ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՐՈՇՈՒՄ
Գանգատ թիվ 429/15
Ֆելիքս ԳԵՎՈՐԳՅԱՆՆ
ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2024 թվականի դեկտեմբերի 19-ին հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Դիանա Սարկու [Diana Sârcu]՝ Նախագահ,
Կատերինա Շիմաչկովա [Kateřina Šimáčková],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,
եւ Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով 2014 թվականի դեկտեմբերի 18-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,
անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետեւյալը.
ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատու պրն Ֆելիքս Գեւորգյանը ծնվել է 1979 թվականին։ Նրան ներկայացրել է Երեւանում գործող իրավաբան պրն Եգորյանը։
Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն դիմումատուի այն բողոքը, որը վերաբերում է վատ վերաբերմունքի վերաբերյալ նրա պնդումների մասով ենթադրյալ արդյունավետ քննություն չիրականացնելուն, ուղարկվել է Հայաստանի կառավարություն (Կառավարություն), որը ներակայացրել է գանգատի ընդունելիության եւ ըստ էության քննության վերաբերյալ դիտարկումներ։ Դիտարկումներն ուղարկվել են դիմումատուին, որին առաջարկվել է ներկայացնել իր դիտարկումները: Քարտուղարության գրությանը պատասխան չի ստացվել։
2021 թվականի հունվարի 11-ի՝ պատվիրված առաքանու միջոցով ուղարկված գրությամբ դիմումատուն ծանուցվել է այն մասին, որ նրա դիտարկումների ներկայացման համար թույլատրված ժամկետը լրացել է 2019 թվականի մարտի 18-ին, եւ որ ժամկետի երկարաձգման համար դիմում չի ներկայացվել։ Դիմումատուի ուշադրությունը հրավիրվել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի վրա, որով նախատեսվում է, որ Դատարանը կարող է գանգատը հանել քննվող գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնեն եզրակացության այն մասին, որ դիմումատուն մտադիր չէ հետամուտ լինելու գանգատին։ Այնուամենայնիվ, պատասխան չի ստացվել։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Վերոշարադրյալի լույսի ներքո, ինչպես նաեւ Կոնվենցիայով եւ դրան կից արձանագրություններով երաշխավորված իրավունքների նկատմամբ հարգանքի մասով որեւէ հատուկ հանգամանքի բացակայության պարագայում Դատարանը, Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան, համարում է, որ գանգատի քննությունը շարունակելն այլեւս արդարացված չէ։
Համապատասխանաբար գործը պետք է հանվի քննվող գործերի ցուցակից։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Որոշում է գանգատը հանել քննվող գործերի ցուցակից։
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2025 թվականի հունվարի 23-ին։
Դիանա Սարկու
Վիկտորիա Մարադուդինա
Նախագահ
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար