ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՐՈՇՈՒՄ
Գանգատ թիվ 30374/17
Էլիզա ՍԱՄՎԵԼՅԱՆՆ
ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2026 թվականի ապրիլի 2-ին հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Գեորգիոս Ա. Սերղիդես [Georgios A. Serghides]՝ Նախագահ,
Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici],
Դիանա Սարկու [Diana Sârcu]՝ դատավորներ,
եւ Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն 2017 թվականի մարտի 29-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 30374/17) ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 1973 թվականին ծնված, Գյումրիում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի տիկին Էլիզա Սամվելյանի (դիմումատու) կողմից, որին ներկայացրել է Երեւանում գործող իրավաբան պրն Տ. Եգորյանը,
Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն գանգատի մասով Հայաստանի կառավարությանը (Կառավարություն), որը ներկայացրել է նախկին լիազոր ներկայացուցիչ, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, ծանուցելու մասին որոշումը,
Հայաստանի կողմից ընտրված դատավոր պրն Վահե Գրիգորյանի բացարկը (Դատարանի կանոնակարգի 28-րդ կանոնի 3-րդ կետ),
կողմերի դիտարկումները,
անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետեւյալ որոշումը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը վերաբերում է դիմումատուի որդու մահվանը՝ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում։ Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ համաձայն Կոնվենցիայի 3-րդ ու 13-րդ հոդվածների։
2. 2011 թվականի դեկտեմբերին դիմումատուի որդին՝ Ս. Սամվելյանը, զորակոչվել է Հայաստանի Հանրապետության բանակ: Դրանից հետո նա ծառայության է նշանակվել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի զորամասում (զորամաս)՝ տեղակայված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»։
3. 2012 թվականի հունիսի 1-ին Ս. Սամվելյանը ստորգետնյա ապաստարանում հայտնաբերվել է մահացած` գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
4. Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել ինքնասպանության դրդելու կասկածանքով։
5. Ի վերջո, քննությամբ պարզվել է, որ Ս. Սամվելյանն ինքնասպան է եղել կրտսեր սերժանտի (Ս.Կ.) եւ շարքայինի (Ա.Ա.) կողմից նվաստացման եւ բռնության ենթարկվելու հետեւանքով։ Քննությունը նաեւ եզրակացրել է, որ ավագ լեյտենանտը (Ռ.Կ.), ի թիվս այլնի, պարբերաբար չի կատարել իր պարտականությունները եւ դեպքի վայրում փոփոխություններ է կատարել։ Գործը վերաբերում է զինծառայողների, որոնք մեղադրվել են զինվորական կարգապահության դեմ ուղղված տարբեր հանցագործություններ կատարելու մեջ։
6. 2014 թվականի սեպտեմբերի 30-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ս.Կ.-ին մեղավոր է ճանաչել լիազորությունները չարաշահելու եւ գերազանցելու, մարտական հերթապահության կանոնները խախտելու, ինչպես նաեւ ենթակայի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեջ եւ դատապարտել նրան հինգուկես տարվա ազատազրկման։ Այնուհետեւ այն Ա.Ա.-ին մեղավոր է ճանաչել մարտական հերթապահության կանոնները եւ զինծառայողների միջեւ հարաբերությունները կարգավորող օրենսդրական կանոնները խախտելու մեջ՝ ենթակա չհանդիսացող ծառայողի նկատմամբ հետապնդում եւ բռնություն գործադրելով՝ նրան դատապարտելով չորսուկես տարվա ազատազրկման: Վերջապես, Ռ.Կ.-ն մեղավոր է ճանաչվել մարտական հերթապահության կանոնները խախտելու, իր ծառայողական պարտականությունները չկատարելու եւ լիազորությունները գերազանցելու մեջ։ Նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման եւ ազատվել է պատժի կրումից 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Համաներման մասին» օրենքի կիրառմամբ (ընդունվել է Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության քսաներկուերորդ տարեդարձի կապակցությամբ):
7. 2015 թվականի հուլիսի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել այդ դատավճիռը՝ մերժելով դիմումատուի, մեղադրյալների եւ մեղադրող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքները։
8. 2015 թվականի օգոստոսի 28-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել։
9. 2015 թվականի դեկտեմբերի 28-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։
10. 2015 թվականի դեկտեմբերի 29-ին այդ որոշման երկու օրինակները գրանցված փոստով ուղարկվել են ներպետական դատավարություններում դիմումատուի ներկայացուցչին՝ բողոքում նշված հասցեին։
11. 2015 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը (տե՛ս վերոնշյալ 9-րդ պարբերությունը) հրապարակվել է 2015 թվականի դեկտեմբերի 30-ին հանրությանը հասանելի առցանց դատական տվյալների բազայում՝ Datalex-ում (տե՛ս Ա.Պ.-ն ընդդեմ Հայաստանի [A.P. v. Armenia], թիվ 58737/14, § 44, 2024 թվականի հունիսի 18):
12. 2016 թվականի հունվարի 25-ին 2015 թվականի դեկտեմբերի 29-ին ուղարկված նամակագրությունը (տե՛ս վերեւում 10-րդ պարբերությունը) վերադարձվել է Վճռաբեկ դատարան՝ «ուղարկված» եւ «չպահանջված» մակնշմամբ։
13. Նույն օրը Վճռաբեկ դատարանը նույն նամակագրությունն ուղարկել է դիմումատուի ներկայացուցչի մեկ այլ հասցեով, որը գտնվել էր գործի նյութերում: Այդ նամակագրությունը երբեք չի վերադարձվել Վճռաբեկ դատարան։
14. 2016 թվականի սեպտեմբերի 14-ին դիմումատուն գրավոր դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման պատճենը։ Ի պատասխան՝ նա ստացել է այդ որոշման պատճենը 2016 թվականի սեպտեմբերի 30-ին։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
15. Հիմք ընդունելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ դիմումատուն բողոքել է, որ պետությունը չի կարողացել պաշտպանել իր որդու կյանքը նրա պարտադիր զինվորական ծառայության ընթացքում, եւ որ գործի քննությունն արդյունավետ չի եղել։ Նա նաեւ հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ ու 13-րդ հոդվածների վրա։
16. Կառավարությունը նշել է, որ Հայաստանն իրավազորություն չունի դիմումատուի կողմից 2-րդ հոդվածի նյութական կողմի համաձայն բարձրացված բողոքի նկատմամբ։ Միեւնույն ժամանակ Կառավարությունն ընդունում է, որ առկա է հիմնավոր ապացույց այն մասին, որ Հայաստանն իրավազորություն է ունեցել 2-րդ հոդվածի ընթացակարգային կողմով բարձրացված բողոքի նկատմամբ:
17. Դիմումատուն նշել է, որ իր որդին ծառայել է Հայաստանի իրավազորության ներքո գտնվող տարածքում տեղակայված զորամասում։
18. Դատարանն արդեն քննել է Հայաստանի իրավազորության հարցը Լեռնային Ղարաբաղում զինվորական ծառայության ընթացքում մահացությունների վերաբերյալ այլ գործերով (ներառյալ՝ Կառավարության կողմից բարձրացված նմանատիպ փաստարկները). այն պարզել էր, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակների համար գոյություն ունի իրավազորության կապ Հայաստանի եւ այն անձանց միջեւ, որոնք տվյալ տարածքում զինվորական ծառայության ընթացքում մահացել են մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 10-ը՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտը (տե՛ս մասնավորապես Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Nana Muradyan v. Armenia], թիվ 69517/11, §§ 86-92, 2022 թվականի ապրիլի 5 եւ Հովհաննիսյանը եւ Կարապետյանն ընդդեմ Հայաստանի [Hovhannisyan and Karapetyan v. Armenia], թիվ 67351/13, §§ 57-63, 2023 թվականի հոկտեմբերի 17): Դատարանը սույն գործում չի գտել որեւէ հատուկ հանգամանք, որը կստիպեր նրան հրաժարվել այդ գործերով իր եզրակացություններից։ Հետեւաբար այն համարում է, որ Հայաստանի եւ դիմումատուի հանգուցյալ որդու միջեւ գոյություն ուներ իրավազորության կապ՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակների համար։
19. Կառավարությունն այնուհետեւ նշել է, որ դիմումատուն չի հետեւել վեց ամսվա կանոնին։ Հղում կատարելով այն փաստին, որ Վճռաբեկ դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը (տե՛ս վերոնշյալ 9-րդ պարբերությունը) հրապարակվել էր Datalex-ում 2015 թվականի դեկտեմբերի 30-ին (տե՛ս վերեւում՝ 11-րդ պարբերությունը)՝ Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն, հետեւաբար, հնարավորություն է ունեցել տեղեկանալ որոշման մասին 2016 թվականի սեպտեմբերից շատ ավելի վաղ (տե՛ս վերոնշյալ 14-րդ պարբերությունը): Ավելին, Վճռաբեկ դատարանը չի կարողացել տվյալ որոշումը հանձնել դիմումատուին՝ դիմումատուի ներկայացուցչի կողմից դատարանին իր (այսինքն՝ ներկայացուցչի) հասցեի փոփոխության մասին չտեղեկացնելու պատճառով: Նույնիսկ այդ դեպքում Վճռաբեկ դատարանը փորձել էր որոշումը կրկին հանձնել՝ դրա պատճենը ուղարկելով այլ հասցեով։ Կառավարության պնդման համաձայն՝ այն փաստը, որ 2016 թվականի հունվարի 25-ին ուղարկված նամակագրությունը չի վերադարձվել, ցույց է տալիս, որ այն ստացվել է այդ ամսաթվից մի քանի օր անց (տե՛ս վերոնշյալ 13-րդ պարբերությունը). հետեւաբար վեցամսյա ժամկետը պետք է սկսեր հաշվարկվել այդ պահից։
20. Ի պատասխան՝ դիմումատուն նշել է, որ իրեն պատշաճ կերպով եւ ժամանակին չեն տեղեկացրել Վճռաբեկ դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման մասին (տե՛ս վերոնշյալ 9-րդ պարբերությունը): Նա դրա գրավոր պատճենը չի ստացել մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 30-ը (տե՛ս վերոնշյալ 14-րդ պարբերությունը). նա պնդել է, որ այդ ամսաթիվը, հետեւաբար, պետք է համարվի վեցամսյա ժամկետի հաշվարկման մեկնարկային կետ։ Բացի այդ, 2015 թվականին Datalex-ում դատական որոշման հրապարակումը չի համարվել պատշաճ ծանուցում (այդ ժամանակ իրավական պահանջ է եղել, որ տվյալ կողմին պաշտոնապես հանձնվի Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումը): Որոշակի պահի գիտակցելով, որ Վճռաբեկ դատարանի որոշման ստացումը հետաձգվում է, դիմումատուն դիմել է այդ դատարան եւ ի վերջո, ստացել է տվյալ որոշման պատճենը 2016 թվականի սեպտեմբերի 30-ին։
21. Երբ դիմումատուն իրավունք ունի ex officio ստանալու վերջնական ներպետական որոշման գրավոր պատճենը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի առարկան եւ նպատակը լավագույնս ապահովվում են՝ վեցամսյա ժամկետը հաշվելով գրավոր վճռի հանձնման օրվանից (տե՛ս Ուորմն ընդդեմ Ավստրիայի [Worm v. Austria], 1997 թվականի օգոստոսի 29, § 33, Դատավճիռների եւ որոշումների մասին զեկույցներ 1997 թվական-V): Միեւնույն ժամանակ, դիմումատուների պարտականությունն է պատշաճ ջանասիրությամբ հետեւել ներպետական դատավարություններին (տե՛ս Իպեկն ընդդեմ Թուրքիայի (որոշում) [Ipek v. Turkey] (dec.), թիվ 39706/98, 2000 թվականի նոյեմբերի 7):
22. 2015 թվականի հուլիսի 20-ի իր որոշմամբ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 30-ի վճիռը (տե՛ս վերոնշյալ 6-7-րդ պարբերությունը)։ Դիմումատուն 2015 թվականի օգոստոսի 28-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել այդ որոշման դեմ, եւ Վճռաբեկ դատարանը նրա բողոքի վերաբերյալ որոշում է կայացրել 2015 թվականի դեկտեմբերի 28-ին (տե՛ս վերոնշյալ 8-րդ եւ 9-րդ պարբերությունները): Սույն գանգատը Դատարան է ներկայացվել 2017 թվականի մարտի 29-ին, այսինքն՝ 2015 թվականի դեկտեմբերի 28-ից ավելի քան վեց ամիս անց։ Դիմումատուն պնդում է, որ վեցամսյա ժամկետը պետք է սկսվեր 2016 թվականի սեպտեմբերի 30-ից (այն օրը, երբ իրեն տրամադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման պատճենը՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ի իր հարցման համաձայն, տե՛ս վերոնշյալ 14-րդ եւ 20-րդ պարբերությունները):
23. Դատարանը հաշվի է առնում դիմումատուի այն փաստարկը, որ տվյալ ժամանակահատվածում գործող օրենքի համաձայն նա իրավունք ուներ ստանալու Վճռաբեկ դատարանի որոշման պատճենը, եւ դրա հրապարակումը Datalex-ում չի կարող համարվել այդ որոշման պատշաճ հանձնում (տե՛ս վերոնշյալ 11, 19 եւ 20 պարբերությունները):
24. Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանը չի կարողացել իր որոշումը ուղարկել դիմումատուին՝ նրա ներկայացուցչի կողմից դատարանին հասցեի փոփոխության մասին չտեղեկացնելու պատճառով (տե՛ս վերոնշյալ 10-րդ եւ 12-րդ պարբերությունները):
25. Այնուհետեւ Վճռաբեկ դատարանը իր որոշումը դիմումատուին հանձնելու եւս մեկ փորձ է արել՝ այն ուղարկելով նրա ներկայացուցչի մեկ այլ հասցեով (որը տարբեր է եղել դիմումատուի ներկայացուցչի կողմից բողոքում նշված հասցեից, տե՛ս վերոնշյալ 13-րդ պարբերությունը): Կողմերը համաձայնության չեն եկել այն հարցում, թե արդյոք այդ նամակագրության՝ Վճռաբեկ դատարան չվերադարձնելու փաստը կարող է մեկնաբանվել որպես այն բանի ցուցիչ, որ դիմումատուի ներկայացուցիչը ստացել է այն (տե՛ս վերոնշյալ 19-րդ եւ 20-րդ պարբերությունները):
26. Այնուամենայնիվ, դիմումատուն որեւէ կոնկրետ պատճառ չի նշել, թե ինչու չի կարողացել 2016 թվականի սեպտեմբերից շուտ հարցում կատարել 2015 թվականի օգոստոսին ներկայացված իր բողոքի արդյունքի մասին: Դատարանը նշում է, որ դիմումատուի 2016 թվականի սեպտեմբերի 14-ի հարցմանը բավականին արագ ընթացք է տրվել, եւ նրան տրամադրվել է տվյալ որոշման պատճենը երեք շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում
(տե՛ս վերոնշյալ 14-րդ պարբերությունը):
27. Հաշվի առնելով հանգամանքները՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուի կողմից իր վճռաբեկ բողոքի արդյունքի մասին մեկ տարուց ավելի անհասկանալի պատճառներով հարցում չկատարելը (տե՛ս, որպես օրինակ, Գրիգորյանը եւ Գալստյանն ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] (որոշում) [Grigoryan and Galstyan v. Armenia] [Committee] (dec.), թիվ 27885/06, §§ 72 եւ 73, 2017 թվականի մարտի 28, որտեղ դիմումատուն իր վճռաբեկ բողոքի արդյունքի մասին հարցում էր կատարել այն ներկայացնելուց յոթ ամիս անց) հակասել է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն վեցամսյա կանոնի հիմնական նպատակին (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, Ակիֆ Հասանովն ընդդեմ Ադրբեջանի (որոշում) [Akif Hasanov v. Azerbaijan] (dec.), թիվ 7268/10, § 33, 2019 թվականի սեպտեմբերի 19):
28. Հետեւաբար գանգատը ներկայացվել է վեցամսյա ժամկետից հետո եւ պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ կետերի համաձայն։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Հայտարարում է գանգատն անընդունելի:
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2026 թվականի ապրիլի 30-ին։
Մարտինա Կելլեր`
Գեորգիոս Ա. Սերղիդես`
Բաժանմունքի քարտուղարի տեղակալ
Նախագահ