© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does թիվt bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԳՈՐԾ
ԶՈԼՈՏԱՍՆ ԸՆԴԴԵՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ (Թիվ 2)
(Գանգատ թիվ 66610/09)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
29 հունվարի, 2013թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
29/04/2013
Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրման:
Զոլոտասն ընդդեմ Հունաստանի (թիվ 2) գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (առաջին բաժանմունք), Պալատի հետևյալ կազմով
Իզաբել Բերրո-Լեֆեվր (Isabelle Berro-Lefèvre), նախագահ
Դատավորներ`
Էլիզաբեթ Շտայներ (Elisabeth Steiner),
Խանլար Հաջիև (Khanlar Hajiyev),
Միրյանա Լազարովա Տրայկովսկա (Mirjana Lazarova Trajkovska),
Ժուլիա Լաֆրանկ (Julia Laffranque),
Լինոս-Ալեքսանդր Սիսիլիանոս (Liթիվs-Alexandre Siciliaթիվs),
Էրիկ Մոյսե (Erik Møse)
և Անդրե Վամպախը (Wampach), բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2013թ. հունվարի 8-ին տեղի ունեցած դռնփակ խորհրդակցության արդունքում կայացրել է հետևյալ վճիռը, որն ընդունվել է նշված ամսաթվով:
ՎԱՐՈՒՅԹԸ
1. Գործի հիմքում ընկած է Հունաստանի հանրապետության քաղաքացի պարոն Անաստասիոս Զոլոտասի (Anastasios Zolotas) (այսուհետ`«դիմումատու») Հունաստանի հանրապետության դեմ գանգատը (թիվ 66610/09), որը Դատարան է ներկայացվել 2009թ. դեկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ` կետ Կոնվենցիա¦) 34-րդ հոդվածի համաձայն:
2. Հունաստանի կառավարությանը (այսուհետ` «Կառավարություն») ներկայացնում է պաշտոնական ներկայացուցչի պատվիրակները` տիկին Ֆ. Դեդուսին (F. Dedoussi), Պետական իրավական խորհրդի փորձագետ, և տիկին Զ. Հաջիպավլուն (Z. Hadjipavlou), Պետական իրավական խորհրդի աուդիտոր:
3. Դիմումատուն պնդում է, որ տեղի է ունեցել մասնավորապես Կոնվենցիայի թիվ 1 Արձագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրավունքի խախտում:
4. 2011թ. օգոստոսի 31-ին, Կառավարությունը ծանուցվել է գանգատի մասին: Համաձայն Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 1-ին մասի` որոշվել է նաև ընդունելիության հետ միաժամանակ ուսումնասիրել գանգատն ըստ էության:
ՓԱՍՏԵՐԸ
5. Դիմումատուն` ծնված 1924 թվականին, մահացել է 2011թ. փետրվարի 27-ին, այն ժամանակ, երբ նրա գանգատն ուսումնասիրվում էր Դատարանի կողմից: Նրա որդին` պրն Պանայոտիս Զոլոտասը (Panayotis Zolotas), ցանկություն է հայտնել շարունակել վարույթը:
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. 1974թ. հուլիսի 11-ին դիմումատուն, որն այդ ժամանակ գործող փաստաբան էր, Հունաստանի գլխավոր բանկում հաշիվ է բացում, ուր դնում է 660 000 դրախմ (1 936,90 եվրո (EUR)): 1981թ.-ի երկրոդ կիսամյակից սկսած մինչև 2003թ. նա ոչ մի գործողություն չի կատարում իր հաշվի հետ կապված (գումարի հանում կամ մուծում, կամ գրքույկում տոկոսադրույքի գրանցում): Իր և կնոջ առողջական լուրջ խնդիրների պատճառով, նա ստիպված է լինում տարիներ շարունակ բնակվել արտասահմանում: 2003թ. փետրվարի 6-ին նա բանկին խնդրում է տեղեկություններ տալ իր հաշվեհամարի դրության մասին: Բանկը նրան պատասխանում է, որ քանի որ 1981թ.-ի երկրոդ կիսամյակից իր վեր ոչ մի շարժում չի գրանցվել իր հաշվեհամարի վրա, վերոնշյալ հաշվեհամարի նկատմամբ իր իրավունքները չեղյալ են համարվել վաղեմության ժամկետի ավարտի հիմքով: Այնուամենայնիվ, նա տեղեկացվում է, որ հաշվեհամարների գրանցամատյանում բանկը պահպանում է դիմումատուի անձնական թերթիկը, ուր նա գրանցում է հաշվից ստացված տոկոսային եկամուտները:
7. 2003թ. հունիսի 3-ին դիմումատուն բանկի դեմ հայց է ներկայացնում քաղաքացիական դատարան: Նա պահանջում է այն գումարը, որը նա ի պահ էր տվել բանկին, գումարած տոկոսները, կամ ընդհանուր 30 550,74 եվրո (EUR): 2005թ. ապրիլի 21-ի թիվ 1481/2005 վճռում Աթենքի առաջին ատյանի դատարանը մերժեց հայցը` համարելով, որ դիմումատուի պահանջներն ենթարկվում են քսան տարվա վաղեմության ժամկետին, որը նախատեսված է ավանդային անկանոն պայմանագրերից (anomali parakatathiki) բխող պահանջների համար` համաձայն քաղաքացիական օրենսգրքի 830-րդ հոդվածի (ստորև ներկայացված 18-19-րդ կետեր): Մասնավորապես դատարանը հստակեցրեց.
« (...) [Դիմումատուն] վկայակոչում է թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը (...), ինչպես նաև 1952թ. մարտի 20-ի Սեփականության վերաբերյալ փարիզյան արձանագրությունը, որոնք այս գործի նկատմամբ չեն կիրառվում, քանի որ վաղեմության ժամկետը, որպես ազգային իրավունքի ինստիտուտ, գերակա է դրանց նկատմամբ: Վաղեմության ժամկետը [ նախատեսված քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածով], անկախ է այն փաստից, որ, թիվ 1195/1942 օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, Ազգային բանկերում գումարային ավանդները և դրանց հետ կապված տոկոսային եկամուտները վերջնակապես փոխանցվում են Պետությանը, եթե հաշվետիրոջ կողմից դրանց նկատմամբ պահանջներ չեն ներկայացվել ավանդների դեպքում քսան տարվա ընթացքում, իսկ տոկոսային եկամուտների համար` հինգ տարվա ընթացքում (...)»:
8. Դիմումատուն բողոքարկեց այդ վճիռը: Նա հիմնվել էր ներպետական համապատասխան իրավունքի և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի վրա: Նա պնդում էր, որ վաղեմության ժամկետը կասեցվել էր անհաղթահարելի ուժի ազդեցությամբ կամ դադարեցվել էր քաղաքացիական օրենսգրքի 260-րդ հոդվածի համաձայն, քանի որ բանկն իր տվյալները թարմացնում էր յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ`գրանցելով տոկոսային եկամուտները:
9. 2006թ. ապրիլի 6-ին կայացրած թիվ 2452/2006 վճռում Աթենքի վերաքննիչ դատարանը մերժեց հայցը` համարելով, որ քսան տարի վաղեմության ժամկետի կիրառումը ոչ կանոնավոր ավանդային պայմանագրերի դեպքում հիմնավորված է հանրային շահով. ի շահ հանրության (koiթիվniki oikoթիվmia)` հեռու անցյալում ստեղծված և այսպիսով անորոշ իրավական հարաբերությունների լուծարում: Այն փաստը, որ բանկը շարունակում էր տոկոսներ վճարել դիմումատուի այդ հաշվեհամարին, չի համարվում, ըստ վերաքննիչ դատարանի, դիմումատուի պահանջների ճանաչում, որը կարող է դադարեցնել քսան տարվա վաղեմության ժամկետը: Բանկային ավանդների դեպքում, այս ժամկետի ընթացքը կարող է կասեցվել միայն գումարի վճարման կամ հանման նոր գործողությամբ, գումարի փոխանցմամբ կամ տոկոսների ներդրմամբ: Վերաքննիչ դատարանը հիմնվեց նաև թիվ 1195/1942 օրենքի վրա, որը նախատեսում է, որ քսան տարվա ընթացքում պասիվ բանկային հաշիվների գումարներն այդ ժամկետի ավարտից հետո անցում են Պետությանը:
10. Վերաքննիչ դատարանը մերժեց նաև դիմումատուի առարկությունը, համաձայն որի վաղեմության ժամկետը կասեցվել էր անհաղթահարելի ուժի ազդեցությամբ (իր և կնոջ հիվանդությունները): Դատարանը համարեց, որ գործում անհաղթահարելի ուժ չի եղել, քանի որ հիվանդությունները չեն տևել վաղեմության ողջ ժամկետի և մասնավորապես ոչ վաղեմության ժամկետի վերջին վեց ամիսների ընթացքում, ուստի դիմումատուն հնարավորություն է ունեցել անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով հանել ավանդադրված գումարը և դրա հետ կապված տոկոսային եկամուտները:
11. Դիմումատուն դիմեց Վճռաբեկ դատարանը` հիմնվելով Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի վրա:
12. 2009թ. հունվարի 12-ին Վճռաբեկ դատարանը մերժեց բողոքը չհիմնավորված լինելու պատճառով, քանի որ վիճարկվող օրենքը չէր խախտում դիմումատուի իր գույքի նկատմամբ իրավունքը թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածում սահմանված իմաստով (վճիռ թիվ 50/2009): Ավելի հստակ Վճռաբեկ դատարանն որոշեց, որ
« (...) հաշվի առնելով այն փաստը, որ վերոնշյալ վաղեմության ժամկետը, ինչպես ցանկացած ժամկետ, պարտադրվում է հանրային շահով, որը պահանջում է կանոնակարգել հարաբերությունները, որոնք վերաբերում են անցյալին և այսպիսով դարձել են անորոշ, և առաջնորդվելով նաև հանրության շահով` վիճարկող դրույթները չեն հակասում [թիվ 1 Արձանագրությանը]»:
13. Այս վճիռն ամբողջովին վերաշարադրվել է և վավերացվել 2009թ. հունիսի 9-ին:
II. ԿԻՐԱՌՎՈՂ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ
14. Թիվ 1195/1942 օրենքի 3-րդ հոդվածը, որը « վերաբերում է բանկային ավանդների և այլ արժեթղթերի և գույքային պահանջների հօգուտ Պետության փոխանցմանը», շարադրված է հետևյալ կերպ`
Ավանդների և տոկոսային եկամուտների հօգուտ Պետության փոխանցումը
« Ազգային բանկերում կանխիկ ավանդները և դրանց հետ կապված տոկոսային եկամուտները (...) վերջնականորեն փոխանցվում են Պետությանը, եթե հաշվետիրոջ կողմից դրանց նկատմամբ պահանջներ չեն ներկայացվել կամ հաշվեհամարով ոչ մի գործողություն չի կատարվել քսան տարվա ընթացքում, սկսած այն պահից, երբ դրանք հասանելի են եղել, իսկ տոկոսային եկամուտները` հինգ տարվա ընթացքում, այն պահից, երբ դրանք վճարման ենթակա են եղել»:
15. Թիվ 1195/1942 օրենքը վավերացվել էր 1946թ. մայիսի 30-ի Նախարարների խորհրդի թիվ 315 որոշումով, որն ուժի մեջ է մնացել Քաղաքացիական օրենսգրքի ընդունումից հետո:
16. Այս օրենքի համաձայն որոշ պարտքային և գույքային պահանջներ փոխատուին փոխանցվելու փոխարեն, ինչպես ընդունված է ընդհանուր իրավունքով, փոխանցվում են հօգուտ Պետությանը: Բացի բանկերում և վարկային կազմակերպություններում ի պահ դրված ավանդներից, պարտքային և գույքային այս պահանջները վերաբերում են նաև բանկերում և բաժնետիրական ընկերություններում ներդրված կապիտալից, արժեթղթերի տարեկան եկամուտներից և արժեթղթերից բխող պարտքային և գույքային պահանջներին:
17. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ որոշ դեպքերում փոխատուն, Պետությանն իր գույքային պահաջները վերականգնելուց հետո, իրավունք ունի Պետության դեմ հայց ներկայացնել քաղաքացիական դատարան, որը պետք է կատարվի հայցային վաղեմության ժամկետներում:
18. Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները շարադրված են հետևյալ կերպ`
Հոդված 247
Պահանջների նկատմամբ վաղեմության ժամկետը
«Մեկ այլ անձից գործողություն կամ անգործություն (պահանջ) պահանջելու իրավունքն ենթարկվում է վաղեմության ժամկետի պայմանին»:
Հոդված 249
Քսան տարվա վաղեմության ժամկետ
«Եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, գույքային պահանջների համար վաղեմության ժամկետը քսան տարի է»:
Հոդված 250
Հինգ տարվա վաղեմության ժամկետ
«Հինգ տարվա վաղեմության ժամկետի պայմանին են ենթարկվում պահանջները (...) 15.որոնք բխում են տոկոսային եկամուտներից (...) »
Հոդված 251
Վաղեմության ժամկետի սկիզբը
«Վաղեմության ժամկետը սկսվում է պահանջն առաջանալու պահից և հնարավոր է շարունակել դրա իրականացումն իրավական ճանապարհով:
Հոդված 255
Վաղեմության ժամկետի կասեցում
«Վաղեմության ժամեկտը կասեցվում է այնքան ժամանակ, որքան իրավունքի սեփականատերը չի կարող հաստատել իր պահանջը (...) պատճառով կամ վաղեմության ժամկետի վերջին վեց ամիսների ընթացքում առաջացած անհաղթահարելի ուժի դեպքում (...) »:
Հոդված 260
Դադարեցում – Պահանջի ճանաչում
« Վաղեմության ժամկետը դադարեցվում է փոխառուի կողմից գույքային պահանջի ճանաչման` անկախ պահանջի ճանաչման ձևից»:
Հոդված 272
Ավարտված վաղեմության ժամկետի հետևանքները
« Վաղեմության ժամկետի ավարտից հետո փոխառուն իրավունք ունի հրաժարվել իրավունքը վերադարձնելուց (...) »
Հոդված 274
Կից պահանջների նկատմամբ վաղեմության ժամկետը
« Եթե հիմնական պահանջի վաղեմության ժամկետը մարվել է, հիմնական պահանջից բխող կից պահանջների վաղեմության ժամկետը համարվում է մարված, եթե նույնիսկ վերջիններիս նկատմամբ կիրառվող ժամկետը դեռ չի մարվել»:
Հոդված 827
Վերադարձման ժամկետը
« Եթե ավանդատուն պահանջ է ներկայացնում ի պահ տրված առարկան, ապա ավանդառուն պետք է այն վերադարձնի, եթե նույնիսկ պահպանման սահմանված ժամկետը դեռ չի ավարտվել»:
Հոդված 830
Անկանոն ավանդ
« Գումարային կամ համանման ավանդը կարող է համարվել վարկ, եթե ավանդառուն լիազորված է այն օգտագործել: Այնուամենայնիվ, ինչ վերաբերվում է վերադարձման պահին և տեղին, կասկածի դեպքում, կիրառվում են ավանդային պայմանագրի դրույթները (...) »:
19. Կողմերի համաձայնությամբ «անկանոն ավանդ» է համարվում գումարի կամ այլ համանման ավանդը, որն ի պահ է հանձնվում մյուս կողմին, որը և իրավունք ունի օգտագործել այն: Համաձայն օրենսդրության և մեկնաբանության` բանկում պարզ տոկոսադրյուքով գումարային ավանդը, որը ներառում է ավանդային գումարի անհապաղ դուրսգրման հնարավորություն, ենթարկվում է անկանոն ավանդի պայմաններին:
20. Քաղաքացիական օրենսգրքի 260-րդ հոդվածի համաձայն` վաղեմության ժամկետը կասեցվում է, երբ փոխառուն ընդունում է պահանջի ցանկացած ձև: Ընդհանուր առմամբ ընդունված է նաև, որ պահանջի նման ճանաչման համար բավարար է գործողություն կամ վարքագիծ, որը հստակորեն ցույց է տալիս, որ փոխառուն ընդունում է իր պարտավորությունը, ինչպես նաև փոխատուի պահանջը: Պահանջի նման ճանաչումը կարող է կատարվել պարտքի մասնակի վճարման ձևով, տոկոսային եկամուտների վճարմամբ, երաշխիքների վերականգմամբ, պարտքի ժամկետի երկարացման կամ պարտքից ազատվելու դիմումով (Գեորգիադիս- Ստաթուպուլոս, Քաղաքացիական օրենսգիրք, հոդված առ հոդված մեկնաբանություն, էջ 461 [Georgiadis-Stathopoulos, Code civil. Interprétation article par article, p. 461]):
21. Որպեսզի փոխառուի պարտավորության ճանաչման գործողությունը հանգեցնի վաղեմության ժամկետի կասեցմանը (քաղաքացիական օրենսգրքի 260-րդ հոդված), այն պետք է ուղղված լինի փոխատուին և ստացված վերջինիս կողմից (Վճռաբեկ դատարանի թիվ 1178/1976 վճիռ, Հայց [Nomiko Vima] 25/710): Այն փաստը, որ փոխառուն պարտքն արձանագրում է իր գրանցամատյանում, չի համարվում պահանջի ճանաչում 260-րդ հոդվածի տեսանկյունից և, ուստի, չի կարող կասեցնել վաղեմության ժամկետը (Վճռաբեկ դատարանի թիվ 924/1977 վճիռ, Հայց [Nomiko Vima] 26/726).
22. Ինչ վերաբերում է այս հաշվի հետ կապված հաշվետիրոջ պահանջների վաղեմության ժամկետին, պետք է ընդունել, որ այն ընդհատվում է գումարի ցանկացած մուտքագրմամբ կամ դուրսգրմամբ կամ ցանկացած այլ գործողությամբ, որը հագեցնում է հաշվի փոփոխման: Վաղեմության ժամկետը չի ընդհատվում տոկոսային եկամուտները հաշվին մուտքագրելիս, եթե նույնիսկ դրանք կապիտալացվում են, ոչ էլ վեց ամիսը մեկ անգամ հաշվետիրոջ գործի տվյալները թարմացնելիս (Վճռաբեկ դատարանի թիվ 739/2004 և թիվ 50/2009 վճիռներ):
23. 2002թ. հոկտեմբերի 31-ի թիվ 2501 որոշմամբ Հունաստանի կենտրոնական բանկի նախագահը հստակեցրել է.
« Վարկային կազմակերպությունը պարտավոր է պայմանագրային մյուս կողմին տրամադրել առնվազն հետևյալ տեղեկությունները` հետևյալ ձևով`
1. Ընդհանուր դրույթներ
(...)
գ) Մինչև պայմանագրի ստորագրումը տեղեկացնել պայմանագրային մյուս կողմին այն բոլոր պայմաների մասին, որոնք կարգավորում են իրենց հարաբերությունները, և ամբողջական մեկ օրինակ տրամադրել նրանց պայմանագրի ստորագրումից հետո:
(...)
ե) Պայմանագրային պայմանների միակողմանի փոփոխության դեպքում, այն ոլորտներում, ուր այդ փոփոխությունը թույլատրվում է, [վարկային կազմակերպությունները] տեղեկացնում են իրենց հաճախորդներին նախնական պայմանների փոփոխության մասին կոլեկտիվ, թե անհատական ձևով, և երկու դեպքում էլ նշում են նոր պայմանների ուժի մեջ մտնելու ամսաթիվը:
(...)
2. Պարբերական տեղեկատվություն
ա) Ավանդներ` առնվազն երեք ամիսը մեկ անգամ տեղեկություն է տրամադրվում Բ գլխի 1-ին մասի ա) և է) կետերում նախատեսված դեպքերի համար, ինչպես նաև հաշվի մնացորդի մասին: Եթե հաշվի նկատմամբ գործողություններ չեն կատարել, ապա տեղեկությունները տրվում են վեց ամիսը մեկ անգամ հաճախականությամբ:
Ինչ վերաբերում է խնայողական հաշիվներին, որոնց համար գրքույկ է տրամադրվել, ապա տվյալների թարմացումը կատարվում է գրքույկը ներկայացնելիս:
(...) »
24. Նույն մոտեցմամբ Վճռաբեկ դատարանը համարեց, որ բանկը պարտավոր չէ վաղեմության ժամկետի ավարտից առաջ այդ մասին տեղեկացնել շահագրգիռ կողմից: Քանի որ բանկի կողմից նրան տրամադրվել էր բանկային գրքույկ, ապա նա պարտավոր էր թարմացնել տվյալները, քանի որ այդ գրքույկն ապացուցում է հաշվին մուտագրված գումարի չափը, ինչպես նաև հաշվում կատարված գործողությունները (Վճռաբեկ դատարանի թիվ 432/1990 և թիվ 1623/1995 վճիռներ):
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆ
25. Նախևառաջ Դատարանը պետք է պարզի, թե արդյոք պրն Պանայոտիս Զոլոտասն (Panayotis Zolotas) իրավունք ունի շարունակել գանգատը, որն ի սկզբանե ներկայացվել էր դիմումատուի կողմից, որն էլ մահացել էր 2011թ. փետրվարին: 26. Դատարանը հիշեցնում է, որ բազմաթիվ գործերում, երբ դիմումատուն մահացել էր վարույթի ընթացքում, այն հաշվի է առել ժառանգների կամ մոտ բարեկամների կողմից վարույթը շարունակելու ցանկությունը (տե´ս, օրինակ`Դեվերն ընդդեմ Բելգիայի [Deweer c. Belgique], 27 փետրվարի, 1980թ., կետեր 37-38, շարք Ա թիվ 35, Իքսն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [ X c. Royaume-Uni], 5 նոյեմբերի, 1981թ., կետ 32, շարք Ա, թիվ 46, Վոկատուրոն ընդդեմ Իտալիայի [Vocaturo c. Italie], 24 մայիսի, 1991թ., կետ 2, շարք Ա, թիվ 206-C, Գ-ն ընդդեմ Իտալիայի [G. c. Italie], 27 փետրվարի, 1992թ., կետ 2, շարք Ա, թիվ 228-F, Պանդոլֆելլին և Պալումբոն ընդդեմ Իտալիայի [Pandolfelli et Palumbo c. Italie], 27 փետրվարի, 1992թ., կետ 2, շարք Ա, թիվ 231-B , Իքսն ընդդեմ Ֆրանսիայի [X c. France], 31 մարտի, 1992թ., կետ 26, շարք Ա, թիվ 234‑C, Ռայմոնդոն ընդդեմ Իտալիայի [Raimondo c. Italie], 22 փետրվարի 1994թ., կետ 2, շարք Ա, թիվ 281‑A , Մալհոուսն ընդդեմ Չեխիայի հանրապետության [Malhous c. République tchèque] (որոշում) [ՄՊ], թիվ 33071/96, ՄԻԵԴ 2000‑XII, և , հակառակը` Շերերն ընդդեմ Շվեցարիայի [Scherer c. Suisse], 25 մարտի 1994, կետ 31-32, շարք Ա, թիվ 287):
27. Այս գործի կապակցությամբ Դատարանը նշում է, որ պրն Պանայոտիս Զոլոտասը (Panayotis Zolotas) դիմումատուի որդին է և առանց կտակի և անբաժանելիորեն նրա ժառանգորդն է, և որ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրավունքը լիովին փոխանցելի է: Ուստի, պրն Պանայոտիս Զոլոտասի (Panayotis Zolotas) շահերն օրինական են, որը թույլ է տալիս նրան բողոքը ներակայցնել մահացած հոր անունից:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
28. Դիմումատուն բողոքում է այն մասին, որ ներպետական քաղաքացիական դատարանները, հիմնվելով քաղաքացիական օրենսգրքով նախատեսված քսանամյա վաղեմության ժամկետի, ինչպես նաև կառավարության թիվ 1195/1942 որոշման վրա, համարել են, որ բանկի նկատմամբ, ուր նա հաշվեհամար ուներ, իր պահանջների վաղեմության ժամկետն անցել էր և որ իր հաշվի մնացորդը փոխանցվել էր Պետությանը, որը պասիվ բանկային հաշիվների վերջնական շահառուն է: Նա պնդում է, որ տեղի է ունեցել թիվ 1 Արձանագրության1-ին հոդվածի խախտում, որը սահմանում է հետևյալը.
« Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ` ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետությանն այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում` իր հիմնական շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի, կամ մյուս տուրքերի, կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»:
Ա) Գործի ընդունելիության վերաբերյալ
29. Նշելով, որ այս գանգատն ակնհայտորեն չհիմնավորված չի կարելի համարել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի առումով և չկա գանգատն անընդունելի ճանաչելու որևէ պատճառ` Դատարանը գանգատն ընդունելի է հայտարարում:
Բ ) Գործի էության վերաբերյալ
1. Կողմերի փաստարկները
ա) Կառավարությունը
30. Կառավարությունն ընդգծում է, որ կառավարության թիվ 1195/1942 որոշման հիմնական նպատակը հանրային շահին ծառայելն է, որը բացառում է բանկերի, բաժնետիրական ընկերությունների և այլ իրավաբանական անձանց կողմից կապիտալին, արժեթղթերի տարեկան եկամուտներին և արժեթղթերին համապատասխան գումարների յուրացումը` իրենց սեփականատերերի անգործության արդյունքում, ինչը շատ հաճախ պայմանավորված է նրանով, որ վերջիններս մահանում են առանց ժառանգներ ունենալու կամ էլ կամովին հրաժարվում են իրենց պահանջներից:
31. Դիմումատուի պահանջն ենթարկվում է քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր դրույթներով նախատեսված վաղեմության ժամկետի պայմանին, որը զուգահեռաբար գործում է կառավարության որոշումից անկախ: Կառավարության որոշման դրույթները տարբերվում են քաղաքացիական օրենսգրքի 247-րդ և դրան հաջորդող հոդվածներից նրանով, որ ժամկետանց պարտքերը փոխանցվում են Պետությանը և ոչ բանկին, ուր բացվել էր այդ պասիվ հաշվեհամարը: Դիմումատուի դեպքում կառավարության որոշման կիրառումն առանձնահատուկ ազդեցություն չէր կարող ունենալ վաղեմության ժամկետի վրա, քանի որ, ըստ Կառավարության, նրան պահանջների վաղեմության ժամկետն ամեն դեպքում անցած կլիներ նույնիսկ քաղաքացիական օրենսգրքի պարզ հիմնավորմամբ, այն պարզ տարբերությամբ, որ իրավունքների փոխանցման շահառուն կլիներ բանկը և ոչ Պետությունը:
32. Բանկը պարտավոր չի եղել վաղեմության ժամկետից առաջ այդ մասին տեղեկացնել դիմումատուին: Բանկի կողմից նրան տրամադրվել էր բանկային գրքույկ, ուստի նա պետք է հետևեր այդ գրքույկում տվյալների պարբերական թարմացմանը, քանի որ այդ գրքույկը իր հաշվին մուտքագրած գումարի և հաշվի եհտ կապված գործողությունների ապացույցն է: (Վճռաբեկ դատարանի թիվ 432/1990 և թիվ 1623/1995 վճիռներ, վերը նշված 24-րդ կետ):
33. Վերոնշյալից հետևում է, որ բանկի կողմից յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ հաշվի առաջացրած տոկոսային եկամուտների գրացման միջոցով հաշվեհամարի տվյալների թարմացումը չի հանգեցնում վաղեմության ժամկետի կասեցմանը, քանի որ այդ գործողությունն ուղղված չի եղել դիմումատուին և վերջինս չի ստացել այն, սակայն այդ գործողություն վերաբերվել է միայն բանկային տվյալների արդիականացմանը, որն էլ բանկի ներքին ընթացակարգ է: Այս մասին դիմումատուն չի տեղեկացվել, քանի որ նա բանկ չի ներկայացել բանկային գործառնություններ կատարելու կամ իր հաշվի հետ կապված փոփոխությունները բանկային գրքույկում գրանցելու համար:
34. Բացի այդ, Կառավարությունը պնդում է, որ դիմումատուն չի ցուցաբերել նվազագույն հետևողականություն: Ի վերջո, ներպետական դատարանները մերժել են դիմումատուի կողմից իր փաստարկը հիմնավորելու համար առաջքաշված անհաղթահարելի ուժի ազդեցության հիմքը, համաձայն որի վաղեմության ժամկետը կասեցվել էր իր և կնոջ հիվանդությունների հետ կապված:
բ) Դիմումատուն
35. Դիմումատուն պնդում է, որ հաշվի բացման պահին և պայմանագրային ազատության հիման վրա, նա մտադրված է եղել կնքել տարեկան եկամուտի ցմահ պայմանագիր: Վաղեմության հարցը, երբ ակնհայտ էր, որ հասարակական կարգը վտանգված չէր, ըստ նրա անահամատեղելի էր բարեխղճության, բարոյականության և փոխպարտավորվածության պրակտիկայի հետ: Բացի այդ, տոկոսային եկամուտների կուտակմամբ ավանդի կապիտալացումն իր կարծիքով չէր կարող ենթարկվել վաղեմության ժամկետի պայմանին այնքանով, որքանով այս կերպ բանկն անուղղակիորեն, սակայն վստահորեն ճանաչել էր իր պահանջը: Բացի այդ, տոկոսային եկամուտների կապիտալացումը հանգեցնում էր վաղեմության ժամկետի կասեցմանը:
36. Դիմումատուն ընդգծում է, որ բանկը պետք է իրեն տեղեկացներ գումարը կորցնելու վտանգի մասին և որ Պետությունը կարող էր պահել իր ավանդը վաղեմության ժամկետի ավարտից հետո ողջամիտ նվազագույն ժամկետներում իր և իր օրինական ժառանգի սեփականության իրավունքը պաշտպանելու համար: Դիմումատուն ներկայացնում է ֆրանսիական, իտալական և գերմանական օրենսսդրության օրինակներ, որոնք ներառում են նման տեղեկություններ:
37. Դիմումատուն պնդում է, որ այն փաստը, որ տվյալ ժամկետի ընթացքում գործողություններ չեն կատարվել իր հաշվի նկատմամբ, պայմանավորված է անհաղթարհարելի ուժով, որը տեղ էր գտել մասնավորապես ժամկետի վերջին կիսամյակի (1994) և այն ամսաթվի միջև (6 փետրվարի 2003), երբ նա դիմել էր բանկ իր հաշվի մասին տեղեկություններ ստանալու համար:
38. Ի վերջո, դիմումատուն պնդում է, որ կառավարության թիվ 1195/1942 որոշումը երբևէ չի վավերացվել և իրավական ուժ չունի: Նա ցավալի է համարում է, որ Հունաստանի նման ժողովրդավարական երկիրը դեռևս կիրառում է մի իրավական ակտ, որն ընդունվել էր Նացիստական Գերմանիայի կողմից գրավման ժամանակ և լռելայն բռնագրավում է անձի գույքը: Իր կարծիքով, այս գործում չի կարելի ի վնաս մասնավոր շահի վկայակոչել հանրային շահը, այն էլ այնպիսի օրենքի բացակայության պայմաններում, որը կնախատեսեր շահագրգիռ անձանց փոխահատուցում սեփականության կորստի դիմաց:
2. Դատարանի գնահատականը
ա) Կիրառվող սկզբունքների մասին հիշեցում
39. Դատարանը հիշեցնում է, որ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, որն էապես ձգտում է անհատին զինել իր սեփականության իրավունքի դեմ Պետության ցանկացած ոտնձգության դեմ, կարող է նաև ներառել դրական պարտավորություններ, որոնք կպարտավորեցնեն Պետությանը ձեռնարկելու որոշ անհրաժեշտ քայլեր սեփականության իրավունքի պաշտպանության համար, մասնավորապես այն դեպքերում, երբ առկա է ուղիղ կապ իշխանություններից ակնկալվող միջոցառումների և անհատի գույքից արդյունավետ օգտվելու միջև (Օյներյլդզն ընդդեմ Թուրքիայի [Öneryıldız c. Turquie] [ՄՊ], թիվ 48939/99, կետ 134, ՄԻԵԴ 2004-XII, Պանդուրարուն ընդդեմ Ռումինիայի [Păduraru c. Roumanie], թիվ 63252/00, կետ 88, ՄԻԵԴ 2005-XII, Բրոնիովսկին ընդդեմ Լեհաստանի [Broniowski c. Pologne] [ՄՊ], թիվ 31443/96, կետ 143, ՄԻԵԴ 2004-V, և Սովտրանսավտո Հոլդինգն ընդդեմ Ուկրաինայի [Sovtransavto Holding c. Ukraine], թիվ 48553/99, կետ 96, ՄԻԵԴ 2002-VII): Նույնիսկ հորիզոնական հարաբերությունների ժամանակ կարող են լինել հանրային շահի նկատառումներ, որոնք կարող են պարտավորեցնել Պետությանը: Այսպիսով, Բրոնիովսկի [Broniowski] (վերը նշված 143-րդ կետ) վճռում , Դատարանը վճռել էր, որ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածից բխող դրական պարտավորությունները կարող են հանգեցնել նրան, որ Պետությունը ձեռնարկի անհրաժեշտ որոշ գործողություններ սեփականության իրավունքը պաշտպանելու համար: Այդ պահից ի վեր հանրային շահի վերաբերյալ նկատառումները, որոնք կարող են որոշակիորեն պարտավորեցնել Պետությանը, կարող են առաջ բերվել նույնիսկ հորիզոնական հարաբերությունների շրջանակում (Կոտովն ընդդեմ Ռուսաստանի [Kotov c. Russie] [ՄՊ], թիվ 54522/00, կետ 109, 3 ապրիլի, 2012թ.).
40. Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` դրական և բացասական պարտավորությունների միջև սահմանը չի ենթարկվում հստակ սահմանման, սակայն կիրառվող սկզբունքները, այնուամենայնիվ, համեմատելի են: Գործը Պետության դրական պարտավորությունների կամ հիմնավորման ենթական պետական մարմինների միջամտության տեսանկյունից վերլուծելիս կիրառվող չափանիշներն էապես տարբեր չեն: Թե սեփականության նկատմամբ ոտնձգությունները, թե անգործությունը պետք է ապահովեն արդարացի հավասարակշռություն հանրության համընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև (տե´ս, ի թիվս այլոց, Սպորրոնգը և Լյոնրոթն ընդդեմ Շվեդիայի [Sporrong et Lönnroth c. Suède], 23 սեպտեմբերի, 1982թ., կետ 69, շարք Ա, թիվ 52, և վերը նշված Կոտով [Kotov], կետ 110):
41. Դատարանը նաև հաստատեց, որ որոշ հանգամանքներում, թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը կարող է պարտադրել «որոշ անհրաժեշտ միջոցառումներ սեփականության իրավունքը պաշտպանելու համար (...), նույնիսկ այն դեպքում, երբ վեճը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև է » (վերը նշվածՍովտրանսավոտ Հոլդինգ [Sovtransavto Holding], կետ 96): Այս սկզբունքը լայնորեն կիրառվել է մասնավոր փոխառուների դեմ կատարողական վարույթի համատեքտում (Ֆուլկևն ընդդեմ Ուկրաինայի [Fouklev c. Ukraine], թիվ 71186/01, կետ 89-91, 7 հունիսի, 2005թ., Քեսյանն ընդդեմ Ռուսաստանի [Kesyan c. Russie], թիվ 36496/02, կետ 79-80, 19 հոկտեմբերի, 2006թ. , տե´ս նաև Կին-Ստիբը և Մայկիչն ընդդեմ Սերբիայի [Kin-Stib et Majkić c. Serbie], թիվ 12312/05, կետ 84, 20 ապրիլի, 2010թ., Մարջիչը և ուրիշներն ընդեմ Սերբիայի [Marčić et autres c. Serbie], թիվ 17556/05, կետ 56, 30 հոկտեմբերի, 2007թ., և, համապատասխան փոփոխություններով, Մաթյոն ընդդեմ Ֆրանսիայի [Matheus c. France], թիվ 62740/00, 68 և հաջորդ կետեր, 31 մարտի, 2005թ.):
42. Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի հետ Պետության գործելակերպի համապատասխանությունը գնահատելու համար Դատարանը պետք է համակողմանիորեն ուսումնասիրի գործում առկա տարբեր շահերը, առաջնորդվելով այն գաղափարով, որ Կոնվենցիային նպատակ ունի պահպանել «կոնկրետ և իրական իրավունքները»: Այն պետք է դուրս գա թվացյալ պատկերացումներից և ուսումնասիրի վիճարկվող իրավիճակի իրողությունները: Այս գնահատականը կարող է վերաբերվել ոչ միայն կիրառվող փոխհատուցման պայմաններին, եթե իրավիճակը սեփականությունից զրկվելուն է վերաբերում, այլ նաև կողմերի վարքագծին, այդ թվում`Պետության կողմից ձեռնարկված և իրականացված միջոցառումները: Այս առումով հարկ է ընդգծել, որ անորոշությունը, լինի դա օրենսդրական կամ վարչական կամ էլ կվերաբերվի պատկան մարմինների պրակտիկային, գործոն է, որ պետք է հաշվի առնել պետության վարքը գնահատելու համար: Իրապես, երբ շահարկվում է հանրային շահի հարցը, հանրային իշխանությունները պետք է արձագանքեն ժամանակին, պատշաճ կերպով և շատ մեծ հետևողականությամբ (Թունել ռիպորտ լիմիթեդն ընդդեմ Ֆրանսիայի [Tunnel Report Limited c. France], թիվ 27940/07, կետ 39, 18 նոյեմբեր, 2010թ.).
43. Դատարանը հիշեցնում է, որ բացի իր նախադեպային իրավունքից, համաձայն որի միայն այն փաստը, որ դիմումատուի պահանջները պետք է ենթարկվեն վաղեմության ժամկետին, խնդիր չի առաջանցում Կոնվենցիայի տեսանկյունից: Վաղեմության ժամկետի ինստիտուտն անդամ պետությունների իրավական համակարգերի ընդհանուր գիծն է, որը ձգտում է երաշխավորել հանրային անվտանգությունը` ժամկետներ սահմանելով գործողությունների համար, ինչպես նաև կանխե լ անարդարությունները, որոնք կարող էին տեղի ունենալ, եթե դատարանները ստիպված լինեին որոշումներ կայացնել հեռու անցյալին վերաբերվող իրադարձությունների վերաբերյալ (Ջ.Ա. Պի (Օքսֆորդ) ՍՊԸ-ն և Ջ.Ա. Պի (Օքսֆորդ) լենդ ՍՊԸ-ն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [J.A. Pye (Oxford) Ltd et J.A. Pye (Oxford) Land Ltd c. Royaume-Uni] [ՄՊ], թիվ 44302/02, կետ 68, ՄԻԵԴ 2007-III, Ստաբբինգսը և ուրիշներն ընդդեմ Մեծ Բրիտանիսայի [Stubbings et autres c. Royaume-Uni], 22 հոկտեմբերի 1996, կետ 51, Վճիռների և որոշումների ժողովածու [Recueil des arrêts et décisions] 1996-IV):
44. Ի վերջո, Դատարանն ընգծում է, որ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին մասում նշված «հանրային շահ» հասկացությունն իր բնույթով շատ լայն է: Սկզբունքորեն ներպետական մարմիններն ավելի լավ են տիրապետում, թե ինչը կարող է «հանրային շահ» համարվել, քան միջազգային դատավորը: Նորմալ համարելով այն փաստը, որ օրենսդիր իշխանությունն ունի տնտեսական և սոցիալական քաղաքականություն վարելու հայեցողության լայն շրջանակներ, Դատարանը ընդունում է վերջինիս §հանրային շահի¦ ընկալման մոտեցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա որոշումները հիմնավորումից ակնհայտորեն զուրկ են: Ինչ վերաբերում է այլընտրանքային լուծումներին, դրանց հնարավոր գոյությունը չի ենթադրում, որ վիճարկվող օրենսդրությանը չհիմնավորված է: Քանի դեռ օրենսդիր իշխանությունը չի գերազանցում հայեցողության իր շրջանակը, Դատարանը չի կարող ասել, թե արդյոք նա ընտրել է խնդիրն ուսումնասիրելու լավագույն տարբերակը կամ որ իր իրավունքը հարկ էր այլ կերպ իրականացնել (Ջ.Ա. Պի (Օքսֆորդ) լենդ ՍՊԸ-ն ընդդեմ Մեծ Բրիտանիայի[ J.A. Pye (Oxford) Ltd c. Royaume-Uni], թիվ 44302/02, կետեր 43-45, 15 նոյեմբերի, 2005թ.):
բ) Գործում այս սկզբունքների կիրառումը
45. Սույն գործի հետ կապված Դատարանը նախևառաջ հիշեցնում է, որ երբ դիմումատուն 2003թ. փետրվարի 6-ին գնացել էր բանկ իր հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար, նա իմացել էր, որ 1981թ. երկրորդ կիսամյակից ի վեր հաշվում գործողությունների բացակայության արդյունքում վաղեմության ժամկետն ազդել էր նրա բոլոր պահաջների վրա: Ներպետական դատարանների որոշումներից պարզվում է, որ հաշիվը բացելիս դիմումատուն բանկի հետ կնքել էր պայմանագիր, որը, Հունաստանում գործող օրենսդրության և վերջինիս մեկնաբանության համաձայն, անկանոն ավանդի պայմանագիր է եղել (քաղաքացիական օրենսգրքի 830-րդ հոդված): Այս պայմանագրից բխող դիմումատուի պահանջներն ենթարկվում են քաղաքացիական օրենսգրքով նախատեսված վաղեմության ժամկետի պայմանին (247-րդ և 249-րդ հոդվածներ):
46. Դատարանը նշում է նաև, որ ներպետական դատարնները, որոնց դիմել էր դիմումատուն, կիրառել են կառավարության թիվ 1195/1942 որոշման 3-րդ հոդվածը, որի համաձայն գումարային ավանդները և դրանցից բխող տոկոսային եկամուտները վերջնականապես փոխանցվում են Պետությանը, եթե քսան տարվա ընթացքում հաշվետերը պահանջներ չի ներկայացրել կամ հաշվում գործողությունների չի կատարել: Ավելին, Վերաքննիչ դատարանն որոշել էր, որ վաղեմության ժամկետն չէր ընդհատվել, քանի որ դիմումատուի հաշվից առաջացած տոկոսային եկամուտների գրանցումը բանկի գրանցամատյանում ժամկետի ընդհատման պատճառ չի համարվում (վերը նշված 9-րդ կետ), ոչ էլ կասեցվել էր դիմումատուի կողմից առաջքաշված անհաղթահարելի ուժի ազդեցությամբ (վերը նշված 10-րդ կետ):
47. Դատարանի կարծիքով սեփական հաշվի նկատմամբ դիմումատուի պահանջների դադարեցումը սեփականության իրավունքի խախտում է, որը չի համապատասխանում ո´չ օտարմանը, ո´չ էլ սեփականության օգտագործման կանոնակարգման որևէ ձևին, հետևաբար, հարցը պետք է ուսումնասիրել 1-ին հոդվածի առաջին պարբերության առաջին նախադասության տեսանկյունից (տե´ս, համապատասխան փոփոխություններով. Օպտիմը և Ինդուստերն ընդդեմ Բելգիայի [Optim et Industerre c. Belgique](որոշում), թիվ 23819/06, կետ 35, 11 սեպտեմբերի, 2012թ.): Ուստի հարկ է պարզել, թե արդյոք պահպանվել է հասարակության շահի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության հետ կապված հրամայականների միջև արդարացի հավասարակշռությունը:
48. Դատարանը կասկածներ չունի քաղաքացիական օրենսգրքի 247-րդ և 249-րդ հոդվածներով և կառավարության թիվ 1195/1942 որոշմամբ նախատեսված վաղեմության ժամկետի օրինաչափ նպատակի վերաբերյալ: Ինչպես արդեն ընդգծել էր վերաքննիչ դատարանը, անկանոն ավանդների պայմանագրերի նկատմամբ քսան տարվա վաղեմության ժամկետի կիրառումը հիմնավորված է հանրային շահով` անցյալում ստեղծված և այսպիսով անորոշ իրավական հարաբերությունների լուծարում` ի շահ հանրության:
49. Ի թիվս այլ հարցերի, հաշվի առնելով վաղեմության վերաբերյալ իր նախադեպային իրավունքը (վերը նշված 43-րդ կետ)` Դատարանը համարում է, որ վերոնշյալ վաղեմության հունական համակարգն ողջամիտ է. Քսան տարվա ժամկետը բավականին մեծ է և շահագրգիռ կողմերի համար դժվար չէ դադարեցնել վաղեմության ժամկետի կիրառումը:
50. Դիմումատուի գործով որոշումներ կայացնելիս հունական դատարանները հետևել են և կիրառել են գործող համապատասխան օրենսդրությունը և նախադեպերը` մի կողմից Կառավարության որոշման 3-րդ հոդվածը, որը նախատեսում է, որ պահանջների նկատմամբ վաղեմության ժամկետի կիրառումը դադարեցվում է, երբ հաշվետերը ետ է պահանջում իր ավանդը կամ հաշվում գործողություններ է կատարում, և մյուս կողմից քաղաքացիական օրենսգրքի 260-րդ հոդվածը, որի համաձայն վաղեմության ժամկետը դադարեցվում է փոխառուի, տվյալ դեպքում բանկի կողմից պահանջի ճանաչմամբ: Այս առումով Վճռաբեկ դատարանն որոշել էր, որ այդ ճանաչումը պետք է ուղղված լինի փոխատուին և որ վերջինս պետք է ստանա այդ մասին տեղեկությունը, և որ բանկի գրանցամատյաններում պարտքի սովորական գրանցումը 260-րդ հոդվածի տեսանկյունից չի համարվում պահանջի ճանաչում, ուստի չի կարող ընդհատել վաղեմության ժամկետը (վերը նշված 18-րդ և 21-րդ կետեր):
51. Այնուամենայնիվ, Դատարանը համարում է, որ նմանատիպ արմատական միջոցառումը, ինչպիսին որոշակի ժամանակահատվածում հաշվեհամարում գործողությունների բացակայության պատճառով բանկային հաշվի նկատմամբ պահանջների դադարեցումն է` ուղեկցված օրենքով, համաձայն որի տոկոսային եկամուտների գրանցումը չի համարվում հաշվի գործողություն, հաշվետերերին, որոնք հատկապես բանկային կամ քաղաքացիական իրավունքի հետ կապ չունեցող սովորական ֆիզիկական անձինք են, բանկի կամ նույնիսկ պետության համեմատությամբ դնում է ոչ բարենպաստ իրավիճակում այն դեպքում, երբ կիրառվում է կառավարության որոշման 3-րդ հոդվածը:
52. Դատարանը նշում է, որ քաղացիական օրենսգրքի 830-րդ հոդվածի համաձայն, եթե քաղաքացին բանկում գումար է ի պահ հանձնում, նրան է փոխանցում գումարի օգտագործման իրավունքը, բանկը պարտավոր է պահպանել այն, և եթե այն այդ գումարն օգտագործում է իր համար, ապա նա փոխատուին պայմանագրի համաձայն պետք է վերադաձնի համարժեք գումար: Հաշվետերը կարող է բարեխղճորեն ակնկալել, որ բանկում ներդրված ավանդն անվտանգ լինի, հատկապես երբ նա նկատում է, որ տոկոսային եկամուտները մուտքագրվում են իր հաշվին: Օրինաչափ է, որ նա կարող է ակնկալել, որ բանկի հետ կնքված պայմանագրի և իր ֆինանսական շահերի հավասարակշռությանը սպառնոցող իրավիճակի մասին նա պետք է տեղեկացվի, որպեսզի կարողանա նախապես ձեռնարկել միջոցառումներ օրենքի դրույթներին համապատասխանելու և իր գույքային իրավունքները պաշտպանելու համար: Նման վստահելի հարաբերությունները բնորոշ են բանկային գործառնությունների և դրանց վերաբերյալ օրենքներին:
53. Բացի այդ, դատարանը հիշեցնում է, որ իրավական երաշխիքների ակզբունքն ակնհայտ է Կոնվենցիայի բոլոր հոդվածներում և որ այն իրավունքի գերակայության հիմնարար տարրերից մեկն է (Նեջետ Շահինը և Փերիհան Շահինն ընդդեմ Թուրքիայի [Nejdet Şahin et Perihan Şahin c. Turquie], [ՄՊ], թիվ 13279/05, կետ 56, 20 հոկտեմբերի, 2011թ.): Ուստի, Դատարանի կարծիքով Պետության դրական պարտավորությունն է պաշտպանել քաղաքացուն և, հաշվի առնելով վաղեմության ժամկետի վատ հետևանքները, այս կերպ բանկերի համար նախատեսել ժամկետի ավարտից առաջ հաշվետիրոջն այդ մասին տեղեկացնելու պարտավորություն, որը նրան հնարավորություն կընձեռի ընդհատել վաղեմության ժամկետը` օրինակ հաշվի հետ կապված գործողություններ կատարելով: Նմանատիպ տեղեկություն չպահանջելը վտանգում է հանրության շահի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության հրամայականի միջև արդարացի հավասարակշռությունը:
54. Նման տեղեկության բացակայության պայմաններում Դատարանը համարում է, որ դիմումատուն չափազանց և անհամաչափ վնաս է կրել, որը չի կարող հիմնավորվել ո´չ անորոշ իրավական հարաբերությունների լուծարման անհրաժեշտությամբ, ինչպես հաստատել է վերաքննիչ դատարանը, ո´չ էլ բանկային համակարգի պատճաշ գործունեությամբ:
55. Ուստի, դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
III. ԵՆԹԱԴՐՅԱԼ ԱՅԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
56. Վկայակոչելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը` դիմումատուն բողոք է ներկայացնում քաղաքացիական դատարանների կողմից, որոնք մերժել իր պահանջները, վաղեմության ժամկետի պայմանի կիրառման դեմ:
57. Դատարանը հիշեցնում է, որ նա ներպետական դատարաններին փոխարինելու առաքելություն չունի: Առաջին հերթին միայն ներպետական մարմինները և դատարաններն են իրավասու մեկնաբանել ներպետական օրենսդրությունը (տե´ս, համապատասխան փոփոխություններով, հետևյալ վճիռները` Բրուալա Գոմես դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի [Brualla Gómez de la Torre c. Espagne], 19 դեկտեմբերի, 1997թ., կետ 31, ժողովածու 1997‑VIII, և Մարշ Գալլեգո հրատարակչություն ՍՊԸ-ն ընդդեմ Իսպանիայի [Edificaciones March Gallego S.A. c. Espagne], 19 փետրվարի, 1998թ., կետ 33, Ժողովածուl 1998‑I), և Դատարանի իրավունքի սեփական գնահատականը չի կարող փոխարինել նրանց մեկնաբանությանը (տե´ս, ի թիվս այլոց, Տեխեդոր Գարսիան ընդդեմ Իսպանիայի [Tejedor García c. Espagne], 16 դեկտեմբերի, 1997թ., կետ 31, Ժողովածու 1997‑VIII): Այս գործի կապակցությամբ Դատարանը նշում է, որ ներպետական դատարաններն այս գործում կիրառել են գործող համապատասխան օրենսդրությունը և դատական նախադեպերը:
58. Հետևաբար, գանգատն ակնհայտորեն հիմնավորված չէ և ենթակա է մերժման Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետի համաձայն:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
59. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի դրույթներին համաձայն`
« Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա) Վնասը
60. Դիմումատուի որդին նախևառաջ պահանջում է իր հորը պատճառված նյութական վնասի փոխհատուցում: Այս առումով նա հղում է կատարում հոր կողմից Դատարանին ներկայացված գանգատին, որոց նա պահանջում էր վճարել բանկում ներդրված 660 000 դրախմը և դրա տոկոսային եկամուտները, ինչպես նշվել էր Աթենքի առաջին ատյանի դատարան 2003թ. հունիսի 3-ին ներկայացված իր հայցում, այն է` 30 550,74 եվրո (EUR): Բարոյական վնասի համար նա պահանջում է 100 000 եվրո (EUR):
61. Ինչ վերաբերում է նյութական վնասին, Կառավարությունը պնդում է, որ դիմումատուի որդին, Դատարանի Կանոնակագի 60-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, սահմանված ժամկետներում հատուկ պահանջ չի ներկայացրել պատասխանող Պետության արժույթով: Նա միայն հղում է կատարում գանգատի ձևաթղթին, որը հստակ պահանջ չէր պարունակում, և որն էլ իր հերթին հղում է կատարում Աթենքի առաջին ատյանի դատարան դիմումատուի ներկայացրած հայցին: Ինչ վերաբերում է բարոյական վնասին, Կառավարությունն ոչ միայն համարում է, որ պահանջվող գումարը չափազանց է և չհիմնավորված, այլ նաև որ դիմումատուի որդին որպես այդպիսին չի կարող փոխահատուցում պահանջել, քանի որ վիճարկվող միջոցառումից տուժված անձը դիմումատու էր և ոչ իր ժառանգները:
62. Դատարանը համարում է, որ դիմումատուի որդին ինչպես հարկն է ներկայացրել է նյութական վնասի փոխհատուցման պահանջը: Նա իրականում պահանջում է այն գումարը, որը դիմումատուն 2003թ. հունիսի 3-ին ներկայացրել էր Աթենքի առաջին ատյանի դատարան և որը հստակորեն արտահայտված էր եվրոյով, այն է 30 550,74 եվրո (EUR):
63. Մի կողմից Դատարանը հիշեցնում է, որ արդեն եզրակացրել է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին պարբերության առաջին նախադասության խախտման մասին, և մյուս կողմից համարում է, որ չի կարող շահարկել այն գումարը, որը հունական դատարանների կշնորհեին դիմումատուին հայցը շահելու դեպքում: Այնուամենայնիվ, Դատարանը համարում է, որ անհրաժեշտ է պատճառված բոլոր վնասների դիմաց դիմումատուի որդուն հատկացնել 15 000 եվրո (EUR):
Բ) Ծախսեր և Ծախքեր
64. Դիմումատուի որդին պահանջում է նաև 5 000 եվրո (EUR) ծախսերի և ծախքերի դիմաց առանց հստակեցնելու, թե արդյոք այդ գումարը ներառում է ներպետական դատարաններում կամ Դատարանում կամ էլ երկու տարբերակների դեպքում միաժամանակ կատարված ծախսերը:
65. Կառավարությունն ընդգծում է, որ դիմումատուի որդին այս պահաջները հիմնավորող ոչ մի ապացույց չի ներկայացնում:
66. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի` դիմումատուն ծախսերի և ծախքերի համար կարող է փոխհատուցում ստանալ միայն այն դեպքում, երբ դրանք կատարվել են փաստացիորեն, հաստատված անհրաժեշտությանբ և երբ դրանց ծավալն ողջամիտ է: Այս գործի առումով Դատարնը նշում է, որ դիմումատուն չի ներկայացնում վճարման որևէ փաստաթուղթ, որոնք կվերաբերեին ներպետական դատարաններում և Դատարանում հայցի հետ կապված ծախսերին: Ուստի, Դատարնը կարող է մերժել ծախսերի և ծախքերի դիմաց դիմումատուի պահանջները:
Գ) Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսներ
120. Դատարանը նպատակահարմար է համարում փոխհատուցումը չվճարելու տոկոսադրույքը հիմնել Եվրոպական կենտրոնական բանկի փոխառության տրամադրման ամենացածր տոկոսադրույքի վրա, որոնց պետք է գումարվի երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Հայտարարում է ընդունելի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտման մասին գանգատը և ընդունելի չի համարում հավելյալ գումարի պահանջը:
2. Վճռում է, որ տեղի է ունեցել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
3. Վճռում է,
ա) որ Պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, վճիռը վերջնական համարվելու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուի որդուն վճարի 15 000 եվրո (տասնհինգ հազար եվրո) պատճառված բոլոր վնասների դիմաց, գումարած գանձվելիք բոլոր հարկերը:
բ) Վերոնշյալ ժամկետի ավարտից հետո մինչև գումարի վճարումը պետք է վերոնշյալ գումարի վրա պարզ տոկոս վճարվի` պարտականությունը չկատարելու ընթացքում Եվրոպական կենտրոնական բանկի փոխառության տրամադրման ամենացածր տոկոսադրույքին ավելացրած երեք տոկոսի չափով:
4. Մերժում է` դիմողի արդարացի բավարարման պահանջը հավելյալ գումարի մասով:
Կատարված է ֆրանսերեն լեզվով և գրավոր ծանուցվել է 2013 թվականի հունվարի 29-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի:
Անդրե Վամպախ Իզաբել Բերրո-Լեֆեվր
(André Wampach) (Isabelle Berro-Lefèvre)
Բաժանմունքի քարտուղարի Նախագահ
տեղակալ
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy