ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
ՈՐՈՇՈՒՄ
Ընդդեմ Ֆրանսիայի ԷԼԻ ՈՒԼԴ ԴԱՀԻ կողմից ներկայացված թիվ 13113/03 հայցադիմումի ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.
Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում: Այլ տեղեկությունների համար տես սույն փաստաթղթի վերջում հեղինակային իրավունքի մասին ամբողջական նշումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը /հինգերորդ ստորաբաժանում/` նիստ գումարելով որպես պալատ և կազմված լինելով`
Ռայթ Մարուստից /նախագահ/, դատավորներ Ժան-Պոլ Կոստայից, Կարել Յունգվիրտից, Ռենատե Յեգերից, Մարկ Վիլլիգերից, Իզաբել Բերրո-Լեֆեվրից, Զդրավկա Կալայջիևայից և ստորաբաժանման քարտուղար Կլաուդիա Վեստերդեյկից,
Հաշվի առնելով պատասխանող կառավարության ներկայացրած դիտարկումները և դրանց ի պատասխան դիմողի ներկայացրած դիտարկումները,
Քննարկումից հետո որոշում է հետևյալը`
ՓԱՍՏԵՐԸ
Դիմողը` պրն. Էլի Ուլդ Դահը, Մավրիտանիայի քաղաքացի է, ծնված 1962թ.: Դատարանում նրան ներկայացնում է տկն. Մետր Վակեն` Պետական խորհրդի և Վճռաբեկ դատարանի փաստաբանների միությaն անդամ:
Ա. Գործի հանգամանքները
Կողմերի ներկայացրած գործի փաստերը կարելի է ամփոփել հետևյալ ձևով:
1990թ. նոյեմբերից մինչև 1991թ. մարտ ամիսը բախումներ էին տեղի ունեցել արաբա-բերբերական ծագմամբ և աֆրիկյան էթնիկական խմբերին պատկանող մավրիտանացիների միջև: Այդ էթնիկական խմբերի որոշ զինծառայողներ, ովքեր մեղադրվում էին պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ, գերի էին վերցվել: Նրանցից մի քանիսը պահապանների կողմից ենթարկվել էին խոշտանգումների կամ բարբարոսական գործողությունների: Նրանց մեջ էր եղել նաև դիմողը` լեյտենանտի կոչումով, ով Նուաքշոտում ծառայել էր որպես Մավրիտանիայի բանակի շտաբի հետախույզ:
1993թ. հունիսի 14-ին համաներման մասին օրենք ընդունվեց
զինված ուժերի և անվտանգության ուժերի անդամների օգտին, ովքեր 1989թ. հունվարի 1-ից մինչև 1992թ. ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում հանցագործություններ էին կատարել զինված հակամարտության և բռնությունների պատճառ դարձած իրադարձությունների կապակցությամբ: Այդ օրենքով գերիների նկատմամբ կատարված հանցագործությունների համար դիմողի դեմ գործ չէր հարուցվել:
1998թ. օգոստոսին դիմողը, ով այդ ժամանակ մավրիտանական բանակի սպա էր, Ֆրանսիա էր ժամանել Մոնպելյեի հետևակային ակադեմիայում դասընթացների մասնակցելու նպատակով:
1999թ. հունիսի 8-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Մարդու իրավունքների լիգան 1990 և 1991թթ. Մավրիտանիայում նրա կողմից իրականացված ենթադրյալ խոշտանգումների համար որպես քաղաքացիական կողմեր գործին միանալու հայցադիմումի հետ մեկտեղ քրեական բողոք ներկայացրեցին ընդդեմ դիմողի: Այդ քրեական հետապնդումը հիմնված էր 1984թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված “Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ” կոնվենցիայի վրա, որը վավերացվել էր Ֆրանսիայի կողմից և ուժի մեջ մտել 1987թ. հունիսի 26-ին:
Դիմողը ձերբակալվեց 1999թ. հուլիսի 1-ին:
1999թ. հուլիսի 2-ին քննություն սկսվեց, և դիմողին մեղադրանք ներկայացվեց խոշտանգումների կամ բարբարոսական գործողություններ կատարելու մեղադրանքով: Գրավով ազատ արձակվելուց առաջ` մինչև 1999թ. սեպտեմբերի 28-ը նա գտնվել էր նախնական կալանքի տակ: Դիմողն անհայտ ժամանակով թաքնվել էր արդարադատությունից: 2000թ. ապրիլին տրվեց նրա ձերբակալության կարգադրությունը:
2001թ. մայիսի 25-ին դատաքննությունը վարող դատավորը դիմողին դատի տվեց խոշտանգումների և բարբարոսական գործողություններ կատարելու, դրանց օգնելու և դրդելու մեղադրանքով: Դատավորը մեղադրանքը հիմնավորում էր ինը նախկին զինծառայողների և տասներորդ զինծառայողի այրու վկայություններով: Վկաներից երկուսը, ովքեր ապաստանել էին Ֆրանսիայում, քննության ժամանակ դեմ առ դեմ կանգնել էին դիմողի հետ, իսկ մյուսները գրավոր հայտարարություններ էին ներկայացրել: Դիմողը գանգատարկել էր կալանավորման թույլտվությունը:
2001թ. նոյեմբերի 8-ի վճռով Մոնպելյեի վերաքննիչ դատարանի քննչական բաժինը դիմողի գանգատն անընդունելի էր հայտարարել այն հիմքով, որ դա շատ ուշ էր ներկայացվել: Դիմողը գանգատարկել էր իրավունքի հարցերը:
2002թ. մարտի 6-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց քննչական բաժնի վճիռը և գործն ուղարկեց Նիմի վերաքննիչ դատարան:
2002թ. հուլիսի 8-ի վճռով Նիմի վերաքննիչ դատարանի քննչական բաժինը հաստատեց դատաքննություն վարող դատավորի կարգադրությունը և դիմողին դատի տվեց Գարդ Ասիզի դատարանում: Այն եզրակացրեց, որ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 1-ին հոդվածում սահմանված պայմանը բավարարվել է, քանի որ խնդրո առարկա գործողությունները կատարվել են “էթնիկական զտման” և այդ ժամանակ իշխանության գլուխ գտնվող Մավրիտանիայի կառավարության կողմից իրականացված ճնշումների զանգվածային արշավի համատեքստում, իսկ դիմողն ընդունել էր, որ գործել է պաշտոնապես` կոնվենցիայի դրույթների իմաստի շրջանակում` որպես հետախույզ և քննչական հանձնաժողովի անդամ: Քննչական բաժինը նաև կարծում էր, որ Քրեական դատավարության օրենսգրքի 689, 689-1 և 689-2 հոդվածները, 1948թ. դեկտեմբերի 10-ի կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետը ֆրանսիական դատարաններին օժտում են դատ վարելու, ֆրանսիական օրենքը կիրարկելու և օտար երկրի կողմից ընդունված համաներումը չեղյալ համարելու ընդդատությամբ, որտեղ այդ օրենքի կիրարկման արդյունքում կխախտվեն Ֆրանսիայի միջազգային պարտավորությունները և համընդհանուր ընդդատության սկզբունքներն ամբողջովին ոչ արդյունավետ կդարձնեն: Քանի որ օրինականության սկզբունքը չի բացառել պայմանագրում կամ միջազգային համաձայնագրում հանցագործության սահմանումը, և վերջինս օրենքի նկատմամբ գերակայություն ունի, այն հաստատել է, որ չնայած նոր Քրեական օրենսգրքից հետո “խոշտանգումների գործողությունները” սահմանվել են որպես “առանձին հանցագործություն” և պատժվում են Քրեական օրենսգրքի 222-1 և հաջորդ հոդվածներով, այդօրինակ գործողությունները նախկինում որոշ հանցագործությունների դեպքում ծանրացնող հանգամանք էին և, հատկապես, Քրեական օրենսգրքի 303 և 309 հոդվածներով նախատեսված ծանրացուցիչ հարձակումը, որն այժմ ուժը կորցրած է ճանաչված, հանցագործություն էր, որը պատժվում էր հինգից տասը տարի ազատազրկմամբ: Քննչական բաժինը եզրակացրել է, որ այն իրավախախտումը, որում մեղադրվել է դիմողը և որը հանցագործություն էր նշանակում, վաղեմության ժամկետ չունի, իսկ պատժի առումթվ միակ սահմանափակումն այն էր, որ համապատասխան ժամանակ կարելի էր սահմանել կիրառելի տուգանքները, մինչև ավելի մեղմ քրեական օրենքի ընդունումը:
2002թ. հոկտեմբերի 23-ի վճռով Վճռաբեկ դատարանը մերժեց իրավունքի հարցերի վերաբերյալ դիմողի ներկայացրած գանգատը` գտնելով, որ քննչական բաժինն իր որոշումն արդարացրել էր դիմողի բարձրացրած բոլոր հարցերի վերաբերյալ:
Քանի որ դիմողը թաքնվում էր արդարադատությունից, 2005թ. մայիսի 13-ին դատախազությանը հանձնվեց Ասիզի դատարան ներկայանալու ծանուցագիրը:
2005թ. հունիսի 30-ին Գարդ Ասիզի դատարանում տեղի ունեցավ դատը: Մեղադրյալի բացակայության պայմաններում տեղի ունեցավ քննարկում:
2005թ. հուլիսի 1-ին Ասիզի դատարանը կայացրեց երկու վճիռ: Առաջինով դիմողը դատապարտվեց տասը տարի ազատազրկման` միտումնավոր կերպով որոշ մարդկանց խաշտանգումների և բարբարոսական գործողությունների ենթարկելու և, ի լրումն դրա, այլ կալանավորների նկատմամբ այդօրինակ գործողություններ կատարելու պատճառ դառնալու համար` չարաշահելով իր պաշտոնական դիրքը կամ հրահանգներ տալով զինվորականներին այդպիսի գործողություններ կատարելու համար: Ասիզի դատարանը, ի թիվս այլոց, հղում էր արել նախկին Քրեական օրենսգրքի 303 և 309 հոդվածներին, Քրեական օրենսգրքի 222-1 հոդվածին և 1984թ. դեկտեմբերի 10-ի Նյու Յորքի կոնվենցիային: Երկրորդ վճռով դատարանը փոխհատուցում էր տվել զանազան քաղաքացիական կողմերի:
Բ. Համապատասխան օրենքը
1. Նախկին Քրեական օրենսգիրքը
Հոդված 303
“Հանցագործները, անկախ նրանց կատարած իրավախախտման տեսակից, ովքեր իրենց հանցագործությունը կատարելիս օգտվում են խոշտանգումից կամ բարբարոսական գործողություններից, պետք է պատժվեն որպես սպանության համար մեղավոր:
Յուրաքանչյուր ոք, ով իրավախախտումը կատարելիս օգտվում է խոշտանգումից կամ բարբարոսական գործողությունից, պատժվում է հինգից տասը տարի ազատազրկմամբ”:
Հոդված 309
“Յուրաքանչյուր ոք, ով միտումնավոր կերպով վիրավորել է մեկ ուրիշին կամ բռնություն կամ հարձակում է գործել, որի արդյունքը հիվանդությունն է կամ ավելի քան ութ օր անաշխատունակ վիճակը, պետք է ենթակա լինի ազատազրկման երկու ամսից մինչև երկու տարի ժամանակով և 500-ից մինչև 20,000 ֆրանկ տուգանքի կամ այդ երկու տուգանքներից մեկնումեկին...”:
2. Նոր Քրեական օրենսգրքի 222-1 հոդվածը /որն ստեղծվել է 1992թ. հուլիսի 22-ի թիվ 92-684 օրենքով և ուժի մեջ մտել 1994թ. մարտի 1-ին/
Հոդված 222-1
“Յուրաքանչյուր ոք, ով մեկ ուրիշին ենթարկում է խոշտանգումների կամ բարբարոսական գործողությունների, պետք է ենթակա լինի մինչև տասնհինգ տարի ազատազրկման:
132-23 հոդվածի առաջին երկու կետերը, որոնք վերաբերում են ազատազրկման նվազագույն ժամկետին, կիրառվում են սույն հոդվածում նախատեսված իրավախախտման նկատմամբ”:
1993թ. մայիսի 14-ի շրջաբերականը, որում մեկնաբանություններ կան նոր Քրեական օրենսգրքի և 1992թ. դեկտեմբերի 16-ի օրենքի դրույթների վերաբերյալ, մատնանշում է, որ
“խոշտանգում և բարբարոսական գործողություններ արտահայտությունը պետք է պահպանի նախադեպային իրավունքում ներկայումս դրան վերագրվող իմաստը, որտեղ նմանօրինակ գործողությունները վկայակոչվում են որպես ծանրացուցիչ հանգամանք”:
Եվ օրենքով հարուցված հանցագործությունը, և խոշտանգումների կամ բարաբարոսական գործողությունների նախկին ծանրացուցիչ հանգամանքը ենթադրում են հակաօրինական գործողության ապացուցումը, որը բաղկացած է բացառիկ լրջության մեկ կամ ավելի գործողությունների կատարումից, որոնք ավելին են, քան սոսկ բռնարարքը և տուժողին խիստ ցավ կամ տառապանք են պատճառում, և հանցավոր դիտավորությունը, որով մտադրություն կա անձին զրկել իր մարդկային արժանապատվությունից /Indictment Division of the Lyons Court of Appeal, judgment of 19 January 1996, commentary in the revue Dalloz 1996, p. 258, and cited in Article 222-1 of the Criminal Code, Litec/:
Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` խոշտանգումներին և բարբարոսական գործողություններին վերաբերող նոր դրույթներն ապահովում են նախկին Քրեական օրենսգրքում այդ հանցագործության սահմանման շարունակականությունը /2005թ. մայիսի 11-ի քրեական տեղեկատու, տեղեկատու թիվ 146, գանգատ թիվ 05-81331` դատարանը մեղադրյալին դատի է տալիս Ասիզի դատարանում այն հիմքով /որով միաժամանակ սեռական հանցագործությամբ ուղեկցվող խոշտանգումը կամ բարբարոսական գործողությունը որակվում է որպես հանցագործություն/, որ նոր Քրեական օրենսգրքի 222-3 հոդվածի 2-րդ կետն ապահովում է նախկին 333-1 հոդվածով նախատեսված հանցագործության շարունակականությունը` ներկայացված 1980թ. դեկտեմբերի 23-ի օրենքով և հանցագործություն է որակվում խոշտանգումներով կամ բարբարոսական գործողություններով ուղեկցվող հարձակումը` զուգորդված անառակաբարո գործողություններով, հաջորդական քրեական օրենքների կիրարկումը դարձնում է պատշաճ/:
1993թ. մայիսի 14-ի շրջաբերականում նաև նշված է, որ նոր Քրեական օրենսգրքի դրույթներն ավելի լայն կիրառություն ունեն, քան 1984թ. Ընդդեմ խոշտանգումների Նյու Յորքի կոնվենցիայինը: Վերջինները վերաբերում են միայն այն հանցանքներին, որոնք կատարվել են պետական պաշտոնյաների կողմից կոնկրետ շարժառիթներով: Դրանում նաև նշված է, որ նոր սահմանմամբ փակվում են այդ հանցագործությունը պատժելու կարևոր սողանցքներ` հնարավորություն տալով ոչ միայն հաշվի առնել տուժողի ստացած վնասվածքների աստիճանը, այլև խնդրո առարկա բռնարարքի լրջությունը` անկախ դրա հետևանքներից: Մասնավորապես, դրանով փոխհատուցվում են այն կորուստները, որոնք ի հայտ էին գալիս նախկին համակարգի ներքո չարամիտ հարձակման փորձերը պատժելու անկարողությունից:
3. Քրեական դատավարության օրենսգիրքը
Հոդված 379-2
“Մեղադրյալը, ով առանց հարգելի պատճառի չի կարող մասնակցել իր դատավարությանը, պետք է սույն գլխի դրույթների համաձայն դատվի հեռակա կարգով: Նույնը պետք է կիրառվի այն դեպքում, երբ մեղադրյալը դատավարությունիւց բացակայում է, և հնարավոր չէ դատավարությունն ընդհատել` սպասելով նրա վերադարձին...”:
Հոդված 379-5
“Հեռակա կարգով դատապարտված մեղադրյալը չի կարող բողոքարկել”:
Հոդված 689
“Հանրապետության սահմաններից դուրս կատարված հանցագործությունների կատարողները կամ մեղսակիցները կարող են դատական կարգով հետապնդվել և դատվել ֆրանսիական դատարաններում կամ այնտեղ, որտեղ ֆրանսիական օրենքը կիրառելի է Քրեական օրենսգրքի 1-ին գրքի կամ այլ օրենսդրական ակտի դրույթների հիման վրա, կամ որտեղ միջազգային կոնվենցիան ֆրանսիական դատարաններին օժտում է այդ հանցագործությունը քննելու իրավասությամբ”:
Հոդված 689-1
“Հետևյալ հոդվածներում վկայակոչված միջազգային կոնվենցիաներով յուրաքանչյուր ոք, ով մեղավոր է Հանրապետության տարածքից դուրս կատարված հանցագործությունների համար, որոնք նշված են այդ դրույթներում և ներկայումս գտնվում է Ֆրանսիայում, կարող է դատական կարգով հետապնդվել և դատվել ֆրանսիական դատարանների կողմից: Սույն հոդվածի դրույթները պետք է կիրառվեն այդ հանցագործությունները կատարելու փորձերի նկատմամբ, եթե այդ փորձը պատժելի է”:
Հոդված 689-2
“1984թ. դեկտեմբերի 10-ին Նյու Յորքում ընդունված “Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ” կոնվենցիայի իրականացման համար յուրաքանչյուր ոք, ով մեղավոր է կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստի շրջանակում խոշտանգումներ կատարելու համար, կարող է դատական կարգով հետապնդվել և դատվել 689-1 հոդվածի դրույթների համաձայն”:
4. Խոշտանգումներն արգելող միջազգային փաստաթղթերը
ա/ 1984թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված և ստորագրության, վավերացման ու միանալու համար բաց “Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ” կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 1987թ. հունիսի 26-ին
ՀՈԴՎԱԾ 1
1. Սույն Կոնվենցիայի նպատակների համաձայն` «խոշտանգում» սահմանումը նշանակում է ցանկացած գործողություն, որի միջոցով պետական պաշտոնյա անձը կամ պաշտոնապես հանդես եկող այլ մարդ, կամ նրանց հրահրմամբ և գիտությամբ կամ լռելյայն համաձայնությամբ, որևէ անձի մտածված կերպով հասցնում է ուժեղ ցավ կամ տառապանք` մարմնական կամ մտավոր, նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, իր կամ երրորդ անձի կատարած հանցանքի կամ այն գործած լինելու մեջ կասկածելու համար, ինչպես նաև նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ամեն մի այլ պատճառով: Այս բնորոշման մեջ չեն մտնում այն ցավն ու տառապանքը, որոնք ծագում են սոսկ օրինական սանկցիաների պատճառով, անբաժանելի են այդ սանկցիաներից կամ ծագել են դրանցից` պատահականորեն:
2. Այս հոդվածը չի վնասում միջազգային որևէ պայմանագրի կամ որևէ ազգային օրենսդրության, որոնք բովանդակում են կամ կարող են բովանդակել դրույթներ առավել ընդարձակ կիրառման մասին”:
ՀՈԴՎԱԾ 2
1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է արդյունավետ օրենսդրական, վարչական, դատական կամ այլ միջոցներ` իր իրավասությանը ենթակա ցանկացած տարածքում խոշտանգումների դեպքերը կանխելու համար:
2. Ոչ մի բացառիկ իրադրություն, ինչպիսին էլ այն լինի` պատերազմի առկայություն կամ պատերազմի վտանգ, ներքին քաղաքական անկայունություն կամ ցանկացած այլ արտակարգ իրավիճակ, չի կարող հանդիսանալ խոշտանգումների արդարացում:
3. Վերադաս պետի կամ պետական իշխանության հրամանը չի կարող համարվել խոշտանգումների արդարացում:
ՀՈԴՎԱԾ 4
1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որպեսզի խոշտանգումների բոլոր դեպքերը դիտվեն իբրև հանցագործություններ` իր քրեական օրենսդրության համաձայն: Նույնը վերաբերում է խոշտանգման ենթարկելու փորձին, ինչպես նաև խոշտանգմանը գործակցություն կամ մասնակցություն ունեցած ցանկացած անձի գործողություններին:
2. Յուրաքանչյուր մասնակից պետություն սահմանում է համապատասխան պատիժներ այդօրինակ հանցանքների համար` հաշվի առնելով դրանց բնույթի ծանրությունը:
ՀՈԴՎԱԾ 5
1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել հաստատելու համար նրա իրավասությունը 4-րդ հոդվածում մատնանշված հանցագործությունների նկատմամբ` հետևյալ դեպքերում.
ա) երբ հանցագործությունները կատարվել են նրա իրավասությանը ենթակա ցանկացած տարածքում կամ տվյալ պետությունում գրանցված ծովային կամ օդային նավի վրա,
բ) երբ ենթադրյալ հանցագործը տվյալ պետության քաղաքացին է,
գ) երբ զոհը տվյալ պետության քաղաքացին է, և եթե տվյալ պետությունը նպատակահարմար է գտնում տարածել իր իրավասությունը նրա վրա:
2. Յուրաքանչյուր մասնակից պետություն համանման կերպով ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ կլինեն հաստատելու համար իր իրավասությունն այնպիսի հանցագործությունների դեպքում, երբ ենթադրյալ հանցագործը գտնվում է իր իրավասությանը ենթակա ցանկացած տարածքում, և պետությունը 8-րդ հոդվածի համաձայն, նրան չի վերադարձնում սույն հոդվածի 1-ին կետում նշված պետություններից որևէ մեկին:
3. Սույն կոնվենցիան չի բացառում ներքին օրենսդրությանը համապատասխանող ցանկացած քրեական իրավասության իրականացումը:
ՀՈԴՎԱԾ 6
1. Ցանկացած մասնակից պետություն, որի տարածքում գտնվում է 4-րդ հոդվածում մատնանշված հանցագործություններից որևէ մեկի կատարման մեջ կասկածվող անձը, իր տրամադրության տակ եղած լրատվությունը քննարկելուց հետո, համոզվելով, որ հանգամանքներն այդ են պահանջում, կալանավորում է նրան կամ ձեռնարկում է նրա ներկայությունն ապահովող իրավական այլ միջոցներ: Կալանելը կամ նմանօրինակ միջոցառումները իրականացվում են տվյալ պետության օրենսդրության համապատասխան, սակայն կարող են տևել միայն այնքան ժամանակ, որն անհրաժեշտ է քրեական-դատավարական կամ հանձնման գործողություններ ձեռնարկելու համար:
2. Այդ պետությունն անհապաղ կատարում է փաստերի նախնական հետաքննություն:
3. Սույն հոդվածի 1-ին կետի հիման վրա կալանված ցանկացած անձի ցույց է տրվում աջակցություն` անհապաղ կապ հաստատել այն պետության մոտակա համապատասխան ներկայացուցչի հետ, որի քաղաքացին է համարվում ինքը, կամ, եթե նա քաղաքացիություն չունեցող անձ է` այն պետության ներկայացուցչի հետ, որտեղ նա սովորաբար բնակվում է:
4. Երբ պետությունը, սույն հոդվածի համապատասխան, կալանում է որևէ անձի, ապա անհապաղ տեղեկացնում է 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված պետություններին այդ անձի կալանման և այն հանգամանքների մասին, որոնք հիմք են ծառայել նրան ձերբակալելու համար: Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված` նախնական հետաքննություն անցկացնող պետությունն իր ստացած տվյալների մասին շտապ հայտնում է վերոհիշյալ պետություններին և մատնանշում` մտադիր է արդյոք իրականացնել իր իրավասությունը, թե ոչ:
ՀՈԴՎԱԾ 7
1. Մասնակից պետությունը, որի իրավասությանը ենթակա տարածքում բացահայտվել է 4-րդ հոդվածում նշված հանցագործություններից որևէ մեկի կատարման մեջ կասկածվող անձը, 5-րդ հոդվածում նախատեսված` հանցագործին չվերադարձնելու դեպքերում, տվյալ գործը դատական հետապնդման համար հանձնում է իր իրավասու մարմիններին:
2. Այս մարմինները որոշում են կայացնում այն նույն կարգով, ինչպես լուրջ բնույթի ցանկացած սովորական հանցագործության դեպքում` այդ պետության օրենսդրության համաձայն: 5-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված դեպքերում դատական հետապնդման համար անհրաժեշտ ապացույցներին ներկայացվող պահանջները և դատապարտումը երբեք չպետք է լինեն պակաս խիստ, քան նրանք, որոնք կիրառվում են 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված դեպքերում:
3. Ցանկացած անձի համար, որի նկատմամբ քննություն է կատարվում` կապված 4-րդ հոդվածում մատնանշված հանցագործություններից որևէ մեկի հետ, երաշխավորվում է արդարացի վերաբերմունք` հետաքննության բոլոր աստիճաններում:
բ/ Միջազգային այլ փաստաթղթեր
1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը
Հոդված 5
“Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի”:
1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաները
Չորս կոնվենցիաների համար ընդհանուր 3-րդ հոդվածը
“Ոչ միջազգային բնույթի զինված հակամարտության դեպքում, որը տեղի է ունենում Բարձր պայմանավորվող կողմերից մեկի տարածքում, հակամարտության յուրաքանչյուր Կողմ պետք է պարտավորված լինի կիրառել նվազագույնը հետևյալ դրույթները`
թշնամական գործողություններում ակտիվ մասնակցություն չունեցող անձինք, ներառյալ զինված ուժերի այն անդամները, ովքեր իրենց զենքը վայր են դրել և նրանք, ովքեր հիվանդության, վիրավորվելու, կալանավորման կամ այլ պատճառներով շարքից դուրս են եկել, բոլոր դեպքերում պետք է արժանանան մարդկային վերաբերմունքի, առանց ռասայական, գույնի, կրոնի կամ հավատի, սեռի, ծննդյան կամ հարստության կամ այլ նմանօրինակ չափանիշների հիման վրա անբարենպաստ տարբերակման:
Այդ նպատակով հետևյալ գործողություններն արգելված են և ինչ էլ որ լինի` վերը նշված անձանց նկատմամբ պետք է արգելված մնան ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում`
ա/ բռնարարքներ կյանքի և անձի նկատմամբ, մասնավորապես բոլոր տեսակի սպանությունները, խեղանդամությունը, դաժան վերաբերմունքը և խոշտանգումները,...
գ/ անարգանք անձի արժանապատվության նկատմամբ, մասնավորապես նվաստացնող և ստորացնող վերաբերմունքը,
iii. 1950թ. նոյեմբերի 4-ի Եվրոպական կոնվենցիան մարդու իրավունքների և հիմնարարա ազատությունների պաշտպանության մասին
Հոդված 3
“Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի”:
1966թ. դեկտեմբերի 16-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը
Հոդված 7
“Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Մասնավորապես, առանց սեփական համաձայնության ոչ ոք չի կարող ենթարկվել բժշկական կամ գիտական փորձերի”:
1994թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն Միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածի վերաբերյալ թիվ 20 ընդհանուր մեկնաբանություններում նշել է, որ ուշադրություն է դարձրել, որ որոշ պետություններ համաներում են շնորհել խոշտանգումներ կատարածներին, միաժամանակ նշելով, որ “համաներումներն ընդհանրապես անհամատեղելի են այդօրինակ գործողությունները հետաքննելու` պետությունների պարտականության հետ` իրենց ընդդատության շրջանակում երաշխավորել այդօրինակ գործողություններից զերծ մնալը, ապահովել, որպեսզի ապագայում դրանք չկրկնվեն: Պետությունները չեն կարող անհատին զրկել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից, այդ թվում` հնարավոր փոխհատուցումից և իրավունքների լիարժեք վերականգնումից” /Compilation of General Comments and General Recommendations Adopted by Human Rights Treaty Bodies, U.N. Doc. HRI/GEN/1/Rev.1, p. 30, 1994/:
1969թ. նոյեմբերի 22-ի Ամերիկյան կոնվենցիան մարդու իրավունքների մասին
Հոդված 5
“1. Յուրաքանչյուր ոք ունի իր ֆիզիկական, հոգեկան և բարոյական ամբողջականության նկատմամբ հարգանքի իրավունք:Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի: Ազատությունից զրկված բոլոր մարդկանց պետք է վերաբերվել մարդ արարածի անկապտելի արժանապատվության նկատմամբ հարգանքով”:
1977թ. հունիսի 8-ի կոնվենցիան և թիվ 2 լրացուցիչ արձանագրությունը Ոչ միջազգային զինված հակամարտություններից տուժածների պաշտպանության մասին
Հոդված 4
“...2. Առանց վնաս պատճառելու վերոհիշյալի ընդհանրությանը` 1-ին կետում վկայակոչված անձանց նկատմամբ կատարված հետևյալ գործողությունները, ինչ էլ որ լինի, արգելվում են և պետք է արգելվեն ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում`
ա/ բռնություններ մարդկանց կյանքի, առողջության, ֆիզիկական ու հոգեկան բարեկեցության նկատմամբ, ի մասնավորի` ս պանություն, ինչպես նաև դաժան վերաբերմունք`խ ոշտանգումներ, խեղանդամություն կամ մարմնական պատժի որևէ ձև...”:
1981թ. հունիսի 27-ի Աֆրիկյան խարտիան մարդու և ժողովուրդների իրավունքների մասին
Հոդված 5
“Յուրաքանչյուր անհատ ունի մարդ արարածի անկապտելի արժանապատվության նկատմամբ հարգանքի և իր իրավական կարգավիճակի ճանաչման իրավունք: Մարդու շահագործման և անկման բոլոր ձևերը, հատկապես ստրկությունը, ստրկավաճառությունը, խոշտանգումները, դաժան, անմարդկային կամ նվաստացնող պատիժն ու վերաբերմունքն արգելվում են”:
Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը
Հոդված17 – Ընդունելիության հարցեր
“1. Հաշվի առնելով Նախաբանի 10-րդ կետը և 1-ին հոդվածը` Դատարանը որոշում է, որ հայցն անընդունելի է, երբ`
ա/ գործը քննվում կամ դատական կարգով հետապնդում է իրականացվում այն պետության կողմից, որի ընդդատության տակ է դա գտնվում, եթե պետությունն իրոք չի ցանկանում կամ անկարող է իրականացնել հետաքննություն կամ հետապնդում,
բ/ գործը քննվել է պետության կողմից, որը դրա նկատմամբ ընդդատություն ունի և որոշել է դատական կարգով չհետապնդել խնդրո առարկա անձին, եթե որոշումն իրոք դատական կարգով հետապնդելու` պետության դժկամության կամ անկարողության արդյունքն է,
գ/ շահագրգիռ անձն արդեն իսկ դատապարտվել է գանգատի առարկա վարքագծի համար, իսկ Դատարանի կողմից դատվելը 20-րդ հոդվածի 3-րդ կետով չի թույլատրվում,
դ/ գործը բավարար չափով ծանր չէ, որպեսզի Դատարանի կողմից հետագա գործողություններն արդարացվեն:
2.Կոնկրետ գործով դժկամությունը որոշելու համար Դատարանը` հաշվի առնելով միջազգային իրավունքի կողմից ճանաչված պատշաճ իրավական ընթացակարգի սկզբունքները, պետք է քննարկի, թե արդյոք որպես կիրառելի առկա են ստորև բերվողներից մեկը կամ ավելին `
ա/ վարույթ է հարուցվել կամ հարուցվում է կամ պետական մակարդակով որոշում է ընդունվել շահագրգիռ անձին Դատարանի ընդդատության ներքո գտնվող և 5-րդ հոդվածում վկայակոչված հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից պաշտպանելու նպատակով,
բ/ տեղի է ունեցել դատավարության չարդարացված ձգձգում, որը տվյալ հանգամանքներում անհամատեղելի է շահագրգիռ անձին արդարադատությաան առաջ կանգնեցնելու մտադրության հետ,
գ/ դատավարություններն անկախ կամ անաչառ կերպով չեն անցկացվել կամ անցկացվում, դրանք անցկացվել կամ անցկացվում են այնպես, որ տվյալ հանգամանքներում անհամատեղելի է շահագրգիռ անձին արդարադատության առաջ կանգնեցնելու մտադրության հետ:
3.Կոնկրետ գործով անկարողությունը որոշելու համար Դատարանը պետք է քննարկի` արդյոք իր ազգային դատական համակարգի ամբողջական կամ զգալի փլուզման կամ անմատչելիության պատճառով պետությունն անկարող է ստանալ մեղադրյալին կամ ձեռք բերել անհրաժեշտ ապացույցներն ու վկայությունները կամ անկարող է իրականացնել իր դատավարությունը”:
5. Միջազգային դատարանների որոշումները
2002թ. փետրվարի14-ի վճռով /խոսքը գնում է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունն ընդդեմ Բելգիայի գործի մասին, 2000թ. ապրիլի 11-ի ձերբակալության կարգադրություն/ Արդարադատության միջազգային դատարանը նկատել է, որ Կոնգոն այլևս չի վկայակոչում համընդհանուր ընդդատություն իրականացնելու` Բելգիայի պահանջը և որոշել է քննությունը սահմանափակել անձեռնմխելիության նկատմամբ հարգանքի հարցով, որը Կոնգոյի արտգործնախարարը վայելում էր իր գործառույթներն իրականացնելու ժամանակ: Բելգիացի դատավորի
լիազորությունները և, համապատասխանաբար, համընդհանուր ընդդատության իրականացումը որոշ դատավորներ բարձրացրել են վճռին կցված առանձին կարծիքներում, մասնավորապես, վերը նշված գործում, որը վերաբերում է Բելգիայի կողմից իրականացված հեռակա համընդհանուր ընդդատությանը:
Դատախազն ընդդեմ Անտո Ֆուրունձիայի գործում /1998թ. դեկտեմբերի10-ի վճիռ, թիվ IT-95-17/1-T/ նախկին Հարավսլավիայի գործով միջազգային քրեական դատարանը /ICTY/ որոշել է հետևյալը`
“153. Իր պաշտպանած արժեքների կարևորության պատճառով սույն սկզբունքը /խոշտանգումներն արգելելու սկզբունքը/ դարձել է անառարկելի նորմ կամ ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմեր, այսինքն`նորմ, որն ավելի բարձր աստիճան է գրավում միջազգային հիերարխիայում, քան միջազգային պայմանագրի իրավունքի ու անգամ “սովորական” սովորութային իրավունքի նորմերը: Սույն ավելի բարձր աստիճանի ցայտուն հետևանքն այն է, որ խնդրո առարկա սկզբունքը պետությունները կարող են մասամբ չեղյալ հայտարարել միջազգային դաշնագրերի կամ հատուկ սովորույթների կամ էլ անգամ ընդհանուր սովորութային նորմերի միջոցով, որոնք օժտված չեն նույն նորմատիվային ուժով:
154. Խոշտանգումների արգելքի իմպերատիվ նորմի բնույթը հստակորեն ցույց է տալիս այն, որ արգելքը ներկայումս դարձել է միջազգային հանրության ամենահիմնարար չափանիշներից մեկը: Ավելին, սույն արգելքը նախատեսված է կանխարգելող ուժ դառնալու համար, այն բանով, որ այն ազդակ է հղում միջազգային հանրության անդամներին ու անհատներին, ում նկատմամբ նրանք իշխանություն ունեն, որ խոշտանգումներն արգելելը բացարձակ արժեք է, որից ոչ ոք չպետք է շեղվի:
155. ...Միաժամանակ անիմաստ է վիճել, որ խոշտանգումների արգելքի իմպերատիվ նորմերի արժեքի պատճառով խոշտանգումներ նախատեսող դաշնագրերն ու սովորութային նորմերն ի սկզբանե առոչինչ են, ապա պետության նկատմամբ
անուշադիր լինել, ասենք, պետական միջոցներ ձեռնարկել, որոնք թույլատրում կամ ներում են խոշտանգումները կամ արդարացնում դրանք կատարող հանցագործներին...
156. Բացի այդ, թվում է, թե անհատական մակարդակով, այսինքն` քրեական պատասխանատվության, միջազգային հանրության կողմից խոշտանգումների արգելումն ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերով օժտելու հետևանքներից մեկն այն է, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի հետաքննել, դատական կարգով հետապնդել և պատժել կամ արտահանձնել այն անհատներին, ովքեր մեղադրվում են խոշտանգումների մեջ և ներկա են իր ընդդատության ներքո գտնվող երկրում”:
Նմանօրինակ եզրակացություններ կարելի է գտնել Դատախազն ընդդեմ Դելաչիչի և այլոց գործով վճիռներում /16 November 1998, Case No. IT-96-21-T, § 454) and Prosecutor v. Kunarac (22 February 2001, Case Nos. IT 96-23-T and IT-96-23/1, § 466/:
ԳԱՆԳԱՏՆԵՐԸ
Հենվելով Կոնվենցիայի 7-րդ հոդվածի վրա` դիմողը գանգատվել է, որ իրեն Ֆրանսիայում դատական կարգով հետապնդել ու դատապարտել են 1990 և 1991թթ. Մավրիտանիայում կատարած հանցագործությունների համար, մինչդեռ ինքը չէր կարող կանխատեսած լինել, որ ֆրանսիական օրենքը գերիշխելու է մավրիտանականի նկատմամբ, որ ֆրանսիական օրենքով խոշտանգումները համապատասխան ժամանակ չէին դասակարգվում որպես առանձին հանցագործություն, իսկ նոր Քրեական օրենսգրքի դրույթներն իր նկատմամբ հետադարձ կերպով են կիրառվել:
ՕՐԵՆՔԸ
Դիմողը բողոքում էր, որ իրեն դատական կարգով հետապնդել ու դատապարտել են ֆրանսիական դատարանները: Նա հենվում էր Կոնվենցիայի 7-րդ հոդվածի վրա, որը նախատեսում է`
“1. Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին:
2.Սույն հոդվածը չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ և պատժել որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան, համարվել է քրեական հանցագործություն:”
Ա. Կողմերի փաստարկները
Կառավարությունը
Կառավարությունը որպես իր հիմնական փաստարկ ներկայացրել է, որ ներկա հայցադիմումը Կոնվենցիայի 17-րդ հոդվածի իմաստի շրջանակում իրավունքների չարաշահում է, քանզի դիմողը կատարել է գործողություններ, որոնք հակասում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածին այն իրադարձությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Մավրիտանիայում 1990-1991թթ., այլ կերպ ասած` գործողություններ, որոնք միտված էին Կոնվենցիայում ամրագրված իրավունքների և ազատությունների ոչնչացմանը:
Որպես այլընտրանք, Կառավարությունը կարծում էր, որ հայցադիմումն ակնհայտ կերպով անհիմն է: Այն ամենից առաջ մատնանշում էր, որ դիմողի նկատմամբ կիրառված ֆրանսիական օրենքը մատչելի է և կանխատեսելի: Համապատասխան ժամանակ 1984թ. նոյեմբերի 10-ի Ընդդեմ խոշտանգումների կոնվենցիայում պարունակվող համընդհանուր ընդդատության նորմերը զետեղվել են ֆրանսիական օրենքում, այն է` Քրեական դատավարության օրենսգրքի 689-2 հոդվածում, որը մտցվել էր 1985թ. դեկտեմբերի 30-ի օրենքով: Ավելին, 1984թ. նոյեմբերի 10-ի Ընդդեմ խոշտանգումների կոնվենցիան իրավաբանորեն վավերացվել էր 1985թ. սկզբին` մինչ 1987թ. հունիսի 26-ին ուժի մեջ մտնելը: Բացի այդ, նախկին Քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածով խոշտանգումները պատժելի են եղել որպես ծանրացուցիչ հանգամանքներ: Կառավարության ներկայացրած փաստարկների համաձայն` դիմողը չէր կարող հայտարարել, որ օրենքը մատչելի չի եղել: Կառավարությունը նաև մերժում էր դիմողի փաստարկները, թե քրեական իրավունքն այնպիսի լեզվով է եղել մշակված, որ իր համար հասկանալի չէր` դիմողը ֆրանսերեն լեզվով ընդունելության քննություն հանձնելուց հետո Ֆրանսիայում շատ բարձր մակարդակի զինվորական դասընթացների էր հաճախել: Ինչ վերաբերում է կանխատեսելիությանը, ապա կառավարությունը նկատում էր, որ դիմողին օգնել է իր իսկ ընտրած փաստաբանը, իսկ ֆրանսիական դատարանները կիրառել են ընդդատության այն համակարգը, որը բխում է համընդհանուր կիրարկման միջազգային փաստաթղթից, ուստի և կանխատեսելի է: Կառավարությունը կարծում էր, որ դիմողը չէր կարող լրջորեն հայտարարել, որ իբրև ճամբարի համար պատասխանատու հետախույզ, որտեղ խոշտանգվել էին Սահարայում ծնված տասնյակ մավրիտանացի զինվորներ, ինքն անտեղյակ էր, որ կատարված գործողությունները միջազգային իրավունքով պատժելի են, ինքը չէր կարող ապավինել համաներման մասին մավրիտանական օրենքին`հաշվի առնելով միջազգային իրավունքում նախատեսված` խոշտանգումների ընդհանուր արգելքը:
Կառավարությունը փաստարկում էր, որ “խոշտանգում” հանցագործությունը ֆրանսիական իրավունքում գոյություն էր ունեցել մինչև նոր Քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը` հանցագործությունը կատարելու ժամանակ: Առաջինը, Ընդդեմ խոշտանգումների կոնվենցիան վավերացրած պետությունների համար պարտադիր էր, որպեսզի նրանք իրենց ներպետական իրավունքում հաստատեն իրենց ընդդատությունը խոշտանգումների վրա, անգամ եթե խնդրո առարկա գործողությունները որևէ ուղղակի կապ չունեն այդ պետության հետ: Այդ նպատակով Ֆրանսիան հարմարեցրել է իր օրենսդրությունը և ընդունել Քրեական դատավարության օրենսգրքի 689-1 և 689-2 հոդվածները: Կառավարությունը, մասնավորապես, նշել է, որ դիմողը դատապարտվել էր համապատասխան ժամանակ կիրառելի Քրեական օրենսգրքի 303 և 309 հոդվածներով ու նաև դատապարտվել տասը տարի ազատազրկման, որն այդ ժամանակ խոշտանգումների համար նախատեսված առավելագույն պատժաչափն էր: Կառավարությունը նաև նշել է, որ թեպետ համապատասխան ժամանակ խոշտանգումներն առանձին հանցագործություն չեն եղել, այդուհանդերձ, այն իրավաբանորեն դասակարգվել էր որպես քրեական պատիժ նախատեսող քրեական գործողություն:
Եվ, վերջինը, կառավարությունը նշել է, որ 7-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված բացառությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունված օրենսդրությունը վիճարկելը կանխարգելելն է` նպատակ ունենալով պատժել ռազմական և մարդկության դեմ կատարված հանցագործությունները: Իր փաստարկներում կառավարությունն ասում էր, որ “քաղաքակիրթ պետությունների կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքները” վկայակոչում են համընդհանուր կիրառության մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիաները: Միջազգային իրավունքով խոշտանգումների գործողությունների արգելումը ենթակա չէ որևէ նվազեցման:
Դիմողը
Դիմողը փաստարկել էր, որ Կոնվենցիայի 17-րդ հոդվածին հղում անելն անտեղի է, քանզի ինքը չէր քարոզում որևէ մեկի խոշտանգելու իրավունքը: Նրա հայցադիմումի նպատակը հետևյալն էր` որոշել այն պայմանները, որոնց դեպքում պետությունը կարող է ընդդատություն ստանձնել անձին դատելու համար և փաստերը, որոնք դրան որևէ կերպ չեն վերաբերում, որն էլ բավականաչափ կարևոր հարց էր 17-րդ հոդվածի միջոցով խույս չտալու համար: Նա նշել էր, որ ռեժիմը փոխելու ժամանակ Մավրիտանիան ընդունել էր համաներման մասին օրենք, որը նախատեսված էր երկրի վերականգնումը խթանելու համար, և ինքը հայտարարում էր այդ օրենքի օգուտների մասին:
Ինչ վերաբերում է օրենքի կանխատեսելիությանը, իր գործը Ֆրանսիայում իր տեսակի մեջ առաջինն էր, իսկ ֆրանսիական դատարանների հնարավոր ընդդատությունը Նյու Յորքի կոնվենցիային չէր նշանակում, որ կիրառելի է ֆրանսիական օրենքը: Ավելին, այդօրինակ մոտեցումը օրենքն անկանխատեսելի կդարձներ, եթե բոլոր երկրները կիրառեին իրենց սեփական նորմերը:
Դիմողը հայտարարում էր, որ իրեն դատապարտել են մի իրավախախտման համար, որը համապատասխան ժամանակ որակված չէր որպես առանձին հանցագործություն:
Եվ, վերջինը, նա փաստարկում էր, որ 7-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված բացառությունը չի վերաբերում բարձրացված հարցին, որը համաներման մասին մավրիտանական օրենքի կիրարկումն էր, քանզի համաներման մասին օրենքը հավասար չէ խոշտանգումը չպատժելուն, այլ միտված է ազգային հաշտությանը:
Բ. Դատարանի գնահատականը
Դատարանը սկզբից ևեթ կրկնում է, որ Կոնվենցիայի 17-րդ հոդվածի նպատակը այնքանով, որքանով որ այն վերաբերում է անհատներին, նրանց համար Կոնվենցիայում ամրագրված իրավունքներից և ազատություններից մեկնումեկի ոչնչացման նպատակով որևէ գործունեության կամ գործողություն կատարելուն մասնակցելու համար Կոնվենցիայից իրավունք ստանալն անհնարին դարձնելն է: Քանի որ որևէ մեկը չի կարող օգտվել Կոնվենցիայի դրույթներից, որպեսզի կատարի գործողություններ, որոնք նպատակ ունեն ոչնչացնելու վերոնշյալ իրավունքներն ու ազատությունները, սույն հոդվածը, որը բացասական սահմաններ ունի, չի կարող մեկնաբանվել հակառակը, որպես Կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածներով երաշխավորված անձնական հիմնարար իրավունքներից ֆիզիկական անձին զրկել /տես Lawless v. Ireland, judgment of 1 July 1961, Series A no. 3, § 7, p. 45/: Դատարանի կարծիքով նույնը ճիշտ է Կոնվենցիայի 7-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների դեպքում:
Ներկա գործում դիմողը չէր ապավինում Կոնվենցիային, որպեսզի արդարացնի կամ կատարի գործողություններ, որոնք հակասում են 3-րդ հոդվածին, այլ հայց էր ներկայացրել Դատարան ` բողոքելով այն բանից, որ զրկվել է Կոնվենցիայի 7-րդ հոդվածով տրամադրվող երաշխիքներից: Հետևաբար, Կոնվենցիայի 17-րդ հոդվածի շնորհիվ ինքը չէր կարող դրանց չապավինել:
Դատարանը նաև նշում է, որ դիմողը չի վիճարկել ֆրանսիական դատարանների ընդդատությունը, որը մի հարց է, որ չի գտնվում Կոնվենցիայի 7-րդ հոդվածի սահմաններում, սակայն բողոքել է, որ դատարաններն ավելի շուտ կիրառել են ֆրանսիական, ոչ թե մավրիտանական օրենքը` այնպիսի պայմաններում, որոնք հակասում էին 7-րդ հոդվածի պահանջներին:
Դատարանը նկատում է, որ Աշուրն ընդդեմ Ֆրանսիայի գործում ինքը որոշում է կայացրել, որ “Բարձր պայմանավորվող կողմերը /ազատ են/ որոշելու իրենց սեփական քրեական քաղաքականությունհը, որն սկզբունքորեն հարց չէ, որ ինքը դա մեկնաբանի” և “պետության կողմից քրեական արդարադատության որոշակի համակարգի ընտրությունն սկզբունքորեն դուրս է եվրոպական մակարդակում իր իրականացրած վերահսկողության սահմաններից, պայմանով, որ ընտրված համակարգը չի հակասում Կոնվենցիայում ամրագրված սկզբունքներին” /տես Achour v. France [GC], no. 67335/01, §§ 44 and 51 respectively, ECHR 2006-IV/:
Դատարանը նաև կրկնում է, որ 7-րդ հոդվածում ամրագրված երաշխիքը, որն օրենքի գերակայության կարևոր տարր է, նշանակալից տեղ է գրավում պաշտպանության կոնվենցիաների համակարգում, ինչպես ընդգծված է այն փաստով, որ պատերազմի ժամանակ կամ հանրային այլ արտակարգ իրավիճակներում 15-րդ հոդվածով դրա որևէ պակասեցում չի թույլատրվում: Ինչպես հետևում է դրա առարկայից և նպատակից, այն պետք է մեկնաբանել և կիրառել այնպես, որպեսզի կամայական հետապնդման, դատապարտման և պատժի դեմ արդյունավետ երաշխիքներ տրամադրի /տես Korbely v. Hungary [GC], no. 9174/02, § 69, ECHR 2008-.../:
Ընդհանուր առմամբ Կոնվենցիայի 7-րդ հոդվածը մարմնավորում է այն սկզբունքը, որ միայն օրենքը կարող է սահմանել հանցագործությունն ու տուգանք նշանակել /չկա հանցագործություն, չկա պատիժ առանց օրենքի/ և, ի մասնավորի, արգելում է քրեական իրավունքի հետադարձ կիրառությունն այնտեղ, որտեղ այն ի վնաս մեղադրյալի է /տես Kokkinakis v. Greece, judgment of 25 May 1993, Series A no. 260-A, § 52/: Թեպետ այն, մասնավորապես, արգելում է գոյություն ունեցող հանցանքների շրջանակի ընդլայնումը մինչև գործողություններ, որոնք նախկինում քրեական իրավախախտումներ չէին, այն նաև ամրագրում է այն սկզբունքը, որ քրեական իրավունքը չպետք է լայնորեն մեկնաբանվի ի վնաս մեղադրյալի, զորօրինակ` նմանությամբ:
Սրանից հետևում է, որ իրավախախտումները և համապատասխան տուգանքները պետք է օրենքով հստակ կերպով սահմանվեն: Սույն պահանջը բավարարվում է, երբ անհատը համապատասխան դրույթի ձևակերպումից և, հարկ եղած դեպքում, դրա` դատարանների մեկնաբանության շնորհիվ տեղեկանում է, թե որ գործողություններն ու բացթողումներն իրեն քրեական պատասխանատվության ենթակա կդարձնեն: Երբ խոսում են “իրավունքի” մասին, 7-րդ հոդվածը վկայակոչում է այն նույն գաղափարը, ինչին Կոնվենցիան հղում է անում ուրիշ տեղերում, երբ օգտագործվում է այդ տերմինը, գաղափար, որը ներառում է օրենքով սահմանված, ինչպես նաև նախադեպային իրավունքը և ենթադրում է որակական պահանջներ, ներառյալ մատչելիությունն ու կանխատեսելիությունը /տես, մասնավորապես, Cantoni v. France, 15 November 1996, § 29, Reports of Judgments and Decisions 1996-V; Achour, cited above, §§ 41-42; and Korbely, cited above, § 70/:
Հետևաբար, Դատարանը պետք է ստուգի, թե արդյոք այն ժամանակ, երբ մեղադրյալը կատարել է մի գործողություն, որի հետևանքով նա դատական կարգով հետապնդվել ու դատապարտվել է, ուժի մեջ եղել է իրավական դրույթ, որով այդ գործողությունը պատժելի է եղել, իսկ նշանակված պատիժը չի գերազանցել այդ դրույթով ամրագրված սահմանները /տես Coëme and Others v. Belgium, nos. 32492/96, 32547/96, 32548/96, 33209/96 and 33210/96, § 145, ECHR 2000-VII, and Achour, cited above, § 43/:
Ավելին, Դատարանը կրկնում է, որ 7-րդ հոդվածի 1-ին կետի նպատակների համար, որքան էլ որ քրեական իրավունքի դրույթը հստակ կերպով մշակված լինի, ցանկացած իրավական համակարգում կա իրավաբանական մեկնաբանության անխուսափելի տարր: Մշտապես հարկ կլինի մեկնաբանել կասկածելի կետերն ու հարմարվել փոփոխվող հանգամանքներին: Անշուշտ, Կոնվենցիայի կողմ պետություններում օրինաստեղծ գործունեության միջոցով քրեական իրավունքի մշակումը իրավական ավանդույթների ամրապնդված ու անհրաժեշտ մասն է: Կոնվենցիայի 7-րդ հոդվածը չի կարելի կարդալ որպես գործից գործ իրավաբանական մեկնաբանության միջոցով քրեական պատասխանատվության նորմերի աստիճանական պարզաբանման օրենքից դուրս հայտարարում, պայմանով, որ դրանից բխող զարգացումը համապատասխանում է իրավախախտման էությանը և արդարացիորեն կարելի է կանխատեսել /տես S.W. and C.R. v. the United Kingdom, judgments of 22 November 1995, Series A no. 335-B, §§ 34-36, and Series A no. 335-C, §§ 32-34 respectively; Streletz, Kessler and Krenz v. Germany [GC], nos. 34044/96, 35532/97 and 44801/98, § 50, ECHR 2001-II; Jorgic v. Germany, no. 74613/01, § 101, 12 July 2007; and Korbely, cited above, § 71/: Հարկավոր է ընդունել, որ այդ գաղափարը սկզբունքորեն կիրառվում է օրենքի գերակայությամբ և ժողովրդավարական ռեժիմով պետությունում նախադեպային իրավունքի աստիճանական զարգացման նկատմամբ, գործոններ, որոնք կազմում են Կոնվենցիայի անկյունաքարը, ինչպես նշված է դրա նախաբանում, սակայն ամբողջությամբ վավեր է մնում այնտեղ, ինչպես տվյալ դեպքում, որտեղ ընդունվել է մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր կիրառության ոլորտ ունեցող միջազգային փաստաթուղթ /տես, փոփոխություններով հանդերձ, Streletz, Kessler and Krenz, cited above, § 82/: Հակառակ փաստարկումը կհակասի այն սկզբունքներին, որոնց վրա ստեղծվել է Կոնվենցիայի շնորհիվ գործի դրված պաշտպանության համակարգը /նույն տեղում, § 83/:
Ներկա գործով Դատարանը նշում է, որ որոշ դեպքերում ֆրանսիական դատարաններն օգտվում են համընդհանուր ընդդատությունից, որի սկզբունքն ամրագրված է Քրեական դատավարության օրենսգրքի 689-1 հոդվածում: Նրանք այդպես կարող են հանցագործին դատել իրավախախտման համար` անկախ նրա կամ տուժողի ազգությունից և հանցագործության կատարման վայրից և երկու պայմանով` հանցագործը պետք է լինի Ֆրանսիայի տարածքում և դատվի միջազգային որոշ կոնվենցիաների կիրառմամբ:
Դատարանը նշում է, որ այդ երկու պայմանները ներկա գործով բավարարվել են: Առաջինը` դիմողը, ով մավրիտանական բանակի սպա է և Մավրիտանիայի քաղաքացի, դատական կարգով քրեական հետապնդման է ենթարկվել Ֆրանսիայում և ձերբակալվել Ֆրանսիայում գտնված ժամանակ` 1999թ. և, ի վերջո, հեռակա կարգով դատապարտվել 2005թ.` 1990-1991թթ. Մավրիտանիայում կատարած խոշտանգումների և բարբարոսական գործողությունների համար: Երկրորդը` Դատարանը նշում է, որ համապատասխան ժամանակ 1984թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված “Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ” կոնվենցիան 1987թ. հունիսի 26-ին արդեն ուժի մեջ էր, ներառյալ Ֆրանսիայում, որը նախկինում 1985թ. դեկտեմբերի 30-ի թիվ 85-1407 օրենքով այդ կոնվենցիան զետեղել էր ներպետական իրավունքում` այդ նպատակով Քրեական դատավարության օրենսգրքում ներառելով 689-2 նոր հոդվածը:
Բացի այդ, խոշտանգումներն արգելելը նշանակալից տեղ է գրավում մարդու իրավունքների պաշտպանության մասին միջազգային բոլոր փաստաթղթերում, ինչպիսիք են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը կամ Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան խարտիան, որը հատուկ կիրառություն ունի մայրցամաքում, որտեղից ծնունդով դիմողն է: Կոնվենցիայի 3-րդ հոդվածը նույնպես բացարձակ առումով արգելում է խոշտանգումներն ու անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը: Այնտեղ նախատեսում է ժողովրդավարական հասարակությունների հիմնական արժեքներից մեկը և դրա որևէ պակասեցում թույլատրելի չէ, անգամ ազգի կյանքին վտանգ սպառնացող արտակարգ իրավիճակի դեպքում /տես Aksoy v. Turkey, of 18 December 1996, Reports 1996-VI, § 62; Assenov and Others v. Bulgaria, judgment of 28 October 1998, Reports 1998-VIII, § 93; and Selmouni v. France [GC], no. 25803/94, § 95, ECHR 1999-V/:
Դատարանը կարծում է, որ համընկնելով նախկին Հարավսլավիայի հարցով զինվորական դատարանի նախադեպային իրավունքի հետ, խոշտանգումներն արգելելը ձեռք է բերել անառարկելի նորմի կամ ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմի կարգավիճակ /տես Al-Adsani v. the United Kingdom, 21 November 2001, § 60, Reports 2001-XI/: Թեպետ Դատարանն ընդունել է, որ, այդուհանդերձ, պետությունները կարող են անձեռնմխելիություն պահանջել քաղաքացիական հայցերի առումով այն խոշտանգումների համար, որոնք, ենթադրաբար, տեղի են ունեցել այն երկրից դուրս, որտեղ դատարանն է գտնվում /նույն տեղը, § 66/: Ներկա գործը չի վերաբերում խոշտանգումներից տուժածի քաղաքացիական հայցի առումով պետության անձեռնմխելիությանը, այլ ենթադրյալ խոշտանգումների գործողությունների համար անհատի քրեական պատասխանատվությանը /տես, ընդհակառակը, Al-Adsani, § 61/:
Անշուշտ, Դատարանի կարծիքով խոշտանգումներն արգելելու և համընդհանուր նորմը խախտած անձին դատական կարգով հետապնդելու բացարձակ անհրաժեշտությունը, Ընդդեմ խոշտանգումների կոնվենցիայում նախատեսված համընդհանուր ընդդատության իրականացումը կոնվենցիան ստորագրած պետության կողմից իրենց բուն էությունից զրկված կլինեն, եթե պետությունները կարողանան իրականացնել միայն իրենց ընդդատության իրավազորությունը, այլ ոչ կիրառել իրենց օրենսդրությունը: Որևէ կասկած չկա, որ եթե իր համընդհանուր ընդդատությունն իրականացնող պետության օրենքը կիրառելի չլինի հօգուտ այն որոշումների կամ հատուկ օրենքների, որոնք ընդունվել են այն վայրի պետության կողմից, որտեղ տեղի է ունեցել հանցանքը, ջանք գործադրելու պաշտպանել իր քաղաքացիներին, կամ որտեղ կիրառելի է, այդ հանցանքը կատարած իրավախախտների ուղղակի կամ անուղղակի ազդեցության տակ` նպատակ ունենալով մեղադրանքը հանել նրանց վրայից, դա կարող է ունենալ համընդհանուր ընդդատության իրականացումը կաթվածահար անելու ազդեցություն և տապալել 1984թ. դեկտեմբերի 10-ի կոնվենցիայի նպատակը: Ինչպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը և նախկին Հարավսլավիայի հարցերով ռազմական տրիբունալը, Դատարանը կարծում է, որ ընդհանրապես համաներումն անհամատեղելի է այդպիսի գործողությունները հետաքննելու` պետությունների պարտականության հետ:
Հարկ է ասել, որ ներկա գործով Մավրիտանիայի օրենքը համաներման մասին ընդունվել է ոչ թե այն բանից հետո, երբ դիմողը դատվել ու դատապարտվել էր, այլ կոնկրետ նպատակ ոնենալով կանխել դատական կարգով նրա հետապնդումը: Հարկավոր է ընդունել, որ մի կողմից հակամարտության հնարավորության ծագումը հանցագործներին դատական կարգով հետապնդելու անհրաժեշտության և, մյուս կողմից հասարակության մեջ հաշտեցումը խթանելու` երկրի վճռականության միջև, չի կարող, ընդհանրապես ասած, բացառվել: Ամեն դեպքում Մավրիտանիայում գործի չի դրվել այսպիսի հաշտեցման գործընթաց: Այնուամենայնիվ, ինչպես արդեն Դատարանն է նշել, խոշտանգումներն արգելելը նշանակալից տեղ է գրավում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող միջազգային բոլոր փաստաթղթերում և ամրագրում է ժողովրդավարական հասաակությունների հիմնական արժեքներից մեկը, ուստի հանցագործներին դատական կարգով հետապնդելու պարտականությունը չպետք է սասանվի հանցագործին համաներման մասին օրենքի տեսքով անպատժելիություն շնորհելով, որը կարող է հակասել միջազգային իրավունքին: Ի լրումն դրա, Դատարանը նշում է, որ միջազգային իրավունքը չի բացառում, որ այն անձը, ով համաներումից օգտվել է` դատվելով այլ երկրի կողմից մինչ իր ծագման երկրում դատվելը, ինչպես, օրինակ, երևում է Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 17-րդ հոդվածից, որը սույն իրավիճակը չի դասում գործը որպես անընդունելի մերժելու հիմքերի շրջանակում:
Եվ, վերջապես, Ընդդեմ խոշտանգումների կոնվենցիայի 4-րդ և 7-րդ հոդվածներից, միասին վերցրած, կարելի է արդարացիորեն եզրակացնել /ինչպես դա արել է Նիմի վերաքննիչ դատարանը/, որոնցով պետությունների համար պարտավորություն է նախատեսված` ապահովել, որ խոշտանգումներն իրենց սեփական իրավունքում որակվեն որպես հանցագործություն, և իշխանություններն իրենց որոշումներն ընդունեն այն նույն ձևով, ինչ այդ պետության օրենքով լուրջ բնույթի սովորական իրավախախտման դեպքում, որ ոչ միայն ֆրանսիական դատարաններն ընդդատություն ունեին, այլև ֆրանսիական օրենքն էլ կիրառելի էր: Ավելին, Դատարանը նշում է, որ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ հանձնաժողովը 2006թ. ապրիլի 3-ով թվագրված և Ֆրանսիային վերաբերող իր եզրակացություններում ու հանձնարարականներում հստակ կերպով ողջունել է Նիմ Ասիզի դատարանի վճիռը դիմողին դատապարտելու մասին:
Նկատի ունենալով վերոնշյալը` Դատարանը կարծում է, որ ներկա գործով համաներման մասին մավրիտանական օրենքը ունակ չի եղել ինքնին բացառել ֆրանսիական օրենքի կիրարկումը ֆրանսիական դատարանների կողմից, որոնք գործը քննել են իրենց համընդհանուր ընդդատության շնորհիվ, իսկ ֆրանսիական դատարանների կայացրած վճիռը լավ հիմնավորված է եղել:
Այժմ հարկավոր է քննել դիմողի նկատմամբ կիրառված ֆրանսիական օրենքի ընդունելիությունը և կանխատեսելիությունը:
Այս կետի վերաբերյալ Դատարանը նշում է, որ խրավախախտման կատարման ժամանակ, որում մեղադրվում էր դիմողը, այսինքն` մինչև 1994թ. մարտի 1-ին նոր Քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը, և խոշտանգումները, և բարբարոսական գործողությունները հստակ կերպով վկայակոչվել են Քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածում: Այդ դրույթի ներքո դրանք ծանրացուցիչ հանգամանք էին, որոնց արդյունքում կամ նույն պատիժն է, ինչին ենթարկվում է սպանության համար մեղավոր անձը, որտեղ հանցագործությունն ուղեկցվել է դրանցով կամ հինգից տասը տարի ազատազրկմամբ, որտեղ լուրջ հանցագործությունն ուղեկցվել է դրանցով: 309-րդ հոդվածում հղում է արվել հարձակմանը, որի արդյունքում ավելի քան ութ օրով մարդն աշխատանքի համար ոչ պիտանի է դարձել:
Դատարանը նշում է, որ դիմողը, ի թիվս այլոց, դատապարտվել է համապատասխան ժամանակ կիրառելի Քրեական օրենսգրքի 303-րդ և 309-րդ հոդվածներով: Այդ դրույթները հստակ կերպով վկայակոչվել են որոշման եզրափակիչ դրույթներում: Իր կողմից դիմողը կարծում էր, որ այդ դրույթները չէին կարող հիմք լինել իր դատապարտման համար, քանզի դրանք հավասար չէին առանձին հանցանքների, այլ հանցագործության կամ լուրջ իրավախախտման կատարման ծանրացուցիչ հանգամանքների: Ավելին, Ասիզի դատարանի վճիռը հստակորեն հղում էր անում Քրեական օրենսգրքի 222-1 հոդվածին:
Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ ինչպես ինքն է դիտարկել, խոշտանգումները և բարբարոսական գործողությունները հստակորեն նախատեսված էին համապատասխան ժամանակ կիրառելի Քրեական օրենսգրքում: Այն փաստարկը, որ այդ ժամանակ դրանք առանձին հանցագործություն չէին, այլ ծանրացուցիչ հանգամանքներ, ներկա գործով վճռորոշ չէ` հանցագործություն կամ լուրջ իրավախախտում կատարածը ամեն դեպքում կարող է օրինական կերպով մեղադրվել այդպիսի գործողությունների համար, որոնք հատուկ դրույթի հիման վրա լրացուցիչ տարրեր են կազմել, որոնք էլ տարբերվում են հիմնական իրավախախտումից, որոնց արդյունքում պատիժն ավելի ծանր է, քան հիմնական իրավախախտման համար նախատեսվածը: Ավելին, Դատարանը նշում է, որ 1993թ. մայիսի 14-ի շրջաբերականը, որում մեկնաբանություն կա նոր իրավախախտման վերաբերյալ, հստակորեն նշում է, որ “խոշտանգումներ և բարբարոսական գործողություններ” արտահայտությունը պահպանում է նախադեպային իրավունքում իրեն վերագրված իմաստը` այդօրինակ գործողությունները բնութագրելով որպես ծանրացուցիչ հանգամանքներ: Հետո դա հաստատվեց ներպետական նախադեպային իրավունքում` Վճռաբեկ դատարանն անգամ որոշում է ընդունել, որ խոշտանգումներին ու բարբարոսական գործողություններին վերաբերող նոր օրինախախտումներն ապահովում են նախկին Քրեական օրենսգրքում նախատեսված օրինախախտումների շարունակականությունը: Դատարանը նաև նշում է, որ նոր օրինախախտման և նախկին դրույթների միջև եղած տարբերությունը կարելի է հիմնականում բացատրել այն փաստով, որ նոր դրույթն ավելի լայն կիրառություն ունի, քան Նյու Յորքի կոնվենցիայինը, քանի որ դրանով մտադրություն կա շտկել դատական կարգով հետապնդումներին վերաբերող իրավական դրույթների սողանցքները, սակայն այնպիսի իրավիճակներում, որոնք չեն վերաբերում ներկա գործին:
Բացի այդ, դիմողի վրա դրված տուգանքը չի գերազանցել այն առավելագույնը, որը նախատեսված էր համապատասխան ժամանակ կիրառելի Քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածում:
Ինչ վերաբերում է 1994թ. մարտի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 222-1 հոդվածի դրույթներին, ապա, Դատարանի կարծիքով, դրանք հիմնականում Քրեական օրենսգրքի զարգացում են, որոնք նոր օրինախախտում չեն ներկայացրել, այլ դատավարության անցկացման օրենսդրական դրույթ, որին արդեն իսկ նախկին Քրեական օրենսգրքով հստակ կերպով հղում էին արել և որակել որպես հանցագործություն: Հարկ է մատնանշել, որ դիմողի համար ներկա գործով 222-1 հոդվածով գոյություն ունեցող ամենածանր պատիժը չի սահմանվել, ուստի հետադարձ կիրառության համար որևէ խնդիր չի եղել:
Հաշվի առնելով վերոնշյալը` Դատարանը կարծում է, որ հանցագործությունը կատարելու ժամանակ դիմողի գործողությունները կազմել են օրինախախտումներ, որոնք ֆրանսիական օրենքով և միջազգային իրավունքով սահմանվել են բավարար մատչելիությամբ ու կանխատեսելիությամբ, և դիմողը խոհեմաբար, անհրաժեշտության դեպքում իրազեկված իրավաբանական խորհրդի շնորհիվ, կարող էր կանխատեսել դատական կարգով հետապնդվելու և 1990-1991թթ. իր կատարած խոշտանգումների համար դատապարտվելու վտանգը /տես, ի թիվս այլոց, Achour; cited above, § 54; Jorgic, cited above, § 113; and Korbely, cited above, § 70/:
Համապատասխանաբար, ֆրանսիական դատարանների կողմից դիմողին դատապարտելը չի խախտում Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետը:
Այդ եզրակացության լույսի ներքո Դատարանից չի պահանջվում քննարկել` արդյոք Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետով դատապարտումն արդարացված է /տես Streletz, Kessler and Krenz, cited above, § 108/:
Սրանից հետևում է, որ հայցադիմումն ակնհայտ կերպով անհիմն է և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ ու 4-րդ կետերի համաձայն պետք է մերժվի:
Այդ պատճառով Դատարանը միաձայն
հայցադիմումը հայտարարում է անընդունելի:
Կլաուդիա ՎեստերդեյկՌայթ Մարուստե
Քարտուղար Նախագահ
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում և որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Թարգմանությունը կարելի է ներբեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC-ի նախադեպային իրավունքի () կամ տվյալների այլ շտեմարանից, որի հետ Դատարանը դրանով կիսվել է: Թարգմանությունը կարելի է վերարտադրել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ մեջբերվի գործի ամբողջական վերնագիրը` վերը բերված հեղինակային իրավունքի նշումով և հղում անելով Մարդու իրավունքների տրաստային հիմնադրամին: Եթե մտադրություն կա թարգմանության որևէ մաս օգտագործել առևտրային նպատակներով, դիմել հետևյալ հասցեով` publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy