ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՐՈՇՈՒՄ
Գանգատ թիվ 32251/12
«ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-Ն ընդդեմ Հայաստանի
եւ 2 այլ գանգատներ
(տե՛ս կից աղյուսակը)
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2022 թվականի մարտի 10-ին հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]՝ դատավորներ,
եւ Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով կից ներկայացված աղյուսակում նշված տարբեր ամսաթվերին ներկայացված վերոնշյալ գանգատները,
անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետեւյալը.
ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատու ընկերությունը՝ «Սկիզբ Մեդիա Կենտրոն»-ը, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որի գործունեության իրականացման վայրը Երեւանում է։ Այն ներկայացրել է Երեւանում գործող իրավաբան պրն Ն. Բաղդասարյանը։
Դիմումատու ընկերության՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված՝ ազատ արտահայտվելու իր իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքներն ուղարկվել են Հայաստանի կառավարություն (Կառավարություն), որը ներկայացրել է գանգատի ընդունելիության եւ ըստ էության քննության վերաբերյալ իր դիտարկումները։ Դիտարկումներն ուղարկվել են դիմումատու ընկերությանը, որին հրավիրել են ներկայացնելու իր սեփական դիտարկումները: Քարտուղարի նամակներին որեւէ պատասխան չի ստացվել։
Պատվիրված նամակով ուղարկված` 2021 թվականի հունվարի 11-ով թվագրված գրություններով դիմումատու ընկերությունը ծանուցվել է, որ թիվ 32251/12 եւ թիվ 71470/12 գանգատների առնչությամբ իր դիտարկումները ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրացել է 2017 թվականի մայիսի 29-ին, իսկ թիվ 12890/13 գանգատի առնչությամբ՝ 2017 թվականի հուլիսի 6-ին, եւ որ ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որեւէ միջնորդություն չի ներկայացվել։
Դիմումատու ընկերության ուշադրությունը հրավիրվել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի վրա, որով նախատեսվում է, որ Դատարանը կարող է գանգատը վարույթ չընդունել, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, որ դիմումատուն մտադիր չէ վարույթը շարունակել։ Դիմումատու ընկերության փաստաբանն այդ նամակներն ստացել է 2021 թվականի փետրվարի 17-ին։ Այնուամենայնիվ, որեւէ պատասխան չի ստացվել։
2013 թվականից սկսած դիմումատու ընկերությունը կամ նրա փաստաբանը կապ չի հաստատել Դատարանի հետ։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հաշվի առնելով գանգատների նույնաբովանդակ առարկան՝ Դատարանը նպատակահարմար է գտնում է դրանց քննությունն իրականացնել համատեղ՝ մեկ որոշման շրջանակներում։
Վերոնշյալի լույսի ներքո, ինչպես նաեւ Կոնվենցիայով եւ դրան կից արձանագրություններով երաշխավորված իրավունքների նկատմամբ հարգանքի մասով որեւէ հատուկ հանգամանքի բացակայության առնչությամբ՝ Դատարանը համարում է, որ գանգատի քննությունը շարունակելն այլեւս արդարացված չէ՝ համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետ «ա» ենթակետի։
Հետեւաբար գործը պետք է վարույթ չընդունվի։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Որոշում է միացնել գանգատները.
Որոշում է գանգատները վարույթ չընդունել։
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2022 թվականի մարտի 31-ին։
Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝
Նախագահ
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատների ցանկը
Թիվ
Գանգատ թիվ
Գործի անվանումը
Ներկայացնելու ամսաթիվը
Դիմումատու Բնակության վայրը
Ներկայացվել է
1.
32251/12
«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի
18 մայիսի 2012թ.
«ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ Երեւան
Նիկոլայ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
2.
71470/12
«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի
27 հոկտեմբերի 2012թ.
3.
12890/13
«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի
31 հունվարի 2013թ.