ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՍԿԱՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 54225/22)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
24 հոկտեմբերի 2024թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Ոսկանյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Էն Լուիս Բորման [Anne Louise Bormann]` Նախագահ,
Սեբաստիան Ռադուլեցու [Sebastian Răduleţu],
Մատեյա Դուրովիչ [Mateja Đurović]՝ դատավորներ,
եւ Վիկտորյա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2024 թվականի հոկտեմբերի 3-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետեւյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ծանուցվել է գանգատի մասին։
ՓԱՍՏԵՐԸ
3. Դիմումատուների ցանկը եւ գանգատի առնչությամբ մանրամասները ներկայացված են կից աղյուսակում:
4. Դիմումատուները բողոք են ներկայացրել քրեական գործով վարույթի չափազանց երկար տեւողության առնչությամբ։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
5. Դիմումատուները բողոք են ներկայացրել այն մասին, որ տվյալ քաղաքացիական գործով վարույթի տեւողությունն անհամատեղելի է եղել «ողջամիտ ժամկետի» պահանջի հետ։ Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վրա։
6. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուները չեն սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները։ Դատարանը նախկինում գտել է, որ Հայաստանի ներպետական համակարգը չի տրամադրել քաղաքացիական գործով վարույթի չափազանց երկար տեւողության մասով արդյունավետ պաշտպանության միջոց (տե՛ս «Ֆիլ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի [Fil LLC v. Armenia], թիվ 18526/13, §§ 49-50, 2019 թվականի հունվարի 31)։ Սույն գործով Դատարանը չի տեսնում այդ եզրակացությունից շեղվելու որեւէ պատճառ, քանի որ, իր կարծիքով, Կառավարությունը չի կարողացել հիմնավորել իր կողմից վկայակոչված պաշտպանության միջոցի արդյունավետությունը (տե՛ս Սկորդինոն ընդդեմ Իտալիայի (թիվ 1) [ՄՊ] [Scordino v. Italy (no. 1) [GC]], թիվ 36813/97, §§ 182-207, ՄԻԵԴ 2006-V, նմանատիպ եզրակացություններով, տե՛ս Վասիլյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Vassilyan and Others v. Armenia [Committee]], թիվ 20193/15 ու եւս 2 այլ գործ, §§ 7-9, 2022 թվականի հունիսի 23, Լմնցյանը եւ Սլոյանն ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Lmntsyan and Sloyan v. Armenia [Committee]], թիվ 41973/19 եւ 51266/19, § 10, 2023 թվականի փետրվարի 9, Նիկողոսյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Nikoghosyan and Others v.Armenia [Committee]], թիվ 4396/21 ու եւս 2 այլ գործ, § 9, 2023 թվականի դեկտեմբերի 14)։ Հետեւաբար ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ Կառավարության առարկությունը մերժվել է:
7. Դատարանը վերահաստատում է, որ վարույթի տեւողության ողջամտությունը պետք է գնահատվի՝ ելնելով գործի հանգամանքներից եւ հաշվի առնելով հետեւյալ չափանիշները՝ գործի բարդությունը, դիմումատուների եւ համապատասխան մարմինների վարքագիծը եւ այն, ինչը դիմումատուների համար վտանգված է վեճում (տե՛ս Ֆրիդլենդերն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], [Frydlender v. France [GC]], թիվ 30979/96, § 43, ՄԻԵԴ 2000-VII)։
8. «Ֆիլ» ՍՊԸ-ի (վերեւում հիշատակված) նախադեպային գործում Դատարանն արդեն խախտում է հայտնաբերել սույն գործում առկա նմանատիպ հարցերի առնչությամբ:
9. Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, չի հայտնաբերել որեւէ փաստ կամ փաստարկ, որը կարող է հիմնավորել ազգային մակարդակով վարույթի ընդհանուր տեւողությունը: Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ ներկայիս գործում վարույթի տեւողությունը չափազանց երկար է եղել եւ չի բավարարել «ողջամիտ ժամկետ»-ի պահանջը։
10. Հետեւաբար սույն բողոքներն ընդունելի են եւ բացահայտում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
11. Դատարանը, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը եւ իր նախադեպային իրավունքը (տե՛ս վերեւում հիշատակված՝ «Ֆիլ» ՍՊԸ-ի գործը, §§ 62 եւ 65), ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
Հայտարարում է գանգատն ընդունելի. Վճռում է, որ սույն գանգատով բացահայտվում է Կոնվենցիայի՝ քաղաքացիական գործով վարույթի չափազանց երկար տեւողության առնչությամբ 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը. Վճռում է որ՝ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարը, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ:
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ եւ 3-րդ կետերի։
Վիկտորյա Մարադուդինա՝
Էն Լուիս Բորման՝
Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար
Նախագահ
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատ
(քաղաքացիական գործով վարույթի չափազանց երկար տեւողություն)
Գանգատ թիվ
Ներկայացման ամսաթիվը
Դիմումատուի անունը
Ծննդյան տարեթիվը
Վարույթն սկսելու ամսաթիվը
Վարույթն ավարտելու ամսաթիվը
Ընդհանուր տեւողությունը
Ատյանների մակարդակը
Դիմումատուներից յուրաքանչյուրին ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը
(եվրոյով)[1]
54225/22
2022 թվականի նոյեմբերի 15
(7 դիմումատու)
Արթուր ՈՍԿԱՆՅԱՆ
1964
Բորիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
1965
Գեւորգ ԱՄԻՐԶԱԴՅԱՆ
1955
Զոյա ՀԱԿՈԲՅԱՆ
1963
Նելլի ՄԱՆՈՒԿՅԱՆ
1950
Նարինե ՍԻՄՈՆՅԱՆ
1981
Իրինա ԹԱՎՐԻԶՅԱՆ
1963
2016 թվականի հուլիսի 29
ընթացքի մեջ է
ավելի քան 7 տարի եւ 11 ամիս եւ 7 օր 3 ատյան
1,600
[1] Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ: