© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
VONA-Ն ԸՆԴԴԵՄ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ
(Գանգատ թիվ 35943/10)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
9 հուլիս 2013թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
09/12/2013
Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Vona-ն ընդդեմ Հունգարիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Պալատը (Երկրորդ Բաժանմունք), հետևյալ կազմով՝
Guido Raimondi-ն,Նախագահ,
Peer Lorenzen-ը,
Dragoljub Popović-ը,
András Sajó-ն,
Nebojša Vučinić-ը,
Paulo Pinto de Albuquerque-ն,
Helen Keller-ը, դատավորներ,
և Stanley Naismith-ը, Բաժանմունքի Քարտուղար,
2013թ. հունիսի 11-ին կայացած դռնփակ նիստում՝
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց 2013թ. հունիսի 11-ին:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Վարույթը հարուցվել է 2010թ. հունիսի 24-ին՝ Հունգարիայի քաղաքացի պրն. Gábor Vona-ի («դիմումատու») կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, Հունգարիայի Հանրապետության դեմ բերված գանգատի (թիվ 35943/10) հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել է Բուդապեշտում գործող փաստաբան պրն. T. Gaudi-Nagy-ին: Հունգարիայի կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել է Հանրային կառավարման և արդարադատության նախարարության լիազոր ներկայացուցիչ` պրն. Z. Tallódi-ն:
3. Դիմումատուն՝ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն, պնդել է, որ իր կողմից նախագահած Magyar GárdaEgyesület միավորման լուծարումը խախտել է այլոց հետ միավորվելու իր ազատությունը:
4. 2012թ. մարտի 14-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն: Որոշվել է նաև իրականացնել գործի ընդունելիության և ըստ էության միաժամանակյա քննություն (29-րդ հոդվածի 1-ին կետ):
5. 2012թ. հունիսի 12-ին Բաժանմունքի նախագահը՝ Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի Կանոնակարգի 44-րդ կանոնի 3-րդ կետի համաձայն, հրավիրել է Գնչուների իրավունքների եվրոպական կենտրոնին` որպես երրորդ կողմ մասնակցելու լսումներին:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Դիմումատուն ծնվել է 1978 թվականին և ապրում է Բուդապեշտում:
7. 2007թ. մայիսի 8-ին Jobbik Magyarországért Mozgalom (Հանուն բարեկեցիկ Հունգարիայի շարժում) քաղաքական կուսակցության տաս անդամների կողմից հիմնադրվել է Magyar Gárda Egyesület (Հունգարական գվարդիա միություն, «Միություն»), որի կանոնադրական նպատակներից էր, inter alia, պահպանել հունգարական ավանդույթներն ու մշակույթը:
8. 2007թ. հուլիսի 8-ին Միությունը իր հերթին հիմնադրել է Magyar Gárda Mozgalom (Հունգարական գվարդիա շարժում, «Շարժում»): Միության վարչությունը հայտարարել էր, որ որոշել է «ստեղծել Հունգարական գվարդիա, որը, նախ և առաջ, պետք է գործեր որպես շարժում, իսկ հետագայում ստորաբաժանման տեսքով ընդգրկվեր Միության կազմում»: Որոշվել էր նաև, որ «Հունգարական գվարդիան` Միության հետ միավորելու համար պետք է նաև մինչև 2007թ. հոկտեմբերի 10-ը փոխեր [վերջինիս գործող] կանոնադրությունը»:
Շարժման առաջ դրված նպատակներից էր «պաշտպանել ֆիզիկապես, հոգեպես և մտավոր պաշտպանության կարիք ունեցող հունգարացիներին»: Ըստ Շարժման հիմնադիր որոշման` դրա գործունեության նպատակների մեջ էր մտնում իր անդամների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությունը, մասնակցությունը աղետների կառավարմանը և հասարակական անվտանգության ապահովմանը, ինչպես նաև հանրային միջոցառումների միջոցով նշված խնդիրների վերաբերյալ երկխոսության նախաձեռնությունը:
9. 2007թ. հոկտեմբերի 4-ին Բուդապեշտի գլխավոր դատախազության կողմից Միությանը հասցեագրված ծանուցման մեջ կոչ էր արվել դադարեցնել անօրինական գործունեությունը: Նշվել էր, որ Միությունն այնպիսի գործունեություն էր ծավալել, որը չէր համապատասխանում վերջինիս կանոնադրական նպատակներին: Մասնավորապես, ակնարկ էր արվել 2007թ. օգոստոսի 25-ին կազմակերպված հիսունվեց «գվարդիացիների» երդման արարողությանը Բուդայի ամրոցում: Այնուհետև, Միությունն անց էր կացրել ազգային քարոզարշավ, որը նպատակ ուներ հանրածանոթ դարձնել Շարժման առաջ դրված խնդիրները, որոնք չէին համընկնում Միության նպատակներին: Նշվել էր, որ Շարժման նպատակներից մի քանիսը տեղ չէին գտել Միության նպատակների շարքերում, և ոչ էլ համահունչ էին Միության` մշակույթն ու ավանդույթները պահպանելու գործունեության հետ:
2007թ. նոյեմբերի 9-ին դիմումատուն, որպես Միության նախագահ, տեղեկացրել էր դատախազությանը, որ անօրինական գործունեությանը վերջ է դրվել՝ Շարժման հիմնադիր որոշման վիճարկվող մասը վերացնելու միջոցով, և որ նա ձեռնամուխ է եղել կատարել փոփոխություններ Միության կանոնադրության մեջ: Այնուհետև, 2007թ. դեկտեմբերի 7-ին Միության ընդհանուր ժողովը որոշել էր կանոնադրության 2-րդ հոդվածում լրացնել հետևյալ դրույթը. «(զ) Իր անվանման համաձայն՝ Հունգարական գվարդիա միությունը նպատակ է հետապնդում երկխոսություն հաստատել հասարակության հետ և քաղաքացիների համար անցկացնել հանրային միջոցառումներ ու հավաքներ այնպիսի խնդիրների շուրջ, որոնք վերաբերում են նրանց անվտանգությանը, օրինակ՝ աղետների կառավարման, ազգային պաշտպանության և մարդկային կյանքը փրկելու մեթոդների թեմաները»:
10. Այդ նպատակների իրագործման քողի տակ որոշ ժամանակ անց Շարժման անդամները՝ համազգեստ հագած երթեր և հանրահավաքներ էին անցկացրել Հունգարիայի ողջ տարածքով, այդ թվում՝ այն գյուղական համայնքներում, որտեղ գնչուները բնակչության մեծ մաս էին կազմում, կոչ անելով պաշտպանել «էթնիկ հունգարացիներին» այսպես կոչված «գնչու հանցավորությունից»: Այս ցույցերը և երթերն արգելված չէին իշխանությունների կողմից:
Ցույցերից մեկը, որին մասնակցում էին մոտ 200 ակտիվիստներ, կազմակերպվել էր 2007թ. դեկտեմբերի 9-ին շուրջ 1,800 բնակիչ ունեցող Tatárszentgyörgy գյուղում: Ոստիկանությունը ներկա էր գտնվել և չէր թույլատրել, որ երթն անցի գնչուներով բնակեցված փողոցով:
11. Ի պատասխան այդ միջոցառմանը, 2007թ. դեկտեմբերի 17-ին Բուդապեշտի գլխավոր դատախազությունը դատական հայց էր ներկայացրել, պահանջելով լուծարել Միությունը: Հայցը հիմնված էր Միության կողմից այլոց հետ միավորվելու ազատության իրավունքի ենթադրյալ խախտման վրա և նաև այն փաստի, որ Միության կողմից իրականացվող գործունեությունը խախտել էր գնչուների իրավունքներն այն առումով, որ Միության անդամների ելույթները և արտաքին տեսքը, այսինքն՝ համազգեստ հագած ակտիվիստները, կազմով քայլերգը և ռազմական ոճով արձակվող հրամանները վախ էին առաջացրել գնչուների շարքերում:
Գլխավոր դատախազությունը գտնում էր, որ Շարժումը հանդիսանում է Միության ստորաբաժանում և որ դրա գործունեությունը, ըստ էության, Միության գործունեության նշանակալի մաս է կազմում: Դատախազությունը պնդում էր, որ Շարժումը «ինքնաբուխ միավորում» չէր, քանի որ դրա բոլոր անդամները գրանցված էին և նաև ընդգծում էր, որ այն ստեղծվել է Միության նախագահության կողմից, անդամակցության համար դիմումները գնահատվել են Միության կողմից, իսկ համազգեստը հնարավոր էր գնել Միությունից:
12. Այնուամենայնիվ, դատավարության ընթացքում Միությունը պնդում էր, որ իր և Շարժման միջև կազմակերպչական այնպիսի կապ չկար, որը կվկայեր երկու կազմակերպությունների միասնության մասին, հետևապես՝ Միությունը պնդում էր, որ պատասխանատվություն չի կրում Շարժման գործողությունների համար: Միությունը նաև նշել է, որ բոլոր դեպքերում Շարժման գործունեությունն օբյեկտիվ վտանգ չէր ներկայացնում որևէ մեկի համար: Միության կարծիքով վախի սուբյեկտիվ զգացողությունը չի կարող հիմք հանդիսանա հիմնարար իրավունքների, այդ թվում՝ այլոց հետ միավորվելու ազատության սահմանափակման համար: Օբյեկտիվորեն դատելու պարագայում Շարժման գործունեությունը ահաբեկող չէր թվում:
13. Երեք դատական նիստեր հրավիրելուց հետո Բուդապեշտի շրջանային դատարանը 2008թ. դեկտեմբերի 16-ին որոշում կայացրեց հօգուտ Գլխավոր դատախազության և լուծարեց Միությունը՝ ղեկավարվելով 1989թ. Միավորման ազատության իրավունքի մասին թիվ II օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետով (տե´ս ստորև պարբերություն 18):
Դատարանը չհամաձայնեց այն փաստարկների հետ, որոնք վերաբերում էին երկու ինքնուրույն կազմավորման միջև եղած տարբերություններին, և վճռեց, որ դրանց միջև առկա էին «փոխլրացնող հարաբերություններ»: Դատարանը վճռեց, որ Միության հիմնական գործունեությունը սահմանափակվում էր Շարժման ստեղծման, կառավարման, ղեկավարման և ֆինանսավորման գործառույթներով, ընդգծելով, inter alia, որ Շարժումը նվիրատվություններ է ստացել Միության բանկային հաշվի միջոցով: Վճռի իրավական հետևանքները այնուհանդերձ սահմանափակվում էին Միության լուծարմամբ, քանի որ ըստ դատարանի դիրքորոշման` Շարժումը իրավաբանական անձի կարգավիճակ չուներ, և հետևաբար` վճիռը ուղղակիորեն չի կարող տարածվել դրա վրա:
Ինչ վերաբերում է Tatárszentgyörgy գյուղում տեղի ունեցած հանրահավաքին, ապա շրջանային դատարանը վճռեց հետևյալը.
«Միջոցառման հիմնական նպատակը, անշուշտ, «գնչու հանցավորությունը» ուշադրության կենտրոնում պահելն էր: Այսպիսի ընդհանրացման օգտագործումը, որն ակնհայտորեն հիմնված էր ռասայական և էթնիկ հիմքերի վրա, խախտում էր հավասար մարդկային արժանապատվության սկզբունքը ... Ավելին, սա մեկանգամյա դեպքը չէր ... [Շարժումը] իր ծրագիրը կառուցել էր մարդկանց միջև խտրականության հիման վրա, որը արտահայտվում էր մի շարք դեպքերում երթերի տեսքով. այն հավասար էր ուժի ցուցադրման և [երթերի մասնակիցների] արտաքին տեսքի միջոցով այլոց ուղղված սպառնալիքին: ... Դատարանը այն դիրքորոշման է, որ Սահմանադրության տեսանկյունից վախի մթնոլորտ ստեղծելը, փաստորեն` որպես կազմակերպության առաքելություն, անընդունելի է նպատակի կամ դերակատարության առումով:»
14. Դատարանը նշել է, որ համազգեստ հագած մասնակիցներն այնպիսի թևակապեր էին կրում, որոնք շատ նման էին Խաչված նետերի (որը պատասխանատու է 1944-1945 թվականներին Հունգարիայում տիրող ահաբեկչության համար) սպաների թևակապերին: Դատարանը գտել է, որ նման կերպ հագած մասնակիցների երթերն օբյեկտիվորեն կարող էին դիպչել «պատմական զգացողությանը»:
Դատարանը այնուհետև ճանաչել է, որ հակառակ Միության կանոնադրական նպատակի, վերջինիս գործունեությունը խախտում էր միավորումների մասին հունգարական օրենսդրությունը և հակագնչուական տրամադրություններ ստեղծում: Դատարանը գտել է, որ ուժի բանավոր և տեսողական ցուցադրումն անգամ` պատմական իրադարձությունների լույսի ներքո, հավասար էր օրենքի խախտման, հետևաբար` Միության լուծարման համար անհրաժեշտ չէր, որպեսզի այն իրականում հանցանք գործեր. այն փաստը, որ իր ծրագիրը պարունակում էր խտրականության տարրեր, բավարար էր, որպեսզի այն խախտեր այլոց իրավունքները՝ համաձայն [1989թ. թիվ II օրենք] 2-րդ հոդվածի 2-րդ կետի (տե´ս ստորև պարբերություն 18):
15. 2009թ. հուլիսի 2-ին Բուդապեշտի Վերաքննիչ դատարանը թողել է շրջանային դատարանի վճիռը ուժի մեջ: Դատարանը նաև անդրադարձել է Շարժման կողմից կազմակերպված երկու այլ նմանատիպ ցույցերին, որոնք տեղի են ունեցել 2008թ. հունիսի 21-ին Fadd գյուղում և չպարզված ամսաթվին` Sárbogárd գյուղում: Վերաքննիչ դատարանը նշել է, որ Շարժման անդամների ելույթները Fadd գյուղում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ պարունակում էին բազմաթիվ դիտարկումներ, որոնք ուղղված էին գնչուների արտաքսման: Ինչ վերաբերում է Sárbogárd գյուղի միջոցառմանը, ապա Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ հնչել են մի շարք հակահրեական հայտարարություններ:
Դատարանն ավելի սերտ կապ գտավ երկու կազմավորումների միջև, տարածելով վճռի եզրահանգումները նաև Շարժման վրա: Դատարանը վճռեց, որ Շարժումը որպես «ստորաբաժանում» մտնում էր Միության մեջ, և հետևաբար՝ վճիռը հավասարապես վերաբերում էր երկուսին: Միության լուծարումը նաև կազմատել էր այն անձանց կազմակերպչական շրջանակը, որոնք գործում էին լուծարված միության հետ կապակցված ցանկացած այլ շարժման շարքում:
Դատարանը վճռեց, որ հանրահավաքների անցկացման վայրերի ընտրությունը, այն է՝ գնչու ստվար բնակչություն ունեցող գյուղերը, չէր կարող դիտվել որպես հասարակական երկխոսության մեկնարկման համար արժանի քայլ, այլ կարող էր բնութագրվել որպես արտահայտման ծայրահեղ մի ձև, հաշվի առնելով ուժի ցուցադրման գրեթե ռազմական այն համատեքստը, որն ավելի էր սաստկանում ռազմական ոճի համազգեստների, կազմավորումների, հրամանների և ողջույների ընդհանուր ազդեցության արդյունքում: Վերաքննիչ դատարանը՝ ըստ էության ուժի մեջ թողնելով շրջանային դատարանի փաստարկները, պնդում էր, որ գյուղերի բնակչությունը՝ հայտնվելով «գերի հանդիսատեսի» կարգավիճակում, ստիպված էր լսել այս ծայրահեղ և բացառման վրա հիմնված տեսակետները, անկարող լինելով խուսափել դրանցից: Դատարանի կարծիքով Շարժման կողմից կազմակերպված միջոցառումներն իրենց մեջ բռնության վտանգ էին պարունակում, հակամարտության առիթ ստեղծում, խախտում հասարակական կարգը և կյանքի խաղաղ ընթացքը, ինչպես նաև գյուղերի բնակչության ազատության և անվտանգության իրավունքը, չնայած այն հանգամանքին, որ բոլոր հանրահավաքները, որոնք խստորեն վերահսկվում էին ոստիկանության կողմից, ավարտվել էին առանց բռնության որևէ միջադեպի:
Դատարանը նաև անդրադարձավ դիմումատուի արտահայտվելու ազատության հարցին: Միանալով առաջին ատյանի վճռի փաստարկներին և հղում կատարելով Դատարանի նախադեպային իրավունքին՝ դատարանը նշել է, որ այս ազատությունը չի տարածվում ատելության խոսքի և բռնություն հրահրելու վրա:
16. 2009թ. դեկտեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողել Բուդապեշտի Վերաքննիչ դատարանի վճիռը: Այն հաստատել է Վերաքննիչ դատարանի որոշումը առ այն, որ Շարժումը փաստացի գտնվել է Միության կազմում: Դատարանը նաև համաձայնել է ստորադաս դատարանների հետ Միության լուծարման հարցում, նշելով, որ Շարժման հանրահավաքները հակամարտության որոշ իրավիճակներ են ստեղծել, երբ գլխավոր դերակատարները կարող էին ապավինել բռնության:
Սույն որոշումը դիմումատուին ծանուցվել է 2010թ. հունվարի 28-ին:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
17. Խնդրո առարկա ժամանակահատվածում գործող Սահմանադրությունը ներառում էր հետևյալ դրույթները.
Հոդված 2
«(3) Հասարակական կազմակերպությունների, կառավարական մարմինների և անհատ քաղաքացիների գործունեությունը չի կարող ուղղված լինել բռնության գործադրելու միջոցով հանրային իշխանության զավթելուն կամ իրացնելուն, կամ այդ իշխանությանը բացառիկ կերպով տիրապետելուն: Յուրաքանչյուր ոք ունի իրավունքներ և պարտականություններ՝ օրենքով սահմանված կարգով դիմակայելու նման գործունեությանը:»
Հոդված 63
«(1) Հունգարիայի Հանրապետությունում յուրաքանչյուր անձ` այլոց հետ միավորվելու իրավունքի հիման վրա, ունի կազմակերպություններ հիմնելու իրավունք, որի նպատակներն արգելված չեն օրենքով, և նաև՝ նման կազմակերպություններին միանալու իրավունք:
(2) Քաղաքական նպատակներ հետապնդող զինված կազմակերպությունների հիմնադրումը չպետք է թույլատրվի միավորման ազատության հիման վրա:
(3) Խորհրդարանի անդամների երկու երրորդ ձայների մեծամասնությամբ կարող է ընդունվել օրենք` միավորման իրավունքի և ֆինանսական կառավարման և քաղաքական կուսակցությունների գործունեության մասին:»
18. Միավորման ազատության իրավունքի մասին թիվ II օրենքի համաձայն.
Հոդված 2
«(1) Միավորման իրավունքի համաձայն` ֆիզիկական և իրավաբանական անձինք և դրանց հետ փոխկապակցված կազմակերպությունները, որոնք իրավաբանական անձի կարգավիճակ չունեն, կարող են` հաշվի առնելով դրանց գործունեությունը և հիմնադիրների մտադրությունը, հիմնել և ղեկավարել հասարակական կազմակերպություններ:
(2) Միավորման իրավունքի իրականացումը չի կարող խախտել Սահմանադրության 2-րդ հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաև չի կարող դիտվել որպես քրեական հանցանք կամ քրեական հանցանք գործելու հրահրում և չի կարող վնաս հասցնել այլոց իրավունքներին և ազատություններին:»
Հոդված 3
«(1) Քաղաքացիական հասարակական կազմակերպությունը կամավոր կերպով հիմնված ինքնակառավարվող կազմակերպություն է, որը ստեղծվում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար, և որն ունի գրանցված անդամներ և կազմակերպում է իր անդամների գործունեությունը՝ իր նպատակներին հասնելու համար:
(2) Չգրանցված անդամները նույնպես կարող են մասնակցել խոշոր հրապարակային միջոցառումներին:»
Հոդված 4
«(1) ... քաղաքացիական հասարակության կազմակերպությունը համարվում է ստեղծված դատարանում գրանցման պահից:»
Հոդված 5
«Ֆիզիկական անձանց կազմավորումը, որը ստեղծվել է միավորման իրավունքի համաձայն, և որի գործունեությունը պարբերական բնույթ չի կրում կամ որը չունի գրանցված անդամներ կամ սույն օրենքով սահմանված կառուցվածք, չի հանդիսանում քաղաքացիական հասարակության կազմակերպություն:»
Հոդված 16
«(2) Դատախազության կողմից ներկայացված հայցի հիման վրա դատարանը.
(դ) լուծարում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունը, եթե դրա գործունեությունը խախտում է 2-րդ հոդվածի 2-րդ կետը, ...»
Միավորումների իրավական կարգավիճակը հնարավոր է հակիրճ բնութագրել հետևյալ կերպ. այն միավորումները, որոնց գործունեությունը չի ծառայում հանրային շահին, չեն կարող եկամտահարկի գծով նվազեցման ենթակա նվիրատվությունների տեսքով աջակցություն ստանալ անձանց կողմից և իրավունք չունեն այլ նվիրատվություններ ստանալ կամ դիմել հանրային սուբսիդիաների, քանի որ այս արտոնությունները՝ 1996թ. թիվ CXXVI և 2011թ. թիվ CLXXV օրենքների դրույթների համաձայն, վերապահված են հանրային բարօրության նպատակին ծառայող կազմակերպություններին: Սակայն, 1996թ. թիվ LXXXI օրենքը սահմանում է, որ շահույթ չհետապնդող գործունեության արդյունքում միավորման ստացած եկամուտը ազատվում է կորպորատիվ հարկից և որ միավորման ձեռնարկատիրական գործունեությունն ենթակա է արտոնյալ կորպորատիվ հարկման: Ավելին, 1995թ. թիվ CXVII օրենքի համաձայն՝ եկամտահարկի շահավետ կանոնները կիրառվում են միավորումների կողմից մատուցվող որոշ ծառայությունների և դրանց կողմից տրամադրվող մի շարք վարձավճարների և սոցիալական ապահովության նպաստների նկատմամբ: Բացի այդ, 1959թ. թիվ IV օրենքը (Քաղաքացիական օրենսգիրք) սահմանում է, որ միավորման անդամները պատասխանատվություն չեն կրում միավորման պարտավորությունների համար:
19. 1993թ. Ազգային և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների մասին թիվ LXXVII օրենքը՝ խնդրո առարկա ժամանակահատվածի խմբագրությամբ, սահմանում էր.
Հոդված 4
«(1) Հունգարիայի Հանրապետությունը արգելում է ցանկացած քաղաքականություն կամ վարքագիծ, որը.
(ա) ուղղված է կամ հանգեցնում է մեծամասնության հետ փոքրամասնության ձուլման, կամ արտաքսման, կամ մեկուսացման,
(բ) ուղղված է փոխելու ազգային կամ էթնիկ պատկանելիություն ունեցող մարդկանց կազմը փոքրամասնություններով բնակեցված տարածքներում,
(գ) հետապնդում, խախտում կամ խոչընդոտում է փոքրամասնության կամ դրան պատկանող անձանց իրավունքների իրականացումը, հաշվի առնելով նրանց փոքրամասնությանը պատկանելու հանգամանքը, ...»
20. 1976թ. թիվ 8 հրամանագիր օրենքը, որով գործողության մեջ է դրվել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, ընդունվել է Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1966թ. դեկտեմբերի 16-ին կայացած XXIրդ նստաշրջանին, սահմանում է.
Հոդված 20
«2. Ազգային, ռասայական կամ կրոնական ատելության ցանկացած քարոզչություն, որն իրենից ներկայացնում է խտրականության, թշնամանքի կամ բռնության հրահրում, արգելվում է օրենքով:»
21. 1969թ. թիվ 8 հրամանագիր օրենքը, որով գործողության մեջ է դրվել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան, ընդունվել է Նյու Յորքում 1965թ. դեկտեմբերի 21-ին, սահմանում է.
Հոդված 1
«1. Սույն Կոնվենցիայում «ռասայական խտրականություն» հասկացությունը նշանակում է ռասայի, մաշկի գույնի, ցեղային, ազգային կամ էթնիկական ծագման հատկանիշների հիմքով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որոնք ունեն քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ հասարակական կյանքի ցանկացած այլ բնագավառում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները չեղյալ հայտարարելու կամ դրանց ճանաչումը, օգտագործումը կամ իրականացումը նվազեցնելու նպատակ կամ հանգեցնում են նման հետևանքների:»
Հոդված 2
«1. Մասնակից պետությունները դատապարտում են ռասայական խտրականությունն ու պարտավորվում են անհապաղ, բոլոր հնարավոր եղանակներով վարել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման քաղաքականություն և նպաստել բոլոր ռասաների միջև փոխըմբռնմանը, այդ նպատակով` ...
(դ) յուրաքանչյուր մասնակից պետություն, օգտագործելով բոլոր համապատասխան, այդ թվում` անհրաժեշտության դեպքում, օրենսդրական միջոցները, արգելում կամ վերացնում է ցանկացած անձի, խմբի կամ կազմակերպության կողմից իրականացվող ռասայական խտրականությունը, ...»
Հոդված 4
«Մասնակից պետությունները դատապարտում են ցանկացած քարոզչություն և բոլոր այն կազմակերպություններին, որոնք ... փորձում են արդարացնել կամ խրախուսել ռասայական ատելությունն ու խտրականությունը, ինչ ձևով էլ որ դրանք դրսևորվելիս լինեն. նրանք պարտավորվում են ...
(ա) օրենքով պատժելի հանցանք են համարում ... ռասայական խտրականության հրահրումը ... ինչպես նաև ռասիստական գործունեությանն օգնություն տրամադրելը, ներառյալ` նման գործունեության ֆինանսավորումը,
(բ) հակաօրինական են հայտարարում և արգելում են այն կազմակերպությունները, ինչպես նաև կազմակերպված ու ցանկացած այլ քարոզչական գործունեություն, որոնք խրախուսում ու հրահրում են ռասայական խտրականություն, և մասնակցությունը նման կազմակերպություններին կամ գործունեությանը համարում են օրենքով պատժելի հանցագործություն, ...»
22. Սահմանադրական դատարանի թիվ 30/1992 (V. 26) AB որոշումը ներառում է հետևյալ հատվածները.
«II. 3. Մայրցամաքային իրավական համակարգեր ունեցող եվրոպական բոլոր ժողովրդավարական երկրների քրեական օրենսգրքերը, ինչպես նաև Անգլիայի և Ուելսի, Կանադայի և Նոր Զելանդիայի քրեական օրենսգրքերը, որոնք պատկանում են անգլո-սաքսոնական իրավական համակարգին, արգելում են «ռասայական» հիմքով հրահրումը: Հրահրման, ատելության առաջացման և կարծիքի արտահայտման միջև սահմանի տարբերակումը թեժ քննարկումների տեղիք է տալիս նույնիսկ միջազգային մակարդակով:
IV. 1. Հրահրման և ատելության արդյունքում հնարավոր կորուստները, ինչպես նաև բնակչության որոշակի խմբերի նկատմամբ արհամարհանքի վիրավորական դրսևորումները, հանգամանալից կերպով փաստագրված են մարդկության տարեգրության մեջ: ...
Մեր դարաշրջանի ողբերգական պատմական դեպքերը ապացուցում են, որ այն հայացքները, որոնք քարոզում են ռասայական, էթնիկ, ազգային կամ կրոնական թերարժեքությունը կամ գերազանցությունը, և ատելության, արհամարհանքի և բացառման գաղափարների տարածումը, վտանգում են մարդկային քաղաքակրթության արժեքները:
Պատմության և մեր ժամանակաշրջանի դեպքերը ապացուցել են, որ ցանկացած խոսք, որն արտահայտում է որոշակի մարդկանց խմբի նկատմամբ ատելության մթնոլորտ ստեղծելու մտադրության մասին, կարող է մղել սոցիալական լարվածությունը ծայրահեղության, խախտել տիրող հասարակության ներդաշնակությունն ու խաղաղ կյանքը, իսկ ծայրահեղ դեպքերում` հանգեցնել բախումների հասարակության առանձին խմբերի միջև:
Ի լրումն այն պատմական և ժամանակակից դեպքերի, որոնք վկայում են ատելության հրահրման չափազանց վնասարար հետևանքների մասին, անհրաժեշտ է հաշվի առնել ամենօրյա այն վտանգները, որոնք կարող են սկիզբ առնել ատելություն հրահրող գաղափարների և հասկացությունների անսահմանափակ արտահայտությունից: Այդպիսի արտահայտումը խոչընդոտում է մարդկանց՝ ապրելու ներդաշնակության մեջ այլ խմբերի հետ միասին: Փոքր և մեծ համայնքներում հուզական և սոցիալական լարվածությունները խորացնելով՝ հնարավոր է քանդել հասարակության մեջ եղած կապերը, խորացնել ծայրահեղ տեսակետները և ավելացնել կանխակալ կարծիքներն ու անհանդուրժողականությունը: Այս ամենը հանգեցնելու է հանդուրժող և բազմամշակութային հասարակություն ստեղծելու հավանականության նվազեցմանը. մի հասարակություն, որն ընդունում է բազմակարծությունը, մյուսներից տարբերվելու իրավունքը և մարդկանց հավասար արժանապատվությունը, և որում խտրականությունը որպես արժեք չի դիտվում:
2. Արտահայտվելու և մամուլի ազատության անվան տակ որոշակի խմբերի նկատմամբ ատելություն հրահրելուն սահմանադրական պաշտպանություն շնորհելն անլուծելի հակասություն կառաջացներ արժեքային համակարգի և Սահմանադրությամբ հռչակված քաղաքական տեսլականի հետ, այն է՝ իրավունքի գերակայության ժողովրդավարական սկզբունքի, մարդկանց հավասարության, հավասար արժանապատվության, խտրականության արգելման, կրոնի ու խղճի ազատության և ազգային ու էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության հետ, ինչպես որ սահմանված է Սահմանադրության մի շարք հոդվածներով: ...
Ատելության հրահրումը հանդիսանում է վերոնշյալ հասկացությունների ժխտում, բռնության գործադրման հուզական նախապատրաստում: Այն արտահայտվելու ազատության խախտում է համարվում՝ հանդիսանալով բռնապետությունների և ոչ թե ժողովրդավարությունների խմբային բնութագրի անհանդուրժող դասակարգում: Հանդուրժել արտահայտվելու և մամուլի ազատության իրացումը Քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 1-ին կետով արգելված կարգով՝ կհակասեր իրավունքի գերակայության ժողովրդավարական սկզբունքի պահանջներին: ...
Որպես իր դիրքորոշման ամփոփում Սահմանադրական դատարանը նշում է, որ արտահայտվելու և մամուլի ազատության սահմանափակումն անհրաժեշտ է և հիմնավորված բացասական պատմական դեպքերով, որոնք շրջապատում են որոշակի մարդկանց խմբերի նկատմամբ ատելության հրահրումը, ինչպես նաև սահմանադրական արժեքներով և Հունգարիայի Հանրապետության պարտավորությամբ՝ կատարել միջազգային իրավունքի շրջանակներում ստանձնած հանձնառությունները: ...»
23. Սահմանադրական դատարանի թիվ 14/2000 (V. 12) AB որոշումը ներառում է հետևյալ հատվածները.
«3. Սեփական կարծիքն արտահայտելու ազատությունը հանդիսանում է ոչ միայն սուբյեկտիվ իրավունք, այլ նաև հանրային կարծիքը ձևավորող տարբեր տեսակետների ազատ արտահայտման երաշխիք: ...
Թեև այս իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն իր առաջնային դերի պատճառով այն օգտվում է հատուկ պաշտպանությունից, և այդպիսով կարող է սահմանափակվել միայն մի շարք այլ իրավունքների առնչությամբ: Հետևաբար, երկրորդական տեսական արժեքները, ինչպիսիք են հանրային կյանքի խաղաղ ընթացքը, օգտվում են ավելի նվազ պաշտպանությունից, քան խնդրո առարկա իրավունքը: ...
Ինչպես և կյանքի իրավունքը, մարդու արժանապատվության իրավունքն առավելապես պաշտպանված է Սահմանադրությամբ ... Սահմանադրությունը չեզոք փաստաթուղթ չէ. այն իր մեջ ընդգրկում է կայուն արժեքների համակարգ: Սահմանադրական արժեքների հետ անհամատեղելի տեսակետների արտահայտումը չի պաշտպանվում Սահմանադրության 61-րդ հոդվածով: ...
Սահմանադրական դատարանը նշում է, որ Կոնվենցիայի համաձայն՝ արտահայտվելու ազատության իրականացումը պայմանավորված է «պարտավորությունների և պատասխանատվության» հետ: Պետական բոլոր մարմինները պարտավոր են իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա պաշտպանել ժողովրդավարական պետության արժեքները և հարգել անձանց արժանապատվությունը: Քայլեր պետք է ձեռնարկվեն այնպիսի վարքագծի առնչությամբ, որն իրենից ներկայացնում է բռնություն, ատելություն և հակամարտություն: Ուժի գործադրման կամ դրա վտանգի մերժումը, որպես հակամարտությունների լուծման միջոց, հանդիսանում է ժողովրդավարության համապարփակ հասկացության մաս:»
24. Սահմանադրական դատարանի թիվ 18/2004 (V. 25) AB որոշումը ներառում է հետևյալ հատվածը.
«III. 2.1. ... Նույնիսկ ծայրահեղ կարծիքների դեպքում, կարծիքի բովանդակությունը չէ, այլ դրա արտահայտման ուղղակի և կանխատեսելի հետևանքներն են, որ հիմնավորում են արտահայտվելու ազատության սահմանափակումը և քաղաքացիական կամ որոշ դեպքերում՝ քրեական իրավունքի համաձայն իրավական միջոցների կիրառումը:»
25. Սահմանադրական դատարանի թիվ 95/2008 (VII. 3) AB որոշումը ներառում է հետևյալ հատվածները.
«III. 3.4. ... [Քրեական օրենսգրքում] կատարված փոփոխության նպատակն էր պատժել ատելության խոսքը և ժեստերը, նույնիսկ, եթե տուժող կողմին հնարավոր չէ հայտնաբերել: Արդյունքում, օրենքի փոփոխությամբ պատժի է ենթարկվելու ոչ միայն այն վարքագիծը, որը խախտում էր կոնկրետ անձանց պատիվն ու արժանապատվությունը, այլ ատելության խոսքի բոլոր ձևերը, այդ թվում՝ ընդհանրացումներ պարունակող ռասիստական հայտարարությունները այն իմաստով, որ «տուժող» անձինք կամ այն անձինք, որոնք իրենց համարում են «տուժող», ստիպված չեն մասնակցել կամ հետևել անձանց հաղորդակցման փոխանակմանը, որն իրենից ատելություն է ներկայացնում, կամ հանդիպել ատելության մտքեր որոշ զանգվածային լրատվամիջոցներում: ... Ծայրահեղական արտահայտությունները չեն արգելվում սահմանադրական ժողովրդավարություններում սոսկ դրանց բովանդակության պատճառով: Ժողովրդավարական հասարակությունում այդպիսի ընդհանրացնող, ռասիստական խոսքը չի կարող փոխարինել այն փաստը, որ պետության տեսանկյունից յուրաքանչյուր քաղաքացի նույնքան արժեքավոր է և ունի նույն հիմնական իրավունքները:
Օրենքի փոփոխության ներկա խմբագրությամբ նաև պատիժ է նախատեսված ելույթների՝ սոսկ այդպիսի ընդհանրացումներ ունենալու համար: Քննադատության ենթարկված խմբին պատկանող անձանց զրուցին մասնակցելը, այն է՝ նրանց լսելը կամ ռասիստական հայտարարությունների ազդեցությանն որևէ կերպ ենթարկված լինելը, չի հանդիսանում օրենքի փոփոխությամբ սահմանված հանցանքը քրեականացնող իրավանորմի տարր:
Այնուամենայնիվ, գոյություն ունեն այնպիսի իրավիճակներ, երբ կարծիքի արտահայտումը կարող է ոչ միայն վիրավորել որոշակի անձանց արժանապատվության դյուրազգացությունը կամ ընկալումը, այլ նաև նրանց սահմանադրական իրավունքները: Օրինակ, եթե իրավախախտը այն կերպ է արտահայտում իր ծայրահեղական քաղաքական մեղադրանքները, որ դրա հասցեատեր խմբին պատկանող անձը ստիպված է լսել այդ ելույթը՝ ահաբեկման վիճակում գտնվելիս, և ի վիճակի չէ խուսափել դրանից [«գերի հանդիսատես»] ... Տվյալ պարագայում, շահագրգիռ անձի՝ անախորժ կամ վիրավորական կարծիքը չլսելու կամ դրա մասին տեղեկացված չլինելու իրավունքն արժանի է պաշտպանության: ...
Մարդիկ պատկանում են ոչ միայն քաղաքացիների համայնքին, այլ նաև ավելի նեղ խմբերին կամ համայնքներին: Անհատը՝ նաև այդպիսի խմբին պատկանելու շնորհիվ կարող է այն աստիճան ծանրության և ուժգնության վնասներ կրել, որ քրեական իրավունքի պատժամիջոցներին ապավինելն արդարացված լինի խնդրի լուծման համար:»
III. Մարդու իրավունքների միջազգային վերահսկՈՂԱԿան մարմինների Դիտարկումները
26. Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հանձնաժողովի Հունգարիայի մասին եզրափակիչ դիտարկումները (ընդունված է Ժնևում, 11-29 հոկտեմբեր 2010թ.) ներառում է հետևյալ հատվածը.
«18. Հանձնաժողովը մտահոգված է վտանգավոր և համատարած բնույթ կրող հակագնչուական հայտարարությունների առիթով, որոնք արվում են ... լուծարված Magyar Gárda անդամների կողմից: Բացի այդ, Հանձնաժողովը մտահոգված է Սահմանադրական դատարանի՝ Քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի (բռնության հրահրում) սահմանափակ մեկնաբանությամբ, որը կարող է անհամատեղելի լինել 20-րդ հոդվածով ստանձնած պայմանավորվող կողմի պարտավորությունների հետ:»
27. Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) զեկույցը Հունգարիայի վերաբերյալ (դիտարկման չորրորդ փուլ), ընդունված 2008թ. հունիսի 20-ին, ներառում է հետևյալ հատվածները.
«61. ... Ռասիզմի և անհանդուրժողականության մտահոգիչ աճ է գրանցվել հանրային քննարկումների շրջանում Հունգարիայում: Մասնավորապես, արմատական աջ Հունգարական գվարդիայի (Magyar Garda) հիմնադրումը և դրա առաջխաղացումը ... շարունակաբար վկայակոչվել է որպես խորը մտահոգության հիմնապատճառ: 2007թ. օգոստոսին հիմնադրվելուց և մի քանի հարյուր նոր անդամների 2007թ. հոկտեմբերին հրապարակային երդման արարողությունից հետո, Հունգարական գվարդիան կազմակերպել էր բազմաթիվ հրապարակային հանրահավաքներ ողջ երկրի տարածքով, այդ թվում՝ գնչու ստվար բնակչություն ունեցող գյուղերում: Թեև գվարդիայի հիմնադիր փաստաթուղթն ակնհայտորեն վտանգ չէր ներկայացնում, խմբի ներսում հիմնական ուղերձն էթնիկ հունգարացիների պաշտպանությունն էր, այսպես կոչված, «գնչու հանցագործությունից[1]»: Հունգարական գվարդիայի անդամները երթի էին դուրս եկել նույնանման, ռազմականացված ոճի սև երկարաճիտք կոշիկներով և համազգեստներով, կրելով տարբերանշաններ և դրոշներ, որոնք հիշեցնում էին Խաչված նետերի կուսակցության դրոշը, որը լինելով բացահայտորեն նացիստական կազմակերպություն՝ կարճատև իշխանության էր եկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հունգարիայում, և որի իշխանության օրոք տասնյակ հազարավոր հրեաներ և գնչուներ սպանվեցին կամ տեղահանվեցին:
73. ... Հունգարական գվարդիայի նման խմբավորումները նաև բացահայտ կերպով արտահայտում են հակասեմական հայացքներ, ... հակասեմական հայացքների արտահայտումը ներկայումս սրընթաց վերելք է ապրում Հունգարիայում:»
28. Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի Հունգարիայի վերաբերյալ երրորդ եզրակացությունը, ընդունված 2010թ. մարտի 18-ին, ներառում է հետևյալ հատվածը.
«75. 2007թ. հիմնադրվելուց ի վեր Հունգարական գվարդիան (Magyar Gárda) կազմակերպել է բազմաթիվ հրապարակային հանրահավաքներ ողջ երկրի տարածքով, այդ թվում՝ գնչու ստվար բնակչություն ունեցող գյուղերում, որոնց ընթացքում Հունգարական գվարդիայի անդամները երթի էին դուրս եկել նույնանման, ռազմականացված ոճի սև երկարաճիտք կոշիկներով և համազգեստներով, կրելով նացիստական տարբերանշաններ և դրոշներ: ... Խորհրդատվական կոմիտեն մտահոգված է այս վտանգավոր վարքագծով:»
IV. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
29. Գերմանիայի Դաշնային Սահմանադրական դատարանը «Stoppt den Synagogenbau!» գործով (BVerfGE, 111, 147 – InhaltsbezogenesVersammlungsverbot) (23.06.2004թ.) որոշել է, որ հասարակական կարգին սպառնացող վտանգը կանխելու համար հնարավոր է սահմանափակել հավաքների ազատությունը, եթե հարցը վերաբերում է Art und Weise, այն է՝ հավաքի անցկացման եղանակին և միջոցներին և ոչ թե՝ բովանդակությանը, որը մտահոգությունների տեղիք էր տալիս: Հետևաբար, թույլատրելի էր սահմանափակել «մասնակիցների ագրեսիվ և սադրիչ վարքագիծը, որն ահաբեկում էր քաղաքացիներին և որի օգնությամբ ցուցարարները ստեղծում էին հախուռն հանրահավաքի մթնոլորտ և բռնություն գործադրելու պոտենցիալ պատրաստակամություն:» Ծայրահեղ աջերի՝ Հոլոքոստի հիշատակման օրը կազմակերպած երթի առիթով դատարանը հավելել է, որ «այն եղանակը և միջոցները [որով հավաքն անց էր կացվել] [կարող է] սադրանքի առիթ հանդիսանալ, ինչը զգալի կերպով ոտնահարում է բարոյական զգացողությունները (sittliches Empfinden)»: Ինչ վերաբերում է հավաքի անցկացման եղանակին, Դաշնային Սահմանադրական դատարանը նույնպես ուշադրության է արժանացրել ցուցարարների սադրիչ վարքագիծը: Դատարանը հավելել է, որ նույնը կիրառելի է «երբ երթը, հաշվի առնելով դրա ընդհանուր բնույթը (durch sein Gesamtgepräge), նույնացվում է նացիստական բռնապետության ծիսակատարությունների և խորհրդանիշների հետ և ահաբեկում այլ քաղաքացիներին՝ հիշեցնելով անցյալի տոտալիտար և անմարդկային ռեժիմի սարսափները»:
30. Միավորումների լուծարման համատեքստում, Գերմանիայի Դաշնային Վարչական դատարանը իր BVerwG 6 A 3.08 գործով (05.08.2009թ.) կայացված վճռով ամփոփել էր միավորումների սահմանափակման վերաբերյալ իր նախադեպային իրավունքը, նշելով.
16. Այն հանգամանքը, թե արդյո՞ք միավորման նպատակը և ծավալած գործունեությունը՝ քրեական օրենքի համաձայն հանդիսանում է պատժելի արարք, կախված է դրա անդամների մտադրություններից և վարքագծից: Միայն ֆիզիկական անձինք կարող են պատժվել քրեական օրենքով, քանի որ հանցավորությունը ենթադրում է քրեական պատասխանատվության համար իրավունակության առկայություն [Schuldzurechnungsfähigkeit], որն ունեն միայն ֆիզիկական անձինք: Թեև Միավորումների մասին օրենքի [VereinsG] 3-րդ հոդվածի 5-րդ կետը հստակ է, այնուամենայնիվ իրավական առումով հնարավոր է, որ միավորումը քրեական պատասխանատվության ենթարկվի [Strafgesetzwidrigkeit einer Vereinigung], քանի որ միավորումը՝ իր անդամների և մարմինների միջոցով կարող է ձևավորել հավաքական կամք, որն անջատ է իր առանձին անդամների կամքից և որը ձևավորում է իր ինքնուրույն նպատակները [Zweckrichtung] և կարող է հանդես գալ անկախ: Ինքնուրույն այդ նպատակների կամ անկախ գործունեության արդյունքում քրեական օրենքի խախտման դեպքում սահմանափակում կիրառելու բոլոր պայմանները [Verbotstatbestand] կատարված կլինեն: Այս համատեքստում վճռորոշ գործոն է այն, որ անդամների վարքագիծը կարող է վերագրվել միավորմանը: Միավորման բնութագիրը պետք է ձևավորվի [prägen] իր անդամների կողմից կատարված քրեական հանցագործություններով [Strafgesetzwidrigkeit]: Միավորումը կարող է միաժամանակ ձգտել տարբեր նպատակների. իր կանոններով ամրագրված իրավական նպատակից զատ, միավորումը կարող է նաև հետապնդել քրեական նպատակներ՝ հասնելով դրանց իր անդամների միջոցով:
...
17. Միավորման գործունեության արգելումը, որը հիմնված է Միավորումների մասին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի առաջին նախադասության (առաջին խմբագրությամբ)՝ Հիմնական օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի (առաջին խմբագրությամբ) հետ համակցությամբ, de jure որևէ առնչություն չունի միավորման անդամի կամ պաշտոնյայի քրեական դատապարտման հետ: Միավորման գործունեությունն արգելող հրաման կայացրած մարմնի և վարչական դատարանի լիազորությունների շրջանակում է քննություն կատարել առ այն, թե արդյո՞ք տեղի է ունեցել քրեական օրենքի խախտում [Gesetzeswidrigkeit]: Սակայն, նշված արգելման նպատակը չէ լրացուցիչ պատժամիջոցներ դնել այն անձանց վրա, ովքեր արդեն իսկ խախտել են քրեական դրույթները: Փոխարենը, [այդ դրույթի] նպատակն է լուծել հասարակության անվտանգությանը և հասարակական կարգին սպառնացող որոշակի խնդիրները, որոնք դրսևորվում են այնպիսի կազմակերպության հիմնադրման կամ գործունեության շարունակելու հանգամանքով, որը ծրագրում կամ քրեական հանցանքներ է գործում: Այդ կազմակերպություններն որոշակի սպառնալիք են ներկայացնում քրեական օրենքով պաշտպանվող շահերին [Rechtsgüter]: Կազմակերպության ներքին մղումները և կազմակերպված մարդկային ու նյութական միջոցները նպաստում են և խթանում պատժելի արարքները: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր անդամի պատասխանատվության զգացումը հաճախ կարող է նվազել, հանցանք կատարելու անհատական դիմադրությունը թուլանալ և ստեղծվել նոր հանցավոր արարքներ կատարելու նախադրյալներ (1988թ. հոկտեմբերի 18-ի վճիռ, op. cit., համապատասխանաբար էջ 307 և էջեր 23-24, Löwer, in: v. Münch/Kunig, GG, Հատոր 1, 5րդ հրատ. 2000, 9-րդ հոդվածի 39-րդ հավելված):»
Գերմանիայի Դաշնային Վարչական դատարանը բազմիցս անգամ բավարարել է այն միավորումների վերաբերյալ կայացված լուծարման որոշումները, որոնք հարել են (նեո) նացիստական գաղափարներին: Heimattreue Deutsche Jugend վճռով (BVerwG 6 A 4.09 (01.09.2010թ.), որով միավորման անդամները քարոզում էին ռասիստական բնույթի նացիստական թեզեր և գաղափարներ, Դաշնային Վարչական դատարանը վերահաստատել է իր համապատասխան նախադեպային իրավունքը, նշելով, որ արգելման պայմանները բավարարելու համար միավորումը պետք է մտադրություն ունենար իրականացնելու իր հակասահմանադրական նպատակները ռազմատենչ և ագրեսիվ ձևով. մի նախապայման, որը չէր պահանջում ուժի կիրառում կամ օրենքի որևէ խախտում: Դա բավարար էր գտնելու համար այն հակասահմանադրական նպատակը, որը կհիմնավոր միավորման արգելումը, և ցույց տալու վերջինիս ծրագրի, պատկերների և ոճի` նացիզմի հետ ունեցած կապը: Այն հանգամանքը, որ միավորումը նույնացնում էր իրեն (Գերմանիայում արգելված) նացիստական կուսակցության հետ կամ քարոզում էր ռասիստական տեսություն, որն անհամատեղելի էր խտրականության սահմանադրական արգելքի հետ, բավարար էր միավորման արգելման պայմանները հանդիպելու համար: Եթե միավորումը փորձել էր թաքցնել իր հակասահմանադրական մտադրությունները, ապա վերջինիս գործունեության արգելման համար անհրաժեշտ պայմանները պարզ կլինեին անհատների հայտարարությունների և վարքագծի ընդհանուր պատկերից: Այն հանգամանքը, որ այդ տարրերը կարող են ենթարկվել մի շարք ոչ էական հանգամանքների, դեռ չի վկայում դրանց կարևորության մասին:
31. Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը քննարկել էր ահաբեկման խնդիրը Virginia-ն ընդդեմ Բլաքի, 538 U.S. 343 (2003) գործով: Ըստ Վիրջինիա նահանգի օրենսդրության՝ քրեական արարք է համարվում «յուրաքանչյուր անձի համար ... , որն ունի որևէ այլ անձին կամ խմբին ահաբեկելու մտադրություն ... , այրել ... խաչ այլ անձի գույքի, մայրուղու վրա կամ հասարակական այլ վարում,» և մասնավորեցնում է, որ «[ց]անկացած նման այրում ... prima facie ապացույց է անձին կամ խմբին ահաբեկելու մտադրության մասին:»
Գերագույն դատարանը վճռեց, որ խաչի այրումը Միացյալ Նահանգներում սերտորեն փոխկապակցված է Ku Klux Klan-ի պատմության հետ: Klan-ը հաճախ օգտագործել էր խաչի այրումը որպես վերահաս բռնության, վախի և ահաբեկման գործիք: Մինչ օրս, անկախ նրանից, թե արդյո՞ք ուղերձը քաղաքական բնույթ ուներ կամ միտված էր ահաբեկելու հանրությանը, այրվող խաչը հանդիսանում էր «ատելության խորհրդանիշ»: Թեև խաչ այրելը միանշանակ կերպով չի փոխանցում ահաբեկման ուղերձը, հաճախ խաչ հրկիզողը մտադրություն ունի, որ ուղերձի հասցեատերերը վախենան իրենց կյանքի համար: Միացյալ Նահանգների Սահմանադրության առաջին փոփոխությունը թույլատրում էր նահանգին արգելել «իրական վտանգները», որոնց մեջ են մտնում այն հայտարարությունները, որով բանախոսը նպատակ ուներ որոշակի անձին կամ անձանց խմբին փոխանցել հակաօրինական բռնարարք կատարելու իր լուրջ մտադրության մասին: Բանախոսը պարտադիր չէ, որ իրականում մտադրված լինի իրականացնել սպառնալիքը: Փոխարենը, իրական սպառնալիքների արգելումն անձանց պաշտպանում էր բռնության վախից և պառակտումից, որը բերում էր վախը, ինչպես նաև այն հավանականությունից, որ սպառնացող բռնությունը կարող է տեղի ունենալ: Ահաբեկումը՝ այդ բառի սահմանադրական իմաստով, հանդիսանում էր իրական վտանգի մի տեսակ, երբ բանախոսը սպառնում էր անձին կամ անձանց խմբին, նպատակ ունենալով զոհին պահել՝ մարմնական վնաս կամ մահ պատճառելու վախի մեջ: Առաջին փոփոխությունը Վիրջինիա նահանգին թույլ էր տալիս օրենքից դուրս հայտարարել ահաբեկման նպատակով արված խաչի հրկիզումները, քանի որ խաչ այրելը հանդիսանում էր ահաբեկման առավել վտանգավոր ձևերից մեկը:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
32. Դիմումատուն բողոքել է, որ իր նախագահած Միության լուծարումը խախտում էր իր միավորման ազատության իրավունքը: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 11-րդ հոդվածը, որը սահմանում է.
«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք՝ ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը:
2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսել զինված ուժերի, ոստիկանության և պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ:»
Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը:
Ա. Ընդունելիությունը
33. Կառավարությունը պնդել է, որ գանգատը պետք է անընդունելի ճանաչվի Կոնվենցիայի 17-րդ հոդվածի հետ ratione materiae անհամատեղելի լինելու հիմքով, քանի որ Միությունը ինստիտուցիոնալ շրջանակ էր տրամադրել հրեա և գնչու քաղաքացիների նկատմամբ ռասայական ատելություն հրահրելու համար: Կառավարությունը ուշադրություն էր դարձրել այն հանգամանքին, որ մարդու իրավունքների միջազգային վերահսկողական մարմինները (ինչպես օրինակ` Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեն և Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը, տե´ս վերևում պարբերություններ 26 և 28) նույնպես մտահոգություն են հայտնել Շարժման կողմից կազմակերպված հանրահավաքների ընթացքում օգտագործված համազգեստի, տարբերանշանների և դրոշների սպառնացող ազդեցության վերաբերյալ:
34. Կառավարությունը հղում է կատարել Կոնվենցիայի համակարգի հաստատությունների նախադեպային իրավունքին, այդ թվում` Դատարանի Garaudy-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով վճռին (24 հունիս 2003թ., թիվ 65831/01, ՄԻԵԴ 2003-IX (հատվածներ)): Կառավարությունը նշել է, որ մի շարք գործերով, որով դիմումատուները հիմնվել են արտահայտվելու ազատության իրավունքի վրա` հիմնավորելու համար հրապարակված նյութերը, որոնք խախտում էին Կոնվենցիայի բուն էությունը և ժողովրդավարության հիմնարար արժեքները, Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովը` ուղղակի կամ անուղղակի կերպով վկայակոչել էր Կոնվենցիայի 17-րդ հոդվածը, մերժելով դիմումատուների փաստարկները և ճանաչելով գանգատներն անընդունելի (որպես օրինակ` Glimmerveen և Hagenbeek-ն ընդդեմ Նիդեռլանդների, թիվ 8348/78 և թիվ 8406/78 (միացված), Հանձնաժողովի 1979թ. հոկտեմբերի 11-ի որոշումը, Որոշումներ և Զեկույցներ (DR) 18, պարբ. 187, և Pierre Marais-ն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 31159/96, Հանձնաժողովի 1996թ. հունիսի 24-ի որոշումը, DR 86, պարբ. 184): Կառավարությունը պնդել է, որ Դատարանը հետագայում հաստատել է այդ մոտեցումը (նրանք հղում էին կատարել Lehideux և Isorni-ն ընդդեմ Ֆրանսիայի, 23 սեպտեմբեր 1998թ., §§ 47 և 53, Վճիռների և որոշումների զեկույցներ 1998-VII): Բացի այդ, Կառավարությունը նշել է, որ 11-րդ հոդվածին առնչվող գործով (W.P.-ն և այլոք ընդդեմ Լեհաստանի (որոշ.), թիվ 42264/98, 2 սեպտեմբեր 2004թ., Զեկույցներ 2004-VII), Դատարանը դիտարկել է, որ «17-րդ հոդվածի ընդհանուր նպատակն է կանխել բռնապետական խմբավորումներին Կոնվենցիայով ամրագրված սկզբունքներն օգտագործել իրենց անձնական շահերի համար»: Նմանօրինակ եզրակացության էր Դատարանն եկել Norwood-ն ընդդեմ Միացյալ Թագավորության ((որոշ.), թիվ 23131/03, 16 նոյեմբեր 2004թ., Զեկույցներ 2004-XI), և Witzsch-ն ընդդեմ Գերմանիայի գործերով ((որոշ.), թիվ 7485/03, 13 դեկտեմբեր 2005թ., դրան հակառակ Կառավարությունը հղում էր կատարել Vajnai-ն ընդդեմ Հունգարիայի գործին (թիվ 33629/06, § 25, ՄԻԵԴ 2008)):
35. Դիմումատուն դրան հակադարձել է, որ Միության գործունեությունը չէր հանդիսանում արտահայտվելու և միավորման ազատության իրավունքի խախտում, քանի որ դրա նպատակն էր վերականգնել իրավունքի գերակայությունը` քաղաքացիներին հանցագործներից պաշտպանելու միջոցով: Միությունը ներգրավված չի եղել այնպիսի գործունեության, որը հետապնդեր Կոնվենցիայով սահմանված որևէ իրավունքի կամ ազատության ոտնահարումը:
36. Դատարանը, նախ, նկատել է, որ ի տարբերություն Կառավարության կողմից վկայակոչված գործերի, որոնք առնչվում էին արտահայտվելու ազատության իրավունքին, սույն գանգատը վերաբերում է դիմումատուի միավորման ազատության իրավունքին, և անշուշտ` այդ իրավունքի բավականին լուրջ սահմանափակմանը, որը հանգեցրել էր Միության, որպես այդպիսին, իրավունակության դադարեցմանը: Հետևաբար, սույն գանգատը պետք է տարբերել Կառավարության կողմից վկայակոչված գործերից: Ինչ վերաբերում է մնացած փաստարկներին, ապա Դատարանը նկատել է, որ մասնավորապես Garaudy ու Lehideux և Isorni (երկուսն էլ մեջբերված են վերևում) գործերով խնդրո առարկա էր հանդիսանում նացիստականին նմանություն ունեցող քաղաքականության արդարացումը: Հետևաբար, 17-րդ հոդվածի համաձայն խախտման հայտնաբերումը պայմանավորված էր այն փաստով, որ 10-րդ հոդվածը վկայակոչվել էր բռնապետական շարժառիթներ ունեցող խմբավորումների կողմից:
37. Սույն գործով, այնուամենայնիվ, Կառավարությունը չէր վիճարկել, որ դիմումատուն արհամարհել էր տոտալիտար ռեժիմի զոհերին (հակադրեք Witzsch-ի գործի հետ (վերևում մեջբերված) կամ անդամակցել բռնապետական նկրտումներ ունեցող մի խմբավորման: Ոչ էլ գործում եղած տեղեկատվությունն էր հաստատում նման եզրակացությունը: Դիմումատուն խնդրո առարկա ժամանակահատվածում հանդիսանում էր գրանցված միության նախագահ: Նա բողոքում էր այդ միության և շարժման լուծարման վերաբերյալ, վերջինս ներպետական դատարանների դիրքորոշման համաձայն հանդիսանում էր միության կազմում ինքնուրույն միավոր, հաշվի առնելով, որ հանրահավաքն, ըստ էության, ազգային մակարդակում անօրինական չէր ճանաչվել և որևէ բռնարարքի չէր հանգեցրել: Այս պայմաններում, Դատարանը չի կարող որոշել, թե Միության գործունեությունը նախատեսված էր արդարացնելու կամ քարոզելու «բռնապետական խմբավորումներին» սպասարկող հալածանքների գաղափարախոսությունը:
38. Այդ գործունեությունը, որի համատեղելիությունը Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հետ կհանդիսանա գործի ըստ էության քննության խնդրո առարկան (համեմատեք և հակադրեք Féret-ն ընդդեմ Բելգիայի գործի հետ, թիվ 15615/07, § 52, 16 հուլիս 2009թ.), prima facie չի բացահայտում որևէ գործողություն, որն ուղղված կլիներ Կոնվենցիայով սահմանված որևէ իրավունքի կամ ազատության ոտնահարմանը (տե´ս Sidiropoulos-ը և այլոք ընդդեմ Հունաստանի, 10 հուլիս 1998թ., § 29, Զեկույցներ 1998‑IV)) կամ դիմումատուի կողմից prima facie որևէ մտադրություն, որը կվկայեր բռնապետական գաղափարները հրապարակայնորեն պաշտպանելու կամ քարոզելու մասին (տե´ս Vajnai-ի գործը, վերևում մեջբերված, §§ 24-ից 26): Միայն վերը հիշատակված քննությունը կատարելուց հետո Դատարանը հնարավորություն կունենա գործի հանգամանքների լույսի ներքո որոշել, թե արդյո՞ք Կոնվենցիայի 17-րդ հոդվածը կիրառելի է սույն գործով (տե´ս Refah Partisi-ին (the Welfare Party) և այլոք ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], թիվթիվ 41340/98, 41342/98, 41343/98 և 41344/98, § 96, ՄԻԵԴ 2003‑II):
39. Դրանից հետևում է, որ Դատարանի համար սույն գանգատը չի հանդիսանում՝ Կոնվենցիայի 17-րդ հոդվածի նպատակների իմաստով գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում: Հետևաբար, գանգատը ratione materiae հիմքով անհամատեղելի չէ սույն Կոնվենցիայի դրույթների հետ՝ 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Դատարանը այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Գործի ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
(ա) Կառավարությունը
40. Կառավարությունը պնդել է, որ Շարժումը առանձին իրավաբանական անձի կարգավիճակ չուներ, սակայն հանդիսանում էր հիմնադրված Միության ստորաբաժանում, որի գործունեությունը ղեկավարվում և ֆինանսավորվում էր վերջինիս կողմից: Շարժման անդամները գործում էին ի շահ Միությանը և դրա ուղղորդմամբ և իրենց անդամավճարները վճարում Միությանը: Այն հանգամանքը, որ Միության կանոնադրությունը չէր հստակեցնում կազմակերպության ներքին կառուցվածքը, կարող էր հանգեցներ այն եզրակացության, որ Շարժումը de iure չի հանդիսանում Միության մաս: Սակայն, եթե նույնիսկ ենթադրենք, որ Շարժումը de iure ինքնուրույն իրավական միավորում էր, Միության հետ դրա de facto կապերը հիմնավորում էին այն եզրահանգումը, որ Շարժման գործունեության հաշվով Միությունը չարաշահել էր արտահայտվելու իր ազատությունը: Հետևաբար, դիմումատուի նախագահած Միությունը լուծարվել էր ոչ թե մեկ այլ ինքնուրույն կազմավորման, այլ` իր սեփական գործունեության պատճառով:
41. Բացի այդ, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի` միավորման ազատության նկատմամբ միջամտություն տեղի չի ունեցել, քանի որ այդ ազատությունը չի ընդգրկում ռասիստական քարոզչություն տարածելու նպատակով այլոց հետ միավորվելու իրավունքը: Սակայն, եթե միջամտությունը նույնիսկ տեղի էր ունեցել, ապա այն նախատեսված էր օրենքով և հետապնդում էր հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու իրավաչափ նպատակները:
42. Բացի այդ, միջամտությունը անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում, հաշվի առնելով Շարժման կողմից կազմակերպված հանրահավաքների ռասիստական և հակասեմական բովանդակությունը և դրանց ռազմականացված ծիսակատարությունները, որոնք ահաբեկող և հոգեբանորեն ճնշող բնույթ ունեին, նպաստում էին սեգրեգացիային, մեծացնում սոցիալական լարվածությունը և բռնություն հրահրում: Ինչ վերաբերում է կիրառված միջոցի համաչափության հարցին, ապա կազմակերպության լուծարումը նպատակահարմար պատժամիջոց էր հանդիսանում ռասայական խտրականություն և սեգրեգացիա քարոզելու պարագայում: Այն նույնիսկ առավել խիստ պատիժը չէր, քանի որ քրեական պատիժները նույնպես կարող էին կիրառվել որպես ultima ratio այն անձանց հանդեպ, ով պատասխանատու էր ռասայական ատելության ամենալուրջ դրսևորումների համար, որոնք այլոց հրահրում էին բռնության:
(բ) Դիմումատուն
43. Ի սկզբանե, դիմումատուն նշել է, որ հակառակ ներպետական դատարանների որոշումների, Շարժման վիճարկվող գործունեությունը չի կարող վերագրվել լուծարված Միությանը: Դիմումատուն վիճարկում էր, որ Շարժումը հանդիսացել է Միության անբաժանելի մասը, քանի որ երկու կազմակերպությունները գործում էին առանձին և ինքնուրույն, թեև համագործակցում էին միմյանց հետ: Դիմումատուն նաև ընդգծում էր, որ Միության անդամներից ոչ մեկը չէր մասնակցել Շարժմանը:
44. Դիմումատուն վիճարկում էր Կառավարության փաստարկը առ այն, որ Միության լուծարումը հետապնդել է պետական անվտանգության կամ հասարակական անվտանգության, ինչպես նաև անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու և այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու իրավաչափ նպատակը` Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով: Դիմումատուի կարծիքով, դատարանները չեն հաստատել փաստացի անկարգությունների կամ այլ անձանց իրավունքների խախտման որևէ դեպք: Նա ընդգծել է, որ ներպետական դատական ակտերը վերաբերում էին սոսկ հիպոթետիկ վտանգին, որի կանխարգելումը` Կոնվենցիայի համաձայն չի կարող դիտվել որպես իրավաչափ նպատակ:
45. Բացի այդ, դիմումատուն վիճարկել է, որ նույնիսկ Կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված իրավունքների իրականացման միջամտությունն իրավաչափ համարվելու դեպքում, միության լուծարումը ո´չ անհրաժեշտ էր և ո´չ էլ համաչափ հետապնդվող նպատակներին: Դիմումատուն նշել է, որ իշխանությունների կողմից միավորման ազատության իրավունքի իրականացման ցանկացած միջամտություն պետք է համաչափ լինի վիճարկվող վարքագծի լրջությանը: Հետևաբար, ազգային դատարանների կողմից կայացված պատժաչափը չափազանց խիստ էր: Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ լուծարման գործընթացը վերապահված է այն իրավիճակների համար, երբ միավորման գործունեությունը լրջորեն վտանգում է ժողովրդավարական համակարգի բուն էությունը: Ե´վ Միության, և´ Շարժման գործունեությունը չէր հետապնդում և չուներ էլ նման ազդեցություն: Ամեն դեպքում, համապատասխան ներպետական օրենսդրությունը չէր նախատեսում լուծարումից բացի որևէ այլ պատժամիջոց՝ միավորման ենթադրյալ անօրինական գործունեության առնչությամբ, ինչպիսի հանգամանքն ինքնին բացառում էր համաչափության լիարժեքությունը:
46. Դիմումատուն նաև նշել է, որ 11-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված բացառություններն անհրաժեշտ է նեղ մեկնաբանել. միայն համոզիչ և հիմնավոր պատճառները կարող են արդարացնել միավորման ազատության նկատմամբ սահմանափակումները: Այնուամենայնիվ, սույն գործով ներպետական դատարանները չեն ներկայացրել բավարար և հիմնավոր պատճառներ սահմանափակման կիրառման համար, քանի որ վերջիններս չեն հիմնավորել, թե ինչպես Միության գործունեությունը կարող էր հրահրել հակամարտություններ կամ նպաստել բռնության և ժողովրդավարության կործանման: Իհարկե, Միության գործունեությունը պարզապես ուղղված էր չլուծված սոցիալական այնպիսի խնդիրների շուրջ քննարկումների ծավալմանը, ինչպիսին են օրինակ՝ սոցիալապես անապահով մարդկանց անվտանգությունը և հանցավորության աննախադեպ բարձր մակարդակը:
47. Դիմումատուն այնուհետև հղում էր կատարում Դատարանի նախադեպային իրավունքին, նկատի ունենալով 11-րդ հոդվածը՝ 10-րդ հոդվածի հետ համակցությամբ: Այս համատեքստում, դիմումատուն համաձայնել է, որ Շարժման կողմից բարձրաձայնած գաղափարները կարող էին լինել վիրավորական և ցնցող: Այդուհանդերձ, դրանք չէին կարող համարվել ատելության կամ անհանդուրժողականության հրահրում, ուստի համատեղելի էին ժողովրդավարական հասարակության բազմակարծության և հանդուրժողականության սկզբունքների հետ:
(գ) Երրորդ կողմը
48. Գնչուների իրավունքների եվրոպական կենտրոնը պնդել է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված ազատությունները կարող են սահմանափակվել փոքրամասնություն հանդիսացող համայնքների իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Կենտրոնը՝ հղում կատարելով, inter alia, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի դրույթներին, պնդել է, որ այն կազմակերպությունները, որոնք փորձում են արդարացնել կամ նպաստել ռասայական ատելությանն ու խտրականության ցանկացած դրսևորմանը, չեն ընկնում 11-րդ հոդվածի պաշտպանության շրջանակի ներքո: Երրորդ կողմը այնուհետ կարևորել է այն հանգամանքը, որ փոքրամասնությունները և մասնավորապես` գնչուները օգտվում են Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հատուկ պաշտպանությունից, և հիշատակել է Եվրոպայի խորհրդի պայմանավորվող կողմերի շրջանում ձևավորվող միջազգային փոխհամաձայնությունը գնչուների անվտանգությունը պաշտպանելու պարտավորությունը ճանաչելու վերաբերյալ:
2. Դատարանի գնահատականը
(ա) Արդյո՞ք տեղի է ունեցել միջամտություն
49. Դատարանը նշում է, որ դիմումատուի կողմից նախագահած Միությունը լուծարվել և դրա հետևանքները տարածվել են նաև Շարժման վրա (տե´ս վերևում պարբերություն 15): Հետևաբար, Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել միջամտություն դիմումատուի` Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների իրականացմանը:
(բ) Արդյո՞ք միջամտությունն արդարացված է
50. Նման միջամտությունը չի հանդիսանում 11-րդ հոդվածի խախտում, եթե այն նախատեսված է օրենքով, 11-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` հետապնդում է մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակներ և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում այդ նպատակների իրագործման համար:
(i) «Նախատեսված է օրենքով»
51. Դատարանը դիտարկում է, որ Միությունը և հետևաբար` Շարժումը լուծարվել էին 1989թ. Միավորման ազատության իրավունքի մասին թիվ II օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետի համաձայն (տե´ս վերևում պարբերություն 18), որում նաև հղում է կատարվում 2-րդ հոդվածի 2-րդ կետին («այլ անձանց իրավունքներին ու ազատություններին հասցված վնաս»):
Դատարանը նաև հաշվի է առնում կողմերի տարամետ փաստարկներն առ այն, թե արդյո՞ք ներպետական դատարանի որոշումներն օրինական կերպով էին ներառում Շարժման գործունեության դադարեցումը Միության լուծարման կարգադրության մեջ:
Այս կապակցությամբ, Դատարանը նշում է, որ ի պատասխան դատախազության փաստական դիտարկումներին (տե´ս մանրամասն վերևում պարբերություն 11), Բուդապեշտի Վերաքննիչ դատարանը և Գերագույն դատարանը վճռել են (տե´ս վերևում պարբերություններ 15 և 16), որ միավորումների մասին ազգային օրենսդրության մեկնաբանության համաձայն Շարժումը պետք է համարել որպես Միության կազմակում գործող, այլ ոչ թե՝ ինքնուրույն միավոր: Հիշատակված դատարանները դիտարկել են, որ Միության հիմնական գործունեությունը ամփոփվում էր Շարժման հիմնադրմամբ, վերջինիս գործառնական, ղեկավարման և ֆինանսավորման հարցերով:
Դատարանը գտնում է, որ գործի նյութերում և կողմերի հայտնած դիրքորոշումներում չկա որևէ հանգամանք, որն անհիմն կդարձներ օրենքի նման կիրառումը, և որ ազգային իշխանություններն ավելի լավ վիճակում են գտնվում` ներկայացնելու համար ներպետական օրենսդրությունը և գնահատելու ապացույցները: Հաշվի առնելով այն փաստը, որ Շարժման ստեղծումը հանդիսանում էր Միության նախաձեռնությունը, այն որ Շարժումը և Միությունը համատեղ բանկային հաշիվ ունեին, որ Շարժմանն անդամակցելու թեկնածուները գնահատվել էին Միության կողմից և որ առաջինի համազգեստը հնարավոր էր գնել վերջինից, ուստի Դատարանը չի գտնում, որ դատարանների որոշումն անհիմն էր:
Հետևաբար, Դատարանը բավարարված է նրանով, որ Միության լուծարումը` Շարժման գործունեության պատճառով, «նախատեսված է օրենքով», հաշվի առնելով ներպետական դատարանների եզրահանգումները դրանց հարաբերությունների առնչությամբ:
(ii) Իրավաչափ նպատակ
52. Դատարանը գտնում է, որ վիճարկվող միջոցը կարող է որակվել որպես հասարակության անվտանգության, անկարգությունները կանխելու կամ այլ անձանց իրավունքները պաշտպանելու նպատակներ, որոնք միասին վերցված համարվում են իրավաչափ` Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ կետի նպատակների համար, չնայած դիմումատուի պնդման, որ ներպետական դատարանները չեն հիմնավորել անկարգությունների կամ այլ անձանց իրավունքների խախտման փաստացի տեղի ունեցած դեպքերի առկայությունը (տե´ս վերևում պարբերություն 44):
Ուստի մնում է պարզել, թե արդյո՞ք վիճարկվող միջոցն անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում:
(iii) Անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում
(ա) Ընդհանուր սկզբունքներ
53. Դատարանի նախադեպային իրավունքում արտահայտված այս հարցի վերաբերյալ ընդհանուր սկզբունքներն ամփոփ կերպով ներկայացված են United Communist Party of Turkey-ն և այլոք ընդդեմ Թուրքիայի գործով (30 հունվար 1998թ., Զեկույցներ 1998-I), որով սահմանվում է.
«42. Դատարանը կրկնում է, որ չնայած իր ինքնավար դերին և կիրառման հատուկ շրջանակին, 11-րդ հոդվածը պետք է նաև դիտարկել 10-րդ հոդվածի լույսի ներքո: Կարծիքների պաշտպանությունը և դրանք արտահայտելու ազատությունը հանդիսանում է 11-րդ հոդվածով ամրագրված հավաքների և այլոց հետ միավորվելու ազատությունների նպատակներից մեկը (տե´ս ի թիվս այլ աղբյուրների, Young, James և Webster-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 1981թ. օգոստոսի 13-ի վճիռը, Սերիա Ա թիվ 44, էջ 23, § 57, և Vogt-ն ընդդեմ Գերմանիայի գործով 1995թ. սեպտեմբերի 26-ի վճիռը, Սերիա Ա թիվ 323, էջ 30, § 64):
43. Այն հատկապես վերաբերում է քաղաքական կուսակցություններին, հաշվի առնելով իրենց կարևոր դերակատարությունը՝ բազմակարծությունը և ժողովրդավարության պատշաճ գործունեությունը ապահովելու հարցում (տե´ս վերևում պարբերություն 25):
Ինչպես Դատարանը բազմիցս նշել է. առանց բազմակարծության գոյություն չունի ժողովրդավարական հասարակություն: Այդ պատճառով է, որ 10-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանման պարագայում արտահայտվելու ազատությունը ընդգրկում է ոչ միայն այնպիսի «տեղեկություններ» կամ «գաղափարներ», որոնք նպաստավոր են կամ համարվում են անվնաս կամ չեզոք, այլ նաև այնպիսիք, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստություն են պատճառում (տե´ս ի թիվս այլ աղբյուրների, Vogt-ի վճիռը վերևում մեջբերված, էջ 25, § 52): Այն փաստը, որ նրանց գործունեությունը կազմում է արտահայտվելու ազատության հավաքական դրսևորման մի մաս, ինքնին իրավունք է ընձեռում քաղաքական կուսակցություններին օգտվելու Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածների պաշտպանությունից: ...
45. Ժողովրդավարությունը, անկասկած, եվրոպական հասարակական կարգի հիմնական առանձնահատկություններից մեկն է (տե´ս Loizidou-ի վճիռը վերևում մեջբերված, էջ 27, § 75): ...
Ավելին, Կոնվենցիայի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածները պահանջում են, որպեսզի դրանցում ամրագրված իրավունքների իրացման նկատմամբ միջամտությունը գնահատվի ըստ «անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում» չափորոշիչի: Անհրաժեշտության միակ տեսակը, որը կարող է արդարացնել վերոհիշյալ իրավունքներից որևէ մեկի նկատմամբ միջամտությունը, պետք է իրավացիորեն ծագի «ժողովրդավարական հասարակությունում»: Հետևաբար, ժողովրդավարությունը հանդիսանում է Կոնվենցիայով նախատեսված միակ քաղաքական մոդելը և, այդպիսով, դրա հետ միակ համատեղելին: ...
46. Ուստի, 11-րդ հոդվածով նախատեսված բացառությունները, որքանով որ վերաբերում են քաղաքական կուսակցություններին, պետք է հստակ կերպով մեկնաբանվեն. միայն համոզիչ և հիմնավոր պատճառները կարող են արդարացնել նման կուսակցությունների միավորման ազատության նկատմամբ սահմանափակումները: 11-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով միջամտության անհրաժեշտությունն որոշելու համար պայմանավորվող կողմերն ունեն թույլատրելի հայեցողության սահմանափակ շրջանակ, որը համընթաց է քայլում խստապահանջ եվրոպական վերահսկողության հետ, որը տարածվում է օրենքի և այն կիրառող մարմինների որոշումների վրա, այդ թվում՝ անկախ դատարանների կողմից կայացված: Դատարանը նախկինում վճռել է, որ մանրակրկիտ քննություն էր անհրաժեշտ իրականացնել Խորհրդարանի պատգամավորի վերաբերյալ գործով, որը դատապարտվել էր վիրավորանք հասցնելու համար (տե´ս Castells-ի վճիռը վերևում մեջբերված, էջեր 22-23, § 42): Դատական նման վերահսկողությունն առավել անհրաժեշտ է այն գործերով, երբ քաղաքական կուսակցությունն ամբողջությամբ լուծարվել է, իսկ նրա ղեկավարներին էլ՝ արգելվել ապագայում նման գործունեություն իրականացնել:
47. Դատարանի վերահսկողական գործառույթի խնդիրը չէ փոխարինել ներպետական պատկան մարմինների որոշումներն իր սեփականով, այլ՝ 11-րդ հոդվածի համաձայն վերանայել այդ մարմինների հայեցողության իրականացման ընթացքում կայացված որոշումները: Այն չի նշանակում, որ Դատարանը պետք է սահմանափակվի պարզելու այն հարցը, թե արդյո՞ք պատասխանող պետությունը իրականացնել է իր հայեցողությունը ողջամտորեն, զգուշերոն և բարեխղճորեն: Դատարանը պետք է ուսումնասիրի վիճարկվող միջամտությունը գործի ընդհանուր լույսի ներքո և որոշում կայացնի առ այն, թե արդյո՞ք այն «համաչափ էր հետապնդվող իրավաչափ նպատակին» և արդյո՞ք ազգային իշխանությունների կողմից ներկայացված միջամտությունը հիմնավորող պատճառները՝ «հիմնավոր և բավարար» են: Այս պարագայում, Դատարանի մոտ պետք է համոզմունք առաջանա, որ ազգային իշխանությունները կիրառել են այն չափանիշները, որոնք համապատասխանում են 11-րդ հոդվածով ամրագրված չափանիշներին, առավել ևս, որ իշխանություններն իրենց որոշումները կայացրել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատման հիման վրա (տե´ս, mutatis mutandis, Jersild-ն ընդդեմ Դանիայի գործով 1994թ. սեպտեմբերի 23-ի վճիռը, Սերիա Ա թիվ 298, էջ 26, § 31):»
54. Համապատասխան լրացուցիչ սկզբունքները ներառված են Refah Partisi-ն (the Welfare Party) և այլոք (վերը մեջբերված) գործով, որով սահմանվում է:
«(γ) Սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը, և եվրոպական խստապահանջ վերահսկողությունը
96. Կոնվենցիայի 11-րդ հոդվածով, ինչպես նաև 9-րդ և 10-րդ հոդվածներով երաշխավորված ազատությունները չեն կարող սահմանափակել որևէ պետության իշխանությունների՝ իր հաստատությունները պաշտպանելու իրավունքը, այն հիմնավորմամբ, որ ինչ-որ միավորման գործունեությունը վտանգում է այդ հաստատությունները: Այդ կապակցությամբ, Դատարանը նշում է, որ նախկինում վճռել է, որ ժողովրդավարական հասարակության և մասնավոր իրավունքների պաշտպանության պահանջների միջև որոշակի փոխզիջում գտնելը բնորոշ է կոնվենցիոն համակարգի համար: Այդ կարգի փոխզիջման համար անհրաժեշտ է, որ իշխանությունների միջամտությունը համապատասխանի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին, ինչպիսի հարցը Դատարանը դիտարկում է ստորև: ...
98. [Ք]աղաքական կուսակցությունը իրավասու է նպաստել պետության օրենսդրությունում կամ իրավական և սահմանադրական համակարգերում փոփոխություններին, երկու պայմանով. նախ՝ դրա համար օգտագործված միջոցները պետք է լինեն օրինական և ժողովրդավարական, երկրորդ՝ առաջարկվող փոփոխություններն ինքնին պետք է համատեղելի լինեն հիմնարար ժողովրդավարական սկզբունքներին: Դրանից հետևում է, որ այն քաղաքական կուսակցությունը, որի ղեկավարները հրահրում են բռնություն կամ առաջադրում մի քաղաքականություն, որը չի հարգում ժողովրդավարությունը կամ ուղղված է ժողովրդավարության կործանման և ժողովրդավարությունում ճանաչված իրավունքների և ազատությունների խախտմանը, չի կարող օգտվել այս հիմքերով կիրառվող պատժամիջոցների նկատմամբ Կոնվենցիայի պաշտպանությունից (տե´ս Yazar-ն և այլոք ընդդեմ Թուրքիայի, թիվթիվ 22723/93, 22724/93 և 22725/93, § 49, ՄԻԵԴ 2002-II, և, mutatis mutandis, հետևյալ վճիռները՝ Stankov և the United Macedonian Organisation Ilinden-ն ընդդեմ Բուլղարիայի, թիվթիվ 29221/95 և 29225/95, § 97, ՄԻԵԴ 2001-IX, և Socialist Party-ն և այլոք ընդդեմ Թուրքիայի, 1998թ. մայիսի 25-ի վճիռը, Զեկույցներ 1998-III, էջեր 1256-57, §§ 46-47):
99. Պետք չէ բացառել այն իրավիճակը, երբ քաղաքական կուսակցությունը՝ վկայակոչելով Կոնվենցիայի 11-րդ հոդվածով, ինչպես նաև 9-րդ և 10-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները, փորձում է դրանցից դուրս բերել մի իրավունք, որի գործնական իրականացումը կհանգեցնի Կոնվենցիայով սահմանված իրավունքների կամ ազատությունների ոտնահարմանն ուղղված գործունեությանը և հետևաբար՝ ժողովրդավարության փլուզմանը (տե´ս Communist Party-ն (KPD) ընդդեմ Գերմանիայի, թիվ 250/57, Հանձնաժողովի 1957թ. հուլիսի 20-ի որոշումը, Տարեգիրք 1, էջ 222): Հաշվի առնելով այն հստակ կապը, որն առկա է Կոնվենցիայի և ժողովրդավարության միջև (տե´ս վերևում պարբերություններ 86-89), ուստի որևէ մեկը իրավասու չէ ժողովրդավարական հասարակության գաղափարներն ու արժեքները ստորադասելու կամ ոտնահարելու նպատակով ապավինել Կոնվենցիայի դրույթներին: Բազմակարծությունը և ժողովրդավարությունը հիմնված են փոխզիջման սկզբունքի վրա, որն անհատներից և անհատների խմբերից պահանջում է տարբեր զիջումների գնալ և երբեմն էլ՝ համաձայնվել սահմանափակել իրենց որոշ ազատությունները՝ ապահովելու երկրի առավել կայունությունը (տե´ս, mutatis mutandis, Petersen-ն ընդդեմ Գերմանիայի (որոշ.), թիվ 39793/98, ՄԻԵԴ 2001-XII):
Այս համատեքստում, Դատարանը գտնում է, որ ամենևին անհավանական չէ, որ քաղաքական կուսակցությունների կազմակերպաիրավական ձև ունեցող բռնապետական շարժումները կարող են ձերբազատվել ժողովրդավարությունից՝ այդ նույն ռեժիմի ներքո բարգավաճելուց հետո, ինչպիսի օրինակներ ժամանակակից եվրոպական պատմությունում առկա են: ...
(δ) Քաղաքական կուսակցության՝ իր անդամների գործողությունների և ելույթների համար պատասխանատվությունից ազատումը
101. Դատարանն այնուհետև գտնում է, որ որոշելու համար քաղաքական կուսակցության նպատակներն ու մտադրություններն անհրաժեշտ չէ որպես միակ չափանիշ հաշվի առնել վերջինիս կանոնադրությունը և ծրագիրը: Պայմանավորվող պետությունների քաղաքական պատմությունը ցույց է տվել, որ անցյալում ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին հակասող նպատակներ ունեցող քաղաքական կուսակցությունները դրանք չեն բացահայտել իրենց պաշտոնական հրապարակումներում մինչև որ չեն եկել իշխանության: Այդ է պատճառը, որ Դատարանը մշտապես նշել է, որ կուսակցության քաղաքական ծրագիրը կարող է քողարկել դրա իրական նպատակներն ու մտադրությունները, որոնք հրապարակվածի հետ չեն համընկնում: Ստուգելու համար, որ դա իրականում այդպես չէ, անհրաժեշտ է համադրել ծրագրի բովանդակությունը կուսակցության ղեկավարների գործունեության և նրանց կողմից պաշտպանվող դիրքորոշումների հետ: Միասին՝ ղեկավարների գործողությունները և դիրքորոշումները կարող են էական նշանակություն ունենալ քաղաքական կուսակցության լուծարման դատավարության ընթացքում՝ այն պայմանով, որ նրանք ամբողջությամբ հայտնեն իրենց նպատակների ու մտադրությունների մասին ...
(ε) Լուծարման համար ընտրված համապատասխան ժամանակահատվածը
102. Բացի այդ, Դատարանը գտնում է, որ պետությունը պարտավոր չէ մինչև միջամտելը սպասել, որպեսզի քաղաքական կուսակցությունը զավթի իշխանությունը և սկսի կոնկրետ քայլեր ձեռնարկել իրականացնելու Կոնվենցիայի և ժողովրդավարության չափանիշների հետ անհամատեղելի մի քաղաքականություն, չնայած որ այդ քաղաքականության սպառնալիքը ժողովրդավարության համար բավարար կերպով ապացուցված է և անխուսափելի: Դատարանը ընդունում է, որ երբ նման սպառնալիքի վերահաս լինելու փաստը հաստատվում է ներպետական դատարանների կողմից, եվրոպական խստապահանջ վերահսկողությամբ պայմանավորված մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, պետությունը կարող է «ողջամտորեն կանխել նման քաղաքականության իրականացումը, որն անհամատեղելի է Կոնվենցիայի դրույթների հետ, մինչև որ փորձ արվի իրագործել այն կոնկրետ միջոցառումների միջոցով, որոնք կարող են վտանգել քաղաքացիական խաղաղությունը և երկրի ժողովրդավարական ռեժիմը» (տե´ս Պալատի վճիռը, § 81):
103. Դատարանը գտնում է, որ պետության կանխարգելիչ միջամտության այդ իրավասությունը նույնպես համահունչ է պայմանավորվող կողմերի պոզիտիվ պարտավորությունների հետ՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածի հիման վրա ապահովելու իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի իրավունքներն ու ազատությունները: Այդ պարտավորությունները վերաբերում են ոչ միայն այն միջամտությանը, որը հետևանք է պետության ներկայացուցիչներին վերագրվող գործողությունների կամ բացթողումների կամ տեղի են ունենում պետական հաստատություններում, այլև այն միջամտությունը, որը վերաբերում է ոչ պետական մարմինների կազմում մասնավոր անձանց ... Պոզիտիվ իր պարտավորությունների շրջանակում պայմանավորվող կողմը կարող է արդարացվել, եթե քաղաքական կուսակցությունների նկատմամբ, որոնց raison d’être (գոյության իմաստը) ամփոփվում է իշխանության գալով և պետական ապարատի աշխատանքի զգալի մասի ղեկավարությունը ստանձնելով, սահմանում է այնպիսի մի պարտականություն, համաձայն որի պետք է հարգվեն և պաշտպանվեն Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև սահմանում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին հակասող քաղաքական ծրագիր չներկայացնելու պարտավորություն:
(ζ) Ընդհանուր քննությունը
104. Հաշվի առնելով վերը հիշատակված նկատառումները՝ Դատարանի ընդհանուր քննությունն առ այն, թե արդյո՞ք քաղաքական կուսակցության լուծարումը՝ ժողովրդավարական սկզբունքների խաթարման սպառնալիքի հիմքով, բավարարել է «սոցիալական ծայրահեղ կարիքը» (տե´ս, օրինակ՝ Socialist Party-ն և այլոք գործը, վերևում մեջբերված, էջ 1258, § 49), պետք է անդրադառնա հետևյալ հարցերին. (i) արդյո՞ք առկա են եղել համոզիչ ապացույցներ, որ ժողովրդավարությանը սպառնացող վտանգը, որի գոյությունը, ենթադրենք, ապացուցված էր, բավարար չափով անխուսափելի էր, (ii) արդյո՞ք շահագրգիռ քաղաքական կուսակցության ղեկավարների և անդամների գործունեությունը և ելույթները վերագրելի են ամբողջ կուսակցությանը, և (iii) արդյո՞ք քաղաքական կուսակցությանը վերագրվող գործունեությունը և ելույթները կազմել են մի ամբողջություն, որը հստակ պատկերացում է տալիս կուսակցության կողմից ընկալվող և պաշտպանվող հասարակության մոդելի մասին, որն անհամատեղելի էր «ժողովրդավարական հասարակություն» հասկացության հետ:
105. Վերոհիշյալ հարցերի նկատմամբ Դատարանի կողմից կատարվելիք ընդհանուր քննության ընթացքում նաև պետք է հաշվի առնվի պատմական այն համատեքստը, որի ժամանակ լուծարումը ... տեղի էր ունեցել ... վկայակոչված երկրում՝ «ժողովրդավարական հասարակության» պատշաճ գործունեությունը ապահովելու համար (տե´ս, mutatis mutandis, Petersen-ի գործը, վերևում մեջբերված):
55. Herri Batasuna և Batasuna-ն ընդդեմ Իսպանիայի գործով կայացված Դատարանի վճռում (թիվթիվ 25803/04 և 25817/04, ՄԻԵԴ 2009) տեղ են գտել հետևյալ հատվածները.
«79. ... Դրանից պարտադիր հետևում է, որ այն քաղաքական կուսակցությունը, որի ղեկավարները հրահրում են բռնություն կամ առաջ քաշում այնպիսի մի քաղաքականություն, որը չի հարգում ժողովրդավարության սկզբունքները կամ նպատակ է հետապնդում խորտակել ժողովրդավարությունը և խախտել դրանով իսկ ճանաչված իրավունքները և ազատությունները, չի կարող այդ հիմքերով նշանակված պատժամիջոցների առումով օգտվել Կոնվենցիայի պաշտպանությունից ...
81. ... [Պ]ետությունը կարող է «ողջամտորեն կանխել նման քաղաքականության իրականացումը, որն անհամատեղելի է Կոնվենցիայի դրույթների հետ, մինչև որ փորձ արվի իրագործել այն կոնկրետ միջոցառումների միջոցով, որոնք կարող են վտանգել քաղաքացիական խաղաղությունը և երկրի ժողովրդավարական ռեժիմը» (տե´ս Refah Partisi-ի գործը, վերևում մեջբերված, § 102). ...
83. [Դ]ատարանի ընդհանուր քննությունն առ այն, թե արդյո՞ք քաղաքական կուսակցության լուծարումը՝ ժողովրդավարական սկզբունքների խաթարման սպառնալիքի հիմքով, բավարարել է «սոցիալական ծայրահեղ կարիքը» (տե´ս, օրինակ՝ Socialist Party-ն և այլոք գործը, վերևում մեջբերված, § 49), պետք է անդրադառնա հետևյալ հարցերին. (i) արդյո՞ք առկա են եղել համոզիչ ապացույցներ, որ ժողովրդավարությանը սպառնացող վտանգը, որի գոյությունը, ենթադրենք, ապացուցված էր, բավարար չափով անխուսափելի էր, և (ii) արդյո՞ք քաղաքական կուսակցությանը վերագրվող գործունեությունը և ելույթները կազմել են մի ամբողջություն, որը հստակ պատկերացում է տալիս կուսակցության կողմից ընկալվող և պաշտպանվող հասարակության մոդելի մասին, որն անհամատեղելի էր «ժողովրդավարական հասարակություն» հասկացության հետ ...»
(β) Սույն գործի նկատմամբ այդ սկզբունքների կիրառումը
56. Դատարանը, նախ և առաջ, գտնում է, որ թեև քաղաքական կուսակցություն հիմնադրելու և կառավարելու իրավունքն ընկնում է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի պաշտպանության ներքո, և նույնը` հասարակական կազմակերպությունների պարագայում, այս երկու ինքնուրույն կազմավորումները, ի թիվս այլ առումների, միմյանցից տարբերվում են այն դերակատարությամբ, որը դրանք ունեն ժողովրդավարական հասարակության գործառույթներում, քանի որ շատ հասարակական կազմակերպություններ նպաստում են այդ գործառույթներին միայն անուղղակի ձևով:
Եվրոպայի խորհրդի մի շարք անդամ պետություններում քաղաքական կուսակցություններն ունեն իրավական հատուկ կարգավիճակ, ինչը, ընդհանուր առմամբ, նպաստում է դրանց մասնակցությանը քաղաքականությունում և մասնավորապես` ընտրություններին. դրանք նաև ունեն օրենքով հաստատված որոշակի գործառույթներ ընտրական գործընթացներում և պետական քաղաքականության և հասարակական կարծիքի ձևավորման հարցերում:
Հասարակական կազմակերպություններն, որպես կանոն, չեն օգտվում իրավական նման արտոնություններից և սկզբունքորեն ավելի քիչ հնարավորություններ ունեն ազդելու քաղաքական որոշումների կայացման վրա: Դրանից շատերը չեն մասնակցում հասարակական քաղաքական կյանքին, թեև այս առումով որևէ հստակ տարանջատում գոյություն չունի տարբեր միավորումների տեսակների միջև և դրանց իրական քաղաքական կարևորությունը կարող է որոշվել միայն համապատասխան գործերի հիման վրա:
Հասարակական շարժումները կարող են կարևոր դեր խաղալ քաղաքականության և ռազմավարության ձևավորման հարցերում, սակայն քաղաքական կուսակցությունների համեմատ նման կազմակերպությունները սովորաբար օրենքով նախատեսված ավելի քիչ արտոնյալ հնարավորություններ ունեն ազդելու քաղաքական համակարգի վրա: Այնուամենայնիվ, հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների և շարժումների ունեցած իրական քաղաքական ազդեցությունը, և երբ խնդիրը վերաբերում է ժողովրդավարությանը սպառնացող որևէ վտանգին, անհրաժեշտ է ուշադրության դարձնել դրա հետևանքներին:
57. Դատարանը գտնում է, որ պետությունը նաև իրավունք ունի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ պաշտպանելու ժողովրդավարությունն անկուսակցական կազմավորումներից, եթե այլ անձանց իրավունքների համար գոյություն ունեցող անմիջական վտանգը սպառնում է խարխլել հիմնարար այն արժեքները, որոնց վրա ժողովրդավարությունը հիմնված է և գործում: Այդպիսի մի արժեք է հասարակության անդամների գոյակցությունը ռասայական խտրականությունից ազատ, առանց որի ժողովրդավարական հասարակությունը հնարավոր չէ պատկերացնել: Պետությունը պարտավոր չէ մինչև միջամտելը սպասել, որպեսզի քաղաքական շարժումը գործողություններ ձեռնարկի խաթարելու համար ժողովրդավարությունը կամ դիմելու բռնության: Եթե նույնիսկ այդ շարժումն իշխանությունը զավթելու փորձ չի կատարել և վերջինիս կողմից իրականացվող քաղաքականության վտանգը անխուսափելի չէ, պետությունը իրավունք ունի գործել կանխարգելիչ կերպով, եթե ապացուցվում է, որ այդպիսի շարժումը կոնկրետ միջոցառումներ է կազմակերպել հասարակական կյանքում իրականացնելու համար այնպիսի մի քաղաքականություն, որն անհամատեղելի է Կոնվենցիայի և ժողովրդավարության չափանիշների հետ (տե´ս Refah Partisi-ն (the Welfare Party) և այլոք, վերևում մեջբերված, § 102):
58. Գնահատելու համար վիճարկվող միջոցի անհրաժեշտությունը և համաչափությունը, Դատարանը գտնում է, որ սույն գործը վերաբերում է միավորման և շարժման, այլ ոչ թե` քաղաքական կուսակցության լուծարմանը: Այն պարտավորությունները, որոնք սկիզբ են առնում, մասնավորապես՝ սահմանադրաիրավական դերի և իրավական արտոնությունների առնչությամբ, և որոնք կիրառելի են քաղաքական կուսակցությունների պարագայում Եվրոպայի խորհրդի բազմաթիվ անդամ պետություններում, կարող են կիրառվել հասարակական կազմակերպությունների դեպքում միայն այնքանով, որքանով որ վերջիններս իրականում ունենան քաղաքական ազդեցության որոշակի աստիճան: Մյուս կողմից, Դատարանը տեղյակ է, որ Միության և Շարժման իրավունակության դադարեցումը բավական խիստ պատժամիջոց էր, քանի որ հավասարար էր հիշատակված խմբավորումներին իրավաբանական, ֆինանսական և գործնական այնպիսի առավելություններից զրկելուն, որոնք շատ երկրներում սովորաբար երաշխավորված են գրանցված միավորումների համար (տե´ս վերևում պարբերություն 18): Հետևաբար, նման որևէ միջոցի հիմքում պետք է ընկած լինեն հիմնավոր և բավարար պատճառներ, ինչպես որ քաղաքական կուսակցության լուծարման դեպքում, չնայած միավորման պարագայում՝ հաշվի առնելով հայրենակիցների վրա ներազդելու վերջինիս ավելի սահմանափակ հնարավորությունները, կանխարգելիչ բնույթի սահմանափակող միջոցներ կիրառելու հիմնավորումը կարող է իրավաչափորեն պակաս համոզիչ լինի, քան քաղաքական կուսակցության դեպքում: Հաշվի առնելով ժողովրդավարության համար քաղաքական կուսակցության և ապաքաղաքականացված միավորման տարբերակման նշանակությունը, միայն առաջինի պարագայում է, որ միավորման իրավունքի սահմանափակման անհրաժեշտության նկատմամբ ավելի խիստ քննություն պետք է կատարվի (համեմատե´ք, per analogiam, քաղաքական խոսքին և հանրային շահի հարցերին չվերաբերող խոսքին շնորհված պաշտպանության մակարդակը, Lingens-ն ընդդեմ Ավստրիայի, 8 հուլիս 1986թ., § 42, Սերիա Ա թիվ 103, և Tammer-ն ընդդեմ Էստոնիայի, թիվ 41205/98, § 62, ՄԻԵԴ 2001‑I): Տարբերակված այս մոտեցումը պետք է կիրառել բավարար աստիճանի ճկունությամբ: Ինչ վերաբերում է քաղաքական նպատակներ և ազդեցություն ունեցող միավորումներին, ապա վերահսկողության աստիճանը կախված կլինի միավորման նկարագրից և գործառույթներից՝ հաշվի առնելով գործի հանգամանքները:
59. Դատարանը դիտարկում է, որ Շարժումը, որի լուծարման վերաբերյալ դիմումատուն բողոքում էր, հիմնադրվել է Միության կողմից «պաշտպանելու ֆիզիկապես, հոգեպես և մտավոր պաշտպանության կարիք ունեցող հունգարացիներին» (տե´ս վերևում պարբերություն 8): Շարժման հետագա գործունեությունը վերաբերում էր հանրահավաքների և ցույցերի կազմակերպմանը, որոնց ընթացքում վերջինիս անդամները երթի էին դուրս գալիս համազգեստներով և ռազմական ոճ ունեցող կազմավորումներով: Այս միջոցառումները տեղի էին ունեցել երկրի տարբեր մասերում, մասնավորապես՝ գնչու ստվար բնակչություն ունեցող գյուղերում, ինչպիսին էր օրինակ՝ Tatárszentgyörgy գյուղը: Կոչեր էին նաև արվել պաշտպանելու «էթնիկ հունգարացիներին» այսպես կոչված «գնչու հանցավորությունից» (տե´ս վերևում պարբերություն 10): Ի պատասխան այդ իրադարձությունների՝ պետական դատախազը հայց էր ներկայացրել ընդդեմ Շարժման և Միության, ըստ որի էության պատասխանողի գործունեությունը համարժեք էր գնչու ծագում ունեցով քաղաքացիների՝ ռասիստական հիմքով ահաբեկմանը (տե´ս վերևում պարբերություն 11):
60. Դատական վարույթ հարուցելով՝ դատարանները գնահատել են երկու պատասխանողների միջև կապը և համոզիչ ապացույցներ գտել առ այն, որ դրանք ինքնուրույն առանձին կազմավորումներ չեն հանդիսանում: Այս համատեքստում գնահատված փաստարկների համաձայն՝ Դատարանը չի գտնում, որ այդ եզրահանգումը ողջամիտ չէր կամ կամայական (տե´ս վերևում պարբերություններ 11, 13, 15, 16 և 51):
61. Գործի արդյունքում լուծարվել էր թե´ Միությունը և թե´ Շարժումը: Ըստ էության, ներպետական դատարանները գտել են, որ չնայած պատասխանողների գործունեության հետևանքով փաստացի բռնության դեպքեր տեղի չէին ունեցել, վերջիններս պատասխանատու էին ուժի տեսողական և լսողական ցուցադրման միջոցով հակագնչուական մթնոլորտ ձևավորելու համար: Այն համարժեք էր միավորումների մասին համապատասխան օրենքի խախտմանը, հակասում էր մարդկային արժանապատվությանը և կանխակալ էր այլ անձանց, այսինքն՝ գնչու քաղաքացիների իրավունքների նկատմամբ: Այդ կապակցությամբ դատարանները դիտարկել են, որ Tatárszentgyörgy գյուղի հանրահավաքի կենտրոնական թեման էր «գնչու հանցավորության» ռասիստական հայեցակարգը: Դատարանները հատուկ ուշադրության են արժանացրել այն հանգամանքին, որ վիճարկվող հանրահավաքների ընթացքում օգտագործվել էին ռազմական ոճի համազգեստներ, հրամաններ, ողջույններ և կազմավորումներ, ինչպես նաև Խաչված նետերի խորհրդանիշները հիշեցնող թևակապեր: Գործի վերաքննության ընթացքում այս հիմնավորումը զարգացվել էր ներառելու նկատառումներն առ այն, որ Շարժման թիրախում գտնվող գյուղերի բնակչությունը «գերի հանդիսատեսի» կարգավիճակում էր գտնվում, քանի որ այդ քաղաքացիները չէին կարող խուսափել Շարժման գործունեության ընթացքում հաղորդվող ծայրահեղ և բացառման վրա հիմնված տեսակետները: Դատարանների կարծիքով, այն կարող էր ստեղծել հանրային վտանգ` առաջացնելով սոցիալական լարվածություն և հանգեցնելով վերահաս բռնության մթնոլորտի (տե´ս վերևում պարբերություններ 15 և 16):
62. Դատարանը կրկնում է, որ առաջին հերթին ազգային իշխանությունները, մասնավորապես` դատարանները պետք է մեկնաբանեն և կիրառեն ներպետական օրենսդրությունը (տե´ս ի թիվս այլ աղբյուրների, Lehideux և Isorni-ն, վերևում մեջբերված, § 50): Դատարանի խնդիրն է սոսկ վերանայել իշխանությունների` թույլատրելի հայեցողության շրջանակում կայացված որոշումները: Այդպես, Դատարանը պետք է համոզվի, որ վերջիններս իրենց որոշումները կայացրել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա (տե´ս Incal-ն ընդդեմ Թուրքիայի, 9 հունիս 1998թ., § 48, Զեկույցներ 1998‑IV): Սույն գործի հանգամանքներից ելնելով՝ Դատարանը չի գտնում, որ հունգարական դատարանների եզրահանգումներն ողջամիտ չէին կամ կամայական և կիսում է այդ դատարանների տեսակետը, որ Շարժման գործունեությունը և գաղափարները հիմնված էին գնչու փոքրամասնության և էթնիկ հունգարական մեծամասնության ռասայական համեմատության վրա (տե´ս վերևում պարբերություն 13):
63. Դատարանը 10-րդ հոդվածի համատեքստում նախկինում վճռել է, որ գաղափարներն ու վարքագիծը չեն կարող դուրս մնալ Կոնվենցիայի պաշտպանության շրջանակից միայն այն պատճառով, որ դրանք կարող են քաղաքացիների շարքերում առաջացնեն անհանգստության զգացում կամ որ ոմանք կարող են դրանք որպես անհարգալից ընկալել (տե´ս Vajnai-ի գործը, վերևում մեջբերված, § 57): Դատարանը այն տեսակետն ունի, որ նման նկատառումները պետք է կիրառվեն միավորման ազատության նկատմամբ այնքանով, որքանով դա վերաբերում է անձանց այն միավորումներին, որոնք ստեղծվել են տարածելու գաղափարներ, որոնք լայնորեն այդքան էլ ընդունված չեն կամ նույնիսկ ցնցող են կամ անհանգստացնող: Իրոք, քանի դեռ շահագրգիռ միավորումը ողջամտորեն դիտվում է որպես բռնության համար պարարտ հող կամ ժողովրդավարական սկզբունքների ժխտման մարմնավորում, արմատական միջոցները, որոնք, հանուն ժողովրդավարության պաշտպանության, սահմանափակում են այլոց հետ միավորվելու ազատության նման հիմնարար իրավունքները, չեն համընկնում Կոնվենցիայի ոգու հետ, որի նպատակներից է` երաշխավորել քաղաքական հայացքների բարձրաձայնումը (նույնիսկ այնպիսի հայացքների, որոնք իշխանությունների կամ քաղաքացիների մեծ մասի համար խրթին է ընդունել և հարցականի տակ դնել գործող հասարակարգը) խաղաղ և օրինական, այդ թվում` միավորումների և հավաքների ճանապարհով (տե´ս, mutatis mutandis, Güneri-ն և այլոք ընդդեմ Թուրքիայի, թիվթիվ 42853/98, 43609/98 և 44291/98, § 76, 12 հուլիս 2005թ.):
64. Այսպիսով, անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք սույն գործով Միության և Շարժման գործողություններն եղել են իրավական և խաղաղ գործունեության սահմաններում: Այս կապակցությամբ, Դատարանը չի կարող անտեսել այն հանգամանքը, որ դրանց ակտիվիստները մի շարք հանրահավաքներ էին անցկացրել, այդ թվում՝ Tatárszentgyörgy գյուղի միջոցառումը, որում մասնակցել էին շուրջ 200 անձ, երբ գյուղի բնակչությունը մոտ 1,800 էր հավասար: Ստույգ է, որ բռնության փաստացի դեպքեր տեղի չէին ունեցել, թեև հնարավոր չէ հետադարձ ամսաթվով որոշել, որ արդյո՞ք դա ոստիկանության ներկայության պատճառով էր: Ակտիվիստները քայլով շարժվել են գյուղի երկայնքով ռազմական ձև ունեցող կազմավորումներով` կրելով ռազմական ոճի համազգեստներ և ահազդու թևակապեր, և արձակելով նույնանման ողջույններ և հրամաններ:
65. Դատարանը գտնում է, որ այդպիսի հանրահավաքը բոլոր հնարավորություններն ուներ հավաքվածներին հաղորդելու այն ուղերձը, որ վերջիններիս կազմակերպիչները մտադրված են և ունակ օգտվելու ռազմականացված կազմակերպության ներուժից` իրենց նպատակներին հասնելու համար, ինչ կարգի նպատակներն էլ, որ դրանք լինեին: Ռազմականացված կազմավորումը հիշեցնում էր Հունգարական նացիստական (Խաչված նետերի) շարժումը, որն այնպիսի մի ռեժիմի ողնաշարն էր, որը պատասխանատու էր, ի թիվս այլ հարցերի, Հունգարիայում գնչուների զանգվածային բնաջնջման համար: Հաշվի առնելով այն փաստը, որ գործնական կապեր էին հաստատվել Շարժման, որի ակտիվիստները ներկա էին հանրահավաքին, և Միության միջև, Դատարանը նաև գտնում է, որ Tatárszentgyörgy գյուղում և այլուր կազմակերպված հանրահավաքների ահաբեկող ազդեցությունը պետք է որ թափ հավաքեր և, իհարկե, կրկնապատկվեր այն փաստի շնորհիվ, որ այդ հանրահավաքների հետևում կանգնած էր գրանցված մի միավորում, որն օգտվում էր իր իրավունակությունից:
66. Դատարանը գտնում է, որ քաղաքական գլխավոր դեմքերի կողմից ռազմականացված ուժի կազմակերպման հարցում իրենց կարողությունը և պատրաստակամությունն ի ցույց դնելը դուրս է գալիս քաղաքական տեսակետների արտահայտման խաղաղ և օրինական միջոցների շրջանակից: Հաշվի առնելով պատմական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել, օրինակ` Խաչված նետերի իշխանության գտնվելու ժամանակաշրջանում, միավորման կողմից ռազմականացված ցույցերին ապավինելը, որոնք մարմնավորում են ռասայական պատկանելիության հիման վրա բաժանումը և անուղղակիորեն կոչ անում ռասայական հիմքով գործողության, պետք է որ ճնշող ազդեցություն ունենար ռասայական փոքրամասնության անդամների վրա, հատկապես` երբ նրանք գտնվում են իրենց տներում և հետևաբար` գերի հանդիսատեսի կարգավիճակում: Դատարանը գտնում է, որ դա գերազանցում է Կոնվենցիայով երաշխավորված արտահայտվելու (տե´ս Vajnai-ի գործը, loc. cit.) կամ այլոց հետ միավորվելու ազատություններին շնորհված պաշտպանության շրջանակի սահմանները և հավասար է ահաբեկման, որն, ինչպես Միացյալ Նահանգների Գերագույն դատարանն է մեջբերել Virginia-ն ընդդեմ Բլաքի գործով (տե´ս վերևում պարբերություն 31), «իրական սպառնալիք» է: Հետևաբար, պետությունն իրավունքի ունի պաշտպանել թիրախային խմբերի անդամների` առանց ահաբեկման ապրելու իրավունքը: Դա հատկապես այդպես է, քանի որ նրանք ռասայական հիմքով էին առանձնացվել և ահաբեկվել` որոշակի էթնիկ խմբին պատկանելու պատճառով: Դատարանը գտնում է, որ ռազմականացված երթը հակասում է ցնցող կամ վիրավորական գաղափարների սոսկ արտահայտմանը, քանի որ խոսքն ուղեկցվում է կազմակերպված ակտիվիստների ահազդու խմբի ֆիզիկապես ներկա գտնվելու հանգամանքով: Այն դեպքում, երբ գաղափարների արտահայտումն ուղեկցվում է գործողությամբ, Դատարանը գտնում է, որ ընդհանուր առմամբ արտահայտվելու ազատությանը շնորհված պաշտպանության աստիճանը կարող է նվազեցվել, հաշվի առնելով այդ գործողության` հասարակական կարգի շահերի հետ կապված կարևորությունը: Եթե գաղափարների արտահայտման հետ կապված վարքագիծը վախեցնող կամ սպառնացող բնույթ է կրում կամ միջամտում Կոնվենցիայի այլ իրավունքի կամ արտոնության ազատ իրացմանը կամ դրանից օգտվելուն՝ հաշվի առնելով այդ անձի ռասան, ապա այդ նկատառումները չեն կարող անտեսվել նույնիսկ 10-րդ և 11-րդ հոդվածների համատեքստում։
67. Սույն գործով վիճարկվող գործողություններն ուղղված են եղել գնչու փոքրամասնության դեմ, որն իբր պատասխատանու էր «գնչու հանցավորության» համար, և Դատարանին էլ չհամոզեց դիմումատուի փաստարկներն առ այն, որ լուծարված միավորումների նպատակը չէր խոցելի այդ խմբի առանձնացումը և ահաբեկումը (տե´ս Horváth և Kiss-ն ընդդեմ Հունգարիայի, թիվ 11146/11, § 102, 29 հունվար 2013թ.)։ Այս կապակցությամբ Դատարանը կիսում է միջազգային մի շարք կազմակերպությունների մտահոգությունները (տե՛ս վերևում պարբերություններ 26-ից 28)։
68. Ինչպես որ Դատարանն արդեն նշել է (տե՛ս վերևում պարբերություն 57), նման հանգամանքներում իշխանությունները պարտավոր չէին սպասել նորագույն զարգացումների՝ միջամտելու պաշտպանելու այլ անձանց իրավունքները, քանի որ Շարժումը կոնկրետ քայլ էր ձեռնարկել հանրային կյանքում իրականացնելու մի քաղաքականություն, որն անհամատեղելի է Կոնվենցիայի և ժողովրդավարության չափանիշների հետ։
69. Դատարանը գտնում է, որ վիճարկվող հանրահավաքների ահաբեկող բնույթը հանդիսանում է ուշադրության արժանի այն առաջնային հարցը, չնայած այն հանգամանքի, որ հավաքները փաստացի արգելված չէին իշխանությունների կողմից և դրանց ընթացքում բռնարարք կամ հանցանք տեղի չէր ունեցել։ Կարևորն այս պարագայում այն է, որ հանրահավաքների շարունակական կազմակերպումը (տե՛ս վերևում պարբերություն 15) կարող էր ահաբեկեր այլ անձանց և հետևաբար` խախտեր նրանց իրավունքները, հատկապես` հաշվի առնելով երթերի անցկացման վայրը: Ինչ վերաբերում է Միության լուծարմանը, ապա էական չէ, որ հանրահավաքները` առանձին վերցված անօրինական չէին, և Դատարանն էլ կոչված չէ սույն գործով պարզելու, թե որքանո՞վ էին հանրահավաքները հանդիսանում Կոնվենցիայի միավորման իրավունքի իրացում: Միայն նման հանրահավաքների անցկացման ժամանակ է, երբ միավորման իրական էությունը և նպատակները ակնհայտ դառնում: Դատարանը գտնում է, որ մի շարք հանրահավաքների կազմակերպումը, ենթադրաբար` ռազմականացված երթի միջոցով «գնչու հանցավորությունը» հսկողության տակ պահելու նպատակով, կարող է գնահատվել որպես ռասայական խտրականության քաղաքականության իրականացում: Ի դեպ, ահաբեկող այդ երթերը կարող են դիտվել որպես առաջին քայլեր «օրենքի և կարգի պահպանության» որոշակի տեսլականի իրականացման ուղղությամբ, որն, ըստ էության, ռասիստական է:
Այս համատեքստում, Դատարանը ցանկանում է նշել, որ եթե այլոց հետ միավորվելու ազատության իրավունքը շարունակաբար իրականացվում է մեծ թվով մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցող ահաբեկող բնույթի երթերի միջոցով, ապա պետությունն իրավունք ունի քայլեր ձեռնարկել սահմանափակելու միավորման ազատության այդ իրավունքը, որքանով որ դա անհրաժեշտ է կանխելու ժողովրդավարության գործունեությանը սպառնացող այն վտանգը, որն իրենից ներկայացնում է նման մեծածավալ ահաբեկումը (տե՛ս վերևում պարբերություն 54): Մեծածավալ, համակարգված ահաբեկումը, որը վերաբերում է ռասայի վրա հիմնված քաղաքականության քարոզչությանը և անհամատեղելի է ժողովրդավարության հիմնարար արժեքների հետ, կարող է արդարացնել պետության՝ միավորման ազատության նկատմամբ միջամտությունը, նույնիսկ սույն գործի առնչությամբ կիրառելի թույլատրելի հայեցողության նեղ շրջանակներում։ Դրա պատճառը վերաբերում է այն բացասական հետևանքներին, որը նման ահաբեկումն ունի ժողովրդի քաղաքական կամքի վրա։ Թեև ժողովրդավարական գաղափարների դեմ ուղղված ոչ կանոնավոր քարոզչությունն ինքնին բավարար չէ արդարացնելու քաղաքական կուսակցության արգելումն հիմնավոր անհրաժեշտության հիմքով (տե՛ս վերևում պարբերություն 53), և առավել ևս՝ միավորման պարագայում, որը չի օգտվում քաղաքական կուսակցություններին շնորհված հատուկ կարգավիճակից, սույն գործի հանգամանքները, ընդհանուր առմամբ վերցված, և մասնավորապես՝ ցանկացած համակարգված և պլանավորված գործողություն կարող է ունենալ բավարար և հիմնավոր պատճառներ նման միջոցառման համար, հատկապես՝ երբ այլապես ցնցող գաղափարների արտահայտման հնարավոր մյուս ձևերն ուղղակիորեն չեն տուժում (տե՛ս ստորև in fine պարբերություն 71)։
70. Հաշվի առնելով վերը նշված նկատառումները՝ Դատարանը վստահ է, որ ազգային իշխանությունների կողմից ներկայացրած փաստարկները վերաբերելի էին և բավարար՝ ցույց տալու, որ վիճարկվող միջոցը բխում էր սոցիալական ծայրահեղ կարիքից։
71. Դատարանը իրազեկված է, որ Շարժման և Միության լուծարումը բավականին կտրուկ միջոց է։ Սակայն, Դատարանը բավարարված է նրանով, որ իշխանություններն, այնուամենայնիվ, ընտրել են նվազ միջամտող, անշուշտ, խնդրի լուծման համար միակ ողջամիտ ելքը։ Բացի այդ, անհրաժեշտ է նշել, որ ազգային իշխանությունները նախկինում Միության ուշադրությունն էին հրավիրել Շարժման գործունեության անօրինական բնույթի վրա, որից հետո Միությունը ֆորմալ առումով համապատասխանեցրել էր իր գործունեությունը օրենքի պահանջներին (տե՛ս վերևում պարբերություն 9), քանի որ հետագա հանրահավաքները տեղի էին ունեցել ընթացող դատավարությունների ժամանակ (տե՛ս վերևում պարբերություն 15) (համեմատե՛ք S.H.-ն և այլոք ընդդեմ Ավստրիայի [ՄՊ], թիվ 57813/00, § 84, ՄԻԵԴ 2011)։ Ուստի Դատարանը գտնում է, որ Շարժման հանրահավաքների ընթացքում հնչեցված այլոց իրավունքների սպառնալիքը կարող էր արդյունավետորեն վերացվել միայն Միության կողմից Շարժմանը կազմակերպչական առումով սատարելու դադարեցան դեպքում։ Եթե իշխանությունները համաձայնվեին, որպեսզի Շարժումը և Միությունը շարունակեին իրենց գործունեությունը՝ պահպանելով նրանց իրավաբանական անձի գոյությունը՝ միավորումների մասին օրենքի իմաստով իրավաբանական կազմավորման որևէ տեսքով, ապա հասարակությունը կարող էր ընկալել դա որպես պետության կողմից այդ սպառնալիքի օրինականացում։ Այն հնարավորություն կտար Միությանը օգտվելու օրինական կարգով գրանցված կազմակերպության իրավասություններից, իսկ պետությունն էլ կշարունակեր անուղղակիորեն նպաստել վերջինիս հանրահավաքների արշավի կազմակերպմանը: Բացի այդ, Դատարանը նշում է, որ լրացուցիչ որևէ պատժամիջոց չէր կիրառվել Միության կամ Շարժման, կամ էլ դրանց անդամների նկատմամբ, որոնց որևէ բան չէր խանգարում այլ ձևաչափով զբաղվել քաղաքական գործունեությամբ (տե՛ս, a fortiori, Refah Partisi-ն (the Welfare Party) և այլոք, վերևում մեջբերված, §§ 133-34): Նման հանգամանքներում, Դատարանը գտնում է, որ վիճարկվող միջոցը համաչափ չէր հետապնդվող իրավաչափ նկատակին:
72. Վերոնշյալ նկատառումները բավարար են Դատարանի համար եզրակացնելու, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Հայտարարում է գանգատը ընդունելի:
2. Վճռում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:
Կատարված է անգլերեն և գրավոր կերպով ծանուցվել է 2013 թվականի հուլիսի 9-ին` համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Stanley NaismithGuido Raimondi
ՔարտուղարՆախագահ
Համաձայն Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ հոդվածի 2-րդ կետի` սույն վճռին է կցվում դատավոր Pinto de Albuquerque-ի հատուկ կարծիքը:
G.R.A.
S.H.N.
Հատուկ կարծիքները չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակ(ներ)ում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի HUDOC տվյալների բազայում։
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
[1] Այլ կերպ ասած՝ հանցավորություն:
Full & Egal Universal Law Academy