրենսդրությամբ ամրագրված որոշակի հեռանկարներ ապահովի, որոնք սկզբունքորեն պետք է լինեն համահունչ այս Դատարանի կողմից կայացված Kafkaris-ի վճռին՝ մեջբերված վերևում: Եթե հաստատվեր, որ դիմումատուների գործերի առնչությամբ կա որոշակիության բավարար մակարդակ՝ կապված այս նպատակին հասնելու համար գոյություն ունեցող կիրառելի ներպետական օրենսդրության հետ, ապա հնարավոր չէր լինի պնդել, որ վերջիններիս պատիժները կրճատման ենթակա չեն և այսպիսով՝ 3-րդ հոդվածի խախտում չէր հայտնաբերվի:
126. Սակայն Դատարանի համար մտահոգության առարկա պետք է լինի ներկայացվող օրենսդրությունը, քանի որ այն ներկայումս հիմնված է հրապարակված քաղաքականության և դատավորների կարծիքների վրա և գործնականում կիրառվում է առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկվածների նկատմամբ: Փաստ է այն, որ չնայած Վերաքննիչ դատարանի կողմից Bieber-ի գործով կայացված վճռին, Պետքարտուղարն այդպես էլ չփոխեց հստակ կերպով արտահայտած և սահմանափակող քաղաքականության պայմանները, որը վերաբերում էր այն հարցին, թե երբ է նա օգտագործելու 30-րդ հոդվածով իրեն վերապահված լիազորությունը: Չնայած Վերաքննիչ դատարանի կողմից 30-րդ հոդվածին տրված մեկնաբանությանը՝ Բանտային ծառայության մասին հրամանագիրը մնում է ուժի մեջ և սահմանում, որ ազատ արձակում կթույլատրվի միայն սպառիչ կերպով, սակայն ոչ սոսկ ցուցադրական նպատակներով, ներկայացված հանգամանքներում, այն է՝ եթե դատապարտյալը անբուժելի հիվանդ է կամ ֆիզիկապես անկարող, որի պարագայում վերջինս պետք է համապատասխանի լրացուցիչ այլ պայմանների (այն է՝ կա կրկին անգամ հանցանք գործելու նավազագույն հավանականություն, ազատազրկումը շարունակվելու պարագայում դատապարտյալի կյանքի տևողությունը զգալիորեն կնվազի, բանտից դուրս գոյություն ունեն դատապարտյալի խնամքի և բուժման համար համապատասխան պայմաններ, և վաղաժամկետ ազատ արձակումը շոշափելի օգուտներ կբերի դատապարտյալին կամ նրա ընտանիքի անդամներին):
127. Սրանք խիստ սահմանափակող պայմաններ են: Նույնիսկ եթե ենթադրենք, որ ցմահ ազատազրկվածը բավարարում է դրանց, Պալատը արդարացիորեն կասկածանք է հայտնում այն մասին, թե արդյո՞ք անբուժելի կամ ֆիզիկապես անկարող հիվանդի գթասիրական նկատառումներով ազատ արձակումը ընդհանրապես կարող է համարվել ազատում, եթե ողջ իմաստը դատապարտյալի բանտի փոխարեն տնային պայմաններում կամ հյուրատնում մահկանացուն կնքելն է: Իսկապես, այսպիսի «ազատ արձակման հեռանկարը» այն չէ, ինչի մասին խոսվում էր վերևում մեջբերված Kafkaris-ի գործում: Եվ որպես այդպիսին, այսպիսի հրամանագրի պայմանները համահունչ չեն Kafkaris-ի գործի հետ, այդ իսկ պատճառով չեն բավարարում 3-րդ հոդվածի պահանջները:
128. Ավելին, Բանտային ծառայության մասին հրամանագիրը պետք է վերաբերի ոչ միայն դատապարտյալներին, այլև քրեակատարողական մարմիններին: Այնուամենայնիվ, այն որակական բացատրություններ չի ներառում, որտեղ պետք է հաշվի առնվեին Bieber-ի գործով Վերաքննիչ դատարանի հիմնավորումները և սույն գործով Դատարանին միջնորդություններ ներկայացնելու ժամանակ հիմնվեին դրա վրա՝ անդրադառնալով նաև Մարդու իրավունքների մասին օրենքի և Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ազդեցության ներքո 1997թ. Օրենքի 30-րդ հոդվածի ներքո ամրագրված Պետքարտուղարի կողմից ազատ արձակելու լիազորություններին: Մասնավորապես, Հրամանագիրը չի արտացոլում այն հավանականությունը, որը ամրագրված է Մարդու իրավունքների մասին օրենքում, որի համաձայն նույնիսկ ցմահ ազատազրկվածները կարող են իրենց պատիժը որոշակի ժամանակ կրելուց հետո իրավաչափ ուղղիչ հիմքերով ազատման համար դիմում ներկայացնել: Այս նպատակի համար հիմնվելով կիրառելի օրենսդրական շրջանակի վերաբերյալ կառավարության կողմից ներկայացված հիմնավորումների վրա, անհրաժեշտ է նշել, որ Բանտային ծառայության մասին հրամանագիրը, որն անմիջականորեն է ազդում դատապարտյալների վրա, միայն մասամբ է ներկայացնում այն բացառիկ պայմանների պատկերը, որոնք կարող են ազդեցություն ունենալ Պետքարտուղարի կողմից՝ 30-րդ հոդվածի ներքո սահմանված անձին ազատ արձակելու լիազորությունների իրականացման վրա:
129. Արդյունքում, հաշվի առնելով գործող ներպետական օրենսդրության՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկվածների մասով կիրառության հստակության պակասը, Դատարանը չի կարող ընդունել Կառավարության այն հիմնավորումը, համաձայն որի 1997թ. Օրենքի 30-րդ հոդվածը կարող է մեկնաբանվել որպես դիմումատուների գործերով կիրառելի և համապատասխան փոխհատուցման ճանապարհ, եթե վերջիններս երբևիցե կարողանան ցույց տալ, որ իրենց ազատազրկման շարունակվելու համար այլևս իրավաչափ ուղղիչ հիմքեր գոյություն չունեն, և այդպիսով, այն հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին: Ներկայումս դեռևս հստակ չէ, թե արդյո՞ք Պետքարտուղարը, օգտվելով 30-րդ հոդվածի ներքո սահմանված իր լիազորությունից, կքննի առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտվածի կողմից ազատ արձակման վերաբերյալ ներկայացված դիմումը՝ կիրառելով Բանտային ծառայության մասին հրամանագրով սահմանված սահմանափակող քաղաքականությունը, թե կշրջանցի հրամանագրով սահմանված ակնհայտորեն սպառիչ ցանկը՝ կիրառելով Bieber-ի գործով սահմանված 3-րդ հոդվածի վերլուծությունը: Իհարկե, ազատ արձակումը մերժող ցանկացած նախարարական որոշում ենթակա է դատական վերանայման, և շատ հավանական է, որ այդպիսի դատավարությունների ընթացքում իրավական դիրքորոշումը հստակեցվի, օրինակ՝ Բանտային ծառայության մասին հրամանագիրը Պետքարտուղարի կողմից վերացնելու կամ փոխարինելու միջոցով կամ էլ դատարանների կողմից այն չեղյալ հայտարարելու միջոցով: Սակայն այսպիսի հավանականությունը բավարար չէ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկված դատապարտյալների հնարավոր բացառիկ ազատումը հիմնավորող օրենսդրության մեջ գոյություն ունեցող հստակության պակասը լրացնելու համար:
130. 30-րդ հոդվածի տարածական սահմանման (ինչպես որ մեկնաբանված է Վերաքննիչ դատարանի կողմից, քանի որ համաձայն Մարդու իրավունքների մասին օրենքի՝ Միացյալ Թագավորության օրենսդրությունը պետք է ընթերցվի կոնվենցիոն իրավունքներին համահունչ կերպով) և Բանտային ծառայության մասին հրամանագրում ներկայացված սպառիչ պայմանների, ինչպես նաև առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժների վերանայման որևիցե հատուկ մեխանիզմի բացակայության պարագայում ներկայացված հակադրության լույսի ներքո՝ Դատարանը համոզիչ չի գտնում, որ առկա պայմաններում դիմումատուների նկատմամբ սահմանված պատիժները կարող են համարվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նպատակներով կրճատման ենթակա: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ երեք դիմումատուներից և ոչ մեկի դեպքում 3-րդ հոդվածի պահանջները բավարարված չեն:
131. Գալով այս եզրահանգմանը՝ Դատարանը նշում է, որ այս դատավարության շրջանակներում դիմումատուները չեն փորձել վիճարկել, որ իրենց ազատազրկման մեջ պահելու համար իրավաչափ ուղղիչ հիմքեր այլևս գոյություն չունեն: Դիմումատուները նաև ընդունել են, որ եթե նույնիսկ պատժի և կանխարգելման պահանջները բավարարված լինեին, հավանականություն կա, որ իրենք կարող են շարունակել մնալ անազատության մեջ՝ այսպիսի որոշման համար հիմք ընդունելով անձանց վտանգավոր լինելը: Այսպիսով, այս գործերով խախտման հայտնաբերումը չի կարող մեկնաբանվել որպես վերջիններիս անմիջականորեն ազատ արձակվելու հեռանկար:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
132. Մեծ Պալատին ներկայացրած իրենց փաստարկներում դիմումատուները պնդում էին իրենց բողոքը առ այն, որ ներպետական օրենսդրության մեջ պատժի վերանայման մեխանիզմի բացակայությունը խախտում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը, որը սահմանում է՝
«4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի դատական կարգով վիճարկելու իր ազատազրկման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն արագ կարգով որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատազրկումն անօրինական է»։
Սակայն գանգատի այս մասը Պալատի կողմից կայացված վճռով ճանաչվել էր անընդունելի, որով սահմանվում է Մեծ Պալատի իրավազորության շրջանակը (տես, inter alia, Gillberg-ն ընդդեմ Շվեդիայի [GC], թիվ 41723/06, § 53, 3 ապրիլ 2012թ., և վերևում մեջբերված Kafkaris-ի գործը, § 124, և դրանցում առկա մյուս հղումները): Այստեղից հետևում է, որ գանգատի այս մասը Մեծ Պալատի իրավազորության շրջանակից դուրս է:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
133. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
134. Արդարացի փոխհատուցման համար պահանջ ներկայացվել է միայն առաջին դիմումատուի կողմից:
Ա. Վնասը
135. Փորձագիտական եզրակացության հիման վրա, որը նախապատրաստվել է հաշվի առնելով անձի՝ պատիժը կրելու ընթացքում կրած հոգեկան ապրումները, առաջին դիմումատուն պահանջել է 1,500 ֆունտ ստերլինգ (ՄԲՖ) (շուրջ 1,844 եվրո)՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
136. Մեծ Պալատը գտնում է, որ իր կողմից 3-րդ հոդվածի խախտում հայտնաբերելը արդեն իսկ հանդիսանում է արդարացի փոխհատուցում և այդպիսով սույն գլխի ներքո վնասի փոխհատուցում չի շնորհում:
Բ. Ծախսերը և ծախքերը
137. Առաջին դիմումատուն պահանջել է փաստաբանի՝ 120 ժամ և իրավախորհրդատուի՝ 133 ժամ իրավաբանական աշխատանքի դիմաց փոխհատուցում՝ 76,646 ՄԲՖ չափով՝ ներառյալ ԱԱՀ (շուրջ 88,957 եվրո):
138. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի՝ դիմումատուին տրամադրվում է ծախսերի ու ծախքերի փոխհատուցում միայն այն դեպքում, երբ ցույց է տրվում, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և ողջամիտ իրենց ծավալներով։ Սույն գործով հաշվի են առնվել ներկայացված փաստաթղթերը և վերոհիշյալ չափանիշները, որոնց հիման վրա Դատարանը ողջամիտ է համարում առաջին դիմումատուին շնորհել 40,000 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
139. Դատարանը նպատակահարմար է գտնում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ՝ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Վճռում է, ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, որ դիմումատուների առնչությամբ տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում,
2. Վճռում է, միաձայն, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետով ներկայացված բողոքը դուրս է ընկնում Դատարանի քննության շրջանակից,
3. Վճռում է, ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, որ խախտման ճանաչման փաստն ինքին հանդիսանում է արդարացի փոխհատուցում՝ առաջին դիմումատուի կրած որևէ ոչ նյութական վնասի համար,
4. Վճռում է, ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ,
(ա) պատասխանող պետությունը առաջին դիմումատուին պետք է վճարի 40,000 եվրո (քառասուն հազար եվրո)՝ գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում, որը պետք է փոխարկվի ֆունտ ստեռլինգի՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի վերը նշված գումարի պարզ տոկոս՝ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից փոխառության տրամադրման համար սահմանված առավելագույն տոկոսադրույքի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար՝ գումարած երեք տոկոս,
5. Մերժում է, միաձայն, առաջին դիմումատուի արդարացի փոխհատուցման պահանջների մնացած մասը:
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն, կայացվել է 2013թ. հուլիսի 9-ին հրապարակային նիստում, որը տեղի է ունեցել Մարդու Իրավունքների Դատարանի շենքում՝ Ստրասբուրգում՝ համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Michael O’BoyleDean Spielmann
Քարտուղարի տեղակալՆախագահ
Համաձայն Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետի՝ սույն վճռին են կցվում հետևյալ հատուկ կարծիքները՝
(ա) Դատավոր Ziemele-ի համընկնող կարծիքը,
(բ) Դատավոր Power-Forde-ի համընկնող կարծիքը,
(գ) Դատավոր Mahoney-ի համընկնող կարծիքը,
(դ) Դատավոր Villiger-ի մասամբ չհամընկնող կարծիքը:
D.S.
M.O’B.
Հատուկ կարծիքները չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակ(ներ)ում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի HUDOC տվյալների բազայում։
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
[1]Դատավճռի անգլերեն թարգմանության հատվածները կարելի է գտնել այստեղ՝ D.P. Kommers, Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական իրավունք (2րդ խմ.), Դյուքի համալսարանի մամուլ, Դուրհեմ և Լոնդոն, 1997, էջ 306-313:
Full & Egal Universal Law Academy