ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՐՈՇՈՒՄ
Գանգատ թիվ 37981/12
Ամալյա ՂԱՐԻԲՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2022 թվականի ապրիլի 7-ին հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
եւ Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով 2012 թվականի հունիսի 16-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,
անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետեւյալ որոշումը.
ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատուն՝ տկն Ամալյա Ղարիբյանը, ծնվել է 1980 թվականին։ Նրան ներկայացրել է Երեւանում գործող իրավաբան պրն Տ. Սաֆարյանը։
Կոնվենցիայի 8-րդ եւ 13-րդ հոդվածների համաձայն՝ դիմումատուի անձնական կյանքի եւ նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքին ենթադրաբար անօրինական միջամտության վերաբերյալ բողոքներն ուղարկվել են Հայաստանի Հանրապետության կառավարություն (Կառավարություն), որը ներկայացրել է բողոքների ընդունելիության եւ դրանք ըստ էության քննելու վերաբերյալ իր դիտարկումները։ Դիտարկումներն ուղարկվել են դիմումատուին, որին առաջարկել են ներկայացնել սեփական դիտարկումները: Քարտուղարի նամակին չեն պատասխանել։
2021 թվականի հունվարի 5-ի գրությամբ, պատվիրված նամակով ուղարկելու միջոցով դիմումատուն ծանուցվել է այն մասին, որ իր դիտարկումները ներկայացնելու համար թույլատրված ժամկետը լրացել է 2017 թվականի օգոստոսի 17-ին, եւ որ ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել։ Դիմումատուի ուշադրությունը հրավիրվել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին, որով նախատեսվում է, որ Դատարանը կարող է գանգատը հանել գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, որ դիմումատուն մտադիր չէ հետամուտ լինել իր գանգատին։ Դիմումատուի ներկայացուցիչն այդ գրությունն ստացել է 2021 թվականի փետրվարի 17-ին։ Այնուամենայնիվ, որեւէ պատասխան չի ստացվել։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Վերոնշյալի լույսի ներքո, ինչպես նաեւ Կոնվենցիայով եւ դրան կից արձանագրություններով երաշխավորված իրավունքի նկատմամբ հարգանքի մասով որեւէ հատուկ հանգամանքի բացակայության պարագայում Դատարանը, Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն, համարում է, որ գանգատի քննությունը շարունակելն այլեւս արդարացված չէ։
Հետեւաբար գործը պետք է հանվի ցուցակից։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Որոշում է գանգատը հանել գործերի ցուցակից։
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2022 թվականի մայիսի 5-ին։
Վիկտորիա Մարադուդինա՝
Յոլիեն Շուկինգ՝
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար
Նախագահ