© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 : Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես, հեղինակային իրավունքի մասին զգուշացումը այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Չորրոդ Բաժին
Վորդուր Օլաֆսոնն ընդդեմ Իսլանդիայի գործը
(Հայցադիմում no. 20161/06)
Վճիռ
Ստրազբուրգ
27 ապրիլի 2010թ.
Վերջնական
27/07/2010
Սույն վճիռը վերջնական է դարձել ըստ Կոնվենցիայի հոդված 44 § 2։ Այն կարող է ենթարկվել խմբագրական վերանայման։
Վորդուրն ընդդեմ Իսլանդիայի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (չորրորդ բաժին)՝ պալատի հետևյալ կազմով՝
Նախագահ՝ Նիկոլա Բրաթցա
Դատավորներ
Ջիովաննի Բոնելլո
Դեյվիդ Թհոր Բյորգվինսոն
Յան Սիկուտա
Պավի Հիրվելա
Լեդի Բիանկու
Նեբոժսա Վուչինիչ
և բաժնի օգնական՝ Ֆաթոշ Արաչին
2009 մարտի 25-ի, 2010թ. հունվարի 5-ի և 2010թ. մարտի 30-ի դռնփակ քննարկումների արդյունքում
վերոհիշյալ ամսաթվին կայացրել է հետևյալ վճիռը՝
Ընթացակարգը
1. Գործի սկիզբը դրվեց ընդդեմ Իսլանդիայի Հանրապետության Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») հոդված 34-ով 2006թ. մայիսի 16-ին Իսլանդիայի քաղաքացի պրն. Վորդուր Օլաֆսոնի («հայցվոր») հայցադիմումով (no. 20161/06)։
2. Հայցվորին ներկայացնում էին համապատասխանաբար Լոնդոնում և Ռեյկյավիկում գործունեություն ծավալած փաստաբաններ պրն. Թ. Չայլդը և պրն. Այնար Հալֆդանարսոնը։ Իսլանդիայի կառավարությանը («կառավարություն») ներկայացնում էր տիկին Բյորգ Թորարենսենը, որպես իրենց գործակալ։
3. Մասնավորապես հայցվորը պնդեց, որ Իսլանդիայի արդյունաբերական ֆեդերացիային («FII») արդյունաբերական վճար վճարելու օրենքով սահմանված պարտադրանքը խախտել էր Կոնվենցիայի հոդված 11-ով սահմանված՝ հավաքների և միավորումների ազատության իր իրավունքը, ինչպես մեկնաբանված է Կոնվենցիայի հոդվածներ 9 և 10-երի լույսի ներքո։ Նա բողոքել էր նաև, որ փաստացիորեն արդյունաբերական վճարը իրենից առանձին հարկում էր՝ քաղաքացիների սահմանափակ խմբի վրա հարկադրված՝ ի լրումն սովորական հարկի՝ խախտելով արձանագրություն No. 1 Հոդված 1-ը։ Վերջապես նա բողոքեց Կոնվենցիայի հոդված 14-ի խախտմամբ խտրականության դեմ՝ Կոնվենցիայի հոդված 11-ի և արձանագրություն No. 1 Հոդված 1-ի հետ միասին վերցված։
4. 2008թ.-ի դեկտեմբերի 2-ի որոշմամբ դատարանն հայցը հայտարարեց ընդունելի։
5. 2009թ.-ի մարտի 24-ին Ստրազբուրգի մարդու իրավունքների շենքում տեղի ունեցան հանրային լսումներ (Կանոն 59 § 3)։
Դատարանի առջև կանգնեցին՝
(a) կառավարության անունից
գործակալ՝ տկն. Բյորգ Թորարենսեն
գլխավոր դատախազ, իրավախորհրդատու՝ պրն. Սկարֆեդինն Թորիսսոն
իրավական փորձագետ՝ պրն. Գուննար Նարֆի Գուննարսոն
Արդարադատության և եկեղեցական հարցերի նախարարությունից՝
տկն. Էլին Ֆլըգերինգը՝ դեսպան, Եվրոպայի խորհրդում Իսլանդիայի մշտական ներկայացուցիչ, խորհրդականներ
(b) հայցվորի անունից
պրն. Թ. Չայլդ՝ փաստաբան, իրավախորհրդատու
պրն. Այնար Հալֆդանարսոն՝ գերագույն դատարանի փաստաբան
տկն. Կ. Մյուրեյ՝ փաստաբանի օգնական, խորհրդականներ։
Դատարանը լսեց տիկին Բյորգ Թորարենսենի, պրն. Սկարֆեդինն Թորիսսոնի, պրն. Չայլդի և պրն. Այնար Հալֆդանարսոնի բացման խոսքերը։
Փաստերը
I. Գործի հանգամանքները՝
6. Հայցվորը՝ պրն. Վորդուր Օլաֆսունը, ծնված 1961թ.-ին, Իսլանդիայի քաղաքացի է և բնակվում է Ռեյկյավիկում։Վիճարկվող արդյունաբերական վճարը
7. Հայցվորը վարպետ շինարար է և հանդիսանում է վարպետ շինարարների միության անդամ (այսուհետ՝ «MBA»)։ Ըստ արդյունաբերական վճարների No. 134/1993 օրենքի (այսուհետ՝ «1993 օրենք»)՝ նա պարտավոր է տուրք վճարել, այսպես կոչված «արդյունաբերական վճար», Իսլանդիայի արդյունաբերությունների ֆեդերացիային (այսուհետ՝ «FII»). կազմակերպություն, որին հայցվորը չէր անդամակցում և որի հետ MBA միացած չէր։ 1993 օրենքով սահմանված էր, որ Իսլանդիայում բոլոր արդյունաբերական գործունեություններից պետք է գանձել 0.08% վճար։ Սահմանումը ներառում էր օրենքի հավելվածում՝ ցանկով նշված, գործունեության կոդով սահմանված բոլոր գործունեությունները։ Կոդի թվերով չարտացոլված, մասնավոր հատված ձեռնարկությունները ենթակա չէին արդյունաբերական վճարի։ Օրինակ՝ սա վերաբերում էր մսի, կաթի և ձկան վերամշակման ոլորտների ձեռնարկություններին։ Սննդի և խմիչքի ոլորտների այլ ձեռնարկությունները ներառված էին։ Ամբողջովին պետական սեփականությամբ կամ հատուկ կանոնադրությամբ ստեղծված ձեռնարկությունները ներառված չէին (բաժին 2)։ Արդյունաբերական վճարի եկամուտները փոխանցվում էին FII և օգտագործվում Իսլանդիայում արդյունաբերության խթանման և զարգացման համար (բաժին 3)։ Պետական գանձապետարանը ստանում էր հավաքված վճարների 0.5%, որպեսզի ծածկեր իր հավաքագրումների հետ կապված ծախսերը (բաժին 1)։
8. Ավելի քան 10,000 անձ (իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր) վճարում էր արդյունաբերական վճարը։ FII ուներ 1,100–1,200 անդամ (ձեռնարկություններ և անհատ ձեռնարկատերեր)։
9. 2000, 2003 և 2006թթ. արդյունաբերական վճարների վճարման հետ կապված՝ Կառավարությունը FII հաշվետվությունների օրինակները ներկայացնում էր Արդյունաբերության նախարարությանը։
10. 2003թ. FII հաշվետվության մեջ (թվագրված՝ 4 հուլիսի 2004թ.) ասված էր՝
«Ֆեդերացիայի հաշիվներում նշված չէ, թե արդյոք կոնկրետ գործառնական ծախսերը վճարված են անդամավճարների՞ց, կապիտալ եկամուտից, թե՞ արդյունաբերական վճարներից, որովհետև իր աշխատանքի գերակշիռ մասն օգտվում է արդյունաբերական ընկերություններից՝ անկախ այն բանից, թե նրանք հանդիսանու՞մ են ֆեդերացիայի անդամ, թե ոչ։ Արդյունաբերության նախարարությունը ոչ մի վերապահում չի արտահայտել այս կապակցությամբ և արդյունաբերական վճարներին վերաբերող օրենսդրությունը ոչ մի այլ պահանջ չի ներկայացնում։
Սակայն, ֆեդերացիան և Արդյունաբերության նախարարությունը համաձայնություն ունեն, թե արդյունաբերական վճարներն ինչպես են մանրամասն վճարվում, և դա արված է այս հաշվետվության մեջ»։
11. «Ըստ ֆեդերացիայի հաշիվների 2003թ.-ի արդյունաբերական վճարների վճարումներ» վերնագրի ներքո հաշվետվությունը ներառում էր մի աղյուսակ, որտեղ ցույց էր տրված «2003թ.-ի ֆեդերացիայի աուդիտի ենթարկված հաշիվների համաձայն՝ եկամուտներն ու ծախսերը»։ Մի առանձին սունյակում աղյուսակը ներկայացնում էր արդյունաբերական վճարից առաջացած միջոցների տոկոսները՝ յուրաքանչուր կետի և ենթակետի հետ կապված։ Սա ներառում էր հետևյալ կետերը՝ «գործառնական եկամուտներ» և «գործառնական ծախսեր»։ Այն ներառում էր նաև «ըստ հաշիվների արդյունաբերական վճարների վճարման ավելի մանրամասն բացվածք», այսինքն՝ (1) «աշխատավարձեր և համապատասխան ծախսեր», (2) «Հանդիպումներ և խորհրդաժողովներ», (3) «գովազդային գործունեություն», (4) «հրապարակումներ», (5) «մասնաճյուղեր և հատուկ ծրագրեր» և (6) «ընդհանուր և վարչական ծախսեր»։
Այս ենթակետերից յուրաքանչուրի համար հաշվետվության մեջ բացատրական գրություններ կային՝ անդամների և ոչ անդամների վերաբերմունքի մասին ներկայացված տեղեկություններով։ Օրինակ՝ ենթակետ (1) նշվում էր, որ 20 տարվա աշխատանքային ստաժի 2.5 վերաբերում է միայն անդամներին։ Ենթակետ (3) նշվում էր, որ FII ցուցահանդեսները բաց էին բոլորի համար և, որ FII անդամները ստանում էին մասնակցության վճարների զեղչեր։ Ենթակետ (5) նշվում էր, որ ոչ անդամները կարող էին մասնակցել որակի կառավարման ծրագրին, բայց ավելի բարձր գումար վճարելով, քան անդամները։
12. Աղյուսակից երևում է, որ 2003թ.-ի FII գործառնական եկամուտները կազմել են 315,800,000 իսլանդական կրոն (ISK), որից ISK 197,359,000-ը առաջացել է պետական գանձապետարանից FII փոխանցված արդյունաբերական վճարներից, ISK 84,973,000-ը՝ անդամավճարներից և ISK 33,468,000-ը՝ այլ եկամտներից։ Այդ նույն տարում, գործառնական ծախսերը կազմել են ISK 289,654,000, որից ISK 234,617,000-ը (81%) ծախսվել է պետական ծրագրերի վրա (կազմելով ISK 197,359,000՝ ստացված արդյունաբերական վճարներից և ISK 37,258,000՝ անդամավճարներից և այլ եկամտից)։
13. Կառավարությունը բացատրեց, որ կատարելով իր դերն ու նպատակները՝ խթանելու Իսլանդիայի արդյունաբերությունն ըստ 1993թ.-ի օրենքի բաժին 3-ի՝ FII էական աշխատանք է կատարել՝ գովազդելու արդյունաբերությունն ու խթանելու վերջինիս իմիջը, մեծածավալ միջոցներ է հատկացրել՝ արդյունաբերական վճարների միջոցով ձեռք բերված գումարներից ուսուցման համար, գործարար հանրության անունից բնապահպանական հարցերի հետ կապված օրենսդրության և կանոնակարգերի նախագծերի ստեղծման համար, կարծիքների ձևավորման նպատակով և պետական մարմինների մոտ պետական գնումներում սահմանափակումների և հստակ ու թափանցիկ մրցույթային կանոններին հետևելու անհրաժեշտության ընկալում է սերմանել։
14. Տվյալ ժամանակահատվածում հայցվորը արդյունաբերական վճարների հետևյալ գումարներն է վճարել նշված տարիների համար՝ 2001թ. ISK 23,023 (255 եվրո (EUR)), 2002թ. ISK 20,639 (EUR 229), 2003թ. ISK 12,567 (EUR 139) և 2004թ. ISK 5,946 (EUR 66)։Արդյունաբերական վճարը բողոքարկելու դատական վարույթները
15. 2004թ.-ի նոյեմբերի 8-ին հայցվորը Ռեյկյավիկի շրջանային դատարանում պետության դեմ հայց ներկայացրեց՝ պահանջելով անվավեր ճանաչել 2001-2004թթ.-ներին իր հանդեպ կիրառված արդյունաբերական վճարները։
16. 2005թ.-ի հուլիսի 13-ի վճռով շրջանային դատարանը որոշում կայացրեց պետության օգտին և մերժեց հայցվորի հայցը։
17. Հայցվորը բողոքարկեց Իսլանդիայի գերագույն դատարանում՝ փաստարկելով, ի շարք այլոց, որ 1993թ. օրենքի բաժին 3-ը փաստացիորեն նշանակում էր, որ կոնկրետ ոլորտում ներգրավված բոլոր անհատներն ու ընկերությունները պետք է անդամավճար վճարեին FII-ին՝ անկախ այն բանից՝ իրենք անդամ էին, թե ոչ։ Հայցվորը գտնում էր, որ ֆեդերացիայի հոդվածներից Հոդված 14-ը, որն անդամավճար էր սահմանում, հստակորեն արտացոլում էր, որ, ինչպես այդտեղ սահմանված էր, արդյունաբերական վճարներ վճարող FII-ի անդամները, որոնք փոխանցում էին վճարներ FII–ին, պետք է այդ մասը կրճատեին իրենց անդամավճարներից։ Այսպիսով՝ տուրքով և վճարի հավաքմամբ FII անդամակցությունը փաստացիորեն պարտադիր էր այլոց համար, չնայած որ նրանք ոչ մի իրավունք չունեին՝ FII–ի հետ կապված։ Հետևաբար, արդյունաբերական վճարը զուտ FII-ի անդամավճար էր։ Հայցվորը ներկայացրեց, որ հանդիսանում է վարպետ շինարարների միության անդամ, որին անդամավճարներ է վճարում և, որի միջոցով նա կարծում էր՝ իր շահերը պաշտպանվում են, և ինքը ոչ մի ցանկություն չուներ անդամակցելու FII–ին։ Վերջինիս քաղաքականության հետ հայցվորը համաձայն չէր, և դա հակասում էր իր շահերին։ FII-ին պարտադիր անդամակցությունը անհամատեղելի էր Սահմանադրության հոդված 74 § 2 և Կոնվենցիայի հոդված 11-ով պաշտպանվող միավորումների ազատությանը՝ իր ազատության հետ։ Ի լրումն՝ հայցվորը փաստարկեց, որ 1993թ.-ի օրենքի ուժով նրանից չհիմնավորված հարկեր են գանձել՝ գերազանցելով այլ հարկերը և, որ, ըստ օրենքի, անձանց սահմանափակ խումբ է հարկվում «մեկ այլ սահմանափակ խմբի օգտին կամ սահմանափակվում են այլոց շահերը»։ Վերջապես նա ներկայացրեց, որ վճարի պարտադրումը խտրականություն էր՝ խախտելով Սահմանադրության հոդված 65-ը, քանի որ հարկումը կախված էր ձեռնարկության սեփականության կառուցվածքից և կոդային թվերի գործունեության տեսակից, որի վրա հիմնված էր հարկումը, և որն իր բնույթով պատահական ընտրություն էր։
Պետությունը հակափաստարկեց հայցվորի ներկայացումը, որ արդյունաբերական վճարը FII-ի անդամավճարն էր։ Նրանք փաստարկեցին, որ օրենքով դա պետության կողմից գանձվող հարկ է, գանձվող անհատների և իրավաբանական անձանց կոնկրետ խմբից՝ համաձայն ընդհանուր և կիրառելի չափորոշիչների՝ փոխարենը ոչ մի բան չպահանջելով։ Նույն օրենքով որոշում էր կայացվել՝ փոխանցելու վճարները FII–ին, որը պետք է օգտագործեր դրանք Իսլանդիայի արդյունաբերության խթանման և զարգացման համար։ Միությանը հարկային եկամուտների օրենքով սահմանված այսպիսի հատկացումը չէր նշանակում, որ համապատասխան հարկ վճարողները օրենքով պարտադրված էին անդամակցելու դրան։ Չէր ակնկալվում, որ վճարները պետք է օգտագործվեին միայն անդամների օգտին, այլ նաև Իսլանդիայի արդյունաբերության և արդյունաբերական զարգացման օգտին՝ Արդյունաբերության նախարարության վերահսկողության ներքո։ Անդամավճարների զեղչերի հետ կապված ցանկացած որոշում միաձայն կայացվում էր FII-ի կողմից՝ առանց գնահատման և վճարների հավաքագրման հետ որևէ կապի։ Պետությունը հերքեց նաև, որ 1993թ.-ի օրենքն իր մեջ խտրականություն էր պարունակում այն անձանց միջև, որոնք հայցվորի իրավիճակում էին գտնվում և նրանց, ովքեր վճարից ազատված էին։ Ողջամիտ և օբյեկտիվ էր ազատել պետական ձեռնարկություններին վճարից և բնականոն էր, որ պետական սեփականությամբ ձեռնարկությունների հանդեպ վերաբերմունքը տարբերվում էր մասնավոր ձեռնարկությունների հանդեպ եղած վերաբերմունքից։ Պետությունը փաստարկեց նաև, որ արդյունաբերության պետական աջակցությունն ու արդյունաբերական զարգացումը երբեմն կատարվում են արդյունաբերական գործունեություն սկսելու ձևով, որ այլոք չեն կարող նախաձեռնել։ Վերջապես, պետական սեփականությամբ արդյունաբերական ձեռնարկությունների քանակը մեծապես նվազել է վերջին տարիներին։ Պետությունը վիճարկեց նաև այն մեղադրանքը, որ հարկումը կանոնակարգող գործունեության կոդի թվերը պատահական էին ընտրված։
18. 2005թ. դեկտեմբերի 20-ի վճռով Գերագույն դատարանը, չորս ձայն՝ մեկի հարաբերակցությամբ, մերժեց հայցվորի բողոքը և ուժի մեջ թողեց շրջանային դատարանի վճիռը։ Այն որոշեց, որ՝
«Ինչպես նշված էր Շրջանային դատարանի վճռում, Գերագույն դատարանը որոշում կայացրեց 1998թ. դեկտեմբերի 17 no. 166/1998, Գունար Պետուրսոնն ընդդեմ Իսլանդիայի Հանրապետություն գործով՝ հրապարակված այդ տարվա դատարանի զեկույցների 4406 էջում։ Այդ գործով հայցվորը պահանջում էր անվավեր համարել արդյունաբերության փոխառության հիմնադրամի վճարը և 1995-1996թթ. արդյունաբերական վճարների նրա գնահատումը։ Նա իր գործը այն փաստարկների վրա հիմնավորեց, որոնք էականորեն նման են սույն գործով հայցվորի կողմից բարձրացված փաստարկներին։ Ընդունվեց պատասխանողի այն տեսակետը, որ վերոհիշյալ գործը պետք է դիտարկվի, որպես ներկայումս լուծվող գործի նախադեպ այնքանով, որ ի աջակցություն իր ներկայիս պահանջների՝ հայցվորի կողմից բարձրացված հարցերը լուծվել էին այդ գործով։
Ավելի վաղ գործով, ինչպես և այստեղ, հայցվորը պնդում էր, որ նրա կողմից վճարվելիք արդյունաբերական վճար գնահատման արդյունքում, որը պետք է փոխանցվեր Իսլանդիայի արդյունաբերությունների ֆեդերացիային, նա ստիպված էր անդամակցել ֆեդերացիային։ Գերագույն դատարանն իր վճռում նշեց, որ չնայած վճարը փոխանցվել էր ֆեդերացիային, այն օգտագործվելու էր կոնկրետ նպատակով (տես՝ 1993թ. օրենքի բաժին 3) և դրամաշնորհ չէր ֆեդերացիային։ Շահույթի օգտագործումը պետք է վերահսկվեր Արդյունաբերության նախարարության կողմից։ Դատարանն ընդունեց, որ այս միջոցառումը չի ենթադրում Իսլանդիայի արդյունաբերությունների ֆեդերացիայի պարտադիր անդամակցություն՝ ի հակասություն սահմանադրության և Եվրոպական կոնվենցիայի։ Այն նկատեց նաև, որ նույնիսկ եթե Իսլանդիայի արդյունաբերությունների ֆեդերացիան գերազանցել էր օրենքով հաստատված սահմանները, ապա սրա արդյունքում անվավեր չպետք է ճանաչվեր հայցվորի հանդեպ վճարի գնահատումը։ Հիմքում ունենալով սա և վերը նշված վճռով սահմանված այլ հիմքերը՝ դատարանը պետք է մերժեր այն հետևությունը, որ այս առումով հայցվորի փաստարկները կարող են հանգեցնել նրա խնդրանքի բավարարմանը։ Հիշելով, որ Իսլանդիայի արդյունաբերությունների ֆեդերացիան իրավական պարտավորություն ունի օգտագործելու արդյունաբերական վճարներից ստացված հասույթը՝ Իսլանդիայի արդյունաբերությունների խթանման և արդյունաբերական զարգացման համար և հետևաբար ի օգուտ հարկված գործունեությունների՝ դատարանը չի կարող ընդունել նաև, որ օրենսդրությունը գերազանցել է իր իրավասությունները։
Հայցվորը ներկայացրեց, որ չի պահպանվել հավասարությունը, քանի որ պետական սեփականությամբ ձեռնարկությունները կարող էին ազատվել վճարից։ Այս փաստարկի հետ կապված՝ պետք է նկատել, որ պետական ձեռնարկությունները մասնավոր ձեռնարկություններից տարբերվում են որոշակի գործոններով և տարբեր ոլորտներում իրենց հարկումը ղեկավարվում է տարբեր դիտարկումներով, ինչպես երևում է Իսլանդիայի ընդհանուր հարկային օրենսդրությամբ։ Իր գործը նախապատրաստելով՝ հայցվորը չներկայացրեց իր իրավիճակի համեմատությունը կոնկրետ պետական ձեռնարկությունների հետ։ Հայցվորի և կողմերի միջև, որոնց հանդեպ գործում էր օրենքով սահմանված բացառումը, խտրականության ոչ մի ձև չբացահայտվեց։ Վերջապես, հայցվորը իր պահանջը հիմնավորում է այն հայտարարությամբ, որ գործունեության կոդերը, որոնց հիման վրա 1993թ. օրենքի բաժին 2(1) հարկումն է տեղի ունեցել, իր բնույթով պատահական ընտրություն է։ Վճարները գանձվում են արդյունաբերություններից, որոնք հետագայում սահմանվում են, որպես No. 81/1996 օրենքով փոփոխության ենթարկված 1993թ. օրենքի հավելվածով սահմանված Իսլանդիայի գործարար գործունեության դասակարգմամբ նշված կոդային թվերով սահմանված ցանկացած գործունեություն։ Այսպիսով՝ սահմանված արդյունաբերությունը ներառում է ոչ միայն արտադրական արդյունաբերությունը, այլ նաև վերամշակումն ու սպասարկումը, այդ թվում՝ շինարարության ոլորտը։ Սա սահմանափակում է գործունեության այն տեսակները, որոնք պետք է ներառվեն «արդյունաբերության» տերմինի մեջ՝ ըստ օրենքի իմաստի տարբերակելով դրանց տնտեսական գործունեության այլ ոլորտներից, որոնք զարգացել են գյուղատնտեսության և ձկնարդյունաբերության ոլորտներում: Տնտեսական գործունեության այսպիսի դասակարգումը ավելի մեծ հիմք էր ընդունվել հարկման տարբերակված ձևերի համար, քան արդյունաբերական վճարն էր։ Հայցվորի պահանջը չի կարող բավարարվել վերը նշված հիմքերով։»
19. Գերագույն դատարանի տարակարծիք անդամ պրն. Օլաֆուր Բյորկուր Պորվալդսոնն այլ կարծիք ներկայացրեց, որտեղ, ի շարք այոց, նշված էին հետևյալ պատճառները՝
«I
Սկզբնական արդյունաբերական վճարի մասին օրենքն էր No. 48/1975։ Համապատասխան օրինագծի բացատրական նշումներում ասված էր, որ այն ներկայացված էր` համաձայն FII, արհեստավորների ազգային ֆեդերացիայի և Իսլանդիայի կոոպերատիվ կազմակերպությունների միության առաջարկությունների։ Ներկայացված էին մանրամասն մեկնաբանություններ, որոնք ընդունվել էին տառացիորեն բացատրական նշումներով։ Դա ներառում էր դիտարկում. «...պետք է նկատել, որ արդյունաբերությունում արդյունաբերական ձեռնարկություններն ու ինքնազբաղված անձինք պետական մարմինների համար և՛ իրենց աշխատողներից, և՛ հաճախորդներից տարբեր տուրքեր են հավաքում։ Նրանք իրականացնում են հարկային հավաքագրումը և պատասխանատու են հազարավոր միլիոնների համար տարեկան կտրվածքով ամբողջովին՝ առանց վարձատրության։ Հետևաբար ողջամիտ է թվում, որ պետությունը պետք է այս կողմերի կազմակերպման համար գանձի մի վճար, որը կազմում է նրանց կողմից պետության համար հավաքածի միայն մի փոքր մասը։ Եկամտի այս աղբյուրը պետք է ֆինանսական հիմք ստեղծի Իսլանդիայի արդյունաբերական ապագա զարգացման ձևավորման մեջ՝ մասնագիտական ֆեդերացիաների ավելի ակտիվ մասնակցության համար»։ Օրենքը պարունակում էր նաև ներկայիս օրենքում գործող դրույթի պես դրույթ, թե Արդյունաբերության նախարարությանը պետք է տարեկան հաշվետվություններ ուղարկել այս վճարներից ստացված եկամտի օգտագործման վերաբերյալ։ Այս համատեքստում բացատրական նշումներում ասված էր, որ սա «մի դրույթ է, որ պատկան մարմիններին հնարավորություն կտա իրազեկվելու, որ արդյունաբերական վճարը պատշաճ կերպով է օգտագործվում»։
No. 48/1975 օրենքը փոխարինվեց ներկայիս No. 134/1993 օրենքով։ Այդ օրենքի բացատրական նշումներում ասված էր, որ վճարի համար պատասխանատուները կլինեն նույն անձինք, ինչ որ նախկինում, բայց ընդունվեց վիճակագրության բյուրոյի գործարար դասակարգման համաձայն գործունեության կոդերի թվերի մի համակարգ, որպեսզի «վերանան բոլոր կասկածները, թե ով է պատասխանատու այս վճարի համար»։ Նշվեց նաև, որ վճարից ստացված եկամուտները պետք է ամբողջովին փոխանցվեն FII, մինչդեռ, ըստ նախկին օրենքի, դրանք պետք է բաժանվեին Իսլանդիայի կոոպերատիվ կազմակերպությունների միության, պահածոյագործության արդյունաբերության վաճառքի գրասենյակի, Իսլանդիայի արդյունաբերողների ֆեդերացիայի և արհեստավորների ազգային ֆեդերացիայի միջև։ Միևնույն ժամանակ հարկային բազայի որոշման ստանդարտը փոխվել էր, քանի որ վերացել էր համայնքային բիզնես հարկը, որի հիման վրա նախկինում որոշվում էր հարկային բազան։
II
Ըստ դրա հոդվածների՝ FII-ը ձեռնարկությունների, ինքնազբաղված անձանց, մասնագիտությունների և արհեստավորների ասոցիացիաների ֆեդերացիա է, որոնք ցանկանում են միասին հասնել Հոդված 2-ում նշված ընդհանուր նպատակներին։ Այս հոդվածը տաս կետերով նշում է Ֆեդերացիայի նպատակն ու դերը՝ ներառյալ տարբեր եղանակներով Իսլանդիայի արդյունաբերության խթանումն ու անդամների աջակցություն այս կամ այն եղանակով, ինչը ավելի մանրամասն այդտեղ նշված էր։ Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ ասոցիացիան ներգրավվում է քաղաքական հարցերում, օրինակ՝ Եվրամիությունում անդամակցության և տարբեր ոլորտներում հարկման հարցերի հետ կապված։ Ըստ Հոդված 8-ի՝ ֆեդերացիայի յուրաքանչուր անդամ իր ժողովներում ունի քվեարկելու իրավունք՝ ըստ իր կողմից վճարված անդամակցության վճարների համամասնության։ Հոդված 14-ով սահմանված է, որ անդամակցության վճարները պետք է կազմեն նախորդ տարվա շրջանառության առավելագույնի 0.15%-ը, բայց Ֆեդերացիայի խորհուրդը կարող է որոշել ավելի քիչ անդամավճարներ հավաքել։ Դրույթում ասվում է՝ «Ֆեդերացիային փոխանցվող արդյունաբերական վճար վճարող կողմերը պետք է այդ մասը ճանաչեն և կրճատեն, երբ հաշվարկվում են Ֆեդերացիայի իրենց անդամավճարները։ Եթե արդյունաբերական վճար այլևս չի գանձվում, ապա այս կրճատումը պետք է ավտոմատ կերպով վերանա։ Յուրաքանչուր անդամի քվեարկման ձայնը պետք է հաշվարկվի իր վճարված անդամավճարով։ Ֆեդերացիայում ղեկավարումն ու որոշումների կայացումը, ինչպես ընդհանրապես ասոցիացիաներում, հանդիսանում է իր խորհրդի և գործադիր տնօրենի պատասխանատվությունը»։
Հայցվորի պահանջներին վերաբերող ժամանակահատվածի հետ կապված՝ FII-ի կողմից ներկայացված փաստաթղթերը հստակ բացվածք չեն պարունակում, թե ինչպես է օգտագործվում արդյունաբերական վճարը։ 2002-2003թթ. վճարների օգտագործման Ֆեդերացիայի հաշվետվությունների մի մեկնաբանությունից երևում է, որ Ֆեդերացիան «առանձին հաշիվներ չի պահպահում, թե արդյոք Ֆեդերացիայի գործառույթների առանձին տարրերը ֆինանսավորվում են անդամավճարների գումարներից, կապիտալ եկամտից, թե՞ արդյունաբերական վճարներից»։ Այս հարցի վերաբերյալ նմանատիպ հայտարարություն է եղել 2001թ.-ի՝ նախարարին ներկայացված հաշվետվությունում, բայց 2004թ.-ի հաշվետվությունը գործի նյութերում չկար։ Այդ առումներով Ֆեդերացիայի հաշվետվությունները, որ ամեն տարի տրվում են նախարարին, նույնպես նման են։ Փաստացիորեն, թվում է, որ գործը թույլ է տալիս այն միջամտությունը, որ վճարների մի մասն օգտագործվում են Ֆեդերացիայի ընդհանուր կառավարման համար։ Այս գործի ներկայացմամբ հնարավոր չէ տեսնել, որ Արդյունաբերության նախարարը որևէ դիտարկում է արել՝ վճարի օգտագործման հետ կապված: Եվ վճարի օգտագործման հետ կապված բողոքներին հաջորդած 2002թ.-ի փետրվարի 15-ի՝ վարպետ շինարարների միությանն ուղղված նամակում նա արտահայտել է հետևյալ կարծիքը. «ինչպես կարելի է հստակորեն եզրակացնել արդյունաբերական վճարի մասին օրենքից, FII-ը անսահմանափակ իրավասություններ ունի որոշելու, թե ինչպես են հատկացվում վճարները, և Արդյունաբերության նախարարությունը չի կարող միջամտել սրա մեջ, քանի դեռ օրենքն այսպիսի տեսք ունի»։ Հաշվետվու ժամանակահատվածին վերաբերող՝ Իսլանդիայի արդյունաբերությունների ֆեդերացիային ներկայացված հաշվետվություններից կարելի է տեսնել, որ արդյունաբերական վճար մուծող ֆեդերացիայի անդամների համար կիրառվել է վճարի չափով զեղչի կիրառման համակարգ։ Օրինակ կարելի է մեջբերել 2003թ.-ի՝ Արդյունաբերության նախարարին ուղղված Ֆեդերացիայի հաշվետվության հետևյալ մեկնաբանությունը. «պետք է նշել, որ արդյունաբերական վճար մուծող անդամների համար ամբողջովին կրճատվել են Ֆեդերացիայի անդամավճարները։ Ճիշտ չէ համարել, որ Ֆեդերացիայի անդամ հանդիսացող ընկերությունները, որոնք ենթակա են արդյունաբերական վճար մուծելու, պետք է վճարեն ավել ֆեդերացիայի գործունեության համար, քան այն ընկերությունները, որոնք անդամ են, բայց պարտավոր չեն վճար մուծել։ Այս ձևով Ֆեդերացիայի բոլոր անդամ ընկերությունները հավասար վճարումներ են կատարում Ֆեդերացիային, անկախ այն բանից, թե նրանք պարտավոր են մուծել նաև արդյունաբերական վճար, թե՞ ոչ։ Մյուս կողմից՝ դրսի այլ ընկերությունները միայն արդյունաբերական վճար են մուծում և այսպիսով նպաստում են Իսլանդական արդյունաբերության շահերի ընդհանուր պաշտպանությանը»։
III
Սահմանադրության հոդված 74-ը սահմանում է միությունների ազատության դրույթները ... Դրանք ավելի մանրամասն կանոններ են սահմանում միությունների ազատության մասին, քան Կոնվենցիայի հոդված 11-ով անմիջականորեն սահմանվածները: Սահմանադրության Հոդված 74 § 2-ը սահմանում է. «Ոչ ոքի չի կարելի պարտադրել անդամակցել որևէ միության։ Սակայն միության անդամակցությունը կարող է պարտադիր լինել օրենքի ուժով, եթե սա անհրաժեշտ է միության գործառույթների իրականացման համար՝ ի շահ հանրության և հաշվի առնելով այլոց իրավունքները»։
Ինչպես նշված էր վերևում, ըստ 1993թ.-ի օրենքի, արդյունաբերական վճարի նպատակն էր Իսլանդիայի արդյունաբերության խթանումը, բայց այն հստակորեն սահմանում էր նաև, որ միայն դրա հավաքագրման ծախսերին համապատասխանող վճարի մասը պետք է փոխանցվի պետական գանձապետարան։ Մնացած մասը փոխանցվում էր FII՝ ըստ ֆեդերացիայի հայեցողության օգտագործման։ Թվում է նաև, որ վճարի չսահմանված մի մասը օգտագործվում էր Ֆեդերացիայի ընդհանուր աշխատանքների համար՝ ըստ վերջինիս խորհրդի որոշումների։ 1993թ. օրենքի դրույթներից կարելի էր տեսնել նաև, որ Արդյունաբերության նախարարը բավարար իրավասություններ ունի ապահովելու, որ վճարն օգտագործվում է օրենքով սահմանված եղանակով։ Այս առումով՝ նախարարը միայն ստանում է Ֆեդերացիայի հաշվետվությունները։ Այդ պատճառով 1993թ. օրենքի դրույթները չէին ապահովել, որ վճարը կօգտագործվեր օրենքով պահանջվող գործունեությունների համար։
Անդամավճարների մուծումն ասոցիացիային սովորաբար հանդիսանում է այսպիսի վճարներ պահանջող ասոցիացիայի անդամների հիմնական պարտականությունը։ Հայցվորը հանդիսանում էր վարպետ շինարարների միության անդամ։ Ոչ նա և ոչ էլ իր միությունը չէին հանդիսանում FII-ի անդամ։ Հայցվորը համաձայն չէր տարբեր ոլորտներում Ֆեդերացիայի նպատակների հետ՝ համարելով, ինչպես նշված էր բողոքարկված վճռում, որ ֆեդերացիան գործում էր իր շահերի դեմ և, իհարկե, ոլորտի շատ այլ անձանց շահերի դեմ, որոնք նույնպես վճարում էին արդյունաբերական վճարը՝ առանց լինելով Ֆեդերացիայի անդամ։ Այնուհանդերձ, 1993թ.-ի օրենքի ուժով հայցվորը պարտավորված էր վճար մուծել, որը, ինչպես նկարագրված էր, փոխանցվում էր ազատ միությանը՝ Իսլանդիայի արդյունաբերությունում ակտիվ կազմակերպությունների և դրանց անդամների շահերի պաշտպանության նպատակներով, քանի որ այս շահերը որոշվում էին կոնկրետ ժամանակահատվածի համար գործադիր տնօրենի և խորհրդի կողմից՝ առանց պետական մարմինների էական միջամտության։
Քննելով վերոհիշյալը և 1993թ. օրենքին հանգեցնող պատմությունն ու հաշվի առնելով վճարի օգտագործումն առանց առարկության Ֆեդերացիայի ընդհանուր գործունեությունների համար օրենքով սահմանված դրույթները՝ պետք է դիտարկել նաև՝ որպես պարտավորվածություն, հայցվորի կողմից առանց սեփական համաձայնության էական մասնակցություն ունենալը Ֆեդերացիայի գործունեություններին։ Միություններին չանդամակցելու՝ մարդկանց իրավունքներին վերաբերող սահմանադրության Հոդված 74 § 2-ի՝ վերը նշված դրույթները պետք է մեկնաբանել, որպես 1993թ. օրենքով սահմանված միջոցներն արգելող, եթե այդ միջոցները չեն համապատասխանում հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված պահանջներին։ Իսլանդիայի արդյունաբերությունների ֆեդերացիան այն միությունը չէ, որը ներգրավված է այդտեղ նշված գործունեության տեսակի մեջ։ Միայն այս պատճառով հայցվորի պահանջը անվավեր ճանաչելու՝ 2001-2004թթ.-ի արդյունաբերական վճարի իր գնահատականը պետք է բավարարվի, և պատասխանող կողմից պետք է պահանջվի վճարել հայցվորին Շրջանային դատարանում, ինչպես նաև Գերագույն դատարանում ներկայացված գործի հետ կապված ծախսերը»։
II. Համապատասխան ներպետական օրենքները
20. Իսլանդիայի սահմանադրության Հոդված 74 §§ 1-ը և 2-ը սահմանում են՝
«Միությունները կարող են ստեղծվել, առանց նախնական թույլտվության, ցանկացած օրինական նպատակով, այդ թվում, քաղաքական միավորումներ և արհմիություններ։ Միությունը չի կարող լուծարվել վարչական որոշմամբ։ Սակայն անօրինական նպատակներ հետապնդող միությունը կարող է արգելվել, որի պարագայում առանց անհարկի ուշացման պետք է դատական վարույթ հարուցել՝ միության լուծարման մասին վճիռ կայացնելու համար։
Ոչ ոքի չի կարելի պարտադրել անդամակցել որևէ միության։ Սակայն միության անդամակցությունը կարող է պարտադիր լինել օրենքի ուժով, եթե սա անհրաժեշտ է միության գործառույթների իրականացման համար՝ ի շահ հանրության և հաշվի առնելով այլոց իրավունքները»։
21. Արդյունաբերական վճարի մասին օրենք No. 134/1993 համապատասխան դրույթները սահմանում են՝
Բաժին 1
«0.08% արդյունաբերական վճարը պետք է գանձվի Իսլանդիայի բոլոր արդյունաբերական հիմնարկներից, ինչպես սահմանված է Բաժին 2-ում։ Վճարի բազան պետք է հանդիսանա շրջանառությունը, ինչպես սահմանված է ավելացված արժեքի հարկի մասին օրենքի Բաժին 11-ում՝ գումարած ավելացված արժեքի հարկից ազատված ցանկացած շրջանառություն՝ ըստ օրենքի Բաժին 12-ի։
Արդյունաբերության վճարի գնահատումն ու հավաքագրումն ըստ անհրաժեշտության պետք է ղեկավարվեն եկամտահարկի և զուտ հարկի մասին օրենքի Գլուխներ VII-XIV դրույթներով։
Պետական գանձապետարանը պետք է ստանա արդյունաբերական վճարի 0.5% ըստ առաջին պարբերության՝ ծածկելու հավաքագրումների հետ կապված ծախսերը։
Արդյունաբերության վճարը կարող է նվազեցվել այն տարվա եկամտից, երբ ձևավորվել է բազան»։
Բաժին 2
«Սույն օրենքի հավելվածում նշված գործունեության կոդի թվերով սահմանված ցանկացած գործունեություն պետք է ներառված լինի «արդյունաբերություն» տերմինի մեջ։
Ամբողջովին պետական ձեռնարկությունները և հատուկ օրենքով ձևավորված պետական սեփականությամբ ձեռնարկությունները էական առումով պետք է ազատված լինեն վճարից, եթե տվյալ օրենքով հակառակ դրույթ սահմանված չէ»։
Բաժին 3
«Արդյունաբերական վճարից ստացված եկամուտները պետք է փոխանցվեն Իսլանդիայի արդյունաբերությունների ֆեդերացիային։ Եկամուտները պետք է օգտագործվեն Իսլանդիայում արդյունաբերությունն ու արդյունաբերական զարգացումը խթանելու համար։ Եկամուտների օգտագործման վերաբերյալ ֆեդերացիան պետք է տարեկան հաշվետվություններ ներկայացնի Արդյունաբերության նախարարությանը»։
Բաժին 7
«Գլխավոր աուդիտորը կարող է հաշիվներ պահանջել այն հաստատություններից, միություններից, հիմնադրամներից և այլ կողմերից, որոնք ֆինանսավորում կամ երաշխիքներ են ստանում պետությունից, և նրանք պարտավոր են գլխավոր աուդիտորին տրամադրել պահանջվող նյութերը։ Ավելին՝ գլխավոր աուդիտորին պետք է թույլատրվի մուտք գործել և իրավունք ունենալ ուսումնասիրելու այն բոլոր բնօրինակ նյութերը կամ հաշվետվությունները, որոնք ստեղծվել են պետությանը կամ պետական մարմիններին ներկայացված հաշիվ ապրանքագրերի հետ միաժամանակ այն աշխատանքների կամ ծառայությունների համար, որոնք ամբողջովին կամ հիմնականում վճարվել են պետական գանձարանից՝ ըստ օրենքի կամ սակագների վրա հիմնված աշխատանքային պայմանագրերը կամ համաձայնագրերը, որոնք համաձայնեցվել են անհատների, ընկերությունների կամ հաստատությունների հետ, որպեսզի ստուգեն հաշիվ ապրանքագրերի բովանդակությունը և պետական գանձարանի կողմից ստանձնած վճարման պարտավորությունները։ ...
Սույն բաժնով սահմանված ուսումնասիրություններ անցկացնելու գլխավոր աուդիտորի իրավունքի հետ կապված վեճի դեպքում՝ գլխավոր աուդիտորը կարող է դիմել շրջանային դատարան»։
III. Համապատասխան միջազգային իրավունքն ու պրակտիկան
A. Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի դիրքորոշումը
22. Մի քանի դեպքերում կոմիտեն անդրադարձել է միության վճարների և հանգանակությունների հիմնախնդրին՝ Եվրոպական սոցիալական խարտիայի հոդված 5-ի տեսանկյունից, հատկապես, ստորև բերված դեպքերում՝
Շվեդիայի ձեռնարկությունների կոնֆեդերացիան ընդդեմ Շվեդիայի, կոլեկտիվ բողոք No. 12/2002, 2003թ. մայիսի 15-ի, ըստ էության որոշումը
«39. Կոմիտեն առաջին հերթին նշում է, որ SBWU և Շվեդիայի շինարարության ֆեդերացիայի միջև կնքված կոլեկտիվ համաձայնագրի համաձայն՝ աշխատողների աշխատավարձերից կրճատված վճարներն աշխատավարձի մոնիտորինգի ծառայության համար են: Կոմիտեն համարում է, որ աշխատավարձի մոնիտորինգի համակարգը, կախված ազգային ավանդույթներից, կարող է իրականացվել կա՛մ պետական մարմինների կողմից, կա՛մ օրենսդիրի հստակ կամ ոչ հստակ սահմանման պարագայում, նաև մասնագիտական ասոցիացիաների կամ արհմիությունների կողմից։ Վերջին դեպքում սա կարող է պահանջել վարձավճարի գանձում։
40. Հետևաբար, կոմիտեն գտնում է, որ աշխատավարձի մոնիտորինգի աշխատանքի համար արհմիության ֆինանսավորման համար վճարի մուծումը ինքնին չի կարող չհիմնավորված համարվել։ Այն գտնում է նաև, որ դա չի կարող դիտարկվել, որպես միջամտություն արհմիությանն անդամակցելու աշխատողի ազատությանը, քանի որ վճարի մուծումը ավտոմատ կերպով չի հանգեցնում SBWU անդամակցության և, ի լրումն ,դա չի պահանջվում SBWU՝ բացի այլ արհմիության անդամ աշխատողներից։
41. Սակայն կոմիտեն գտնում է, որ վճարների իրական օգտագործման հետ կապված կասկածներ կան և, եթե այս դեպքում դրանք պետք է ֆինանսավորեին աշխատավարձերի մոնիտորինգից բացի այլ աշխատանքներ, ապա պարբերություն 29-ի նշված հիմքերով դրանք առնվազն մասնակիորեն նվազեցվեին՝ խախտելով հոդված 5։
42. Այս գործում կոմիտեն չի կարող ստուգել վճարների օգտագործումը և մասնավորապես ստուգել, թե որքանով են այդ վճարները համաչափ իրականացված ծառայության գների և աշխատողների համար աշխատավարձի մոնիտորինգի օգուտների հետ։ Սրանք որոշիչ գործոններ են՝ որոշելու պարբերություններ 39 և 40 կամ 41-երի հետ կապված հոդված 5-ի խախտումը։ Հետևաբար հանձնաժողովը գտնում է, որ ներպետական դատարանները պետք է որոշում կայացնեն խնդրի վերաբերյալ՝ սույն խնդրի վերաբերյալ կոմիտեի կողմից սահմանված սկզբունքների լույսի ներքո կամ օրենսդիրը պետք է դատարաններին հնարավորություն տա եզրակացությունների գալու՝ կապված տվյալ խնդրի խարտիայի և դրույթների օրինականության հետ համապատասխանության ։
43. Կոմիտեն իրավունք է վերապահում գործնականում վերահսկելու իրավիճակը ՝ հաշվետվողական ընթացակարգի և ըստ անհրաժեշտության կոլեկտիվ բողոքների գործընթացի միջոցով։
...»
Եզրակացություններ 2002թ., Ռումինիա, էջ. 126
«...Ըստ զեկույցի՝ արհմիությունների մոտ ընդունված է ձեռնարկություններում անդամ չհանդիսացողներին պարտադրել վճարի մուծում և «անդամակցության հայցադիմում լրացնել»՝ կոլեկտիվ համաձայնության բանակցությունների նպատակով։ Կոմիտեի խնդրանքով կառավարությունից ստացված լրացուցիչ տեղեկատվությունը մատնանշում է, որ այս պրակտիկայի հիմքը 2001-2002թթ. միասնական ազգային կոլեկտիվ համաձայնագիրն է, ըստ որի՝ նվազեցման գումարը պետք է կազմի աշխատավարձի 0.3 % ոչ պակաս և ոչ ավել, քան արհմիության վճարները։ Կոմիտեն նշեց, որ աշխատանքային համաձայնագրերի մասին օրենք No. 130/1996 բաժին 9-ի ուժով կոլեկտիվ համաձայնագրերը կիրառվում են ձեռնարկության բոլոր աշխատողների հանդեպ՝ անկախ նրանց ստաժից կամ արհմիության անդամակցությունից։ Այս պարագայում արհմիության անդամ չհանդիսացող աշխատողի հանդեպ անդամավճարի պարտադրումը արհմիության ապահովության պրակտիկան է, որը հակասում է կազմակերպելու իրավունքին։
Կոմիտեն խնդրում է, որ հաջորդ զեկույցում հստակորեն մատնանշվի, թե արդյոք ի լրումն արհմիության անդամավճարի մուծման, անդամ չհանդիսացողներից պահանջե՞լ են դիմել անդամակցության, ինչպես նշված է զեկույցում։ ...»
Եզրակացություններ 2004թ., Ռումինիա, էջեր 454-55
«...Նախկինում կոմիտեն եզրակացրել էր, որ իրավիճակը Ռումինիայում չէր համապատասխանում հոդված 5–ին՝ կիրառելի կոլեկտիվ համաձայնագիր բանակցած արհմիության անդամ չհանդիսացողների անդամավճար մուծելու պարտավորության պատճառով, չնայած որ այսպիսի համաձայնագրերը օրենքի ուժով կիրառելի են բոլոր աշխատողների հանդեպ՝ նրանց արհմիության անդամակցությունից անկախ (իրավիճակը նկարագրված է եզրակացություններ 2002թ., էջ 126)։
Կոմիտեն կրկնուսումնասիրել է իրավիճակը՝ զեկույցում տեղ գտած բացատրությունների և բողոք No. 12/2002 ներկայացված սկզբունքների լույսի ներքո (Շվեդիայի ձեռնարկությունների կոնֆեդերացիան ընդդեմ Շվեդիայի, 2003թ. մայիսի 15 ըստ էության որոշում, §§26-31)։ Այն առաջին հերթին նշում է, որ անդամավճարն օգնում է ֆինանսավորել այն գործունեությունը, որն օգուտ է բերում բոլոր աշխատողներին՝ կոլեկտիվ համաձայնագրի բանակցումով։ Երկրորդ՝ 2001-2002թ. միասնական ազգային կոլեկտիվ համաձայնագրով, որի վրա հիմնված է պրակտիկան, անդամավճարը պարտադիր չէ և արհմիության առանձնահատկությունը չէ։ Վերջապես՝ արհմիության ավտոմատ անդամակցության ոչ մի օրենսդրական դրույթ գոյություն չունի։ Հետևաբար, կոմիտեն գտնում է, որ այս գումարի վճարումը հանդիսանում է արհմիությանն անդամակցելու կամ չանդամակցելու աշխատողների իրավունքների խախտում»։
Եզրակացություններ XVIII-1, Հունգարիա, էջ 390
«... Իր նախկին եզրակացության մեջ կոմիտեն հարցրել էր, թե արդյոք բոլոր աշխատողների աշխատավարձերից ավտոմատ գանձումները, ներառյալ արհմիության անդամ չհանդիսացողների, արգելված էին գործող օրենսդրությամբ։ Զեկույցում նշված էր, որ, համաձայն արհմիության վճարների գանձումների կանոնների, արհմիության անդամավճարները վճարվում են միայն այն անձանց կողմից, որոնք ստանձնել են այսպիսի անդամավճարներ մուծելու պարտավորությունը. դա նշանակում է, որ նրանք պետք է լիեն արհմիության անդամ։
Արհմիության անդամավճարները կարելի է վճարել երկու եղանակով։ Արհմիության անդամները կարող են իրենց անդամավճարները մուծել անմիջականորեն արհմիության հաշվին կամ խնդրեն իրենց գործատուին գանձել անդամավճարն իրենց աշխատավարձից, որի դեպքում գործատուն պարտավոր է դա անել։ 2002թ. արհմիությունների աջակցությամբ խորհրդարանն ընդունեց օրենսդրություն՝ պահանջելով գործատուներին գանձել և փոխանցել անդամավճարները։ Նախքան դա, գանձումները հնարավոր էին միայն գործատուի և աշխատողի համաձայնությամբ։ Կոմիտեն գտնում է, որ աղբյուրի մոտ արհմիության անդամավճարների գանձման գործընթացը չի կարող արգելվել կամ պարտադրվել ազգային օրենսդրությամբ։ Պետք է քրեական հանցագործություն դարձնել անօրինական նպատակներով այսպիսի գործընթացի կիրառումը, օրինակ՝ արհմիության անդամակցության վերաբերյալ տեղեկատվության ապահովման համար։ ...»
B. ԱՄԿ չափորոշիչները
23. Սեփական ընտրությամբ կազմակերպություններ ստեղծելու և դրանց անդամակցելու աշխատողների և գործատուների իրավունքի մասին տեղեկատվություն կարելի է գտնել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ղեկավար մարմնի կոմիտեի միությունների ազատության որոշումների և սկզբունքների ժողովածուի Գլուխ 5-ու։
«Արհմիությունների միասնականությունն ու բազմակարծությունը» ենթավերնագրի տակ, ի շարք այլոց, նշված է այն փաստը, որ աշխատողներն ու գործատուներն ընդհանուր առմամբ գտնում են, որ իրենց շահերից է բխում խուսափել մրցակցող կազմակերպությունների բազմաթիվ քանակից, և դա հիմք չպետք է ծառայի պետության ուղղակի կամ անուղղակի միջամտության համար (տես՝ որոշումների և սկզբունքների ժողովածու, 2006թ., պարբերություն 319)։ Օրենքով պարտադրված մենաշնորհային իրավիճակը հակասում է կազմակերպության աշխատողների և գործատուների ազատ ընտրության սկզբունքին (պարբերություն 320)։ Կառավարությունը չպետք է ո՛չ աջակցի, և ո՛չ էլ խանգարի՝ արհմիության կողմից գործող կազմակերպությանը փոխարինելու օրինական ջանքերին։ Աշխատողները պետք է ազատ լինեն ընտրելու այն արհմիությունը, որն, ըստ իրենց, լավագույնը կխթանի իրենց աշխատանքային շահերը՝ առանց իշխանությունների միջամտության (պարբերություն 322)։ Տվյալ կատեգորիայի բոլոր աշխատողներին մեկ համապետական արհմիությանը անդամավճար մուծելու պարտադրանքը, որի ստեղծումը թույլատրվում է արդյունաբերության ճյուղի կամ շրջանի կողմից, համադրելի չէ այն սկզբունքի հետ, որ աշխատողներն իրավունք ունեն «սեփական ընտրությամբ» անդամակցելու կազմակերպությանը (պարբերություն 325)։
24. «Ֆավորիտիզմ կամ խտրականություն կոնկրետ կազմակերպության հանդեպ» ենթավերնագրի ներքո, ի շարք այլոց, նշված է (յուրաքանչուր պարբերությունից հետո ավելացված ժողովածուի հղումներն այստեղ բաց են թողնված)՝
«339. Հաշվի առնելով այն սահմանափակ գործառույթները, որոնք մի դեպքում օրենքի ուժով բաց են արհմիությունների որոշ կատեգորիաների համար՝ կոմիտեն գտնում է, որ ներպետական օրենսդրությամբ արհմիությունների միջև արված տարբերակումը կարող է հանդիսանալ սեփական ընտրությամբ կազմակերպությանն անդամակցելու՝ աշխատողների ազատության անուղղակի սահմանափակման հետևանք։ Կոմիտեն այս դիրքորոշումն է ընդունել հետևյալ պատճառներով՝ որպես ընդհանուր կանոն, եթե կառավարությունը կարող է առավելություն տալ մի կոնկրետ կազմակերպության կամ այդ առավելությունը փոխանցել մեկ այլ կազմակերպության, ապա ռիսկ է առաջանում, նույնիսկ եթե դա կառավարության մտադրությունը չէ, որ արհմիություններից մեկը անազնիվ առավելություն կամ թերություն կունենա այլոց համեմատությամբ, որն ինքնին խտրականություն է։ Ավելի կոնկրետ՝ մի կազմակերպությանը մյուս կազմակերպության համեմատությամբ արտոնություն կամ անբարենպաստ պայմաններ ապահովելով՝ կառավարությունը կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով ազդեցություն ունենալ աշխատողների ընտրության վրա՝ կապված այն կազմակերպության հետ, որին նրանք ցանկանում են անդամակցել, քանի որ նրանք անվերապահորեն ցանկանում են անդամակցել այն արհմիությանը, որը լավագույնս է ծառայում իրենց, նույնիսկ եթե իրենց բնական նախապատվությունը իրենց դրդում է մասնագիտական, կրոնական, քաղաքական կամ այլ պատճառներով անդամակցել այլ կազմակերպության։ Կողմերի ընտրություն կատարելու ազատությունը հստակորեն սահմանված է Կոնվենցիայի No. 87-ով:
...
340. Այլ կազմակերպությունների համեմատությամբ տվյալ կազմակերպությանը նպաստավոր կամ ոչ նպաստավոր վերաբերմունք ցույց տալով՝ կառավարությունը կարող է ազդեցություն ունենալ աշխատողների ընտրության վրա, թե որ կազմակերպությանն անդամակցել։ Ի լրումն, կառավարությունը, որը դիտավորյալ կերպով գործում է մի այնպիսի եղանակով, որը խախտում է Կոնվենցիա No. 87-ով սահմանված սկզբունքը, որ պետական մարմինները պետք է ձեռնպահ մնան ցանկացած միջամտությունից, որը կսահմանափակի Կոնվենցիայով սահմանված իրավունքները կամ կխոչընդոտի դրանց օրինական իրականացումը։ Ավելի անուղղակի՝ այն կխախտի նաև այն սկզբունքը, որ պետության օրենքը չպետք է լինի այնպիսին, որը կխոչընդոտի Կոնվենցիայով սահմանված երաշխիքներին։ Ցանկալի կլիներ, որ եթե կառավարությունը ցանկանում է որոշ պայմաններ ապահովել արհմիութենական կազմակերպություններին, ապա այս կազմակերպությունները, տվյալ դեպքում, պետք է արժանանան հավասար վերաբերմունքի։
...
341. Այն դեպքում, երբ առնվազն աշխատանքային սերտ հարաբերություններ գոյություն ունեն արհմիության աշխատանքային և այլ մարմինների միջև, կոմիտեն ընդգծել է այն կարևորությունը, որ նա տվել է արհմիությունների շարժման անկախությանը վերաբերող 1952թ.-ի որոշմանը և կոչ է արել կառավարությանը՝ ձեռնպահ մնալ ցանկացած արհմիությանն արտոնություն տալուց կամ խտրական վերաբերմունք ցույց տալուց և չեզոք վերաբերմունք ցույց տալ՝ աշխատողների և գործատուների կազմակերպությունների հետ իր հարաբերություններում, որպեսզի դրանք հավասար դիրքերում գտնվեն։
...
342. Մեկից ավելի դեպքերում կոմիտեն ուսումնասիրել է այն դեպքերը, երբ մեղադրանքներ են ներկայացվել, որ պետական մարմիններն իրենց վերաբերմունքով արտոնյալ կամ խտրական վերաբերմունք են ցուցաբերել մեկ կամ ավելի արհմիությունների հանդեպ՝
(1) ...
(2) սուբսիդիաների անհավասար բախշում արհմիությունների միջև ...
(3) ...
Այսպիսի կամ այլ մեթոդներով խտրականությունը կարող է աշխատողների՝ արհմիությանն անդամակցելու ազդեցության ոչ ֆորմալ եղանակ լինել։ Հետևաբար, երբեմն դա դժվար է ապացուցել։ Այնուհանդերձ փաստը մնում է փաստ, որ այս տեսակ խտրականությունը վտանգի է ենթարկում Կոնվենցիայի No. 87 հոդված 2-ով սահմանված սեփական ընտրությամբ կազմակերպություններ ստեղծելու և անդամակցելու աշխատողների իրավունքը»։
25. Ժողովածուի Գլուխ 8-ը հետևյալ սկզբունքներն է պարունակում՝ կապված արհմիությունների պետական ֆինանսավորման և վերահսկման հետ (յուրաքանչուր պարբերությունից հետո ժողովածուի հղումներն այստեղ բաց են թողնված)՝
«466. Սեփական ընտրությամբ կազմակերպություններ ստեղծելու աշխատողների իրավունքը և այս կազմակերպությունների իրավունքը՝ ստեղծելու սեփական կանոնադրությունն ու ներքին կանոնները, կազմակերպելու իրենց վարչարարությունն ու գործունեությունը, ենթադրում է ֆինանսական անկախություն։ Այսպիսի անկախությունը ենթադրում է, որ աշխատողների կազմակերպությունները չպետք է ֆինանսավորվեն այնպիսի եղանակով, որ պետական մարմինները հնարավորություն ունենան կամայական վերաբերմունք ցուցաբերել դրանց հանդեպ։
...
467. Կապված արհմիութենական շարժման ֆինանսավորման այն համակարգերի հետ, որոնք արհմիությունները ֆինանսական կախվածության մեջ են գցում պետական մարմիններից՝ կոմիտեն համարում է, որ պետական վերահսկողության ցանկացած ձև անհամատեղելի է միավորումների ազատության սկզբունքների հետ և պետք է վերացվի, քանի որ դա թույլ է տալիս արհմիությունների ֆինանսական կառավարման գործերում իշխանությունների միջամտություն։
...
470. Համակարգը, երբ աշխատողները պարտավոր են վճարումներ կատարել հանրային կազմակերպությանը, որն իր հերթին ֆինանսավորում է արհմիութենական կազմակերպություններին, լուրջ սպառնալիք է այս կազմակերպությունների անկախությանը։
...
473. Արհմիությունների և գործատուների կազմակերպությունների ֆինանսավորման հետ կապված հարցերը, իրենց սեփական ֆեդերացիաների և կոնֆեդերացիաների բյուջեների առումով, պետք է ղեկավարվեն հենց իրենց կազմակերպությունների, ֆեդերացիաների և կոնֆեդերացիաների կանոնադրություններով և հետևաբար սահմանադրական կամ օրենքով սահմանված դրույթները, որոնցով անդամավճարներ են պարտադրվում, համատեղելի չեն միավորումների ազատության սկզբունքների հետ»։
Օրենքը
I. Կոնվենցիայի Հոդված 11-ի ենթադրյալ խախտումը
26. Հայցվորը բողոքել էր, որ FII–ին արդյունաբերական վճար մուծելու՝ օրենքով սահմանված պարտականությունը խախտել էր Կոնվենցիայի Հոդված 11-ով սահմանված միավորումների իր ազատությունը, ըստ որի՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը:
2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...»։
Ի լրումն՝ հայցվորը հղում կատարեց Կոնվենցիայի հոդվածներ 9 (մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք) և 10-ը (արտահայտվելու/խոսքի ազատության իրավունք)։
27. Կառավարությունն առարկեց այս փաստարկի դեմ։
28. Կառավարությունը գտնում էր, որ հայցի այս մասը տեղին է ուսումնասիրել Կոնվենցիայի հոդված 11-ի շրջանակներում, ինչպես մեկնաբանված է Հոդվածներ 9-ում և 10-ում։
A. Հոդված 11-ով երաշխավորված իրավունքի միջամտության առկայությունը
1. Կողմերի ներկայացումները
(a) Հայցվոր
29. Ըստ հայցվորի՝ միավորումների ազատության իրավունքի նեգատիվ կողմը պետք է դիտարկել այդ ազատության պոզիտիվ կողմի հետ հավասար հիմունքներով։ Ցանկացած այլ եզրակացություն կլինի անտրամաբանական և կխաթարի միավորումների ազատության սկզբունքը։ Այսպիսով, դատարանը ճշմարտացի կերպով սահմանեց, որ կոնկրետ արհմիության անդամակցելու, և դրա գործունեության ֆինանսավորման հարկադրանքը հակասում է միավորումների ազատության իրավունքի նեգատիվ կողմին՝ «հարվածելով Հոդված 11-ով երաշխավորված միավորումների ազատության էությանը» (նա մեջբերեց Յանգը, Ջեյմսը և Վեբստերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 1981թ. օգոստոս 13, § 55, սերիաներ A no. 44 և Սյորենսենն ու Ռասմուսենն ընդդեմ Դանիայի [GC], nos. 52562/99 և 52620/99, § 54, ՄԻԵԴ 2006‑I)։
30. Հայցվորը առարկեց կառավարության փաստարկի դեմ, որ սույնը հարկայինի, բայց ոչ անդամավճարի մասին է և , հետևաբար, միավորումների ազատության իրավունքի նեգատիվ կողմը չէր խախտվել։ Չնայած որ կառավարությունն ընդունեց, որ հարկը պետությանը վճարվելիք պարտադիր գումար է, որը պետք է օգտագործվի պետության կողմից՝ ըստ հանրային շահի համար պետության կողմից ընդունված որոշումների, նրանք չհամաձայնվեցին, որ արդյունաբերական վճարը այս բնորոշմանը չէր համապատասխանում, այլ պետության անունից FII-ի կողմից հավաքագրվող գումար էր։ FII-ը է որոշում՝ ինչպես ծախսել այս եղանակով ստացված գումարները՝ ուղղորդվելով իր քաղաքականությամբ ու կարծիքներով և առանց հաշվի առնելու հայցվորի և այլոց կարծիքները, որոնք օրենքով հարկադրված էին նպաստել դրա ֆինանսավորմանը։ Հատկապես Գերագույն դատարանի անդամի չհամապատասխանող կարծիքում սահմանված պատճառներով՝ վճարների հարկադիր մուծումների միջոցով հայցվորը պարտադրված էր լինել FII-ի անդամ և/կամ ասոցացնել իրեն այլոց հետ FII–ում։ Չնայած արդյունաբերական վճարի հարկադիր բնույթի և այն փաստի, որ FII-ի անդամները կարող էին իրենց վճարները նվազեցնել իրենց անդամավճարներից, FII-ն իրավունք էր վերապահվել մերժելու հայցվորի և իր նման այլոց անդամակցությունը։
31. Հայցվորը ներկայացրեց նաև, որ արդյունաբերական վճար մուծելու վիճարկվող պարտավորությունը հակառակ ազդեցություն է ունեցել միավորումների ազատության՝ իր պոզիտիվ իրավունքի իրականացման վրա։ Հոդված 11 § 1-ը պաշտպանում էր այլոց հետ միավորումների ազատության իրավունքը, այդ թվում՝ խմբի անդամների ընդհանուր նպատակների խթանան համար կոլեկտիվ մարմին կամ միություն ստեղծելու և միանալու իրավունքը։ Արդյունաբերական վճարի հարկադրումը նվազեցրել է հայցվորի և այլոց համար մատչելի միջոցները՝ ձևավորելու և ֆինանսավորելու այն ասոցիացիաները, որոնք խթանում էին իրենց հայացքներն ու շահերը։ Ամենավերջինը՝ ոտնահարվել է հայցվորի և այլոց պոզիտիվ իրավունքը՝ կամավոր կերպով այլոց հետ միավորվելու՝ իրենց ընդհանուր շահերն ու հայացքները խթանելու նպատակով։ Այս առումով հայցվորը հղում է կատարել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ղեկավար մարմնի կոմիտեի միությունների ազատության որոշումների և սկզբունքների ժողովածուի պարբերություններ 339–34 (տես՝ վերևում պարբերություններ 23 և 24)։ Այդ պարբերություններում նշված ցանկացած տեսակի խտրականությունը, ներառյալ մի կազմակերպությանը մյուս կազմակերպության համեմատությամբ արտոնություն կամ անբարենպաստ պայմաններ ապահովելը, վտանգի է ենթարկել սեփական ընտրությամբ կազմակերպություններ ստեղծելու և անդամակցելու՝ մարդկանց իրավունքը։
32. Հայցվորի կարծիքով պարզ էր, որ մասնավոր միություն FII-ը այլ մասնավոր միությունների հետ համեմատությամբ առավելություն ուներ։ Արդյունաբերական վճարը մի տուրք էր, որը գանձվում էր՝ FII-ի գործունեությունը ֆինանսավորելու համար։ Ոչ MBA և ոչ էլ ցանկացած այլ կազմակերպություն այսպիսի հարկից չէր օգտվում։
33. Հայցվորը փաստարկեց, որ Հոդված 9-ով սահմանված մտքի ազատության պաշտպանությունը և Հոդված 10-ով սահմանված խոսքի ազատությունը ներառում էին ընտրության ազատություն։ Սա ենթադրում էր, որ անձը պետք է ընտրության հնարավորություն ունենա. արդյո՞ք կամենում է նպաստել այն ծախսերին, որոնք ուղղված են քաղաքական հայացքների խթանման և քարոզման համար և, թե արդյո՞ք ցանկանում է այլոց հետ լինել այն խմբում, որի հայացքների հետ նա տարակարծիք է կամ որի նպատակներին նա հավանություն չի տալիս։ Այսպիսով՝ պարտադրել անձին անդամավճար մուծել մի միության, առանց հաշվի առնելով դրա քաղաքականության, գործունեության և կարծիքների՝ անձի առարկությունները և նպաստել այն ծախսերին, որոնք խթանում և քարոզում են այդ հայացքները, արդեն հանդիսանում է միջամտություն Հոդված 11-ով սահմանված անձի իրավունքներին։
(b) Կառավարություն
34. Կառավարությունը վիճարկեց, թե սահմանափակվել է միություններ կազմելու՝ հայցվորի իրավունքը, ինչպես սահմանված է Կոնվենցիայի հոդված 11-ում՝ արհմիություններ կազմելու կամ անդամագրվելու կամ միության անդամ չլինելու՝ նրա իրավունքի առումով։ Հայցվորը FII-ի անդամ չէր, և որևէ կերպով նրան չէին հարկադրել անդամ դառնալ։ Հայցվորը 300,000 բնակչություն ունեցող երկրում 10,000–ից ընդամենը մեկն էր, որը ենթակա էր արդյունաբերական վճարի։ Արդյունաբերական վճարի գումարը շատ ցածր էր՝ կազմելով շրջանառության 0.08%-ը ։ Դա անդամավճար չէր, այլ 1993թ. օրենքով սահմանված հատուկ նպատակի համար ներդրված հարկ՝ խթանելու Իսլանդիայի արդյունաբերությունն ու արդյունաբերական զարգացումը։ Այլ հարկերի պես այս վճարը նույնպես հավաքագրվում էր պետության կողմից։ Ըստ օրենքի՝ միջոցները հատկացվում էին FII-ին, որը պարտավոր էր օգտագործել դրանք նշված նպատակներով։ Պետք է շեշտել, որ թեև FII-ը հասարակական կազմակերպություն էր, դրան հստակ և օրինական դերակատարում էր վերապահվել՝ օգտագործել արդյունաբերական վճարը ամբողջ արդյունաբերության համար։ Սա ներառում էր նաև հայցվորին՝ որպես ինքնազբաղ անհատ։
35. Չնայած որ FII-ը աշխատում էր հատուկ իր անդամների շահերի համար, իր գործառույթներում այն հատուկ խնամքով առանձին հաշիվներ էր պահում, թե ինչպես էին արդյունաբերական վճարների եկամուտներն օգտագործվում իրենց առանձնահատուկ շահերի սպասարկման համար՝ մի կողմից և ամբողջ արդյունաբերական ոլորտի ընդհանուր շահերի համար՝ մյուս կողմից։ Արդյունաբերական վճարից առաջացած միջոցների օգտագործումը FII-ի կողմից ենթարկվում էր կանոնադրական պայմաններին և հանրային մանրակրկիտ ուսումնասիրությանը։ Այս ոլորտում վերահսկումն իրականացվել էր թափանցիկության պահանջներին լիովին համահունչ՝ այն անձանց առումով, ովքեր, ինչպես հայցվորը, անդամավճարներ էին մուծում FII-ին՝ առանց դրա անդամ լինելու կամ այլ ձևով դրա հետ կապված լինելու։ Այս առումով՝ սույն գործը տարբերվում էր Էվալդսոնն ու այլոք ընդդեմ Շվեդիայի գործից (no. 75252/01, 13 փետրվարի 2007թ.)։ Հայցվորի դիրքի վրա ոչ մի ազդեցություն չուներ այն փաստը, որ արդյունաբերական վճար մուծող իր անդամներին FII-ը անդամավճարների զեղչ էր տրամադրում։ Որպես հասարակական կազմակերպություն՝ FII-ը լիովին իրավունք ուներ որոշելու, թե ինչ միջոցներ պետք է կիրառվեն իր անդամավճարների առումով և դա անելով նա փաստացիորեն գտնվում էր Հոդված 11-ի պաշտպանության ներքո՝ պետության միջամտությունից։
36. Կառավարությունն ընդգծեց, որ արդյունաբերական վճարի պարտադրումն էականորեն տարբերվում էր «Կոնկրետ կազմակերպություններ՝ ֆավորիտիզմ կամ խտրականություն առումով» վերնագրով որոշումների և սկզբունքների ժողովածուի ILO նկարագրված իրավիճակից (տես՝ վերը նշված պարբերություն 24)։ FII-ին փոխանցվող հարկային եկամուտները չէին կարող դիտարկվել՝ որպես գործատուների մի ասոցիացիային և ոչ մյուսին տրամադրվող պետական սուբսիդիա։ Հակառակը՝ դրանք նախատեսված էին ծածկելու FII-ի վրա դրված պաշտոնական վճարները՝ խթանելու Իսլանդիայի արդյունաբերությունն ու արդյունաբերական զարգացումը։ Պատճառը, թե ինչու գործատուների ոչ մի այլ ասոցիացիա եկամուտ չէր ստանում արդյունաբերական վճարից, այն էր, որ ոչ մի այլ ասոցիացիայի վրա այսպիսի պարտավորություն դրված չէր։ Հետևաբար, խտրականության ոչ մի հարց չի կարող լինել FII-ի և ավանդական գործատուների ասոցիացիաների միջև՝ ԱՀԿ կոմիտեի կողմից սահմանված իմաստով։
37. Կառավարության կարծիքով էական տարբերություն կար սույն գործով տվյալ իրավիճակի և միավորումների ազատության նեգատիվ կողմին վերաբերող դատարանի նախկին վճիռների միջև. հատկապես Յանգը, Ջեյմսը և Վեբստերը՝ վերը նշված Սիգուրդուր Ա. Սիգուրյոնսոնն ընդդեմ Իսլանդիայի (30 հունիսի 1993թ., Սերիաներ A no. 264) և վերը նշված Սորոնսենն ու Ռասմուսենը գործերում։ Ի տարբերություն այդ գործերի՝ տվյալ գործում արդյունաբերական վճար մուծելու հայցվորի մերժումը չէր հանգեցնի իր աշխատանքի կամ ապրուստի միջոցի կորստին, և այս առումով ոչ մի հետևանք չէր ունենա։ Տվյալ գործով խոսքը գնում էր միայն հարկի, բայց ոչ՝ անդամավճարի մասին։
38. Եթե հայցվորը չվճարեր արդյունաբերական վճարը, աշխատանքային կամ քրեական օրենքի տեսանկյունից դա անհետևանք կլիներ նրա համար, կամ ստիպված չէր լինի փակելու իր գործը՝ ավելացված արժեքի հարկի հավաքման հետ կապված հատուկ կանոնների համապատասխան։ Ցանկացած ապառք ենթակա կլիներ հարկային մարմինների կողմից սովորական ընթացակարգով հավաքագրման. այսինքն՝ հայցվորի ակտիվների բռնագանձում (հարկադրման միջոցների մասին օրենք, No. 90/1989) և աճուրդով այդ ակտիվների պարտադրված վաճառք (օրենք No. 90/1991)։ Այսպիսով՝ հայցվորի կողմից արդյունաբերական վճարի մուծումից հրաժարվելու միակ հետևանքը կլիներ նույն տեսակի ֆինանսական ճնշումը, ինչ որ կիրառվում էր սովորաբար հարկերի պարագայում։ Ցանկացած դեպքում հայցվորի գործառույթներից գանձվող վճարը եղել է շատ փոքր (0.08%)՝ կազմելով 66 եվրո ամբողջ 2004թ. համար։ Այսպիսի փոքր գումարը չէր կարող ֆինանսական բեռ հանդիսանալ նրա համար և տարբերակում էր սույն գործը Էվալդսոնն ու այլոք (վերը նշված) գործից։
39. Կառավարությունը վիճարկեց նաև հայցվորի հղումները Կոնվենցիայի հոդվածներ 9 և 10-երին։ FII-ը ոչ մի քաղաքական նպատակ չուներ՝ կապված որևէ քաղաքական կուսակցության գործառույթների կամ քաղաքականության հետ։ Այն երբևիցե որևէ կոնկրետ քաղաքական կուսակցությանն աջակցություն չի հայտնել և չի էլ ունեցել քաղաքական կապվածություն, օրինակ՝ ֆինանսավորման միջոցով, ուղղակի կամ անուղղակի։ Հետևաբար կառավարությունը կտրուկ մերժեց հայցվորի չհիմնավորված պնդումները, թեFII-ը մասնակցել է քաղաքական գործունեությանը։ Ժամանակ առ ժամանակ FII-ը անխուսափելիորեն մասնակցել է հանրային քննարկումներին, որտեղ խնդրո առարկան եղել է արդյունաբերության շահը և,թե ինչպես լավագույնս ապահովել ոլորտի պատշաճ գործելակերպի միջավայրը։ Բայց սա եղել է անկախ կոնկրետ ժամանակահատվածում՝ իշխանության գտնվող քաղաքական կուսակցությունից կամ կուսակցություններից։ Այս առումով նույնպես հայցվորի իրավիճակը տարբերվում էր Յանգը, Ջեյմսը և Վեբստերը և Սորոնսենն ու Ռասմուսենը գործերից, երբ հստակ և բաց կերպով հայտարարություն էր եղել արհմիության, որին նրանք պարտավոր էին անդամակցել, և կոնկրետ քաղաքական կուսակցության միջև կապի մասին։
40. Հայցվորի գործով հանգամանքները համադրելի չէին նաև Շասսանյոուն և այլոք Ֆրանսիայի դեմ գործի հետ ([GC], nos. 25088/94, 28331/95 և 28443/95, ՄԻԵԴ 1999‑III)։ Որպես Իսլանդիայում ամբողջ արդյունաբերական ոլորտի ամենամեծ ֆորում՝ FII-ը գնահատել և կարծիք էր հայտնել, թե ինչպես է Եվրամիությունը ծառայում արդյունաբերության լայն շահերին և թե ինչպես է արդյունաբերությունը Եվրամիության անդամ պետություններում ապահովում աշխատանքի որոշ պայմաններ՝ Իսլանդիայի իրավիճակի հետ համեմատած։ Սակայն սա իր մեջ չէր ներառում ինչ-որ կոնկրետ քաղաքական հայացքի կամ համոզմունքի ընդունում, որի հետ հայցվորը գտնում էր՝թե իրեն ասոցացրել են՝ իր ցանկությանը հակառակ։ FII-ը հանդիսանում էր արդյունաբերության կատեգորիաների լայն շրջանակի ձեռնարկությունների և գործատուների չափազանց լայն և անհամադրելի խմբի ներկայացուցիչ, որտեղ միակ քաղաքականությունն էր աշխատել հանուն ընդհանուր արդյունաբերության շահերի և ոչ թե աջակցել ինչ-որ կոնկրետ քաղաքական կուսակցության կամ կուսակցությունների, կամ մասնակցել քաղաքական գործունեությանը։
41. Վերոհիշյալի լույսի ներքո կառավարությունը պնդեց, որ հայցվորի գործը իր մեջ չէր ներառում հարկադրանք, որը խախտում էր Հոդված 11-ով երաշխավորված իրավունքի էությունը։ Այն չէր բխում նաև դատարանի նախադեպային իրավունքից, որ միավորումների ազատության իրավունքի նեգատիվ կողմերը պետք է հաշվի առնվեն պոզիտիվ կողմերի հետ նույն հարթության վրա։
42. Իսկ թե արդյոք վճար մուծելու պարտավորությունն ինչ-որ ազդեցություն ուներ հայցվորի՝ միավորումների պոզիտիվ ազատության վրա, պետք է նկատել, որ այն ոչ մի ազդեցություն չուներ միություններին կամ ասոցիացիաներին սեփական ընտրությամբ ադամակցելու նրա իրավունքի վրա։ MBA, որի անդամ էր հանդիսանում հայցվորը, Իսլանդիայի գործատուների կոնֆեդերացիայի, որին անդամակցում էր FII-ը, կողմից բանակցված կոլեկտիվ համաձայնագրերով պարտավորված չէր։ Այսպիսով՝ հայցվորի բանակցելու ազատությունը վտանգված չէր։ Առանց միջամտության, MBA կարող էր գործել իր անդամների շահերի խթանման համար և ուղղել նրանց կողմից վճարված անդամավճարները այս նպատակին։ Անհիմն էին հայցվորի այն պնդումները, թե FII-ի գործունեությունը հակասում էր իր շահերին կամ համոզմունքներին։ Եվ՛ MBA-ն, և՛ FII-ը հանդիսանում էին գործատուների ասոցիացիաներ ,և հայցվորը չի մատնանշել իր ոչ մի շահը, որն այս առումով հակասության մեջ կմտներ FII-ի շահերի հետ։ Հակառակը՝ շինարարական ընկերությունների շահերը, ինչպես այլ արդյունաբերական ընկերությունների շահերը, ամբողջովին համընկնում էին FII-ի կողմից խթանվող շահերի հետ։ Հայցվորն օգտվել էր Իսլանդիայի արդյունաբերության խթանման FII-ի գործունեությունից։
43. Չնայած որ FII-ը մասնակցում էր Իսլանդիայի արդյունաբերության աշխատանքային պայմաններին վերաբերող հանրային քննարկումներին՝ ներառյալ Եվրամիությանը Իսլանդիայի անդամակցության առավելությունների վերաբերյալ քննարկումները, հայցվորն ազատ էր՝ իրեն FII-ի կարծիքների հետ ասոցացնելու և սեփական դիրքորոշումն ընդունելու համար, ինչպես դա արել էր MBA-ը։
44. Վերը նշված դիտարկումների վրա հիմնվելով՝ կառավարությունը խնդրեց դատարանին որոշում կայացնել, որ ոչ մի միջամտություն տեղի չի ունեցել Կոնվենցիայի հոդված 11-ով սահմանված հայցվորի իրավունքի մեջ։
2. Դատարանի գնահականը
45. Դատարանը կրկնեց, որ արմիություններ ստեղծելու և անդամակցելու իրավունքը միավորումների ազատության հատուկ ոլորտ է և, որ ազատության հասկացությունը ենթադրում է դրա իրականացման հետ կապված ընտրության ազատության որոշակի չափանիշ (տես՝ վերը նշված, Յանգը, Ջեյմսը և Ուեբստերը, § 52)։ Համապատասխանաբար, Կոնվենցիայի հոդված 11-ը պետք է դիտարկել նաև՝ որպես ասոցիացիայի նեգատիվ իրավունքը ներառող կամ այլ բառերով ասված միությանը հարկադրված կերպով չանդամակցելու իրավունք (տես, վերը նշված, Սիգուրդուր Ա. Սիգուրյոնսոնը, § 35)։ Չնայած որ կոնկրետ արհմիությանն անդամակցելու հարկադրանքը միշտ չէ, որ հակասում է Կոնվենցիային, այս տեսակ հարկադրանքի ձևը, որն այս գործի հանգամանքներում հարվածում է Հոդված 11 երաշխավորված միավորումների ազատության էությանը, կհանդիսանա միջամտություն այդ ազատությանը (տես՝ Գուստաֆսոնն ընդդեմ Շվեդիայի, 25 ապրիլի 1996թ., § 45, վճիռների և որոշումների հաշվետվություն 1996-II, և Յանգը, Ջեյմսը և Ուեբստերը, § 55; Գիգուրդուր Ա. Գիգուրյոնսո, § 36 և Սորենսենն ու Ռասմուսենը § 54՝ բոլորը վերը նշված)։
46. Ավելին՝ այս համատեքստում պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Կոնվենցիայի հոդվածներ 9 և 10-ներով երաշխավորված անձնական կարծիքի պաշտպանությունը միավորումների ազատության երաշխիքի նպատակներից մեկն է և, որ այսպիսի պաշտպանությունը կարող է միայն արդյունավետ կերպով ապահովվել միավորումների ազատության և՛ պոզիտիվ, և՛ նեգատիվ իրավունքի երաշխավորման միջոցով (տես՝ Շասանոուն և այլոք, § 103, Յանգը, Ջեյմսը և Ուեբստերը, § 57, Սիգուրդուր Ա. Սիգուրյոնսոնը, § 37 և Սորենսենն ու Ռասմուսենը, § 54՝ բոլորը վերը նշված)։
Այս առումով անձնական ինքնիշխանության հասկացությունը Կոնվենցիայի երաշխիքների մեկնաբանության համատեքստում ընկնող կարևոր սկզբունք է։ Հետևաբար այս հասկացությունը պետք է դիտարկել՝ որպես Հոդված 11-ով հստակորեն սահմանված անհատի ընտրության ազատության էական եզրակացություն և այդ դրույթի նեգատիվ կողմի կարևության հաստատում (տես Սորենսենն ու Ռասմուսենը, ibid.)։
47. Սույն դեպքում հայցվորը, լինելով շինարարության ոլորտի գործատու և MBA անդամ, 1993թ. օրենքով պարտավոր էր արդյունաբերական վճար մուծել FII–ին, որին նա չէր անդամակցում և որի հետ MBA կապակցված չէր։ Առաջին հարցն այն էր , որ պետք է որոշվեր , ինչպես փաստարկվում էր հայցվորի կողմից և վիճարկվում կառավարության կողմից,թե այս պարտավորությունը արդյոք հավասարազո՞ր էր պարտադիր անդամակցությանը՝ հակադարձ ազդեցություն ունենալով միավորումների ազատության նեգատիվ ոլորտի վրա, մասնավորապես իր կամքին դեմ, մասնագիտական կազմակերպության «չանդամակցելու» նրա ազատության վրա, ինչպես մեկնաբանված է դատարանի նախադեպային իրավունքներում։
48. Դատարանը նկատեց, որ սույն գործի հանգամանքները տարբերվում են նախկինում քննված գործի հանգամանքներից, որ ո՛չ հայցվորը, և ո՛չ էլ MBA, որին նա անդամակցում էր, պարտադրված էին «անդամակցելու» FII-ին ՝ այդ առումով դառնալով ֆեդերացիայի անդամներ։ Սակայն, չնայած այն պարտավորությունը, որին ենթարկվել էր հայցվորը, ֆորմալ անդամակցություն չէր ենթադրում. այն միությանը անդամակցելու ընդհանուր բնորոշում էր պարունակում, մասնավորապես՝ ֆինանսապես նպաստելով FII–ին (Սորենսենն ու Ռասմուսենը, վերը նշված § 63)։ Կարելի է տեսնել, որ այս ընդհանուր բնորոշումը ամրապնդվում է նաև այն փաստով, որ արդյունաբերական վճար մուծող FII-ի անդամները իրավունք ունեին վճարի գումարին համարժեք չափով զեղչված անդամավճարներ մուծել։
49. Ճշմարիտ է, որ, ի հակասություն ասոցիացիայի անդամավճարի, արդյունաբերության վճարը չէր վճարվում ուղղակիորեն FII-ին, այլ անուղղակիորեն՝ գանձապետարանի միջոցով, որը հավաքագրման հետ կապված ծախսերի կրճատումից հետո ստացված գումարները փոխանցում էր FII-ին, որտեղ գումարները հաշվարկվում էին անդամավճարներից առանձին։ Չնայած այս առումով արդյունաբերական վճարը կարելի է համարել որպես կոնկրետ նպատակով հարկի բնորոշումներ ունեցող, դա հատուկ տեսակի հարկ էր, որը գանձվում էր անձանց սահմանափակ խմբից և բախշվում էր մասնավորի իրավունքի միությանը՝ առանց պետական մարմինների կողմից էական ներգրավվածության կամ վերահսկման։
50. Ճշմարիտ է նաև, ինչպես նշվեց կառավարության կողմից, որ հայցվորի կողմից տարեկան վճարվող գումարները, հաշվարկված իր շրջանառության կանոնադրական 0.08% չափով, համեմատաբար համեստ գումար էր և, որ նրա կողմից վճարը մուծելու պարտավորության չկատարումը կենթարկվեր միայն քաղաքացիական կամ վարչական պատժամիջոցների՝ այդ թվում առգրավման միջոցով ցանկացած գումարի պահումը և հայցվորի ակտիվների վաճառքը։ Այս առումով հայցվորի հանդեպ կիրառված հարկադրանքի աստիճանը կարելի է դիտարկել՝ որպես էապես պակաս լուրջ, քան դատարանի կողմից քննված այլ գործերում, երբ միությանն անդամակցությունից հրաժարված հայցվորը զրկվել էր աշխատանքից կամ մասնագիտական լիցենզիայից և արդյունքում՝ ապրուստի միջոցներից (տես՝ օրինակ, Յանգը, Ջեյմսը և Ուեբստերը՝ վերը նշված, § 55, Սիգուրդուր Ա. Սիգուրյոնսոնը՝ վերը նշված, §§ 36-37)։ Միևնույն ժամանակ դատարանը նկատեց, որ միության անդամակցության պահանջը մերժելու շատ ավելի քիչ հետևանքները կարող են նույն ձևով խախտել Կոնվենցիայի հոդված 11-ով պաշտպանված ընտրության ազատությունն ու միությունների ազատության էական իրավունքը (տես՝ օրինակ՝ Սորենսենն ու Ռասմուսենը՝ վերը նշված § 61)։
51. Փաստը մնում է փաստ, որ սույն գործով հայցվորն օրենքով պարտավոր էր ֆինանսապես օժանդակել մասնավոր իրավունքի կազմակերպությանը, որն իր սեփական ընտրության կազմակերպությունը չէր։ Դա նաև մի կազմակերպություն էր, որը քարոզում էր քաղաքականություն, մասնավորապես անդամակցությունը Եվրամիությանը, որն արմատապես հակասում էր իր քաղաքական հայացքներին և շահերին։ Հետևաբար Հոդված 11–ով իր բողոքը պետք է դիտարկվի հոդվածներ 9 և 10-երով՝ անձնական կարծիքի պաշտպանության լույսի ներքո, որը Հոդված 11-ով երաշխավորված միությունների ազատության նպատակներից մեկն էր (տես՝ վերը նշված, Սորենսենն ու Ռասմուսենը, Սիգուրդուր Ա. Սիգուրյոնսոնը, § 37 և Յանգը, Ջեյմսը և Ուեբստերը, § 57)։
52. Դատարանը նկատեց նաև, որ միգուցե անհատական տեսանկյունից տարեկան մուծումները փոքր էին, բայց արդյունաբերական վճարի սխեմայի պարբերական, ծավալուն և շարունակական բնույթը դրան էական ազդեցություն էր տալիս։ 1,100–ից քիչ ավել անդամ ունեցող կազմակերպությանը վճար մուծող 10,000–ից ոչ պակաս անձանց ներառումը և մեծապես այս ձևով եկամուտների ստեղծման (տես՝ վերը նշված պարբերություն 12) սխեման կազմված էր ֆինանսավորման լայնամասշտաբ համակարգից՝ ի օգուտ ստացող մեկ կազմակերպության –FII-ի։ Ոչ մի այլ կազմակերպություն, ներառյալ MBA, որի անդամ հանդիսանում էր հայցվորը, արդյունաբերական վճարից ստացված միջոցներ չի ստացել։ Ի տարբերություն FII-ի անդամների՝ այլ կազմակերպությունների անդամները, որոնցից էր նաև հայցվորը, ի վիճակի չէին իրենց կազմակերպության անդամավճարներից կրճատել վճարված արդյունաբերական վճարի չափով գումարը։ Չնայած կառավարության այն փաստարկի, որ միջոցներն օգտագործվում էին Իսլանդիայի ամբողջ արդյունաբերության խթանման և զարգացման համար, դժվար էր կասկածել, որ FII և դրա անդամները ավելի նպաստավոր վերաբերմունքի չէին արժանանում, քան ասենք MBA և դրա անդամները, այդ թվում հայցվորը։
53. Այս առումով դատարանը հաշվի առավ նաև Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի (Եվրոպական սոցիալական խարտիայի Հոդված 5 հետ կապված) և ԱՀԿ ղեկավար մարմնի միավորումների ազատության կոմիտեի համապատասխան եզրակացությունները (Կոնվենցիա No. 87 միավորումների ազատության և կազմակերպելու իրավունքի հետ կապված), որից պարզ է դառնում, որ անդամ չհանդիսացող անձանց՝ արհմիությանը անդամավճար մուծելու պարտադրանքը և արհմիության հանդեպ ֆավորիտիզմ կամ խտրականություն առաջացնող կառավարության միջոցառումները որոշ դեպքերում կարող են անհամադրելի լինել կազմակերպելու իրավունքի և սեփական ընտրությամբ կազմակերպությանն անդամակցելու իրավունքի հետ (տես՝ վերը պարբերություններ 22–24)։
54. Ամփոփելով՝ դատարանը գտավ, որ արդյունաբերական վճար մուծելու՝ հայցվորի վրա դրված օրենսդրական պարտավորությունը խախտվել է, որպես արհմիության անդամ, մասնագիտական շահերի պաշտպանության համար հայցվորի սեփական ընտրության ազատությունը, և իրենից ներկայացնում է միջամտություն Հոդված 11-ի պարբերություն 1-ով պաշտպանվող միավորումների ազատության՝ հայցվորի իրավունքին։
B. Արդյոք միջամտությունը հիմնավորված էր Հոդված 11-ի պարբերություն 2–ով
1. Կողմերի ներկայացումները
(a) Հայցվոր
55. Հայցվորն ընդունեց, որ արդյունաբերական վճար մուծելու պահանջը «սահմանված էր օրենքով», բայց վիճարկեց կառավարության այն պնդումը, թե միավորումների ազատության իր իրավունքի միջամտությունը օրինական նպատակ էր հետապնդում։
56. Եվ չի կարելի անհրաժեշտ համարել արդյունաբերական վճարի պարտադրումը հայցվորի պես ոչ անդամների վրա՝ Կոնվենցիայի հոդված 11-ի երկրորդ պարբերության նպատակներով, որ հոդվածը պետք է մեկնաբանվի Հոդվածներ 9-ի և 10-ի լույսի ներքո։ Միավորումների ազատության նրա (նեգատիվ) իրավունքին, մտքի և խոսքի ազատությանը միջամտելու հրատապ և համաչափ ոչ մի անհրաժեշտություն չկար՝ պահանջելով նրան դառնալ FII-ի անդամ և կամ միավորվելու այլոց հետ FII-ի շրջանակներում՝ FII անդամավճար մուծելու միջոցով։ Այդ վճարները մասամբ օգտագործվում էին FII-ի կողմից այն քաղաքական հայացքների խթանման և քարոզման համար, որոնք հակասում էին հայցվորի և նրա պես այլոց հայացքներին, որոնք պարտադրված էին FII–ին՝ պարտադիր վճարներ կատարելու միջոցով նպաստել FII-ի գործունությանը, որը նա (և այլոք) համարում էին իրենց և ազգային շահերին հակասող։ Իսլանդիայի իշխանությունները չկարողացան ցույց տալ, որ Իսլանդիայի արդյունաբերության խթանման այլ եղանակ չկար, ինչպես ներկայացվեց FII–ի կողմից, բացի նրա (և այլոց) վճարներ մուծելու պարտադրանքի, և այդպիսով հայցվորը նպաստում էր FII–ի կողմից այն հայացքների խթանման ու քարոզչության ծախսերի ծածկմանը, որոնց նա (և այլոք) դեմ էին։ Այս առումով հայցվորը հղում կատարեց Էվալդսոնն ու այլոք գործով դատարանի վճռին (վերը նշված)։
57. Հայցվորը նշեց նաև, որ արդյունաբերական վճարից առաջացած միջոցների ծախսման FII-ի որոշումները կայացվել էին առանց որևէ պետական մարմնի ներգրավվածության։ Ինչպես հաստատեց կառավարությունը, 2000թ. փետրվարի 15-ի նամակով (գերագույն դատարանի անհամաձայնություն հայտնած անդամի կարծիքի «II»–ում զետեղված՝ տես պարբերություն 19 -ում) FII-ը անսահմանափակ իրավասություն էր ստացել որոշելու, թե ինչպես պետք է օգտագործվի արդյունաբերական վճարը, և Արդյունաբերության նախարարությունը չէր կարող միջամտել։
58. Ավելին՝ անվիճելի էր, որ FII-ը քաղաքական գործունեություն էր ծավալել, ինչպիսին էր Եվրամիությունում Իսլանդիայի անդամակցության օգտին քարոզչությունը։
59. Աջակցության չարժանացավ նաև կառավարության այն դիրքորոշումը, որ արդյունաբերական վճարի հարկադրման գործողոթյունը կատարվել էր պետության, բայց ոչ FII-ի կողմից։ Հակառակը՝ այն հիմնավորեց հայցվորի դիրքորոշումը, որ չնայած արդյունաբերական վճարը պետության կողմից էր կիրառվում և հավաքվում, սակայն դրանից հետո այդ պարտադիր վճարները փոխանցվում էին FII-ին, որն այդ միջոցները ծախսում էր սեփական հայեցողությամբ՝ առանց պետական վերահսկողության։
60. Ի հակասություն կառավարության հիմնավորման՝ արդյունաբերական վճարը գանձվում էր ոչ թե ի օգուտ հանրային կամ ընդհանուր շահի, այլ մասնավոր միության. այն է ,FII-ի շահի։
61. Չնայած որ կառավարությունը հղում կատարեց Էվալդսոնն ու այլոք գործով դատարանի վճռին (վերը նշված), դա ավելի շուտ հիմնավորեց հայցվորի դիրքորոշումը։ Չնայած Էվալդսոնն ու այլոք գործով վճարման խախտված պարտականությունը պարտադրված էր կոլեկտիվ աշխատանքային համաձայնագրով, սույն գործով վիճարկված պարտավորությունը սահմանված էր օրենքով, որը նշանակում էր, որ նախկին գործով որդեգրված դիրքորոշումը ավելի մեծ ուժով կիրառելի էր սույն գործով։ Ավելին՝ Էվալդսոնն ու այլոք գործին նման իրավիճակներում վերահսկման և FII-ի կողմից միջոցների ծախսման տեղեկատվության և թափանցիկության պակաս կար։
62, Ինչպես և նախորդ գործով, հայցվորը սեփական կամքին հակառակ՝ պետք է անդամավճարներ մուծեր քաղաքական օրակարգով մի կազմակերպության, որին նա չէր աջակցում։ Սակայն, ի տարբերություն նախկին գործի հայցվորների, սույն գործով հայցվորը ետ չէր ստացել մուծված վճարները։
63. Վերոհիշյալի լույսի ներքո կարելի է ասել, որ Իսլանդիայի իշխանությունները «արդար հավասարակշռություն» էին սահմանել մրցակցող շահերի միջև։
(b) Կառավարություն
64. Այն դեպքում, երբ դատարանը, վերը նշված փաստարկներից անկախ, գտավ, որ տեղի է ունեցել միջամտություն Հոդված 11-ի պարբերություն 1-ով պաշտպանված հայցվորի՝ միավորումների ազատության իրավունքին, կառավարությունը փաստարկեց, որ միջամտությունը համապատասխանել է երկրորդ պարբերությամբ սահմանված պայմաններին։ Արդյունաբերական վճարը հստակորեն սահմանված էր օրենքով և «այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության» օրինական նպատակ էր հետապնդում։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ սպասարկելով Իսլանդիայի տնտեսության ամենակարևոր ոլորտներից մեկի խթանման նպատակին՝ արդյունաբերական վճարը ծառայում էր նաև հանրային կարևոր շահերի։
65. Ինչ վերաբերում է միջամտության անհրաժեշտությանը, ապա կառավարությունն ընդգծեց, որ օրենսդիրը հաշվի է առել, որ Իսլանդիայի արդյունաբերության խթանման նպատակին լավագույնս հնարավոր է հասնել՝ այս դերը վստահելով FII–ին՝ ենթարկելով նրան օրենքին համապատասխան հանրային վերահսկման և արդյունաբերական վճարից առաջացած միջոցները հատկացնելով միայն այս կազմակերպությանը, քան բաժանելով այն բազմաթիվ փոքր կազմակերպությունների միջև։ FII հովանոցային ֆեդերացիա էր,որն իր մեջ ներառում էր արդյունաբերության բոլոր ճյուղերի ձեռնարկությունները, անհատների և ասոցիացիաների լայն շրջանակները՝ նպատակ ունենալով համագործակցել կառավարության հետ։ FII-ը պաշտպանում էր արդյունաբերության բոլոր ճյուղերի շահերն Իսլանդիայում և արտերկրում՝ ազդեցություն ունենալով կառավարության և ֆինանսական հաստատությունների, պետական մարմինների և արդյունաբերական գործունեության մեջ ներգրավված այլ կողմերի քաղաքականությունների վրա։ Սրա նպատակն էր ապահովել, որ Իսլանդիայի ընկերություններն ունենային այնպիսի աշխատանքային միջավայր, որը նրանց հնարավորություն կտար առանց խոչընդոտների և շահութաբեր եղանակով մրցունակ լինել ներքին և արտաքին շուկաներում։
66. Հաշվի առնելով վերը նշված տարբեր փաստարկները, որ միավորումների ազատության հայցվորի իրավունքին ոչ մի միջամտություն տեղի չի ունեցել (տես՝ վերևում պարբերություններ 34-44)՝ կառավարությունը ցանկացած պարագայում ներկայացրեց, որ արդյունաբերության վճարը նրա իրավունքի անհամաչափ միջամտություն չէր։ Արդյունաբերական վճարը ոչ մի դեպքում ծանր բեռ չի հանդիսացել հայցվորի համար, այլ կազմել է նրա շրջանառության աննշան մասը (0.08%)։ Այս առումով տվյալ գործը տարբերվում էր Էվալդսոնն ու այլոք գործից (վերը նշված)։
67. Ըստ արդյունաբերական վճարի մասին օրենքի բաժին 3-ի՝ օրենսդիրը գործադիրին իրավասություն էր տվել վերահսկողություն իրականացնել՝ ապահովելու, որ գումարները ծախսվեին հասարակական շահի համար, ինչպես սահմանված է օրենքով և ,ընդհանրապես, ի շահ արդյունաբերական ոլորտի։ Դա արվել էր ամբողջովին թափանցիկ եղանակով և այդ առումով սույն գործը տարբերվում էր Էվալդսոնն ու այլոք գործից (վերը նշված)։ Ավելին՝ քանի որ տվյալ եկամուտները պետական միջոցներ էին, գլխավոր աուդիտի գրասենյակը լիովին իրավասու էր քննելու FII-ի գործառույթներն ու հաշիվները։
68. Կառավարությունը ներկայացրեց նաև, որ Շվեդիայի ձեռնարկությունն ընդդեմ Շվեդիայի գործով 2003թ. մայիսի 15-ի իր որոշմամբ, որը վերաբերում էր տվյալ արհմիությանը չանդամակցող անձանց աշխատավարձերից հանվող աշխատավարձերի մոնիտորինգի վճարին, Սոցիալական իրավունքների եվրոպական հանձնաժողովը մեկնաբանեց Եվրոպական սոցիալական խարտիայի hոդված 5-ի այնպիսի մի եղանակով, որ սույն գործով օժանդակեց միայն կառավարության դիրքորոշումը։ Այդ գործով կարելի է հղում կատարել սույն գործով հատուկ նշանակության չորս հիմնական հարցերին։ Առաջին՝ կարելի է պարտադրել, երբ այն նախատեսված է տվյալ մասնագիտությ օրենքով կամ նույնիսկ կոլեկտիվ համաձայնագրով վճարը՝ բոլոր աշխատողների էական շահերին ծառայելու համար։ Երկրորդ և շատ կարևոր գործոնն այն է, որ վարձավճարի մուծումը, որը կատարվել է կոնկրետ միությանը, ավտոմատ կերպով պարտադիր անդամակցություն չի ենթադրում։ Երրորդ՝ անդամավճարների հավաքագրմամբ կուտակված միջոցները պետք է օգտագործվեն միայն դրա համար նախատեսված նպատակներով։ Չորրորդ՝ վճարի չափը չպետք է անհամաչափ լինի միության կողմից տրամադրված ծառայությունների առումով։ Շվեդիայի ձեռնարկության կոնֆենդերացիայի գործով սահմանված բոլոր պայմանները սույն գործով պահպանվել էին։
69. Ավելին՝ արդյունաբերական վճարի պարտադրումն էականորեն տարբերվում էր «Կոնկրետ կազմակերպություններ ֆավորիտիզմ կամ խտրականություն առումով» վերնագրով՝ որոշումների և սկզբունքների ժողովածուի ILO նկարագրված իրավիճակից։ FII-ին փոխանցված հարկային եկամուտները չէին կարող դիտարկվել, որպես պետական սուբսիդիայի որևէ ձև՝ գործատուների միությունների միջև սուբսիդիաների անհավասար բախշմանը հանգեցնող։ Կառավարությունն ընդգծեց, որ այս եկամուտները նախատեսված էին Իսլանդիայի արդյունաբերության և արդյունաբերական զարգացման՝ FII-ի վրա դրված պաշտոնական պարտականությունների ծախսերը հոգալու համար։ Իսլանդիայում արդյունաբերական ոլորտում գործատուների ոչ մի այլ միություն այսպիսի եկամուտներ չէր ստանում՝ շնորհիվ այն անհերքելի փաստի, որ ոչ մի այլ միություն օրենքով սահմանված համադրելի պարտականություններ չուներ։ Հետևաբար, կառավարությունը կտրուկ մերժեց ցանկացած խտրականություն FII-ի և ավանդական գործատուների միությունների միջև՝ ԱՀԿ չափորոշիչների իմաստով։
70. Եթե դատարանը գտներ, որ պարտադրված արդյունաբերական վճարը անհամադրելի էր Հոդված 11-ի հետ, ապա դա մեծապես կշեղվեր այդ դրույթի ազդեցության և շրջանակի մեկնաբանությունից։ Այն կունենար նաև հեռահար հետևանքներ՝ անտեսելով գործողությունների այն ազատությունը, որն անհրաժեշտ էր անդամ պետությունների համար՝ իրականացնելու հարկային հավաքագրումներ, ինչպես նաև սեփական մասնագիտական ոլորտներին աջակցելու և քաջալերելու քաղաքական նպատակներին հասնելու համար մեթոդների ընտրության ազատությունը։
2. Դատարանի գնահատականը
71. Դատարանը կուսումնասիրի, թե արդյոք արդյունաբերական վճարի մուծման պարտավորությունը բավարարե՞լ է Հոդված 11 § 2-ի առաջին նախադասությամբ սահմանված պայմանները։
72. Անվիճարկելի էր, որ բավարարված էր առաջին պայմանը, մասնավորապես, որ այդ միջոցառումը պետք է «սահմանված լիներ օրենքով։ Արդյունաբերական վճարի մուծման պարտավորությունը սահմանված էր 1993թ. օրենքի բաժիններ 1–3։ Նշելով գերագույն դատարանի փոքրամասնության կարծիքը, որ պարտավորությունը անհամատեղելի էր սահմանադրության Հոդված 74 § 2-ի հետ՝ դատարանը ոչ մի պատճառ չգտավ կասկածի տակ առնելու մեծամասնության այն կարծիքը, որ արդյունաբերական վճարը համապատասխանում էր ներպետական օրենքին։ Առաջին հերթին ներպետական մարմինները, մասնավորապես դատարանները, պետք է մեկնաբանեն և կիրառեն ներպետական օրենքները (տես՝ Ջահն ու այլոք ընդդեմ Գերմանիայի [GC], nos. 46720/99, 72203/01 և 72552/01, § 86, ՄԻԵԴ 2005‑VI, Վիտտեկն ընդդեմ Գերմանիայի, no. 37290/97, § 49, ՄԻԵԴ 2002-X, Ֆորրեր–Միեդենթալն ընդդեմ Գերմանիայի, no. 47316/99, § 39, 20 փետրվարի 2003թ. և Հունաստանի նախկին թագավորն ու այլոք ընդդեմ Հունաստանի [GC], no. 25701/94, § 82, ՄԻԵԴ 2000‑XII)։ Այսպիսով դատարանը բավարարվեց, որ միջամտությունը «սահմանված էր օրենքով»։
73. Երկրորդ պայմանի հետ կապված՝ դատարանը չհամաձայնվեց հայցվորի հետ, թե արդյոք արդյունաբերական վճարը օրինական նպատակ էր հետապնդում։ Համաձայն 1993թ. օրենքի բաժին 3-ի՝ վճարից ստացված եկամուտները «պետք է օգտագործվեին Իսլանդիայի արդյունաբերության խթանման և զարգացման համար»։ Ըստ դատարանի սույն միջոցն օրինական նպատակ էր հետապնդում պաշտպանելու «այլոց իրավունքներն ու ազատությունները»։
74. Երրորդ պայմանի հետ կապված դատարանը կրկնեց, որ անհրաժեշտության ստուգումը ժողովրդավարական հասարակությունում պահանջում է որոշել, թե արդյոք բողոքարկվող միջամտությունը համապատասխանում էր «հրատապ սոցիալական կարիքին» , թե արդյոք այն համաչափ էր օրինական նպատակին , թե արդյոք դրա հիմնավորման համար ազգային իշխանությունների կողմից տրված պատճառները տեղին և բավարար են (տես՝ օրինակ՝ Թուրքիայի միավորված կոմունիստական կուսակցությունն ընդդեմ Թուրքիայի, 30 հունվարի 1998թ., § 47, զեկույցներ 1998թ.-I)։
75. Արհմիությունների ազատության ոլորտում, հաշվի առնելով աշխատողների և գործատուների համապատասխան շահերի միջև պատշաճ հավասարակշռության հասնելու հետ կապված սոցիալական և քաղաքական հարցերի զգայուն բնույթն ու այս ոլորտում ներպետական համակարգերի միջև տարբերությունը, անդամ պետություններն ունեն հայեցողության լայն շրջանակ՝ որոշելու, թե արհմիությունների իրենց անդամների մասնագիտական շահերի պաշտպանությունը ինչպես պետք է ապահովվի (տես՝ Շվեդիայի վարորդների միությունը՝ վերը նշված, § 39, Գուստաֆսոն, վերը նշված, § 45, Սկետտինին և այլոք ընդդեմ Իտալլիայի (dec.), no. 29529/95, 9 նոյեմբեր 2000թ., Ուիլսոնը, լրագրողների ազգային միությունը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, nos. 30668/96, 30671/96 և 30678/96, § 44, ՄԻԵԴ 2002‑V և Սորենսենն ու Ռասմուսենը, վերը նշված, § 58)։
76. Սակայն այս հայեցողությունն անսահմանափակ չէ, բայց ենթարկվում է դատարանի կողմից եվրոպական վերահսկման, որի խնդիրն է վերջնական որոշում կայացնել, թե արդյոք այս սահմանափակումը համադրելի է Հոդված 11-ով պաշտպանված միավորումների ազատության հետ։ Իր վերահսկող գործառույթն իրականացնելու ժամանակ դատարանի խնդիրը չէ ստանձնել ներպետական մարմինների դերը, այլ Հոդված 11–ով և գործի լույսի ներքո ուսումնասիրել կայացված որոշումները (տես՝ վերը նշված Թուրքիայի միավորված կոմունիստական կուսակցությունն ու այլոք, § 47)։
77. Անդրադառնալով սույն գործի առանձնահատուկ հանգամանքներին՝ դատարանը հաշվի է առել կառավարության այն փաստարկը, որ Իսլանդիայի օրենսդիրը հաշվի էր առել, որ Իսլանդիայի արդյունաբերության խթանման նպատակին լավագույնս կարելի է հասնել՝ այս դերը FII-ին վստահելու միջոցով, որն ըստ օրենքի պետք է վերահսկվի պետության կողմից և հատկացնելով արդյունաբերական վճարից ստացված միջոցները միայն այս կազմակերպությանը և չբաժանելով այս գումարը բազմաթիվ ավելի փոքր կազմակերպությունների։ FII հովանոցային ֆեդերացիա էր,որը ներառում էր արդյունաբերության բոլոր ճյուղերի ձեռնարկությունները, անհատների և ասոցիացիաների լայն շրջանակները և իր նպատակին հասնելու համար համագործակցում էր կառավարության հետ։ FII-ը պաշտպանում էր արդյունաբերության բոլոր ճյուղերի շահերն Իսլանդիայում և արտերկրում՝ ազդեցություն ունենալով կառավարության և ֆինանսական հաստատությունների, պետական մարմինների և արդյունաբերական գործունեության մեջ ներգրավված այլ կողմերի քաղաքականությունների վրա։ Սրա նպատակն էր ապահովել, որ Իսլանդիայի ընկերություններն ունենան այնպիսի աշխատանքային միջավայր, որը նրանց հնարավորություն կտար առանց խոչընդոտների և շահութաբեր եղանակով մրցունակ լինել ներքին և արտաքին շուկաներում։ Դատարանն ընդունեց, որ սրանք Հոդված 11 § 2–ով սահմանված անհրաժեշտության նպատակներին համահունչ էին։
78. Ինչ վերաբերում է պատճառների բավարար լինելուն, ապա դատարանը նկատեց, որ արդյունաբերական վճարից ստացված միջոցների օգտագործման առումով FII-ի դերն ու պատասխանատվությունները շատ անորոշ ձևով էին սահմանված 1993թ. օրենքի բաժին 3–ում. «խթանել Իսլանդիայի արդյունաբերությունն ու արդյունաբերական զարգացումը»։ Նույնը կարելի էր ասել նաև «միջոցների օգտագործման վերաբերյալ Արդյունաբերության նախարարությանը տարեկան հաշվետվություն ներկայացնելու» բաժին 3–ով սահմանված պարտավորության մասին։ Ո՛չ 1993թ. օրենքը և ո՛չ էլ դատարանի ուշադրության առարկա դարձած այլ գործիքները հատուկ պարտավորություններ չէին դնում այն անդամների վրա, որոնք ֆինանսական ներդրում էին ունենում FII–ում՝ մուծելով արդյունաբերական վճարը (համեմատել, mutatis mutandis, վերը նշված Էվալդսոնն ու այլոք գործի հետ, § 57)։
79. Չնայած որ Արդյունաբերության նախարարությանը ներկայացվող FII-ի տարեկան հաշվետվություններում կար տեղեկատվություն FII-ի եկամուտներում և ծախսերում արդյունաբերական վճարի մասնաբաժնի վերաբերյալ, տարբեր հոդվածների և ենթահոդվածների առումով, դատարանը նկատեց, որ, ինչպես նշված էր գերագույն դատարանի տարակարծիք անդամի կողմից, FII-ը «առանձին հաշիվներ չէր պահել, թե արդյոք ֆեդերացիայի գործառույթների առանձին տարրեը ֆինանսավորվել էին անդամավճարներից ստացված գումարների, կապիտալ եկամտի, թե՞ արդյունաբերական վճարի հաշվին» (տես՝ վերը նշված պարբերություն 19 «II»)։
80. Դատարանը չհամոզվեց նաև, որ Արդյունաբերության նախարարությանը ներկայացվող FII հաշվետվությունները ներառել էին վերջինիս կողմից էական և պարբերական վերահսկումները։ Համաձայն 2002թ. փետրվարի 15-ի՝ նախարարների կոմիտեի՝ MBA–ին արված մեկնաբանությունների (մեջբերում գերագույն դատարանի տարակարծիք անդամից վերը նշված պարբերություն 19 «II»), «ինչպես կարելի է հստակորեն տեսնել արդյունաբերական վճարի մասին օրենքից, FII-ը անսահմանափակ իրավասություն ուներ որոշելու վճարի օգտագործման եղանակը և օրենքով սահմանված կարգով Արդյունաբերության նախարարությունը չի կարող միջամտել»։
81. Տվյալ պարագայում նշանակություն ուներ թափանցիկության և հաշվետվողականության բացակայությունը հայցվորի պես ոչ անդամների հանդեպ, որոնք ֆինանսական պարտավորություն էին կրում արդյունաբերական վճարի մուծման միջոցով աջակցելու FII–ին (տես՝ mutatis mutandis՝ վերը նշված Էվալդսոնն ու այլոք գործը, §§ 63 և 64)։
82. Հետևաբար, դատարանը նկատեց, որ համապատասխան ներպետական օրենքը ոչ միայն սահմանում էր FII-ի դերն ու պարտականությունները անորոշ եղանակով և հատուկ պարտականություններ չէր դնում FII-ի վրա, այլ նաև բացակայում էր թափանցիկությունը և հաշվետվողականությունը հայցվորի պես ոչ անդամների հանդեպ, որոնք ֆինանսական պարտավորություն էին կրում արդյունաբերական վճարի մուծման միջոցով աջակցելու FII–ին։ Այս պարագայում դատարանը չբավարարվեց, որ բավարար երաշխիքներ էին տրամադրվել վիճարկվող հարցի առումով՝ դնելով FII-ին ավելի նպաստավոր դիրքում՝ իր անդամների շահերը պաշտպանելու համար և հայցվորին ու իր պես ոչ անդամներին նրանց համեմատությամբ վատ դիրքում։
83. Հաշվի առնելով վերոհիշյալ դիտարկումները՝ դատարանը չգտավ, որ սեփական հայացքներին դեմ FII–ին ֆինանսապես օժանդակելուց առաջացած հայցվորի միավորումների ազատության սահմանափակումները հիմնավորվում էին բավարար պատճառներով և «անհրաժեշտ էին»։ Չնայած Իսլանդիայի հայեցողությանը՝ պատասխանող պետության իշխանությունները համապատասխան հավասարակշռություն չէին ապահովել մի կողմից՝ հայցվորի միավորումների ազատության և մյուս կողմից՝ Իսլանդիայի արդյունաբերության խթանման ու զարգացման ընդհանուր շահի միջև։
84. Հետևաբար խախտվել էր կոնվենցիայի Հոդված 11-ը։
II. Արձանագրություն No. 1 Հոդված 1-ի և Կոնվենցիայի հոդված14-ի ենթադրյալ խախտումները
85. Հիմնականում Կոնվենցիայի հոդված 11–ի շրջանակներում իր բողոքների հետ կապված վերը նշված փաստարկների հիմնավորմամբ (դիտարկված Հոդվածներ 9 և 10 լույսի ներքո)՝ հայցվորը պնդեց նաև, որ տեղի էր ունեցել Արձանագրություն No. 1 հոդված 1-ի խախտում։ Նրա կարծիքով արդյունաբերական վճարի պարտադրումը Արձանագրություն No. 1 Հոդված 1-ով խախտել էր իր գույքային իրավունքները։ Անընդունելի էր, որ հարկման քողի ներքո FII-ին վճարված արդյունաբերական վճարը կարող էր ընդհանուր շահի համար հիմնավորված համարվել։ Նրանք, ովքեր իր պես մուծել էին վճարը, ենթարկվել էին առանձին հարկման՝ ի լրումն այսպիսի այլ հարկերի, որոնք կիրառվում էին բոլոր հարկատուների հանդեպ՝ առանց որևէ պատճառների, օրինակ, որ հարկը պետք է օգտագործվեր ի շահ իրենց։ Սահմանափակ խմբի այս հարկումը, ի նպաստ մեկ այլ սահմանափակ խմբի կամ ի շահ այլոց, չի կարող արդարացվել։ Դատարանի՝ Էվալդսոնն ու այլոք գործով (վերը նշված) վճիռն ամրապնդեց այս դիրքորոշումը Հոդված 11-ի համատեքստում՝ վերոհիշյալ պարբերություններ՝ 56, 61 և 62 նշված պատճառներով։
86. Հայցվորը պնդեց նաև, որ Հոդված 14-ի խախտումները տեղի են ունեցել նախորդ դրույթների հետ միասին։ Ոչ մի նպատակ և ողջամիտ դիտարկում չէր կարող հիմնավորել նրա՝ ամբողջովին կամ մասնակի պետական սեփականության, ինչպես նաև որոշ մասնավոր ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքի միջև եզած տարբերությունը, որով վերջիններս ազատված էին արդյունաբերական վճարից։ Այլ կազմակերպությունների հետ համեմատած՝ FII-ի հանդեպ նպաստավոր վերաբերմունքը արդյունաբերական վճարի խտրական բնույթի լրացուցիչ ապացույց էր։
87. Կառավարությունը չհամաձայնեց, որ արդյունաբերական վճարի պարտադրումը սեփականությունից զրկում էր, չնայած որ նրանք ընդունեցին, որ այն իր մեջ ներառում էր անձի գույքի օգտագործման վերահսկում, և պնդեց, որ դա թույլատրված էր Արձանագրություն No. 1 հոդված 1-ի երկրորդ պարբերությամբ։ Նրանք շեշտադրեցին, որ արդյունաբերական վճարի պարտադրումը կրում էր Իսլանդիայի օրենքով մեկնաբանված հարկման բոլոր բնորոշումները և պետք է համարվեր՝ որպես Կոնվենցիայի արձանագրություն No. 1 հոդված 1-ի երկրորդ պարբերությամբ օգտագործված «հարկեր» տերմինի իմաստով։ Վիճարկվող միջամտությունը համապատասխանում էր այս ոլորտում պետությանը տրված հայեցողության շրջանակներին։ Արդյունաբերական վճարը հստակորեն օրինական էր և ծառայում էր ոչ միայն արդյունաբերական ոլորտում աշխատողների, այլ նաև հանրության ընդհանուր շահերին։ Հոդված 11-ի բողոքի առնչությամբ՝ պարբերություններ 66 և 67-ների նշված պատճառներով կառավարությունը կոչ արեց դատարանին տարբերակել սույն գործը Էվալդսոնն ու այլոք գործից (վերը նշված)։
88. Կառավարությունը հերքեց նաև արդյունաբերական վճար մուծել պարտադրված տնտեսվարողների և այդպիսի վճարի մուծել չպարտադրվածների միջև խտրականության գոյությունը։ Արդյունաբերական վճարի գանձման կանոնները հավասարապես կիրառելի էին բոլոր անձանց հանդեպ, որոնք գտնվում էին նույն դիրքում, ինչ որ հայցվորը։
89. Կոնվենցիայի Հոդված 11-ի՝ վերը նշված բողոքի կապակցությամբ իր ուսումնասիրության արդյունքների լույսի ներքո դատարանն անհրաժեշտ չհամարեց առանձին ուսումնասիրել արձանագրություն No. 1 Հոդված 1-ի շրջանակներում կամ Հոդված 11-ի հետ միասին Հոդված 14-ի շրջանակներում ներկայացված բողոքը։
III. Կոնվենցիայի Հոդված 41-ի կիրառումը
90. Կոնվենցիայի Հոդված 41-ը սահմանում է՝
«Եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Ծախսերը
91. Հայցվորը նշեց, որ դրամական և ոչ դրամական վնասի փոխհատուցում չի պահանջում, բայց խնդրում է իրավական ծախսերի փոխհատուցում` 3,920,773 իսլանդական կրոնի և 36,392.07 ֆունտ ստեռլինգի չափով (մոտավորապես 22,000 եվրո և 42,000 եվրո)՝ համապատասխանաբար տիկին Էյնար Հալֆդանարսոնի և պրն. Չայլդի տրամադրած ծառայությունների համար՝ 2008թ.-ի փետրվարի 28-ի և 2009թ. մարտի 20-ի ներկայացված հայցերի համար՝
(a) 1,494,000 իսլանդական կրոն ներպետական դատարաններում հայցվորին ներկայացնելու տիկին Էյնան Հալֆդանարսոնի աշխատանքի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը)
(b) 25,860 ֆունտ ստեռլինգ ներպետական վարույթում և մինչև 2008թ.-ի փետրվարի 28-ին Ստրազբուրգում հայցվորին ներկայացնելու պրն. Չայլդի իրավաբանական խորհրդատվության համար
(c) 314,985 իսլանդական կրոն թարգմանչական ծախսերի համար
(d) 281,925 իսլանդական կրոն ուղևորության ծախսերի համար
(e) 35,863 իսլանդական կրոն պատճենահանման և քաղվածքների համար (համապատասխանաբար 34,363 իսլանդական կրոն և 1,500 իսլանդական կրոն)
(f) 1,494,000 իսլանդական կրոն 2008թ.-ի փետրվարի 28-ից հետո Ստրազբուրգում տիկին Էյնար Հալֆդանարսոնի աշխատանքի համար
(g) 300,000 իսլանդական կրոն 2008թ.-ի փետրվարի 28-ից հետո կատարված տարբեր ծախսերի համար
(h) 9,500 ֆունտ ստեռլինգ 2008թ.-ի փետրվարի 28-ից հետո Ստրազբուրգում պրն. Չայլդի հետագա աշխատանքի համար և
(i) 1,032.07 ֆունտ ստեռլինգ 2008թ.-ի փետրվարի 28-ից հետո վերջինիս ծախսերի համար (բնակություն, ուղևորություն և թարգմանություն)։
92. Կառավարությունն առարկեց (a) և (b) կետերի պահանջների դեմ, որոնք ներկայացվել էին 2008թ.-ի փետրվարի 28-ին՝ փաստարկելով, որ Ստրազբուրգում երկու փաստաբանների իրավաբանական ծախսերը չափազանց մեծ էին թե՛ նշված ժամերի քանակով, թե՛ գանձված ժամավարձի առումով։ Կառավարության կարծիքով (d) կետը պարտադիր չէ, որ տեղի ունենար։ 2009թ.-ի մարտի 20-ին ներկայացված (f), (g), (h) և (i) կետերի պահանջներին կցված չէին մանրամասն բացվածքները կամ դրանց մանրամասները և նույնպես չափազանցված էին թվում։
93. Դատարանը հաշվի կառներ վերոհիշյալ պահանջները իր նախադեպի չափանիշների լույսի ներքո, մասնավորապես, եթե ծախսերը փաստացիորեն և անհրաժեշտորեն տեղի ունեցած լինեին կոնվենցիայի խախտում համարված հարցի կանխարգելման կամ վերականգնման համար և, եթե համարժեք լինեին ծավալով։ Սույն գործով դատարանը գտավ, որ (a) և (b), ինչպես նաև (c) և (e) կետերի պահանջները պետք էր ամբողջովին բավարարել։ (d) կետի հետ կապված ծախսերը պարտադիր չէ, որ տեղի ունեցած լինեն և հետևաբար, պահանջը ենթակա էր մերժման։ 2008թ.-ի փետրվարի 28–ից մինչև 2009թ.-ի մարտի 24-ը ներառյալ՝ բանավոր լսումներին վերաբերող (f)–(i) կետերը հիմնավորող ոչ մի փաստաթուղթ չէր ներկայացվել, և լրացուցիչ վճարները ոչ մի դեպքում ծավալի հետ համադրելի չէին։ Այնուհանդերձ դատարանը պատրաստ էր ընդունելու, որ ներկայացված լրացուցիչ ծախսերից և վճարներից որոշները փաստացիորեն և անհրաժեշտ կերպով կատարվել էին՝ դատարանում հայցվորի իրավական աջակցության համար։ Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած տեղեկատվությունն ու վերոհիշյալ չափանիշները՝ դատարանը հիմնավորված համարեց հայցվորին տալ 15,000 եվրո պրն. Չայլդի աշխատանքի համար և 10,000 եվրո տկն. Էյնար Հալֆդանարսոնի աշխատանքի համար և 1,000 եվրո և 3,000 եվրո իրենց համապատասխան ծախսերի համար։
B. Տուգանքի տոկոսը
94. Դատարանը տեղին համարեց, որ տուգանքի տոկոսը հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի մարժային վարկավորման տոկոսադրույքի վրա, որին պետք է ավելացվեր երեք տոկոսային միավոր։
Այս պատճառներով դատարանը միաձայն
Որոշեց՝
1. տեղի է ունեցել Կոնվենցիայի հոդված 11-ի խախտում
2. անհրաժեշտություն չկա քննելու հայցվորի բողոքը Արձանագրություն No. 1 հոդված 1–ով առանձին կամ Հոդված 14-ով, կամ Արձանագրություն No. 1 հոդված 14-ի հետ միասին վերցված
3. (a) պատասխանող պետությունը պետք է հայցվորին վճարի, Կոնվենցիայի հոդված 44 § 2-ի համաձայն վճռի վերջնական դառնալու ամսաթվից սկսած՝ եռամսյա ժամկետում. 16,000 եվրո (տասնվեց հազար եվրո)՝ պրն. Չայլդի ծախսերի համար և 13,000 եվրո (տասներեք հազար եվրո)՝ տիկին Էյնար Հալֆդանարսոնի պահանջի համար, որոնք պետք է փոխակերպվեն համապատասխանաբար բրիտանական ֆունտ ստեռլինգի և պատասխանող պետության ազգային արժույթի՝ վեճի լուծման ամսաթվին կիրառվող փոխանակման կուրսերին համապատասխան՝ գումարած ցանկացած կիրառելի հարկերը և
(b) վերոհիշյալ երեք ամիսների ավարտից մինչև վեճի լուծումը վերը նշված գումարներին պետք է ավելացնել պարզ տոկոսադրույքներ Եվրոպական կենտրոնական բանկի մարժային վարկավորման տոկոսադրույքի չափով խնդրո առարկա ժամանակահատվածի համար՝ գումարած երեք տոկոսային միավոր
4. մերժել զուտ բավարարման՝ հայցվորի պահանջի մնացած մասը։
Գրված է անգլերեն լեզվով և գրավոր տեղեկացված է 2010թ.-ի ապրիլի 27–ին՝ ըստ դատարանի կանոնների՝ կանոն 77 §§ 2 և 3։
Ֆաթոշ ԱրաչիՆիկոլա Բրաթցա
Բաժնի օգնականՆախագահ
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզունենրն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից () և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝ պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ զգուշացման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովին վկայակոչելու հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք կապվել հետևյալ հասցեով՝ publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy