© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ZORICA JOVANOVIC ընդդեմ ՍԵՐԲԻԱՅԻ ԳՈՐԾԸ
(Գանգատ թիվ 21794/08)
Վճիռ
Ստրասբուրգ
26 մարտի 2013 թվական
Դիմում է ներկայացվել Մեծ պալատին վերանայելու համար
Այս վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով: Այն ենթակա է խմբագրական փոփոխությունների:
Զորիկա Ջովանովիչն ընդդեմ Սերբիայի գործում,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Երկրորդ բա ժանմունք)` որպես Պալատ, հետևյալ կազմով`
Նախագահությամբ` Guido Raimondi,
դատավորներ` Danute Jociene,
Peer Lorenzen,
Dragoljub Popovic,
Isil Karakas,
Nebojsa Vucinic
Pailo Pinto de Albuquerque,
և քարտուղարությամբ` Francoise Elens-Passos` քարտուղարության ղեկավարի տեղակալ,
2013 թվականի մարտի 5-ի դռնփակ նիստում կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:
Գործի ընթացակարգը
1. Գործն սկսվել է 2008 թվականի ապրիլի 22-ին` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (>) 34-րդ հոդվածի հիման վրա Սերբիայի քաղաքացի Զորիկա Ջովանովիչի կողմից (>) ընդդեմ Սերբիայի բերված գանգատի առնչությամբ (թիվ 21794/08):
2. Դիմողը, ում համար ապահովվել էր իրավաբանական օգնություն, ներկայացված էր տիկին Գովեդարիկայի` Բատոնիկայում աշխատող փաստաբանի կողմից: Սերբական կառավարությունը (>) ներկայացված էր իր գործակալի` պարոն Ս. Ցարիցի կողմից:
3. Դիմողը գանգատվում էր Սերիբայի իշխանությունների շարունակական ձախողումից` ապահովելու որևէ տեղեկատվությամբ իր որդու իրական ճակատագրի վերաբերյալ, ով իբրև թե մահացել էր պետական հիվանդանոցում գտնվելու ժամանակ, կամ այս կապակցությամբ որևէ փոխհատուցում տրամադրելուց:
4. 2011 թվականի ապրիլի 12-ին դիմումի մասին տեղեկացվել է Կառավարությունը: Նաև որոշվել է միաժամանակ լուծել դրա ընդունելիության հարցը ու ըստ էության քննել այն (29-րդ հոդվածի 1-ին մաս):
Փաստական հանգամանքներ
I. Գործի փաստական հանգամանքները
5. Դիմողը ծնվել է 1953 թվականին և ապրում է Բատոցինայում:
6. Գործի փաստական հանգամանքները, ըստ կողմերի ներկայացրածի, կարելի է շարադրել հետևյալ կերպ.
Ա. Դիմողի գործի առանձնահատուկ հանգամանքները
7. 1983 թվականի հոկտեմբերի 28-ին Կուպրիջա բժշկական կենտրոնում (>), որը պետական հիմնարկ է, դիմողն առողջ տղա է լույս աշխարհ բերել:
8. 1983 թվականի հոկտեմբերի 28-ի և 30-ի ընթացքում դիմողը, քանի դեռ գտնվելիս է եղել ԿԲԿ-ում, կանոնավոր կերպով շփվել է իր որդու հետ:
9. 1983 թվականի հոկտեմբերի 30-ին բժիշկները դիմողին տեղեկացրել են, որ և նա, և նրա որդին հաջորդ օրը դուրս են գրվելու:
10. 1983 թվականի հոկտեմբերի 30-ի երեկոյան դիմողն իր որդու հետ է եղել մոտավորապես մինչև ժամը 2300-ն, երբ նրա որդուն տեղափոխել են նորածին երեխաների համար նախատեսված առանձին սենյակ: Սա ստանդարտ ընթացակարգ էր, և մինչ այդ պահը դիմողի որդին որևէ առողջական խնդիր չէր ունեցել:
11. 1983 թվականի հոկտեմբերի 31-ին` մոտավորապես ժամը 0630-ի սահմաններում, հերթապահ բժիշկը դիմողին տեղեկացրել է, որ նրա որդին մահացել է: Այս տեղեկությունը լսելուց անմիջապես հետո նա իջել է միջանցք` այն սենյակի ուղղությամբ, որտեղ իր որդին գիշերն անցկացրել էր: Սակայն նրան ֆիզիկապես բռնել են երկու սանիտարներ: Բուժքույրը նույնիսկ փորձել է հանգստացնող ներարկել դիմողին, բայց դիմողը հաջողությամբ դիմադրել է այս փորձին: Ի վերջո, չունենալով որևէ այլ հնարավորություն և գտնվելով դժվարին կացության մեջ, դիմողը դուրս է գրվել ԿԲԿ-ից: Դրանից հետո նրա ընտանիքի անդամներին հայտնել էին, որ նորածնի դիահերձումը Բելգրադում է կատարվելու, որի պատճառով էլ նրա դին չի կարող փոխանցվել ծնողներին: Դիմողն ու նրա ընտանիքը տարակուսած էին մնացել, թե դիահերձումն ինչու
պետք է Բելգրադում կատարվի, քանի որ դա ԿԲԿ-ի բնականոն պրակտիկայից ակնհայտ բացառություն էր:
12. Սկսած 2001 թվականից և մասամբ` 2002 թվականից, Սերբիայի զանգվածային լրատվության միջոցներն սկսեցին էքստենսիվ կերպով տեղեկացնել բազմաթիվ դեպքերի մասին, ինչպիսին դիմողինն էր (տե´ս, օրինակ` կայքէջում 2013 թվականի հունվարի 29-ի հրապարակումը):
13. 2002 թվականի հոկտեմբերի 24-ին դիմողը միջնորդություն է ներկայացրել ԿԲԿ-ին` խնդրելով տրամադրել իր որդու մահվան վերաբերյալ բոլոր փաստաթղթերը:
14. 2002 թվականի նոյեմբերի 12-ին ԿԲԿ-ն դիմողին տեղեկացրել է, որ նրա որդին մահացել է 1983 թվականի հոկտեմբերի 31-ին` ժամը 0715-ին, և նրա մահը որակվել է որպես >, այսինքն, մահ` առանց պատճառի մատնանշման: ԿԲԿ-ն պնդել էր, որ որևէ այլ տեղեկություն առկա չէ, քանի որ իր արխիվներն այդ ընթացքում հեղեղվել էին և շատ փաստաթղթեր ոչնչացել էին:
15. 2002 թվականի նոյեմբերի 22-ին և ի պատասխան դիմողի խնդրանքի` Կուպրիջայի քաղաքապետարանը դիմողին տեղեկացրել է, որ նրա որդու ծնունդը գրանցվել էր մունիցիպալ արձանագրություններում, բայց նրա մահը չէր գրանցվել:
16. 2003 թվականի հունվարի 10-ին դիմողի ամուսինը` երեխայի հայրը, քրեական գործ հարուցելու հաղորդում է ներկայացրել Կուպրիջայի Հանրային մունիցիպալ դատախազություն: Հաղորդումը ներկայացվել է ԿԲԿ-ի անձնակազմի դեմ, ում դիմողը մեղավոր էր համարում որդու առևանգման գործում:
17. 2003 թվականի հոկտեմբերի 15-ին հարցված գրասենյակը մերժել է դիմողի հաղորդումը` անհիմն լինելու պատճառաբանությամբ, քանի որ առկա էր ապացույց, որ նրա որդին մահացել էր 1983 թվականի հոկտեմբերի 31-ին: Այլ պատճառաբանություն չէր ներկայացվել և որևէ նշում չկար, թե արդյոք որևէ նախնական քննություն իրականացվել էր, թե` ոչ:
18. 2004 թվականի մարտին Կուպրիջայի քաղաքապետարանը կրկին պնդել է 2002 թվականի նոյեմբերի 22-ի իր նամակի բովանդակությունը:
19. 2004 թվականի ապրիլի 29-ին ԿԲԿ-ն դիմողին տրամադրել է իր ներքին արձանագրությունները` կցելով 2002 թվականի նոյեմբերի 22-ի նամակին:
20. 2007 թվականի սեպտեմբերի 19-ին Կուպրիջայի քաղաքապետարանը հաստատել է, որ դիմողի որդու մահը երբևէ ֆորմալ ձևով գրանցված չի եղել:
21. 2007 թվականի դեկտեմբերի 28-ին, ի պատասխան նրա նախորդ դիմումի, Կուպրիջայի քաղաքապետարանը դիմողին տրամադրել է նրա որդու ծննդյան վկայականի, ինչպես նաև ծնունդը գրանցելու` ԿԲԿ-ի միջնորդության պատճենները:
22. Դիմողի որդու դին այլևս չի հանձնվել նրան կամ նրա ընտանիքին: Նրանց նաև երբևիցե չեն տրամադրել դիահերձման արձանագրությունը կամ չեն տեղեկացրել, թե երբ և որտեղ է դին իբրև թե թաղվել:
23. 2009 թվականի հունիսի 12-ի և 2011 թվականի հուլիսի 20-ի ընթացքում Կրագուժևացի բժշկական կենտրոնը բազմիցս զննել է դիմողին, inter alia, նշելով ընկճախտային բնորոշ բազմաթիվ ախտանիշներ` թվագրված 1999 թվականին և հատկապես 2001 թվականին:
Բ. Այլ համապատասխան հանգամանքներ
1.Նոր ընթացակարգերի ընդունումը
24. 2003 թվականի հունիսի 17-ին Առողջապահության նախարարի կողմից կազմակերպված` հիվանդանոցներում մահացած նորածին երեխաների հուղարկավորությանը վերաբերող հանդիպմանը, որոշվել էր, inter alia, որ դիերը կարող էին փոխանցվել ծնողներին, եթե վերջիններս ստորագրել էին այդ նպատակի համար նախատեսված հատուկ ձևը:
25. Ի պատասխան Հանրային հուղարկավորության ընկերության (JKP Pogrebne usluge) կողմից 2003 թվականի հոկտեմբերի 17-ին իրենց հասցեագրված առանձնահատուկ միջնորդության` Բելգրադում հիմնադրված բոլոր հանրային առողջության պահպանության ինստիտուտները լրացուցիչ ընդունել էին, inter alia, իմպլեմենտացիայի մի ընթացակարգ, որի միջոցով հատուկ հայտարարություն պետք է ստորագրվեր` (ա) ծնողների կամ ընտանիքի այլ անդամների կողմից, ովքեր հավաստել են, որ հիվանդանոցի կողմից տեղեկացվել են մահվան մասին, և իրենք անձամբ են կատարելու հուղարկավորության արարողությունը, և (բ) իրավաբանական անձի կամ նրա ներկայացուցչի կողմից` այն նպատակով, որ ինքն է կազմակերպելու այդ արարողությունը, քանի որ մյուսները հրաժարվել են կամ անկարող են այն կատարել: Նման հայտարարությունների բացակայության դեպքում Հանրային հուղարկավորության ընկերությունը հրաժարվել էր հիվանդանոցներից վերցնել դիերը:
2. 2006 թվականի հուլիսի 14-ի խորհրդարանական զեկույցը (Izveštaj o radu anketnog odbora obrazovanog radi utvrđivanja istine o novorođenoj deci nestaloj iz porodilišta u više gradova Srbije)
26. 2005 թվականին դիմողի կարգավիճակում գտնվող հարյուրավոր ծնողներ, այսինքն` որոնց նորածին երեխաներն անհետացել էին հիվանդասենյակներից` նրանց ենթադրյալ մահից հետո, մեծ մասամբ` 1970-ական, 1980-ական և 1990-ական թվականներին, դիմել են Սերբիայի խորհրդարանին` խնդրելով փոխհատուցում տրամադրել:
27. 2006 թվականի հուլիսի 14-ին Խորհրդարանը ձևականորեն ընդունել էր իր հետաքննող կոմիտեի կողմից պատրաստված զեկույցը: Այս զեկույցի եզրակացությունները ներառում էին, inter alia, որ` (ա) համապատասխան ժամանակահատվածում կիրառելի օրենսդրությունը լուրջ բացեր է ունեցել, այդ թվում` կապված տարբեր պետական մարմինների և առողջապահական իշխանությունների ընթացակարգերի հետ, (բ) այս դրությունն արդարացնում է ծնողների կասկածներն առ այն, թե ինչ է իրականում տեղի ունեցել իրենց երեխաների հետ, (գ) այդ ժամանակ քրեական փոխհատուցումը չէր կարող արդյունավետ լինել վաղեմության ժամկետների կիրառելիության պատճառով (տե´ս ստորև` կետ 34) և (դ) Կառավարության մարմինների բոլոր հատվածների միավորված ջանքերը, ինչպես նաև համապատասխան օրենսդրության փոփոխություններն անհրաժեշտ էին ծնողներին համարժեք փոխհատուցում ապահովելու համար:
3. Խորհրդարանի նախագահի կատարած հայտարարությունները
28. 2010 թվականի ապրիլի 16-ին տեղական զանգվածային լրատվության միջոցները հաղորդել են, որ Սերբիայի Խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ձևավորելու է խորհրդարանական աշխատանքային խումբ նոր օրենսդրություն մշակելու համար, որի նպատակն անհետացած երեխաների ծնողների համար փոխհատուցման ապահովումն է:
4. Մարդու իրավունքների պաշտպանի 2010 թվականի հուլիսի 29-ին զեկույցը (Izveštaj zaštitnika građana o slučajevima tzv. “nestalih beba” sa preporukama)
29. Այս հարցի վերաբերյալ հետագա էքստենսիվ հետաքննությունը, մասնավորապես` Մարդու իրավունքների պաշտպանը գտել է, որ, inter alia, (ա) համապատասխան ժամանակահատվածում առկա չեն եղել համաձայնեցված ընթացակարգեր և/կամ ստատուտային կարգավորումներ, թե ինչ պետք է տեղի ունենա այն իրավիճակում, երբ նորածինը մահանում է հիվանդանոցում, (բ) բժշկական գերակա կարծիքն այն էր, որ ծնողները պետք է զերծ մնան իրենց նորածին երեխային հուղարկավորելու հոգեկան ցավից, ինչն ամբողջովին հնարավոր է, եթե որոշակի զույգեր միտումնավոր զրկվեն այդ կերպ վարվելու հնարավորությունից, (գ) դիահերձման արձանագրությունները սովորաբար անավարտ էին, չպատճառաբանված և կասկածելիորեն մեծապես անարժանահավատ, (դ) ուստի չի կարելի բացառել, որ տվյալ դեպքերում երեխաներն իրականում իրենց ընտանիքներից անօրինական էին հեռացվել, (ե) անդրադառնալով վերադառնալով ավելի արդի ժամանակներին` Կառավարության պատասխանը 2006 և 2010 թվականների ընթացքում ինքին եղել է ոչ համարժեք և (զ) հետևաբար, ծնողներն իրավունք ունեին իմանալու ճշմարտությունն իրենց երեխաների իրական ճակատագրի մասին, որը կարելի էր պարզել միայն lex specialis-ի ընդունման միջոցով:
5. 2010 թվականի դեկտեմբերի 28-ին Խորհրդարանին ներկայացված` Աշխատանքային խմբի զեկույցը (Izveštaj o radu radne grupe za izradu predloga zakona radi stvaranja formalno-pravnih uslova za postupanje nadležnih organa po prijavama o nestanku novorođene dece iz porodilišta)
30. Ի պատասխան 2006 թվականի հուլիսի 14-ի խորհրդարանական զեկույցի եզրակացությունների և խորհուրդների (տես վերը` կետեր 26 և 27), 2010 թվականի մայիսի 5-ին Խորհրդարանի կողմից հիմնվեց աշխատանքային խումբ (տե´ս վերը` կետ 28), որի խնդիրն էր գնահատել իրավիճակը և առաջարկել որևէ փոփոխություն կատարելու օրենսդրությունում:
31. 2010 թվականի դեկտեմբերի 28-ին Աշխատանքային խումբն իր զեկույցը ներկայացրել էր Խորհրդարանին: Արդեն փոփոխված` գործող օրենսդրության մանրամասն վերլուծության հիման վրա այն եզրակացրել էր, որ փոփոխություններ այլևս անհրաժեշտ չեն, բացառությամբ այն փոփոխությունների, որոնք վերաբերում էին բժշկական տվյալների հավաքմանն ու օգտագործմանը, սակայն այս հարցի վերաբերյալ օրենսդրության մի մասի փոփոխությունն արդեն պատրաստվել էր (nacrt Zakona o evidencijama u oblasti zdravstva): Աշխատանքային խումբը, inter alia, հստակ նշել էր, որ Սահմանադրության 34-րդ հոդվածը թույլ չի տալիս վաղեմության ժամկետների տարածումն այն հանցագործություններով քրեական հետապնդումների վրա, որոնք կատարվել էին անցյալում, կամ հարուցել նոր, ավելի ծանր հանցանքներով հետապնդումներ և/կամ խիստ պատիժներ, որոնք կարող էին կիրառվել ի հավելումն դրանց (տե´ս կետ 32): Գործող քրեական օրենսգիրքը, այնուամենայնիվ, արդեն նախատեսել էր հարցին առնչվող մի քանի նոր հանցանքներ և Բժշկական առողջապահության մասին ակտը սահմանում էր մանրամասն ընթացակարգ, որը ծնողների համար կանխում էր հիվանդասենյակներից իրենց նորածին երեխաների անօրինական դուրսբերումը (տե´ս ստորև` կետեր 35 և 41).
II. Համապատասխան ներպետական իրավունքն ու պրակտիկան
Ա. Սերբիայի Հանրապետության Սահմանադրություն (Ustav Republike Srbije. հրապարակված Սերբիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում – OG RS – թիվ 98/06)
32. Սահմանադրության 34-րդ հոդվածն ամրագրում է հետևյալը.
Պատիժները պետք է որոշվեն արարքի կատարման ժամանակ գործող օրենսդրությանը համաձայն, բացառությամբ այն դեպքերի, երբ ավելի ուշ ընդունված օրենսդրությունն ավելի բարենպաստ է հանցագործի համար: Հանցագործություններն ու պատիժները պետք է նախատեսված լինեն օրենքով>>:
Բ. Սերբիայի Սոցիալիստական Հանրապետության 1977 թվականի քրեական օրենսգիրք (Krivični zakon Socijalističke Republike Srbije. հրապարակված Սերբիայի Սոցիալիստական Հանրապետության պաշտոնական տեղեկագրում – թիվ 26/77, 28/77, 43/77 և 20/79)
33. 116-րդ հոդվածը սահմանում է, որ, inter alia, մանկահասակ երեխային իր ծնողներից ապօրինի թաքցնելը կամ հեռացնելը պատժվում է ազատազրկմամբ 1-10 տարի ժամկետով:
Գ. Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության 1976 թվականի քրեական օրենսգիրք (Krivični zakon Socijalističke Federativne Republike Jugoslavije. հրապարակված Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության պաշտոնական տեղեկագրում - OG SFRY – թիվ 44/76, 36/77, 34/84, 37/84, 74/87, 57/89, 3/90, 38/90, 45/90 և 54/90, Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության պաշտոնական տեղեկագրի թիվ 35/92, 16/93, 31/93, 37/93, 24/94 և 61/01 ու թիվ - OG RS - թիվ 39/03 համարներում)
34. 95-րդ և 96-րդ հոդվածները սահմանում են, որ, inter alia, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետության քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործ չի կարող հարուցվել կամ շարունակվել, եթե հանցանք կատարելու պահից անցել է ավելի քան 20 տարի:
Դ. Սերբիայի Հանրապետության 2005 թվականի քրեական օրենսգիրք (Krivični zakonik. հրապարակված Սերբիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում - թիվ 85/05, 88/05, 107/05, 72/09 և 111/09)
35. 191-րդ, 192-րդ, 388-րդ և 389-րդ հոդվածները քրեական պատասխանատվություն են սահմանում երեխաների առևանգման և մարդկանց թրաֆիկինգի, այդ թվում` որդեգրման նպատակով, տարբեր դրսևորումների համար:
Ե. Պարտականությունների մասին ակտ (Zakon o obligacionim odnosima. հրապարակված OG SFRY-ում թիվ 29/78, 39/85, 45/89, 57/89 և 31/93)
36. 199-րդ և 200-րդ հոդվածները սահմանում են, որ, inter alia, որևէ մեկը, ով տառապել է վախից, ֆիզիկական ցավից կամ հոգեկան տառապանքներից` որպես իր > խախտման հետևանք, իրավունք ունի դիմելու քաղաքացիական դատարաններ` ֆինանսական փոխհատուցման համար` կախված դրանց տևողությունից և ինտենսիվությունից, և, բացի դրանից, իրավունք ունի դիմելու փոհատուցման այլ ձևերի, որոնք կարող են ապահովել ոչ նյութական համարժեք բավարարման տրամադրում:
37. 376-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` վերոհիշյալ դրույթների հիման վրա հայցը կարող է ներկայացվել 3 տարվա ընթացքում` սկսած այն պահից, երբ տուժող կողմն իմացել է տվյալ վնասի մասին, ինչպես նաև այն դեպքում, երբ անձը պարտավոր էր իմանալ այդ վնասի մասին, բայց այդպիսի հայցերը, ամեն դեպքում, պետք է ներկայացվեն այդ իրադարձությունից հետո` 5 տարվա ընթացքում:
38. 377-րդ հոդվածի 1-ին մասն այնուհետև սահմանում է, որ եթե տվյալ վնասը պատճառվել է կատարված հանցագործության արդյունքում, ապա հայցային վաղեմության ժամկետը կարող է երկարացվել այնքան, որ համապատասխանի վաղեմության ժամկետների վերաբերյալ կիրառելի քրեական օրենքին:
Զ. Համապատասխան ներպետական նախադեպային իրավունքը
39. 1998 թվականի հունիսի 4-ին Գերագույն դատարանը (Rev. 251/98) սահմանել է, որ ոչ նյութական վնասի տարբեր ձևերի վերաբերյալ հայցային վաղեմության ժամկետները պետք է սկսել հաշվել միայն այն պահից (տե´ս վերը` կետեր 36-38), երբ վիճարկվող դրությունն ավարտվել է (kada su pojedini vidovi neimovinske štete dobili oblik konačnog stanja):
40. 2004 թվականի ապրիլի 21-ին Գերագույն դատարանն այնուհետև սահմանել է (Rev. 229/04), որ > Պարտավորությունների մասին ակտի իմաստով ներառում են, inter alia, անձի ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը:
Է. Առողջապահության մասին ակտ (Zakon o zdravstvenoj zaštiti. հրապարակված OG RS-ում թիվ 107/05, 72/09, 88/10 և 99/10)
41. 219-223-րդ հոդվածները սահմանում են, inter alia, հիվանդանոցում գտնվելու ընթացքում նորածին երեխայի մահվան պատճառի և ժամի որոշման վերաբերյալ մանրամասները: Մասնավորապես` հիվանդանոցը պետք է որքան հնարավոր է շուտ տեղեկացնի ընտանիքին և նրան հանձնի դին: Դիահերձում պետք է իրականացվի և հետագա որևէ նպատակի համար կենսաբանական նմուշ պետք է պահպանվի: Ոստիկանությունը պետք է տեղեկացվի, եթե մահվան պատճառը չի հաստատվել, իսկ մունիցիպալ իշխանությունները պետք է ամեն դեպքում տեղեկացվեն:
Իրավունքի հարցեր
I. Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման վերաբերյալ գանգատ
42. Դիմողը հղում է կատարել Կոնվենցիայի 4-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածներին: Այնուամենայնիվ, ըստ էության, նա գանգատվել է Պատասխանող պետության կողմից իր որդու իրական ճակատագրի վերաբերյալ որևէ տեղեկություն տրամադրելու շարունակական ձախողումից: Հետագայում դիմողը կասկածել էր, որ նա կարող է ողջ լինել` տրամադրվելով ապօրինի որդեգրման:
43. Դա կատարյալ բնորոշում է օրենքում, եթե կարգավորում է բոլոր դեպքերը (տե´ս Ակդենիզն ընդդեմ Թուրքիայի, թիվ 25165/94, 88 կետ, 31 մայիսի 2005), ինչը Դատարանը գտնում է, որ պետք է քննվի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո, որի դրույթները, որքանով վերաբերելի են, սահմանում են, որ.
“1. Յուրաքանչյուր ոք ունի իր ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք ...:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով>>:
Ա. Ընդունելիությունը
1. ratione temporis-ի համատեղելիությունը
(ա) Կողմերի դիրքորոշումները
44. Կառավարությունը պնդել է, որ վիճարկվող միջամտության առանցքային հանգամանքները վերաբերում են 2004 թվականի մարտի 3-ին նախորդող ժամանակահատվածին, որը Սերբիայի համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվն է: Մասնավորապես, դիմողի երեխան նրանից իբրև թե վերցվել էր 1983 թվականի հոկտեմբերի 31-ին և նրա ամուսնու` քրեական գործ հարուցելու մասին հաղորդումը մերժվել էր 2003 թվականի հոկտեմբերի 15-ին` գրանցված այդ ամսաթվից մոտ 10 ամիս առաջ: Ի վերջո, Կառավարությունը վիճարկել է, որ պատասխանող Պետության փաստարկվող ձախողումը` այդ իրավիճակում փոխհատուցելու մասին, նույնիսկ սկսած 2004 թվականի մարտի 3-ից դիմողի գանգատը չի կարող գտնվել Դատարանի ratione temporis իրավասության ներքո:
45. Դիմողը փաստել է, որ քննարկվող խախտումը շարունակական բնույթ է կրել և ինքը նույնպես տարիներ շարունակ տարբեր ատյաններում բանավոր կերպով գանգատարկել է խնդիրը:
(բ) Դատարանի գնահատականը
46. Դատարանը կրկնում է, որ իր ratione temporis իրավազորությունը կիրառվում է միայն Պատասխանող պետության կողմից Կոնվենցիայի կամ դրա Արձանագրությունների վավերացումից հետո ընկած ժամանակահատվածի համար: Վավերացումից հետո Պետության փաստարկվող գործողություններն ու անգործությունը, ամեն դեպքում, պետք է համապատասխանեն Կոնվենցիային և դրա Արձանագրություններին, ինչը նշանակում է, որ բոլոր հետագա հանգամանքները գտնվում են Դատարանի իրավասության ներքո, եթե նույնիսկ դրանք արդեն գոյություն ունեցող դրության միայն շարունակությունն են հանդիսանում (տե´ս, օրինակ` Յագսին և Սարգին ընդդեմ Թուրքիայի, 1995 թվականի հունիսի 8-ի վճիռ, կետ 40, Սերիա Ա, թիվ 319-Ա, և Ալմեիդա Գարետտն, Մասկառենհաս Ֆալկաոն և այլոք ընդդեմ Պորտուգալիայի, թիվ 29813/96 և 30229/96, կետ 43, ECHR 2000-I).
47. Այնուհետև այն կրկնում է, որ անհետացումը խիստ առանձնահատուկ երևույթ է, որը բնութագրվում է որպես շարունակական անորոշության և անպատասխանատվության դրություն, որի պայմաններում առկա է տեղեկատվության բաց կամ նույնիսկ կանխամտածված պարտակում և տեղի ունեցածի խեղաթյուրում: Այս դրությունը շատ հաճախ տևական ժամանակ է ձգվում` երկարացնելով ծնողների կամ բարեկամների տանջանքները: Հետևաբար, չի կարելի ասել, որ անհետացումն ուղղակի ակնթարթային գործողություն կամ դեպք է, հետագա ձախողումը լրացուցիչ բնութագրող հատկանիշ` պարզաբանելու համար անհետացած անձի ճակատագիրն ու գտնվելու վայրը, առաջացնում է շարունակական բացասական իրավիճակ: Ուստի պոզիտիվ պարտականությունը հավանականորեն առկա է այնքան ժամանակ, քանի դեռ անձի ճակատագիրն անհայտ է: Սա առկա է նաև այն ժամանակ, երբ նույնիսկ վերջ ի վերջո ենթադրվում է, որ անձը մահացել է (տե´ս 2-րդ և 3-րդ հոդվածների համատեքստում Վառնավան և այլոք ընդդեմ Թուրքիայի, [ՄՊ], թիվ 16064/90, 16065/90, 16066/90, 16068/90, 16069/90, 16070/90, 16071/90, 16072/90 և 16073/90, կետ 148, ECHR 2009):
48. Անդրադառնալով սույն գործին` Դատարանն արձանագրում է, որ դիմողի որդու փաստարկվող մահը կամ անհետանալը տեղի է ունեցել 1983 թվականի հոկտեմբերի 31-ին, մինչդեռ Կոնվենցիան Սերբիայի համար ուժի մեջ է մտել 2004 թվականի մարտի 3-ին: Այնուամենայնիվ, Պատասխանող պետության վիճարկվող ձախողումը` դիմողին իր որդու ճակատագրի վերաբերյալ որևէ վերջնական կամ արժանահավատ տեղեկություն տրամադրելու առումով, մինչ օրս շարունակվում է: Նման հանգամանքներում Դատարանը գտնում է, որ դիմողի գանգատը վերաբերում է շարունակական դրությանը (տե´ս, mutatis mutandis, Վարնավան և այլոք ընդդեմ Թուրքիայի, [ՄՊ], վերոնշյալ 130-150 կետեր, և նաև 8-րդ հոդվածի համատեքստում, Կյուրիչը և այլոք ընդդեմ Սլովենիայի [ՄՊ], թիվ 26828/06, կետեր 238 և 240-242, ECHR 2012 (քաղվածքներ)).
49. Այսպիսով, Կառավարության առարկությունների համաձայն` ratione temporis-ի իրավասության բացակայության պատճառով գանգատը պետք է մերժվի: Դատարանն իրավասու է քննարկել դիմողի գանգատն այնքանով, որքանով դա վերաբերում է Պետության վիճարկվող ձախողմանը կատարելու Կոնվենցիայով նախատեսված իր ընթացակարգային պարտականությունները` սկսած 2004 թվականի մարտի 3-ից: Դատարանը, այնուհանդերձ, կարող է քննարկել նաև վավերացմանը նախորդող հանգամանքներին` այնքանով, որքանով դրանք կարող են դիտարկվել որպես շարունակական վիճակի ստեղծման հիմքեր կամ կարող են վերաբերելի լինել դրանից հետո կատարվող հանգամանքները հասկանալու համար (տե´ս, mutatis mutandis, Կյուրիչը և այլոք ընդդեմ Սլովենիայի [ՄՊ], վերը նշված կետ 240).
2. 6-ամսյա կանոն
(ա) Կողմերի դիրքորոշումները
50. Կառավարությունը պնդել է, որ դիմողի գանգատը ներկայացվել է սահմանված ժամկետի խախտմամբ, քանի որ նա իր քրեական գործի ելքի վերաբերյալ տեղյակ է եղել ավելի քան 4 տարի առաջ: Ուստի դիմողն իր գանգատը պետք է ներկայացներ Դատարանին Սերբիայի համար Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, այսինքն` սկսած 2004 թվականի մարտի 3-ից: Միևնույն ժամանակ թեև ճիշտ է, որ այս ամսաթվից հետո բազմաթիվ պաշտոնեական զեկույցներ են ներկայացվել, սակայն Կառավարությունը նշել է, որ դիմողը չէր կարող ողջամտորեն ակնկալել, որ դրանցից որևէ մեկը կարող էր իրեն հնարավորություն տալ նախաձեռնելու վարույթ, որը կհանգեցներ իր գործի լուծմանը: Ուստի Կոնվենցիայի ներքո Պատասխանող պետության պարտականությունների վերանայումը հնարավոր չէ:
51. Դիմողը նշել է, որ 2006 թվականի հուլիսի 14-ի Խորհրդարանական զեկույցը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2006 թվականի հուլիսի 14-ի զեկույցն իրեն հույս էին ներշնչել, որ այդ ամենից հետո իրեն փոխհատուցում կտրամադրվի, և նման ակնկալիքներն ի դրև եղան միայն 2010 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ Աշխատանքային խումբը Խորհրդարանին ներկայացրեց իր կազմած զեկույցը:
(բ) Դատարանի գնահատականը
52. 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 6-ամսյա ժամկետի սահմանափակման օբյեկտն իրավական որոշակիության խրախուսումն է` երաշխավորելով, որ այն գանգատները ներկայացնելիս, որոնցով բարձրացվում են Կոնվենցիայով նախատեսված հարցեր, դիմողները գործ ունենան ողջամիտ ժամկետի հետ, և անցյալի որոշումները շարունակաբար բաց չլինեն վիճարկման համար: Այն նշում է Դատարանի կողմից իրականացվող հսկողության ժամանակային սահմանափակումներն ու զգուշացնում և դիմողներին, և Պետության իշխանություններին, որ դրան նախորդող ժամանակահատվածի նկատմամբ նման հսկողություն այլևս հնարավոր չէ (տե´ս, մյուս որոշումների շարքում, Ուոլքերն ընդդեմ Միացյալ Թագավորության (dec.), թիվ 34979/97, ECHR 2000‑I):
53. Որպես կանոն, 6-ամսյա ժամկետն սկսվում է հաշվվել ներպետական միջոցների սպառման վարույթի վերջնական որոշումից: Այն դեպքում, երբ ի սկզբանե ակնհայտ է, որ արդյունավետ պաշտպանության միջոցը դիմողի համար մատչելի չէ, ժամկետը սկսվում է հաշվվել բողոքարկվող գործողությունների կատարման կամ միջոցների կիրառման պահից կամ այն պահից սկսած, երբ իմացվել է այդ գործողությունների կամ դրանց արդյունքների կամ դիմողին պատճառված վնասների մասին (տե´ս Դենիսը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (dec.), թիվ 76573/01, 2 հուլիսի 2002 թվական):
54. Այդուհանդերձ, նշվել է, որ 6-ամսյա ժամանակային սահմանափակումը` որպես այդպիսին, չի կիրառվում շարունակական վիճակների վրա (տե´ս, օրինակ`Ագրոտեքսիմ Հելլաս Ս.Ա-ն և այլոք ընդդեմ Հունաստանի, թիվ 14807/89, 1992 թվականի փետրվարի 12-ի Հանձնաժողովի որոշումը, DR 71, կետ 148, և Կոնեն ընդդեմ Ռումինիայի, թիվ 35935/02, կետեր 22, 24 հունիսի 2008 թվական), քանի որ ժամակային սահմանափակումը, եթե առկա է շարունակական դրություն, ըստ էության, յուրաքանչյուր օր սկսվում է նորից, և երբ իրավիճակն իսպառ վերանում է, 6-ամսյա ժամկետը վերջնական ընթանում է մինչև սպառվելը:
55. Այնուամենայնիվ, ոչ բոլոր շարունակական դրություններն են նույնը: Ինչ վերաբերում է անհետացումներին, դիմողները չեն կարող անսահմանափակ ժամանակ սպասել` նախքան իրենց գանգատները Դատարան ներկայացնելը: Երբ առկա է պետական անիրազեկվածություն և անորոշություն, և, ըստ էության, տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանությունից հրաժարում, եթե առկա չեն իշխանությունների որոշ մասի կողմից դիտավորյալ քողարկման կամ խոչընդոտման հատկանիշներ, անհետ կորածի հարազատների համար ավելի դժվար է որոշել, թե ինչ է տեղի ունենում, կամ ինչ տեղի կունենա: Դրամական հատուցումները պետք է տրվեն անորոշության և շփոթվածության համար, որոնք հաճախ անհետացման արդյունքի հատկանիշներն են:
Դիմումները որպես ժամկետանց կարող են մերժվել, եթե դիմողների մասով եղել է չափազանց կամ չպատճառաբանված ուշացում այն պահից սկսած, երբ նման իրավունք է նրանց վերապահվել, կամ կարող էր վերապահվել այն պահից սկսած, երբ զգացվել է, որ հետաքննություն չի իրականացվում, կամ որ հետաքննությունն անգործության է մատնվել կամ անարդյունավետ է դարձել, և այս դեպքերից որևէ մեկով առկա չէր մոտակա, իրատեսական հեռանկար, որ ապագայում կլինի արդյունավետ քննություն: Եթե անհետացման դեպքերով նախաձեռնություններ լինեին, ապա դիմողները կարող էին ողջամտորեն ակնկալել այնպիսի զարգացումներ, որոնք կարող էին լուծել առանցքային փաստական և իրավական հարցերը: Ավելին, քանի դեռ առկա է փոխշահավետ համագործակցություն ընտանիքների և իշխանությունների միջև` բողոքների և տեղեկություն ստանալու դիմումների վերաբերյալ, կամ որոշ նախաձեռնություններ, կամ հետաքննության միջոցների զարգացման մասին վկայող իրատեսական հնարավարություն, անհամաչափ հետաձգումների վերաբերյալ դիտարկումներ, որպես կանոն, երբևէ չեն ծագում: Այնուամենայնիվ, եթե եղել է վաղեմության ժամկետի էական լրացում և եղել է հետաքննության գործունեության էական ձգձգում ու անգործություն, ապա գալիս է մի պահ, երբ հարազատները պետք է գիտակցեն, որ քննությունն արդյունավետ չի եղել կամ չի լինելու (տե´ս Վարնավան և այլոք ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], վերոհիշյալ 162 և 165 կետեր):
56. Անդրադառնալով սույն գործին` Դատարանը նկատում է, որ 2006 թվականի հուլիսի 14-ին Սերբիայի Խորհրդարանը ֆորմալ ընդունել է իր Հետաքննության կոմիտեի կողմից պատրաստված զեկույցը: Զեկույցը ներառում էր, inter alia, հանձնարարական արդյունքի վերաբերյալ, որ Կառավարության բոլոր մարմինների ջանքերի միավորումը, ինչպես նաև համապատասխան օրենսդրությունում փոփոխությունների կատարումն անհրաժեշտ էր ծնողներին համաչափ փոխհատուցում տրամադրելու համար (տես վերը` կետ 27-ի (դ) ենթակետը): 2010 թվականի ապրիլի 16-ին տեղական լրատվության միջոցները տեղեկացրել են, որ Խորհրդարանի Նախագահը հայտարարել է, որ խորհրդարանական աշխատանքային խումբ է ձևավորվելու, որպեսզի պատրաստի օրենսդրական նոր փոփոխություններ` նպատակ ունենալով > երեխաների ծնողներին փոխհատուցում տրամադրել (տես վերը` կետ 28): Վերջապես, Սերբիայի Մարդու իրավունքների պաշտպանն իր` 2010 թվականի հուլիսի 29-ի զեկույցում կարծիք է հայտնել, որ ծնողներն իրավունք ունեն իմանալու ճշմարտությունն իրենց երեխաների իրական ճակատագրի մասին և առաջարկեց այս կապակցությամբ lex specialis –ի ընդունում (տես վերը` 29-ի (զ) կետը):
57. Պետք է խոստովանել, որ նման խիստ առանձնահատուկ հանգամանքներում, չնայած այդպիսի երկարատև ժամանակահատվածին, չի կարելի ասել, որ դիմողն ոչ ողջամտորեն է սպասել զարգացումների արդյունքներին, որոնք կարող էին լուծել իր գանգատի վերաբերյալ փաստացի և իրավական հարցերը, մասնավորապես` ծայրահեղ դեպքում մինչև Աշխատանքային խմբի կողմից 2010 թվականի դեկտեմբերի 28-ի զեկույցի ներկայացումը, երբ ակնհայտ դարձավ, որ այլևս փոխհատուցում չի տրամադրվելու (տես վերը` կետեր 30 և 31): Քանի որ սույն գործով գանգատը ներկայացվել է 2008 թվականի ապրիլի 22-ին, Կառավարության առարկությունը պետք է մերժել:
3.Ներպետական միջոցների սպառում
(ա) Կողմերի դիրքորոշումները
58. Կառավարությունը պնդել է, որ դիմողն արդյունավետորեն չի սպառել ներպետական պաշտպանության միջոցները: Մասնավորապես, նրա ամուսինն է քրեական գործ հարուցելու հաղորդում ներկայացրել, իսկ նա անձամբ չի հարուցել քաղաքացիական հայց Պարտականությունների մասին ակտի 199-րդ և 200-րդ հոդվածների հիման վրա` Գերագույն դատարանի կողմից սահմանված կիրառմամբ և մեկնաբանությամբ` նկարագրված վերը` 36-40-րդ կետերում: Այնուհետև Կառավարությունը ներկայացրել է Գերագույն դատարանի 3 դատավճիռներ, որոնցում հայցվորի համար ապահովվել էր փոխհատուցում ծանր վնասի համար` որպես բժշկական սխալի և ոստիկանության ապօրինի գործողության հետևանք, ինչպես նաև շրջանային դատարանի` վերջինիս համատեքստում ընդունված որոշման բեկանում (տե´ս 2003 թվականի ապրիլի 10-ի, 2007 թվականի դեկտեմբերի 1-ի և մարտի 13-ի, համապատասխանաբար` Rev. թիվ 1118/03, 807/05 և 51/07): Ամեն դեպքում առանցքային հարց է, թե Կառավարությունն արդյոք անողջամիտ է համարում, որ Պայմանավորվող կողմից պահանջում են դիմողների համար ապահովել արդյունավետ փոխհատուցում այն գործերով, որոնցում նրանց իրավունքների վիճարկվող խախտումները տեղի են ունեցել նախքան Կոնվենցիայի վավերացումը:
59. Դիմողը պնդել է, որ իր ամուսնու կողմից ներկայացված` քրեական գործ հարուցելու մասին հաղորդումն ակնհայտորեն ներառում է իր սեփական հաղորդումը նույն դեպքի վերաբերյալ, քանի որ հարցն ամբողջությամբ վերաբերում է իրենց երեխայի անհետացմանը: Ճիշտ է, որ հիշատակված հաղորդումը ներկայացվել է 2003 թվականին, բայց դիմողը չէր կարող նախկինում ձեռք բերել որևէ համապատասխան ապացույց կամ ակնկալել որևէ փոխհատուցում: > երեխաների հարցի վրա պարզապես տաբու էր դրված մինչև 2001 թվականը, երբ անհանգստացած ծնողներն սկսել էին ինքնուրույն ինքնակազմակերպվել, և լրատվության միջոցները ձեռնամուխ էին եղել ակտիվորեն լուսաբանել այդ հարցը, և նույնիսկ Խորհրդարանն իր լիակազմ նիստերում սկսել էր քննարկել այս հարցը: Պետք է նկատել նաև, որ այդ ժամանակահատվածում կիրառելի քրեական և քաղաքացիական օրենսդրությունում վաղեմության ժամկետներն արդեն ուժի մեջ էին մտել:
(բ) Դատարանի գնահատականը
60. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով կարող է անդրադառնալ միայն այն գանգատին, որը ներկայացվել է բոլոր ներպետական պաշտպանության միջոցներն սպառելուց հետո: 35-րդ հոդվածի նպատակն է Պայմանավորվող կողմերին հնարավորություն տրամադրել կանխելու կամ վերացնելու իրավունքների` վիճարկվող բոլոր խախտումները նախքան այդ պնդումները կներկայացվեն Դատարանին (տես, օրինակ` Միֆսուդն ընդդեմ Ֆրանսիայի, (dec.) [ՄՊ], թիվ 57220/00, կետ 15, ECHR 2002-VIII): Ներպետական պաշտպանության միջոցներն սպառելու պահանջը դիմողից պահանջում է օգտագործել ներպետական պաշտպանության բոլոր միջոցները, որոնք արդյունավետ են, բավարար և մատչելի իր Կոնվենցիոն գանգատի համար: Արդյունավետ լինելու համար ներպետական պաշտպանության միջոցը պետք է ունակ լինի ուղղակիորեն վերականգնելու վիճարկվող իրերի դրությունը (տես Բալողն ընդդեմ Հունգարիայի, թիվ 47940/99, կետ 30, 2004 թվականի հուլիսի 20): Դատարանը նմանապես շատ հաճախ ընդգծում է ներպետական պաշտպանության միջոցներն սպառելու կանոնի կիրառելիության անհրաժեշտության աստիճանը, որը պետք է որոշակիորեն ճկուն լինի և առանց չափազանց ձևականացման (տե´ս Ռեինգեիսեն ընդդեմ Ավստրիայի, 1971 թվականի հուլիսի 16-ի վճիռ, կետ 89, Սերիա Ա թիվ 13):
61. Ելնելով ապացուցման պարտականության կանոնից` Կառավարության վրա է դրված ներպետական պաշտպանության միջոցները չսպառելու հանգամանքը Դատարանին ապացուցելու պարտականությունը, որի համաձայն տվյալ ժամանակահատվածում տեսականորեն և գործնականում եղել է մատչելի և արդյունավետ ներպետական պաշտպանության որևէ միջոց (տես, inter alia, Վերնիլլոն ընդդեմ Ֆրանսիայի, 1991 թվականի փետրվարի 20-ի վճիռ, կետ 27, Սերիա Ա թիվ 198, և Դալիան ընդդեմ Ֆրանսիայի, 1998 թվականի փետրվարի 19-ի վճիռ, կետ 38, 1998-I զեկույցներ): Եթե մեկ անգամ այս պարտականությունը կատարվել է, ապա դիմողի վրա է ընկնում ապացուցելու, որ Կառավարության մատնանշած ներպետական պաշտպանության միջոցը գործնականում օգտագործվել է կամ գործի տվյալ փաստական հանգամանքներով պայմանավորված` ինչ-որ պատճառով անհամաչափ կամ անարդյունավետ է եղել, կամ առկա առանձնահատուկ հանգամանքները նրան ազատել են այս պարտականությունից (տե´ս Դանկևիչն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 40679/98, կետ 107, 2003 թվականի ապրիլի 29):
62. Ինչ վերաբերում է սույն գործին, ապա Դատարանը գտնում է, որ դիմողի ամուսինն իր և դիմողի անունից արդյունավետ կերպով ներկայացրել է քրեական գործ հարուցելու մասին հաղորդում, քանի որ քննարկվող միջադեպը վերաբերում է երկուսի համար էլ հավասար ազդեցություն ունեցող դեպքին: Այնուհանդերձ, առանց որևէ հիշատակման, թե որևէ քննություն կատարվել է, թե` ոչ, այս հաղորդումը մերժվել է Հանրային դատախազության կողմից (տես վերը` կետ 17): Հաջորդիվ որևէ քրեական վարույթի վաղեմության ժամկետն առնվազն 2003 թվականի հոկտեմբերից հետո լրանալու էր և արդյունքում դրանից հետո անհնարին կլիներ որևէ փոխհատուցում տրամադրել (տես վերը` կետեր 27 և 34).
63. Ինչ վերաբերում է քաղաքացիական հայցին, ապա Դատարանը գտնում է, որ փոխհատուցման այս ճանապարհը չի կարող վերկանգնել վիճարկվող իրադրությունը: Մասնավորապես, քաղաքացիական դատարանները լավագույն դեպքում կարող են ճանաչել դիմողի > խախտումը և կրած ոչ նյութական վնասների համար տրամադրել փոխհատուցում: Նրանք, հավանաբար, կարող են կարգադրել պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման այլ ձևեր: Այդուհանդերձ, սրանցից որևէ մեկը չի կարող արդյունավետ փոխհատուցում ապահովել դիմողի սույն գանգատի համար, մասնավորապես` իր որդու իրական ճակատագրի մասին տեղեկություն ստանալու առումով: Կառավարությունը, իհարկե, հակառակի մասին վկայող ապացույց չի ներկայացրել: Վերջապես, Դատարանը նկատում է, որ ոչ Խորհրդարանը, ոչ Մարդու իրավունքների պաշտպանն իրենց համապատասխան զեկույցներում այս հարցին չեն անդրադարձել: Իրականում, առաջարկելով lex specialis-ի ընդունում, ավելի շուտ պարզ է դառնում, որ գոյություն չի ունեցել ներպետական պաշտպանության միջոց, այդ թվում` հիշատակված քաղաքացիական հայցը, որը կարող էր արդյունավետ լինել (տես վերը` կետեր 27` (դ)-ով նախատեսված, 28 և 29` (ե)-ով նախատեսված):
64. Հետևաբար, Կառավարության առարկությունը` ներպետական միջոցներն սպառելու վերաբերյալ, պետք է մերժել:
4. Եզրակացություն
65. Դատարանը գտնում է, որ դիմողի գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի (ա) կետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Այն նաև անընդունելի չէ որևէ այլ հիմքով, հետևաբար` այն պետք է ճանաչվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննություն
1. Կողմերի դիրքորոշումները
66. Դիմողը կրկին պնդել է իր գանգատը` Պատասխանող պետության կողմից իր որդու իրական ճակատագրի վերաբերյալ տեղեկություն տրամադրելուց շարունակաբեր հրաժարվելու վերաբերյալ: Նա հավելել է, որ եթե նրա որդին մահացել էր, ինչպես պնդել էր ԿԲԿ-ն, ապա նրանք պետք է նրա մահվան մասին զեկուցեին համապատասխան մունիցիպալ իշխանություններին, ծնողներին ցույց տային դին ու ներկայացնեին դիահերձման արձանագրությունը:
67. Կառավարությունը նշել է, որ Պատասխանող պետությանը դիմողի իրավունքների խախտում չի կարող մեղսագրվել, քանի որ նրա որդու վիճարկվող անհետացումը տեղի էր ունեցել բժշկական ինստիտուտում և ոչ թե պետական մարմնում: Նաև ապացույց առկա չէ, որ դիմողի որդին իրականում նրանից ապօրինի է հեռացվել: Թեև ԿԲԿ-ի մասով 1983 թվականին կարող էին լինել որոշակի ընթացակարգային բացթողումներ, սակայն դիմողը չէր օգտվել որևէ ներպետական միջոցից` չնայած այն հանգամանքին, որ դրանք կարող էին փոխհատուցում առաջարկել որևէ իրավախախտման համար: Հարցը ներպետական մակարդակում կրկնակի քննարկվել է և համապատասխան իրավական շրջանակն ու պրակտիկան փոփոխվել էր` համաչափ երաշխիքներ առաջարկելու նպատակով: Այնուհանդերձ, քրեական օրենսդրությունում որևէ փոփոխություն, հատկապես դրա բնույթից ելնելով, չի կարող կիրառվել դիմողի դեպքի նկատմամբ, որը տեղի էր ունեցել շատ տարիներ առաջ (տե´ս վերը` կետեր 24, 25 և 31).
2. Դատարանի գնահատականը
68. Ծնողի և երեխայի` միմյանց ընկերակցությունից փոխադարձ հաճույք ստանալը պարունակում է > հիմնարար իրավունքը` Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով (տե´ս, մյուս բազմաթիվ որոշումների շարքում, Մոնորին ընդդեմ Ռումինիայի և Հունգարիայի, թիվ 71099/01, կետ 70, 5 ապրիլի 2005 թվական):
69. 8-րդ հոդվածի էական օբյեկտն անհատի պաշտպանությունն է ընդդեմ հանրային իշխանությունների կամայական միջամտության: Սակայն կարող են լինել նաև այս դրույթից բխող լրացուցիչ պոզիտիվ պարտականություններ` որևէ անձի > քննության ընթացակարգերի արդյունավետության վերաբերյալ (տես, mutatis mutandis և > համատեքստում, Մ.Ս.-ն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 39272/98, կետեր 152 և 153, ECHR 2003 XII):
70. Վարնավայի գործում (վերոհիշյալ) Մեծ պալատը 3-րդ հոդվածի համատեքստում սահմանում է հետևյալը.
>:
Դատարանը գտնում է, որ այս դիրքորոշումները լայնորեն կիրառելի են, mutatis mutandis, սույն գործով 8-րդ հոդվածով նախատեսված շատ առանձնահատուկ պոզիտիվ պարտականությունների համար:
71. Հաշվի առնելով այս և անդրադառնալով սույն գործին` Դատարանը գտնում է, որ դիմողի որդու դին ընդհանրապես չի հանձնվել նրան կամ նրա ընտանիքին, և մահվան պատճառը երբևէ չի որոշվել (տե´ս վերը` այս հաջորդականությամբ կետեր 22 և 14): Հետագայում էլ դիմողին երբևէ չի տրամադրվել դիահերձման արձանագրությունը կամ չի տեղեկացվել, թե երբ և որտեղ է իբրև թե նրա որդին հուղարկավորվել, և նրա մահն ընդհանրապես պաշտոնապես չի գրանցվել (տե´ս վերը` այս հաջորդականությամբ կետեր 22 և 15): Ինչպես պարզ դարձավ, դիմողի ամուսնու կողմից ներկայացված` հանցագործության մասին հաղորդումը նույնպես մերժվել էր առանց ողջամիտ պատճառաբանության (տե´ս վերը` կետ 17), և անձամբ դիմողը մինչ օրս արժանահավատ տեղեկություն չունի, թե ինչ է պատահել իր որդու հետ:
72. Ավելին, Դատարանը նկատում է, որ Պատասխանող պետության իշխանությունները Կոնվենցիայի Սերբիայի կողմից վավերացումից հետո բազմաթիվ դեպքերով ինքնին հաստատել են, որ` (ա) 1980-ական թվականներին լուրջ բացեր են եղել կիրառելի օրենսդրությունում, ինչպես նաև տարբեր պետական մարմինների ու առողջապահական հիմնարկների կողմից իրականացվող ընթացակարգերում, (բ) առկա չեն համաձայնեցված ստատուտային կարգավորումներ, թե ինչ պետք է արվի այն դեպքերում, երբ նորածին երեխա է մահանում հիվանդանոցում, (գ) գերիշխող բժշկական կարծիքն այն էր, որ ծնողները պետք է զերծ մնան իրենց նորածնին հուղարկավորելու հոգեբանական ցավից, որն ամբողջովին հնարավոր էր, եթե որոշակի զույգեր գիտակցաբար հրաժարվում են այդ կերպ վարվելու հնարավորությունից, (դ) այս դրությունն արդարացնում է ծնողների կասկածներն այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունեցել իրենց երեխաների հետ, և, հետևաբար, չի կարելի բացառել, որ տվյալ դեպքում երեխաներն իրականում իրենց ծնողներից ապօրինի են հեռացվել, (ե) 2006 և 2010 թվականների ընթացքում Պատասխանող պետության արձագանքն ինքնին ողջամիտ չէր, և (զ) ուստի ծնողներն իրավունք ունեն իմանալու իրականությունը, թե որն է նրանց երեխաների իրական ճակատագիրը (տե´ս վերը` կետեր 26-29):
73. Վերջապես, չնայած 2003 և 2010 թվականների ընթացքում մի քանի թվացյալ խոստումնալից պաշտոնեական նախաձեռնությունների, 2010 թվականի դեկտեմբերի 28-ին Սերբիայի Խորհրդարանին ներկայացրած` Աշխատանքային խմբի զեկույցը եզրակացնում էր, որ գործող և արդեն փոփոխված օրենսդրությունում փոփոխություններ կատարել անհրաժեշտ չէ, բացառությամբ բժշկական տվյալների հավաքմանն ու օգտագործմանը վերաբերող դրույթների: Այս հանգամանքներում պարզ է դառնում, որ սա միայն զարգացրել է pro futuro դրությունը, բայց էականորեն ոչինչ չի առաջարկել այն ծնողներին, այդ թվում` դիմողին, ով անցյալում ենթարկվել էր վիճարկվող այդ ծանր փորձությանը (տե´ս վերը` կետեր 30 և 31):
74. Վերոհիշյալ դիրքորոշումները բավարար են Դատարանի համար եզրակացնելու, որ դիմողն անընդհատ տառապել է իր ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի շարունակական խախտումից, քանի որ պատասխանող պետությունն անընդհատ հրաժարվել է նրան տարամադրելու արժանահավատ տեղեկություն նրա որդու իրական ճակատագրի մասին:
75. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:
II. 13-րդ հոդվածի վիճարկվող խախտումը` փոխկապակցված Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ
76. Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ներքո դիմողի հետագա գանգատը` Պատասխանող պետության կողմից մշտապես հրաժարվելն է իրեն տրամադրելու որևէ փոխհատուցում իր > շարունակական խախտման համար:
77. Կառավարությունը ըստ էության վիճարկել է այս գանգատը (տե´ս վերը` կետ 58):
78. Դատարանը գտնում է, որ 13-րդ հոդվածի ներքո ներկայացված այս գանգատը պետք է քննարկվի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ մեկտեղ:
79. Վերոհիշյալ դրույթները սահմանում են հետևյալը.
>:
80. Նկատի ունենալով, որ դիմողի` 13-րդ հոդվածի հիմքով գանգատի արդյունավետությունը նույնն է, ինչ որ 8-րդ հոդվածի ներքո նրա գանգատը, և հաշվի առնելով վերջինիս վերաբերյալ իր հետևությունները (տե´ս վերը, մասնավորապես` կետ 73), Դատարանը հայտարարում է, որ 13-րդ հոդվածի ներքո գանգատն ընդունելի է, բայց գտնում է, որ այն առանձին ըստ էության քննելու անհրաժեշտություն չկա:
III. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառումը
81. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է`
>:
Ա. Վնասը
82. Դիմողը պահանջել է 50 000 եվրո ոչ նյութական վնասի համար:
83. Կառավարությունը վիճարկել է այս հայցը:
84. Դատարանը գտնում է, որ դիմողը միանշանակ կրել է որոշակի ոչ նյութական վնաս: Հաշվի առնելով սույն գործով արձանագրված խախտման բնույթն ու արդարության հիմքի վրա դրան տրված գնահատականը` Դատարանը, հետևաբար, այս գլխի ներքո նրան տրամադրում է 10 000 եվրո:
Բ. Ծախսեր և ծախքեր
85. Դիմողը նաև պահանջելէ 2 750 եվրո Դատարանում կրած իր ծախսերի և ծախքերի համար:
86. Կառավարությունն ըստ էության վիճարկել է այս հայցը:
87. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դիմողն ունի ծախսերի և ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցել է, որ կրած վնասներն իրական ու անհրաժեշտ են եղել, իսկ գումարը` ողջամիտ: Սույն գործով, հաշվի առնելով դիմողի սեփականության վերաբերյալ փաստաթղթերն ու վերոհիշյալ չափանիշները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Եվրոպայի խորհրդի իրավական օգնության ծրագրի ներքո դիմողին արդեն տրամադրվել է 850 եվրո, Դատարանը գտնում է, որ ողջամիտ է դիմողին տրամադրել հավելյալ 1 800 եվրո Դատարանում իր կրած ծախսերի համար:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
88. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի վրա, որին պետք է հավելել երեքհարյուրերորդական տոկոս:
IV. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի կիրառումը
89. Կոնվենցիայի 46-րդ հոդվածը սահմանում է.
2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում նրա կատարման նկատմամբ>>:
90. Նկատի ունենալով այս դրույթները, որոնցից հետևում է, inter alia, որ վճիռը, որում Դատարանը խախտում է գտել, Պատասխանող պետության վրա իրավական պարտականություն է դնում ոչ միայն արդարացի փոխհատուցման միջոցով անձին վճարել որոշակի գումար, այլ նաև ընտրել ընդհանուր և/կամ անհատական միջոցառումներ, եթե դա համարժեք է, որոնք ներպետական իրավական համակարգում ձեռնարկելով` վերջ կդրվի Դատարանի կողմից արձանագրված խախտմանը, և այնքանով, որքանով հնարավոր է, կփոխհատուցեն խախտման հետևանքները, որն էլ հանդիսանում է Նախարարների կոմիտեի հսկողության առարկան (տե´ս Սկոզզարին և Ջիունտան ընդդեմ Իտալիայի [ՄՊ], թիվ 39221/98 և 41963/98, կետ 249, ECHR 2000-VIII).
91. Այս կապակցությամբ դիմողը խնդրել է, որ Պատասխանող պետությանը հանձնարարվի փոփոխել իր օրենսդրությունը, որպեսզի խստացվեն համապատասխան հանցագործությունների համար նախատեսված պատիժները, ավելացվեն կիրառելի վաղեմության ժամկետներն ու իր գործով վերաբացվի քրեական վարույթ:
92. Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև հավանական դիմողների տեսակարար կշիռը` Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում Պատասխանող պետությունը պետք է ձեռնարկի բոլոր համարժեք միջոցառումները` նախընտրելի է lex specialis-ի միջոցով (տե´ս Մարդու իրավունքների պաշտպանի 2010 թվականի հուլիսի 29-ի զեկույցը, վերը` 29-րդ կետ) ապահովել այնպիսի մեխանիզմի ստեղծումը, որի նպատակը դիմողի վիճակում կամ էականորեն նույն հանգամանքներում գտնվող բոլոր ծնողների համար երաշխավորելու անհատական փոխհատուցում (տե´ս վերը` կետ 26): Մեխանիզմի նկատմամբ պետք է հսկողություն իրականացվի անկախ մարմնի կողմից` պահանջներին համապատասխան լիազորություններով, որոնք կիրառելի կլինեն ճշմարիտ կերպով պատասխանել յուրաքանչյուր երեխայի ճակատագրի վերաբերյալ հարցերին և անհրաժեշտության դեպքում առաջարկել համաչափ փոխհատուցում:
93. Ինչ վերաբերում է արդեն Դատարանին ներկայացված համանման գանգատներին, Դատարանը որոշում է հետաձգել դրանց քննարկումը նշված ժամանակահատվածում: Այս որոշումը չի հակասում Դատարանի լիազորությանը յուրաքանչյուր պահի Կոնվենցիայով սահմանված կարգով անընդունելի ճանաչել նման գանգատները կամ դրանք հանել գործերի ցանկից:
Այս պատճառաբանությամբ Դատարանը միաձայն
1. Գանգատն ընդունելի է ճանաչում,
2. Գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում,
3. Գտնում է, որ գանգատն առանձին` 13-րդ հոդվածի ներքո քննելու անհրաժեշտություն չկա,
4. Գտնում է, որ
(ա) Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք ամսվա ընթացքում Պատասխանող պետությունը պետք է սերբիական դինարով դիմողին վճարի հետևյալ գումարները` հաշվարկված վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, մասնավորապես`
(i) 10 000 (տասը հազար) եվրո` գումարած ցանկացած այլ հարկ, որը կարող է գանձվել ոչ նյութական վնասի համար,
(ii) 1 800 (մեկ հազար ութ հարյուր) եվրո` գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել, ծախսերի և ծախքերի համար,
(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս` Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար` գումարած երեքհարյուրերորդական տոկոս:
5. Մերժում է դիմողի արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
6. Գտնում է, որ Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում Պատասխանող պետությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումներն ապահովել այնպիսի մեխանիզմի ստեղծումը, որի նպատակը դիմողի վիճակում կամ էականորեն նույն հանգամանքներում գտնվող բոլոր ծնողների համար երաշխավորել անհատական փոխհատուցում (տե´ս վճռի 92-րդ կետը),
7. Վճռեց սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից հետաձգել արդեն Դատարանին ներկայացված բոլոր համանման գանգատների քննությունը, որը չի հակասում Դատարանի լիազորությանը Կոնվենցիայով սահմանված կարգով յուրաքանչյուր պահի անընդունելի ճանաչել նման գանգատները կամ դրանք հանել գործերի ցանկից:
Կատարված է անգլերեն և ծանուցված է գրավոր 2013 թվականի մարտի 26-ին` Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Ֆրանսուազ Էլեն-ՊասսոսԳուիդո Ռայմոնդի Քարտուղարության ղեկավարի տեղակալ Նախագահ
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy