ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՐՈՇՈՒՄ
Գանգատ թիվ 62079/14
ԷԼԱԳՐԱ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի
եւ 2 այլ գանգատներ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2025 թվականի մայիսի 7-ին հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Մարիա Էլոսեգի [Maria Elósegui]՝ Նախագահ,
Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici],
Կատերինա Շիմաչկովա [Kateřina Šimáčková]՝ դատավորներ,
եւ Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ Երեւանում գործող իրավաբան պրն Գ. Մուշեղյանի կողմից ներկայացված՝ Հայաստանի քաղաքացու (դիմումատու) եւ Հայաստանում գործող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (դիմումատու ընկերություն) կողմից, որի անձնական տվյալները ներկայացված են կից աղյուսակում (միասին՝ դիմումատուներ), տարբեր ամսաթվերի ընդդեմ Հայաստանի Հանրապետության Դատարան ներկայացված գանգատը,
ունեցվածքից անարգել օգտվելու իրավունքին եւ վարձակալության պայմանագրի վաղաժամ դադարեցմանը ենթադրաբար միջամտելու վերաբերյալ բողոքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն)՝ ի դեմս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանի, ծանուցելու եւ գանգատները մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետեւյալը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
Ա. Գործի նախապատմությունը
1. Գանգատները վերաբերում են դիմումատուների վարձակալության իրավունքներն անվավեր ճանաչելուն, ինչպես նաեւ դիմումատու ընկերության՝ ունեցվածքից անարգել օգտվելու իրավունքին ենթադրաբար միջամտելուն, որը բխել է այն հանգամանքից, որ պատկան մարմինները հրաժարվել են գրանցել հաշվիչ դրամարկղային մեքենաները, ինչն անհրաժեշտ է գործարարությամբ զգաղվելու համար։
2. 2010 թվականի ապրիլի 27-ին Բագրատաշեն համայնքի ավագանին (ավագանի)՝ Հայաստանում սահմանային գյուղի տեղական ինքնակառավարման մարմինը, որոշում է ընդունել դիմումատուին վարձակալության հանձնել հայ-վրացական սահմանի հարեւանությամբ գտնվող կառույց՝ դրա օգտագործման համար նախատեսված կից հողակտորով (միասին՝ Գույք)։
3. Հիմք ընդունելով այդ որշումը՝ 2010 թվականի մայիսի 12-ին Բագրատաշեն գյուղական համայնքի ղեկավարը եւ դիմամատուն կնքել են իննսունինը տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ վարձավճարը սահմանելով տարեկան 180 000 ՀՀ դրամի (մոտավորապես 360 եվրո) չափով, համաձայն որի Գույքը նախատեսված էր օգտագործել որպես շուկա։
4. 2012 թվականի հոկտեմբերի 12-ին դիմումատուն տարեկան նույն վարձավճարի դիմաց Գույքը ենթավարձակալությամբ հանձնել է դիմումատու ընկերությանը՝ որպես շուկա օգտագործելու համար։ Ենթավարձակալության իրավունքները հետագայում գրանցվել են անշարժ գույքի կադաստրում։
Բ. Դիմումատուների վարձակալության իրավունքներն անվավեր ճանաչելուն վերաբերող վարույթները (գանգատներ թիվ 273/15 եւ 3214/15)
5. 2013 թվականի սեպտեմբերի 5-ին Տավուշի մարզպետարանը՝ տարածքային կառավարման մարմինը, հայց է ներակայացրել Վարչական դատարան ընդդեմ ավագանու՝ պահանջելով անվավեր ճանաչել 2010 թվականի ապրիլի 27-ի որոշումը եւ 2010 թվականի մայիսի 12-ին կնքված վարձակալության պայամանագիրը։ Վերջինս հայցով պնդել է, որ այդ որոշմամբ խախտվել է «Պետական սահմանի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետը, քանի որ այն ընդունվել է առանց Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի (ԱԱԾ սահմանապահ զորքեր) անհրաժեշտ նախնական թույլտվության։ Սույն դրույթով սահմանվում է սահմանային շերտ մուտք գործելու եւ ժամանակավորապես գտնվելու համար նախնական թույլտվությունը։ Հայցվորը նաեւ ներկայացրել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի գրությունը, որում նշվում է, որ Գույքը գտնվում է պետական սահմանից մոտավորապես հիսունից մինչեւ հարյուր մետր հեռավորության վրա, եւ որ այդ շերտում առեւտրային գործունեություն կազմակերպելը համարվում է աննպատակահարմար։
6. Դիմումատուները ներգրավվել են վարույթում որպես երրորդ կողմ։
7. Ավագանին եւ դիմումատուները վիճարկել են հայցը` պնդելով, inter alia (ի թիվս այլնի), որ որեւէ իրավական դրույթով չի պահանջվում Գույքի վարձակալության համար ԱԱԾ սահմանապահ զորքերից նախնական թույլտվություն։
8. 2013 թվականի դեկտեմբերի 20-ին Վարչական դատարանը որոշում է կայացրել Տավուշի մարզպետարանի օգտին՝ գտնելով, որ Ավագանու 2010 թվականի ապրիլի 27-ի որոշումը եւ համապատասխանաբար 2010 թվականի մայիսի 12-ի վարձակալության պայմանագիրն ապօրինի են եւ հետեւաբար անվավեր։ Դատարանը պատճառաբանել է, որ Գույքի տարածքում առեւտրային գործունեության իրականացման համար պահանջվում է սահմանային շերտ մուտք ու ելք, եւ հետեւաբար վարձակալության համար անհրաժեշտ է ԱԱԾ սահմանապահ զորքերի նախնական թույլտվություն, ինչպես սահմանված է «Պետական սահմանի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետով։
9. Ավագանին եւ դիմումատուները ներկայացրել են վերաքննիչ բողոք։
10. 2014 թվականի մարտի 27-ին Վարչական վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը եւ անփոփոխ է թողել Վարչական դատարանի վճիռը։
11. 2014 թվականի հունիսի 25-ին Վճռաբեկ դատարանը նրանց հետագա վճռաբեկ բողոքը ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:
Գ. Հսկիչ դրամարկղային մեքենաների գրանցումը մերժելուն վերաբերող վարույթները (գանգատ թիվ 62079/14)
12. 2012 թվականի հոկտեմբերի 29-ին դիմումատու ընկերությունը կնքել է տասը առանձին ենթավարձակալական պայմանագիր՝ նպատակ ունենալով անհատ ձեռներեցներին Գույքի տարածքում ենթավարձակալությամբ հանձնել առանձին վաճառատեղեր։ Այնուամենայնիվ, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 3.1 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այս ենթավարձակալական պայմանագրերը կարող են ուժի մեջ մտնել միայն այն դեպքում, երբ անհատ ձեռներեցները հաջողությամբ գրանցեն իրենց հսկիչ դրամարկղային մեքենաները հարկային մարմիններում, ինչը անհրաժեշտ իրավական պահանջ է գործարար գործունեություն իրականացնելու համար։
13. Չպարզված ամսաթվին անհատ ձեռներեցները դիմել են Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)՝ իրենց հսկիչ դրամարկղային մեքենաները գրանցելու համար՝ նշելով Գույքը որպես նախատեսված գործարար գործունեության վայր։
14. 2012 թվականի նոյեմբերի 6-ին ՊԵԿ-ը մերժել է իրականացնել դրանց գրանցումն այն հիմքով, որ դիմումատու ընկերությունը չի կարող տվյալ տարածքում շուկա շահագործել։
15. 2012 թվականի նոյեմբերի 18-ին անհատ ձեռներեցները տեղեկացրել են դիմումատու ընկերությանը, որ ՊԵԿ-ի մերժման պատճառով նրանք ի վիճակի չեն իրականացնել գործարար գործունեություն եւ վճարել իրենց կնքած պայմանագրերով սահմանված վարձակալության վճարները։
16. Անհատ ձեռներեցները հայց են ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով պարտադրել ՊԵԿ-ին գրանցել իրենց հսկիչ դրամարկղային մեքենաները։ Դիմումատու ընկերությունը ներգրավվել է վարույթում որպես երրորդ կողմ։
17. 2013 թվականի հուլիսի 9-ին Վարչական դատարանը բավարարել է անհատ ձեռներեցների հայցերը։
18. ՊԵԿ-ը ներկայացրել է վերաքննիչ բողոք։
19. 2014 թվականի հունվարի 8-ին Վերաքննիչ վարչական դատարանը բեկանել է վճիռը եւ մերժել հայցը՝ գտնելով, որ Գույքը չի կարող շահագործվել որպես շուկա, եւ որ անհատ ձեռներեցները չեն կարող այնտեղ գործարար գործունեություն իրականացրել։
20. Դիմումատու ընկերությունն ու անհատ ձեռներեցները ներկայացրել են վճռաբեկ բողոք։
21. 2014 թվականի մարտի 19-ին Վճռաբեկ դատարանը բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
Ա. Գանգատների միացումը
22. Հաշվի առնելով գանգատների ընդհանուր փաստական եւ իրավական հիմքերը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ՝ մեկ վճռով (Դատարանի կանոնակարգի 42-րդ կանոնի 1-ին կետ):
Բ. Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ենթադրյալ խախտումը` վարձակալության իրավունքներն անվավեր ճանաչելու մասով
23. Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածին համապատասխան՝ դիմումատուն թիվ 273/15 գանգատում բողոք է ներկայացրել այն մասին, որ իրեն զրկել են օրինականորեն ձեռք բերված վարձակալության իրավունքից։ Հիմք ընդունելով միեւնույն դրույթը՝ դիմումատու ընկերությունը թիվ 3214/15 գանգատում բողոք է ներկայացրել այն մասին, որ դիմումատուի վարձակալության իրավունքը ենթադրաբար անօրինական կերպով անվավեր ճանաչելը հանգեցրել է իր ենթավարձակալության իրավունքի չեղարկման։
24. Դատարանը նկատում է, որ դիմումատուների գույքային իրավունքները հետադարձ ուժով անվավեր են ճանաչվել։ Այն համարում է, որ գույքային իրավունքների անվավեր ճանաչումը հանգեցրել է ունեցվածքից զրկման՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (տե՛ս Գաշին ընդդեմ Խորվաթիայի [Gashi v. Croatia], թիվ 32457/05, § 22, 2007 թվականի դեկտեմբերի 13, Կրիվենկին ընդդեմ Ուկրաինայի [Kryvenkyy v. Ukraine], թիվ 43768/07, § 41, 2017 թվականի փետրվարի 16, եւ Բելովան ընդդեմ Ռուսաստանի [Belova v. Russia], թիվ 33955/08, § 32, 2020 թվականի սեպտեմբերի 15)։
25. Հետեւաբար Դատարանը պետք է գնահատի՝ արդյոք այդ զրկումը եղել է օրինական, բխել է հանրային օրինական շահերից եւ հաստատել է արդարացի հավասարակշռություն հանրային եւ մասնավոր շահերի միջեւ։
26. Դատարանը նշում է, որ դիմումատուների վարձակալության իրավունքն անվավեր ճանաչելու հիմքերը եղել են «Պետական սահմանի մասին» օրենքով պահանջվող նախնական թույլտվության բացակայությունը։ Մասնավորապես սահմանային շերտը պետական սահմանին մինչեւ մեկ կիլոմետր լայնությամբ հարող մասն է («Պետական սահմանի մասին» օրենք, 21-րդ հոդվածի 2-րդ կետ): Գույքը, որը գտնվում է սահմանից մոտավորապես հիսունից հարյուր մետր հեռավորության վրա (տե՛ս վերեւում՝ 5-րդ պարբերությունը), ամբողջությամբ գտնվում է տվյալ շերտում։ Նույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ սահմանային շերտ մուտքի, այնտեղ ժամանակավորապես գտնվելու թույլտվությունը տալիս են ԱԱԾ սահմանապահ զորքերը: Ներպետական դատարանները սույն դրույթը մեկնաբանել են որպես սահմանային շերտում գտնվող գույքը վարձակալելու համար նախնական թույլտվության պահանջ սահմանող դրույթ։
27. Դատարանը վերահաստատում է, որ ունի միայն սահմանափակ լիազորություն՝ լուծելու այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են ազգային դատարանների կողմից թույլ տրված ենթադրյալ փաստական կամ իրավական սխալներին, քանի որ առաջին հերթին նրանք պետք է մեկնաբանեն եւ կիրառեն ներպետական օրենսդրությունը (տե՛ս Կոպեցկին ընդդեմ Սլովակիայի [ՄՊ] [Kopecký v. Slovakia [GC]], թիվ 44912/98, § 56, ՄԻԵԴ 2004-IX, եւ Դի Մարկոն ընդդեմ Իտալիայի [Di Marco v. Italy], թիվ 32521/05, § 55, 2011 թվականի ապրիլի 26)։ Այսպիսով, ներպետական դատարանների մեկնաբանությունը չի կարող համարվել կամայական կամ ակնհայտորեն անհիմն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանց նախնական թույլտվության վարձակալության պայմանագրի թույլատրումը կարող էր առաջացնել իրավական հակասություն, որի դեպքում անձը կունենար վարձակալության իրավունք, սակայն չէր ունենա գույքի տարածք մուտք գործելու թույլտվություն։ Այս հարցը հատկապես տեղին է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձակալություն կատարվել է շուկայի շահագործման համար, ինչը, ըստ էության, ենթադրում է տարածք մուտք գործելու եւ դուրս գալու շարունակական անհրաժեշտություն։ Ավելին, այս գործողությունների առեւտրային բնույթը պահանջում էր, որ դիմումատուները մեծ զգուշավորությամբ հետեւեն կիրառվող կարգավորումներին (տե՛ս Լեկիչն ընդդեմ Սլովակիայի [ՄՊ] [Lekić v. Slovenia [GC]], թիվ 36480/07, § 97, 2018 թվականի դեկտեմբերի 11)։
28. Հետեւաբար Դատարանն ընդունում է ներպետական դատարանների այն եզրակացությունը, որ առանց նախանական թույլտվության գույքի վարաձակալությունը խախտում է «Պետական սահմանի մասին» օրենքը։ Դատարանը, հաշվի առնելով, որ իրավական պահանջներին հակասող ներպետական օրենդրությունը, վարչական ակտերն ու պայմանագրերը համարվում են անվավեր (տե՛ս «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին կետը եւ Քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածը), գտնում է, որ դիմումատուի վարձակալության իրավունքի անվավեր ճանաչումն օրինական է։
29. Այնուհետեւ Դատարանը գտնում է, որ դիմումատուի գույքային իրավունքներին միջամտությունը բխել է իրավաչափ հանրային շահից, մասնավորապես՝ պետական սահմանի պաշտպանության կարգավորումների կիրառումից։
30. Անհրաժեշտ է որոշել՝ արդյոք միջամտությունը համաչափ է վերոնշյալ շահին: Հատկանշական է, որ դիմումատուները չեն ներկայացրել միջամտության համաչափությունը վիճարկող կոնկրետ փաստարկներ։
31. Դատարանը նկատում է, որ դատական վարույթը դիմումատուներին ողջամիտ հնարավորություն է տվել ներկայացնելու իրենց դիրքորոշումն իրավասու դատարաններում, որոնք պատշաճ կերպով ուսումնասիրել են նրանց հիմնական փաստարկները (տես՝ G.I.E.M. S.r.l. եւ այլք ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [G.I.E.M. S.r.l. and Others v. Italy [GC]], թիվ 1828/06 եւ 2 այլ գործեր, § 302, 2018 թվականի հունիսի 28)։
32. Դատարանը վերահաստատում է, որ պատկան մարմինները պետք է հնարավորություն ունենան ուղղելու իրենց սխալները, սակայն ոչ այնպիսի իրավիճակում, երբ տվյալ անձից պահանջվում է կրել լրացուցիչ բեռ (տե՛ս վերեւում հիշատակված՝ Բելովայի գործը, § 37)։ Սույն գործով ներպետական մարմիններն ուղղել են վարչական սխալը՝ անվավեր ճանաչելով դիմումատուների վարձակալության իրավունքները, ինչը նրանք ողջամտորեն համարել են անհրաժեշտ՝ պետական սահմանի պաշտպանության կարգավորումների կիրառումն ապահովելու համար։ Բացի այդ, Դատարանը գտնում է, որ չկա որեւէ ցուցում, ինչպես նաեւ դիմումատուների առաջարկություններն այն մասին, որ այդ նպատակի իրագործմանը հնարավոր էր հասնել այլընտրանքային, պակաս միջամտություն ենթադրող միջոցներով (տե՛ս համապատասխան փոփոխություններով՝ «Փայն Վելի Դիվելոփմենթս» ՍՊԸ-ն եւ այլք ընդդեմ Իռլանդիայի, [Pine Valley Developments Ltd and Others v. Ireland ]1991 թվականի նոյեմբերի 29, § 59, շարք Ա, թիվ 222)։
33. Ի վերջո, դիմումատուները ցույց չեն տվել, որ վճարել են իրենց վարձակալության եւ ենթավարձակալության պայմանագրերում նշված վարձակալական վճարները (տե՛ս վերեւում՝ 3-4-րդ պարբերությունները) մինչեւ դրանց անվավեր ճանաչելն ընկած ժամանակահատվածը, ինչպես նաեւ չեն ներկայացրել Գույքի նկատմամբ իրենց վարձակալական իրավունքների ձեռքբերումից հետո դրանում կատարված որեւէ ներդրումի վերաբերյալ ապացույց։ Այդուհանդերձ, Քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում՝ հատուցել դրա արժեքը դրամով։ Ավելին, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 95-րդ հոդվածն իրավունք է տալիս ոչ իրավաչափ վարչարարության հետեւանքով տուժած անձանց պահանջելու փոխհատուցում։ Ոչինչ չի վկայում այն մասին, որ դիմումատուները չեն կարողացել փոխհատուցում պահանջել կրած որեւէ վնասի համար (տե՛ս վերեւում հիշատակված՝ Բելովայի գործը, § 42)։
34. Տվյալ հանգամանքներում Դատարանը որեւէ հիմք չի տեսնում եզրակացնելու, որ դիմումատուները կրել են անհամաչափ եւ լրացուցիչ բեռ։
35. Այսպիսով հետեւում է, որ գանգատի այս մասն ակնհայտորեն անհիմն է եւ պետք է մերժվի՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 (ա) եւ 4-րդ կետերի։
Գ. Հսկիչ դրամարկղային մեքենաների գրանցումը մերժելու վերաբերյալ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ենթադրյալ խախտումը
36. Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածին համապատասխան՝ դիմումատու ընկերությունը թիվ 273/15 գանգատում բողոք է ներկայացրել այն մասին, որ իշխանությունների կողմից մասնավոր ձեռնարկատերերի հսկիչ դրամարկղային մեքենաների գրանցումը մերժելը խոչընդոտել է ենթավարձակալության պայմանագրերով նախատեսված վարձակալությունից եկամտի ստացումը, ինչը համարվում է նրա ունեցվածքին միջամտություն։
37. Դատարանին համոզիչ չի թվում, որ խնդրո առարկա մերժումը հանգեցրել է դիմումատու ընկերության ունեցվածքին միջամտության՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով։ Նախ, մերժումը ուղղված էր մասնավոր ձեռնարկատերերին, այլ ոչ թե դիմումատու ընկերությանը։ Ավելին, կողմերը համաձայն են, որ ենթավարձակալության պայմանագրերը երբեք փաստացի չեն գործել, քանի որ դրանք ուժի մեջ մտնելը պայմանավորված է եղել հսկիչ դրամարկղային մեքենաների գրանցմամբ (տե՛ս վերեւում՝ 12-րդ պարբերությունը)։ Ի վերջո, Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածին համապատասխան՝ հետագայում ստանալիք եկամուտը չի որակվում որպես «ունեցվածք», քանի դեռ այն արդեն ձեռք չի բերվել կամ միանշանակ ենթակա է վճարման (տե՛ս, օրինակ, Անհոյզեր-Բուշ Ինք.-ն ընդդեմ Պորտուգալիայի [ՄՊ] [Anheuser-Busch Inc. v. Portugal [GC]], թիվ 73049/01, § 64, ՄԻԵԴ 2007-I եւ Էդերն ընդդեմ Գերմանիայի (որոշում) [Eder v. Germany (dec.)], թիվ 11816/02, 2005 թվականի հոկտեմբերի 13)։ Սույն գործով դիմումատու ընկերությունը չի ունեցել վարձակալությունից ստացված եկամտի կիրառելի իրավունք, քանի որ այն ձեռք չի բերվել կամ միանշանակ վճարման ենթակա չի եղել։
38. Հետեւապես դիմումատու ընկերության բողոքի այս մասը 35-րդ հոդվածի 3 (ա) կետի իմաստով Կոնվենցիայի դրույթների հետ ratione materiae (առարկայական ընդդատության առումով) անհամատեղելի է եւ պետք է մերժվի՝ 35-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Որոշում է միացնել գանգատները,
Հայտարարում է գանգատներն անընդունելի:
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2025 թվականի մայիսի 30-ին։
Նախագահ
Բաժանմունքի քարտուղարի տեղակալ
Մարիա Էլոսեգի
Մարտինա Կելլեր
Հավելված
Գործերի ցանկը
Թիվ
Գանգատ թիվ
Գործի անվանումը
Ներկայացվել է
Դիմումատուն
Բնակության/գրանցման վայրը
Քաղաքացիությունը/ռեզիդենտությունը
1.
62079/14
«Էլագրա» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի
2014 թվականի սեպտեմբերի 10
«ԷԼԱԳՐԱ» ՍՊԸ
Բագրատաշեն Հայաստան
2.
273/15
Սեդրակյանն ընդդեմ Հայաստանի
2014 թվականի դեկտեմբերի 18
Էրիկ Անաստասի ՍԵԴՐԱԿՅԱՆ
Աբովյան Հայաստան
3.
3214/15
«Էլագրա» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի
2014 թվականի դեկտեմբերի 18
«ԷԼԱԳՐԱ» ՍՊԸ
Բագրատաշեն Հայաստան